ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ են, որտեղ ժամանեց Լիտվայի նախագահը

Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ են, որտեղ ժամանեց Լիտվայի նախագահը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Այնտեղ ժամանելու է Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը:   Ցուցարարների նպատակը, ըստ Գեղամ Մանուկյանի, քաղաքական բողոք արտահայտելն է, իրենց պահանջը ներկայացնելն է, որ «Նիկոլը չունի որևէ մանդատ բանակցելու Արցախի հարցում, Հայաստանի հարցում, և եվրոպական երկրները աչքերը փակ են պահում այն բռնատիրկան գործողությունների դեմ, որ կան Հայաստանում»: Մանուկյանը նաև նշեց, որ իրենց բողոքը ներկայացնում են քաղաքակիրթ: Լիտվայի նախագահի՝ մեքենայից իջնելու պահին ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկո՛լ, դավաճան», «Դավաճա՛ն», «Ամո՛թ»: Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին մոտենալ շենքին, նրանք դիմացի մայթին են: Հիշեցնենք, որ երեկ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Սաղաթելյանը հայտարարել էր, որ նամակով դիմել են Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։ 
10:28 - 20 մայիսի, 2022
Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում

Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում

Ազգային ժողովն այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում  և «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում։ Նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ասաց՝  ԱՊՀ կառավարությունների կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, Անկախ պետությունների մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թ․-ի նոյեմբերի 30-ի համաձայնագրում։ «Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է 2021 թ․-ի մայիսի 6-ին և ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2021 թ․-ի հունիսի 21-ից։ Նշված արձանագրության դրույթներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել «Թմրամիջոցների, հոգեմետ և հոգեներգործուն նյութերի մասին» օրենքը լրացնել նոր՝ Թմրանյութերի, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի «ածանցյալներ» հասկացությամբ, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքի մի քանի նոր հոդվածներում «ածանցյալ» բառը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածման հակելը, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության համար քրեական պատասխանատվություն նախատեսելու նպատակով»։ Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 0 դեմ ձայներով։
16:35 - 19 մայիսի, 2022
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 11 ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի

 |factor.am|

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 11 ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի |factor.am|

factor.am: Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։ Ըստ այդմ նախատեսվում է աջակցություն ստացած 37 անձանց 11 ամսվա համար՝ ամսական 68000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300,000 դրամ և ամսական՝ 68000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել 28,724.0 հազ դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
15:41 - 19 մայիսի, 2022
Կհստակեցվի զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով միջոցառման շահառուների շրջանակը

Կհստակեցվի զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով միջոցառման շահառուների շրջանակը

Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման նշանակման և վճարման ընթացակարգերը սահմանելու նպատակով: Ըստ այդմ, մասնավորապես,  հստակեցվում է միջոցառման շահառուների շրջանակը, ըստ որի զոհված զինծառայողի ծնողը միջոցառման շահառու է համարվում նաև այն դեպքում, երբ չի բավարարում համապատասխան որոշմամբ սահմանված պայմանին (կնոջ տարիքը 42-ից ավելի), սակայն փոխնակ մոր ծառայություններից օգտվել է 2021 թ. հունվարի 1-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և երեխան արդեն ծնվել է: Հստակեցվում է նաև տրամադրվող փոխհատուցման չափը, մասնավորապես, այն դեպքերում, երբ շահառու ծնողը օգտվել է փոխնակ մոր ծառայությունից 2021թ. հունվարի 1-ից հետո՝ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը և երեխան արդեն ծնվել է։ Այս դեպքում, փոխհատուցման չափը կազմում է այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,750,000 դրամը։ Որոշմամբ  սահմանվում են խնդրո առարկա միջոցառման շրջանակներում փոխհատուցման նշանակման և վճարման հետ կապված ընթացակարգերը, մասնավորապես՝ դիմումը ծնողը կարող է ներկայացնել անձամբ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կամ այլ անձի միջոցով: 
15:10 - 19 մայիսի, 2022
Կառավարությունը գումար հատկացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու համար

Կառավարությունը գումար հատկացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու համար

