REconstitution (Սահմանադրական փոփոխություններ)

ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, քանի որ իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, քանի որ իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում աշխատող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված և ԱԺ-ի հավանությունը չստացած Գոռ Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իմ գերմանացի գործընկերների հետ պարբերաբար քննարկում եմ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը։ Նրանք անընդհատ հարցնում են, թե ինչ նորություն կա Հայաստանից։ Երեկ գիշեր Բուդապեշտից Դրեզդեն վերադառնալիս գնացքում քննարկում էինք հանրաքվեով ՍԴ դատավորներին պաշտոնից ազատելու թույլատրելիությունը։ Բոլորս համակարծիք էինք, որ դա ուղղակի աբսուրդ է։ Հետո սկսեցինք մտածել, թե աշխատանքից ազատված դատավորներն ինչպես կարող են պաշտպանել իրենց խախտված իրավունքները։ Շատ կարճ քննարկումից հետո հանգեցինք հետևյալ արդյունքին։ Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Քանի որ նրանք աշխատանքից ազատվում են սահմանադրական փոփոխության միջոցով, ուստի ոչ մի սովորական դատարան չի կարող քննել այդ հարցը, քանի որ նրանց իրավասությունը չի հերիքում սահմանադրական նորմերը վերացնելու համար։ Դա կարող է անել միայն Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, քանի որ դատական պաշտպանության որևէ միջոց չկա, որը հնարավոր է սպառել, ՍԴ դատավորները կարող են անմիջականորեն անհատական դիմումով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և Եվրոպական դատարան։ Բայց նրանց ազատվելու պատճառով չի լինի այդ դիմումը քննելու հնարավորություն ունեցող ՍԴ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր այդ քաղաքացիներին ընդհանրապես չի տրամադրի որևէ դատական պաշտպանություն, ինչը ՀՀ Սահմ․ 63-րդ հոդվածի կոպիտ խախտում է։ Ու արդեն զուտ այդ հիմքով Հայաստանի Հանրապետությունը կպարտվի Եվրոպական դատարանում, քանի որ երկրի ներսում սեփական քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը միաժամանակ Եվր․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է։ Հետո ասինք, որ Եվրոպական դատարանի վճիռը, որով հաստատվում է կոնվենցիայի խախտում, Եվր․ Կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան պարտավորեցնում է պետությանը վերացնել խախտումը և հնարավորինս վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), իսկ եթե կոնվենցիայի խախտումը դեռ շարունակվում է, ապա պետությունը պարտավոր է դադարեցնել այն։ Հարց՝ բայց ո՞նց։ Եվր․ դատարանի վճռից բխող պարտականությունները պետք է կատարվեն բոլոր պետական մարմինների կողմից իրենց իրավասությունների ոլորտում։ Եթե, օրինակ, վճռից բխում է, որ Եվր․ դատարանը մի իրավադրույթ հակակոնվենցիոն է համարում, ապա օրենսդիրը պարտավոր է ուղղել այդ կարգավորումը։ Եթե հակակոնվենցիոն է մի վարչական ակտ, ապա վարչական մարմինն ուժը կորցրած է ճանաչում այն՝ կիրառելով վարչական վարույթի մասին ազգային օրենքը. հակակոնվենցիոն վարչական պրակտիկան պետք է փոխվի։ Սկսեցինք մտածել, թե ինչ պիտի լինի, եթե Եվր․ դատարանը հակակոնվենցիոն ճանաչի հանրաքվեով ընդունված նոր կարգավորումը։ Բնականաբար այն պիտի ուղղվի, բայց ո՞նց։ Նորից հանրաքվե պիտի անցկացվի ու նորմը հետ փոխվի՞։ Իսկ ո՞վ կերաշխավորի հանրաքվեի արդյունքները։ Իսկ գուցե ԱԺ-ն ինքը՞ պիտի նորից վերականգնի նախկին կարգավորումը։ էս դեպքում սկզբունքորեն հնարավոր է։ Իսկ եթե խոսքը վերաբերեր միայն հանրաքվեով փոփոխության ենթակա նորմերին, ապա ի՞նչպես պիտի վերականգնվեր մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը․․․ Ու էսպես մոտ 15 իրավաբաններով լրիվ խճճվեցինք էս աբսուրդ վիճակից ու որոշեցինք մի քիչ քնել»:
10:49 - 10 փետրվարի, 2020
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում

Հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով: Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը: Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:  
21:43 - 09 փետրվարի, 2020
Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

news.am:  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։ «Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։ Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։ Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։ Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․ «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։ Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։
17:10 - 06 փետրվարի, 2020
Ինչո՞ւ եք հիմնարար սահմանադրական փոփոխությունները թողած գումար ծախսում  հանրաքվե կազմակերպելու վրա․ Հրանտ Այվազյան

Ինչո՞ւ եք հիմնարար սահմանադրական փոփոխությունները թողած գումար ծախսում հանրաքվե կազմակերպելու վրա․ Հրանտ Այվազյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Քննարկման հիմնական զեկուցողն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը։ Հիմնական զեկուցողին հարց ուղղեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը․ - Պարո՛ն Հովակիմյան, վարչապետի որոշմամբ նախաձեռնվել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժոով ձևավորելու գործընթաց, որը պետք է զբաղվեր համալիր և համակարգային փոփոխություններով, այդ թվում՝ դատական համակարգի բարեփոխումներով և ՍԴ-ի դերի հստակեցմամաբ։ Ինչո՞ւ եք առաջ ընկնում վարչապետի նախաձեռնությունից և ինչո՞ւ եք հիմնարար սահմանադրական փոփոխությունները թողած գումար ծախսում  հանրաքվե կազմակերպելու վրա։ Անձնական խնդիրներ են, թե՞։ - Այսօր արդեն նույնիսկ միջազգային կառույցներն են արձանագում, որ ստեղծված է ճգնաժամ, որը վնասում է ՀՀ-ին, և այդ ճգնաժամը օր առաջ պետք է լուծվի։ Ձեր մատնանշած ՍԴ բարեփոխումները մեծ բարեփոխումներ են լինելու և բավականին ժամանակատար են լինելու։ Եթե մենք այսօր ձեռքներս ծալած նստենք, այն կլինի մեր կողմից անգործություն։ Այսինքն տեսնել, որ ՀՀ-ն հարվածներ է ստանում, վնասներ է կրում և թույլ տալ, որ այդպես մնա, հապաղել, սպասել՝ անթույլատրելի է։ Ես չգիտեմ, թե Դուք ինչպես կվերաբերվեք նման մոտեցմանը, բայց ես մտծում եմ, որ մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի մի քանի, այսպես ասենք, անձիք ուղղակի իրենց ձեռքի տակ եղած միջոցներով անընդհատ վնասներ հասցնեն ՀՀ-ին։ Ժողովրդի իշխանության համար պետք է ծախսվի ժողովրդի փողը։ Ավելի արդյունավետ ծախս, քան հանուն ժողովրդի իշխանության իրացման ծախսն է, չեք կարող մատնանշել։ Այն ամենարդյունավետ ծախսն է։ - Փաստորեն ամեն հոդվածի համար հանրաքվե անե՞նք, ըստ Ձեզ, և դատական համակարգի փորեփոխումները Ձեզ համար ավելի քիչ կարևոր ե՞ն, քան ՍԴ կոնկրետ անդամների հետ անձնական հաշիվները։ Ամեն հոդվածի համար պետք է հանրաքվե իրականցնե՞նք, եթե դա հրատապ է։ - Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դուք ուղղակի անտեսեցիք իմ պատասխանը։ Ես ասում եմ՝ ստեղծված է ճգնաժամ, որը պետք է լուծվի։ Ես նույն հանգստությամբ չեմ վերաբերվում հարցին, դա է մեր տարբերությունը։ Դուք դրան վերաբերվում եք, որպես բանկանոն ընթացք։ Ձեր իրավունքն է։ Բայց մենք կարող ենք չէ՞ Ձեր հանդարտությունը չունենալ ճգնաժամերի վերաբերյալ, և թույլ տալ, որ երկիրը վնասվի, այլ հնարավորինս շուտ հանգուցալուծել այդ ճգնաժամը։ Այն մարդիկ, ովքեր ունեն այդ հնարավորությունը զրկվեն դրանից, քանի որ դրա պատասխանատվությունը կրում ենք, որպես քաղաքական մեծամասնություն։
10:51 - 06 փետրվարի, 2020
