Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփական սխալների վրա սովորելուց. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ուսանողներին

Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփական սխալների վրա սովորելուց. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ուսանողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ.   «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,   Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝ 2015 թվականից ի վեր մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր:   Պետության խնդիրն է մշտապես աջակցել և խրախուսել ուսանողներին և երիտասարդներին՝ նրանց ներուժն ու տաղանդը բացահայտելու, գաղափարներն իրագործելու ճանապարհին: Այսօր ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտների նշաձողը բարձրացնել՝ հնարավորություն ստեղծելով դեպի երազանք տանող ճանապարհը դարձնել դյուրին, իսկ տաղանդը, գիտելիքն ու հմտությունները ներդնել հանրային կյանքի առաջընթացում:   Մենք ունենք ոգևորող միտում՝ գիտության երիտասարդացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթներով ֆինանսավորման երաշխավորված նախագծերում ընդգրկված հետազոտողների կեսից ավելին երիտասարդ են: Ընդ որում՝ տարբեր գիտական նախագծերում աշխատող երիտասարդ գիտնականների մոտ 30 տոկոսը գիտական խմբերի ղեկավարներ են:   Շարունակաբար երիտասարդներին տրամադրվում է դրամաշնորհային աջակցություն՝ արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու նպատակով:   Ուսանողների և գիտնականների համար որակյալ և արդիական կրթական և հետազոտական միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է նաև ակադեմիական քաղաքի կառուցումը, որը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը:   Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփական սխալների վրա սովորելուց. մաղթում եմ կամք և համառություն՝ իրականացնելու ձեր ամենահավակնոտ գաղափարները և նախաձեռնությունները»:
19:22 - 16 մայիսի, 2024
Կստեղծվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ, որը կկառավարի ՀՀ-ում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները
 |1lurer.am|

Կստեղծվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ, որը կկառավարի ՀՀ-ում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 2018-ի համեմատությամբ մի քանի անգամ մեծացրել է սպորտին ուղղվող պետական միջոցները: Երևանում և մարզերում սպորտի զարգացման նպատակով մեծ ինտենսիվությամբ կառուցվում են նոր մարզակառույցներ: Վերջիններիս միասնական գույքային կառավարման, սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ կառավարման նպատակով առաջարկվում է ստեղծել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 16-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Առաջարկվում է նոր ստեղծվող ՓԲԸ-ին հատկացնել Երևանում գործող «Միկա» մարզահամալիրը և Արմավիրի մարզում գործող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Շինարարություների ավարտից հետո այս կառույցի կառավարմանը կհանձնվեն նաև ընթացքում գտնվող մյուս մարզակառույցները: «Այսիպիսով՝ ընկերությունը կլինի միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոն, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները»,- ասաց նախարարը: Սպորտի ռազմավարությամբ նախատեսված է, որ բոլոր խոշորացված համայնքները պետք է ունենան տիպային մարզահամալիրներ, մեծ թվով շինարարության գործընթացներ հենց այս պահին ընթացքում են, և, ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս գործընթացի արդյունքում ոչ թե առանձին ՊՈԱԿ-ներ կստեղծվեն, այլ բոլոր գույքերի կառավարումը կհանձնվի վերոնշյալ ՓԲԸ-ին: Ըստ Անդրեասյանի՝ կլինի նաև կառավարման խորհուրդ, որում կընդգրկվեն շահագրգիռ կառույցների, նաև սպորտի ոլորտի ներկայացուցիչները: Խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ քանի որ սպորտի ոլորտում մեծ ներդրումներ են արվում, այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում, որ ներդրումները կառավարվեն մի կենտրոնից: «ՓԲԸ-ին պետք է հստակ ուղերձ տանք, որ կառավարել սպորտային ենթակառուցվածքը՝ նշանակում է նաև լավ կառավարիչ գտնել»,- ասաց նա և ուշադրություն հրավիրեց  աշխատանքային քննարկումներում հնչած այն մտահոգության վրա, թե շատ մարզական կառույցների կառավարում պետք է արտապատվիրակվի մասնավոր ընկերություններին՝ դրանով իսկ ներդնելով պետություն-մասնավոր գործընկերության սխեմաներ, հակառակ դեպքում՝ կձախողվի գործը: Անդրեասյանը արձագանքեց՝ մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափեր պետք է ներդնել, ապա հավելեց՝ մասնավորի կողմից մեծ հետաքրքրություն կա մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման մասով: Մասնավոր ոլորտի մասնագիտացված ընկերությունների կողմից նույնիսկ առաջարկ ու պատրաստակամություն կա՝ համաֆինանսավորման եղանակով մասնակցելու կառուցման բուն գործընթացին:
13:28 - 16 մայիսի, 2024
Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում: Ներկայացնելով բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որտեղ մեծ տեղ է հատկացվում ԲՏՃՄ և օտար լեզուների ուղղությամբ կրթությանը: Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են ուսումնական հաստատությունների կառավարմանը, ուսումնական հաստատություններում սովորողների կրթության որակի բարձրացման վրա ազդող գործոններին և սովորողների ուսումնառության մոտիվացիայի բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կրթությանն ու իսպաներենի ուսուցմանն առնչվող հարցերին: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Իսպանիայի ԻԹ կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիան ստորագրել են սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր: Փոխըմբռնման հուշագրի միջոցով կողմերը կզարգացնեն իրենց հարաբերությունները սպորտի ոլորտում՝ հաշվի առնելով, որ սպորտն ամուր հենասյուն է բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման համար։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու սպորտային բժշկության, ​հակադոպինգային գործունեության, ​խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման, սպորտի ոլորտում մասնագետների և ղեկավարների վերապատրաստման, երիտասարդ մարզիկների ձևավորման, սպորտում կանանց ներգրավվածության բարձրացման և այլ ուղղություններով: Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սպորտի կառավարման մոդելի զարգացմանը և այդ համատեքստում քննարկվել իսպանական փորձի ուսումնասիրության հնարավորությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է իսպանական կողմի՝ Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցությունը:  
12:51 - 10 մայիսի, 2024
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի  տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել  Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում  ներկայացրել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն ու հարուստ պատմական ժառանգությունը և փաստել, որ  Մատենադարանը հին ձեռագրերի վերականգնման հարուստ փորձ ունի։ Կողմերը քննարկել են համատեղ ցուցահանդես կազմակերպելու, համագործակցության հուշագիր ստորագրելու հեռանկարները` փաստելով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու  հասատատակամությունը։ Նախանշվել է գործընթացին տարբեր երկրների հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների ընդգրկելու կարևորությունը։
13:03 - 09 մայիսի, 2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ԻԹ մշակույթի նախարարի և գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղարի հետ: Մադրիդ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելի կրթական ու մշակութային մի շարք հաստատություններ, այդ թվում՝ Մադրիդի Կոմպլուտենս համալսարան, որտեղ գործում է Հայագիտության ամբիոն:
12:04 - 08 մայիսի, 2024
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու
 |1lurer.am|

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող, բայց հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչներին վերապատրաստվելու կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կտա: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 2-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց, որ 2011-ին, «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն, սահմանվեց, որ ուսուցչի կրթական նվազագույն աստիճանը պետք է լինի բարձրագույնը: Այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում օրենքի պահանջներին, կարող էին շարունակել մասնագիտական գործունեությունը մինչև 2018-ի օգոստոսի 20-ը: 2018-ին վերջնաժամկետը երկարացվեց մինչև 2023-ի օգոստոսի 20-ը: «Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն իրագործելու համար: Ու չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, համակարգում դեռևս շարունակում էր մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել, և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»,- պարզաբանեց Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց նաև, որ 2021-ից ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգ, համաձայն որի՝ բաձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման շեմը հաղթահարելու դեպքում կշարունակեին աշխատանքը: «894 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, նախորդ տարի դիմեցին կամավոր ատեստավորման: Նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում են ատեստավորված, շարունակում են իրենց ուսուցչական գործունեությունը, և նաև բարձրացված վարձատրություն են ստանում, բայց մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչի գործունեությունը»,- տեղեկացրեց նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանք դեռ հնարավորություն ունեն կա՛մ ստանալ բարձրագույն կրթություն, կա՛մ հաղթահարել ատեստավորման շեմը: «Քննարկումները ցույց են տալիս, որ որպեսզի այս երկու եղանակներից որևէ մեկից օգտվեն, մեր մանկավարժները կարիք ունեն աջակցության կա՛մ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի փոխհատուցման տեսքով, կա՛մ կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետութան կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու տեսքով: Այս նախագծով առաջարկում ենք օջանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որպեսզի կա՛մ փոխհատուցենք