ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն է։ Կուսակցության ԳՄ քարտուղարն այժմ Գոռ Հակոբյանն է։

ՔՈ-ն մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն էր։

Կուսակցությունն ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 3 775 ձայն (0.3%):

ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության բաժնում հանդիպել է Մաշտոցի պուրակից բերման ենթարկված քաղաքացիներին

ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության բաժնում հանդիպել է Մաշտոցի պուրակից բերման ենթարկված քաղաքացիներին

ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության կենտրոնական բաժնում հանդիպել է Մաշտոցի պուրակից բերման ենթարկված քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։  Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբն օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերն այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին Մաշտոցի պուրակից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Առանձնազրույցներ են անցկացվել բերման ենթարկված անձանց` Սուրեն Սահակյանի, Վահագն Մինասյանի ու Հայկ Սահակյանի հետ, ներկայացվել են նրանց իրավունքները։ Հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ներկայացուցիչների հետ։ Այցի արդյունքները կամփոփվեն, և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ: Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Միքայել Նահապետյանը հայտնել էր, որ ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Երևանի Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Վերջիններս ազատ են արձակվել։
16:56 - 17 օգոստոսի, 2023
«ՔՈ» հիմնադիր Սուրեն Սահակյանի, կուսակցության անդամներ Վահագն Մինասյանի և Հայկ Սահակյանի նկատմամբ արձանագրություն է կազմվել, նրանք ազատ են արձակվել |pastinfo.am|

«ՔՈ» հիմնադիր Սուրեն Սահակյանի, կուսակցության անդամներ Վահագն Մինասյանի և Հայկ Սահակյանի նկատմամբ արձանագրություն է կազմվել, նրանք ազատ են արձակվել |pastinfo.am|

pastinfo.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը, կուսակցության անդամներ Վահագն Մինասյանը և Հայկ Սահակյանը ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից։ ՆԳՆ փոխանցմամբ՝ նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն, նրանք արդեն ազատ են արձակվել։ Հիշեցնենք, որ Միքայել Նահապետյանը հայտնել էր, որ ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Երևանի Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։
11:40 - 17 օգոստոսի, 2023
ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ ՀՀ վարչական դատարան ներկայացված պահանջի մասին

ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ ՀՀ վարչական դատարան ներկայացված պահանջի մասին

Այսօր՝ ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, ՀՀ վարչական դատարանը պետք է հրապարակի մարտի 26-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վճիռը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացու որոշում» կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբից։  «Ապրիլի 5-ին «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն ներկայացրել էր հայցադիմում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին։ Քննությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։ Ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով ամրագրված ընտրական իրավունքի հիմնական՝ հավասարության սկզբունքը։ Ըստ էության, սակայն, այսօր վարչական դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք հնարավոր են ներկա Հայաստանում ազատ, արդար, իրական ընտրություններ՝ ժողովրդական չափորոշիչներին համապատասխան, թե՞ ոչ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հայցադիմումին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։  Հիշեցնենք, որ Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում ավագանու ընտրւթյուններ էին: Սիսիանում առաջադրվել էր 3՝  Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Երկու համայնքներում էլ ՔՊ-ն ստացել է առավելագույն քվեներ: Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։  Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով։ Իսկ ավելի ուշ ՔՊ-ն հայտնել է, որ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
15:47 - 11 ապրիլի, 2023
ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում Ընտրական օրենսգրքի խախտումների մասին

ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում Ընտրական օրենսգրքի խախտումների մասին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբից հաղորդագրություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «26.03.2023 թ․-ի Սիսիան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանը նույն ընտրություններին մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում էր ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներին համապատասխան, այն է՝ դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ը: Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ թիվ 34 ԸԸՀ-ը օրենքով սահմանված կարգով դիմումը ստացել և վարչական վարույթ հարուցել էր 24.03.2023 թ-ին (մտից համար 42): ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանի դիմումի հիմքով նշանակվել էր հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 25.03.2023 թ-ին ժամը 11.40-ին: Նշանակված նիստը մեկնարկել է ուշացումով՝ ժամը 11.48-ին: Նիստի օրակարգը հաստատելուց և ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցչի դիմումի մասին հանձնաժողովի նախագահի տեղակալի զեկուցումից, այսինքն՝ դիմումատուի իրավական դիրքորոշումը և պահանջը ներկայացնելուց հետո, ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Վ. Բալյանը քննարկվող հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ է արել: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընդմիջում 5 րոպեով, որը, տեսագրությամբ ապացուցվում է, տևել է 12։19-ից մինչև 12։40: Պայմանական ընդմիջման ընթացքում ընտրական հանձնաժողովի անդամներն ըստ էության որևէ կերպ չեն մասնակցել որևէ քննարկման, տեսագրության մեջ հստակ երևում է՝ ով և ինչպես է պատրաստել որոշումը։ Նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը հանձնաժողովի նախագահին փոխանցում է փաստաթուղթ, որի բովանդակությանը հանձնաժողովի որևէ անդամ չի ծանոթանում, և առանց կարդալու  քվեարկում են: Թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ ընդունում է 16-Ա որոշումը ժամը 12.45-ին, չնայած ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ը»,-նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում ավագանու ընտրւթյուններ էին: Սիսիանում առաջադրվել էր 3՝  Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Երկու համայնքներում էլ ՔՊ-ն ստացել է առավելագույն քվեներ: Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։  Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով։ Իսկ ավելի ուշ ՔՊ-ն հայտնել է, որ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
16:11 - 30 մարտի, 2023
ՔՊ-ն Սիսիանի մրցակից թեկնածուին և լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է դատարան
 |hetq.am|

ՔՊ-ն Սիսիանի մրցակից թեկնածուին և լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) երեկ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: ՔՊ-ի դիտարկմամբ՝ նշված անձիք և լրատվամիջոցը խախտել են Սիսիանի ավագանու ընտրության քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչության արգելքը: Հետևաբար կուսակցությունը դիմել է վարչական դատարան, որպեսզի վերջինները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով ենթարկվեն պատասխանատվության: Հիշեցնենք՝ մարտի 26-ին, Սիսիանում տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ։ Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։  Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք․ «Ես խոստանում եմ՝ վաղը բոլոր էն լրատվականները, ովքեր տպել են նման վերնագիր, ստանալու են համապատասխան դատական հայցեր, որովհետև նման կոպտագույն խախտում ուղղակի չի կարող լինել»։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
10:45 - 29 մարտի, 2023
ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ մարտի 26-ին, ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեցին Շիրակի մարզի Անի ու Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում։ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել երկու համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 934 է, մասնակցել է 9869-ը կամ 61.93%-ը։ ԿԸՀ նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատարն է։ «Ազգ-համայնք» դաշինք (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան) - 3134 ձայն կամ 31.75% «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան) կուսակցություն - 744 ձայն կամ 7․53% «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) - 795 ձայն կամ 8․05% «Քաղաքացիական պայմանագիր» (Արման Սարիբեկյան) - 5180 ձայն կամ 52․48%։ Անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրողների ընդհանուր թիվը համայնքում 22 890 է, մասնակցել է 11 355-ը կամ 49․6%-ը։ ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալներով առաջատարը դարձյալ ՔՊ-ն է։ Հայաստանի հանրապետական կուսակցություն - 2 553 ձայն կամ 22․48% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 7 325 ձայն կամ 64.5% «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 1 443 ձայն կամ 12.7%: Անվավեր քվեաթերթիկների թիվը 34 է։ Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է: Այսպիսով՝ երկու համայնքներում առաջատար է իշխող ՔՊ կուսակցությունը։ Ընտրություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը ևԿա՜ Ապագա»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ Անի համայնքի ընտրությունների ընթացքում ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քր. օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով (անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը): Սիսիանի ընտրությունների ընթացքում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել: ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում, որոնց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում։ Արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել նաև «Անկախ դիտորդը»։
09:34 - 27 մարտի, 2023
Պաստառներ արգելված վայրերում, գովազդ Facebook-ում․ «Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արաձանագրած ընտրախախտումների մասին

