Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Հայաստանը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով․ Մակունց |azatutyun.am|

Հայաստանը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով․ Մակունց |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Հանրապետությունը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Ընդգծելով, որ Հայաստանի առաջնահերթություններն են շարունակում մնալ անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունը՝ Մակունցը շեշտեց՝ սա է ուղենիշը, և բոլոր քայլերն այդ թվում՝ Վաշինգտոնում, միտված են հենց այս հիմնարար շահերը սպասարկելուն և պաշտպանելուն։ Երևանը պետք է շարժվի հայ-ամերիկյան հարաբերությունների տեմպը շարունակ ավելացնելու ուղղությամբ, ասաց դեսպանը։ «Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանում բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու կարգավորումը չեն հակադրվում միմյանց։ Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ, այլ միտված են համակողմանի պաշտպանելու մեր կենսական շահերը», - ընդգծեց Մակունցը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում  
11:15 - 15 հունվարի, 2024
Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հետ |amerikayidzayn.com|

Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հետ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա ժամանակացույցը, նոյեմբերի 20-ին պետքարտուղարությունում նախատեսված էր Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայանի հանդիպումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ: Նույն աղբյուրի համաձայն՝ հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղարությունում նախատեսված է պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հանդիպումը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի հետ: Հանդիպումները փակ են մամուլի ներկայացուցիչների համար, ուստի որևէ այլ մանրամասներ դրանց վերաբերյալ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օրերս արձագանքել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օբրայանի հայտարարություններին՝ դրանք որակելով կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի: Բաքուն հայտարարել էր, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելուց: Պատասխանելով այս կապակցությամբ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ պետքարտուղարությունը կարևորել է երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը: «Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար, որտեղ բոլորի իրավունքները հարգված են: Կարծում ենք՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ ձևով քննարկեն և լուծեն հարցերը»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը օրերս լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ևս պատասխանել է այս կապակցությամբ հնչեցված հարցին՝ նշելով. «Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, ուր բոլորի իրավունքները պետք է հարգվեն։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և կարգավորեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները դյուրացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Միլլերը։ Հարցին, թե արդյոք շարունակելու է ԱՄՆ-ն առաջարկել Վաշինգտոնը որպես հարթակ կողմերի միջև բանակցություններում, պետքարտուղարության խոսնակն արձագանքել է․ «Մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք նախկինում, և ողջունում ենք, որ դա անում են նաև այլ երկրներ»:
11:10 - 22 նոյեմբերի, 2023
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ֆրենչ Հիլին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ֆրենչ Հիլին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ (Արկանզաս, հանրապետական)։ Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի ալգելափակման արդյունքում ԼՂ-ում հումանիտար իրավիճակը, ԼՂ-ին հումանիտար աջակցության խոչընդոտները, շեշտել օգնության անհապաղ տրամադրման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Դեսպանի կողմից ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման և ապահովման հրամայականը։
21:30 - 13 սեպտեմբերի, 2023
Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել
 |hetq.am|