Ընդդիմությունը դեմ է քվեարկել Սահմանադրական փոփոխությունների հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկին․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Ընդդիմությունը դեմ է քվեարկել Սահմանադրական փոփոխությունների հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկին․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am:   Մենք դեմ ենք քվեարկել ԱԺ խորհրդի նիստում ներկայացված բոլոր հարցերին: Խորհրդի 5 անդամ դեմ քվեարկեց: Այս մասին ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իշխանությունը հրապարակային ընդունեց, որ գործընթացը քաղաքական է: Հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց Հայաստանի միջազգային պարտավորությունները ստուգելու և առերևույթ հակասահմանադրական նախագիծ է: Ես նկատեցի, որ նախագծի տակ չկան «Իմ քայլ»-ի իրավաբան պատգամավորների ստորագրությունը»,- ասաց Մարուքյանը և հավելեց, որ խորհրդի նիստում իշխանության ներկայացուցիչներին հարցրել են՝ ինչո՞վ է պայմանավորված նման հրատապությունը, իրենց պատասխանել են՝ այդպես են որոշել, քաղաքական որոշում է: Մարուքյանը հավելեց, որ առաջիկայում հանրաքվե է լինելու: «Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է՝ հանրաքվեի միջոցով»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է 37 պատգամավորի ստորագրությանը, Մարուքյանը նշեց, որ ստորագրողների մեջ չկան «Իմ քայլը» դաշինքի իրավաբան մասնագիտությամբ պատգամավորները: «Կամ նպատակային չեն ստորագրել, բայց պետք է քվեարկեն, կամ ինչ-որ միտում կա»,-ասաց նա և նշեց, որ սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է` հանրաքվեի միջոցով: Էդմոն Մարուքյանը նշեց, որ խորհրդի նիստում հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված շտապողականությունը, սակայն «Իմ քայլի» պատգամավորները չեն բացատրել: «Հարցրել ենք, թե հրատապությունը ինչումն է, որևէ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացվել: Մեզ ասացին, որ քաղաքական որոշում է և բովանդակային ոչ մի բան, մոտավորապես`«էդպես ենք որոշել»»,-ասաց նա: Նա հայտնեց, որ հինգ խորհրդի անդամ դեմ է քվեարկել արտահերթ նիստին` «Լուսավոր Հայաստանից» և «Բարգավաճ հայաստանից»: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրել էր խորհրդի նիստ, որտեղ քննարկվել էր պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Հիշեցնենք նաև, որ այսօր ԱԺ 37 պատգամավորներ ներկայացրել են Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխման նախագիծ:
15:52 - 05 փետրվարի, 2020
Նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով. Մարուքյանը՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

Նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով. Մարուքյանը՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ,Հարգարժա՛ն գործընկերներ, Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում երեկ դրված տեղեկատվությունը հանվել է, սակայն նախագծերն արդեն հրապարակված են։ Փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝- Մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր; նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով,- Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին,- Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։ Գտնում ենք, որ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով։ Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության, Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատման հետ կապված փոփոխությունները, կարծում ենք, պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին»:
09:51 - 31 հունվարի, 2020
ԲԴԽ-ն առաջարկում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկել Վիգեն Քոչարյանին

ԲԴԽ-ն առաջարկում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկել Վիգեն Քոչարյանին

Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում աշխատելու համար առաջարկում է խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է. «2020 թվականի հունվարի 29-ին քննարկելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է. ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու է 16 անձ:
14:24 - 29 հունվարի, 2020