Պաստառներ արգելված վայրերում, գովազդ Facebook-ում․ «Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արաձանագրած ընտրախախտումների մասին

Սիսիան խոշորացված համայնքում «Անկախ դիտորդը» արձանագրել է մի շարք ընտրախախտումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Ըստ Իոաննիսյանի՝ այդ ընտրախախտումներն են․ «1. ՔՊ-ն Meta-ին վճարել է լռության և քվեարկության օրերին (այդ թվում այդ օրերին) Facebook-ում իրենց թեկնածու Արմեն Հակոբջանյանի նախընտրական քարոզչության իրականացման համար (Meta-ի հաշվետվության հղումը՝ մեկնաբանությունում): 2. Վարչական դատարանը ապօրինաբար մերժել է ՔՊ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության բերված դիմումի ըստ էության քննարկումը: Դատարանը պարտավոր էր այն ըստ էության քննարկել (մենք չենք պնդում, որ հայցապահանջը պետք է բավարարվեր), ինչպես արել էր 2021-ին մեկ այլ կուսակցության դեմ բերված ՔՊ-ի հայցով: 3. ՔՊ-ն բազմաթիվ շարք արգելված վայրերում փակցրել է պաստառներ, իսկ Համայնքային իշխանությունը (որը ՔՊ-ական է) չի կատարել դրանք հեռացնելու իր գործառույթը: Պաստառները հեռացվել են միայն քարոզարշավի վերջում՝ 34-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) միջամտությամբ: 4. ՔՊ-ի քարոզարշավի համար օգտագործվել են համայնքապատկան տրանսպորտային միջոցներ, ինչը, իմիջիայլոց, մասամբ արձանագրել է նաև ԸԸՀ-ն: 5. «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական պաստառներ և բուկլետները եղել (բաժանվել) են օրեքով արգելված վայրերում: 6. Մի շարք դեպքեր են նկատվել, երբ ընտրողին օգնողը, ըստ էության, ընտրողի փոխարեն էր քվեարկում (օգնելու պրոցեոսում ընտրողին չէր էլ հարցնում, թե ում քվեարկի, կամ, հակառակը, պարզապես վերահսկում էր ընտրողի ինքնուրույն քվեարկությունը)»։ Իոաննիսյանը հայտնել է նաև, որ «Անկախ դիտորդի» արձանագրումները շատ ավելի շատ են, դրանց մասին մանրամասն կխոսեն վաղը: Հետգրությամբ Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տարածվող լուրերին՝ գրելով․ «Քանի որ թեման շատ է քննարկվում, ասեմ, որ մենք ընտրակաշառքի մասին որևէ արժանահավատ տեղեկատվություն չունենք: Մամուլով այս թեման շատ աղավաղված է տարածում (դե-ֆակտո ՔՊ-ի դեմ կեղծ լուրերով հակաքարոզ է)»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Հավելենք՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է:
21:14 - 26 մարտի, 2023
ՔՈ-ն տեղեկություն է ստացել ՔՊ-ի անունից բաժանվող ընտրակաշառքի մասին, ՔՊ-ից հերքում են․ Անիում ու Սիսիանում փակվել են ընտրատեղամասերը

ՔՈ-ն տեղեկություն է ստացել ՔՊ-ի անունից բաժանվող ընտրակաշառքի մասին, ՔՊ-ից հերքում են․ Անիում ու Սիսիանում փակվել են ընտրատեղամասերը

Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ 2 համայնքների՝ Անիի ու Սիսիանի 61 ընտրատեղամասերը։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22 880 քաղաքացիներից 11 356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15 918 քաղաքացուց 9 870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  ընտրողների 54.71%-ը կամ  21226 քաղաքացի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է: Երեկ «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը հայտնել էր, որ Վարչական դատարանը հրապարակել է որոշում, որով մերժել է իրենց հայցը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ։  «Դատարանը բացարձակ չի անդրադարձել գործի բովանդակությանը, այլ 23:55 րոպեին հրապարակված ակտով վճռել է, որ մենք պիտի ոչ թե իրենից պահանջեինք անվավեր ճանաչել ցուցակի գրանցումը (ինչի իրավունքը ևս ունենք), այլ պիտի պահանջեինք պարտավորեցնել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որ հանձնաժողովը դիմեր նման պահանջով»,- գրել էր Նահապետյանը։ Ապա այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։ Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել։ Ընտրակաշառքը վերջին այլանդակ ընտրախախտումն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նույնականացնում է այն քաղաքական ուժերի հետ, որոնց դեմ պայքարում էին այդ կուսակցության բազմաթիվ ազնիվ համակիրներ տարիներ առաջ։ Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է։ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հիշեցնում է, որ նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու, առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ պարտավոր է զբաղվել ՀՀ ոստիկանությունը։ Պետության և կառավարող ուժի հեղինակության մասին նախ և առաջ պետք է մտածի իշխող ուժը, որին հավատացել է ՀՀ քաղաքացին 2018թ․-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այս և ընտրակաշառք տարածելու վերաբերյալ այլ հրապարակումներին անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հերքելով դրանք․ «Դրանց (նման տեղեկությունների՝ խմբ․) հիման վրա լրատվականները ձևակերպել են «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագիրը։ Ես խոստանում եմ՝ վաղը բոլոր էն լրատվականները, ովքեր տպել են նման վերնագիր, ստանալու են համապատասխան դատական հայցեր, որովհետև նման կոպտագույն խախտում ուղղակի չի կարող լինել»։ Տեսանյութի վերջում Ալեքսանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր հրապարակումների հետ կապված՝ դիմելու են դատարան։ Հիշեցնենք նաև, որ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան): Այս ուժերից երեքը մասնակցել են նախորդ ընտրություններին, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»: Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում: «Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։   Լուսանկարը՝ 1lurer.am կայքից
20:42 - 26 մարտի, 2023
Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում մարտի 26-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ԿԸՀ փոխանցմամբ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի 1-ից մինչև մարտի 24-ը, ժամը 24:00-ն:
20:46 - 19 փետրվարի, 2023
Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է․ ՔՈ

Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է․ ՔՈ

«Քաղաքացու Որոշում» կուսակցության Գործադիր Մարմինը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ․    «Արդեն բանաձևի վերածված ձեռագրով Ադրբեջանը կրկին ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, երբ բանակցային գործընթացը հանգում է մի կետի, որտեղ պիտի դիրքորոշում հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է և նա այդ ռազմավարության շրջանակներում ձեռնարկել և ձեռնարկելու է ռազմական էսկալացիաներ և առաջ է քաշելու նորանոր պահանջներ։   Հիմա մենք կրկին պատերազմական վիճակում ենք, իսկ մեզ խոստացված խաղաղությունը և կյանքեր փրկելու քաղաքականությունը՝ ձախողված։ Մի պայմաններում, երբ բանակցության մյուս կողմերը հետաքրքրված չեն խաղաղության հաստատմամբ` խաղաղություն հնարավոր կլիներ միայն, եթե մենք ինքներս անցած երկու տարիների ընթացքում քայլեր ձեռնարկեինք՝ առավե՛լ ինքուրույն , առավե՛լ արդար հասարակություն և առավե՛լ գործուն ինքնապաշտպանական համակարգ ստեղծելու համար։ Սակայն, այդ ժամանակը կորսված է և մենք քաղաքական անհեռատես որոշումների մի ամբողջ շղթայի պատճառով հայտնվել ենք ճգնաժամային վիճակում։ Վիճակ, որը ենթադրում է երկու ելք՝ կամ կրկին զիջել ինչ-որ բան մեր իրավունքներից ու արժանապատվությունից և ստանալ մի քանի ամսվա խարխուլ խաղաղություն կամ հասկանալ մեր իրավիճակի խորքային պատճառները և փոփոխել դրանք։   Վիճակը հետևյալն է․ Հայաստանը չի կարողանում ձևակերպել մեր ինքուրույն անվտանգային նպատակները և ըստ այդմ վարել քաղաքականություն։ Հայ հանրության քաղաքական միտքը հանգել է երկու տարբեր մոտեցումների. առաջին մոտեցումը մեր անվտանգային ռազմավարությունը կապում է արտաքին անվտանգային միջավայր գտնելու և դրա հովանոցի տակ մտնելու հետ, սակայն, արագ փոփոխվող աշխարհակարգը չի տալիս հնարավորություն երկարաժամկետ կանխատեսումներ անել նման դաշինքների կենսունակության մասին, ուստի մեր ժողովրդի անվտանգությունը չի կարող կապվել կարճաժամկետ ու տատանողական համակարգից։ Մյուս մոտեցումը հենվում է ներպետական անվտանգային գործուն համակարգ կառուցելու և արտաքին ուժերի լիակատար աջակցության անհեռանկար հույսերից ազատվելու վրա։ Երկրորդ մոտեցումը այն է ինչին հավատում և ինչի ուղղությամբ մեր անհատական ու խմբային ջանքն ենք գործադրում նաև մենք։   Սիրելի՛ քաղաքացիներ, մենք հանգել ենք մի կետի, որտեղ պետք է սթափորեն գիտակցենք, որ Ադրբեջանին պետք չէ խաղաղություն և չկա մի զիջում, որից հետո նա կանգ կառնի։ Ապարդյուն են ինքնախաբեության բոլոր փորձերը, որով մեզ փորձում են համոզել, թե Արցախի մեր ժողովրդի իրավունքների վաճառքով մենք կարող ենք խաղաղություն գնել Հայաստանի համար։ Ըստ այդմ մենք կտրականապես մերժում ենք իրավունքներից հրաժարման այս քաղաքականությունը, որ հանգեցնում է շարունակական բախումների և չենք ընդունելու այդ քաղաքականության որևէ փաստացի կամ իրավական արդյունք։   Մեր անելիքը մեկն է` ինքնակազմակերպվել և համերաշխության գալ Հայաստանի և հայ ժողովրդի ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։ 
15:54 - 15 սեպտեմբերի, 2022
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեմ է ՊՆ նոր նախագծին

