Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

ԱՆ-ն կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ. քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերի ծառայություններից |armenpress.am|

ԱՆ-ն կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ. քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերի ծառայություններից |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն այս շաբաթ Առողջապահության նախարարությանը կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ, սա կօգնի ապահովել պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցման շարունակականությունը: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը: Պատգամավորներից մեկը նկատեց, որ պետպատվերի շրջանակում քվոտաները վերջացել են, և ստացվում է, որ սոցիալապես անապահով կամ հաշմանդամության կարգ ունեցող անձանց բուժսպասարկումը դառնալու է վճարովի և հետաքրքրվեց ավելացման հնարավորություններով: Նախարարն արձագանքեց, որ կա դիմելիության աճ: Դա պայմանավորված է կորոնավիրուսով, կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, նկատվում է հիվանդացության աճ: «Սա համադրելի է ամբողջ աշխարհի հետ, բոլոր երկրներն էլ ունեն դիմելիության աճ: Երկրորդը՝ դա պայմանավորված է ետպատերազմական ընթացքով, որը նաև հանգեցնում է լրացուցիչ առողջապահական խնդիրների: Արված կանխատեսման համաձայն՝ մենք դիմել ենք կառավարություն, և կառավարությունն արդեն իսկ առաջիկա նիստով կհաստատի հավելյալ 5.2 մլրդ դրամի հատկացում նախարարությանը, որի արդյունքում այն ծրագրերը, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվեն հավելյալ միջոցներով, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակում»,- ասաց Ավանեսյանը: Սակայն նախարարը շեշտեց հերթագրման համակարգի պահպանման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բոլոր երկրներում ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, հերթագրման համակարգերը գործում են, և, եթե քաղաքացին չունի անհետաձգելի բժշկական օգնության կարիք, պետք է հերթագրվի և իր օգնությունը ստանա՝ առաջնահերթության կարգով: «Մեր կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այդ հերթագրումները հնարավորինս կարճ ժամկետներում լինեն»,- ասաց Ավանեսյանը: Նախարարությունն այս շաբաթ արդեն կստանա 5.2 մլրդ դրամը և կսկսի բաշխման աշխատանքները: Բայց, ընդհանուր առմամբ, նախարարության տարեկան հավելյալ միջոցների կարիքը 10.1 մլրդ դրամի շրջանակում է: Նախարարը վստահեցրեց, որ կառավարությունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ ապահովելու կարիք ունեցող քաղաքացիների բժշկական օգնությունը:
11:29 - 07 հունիսի, 2022
Անահիտ Ավանեսյանը միջազգային բարձրաստիճան ժողովին կարևորել է պատվաստանյութերի արդար և ժամանակին բաշխումը

Անահիտ Ավանեսյանը միջազգային բարձրաստիճան ժողովին կարևորել է պատվաստանյութերի արդար և ժամանակին բաշխումը

Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է աշխարհահռչակ «Kyle House Group» խորհրդատվական ընկերության կազմակերպած բարձրաստիճան ժողովին։ ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ քննարկվել են պատվաստանյութերի հասանելիության ապահովման, նորարարության և համաշխարհային արտադրության կարողությունների հզորացման կարևորությանը վերաբերող հարցեր։ «Հանդիպման մասնակիցների շարքում էին մի շարք երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի (UNAIDS), Ռոքֆելլեր հիմնադրամի, «Gavi» պատվաստանյութերի և մի շարք այլ գլոբալ առողջապահական հարցերով զբաղվող կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է պատվաստանյութերի հավասար, արդար և ժամանակին բաշխման կարևորությանը՝ բնակչությանը համավարակներից պաշտպանելու և վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համատեքստում։
22:48 - 23 մայիսի, 2022
Պետք չէ կորցնել զգոնությունն ու պետք է շարունակել պատվաստումային գործընթացը, մի շարք երկրներում Քովիդը դեռ չի նահանջում․ Անահիտ Ավանեսյան

Պետք չէ կորցնել զգոնությունն ու պետք է շարունակել պատվաստումային գործընթացը, մի շարք երկրներում Քովիդը դեռ չի նահանջում․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում:Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»:
17:14 - 23 մայիսի, 2022
Անահիտ Ավանեսյանիի ուղերձը` Բուժքույրերի միջազգային օրվա առիթով

