ԿԱՐԴԱԼԻՔ

Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր կետերից մեկն է, Interfax.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններից, մեր կարծիքով, ամենաշատը մենք առաջընթաց ունենք կոմունիկացիաների բացման տեսանկյունից։ Պարզ է, որ դեռևս հստակ ոչինչ չկա, սակայն նվազագույնը խոսակցությունների, դիրքորոշումների, ոչ ֆորմալ նախնական պայմանավորվածությունների մակարդակում սա այն թեման է, որի ուղղությամբ ավելի արագ կարելի է համաձայնեցման գալ, մեկնարկել գործընթացը, որը, մեր կարծիքով,  կարող է լուրջ խթան լինել հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ […] Որոշ շարժ կա, մենք իրավիճակին նայում ենք շատ զգույշ լավատեսությամբ», - ասել է նա։ «Եթե համեմատենք այն, ինչ ունենք այսօր, նրա հետ, ինչ կար մեկ տարի առաջ, թերևս հիմա դրական պահերն ավելի շատ են։ Թե արդյոք այս արագությունը բավարար է, դժվար է ասել։ Գլխավորն այն է, որ, եթե անգամ շարժը շատ դանդաղ է, այն առաջ գնա և անշեղ լինի։ Տեսնենք», - հավելել է նա։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
19:32 - 24 հունիսի, 2022
Ryanair-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով Եվրոպայում չեղարկվում են տասնյակ չվերթներ

Ryanair-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով Եվրոպայում չեղարկվում են տասնյակ չվերթներ

Ryanair ավիաընկերության բորտուղեկցորդների մի մասն այսօր գործադուլ է հայտարարել Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում աշխատավարձի և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով, հայտնում է Reuters-ը։ Եվրոպայում ահագնացող գնաճը հանգեցրել է նրան, որ միլիոնավոր աշխատակիցներ դժվարություններ են զգում կեցության ծախսերի աճի առնչությամբ։ Սա արհմիություններին ստիպել է աշխատավարձերի բարձրացման պահանջ ներկայացնել և գործադուլի կոչեր հնչեցնել։ Ավիաընկերություններն ու օդանավակայանների օպերատորները նաև անձնակազմի պակաս են զգում ուղևորների հոսքի ավելացման պատճառով, քանի որ ուղևորությունների պահանջարկը վերականգնվում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեծ մասի չեղարկումից հետո։ Մի քանի այլ ավիաընկերությունների, այդ թվում՝ British Airways-ի աշխատակիցները նույնպես այս ամառ գործադուլներ են պլանավորում։ Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում Ryanair-ի բորտուղեկցորդները եռօրյա գործադուլ են հայտարարել, որը սկսվում է այսօր։ Ֆրանսիայում և Իտալիայում ընկերության աշխատակիցներն, ինչպես սպասվում է, գործադուլ են անելու հանգստյան օրերին։ Brussels Airlines-ի և Lufthansa-ի Բելգիայի մասնաճյուղի աշխատակիցները նույնպես երեկ գործադուլ են սկսել։ Երեք օրվա ընթացքում Brussels Airlines-ը հավանաբար կչեղարկի իր 533 չվերթների շուրջ 60%-ը։ Բելգիան, ըստ ամենայնի, ամենաշատը կտուժի Ryanair-ի գործադուլից, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Շառլերուայի օդանավակայանի 127 չվերթ չեղարկվելու է, դա կանդրադառնա 21 հազար ուղևորի վրա։ Բրյուսելի օդանավակայանում Ryanair-ի օրական հավելյալ 10 չվերթ չկեղարկվի։ Լիսաբոնում դեռևս երկու չվերթ է չեղարկվել, ընդհանուր առմամբ, ուրբաթ և շաբաթ օրերին Ryanair-ի՝ Բրյուսելի և իսպանական քաղաքների միջև 18 չվերթ է հետաձգվելու։ Նորա Վանյան  
18:49 - 24 հունիսի, 2022
Ի՞նչ է ուզում Թուրքիան, որ համաձայնի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ The New York Times

Ի՞նչ է ուզում Թուրքիան, որ համաձայնի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ The New York Times

Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, սակայն դաշինքին միանալու համար անհրաժեշտ է դրա բոլոր անդամ երկրների համաձայնությունը։ Թուրքիան մի շարք պահանջներ է առաջ քաշել՝ այդ քայլին կողմ քվեարկելու համար։ The New York Times-ը գրում է այդ պահանջների և սկանդինավյան այս երկու երկրների անդամակցության հեռանկարների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խթան է դարձել, որպեսզի Ֆինլանդիան ու Շվեդիան նախորդ ամիս ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնեն՝ հույս ունենալով արագ և առանց խոչընդոտների միանալու դաշինքին։ Փոխարենը նրանք հայտնվել են անելանելի վիճակում, նրանց ճանապարհը փակել է Թուրքիայի անկանխատեսելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հունիսի 29-ին Մադրիդում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, սակայն հայտերի արագացված քննարկման վերաբերյալ նրանց [Ֆինլանդիայի և Շվեդիայի – խմբ․] սպասումները արագ մարել է  այն բանից հետո, երբ Էրդողանը հետ է կանգնել իր այն խոստումներից, թե չի խոչընդոտելու նրանց։ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ այս երկրներին ընդունելու ժամանակացույց չկա, նա խոսել է անգամ մեկ տարով հետաձգման մասին։ Ֆինլանդիան հատկապես սրտնեղած է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ 830 մղոն սահմանը։ Փետրվարի 24-ի ներխուժումից (Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա – խմբ․) հետո Ֆինլանդիան արագ սկսել է նախապատրաստել իր հայտը, իսկ ֆինն դիվանագետները, արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի խոսքով՝ «նախապես կապվել են ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամ պետությունների հետ և ստացել նրանց հաստատումը»։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի պնդմամբ՝ նրանց թվում էր նաև Էրդողանը։ Սակայն Թուրքիան անսպասելիորեն առարկություններ է հայտնել։ Էրդողանը բազմաթիվ պահանջներ է առաջ քաշել, որոնք հիմնականում վերաբերում են ազգայնականությանն առնչվող ներքին հարցերի, օրինակ, քրդական անջատողականությանն ու ահաբեկչությանը, ինչպես նաև ընդդիմադիր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի որոշ հետևորդների արտահանձնմանը։ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին Էրդողանը մեղադրում է 2016 թ-ին իր դեմ պետական հեղաշրջման անհաջող փորձի համար։ Թուրքիան ուզում է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենքները, իրեն հանձնեն որոշ անձանց, այդ թվում՝ մի շարք քուրդ լրագրողների, և չեղարկեն Թուրքիային զենքի վաճառքի ոչ պաշտոնական էմբարգոն, որը սահմանվել է 2019 թ-ին Սիրիաի հյուսիսում Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո։ Այս երկուշաբթի կայացել է Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի՝ վերջին մի քանի շաբաթվա ընացքում առաջին հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, սակայն արդյունքներն աննշան են եղել։ «Մենք մեզ չենք սահմանափակում որևէ ժամանակացույցով։ Այս գործընթացի արագությունն ու մասշտաբները կախված են նրանից, թե ինչպես և որքան արագ այս երկրները կսկսեն համապատասխանել մեր ակնկալիքներին», - հանդիպումից հետո ասել է Քալընը։ Գալիք տարվա հունիսին Թուրքիայում ընտրություններ են անցկացվելու, և Էրդողանի պոպուլյարությունը նվազում է թուրքական տնտեսության անկմանը զուգահեռ։ Քրդական հարցը Թուրքիայում կարևոր է, և Էրդողանն այժմ շահարկում է ազգայնական տրամադրությունները՝ միաժամանակ ճնշելով այլակարծությունն ու անկախ լրագրությունը։ Շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյա Ստեֆանի Բաբստն ասել է, որ Էրդողանի իրական օրակարգը ներքաղաքական է։ «Նախևառաջ, այն ուղղված է նրա ընտրազանգվածին։ Նրան ընտրություններ են սպասվում։ Թուրքիայում տնտեսական իրավիճակը բավականին սարսափելի է, այդ պատճառով էլ նա ուզում է առաջնորդի հատկանիշներ ցուցադրել։ Եվ վախենամ, որ նա օգտագործում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի «հարցը», որ հասնի իր ռազմավարական նպատակներին»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններն «լեգիտիմ են» և պետք է լսելի լինեն և արձագանք գտնեն։ Նա նշել է նաև, որ վստահ է՝ Ֆինլանդիան ու Շվեդիան կնդամակցեն դաշինքին։ Սակայն Պեկկա Հաավիստոն նշում է, որ Էրդողանը նյարդայնացնում է իր դաշնակիցներին պատերազմի փուլում, երբ հարցականի տակ է Եվրոպայի անվտանգությունը։ «Շահարկումներն այն մասին, որ հարցը կարող է հետաձգվել մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները, մեծ հիասթափություն կլինեն ՆԱՏՕ-ի շատ երկրների համար, էլ չեմ խոսում Ֆինլանդիայի ու Շվեդիայի մասին», - ասել է նա։ ԱՄՆ-ն հրապարակավ սատարում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։ Ֆինլանդիայի արտգործնախարար Հաավիստոն պարբերաբար կապի մեջ է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սպիտակ տան մյուս պաշտոնյաների և սենատորների հետ։ Կոնգրեսը նույնպես աջակցություն է հայտնել, Սենատում արդեն լսումներ են նախապատրաստվում վավերացման հարցով քվեարկության համար, հենց Թուրքիայի հետ խնդիրները լուծվեն։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունների օրենսդիր մարմինները նոր անդամների անդամակցության դեպքում պետք է վավերացնեն փոփոխությունները հիմնարար պայմանագրում, և այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի։ Սակայն Հաավիստոյի խոսքով՝ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ հավաստիացումներ են ստացել, որ ՆԱՏՕ-ի առանձին երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան իրենց օգնության կգան անհրաժեշտության դեպքում։ «Այնպես որ, մենք մեզ ապահով ենք զգում, - ասել է նա։ - Չնայած որ այս պահին մեր անվտանգության համար անմիջական ռիսկ չկա»»։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։  
19:41 - 23 հունիսի, 2022
«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Յուրի Ավագյանը քիչ առաջ արդարացվեցին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց տղաների վերաբերյալ գործով դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց ամբաստանյալների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում։ Խոսքը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելուն։ Տղաներն արդարացվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։ Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, սակայն, դատարանում պնդել էին՝ առաջադրված մեղադրանքում իրենց պաշտպանյալները պետք է արդարացվեն։ Այս քրեական գործը հարուցվել էր 2019 թ․ մարտի 4-ին Երեւանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առիթով։ «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Ի սկզբանե գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։ Ողջ դատաքննության ընթացքում նրանք պնդել են, որ Մալյանին առեւանգելու միտում չեն ունեցել, այլ իրականացրել են սոսկ ակցիա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Մալյանը տեւական ժամանակ իրենց հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Գործը դատարանում քննվում էր գրեթե 3 տարի՝ 2019 թ․ օգոստոս ամսից սկսած։ Միլենա Խաչիկյան
15:37 - 20 հունիսի, 2022
Ուկրաինան կարող է դառնալ ԵՄ անդամի թեկնածու․ ի՞նչ է սա նշանակում․ Meduza

