ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր դրեց մանդատը

ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր դրեց մանդատը

ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը  հայտարարություն է տարածել՝ հայտնելով ֆուտբոլային գերատեսչությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին։ «Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն, Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը:»,- գրել է Հակոբյանը:
16:37 - 13 օգոստոսի, 2020
ՀՖՖ-ն կվերանորոգի Աբովյանի Քաղաքային մարզադաշտը

ՀՖՖ-ն կվերանորոգի Աբովյանի Քաղաքային մարզադաշտը

Հուլիսի 17-ին կայացել է Կոտայքի Աբովյան համայնքի ավագանու նիստը: Ավագանու N 44-Ա որոշմամբ Աբովյան համայնքի Քաղաքային մարզադաշտը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը 2 տարվա ընթացքում իրականացնելու է մարզադաշտի հիմնական և ընթացիկ վերանորոգումը: Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները: Վերանորոգումից հետո մարզադաշտը համապատասխանելու է ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ  այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ: Հիշեցնենք, որ Քաղաքային մարզադաշտում իր հանդիպումներն էր անցկացնում ԽՍՀՄ Առաջին խմբում հանդես եկող Աբովյանի «Կոտայքը», իսկ միջազգային վերջին հանդիպումն այս մարզադաշտում կայացել է ավելի քան 11 տարի առաջ՝ 2009 թ. մայիսին, երբ Հայաստանում անցկացվում էր կանանց ազգային հավաքականների միջազգային մրցաշար՝ Հայաստանի, Էստոնիայի և Ղազախստանի հավաքականների մասնակցությամբ:
12:57 - 18 հուլիսի, 2020
Բացահայտվել են ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերության տնօրինության ապօրինությունները

Բացահայտվել են ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերության տնօրինության ապօրինությունները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության տնօրենը Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի վրա, որը գտնվել է ընկերության հանգստի բազայի անմիջական հարևանությամբ, 2018 թվականին ինքնակամ կառուցել է 140 քմ մակերեսով շինություն, ապա հիշյալ շինությունն ու դրան հարակից 10630 քմ մակերեսով հողատարածքը, հանգստի բազային միացնելու, միասնական տարածք դարձնելու և նպատակային օգտագործելու դիտավորությամբ, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության համապատասխան մասնագետին, ապա Մեղրաձորի նախկին համայնքապետին ու Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց  դրդել է կազմակերպել համայնքին պատկանող վերը նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը։ Վերջիններս, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել, և խախտելով  ՀՀ  օրենսդրությամբ սահմանված մի շարք դրույթներ ու ընթացակարգեր, կազմել ու հաստատել են պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կազմակերպել և անցկացրել են ձևական աճուրդ։ Արդյունքում` տվյալ հողատարածքը, այլ կարգավիճակով, ընդամենը 1 միլիոն 730 հազար դրամով օտարել են  ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերությանը, ինչի հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել հավելյալ 6 միլիոն 440 հազար դրամից ավելի գումար և պատճառվել է էական վնաս։ Դեպքի առթիվ  Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
18:22 - 17 հուլիսի, 2020
Ոստիկանությունը բացահայտել է ՀՖՖ-ի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները

Ոստիկանությունը բացահայտել է ՀՖՖ-ի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատցուման պայմանագրեր՝ տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Պարզվել է, որ «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինությունը, նախապես պլանավորելով միայն որոշ ուսումնամարզական հավաքների անցկացումը, առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2013-ից 2018 թվականների ընթացքում կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերության հետ կնքնված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 178 միլիոն  878 հազար դրամ, ինչից հետո մասամբ` թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չմատուցված ծառայությունների վերաբերյալ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են նշված գումարների չափով մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Ապօրինությունների արդյունքում` յուրացման եղանակով հափշտակվել է 120 միլիոն 721 հազար դրամ։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:03 - 16 հուլիսի, 2020
Շուրջ 518 մլն դրամ կhատկացվի Լոռու մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար

Շուրջ 518 մլն դրամ կhատկացվի Լոռու մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար

Լոռու մարզպետարան-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության արդյունքում մարզի 14 համայնքում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտեր կկառուցվեն: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության մարզերում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Նպատակը՝ առողջ ապրելակերպի, մարզական կյանքի ակտիվության խթանումն ու մասսայական-մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Առաջիկայում կմեկնարկեն մարզադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 518 մլն դրամ է: Գումարի 10 տոկոսի չափով ներդրում կկատարեն համայնքները: Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից խաղադաշտերի կառուցման համար ընտրվել են հետևյալ համայնքները. Օձուն, Դսեղ, Ջրաշեն, Սպիտակ, Ստեփանավան, Գյուլագարակ, Լեռնապատ, Տաշիր, Շիրակամուտ, Մեծավան, Ախթալա, Շնող, Գուգարք, Ալավերդի:
14:24 - 14 հուլիսի, 2020
«Շիրակի» ներկայիս սեփականատերը փորձում է իր նեղ անձնական շահը թաքցնել այլ մարդկանց հետևում՝ տվյալ դեպքում դա «Շիրակ» ակումբն է․ ՀՖՖ նախագահ

«Շիրակի» ներկայիս սեփականատերը փորձում է իր նեղ անձնական շահը թաքցնել այլ մարդկանց հետևում՝ տվյալ դեպքում դա «Շիրակ» ակումբն է․ ՀՖՖ նախագահ

Արմեն Մելիքբեկյանի բաց նամակը «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին․«Ավարտին է մոտենում Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը. վերջին տուրից առաջ 2 թիմեր պահպանում են չեմպիոն դառնալու հույսերը: Ամբողջապես հասկանում եմ ձեր զգացումները՝ սիրելի թիմը դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, և տվյալ պահին կարող են էմոցիոնալ գնահատականներ հնչել։ Բայց վստահ եմ՝ էմոցիաները չպետք է գերակշռեն․ մասնագետները մրցավարության վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, որն էլ հրապարակվել է ՀՖՖ-ի կողմից։Մեծ հաշվով ես կարող եմ ընդունել կամ չընդունել ձեր կարծիքները, բայց համաձայնեք նաև, որ մեկ խաղով, կամ մեկ խաղում մրցավարական ճիշտ կամ սխալ որոշումների արդյունքում չի կարող լուծվել առաջնության չեմպիոնի հարցը: Առաջնության ընթացքում արձանագրվել են այլ վիճահարույց դրվագներ, որոնցից տուժել կամ շահել են բոլոր թիմերը, այդ թվում՝ «Շիրակը»: Բացի այդ, պնդում եմ, որ ցանկացած ֆուտբոլային հարց գտնվում է մեր ուշադրության կենտրոնում ու մենք պատրաստ ենք այն քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:Քննարկումների փոխարեն, սակայն, ստանում ենք այլ իրողություն: «Շիրակ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ինձ անգործության, Գյումրիի նկատմամբ իրենց իսկ խոսքով՝ «ջերմ» վերաբերմունքի մեջ:Միանգամից ասեմ՝ բոլոր կետերն աղերս չունեն իրականության հետ, մանիպուլյատիվ են, ամբողջապես կառուցված են փաստերի աղավաղման վրա: Վստահ եմ, որ այս հայտարարությունը ոչ թե «Շիրակ» ակումբի, այլ «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանի պատկերացումներն են ֆուտբոլի մասին, ուր անձնական շահը մշտապես առաջնային է հանրային շահից: Փաստերի մանիպուլյացիան, ինտրիգները, Հայաստանը գյումրեցիների ու երևանցիների, ախալքալաքցիների ու ղարաբաղցիների, սփյուռքահայերի և հայաստանցիների բաժանելն արատավոր պրակտիկա է, և նման փորձերը չեն կարող օգնել ո՛չ «Շիրակին», ո՛չ հայկական ֆուտբոլին, որի անբաժանելի և կարևորագույն մասերից է Գյումրիի թիմը։Ցավալիորեն, «Շիրակի» ներկայիս սեփականատերը փորձում է իր նեղ անձնական շահը թաքցնել այլ մարդկանց հետևում՝ տվյալ դեպքում դա «Շիրակ» ակումբն է՝ իր հզոր երկրպագուներով, մարզչական կոլեկտիվով, ֆուտբոլիստներով, իր հարուստ անցյալով ու վստահ եմ՝ փայլուն ապագայով: «Շիրակը» իրոք ժողովրդական թիմ է և չի կարող համարվել որևէ մեկի սեփականություն, առավել ևս չպետք է դառնա խաղալիք՝ տարատեսակ անձնական հարցեր լուծելու համար:Պատմությունը հիշում է դեպքեր, երբ Արման Սահակյանը «Շիրակն» օգտագործել է անձնական շահերի համար։ Ամենաթարմ դեպքը տեղի ունեցավ ուղիղ 2 տարի առաջ՝ 2018 թվականի մայիսին, ինչի հետևանքով.- «Շիրակը» զրկվեց չեմպիոնությունից- «Շիրակը» զրկվեց եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից- «Շիրակը» հեռացվեց ՀՖՖ -ի կազմից- «Շիրակում» արձանագրվեց ցմահ որակազրկում:Ի՞նչ իրավիճակ է հիմա: 2018 -ի սեպտեմբերից աշխատում եմ ֆուտբոլի ֆեդերացիայում. Մինչև 2019-ի դեկտեմբերի 23-ը՝ որպես գլխավոր քարտուղար, իսկ հետո ընտրվել եմ նախագահ: Ընդ որում, իմ նախագահության 6,5 ամիսներից 4-ն անցել է կորոնովիուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, իսկ առաջին 2 ամիսների ընթացքում Հայաստանի առաջնության հանդիպումներ չեն եղել։ Բայց անգամ այս բարդ պայմաններում փորձել եմ իրագործել այն ծրագրերը, որոնք ներկայացրել եմ ընտրությունների ժամանակ: Կոնկրետ Շիրակի մարզի և «Շիրակ» ակումբի հետ կապված՝ կարող եմ արձանագրել.