Անահիտ Ավանեսյանիի ուղերձը` Բուժքույրերի միջազգային օրվա առիթով

Առողջապահության նախարարԱնահիտ Ավանեսյանը ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավերապես ասված է․ «Սիրելի բուժքույրեր, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական միջազգային օրվա առիթով: Երախտագիտությունս եմ հայտնում, որ չնայած մի շարք մարտահրավերների ու աշխարհն ահաբեկած համավարակի, ձեր մասնագիտական բարձր որակների, համբերատարության ու հոգատարության շնորհիվ կարողացաք կատարել ձեր առաքելությունը: Դուք առանցքային դեր ունեք հիվանդների բարեկեցության, անվտանգության պահպանման և վերականգնողական բուժման հարցերում: Անփոխարինելի էր ձեր դերը հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում. դուք աշխատեցիք առաջնագծում` ծայրահեղ ծանրաբեռնված, սթրեսային և լարված իրավիճակներում` կյանքը կորցնելու վտանգն աչքի առաջ: Առողջապահության նախարարությունը կարևորում է քույրական գործի բարեփոխումների անհրաժեշտությունը: Մենք մշակել ենք բուժքույրական գործի զարգացման ռազմավարություն, որի արդյունքում բուժքույրական ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով կկարողանանք բժշկական հաստատություններն ապահովել որակյալ մասնագետներով: Բուժքույրական ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման գործընթացներում: Գնում ենք բարեփոխումների` հստակ ուղենշելով բուժքույրերի որոշակի կատեգորիաների պայմանագրերով սահմանված նվազագույն աշխատավարձերի վերանայման,  «ծանրաբեռնված» աշխատանքի չափելիության սկզբունքների և խրախուսական մեխանիզմների սահմանման, կրթական համակարգի բարելավման, բարձրագույն կրթությամբ բուժքույրերի մոդելի ներդրման հարցերը:  Նշեմ, որ 2022 թվականի ապրիլի 15-ին կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Առողջապահություն» բաժնում ավելացել է «Քույրական գործի բակալավր» որակավորումը: Իսկ բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորությունների ստեղծման առաջին քայլն է, որի նպատակն է  բուժքույրերի դերի մեծացումը, կարողությունների բարելավումը, ներգրավումը բուժքույրական կրթության, գիտահետազոտական աշխատանքներում և միջազգային չափանիշներին համապատասխան` կրթված բուժքույրական կադրային ներուժի պատրաստումը: Սիրելի բուժքույրեր, ձեր մասնագիտական օրվա այս տարվա ԱՀԿ կարգախոսի («Ներդրումներ կատարել քույրական գործ մասնագիտության զարգացման մեջ և հարգել բուժքույրերի իրավունքները») համաձայն, ամեն ինչ անելու ենք ձեր մասնագիտական զարգացման, մասնագիտական իրավունքի վերահաստատման ուղղությամբ»։
10:59 - 12 մայիսի, 2022
Հայաստանն ԱՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել որակյալ առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով

