Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

tert.am: Հանրահայտ փաստ է, որ 2018-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ ընդգրկված էին և՛ անկուսակցականներ, և՛ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, որը գլխավորում էր Հայկ Մարությանը։ Այս մասին զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանի՝ «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն։ «Ընդհանրապես թիմը հեղափոխական էր, և հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին ընտրություններն էին, որոնցում Հայկ Մարությանն ու իր թիմը նկատելի առավելություն ստացան»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է իշխող ուժի հետ քաղաքային իշխանության ունեցած հարաբերություններին, Կարապետյանն ասաց․ «Հարությունյանն իր՝ օրերս տված մեկ այլ հարցազրույցի ընթացքում շատ իրավացիորեն նշեց, որ Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ գերատեսչությունների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսի հարաբերությունները ենթադրում են որոշակի հարցերում որոշակի տարակարծություններ կամ անհամաձայնություններ, դա շատ նորմալ է, որևէ հարաբերություն առանց դրա բացառվում է»,-ասաց նա։
12:57 - 28 հունիսի, 2021
Ցավում եմ, որ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին․ Արայիկ Հարությունյան

Ցավում եմ, որ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին․ Արայիկ Հարությունյան

Ես շատ ցավում եմ, որ Հայկ Մարությանը այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես ՔՊ-ի ու «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ «Որովհետև քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորել է կառավարություն։ Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա»,- նշեց նա։ Հարությունյանի խոսքով՝ պետք է հասկանան, թե այս իրավիճակում ինչպես են անում, որ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենան որոշումներ, բայց դրանից չտուժեն նաև քաղաքը և քաղաքային իշխանությունը։
10:45 - 28 հունիսի, 2021
Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում. երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու. Մարությանը դիմել է ապօրինի կրպակներ կառուցող քաղաքացիներին

Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում. երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու. Մարությանը դիմել է ապօրինի կրպակներ կառուցող քաղաքացիներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար: Սրա վերաբերյալ հայտնում եմ. ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը: բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու: Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից»:
16:51 - 25 հունիսի, 2021
Հայկ Մարությանը ծանոթացել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման ծրագրին

Հայկ Մարությանը ծանոթացել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման ծրագրին

Շուրջ 500 ավտոմեքենաների կայանման համար նախատեսված Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է: Ներդրվել են մուտքի և ելքի ինքնաշխատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոկայանատեղիում իրականացված աշխատանքներին ու ներդրված համակարգերին է ծանոթացել քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր համակարգի ներդրման համար ուսումնասիրվել են առկա խնդիրները, միջազգային փորձն ու արդի տեխնոլոգիական հնարավորությունները: Վարորդներն այսուհետ կայանելու համար պետք է վճարեն ինքնասպասարկման թերմինալներով: Ավտոկայանատեղիի երեք հարկերում տեղադրված վեց թերմինալները վճարային տարբեր եղանակների հնարավորություն ունեն: «Համակարգն այնպես է մշակված, որ այլևս այլ մարդկանց հետ շփում չկա: Գալիս ես ավտոմատ կերպով համակարգը գրանցում է պետհամարանիշը, այդ պահից սկսած հաշվարկվում է ժամանակը, ըստ որի, կուտակվում է գումարը և դուրս գալիս, օգտվելով արդեն այս թերմինալից, նախօրոք վճարում ես, և դուրս գալու հերթ չի առաջանում: Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ օգտվել հենց այս վճարման ձևից, որովհետև մենք ունենք նաև հավելյալ վճարման ձև՝ հենց դուրս գալիս, որը նաև, զգուշացնեմ, ավելի թանկ է: Այս կերպ օգտվելիս նախ ավելի քիչ եք վճարում և չեք առաջացնում այլ անհարմարություններ համաքաղաքացիների համար»,- ընդգծում է քաղաքապետը: «Կարող են վճարումը կատարել թե կանխիկ, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը: Շահագործման 10 տարիները և առկա տեխնոլոգիաները տարբեր խնդիրներ էին առաջացրել աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսակետից: Սարքավորումները մաշվել էին, պակասում էր թափանցիկությունն ու վերահսկելիությունը, կայանման համար վճարումն էլ կատարվում էր միայն կանխիկ եղանակով: Թեև համակարգը նոր է, բայց արդեն նկատելի է ծառայությունների որակի բարձրացումը, ծախսերի կրճատումն ու եկամուտների էական ավելացումը: «Այս պահին գումարները հոսում են միայն բյուջե: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ այս ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է և օգտվողների գումարները ծառայելու են համայնքին»,- նշում է քաղաքապետը: Համայնքային ավտոկայանատեղիում գործում են տարբեր սակագներ, նաև ամսական բաժանորդագրության հնարավորություն կա:«Առավոտյան 9-ից մինչև 24:00-ն մեկ ժամի արժեքը 200 դրամ է, 24:00-ից մինչև առավոտյան 9:00-ը՝ 100 դրամ, սակայն եթե ամբողջ գիշեր է մեքենան կայանում, ապա՝ 500 դրամ: Գոյություն ունի նաև ամսական բաժանորդագրություն, որի արժեքը 20 հազար դրամ է: Ի դեպ, եթե համեմատականով նայենք, ապա կենտրոնի այլ ստորգետնյա ավտոկայանատեղիների համեմատ շատ ավելի մատչելի է»,- ասում է սպասարկող ընկերության աշխատակից Սարգիս Աբրահամյանը: Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել: Կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրով։Երևանի տարբեր ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումն ու քաղաքացիներին մատչելի և թափանցիկ ծառայությունների մատուցումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Առաջիկայում նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ կկիրառվեն նաև համայնքային այլ ոլորտներում:  
14:32 - 24 հունիսի, 2021
Աջափնյակում մեծ բանդա է գործում. Հայկ Մարության |lragir.am|