Ուկրաինան կարող է դառնալ ԵՄ անդամի թեկնածու․ ի՞նչ է սա նշանակում․ Meduza

Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Եվրամիության երկրները դեռ պետք է քննարկեն կարգավիճակի հարցը եկող շաբաթ։ Երեկ՝ հունիսի 16-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիա և Ռումինիան կողմ են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Meduza-ն գրում է այն մասին, թե ինչ է նշանակում այս կարգավիճակը, երբ սպասել Ուկրաինայի անդամակցությանը, և թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ Մակրոնի խոսքերից հետո Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրամիություն բա՞ց է Ոչ, ԵՄ անդամակցությանը դեռ շատ կա։ Խոսքը դեռևս միայն թեկնածու պետության կարգավիճակի տրամադրման մասին է։ Ավելին, նույնիսկ այդ հարցում վերջնական որոշում կայացնողը ոչ Մակրոնն է, ոչ էլ Եվրահանձնաժողովը։ Անհրաժեշտ է ԵՄ 27 անդամ երկրների միասնականությունը։ Պատերազմի մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել։ Այնուհետև՝ լրացրել ԵՄ հարցաշարը, դա տևել է բառացիորեն մեկ ամիս։ Սա աննախադեպ արագություն է նման ընթացակարգերի համար։ Օրինակ՝ Բոսնիան ու Հերցեգովինան հարցաշարը լրացրել են մեկ տարուց ավելի։ Եվրահանձնաժողովի «կանաչ լույսից» հետո հունիսի 23-ին կայանալու է ամենակարևոր և լարված ընթացակարգը․ ԵՄ բոլոր երկրները քվեարկելու են Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Որոշումը պետք է միաձայն լինի։ Թեկնածուի կարգավիճակը երաշխավորո՞ւմ է, որ որոշ ժամանակ անց Ուկրաինային կընդունեն ԵՄ Իրականում՝ ոչ։ Այս մասին լավագույնս գիտի Թուրքիան, որը ԵՄ անդամ-երկրի թեկնածու է դարձել դեռևս 1999 թ-ին և մինչ օրս բավականին հեռու է կազմակերպությանն անդամակցելուց։ Ուկրաինային բարեփոխումների մեծ ճանապարհ է սպասվում, որոնցից որոշները կարող են բավականին ցավոտ լինել, քանի որ հարվածելու են երկրում առկա հարաբերությունների համակարգին։ Հյուսիսային Մակեդոնիան թեկնածու է հայտարարվել դեռևս 2005 թ-ին, Չեռնոգորիան՝ 2008-ին, Սերբիան ու Ալբանիան՝ 2009-ին։ Նրանցից ոչ մեկը դեռ ԵՄ անդամ չէ։ Ըստ ամենաիրատեսական գնահատականի՝ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ դրական որոշման դեպքում Ուկրաինայի եվրաինտեգրման համար 10-20 տարի կպահանջվի։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն մայիսին հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը «կտևի 15-20 տարի»։ Այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն ուզում է պարզապես ազատվել Ուկրաինայից։ Մի՞թե հնարավոր չէր նրան ուղղակի ընդունել կազմակերպություն Ոչ։ Ներկայիս կարգավիճակով Ուկրաինան չի կարող ԵՄ մտնել․ նա պարզապես պատրաստ չէ շատ հստակ չափանիշներով, և եվրոպացի քաղաքական գործիչները բացահայտ խոսում են այդ մասին։ Այլ բան է թեկնածուի կարգավիճակը։ Այս կարգավիճակի շնորհումն Ուկրաինային գրեթե ոչ մի ջանք չի խլելու եվրոպացիներից, սակայն թույլ է տալու Կիևին դրական ազդակ հղել։ Եվ սա առաջընթաց է։ Չէ՞ որ նախկինում նույնսիկ այսպիսի խորհրդանշական ժեստը ԵՄ-ում կոշտ դիմադրության էր արժանանում։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ամեն ինչ փոխել է։ Եթե հինգ տարի առաջ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը կողմ էր եվրոպացիների պակաս, քան 50%-ն, ապա փետրվարի 24-ից հետո այս թիվը հասել է 66%-ի։ Եվրոպացիները նախկինի պես հասկանում են, որ Ուկրաինան պատրաստ չէ անդամակցելու ԵՄ-ին, սակայն հիմա, հավանաբար, պատրաստ են նրան «կանխավճար» տալ՝ թեկնածության տեսքով։ Ապագայում Կիևից կպահանջեն բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, սակայն պատերազմական դրությունում կարևոր է աջակցության ցուցաբերումը։ Ո՞ր երկրներն են կողմ և դեմ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալուն Վերջին օրերին խոսքը կասկածող երեք երկրների մասին էր, որոնց անունը բացահայտ չէր նշվում։ Սակայն կարելի է ենթադրել, որ դրանք Նիդերլանդները, Դանինան են և Ֆրանսիայի կամ Իտալիայի պես խոշոր մի երկիր։ Դեմ արտահայտվողների շարքում նշվում էր նաև Պորտուգալիան։ Ֆրանսիան ու Իտալիան հաստատ փոխել են իրենց դիրքորոշումը (եթե, իհարկե, նախկինում դեմ էին)։ Ավելի բարդ էր Գերմանիայի հարցը․ կանցլեր Օլաֆ Շոլցը ոչ միանշանակ քաղաքականություն է վարում Ուկրաինային զենքի մատակարարման հարցում։ Ուկրաինայի եվրոպական հեռանկարների առումով նա ձգտում էր խուսափել հստակությունից։ Սակայն Ուկրաինային, ըստ գերմանացի պատգամավոր Յոհաննես Շրապսի, աջակցություն է հայտնել գերմանական խորհրդարանը։ Այն, որ պատգամավորների ձայնը տեղ է հասել, պարզ է դառնում Մակրոնի կիևյան հայտարարությունից հետո․ Գերմանիան քվեարկության ժամանակ կսատարի Կիևին։ Թեկնածուի կարգավիճակի տրամադրման դեմ լուրջ փաստարկ կարող է լինել Բալկանյան երկրների դիրքորոշումը։ Նրանցից շատերը թեկնածուի կարգավիճակ ունեն մեկ տասնամյակից ավելի և այն ստացել են իրենց տարածքում արյունահեղ պատերազմների ավարտից բնավ ոչ անմիջապես հետո։ Այս ուղղությունը ԵՄ համար մինչև վերջերս առաջնահերթություն էր, քաղաքականության ուղղության կտրուկ փոփոխումը կարող է այնտեղ դժգոհություն առաջացնել։  Ի՞նչ է մտածում Մոսկվան Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին Նախկինում Ռուսաստանն Ուկրաինայի եվրաինտեգրմանը քիչ թե շատ չեզոք էր նայում։ Համենայնդեպս, շատ ավելի մեղմ, քան ՆԱՏՕ-ին անդամակցությանը (որը ներխուժման առիթներից մեկն էր)։ Մարտին ռուսական պատվիրակության ներկայացուցիչները Կիևի հետ բանակցությունների ընթացքում ասել էին, որ Ռուսաստանը դեմ չի լինի երկրի անդամակցությանը ԵՄ-ին։ Սակայն մայիսին՝ Ուկրաինային զենքի մատակարարման և պատժամիջոցների խստացման ֆոնին, Ռուսաստանի դիրքորոշումը փոխվեց՝ դատելով դիվանագետների կտրուկ հայտարարություններից։ Այսպես, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս տարբերություն չի տեսնում Եվրամիությանը, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միջև։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-ն կառուցողական տնտեսական հարթակից «վերածվել է ագրեսիվ, ռազմատենչ խաղացողի, որն արդեն հայտարարում է իր նկրտումների մասին Եվրոպական աշխարհամասի սահմաններից դուրս»։  Հաշվի առնելով, որ Մոսկվան հակված է փոխելու իր հռետորաբանությունն ու հայտարարված նպատակները՝ դժվար է ասել, թե թեկնածուի կարգավիճակ ստանալն ինչպես կանդրադառնա ռազմական գործողությունների և դիվանագիտական բանակցությունների ընթացքի վրա»։Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:02 - 18 հունիսի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Վարդապետյանը, հիշեցնենք, իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն է։ Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է սեպտեմբեր ամսին։ Թերթը, մասնավորապես, գրել է․ «Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»։ Նախ նշենք, որ եթե խոսքը գիտական կոչումների եւ աստիճանների մասին է, ապա Աննա Վարդապետյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն) եւ դոցենտի գիտական կոչում։ Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը պարտադիր պայման չէ դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ նշանակվելու համար։  Գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ, Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածն էլ, որպես լրացուցիչ պահանջներ, սահմանում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին եւ ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։  Սրանից բացի, օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է նաեւ դատախազ նշանակվելու սահմանափակումները, որոնց մեջ եւս դասային աստիճանի բացակայությունը ներառված չէ։ Ավելին, «Դատախազության մասին» օրենքը հստակ սահմանում է Դատախազության դասային աստիճանները, դրանց շնորհման կարգն ու ժամկետները։ Ըստ 46-րդ հոդվածի՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է, որը շնորհվում է դատախազությունում նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ նշանակվելու դեպքերին։ Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս, ըստ նույն հոդվածի, դատախազին շնորհվում է օրենքով տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը, իսկ գլխավոր դատախազի նվազագույն դասային աստիճանը արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է։ Այսինքն՝ թերթի այն ենթադրությունը, թե Վարդապետյանին կընտրեն դատախազ եւ նոր միայն կոչում կտան, բնականոն գործընթաց է։ Թեեւ թերթը մեջբերել է նախկին գլխավոր դատախազների դասային աստիճանները՝ այն համատեքստում, որ նրանք, որպես գլխավոր դատախազ, ունեցել են դրանք, սակայն այդ աստիճանները եւս նրանց շնորհվել են պաշտոնի նշանակվելուց հետո։ Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2013 թ․ հոկտեմբերի 1-ին, իսկ թերթի մեջբերած՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը ստացել է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։ Երկու տարի անց՝ 2015 թ․ դեկտեմբերի 28-ին էլ, նրան շնորհվել է արդեն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Աղվան Հովսեփյանը որպես գլխավոր դատախազ պաշտոնավարել է երկու անգամ՝ 1998-1999թթ եւ 2004-2013թթ։ Պետական խորհրդականի դասային աստիճանը Հովսեփյանին շնորհվել է 1999 թ․ մարտի 23-ին, իսկ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2003 թ․ հուլիսի 1-ին։ Արամ Թամազյանն էլ գլխավոր դատախազ է նշանակվել 2001 թ․ փետրվարի 20-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2004 թթ։ Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան նրան շնորհվել է 2003 թ․ մայիսի 27-ին, իսկ իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2012 թ․ հունիսի 29-ին։ Նշված դասային աստիճաններից առաջ նախկին գլխավոր դատախազները, իհարկե,  ունեցել են  այլ, ավելի ցածր դասային աստիճաններ, սակայն դա պայմանավորված է նրանով, որ նրանք մինչ այդ էլ իրավապահ համակարգում պետական ծառայություն իրականացրել են։ Իսկ Վարդապետյանը, թեպետ դասային աստիճաններ ենթադրող պաշտոններ չի զբաղեցրել, սակայն ունի մասնագիտական՝ օրենքով պահանջվող առնվազն 10 տարվա փորձառությունը։ Այնուհանդերձ նշենք նաեւ, որ Վարդապետյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, եւ շատերը հիշատակել են այն աղմկահարույց դեպքը, երբ նա,  վարչապետի օգնական լինելով, խմբագրումներ էր արել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու քննիչի որոշման տեքստում, ինչի իրավունքը չուներ։ Այդ դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր էին նախապատրաստվել, որից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր։  Մեջբերելով Սահմանադրության հիշյալ 177-րդ հոդվածը՝ թերթը նաեւ գրել է․ «Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»։  Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր խմբակցություն կարող է առաջարկել գլխավոր դատախազի մեկական թեկնածու, հետեւաբար բնական է, որ խմբակցությունը առաջարկել եւ գնահատել է իր թեկնածուի մասնագիտական որակները։ Խմբակցությունների առաջարկած թեկնածուների ցանկից ի վերջո ԱԺ իրավասու հանձնաժողովն է ընտրելու այն անձին, որի թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ-ում։ Իսկ ԱԺ-ն գլխավոր դատախազին ընտրելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ թեկնածու առաջարկելու մասին խմբակցությունների որոշմանը պետք է կցվեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին, իսկ համապատասխանելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:   Լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը   Միլենա Խաչիկյան  
15:55 - 17 հունիսի, 2022
Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օրերս Կիև են ժամանել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ։ Politico-ն այս այցը «պատմական» է անվանում և մանրամասներ ներկայացնում։ Հոդվածը հրապարակում ենք կրճատումներով․ «Առաջնորդները գիշերը գնացքով Կիև են ուղևորվել, որտեղ նրանց «դիմավորել է» օդային տագնապի ազդանշանը՝ շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։ Նրանք Ուկրաինայի սահմանը հատել են Լեհաստանի կողմից։ «Մենք պատրաստվում ենք հանդիպել նախագահ Զելենսկուն և այցելել ռազմական գործողությունների վայր, որտեղ զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այնուհետև պլանավորված շփումներ ենք ունենալու նախագահ Զելենսկու հետ», - լրագրողներին ասել էր Մակրոնը Կիևի երկաթուղային կայրանում։ Այս այցը «եվրոպական միասնության և աջակցության ուղերձն է ուկրաինացիներին», հավելել էր Ֆրանսիայի նախագահը։ Եվրոպացի առաջնորդներն այցելել են Կիևից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իրպեն քաղաք, որտեղ ռուսաստանցի զավթիչներն ավերել են շենքեր և ենթադրաբար խոշտանգել և սպանել են խաղաղ բնակիչներին շաբաթներ տևած օկուպացիայի ընթացքում՝ նախքան այն պահը, երբ ուկրաինական  ուժերը նրանց դուրս են մղել այդ տարածքից։ Երկրների առաջնորդները քաղաքի վերականգնման հարցերը քննարկել են Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովի հետ։ «Մենք ամեն ինչ կվերականգնենք», - ասել է Դրագին մամուլի ներկայացուցիչներին։ Մակրոնն Իրպենում ասել է․ «Սա միաժամանակ հերոսական քաղաք է, որովհետև հենց այստեղ, ի թիվս այլ վայրերի, ուկրաինացիները կանգնեցրել են Կիևը գրոհող ռուսական բանակը»։ Շոլցը հավելել է, որ Իրպենը «ռուսական ագրեսիվ պատերազմի դաժանության օրինակն է, որը պարզապես ուղղված է ոչնչացմանը և զավթմանը»։ Ֆրանսիացի դիվանագետներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Կիևի միջև «անհրաժեշտ է երկխոսություն՝ պարզելու համար, թե ինչպես ենք կառուցելու կայուն խաղաղություն»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթի որոշմամբ։ Նա հավելել է․ «Զելենսկին պետք է որոշի, թե ինչն է իր համար ռազմական հաղթանակ համարվելու․․․ մենք կողմ ենք լիակատար հաղթանակին և [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության վերականգնմանը, ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ռուսաստանցիները, այդ թվում՝ Ղրիմը»։ Եվրամիության երեք առաջատար երկրների առաջնորդների համատեղ այցը կարևոր խորհրդանշական կշիռ ունի, հատկապես՝ հաջորդ շաբաթ ԵՄ առաջնորդների կայանալիք հանդիպման նախաշեմին, որի ընթացքում նրանք որոշելու են Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։ Թե ինչ կասեն այս հարցի մասին Մակրոնը, Շոլցն ու Դրագին, դեռևս հայտնի չէ։ «Թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն չկա, թեկնածուի կարգավիճակ չշնորհելու շուրջ նույնպես փոխհամաձայնություն չկա։ Բայց, կարծես, երրորդ տարբերակի շուրջ կա՝ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով», - ասել է թեմային լավատեղյալ դիվանագետներից մեկը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը միացել էր երեք երկրների առաջնորդներին արդեն Կիևում»։   Նորա Վանյան  
14:56 - 17 հունիսի, 2022
Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ին հորդորել՝ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավճակ շնորհել․ Politico

Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ին հորդորել՝ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավճակ շնորհել․ Politico

Եվրահանձնաժողովը հորդորելու է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ շնորհել, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հանձնաժողովում կայացած քննարկումներին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Եվրահանձնակատարների կոլեգիայում դեբատներն անցկացվել են այն բանից հետո, երբ հունիսի 11-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անակնկալ այց է կատարել Կիև, որտեղ Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա ֆոն դեր Լյայենի երկրորդ այցն էր Ուկրաինայի մայրաքաղաք այն բանից հետո, երբ փետրվարի վերջին սկսվել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը։ Զելենսկին և ուկրաինացի մյուս պաշտոնյաները կողմ են արտահայտվել երկիրը՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու ճանաչելուն՝ նշելով, որ դա կբարձրացնի բարոյական ոգին պատերազմի ժամանակ։ Եվրահանձնակատարների միջև տեղի ունեցած քննարկումներին ծանոթ պաշտոնյաներն ասել են, որ հստակ գիտակցում կա, թե ինչ զոհողությունների են գնացել ուկրաինացիները, հանձնակատարները նաև լավ հասկանում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է աներկբա ազդակ ուղարկել․ նա կորցրել է Ուկրաինան իր ազդեցության հնարավոր գոտի վերադարձնելու բոլոր հնարավորությունները։ Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրումը պահանջում է Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարների միաձայն հաստատումը։ Նրանք այս հարցն, ինչպես ակնկալվում է, քննարկելու են հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Որոշ պաշտոնյաներ և դիվանագետներ հայտնել են, որ նվազագույնը երեք երկիր նախկինի պես դեմ է այդ  կարգավիճակի շնորհմանը։ Կողմ արտահայտվողները նշել են, որ այս կարգավիճակի տրամադրման ձգձգումը խորապես կարող է բարոյալքել Ուկրաինան, քանի որ նրա տարածք ներխուժած ռուսական զորքերը շարունակում են ավելի մեծ տարածքներ զբաղեցնել երկրի հարավում և արևեմլքում՝ ձգտելով գրավել ողջ Դոնբասը։ Վերջին շաբաթների ընթացքում որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել են, որ օգտակար կլիներ Ուկրաինային որևէ ժամանակավոր կարգավիճակ շնորհել, որը կամրապնդեր նրա հարաբերությունները ԵՄ հետ։ Մակրոնն ասել է, որ, անգամ եթե Ուկրաինան թեկնածու երկիր ճանաչվի, ԵՄ-ին միանալու առկա ընթացակարգերի համաձայն՝ ավելի քան տասը տարի կպահանջվի անդամակցման համար։ Մոլդովան ու Վրաստանը նույնպես թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտեր են ներկայացրել, և որոշ աղբյուրների պնդմամբ, եվրահանձնակատարներն, ընդհանուր առմամբ, սատարել են Մոլդովային, որի ներկայիս կառավարությունը կողմ է եվրաինտեգրմանը։ Սակայն նրանք պակաս վստահ են Վրաստանի հարցում, որտեղ քաղաքական շարժառիթներով հուզումներ են տեղի ունենում, իսկ վերջին տարիներին ժողովրդավարական հարցերում զգալի նահանջ կա։ Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը կրկնել է Մակրոնի խոսքերն այն մասին, որ թեկնածուի կարգավիճակը, եթե այն տրամադրվի, միայն շատ ավելի երկար գործընթացի մեկնարկն է։ «Եթե Ուկրաինան թեկնածուի կարգավիճակ ստանա, մենք պետք է հասկանանք, թե երբ են սկսվելու բանակցությունները։ Դուք գիտեք, որ ԵՄ անդամակցության մեթոդաբանությունը ենթադրում է բանակցություններ՝ ըստ կետերի։ Եվ կան պահանջներ, որոնք համապատասխանում են ԵՄ չափանիշներին, սակայն դրանք շատ բան կպահանջեն Ուկրաինայից», - ասել է նա։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, որպեսզի իրենց կողմ տրամադրեն ԵՄ երկրների այն ղեկաարներին, որոնք դեռևս համոզված չեն, որ Կիևին պետք է թեկնածուի կարգավիճակ տալ հաջորդ շաբաթ։ «Մենք իրոք արժանի ենք հաջորդ տրամաբանական քայլին՝ թեկնածուի կարգավիճակին, - ասել է Ժովկվան Politico-ին։ - Անդամակցությանը դեռ շատ կա։ Սա նույնիսկ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկ չէ։ Մենք արժանի ենք գոնե սրան»։ «Մենք չենք ընդունի որևէ այլընտրանք կամ փոխզիջում, ինչպես մեզ ասում են որոշ առաջնորդներ, կամ որևէ շեղում թեկնածուի կարգավիճակից», - ընդգծել է նա»։   Նորա Վանյան
20:18 - 15 հունիսի, 2022
Նախարարի աշխատավարձի եւ պարգևավճարի չափը կարո՞ղ է համարվել գաղտնիք․ դատարանը կքննի Ֆիննախի բողոքն ընդդեմ ԱՏՊԳ որոշման

