ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը
 |pastinfo.am|

Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը |pastinfo.am|

pastinfo.am: Գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ երեք կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դիմումատուները դեռ չեն ստացել։ Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Մասնավորապես՝ խոսքը գնում է վերջին երկու տարիների ընթացքում դատական իշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այդ մասին Հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել էին դեռեւս հուլիսի 16-ին, սակայն առ այսօր հաղորդում ներկայացրած կուսակցությունները որոշումը չեն ստացել։ Հետեւապես դեռ չեն քննարկել այն բողոքարկելու հարցը։ Ի դեպ, որոշման օրինականությունը պետք է ստուգվի եւ հաստատվի նաեւ դատախազության կողմից։ Մեր հարցմանն ի պատասխան՝  ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով տեղակալ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազը քննիչի որոշումն ստացել է եւ հիմա դրա օրինականության ստուգման փուլում են գտնվում։   Գոռ Աբրահամյանը դժվարացավ ասել, թե ինչու քննիչի որոշումը կողմերը դեռ չեն ստացել, ըստ նրա՝  քննիչի կողմից ներկայացված նյութերի համաձայն, պատշաճ դատավարական ընթացակարգի պահպանմամբ որոշումն ուղարկվել է հաղորդում տված սուբյեկտներին։
20:57 - 25 հուլիսի, 2020
Մեղադրանք է առաջադրվել ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին. ՀՔԾ

Մեղադրանք է առաջադրվել ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին. ՀՔԾ

Բացահայտվել են ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքեր, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): ՀՔԾ-ն հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ա.Գ.-ի կողմից կաշառատուներից անձամբ կաշառքի առարկա հանդիսացող գումարները ստանալու դեպքում հավանական բացահայտման խոչընդոտը վերացնելու նպատակով պայմանավորվել են, որ Ս.Գ.-ն պետք է հավաքագրի քաղաքացիներին, նրանցից վերցնի կաշառքի առարկա հանդիսացող գումարները և փոխանցի Ա.Գ.-ին: Այնուհետև, համաձայն հաղորդագրության, Ս.Գ.-ն Շիրակի մարզում բնակվող իր բազմաթիվ ծանոթներին և մտերիմներին տեղեկացրել է կաշառքի դիմաց իր միջոցով վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, ինչից հետո մի շարք քաղաքացիներ անձամբ կամ միջնորդավորված կերպով փետրվար-մայիս ամիսների ընթացքում դիմել են նրան և կաշառքի դիմաց Ճանապարհային ոստիկանություն ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքից ստացել են վարորդական վկայականներ: Քննչական և դատավարական գործողությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ փետրվար-մայիս ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարբեր համայնքների 8 բնակիչներ պաշտոնատար անձին կաշառք տալու եղանակով վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս.Գ.-ին, ով քաղաքացիներից հավաքագրել է 250 հազարից 300 հազարական դրամ գումարներ, որոնց մի մասը պահել է իրեն, իսկ 170 հազարական դրամները որպես կաշառք փոխանցել է Ա.Գ.-ին: ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ ստացած կաշառքի գումարների դիմաց Ա.Գ.-ն` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, շահադիտական շարժառիթով քաղաքացիներից տեսական քննություններ ընդունելու ժամանակ նրանց հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, պատշաճ չի ստուգել նրանց գործնական վարման հմտությունները, փոխարենը կազմել ու հանձնել է քաղաքացիներից տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին կեղծ արձանագրություններ, որոնցում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները ճշտությամբ պատասխանել են ստուգման թեստի հարցերին և գործնական վարման ժամանակ կատարել են քննության արձանագրություններում նշված գործողությունները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա.Գ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում, վարորդական վկայականներ տրամադրելու համար Ս.Գ.-ի օժանդակությամբ նույն ժամանակահատվածում երեք քաղաքացիներից ստացել է խոշոր չափերով՝ 400 հազար դրամ կաշառք: Հուլիսի 24-ին Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)1 -ին մասով (վեց դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով (վեց դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (վեց դրվագ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա.Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
20:20 - 24 հուլիսի, 2020
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք համայնքին 638.179.090 դրամի գույքային վնաս են պատճառել․ ՀՔԾ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք համայնքին 638.179.090 դրամի գույքային վնաս են պատճառել․ ՀՔԾ

 Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երևան համայնքին 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին։ Ներկայացնում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2020 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով Ն.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ն.Տ.-ն 2015 թվականի հունվարի 14-ին աճուրդների փաթեթներին կցել է Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի երեք հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, որից հետո 2015 թվականի հունվարի 19-ին մի խումբ անձանց հետ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները, որի արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Այսպես, Ն.Տ.-ն և Երևանի քաղաքապետարանի գույքն օտարելու իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձինք, ձևական աճուրդների միջոցով ընդհանուր 26.955 քմ մակերեսով Երևան քաղաքի Ավան, Աճառյան հասցեի հիշյալ հողակտորներն ամեն կերպ Ռուբեն Հայրապետյանի սեփականությունը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ Ն.Տ.-ն միջոցներ չի ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների  ինտերնետային կայքում (www.azdarar.am) Երևան քաղաքի Աճառյան փողոցի հողակտորներն աճուրդով օտարելու վերաբերյալ ծանուցում հրապարակելու ուղղությամբ։ Բացի այդ, Ն.Տ.-ն հրապարակային աճուրդներ կազմակերպելու պատրանք ստեղծելու նպատակով Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց` 2015 թվականի հունվարի 14-ին Երևանի քաղաքապետարան չներկայանալու պայմաններում, հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը կցել է փաթեթներին։ Այնուհետև աճուրդի անցկացման կարգին վերաբերող՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ՝ աճուրդի մասնակիցների բացակայությամբ, Ն.Տ-ն հանձնաժողովի անդամների հետ 2015 թվականի հունվարի 19-ին կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները։ Նշված կեղծ արձանագրությունների հիման վրա Երևանի քաղաքապետի որոշման հիմքով 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով խաթարվել են համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման բնականոն գործընթացները` 808.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169.820.910 ՀՀ դրամով, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 2020 թվականի հուլիսի 23-ին Ն.Տ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:10 - 24 հուլիսի, 2020
Սամվել Մայրապետյանը չի վճարել 35 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տույժեր․ ՀՔԾ

Սամվել Մայրապետյանը չի վճարել 35 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տույժեր․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է. քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ 2004-2014 թվականների ընթացքում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով Ս. Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 23.054.522.502 ՀՀ դրամի հարկեր, որոնց հետևանքով հաշվարկված տույժերը կազմում են 12.622.351.070 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։ Ըստ մեղադրանքի` Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության տնօրենը և ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացող հարկերը, հիշյալ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Բայրոն 3 հասցեի բնակելի շենքի 75 միավոր անշարժ գույքերի` բնակարանների և ավտոկայանատեղիների` 2004 թվականի ընթացքում կնքված առուվաճառքի պայմանագրերում նշել է կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Սամվել Մայրապետյանն այդ կերպ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 777.847.000 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 425.871.233 ՀՀ դրամ։ Բացի այդ, «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերությանը պատկանող Երևան քաղաքի մեկ այլ` Հյուսիսային պողոտա 3 հասցեի բնակելի շենքի 243 միավոր անշարժ գույքերի` 2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշվել են կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ, և այդ կերպ պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.580.479.600 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.150.312.581 ՀՀ դրամ։ Քրեական գործով պարզվել է, որ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով նաև «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության տնօրենը, այդ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի բնակելի շենքի 383 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշել է շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Արդյունքում` Ս. Մայրապետյանը 2009-2014 թվականների ընթացքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.017.431.642 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.937.043.824 ՀՀ դրամ։ Բացի այդ, Սամվել Մայրապետյանը կազմակերպել է փաստացի իրեն պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը, որի հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ: Ինչպես արդեն տեղեկացվել է, Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն: Այսպիսով` հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով Սամվել Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել ընդհանուր առմամբ ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տույժեր: Պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կալանք է դրվել Ս. Մայրապետյանին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույքերի վրա:
18:13 - 17 հուլիսի, 2020
Մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողին կաշառք տալու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողին կաշառք տալու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար: Այսպես, հիշյալ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված է եղել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը` Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինիս օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, այդ թվում` յուրաքանչյուր քվեի համար նրանց որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր: Մասնավորապես, տեղեկանալով, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնելու խնդրանքով, Ա. Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել կայանալիք ընտրություններին և կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին՝ խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է՝ ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը: Ընտրություններին մասնակցելուց հետո վերը նշված անձը ուղեգրի հիման վրա բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից հիշյալ բժշկական կենտրոնին փոխանցվել է 77.200 ՀՀ դրամ:       Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:01 - 15 հուլիսի, 2020
ՀՔԾ-ն Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ է անում

