Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ավելի քան 21400 ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները |armenpress.am|

Ավելի քան 21400 ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 21 հազար 400-ից ավելի ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները:  Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝պատասխանելով լրագրողների՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական ընկերություններին տրամադրվող վարկերի պահանջների մասին հարցին։ «Որքան էլ մտածենք, որ բանկային համակարգը բարձր պահանջներ է ներկայացնում, 21 446 թիվը նշանակում է, որ մենք բավականաչափ մեծ թվով վարկունակ տնտեսավարողներ ունենք: Եթե համեմատենք, ապա կարող ենք ասել, որ մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել առաջին միջոցառմամբ ֆինանսավորման կեսից ավելին, մյուս կողմից՝ ոլորտային սահմանափակում չենք դրել: Առաջին միջոցառման նպատակն այն է, որ առանց ոլորտային սահմանափակման այն բոլոր ընկերությունները, որոնք ունեն բարձր վարկունակություն, բանկային համակարգի հետ ունեն փոխադարձ բարձր վստահություն, կարողանան օգտվել կառավարության աջակցությունից: Առաջին միջոցառման բովանդակությունը որոշակիորեն փոխվել է, խրախուսում ենք այն ընկերություններին, որոնք նաև ներդրումներ են կատարում կանոնադրական կապիտալում: Գյուղատնտեսության ոլորտում վարկի սուբսիդավորման համար տոկոսադրույքի շեմին, 2-րդ և 24-րդ միջոցառումներից օգտվողները մեծ թվով են՝ 21400-ը գերազանցող»,- նշեց Խաչատրյանը:
16:05 - 14 օգոստոսի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության շուրջ 5 % անկում է կանխատեսում 2020 թվականի համար |hetq.am|

Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության շուրջ 5 % անկում է կանխատեսում 2020 թվականի համար |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ 2020 թվականին Հայաստանի տնտեսական անկումը կկազմի շուրջ 5 %։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, սպասվում է, որ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում տնտեսությունն ավելի դրական միտումներ ու ցուցանիշներ կգրանցի, քան գրանցել է երկրորդ եռամսյակում։ Հայաստանում սովորաբար համախառն ներքին արդյունքի մոտ 40 %-ն արտադրվում է առաջին կիսամյակում, 60 %-ը՝ երկրորդ կիսամյակում։ Այս հանգամանքը և տնտեսական ակտիվության անկման տեմպերի սպասվող թուլացումը հաշվի առնելով՝ նախարարությունը կանխատեսում է, որ Հայաստանը տարին կամփոփի համախառն ներքին արդյունքի շուրջ 5 % նվազմամբ։ «Սա նման է համաշխարհային տնտեսության ընդհանուր միտումներին։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները համաշխարհային տնտեսության մինչև 6 % անկում են կանխատեսում։ Նաև կանխատեսում են, որ 2021 թվականը լինելու է տնտեսության վերականգնման տարի»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4.7 %-ով։ Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23.4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11.1 %, ծառայությունների ոլոտում՝ 6.4 %։ Առաջին կիսամյակի կտրվածքով արդյունաբերության ոլորտի աճը 1.5 % է, գյուղատնտեսության աճը՝ 1.7 %:  Կենտրոնական բանկն էլ (ՀՀ ԿԲ) այս տարվա համար կանխատեսել է 4 % տնտեսական անկում։
15:35 - 14 օգոստոսի, 2020
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջությանն առնչվող հակաճգնաժամային միջոցառման մանրամասները |armenpress.am|

Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջությանն առնչվող հակաճգնաժամային միջոցառման մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելուն ուղղված 23-րդ միջոցառուման շահառուները, որոնք չնայած եկամուտների էական կրճատմանը՝ շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է նոր որոշում՝ 23-րդ  տնտեսական միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների 3 բնագավառում աջակցության հարցերին: Տվյալ միջոցառումը վերաբերում է զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի ու առողջարանային ծրագրերի ու զբոսաշրջության գործակալությունների ոլորտներում գործող ընկերությունների աջակցությանը: Մենք մի շարք քննարկումներ ենք ունեցել ոլորտը ներկայացնող տարբեր միությունների, ինչպես նաև անմիջապես ընկերությունների ներկայացուցիչներ հետ: Եկել ենք այն եզրակացության, որ նշված կազմակերպություններն իրենց առջև ծառացած խնդիրներից մեկը համարում են անձնակազմի ու աշխատատեղերի պահպանումը, որովհետև տարբեր ոլորտներում վերջին երկու ամիսներին, նախորդ տարիների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը չի գերազանցում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի 50 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը: Հաշվի առնելով, որ աջակցությունն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը, ապա,  ինչպես ընդգծեց նախարարը, աջակցության հիմքում առաջինը սահմանել են առնվազն երեք աշխատող ունենալու կանոնը: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ունեն 2, սակայն սովորաբար ունեցել են 3 և ավելի աշխատակից, եթե առաջիկա ամիսներին ունենան 3 աշխատող, ապա կկարողանան դառնալ աջակցության շահառու: Աջակցությունը կկիրառվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ստեղծվել են մինչև 2020թ. մարտի 31-ը: «Մի քանի կանոններ կան աջակցության հիմքում. մենք խրախուսում կամ խթանում ենք այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, չնայած եկամուտների էական կրճատմանը, շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, նրանք կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով: Այն կազմակերպությունները, որոնց չի հաջողվել պահպանել ավելի քան 70 տոկոսը, կստանան յուրաքանչյուր 4-րդ աշխատակցի կամ աշխատավարձի ֆոնդի 25 տոկոսի չափով աջակցություն»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը: Այն ընկերությունները, որոնք չեն պահպանել աշխատողների 50 տոկոսից ավելին, չեն կարողանա օգտվել աջակցությունից: Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ տվյալ միջոցառումն ունի առանձնահատկություն՝ աջակցությունը կշարունակվի հաջորդ 9 ամսվա համար: Տնտեսավարողները հատուկ դիմում չեն ներկայացնելու, այլ աջակցման հիմք կհանդիսանա տնտեսավարողի կողմից իր գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած հայտարարագիրը: Աջակցության այլ ծրագրերից օգտվելը չի խանգարի կազմակերպություններին՝ օգտվել 23-րդ միջոցառումից, այսինքն՝ եթե կազմակերպությունը երրորդ միջոցառման շրջանակում ստացել է վարկային աջակցություն, դա չի նշանակի, որ նրա աշխատակիցների չափով աշխատավարձի ֆոնդի սուբսիդավորում չի լինելու:
14:01 - 14 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արցախի նախագահն իր խոսքում նշել է, որ փոխգործակցության հիմքում ունենալով ԱՀ և ՀՀ տնտեսությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ առաջիկա տարիների տեսլականում շատ կարևոր է ուշադրությունը սևեռել պարենային ապահովության և անվտանգության խնդիրներին: Երկրի ղեկավարը շեշտադրել է, որ համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հետևանքները և տարածաշրջանային մարտահրավերներն այդ իմաստով այլընտրանք չեն թողնում՝ հատկապես, որ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում առկա է գյուղատնտեսական չիրացված մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Խաչատրյանը նշել է, որ լիովին գիտակցում է ձևակերպված խնդիրների կարևորությունը և ժամանակի սղությունը: Նա ընդգծել է, որ Արցախի գործընկերների հետ քննարկում են այն հիմնական ուղիները, որոնք հնարավորություն են տալու արդյունավետ կերպով ապահովել նախանշած արդյունքները: Նախարարի խոսքով՝ այդ համատեքստում դիտարկվում են առկա ռեսուրսները և համեմատական առավելություններ ընձեռնող գործոնները, որպեսզի հնարավոր լինի ապահովել առավելագույն արդյունավետություն: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու կառավարությունների կողմից տնտեսվարող սուբյեկտների աջակցման նպատակով կիրառվող գործիքակազմերի ներդաշնակեցմանը և տնտեսական առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:
12:29 - 25 հուլիսի, 2020
Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր

Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում հուլիսի 24-ին տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններին, պետական օժանդակության ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին, երկու գերատեսչությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հեռանկարներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերին վերաբերող հարցեր։   Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, գույքագրել երկու կողմերում առկա օժանդակության գործիքակազմը և միասնական քայլերով, առկա մարտահրավերների հաղթահարման միջոցով հասնել ոլորտի առավել արդյունավետ զարգացմանը և պարենային անվտանգության ապահովմանը, որը երկու պետությունում հարկավոր է դիտարկել մեկ նկարի մեջ` որպես ընդհանուր խնդիր։ «Մենք պետք է փորձենք համատեղ ուժերով գտնել պարենային անվտանգության և պարենային ապահովության հարցերի լուծման ուղիներ, խնդրի լուծման ընդհանուր բանալի՝ լավագույն եղանակով օգտագործելով այն ռեսուրսները, որոնք ունենք Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում։ Մեր ունեցած ռեսուրսները պետք է այնպես օգտագործվեն, որպեսզի կարողանան առավելագույնս ծառայել արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը», - նշել է Տիգրան Խաչատրյանը։ Նախարար Խաչատրյանը նաև հույս է հայտնել, որ աշխատանքային այս հանդիպումը հիմք կհանդիսանա վերածելու փոխգործակցությունը ամենօրյա ձևաչափի։ ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն իր խոսքում նշել է, որ երկու պետությունների համար գյուղատնտեսութունը ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղ է և ներկայում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության առաջնային խնդիրներից է դեպի ոլորտ նոր ներդրումների ներգրավումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՀ ագրարային բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ընդգծվել է հայկական երկու պետությունների ծրագրերը ներդաշնակեցնելու կարևորությունը։ Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում մեկնարկած աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրին։     Նախարարները համակարծիք էին, որ ոլորտում մշակվող և իրականացվող պետական օժանդակության ծրագրերը պետք է ուղղվեն գյուղատնտեսության մեջ ներգրավված տնտեսվարողների շահութաբերության ավելացմանը և արտադրողականության բարձրացմանը։   Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է մշակել և իրականացնել տեխնիկական ու գիտական համագործակցություն, իրագործել նախագծեր և ծրագրեր գյուղատնտեսության բնագավառում։ Փաստաթղթով նախատեսվում է երկկողմ համագործակցություն, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքի վերամշակման և իրացման աշխատանքների համատեղ պլանավորման, բուսաբուծության և պտղաբուծության, սերմնարտադրության, բանջարեղենի արտադրության, խաղողագործության և գինեգործության, անասնաբուծության և անասնաբուժության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՀ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համատեղ վերապատրաստման և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակցության ապահովման, ագրոբիզնեսի հետազոտությունների իրականացման ոլորտներում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ծրագրերի շրջանակում: Այնուհետև Տիգրան Խաչատրյանն իր գործընկերոջ հետ շրջայց է կատարել «Ոսկե կաթիլ» ձեթի արտադրամասում, որտեղ արտադրվում է արևածաղկի, կտավատի, հլածուկի զտված և չզտված ձեթ։ Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվել են առկա արտադրական հզորությունները, ընկերության առաջիկա  ծրագրերը:
21:38 - 24 հուլիսի, 2020
Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը

Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսազանգի միջոցով հուլիսի 15-ին ազդարարել են «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարար Խաչատրյանը, ողջունելով նախագծի մեկնարկը, նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը թե՛ նախկինում, թե՛ ներկայում խիստ արդյունավետ է, մասնավորապես գյուղատնտեսության, փոքր ու միջին ձեռներեցության, զբոսաշրջության ոլորտներում իրականացված ծրագրերը հասցեական են և ճկուն։ Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեք վերաձևակերպելու ձեր աջակցության շրջանակը՝ առավել ճշգրիտ համապատախանեցնելու ձեր գործողությունները մեր կարիքներին համավարակով պայմանավորված խնդիրների համատեքստում, քանի որտնտեսությունում իրավիճակն օր-օրի է փոխվում։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարող ենք մասնավոր հատվածում առկա խնդիրները քննարկել և դրանց համապատախասն օպերատիվ լուծումներ գտնել»։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» նպատակն է բարելավել առևտրի, ներդրումների համար անհրաժեշտ միջավայրը և խթանել տնտեսական մրցակցությունը, ինչը կնպաստի ավելի ներառական և կայուն տնտեսական աճին, կդարձնի Հայաստանն ավելի ինքնաբավ և տնտեսապես անվտանգ։ «ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է հայտարարել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը:  Այս նախագիծը մեզ հնարավորություն կտա շարունակելու աջակցել Հայաստանին՝ ունենալու կայուն տնտեսություն առավել նպաստավոր գործարար միջավայրի շնորհիվ:  Մենք անհամբեր սպասում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ մեր հաջող համագործակցությանն այս ծրագրի շրջանակում՝ հետագայում ներգրավելով կառավարությանը, մասնավոր հատվածին և այլ համապատասխան շահառուներին այնպիսի հարթակների միջոցով, որոնք տրամադրում են պատշաճ իրազեկում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ և ստեղծում պետություն-մասնավոր արդյունավետ խորհրդատվության խողովակներ»,-վիրտուալ հանդիպման ընթացքում ասել էԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։ Հենվելով «թավշյա հեղափոխությամբ» պայմանավորված առաջընթացի և կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգի վրա՝ նախաձեռնությունը կնպաստի գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք կխթանեն մասնավոր հատվածի մրցունակությունը միջազգային ասպարեզում, կբարելավեն ներքին մրցակցությունը,  կընդլայնեն և կբազմազանեցնեն առևտուրը:  Բարելավված գործարար միջավայրը կօգնի ներգրավել նոր ներդրումներ, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացում ապահովելու գործում:                                                                                                                                                                                                                                                                               Հանդիպման մասնակիցները նշել են, որ այս նախաձեռնության շրջանակում կաջակցեն ՀՀ կառավարության ծրագրի իրականացմանը ևկնպաստեն մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Այն կիրականացվի ԱՄՆ ՄԶԳ կապալառու՝ Միջազգային Զարգացման Խմբի կողմից։ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀկառավարությանը՝ տնտեսական վերականգման ծրագրերի շուրջ որոշումները կայացնել փաստահենք տվյալների հիման վրա։ Հանդիպման մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, շահառու խմբերին թիրախավորելու մանրամասները և պայմանավորվել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» շուրջ հետագա գործակցության վերաբերյալ։
10:19 - 16 հուլիսի, 2020
Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան հեռավար կապի միջոցով կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հանձնաժողովի` ընթացիկ տարվա մարտի 12–ին Երևանում կայացած  14–րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի, Էկոնոմիկայի  նախարարության  պաշտոնյաներ։ Բելառուսական կողմը ներկայացրել են Բելառուսի անտառային տնտեսության նախարարության, ԱԳՆ,  Հայաստանում Բելառուսի դեսպանության, Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի  ու Ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալության պաշտոնատար անձինք։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է աշխատանքային հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Վիտալի Դրոժժային հանդիպման առաջարկն ընդունելու համար։ «Վստահ եմ, որ մենք, որպես հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, կկարողանանք համատեղ ջանքերով համակարգել աշխատանքները 14–րդ նիստի արձանագրության որոշումները հաջողությամբ իրականացնելու համար: Հուսով եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո կրկին անմիջական կհանդիպենք և կքննարկեք մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթ խնդիրները», – ասել է Տիգրան Խաչատրյանը: Էկոնոմիկայի նախարարը բելարուսական կողմին տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հակաճգնաժամային ծրագիր, որոնցից հինգը` տուժած ձեռնարկություններին և ընկերություններին, այդ թվում` փոքր ու միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ մինչ օրս օգնություն է ստացել շուրջ 55 հազար տնտեսվարող սուբյեկտ ու ավելի քան մեկ միլիոն մարդ: Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համավարակը