- «Շիրակի» ֆուտբոլի ակադեմիան առաջինն է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կողմից ստացել է «Ազգային մարզումային ծրագիրը», իսկ «Շիրակի» ՖԱ-ի մոտ մեկ տասնյակ մարզիչներ մի քանի օր մարզչական վերապատրաստում են անցել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ նրանց դասավանդել են անձամբ Խինես Մելենդեսը, ինչպես նաև Անտոնիո Ֆլորեսը և Ռուբեն Լեսկանոն: Այդ ընթացքում գյումրեցի մարզիչների կացության և սննդի ողջ ծախսերն իր վրա է վերցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:- Շիրակի մարզում կառուցվել են արհեստական խոտածածկով 12 փոքր խաղադաշտեր:- Վերջերս ՀՖՖ-ն հաստատել է Գյումրիի 3 բակային խաղադաշտերի վերանորոգման ծրագիրը, և հուսով եմ՝ այդ աշխատանքները կավարտենք այս տարվա աշնանը:- ՀՖՖ-ն այս տարվա սկզբին պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Գյումրիի մարզադաշտի լուսավորության տեղադրման հարցում: Գյումրիի մարզադաշտի լուսավորության խնդիրը համարում եմ անչափ կարևոր․ ՀՖՖ-ն խնդրել է «Շիրակ» ակումբին տրամադրել մարզադաշտի գծագրերը, սակայն մինչ օրս դրանք չենք ստացել։- 2003 թվականից ի վեր Գյումրիում չէր անցկացվել Հայաստանի որևէ տարիքային հավաքականի մասնակցությամբ որևէ հանդիպում: 16 տարի անց մեր ջանքերով հաջողվեց Հայաստանի և Լյուքսեմբուրգի մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումն անցկացնել Գյումրիում: Այդ հանդիպումը, որին ներկա էր 3000 հանդիսական, վերածվեց իսկական տոնի, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է իր նվաճումը: 2020 թվականին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ չեն անցկացվել, իսկ առաջիկա հանդիպումների անցկացման վայրի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ կայացված չէ:- «Շիրակի» բազմաթիվ սաներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, Ռուդիկ Մկրտչյանը մեր երիտասարդականի ավագն է, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու լինելու հիմքով, կախված զորակոչի ժամկետներից, ՀՖՖ-ի կողմից տարկետման են ներկայացվել «Շիրակի» մի շարք սաներ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռաֆիկ Միսակյանը:- Անցյալ տարի ստեղծված ԲԿՄԱ-ի կազմում ընդգրկված են «Շիրակի» սաներ Արման Քիշմիշյանը և Լևոն Դարբինյանը։Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին դիմել «Շիրակ» ակումբի երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, մեր ֆուտբոլային հանրությանը: Արդեն օգոստոսին հայկական թիմերը մեկնարկելու են եվրագավաթների խաղարկություններում, իսկ սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղեր կանցկացնի: Համավարակի պատճառով հայտնվել ենք ծանրագույն իրադրությունում. դեռ պարզ չէ, թե ինչպես են մեր թիմերը մեկնելու արտերկիր, ինչ ճանապարհով են Հայաստան ժամանելու հավաքականի ֆուտբոլիստները, արդյոք մինչ այդ գործելու է ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմը:Հասկանալի է, որ նման իրավիճակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լծված է ամենօրյա, հրատապություն ունեցող խնդիրների լուծմանը, բայց դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք չմոռանալ մեր հիմնական ծրագրերի մասին։ Մենք ունենք բոլոր երաշխիքները, որ մեր նոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ կարող ենք Ազգերի լիգայում հաջող ելույթ ունենալ, այս պահին զբաղվում ենք հավաքական նոր ֆուտբոլիստներ հրավիրելու հարցերով։ Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծման ճանապարհին մեզ փորձում են ներքաշել Արման Սահակյանի կողմից սանձազերծված ինտրիգների, փոխադարձ մեղադրանքների, մեծ հաշվով՝ ինքնաոչնչացման անպտուղ խաղի մեջ:Հանդուրժողականության մթնոլորտը, որը համարել եմ մեր ֆուտբոլի հաղթանակների գլխավոր պայմաններից մեկը, կրկին խախտվում է, քանի որ այդ պայքարի մեջ ակամա փորձում են նաև ձեզ ներգրավել:Կոչ եմ անում հանգիստ քննարկել տեղի ունեցող իրադարձությունները, չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակը աթոռակռիվն է: Ակումբի սեփականատերերը, ֆեդերացիայի նախագահները անցողիկ են. հավերժ են Հայաստանի ազգային հավաքականները և պատմություն, անցյալ ու ապագա ունեցող ակումբները, ինչպիսին է, իմ համոզմամբ, «Շիրակը»»:
17:42 - 09 հուլիսի, 2020
Հայաստանը միանում է UEFA Playmaker ծրագրին