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում 79 միլիոն 800 հազար դրամ հատկացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության  ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու համար։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում  իրականացվող պետական աջակցության ծրագրերը բավական լավ արդյունքներ են արձանագրել․ «Դրանք բավականին լուրջ խթան են հանդիսանում և լավ պայմաններ առաջարկում պոտենցիալ շահառուներին։ Պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ իրականացվել են  հանրային իրազեկման աշխատանքներ, այդ թվում՝ տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում, տեղեկատվություն է տարածվել սոցիալական հարթակներում, զանգվածային լրատվության միջոցներով, կազմակերպվել են նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ հարցազրույցներ՝ առանձին ծրագրերի վերաբերյալ։ Իրականացված աշխատանքների շնորհիվ շահառուները տեղեկացվել են պետական աջակցության ծրագրերի մասին, ներգրավվել որպես շահառուներ և օգտվել ծրագրերից»։ Նշվում է, սակայն, որ կա իրազեկվածության պակաս, հատկապես մարզերում. տնտեսավարող սուբյեկտների մեծ մասը տեղյակ են իրականացվող ծրագրերից, սակայն իրազեկված չեն այդ ծրագրերի շահառու դառնալու համար անհրաժեշտ քայլերին և կամ ծրագրերի պայմաններին․ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային իրազեկման լայնածավալ և շարունակական աշխատանք, հասցեական տեղեկատվություն տրամադրել ծրագրերի կարևորության, նպատակների, խնդիրների և սպասվելիք արդյունքերի մասին, բացատրել ծրագրերից օգտվելու օգուտները՝ հետաքրքրություն, շահագրգռվածություն առաջացնելով  շահառուների շրջանում և ապահովելով բոլոր շահառուների ներգրավումը գործընթացում»։
13:49 - 19 մայիսի, 2022
Առաջարկվում է ավելացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով

Առաջարկվում է ավելացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և կից նախագծում լրացումներ կատարելու նախագծին, որով առաջարկվում է հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով բարձրացնել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը։ Արդարադատության  փոխնախարար Գրիգոր Մինասյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ Դրանով Վճռաբեկ դատարանի  և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կագավիճակին և պատասխանատվությանը։ «Վճռաբեկ դատարանն իրականացնում է կարևոր սահմանադրական առաքելություն, նպաստում է իրավունքի զարգացմանը, ապահովում է դատական պրակտիկայի միասնականությունը։ Այն  իր գործի բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում  առնչվում է իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը։ Սահմանադրական դատարանն էլ, իր հերթին, ապահավում է իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության ամբողջական և միակերպ ընկալում ու սահմանադրական օրինականությունը և որոշում է կարևոր օրենսդրական նախաձեռնությունների ճակատագրեր»։ Նախարարն ասաց՝ առաջարկվում է ավելացնել վերջիններիս վարձատրությունը ՝նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարները վերանայելու միջոցով։ «Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80%-ի չափով։                     Որպեսզի նախագծի ընդունման արդյունքում ՍԴ դատավորների կենսաթոշակի չափն իր հերթին զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30%-ը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30%-ը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ նմանատիպ որոշումները առաջին հերթին կայացնում են ոչ թե հանուն դատավորների, այլ քաղաքացիների․ «Շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում բռնում եք դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն եք բարձրացնում, և ես ինչպես նախկինում այս վերաբերյալ որոշումների քննարկման ժամանակ ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ, որովհետև արդարությունը և պատշաճ արդարադատությունը ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք։ Սա ունի և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ իրավական նշանակություն, որովհետև մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին»։
12:42 - 19 մայիսի, 2022
Կառավարությունը 790 միլիոն դրամ տրամադրեց մարզպետարաններին

