Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

civilnet.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախումբը նշում է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային դիրքերի հետագա բարդացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալությանը, դաժան վերաբերմունքին և սպանությանը ողջամտորեն արձագանքելու անկարողությունը»։ «Հայ դատը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ յուրաքանչյուր դեսպան հաջողի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Նրա խոսքով՝ Լին Թրեյսին լռել է ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանից հետո, մասնավորապես, տեղահանված արցախահայերի խնդիրների և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների հարցերում։ «ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության աշխատակիցները, ինչպիսիք են դեսպան Թրեյսին, սովորաբար ծառայում են մոտավորապես երեք տարի: Քանի որ նրա Հայաստանում գտնվելն արդեն գերազանցել է այդ ժամանակահատվածը, կոչ ենք անում Բայդենի վարչակազմին ամուր հիմքի վրա վերականգնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ նշանակելով նոր դեսպան Երևանում: ANCA-ն ակնկալում է սերտ համագործակցություն ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հետ՝ ապահովելու համար ԱՄՆ-ի արժեքներին հավատարիմ, արհեստավարժ թեկնածուի հաստատումը»,- ասված է Հանձնախմբի հայտարարությունում։
12:10 - 19 մայիսի, 2022
Զանգվածային սպանություն ԱՄՆ Նյու Յորքի նահանգում՝ ռասսայական ատելության հողի վրա. կա 10 զոհ
 |hetq.am|

Զանգվածային սպանություն ԱՄՆ Նյու Յորքի նահանգում՝ ռասսայական ատելության հողի վրա. կա 10 զոհ |hetq.am|

hetq.am: Վերջին տվյալներով՝ 10 մարդ է զոհվել ամերիկյան Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ոստիկանությունը դա համարում է հանցագործություն, որն իրականացվել է ռասսայական ատելության հողի վրա։ BBC-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում ձերբակալվել է 18-ամյա սպիտակամորթ մի երիտասարդ։ Կասկածյալը Փեյթոն Գենդրոնն է, որը նույն նահանգի Քոնքլին քաղաքից է։ Կասկածյալը շաբաթ օրը ցերեկը մտել է սուպերմարկետ և կրակ բացել։ Ոստիկանների խոսքով՝ նա տեսախցիկ է օգտագործել՝ հարձակումն առցանց հեռարձակելու համար։ «Մենք հետաքննում ենք պատահարը՝ որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն և ռասսայական հողի վրա հիմնված բռնի ծայրահեղականության դեպք»,- Բուֆալոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սթիվեն Բելոնգիան։ Ենթադրվում է, որ կասկածյալը տեղաշարժվել է մի քանի ժամ, որպեսզի հասնի Բուֆալո քաղաքի շրջան, որը հիմնականում բնակեցված է սևամորթներով։ Բուֆալոյի ոստիկանության կոմիսար Ջոզեֆ Գրամալիի խոսքով՝ զոհերի մեծ մասն աֆրոամերիկացիներ են։ Եվս 3 մարդ, բոլորը սուպերմարկետի աշխատակիցներ, վիրավորվել են։ Կենսաթոշակի անցած ոստիկանը, որը սուպերմարկետում պահակ էր աշխատում, փորձել է վնասազերծել հարձակվողին, սակայն սպանվել է։ Ոստիկանոթյունը հայտնել է, որ հարձակվողը զինված է եղել բավականին լավ հրացանով, նրա վրա եղել է զրահաբաճկոն և սաղավարտ։ Դեպքի վայր ժամանած լրացուցիչ ուժերի հետ նա փորձել է առճակատման մեջ մտնել, սակայն այնուհետ զենքը ցած է դրել, ձերբակալվել է, իսկ այնուհետ՝ կալանավորվել։ Դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Սպասվում է, որ մի քանի օր անց կասկածյալը կկանգնի դատարանի առաջ՝ առաջին մակարդակի սպանության մեղադրանքով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման (Նյու Յորք նահանգում մահապատիժն արգելված է)։ Բուֆալոյում տեղի ունեցածի մասին զեկուցվել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ «Նախագահը և առաջին տիկինն աղոթում են բոլոր զոհերի և նրանց հարազատների համար»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ավելի ուշ, Ջո Բայդենը հայտարարել է, որ անհրաժեշտ է պայքարել ներքին ահաբեկչության և ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումների դեմ։ 18-ամյա կասկածյալ Փեյթոն Գենդրոնը։ Լուսանկարը՝ BigDawg/REUTERS  
12:50 - 15 մայիսի, 2022
ԱՄՆ նախագահն ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության «լենդ-լիզի» օրենքը |azatutyun.am|