սկզբունքորեն չի անդրադառնա ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, և Հայաստանի ու Բելառուսի պետական ​​կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի, նաև համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի նվազեցնել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը առևտրատնտեսական կապերի, երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության վրա։ Նա նաև նշել, որ անհրաժեշտ է մշակել մարտահրավերներին դիմակայելու նոր արդյունավետ համակարգեր, փոխգործակցության նոր ձևեր։ Որպես հայ–բելառուսական համագործակցության հեռանկարային հարթակներ Տիգրան Խաչատրյանը նշել է արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և ներդրումների, փոքր և միջին ձեռնարկությունների, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և շրջակա միջավայրի, նաև մշակույթի բնագավառում համատեղ նախագծերի  իրականացումը:  Նա հույս է հայտնել, որ մշաման փուլում գտնվող 9 երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո, մոտ ապագայում հնարավոր կլինի նկատելի դրական տեղաշարժ արձանագրել փոխգործակցության մի շարք ուղղություններով։ Օգտվելով առիթից, Տիգրան Խաչատրյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը Հայաստանին անհատույց 50․000 հատ սոճու տնկի նվիրելու կապակցությամբ։ Վիտալի Դրոժժան, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր խոսքում գոհունակությամբ նշել է, որ Մինսկի և Երևանի միջև չկան քաղաքական և տնտեսական խնդիրներ, իսկ առևտրատնտեսական բնույթի հարցերը արդյունավետ լուծումներ են ստանում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, որ վերջին տարիներին հայ–բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները կայուն և բազմակողմանիորեն զարգանում են, ընդլայնվում են նաև մշակությաին կապերը։ Նա ընդգծել է ընթացիկ տարվա մարտին Երևանում կայացած հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի արդյունավետ աշխատանքը և նշել, որ անցած կարճ ժամանակահատվածում, երկու երկրների պետական կառույցների և գործարար համայնքի համագործակցությամբ, որոշակի աշխատանքներ իրականացվել են, սակայն կորոնավիրուսը դանդաղեցրել է ընթացքը, նաև ազդել առևտրաշրջանառության վրա, և անհրաժեշտ է նախանշել մինչև տարեվերջ առևտրաշրջանառության ավելացման ծրագրեր։ Վիտալի Դրոժժան տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով ընդամենը 5 տոկոսով, արտահանումը կազմել է 17,5 մլն ԱՄՆ դոլլար, նվազելով մինչև 17 տոկոս, ներմուծումը` 7,8 մլն ԱՄՆ դոլլար, աճելով ավելի քան 40 տոկոսով։ Հունվար–ապրիլին ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 45 տոկոսով։ Համագործակցության կարևոր նպատակներից Վիտալի Դրոժժան առանձնացրել է բելառուս և հայ արտահանողների դիրքերի ամրապնդումը երկու երկրների շուկաներում, ապրանքարտադրության ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Սոճու տնկիների վերաբերյալ Վիտալի Դրոժժան նշել է, որ Սևանա լճի մոտակայքում հայ-բելառուսական անտառը կդառնա երկու երկրների բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ։ Հանդիպման մասնակիցները հանգամանալիորեն քննարկել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի որշումների բոլոր կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ հանձնաժողովի արձանագրության 44 կետերից 31 կետով փոխգործակցության 12 բնագավառներում միջոցառումներն իրականացման փուլում են: Հանդիպման ավարտին նախանշել են հետագա անելիքները և համագործակցության հեռանկարները։
11:22 - 12 հուլիսի, 2020
«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել «Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Նախարարությունը կապ է հաստատել ֆոնդի հետ՝ պատրաստակամություն հայտնելու օժանդակել նրանց կողմից կազմակեպված դրամահավաքի արդյունքում փոքր ու միջին ձեռներեցության թիրախային աջակցությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է խմբի նախաձեռնությունը և հավաստիացրել, որ իր թիմը պատրաստակամ է աջակցելու ֆոնդին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։ Նախարարը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես նաև աջակցության գործիքակազմը։ Նախարարը նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսվարող։ Նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման և կանխարգելիչ միջոցառումների պատճառով։ Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ կարևորություն ունի լիարժեք տեղեկավածությունը, և նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս խմբերին ընտրելու և այլ հարցերում։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հետագա համագործակցությունը կհամակարգի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։ Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին աջակցության պատրաստակամության համար և ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա պլանները։ Նա նշել է, որ իրենք մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Նա կարևորել է ուժերի մոբիլիզացումը աջակցության մեծ ծավալների հասնելու գործում։ Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ հանգանակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին միացել է նաև Քիմ Քարդաշյանը։  
15:44 - 10 հուլիսի, 2020
Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