 |armenpress.am|

Հայաստանն ԱՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել որակյալ առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն ապրիլի 28-ին ստորագրել են համագործակցության երկամյա համաձայնագիր։ Նպատակն է բոլորին հասանելի դարձնել որակյալ առողջապահությունը, առողջապահական արտակարգ իրավիճակներից արդյունավետ պաշտպանությունը:  Համաձայնագրում սահմանվում են ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև 2022-2023 թվականների համագործակցության առաջնահերթությունները, որոնց նպատակն է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը առողջապահական ազգային նպատակներին հասնելու գործում՝ սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության, գործընկերների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ:   «Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև համագործակցությունն առանցքային է, որպեսզի կարողանանք հասնել առողջապահական այն հիմնաքարային ցուցանիշներին, որոնց ձգտում է ՀՀ կառավարությունը: Ուրախ եմ նշել, որ Կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունը ներառում է առողջապահական այնպիսի ցուցանիշներ, որոնք համահունչ են համաշխարհային օրակարգին: Այս ոլորտում ԱՀԿ-ի հետ մեր ջանքերի մեկտեղումը կարևոր է ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ նպատակներին հասնելու տեսանկյունից։  Հաշվի առնելով COVID-19 համավարակի աստիճանական նահանջը, մենք, բարեբախտաբար, կարող ենք կրկին ուղղել մեր ջանքերն ու ռեսուրսները դեպի գլոբալ առողջապահական սպառնալիքներ, որոնք դեռևս առկա են: Այդուհանդերձ համավարակի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերված փորձառությունը մեզ թույլ կտան առաջիկայում առավել համակարգված պայքարել հարային առողջության ոլորտում հնարավորին վտանգների դեմ։ 2022-2023 թվականների Համագործակցության երկամյա համաձայնագրի շրջանակում առավել ուշադրություն կդարձնենք մեզ համար կարևորագույն այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական համակարգի հզորացումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունը, առողջ ապրելակերպի խթանումն», - նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Երկամյա համաձայնագիրը հիմնված է ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև երկարատև գործընկերության ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, որոնց թվում են նաև ծխախոտի դեմ պայքարը, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածությունը, արդյունավետ արձագանքը COVID-19 համավարակին, հոգեկան առողջությունը:   Այն համահունչ է հանրային առողջապահության միջազգային ռազմավարական այնպիսի նպատակներին, ինչպիսիք են ԱՀԿ Աշխատանքի եվրոպական ծրագիրը և առողջապահությանը վերաբերող Կայուն զարգացման նպատակները:  «Այսօր ստորագրված համաձայնագրով Հայաստանի օրակարգում առավել առաջնային է դառնում առողջությունը և կարևորվում է դրա նշանակությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք և զարգացման առանցքային առաջնահերթություն ավելի լավ տնտեսության, խաղաղության և անվտանգության համար։  ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը երկար և արդյունավետ է եղել, և մենք կշարունակենք աշխատել սերտորեն առաջ տանելու առողջապահական ազգային օրակարգը, առողջապահական համակարգի հզորացումը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունը, առողջ ապրելակերպի խթանումը։ Կարևորում եմ նաև պատվաստանյութերի և պատվաստումների կարևորությունը, որոնք հիմք են հանրային առողջապահական գործող համակարգերի համար»,-առանձնացրեց  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլյուգեն: Դոկտոր Կլյուգեն ընդգծեց իմունիզացիայի կարևորությունը՝ որպես հանրային առողջապահության միջոց, ինչպես նաև այն, որ դրա միջոցով փրկվել են միլիոնավոր կյանքեր և հորդորեց շարունակել համատեղ ջանքերը՝ ավելացնելու COVID-19 դեմ պատվաստումները մարդկանց, առողջապահական համակարգերը և բուժաշխատողներին պաշտպանելու համար:
15:34 - 28 ապրիլի, 2022
Կառավարության որոշմամբ՝ մայիսի 1-ից կորոնավիրուսի հետ կապված մի շարք սահմանափակումներ կվերացվեն |armtimes.com|

Կառավարության որոշմամբ՝ մայիսի 1-ից կորոնավիրուսի հետ կապված մի շարք սահմանափակումներ կվերացվեն |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ՀՀ առողջապահության նախարարության նախագիծը, ըստ որի՝ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն: Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս «Քովիդ-19» ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Ինչպես նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: «Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,- հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը: Նախարարը նշեց, որ որոշումը պայմանավորված է հետևյալ փաստերով: «Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության ընդամենը 144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32 տոկոսով, երեկ գրանցվել է ընդամենը 3 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում, և 14 օրերի  ընթացքում մենք ընդամենը 1 մահ ենք ունեցել: Հաշվի առնելով այս կայուն իրավիճակը և նաև աշխարհով համավարակի նվազման տեմպերը՝ որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել, ինչը տեղավորվում է մեր ընդհանուր քաղաքականության մեջ: Մենք համավարակի առաջին իսկ օրից շատ համաչափ և զգուշորեն ենք մոտեցել սահմանափակումներ կիրառելուն, և դրանք ուղղված են եղել միայն համավարակը զսպելու, կանխարգելելու և ժամանակ տալու առողջապահական համակարգին իր ուժերը մոբիլիզացնելու համար»,- ասաց նա։ 
12:34 - 28 ապրիլի, 2022
Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու պատգամավորների մասնակցությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և  մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և ընդգծել, որ թեև վերջին շրջանի արդյունքներով  դրական դինամիկա է արձանագրվում, այդուհանդերձ, ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։ Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև նախորդ նիստի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
10:33 - 20 ապրիլի, 2022
QR կոդերի պահանջի կանոնակարգն առաջիկայում մնալու է. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

