Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը. Արցախի ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2016 թվականի ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ: Արցախի ԱԳՆ հայտարարությունը ստորև.    «2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր  հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ արձանագրվեցին հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր:Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:  Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին:Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության և սերունդների հիշողության մեջ»:
10:22 - 02 ապրիլի, 2021
Դավիթ Բաբայանը ցավակցություն է հայտնել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Դավիթ Բաբայանը ցավակցություն է հայտնել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացա Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի վաղաժամ մահվան մասին։   Կյանքից հեռացել է մի անհատականություն, որը 22 տարի շարունակ արժանապատվորեն ներկայացրել է Արցախը և ջանք ու եռանդ չի խնայել աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով ամրապնդելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։   Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։ Կարո Քեբաբջյանը մեր հիշողության մեջ կմնա որպես իմաստուն դիվանագետ, եռանդուն, նախաձեռնող ու վեհանձն անհատ, ով իր կյանքն անմնացորդ նվիրել է հայրենիքին ու հարազատ ժողովրդին։   Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ պարոն Քեբաբջյանի հարազատներին և մերձավորներին։ Թող Աստված լուսավորի նրա հոգին, իսկ ձեզ ուժ ու կորով պարգևի՝ կորստյան ցավը մեղմելու համար».- ասված է Դավիթ Բաբայանի ցավակցական ուղերձում:    
20:47 - 31 մարտի, 2021
Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին. Արցախի ԱԳՆ

Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանել է քաղաքացիական ավտոմեքենաների վրա հարձակումները: Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև. «Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։ 2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։ Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»:
15:08 - 30 մարտի, 2021
1920 թ. Շուշիի հայ բնակչության ջարդերը և 2020 թ. քաղաքի բռնազավթումը հանցագործություն են մարդկության դեմ. ԱՀ ԱԳՆ

1920 թ. Շուշիի հայ բնակչության ջարդերը և 2020 թ. քաղաքի բռնազավթումը հանցագործություն են մարդկության դեմ. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.«101 տարի առաջ այս օրն Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսևորումն էր:Այդ հրեշավոր հանցագործության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը:Այս ողբերգական իրադարձությունն ազդակն էր այն քաղաքականության, որն Արբեջանը պետք է որդեգրեր հետագա տասնամյակների համար: Նման մարդատյաց գործողությունների շարունակությունը դարձավ 1988 թվականից ի վեր հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը, որն ուղեկցվում էր ճնշումներով, էթնիկ զտումներով և կոտորածներով:Այն հանգամանքը, որ Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին։1920 թ. Շուշիի հայ բնակչության ջարդերը և 2020 թ. քաղաքի բռնազավթումը ոչ միայն Արցախի և հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան քաղաքականության դրսևորում են, այլև հանցագործություն մարդկության ու մարդկայնության դեմ, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում:Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի և պատմական արդարության վերականգնման համար»:
09:55 - 22 մարտի, 2021
Արցախի արտգործնախարարը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերումն ադրբեջանական ֆաշիզմի դրսևորում է համարում |armenpress.am|

Արցախի արտգործնախարարը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերումն ադրբեջանական ֆաշիզմի դրսևորում է համարում |armenpress.am|