նրանց՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարը, կա՛մ մասնակցության հնարավորություն տանք նշված վերապատրաստմանը»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ գոհ է, որ Կառավարությունը նման ծրագիր է իրականացնում, ապա հավելեց՝ ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն ունենալու մասին պահանջը հաստատվել է 2011-ին, և որ քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր է: «Մեր քաղաքականությունների, որոշումների վրա պետք է, ոչի՛նչ, մի քիչ երկար մտածենք, բայց երբ որոշումը կայացվում է, որոշումները պետք է իրագործվեն, և սա զարգացման շատ կարևոր գրավական է և շատ կարևոր նախապայման»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց՝ այսօրվա կրթության մակարդակն է որոշում, թե աշակերտը հասուն տարիքում բարեկեցության ինչ մակարդակում է լինելու: Նախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետ է լինելու դիմում ներկայացնելու համար՝ կա՛մ վերապատրաստման ծրագրին ներգրավվելու, կա՛մ բուհում իրենց կրթությունը ստանալու: Բուհ ընդունվածների առաջին կիսամյակի վարձը կփոխանցի Կառավարությունը, երկրորդ կիսամյակից սկսած՝ կգործի ՄՈԳ-ի նվազագույն շեմ, այն է՝ կարևոր կլինի բարձրագույն կրթություն ստացող ուսուցչի առաջադիմությունը: «Չենք կարող առանց առաջադիմության գործոնը հաշվի առնելու շարունակել օժանդակությունը»,- ասաց նախարարը:
12:04 - 02 մայիսի, 2024
2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան |arm.sputniknews.ru|

2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ–ում բուհական ընդունելության գործող կարգը, սկզբունքները վերանայում են, մշակվում են նոր սկզբունքներ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը։ Նա նշեց, որ Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն կան ըստ այդ նոր չափորոշիչների ավարտող առաջին շրջանավարտները։ «Տավուշի մարզի շրջանավարտները հնարավորություն կունենան դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով ընդունվել բուհ։ Սա նրանց համար հավելյալ հնարավորություն է»,– նշեց նախարարը։ Նա նաև նշեց, որ տավուշցի շրջանավարտների համար ընդունելության թեստերը կիրառվեն նոր ձևաչափով, իսկ 2026 թվականից այս համակարգը կգործի հանրապետության բոլոր շրջանավարնտների համար։ «Նոր թեստերի առաջադրանքները հնարավորություն կտան ձևավորել տրամաբանական մտածողություն, այլ ոչ թե տարներ շարունակ շտեմարաններով ու թեստերով անգիր անելու, վարժեցնելու հմտությունները։ Թեստերը կստուգվեն ինքնաշխատ եղանակով, այսինքն մարդկային գործոնը բացառված է»,– նշեց Անդրեասյանը։ Նա ավելացրեց, որ դպրոցական ավարտական փուլում դեռ երեք պարտադիր քննություն կա` հայոց լեզու–գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, կան նաև որոշ կարգավորումներ ազգային փոքրամասնությունների ու ռուսերենով ուսուցման համար։ «Այս տարի նախատեսում ենք ներառել բոլոր առարկանները, և շրջանավարտները հնարավորություն կունենան կամընտրությամբ հանձնել այն առարկան, որը իրենց պետք է բուհ ընդունվելու համար։ Պետք է գնանք նրան, որ ընդունելության քննություններն իրականացվեն համակարգչային եղանակով, այլ ոչ թե թղթով, ինչպես հիմա է»,– ընդգծեց նախարարը։ Անդրեասյանի խոսքով` պետք է աստիճանաբար գնան այն մեխանիզմին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջ, որպեսզի դիմորդները բավարարեն դրանք։ Բացի այդ, ավագ դասարաններում կան կրեդիտային համակարգ ու հիմա մեր որոշ բուհեր աշխատում են դպրոցների հետ, որպեսզի ընդունելության ժամանակ հաշվի առնվեն նաև կրեդիտները։
17:27 - 25 ապրիլի, 2024
Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի
 |1lurer.am|

Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի |1lurer.am|

1lurer.am: Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը:  Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 18-ի նիստին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: «Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող անձինք հիմնականում դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր: Զարգացման ծրագիրը փորձաքննվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում դրական շեմը հաղթահարած, ծրագրեր ներկայացրած հավակնորդներն արդեն գալիս են հարցազրույցի, որն իրականացվում է նախարարությունում լիազոր մարմնի հետ համատեղ»,- ասաց նախարարը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ միջինում մոտ 15 տոկոսն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85 տոկոսը դրական գնահատական չի ստանում, և այս 15 տոկոսից էլ շուրջ 60 տոկոսն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ինչն ըստ նախարարի նշանակում է՝ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա: Արձաքանգելով որոշման նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաճախ դպրոցներում խնդիրներ են ծագում, որոնք տեղում պետք է լուծել գրություններ գրելու փոխարեն: «Դպրոցների կառավարման և՛ տնօրենների, և՛ վարչատնտեսական մասի ղեկավարների կառավարչական հմտություններ, մարտավարական և ռազմավարական պատկերացումներ ունենալը շատ կարևոր բան է»,- ասաց Փաշինյանը:   Որոշման նախագծով առաջարկվող կարևոր փոփոխություններից է