Նախարարի աշխատավարձի եւ պարգևավճարի չափը կարո՞ղ է համարվել գաղտնիք․ դատարանը կքննի Ֆիննախի բողոքն ընդդեմ ԱՏՊԳ որոշման

Պաշտոնատար անձանց աշխատավարձերի եւ պարգեւավճարների հրապարակայնության հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում, եւ պետական մարմինները, այդ տեղեկությունները անձնական տվյալ համարելով, որպես կանոն, խուսափում են հարցման հիման վրա լրատվամիջոցներին տրամադրել: Այս տարվա հունվար ամսին Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2021 թվականի ընթացքում նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանց յուրաքանչյուր ամիս ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների (պարգեւավճար, հավելավճար եւ այլն) մասին։ Գրավոր հարցումն ուղարկել էինք՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկությունը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով ենթակա է հրապարակման հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերում, սակայն այդ պահին դեռեւս հրապարակված չէր, քանի որ տվյալ տարվա հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը չէր լրացել։ 12 նախարարություններից 10-ը (բացառությամբ Արտաքին գործերի եւ Շրջակա միջավայրի նախարարությունների) մերժել էին տեղեկության տրամադրումը՝ նշելով միայն, որ նրանց վարձատրության չափը որոշվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարները հայտարարատու անձինք են, որ նրանց եկամուտներին կարող ենք ծանոթանալ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրում եւ այլն։ 10 նախարարությունից 2-ը՝ Էկոնոմիկայի նախարարությունն ու Ֆինանսների նախարարությունը, տեղեկության տրամադրումը մերժել էին՝  նաեւ այն անձնական տվյալ դիտարկելու հիմքով։ Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը նշել էր, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ եւ 199-րդ հոդվածների՝ պահանջվող տեղեկությունը պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախատեսված չէ օրենքով․ «Միաժամանակ հայտնում ենք, որ հայտարարատու պաշտոնատար անձանց եկամուտների մասին տեղեկությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով հրապարակվում է»,- ասված էր պատասխանում։ Ֆինանսների նախարարությունից նշել էին, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է հետեւել եւ ապահովել, որ տվյալները մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց առանց աշխատողի գրավոր համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում: Նախարարությունից մեջբերել էին նաեւ նույն օրենսգրքի 199-րդ հոդվածը, ըստ որի՝ աշխատողի աշխատավարձի եւ աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ․ «Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով, որ սուբյեկտի անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելիս կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրելիս անձնական տվյալները մշակող պետական կառավարման մարմինը պարտավոր է առաջնորդվել աշխատողի կամահայտնությամբ եւ առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց՝ բացառությամբ, եթե այլ օրենքներով այլ բան է նախատեսված, ուստի պահանջված տեղեկատվությունը չենք կարող տրամադրել»,- նշել էին Ֆինանսների նախարարությունից՝ հավելելով, որ նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը արդեն իսկ ներկայացրել է իր 2021 թվականի եկամուտների մասին հայտարարագիրը, իսկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ կներկայացնի սահմանված կարգով եւ ժամկետում․ «Հետևաբար առաջարկում ենք համապատասխան տեղեկությանը ծանոթանալ համապատասխան հայտարարագրերից»,- ասված էր պատասխանում։ Համաձայն չլինելով նախարարությունների դիրքորոշումներին՝ փետրվարի 16-ին մենք դիմել էինք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը (այսուհետ՝ Գործակալություն)՝ ներկայացնելով մեր առարկությունը եւ խնդրելով համապատասխան  վարույթի շրջանակում պարզել՝  2021 թ․ Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախախարարների պաշտոնը զբաղեցրած անձանց տարեկան եկամուտների վերաբերյալ տեղեկության տրամադրումը հակասո՞ւմ է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին թե՞ ոչ, եւ արդյո՞ք որեւէ նախարարի տարեկան եկամուտը կարող է դիտարկվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալ, քանի դեռ այն հրապարակելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել։ Մայիսի 18-ին Գործակալությունը տեղեկացրել է, որ մեր գրության առիթով սեփական նախաձեռնությամբ հարուցել է երկու առանձին վարույթներ` հիշյալ տեղեկությունը հարցման հիման վրա տրամադրելու դեպքում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու համար, որոնցով ապրիլի 28-ին կայացվել են որոշումներ։ Գրավոր հարցման հիման վրա նույն օրը Գործակալությունը որոշումները տրամադրել է մեզ։ Որոշման կայացումից ավելի քան մեկ ամիս անց՝ հունիսի 9-ին, Ֆինանսների նախարարությունը դատական կարգով բողոքարկել է Գործակալության՝ իրեն վերաբերելի որոշումը։ Բողոքը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։ Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ։ Ֆինանսների նախարարությունն ի սկզբանե առարկել է Գործակալության՝ վարույթ հարուցելու որոշման դեմ 2022 թվականի մարտի 22-ին իրականացված լսումների ընթացքում Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն առարկել են Գործակալության կողմից վարույթ հարուցելու լիազորության կապակցությամբ՝ նշելով, որ առկա չեն անձնական տվյալների սուբյեկտի՝ տվյալների մշակման դեպք, իսկ տեղեկատվության ազատության իրավունքի խախտումը քննարկելու լիազորություն Գործակալությունը չունի։  Ի պատասխան՝ Գործակալությունը պարզաբանել է, որ վարույթի հարուցման որոշումից էլ ակնհայտ է, որ այն հարուցվել է ոչ թե Ֆինանսների նախարարության կողմից տեղեկություն չտրամադրելու իրավաչափությունը ստուգելու, այլ հարցման հիման վրա անձնական տվյալներ տրամադրելու դեպքում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու համար։ Գործակալությունը նաեւ նշել է՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված «տեղեկություն»-ը, այն դեպքերում, երբ հանդիսանում է ֆիզիկական «անձի վերաբերյալ տվյալ», նույնանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված «անձնական տվյալ»-ի հետ: Հետեւաբար, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն անձնական տվյալների մշակում նախատեսող օրենք է․ «Կոնկրետ դեպքում անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալի հետ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալը դեռեւս չի նշանակում, որ առկա չէ անձնական տվյալների պաշտպանության իրավահարաբերություն, եւ չի նշանակում, որ Գործակալությունն ինքնըստինքյան չունի նման դեպքերում անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների մշակման՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմանն անդրադառնալու լիազորություն»,- ասված է որոշման մեջ։ Տեղեկության անձնական տվյալ լինելն ինքնին չի ենթադրում հարցման հիման վրա այն տրամադրելու արգելք Անդրադառնալով արդեն բուն խնդրին՝ Գործակալությունը նշել է, որ 2021 թվականին Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններն անձնական տվյալներ են, իսկ դրանք հարցման հիման վրա տրամադրելը՝ անձնական տվյալների մշակում։ Անձնական տվյալների մշակումը կհամարվի օրինական, եթե մշակումն իրականացվի կա՛մ անձնական տվյալի սուբյեկտի համաձայնությամբ, կա՛մ համաձայնության բացակայության դեպքում մշակումն ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, կա՛մ տվյալները ձեռք բերվեն անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից: Ընդ որում, ըստ Գործակալության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալի մշակման հիմքերից որեւէ մեկն ընտրելու հայեցողությունը պետք է մեկնաբանել հնարավորինս նեղ. այն պարագայում, երբ անհրաժեշտ է, որ պետական մարմինն օգտվի անձնական տվյալի մշակման համաձայնության կամ հանրամատչելի աղբյուրից ձեռք բերված լինելու հիմքերից, անհրաժեշտ է, որ այդ հնարավորությունը (հայեցողությունը) նույնպես արտացոլված լինի օրենքով: Ուստի տվյալ դեպքում, ըստ Գործակալության, անհրաժեշտ է պարզել՝ հարցման հիման վրա հիշյալ տեղեկությունը տրամադրելը նախատեսվա՞ծ է օրենքով եւ համապատասխանու՞մ է արդյոք անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքին: Հաշվի առնելով այն, որ Ֆինանսների նախարարությունը հարցմամբ պահանջված տեղեկությունների տրամադրումը մերժելիս վկայակոչել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ եւ 199-րդ հոդվածները՝ Գործակալությունն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաեւ դրանց վերաբերելիությանը: Գործակալությունը դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին՝ խնդրելով պարզաբանել, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով ո՞վ է նախարարի գործատուն, եւ նախարարի հետ աշխատանքային հարաբերություններում ի՞նչ կարգավիճակ ունի նախարարությունը։ Հարցմանն ի պատասխան՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակը, ի թիվս այլնի, նշել է, որ նախարարի գործատուի վերաբերյալ հարցն անհրաժեշտ է քննարկել աշխատանքային օրենսդրությամբ սահմանված «դասական» աշխատանքային հարաբերությունների տիրույթից դուրս՝ ի թիվս այլ օրենդրական կարգավորումների, հարցը դիտարկելով նաեւ սահմանադրական կարգավորումների համատեքստում: Արդյունքում, Գրասենյակից նշել են, որ նախարարի գործատուն պետությունն է։ Այս պատասխանը հիմք ընդունելով՝ Գործակալությունը եզրակացրել է, որ Նախարարության՝ Աշխատանքային օրենսգրքից մեջբերած դրույթները վերաբերելի չեն սույն վարույթով քննարկվող դեպքին եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի իմաստով նախարարության կողմից նախարարի անձնական տվյալների մշակում նախատեսող դրույթներ չեն: Մարտի 22-ին իրականացված վարչական լսումների ընթացքում Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հարցմամբ պահանջվող տվյալները թեեւ գաղտնիք չեն, սակայն պաշտպանվող գաղտնի տվյալներ են, որոնք առանց համաձայնության հրապարակման կամ հարցման հիման վրա տրամադրման ենթակա չեն: Ըստ նախարարության՝ Ատոմ Ջանջուղազյանի համաձայնությունը ստանալ հնարավոր չի եղել, քանի որ նա այլեւս չի պաշտոնավարում, իսկ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը իր անձնական տվյալների տրամադրման համաձայնությունը չի տվել: Անդրադառնալով վերոնշյալին՝ Գործակալությունն ընդգծել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այդ թվում՝ հրապարակումը կամ փոխանցումը, չի սահմանում պետական մարմնի կողմից անձնական տվյալներ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ չի սահմանում այս կամ այն անձնական տվյալների՝ գաղտնիք լինելու կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ անձնական տվյալն ինքնին անձնական տվյալ լինելու ուժով դեռեւս գաղտնիք չէ։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում անձնական տվյալները չեն նույնանում գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, իսկ անձի՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ անձնական տվյալները ցանկացած պարագայում գաղտնի պահելու կամ այլոց համար դրանց մատչելիությունը սահմանափակելու հետ։ Անձնական տվյալը, այդ թվում՝ անձնական կյանքի տվյալը, տվյալի տեսակի անվանումն է, այլ ոչ թե ռեժիմը, այսինքն՝ անձնական տվյալները, ըստ Գործակալության, կարող են լինել նաեւ հանրամատչելի: Հետեւաբար, սխալ կլինի այն եզրակացությունը, որ տեղեկության անձնական տվյալ հանդիսանալն ինքնին, անկախ տվյալների առերեւույթ զգայնունությունից, ենթադրում է այդ տվյալները տրամադրելու արգելք:  Գործակալության կարծիքով՝ նշվածից բխում է, որ հարցման հիման վրա անձի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել ոչ թե անձնական տվյալ լինելու, այլ որեւէ, այդ թվում՝ անձնական կամ ընտանեկան գաղտնիք լինելու հիմքով: Ընդ որում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նույնպես չի սահմանում կոնկրետ այս կամ այն տվյալի գաղտնիք լինելը, այն բլանկետային նորմ է, հղում է անում տեղեկության կարգավիճակին, որը պետք է սահմանված լինի վերաբերելի այլ իրավական ակտերով։  Արդյունքում, Գործակալությունը որոշել է, որ Ֆինանսների նախարարության կողմից 2021 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը, այնքանով, որքանով չի պարունակի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկություններ, չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Հայտարարագրման ենթակա անձնական տվյալները հրապարակելու ժամկետ սահմանելն ինքնին չի հանգեցնում այդ տվյալի գաղտնիության Անդրադառնալով մեր այն հարցին՝ արդյո՞ք որեւէ նախարարի տարեկան եկամուտը կարող է դիտարկվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալ, քանի դեռ այն հրապարակելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել՝ Գործակալությունը հիշեցրել է իր նախկին որոշումներից մեկը, ըստ որի՝ տեղեկությունը, որը ենթակա է հրապարակման (կամ հրապարակվել է), ենթակա է նաեւ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրման: Այս որոշումը կայացնելիս Գործակալությունը հիմնվել էր ՀՀ վարչական դատարանի ՎԴ/4141/05/11 վարչական գործով հայտնած դիրքորոշման վրա, որի համաձայն՝ այն տեղեկությունը, որը երրորդ անձինք oրինական հիմքերով ազատորեն uտանալու հնարավորություն ունեն, այլեւս չի կարող համարվել որեւէ գաղտնիք։ Անդրադառնալով կոնկրետ ժամկետներին՝ Գործակալությունն արձանագրել է, որ եթե անձնական տվյալի հրապարակման համար սահմանված է որեւէ ժամկետ, ապա մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը հարցման հիման վրա դրա տրամադրման թույլատրելիության հարցը պարզելու համար էական է այն, թե ինչ նպատակով է անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված, եւ մինչեւ հրապարակման ժամկետի վրա հասնելն ինչ կարգավիճակ ունի այդ անձնական տվյալը, արդյո՞ք որեւէ օրենքով սահմանված է որպես որեւէ գաղտնիք թե ոչ:  Գաղտնիքի կարգավիճակ ունեցող տվյալների համար, ըստ Գործակալության, կարող է սահմանված լինել հրապարակման (գաղտնազերծման) ժամկետ՝ նպատակ ունենալով մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը սահմանափակելու այդ տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը: Միեւնույն ժամանակ գաղտնիքի կարգավիճակ չունեցող տվյալների համար նույնպես կարող է սահմանված լինել հրապարակման ժամկետ՝ նպատակ ունենալով ոչ թե մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը սահմանափակելու այդ տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը, այլ հակառակը, ապահովելու, որ տվյալ ժամկետը վրա հասնելու պահի դրությամբ հենց տվյալները հանրամատչելի դառնան: Գործակալությունն ընդգծել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, որը սահմանում է հանրամատչելի անձնական տվյալները, եկամուտների հայտարարագրումը եւս համարում է հանրամատչելի, այսինքն՝ բոլորին մատչելի, հասանելի տվյալներ։ Արդյունքում, Գործակալությունը կարծիք է հայտնել, որ օրենքով անձնական տվյալը (այդ թվում՝ հայտարարագրման ենթակա) հրապարակելու ժամկետ սահմանելն ինքնին չի հանգեցնում այդ անձնական տվյալի գաղտնիության, իսկ անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում մինչեւ անձնական տվյալի հրապարակման համար սահմանված ժամկետը վրա հասնելը անձնական տվյալները երրորդ անձանց կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, այդ թվում՝ հարցման հիման վրա․ «Անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում մինչեւ անձնական տվյալի հրապարակման համար սահմանված ժամկետը վրա հասնելը պետական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պետք է դասակարգվեն որպես որեւէ գաղտնիք»,- ասված է Գործակալության որոշման մեջ։ Գործակալությունը համանման որոշում է կայացրել նաեւ Էկոնոմիկայի նախարարության վերաբերյալ գործով։   Միլենա Խաչիկյան
17:16 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պատերազմն Ուկրաինայում և կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած երաշտը հանգեցրել են հացահատիկի, ձեթի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների աճի, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սննդամթերքի գների աճը ցույցերի պատճառ է դարձել աշխարհի տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչև Իրան։ Եվրոպայում ցորենի գներն աճել են 52%-ով, իսկ արմավենու յուղի ֆյուչերսների գինը հունվարից հետո աճել է 25%-ով։ Այս միտումը շարունակվում է և տագնապ առաջացնում քաղաքական գործիչների շրջանում․ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ գների բարձրացումը կվատթարացնի առկա պարենային ճգնաժամն Աֆրիկայում՝ երեխաների մոտ «աղետալի» թերսնման բերելով։ Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղ վերջին մի քանի ամսում բողոքի ցույցեր են սկսվել պարենային ապրանքների գների աճի պատճառով։   Արգենտինա Հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին՝ բողոքելով նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կառավարման դեմ, որի՝ գնաճի դեմ պայքարի համար սննդամթերքի գների զսպմանն ուղղված քաղաքականությունը քննադատության է արժանացել երկրի գյուղատնտեսական հատվածի կողմից։   Չիլի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մարտի 25-ին հազարավոր ուսանողներ երթ են անցկացրել՝ պահանջելով ավելացնել սննդամթերքի համար նպաստները։   Կիպրոս Կիպրոսի ֆերմերները մայիսի 18-ին տոննաներով կաթ են թափել և այրել ծղոտի դարսակները Նիկոսիայում՝ նախագահական պալատի առջև՝ բողոքելով բարձր գներից և արտադրական խնդիրներից։   Հունաստան Հազարավոր հույն աշխատավորներ Աթենքում Աշխատավորների օրը ցույցեր են անցկացրել՝ էներգակիրների և սննդամթերքի գների աճի դեմ։ Հունաստանում տարեկան սպառողական գնաճը մարտին հասել է 8,9%-ի, որը վերջին 27 տարում ամենաբարձր ցուցանիշն է։   Գվինեա Գվինեայի մայրաքաղաքում հունիսի 2-ին մեկ մարդ է սպանվել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Սրանք ամենալուրջ հուզումներն են այն պահից ի վեր, երբ անցյալ տարի երկրում իշխանության է եկել ռազմական խունտան: Կոնակրիում գիշերը կրակոցներ էին հնչել, երբ մարդիկ փակել էին փողոցները, անվադողեր այրել՝ որպես բողոքի նշան բենզինի գների 20% տոկոս աճի դեմ։   Ինդոնեզիա Մայիսի 17-ին ինդոնեզացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Ջակարտայում՝ արմավենու յուղի արտահանման արգելքի դեմ։ Ֆերմերների APKASINDO ասոցիացիայի տվյալներով՝ արգելքի սահմանումից հետո արմավենու յուղ արտադրողների նվազագույնը 25%-ը դադարել է արմավ գնել անկախ ֆերմերներից։ Արդյունքում՝ արմավի գները սահմանված նվազագույն արժեքից 70%-ով ավելի ցածր են։   Իրան Գների աճի դեմ ցույցերն Իրանում քաղաքական երանգ են ստանում՝ դրանց տարածմանը զուգահեռ։ Ցույցերը սկսվել են մայիսի սկզբին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է ընդունել կրճատել սուբսիդիաները։ Այս որոշման  հետևանքով Իրանում 300%-ով աճել են հացաբուլկեղենի գները։ Աճել են նաև որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձեթի և կաթնամթերքի գները։ Թոշակառուներն Իրանում բողոքի ցույց են անցկացրել հունիսի 6-ին՝ ընդդեմ գների աճի։ Շուրջ 1000 թոշակառուներին ուղեկցել է ոստիկանությունը։   Քենիա Նայրոբիում ցուցարարները հանրահավաք են անցկացրել մայիսի 17-ին՝ կառավարությանը խնդրելով իջեցնել ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները։   Լիբանան Լիբանանում բեռնատարների և ավտոբուսների վարորդները հունվարին փակել են ճանապարհները՝ բողոքելով գների աճի դեմ։ Ցուցարարները քաղաքական գործիչներին մեղադրում էին 2019 թ-ից սկսված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։   Պաղեստին Պաղեստինի ոստիկանությունը հունիսի 6-ին մի շարք անձանց է ձերբակալել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի աճը կազմել է 15-18%։   Պերու Պերուում նույնպես գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը վերջին 25 տարում։ Սննդամթերքի և վառելիքի գների աճը բնակչության շրջանում զայրույթ է առաջացրել, ապրիլին նրանք փակել են ճանապարհները, կառավարությունը ստիպված է եղել դիմել բանակի օգնությանը։   Շրի Լանկա Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան մայիսին արտակարգ դրություն էր հայտարարել ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով անցկացված հակակառավարական ցույցերից և գործադուլներից հետո։ Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում աննախադեպ է՝ 1948 թ-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է ու նավթի գների աճը։   Սուդան Սուդանում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ազգային արժույթը մեկ երրորդով արժեզրկվել է։ Սա հանգեցրել է վառելիքի, սննդամթերքի և այլ ապրանքների գների աճի։ Մարդիկ դժգոհ են և մարտին երթեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման և որպես դրա հետևանք՝ տնտեսական ճգնաժամի դեմ»։   Նորա Վանյան Լուսանկարը՝ reuters-ի, Պերուի ցույցերից   
20:18 - 10 հունիսի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