armenpress.am: Այն ինչ հայկական պատմամշակութային հուշարձանների  նկատմամբ իրականացնում է  Ադրբեջանն Արցախի գրաված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է: Այս մասին նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը: «Ադրբեջանցիները լավ գիտեն մեր պատմությունը և  այդ եկեղեցու ավերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի և պետության ուղերձն առ այն, որ այդպես են վարվելու եթե կարողանան տիրանալ ամբողջ Արցախին: Հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի այդ  գործողությունները՝ ֆաշիստական քաղաքականության շարունակությունն ու մարմնավորումն  են՝ գարշելի ու վտանգավոր ձևերով: Ադրբեջանցիների այդ գործողությունները ոչնչով չեն տարբերվում նրանից, ինչը Մերձավոր Արևելքում իրականացնում են ահաբեկիչները՝ ոչնչացնելով համաշխարհային կոթողները: Տարբերությունը՝ ավելի վատ ու վտանգավոր, այն է միայն, որ եթե Մերձավոր Արևելքում պատմամշակութային համաշխարհային կոթողները ոչնչացնում են ինչ-որ ահաբեկչական խմբավորումներ, ապա ադրբեջանցիների դեպքում, այդ գործողություններն իրականացվում են պետության կողմից: Ալիևը բացեիբաց, առանց ամաչելու և անկաշկանդ պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տալիս՝ օրինակ` հայկական եկեղեցու փորագրությունները ոչնչացնելու վերաբերյալ»,-ասաց Բաբայանը:  Նրա խոսքով՝ այս հանգամանքը արհամարհանք է միջազգային իրավունքի նկատմամբ: «Բնական է,  մենք ամենուր բարձրաձայնելու ենք՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային կոթողների ավերման մասին, որովհետև սա վտանգ է նաև քաղաքակիրթ մարդկության համար: Այդուհանդերձ՝ քաղաքակիրթ հանրությունն ինքն էլ պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև եթե այսօր նրանք ոչնչացնում են Արցախի մշակութային ժառանգությունը, ապա  անպատիժ մնալու և  միջազգային հանրության անտարբերության դեպքում, վաղն իրենց դուռն են թակելու»,-ընդգծեց Արցախի արտգործնախարարը:
18:21 - 18 մարտի, 2021
Գերիներին վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարվելը անպատժելիության և ամենաթողության քաղաքականության վառ օրինակ է․ ԱՀ ԱԳՆ

Գերիներին վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարվելը անպատժելիության և ամենաթողության քաղաքականության վառ օրինակ է․ ԱՀ ԱԳՆ

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, նշում է Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում: «Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում», - շեշտում է Արտգործնախարարությունը: Ըստ ԱՀ ԱԳՆ-ի` անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցնում էին ագրեսիայի ուժեղացմանը և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների ծավալների ընդլայնմանը: «Ադբեջանի իշխանությունների կողմից իրենց հասարակությունում ձևավորվող մարդատյաց մթնոլորտը ստեղծել է մի իրավիճակ, որում ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ծաղրելը, տանջելը և սպանելը Ադրբեջանում ընկալվում են որպես նորմալ և ընդօրինակման արժանի արարք», - նկատում է ԱԳՆ-ն` հավելելով, որ արցախյան պատերազմում անազատության մեջ հայտնված ռազմագերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարումը անպատժելիության և ամենաթողության հարուցած հանցավոր քաղաքականության վառ օրինակ է:Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից և նախապայմաններ ստեղծել տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար:
11:27 - 28 փետրվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:  Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար:  Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում հայ գերիների շուտափույթ հասցեագրումը: Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը:  Հանդիպման շրջանակներում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը: 
12:29 - 26 փետրվարի, 2021
Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է. Արցախի ԱԳՆ

Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:  «Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։ Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել մեր ժողովրդին և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից: Ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրական ացվեցին հայ բնակչության ցեղասպանություն, ջարդեր և զանգվածային տեղահանումներ։ Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավելի քան կես միլիոն հայ դարձավ փախստական։  Արցախի խաղաղ բնակչությունը նույնպես դարձավ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի թիրախ։ Արցախահայությունը, սակայն, միավորվեց և թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը՝ կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին բռնանալու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի իշխանությունների հերթական փորձն էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան, որն ուղեկցվեց բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով և զգալի մարդկային կորուստներով։ Չնայած այդ արհավիրքներին, Արցախը կանգուն է։ Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրսների հիշատակը։ Կեցցե՛ ազատ և անկախ Արցախը»։
12:10 - 20 փետրվարի, 2021
Արցախ մուտք գործելու հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ. ԱՀ ԱԳՆ
 |artsakhpress.am|

