Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Սպիտակում կասեցվել է մանկապարտեզի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սպիտակում կասեցվել է մանկապարտեզի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում:  Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես. - խոհանոցում չեն եղել ինչպես ձեռքերի, այնպես էլ հումքի լվացման համար նախատեսված լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրով. - խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։ Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
18:00 - 12 մարտի, 2024
Ահազանգեր են ստացվել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում մի խումբ անձինք անժամկետ հացադուլ են հայտարարել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել

Ահազանգեր են ստացվել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում մի խումբ անձինք անժամկետ հացադուլ են հայտարարել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2024 թվականի փետրվարի 14-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը: Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ: Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։ Չհայտարարված այցի արդյունքները ամփոփվում են, արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասված է գրառման մեջ։
11:25 - 16 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Քննարկվել են դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները

Քննարկվել են դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի Մեդովկայի դպրոցը և Վանաձորի թիվ 23, 27, 9, Ստեփանավանի ավագ, Ագարակի դպրոցների մարզադահլիճները կառուցող՝ «Տ-Քնսթաքշն» և Հագվիի դպրոցը կառուցող «Նավասարդ շինարար» շինկազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այդ կառույցներում Քաղաքաշինության կոմիտեի և Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները քննարկելու և դրանց ժամկետները հստակեցնելու նպատակով: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Քննարկմանը ներկա են եղել նաև Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Մեդովկայի դպրոցի տնօրեն Սուսաննա Ավդալյանը: Հովհաննես Ավետիսյանը, ըստ դպրոցների, մարզի ղեկավարին է ներկայացրել արձանագրված թերությունները: Շինկազմակերպությունների ներկայացուցիչները նշել են խնդիրների պատճառները և խոստացել ամենասուղ ժամկետներում ավարտել աշխատանքները, որից հետո մարզի ղեկավարը շրջայց կիրականացնի՝ վերջնաարդյունքը գնահատելու նպատակով: Ինչ վերաբերում է Վանաձորի թիվ 9 և Ագարակի դպրոցների մարզադահլիճների շահագործմանը (ավարտը նախատեսվում էր 2023թ. դեկտեբերին), նրանք նշել են, որ պարտավորվում են շինարարությունն ավարտել մինչև մարտ ամսվա վերջ: -Աշխատանքները ոչ պատշաճ կատարելու բազմաթիվ պատճառաբանություններ կարող են լինել՝ սկսած նախագծումից, մինչև ամենամանր դետալներ, սակայն, որպես մարզի ղեկավար, իմ մոտեցումն այն է, որ գործի մեջ, անկախ դրա բնույթից և ծավալներից, չեն կարող լինել մանրուքներ,- ասել է Ա. Ղազարյանը: Մարզպետն այս առումով կարևորել է նաև ճիշտ համագործակցությունը բոլոր պատասխանատու և շահագրգիռ կառույցների միջև, ինչպես նաև ամենօրյա խիստ վերահսկողությունը: Նա նշել է, որ հիմա ու այսուհետ ևս պատրաստ է ամենօրյա ռեժիմով աշխատել շինկազմակերպությունների ներկայացուցիչների հետ, աջակցել ընթացիկ աշխատանքներում ծագած խնդիրների լուծմանը: Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է ՀՀ վարչապետի և կառավարության դիրքորոշումը՝ ընգծելով, որ պետական միջոցները պետք է տնօրինվեն արդյունավետ և ծառայեն իրենց բուն նպատակին»,- նշված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի այն դպրոցներ, որտեղ պետական միջոցներով ծրագրեր են իրականացվել։ Այցի ժամանակ վարչապետն անձամբ էր հայտնաբերում թերի արված աշխատանքները և դժգոհում։
17:15 - 26 հունվարի, 2024
Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը

Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը

Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը։ Համապատասխան հարցը զեկուցվող հարցերի փաթեթով ներառված էր ՀՀ կառավարության հունվարի 18-ի նիստի օրակարգում։ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում ղեկավարել է Ոստիկանության մարզային վարչությունը։ 2023թ․ հունիսից ՏԿԵՆ ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։  «Երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում՝ տեղյակ եմ մարզում առկա հիմնահարցերից և նշանակվելու պարագայում պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- նիստի ժամանակ ասաց Ղազարյանը։ Հիշեցնենք, որՆիկոլ Փաշինյանը եղել էր Լոռիում՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը այցի ընթացքում շինարարական մի շարք խախտումներ էր նկատել և դրանց վերաբերյալ նկատողություններ արել։ Ինչից հետո հունվարի 4-ին աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։    
11:42 - 18 հունվարի, 2024
Ստեփանավանի համայնքապետարանն ապատեղեկատվություն է որակել նախօրեին տարածված լուրերը

Ստեփանավանի համայնքապետարանն ապատեղեկատվություն է որակել նախօրեին տարածված լուրերը

Ստեփանավանի համայնքապետարանը ապատեղեկատվություն է անվանել լուրը, թե քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ լրատվամիջոցներ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։ Նշենք, որ այդ տեղեկությունը տարածել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Այն որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի։ Քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է , խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։ Ավելի ուշ քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։ Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ համայնքապետարանը տեղյակ չէ, համարում է, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։ Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»,- ասվում է համայնքապետարանի հաղորդագրության մեջ։
12:14 - 13 հունվարի, 2024
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը. փաստաբան

Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը. փաստաբան

Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»,- գրել է նա:
18:24 - 12 հունվարի, 2024
Կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական․ Լոռու նախկին մարզպետ

Կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական․ Լոռու նախկին մարզպետ

Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական և ինձ համար չափազանց կարևոր է եղել յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը պաշտոնանակությունից հետո: «Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, գործընկերնե՛ր, ինչպես արդեն գիտեք, իմ դիմումի համաձայն և հունվարի 4-ի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ազատվել եմ Լոռու մարզպետի պաշտոնից: Սիրելի՛ հայրենակիցներ, նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի՝ անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնը երեք տարի ինձ վստահելու համար: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, որ Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնելն ինձ համար մեծ պատիվ է եղել, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն: Պաշտոնը ստանձնել եմ բավականին բարդ իրավիճակում և մարզպետարանի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, մարզային մյուս ինստիտուտների հետ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, ջանք չենք խնայել մարզում բազմաթիվ խնդիրներ լուծելու, մի շարք կարևորագույն ծրագրեր կյանքի կոչելու և մարզը զարգացման ուղով տանելու համար: Ինձ համար կարևոր սկզբունք է եղել համախմբվածությունը, միասնական լինելը, մարզում առողջ մթնոլորտի ձևավորումը՝ ի շահ մեր մարզի ու երկրի բարօրության, մարզի բնակիչների բարեկեցության: Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ աշխատանքում եղել եմ հաշվետվողական և ինձ համար չափազանց կարևոր է եղել յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նախ՝ շնորհակալություն հայտնել Լոռու մարզպետի աշխատակազմին այս տարիների ընթացքում ակտիվ և տքնաջան աշխատանքի, գործակցության և աջակցության համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև ուժային կառույցների, համայնքների ղեկավարներին, աշխատակազմերին, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր այն կառույցներին, որոնց հետ առիթ ու պատիվ եմ ունեցել համագործակցելու հանուն Լոռու մարզի զարգացման: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այսուհետ ևս ու ընդմիշտ շարունակելու եմ ծառայել իմ Հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, միշտ լինելու եմ սիրելի լոռեցիների, իմ հայրենակիցների կողքին: Ձեր Արամ Խաչատրյան»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ եղել էր Լոռիում՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը այցի ընթացքում շինարարական մի շարք խախտումներ էր նկատել և դրանց վերաբերյալ նկատողություններ արել։ Ինչից հետո աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։   Հունվարի 5-ին էլ Արմավիրի մարզ կատարած այցից հետո աշխատանքից ազատվել է նաև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
15:29 - 06 հունվարի, 2024
«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ
 |hetq.am|

