Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը
 |factor.am|

«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը |factor.am|

factor.am: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2022 թվականի արդյունքներով կուտակել է 542.3 միլիոն ԱՄՆ դոլար պարտավորություններ և 662.3 միլիոն ԱՄՆ դոլար վնաս։ 2023 թ-ի ֆինանսական հաշվետվությունը «Լիդիան Արմենիան» մինչ օրս չի հրապարակել, ինչպես նաև հրապարակված չէ 2022-ի հաշվետվության հայերեն տարբերակը։ 2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի 18-ի նիստում հաստատվեց «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5 %-ը Հայաստանին նվիրաբերելու որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց այս նվիրատվությունը, իսկ ահա ընկերության պարտքերի մասին որևէ խոսք չեղավ։ Factor.am-ը էկոնոմիկայի նախարարությունից խնդրեց պարզաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ 12.5 % բաժնեմասը փոխանցվում է առանց որևէ պարտավորության, արդյո՞ք պայմանագրում նշվել է այդ մասին։ Նախարարությունից տեղեկացրին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը դեռևս նախապատրաստվում է: Դրա համար հունվարի 18-ին կառավարության որոշմամբ 1 ամիս ժամանակ է տրվել։ Նախարարությունը հղում է արել 2023 թ-ի փետրվարի 22-ին կնքված եռակողմ հուշագրին, որով «Լիդիան Արմենիան» պարտավորվել էր 12․5 % բաժնեմասն անհատույց տրամադրել կառավարությանը՝ առանց որևէ ֆինանսական պարտավորության։ Եթե պայմանագրում հստակ ձևակերպումներ չլինեն պարտավորությունների վերաբերյալ, ապա «Լիդիան Արմենիա»-ի պարտավորությունների 12․5%-ը` առնվազն 67․7 մլն դոլար (2022 թ-ի դրությամբ), կդառնա ՀՀ կառավարության պարտավորությունը։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
21:34 - 13 փետրվարի, 2024
Պայքարի կոչ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Պայքարի կոչ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

ՀՀ քաղաքացի Աննա Նիկողոսյանն այսօր առավոտյան անհատական բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։  Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ընդունելու է Ամուլսարի հանքի շահագործման նախագիծ ներկայացրած «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5%-ը՝ որպես սեփականություն։ Ըստ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի շահագործումը այս մոդելով «բազմաթիվ մտահոգություններ էփարատում»։  Այսօր կառավարության շենքի դիմաց իր անհատական բողոքի ակցիան է իրականացրել Աննա Նիկողոսյանը՝ անհամաձայնություն հայտնելով կառավարության որոշմանը և հանքի հնարավոր շահագործմանը։ Աննան կոչ է անում դուրս գալ միանձնյա և կոլեկտիվ պայքարի՝ համախմբվելով Ամուլսարի՝ տարիներ շարունակվող դիմադրության շուրջ։ «Հետպատերազմյան տարիներին շատ ենք լսում «Հայաստանում ակտիվիզմ այլևս չկա», «Փողոցային պայքարը իմաստազրկվել է» արտահայտությունները։ Իրականում, համակարգի դեմ դիմադրությունը միշտ էլ եղել է և կլինի, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարներն անցնում են վերափոխման ու վերաիմաստավորման համեմատաբար լուռ փուլերի միջով»,- ասում է Աննան՝ նշելով, որ ինքն այսօր դուրս միայնակ է փողոց դուրս գալիս ոչ թե այն պատճառով, թե պայքարակիցներ չկան, այլ որովհետև մարել է երկրում որևէ բան փոխելու կոլեկտիվ հույսը․ «Ես դուրս եմ եկել փողոց՝ անձրևի տակ գոռալու, որ ակտիվիզմը մարդի՛կ են, փողոցային պայքարը մարդի՛կ են, իսկ մարդիկ դեռ կան, այստեղ են, ուրեմն մեզնից է կախված, թե ինչ իմաստ կստանա դիմադրությունը, և ինչպիսին կլինի փողոցային պայքարը։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Ամուլսարի հարցով․ ինքնակազմակերպվե՛ք, օգտագործե՛ք բոլորհարթակներն ու հնարավորությունները, բարձրաձայնե՛ք, տապալե՛ք միջոցառումները, միացե՛ք միանձնյա ակցիաներին, գտեք կոլեկտիվ դիմադրության ձե՛ր ձևերը»,- ասում է Աննա Նիկողոսյանը։
17:22 - 22 հունվարի, 2024
Լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը

Լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը  հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․   «Տարիներ շարունակ մենք պայքար ենք մղել մեր երկրի սրտում գտնվող մի հսկա ջրավազանի ակունքի համար, որի անունը շատերիս մոտ ասոցացվում է կանաչ պայքարի հետ: Ամուլսար, լեռ, որն ունի գրեթե 3000մ բարձրություն և իր ծածկույթով փակում է մոտ 30կմ քառակուսի տարածք, համալրում է 3 խոշոր գետերի ջրային զանգվածները՝ Որոտան, Արփա, Դարբ, այսօր որպես հանք չի գործում նվիրական պայքարի արդյունքում: Մեր բոլորի կողմից մղված, բարի, մաքուր ու խաղաղ պայքարի արդյունքում այսօր այդ հանքը ոչ թե 5, այլ 0 տարեկան է:    Այսօր մի քանի թեզերի կանդրադառնանք, որոնք այս օրերին շատ են քննարկվում.   «Վե՛րջ, հանքը կբացվի»: Ուզում ենք հիշեցնել բոլորին, որ հանքը ավելի մոտ է եղել բացվելուն 2017-2018 թթ., և կառավարությունը չի եղել այն կասեցնողը, սա կեղծ և թյուր կարծիք է: Հանքը չի գործել, որովհետև տարիներ շարունակ մարդիկ կամավորաբար փակել են լեռ տանող ճանապարհները, իսկ նորընտիր կառավարությունը շարունակ հորդորում էր, որ ճանապարհները բացվեին:   Ոչինչ չի խանգարում մեզ վարվել նույն կերպ, եթե բանը հասնի դրան:   «Պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, մարդիկ չեն ուզում պայքարել, կոտրվել են կամ ավելի լուրջ խնդիրներ կան երկրում»: Այո՛, երկրում կա ավելի լուրջ խնդիր, դա Արցախի խնդիրն է, որը շատ ավելի զգայուն է դարձնում Ամուլսարի հարցը: Կարելի է առնվազն 4 լուրջ փոխկապակցվածություն բարձրաձայնել ու համալրել այն պատճառները, թե ինչու չի կարելի այսուհետ սահմանապահ Ամուլսարի վրա հանք գործարկել: Սրա մասին առանձին հոդվածով հանդես կգանք: Եվ ուրեմն՝ այս պայքարը ոչ թե ավելի անտեսվում է, այլ նոր իմաստներ է ստանում, ինչը համոզված ենք պայքարը դարձնելու է ավելի զորեղ:   «Խնդիրը ո՛չ թե բնապահապանական դաշտում է, այլ կոնկրետ իշխող կառավարության մեջ է»:   Այս հարցին մեր կարծիքը առանձնապես չի փոխվել: Մենք բնավ չենք հերքում, որ իշխող ուժն է կրում այս քայլի ողջ պատասխանատվությունը, բայց ու՞ր կտանի քայլերի հաջորդականությունը, երբ այս պայքարը վերափոխվի իշխողների հրաժարականի պահանջի: Մենք համոզված ենք, որ պայքարը կարժեզրկվի և լեռը կհայտնվի ավելի անպաշտպան վիճակում, հատկապես, որ բացի իշխող ուժից, որը 54% քվե ունեցավ վերջին ընտրություններին, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը, որը միասին հավաքել է 26%, հանքի շահագործմանը կողմ են: Այսինքն, քաղաքական դաշտում իշխելու հավակնություն ունեցող ոչ մի ուժ հանքի շահագործմանը դեմ չէ:   Մենք Ամուլսարը համարում ենք ազգային և համամարդկային լոկալ բնապահպանական հարց, որի պայքարը իր մեջ կարող է ներառել ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ կուսակցությունների, հասարակական և կոմերցիոն կազմակերպությունների, բայց երբեք չշեղվել ու չծառայեցնել այս պայքարը քաղաքական այլ նպատակներ ունեցողների։    «Բնապահպանները վաճառված են»։ Այս ցինիկ միտքը ոչ միայն անհեթեթ է, այլ նաև խոսում է այս միտքը շահարկողների անտարբերության ու անմտության մասին: Նախ պետք է նշել, որ պայքարի մեջ եղել են հազարավոր մարդիկ, որոնց մեջ կարող էին պատահել նաև սադրիչներ, բայց վերագրել մի քանի հոգու գոյությունը ամբողջ շարժման վրա, ուղղակի պղծություն է: Երկրորդ՝ այս միտքը շրջանառողներից հաշված մարդիկ են ուսումնասիրել տվյալ մտքի աղբյուրները և ցավոք սրտի հուսախաբ են եղել՝ չպատկերացնելով, որ այս շարքային մանիպուլիացիոն քայլը իրենց օգտագործելու և շարժումը իրենց ձեռքով վարկաբեկելու համար է:   «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է, որ լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված: Երբ հետպատերազմյան Հայաստանում կառավարողների խելամտությունը ակնհայտորեն չի բավարարում ճիշտ ճանապարհով երկիրը տանելու, մենք պետք է ավելի զգոն և պահանջատեր լինենք:
22:59 - 24 փետրվարի, 2023
ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց։ ««Լիդիան» ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ է ապահովելու։ Գնահատված է, որ Ամուլսարի, «Լիդիան»-ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 1%-ով մոտավորապես, եւ դա բավականին բարձր ցուցանիշ է, մենք հնարավորություն չունենք հրաժարվելու մնան հնարավորություններից»։   Այս մասին հուշագրի ստորագրման արարողությանը ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ընկերությունը արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլատվությունները աշխատանքը սկսելու համար, այսինքն՝ որեւէ օրենսդրական արգելք չկա այս պահին էլ։ Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերը, սակայն դրա դիմաց որեւէ բան չի վճարելու, փոխարենը ապահովելու է գործարքի ապահովագրումը որոշակի ռիսկերից նաեւ որպես բաժնետեր։ Նա նշեց, որ ազդակիր համայնքները ամեն տարի ստանալու են 7 մլրդ դրամի աջակցություն ընկերության կողմից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։  Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։  
17:34 - 22 փետրվարի, 2023
Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը
 |armenpress.am|

Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը |armenpress.am|

armenpress.am: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։   Տեղեկությունը հաստատեցին Էկոնոմիկայի նախարարությունից։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու։ Ճշտող հարցին՝ արդյոք Կառավարությունը 250 միլիոն դոլարով գնելո՞ւ է այդ բաժնետոմսերը, Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին․ «Ոչ, Կառավարությունը ոչ մի բան չի ծախսում»,- ասացին Էկոնոմիկայի նախարարությունից։ Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։      
15:08 - 22 փետրվարի, 2023
Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատար Հեթեր Բայստրիկին ապրիլի 27-ին այցելել է Ամուլսար, հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ «Հանդիպման ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կարճ պրեզենտացիայով հանդես եկավ Լիդիանի գլխավոր մենեջեր Ռոդնի Ստուպարիկը, որից հետո քննարկվեցին ընկերության ապագա պլանները: Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տիկին Բայստրիկին այցի համար: Որպես ամերիկա-կանադական ընկերություն` Լիդիան Արմենիան բարձր է գնահատում Կանադական դեսպանության ցուցաբերած հետաքրքրությունը ընկերության գործունեության հանդեպ»,- ասված է ընկերության հայտարարությունում։ Օրերս Ամուլսար էր այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Ապրիլի 20-ին Լին Թրեյսին ծանոթացել էր «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
17:03 - 28 ապրիլի, 2022
Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է

Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի  գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից հնարավոր հանցագործություն կատարված լինելու վարկածները ստուգելու նպատակով կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, պետական և ոչ պետական մարմիններից առգրավվել, ստացվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր, կայացված որոշումների հիման վրա կատարվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների  փորձագետներին: 2019թ. հուլիսի 22-ին ստացվել է վերը նշված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի /ներկայիս՝ «Լիդիան Արմենիա»/ կողմից ՀՀ լիազոր մարմնին ներկայացված, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նպատակով ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր: Հիշյալ հետևությունների վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է իր գրավոր առարկությունները: Առկա հակասությունների կապակցությամբ ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գործող նորմատիվ իրավական բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը /ընդունված՝ 21.06.2014թ./ և վերջինիս դրույթներով  համապատասխան գնահատման մեթոդիկայի սահմանման ու հաստատման գործընթացի իրավական կարգավորումները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի կարգավորման իրավական ընթացակարգում առկա թերությունները վերացնելու նպատակով սույն քրեական գործի շրջանակներում համապատասխան փաստաթղթեր են ուղարկվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ, ուստի 21.12.2021թ.-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու  և գործով վարույթը կարճելու մասին: Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ենթակա ոլորտներին վերաբերելի, քննության ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդիրները կարգավորելու նպատակով:
15:20 - 21 դեկտեմբերի, 2021
Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում տարվա ընթացքում Ամուլսարի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բյուջեում  կանխատեսում կա՞ Ամուլսարի հետ կապված, հետարքրքվեց, թե կառավարությունն ի՞նչ մոտեցում ունի հանքի հետ կապված, այն կգործարկվի՞, թե՞ ոչ: ««Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,-ասաց նախարարը: Իսկ գործարկման հետ կապված պաշտոնական դիրքորոշման մասով նա հորդորեց դիմել կառավարության իր համապատասխան գործընկերներին:
11:53 - 08 դեկտեմբերի, 2021
Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում կլինի։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ այս գործով քննություն են իրականցրել և մոտեցել են ավարտական փուլին։ Հարցին՝ գործով մեղադրյալներ կա՞ն, Այվազյանը բացասական պատասխան տվեց։ Հարցին ի պատասխան՝ հանգուցալուծումը գործը կարճելու տեսքո՞վ է լինելու, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ կանխատեսում չի անի։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
14:05 - 03 նոյեմբերի, 2021
ՇՄ նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա»-ին Արփա գետից ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնել |armenpress.am|