QR կոդերի պահանջի կանոնակարգն առաջիկայում մնալու է. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Մենք Հայաստանում առողջապահական համակարգի զարգացման առումով տարեցտարի գրանցում ենք բարելավում և առաջընթաց. դա կարող եմ ասել հիմնական ցուցանիշների առումով: Թե՛ մանկական, մայրական մահացության, թե՛ կյանքի սպասվելիք միջին տևողության առումով Հայաստանը տարածաշրջանում գրավում է բավական լավ դիրքեր: Այդ մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ մենք զիջում ենք մեր հարևաններին այն առումով, թե ինչ ֆինանսական միջոցներ են ուղղվում պետության կողմից առողջական խնդիրների լուծման նպատակով: «Հայաստանում առողջապահական բյուջեն կազմում է մեր ՀՆԱ-ի 1,5 տոկոսը, որը բավականին ցածր ցուցանիշ է: Մենք աշխատում ենք առողջապահական բյուջեի բարելավման առումով՝ տարեցտարի ավելացնելով այդ բյուջետային միջոցները: Չորս տարիների ընթացքում մեր բյուջեն 81 մլրդ դրամից հասել է 114 մլրդ դրամի, որը, կարող ենք ասել, շեշտակի մեծացում է, բայց, իհարկե, այն նախընտրելի չափը չէ, որը կնպաստի նաև մեր երկրին համաշխարհային ինդեքսներում ավելի բարենպաստ ցուցանիշներով ներառվելուն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկայում համապարփակ ապահովագրության ռեֆորմը, որը տեղ է գտել Կառավարության ծրագրում, պետք է նպաստի՝ համակարգի զարգացումը հանգեցնի ավելի լավ դիրքերի: Անդրադառնալով կորոնավիրոսային սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ նախարարն ասաց, որ այս պահին ունենք համաճարակային առումով շատ բարենպաստ իրավիճակ, այդուհանդերձ, ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատանքի վայրերում QR կոդերի պահանջի կանոնակարգն առաջիկայում մնալու է:
13:58 - 15 ապրիլի, 2022
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է մեծահասակների 43.7 տոկոսը. Ավանեսյան

 |armenpress.am|

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է մեծահասակների 43.7 տոկոսը. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամբողջական դեղաչափերը ստացել է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը:  Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Այսօր ՀՀ-ում ունենք պատվաստումների հետևյալ ցուցանիշները: Պատվաստված են մեծահասակ բնակչության 49.5 տոկոսը՝ առաջին դեղաչափով և 43.7 տոկոսը՝ ամբողջական պատվաստումով»,-ասաց Ավանեսյանը: Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ից կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը սկսել է իրականացվել հանրային վայրերում, շարժական պատվաստումային կետերում, այնուհետև նաև՝ արտագնա, շարժական պատվաստումներ են իրականացվում համայնքներում, ինչպես նաև տնային պատվաստումներ՝ սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում:
16:04 - 13 ապրիլի, 2022
Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել

 |armenpress.am|

Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին հորդորում է չկորցնել զգոնությունը, պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ հիմա, երբ դեպքերը նվազել են, իմունիտետի բավարար շերտ ձևավորելու լավ հնարավորություն է ստեղծվել: Ավանեսյանն այս մասին ասաց  պատվաստումների ցածր թվերի վերաբերյալ հարցին ի պատասխան: «Երբ կորոնավիրուսային վարակի թվերն իջնում են, զգոնությունն իջնում է, ինչը միանշանակ հասկանալի է: Բայց պետք է հասկանանք, որ հենց կանխարգելիչ գործընթացներն այս ժամանակ են շատ արդյունավետ: Պատվաստումները պետք է անցնել այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել, և մենք ունենք ժամանակ, հնարավորություն՝ ձևավորելու իմունիտետի բավարար շերտը»,-ասաց Ավանեսյանը: Պետությունը շարունակում է պատվաստումային գործընթացը, շարունակվում են տնային այցերը, շարժական կետերի գործունեությունը, բոլոր պատվաստանյութերը առկա են: «Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օր առաջ պատվաստվել և պատրաստ լինել հնարավոր հետագա հիվանդացության ալիքներին»,-ասաց Ավանեսյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ պատվաստումային տեմպը հիմա ցածր է, սակայն նոր պատվաստանյութեր են ստացվում, որոնց ժամկետը կարող  է անցնել՝ նախարարն ասաց, որ կորոնավիրուսի պարագայում ճշգրիտ թվեր կանխատեսել, պլանավորում անել հնարավոր չէ: Բոլոր երկրներում էլ լինում են պատվաստանյութերի չօգտագործված խմբաքանակներ: «Բայց մենք բոլոր ջանքերը ներդնելու ենք՝ ունենալու պատվաստանյութեր և դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործելու»,-նշեց նախարարը:
16:40 - 01 ապրիլի, 2022
Առողջապահության նախարարի ամուսնու ընկերությունը արտոնություն ստացավ կառավարությունից 
 |civilnet.am|