«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ |hetq.am|

hetq.am: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապվող՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզում 5 դպրոցի մարզադահլիճ է կառուցել, որոնցից երկուսը՝ Վանաձորում, մյուսները՝ Ստեփանավանում, Վարդաբլուրում և Ագարակում։ 2016 թ․-ին հիմնադրված «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության առաջին բաժնետերը եղել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2021 թ․-ից պատկանում են Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում հաշվառված Արմեն Կարապետյանին։ Լոռու մարզի դպրոցների մարզադահլիճները (5 դահլիճ) կառուցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն 1 միլիարդ 44 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ։ Մարզադահլիճների շինարարության տեխնիկական հսկողությունն էլ 53 միլիոն դրամով իրականացրել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Արմեն Կարապետյանը «Հետք»-ի հարցերին ի պատասխան հայտնեց, որ վարչապետի արձանագրած թերությունները պետք է իրենք շտկեն։ -Պարոն Կարապետյան, մարզադալիճը Ձեր ընկերությունն է կառուցել։ Վարչապետի արձանագրած խախտումներին ինչպե՞ս եք վերաբերվում։ -Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, խնդրում եմ երկուշաբթի․․․ ես տեղեկանամ, երկրում չէի, նոր եմ եկել։ -Աղմուկից տեղյակ չե՞ք։ Պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։ -Թեթև տեղյակ եմ, բայց ամբողջությամբ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում։ -Ձեր աշխատանքի հետևանքով Լոռու մարզպետը և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն են ազատվել աշխատանքից։ Դրանում Ձեր ընկերության մեղավորությունը տեսնո՞ւմ եք։ -Իհարկե տեսնում եմ, բայց այդ կախիչը մեր հետ կապ չունի։ Դա տենդեր է եղել, մենք չենք սարքել, ուրիշ ընկերություն բերել, տեղադրել է։ Դա մեր հետ կապ չունեցող բան է, որքանով ես տեղյակ եմ։ Գույքը մեր հետ կապ չունի։ -Այդ խնդիրը Ձեր կազմակերպությո՞ւնը պետք է լուծի, թե՞ ենթակապալառուն։ -Գույքի հետ կապված, որքանով ես գիտեմ, չէ, դա լրիվ ուրիշ ընկերություն է։ Տենդեր է եղել, ուրիշ ընկերություն բերել, դրել են, մեր հետ կապ չունի գույքը։ -Ձեր ընկերությունը նոր չէ, շինարարության հետ կապված հնարավո՞ր էր՝ նման խնդիր լիներ։ -Խնդիրներ ոնց որ կա, ես չեմ հերքում, բայց այդ խնդիրները պետք է վերացվեն, ես չգիտեմ, ամբողջովին տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում։ -Կառավարությունից, Քաղաքաշինության կոմիտեից Ձեզ հարցեր չե՞ն տվել այս դեպքի վերաբերյալ։ -Դե ոչ, ես նոր եմ եկել, երկրում չէի։ -Նման բան նախկինում եղե՞լ է Ձեր ընկերության հետ կապված։ -Ոչ։ -Դուք ինչպես՞ եք լուծումը տեսնում։ -Պետք է շտկենք, ինչ-որ խնդիր կա, պետք է շտկենք, ուրիշ լուծում չեմ տեսնում։ Խնդիրներ եթե կան, պետք է շտկվեն դրանք։ Վերջ։ -Դուք կապ չե՞ք տեսնում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի և Կառավարության հարաբերությունների ու այդ պատմության հետ։ -Խնդրում եմ մի շոշափեք։ Այդ անունները կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Խնդրում եմ, մի շոշափեք։ -Այդքան շինարարություն է լինում, և հենց այս շինարարությանը մոտենալ ու խախտումներ գտնել․․․ -Այդ մարդկանց անունները մի շոշափեք, խնդրում եմ։ Այդ մարդիկ կապ չունեն այս ամեն ինչի հետ, պետք չի այդ անունները շոշափել։ Ի՞նչ կապ ունեն դրա հետ։ Իրենք ոչ մի կապ չունեն։ Նոր տարվա առաջին աշխատանքային օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի այն դպրոցներ, որտեղ պետական միջոցներով ծրագրեր են իրականացվել։ Այցի ժամանակ վարչապետն անձամբ էր հայտնաբերում թերի արված աշխատանքները և դժգոհում։ Հաջորդ օրն արդեն Կառավարության նիստում պաշտոններին հրաժեշտ տվեցին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ 
16:40 - 05 հունվարի, 2024
Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։  «Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը ապօրինի բռնազավթման կապակցությամբ մեր թիմը դիմել էր վարչական դատարան՝ 05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին, անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունել և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հետևաբար, այս պահից սկսած կասեցված է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել զոռբայությունը և Դավիթ Ղումաշյանի կողմից անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով»,- նշված է գրառման մեջ։  Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ խմբակցությունը նախաձեռնեց «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։
15:38 - 04 հունվարի, 2024
Ստեփանավանի նախկին քաղաքապետը հանցավոր եղանակով համայնքապատկան հողամասեր է օտարել և հարազատների ու մտերիմների հետ փողերի լվացում իրականացրել. նախաքննությունն ավարտվել է