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեմ է ՊՆ նոր նախագծին

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՊՆ նոր նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ նախատեսվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։ «Պատերազմից հետո` երկու տարի անց, տարբեր նախագծերով ներկայացվում է բանակի բարեփոխումների հայեցակարգը։ Դրանից առաջինը` բանակի ղեկավարման համակարգի փոփոխությունն էր, որով բանակի ղեկավարման ինքնավար համակարգը դրվեց քաղաքական ուղղակի կառավարման տակ՝ պատճառաբանելով, որ հիմա վարչակազմը ուղղակի պատասխանատվություն է կրելու բանակի համար և փաստեցին, որ մինչ այդ իրենք պատասխանատվություն չեն կրել։ Մեր համոզմամբ՝ այս փոփոխությունների նպատակն իրականում բանակի նկատմամբ լիարժեք վերահսկողություն է, որի արդյունքում բանակը չի կարողանալու լինել քաղաքականապես չեզոք և հանրային վերահսկողության տակ գտնվող մարմնի կարգավիճակում։ Եվ ըստ այդմ, դրա արդյունավետությունը երկարաժամկետ կտրվածքով կասկածի տակ է դրված։ Իսկ այժմ ներկայացվել է մի նոր նախագիծ, որով փողի դիմաց ժամկետային զինծառայողները կարող են ազատվել ծառայությունից։ Սա սահմանադրական իրավունքի, կյանքի իրավունքի և սոցիալական արդարության ոտնահարում է, և այն խորացնելու է երկրում սոցիալական բևեռացումն ու անարդարության զգացումը։ Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացումը։ Սա հանգեցնելու է նրան, որ մեր երկրում կյանքի արժեքը և իրավունքը բոլորի համար չէ, և դրա իրավունք ունի միայն հարուստը, իսկ աղքատը պետք է մեռնի հարուստի համար։Սա հանգեցնելու է արտագաղթի, քանի որ մարդիկ երկրից հեռանում են ոչ միայն սոցիալական վատ վիճակից, այլ նաև անարդարության մթնոլորտից։ Երկարաժամկետ կտրվածքում առաջանալու է, որոշակի պրոֆեսիոնալ զինվորական մաս, որը կտրված լինելով ժողովրդական վերահսկողությունից, հիմք է դնելու ռազմական հեղաշրջումների և տարատեսակ, կասկածելի քաղաքական վերահսկումների։ Քաղաքացու Որոշում կուսակցությունը դեմ է արտահայտվում այս նախագծին։ Մենք գտնում ենք, որ Քաղաքացու Որոշում կուսակցության կողմից մինչ այդ առաջարկված ժողովրդական բանակի ձևավորման սկզբունքները, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի ու բնակավայր պետք է պատրաստ լինի և կարողանա մասնակցել երկրի պաշտպանությանը, լավագույնս են արտահայտում մեր երկրի անվտանգության շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
10:04 - 26 օգոստոսի, 2022
Բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը, և այն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ. «Քաղաքացու որոշում»

Բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը, և այն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ. «Քաղաքացու որոշում»

Հայաստանը պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով. Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր Մարմինը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ Հաշվի առնելով հանրային քննարկումներում հայ-ադրբեջանական բանակցությունների և դրա բովանդակության շուրջ առկա մտահոգությունները ցանկանում ենք արձանագրել, որ.  1. 2020թ.-ի պատերազմը արտաքին միջամտության արդյունքում դադարեցվեց այնպիսի իրավիճակում, որում կողմերից որևէ մեկը լիակատար հաղթանակի կամ պարտության փաստը արձանագրել չի կարողացել։ 2. Վերլուծելով խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված հիմնական  սուբյեկտների դիրքորոշումները, կարծում ենք, որ այժմ ընթացող բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը և ոչ խնդրի վերջնական լուծմանը և երկարատև խաղաղության հաստատմանը։ Ավելին՝ ստատուս քվոն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ։ 3. Նոր ստատուս-քվոն պիտի սահմանի կողմերից յուրաքանչյուրի իրավունքները և դրանք պաշտպանելու օրինական միջոցների ձևն ու ծավալը։ Այսպիսով ստեղծվել է իրավիճակ, որում  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած կուրսի վտանգավորությունը ոչ թե այն է, որ իրենք կլուծեն Ղարաբաղի հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով, այլ այն, որ նրանք կսառեցնեն հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով։ Եվ հաջորդ էսկալացիան տեղի կունենա մի պայմաններում, երբ հայերը ստիպված կլինեն պաշտպանել սեփական կյանքը այնպիսի տարածքների վրա, որոնց նկատմամբ բոլոր քաղաքական իրավունքները զիջել են Ադրբեջանին։ Այսպիսի քաղաքական գիծը և դրա հետևանքները մենք արդեն զգացել ենք մեր մաշկի վրա` առաջինից երկրորդ պատերազմն ընկած ընթացքում։ Ըստ այդմ հայկական դիվանագիտության խնդիրը, իսկ դրա անկարողության դեպքում հանրության խնդիրը պիտի լինի նոր գծագրվող ստատուս-քվոյի շրջանակներում Արցախի նկատմամբ արցախցիների իրավունքի հնարավորության պահպանումը։ Մյուս խնդիրը սեփական իրավունքները պաշտպանելուն ունակ արդյունավետ պետության կազմակերպումն է, որի անվտանգային բաղադրիչն այսօր, պետք է արձանագրենք, որ գտնվում է լիակատար անտեսման վիճակում։ Պետությունը առհասարակ իրար նկատմամբ պարտավորություններ ունեցող և այդ պարտավորությունները պաշտպանող մարդկանց միավորում է։ Հայաստանը անկախության հռչակագրով, սահմանադրությամբ և Գերագույն Խորհրդի օրենքի ուժ ունեցող որոշումով պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով։ Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի։ Չճանաչելով Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը Հայաստանը չի կարող հանդես գալ դրա միջազգային ճանաչմանն աջակցողի դիրքերից, որովհետև խոշոր հաշվով Հայաստանի ներկա և նախկին կառավարող շրջանակները իրենց պաշտոնական դիրքորոշումներում որևէ կերպ այդ իրավունքին չեն վերաբերվել ավելի վճռականորեն, քան համանախագահող երկրները, որոնք ևս պնդում են, որ տեսականորեն յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, սակայն, այս պահին Արցախի հայերի այդ իրավունքի իրացման փաստը չեն ճանաչում։
14:29 - 03 հունիսի, 2022
Հայաստանը չպետք է ակտիվ ռազմական միջամտություն ցուցաբերի իր տարածքներին անմիջականորեն չառնչվող վեճերում․ «Քաղաքացու որոշում» կուսակցություն