#Կարճասած Դատարանում այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ինչը զայրացրեց նիստին ներկա տուժողների իրավահաջորդներին: Զոհված եւ անհետ կորած բազմաթիվ զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի այս գործով տուժող են նաեւ ավելի քան 70 օր Հադրութի հարակից անտառներում թաքնված եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկված ժամկետային 6 զինծառայողները, որոնցից դատարան էին ներկայացել Արման Արմաղանյանը եւ Դավիթ Սահակյանը։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այստեղ սկսվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նշենք, որ այս գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մարտի 28-ին դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կայացել է դատական նիստ։ Շաբաթներ անց, սակայն, ապրիլի 15-ին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գործի տարածքային ընդատությունը փոխելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների եւ դատակոչված վկաների գերակշիռ մասի բնակության վայրը գտնվում է Սյունիքի մարզի վարչական տարածքից դուրս՝ ՀՀ տարբեր, այդ թվում՝ Երեւանին մոտ մարզերում։  Ընդատության փոփոխության այդպիսի հիմք նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով։ Նիստի սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դահլիճում ներկա տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին ասաց՝ ոչ ոք չի կարող հասկանալ այն ցավը, որ նրանք են զգում, սակայն իրենք դատական գործընթաց են անցկացնելու, եւ ինքը, որպես դատավոր, պարտավոր է դատարանում նիստի կարգը ապահովել, ուստի խնդրում է ըմռնումով մոտենալ, չաղմկել եւ վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, հակառակ դեպքում դա համարժեք պատասխանատվության է հանգեցնելու։ Չնայած դատավորի հորդորին՝ դատական նիստը անցավ լարված մթնոլորտում։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նիստին ներկա անձանց ինքնությունը ճշտելու ընթացքում պարզ դարձավ, որ զոհված զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի դատարան են ներկայացել նաեւ ծնողներ, որոնք գործով իրավահաջորդ ճանաչված չեն, թեեւ նրանց որդիները եւս ծառայել են այն գումարտակում, որի հրամանատարը ամբաստանյալն է եղել։ Դատախազը պարզաբանեց՝ դա պայմանավորված է եղել նախաքննության ժամկետների սղությամբ․ «Ամբաստանյալի գործողությունների հետեւանքով, այո, տուժել են անձինք, սակայն քրեական գործի նախաքննության ժամկետների հետ կապված ստեղծվել էր իրավիճակ, երբ բոլոր տուժողներին հնարավոր չեղավ ճանաչել»,- ասաց նա՝ առաջարկելով գործի քննության ընթացքում այդպիսի տվյալներ հայտնաբերելու դեպքում համապատասխան անձանց ճանաչել տուժող, որից հետո նրանց ծնողներին՝ տուժողների իրավահաջորդ։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդներն ու ծնողները Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց՝ դա պետք է ոչ թե ընթացքում, այլ ի սկզբանե անել, քանի որ այդ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության խնդիր ունեն։ Այնուհանդերձ, կողմերը չառարկեցին այս փուլում դատական նիստը շարունակելուն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ ցանկացած անձ, որը համարում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում իրեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս, իրավունք ունի դիմում հասցեագրել դատարան՝ իրեն տուժող կամ եթե տուժողը կենդանի չէ, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Այնուհետեւ դատավորը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը։ Դատավորի հարցերին ի պատասխան՝ Իշխան Վահանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, 37 տարեկան է, ամուսնացած, խնամքին կա երկու անչափահաս՝ 14 եւ 15 տարեկան երեխա, նախկինում դատապարտված չի եղել։ Վահանյանն ունի զինվորական բարձրագույն կրթություն, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել Արմավիրի ուսումնական բրիգադում, Մեհրաբի զորամասում, ապա՝ Ջաբրայիլում։ Դատավորը ճշտեց դատավարության մյուս մասնակիցների ինքնությունները եւս, պարզաբանեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, հետաքրքրվեց՝ կողմերը ունե՞ն բացարկի, ինքնաբացարկի կամ այլ միջնորդություններ։ Քանի որ այդպիսիք առկա չէին, դատարանը սկսեց դատաքննության փուլը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը, հրապարակելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ Իշխան Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա, ՊԲ N զորամասի հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի՝ ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դատախազի խոսքով՝ դրանից բացի Իշխան Վահանյանը նույն օրը «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտական դիրքը:  Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը Մասնավորապես, Վահանյանը, ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը, ինչն արվել է հոկտեմբերի 9-ին։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ իր վրա դրված բազում պարտավորություններ, ինչպես, օրինակ, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա եւ այլն։  Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր է դասել ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսել իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ․ «Փոխարենը մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ Վահանյանը վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը»,- հայտարարեց դատախազը։ Ըստ նրա՝ իշխանության այդպիսի անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Մասնավորապես, գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չի եղել նաեւ վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ»։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և  Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչեւ օրս հայտնի չէ։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Գեւորգ Պարունակյանը Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատավորի հարցին՝ հասկանալի՞ են իրեն մեղադրանքի էությունն ու իրավաբանական որակումը, Իշխան Վահանյանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Ապացույցների հետազոտման ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կհետազոտվեն գործում առկա նյութերը, ապա՝ իրեղեն ապացույցները, եթե այդպիսիք առկա են, որից հետո կհարցաքննվեն վկաները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները, իսկ վերջում՝ ամբաստանյալը։ Ըստ այդմ, մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները։ Դրանք պարունակում էին տեղեկություններ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված մուտքային եւ ելքային զանգերի վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ զննությամբ պարզվել է, որ կատարված զանգերի մեջ ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարը առկա չէ։ Վահանյանը, սակայն, հակառակը պնդեց՝ կարծիք հայտնելով, որ դա գուցե պայմանավորված է Արցախի հեռախոսահամարների 097 կոդով․ «Նախաքննության ժամանակ ասել են, որ բարդ պրոցես է, ՀՀ համարները կարողացել են հանել, Արցախինը դեռ հանում էին»,- նշեց նա։ Դատավորը, սակայն, նկատեց՝ հրապարակված հեռախոսահամարների մեջ կային 097 կոդով սկսվող զանգերի վերծանումներ։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանն էլ հայտնեց, որ միջնորդություններ են ներկայացվել հենց «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությանը եւ այնտեղից են ստացվել տեղեկությունները․ «Եվ ինչպես դատարանը նշեց, այդ զանգերի մեջ կան նաեւ 097 կոդով, այսինքն՝ Ղարաբաղից իրականացված զանգեր, ամբողջ տեղեկութոյւնը ստացվել է, եւ ինչ զանգ կա, արձանագրվել է»,- ասաց նա։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Ամբաստանյալի առարկությունները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին՝ ասելով նաեւ․ «Ի՞նչ ես հեքիաթ պատմում», «Սա էլ արդարանալու նոր ձե՞ւ է», «Փոխանակ աչքերը կախի, մարդկանց դեմքերին է նայում», «Սրա նման սրիկաները իմ երկու տղայի եւ հինգ հազար էրեխու գլուխն են կերել, իմ տունը քանդել են» եւ այլն։ Դատավորը փորձեց հանդարտեցնել տուժողների իրավահաջորդներին, որոնցից մեկը՝ Վարդուհի Մանուկյանը, ասաց․ «Չի ստացվում, չեմ կարողանում իմ էմոցիաները զսպել, երբ նրան տեսնում եմ»։ Դատավորը պարզաբանեց, որ խոսելու իրավունք ունեն ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ ամբաստանյալը․ «Բայց ստելու իրավունք նա չունի»,- արձագանքեց Մանուկյանը։ Իսկ երբ դատավորը փորձեց մեջբերել օրենքը, Մանուկյանը, ձեռքի ժամացույցը նետելով ամբաստանյալի ուղղությամբ, բղավեց․ «Այդ օրենքը միայն մե՞զ համար է գործում»։ Դատական նիստը ընդմիջվեց։ Լուսանկարում՝ ժամացույցը Հետազոտվեցին Իշխան Վահանյանի ստացած վնասվածքի եւ բուժման  վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժշկական փաստաթղթերը Ընդմիջումից հետո դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց ամբաստանյալի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված որոշ փաստաթղթեր։ Դրանցից պարզ էր դառնում, որ Իշխան Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հհոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։ Այս ապացույցների հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժող Արման Արմաղանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեկն է այն 6 տղաներից, որոնք շուրջ 70 օր թաքնվել էին Հադրութի հարակից անտառներում եւ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ փրկվել։ Նա ասաց, որ Վահանյանի զորքից է եղել եւ նրան շատ լավ ճանաչում է․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»,- նշեց նա։ Լուսանկարում՝ տուժող Արման Արմաղանյանը Հայտարարությամբ հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը՝ ընդգծելով այս ապացույցի կարեւորությունը․ «Դրանք հավաստում են մեկ բան․ ամբաստանյալը, լինելով հրամանատար, հնարավորություն ունենալով վիրակապի միջոցով այդ պահին մնալ դիրքերի վրա եւ ղեկավարել, օգտագործել է  բժշկության հետ կապված զինվորական իր գիտելիքները այն մասին, որ նման պարագայում հնարավոր է եւ արձակուրդ ստանալ, եւ չարամտորեն խուսափել, փախել է»,- ասաց նա։ Զոհված զինծառայողներից մեկի հայրն էլ հայտարարեց՝ գուցե կարիք կա, որ բժիշկը գա եւ հարցաքննվի․ «Որովհետեւ երեւում է, որ կարող է նաեւ հանցավոր համաձայնություն եղած լինել նրա հետ»,- ասաց նա։ Դատախազը տեղեկացրեց, որ հիշյալ բժիշկը դատակոչի ցուցակում ներառված է եւ որպես վկա հրավիրվելու դատարան՝ հարցաքննության։ Այնուհետեւ հրապարակվեց գործով վկա Արսեն Ղուկասյանի կողմից ներկայացված լազերային սկավառակի զննությունը։ Դրանում առկա էր հեռախոսային խոսակցություն, որը Ղուկասյանը ձայնագրել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին (այսինքն՝ նույն օրը, երբ Վահանյանը, ըստ մեղադրանքի, լքել է մարտի դաշտը,- հեղ․)։ Նախաքննության փուլում նա հայտնել է, որ այդ օրը իրեն է զանգահարել իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը (որի հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում,- հեղ․) եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի օգնությամբ փորձել է նկարագրել տեղանքը, բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում այդ պահին․ «Հադրութի պոստից որ նայում ես դեպի հակառակորդ, հենց ուղիղ աջ կողմը մենք ենք, անտառի մեջ ենք, սարի գլխին, ես ԱԱԾ զորքին ասացի, որ մենք սարի գլխին երեք դիրք ունենք դրած, հիմա էդ դիրքից կրակում են մեզ, պիտի իմանան՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն, գնանք գոնե այնտեղ․․․ Մեկին ասեք՝ հետս կապվի, հասկանանք՝ զորքը ոնց տանենք ավելի ապահով տեղ»,- նշված էր արձանագրությունում։ Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ այդ հեռախոսազրույցից հետո ինքն այլեւս չի կարողացել կապ հաստատել եղբորորդու հետ, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 09 հունիսի, 2022
Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր անցկացվում էր «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ՀՀ դատական իշխանության եւ միջազգային կառույցների բազում ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում ընդդիմադիր մի շարք գործիչներ եւ ցուցարարներ, որոնք ցանկանում էին ներկա գտնվել ժողովին՝ իրենց խոսքով՝ ՀՀ-ում դատական իշխանության իրական վիճակը ցույց տալու նպատակով, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չէր տալիս։ Ցուցարարների թվում էր ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որը, զավեշտ որակելով ոստիկանության գործողությունները, առանձին անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին՝ ասելով․ «Այս կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից մեկը ՍԴ-ն է, եւ զեկուցողներից մեկը ՍԴ նախագահ կոչվածն է, ես ուզում եմ իմանալ՝ ԵԽ կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ է, երբ նման որոշում գոյություն չունի, ՀՀ պատմության մեջ կա ընդամենը երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյանը եւ Հրայր Թովմասյանը, որոնց ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում, Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի, հիմա նրան որ դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ նա նախագահ է, եթե նման որոշում գոյություն չունի»։ Էդգար Ղազարյանի այս հայտարարությունը, սակայն, մանիպուլատիվ է եւ խնդրահարույց, քանի որ Արման Դիլանյանը ոչ միայն սահմանված կարգով ընտրվել է ՍԴ նախագահ, այլ նաեւ այդ ժամանակ դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավար լինելով՝ Ղազարյանն անձամբ է այդ մասին հայտարարել, եւ լրատվամիջոցները, օրինակ՝ news.am-ը, armtimes.com-ը, armeniatoday.news-ը, նրա ֆեյսբուքյան գրառմանը հղում կատարելով են հայտնել այդ լուրը՝ կից տեղադրելով նաեւ Ղազարյանի գրառումը։ Վերջինս, սակայն, այս պահին հասանելի չէ․ ֆեյսբուքյան կարգավորումներից պարզ է դառնում, որ հեղինակը կա՛մ դրա տեսանելիությունը փակել է, կա՛մ այն ջնջել է առհասարակ։ Ինչ վերաբերում է ընտրության ընթացակարգին, ինչպես նաեւ Ղազարյանի հայտարարության այն հատվածին, որ գոյություն ունի ՍԴ երկու նախագահ, որոնց ընտրության վերաբերյալ ԱԺ-ն որոշումներ է կայացրել, իսկ Դիլանյանի ընտրության վերաբերյալ որոշում չկա, ապա դա սոսկ սահմանադրական փոփոխությունների արդյունք է։ Բանն այն է, որ թե՛ 1995 թվականի, թե՛ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ ՍԴ նախագահին ընտրում էր Ազգային ժողովը։ Մասնավորապես, ըստ 1995 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի՝ ԱԺ նախագահի առաջարկությամբ ԱԺ-ն, ի թիվս այլնի, նշանակում էր ՍԴ անդամներ եւ ՍԴ կազմից` ՍԴ նախագահ, իսկ 2005 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, ԱԺ նախագահի առաջարկությամբ խորհրդարանը ՍԴ կազմից նշանակում էր ՍԴ նախագահ։ Համապատասխան կարգավորումներ եղել են նաեւ այդ ժամանակ գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով։ Սրանով է պայմանավորված, որ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ են ընտրվել ԱԺ որոշմամբ, որի ժամանակ եւս կազմակերպվել է գաղտնի քվեարկություն։ 2015թ․-ին տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնցով արդեն ՍԴ նախագահի ընտրության լիազորությունը տրվել է հենց ՍԴ-ին։ Ըստ այդմ, գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ-ն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Համապատասխանաբար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 2020 թ․ հոկտեմբերի 12-ին հրավիրված աշխատակարգային նիստում Արման Դիլանյանը եղել է ՍԴ նախագահի միակ թեկնածուն, նա ինքնառաջադրվել է եւ ձայների մեծամասնությամբ ընտրվել ՍԴ նախագահ։ Ընտրության արդյունքները, սակայն, չեն հրապարակվել, քանի որ դրանք գաղտնի են։ Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարցերը, ինչպես նաեւ ՍԴ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներքին ընթացակարգերը կարգավորելու նպատակով 2018 թ․ հուլիսի 9-ին ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունվել է ՍԴ աշխատակարգը, որի 11-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` ՍԴ աշխատակարգային նիստում։ Նախկինում աշխատակարգային այդ որոշումները հրապարակվում էին, ինչպես հրապարակվել է, օրինակ, 2018 թ․ ապրիլի 10-ին ՍԴ փոխնախագահ ընտրելու վերաբերյալ որոշումը, սակայն դրանից հետո ընդունված հիշյալ Աշխատակարգի 22-րդ հոդվածը սահմանում է միայն, որ քվեարկության արդյունքները արձանագրվում են։ Հետեւաբար, 2018 թ․ ապրիլի 10-ից հետո առանձին արձանագրային որոշում չի կայացվել եւ չի հրապարակվել ինչպես Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու, այնպես էլ Ալվինա Գյուլումյանի, հետագայում նաեւ՝ Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրվելու վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայիս ղեկավար Սամվել Առաքելյանից, որը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ նախագահի ընտրության գործընթացը ամբողջությամբ տեղի է ունեցել Աշխատակարգին  համապատասխան․ «Քանի որ ՍԴ աշխատակարգի 11-րդ կետի հիման վրա ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, իսկ 22-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքները արձանագրվում են, ապա այս դեպքում, քվեարկությունը գաղտնի կազմակերպվել է, արդյունքները ամփոփվել են եւ արձանագրվել են, դա էլ հանդիսանում է ՍԴ որոշումը, որից հետո որեւէ անհրաժեշտություն չկա, նույնիսկ անտրամաբանական է, եւ իրավաբանության տեսանկյունից անհեթեթություն կլինի ընդունել մեկ այլ որոշում, որով կհաստատվի, որ այդ քվեարկությամբ ՍԴ նախագահի ընտրությունը ՍԴ կողմից կատարվել է»,- նշեց Առաքելյանը։   Միլենա Խաչիկյան
20:36 - 08 հունիսի, 2022
Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