Ստեփանավանի նախկին քաղաքապետը հանցավոր եղանակով համայնքապատկան հողամասեր է օտարել և հարազատների ու մտերիմների հետ փողերի լվացում իրականացրել. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողություններով բացահայտվել է հանցավոր մեխանիզմով, մի քանի այլ անձանց, այդ թվում նաև իր 2 որդիների, մորաքրոջ որդու, մտերիմների, համայնքապետարանի աշխատակիցների ներգրավմամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ի կողմից իրականացված 13 դրվագ համայնքապատկան, օտարման ոչ ենթակա հողատարածքներն օտարելու և սեփականացնելու, այդ ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու դրսևորումներ։ Մասնավորապես՝ Ս.Ղ.-ն, 2002-2012թթ. ընթացքում զբաղեցնելով Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը, համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի օժանդակությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև՝ ոլորտը կարգավորող մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, «Ընդհանուր օգտագործման» գործառնական նշանակության, հիմնականում որպես կանաչ գոտի և ճանապարհ, հանդիսացող տարբեր չափերով 11 հողամասերը, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից նվիրաբերությամբ հստակ նպատակային օգտագործման համար Ստեփանավան համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, իր մորաքրոջ որդուն՝ Կ.Ս.-ին, ընկերոջ որդուն, Ստեփանավան համայնքի ավագանու անդամի ղեկավարած «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը, ինչպես նաև՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված այլ անձանց։ Այդ նպատակով, ըստ վարույթի նյութերի, Ս.Ղ.-ն առանց Ստեփանավան համայնքի ավագանու համաձայնության, առանց օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու, կազմակերպել է սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի աճուրդներ, որից երկուսի դեպքում՝ ձևական՝ դրանց մասնակից և հաղթողներ դարձնելով վերոհիշյալ անձանց: Այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ս.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2009, 2014 և 2017 թվականներին օտարման, ձևական առուվաճառքի միջոցով փոխանցել է իր որդիներին՝ Դ.Ղ.-ի և Ա.Ղ.-ի, մորաքրոջ որդուն, ինչպես նաև՝ «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ: Այդ կերպ տեղի է ունեցել փողերի լվացում։ Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս.Ղ.-ին մեղադրանք է ներակայացվել՝ 13 դրվագ պաշտոնատար անձի կողմից, նաև ծանր հետևանքների առաջացմամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, 3 դրվագ խմբի կազմում փողերի լվացման համար, այդ թվում նաև՝ խոշոր չափերով և 6 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ս.Ղ.-ի 2 որդիներին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման համար, իսկ մորաքրոջ որդուն և «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին՝ պաշտոնատար անձի կողմից, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու և խոշոր չափերով փողերի լվացման համար։ Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա: Նախաքննությունը, վերոնշյալ անձանց մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին: Մյուս անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:08 - 16 դեկտեմբերի, 2023
Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը. Թամազյան

Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը. Թամազյան

Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ալավերդունախկին համայնքապետ Արկադի Թամազյանը: «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը։ Այս օրերին էլ մասնավոր ԶԼՄ-ների կողմից շահարկվում է այն ստահոդ տեղեկությունը, ըստ որի «Ապրելու» հիմնադրամի կողմից ձեռք բերված և համայնքին տրամադրված միկրոավտոբուսները հետ են վերցվել ու տեղափոխվել են համայնքից։ Օգոստոսի 2-ին միկրոավտոբուսները վնասվել էին տեղացած ուժեղ կարկուտից և հիմնադրամի ֆինանսական միջոցներով այս պահին շարունակվում է դրանց վերանորոգումը։ Արտերկրից ներմուծվող գործարանային պահեստամասերի հանգամանքով պայմանավորված՝ վերանորոգումը պահանջում է որոշակի ժամանակ։ Կարևորելով բնակիչների շահը՝ վստահեցնում ենք՝ վերանորոգումից հետո մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել համայնքի հետ և միկրոավտոբուսները հանձնել Ալավերդի համայնքին՝ ներհամայնքային տրանսպորտային ցանցում օգտագործելու պայմանով։ Անկախ ամենից բացառում եմ, որ բնակիչները տուժեն որոշ պատեհապաշտների կամայական ցանկությունների պատճառով։ Միկրոավտոբուսների ձեռքբերումն իրականացվել է Ալավերդու ներհամայնքային տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով, և, իհարկե, այն պետք է ծառայի մեր բնակչին։ Շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է Թամազյանը։
20:50 - 15 դեկտեմբերի, 2023
Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի միջոցով Ալավերդի համայնքում հակաքաղաքացիական գործողությունների է գնացել: Այս մասին հայտարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը։  «ՔՊԿ-ն ապօրինաբար և քստմնելի տեխնոլոգիաներ կիրառելով գողացել է համայնքի բնակիչների քվեն, զրկել «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների կոալիցիոն համայնքապետին իշխանությունից ու համայնքի ղեկավար նշանակել սեփական թեկնածուին: Այդպիսով հակաժողովրդավարական տրամաբանությամբ վերանայվել են 2022թ. սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: ՔՊԿ-ական թեկնածուի նշանակման գործընթացին նախորդել և հաջորդել են ՔՊԿ-ական պատգամավորի անմիջական ղեկավարմամբ իրականացվող՝ օրենքի աղաղակող խախտումներն ու բարոյական նորմերի ոտնահարումը: Իշխանազավթման նիստը տեղի է ունեցել ընթացակարգային կոպիտ խախտումներով: Այդ ամենին գործուն մասնակցություն են ցուցաբերել Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ալավերդիում տեղի ունեցածը «թավշյա», ուժային կառույցների միջոցով իրականացված իշխանազավթում է: Փաշինյանական ընտրակեղծիքների առանձնահատկությունն այն է, որ ընտրակեղծիքների իրականացումը տեղի է ունենում ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական փուլերում: Նման մեթոդի Նիկոլ Փաշինյանը դիմել է Վանաձորում, Երևանում և այլ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո: Այնտեղ, որտեղ ՔՊԿ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում, հետևել են հետընտրական ապօրինությունները, կուլիսային ճնշում-գործարքները և անգամ կալանավորումները՝ զրկելով համայնքին ոչ ՔՊԿ-ական ղեկավար ունենալու իրավունքից:Իր այս գործելաոճով ՔՊԿ-ն վերածվել է ռազմաքրեական հանցախմբի: Հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև ՔՊԿ ներքին ու արտաքին կործանարար քաղաքականությունը՝ այդ ուժին իշխանությունից հեռացնելը մեր երկրի անվտանգության ու գոյության, ինչպես նաև ժողովրդավարական կարգի ապահովման թիվ մեկ նախապայմանն է» ,- ասված է հայտարարության մեջ։ 
17:11 - 05 դեկտեմբերի, 2023