Հայաստանը միանում է UEFA Playmaker ծրագրին

Հունիսի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնական նամակ-հրավեր ստացավ ՈՒԵՖԱ-ից, որի համաձայն Հայաստանը կարող է միանալ ՈՒԵՖԱ-ի Playmaker ծրագրին։ ՈՒԵՖԱ Playmaker ծրագիրը ՈՒԵՖԱ-ի և աշխարհահռչակ Դիսնեյ ընկերության հետ համագործակցությունն է, որի հիմքում ընկած է Դիսնեյի հերոսների շնորհիվ խթանել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածումն ու խթանումը։ Հայաստանը առաջին երկրներից է, որը ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Ամբողջ Հայաստանով մեկ կբացվեն 30 կենտրոններ (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոններ, 10-ը՝ մայրաքաղաք Երևանում), որտեղ աղջիկ երեխաները կկարողանան Դիսնեյի հերոսների պես զբաղվել ֆուտբոլով։ Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրասվեն ՈՒԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով, որից հետո իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։
18:29 - 07 հուլիսի, 2020
Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին: Շահագրգիռ քննարկում ծավալելու ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ. 1.ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում են 10 թիմեր, որոնք խաղում են 4 շրջանով, անցկացնում են 36-ական հանդիպում՝ գումարած ՀՀ VBET Գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում մեկական: Այս պարագայում առաջնությունն անցնելու է խտացված գրաֆիկով, քանի որ աշնանը անցկացվելու են նաև Հայաստանի ազգային հավաքականի 7 կամ 8 հանդիպումներ։ Նման ընտրության դեպքում առաջնության առաջին հատվածը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ շաբաթվա կեսին անցկացվող տուրերի քանակը կլինի բավականին մեծ։ Գրաֆիկի խտությունը կախված է լինելու նաև հայաստանյան թիմերի եվրագավաթային մասնակցությունից։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 7-ը։ 2. 10 թիմեր խաղում են 3 շրջանով՝ անցկացնելով 27-ական հանդիպում, գումարած ՀՀ VBET գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում՝ երկուական։ Երրորդ շրջանի հանդիպումներում դաշտի տերերը կորոշվեն վիճակահանությամբ։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 14-ը։ Անդրադառնալով օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակմանը՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մինչև 2018/19 մրցաշրջանը Հայաստանում երբևէ չի եղել խաղի հայտացուցակում կամ հիմնական կազմում օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակման և ոչ մի նորմ  (բացառությամբ օտարերկրացի դարպասապահների՝ կարճ ժամանակով գործած սահմանափակման)։ Ընթացիկ մրցաշրջանում կիրառվեց որոշակի սահմանափակում, այն է՝ Բարձրագույն խմբում խաղի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 7-ը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Համաձայն ԵԱՏՄ միջպետական պայմանագրի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Հայաստանում ունեն աշխատանքային նույն իրավունքները: Այս իրավիճակը հաշվի առնելով և ելնելով հայկական ֆուտբոլի ընդհանուր շահերից՝ ակումբների նախագահներին առաջարկվել է Բարձրագույն խմբի առաջնությունում ֆուտբոլիստների մասնակցության մի քանի տարբերակներ. 1.Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված  2  ֆուտբոլիստ: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն: 2.Խաղի հայտացուցակում նվազագույնը 10 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն: 3.Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված 3 ֆուտբոլիստ: Այս դրույթը խախտելու դեպքում ակումբը տուգանվում է խաղի հայտացուցակում Հայաստանում մարզված 9-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար 1000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ խաղադաշտում Հայաստանում մարզված միաժամանակ 3-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար՝ 2000 ԱՄՆ դոլարի չափով: Գումարը կուտակվելու է հատուկ հաշվեհամարի վրա և ամբողջապես ուղղորդվելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թիմ կարող է խաղադաշտ դուրս բերել անսահմանափակ թվով արտասահմանցի ֆուտբոլիստների, ինչը, սակայն, կբերի ֆինանսական տույժերի։ ՀՖՖ-ն լիահույս է, որ ակումբները մինչև հուլիսի 6-ը կներկայացնեն ինչպես իրենց տեսակետներն առաջարկվող տարբերակների վերաբերյալ, այնպես էլ իրենց սեփական առաջարկ/տարբերակները: ՀՖՖ-ն պատրաստ է լայն քննարկման առարկա դարձնել վերոնշյալ հարցերը՝ փորձելով գտնել հայաստանյան ակումբային ֆուտբոլում ստեղծված իրավիճակին համարժեք ամենաօպտիմալ լուծումները։
13:52 - 04 հուլիսի, 2020
Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ և 58 անձինք որակազրկվեցին

Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ և 58 անձինք որակազրկվեցին

Հուլիսի 3-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին: ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի սկզբում ՀՖՖ Գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրեց ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը: Հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո:
14:35 - 03 հուլիսի, 2020
ՀՖՖ-ն 5 ակումբի մեղադրում է պայմանավորված խաղերի մասնակցելու համար