#Կարճասած «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունն այսօր ավարտվեց, դատարանը սկսեց դատական վիճաբանությունների փուլը: Դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում, դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունը, դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալի կարգավիճակում են «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Արամայիս Պետրոսյանը։ Նրանց եւ Նարեկ Մալյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել դեռ 2019 թ․ մարտի 4-ին։  Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները՝ պատմելով, որ ի պատասխան Մալյանի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող: Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը Նախքան դատական վիճաբանությունների փուլին անցնելը ամբաստանյալների պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանին ներկայացրեց համացանցից ներբեռնված մի տեսանյութ եւ միջնորդեց այն կցել գործի նյութերին։ Տեսանյութում երեւում էր, թե ինչպես են մի քաղաքացու, գետնին քարշ տալով, բերում եւ նետում աղբարկղը։  Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց երկու դեպքերի միջեւ՝ ցույց տալու համար, որ իր պաշտպանյալների արարքը որակվել է առեւանգման հոդվածով, իսկ այդ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն անգամ առեւանգման հոդվածի շրջանակներում չի արվել։ Մեժլումյանի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ հետաքննության մարմնում նյութեր են նախապատրաստվել, մասնավորապես, ծեծի, ֆիզիական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին կամ ծանր վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով եւ արդյունքում, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Մեժլումյանը հիշեցրեց՝ երբ Նարեկ Մալյանի եւ Դավիթ Պետրոսյանի առերեսման ժամանակ Պետրոսյանն ասաց, որ իրենք Մալյանին աղբամանը նետելու նպատակ են ունեցել միայն, քննիչը կարծիք հայտնեց, թե նման դիրքորոշումը պատասխանատվությունից խուսափելու միտում է հետապնդում, այնինչ իրենց դիրքորոշումն է հենց այն, որ եթե անձին տանում էին՝ աղբամանը նետելու, ուրեմն՝ այդտեղ առեւանգում չէր կարող լինել։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ քրեական գործի հարուցումը մերժելու այդ որոշումը դատական ստուգման ենթարկվե՞լ է, ինչին Մեժլումյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ դատախազի կողմից է դրա օրինականությունը ստուգվել։ Ավելի ուշ տեսանյութի մասին դիրքորոշում հայտնեց նաեւ այս գործով դատախազ Սեւակ Պողոսյանը՝ նշելով, որ այն վերաբերելի չէ եւ համադրելի չէ իրենց գործի հանգամանքներին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց տեսանյութը կցել գործին, իսկ դրա թույլատրելիության կամ վերաբերելիության կամ ընդհանրապես, որպես «այլ փաստաթուղթ» ապացույց օգտագործելու հարցը քննարկել վերջնական դատական ակտ կայացնելիս՝ մյուս ապացույցների հետ համադրելու արդյունքում։ Լուսանկարում՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատավոր Դավիթ Հարությունյանը Այնուհետեւ դատախազ Սեւակ Պողոսյանը ներկայացրեց իր մեղադրական ճառը։ Նա նախ հիշեցրեց, որ 6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, Նարեկ Մալյանին բացահայտ առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, սպասել են Մալյանին վերջինիս բնակության վայրի մոտակայքում, որտեղ, հանդիպելով նրան, մոտեցել են եւ նրա կամքին հակառակ բռնություն գործադրելու միջոցով, ճնշելով վերջինիս  դիմադրությունը, փորձել են բացահայտ առեւանգել նրան, սակայն հանցավոր դիտավորությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ վնասազերծվել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Ըստ դատախազի՝  առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն ընդունել են իրենց կողմից տուժողի նկատմամբ կատարած գործողությունները․ «Ամբաստանյալները, թեեւ դատարանում հերքել են Նարեկ Մալյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առեւանգելու հանգամանքը, սակայն նշել են, որ իրենց գործողություններն այդ օրը պայմանավորված են եղել նրանով, որ մինչ այդ Նարեկ Մալյանը սոցիալական էջերում կատարված հրապարակային ելույթներով եւ գրառումներով իրենց բազմիցս վիրավորանքներ է հասցրել: Այսինքն՝ ամբաստանյալները, ըստ էության, ընդունել են տուժողին կամքին հակառակ, խմբով, բռնություն գործադրելով բացահայտ տեղափոխելու հանգամանքը, սակայն պնդել են, որ իրենց նպատակը եղել է ոչ թե առեւանգելը, այլ մոտակայքում գտնվող աղբամաններից մեկը գցելը, եւ եթե ոստիկանները չմիջամտեին, իրենք կատարելու էին դա ու ներկայանալու էին ոստիկանություն, քանի որ կարծում են, որ այդ կերպ իրենց իրավունքներն են պաշտպանում»,- նշեց դատախազը։ Նրա խոսքով՝ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է ինչպես տուժող Նարեկ Մալյանի, այնպես էլ վկաների ցուցմունքներով: Տուժողը, ըստ դատախազի, նախաքննության ժամանակ տված ցուցմունքով մանրամասն պատմել է, թե ինչպես է դեպքի օրը հարձակման ենթարկվել, իսկ դատարանում եւս հաստատել է, որ ամբաստանյալների գործողությունները նախապես մանրամասն պլանավորված են եղել, ինչի մասին է վկայել այդ անձանց գործողությունների հստակությունը․ «Տուժողը նաեւ ավելացրել է, որ ֆիզիկական ցավ զգալուց բացի իրեն այդ վիճակը նաեւ հոգեկան տառապանք է պատճառել, քանի որ ինքը հանրային գործունեությամբ է զբաղվում եւ իր բնակության հասցեի մոտ՝ այդ մարդաշատ վայրում իր կամքին հակառակ, անելանելիութան վիճակում իրեն տեղափոխելը եւ հետագայում ամբաստանյալների խմբի կողմից տեսագրության հրապարակումը այլ կերպ ընկալվել չէր կարող ու կրում էր իրեն նվաստացնելու նպատակ»,- նշեց Պողոսյանը։ Վերջինս պնդեց, որ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է նաեւ դեպքի վայրի զննության արձանագրություններով, հարակից տարածքների տեսախցիկների՝ ապացույց ճանաչված տեսագրությունները պարունակող սկավառակներով, ամբաստանյալներին դեպքի վայրից բերման ենթարկելու մասին կազմված արձանագրություններով։ Լուսանկարում՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքից՝ Սեւակ Պողոսյանն ասաց․ «Առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել՝ տուժողին իր կամքին հակառակ բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով: Այսինքն՝ հիշյալ արարքը կարող է ավարտված համարվել վերը նշված եղանակով անձին միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու պահից, եթե հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը: Ինչ վերաբերում է նշված արարքի հանցափորձին, ապա այն կարող է դրսեւորվել տուժողնի վերը նկարագրված եղանակով միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելու ընթացքում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում արարքի խափանման արդյունքում», -նշեց նա՝ հավելելով, որ հենց այդ հանցափորձն էլ տվյալ դեպքում տեղի է ունեցել․ «Տուժողը գտնվել է իր բնակության վայրի շքամուտքում եւ նրան միկրոսոցիալական միջավայրից կտրելուն ուղղված գործողությունները, թեեւ տեղի են ունեցել նույն փողոցում կատարված բռնարարքի միջոցով, այսինքն՝ նրան մեքենայով չեն տեղափոխել կամ շատ մեծ տարածություն չեն տեղափոխել,  սակայն ակնհայտ է, որ անգամ Ամիրյան փողոցի նշված հասցեից դեպի Սարյան փողոցը ընկած շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող աղբամանները տեղափոխելու եւ այնտեղ գցելու պարագայում էլ անձը փաստացի կկտրվեր իր միկրոսոցիալական միջավայրից, հետեւաբար՝ առկա կլիներ ավարտված առեւանգում, որը կատարված կլիներ վրեժի շարժառիթով»։ Սեւակ Պողոսյանը հարկ համարեց արձանագրել նաեւ, որ դատաքննությամբ պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտված ձայնագրություններով հաստատվել է տուժողի կողմից մինչ դեպքը ամբաստանյալներին բազմիցս հայհոյելու հանգամանքը, ինչը հաստատել է նաեւ հենց տուժողը։ Նա նշեց նաեւ, որ ներկայացվել են ամբաստանյալների անձը դրականորեն բնութագրող տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ուսման վայրերից․ «Ուշադրության են արժանի պատերազմին մասնակցելու վերաբերյալ փաստական տվյալները, որոնք եւս գործին կցված են»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ամբաստանյալների պատասխանա­տվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատախազը միջնորդեց բոլոր ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցագործությունը կատարելու համար եւ դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:   Միաժամանակ դատախազը միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով եւ վերջիններիս վրա բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով։ Տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի դատողություններին՝ չհամաձայնելով միայն պատիժը պայմանականորեն չկիրառելու դիրքորոշմանը եւ պնդելով, որ նրանք ազատազրկումը պիտի իրականում կրեն։ Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, սոցիալական արդարությունը չի կարող վերականգնվել․ «Խոսքն ակցիայի մասին չէ, այլ ինքնադատաստանի, որը ամբաստանյալները ցանկացել են եւ  մասնակի հաջողել, իսկ ինքնադատաստանի վտանգը այն է, որ այն չի ունենում ավարտ, նման բռնարարքը կարող է ունենալ իր պատասխանը, այդ պատասխանը՝ իրենը, եւ դա կլինի անվերջ»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ դատարանն այժմ ունի հնարավորություն այդ ամենին վերջ տալու եւ թույլ չտալու, որ արդարության պակասի զգացումից տեղի ունենան այլ հանցանքներ կամ ամբաստանյալների նշած, այսպես կոչված, «ակցիաները», լայն տարածում ստանան։ Աթանեսյանը միաժամանակ ընդգծեց, որ թեեւ այն ժամանակ ծանր վիրավորանքը դեռ քրեականացված չէր, սակայն ամբաստանյալներն իրավական դաշտում, մասնավորապես, քաղաքացիական կարգով, ունեին իրենց պաշտպաննելու արդյունավետ միջոցներ․ «Ի վերջո վիրավորանքին կարող էին պատասխանել վիրավորանքով միգուցե»,- ասաց նա՝ հավելելով, որ այս դեպքում հասարակական վտանգավորությունը նրանում է, որ բարձր արժեքներ ձեւականորեն քարոզող ՀԿ-ն դիմում է հանցագործության, այն էլ՝ կազմակերպված, հասարակական վայրում, տուժողի բնակության վայրում, որտեղ կարող էին ականտաես լինել թե՛ նրա հարեւանները, թե՛ ընտանիքի անդամները, այդ թվում՝ անչափահաս երեխան։ Մեղադրող եւ տուժող կողմի ելույթներից հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառ պատրաստելու համար, ինչով պայմանավորված` նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
23:45 - 06 հունիսի, 2022
Թուրքիայում գնաճը վերջին 24 տարում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ 73,5%․ Reuters

