ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |armenpress.am|

Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: «Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը...»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
11:40 - 17 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին |armenpress.am|

Ռուսաստանը կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսաստանյան պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին: Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,- ասել է Միշուստինը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում: «Գլխավորն այստեղ քաղաքացիների զանգվածային պատվաստումն է: Ռուսաստանում մենք այդ հարցերին լուրջ ուշադրությունն ենք դարձնում, շարունակում ենք օգնել նաեւ Համագործակցության գծով մեր բարեկամներին»,-նշել է Ռուսաստանի վարչապետը: Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է «գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:49 - 12 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:Նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Նիստի հարգելի մասնակիցներ,Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի կազմակերպիչներին և Գործադիր կոմիտեին կատարված մեծ և արդյունավետ աշխատանքի համար:Վերադառնալով այսօրվա նիստի օրակարգի հարցերին՝ նշեմ, որ օրակարգում ներկայացված փաստաթղթերը հայկական կողմը դիտարկում է որպես ԱՊՀ պետությունների ջանքերի դրսևորում՝ ուղղված տնտեսական փոխգործակցության խթանմանը, ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և նրանց դիրքերի ամրապնդմանը համաշխարհային համակարգում։ Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում անվտանգության ապահովման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում։ Բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրները առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում։ Ժամանակակից աշխարհում թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները համարվում են պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացման, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու, շարունակական տնտեսական աճ ապահովելու և բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելու համար առանցքային գործիքներ։ Այս համատեքստում կցանկանայի նշել մինչև 2030 թվականը ԱՊՀ պետությունների նորարարական համագործակցության միջպետական նախագծի իրականացման համալիր ծրագրի կարևորությունը։ Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների համատեղ կենտրոնների գործունեությունը, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման միջոցով տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումը կբարելավեն ոչ միայն ներդրումային միջավայրը, այլև թույլ կտան առևտրայնացնել տեխնոլոգիաները՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու նպատակով։ Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների անխուսափելի զարգացումը՝ պատշաճ ուշադրություն պետք է դարձնել մտավոր սեփականության իրավական պաշտպանության խնդիրներին։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ընդունումը թույլ կտա միավորել թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ջանքերը, հաստատել ընդհանուր մոտեցումներ և մշակել մեխանիզմներ հեղինակների և հեղինակային իրավունքի սեփականատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հայկական կողմը աջակցում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանունակության հետագա զարգացմանն ուղղված համակարգված միջոցառումների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ընդունմանը։ Նիստի հարգելի մասնակիցներ, Չեմ կարող չնշել մեր համագործակցության մշակութային ասպեկտի դերը։ Ժողովրդական արվեստի ավանդույթների, պատմամշակութային ժառանգության, արվեստի, գրականության բնագավառում ժառանգության պահպանումը, ժողովրդական արհեստների և ժողովրդական արվեստի յուրացումը մեր երկրների փոխգործակցությունը միավորող գործոններ են։Այս առումով ողջունում ենք 2022 թվականին ԱՊՀ-ում ժողովրդական արվեստի և մշակութային ժառանգության տարի անցկացնելու միջոցառոումների ծրագրի ընդունումը։Ամփոփելով նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ակտիվ և կառուցողական աշխատանքը՝ նպատակ ունենալով հետևողականորեն խթանել փոխշահավետ համագործակցությանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։Շնորհակալություն ուշադրության համար»:
16:43 - 12 նոյեմբերի, 2021
Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք. մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է: Նոյեմբերի 12-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով»,- ընդգծեց փոխվարչապետը: Փոխվարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: «Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- եզրափակեց Գրիգորյանը:
15:07 - 12 նոյեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում. պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման, ՌՔԿՊ զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարի, համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական ականազերծման, զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման, ընթացիկ տարում կայացած միջազգային բանակային խաղերի արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել ռազմաքաղաքական իրավիճակի ու անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև բարձր են գնահատել ԱՊՀ ձևաչափով ռազմական համագործակցության 30-ամյա փորձն ու զարգացման ուղղությունները: Նիստի ավարտին ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, այդ թվում նաև 2022թ. աշխատանքային պլանը:
19:27 - 10 նոյեմբերի, 2021
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սահմանազատմանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով |hetq.am|