ՇՄ նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա»-ին Արփա գետից ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով Արփա գետի ներքևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրօգտագործման թույլտվություն տրամադրել։ Այս մասին ասաց ՇՄ նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Մխիթարյանը։ Նա նշեց, որ 2020 թվականին ընկերությունը ստացել էր Արփա գետի ներքևի հոսանքներից 11 լ/վրկ ծավալով ջրօգտագործման թույլտվություն, սակայն այժմ դիմել էին 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար։ «Ընկերությունը դիմել է Արփա գետի ներքևի հոսանքներից 30 լ/վրկ-ով ավելի շատ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Մերժման հիմք է հանդիսացել «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» կառավարության որոշումը։ Այնտեղ արդյունաբերության նպատակով ջրառի ծավալը շատ չնչին է փոփոխվում, և նախատեսված չէ թույլ տալ այդ քանակությամբ»,- ասաց Մխիթարյանը։ Նախկինում «Լիդիան Արմենիա»-ն հայտ է ներկայացրել Արփա գետի Դարբ գետակից և Արփա գետի վերևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրառի համար, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել։ Ընկերությունն այժմ ՀՀ վարչական դատարանում վիճարկում է Դարբ գետակից ջրառ իրականացնելու նախարարության մերժումը։
16:21 - 25 մարտի, 2021
Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի հանքի շահագործման մասով այս պահի դրությամբ որևէ որոշում ֆիքսված չէ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ, և այն օբյեկտիվ իրականությունը, որին սպասում ենք բոլորս, հրապարակայնացված չէ, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, բայց կարող եմ երաշխավորել, որ եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն շմագը, վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես՝ ինքս, ամենախիստ հակադարձումը կանեմ»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ «հավանականություն կա, որ հանքը կբացվի»։
12:49 - 18 մարտի, 2021
Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

tert.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ամուլսարի վերաբերյալ։«Որպես քաղաքացի՝ կո՞ղմ եք հանքի շահագործմանը, և որպես երկրի վարչապետ՝ ի՞նչ որոշումներ եք կայացնելու, Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց պատգամավորը։ Հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, թե որոշումը շատ պարզ ու հստակ է՝ ստեղծել հնարավորություններ, որ երկրում լինեն հավելյալ ներդրումներ։«Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հանքարդյունաբերությանը, և կարող է վերաբերել տարբեր հանքերի։ Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ։ Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն՝ այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,-ասաց նա։Պատգամավորն արձագանքեց, թե կարծում է՝ կկայացվի այնպիսի որոշում, որ բնության հաշվին տարբեր մարդկանց գրպաններ և տնտեսություն գումարներ չեն գնա, կգերակայի նաև բնության պահպանման խնդիրը։ Ի պատասխան՝ Պապիկյանն արձագանքեց․ «Ինչպես նախկինում նշել ենք, կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից»,-ասաց Պապիկյանը։
18:16 - 10 փետրվարի, 2021
Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին
 |armtimes.com|

Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ձեռպահ է մնում Ամուլսարի խնդրի վերաբերյալ որեւէ դիտարկումից, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա հայտնեց, որ վերջերս իր նախաձեռնությամբ ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել բնապահպանական լայն շրջանակները ներկայացնող անձանց հետ: Այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են բնապահպանական շրջանակների կողմից, մանրամասն ուսումնասիրվել են, նախարարության մասնագետների հետ քննարկվել են: «Այս պահին կարող եմ ասել այն, որ քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, այդ մասով մենք չենք կարող որեւէ դիտարկում անել: Այս շրջանում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընթացների վրա ազդելու որեւէ մանդատ չունի: Բացառությամբ այն դեպքի, եթե, օրինակ, քրեական գործի շրջանակներով կարող են ի հայտ գալ այնպիսի օբյեկտիվ փաստեր, երբ կասկածի տակ կառնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները»,- նշեց նախարարը:  
19:52 - 26 հունվարի, 2021