ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները

Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը: Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող և հանրությանը որպես «հրթիռների գործ» մատուցվող քրեական գործով դեռևս 09.04.2024 թվականին ավարտվեց ևս մեկ դատավարական փուլ և դատարանի կողմից հայտարարվեց դատաքննության ավարտ: Դեռևս նախաքննության սկզբնական փուլում նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տարածած հայտարարություններով. /https://www.sns.am/hy/news/view/639 // https://www.sns.am/hy/news/view/640)/ հանրության մոտ նպատակաուղղված ձևավորվել է մեղադրական տպավորություն հրթիռների վիճակի, ձեռքբերման արժեքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ, ինչը հանգեցրել է իմ և գործով անցնող մյուս անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հանրային ընկալման ձևավորմանը: Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ նշված իրավիճակին տրված այն գնահատականը, որ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է ձևավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում, ինձ իրավունք եմ վերապահում արդեն իսկ հրապարակված տեղեկատվության սահմաններում անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքների: Մինչ այս պահը դատաքննության ընթացքում հետազոտված և ներկայացված մեղադրանքի հետ որևէ աղերս չունեցող ապացույցներին ավելացան նաև վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում դատավորի կողմից հանրային մեղադրողի և մեղադրյալների մասնակցությամբ զննված գործով 3 տարի առաջ իրեղեն ապացույց ճանաչված անթերի վիճակում գտնվող ռուսական արտադրության հրթիռները, որոնց վիճակը էապես տարբերվում է հանրությանը դրանց վերաբերյալ ներկայացված տպավորությունից: Զննության ընթացքում դատավորի կողմից անտեսվել է իմ կողմից հայտնված մեղադրական եզրակացության մեջ նշված հրթիռների ամբողջ քանակը զննելու վերաբերյալ դիրքորոշումը: Դատավորի կողմից անտեսվել է նաև իմ կողմից ներկայացված միջնորդությունը՝ տեղում զննել նաև նույն խմբաքանակով ներմուծված և ԶՈՒ հաշվեկշռում լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով օգտագործման ժամկետները երկարաձգված հրթիռները և դրանք համեմատել սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված հրթիռների հետ: Դատարանի կողմից չապահովվեց նաև փորձագետի մասնակցությունը զննության գործընթացին, որի մասնակցությամբ իրեղեն ապացույցները զննելու նպատակով իմ կողմից մտացածին հնարավոր ապօրինի ազդեցությունը զսպելու ռիսկը դատարանի կողմից առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար դրվել է ինձ կալանքի տակ պահելու որոշումների հիմքում: Մինչդեռ, շուրջ երկու ամսվա ընթացքում դատարանին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել ԶՈՒ-ից զորացրված փորձագետին: Զննության արդյունքներով հոդս ցնդեցին հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները, իսկ դատավորի վերոնշյալ վերաբերմունքից կարելի է մեկ հետևություն անել. հրթիռների միայն մի մասի զննությունն էլ վերջինիս համար բավարար էր դրանց իրական վիճակի վերաբերյալ ներքին համոզմունք ձևավորելու համար: Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»:
Այսօր 10:21
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները
 |arm.sputniknews.ru|

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը` նշելով, որ 2 միջնորդություն էր ներկայացվել։ «Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Տոնոյանի խափանման միջոցը փոխելու և խափանումն առհասարակ վերացնելու միջնորդությունները»,- ասաց նա։ Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։
17:35 - 18 ապրիլի, 2024
ՊՆ-ն կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը |civilnet.am|

ՊՆ-ն կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Կառավարությունն ապրիլի 18-ին ընդունելու է որոշում, որով թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն՝ այս հիվանդություններով զորակոչից զորակոչ ազատվող անձանց թիվն ամեն տարի աճել է։ Այսպես՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանշաններով եթե 2020-ին ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը հասել է 321-ի։ Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների՝ կիստաների ախտանշաններով ոչ պիտանի ճանաչվելու հնարավորությունը ևս վերանում է։ «Նշված ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունների արդյունքները։ Մասնավորապես, 2023-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների կողմից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ են ներկայացվել ավելի քան 1 400 ՄՌՏ հետազոտության տվյալ, որոնցից 737-ի դեպքում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Նոր կարգավորմամբ վերը նշված երեք ախտանշանների դեպքում անձինք ոչ թե կճանաչվեն ոչ պիտանի, այլ կհամարվեն զինծառայության համար սահմանափակումով պիտանի։
10:34 - 18 ապրիլի, 2024
«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակ |azatutyun.am|

«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, «Ազատությանը» հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: «Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր, կայուն», - նշել է նա: Ապրիլի 12-ին ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվել հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնեց 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:
17:59 - 16 ապրիլի, 2024
Նախաքննությամբ հերքվել է «Ուրալ»-ի վթարի՝ որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ

Նախաքննությամբ հերքվել է «Ուրալ»-ի վթարի՝ որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։ Մասնավորապես առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։ Հաշվի առնելով առկա շահարկումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։       Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 15 ապրիլի, 2024
ՊՆ հաշվեկշռում առկա և շահագործվող բոլոր տեսակի մեքենաների ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն․ պաշտպանության նախարարություն

ՊՆ հաշվեկշռում առկա և շահագործվող բոլոր տեսակի մեքենաների ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն․ պաշտպանության նախարարություն

 «Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ՊՆ-ն հայտնում է, որ ՊՆ հաշվեկշռում առկա և ԶՈՒ կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:  Այդուհանդերձ, ՊՆ-ն հայտնում է, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:  Հիշեցնենք, որ «Ազատության» հետ զրույցում երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ի վթարից տուժածի մայրն էր ասել, որ «զինվորներն են իրենց գումարով այդ «Ուրալ»-ները վերանորոգել․ «Քանի անգամ պատահել է նման դեպք։ Եղել է, ասել է, որ պատահել է, որ մաս է պակասել, մաս է պետք եղել, իրենք վերցրել, տարել են ու վերանորոգել ավտոմեքենան։ Բայց, ասում է՝ մեկը սարքում էինք, մեկն էր փչանում, էն մեկը սարքում էինք, էն մեկն էր փչանում։ Ի՞նչ պետք է անեին էս երեխեքը։ Թող զինվորին լավ նայեն։ Եթե նման անսարք տեխնիկա են օգտագործում, թող գոնե սարքին լինի։ Քանի՞ նման զոհ ու վիրավոր պիտի բերեն դաս չեղավ ոչ մի անգամ։ Ցավը շատ մեծ է, շատ բան կարող եմ ասել, բայց չեմ ուզում, թող իրենք իմանան», - նշել էր նա։
20:16 - 13 ապրիլի, 2024
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի՝ մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի՝ մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։ Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։ ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։ Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
21:38 - 12 ապրիլի, 2024