Հայաստանը չպետք է ակտիվ ռազմական միջամտություն ցուցաբերի իր տարածքներին անմիջականորեն չառնչվող վեճերում․ «Քաղաքացու որոշում» կուսակցություն

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ցավով և ափսոսանքով ենք հետևում Ղազախստանում ստեղծված իրավիճակին։ Ակնհայտ է, որ գործընթացի թե՛ առաջացման պատճառները, թե՛ դրանում առկա շահերը և թե՛ դերակատարների կազմը միանշանակ հետևությունների հնարավորություն չի տալիս։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը իր անվտանգային մարտահրավերների այս շրջափուլում չպետք է ակտիվ ռազմական միջամտություն ցուցաբերի իր տարածքներին անմիջականորեն չառնչվող վեճերում։ Այլ տարածաշրջաններում խաղաղությանն ու կայունությանը Հայաստանը իր նպաստը պետք է բերի ոչ ռազմական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումը հղի է մի շարք անցանկալի հետևանքների ռիսկով, որոնց կառավարման վերաբերյալ որևէ պատկերացում չի ներկայացվում հանրությանը և քաղաքական ուժերին։ Մասնավորապես.1. Բոլոր տարածաշրջաններում եռացող կոնֆլիկտների այս ժամանակաշրջանում նման նախադեպ ստեղծելով ինչպե՞ս ենք զերծ մնալու այդ բոլոր եղած և լինելիք կոնֆլիկտներում հայ զինվորների կյանքը վտանգելու առիթներից։ 2. Արտաքին միջամտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները անկասկած հարցեր են առաջացնելու մի շարք աշխարհքաղաքական կենտրոններում. ինչպե՞ս է Հայաստանը պատասխանատվություն կրելու այդ հայտարարության համար։ Իսկ եթե այդ հայտարարությունը չհիմնավորվի ինչպե՞ս է Հայաստանը պատասխանատվություն կրելու անհիմն միջամտության համար։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք աշխարհքաղաքական հակադրության բևեռ դառնալու։3. ՀԱՊԿ զորքերի գործողությունների վերաբերյալ Ղազախստանի ժողովրդի մի հատվածի մոտ անխուսափելիորեն առաջացող դժգոհությունը մարմնավորվելու է Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը  ազգամիջյան ատելության հնարավոր դրսևորումներից։ Ըստ այդմ. անհրաժեշտ ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորները ում համար կենտրոնական տեղում Հայաստանի շահն է պետք է կառավարության ղեկավարին կանչեն բացատրություններ տալու և մանրամասն պատասխաններ ստանան հետևյալ հարցերի առնչությամբ.1. Արդյո՞ք Հայաստանը հետայսու մասնակցելու է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կոնֆլիկտներին սեփական զորքերով։ Եվ ինչպե՞ս է դա հարաբերվում մեր անվտանգային հարցերում ՀԱՊԿ անտարբերության հետ։ 2. Ինչպե՞ս և ինչ չափով է Հայաստանը պատասխանատվություն կրելու միջազգային հարթակներում ՀԱՊԿ զորքերի գործողությունների համար։ 3. Ի՞նչ քանակի, ի՞նչ տեսակի զորքեր են ՀՀ ԶՈւ կազմից ուղղարկվում Ղազախստան` ի՞նչ ժամկետով և ի՞նչ իրավական գործընթացի արդյունքում։ 4. Ինչպե՞ս է Հայաստանը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը հիմա և զորքերի դուրսբերումից հետո։ Կայունություն և համերաշխություն ենք մաղթում Ղազախստանի ժողովրդին»։
15:27 - 06 հունվարի, 2022