Կառավարությունը 790 միլիոն դրամ տրամադրեց մարզպետարաններին

Կառավարությունը այսօր սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 790 միլիոն 165 հազար դրամ հատկացրեց Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության որոշմամբ 2021 թվականին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի   1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով: «ՀՀ 25 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագրերի (որոնցից 26-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 3-ը՝ 2020-ին) գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ կառավարությունը սուբվենցիոն փաթեթները փուլային տարբերակով է ֆինանսավորում և ամեն փուլի ֆինանսավորումը կառավարության նիստ է մտնում․ «Պետք է անընդհատ նաև հանրային հաշվետվողականությունը ապահովենք և հույս ունեմ, որ մեր հանրային կապերի հարցով զբաղվող ստորաբաժանումները նաև արձագանքներ կհավաքեն մարզերից, թե մարդիկ ինչքանով են բավարարված կատարված աշխատանքների որակով։ Եթե կլինի նեգատիվ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, արդեն համապատասխան վերահսկող մարմինների միջոցով նաև այդ վերահսկողությունը կիրականացնենք»։  
12:07 - 19 մայիսի, 2022
Կենսաթոշակառուները ու նպաստառուները հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կստանան

Կենսաթոշակառուները ու նպաստառուները հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կստանան

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշոկառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության» նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ  ծրագրի համաձայն  այս տարվա հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշոկառուները ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից․ «Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության  գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են հինգական տոկոս համամասնությամբ»։ Նախարարը տեղեկացրեց նաև, որ մինչև հունիսի 1-ը նախարարությունը կայքէջում կհրապարակի գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ ծրագիրը փորձնական 6 ամսով են նախատեսում անել։ «Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ հնարավորություններ ու թերություններ կան ու դրանք հընթացս գուցե ավելի լավարկենք»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց՝ կան նպաստառուներ, որոնք նպաստը կանխիկ եղանակով են ստանում, սակայն դիմելու դեպքում նրանց նույնպես բանկային քարտեր կտրամադրվեն։
11:44 - 19 մայիսի, 2022
ՀՀ վարչապետն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրենին

ՀՀ վարչապետն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն  Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հետաքրքրված է նախագծով և առաջարկել առաջիկայում շարունակել քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ նախագծի իրականացման հնարավորությունները գնահատելու և համապատասխան գործողությունների «ճանապարհային քարտեզ» մշակելու նպատակով:
17:06 - 17 մայիսի, 2022
Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որում, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսով հանդես եկան և հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  Infocom-ը թեմայի շուրջ զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանի հետ։  Նազարյանը ընդգծում է՝ «Գիտուժ» նախաձեռնությունը ակտիվ  գործունեությունը սկսել է 44-օրյա պատերազմից հետո․ «44-օրյայից հետո վիճակը շատ սուր դարձավ: Մեր գլխավոր պահանջն այն էր, որ կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն ստանձնի, որ գիտության մեջ ներդրումները աճեն, լինեն անընդհատ ու երկարաժամկետ, ոչ թե միայն խոսքով, այլ նաև օրենքով դա պետք էր ամրագրել՝ ՀՆԱ-ի 1%-ը գիտությանը։ «Գիտուժի» վերջին հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ակնհայտ շեշտադրում կա պաշտպանական ոլորտի վրա, անվտանգության վրա, ինչպես նաև ահագին հարցեր ավելի բացված տեսքով ենք բարձրացրել, որովհետև զգում ենք, որ մեկ-երկու տողով պահանջը  հատկապես հանրության մոտ գուցե հստակ չհասկացվեց»։ Խաչիկ Նազարյանը նկատում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որ 3-4 տարի առաջ է ձևավորվել, արդեն 4 ղեկավար է փոխել, իսկ ԲՏԱ-ի ենթակայությամբ գործող Ռազմարդյունաբերության կոմիտեն 2 տարի է՝ ղեկավար չուներ․ «Այս ամենը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես անհասկանալի է։ Արդեն դժվար է ասել, որ չկարողանալուց է, չիմացությունից է։ Շատ վատ ենթադրություններ խուսափում եմ անել, որ դա դիտմամբ է, որովհետև նմանվում է թշնամական գործողության։ Ամեն դեպքում, ենթադրությունն այն է, որ կամ չեն գիտակցում դրա կարևորությունը, կամ գիտակցում են, բայց չեն կարողանում անել։ Երկուսի դեպքում էլ արդարացումը զրո է, որովհետև գոյաբանական հարցի մասին ենք խոսում ու հապաղել ընդհանրապես չի կարելի, ինչ պատճառ էլ լինի, անընդունելի է»։ Նա նշում է, որ գուցե խնդիրները բարդ են, սակայն բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան և կան մարդիկ, որոնք կարող են աջակցել այդ հարցերում․ «Պոզիտիվ ենթադրությունն այն է, որ ամեն դեպքում գիտակցում են։ Մեր շփումներում, իրենց հրապարակային հայտարարություններում գիտակցության նման բան կա, գոնե բանավոր խոսքում։ Ստացվում է երկրորդը՝ գիտակցում են, չեն կարողանում անել։ Չկարողանալու դեպքում խնդիրը բարդ է, գուցե փորձառու չեն, գուցե շատ կադրեր չեն համաձայնում աշխատել, այդ բոլորը հասկանալի է, բայց բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան։ Մեծ խնդիրը չես վերցնում, որ կորես մեջը։ Փոքրացնում ես խնդիրը, մասնատում ես, հասկանում ես գոնե 1-2 ակնհայտ քայլեր, որ սա որ անես, երևի ճիշտ ուղղությունն է։ Կամ եթե ներուժ չունես, գոնե լսում ես համայնքին, իրենց բախտը բերել է, որ գոնե այս հարցում ահագին խելոք մարդ է հավաքվել իրար գլուխ, ուզում է օգնած լինի»,-ասում է նա՝ հավելելով՝ ամեն ոլորտում չի, որ նման կոնստրուկտիվ հասարակական շարժում կա, որը սրացումների չի գնում։  2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 750 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։  Անդրադառնալով այս հանգամանքին՝ Խաչիկ Նազարյանը նշում է՝  սա գիտության թեմատիկայի մեջ ամենասուր հարցը պետք է լիներ Հայաստանում․ «Ղեկավարի չլինելը գուցե առարկայական չհասկացվի, ինչ-որ մարդիկ ասեն՝ լավ, ղեկավար չկար, բայց ժամանակավոր պատասխանատու կար, բայց մենք դրա հետևանքը տեսնում ենք ձեր բերած հարցի մեջ։ Ավելի ահավոր է վիճակը, երբ լսում ես արդարացման փորձերը, որ դե ծրագիր ներկայացնող չկա, ո՞նց ծախսենք, մենք փորձում ենք էֆֆեկտիվ ծախսել, սա հանրային գումար է․․․․ Դու հենց դրա համար ես, կառույցը դրա համար է, հակառակ դեպքում Պաշտպանության նախարարության վրա կմնար, ինքը կնստեր, կսպասեր ծրագիր ներկայացնեին։ Դու՝ որպես Ռազմաարդյունաբերության կոմիտե, որը ձևավորվել է լրիվ ուրիշ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեջ, հենց դրա համար ես»։ Նրա խոսքով՝ գուցե սկզբում ներդրումները պետք է  արվեն միջավայրի ձևավորման համար, և այս հարցում Ռազմարդյունաբերության կոմիտեն ագրեգացիոն դեր ունի․ «Արդյոք դու բացահայտե՞լ ես, թե ինչն է խանգարում, երկիրը «յուրահատու՞կ» է, ոչ ոք չի՞ ուզում, մեր ձեռներեցները, բիզնեսմենները գժվե՞լ են, չեն ուզո՞ւմ ոչմիբանի մասնակցել, մենք «յուրահատո՞ւկ» ենք։ Ո՛չ։ Խանգարող բաներ կան, գուցե բյուրոկրատիայի հարցն է, գուցե «տոլերանտ» չեն ինովացիայի նկատմամբ, այսինքն՝ միայն պատրաստի բաներ եք ուզում, ինչպես անում էր ՊՆ-ն, բայց այդ կառույցի՝ կոմիտեի ձևավորման բուն նպատակին հակասող արդարացում է, որ դե ծրագրեր չկան, դրա համար բյուջեն վերաբաշխվեց»։  «Գիտուժի» անդամն ասում է՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հնարավորություններ կան, իսկ եթե պատասխանատու մարմինների կարծիքով՝ այդ պոտենցիալը չկա, ապա պետք է գործունեություն ծավալել այն ձևավորելու համար․ «Ես տեխնոլոգիական համայնքից եմ, գուցե կողմնակալ վերաբերմունք ունենամ, բայց այո, ես այդ պոտենցիալը տեսնում եմ։ Եթե իրենց տեսանկյունից նայենք, եթե նույնիսկ տեսնում են, որ պոտենցիալ չկա կամ թույլ է, որևէ ձևով չի արդարացնում իրենց մոտեցումը, որովհետև եթե չկա, ներդրումները հենց պետք է անել պոտենցիալի ձևավորման համար։ Եթե այդ պայմաններում դու մտածում ես, որ պոտենցիալ չկա ու մի հատ էլ գումարը վերաբաշխում ես, փոխանակ մտածես՝ բա լավ, ինչ անել, որ այդ պոտենցիալը ձևավորվի, այդ  պոտենցիալը հո մանանա՞ չի, որ երկնքից իջնի, դրանք մարդիկ են, որ ունեն այդ գիտելիքը, գործ պետք է անես, որ այդ պոտենցիալը առաջանա։ Գուցե ավելի սուր է հարցը, եթե պոտենցիալը կա, բայց չի օգտագործվում, բայց նույնիսկ  եթե այն ծայրահեղությունն  է, որ պոտենցիալը չկա, շատ լավ, արդար է, բա ո՞ւր է ձեր գործունեությունը, որ այդ պոտենցիալը ձևավորվի։ Եթե հուսահատվել եք, որ անհույս է, հնարավոր չի ունենանք, բյուջեն զրոյացրեք, հստակ ասեք, որ մենք սրանով չենք զբաղվելու, մեր պաշտպանությունը, անվտանգությունը ձևավորվելու է ինչ-որ հրաշքով»,-ասում է նա՝ նշելով՝ երկրում այլ շատ հարցեր կան, սակայն կան նաև հարցեր, որոնք անքննարկելի են և որոնցում ոչ ոք անհամաձայնություն չունի։  Խաչիկ Նազարյանը նշում է՝ բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն չվերցնի, համակարգային մոտեցում չլինի․ «Համակարգային մոտեցման բացակայությունը ամեն տեղ ծակեր է տալիս։ Եթե ամբողջ խրոնոլոգիային չտիրապետող մարդը նայի իրավիճակին, զուտ թղթի վրա թվեր կարդալով կարող է տեսնել, որ անցած տարի էլ է բարձրացում եղել, իրենց բառերով՝ աննախադեպ, այս տարի էլ է եղել բարձրացում, արդյունքում կարող է պարզվել, որ թղթի վրա մեր ասածը իրականում տեղի է ունենում ու տեղի է ունեցել։ Կարող է նույնիսկ հասնենք նրան, որ 2022-2024 թթ․ տեսնենք, որ մեր ուզած  4 տոկոսը բյուջեի տողով շարադրած է, բայց արդյունքում ոչինչ չստանանք։ Եթե այսպես էլ մնա՝ կետային ներդրումներ արվեն, համակարգային մոտեցում չլինի, ուշադրությունը դրվի այն ամենի վրա, որը կոմֆորտ զոնա է, ավելի վատ է ստացվում։ Ստացվում է՝ մենք փոշիացնում ենք այդ ռեսուրսները»։ «Գիտուժի» անդամն ասում է՝ շատ են խոսել գիտական ներուժի ծերացման մասին, սակայն պետական պատվերով ասպիրանտական տեղերը շարունակում են մնալ 200. «200-ը նույնն է, կարծես մահամերձ հիվանդին ջուր տաս խմելու, որ չմեռնի․ հաստատ մեռնելու է։ Երբեմն միջանցքային բացատրություններ հնչում են, որ չկան, շատացնում ես տեղը, գալիս են ձևական, բայց մի անեկդոտ կա՝ մինչև լողալ չսովորես, ջրավազանում ջուր չեն լցնի։ Պարզ բան է, 200 տեղ չպիտի նախատեսվի, ամբիցիոզ թիվ պիտի նախատեսես ու այո, այն պաշտոնատար անձը, որ դրա համար պատասխանատու է, իր դիմաց պետք է դնել ժամկետներով հարց, որ այս կետին պետք է հասնել այս ժամկետներում ու հրապարակել, որ հանրությունն էլ հետևի, որ այս պաշտոնյայի վրա դրված է կոնկրետ այս ծրագիրը, մի քանի ամսից այս ինչ կետին պետք է հասնի, հանրությունն էլ հասկանա՝ ինչին է հետևում»։ Նույնը, Նազարյանի խոսքով, վերաբերում է  Սփյուռքի գիտնականների՝ Հայաստանում գործունեություն ծավալելուն․ «Ակնհայտ է, որ ներսի գիտուժը ծերանում է, ու ինչքան էլ փորձես լրացնել, տարիներ կտևի, մինչև լրանա։ Էլ որտե՞ղ կա ներուժ, որին հենց այսօր հնարավոր է ներգրավել։ Դա Սփյուռքն է։ Այստեղ էլի փոքր գործողություններ են, ոչ ամբիցիոզ ծրագրեր, որի արդյունքում մեկ երկու հոգի հազիվ գա։ Էլի պետք է երկարաժամկետ հանձնառություն նախատեսվի, այդ մարդիկ տեսնեն, որ այս պետությունը երկար է գնալու»։ Խաչիկ Նազարյանը Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է  հիշատակում  ու նշում, որ դա հզոր մեսիջ էր հանրության համար․ «Ուկրաինայի դեպքերից հետո, երբ իրենց փաստացի դեռ առարկայական վտանգ չէր սպառնում, կանցլերը միանգամից հայտարարեց, որ 2 տոկոս նախատեսում են հատկացնել պաշտպանականին ու ամրագրեց Սահմանադրության մեջ։ Այդ մեսիջի հզորությունը պատկերացնո՞ւմ եք․ իր ամբողջ հանրությանը, ձեռներեցներին ասում է, որ մեխելու եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չգա ու փոխի, հանգիստ ներգրավվեք այդ գործի մեջ, ներդրումներ արեք։ Դա է ամբիցիոզ գործողությունը, որ չի արվում»։   Նանե Ավետիսյան
16:07 - 16 մայիսի, 2022
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը |1lurer.am|