Աջափնյակում մեծ բանդա է գործում. Հայկ Մարության |lragir.am|

lragir.am: Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, որ Աջափնյակում օրեցօր ավելանում են ապօրինի կիրպակներն ու շինությունները։ Քաղաքապետը նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։ «Բայց քանակն այնքան մեծ է, և այնտեղ գործում են հանցավոր խմբեր, սա ինչ-որ մարդիկ չեն։ Նամակներ են ուղարկվել և Գլխավոր դատախազին, և ԱԱԾ տնօրենին, և ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։ Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Նաև մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»,- նշեց Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ այս ամենն այսպես չի շարունակվելու, քաղաքապետարանն արդեն հստակ գծել է իր անելիքը։ «Ունենք պահեստային պլան, որն իրականացնելու ենք: Քիչ է մնացել մինչև այն պահը, որ մենք կտրուկ գործողություններ ենք անելու և իրավական մասով պինդ ենք լինելու։ Ուզում եք մի աբսուրդ պատմեմ՝ մերոնք գնում են կրպակը քանդելու, էդ կրպակի տերը զանգում է ոստիկանություն, և ոստիկանությունը գալիս է ու սկսում է պաշտպանել այդ մարդկանց»,- նշեց նա։
13:59 - 22 հունիսի, 2021
Երևանը և Դոնի Ռոստովը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել

Երևանը և Դոնի Ռոստովը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք` Դոնի Ռոստով է այցելել Երևանի պատվիրակությունը` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Պաշտոնական այցի առաջին օրը ռոստովյան գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այնուհետև Երևանի քաղաքապետն ու պատվիրակության անդամները, Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ՌԴ հարավային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` քաղաքապետարանում կայացավ Երևանի և Դոնի Ռոստովի ղեկավարների պաշտոնական ձևաչափով հանդիպումը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հնգամյա ծրագիրը: Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվեցին 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն նկատել է, որ ստորագրված փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:«Արդեն 15 տարի է, ինչ Երևանն ու Դոնի Ռոստովը եղբայր քաղաքներ են: Վստահ եմ, որ ստորագրված ծրագիրը նոր աշխուժություն կհաղորդի երկու քաղաքների փոխգործակցությանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Փորձի փոխանակման տեսանկյունից՝ շատ կարևոր են նաև փոխայցելությունները»,-նշել է Ալեքսեյ Լոգվինենկոն:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների եղբայրական հարաբերությունները լրացուցիչ կխթանեն բազմակողմ կապերի ընդլայնումը:«Վստահաբար կարող եմ նշել, որ Ռոստովը և Ռոստովի երկրամասը երկու քաղաքների համագործակցության առումով կարող են օրինակ ծառայել: Այն ուղղությունները, որոնք տեղ են գտել ծրագրում, երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում, և ես իմ հերթին կներդնեմ իմ բոլոր ջանքերը դրանք կյանքի կոչելու համար: Իսկապես կա լայն դաշտ գործակցություն ծավալելու կրթության, առողջապահության, քաղաքաշինական, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Հայկ Մարությանը:Երևանի պատվիրակության անդամները եղել են նաև Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցում: Վարդագույն տուֆով կառուցված տաճարը Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևանի) հայերի հոգևոր կենտրոնն է և կարևոր նշանակություն ունի հայապահպանության գործում:1970-ական թվականներից Դոնի Ռոստովում գործում է նաև հայ-ռուսական բարեկամության թանգարանը: Մշակութային կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու պատվիրակության անդամները շրջել են ցուցասրահներում, ծանոթացել արժեքավոր հավաքածուին: Թանգարանը մինչև 2011 թվականը գտնվել է Սուրբ Խաչ եկեղեցու շենքում, հետագայում` Հայրապետովների տանը։ Ցուցանմուշների մեջ կան հայերեն գրքեր, 18-րդ դարի կենցաղային իրեր, որոնցից առավել արժեքավորը պղնձե 47 առարկաների հավաքածուն է, որը Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ իրենց հետ Դոնի Ռոստով են բերել թերակղզու բնակիչները։
13:11 - 09 հունիսի, 2021
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-նիդերլանդական հարաբերությունների բարձր մակարդակը՝ փոխադարձ պատրաստակամություն հայտնելով նպաստել դրանց զարգացմանն ու ընդլայնմանը: Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Երևանում քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացվող աշխատանքը՝ նկատելով, որ բարեփոխումների ընթացքում զգալիորեն հաշվի է առնվում եվրոպական զարգացած քաղաքների փորձը: Դեսպան Սխերմերսն իր հերթին մատնանշել է քաղաքային զարգացման մի շարք ոլորտներում նիդերլանդական քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորությունները:
20:10 - 02 հունիսի, 2021
Քաղաքապետը hայ լեռնագնաց Աղվան Չատինյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

Քաղաքապետը hայ լեռնագնաց Աղվան Չատինյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երևանի քաղաքապեարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայկ Մարությանը հյուրընկալել է hայ լեռնագնաց, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար», Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աղվան Չատինյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը: Կարևորելով հայ լեռնագնացի երկարամյա մանկավարժական և մարզչական գործունեությունը, ինչպես նաև նշանակալի ավանդը հայկական սպորտի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը առողջություն և եռանդ է մաղթել նրան:   «Ձեր ներկայությունը մեր կողքին մեզ ուժ է տալիս, մեզ խորհուրդ է տալիս: Այնքան բան ունեք սերունդներին փոխանցելու և սովորեցնելու: Շնորհակալություն եմ հայտնում մեր ավագանու անդամներին այս որոշման համար»,- նշել է քաղաքապետը: Ինչպես նշվում է, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր ապրիլի 20-ին: Վաստակաշատ լեռնագնացի ձեռքում լուսանկարներ են, որոնցում ամփոփված վերելքները նա անձամբ ներկայացրեց քաղաքապետին: Աղվան Չատինյանը լեռնագնացությամբ զբաղվել է մինչև 1961թ.-ը: 1956թ. իրականացրել է Ուշբա-Շխելդա տրավերս-վերելքը: Հիշարժան է համարում Դոմբայ լեռների տրավերսը, որն ուներ 5-րդ կարգի դժվարություն: Դժվար վերելքներից է համարում Ամանաուզ լեռան (3530մ) վերելքը 1957-ին, քանի որ դեպի գագաթ ճանապարհն անցել են 800-900մ պատային մագլցմամբ, ինչպես նաև Էլբրուսը:
20:15 - 12 մայիսի, 2021
Երեւանի քաղաքապետը դատի է տվել ՔՏՀԱՏՄ Երեւանի տարածքային բաժնի պետին
 |armtimes.com|