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սահմանազատմանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով |hetq.am|

hetq.am: Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ սահմանազատման հարցով՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով։ Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ։ Մենք պատրաստ ենք սահմանազատման հարցով բանակցություններ սկսել Հայաստանի հետ ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- հայտարարել է Ալիևը։  Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանի հետ պատրաստ է նաև բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ։ «Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։ Հուսանք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,- նշել է Ալիևը։  Հոկտեմբերի 15-ին առցանց ձևաչափով ընթանում էր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով իրական կայունության ու խաղաղության: «ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ առանցքային դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
19:57 - 15 հոկտեմբերի, 2021
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

 |armenpress.am|

ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել |armenpress.am|

armenpress.am: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման 30-ամյակի կապակցությամբ մասնակից երկրների ղեկավարները հայտարարություն են արել, որի տեքստը մեջբերում Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ինչպես հետեւում Է փաստաթղթից, պետությունների ղեկավարներն ընդունում են, որ ԱՊՀ-ի ստեղծումը տեղի Է ունեցել լուրջ աշխարհաքաղաքական պայմաններում: «Երեսուն տարի առաջ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում ստորագրվեց Համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին, այդ Համաձայնագրի արձանագրությունը եւ Ալմա-Աթայի հռչակագիրը»,-ասվում Է երկրների համար պատմական որոշման մասին հայտարարության մեջ: Այսպիսով այսօր Համագործակցության երկրներն ունեն իրավական բազայի անհրաժեշտություն, որը թույլ Է տալիս կազմակերպել շահավետ փոխգործակցություն: Դրա հիմքը տնտեսական կապերն են: Լիարժեք առեւտրից Է կախված Համագործակցության քաղաքացիների բարեկեցությունը: Դրա աճի ապահովումը հնարավոր Է առաջավոր ձեւերի եւ տեխնոլոգիաների ներդրման հաշվին: Մասնավորապես, «կանաչ» տնտեսության, թվայնացման, արդյունաբերական կոոպերացման եւ ինովացիաների զարգացման միջոցով: Երկրները կարող են բարելավել լոգիստիկան, ինչպես նաեւ ավելի նպատակահարմար ձեւով օգտագործել ռեսուրսները: Վերջին հաշվով, այդ բոլոր պայմաններն ուղղված են ԱՊՀ-ի պետությունների քաղաքացիների զբաղվածությանը: Պետությունների ղեկավարները հաստատել են հետագա համագործակցությունը՝ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանի համար ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության համաձայն: Հումանիտար ոլորտում հրատապ խնդիրներից մեկը մնում Է 1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմի ընդհանուր Հաղթանակի մասին հիշողության պահպանումը: ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներg անվտանգության ոլորտում նշել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անդրսահմանային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի անօրինական արտադրությունն ու շրջանառությունը, ինչպես նաեւ հանցավոր նպատակներով տեխնոլոգիաների օգտագործումը: Ամփոփիչ տեքստում նաեւ արտացոլված Է անհանգստությունը կորոնավիտրուսի համաշխարհային համավարակի կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:16 - 15 հոկտեմբերի, 2021
ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում |armenpress.am|

ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նոր նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում: Հոկտեմբերի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ - գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ ամփոփելով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները: «ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարվա հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում»,- ասել Է Լեբեդեւը: Ըստ որում նա չի բացառել, որ մինչեւ Նուր Սուլթանի գագաթնաժողովը կարող են կայանալ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներ: «Այսօր դրան խանգարում Է համավարակը, բայց մենք բոլորս շատ վստահ ենք, որ վերջ ի վերջո մենք կարող ենք հաղթահարել այդ հիվանդությունը եւ կրկին կվերադառնանք այն իրադրությանը, երբ կկարողանանք հանդիպել անմիջակա ձեւաչափով: Եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, ապա ես խորապես համոզված եմ, կհետեւեն նաեւ ԱՊՀ-ի պետություններիի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներ»,- նշել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:06 - 15 հոկտեմբերի, 2021
Վարչապետ Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները

Վարչապետ Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին, որին մասնակցել են նաև ԱՊՀ երկրների առաջնորդները: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իր ելույթում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Անկախ պետությունների համագործակցության այս հոբելյանական տարում նախագահությունն իրականացնում է Բելառուսը, որը, չնայած մի շարք համաճարակաբանական սահմանափակումներին, գործադրել է բոլոր ջանքերը համագործակցությունը խթանելու համար: 30-ամյակը լավ առիթ է կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու, կազմակերպության հետագա զարգացման ուղիները նախանշելու համար: Կազմակակերպության դերն ու կարևորությունը տարբեր փուլերում տարբեր կերպ են դիտարկվել: Մենք աջակցում ենք ԱՊՀ ստեղծման 30-ամյակի կապակցությամբ Հայտարարությունը: Այն տալիս է ոչ միայն կազմակերպության գործունեության գնահատականը, այլ նաև նախանշում է դրա հետագա զարգացման ուղղությունները: Նախանշված են փոխգործակցության ուղիները, այդ թվում` «կանաչ» տնտեսության, թվայնացման, արդյունաբերական կոոպերացիայի, նորարարական տեխնոլոգիաների, բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կիրառման, փոքր և միջին բիզնեսի աջակցության ուղղությամբ: ԱՊՀ ուժեղ կողմերից մեկը միշտ եղել է հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը, որը, ի թիվս այլ բաների, կապ է ապահովում անցյալի և ապագայի միջև: Դրա վառ ապացույցն է, օրինակ, «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» ամենամյա երիտասարդական մրցույթը, որը վերջերս անցկացվեց Հայաստանի Սյունիքի մարզի մարզկենտրոնում՝ Կապան քաղաքում: Մենք ուրախությամբ աջակցում ենք Մոլդովայի Կոմրատ քաղաքը՝ 2023 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշմանը: Մենք նաև աջակցում ենք քաղաքացիների կենսաբանական անվտանգության, միգրացիայի և ընտրական իրավունքների պաշտպանության և Համագործակցության անդամ երկրների ընտրական ինքնիշխանության երաշխիքների մասին հայտարարությունները: Հարգելի գործընկերներ, Օգտվելով առիթից՝ կցանկանայի կիսվել ձեզ հետ անցյալ տարվա պատերազմից հետո մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներով և ձեզ ծանոթացնել դրա ապագայի վերաբերյալ իմ պատկերացումներին: Ինչպես բոլորդ գիտեք, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման: Մոսկվայի միջնորդական ջանքերի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ` նրա անվտանգությունն ապահովելու համար: Ռուսաստանի Դաշնությունը և նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր խաղացին 44-օրյա պատերազմն ավարտելու գործում: Նրանք այսօր ևս մեծ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Մենք շնորհակալություն ենք հայտնում այս ջանքերի համար և լիովին կիսում ենք այն փիլիսոփայությունը, որի վրա դրանք հիմնված են: Մեր տարածաշրջանն այսօր գտնվում է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության ցուցաբերման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և հանգեցնել իրական խաղաղության ու կայունության պայմանների ստեղծմանը: Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականի հետ: Հայաստանի կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան»: Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը: Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ: Այս առումով, ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանն հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները: Թշնամանքի և ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին: Երկխոսությունը և, ցավոք, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին: Այս համատեքստում, շատ կարևոր է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք աշխատում ենք բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ և հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթգծային և ավտոմոբիլային կապի ճանապարհ Ռուսաստանի հետ և երկաթուղային կապ Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ երկաթգծային և ավտոմոբիլային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով: Շատ կարևոր է նշել, որ մենք աջակցում ենք տրանսպորտային հաղորդակցության բացման այն սցենարները, որոնք կդառնան ոչ թե մեկուսացման և թշնամանքի, այլ խաղաղության հաստատման խորհրդանիշներ և միջոցներ: Հարգելի գործընկերներ, Տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ ցանկացած առաջընթացի հասնելու համար չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որում դրանք քննարկվում են: Այստեղ պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց: Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն: Այս համատեքստում, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին այն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որոնք տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն՝ հումանիտար վտանգ են ներկայացնում: Կան այլ գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում մեր տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա: Մասնավորապես, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, ավարի պուրակի գոյության վրա: Նման պրակտիկա կար. այցելուները կարող էին «հիանալ մանեկեններով», որոնք պատկերում էին գերեվարված, սպանված կամ արյունահոսող հայ զինվորներին: Առավել ցավալի է, որ այնտեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ ադրբեջանցի դպրոցականների համար, ովքեր հպարտությամբ սելֆիներ են անում և տեղադրում դրանք սոցիալական ցանցերում: Օրերս մենք իմացանք, որ մանեկեններն ու մեր մահացած զինվորների սաղավարտները հանվել են պուրակից, և սա, առնվազն, վատ չէ: Տևական խաղաղության հասնելու մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը: Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը, և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը: Այստեղ պետք է նշեմ, որ առկա խոչընդոտները հաղթահարելու համար շատ կարևոր է բարենպաստ մթնոլորտը: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն այն սահմաններում, որոնք վերջերս խախտվել են Ադրբեջանի կողմից և որտեղ գրեթե պարբերաբար կրակոցներ են հնչում: Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի Սոթք-Խոզնավար հատվածը: Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում իրականացնել զինված ստորաբաժանումների հայելային դուրսբերում` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը, որն օրինականորեն հիմնավորված է և գրանցված է ԽՍՀՄ քարտեզներով: Այս սահմանի երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ և/կամ միջազգային դիտորդներ: Այս սխեման ստացել է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, և մենք սպասում ենք այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը: Հարգելի գործընկերներ, Իհարկե, հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Այդ նպատակով մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Վերջին ամիսներին համանախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Համանախագահների գործունեության համատեքստում գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Մենք ողջունում և գոհունակությամբ նշում ենք ԱԳ նախարարների երեկվա հանդիպումը, որը տեղի է ունեցել Մինսկում՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ նշած բոլոր ուղղություններով: Մենք համոզված ենք, որ այս բոլոր խնդիրների լուծումը զգալի առաջընթաց կապահովի մեր տարածաշրջանում երկարատև և տևական խաղաղության պայմանների ստեղծման գործում: Եվ պետք է նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով խոսակցության սկիզբը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում: Այս առումով, պետք է նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին: Սիրելի բարեկամներ, Չեմ կարծում, որ այս հարթակը հարմար վայր է մեր համատեղ պատմությունը վերլուծելու համար: Տեղեկացնեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայցեր են ներկայացրել Հաագայի միջազգային դատարան, որտեղ գործընթացն այժմ սկսված է: Կարծում եմ, որ այդ գործընթացի համատեքստում կարելի է բարձրաձայնել այն բոլոր մեղադրանքները, որոնք ունի Հայաստանը: Համենայն դեպս, մենք պատրաստվում ենք դա անել և հիմնավորել մեր դիրքորոշումը ԼՂ հակամարտության գործընթացում: Չեմ կարող չարձագանքել թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին հայտարարությանը, որը, ինչպես նշվեց, «կազմակերպվում է» Հայաստանի և Իրանի կողմից: Ցանկանում եմ նշել, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Կարող եմ ներկայացնել նաև թվեր, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով կալանավորումների և առգրավված թմրանյութերի քանակն աճել է երեք, չորս և նույնիսկ ավելի անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինները շատ սերտորեն և արդյունավետորեն համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Հարգելի գործընկերներ, Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով Մինսկից նախագահության անցումը Նուր-Սուլթանին, ցանկանում եմ մաղթել Ղազախստանին հաջող նախագահություն, ինչում, վստահ եմ, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ և՛ մասնակից պետությունները, և՛ ԱՊՀ գործադիր կոմիտեն՝ հարգարժան Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ: Շնորհակալություն ուշադրության համար»։
16:47 - 15 հոկտեմբերի, 2021
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ռազմագերիների հարցին |armenpress.am|