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն է տվել ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը՝ այն ավելի համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքին և կոլեգիալության տրամաբանությանը: Կատարվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ավելի արդյունավետ դարձնել փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթի իրականացումը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է նաև զարգացնել փաստաբանական ուսուցման, որակավորման քննությունների անցկացման և փաստաբանի արտոնագրման կարգը՝ թույլատրելով որոշակի չափանիշներին համապատասխանող անձանց առանց փաստաբանական դպրոցում պարտադիր ուսուցման անմիջապես մասնակցել որակավորման քննություններին: Միևնույն ժամանակ, փոփոխությունների արդյունքում նպատակ է հետապնդվում թեթևացնել հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը՝ թե՛ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նոր հնարավորությունների, թե՛ դրա այլընտրանքների հստակ մեխանիզմների նախատեսման միջոցով: ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման որոշ հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում, փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը, մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմին` կարգապահական հանձնաժողովը և ընդլայնել խորհրդի լիազորությունների շրջանակը: Փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և խորհրդի անդամների` քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները։ Առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման առումով: Օրինագծով նախատեսվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Օրինագծով առաջարկվում է նաև ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը: Նախատեսվել են մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով, կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը:
17:27 - 13 մայիսի, 2022
Քուվեյթի քաղաքացիները ազատվեցին ՀՀ մուտքի վիզայի պահանջից