նաև այն, որ կանոնադրության փոփոխություններով ամրագրվում է կրթահամալիրների՝ համայնքային կենտրոններ լինելու գաղափարը: «Այժմ կանոնադրությամբ հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ՝ հետևելու կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոն գործելու հանգամանքին, մասնավորապես, պետք է հաստատվի մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը: Պետք է ապահովվի, որպեսզի այստեղ մենք իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքին ու բնակիչներին լիարժեք տրամադրելու, ըստ անհրաժեշտության՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»,- ասաց նախարարը: Առանձին կհաստատվի նաև հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնների կանոնադրությունը: «Մենք մեր հատուկ դպրոցները, որոնք դեռևս գործում են, նպատակ ունենք վերածել ռեսուրս-կենտրոնների, որով նրանք ոչ թե երեխաների կրթություն կիրականացնեն առավելապես, այլ կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն մեր հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և այդ դպրոցներում իրենց կրթությունը ստացող երեխաների համար, ինչպես նաև կվերապատրաստեն համապատասխան մասնագետներին»,- ասաց նա:
12:06 - 18 ապրիլի, 2024
Քննարկվել են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում կրթության զարգացման հեռանկարները

Քննարկվել են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում կրթության զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է շվեյցարական «Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևային՝ քննարկելու զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցման ուղղությամբ երկկողմ համագործակցության հնարավորությունները:   ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ակտիվ շրջափուլում է գտնվում: Բարեփոխումների շրջանակում մեծապես կարևորվում են միջազգային բուհերի հետ համագործակցության խորացումը, միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական և կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատումը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի հատակագիծն այժմ մշակվում է: Անդրադառնալով կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցումը Հայաստանի համար ակտիվ զարգացող ուղղություն է, և այս ոլորտում, հաշվի առնելով նաև տնտեսության զարգացման առաջնահերթությունները, կրթական ծրագրերի բովանդակային բարելավումը կարևոր է: «Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել զբոսաշրջության և հյուրընկալության ուղղություններով իրենց կողմից իրականացվող կրթական ծրագրերը: Վերջին 4 տարիներին մի շարք հայ ուսանողներ կրթություն են ստացել «Glion/Les Roches» ինստիտուտում: Յուլիա Տոկարևայի խոսքով՝ հայ շրջանավարտների բացարձակ մեծամասնությունը կրթությունը ստանալուց հետո վերադառնում է Հայաստան՝ մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով: «Համագործակցում ենք տարբեր երկրների կառավարությունների հետ՝ կրթական ծրագրերի ռազմավարություն մշակելու նպատակով: Հայաստանը, իսկապես, մեծ հեռանկարներ ունի տուրիզմի և հյուրընկալության զարգացման առումով. ունեք գեղեցիկ երկիր, համեղ ուտելիքներ և հյուրասեր մարդիկ, որոնք հյուրընկալության զարգացած ոլորտ ունենալու կարևոր նախադրյալներ են: Մասնագիտական որակները հայրենիքի զարգացման գործում ներդնելու առումով հայ ուսանողները, իսկապես, օրինակելի են: Յուրաքանչյուր տարի շուրջ 20 ուսանող ենք ունենում Հայաստանից, որոնք ուսումնառության ավարտից հետո հիմնականում վերադառնում են Հայաստան»,- ասել է Յուլիա Տոկարևան: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երիտասարդ մասնագետների մասնակցությունը երկրի ու տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետական քաղաքականությունը միտված է նրանց գործունեության համար նպաստավոր միջավայրի ապահովմանը: Նախարարի խոսքով՝ ստեղծվել են համագործակցության և սոցիալական գործընկերության նոր ձևաչափեր, որոնք նպատակ ունեն կրթության կազմակերպման գործում ներգրավելով մասնավոր հատվածին՝ պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ կադրեր: ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն առաջարկել է դիտարկել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում ուսումնական պլանների մշակման ուղղությամբ հնարավոր փոխհամագործակցությունը: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել խթանել միջբուհական համագործակցության ընդլայնումը:
18:26 - 16 ապրիլի, 2024
Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև

Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև

Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համագործակցության փաստաթղթեր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև: Ոլորտային երկկողմ փաստաթղթերի վավերացմանը նախորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև համատեղ հայտարարության ստորագրումը՝ երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, կատարելագործման և բովանդակային համալրման նպատակով: Ստորագրված համատեղ հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, նշված է նաև, որ կողմերը պարտավորվում են համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև կազմակերպել «Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ.» և «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ.» միջոցառումները: Նախատեսվում է նաև աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Նախատեսվում է ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Կողմերը նաև դրական են գնահատել Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը: Երկուստեք ընդգծվել է նաև Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրության և տարածման նպատակով մշակութային հարթակի գործարկման կարևորությունը: Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ վերջինիս են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն հին ձեռագրերը:
16:50 - 15 ապրիլի, 2024
Դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա. ԿԳՄՍ նախարար
 |1lurer.am|

Դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Ես կարծում եմ, որ մենք վերջին շրջանում նաև պարբերաբար տեսնում ենք, որ կեղծ նման տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, և կարծում եմ, որ մեր ծնողները և դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցների վերաբերյալ Տելեգրամով տարածվող տեղեկություններին:  «Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: Տելեգրամյան ալիքներում նշված կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է: Ամբողջ իրավիճակն այդ իմաստով գտնվում է շատ լուրջ ուշադրության և ուսումնասիրության ներքո, և այս պահին անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում, և կարծում եմ, որ նաև մեր մեդիադաշտի տարբեր փորձագետներ տարածեցին նաև պարզ տեղեկություններ, թե ինչպես կարելի է համոզվել այդ տեղեկատվության կեղծ լինելու մեջ, օրինակ՝ տեսնելով, որ այն լուսանկարները, որ տարածվում էին, կրկնում են ճիշտ նույնությամբ մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվության տեսանկյունից: Մենք պետք է հասկանանք, որ երբ որ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, դա մեզնից հեռու իրականություն չէ, դա մեր իրականությունն է, և այստեղ մեդիագրագիտության դերն եմ շատ կարևորում, և կարծում եմ, որ մեր երեխաները, դպրոցում սովորելով մեդիագրագիտության պարզ կանոնները, տեղեկատվության ճիշտ և կեղծ աղբյուրները պետք է կարողանան տարբերակել»,- նշեց նա: Նախարարն ասաց, որ դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա: «Մենք ունեցել ենք ծնողների կողմից անհանգստություն, ծնողները, բնականաբար, այդ տեղեկությունները կարդալով և դրանք ընդունելով իբրև իրական՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, բայց ուսումնական պրոցեսը առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է: Մենք կապի մեջ ենք քաղաքապետարանի կրթության վարչության, դպրոցների հետ, և, կարծում եմ, որ այս իմաստով որևէ անհանգստանալու բան չկա»: Խոսելով դպրոցների անվտանգության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ընդհանրապես դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ինչպես նաև ուսումնական մյուս հաստատությունները այդ իմաստով միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: «Կարծում եմ՝ այստեղ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին, նրանք ամբողջությամբ իրավիճակին տիրապետում են, եթե լրացուցիչ քայլի կարիք լինի, բնականաբար, շատ պատշաճ ժամանակում կտեղեկացնեն, բայց նորից եմ կրկնում՝ ակնհայտ է արդեն իսկ, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ տեղեկատվություն է, հետևաբար այս պահին ես որևէ անհանգստանալու հիմք չեմ տեսնում, իրավապահներն էլ, կարծում եմ՝ մեզ ավելի հստակ տեղեկատվություն օրվա մեջ կփոխանցեն»: Նախարարն ընդգծեց, որ դպրոցներ ելումուտը խիստ կանոնակարգված է. կողմնակի անձանց մուտքը դպրոցներ դասապրոցեսի ընթացքում չի թույլատրվում, թույլատրվում է միայն կոնկրետ այն դեպքերում, երբ որ կոնկրետ անձի հետ կա տեսակցություն կամ հանդիսանում է երեխայի ծնող, օրինական ներկայացուցիչ: «Պետք է նաև ամրագրենք, որ մեր դպրոցները, համաձայն նաև միջազգային ամենատարբեր հետազոտությունների, համարվում են անվտանգության տեսանկյունից ամենաապահով դպրոցներից աշխարհում»,- նշեց նա: «Գիտեք, որ մեր դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունների ենք գնացել և վարչատնտեսական կառավարումը առանձնացրել ենք, այս պահին դիտարկում ենք անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը, որը պետք է լավ մշակվի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
12:26 - 12 ապրիլի, 2024
Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան

Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։ Հանդիպմանը քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ հաջողությամբ ընթանում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական ծրագիրը: Ըստ նախարարի՝ ընդլայնվում է հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցումը, ինչը նշանակում է, որ աշակերտները ոչ միայն ֆրանսերեն են ուսուցանում, այլև ֆրանսերենով սովորում Ֆրանսիայի պատմություն, աշխարհագրություն և այլ առարկաներ։ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է նաև ֆրանսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատությունների թիվը։ ԿԳՄՍ նախարարը գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը` առաջարկելով այս ուղղությամբ փորձի փոխանակում կազմակերպել։ Անդրադառնալով երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել հայ-ֆրանսիական երկկողմ ճանաչողական այցեր Ֆրանսիայի և Հայաստանի համայնքային երիտասարդական կենտրոններ։ Միաժամանակ, առաջարկվել է դիտարկել փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերի և իրավական ակտերի մշակման ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Նիկոլ Բելուբեն նշել է, որ համագործակցության առաջարկները բավականին հետաքրքիր են և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել առկա համագործակցությունը։ Նախարարը հայ գործընկերոջը ներկայացրել է Ֆրանսիայում գործող հանրակրթական դպրոցների կառավարման մոդելները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Փարիզ կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել նաև Քե դը Օրսեյի թանգարանի տնօրենի պաշտոնակատարի և Լուվրի տնօրենի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Օրսեյի թանգարանում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։ Ժաննա Անդրեասյանն Օրսեյի տնօրինությանն առաջարկել է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությանը՝ նշելով, որ այն ավանգարդի և իմպրեսիոնիզմի հարուստ հավաքածու ունի։ Քննարկվել են նաև Այվազովսկու և Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսները կազմակերպելու հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանի հաջորդ հանդիպումը Լուվրի թանգարանի տնօրեն Լորանս դը Կարսի հետ էր, որին ներկա էր նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան՝ ներկա լինելու Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» նոր ցուցադրության բացմանը, ինչպես նաև տեղում քննարկելու համադրվող ցուցադրության ցուցանմուշների հարցերը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
11:48 - 06 ապրիլի, 2024
Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի  շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, ոչ նյութական ժառանգության պահպանության, մշակութային բազմազանության խրախուսման վերաբերյալ։ Այս համատեքստում խոսվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին` կարևորելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքի իրացման հարցերը։ Էռնեստո Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության և աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է հակամարտությունների արդյունքում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելություններին և վերականգնմանը մասնակցելու առումով։  Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրներ և Որոտանի հովտի հարակից տարածքներ» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար: Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ «Վերականգնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում մարտ ամսին ավարտվել է Մատենադարանի մասնագետների այցը Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն՝ նշելով, որ հայկական կողմը կարևորում և խրախուսում է Մատենադարանի ներգրավումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերում։ Նախարարը նաև կարևորել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի  բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։ Այդ համատեքստում նախարարը հաստատել է, որ 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկազմակերպվի համերգ՝ նվիրված ֆրանսահայ շանսոնյե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Շառլ Ազնավուրին, իսկ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված նշյալ կոնվենցիայի կիրարկմանը:  Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին՝ Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հյուրընկալելու և միջոցառումներին մասնակցելու համար։ Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Քննարկումները ծավալվել են Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների, մշակույթի և արվեստի կրթության նոր ձևաչափի, Աբու-Դաբիի որոշումների, ինչպես նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի շուրջ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան փաստահավաք առաքելություն այցի արդյունքների մասին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի կազմակերպումն էր։ Նախարարն առանձնահատուկ կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում: Ստեֆանիա Ջանինին ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անչափ կարևոր է, քանզի հատկապես փախստական և բռնի տեղահանված երեխաները հատուկ աջակցության և ուշադրության կարիք ունեն։ Քննարկման ընթացքում նաև շեշտել է մշակութային կրթության վեկտորի զարգացման Հայաստանի հանձնառությունը: Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանը բազմաթիվ կրթական, այդ թվում՝ ներառական կրթության հաջողված ծրագրեր և  նախաձեռնություններ ունի՝ առաջարկելով իրականացնել փորձի փոխանակում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել նաև «խաղաղ կրթության» ապահովումը տարածաշրջանում, որն առանձնակի