fip.am:  Հեղափոխությունից հետո բավական հաճախ է շոշափվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման թեման։  Նախորդ տարի մեծ աղմուկ առաջացավ, երբ «Հետքը» պարզեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, մշտապես նշում է, որ կառավարությունից դեպի մասնավոր հատված մեծ հոսք է նկատվում, որի պատճառը ցածր վարձատրությունն է։ «Մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400 հազար դրամ, իրենք ասում են՝ 1 մլն 200 հազար դրամով հենց հիմա մեզ առաջարկում են, ինչո՞ւ մնանք: Ասենք՝ ո՞վ է, որ կմնա այստեղ աշխատելու»: Վարչապետի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան պաշտոնյաները «զոհողության են» գնացել՝ մասնավոր հատվածում բարձր վարձատրությամբ աշխատանքից հրաժարվելով և պետական համակարգ գալով։   Եվ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են պաշտոնյաների 2019 թ․ եկամուտների հայտարարագրերը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան աշխատավարձ էին ստանում նախարարները մինչև այդ պաշտոնում նշանակվելը, և որքան են կազմել նրանց ստացած աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ՝ աշխատավարձ) 2019-ին՝ արդեն նախարարի պաշտոնում։ Քանի որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու վերաբերյալ վարչապետի գաղտնի հանձնարարագիրը ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին, վերջիններիս ամսական միջին աշխատավարձը պարզելու համար ամբողջ տարվա աշխատավարձը կբաժանենք 12 ամիսների։ «Հեղափոխական» նախարարները Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը նախարարների ցանկում միակն է, որի աշխատավարձը գրեթե չի փոխվել՝ մասնավոր հատվածից կառավարություն տեղափոխվելուց հետո։ Մինչ նախարար դառնալը Թորոսյանը «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր, որտեղ, ըստ հայտարարագրի, ստացել է միջինում 1 մլն 516 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի նախարարի պաշտոնում Թորոսյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 515 հազար դրամ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ վերջինիս աշխատավարձը, ըստ ներկայացված հայտարարագրի, կազմում էր մոտ 430 հազար դրամ։ Բադասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2019-ի հունիսին, և ըստ վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրի՝ 2019-ին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 372 հազար դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 12-ին։ Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երեք տեղից ստացած եկամուտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 801 հազար դրամ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 409 հազար դրամ։ Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նախարարի պաշտոնում Պապիկյանը միջինում ստացել է ամսական 1 մլն 591 հազար դրամ աշխատավարձ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր իր իսկ կողմից հիմնադրված «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, և ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նրա միջին ամսական եկամուտը կազմել է 356 հազար դրամ։ Արդեն նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Արշակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ հեղափոխությունն աշխատել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններում։ Հեղափոխությունից հետո Զարուհի Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնի նշանակվելը Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ։ 2019-ին, արդեն զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 500 հազար դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր Երևանի պետական համալսարանում և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանի միջին ամսական եկամուտը, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, կազմել է 156 հազար դրամ։ Իսկ արդեն նախարարի պաշտոնում Հարությունյանը, ըստ 2019թ․ հայտարարագրի, ստացել է 1 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։   Պետական համակարգի «հնաբնակները» Կառավարության ներկայիս կազմի 12 նախարարներից 6-ը մինչև հեղափոխությունը ևս աշխատում էին պետական համակարգում, և նրանց դեպքում կհաշվարկենք մինչև նախարար նշանակվելը վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած միջին աշխատավարձը։ Այսպես, ներկայիս նախարարներից ամենից բարձր աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, ստացել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այդ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեսնում ենք, որ 2018-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նա ստացել է 17,108 դոլար աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Մնացականյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 3890 դոլար կամ մոտ 1 մլն 890 հազար դրամ։  2019-ին Մնացականյանը հայտարարագրել է 16,776,991 դրամ եկամուտ, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 398 հազար դրամ։ Մնացականյանից հետո ամենից բարձր աշխատավարձ ստացել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ջանջուղազյանը, 2018-ի մայիսի 12-ին նշանակվելով ֆինանսների նախարար, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, կրկին զբաղեցնելով ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր 15 մլն 211 հազար դրամ եկամուտ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, կազմել է 1 մլն 268 հազար դրամ։ Այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարար Ջանջուղազյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 266 հազար դրամ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև այս պաշտոնը ստանձնելը արտակարգ իրավիճակների նախարարն էր։ Տոնոյանը ևս ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելիս նոր հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը, հայտարարագրել էր 7 մլն 933 հազ դրամ աշխատավարձ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 661 հազար դրամ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Տոնոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 666 հազար դրամ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։  Հեղափոխությունից հետո՝ մայիսի 16-ին, Խաչատրյանը դադարել է պաշտոնավարումը։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրում տեսնում ենք, որ Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 602 հազար դրամ։ Նույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը զբաղեցնում էր «Հայ-Թեք» ընկերության տնօրենի պաշտոնը՝ այդ ընթացքում ստանալով 785 հազար դրամ աշխատավարձ։ 2018-ի հոկտեմբերի 15-ին Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարարի պաշտոնում Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է 2018-ի հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Ցոլակյանը ԱԺ պատգամավոր էր և ըստ 2018-ի հայտարարագրի՝ ստանում էր 525 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 371 հազար դրամ։ Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ևս այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի մայիսի։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ըստ հայտարարագրի՝ ստանում էր 860 հազար դրամ աշխատավարձ։ 2019-ին Գրիգորյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 536 հազար դրամ։ Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ տվյալները, ստացվում է, որ նախարարների բարձր աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի պարզաբանումը, թե այդ մասնագետները կարող էին ավելի բարձր վարձատրվել մասնավոր սեկտորում, տեղին չէ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումը վերաբերելի է, թերևս, միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի՝ մասնավոր սեկտորում ստացած աշխատավարձը կարելի է համեմատել նախարարական վարձատրության հետ։ Սևադա Ղազարյան
11:41 - 09 հուլիսի, 2020
Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով: Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով: Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները: Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։ «Արձանագրենք, որ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում:  Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես գիտեք, պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչև տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նշվել է, որ այս տարի կտրամադրվի նաև լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով: Գինի արտադրողները բարձրացրել են նաև այլ հարցեր՝ կապված երկարաժամկետ վարկերի, ներմուծման և արտահանման ընթացակարգերի, ներքին շուկայում վաճառքի ծավալների մեծացման հետ: Նախարարը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենին և իր տեղակալներին ոլորտի մասնագետների հետ միասին մշակել որոշ կարևոր թիրախային շուկաների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այդ երկրների հետ նոր առևտրային կարգավորումները:  Հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարին և փոխնախարարներին ներկայացրել է ՀՀ խաղողի կոլեկցիոն և ցուցադրական, ինչպես նաև  ֆիլոքսերադիմացկուն սորտպատվաստակալների մայրուտ այգիները, դրանցում կատարված աշխատանքները, կոլեկցիոն այգում զետեղված խաղողի սորտերն՝ ընդգծելով Հայաստանում առկա խաղողի սորտերի գենետիկական  ռեսուրսների պահպանման կարևորությունը։
13:25 - 27 հունիսի, 2020
Տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով

Տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով

Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով: Հանդիպման ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գոյություն ունեցող ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման վերաբերյալ։Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական, սոցիալական և առողջապահական մարտահրավերները համաչափ լուծելու ուղղությամբ, և ներկայացրել է «EU4Business» (ԵՄ-ն բիզնեսի համար) ծրագրով ընթացիկ, ինչպես նաև նոր աջակցության մանրամասները Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: ԵՄ-ն և իր անդամ պետությունները միասին աշխատում են TeamEurope մոտեցմամբ, աջակցելու՝ հայ ժողովրդին և բիզնեսին միջնաժամկետ տնտեսական վերականգնման և հակաճգնաժամային միջոցառումների ուղղությամբ։ Այդ նպատակով ԵՄ-ն և Հայաստանը համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ՝ ԵՆԲ, ՎԶԵԲ, Գերմանական զարգացման բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը, «Finance in Motion» ընկերությունը, ԱՄՀ-ը, ՀԲ-ն, ՏԶՀԿ-ն։
16:12 - 15 հունիսի, 2020
Գյուղատնտեսությունում արտադրողականությունը ցածր է. խթանող ծրագրերը շարունակվում են |armenpress.am|

Գյուղատնտեսությունում արտադրողականությունը ցածր է. խթանող ծրագրերը շարունակվում են |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ոլորտների համեմատ շարունակում է ցածր արտադրողականություն ունենալ, պետությունն արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ շարունակում է խթանող քաղաքականությունը: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը:   «2019-ին տնտեսության միակ ոլորտը, որտեղ ունեինք տնտեսական ակտիվության նվազում, գյուղատնտեսությունն էր: Ունեցել ենք մոտ 4 տոկոս նվազում՝ 2018-ի համեմատությամբ, ընդ որում նվազումն արձանագրվել է թե բուսաբուծության, թե անասնաբուծության բնագավառներում: Գյուղատնտեսությունը տնտեսության այն ոլորտն է, որտեղ այսօր ունենք դեռևս ամենաընդգծված ձևով տարբերվող ցածր արտադրողականությունը՝ տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ: Եվ, բնականաբար, կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը և այն միջոցառումները, որոնք ֆինանսավորվել են պետական բյուջեով, իրենց հիմքում ունեն քաղաքական այն նպատակը, որ տնտեսությունները ֆինանսական միջոցների ներգրավումը օգտագործեն արտադրողականությունը բարձրացնելու, արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով»,-ասաց նախարարը: Նա վստահեցերց՝ մնացած ծրագրերը ևս ուղղված են այդ նպատակին: Դրանք կամ անհատական ներդրումային ծրագեր են, կամ էլ բարելավում են ենթակառուցվածքները, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսություններն ունենան ավելի բարենպաստ միջավայր՝ արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար: Կա, օրինակ, գյուղատնտեսության խթանման ծրագիր, դրա բյուջեն 2019-ին կազմել է 3.6 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 3 մլրդ 116 մլն դրամ: Այն ներառել է գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորում, եղել են 8 841 վարկառուներ: 2019-ին պետբյուջեով Էկոնոմիկայի նախարարության մասով նախատեսված էր 21,7 մլրդ դրամ ֆինանսավորում, որից 12,8 մլրդ դրամը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասն էր: 12, 8 մլրդը միայն ծրագրային ֆինանսավորման թվերն են: Ծրագրերի իրականացման նպատակով փաստացի օգտագործված ֆինանսավորումը կազմել է 8,2 մլրդ դրամ, որը պլանային ցուցանիշի 63,6 տոկոսն է:
14:44 - 10 հունիսի, 2020
Ձևավորել ենք ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել է 800 կազմակերպություն․ էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

Ձևավորել ենք ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել է 800 կազմակերպություն․ էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

1lurer.am: «Ձգտում ենք եղած սահմանափակ միջոցներն առավելագույն արդյունավետությամբ հասցեավորել շահառուներին»,- ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով համավարակի պայմաններում հարկային արտոնությունների տրամադրմանը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։  Նախարարի խոսքով՝ մի շարք երկրներ կիրառեցին այն փորձը, որ հետաձգեցին կամ ազատեցին բոլորի հարկերը։ Խաչատրյանը շեշտեց՝ դրանք այլընտրանքային են. փոխարենը իրենք հարկերը վճարելու համար անտոկոս վարկ են տրամադրել։ «Մեր կառավարության մոտեցումն այն է եղել, որ կան տարբեր կազմակերպություններ, որոնց մի մասի գործունեությունը բարդացել է, մի մասինը՝ ոչ։ Եթե նրանց գործունեությունը չի բարդացել, հարկային արտոնություն տրվի ո՞ր ինչ լինի։  Բա ո՞վ վճարի այն հարկերը, որ աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով տուժած ոլորտներին տրվող աջակցության ծրագրերին՝ նախարարն ընդգծեց, որ, օրինակ, 3-րդ միջոցառմամբ փոքր բիզնեսի համար աննախադեպ արագ և որակյալ վարկային ռեսուրսներ են առաջարկում։ Ըստ նախարարի՝ աննախադեպ է, քանի որ, որքան հիշում է՝ միակ դեպքն է վերջին տարիներին, երբ ասում են՝ բանկային համակարգը չի որոշում՝ այդ կազմակերպությանը վարկ տա՞, թե՞ ոչ։  Եթե կազմակերպությունը ցուցաբերել է իրեն որպես օրինապահ հարկ վճարող  և օրինապահ վարկառու, ապա իր 2019 թվականի շրջանառության 10 տոկոսի չափով, ավտոմատ եղանակով, վարկային ռեսուրս է հատկացվում։ 2 տարի ժամկետով ոչ մի տոկոսագումար վճարելու խնդիր չի ունենում։ «Ձևավորել ենք այնպիսի ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել են 800 կազմակերպություն, փոքր բիզնեսներ։ Հանրագումարով՝ այսօրվա դրությամբ  9 միլիարդ դրամ այդ եղանակով տրված վարկային ռեսուրսներ երկու ամսվա ընթացքում հասցվել են մասնավոր հատվածին, որ կարողանան, իրենց կարիքները գնահատելով, հասնել վաղվա օրվան»,- շեշտեց Խաչատրյանը։ Նախարարը նաև նշեց, որ չեն համարում, որ բոլոր հարցերի ճիշտ պատասխաններն  առ այսօր գտել են։ Չբացառեց, որ առանձին ոլորտներում  առանձնահատուկ կարգավորումներ կլինեն։ Ընդգծեց, որ մասնավոր հատվածը դեռևս չի հաղթահարել ճգնաժամից դուրս գալու ժամանակահատվածի շոկը, երբ հասնեն այն կետին, որ պետք է քննարկեն, թե կազմակերպությունները ոնց պետք է վերականգնեն՝  հնարավոր է նոր համապատասխան լուծումներ լինեն։
15:47 - 08 հունիսի, 2020
ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար․ նախարար