Առողջապահության նախարարի ամուսնու ընկերությունը արտոնություն ստացավ կառավարությունից |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կառավարությունը մարտի 24-ին որոշեց արտոնություն տալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի «Իբարի» ընկերությանը։ «Իբարի» ՍՊԸ-ն զբաղվում է ջեմի, մեղրի, գինու, թեյի, մուրաբաների արտադրությամբ։ «Ընկերությունը չորս տարիների ընթացքում ստեղծել է հայկական յոթ պրեմիում բրենդներ, ինչպիսիք են Wild Hive սերտիֆիկացված 100 տոկոս օրգանական մեղրը, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմերի և մուրաբաների բերենդները, Riceman բասմատի բրենդը և Rubin նռան գինու բրենդը»,- նշված է կառավարության համապատասխան որոշման հիմնավորման փաստաթղթում։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Վրաստան և Բելառուս։ Ընկերությունը հիմնել է Ստեփան Ավանեսյանը 2017-ին։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ սկզբից նա եղել է ընկերության միակ բաժնետեր, հետագայում, սակայն, իր ունեցած 100 տոկոս բաժնեմասի 33,3 տոկոսը փոխանցել է Նիկոլայ Մխիթարյանին ու Մանե Բուդաղյանին։ Ներկայում Ավանեսյանը պահպանում է ընկերության 33,4 տոկոս բաժնեմասը։ «Իբարի» ՍՊԸ-ին կառավարությունը արտոնություն է տվել տեխնիկական սարքավորումների, դրա բաղկացուցիչ մասերի ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատելու գծով։ Ընդհանուր առմամբ, ներմուծվող սարքավորումների արժեքը կազմում է 458 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53,4 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 000 տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։ «Իբարի»-ն նախատեսում է իրականացնել 500 մլն դրամի ներդրումներ ու ստեղծել 27 նոր աշխատատեղեր՝ 170 000 դրամ միջին աշխատավարձով։ Հանրային հեռուստաընկերությունով ընկերության գործունեության մասին տեսանյութում «Իբարի»-ի բաժնետերերից Նիկոլայ Մխիթարյանը պատմում է, որ բիզնեսին մասնակցության առաջարկը ստացել է ընկերներից։ Ստեփան Ավանեսյանը նաև դեղ ներմուծող «Արֆարմացիա» ընկերության տնօրենն է եղել։ Այս ընկերության բաժնետերերից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։
15:35 - 24 մարտի, 2022
Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հետագա գործունեության ձևաչափը

Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հետագա գործունեության ձևաչափը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարտի 14-ին տեղի է ունեցել քննարկում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության հետագա գործունեության ձևաչափի, ինչպես նաև արդյունավետության բարձրացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Կենտրոնը միակն է, որ Հայաստանում իրականացնում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բժշկին վաղ շրջանում ախտորոշել ուռուցքային գոյացությունն ու մշակել բուժման ճշգրիտ մարտավարություն։ Այն միակն է նաև տարածաշրջանում, որ ցիկլոտրոն C18 արագացուցչի միջոցով անմիջապես կենտրոնում իրականացնում է իզոտոպի ստացման գործառույթ։ Մինչ քննարկումը փոխվարչապետ Մաթևոսյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ընկերության տնօրեն Նորայր Կոստանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կենտրոնում, եղել Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում և արտադրական մասում, ծանոթացել է ընկերության հնարավորություններին ու խնդիրներին։  Շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարար Ավանեսյանը կարևորել է Հայաստանում  քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում նման կառույցի գործունեությունն ու արդյունավետ կառավարումը և ընդգծել, որ ՀՀ-ում, վերջին երեք տարիներին քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ Կառավարությունը մեծ ներդրումներ է իրականացրել թե՛ հետազոտությունների շրջանակի ընդլայնման և թե՛ պետական պատվերի շրջանակում վիրահատությունների իրականացման ուղղությամբ։ Դրա արդյունքում շատ ծառայություններ հասանելի են դարձել ազգաբնակչությանը, որի արդյունքում, ըստ նախարարի, ունենք բարենպաստ ելքերով ցուցանիշների դինամիկա։ Այդ համատեքստում, կարևորվել է ոլորտի զարգացման ուղղությամբ Կառավարության ծրագրով նախատեսված քայլերի իրականացումն ու Կենտրոնի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:
17:38 - 14 մարտի, 2022
Հարազատների կողմից զոհերի դիերը չընդունելու դեպքում հնարավոր է ինչ-որ պահի պետությունը հուղարկավորություն իրականացնի |armenpress.am|