ՀՔԾ-ն Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ է անում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անդադարձել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտարարություններին՝ բարեվարքության կոչ անելով նրան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քնչական ծառայությունից։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր կայացված որոշումը հրապարակվելուց հետո Ալեքսանդր Ազարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։ Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ա. Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության և անձնական վիրավորանքի դաշտ տանող  կրկնվող դրսևորումներ: Այսպես,ս.թ. հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում դրսևորելով դատավորին ոչ հարիր վարքագիծ, Ազարյանը հայտարարել էր. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ»։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձեռնպահ մնաց դատավորի այս ոչ կոռեկտ, ավելին` էթիկայի տարրական կանոններին չհամապատասխանող արտահայտությանն արձագանքելուց` ակնկալելով, որ հիշյալ հարցի հանգուցալուծումը կիրականացվի իրավական գործիքակազմով, և իրավասու մարմնի կողմից կտրվի օբյեկտիվ իրավական գնահատական: Արդյունքում` Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` մեր համոզմամբ բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում, դատավոր Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության, ինչն էլ, թերևս, լրացուցիչ բարենպաստ մթնոլորտ ձևավորեց, որպեսզի հիշյալ սուբյեկտը շարունակի դրսևորել դատավորի բարեվարքության սահմաններից դուրս, ոչ ադեկվատ վարքագիծ: Ի վերջո, անպատժելիությունն Ազարյանին այնքան ոգևորեց, որ այսօր կայացած ԲԴԽ նիստից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում կրկին ձեռնպահ չմնաց գործածել իրեն բնորոշ` դատավորի բարեկրթությունը կասկածի տակ առնող բառամթերք:    Վերոգրյալը հաշվի առնելով` դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության և նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսևորել առավելագույն հավասարակշռվածություն, կոռեկտություն և զսպվածություն, քանի որ, ինչպես մի առիթով նախկինում արդեն նշել ենք, անհավասարակշիռ, անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավորը շատ վտանգավոր է  արդարադատության համար: Այս ամենը հաշվի առնելով` լիահույս ենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից պատշաճ գնահատական կտրվի Ազարյանի հայտարարություններին, քանի որ նրա վարքագիծը հիմք է տալիս եզրակացնելու, որ վերջինիս կողմից դատավորի բարեվարքության կանոնները խախտելը սկսել է պարբերական բնույթ կրել, և այդ կանոնները վերստին սերտելու անհրաժեշտությունն ակնհայտ է»,- ասվում է պարզաբանման մեջ:
18:32 - 09 հուլիսի, 2020
ՀՔԾ-ն անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հայտարարություններին

ՀՔԾ-ն անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հայտարարություններին