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել |hetq.am|

hetq.am: Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով են զբաղվում: Դրանցից մեկը՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, մոտ 2 ամիս առաջ է ավազի արդյունահանման թույլտվություն ստացել, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին են վկայում Մեծամորի համայնքապետի հարուցած վարչական վարույթները: Սակայն, վերջին վարչական վարույթը կարճվել է, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը: Այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո: Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց: Մակունցի բիզնես գործընկերները ևս պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:  Վահե Մակունցը 2018թ.-ի իշխանափոխությունից հետո պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Լիլիթ Մակունցի եղբայրն է: 2018-2019թթ.-ին Լիլիթ Մակունցը մշակույթի նախարար էր, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցրել իշխող խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2021թ. օգոստոսին նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ 4 տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածում Վահե Մակունցը ևս պետական պաշտոններ է զբաղեցրել: Մասնավորապես, 2021թ. օգոստոսին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական: Քանի որ Ս. Պապիկյանը նույն տարվա նոյեմբերին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար, Վահե Մակունցը կարճ ժամանակ աշխատել է   փոխվարչապետ, այժմ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի օգնական: Այդ պաշտոնից ազատվել է 2021թ. դեպտեմբերի 10-ին: Դրանից հետո Վ. Մակունցը տեղափոխվել է Պաշտպանության նախարարություն՝ զբաղեցնելով նախարար Պապիկյանի օգնականի պաշտոնը: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Վահե Մակունցն աշխատանքից ազատվել է 2022թ. դեկտեմբերին: Դուրս գալուց հետո՝ 2023թ. հունվարին, արդեն երկու ընկերության մասնակից է դարձել ու հետագայում ընդլայնել բիզնեսը: Վ. Մակունցի կենսագրական տվյալների համաձայն՝ հարուստ աշխատանքային փորձ չունի: 2011-2012թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում, որպես վարկային մասնագետ, իսկ 2012-2015թթ՝ «Մխիթար Գոշ» համալսարանում, որպես դասախոս: 2021թ.-ին Վահե Մակունցը հայտնվել է Կառավարության աշխատակազմում: Վահե Մակունցից հետաքրքրվել ենք, թե ինչ գործունեություն է ծավալել 2015-2021թթ.-ին, որի մասին հիշատակում չկա կենսագրականում։ Ի պատասխան՝ նա գրավոր հայտնել է, որ 2015թ.-ից բնակության նպատակով տեղափոխվել է արտերկիր և զբաղվել է բիզնես գործունեությամբ՝ շինարարության ոլորտում: Հիմնական ուղղությունը եղել է շինարարական նյութերի արդյունահանումը, տեղափոխումը և վաճառքը: 2020թ.-ին վերադարձել է Հայաստան և հիմնել ջերմոցային տնտեսություն Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում: Այդ նպատակով 2021թ.-ին կատարել է մոտ 150 մլն դրամի ծախս: Վահե Մակունցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2021-2022թթ.-ին ներկայացրել է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Արդեն նախկին պետական պաշտոնյան հայտարարագրել է որոշ կապիտալ: Մասնավորապես, 2022թ. հայտարարագրի համաձայն՝ Մրգաշեն գյուղում հողամասը և արտադրական նշանակության շինությունը Վ. Մակունցը գնել է 2020թ.-ին: Թե ինչ գնով է ձեռք բերել, մեզ տված գրավոր պարզաբանման մեջ չի նշել, միայն հայտնել է, որ «ձեռք եմ բերել մասնավոր անձից՝ սեփական միջոցներով»: Ըստ հայտարարագրի՝ Մակունցը բավականին թանկ գնով 2022թ.-ին օտարել է իրեն պատկանող 2007թ. արտադրության «HOWO», 2008թ. արտադրության «RANGE ROVER» և 2011թ. արտադրության «INFINITI» մակնիշի ավտոմեքենաները՝ ընդհանուր 83 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: Փոխարենը գնել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա՝ 64 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: Ավտոմեքենաները վաճառել է իջևանցի Արարատ Հովհաննիսյանին: Վերջինիս Վ. Մակունցը նաև 50 հազ. ԱՄՆ դոլար փոխառություն է տվել: Վահե Մակունցի պարզաբանմամբ՝ նշված ավտոմեքենաները ձեռք էր բերել բիզնես գործունեության նպատակով: Իսկ Արարատ Հովհաննիսյանն իր գործընկերներից է եղել, ում տրամադրել է փոխառությունը՝ վերջինիս անձնական նպատակների համար: Հայտարարագրի համաձայն՝ Վահե Մակունցը 2022թ. ստացել է 38 մլն 464 հազ. դրամ եկամուտ, որից 34 մլն 282 հազար դրամը «այլ եկամուտ», իսկ մնացած 4 մլն 236 հազարը՝ Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձը: Մակունցը փոխանցում է, որ «այլ եկամուտը» Մրգաշեն գյուղում հիմնած ջերմոցային տնտեսությունից է ստացել, որտեղ ծաղիկ են աճեցնում և վաճառում:  Վահե Մակունցին հարցրել էինք՝ ինչու՞ է որոշել զբաղվել բիզնես գործունեությամբ, այն էլ՝ ավազի, խճի արդյունահանմամբ ու վաճառքով։ Նա նշել է, թե գործունեության ոլորտի ընտրությունը կապված է այն աշխատանքի հետ, որով տարիներ շարունակ զբաղվել է: Իսկ թե ինչու է որոշել ձեռք բերել արդեն ստեղծված ընկերություններում բաժնեմասեր, այլ ոչ ստեղծել նորերը, Վ. Մակունցը պատասխանում է, թե «այդպես եմ նպատակահարմար համարել»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահե Մակունցի քույրը գործող իշխանության քաղաքական թիմի անդամ է, ու ինքն էլ է 2018 թ. իշխանափոխությունից հետո զբաղեցրել պետական պաշտոններ, հարցրել էինք՝ արդյո՞ք այդ կապերը չեն օգտագործվել արտոնյալ պայմաններով բիզնես գործունեություն ծավալելու համար, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: «Ոչ, չեմ օգտագործել: Ընդհակառակը՝ Ձեր նշած հանգամանքն ինձ համար կաշկանդող է եղել, այլ ոչ արտոնություն ընձեռող»,- պատասխանել է Վ. Մակունցը՝ հավելելով, որ չորս ընկերությունում բաժնեմասերը ձեռք է բերել փոխառու և վարկային միջոցների ներգրավմամբ, ինչպես նաև՝ սեփական միջոցների հաշվին: Նշենք, որ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Վ. Մակունցի վարկերի մնացորդը կազմել է 66 մլն 614 մլն դրամ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:23 - 02 օգոստոսի, 2023
Մակունցը ԱՄՆ Սենատորին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները

Մակունցը ԱՄՆ Սենատորին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները

Հունիս 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Մարշա Բլեքբըրնի (Թեննեսսի, հանրապետական) և նրա աշխատակազմի հետ։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել սենատորի կողմից ս․թ․ ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության կրթության մասին երկկուսակցական ակտի նախագծի՝ ԱՄՆ Սենատում ներկայացման համար։ Սենատորին ներկայացվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները, ինչպես նաև քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր գործնական քայլերը։ Դեսպան Մակունցը նաև առաջարկել է դիտարկել առաջիկայում սենատորի՝ Հայաստան այցելության հնարավորությունը։  
11:13 - 09 հունիսի, 2023
Կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց․ յայտարարութիւն

Կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց․ յայտարարութիւն

Յայտարարութիւն ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի․ Ամերիկայի Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Լիլիթ Մակունցը Համաձայն «Ասպարէզ» թերթի Ապրիլ 1-ի հաղորդման հանդիպում է ունեցել ինքնզինք «ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ» հռչակած, ծանրակշիռ կուսակցական յանցանքների պատճառով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերից արտաքսուած և հեռացուած անձերից բաղկացած խմբակի երեք անհատների հետ: Նոյն կարգի հանդիպում էր կայացել նոյն ինքնակոչ խմբակի հետ նաև ՀՀ Լոս Անջելըսի Հիւպատոսական անձնակազմի միջոցով Մարտի 21ին: Հերքելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի մասնակցութիւնը վերոնշեան զոյգ հանդիպումներին, այսու յայտարարում ենք՝ Ա- Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վերջին Ընդհանուր Ժողովը, իր Մարտ 8, 2022 թուականի յայտարարութեամբ յստակօրէն հաստատել է, թէ Միացեալ Նահանգների Արեւմտեան Շրջանի մէջ ո՛վ է գործող միակ դաշնակցական Մարմինը, որը հանդիսանում է Հ․Յ․Դ․ Արևմտեան ԱՄՆի Կեդրոնական Կոմիտէն: Բ- Եթէ ՀՀ դեսպանատունը իրապէս անտեղեակ է Դաշնակցութեան տեղական մարմինների ինքնութիւնից, որը ինքնին լուրջ մտահոգութիւն է ցանկացած երկրի պետական համակարգի համար, դա հեշտութեամբ կարող էր ստուգել կամ արտգործնախարարութեան միջոցներով կամ ուղղակի Հայաստանում գրանցուած, գործող, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցութեան՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնից կամ Երևանում գտնուող ՀՅԴ Բիւրոյի Գրասենեակից: Գ- Ինչպէս ՀՅԴ սփիւռքի բոլոր մարմինները, ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ևս միշտ յարգանքի և պաշտօնականութեան որոշակի սահման է պահպանել ՀՀ ներկայացուցչութիւնների հետ: Վերաբերմունք, որը բխում է մեր կողմից իշխանութեան և պետութեան միջև զանազանութեան խորը գիտակցութեամբ: Իսկ ՀՀ դեսպանատունը անցնելով քաղաքական արարողակարգերի, ազգային գիտակցութեան և մինչև իսկ քաղաքավարութեան բոլոր սահմանները իր պաշտօնական էջում ՀՅԴի հետ ոչ մի առնչութիւն ունեցող խմբակին փորձում է ներկայացնել իբրև Արևմտեան Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներ: Դ- Դեսպան Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականութեան կամ տեղեկատւութեան պակասի վերագրել: Այս բացայայտօրէն գիտակցուած նախաձեռնութիւնը միտում է ապատեղեկատուութիւն և շփոթ առաջացնել Արևմտեան Ամերիկայի համայնքում և նոյն շփոթը տարածել համայն հայութեան շարքերում մինչև Հայաստան, ուր ՀՀ իշխանութիւնները փորձում են բոլոր միջոցներով լռեցնել քաղաքական ընդդիմութեանը երկիրը նոր զիջումների պատրաստելու համար: Սա անընդունելի և կոպիտ միջամտութիւն է սփիւռքի ներքին հարցերում և բացայայտում է թէ Դաշնակցութեանը տկարացնող պառակտիչ հոսանքներն ու ապօրինի խմբակը ի սկզբանէ որ քաղաքական ուղղութեամբ են փորձել առաջնորդել իրենց խաբուած ու մոլորուած փոքրաթիւ հետևորդներին: ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անունից կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց և փորձեն քաղաքական հասունութեան որոշ մակարդակ դրսեւորել: Միաժամանակ կոչ ենք անում հայ համայնքին, որպէսզի ի տես այս բոլորին չխարխափեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին և համախմբուեն ՀՅԴի շուրջ շարունակելով ամեն կերպ նպաստել Արցախի անկախութեան և Արցախահայութեան ապահովութեան ու անվտանգութեան: ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ
10:43 - 05 ապրիլի, 2023