ՀՖՖ-ն 5 ակումբի մեղադրում է պայմանավորված խաղերի մասնակցելու համար

Հունիսի 26-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկումը «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ նշելով, մասնավորապես, հետևյալը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի հետ վերջին 1 տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարել՝ ուղղված պայմանավորված խաղերի բացահայտման գործընթացին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ավելի են ակտիվացել: Դրանց ավելի համակարգված բնույթ հաղորդելու համար ս.թ. ապրիլի 29-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ ստեղծվեց Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե): Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած մեր հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց մարզական աշխարհում և, մասնավորապես, ֆուտբոլում քրեական ենթամշակույթի, կոռուպցիան արմատախիլ անելու, ֆուտբոլն ապաքրեականացնելու անհրաժեշտությունը: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել ՀՀ վարչապետի կողմից բարձրացված խնդրի իրականացմանը և մեր կողմից որդեգրված քաղաքականությանը, աշխատելու ենք այնքան մինչև հասնենք պայմանավորված խաղերի իսպառ վերացմանը»: Այնուհետև ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրեց փորձագիտական կոմիտեի աշխատանքների արդյունքները և պատրաստած զեկույցները «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Ներկայացվեցին ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի,  բուքմեյքերական ընկերությունների և  բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ  զբաղվող արտասահմանյան գործակալությունների և այլ գործընկերությունների կողմից տրամադրված փաստերը և տեղեկությունները: Փորձագիտական կոմիտեն հարցազրույցներ է ունեցել տասնյակ անձանց հետ, ովքեր կարող էին ներգրավված լինել  կասկածելի խաղերի կազմակերպման գործընթացում, կամ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ կապակցությամբ: Տեղեկությունները ներկայացվեցին ՀՖՖ գործկոմին, որի անդամները հնարավորություն ստացան ուսումնասիրելու փորձագիտական կոմիտեի զեկույցները և այն փաստերը, որոնց հիման վրա աշխատանք է ծավալել փորձագիտական կոմիտեն: Կայացան քննարկումներ, հնչեցին բազմաթիվ հարցեր և պատասխաններ, որից հետո առկա փաստերի հիման վրա ՀՖՖ գործկոմը կայացրեց 2 միաձայն որոշում. 1.Ներկայացնել միջնորդություն ՀՖՖ կարգապահական կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:   2.ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցնել «Լոկոմոտիվ», «Տորպեդո», և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը՝ ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի ա, ժբ, ժէ կետերի հիմնավորմամբ: Նշենք, որ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ: Եզրափակելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ այս գործողությունները ՀՖՖ կողմից նախաձեռնած կարևոր գործընթացի միայն առաջին փուլն է: ՀՖՖ փորձագիտական կոմիտեի աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, հետազոտվելու են Բարձրագույն և Առաջին խումբը ներկայացնող այլ ակումբներ, որոնց վերաբերյալ հավաքագրվում են նյութեր և փաստեր:    
15:20 - 27 հունիսի, 2020
Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, նախկին քաղաքապետը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված ապօրինի մրցույթի արդյունքների հիման վրա 2010 թվականի հունվարի 26-ին է կայացրել այդ որոշումը: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիակնությունը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
16:46 - 30 մայիսի, 2020
Ոստիկանությունը հայտնում է ՀՖՖ նախկին նախագահի ապօրինությունները բացահայտելու մասին

Ոստիկանությունը հայտնում է ՀՖՖ նախկին նախագահի ապօրինությունները բացահայտելու մասին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․ «Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքի և Հողային օրենսգրքի, ինչպես և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2015 թվականի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։ Ինչից հետո մի շարք ձևական նվիրատվության պայմանագրերի կնքման արդյունքում հիշյալ հողակտորի մի մասը սեփականության իրավունքով գրանցվել է ֆեդերացիայի նախագահի ընտանիքի անդամների անվամբ, իսկ մնացած մասը ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված այլ անձանց անվամբ։Բացի այդ, ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին։ Գործարքից ընդամենը երկու ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին, ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ, ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ 2002-2018 թվականներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ռուբեն Հայրապետյանը։ 
11:37 - 30 մայիսի, 2020