Երեւանի քաղաքապետը դատի է տվել ՔՏՀԱՏՄ Երեւանի տարածքային բաժնի պետին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնի պետ Տիգրան Խեդոյանին: Տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է ապրիլի 27-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին: Քաղաքապետը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Խուդոյանի՝ 22.02.2021թ. թիվ /Ք/14.4-30 որոշումը, որով նրա նկատմամբ տուգանք է կիրառվել: Բանն այն է, որ ըստ Տիգրան Խեդոյանի, Երեւանի քաղաքապետը Տիգրան Մեծ 47/1 հասցեում շինարարության թույլտվություն է տրամադրել նախագծման թույլտվության ժամկետը լրանալուց հետո, ինչի հիման վրա էլ նա որոշում է կայացրել քաղաքապետի նկատմամբ վարչական իրավախախտում արձանագրել: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Խեդոյանի որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.6-րդ հոդվածի համաձայն՝ Երեւան համայնքի ղեկավար Հայկ Մարությանը ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 100.000 դրամի չափով:  Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։
20:40 - 28 ապրիլի, 2021
Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Երևանի քաղաքապետարանը շինարարական ծավալուն ծրագրեր է իրականացնում համայնքային մանկապարտեզներում։ Հիմնանորոգված մանկապարտեզների պայմաններին ու շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ծավալները բավականին մեծ են և ինձ գոհացնում են: 2020թ. մենք 12 մանկապարտեզ հանձնել ենք շահագործման: 2021թ. 23 մանկապարտեզ գտնվում է շինարարության մեջ, որից 10-ը կհանձնենք այս տարի, 13-ը՝ 2022թ»,- ընդգծել է քաղաքապետը: Նախագծերի իրագործման գործում մոտեցումը հստակ է, ընտրված է հիմնանորոգման տարբերակը: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներն, ի դեպ, կառուցման օրից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգվածները լուսավոր են, գունագեղ ու հարմարավետ խմբասենյակներով, ընդարձակ դահլիճով ու մարզասրահով: Հիմնանորոգման ծրագրով կարգի են բերվում տանիքները, փոխվում են դռներն ու պատուհանները, ջրահեռացման համակարգերը, ներքին հաղորդալարերը, կառուցվում են երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Իրականացվում են նաև սեյսմիկ ամրացման ու ջերմամեկուսացման աշխատանքներ: Ծրագրի ավարտին որոշ մանկապարտեզներում հնարավորություն կստեղծվի տարածքներն ընդլայնել, ինչի շնորհիվ կբացվեն նոր խմբեր։ «Շատ կարևոր է, որ մանկապարտեզների հիմնանորոգումը հնարավորություն է տալիս լուծել բազում խնդիրներ: Առաջինը սեյսմակայունությունն է. ամենակարևորն ինձ համար երեխաների անվտանգությունն է, երկրորդը՝ էներգաարդյունավետությունն ենք մեծացնում, որը ևս կարևոր է և խնայողության հնարավորություն է տալիս: Այդ գումարները տնօրենները կուղղեն գույքի թարմացմանը և անհրաժեշտ այլ աշխատանքներին»,- նշել է Հայկ Մարությանը: 23 մանկապարտեզից 8-ը կհիմնանորոգվի համայնքային բյուջեի միջոցներով, իսկ 15-ը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերով հիմնանորոգվող մանկապարտեզների համար 2021թ. համայնքային բյուջեից 2 մլրդ 100 մլն դրամ է հատկացվել: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից՝ 7 միլիոն եվրո վարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից՝ 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԶԾ միջոցով)՝ 1 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 միլիոն եվրո համաֆինանսավորում:
13:56 - 23 ապրիլի, 2021
Նպատակ ենք դրել արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ գնում կազմակերպելու փոխարեն. Հայկ Մարության

Նպատակ ենք դրել արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ գնում կազմակերպելու փոխարեն. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ: Այս մասին քաղաքապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում:   «2020-ի սկզբին մեր ստեղծած կազմակերպությունը արդեն կայացման լուրջ ճանապարհ է անցել: Ավելի քան 30 միավոր նոր տեխնիկա է ձեռքբերվել՝ ամբարձիչներ, թափոնատարներ, բեռնատարներ և այլ հատուկ տեխնիկա: Իսկ ջերմոցն ու տնկարանը մեկ տարվա ընթացքում անճանաչելիորեն փոխվել են: Նպատակ ենք դրել զարգացնել համայնքի ջերմոցային տնտեսությունը և արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ ամեն տարի ծաղիկների և թփերի գնում կազմակերպելու փոխարեն: Խնդիր ունենք մոտ ապագայում մեր ջերմոցների միջոցով 100%-ով ապահովել Երևանի պահանջարկը, ինչու ոչ, նաև բույսեր մատակարարել Հայաստանի մյուս քաղաքներին»,-գրել է Մարությանը:
14:49 - 06 ապրիլի, 2021