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020թ. հունիսի 12-ին իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը, մի շարք հայտարարություններ է արել, որոնք դուրս են որոշման ընդհանուր կոնտեքստից և չեն համապատասխանում դրա բովանդակությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Արթուր Ղազինյանի հաղորդմամբ նշված հանգամանքները պարզելու, քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: «Նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից կատարվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ քննության արդյունքներով վերջնական օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Արդյունքում՝ պարզվել է, որ հանցագործության մասին հաղորդում տված անձ Արթուր Ղազինյանը մի շարք սուբյեկտիվ դատողություններ ներկայացրել է իբրև պաշտոնատար անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններ: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համատեղ վերլուծության և գնահատման արդյունքում ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ՀՀ գործադիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը կամ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն է թաքցրել կամ աղավաղել կամ կատարել պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցավոր արարք, հետևաբար` վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 278-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, և որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանի կողմից նշված այն հանգամանքին, որ ՀՔԾ-ի պատասխանում նշված է, թե ինքը դատողություններ է արել կորոնավիրուսով վարակվելու առաջին գրանցված դեպքից 5-ից ավելի ամիս հետո, ապա անհրաժեշտ ենք համարում փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը կասկածի տակ չի դրել այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված առաջին դեպքը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 2020թ. մարտի 1-ին, ինչի մասին հստակ հիշատակված է քննիչի որոշման մեջ: Որոշման տեքստում միայն մեկ անգամ հանդիպող առաջին հաստատված դեպքից ավելի քան 5 ամիս ձևակերպումը ընդամենը տեխնիկական վրիպակ է: Ավելին, հետագա շահարկումներից խուսափելու համար, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` քննիչի որոշումն ամբողջությամբ կցվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:32 - 03 հուլիսի, 2020
Կապանի դեպքերով քաղաքացուն բռնության ենթարկելու ահազանգի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

Կապանի դեպքերով քաղաքացուն բռնության ենթարկելու ահազանգի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Մայիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձի նկատմամբ բռնություն գործադրելու ահազանգի հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով. «Այսինքն՝ հիմնավորվել է, որ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ»,- նշեց նա: Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից 4 անձի, ինչը զայրացրել էր մարզի բնակիչներին: Ողջ օրվա ընթացքում նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ոստիկանության Կապանի բաժնի դիմաց:  Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
13:09 - 30 հունիսի, 2020
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում: Քրեական գործով պարզվել է, որ Արմեն Ամիրաղյանը 2020թ.-ի մարտի 24-ին որպես փորձագետ մասնակցել է Վանաձոր քաղաքում նույն օրը տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության դեպքի` հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց սպանության փորձի առթիվ նախապատրաստվող նյութերով քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը: Զննության ավարտից հետո դեպքի մասնակից Ա. Պ.-ի հայրը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Ա. Ամիրաղյանի հետ, վերջինիս տեղեկացրել է, որ կատարված հանցագործության ժամանակ կրակվել են նաև իր որդուն պատկանող որսորդական հրազեններից` միաժամանակ խնդրելով դրանց վրա կատարել ներգործություն, որպեսզի բացառվի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների՝ նշված զենքերիցկրակված լինելու հանգամանքի բացահայտումը: Իր մտերիմի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` Ա. Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքով սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն խարտոցով ձևափոխել է հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները՝ այդպիսով կատարելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում, որի հետևանքով նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համար առաջացել են խոչընդոտներ՝ վտանգվել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջի ապահովման հնարավորությունը: Արմեն Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 334-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:43 - 29 հունիսի, 2020
ՀՔԾ-ն բացահայտել է վարորդական վկայական տրամադրելու հետ կապված կաշառք ստանալու առերևույթ դեպքեր

ՀՔԾ-ն բացահայտել է վարորդական վկայական տրամադրելու հետ կապված կաշառք ստանալու առերևույթ դեպքեր