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար․ նախարար

Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետեւանքների մեղմացման միջոցների միայն երրորդ ծրագրում ընդգրկված է 800 շահառու, որոնցից 270 ընկերություններ ներկայացնում են զբոսաշրջության  ոլորտը։ «Դրանք հյուրանոցային համալիրներ են ու հասարակական սննդի կետեր, եւ գիդեր։ Պետական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,7 մլրդ դրամ։ Առաջին ծրագրի շրջանակներում բաշխվել է 800 մլն դրամ։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ կառավարությանը հաջողվել է նաեւ զբոսաշրջության ոլորտում աշխատող ձեռնարկություններին ապահովել մոտ 1,5 մլրդ դրամի արտոնյալ վարկերով»,- նշեց նախարարը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Ֆինասների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ փնտրվում են նոր լուծումներ, որոնց մասին լրացուցիչ կհայտարարվի։ Խաչատրյանը կրկին արձանագրեց, որ պետական աջակցությունից կարող են օգտվել լավ վարկային պատմություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաեւ բարեխիղճ հարկատուները։ Միաժամանակ, նախարարը հերթական անգամ մերժեց հարկային արտոնությունների կիրառման հնարավորությունը։
20:20 - 27 մայիսի, 2020
ՀՀ վարչապետը ծանոթացավ Ազատավան համայքում հիմնված ինտեսիվ այգու աշխատանքի ընթացքին

ՀՀ վարչապետը ծանոթացավ Ազատավան համայքում հիմնված ինտեսիվ այգու աշխատանքի ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին այցելել է Արարատի մարզ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Վարչապետի առաջին կանգառը Ազատավան համայնքն էր, որտեղ նա ծանոթացավ ինտեսնսիվ այգու աշխատանքի ընթացքին։ ՀՀ վարչապետին ուղեկցում են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Գյուղատնտեսը օգտվել է պետական աջակցության ծրագրով։ Այգու պահպանման համար կա մոտ 12 աշխատակից, իսկ բերքահավաքի ժամանակ կլինի մոտ 50 աշխատակից։ Գյուղատնտեսը ուսումնասիրել է շուկան և այգում աճեցրել է հատուկ սորտի տանձեր, որը ունի լայն սպառում, թե ներքին, թե արտաքին շուկայում։ Նա նշեց, որ ցանկանում են ընդլայնել այգին, սակայն հողատարածք չկա՝ հարևան հողատարածքների սեփականատերերը կամ չեն ցանկանում վաճառել այն կամ ընդհանրապես չեն կարողանում որոշ հողատարածքների սեփականատերերի։ Վարչապետը իր հերթին նշեց, որ ներկայումս ամենամեծ խնդիրը համարում է խոշոր հողերի բացակայությունը։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքվեց, թե ինտեսիվ այգիներ հիմնելու համար քաղաքացին ինչ պետք է ներկայացնի, որպեսզի ստանա պետական աջակցություն։ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ գյուղատնտեսը պետք է մասնակցի որոշակի դասընթացի, որպեսզի պետությունը համոզվի, որ նա ունի հիմնական գիտելքիներ, այնուհետև դիմի բանկ և ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։  
11:28 - 23 մայիսի, 2020
Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները

Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները

Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։ Նախարարը կարևորել է ստեղծված իրավիճակում սերտ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ և աշխատանքների համակարգված իրականացումը։ Նա վիճակագրական տվյալներ է ներկայացրել հանդիպման մասնակիցներին  Հայաստանի կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի ընթացքի վերաբերյալ։ Նշվել է զբոսաշրջության ոլորտի կողմից դիմումների թիվը, ինչպես նաև մերժված դիմումների քանակը և մերժումների հիմնական պատճառները։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է պետության կողմից արձագանքման ծրագրերից անցումը զարգացման բնույթի ծրագրերին։ Ոլորտի ներկայացուցիչները՝ ֆեդերացիաների, ասոցիացիաների, այլ կազմակերպությունների ղեկավարները, բարձրաձայնել են կառավարության կողմից ձեռնարկած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված օժանդակության խնդիրները զբոսաշրջության ոլորտի համար, նաև ներկայացրել առաջարկներ` ուղղված զբոսաշրջության ոլորտի ռիսկերի մեղմմանը։ Մասնավորապես, առաջարկվել է անտոկոս վարկերով օժանդակել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և լրամշակել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն տնտեսության ամենատուժած և ամենաուշ վերականգնվող ոլորտի կարիքներին։ Էկոնոմիկայի նախարարը նախանշել է ոլորտի վերականգնմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որոնք կնպաստեն Հայաստանի մրցակցային առավելությունների պահպանմանը և զարգացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված կառավարության հետագա քայլերի կարևորությունը։ Ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված առաջարկներով։
10:26 - 22 մայիսի, 2020