Արցախ մուտք գործելու հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ. ԱՀ ԱԳՆ |artsakhpress.am|

artsakhpress.am: Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հրամայականով։ Թեմային առնչվող հարցմանն ի պատասխան՝ ասել է ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։ «Մուտքի ապահովման համակարգը ներդրվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։Ինչ վերաբերում է մուտքի թույլտվության հարցին, ապա ընթացակարգը հստակ է և չի ենթարկվել որևէ փոփոխության։ Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ և ստանում մուտքի արտոնագրերը Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաև փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին: Նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում որևէ երրորդ երկրի», ասել է պաշտոնյան։
20:38 - 16 փետրվարի, 2021
Հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախ մուտք գործելու նորացված ընթացակարգ. Արցախի ԱԳՆ

Հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախ մուտք գործելու նորացված ընթացակարգ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանարպետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել պատերազմից հետո Արցախ մուտք գործելով ընթացակարգի մասին, որում ասվում է․«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ: Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։ Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը ստանում են Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ։ Ինչ վերաբերում է ժամկետներին՝ համապատասխան աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։ Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրերի ընթացքում. իհարկե` երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, որի մասին դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացին կտեղեկացվի։ Մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում։ Վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետություն նշված ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»։
22:50 - 09 փետրվարի, 2021
ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. ԱՀ ԱԳՆ |artsakhpress.am|

ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. ԱՀ ԱԳՆ |artsakhpress.am|

artsakhpress.am: Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու:  Հարցին ի պատասխան, այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ: «Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»։ Լրատվամիջոցներում երեկվանից տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։
13:28 - 04 փետրվարի, 2021
Արցախի ԱԳՆ-ն բոլոր երկրներին և կազմակերպություններին կոչ է անում զգույշ լինել ԼՂ հակամարտության վերաբերյալ արտահայտություններում

Արցախի ԱԳՆ-ն բոլոր երկրներին և կազմակերպություններին կոչ է անում զգույշ լինել ԼՂ հակամարտության վերաբերյալ արտահայտություններում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը:  «Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը  Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների  և որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շնորհավորանքների վերաբերյալ։ Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների. սպանվել և վիրավորվել են հայազգի հազարավոր անմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհայտ կորել են, այժմ գտնվում են գերության մեջ, պատանդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը:Կոչ ենք անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին, ինչպես նաև վիրավորել հազարավոր մարդկանց զգացմունքները:Դիվանագիտական էթիկետը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու և ամրագրելու և միջազգային հակաիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում»:
17:34 - 02 փետրվարի, 2021
Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի օկուպացված տարածքներ տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են. Արցախի ԱԳՆ

Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի օկուպացված տարածքներ տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են. Արցախի ԱԳՆ

Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար: Այն փաստը, որ այդ ուժերը օկուպացված Շուշիում իրենց նախագծերի իրականացման համար ստացել են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, վկայում է Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում և հարևան երկրներում լարվածության օջախներ ստեղծելու, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ, համապարփակ, արդար կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու ծրագրերի մասին։Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման և պահանջում է, որ միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկեն` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը:
16:41 - 01 փետրվարի, 2021
ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 26-ին նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝  Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն  իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։  Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի  դիտավորյալ ավերման մասին։ Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն   ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։ Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։  Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտերի դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։
19:04 - 26 հունվարի, 2021
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության  քաղաքականության» շուրջ  բանաձևերի-տարեկան հաշվետվությունների ընդունման վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով Եվրոպական խորհրդարանի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։«Կիսում ենք Եվրախորհրդարանի գնահատականները՝ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Մասնավորապես՝ հարկ ենք համարում հատուկ ընդգծել Եվրախորհրդարանի տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման,  իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ:Կարևորում ենք բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հանուն հակամարտության կարգավորման գործընթացում առավել որոշիչ դեր խաղալու իր ձգտումների:Կիսում ենք Եվրախորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել: Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման կարելի է հասնել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի հիման վրա»,- ասվում է մեկնաբանության մեջ։
19:15 - 22 հունվարի, 2021