Հարազատների կողմից զոհերի դիերը չընդունելու դեպքում հնարավոր է ինչ-որ պահի պետությունը հուղարկավորություն իրականացնի |armenpress.am|

armenpress.am: Կան դեպքեր, երբ պատերազմում զոհված անձանց աճյունները նույնականացվել են կրկնակի, եռակի անգամ, սակայն հարազատները դեռևս պատրաստ չեն վերցնել աճյունները հուղարկավորելու համար, նման դեպքերում պետությունը չի բացառում, որ ինչ-որ փուլում կարող է ինքը հուղարկավորել: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել է, արդյունքները կրկնակի, որոշ դեպքերում նույնիսկ եռակի անգամ այլ երկրներում էլ հաստատվել են, և դեռ հարազատները պատրաստ չեն վերցնել աճյուններն ու հուղարկավորություններն իրականացնել»,-ասաց նախարարը: Նրա վստահեցմամբ՝ միանշանակ արտերկրում արված հետազոտությունների արդյունքները համընկնում են Հայաստանում արվածների հետ. մինչև այս պահը Նիդերլանդներ, Մոսկվա, Վրաստան, Գերմանիա, այլ մի շարք երկրներ կրկնակի, եռակի փորձաքննությունների են ուղարկվել նմուշները և դրանք 100 տոկոսով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին: «Քանի որ դա բավականին ծանր ընթացք է, կառավարությունն անում է ամեն բան, որ ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու և ի վերջո որոշում կայացնելու, հուղարկավորելու: Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակի ընթացքում պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանում»,-ասաց Ավանեսյանը:
15:16 - 14 մարտի, 2022
Թե Շտապօգնության, թե մնացած բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար |armenpress.am|

Թե Շտապօգնության, թե մնացած բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար |armenpress.am|

armenpress.am: Կառավարության ծրագրում ամրագրված է, իսկ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատում է, որ բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովեն: Ավանեսյանն այս մասին ասաց  ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցին: «Մենք պետական բյուջեից տարեցտարի ավելացնում ենք Շտապօգնության ընդհանուր բյուջեն: Ծառայության մեջ ներդրումը մշտական բնույթ է կրում: Վերջին 1-2 տարիների ընթացքում մենք թարմացրել ենք ավտոպարկը՝ թե պետության կողմից գնված նոր մեքենաներով, թե ակտիվ համագործակցության արդյունքում այլ երկրներից  կառավարական դրամաշնորհների շրջանակում գնվող մեքենաների ձեռքբերմամբ:  Մենք այս պահին, կարելի է ասել, ունենք բավարար ավտոպարկ Շտապօգնության ողջ ծառայությունը ՀՀ-ում կազմակերպելու համար»,-ասաց Ավանեսյանը: Վերջին 2 տարում, նախարարի խոսքով, պարկը համալրել են նաև ամենագնաց մեքենաներով, որոնք այսօր բավական կարևոր դեր են կատարում սահմանամերձ, լեռնային գոտիներում ծառայությունը հասանելի դարձնելու համար: «Ոչ միայն Շտապօգնության ծառայության, այլ նաև ընդհանուր առմամբ՝ թե առաջնային օղակի, թե մնացած բժիշկների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք: Եվ դա հստակ կերպով ամրագրված է կառավարության ծրագրում»,-շեշտեց Ավանեսյանը: Նախարարությունը Երևանի Շտապօգնության ծառայության բեռը թեթևացնելու համար առանձնացել է Covid ծառայության մեքենաներ, բրիգադներ, որոնք իրենց վրա են վերցրել հիմնական կորոնավիրուսով պացիենտների տեղափոխումը:
13:55 - 14 մարտի, 2022