ԱՄՆ նախագահն ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության «լենդ-լիզի» օրենքը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «լենդ-լիզի» մասին օրենքը, որը դյուրացնում է Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային զենք, զինամթերք, տեխնիկա և ռազմական նշանակության այլ օգնություն տրամադրելու գործընթացը: «Լենդ-լիզի» տարբերակով Վաշինգտոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպառազինություն էր տրամադրում Խորհրդային Միությանը և հակահիտլերյան դաշինքի այլ երկրներին: Փաստաթուղթը Կոնգրես է ներկայացվել դեռևս Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ ՝ այս տարվա հունվարին, և անցած օրերին հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի նախ՝ Սենատի, ապա՝ Ներկայացուցիչների պալատի կողմից։ Համաձայն օրինագծի՝ Միացյալ Նահանգների նախագահը «կարող է լիազորել կառավարությանը պաշտպանական միջոցներ տրամադրել կամ վարձակալության հանձնել Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով տուժած Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին՝ պաշտպանությունն ամրապնդելու, խաղաղ բնակչությանը հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Բայդենին օգնության ծրագիրը վերականգնելու համար։ «Շնորհակալ եմ Միացյալ Նահանգների նախագահին և ամերիկացի ժողովրդին՝ հանուն ազատության և ապագայի պայքարում Ուկրաինային աջակցելու համար», - թվիթերյան իր էջում գրել է Զելենսկին՝ համոզմունք հայտնելով, որ միասին կհաղթեն, կպաշտպանեն ժողովրդավարությունը Ուկրաինայում և Եվրոպայում, «ինչպես 77 տարի առաջ»: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ջո Բայդենը Կիևին 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության երեք փաթեթ է տրամադրել։ Ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսից ևս 33 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային օգնելու համար։  
12:20 - 10 մայիսի, 2022
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բանտարկյալների փոխանակում են կատարել: Ռուսաստանում բանտարկված ամերիկացի նախկին զինծառայող և ուսանող Թրևոր Ռիդին ազատ արձակելու և տուն ուղարկելու դիմաց Միացյալ Նահանգներում ազատ է արձակվել և հայրենիք է ուղարկվել 20 տարվա ազատազրկման պատիժը կրող ռուսաստանցի Կոնստանտին Յարոշենկոն: Բուն փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ օդանավակայանի տարածքում, որտեղ վայրէջք են կատարել և կողք կողքի կայանվել են երկու երկրների ինքնաթիռները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այս փոխանակումը տեղի է ունեցել երկարատև բանակցությունների արդյունքում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Թրևոր Ռիդը տուն է վերադառնում: Երկու երկրներում էլ նշում են, որ բանտարկյալների փոխանակումը դժվար թե առանձնահատուկ դրական ազդեցություն գործի ճգնաժամի մեջ գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:   Լուսանկարում՝ Թրևոր Ռիդին
21:13 - 27 ապրիլի, 2022
Բլինքենը և Օսթինը Կիևում հանդիպել են Զելենսկու հետ |azatutyun.am|

Բլինքենը և Օսթինը Կիևում հանդիպել են Զելենսկու հետ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հաստատել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, միայն երբ երկու պաշտոնյաները լքել են Ուկրաինան։ Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ Նրանք Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն են խոստացել 713 միլիոն դոլարի չափով։ «Ես ցանկանում եմ, որ մենք ունենանք ծանր հզոր սպառազինություն», - հանդիպումից առաջ ասել էր Զելենսկին՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում զենքի մատակարարման հետ կապված իրավիճակը բարելավվել է։ Բլինքենն ասել է, որ այսօր նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կնշանակի։ Նախորդ դեսպան Մարի Յովանովիչը Կիևում իր աշխատանքն ավարտել է ժամկետից շուտ: Սպասվում է, որ նոր դեսպանը կլինի Սլովակիայում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Բրիջիթ Բրինքը։ ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է նաև, որ պատերազմի պատճառով հեռացած դիվանագետներն այս շաբաթվանից աստիճանաբար կվերադառնան Կիև։ Կիևից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարը կմեկնի Գերմանիա, որտեղ ամերիկյան Ռամշտայն ռազմակայանում կհանդիպի 20 երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
10:54 - 25 ապրիլի, 2022
Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ |tert.am|

Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ |tert.am|

tert.am: Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին ամենամյա ուղերձի առիթով հայտարարություն է տարածել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, որի հիմնական մասը ներկայացնում ենք ստորև. «Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ամերիկահայերն ակնկալում են Միացյալ Նահանգներից կոնկրետ քայլեր՝ Հայոց ցեղասպանության համար արդարություն ապահովման և երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, որը բխում է Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից և հարձակումներից։ Նախագահ Բայդենը, Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա հայտարարությունում անգամ ևս սգում է «մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում․․․ Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունն ատելության բոլոր  դրսևորումների կործանարար ազդեցության նկատմամբ։ Մենք կրկին հանձնառություն ենք հայտնում՝ բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք անջնջելի սպիներ են թողնում ամբողջ աշխարհում»։ Անդրադառնալով նախագահ Բայդենի հայտարարությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենը, Կոնգրեսին առաջին անգամ միանալուց և Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելուց հետո, հաստատել է ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող օգնությունը նյութապես ուժեղացնում և բարոյապես քաջալերում է նավթով հարուստ բռնապետական դժոխքը, որը հակված է ավարտին հասցնելու ցեղասպանությունը հայկական պետության նկատմամբ։ Նախագահ Բայդենի գրառումը, ցավոք, արտացոլում է ցեղասպանության ճանաչման տառը, բայց ոչ իրական ոգին։ Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրա՝ հաշվի առնելու իր այսօրվա պարտականությունները, ոչ մի հակազդեցություն Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական բռնությանը, ոչ մի ուժային հակազդեցություն Անկարայի կողմից այս հանցագործության շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիվ աջակցություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է և պարտավոր է ավելին անել»։ Շարունակությունը՝ tert.am-ում։
21:48 - 24 ապրիլի, 2022
Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը


 |armenpress.am|

Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ուղերձով՝ վերահաստատելով ամերիկյան կողմի հանձնառությունը զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցությունների և կառուցել ավելի խաղաղ աշխարհ։ «1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին,ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության՝ իր բոլոր դրսևորումներում։ Մենք վերստին պարտավորվում ենք խոսել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միևնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ։ Սա նաև պահն է՝ խոսելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին։ Ցեղասպանությանը դիմանալուց հետո՝ հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տանն ու երկրում, այդ թվում և՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի հայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց հետ կրել ողբերգական հիշողությունն այն մասին, թե ինչ էին ստիպված վերապրել իրենց նախնիները։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։ Այսօր՝ 107 տարի անց, ամերիկյան ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ»։
15:50 - 24 ապրիլի, 2022
ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին

 |armenpress.am|

ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստան ցեղասպանության ակտեր է կատարել: Ապրիլի 22-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: «Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն Է կատարվել»,- նշել Է նա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 12-ին լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել Է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում: Միացյալ Նահանգների ղեկավարն ըստ որում նշել Է, թե տեղի ունեցողի գնահատումը պետք Է տան իրավաբանները: Մինչ այդ նա համանման արտահայտություն Է գործածել՝ ճառով ելույթ ունենալով Այովայի նահանգում: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքը ցեղասպանության մասին, նշել Է, որ Կրեմլում կտրականապես համաձայն չեն այդ հայտարարություններին: Նա նաեւ անթույլատրելի եւ աններելի Է համարել այն երկրի ղեկավարի հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:25 - 22 ապրիլի, 2022
Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում. Բայդեն

Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում. Բայդեն

Մենք չգիտենք, թե որքան երկար կտևի այս պատերազմը, բայց մոտենում ենք դրա երկրորդ ամսվա ավարտին. ահա թե ինչ է մեզ հայտնի. Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո բայդենը: «Շաբաթներ շարունակ Կիևի հրետակոծությունից հետո էլ քաղաքը դեռ կանգուն է: Նախագահ Զելենսկին և նրա՝ ժողովրդավար կերպով ընտրված կառավարությունը դեռևս շարունակում է մնալ իշխանութան ղեկին, իսկ ուկրաինական զինված ուժերը՝ ուկրաինացի քաջ քաղաքացիների հետ միասին, խափանել են Ռուսաստանի կողմից իրենց երկիր նվաճումը»,- գրել է ԱՄՆ նախագահը: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Վերջինս Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն:  Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է գրոհը չեղարկելու մասին Պուտինի հրամանը. «Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն»:
10:55 - 22 ապրիլի, 2022
Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին
 |1lurer.am|

Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և 140.000-ից ավելի արկ։ «Հաջորդ շաբաթ անձամբ Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ կխնդրեմ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնը նաև 500 մլն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն կցուցաբերի և կշարունակի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին։ Բայդենը նաև տեղեկացրել է, որ արգելվում է ռուսական դրոշի ներքո նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ։ «Մենք ի վիճակի ենք երկար ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն կշարունակի՞ արդյոք Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներ կիրառել»,- մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը։ Բայդենը նաև ասել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկո՞ւմ է Մարիուպոլը:
19:27 - 21 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի նման հայտարարությամբ են հանդես եկել իրենց և այլ դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ կապված Ռուսաստանի ներխուժման նոր փուլի հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին Բայդենը կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է լինել մոտ նույն քանակի, ինչ անցյալ շաբաթ ուղարկված 800 միլիոն դոլարը: Այս մասին Reuters-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Եթե օգնության փաթեթը լինի այնքան լայնամասշտաբ, որքան սպասվում է, ապա Ուկրաինային ԱՄՆ օգնությունը ՌԴ ներխուժումից հետո կանցնի երեք միլիարդ դոլարի շեմը: Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հրետանային զենք է ուղարկելու Ուկրաինային, Բայդենը պատասխանել է «այո»: Լոնդոնում Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին ասել է. «Սա հրետանային հակամարտություն է դառնալու, նրանք ավելի շատ հրետնային միջոցների օգնության կարիք ունեն. ահա թե ինչ մենք կտանք նրանց՝ ի հավելում աջակցության մյուս ձևերի»: Թրյուդոն հայտնել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մանրամասներ հաղորդել: Լուսանկարը՝ Reuters-ի
11:51 - 20 ապրիլի, 2022