ԱԱԾ-ում հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների և ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքեր: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ-ից, քրեական գործով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում 2020թ.-ի մարտ ամսվա ընթացքում վարորդական վկայականներ է տրամադրել 2 անձի, որի դիմաց միջնորդավորված ձևով ստացել է տարբեր չափերի կաշառք, այդ թվում` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գեղարքունիքի մարզի երկու անձնագրային բաժանմունքների պետերից: Մասնավորապես, Սևանի անձնագրային բաժանմունքի պետի միջնորդությամբ ստացած 150 հազար ՀՀ դրամ կաշառքի դիմաց, սահմանված կարգի խախտմամբ, Էդվարդ Շիրոյանը նրա ներկայացրած անձի գործնական քննությունը գնահատել է դրական, և վերջինս ստացել է վարորդական վկայական: Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ քաղաքացի` Մեսրոպ Վարդանյանը, կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար դիմել է իր ազգականին` Գավառի ավտոդպրոցի վարպետ Հաղթանակ Յավրյանին, ով այդ նպատակով Մ. Վարդանյանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ: Այնուհետև Հ. Յավրյանն ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 200.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանին վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ: Էդվարդ Շիրոյանը ստացած խոշոր չափի կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է տեսական քննություն ընդունելու մասին կեղծ արձանագրություն և Մ. Վարդանյանի քննությունը գնահատել դրական: Վերը նշված հանցավոր արարքների համար Էդվարդ Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Մեսրոպ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղթանակ Յավրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Էդվարդ Շիրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Մեսրոպ Վարդանյանի և Հաղթանակ Յավրյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործից հիշյալ մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ բացի վերը թվարկված դեպքերից, ՀՀ ոստիկանության ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով, վարորդական վկայականներ ստանալու համար դիմած անձանց օգտին գործողություն կատարելու՝ գործնական քննությունները դրական գնահատելու համար 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում ստացել են կաշառք և առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները ստուգելու տրամադրել են վարորդական վկայականներ:  Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:10 - 26 հունիսի, 2020
Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործը ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Տեղեկությունը հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ մեղադրանքի՝ բացահայտվել են Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն դրամը: Միևնույն ժամանակ, պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:  Շարունակությունը՝ factor.am-ում։
15:53 - 26 հունիսի, 2020
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն դատական խորհրդում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական պատասխանատվության հարցի քննարկման ժամանակ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դատարան հրավիրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Ըստ Աթանեսյանի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության լուծման համար դա խիստ էական նշանակություն ունի. «Ցանկանում ենք դատարանում հարցաքննել մեր դեմ վկայող անձին, ճշտել նրա բացասական դիրքորոշման պատճառները, ինքնաբացարկ ներկայացնելու ցուցում քննիչներին տալ-չտալու հանգամանքները եւ դրա նպատակը»,- ասաց նա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացասական դիրքորոշում հայտնեց միջնորդության վերաբերյալ: ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը: Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը քննելով՝ Ազարյանը Թավադյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ այդ բողոքի քննության ժամանակ նա որոշակի արտահայտություններ է արել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: Վերջինս, դրանք գնահատելով վիրավորական, հաղորդում էր ներկայացրել Արդարադատության նախարարությանը, որն էլ դրա հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցել եւ միջնորդությամբ դիմել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխաանտվության ենթարկելու: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:56 - 25 հունիսի, 2020
Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին |armenpress.am|

Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհուրդը Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 9-ին ժամը՝ 14։10-ին։ Նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ է դիմել Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։ Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր հերթին ասել է, որ փորձ է արվում ճնշում գործադրել դատավորի նկատմամբ։  
16:35 - 25 հունիսի, 2020
ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի և ոստիկանության ևս երեք պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի և ոստիկանության ևս երեք պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը և նույն ստորաբաժանման քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հանցավոր համաձայնության են եկել հափշտակություններ կատարելու համար դատապարտված և պատժի կրումից ազատված Էդգար Գևորգյանի հետ: Մասնավորապես, հիշյալ բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու և պարգևատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գևորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ՝ խոստանալով համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց և այդ հիմքով Է. Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության` գողոնը թողնելով նրա տնօրինման ներքո: Արդյունքում, վերը նշված պաշտոնյաների հովանավորության ներքո, Էդգար Գևորգյանը 2019-2020 թվականների ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն և գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում: 2020թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին: Վերջինս, սակայն, պարտավոր լինելով այդ դեպքերի բացահայտման համար օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերի կազմմամբ արհեստական հիմքեր է ստեղծել Էդգար Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին և Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հակոբ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:16 - 25 հունիսի, 2020
Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան |armtimes.com|

Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանության նախկին երկու պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության: Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Հունիսի 19-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նշված չորս անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով): Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար: ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար: Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար: ՀՔԾ հաղորդագրությունն առավել մանրամասն՝ այստեղ:
13:25 - 25 հունիսի, 2020