նշանակություն ունի ՀՀ-ի համար` նշելով, որ այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը կարևոր է: Նախարարը հաջորդաբար հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ էր։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և կրթության ոլորտներին վերաբերող կոնվենցիաների աշխատանքներին: Նա նաև կարևորել է երիտասարդության հարցերով ոլորտային համագործակցության զարգացումը` ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը։ Գաբրիելա Ռամոսը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մասին` ներկայացնելով երիտասարդության, ռասսայական խտրականության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը։  Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ-ում մշակվում է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ակնկալում են ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական եզրակացությունը: «Մեզ համար հետաքրքրիր է նաև ընդդեմ խտրականության և ռասիզմի դեմ պայքարի շրջանակում համագործակցության ծավալումը, քանի որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում «Խաղաղ կրթություն»  կարգախոսով և փորձում է առաջ մղել այդ գաղափարը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Գաբրիելա Ռամոսն ընդգծել է, որ երիտասարդական քաղաքականություն իրականացնելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևորում է միջմշակութային երիտասարդական ծրագրերի իրականացումը,  և այս առումով ՀՀ փորձը շատ հետաքրքիր է։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:49 - 05 ապրիլի, 2024
«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն՝ արժևորելով Փարաջանով արվեստագետին և նրա թողած ժառանգությունը։ Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ աջակցության և ներկաներին՝ մասնակցության համար, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի հանդիսատեսին և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»։ ԿԳՄՍ նախարարն առանձնակի արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության պահպանության և մշակութային բազմազանության խրախուսման գործում։ Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Վալերիե Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում մեկնաբանվել է Փարաջանովի ֆենոմենը՝ արժևորելով նրա ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով Փարաջանով-ազգագրագետին, սցենարիստին և ռեժիսորին: Նրանք ընդգծել են Փարաջանովի հանճարը՝ ԽՍՀՄ-ում նման խորհրդավոր, ազատ և խորը մտածողությամբ ֆիլմ ստեղծելու առումով: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։ Փարիզ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Քե Բրանլի Ժակ-Շիրակ թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի նախագահ Էմանուել Կազարարեուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Քննարկվել են Քե Բրանլի թանգարանում հայկական ցուցանմուշների ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր համագործակցության այլ ձևաչափերի՝ փորձի փոխանակումների, մասնագիտական վերապատրաստումների և գորգերի ցուցադրության կազմակերպման հետ կապված հարցեր։ Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Անահիտ Միքայելյանի գլխավորությամբ, «Նռան գույնը» ֆիլմի դերակատար Լևոն Աբրահամյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։
11:51 - 04 ապրիլի, 2024
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և այլք: ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում կարևորել է միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ դրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում հաշվի առնելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել դրա ենթակառուցվածքների տեղադիրքին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջական հատակագիծը, որն այժմ գտնվում է մշակման և նախագծման փուլում: Նախագծի հայեցակարգի շրջանակում զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում նաև լանդշաֆտային դիզայնի, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո ծրագրի իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին բարձր են գնահատել նախագծի շուրջ իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարելով համարձակ, հավակնոտ և գրավիչ: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում: Նախագծի իրականացումը կարևորվել է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավվածության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ակադեմիական քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ են լինելու: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հետաքրքրվել է նախագծվող քաղաքի հանրակացարանային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներից՝ շեշտելով, որ դրանք առաջնային անհրաժեշտություն են: Նշենք՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով դիտարկվում է առանձին աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը: Ակադեմիական քաղաքի նախագծման և հայեցակարգի ձևավորման արդյունավետության նպատակով համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ կրելու է շարունակական բնույթ:
13:07 - 28 մարտի, 2024