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ռազմագերիների հարցին |armenpress.am|

armenpress.am: Ղարաբաղյան պատերազմի դադարեցմանն ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների վերադարձին, ամբողջությամբ չի կատարվել: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր ռազմագերիներին, գերիներին և այլ պահվող անձանց: «Սա զուտ հումանիտար հարց է, և մենք հույս ենք հայտնում, որ խնդիրը շուտափույթ կլուծվի: Այդ համատեքստում ցանկանում ենք վստահեցնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել ականապատ այն տարածքների քարտեզները Ադրբեջանին տրամադրելու գործընթացը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում ու իրենցից ներկայացնում են հումանիտար սպառնալիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ կան այլ գործոններ ևս, որոնք բացասաբար են ազդում առանց այն էլ տարածաշրջանում առկա լարված իրավիճակի վրա: Նիկոլ Փաշինյանը խորհրդի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի մայրաքաղաքում բացված ռազմական պուրակի վրա: «Այնտեղ այսպիսի պրակտիկա կար, այցելուները «հիանում էին» գերի վերցված, սպանված հայ զինվորներին պատկերող մանեկեններով: Այնտեղ կազմակերպվում էր էքսկուրսիա աշակերտների համար, որոնք հպարտությամբ հրապարակում էին իրենց ինքնանկարները սոցիալական ցանցերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար կարևոր է սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հայաստանը պատրաստ է սկսել այդ գործընթացը և այդ հարցում ակնկալում է Ռուսաստանի և այլ միջազգային գործընկերների աջակցությունը: «Դժվար է պատկերացնել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սահմաններին, որոնք վերջերս խախտել է Ադրբեջանը, որտեղ, գրեթե կանոնավոր կրակոցներ են: Մասնավորապես, ես նկատի ունեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային այն հատվածը, որն անցնում է Սոթք-Խոզնավար հատվածով: Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում կատարել զինված ստորաբաժանումների հայելային հետքաշում՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագիծը՝ իրավաբանորեն հիմնավորված և ամրագրված Խորհրդային Միության քարտեզներով: Այդ սահմանային երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ: Այդ սխեման ունի Ռուսաստանի աջակցությունը, և մենք սպասում ենք աշխատանքների վերսկսմանն այդ ուղղությամբ: Հարգելի գործընկերներ, իհարկե, գլխավոր հարցը մնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Դրա համար մենք կարևոր ենք համարում բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասաց ՀՀ վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ համանախագահները վերջին ամիսներին բազմիցս ընդգծել են ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ կարևոր քայլ կլինի համանախագահների տարածաշրջան, Լեռնային Ղարաբաղ սպասվող այցը: «Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ կողմից նշված բոլոր ուղղություններով: Մենք վստահ ենք, որ այդ բոլոր խնդիրների իրականացումը կապահովի էական առաջընթաց տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Եվ ուզում եմ նկատել, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի հետ երկխոսության սկսումը ևս մեկ գործոն է, որը կարող է այս հարցում կատալիզատորի դեր տանել: Այս համատեքստում նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ աջակցելու այդ պրոցեսին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
14:24 - 15 հոկտեմբերի, 2021
Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել եռակողմ մեխանիզմները սահմանային միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար |armenpress.am|

Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել եռակողմ մեխանիզմները սահմանային միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով կայունության ու խաղաղության: Փաշինյանը նման կարծիք է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում: ՀՀ վարչապետը նկատեց, որ շնորհիվ ՌԴ-ի ջանքերի, 2020 նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում: Համաձայն եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ում տեղակայվեցին  ռուս խաղաղապահներ՝ ապահովելով անվտանգությունը: «ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ էական դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,-ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տարածաշրջանը վերափոխումների շեմին է կանգնած ու քաղաքական կամքի պարագայում կարող է փոխվել այսօր եղած պատկերը՝ բերելով խաղաղություն ու կայունություն:   «Մենք պատրաստ ենք այդ փոփոխություններին: Ավելին, դա համընկնում է մեր կառավարությունը տեսլականին: Կառավարության նպատակներից է խաղաղության դարաշարջանի բացումը: Կան գործոններ, որոնք հարցականի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացը: Չնայած քաղաքական բոլոր ջանքերին, մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին: Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում խաղաղություն ու կայունություն մեր երկրում, և այդ պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Մենք վճռական ենք տրամադրված և կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես հասնենք այդ նպատակին՝ երկխոսություն և թշնամանքի մթնոլորտի աստիճանաբար հաղթահարում, որը, ցավոք մեր տարածաշրջանում գոյություն ունի, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում. դա այն միակ ճանապարհն է, որը կբերի այդ նպատակին»-ասաց Նիկոլ Փաշինյանը:  Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը կարևոր համարեց այն բոլոր պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:    Նա տեղեկացրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, աշխատանք է տարվում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց հասնել կոնկրետ արդյունքների մոտ ապագայում: Դա նշանակում է, որ Հայաստանը կունենա ավտոմոբիլային և երկաթգծային կապ Ռուսաստանի, երկաթգծային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը կունենա երկաթգծային կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով:
13:43 - 15 հոկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կարևորել  է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը

Արարատ Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կարևորել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին: Միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կառույցի հետագա զարգացման համատեքստում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, մանրամասն քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԳ նախարարներն ամփոփել են կազմակերպության հիմնադրումից ի վեր՝ անցած երեսուն տարիների ընթացքում, իրականացված աշխատանքները և իրագործված ծրագրերը, դիտարկել են ԱՊՀ զարգացման հեռանկարները և գործունեության առաջնահերթ ուղղությունները: Նիստի ընթացքում անդրադառնալով կառույցի հետագա զարգացմանը՝ նախարար Միրզոյանը ընդգծել է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը։  Վերոնշյալը շեշտվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում։ Կարևորելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։  ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք հաջորդ օրը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։ Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2022թ. ծրագիրը, Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը, Ահաբեկչությանը և ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդման խնդիրների հետազոտության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպություն ստեղծելու որոշումը  և այլ փաստաթղթեր: 
20:16 - 14 հոկտեմբերի, 2021