Քուվեյթի քաղաքացիները ազատվեցին ՀՀ մուտքի վիզայի պահանջից

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշեց Քուվեյթի քաղաքացիներին ազատել ՀՀ  մուտքի վիզայի պահանջից։  Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համավարակով պայմանավորված էապես սահմանափակ էր երկկողմ համագործակցության դինամիկան, կտրուկ նվազել էին գործնական փոխայցելությունները և միջմարդկային շփումները․ «Ներկայումս, երբ Քուվեյթը գրեթե ամբողջությամբ վերացրել է հակահամավարակային սահմանափակումները, նպաստավոր պայմաններ են ստեղծվել փոխշահավետ համագործակցությունը վերականգնելու և նրան նոր լիցք հաղորդելու համար։ Առավել կարևոր ուղղություններն  են քուվեյթյան ներդրումների խրախուսումը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը, զբոսաշրջությունը, գիտակրթական և միջմշակութային հաղորդակցությունը»։  Այս որոշմամբ Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ ՀՀ տարածքում առնվազն 180 օր ժամկետով՝ 1 տարվա ընթացքում՝ ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։
14:23 - 13 մայիսի, 2022
Եթե թոշակառուն թոշակը ստանա և առևտուրն իրականացնի քարտով, զեղչեր կկիրառվեն. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Եթե թոշակառուն թոշակը ստանա և առևտուրն իրականացնի քարտով, զեղչեր կկիրառվեն. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Եթե թոշակառուն թոշակը ստանում է քարտով և առևտուր է իրականացնում քարտով, կստանա զեղչեր, ուղիղ ասած՝ թոշակները 10 տոկոսով կբարձրացվեն: Այս մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այս տարվանից կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնվել են, իսկ առաջիկայում ներդրվելու է նոր համակարգը: «Մենք աշխատում ենք կանխիկի շրջանառության կանխման ուղղությամբ և առաջիկայում պետք է ներդնենք հետևյալ համակարգը, որ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ: Այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որն ունի մի քանի նշանակություն. առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ դրա արդյունքում կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը և գտնել կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերը»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա պետության և մասնավորի համագործակցության կարևոր օրինակ է, և հույս հայտնեց, որ կհամաֆինանսավորվի Կառավարության, բանկային համակարգի կողմից և արդեն՝ մասնավորի կողմից: Նա հայտնեց, որ բանավոր խոսակցություններ են ունեցել տարբեր ընկերությունների հետ այդ նախագծում ներգրավելու համար: «Թոշակառուն թոշակը ստանում է քարտով, եթե նա նաև առևտուր է իրականացնում քարտով խանութներից, դեղատներից և այլն, ավտոմատ զեղչեր են կիրառվում, կամ հետվճարային համակարգ է կիրառվելու: Եթե շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները տասը տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Սա մոտավորապես նույն մոդելն է, որն իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման դեպքում»,- ասաց նա: Վարչապետը հուսով է, որ գործնականում հունիսի կեսերից համակարգը լիարժեք՝ քարտերով և բանկային համակարգով և առևտրային ցանցերով, կսկսի գործել:
14:08 - 13 մայիսի, 2022
Արցախում տեղահանված անձանց բնակվարձերի փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը հուլիսի 1-ից կփոխվեն․ Արայիկ Հարությունյան

Արցախում տեղահանված անձանց բնակվարձերի փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը հուլիսի 1-ից կփոխվեն․ Արայիկ Հարությունյան

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ շուրջ 40 հազար տեղահանված մեր հայրենակիցներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարութունյանը։ Գրառումը՝ ստորև․  «Պատերազմից անմիջապես հետո, ինչպես գիտեք, ԱՀ և ՀՀ Կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին՝ մինչև բնակարաններով ապահովելը դիմագրավել առկա խնդիրներին: Սակայն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների կողմից չեն դադարել խնդրո առարկայի շուրջ մտահոգությունների արտահայտման դեպքերը, ինչը փաստում էր, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը: Թեմայի շուրջ վերջին օրերին անց եմ կացրել շահագրգիռ քննարկումներ, այդ թվում՝ հարցը ներառել էի երեկ՝ մայիսի 12-ին, անցկացված Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում: Լսելով բոլոր կողմերի կարծիքները և հաշվի առնելով նաև մեր պետության հնարավորությունները՝ հանձնարարել եմ պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանային կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով: Հավաստիացնում եմ նաև, որ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքները: Համոզված եմ՝ նախանշված ժամկետներում (մինչև 2024թ.-ի վերջ) կավարտենք մեզ համար կենսական նշանակության այդ ծրագիրը և օր առաջ մեր հայրենակիցները կկարողանան արժանապատիվ պայմաններում շարունակել իրենց կենսագործունեությունը»:
13:34 - 13 մայիսի, 2022