Թուրքիայում գնաճը վերջին 24 տարում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ 73,5%․ Reuters

Թուրքիայում մայիսին գրանցվել է տարեկան գնաճի ամենաբարձր մակարդակը 24 տարվա ընթացքում՝ 73,5%։ Դրան նպաստել է պատերազմն Ուկրաինայում, էներգակիրների գների աճն ու լիրայի փոխարժեքի անկումը, թեև այս ցուցանիշն ավելի ցածր է, քան կանխատեսում էին տնտեսագետները, գրում է Reuters-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Գնաճի ցուցանիշն աճել է նախորդ աշնանից, երբ լիրան կտրուկ անկում է գրանցել այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական բանկը հայտարարել է 500 բազիսային կետով մեղմացման շրջափուլի մասին, որին ձգտում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գնաճի ներկայիս ցուցանիշը գերազանցել է 2002 թ-ին գրանցված 73,2%-ը և դարձել ամենաբարձրը 1998 թ-ի հոկտեմբերից ի վեր, երբ տարեկան գնաճը կազմել էր 76,6%։ Այնուամենայնիվ, մասնագետները կանխատեսում էին տարեկան գնաճի մինչև 76,55% ցուցանիշ։ Սպառողական գներն ամսական կտրվածքով աճել են 2,98%-ով, այսօր հայտարարել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։ Տրանսպորտի և սննդամթերքի գները վերջին մեկ տարում աճել են համապատասխանաբար 108% և 92%-ով՝ արտացոլելով խորացող տնտեսական ճգնաժամը։  Տեղի արտադրողների արտադրանքի իրացման ցուցիչը մայիսին աճել է 8,76%-ով, իսկ տարեկան կտրվածքով ավելացել 132,16%-ով։ Լիրայի փոխարժեքը նվազել է 0,25%-ով և մեկ դոլարի դիմաց կազմել 16,5050, սա ամենացածր ցուցանիշն է նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր։ Ազգային արժույթի փոխարժեքը 2021թ-ին 44% անկում էր գրանցել, այս տարի այն արժեզրկվել է ևս 20%-ով։ Չնայած որ Էրդողանի կառավարման երկու տասնամյակների ընթացքում տարեկան գնաճի ցուցանիշն ամենաբարձրն է, երկրի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Թվիթերում գրել է, որ գնաճի ամսական ցուցանիշը նվազման միտում է գրանցում։ Ավելի վաղ Նեբաթին հայտարարել էր, որ մինչև մյուս տարի կայանալիք ընտրություններն գնաճը կկրճատվի մինչև միանիշ թիվ՝ մշակված տնտեսական ծրագրի շրջանակում։ Սակայն Թուրքիայի Կենտրոնական բանկն գնաճի միանիշ ցուցանիշ է կանխատեսում 2024 թ-ի վերջին։ Տնտեսագետների կանխատեսմամբ՝ գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև 2022 թ-ի ավարտը, և տարեվերջին կկազմի 63%։ «Թուրքիան, որը հեռացել է տնտեսական դոկտրինի կանոններից, ի վիճակի չէ լուծելու բարձր գնաճի իր առանցքային խնդիրը ներկայիս քաղաքականության օգնությամբ», - ասել է տնտեսական վերլուծաբան Արդա Թունջան։ Թուրք ընդդիմադիր պատգամավորներն ու տնտեսագետները կասկածի տակ են դնում Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալները։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների կարծիքով՝ գնաճի մակարդակը շատ ավելի բարձր է, քան պաշտոնապես ներկայացված ցուցանիշները։ «Վիճակագրության ինստիտուտի՝ կառավարությունից անկախ կառույցի ստեղծումը նույնքան կարևոր է, որքան կենտրոնական բանկի անկախությունը։ Ճշգրիտ և արժանահավատ տվյալների տրամադրումն առաջնային կարևորություն ունի ճիշտ քաղաքականության իրականացման համար», - ասել է մեկ այլ թուրք տնտեսագետ Մահֆի Էգիլմեզը»։ Նորա Վանյան
18:34 - 05 հունիսի, 2022
«Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ ու հասկացա, որ քաղցկեղը դատավճիռ չէ». այսօր աշխարհը նշում է քաղցկեղը վերապրածների օրը

«Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ ու հասկացա, որ քաղցկեղը դատավճիռ չէ». այսօր աշխարհը նշում է քաղցկեղը վերապրածների օրը

Ամեն տարի հունիսի առաջին կիրակին, այս տարի հունիսի 5-ին, աշխարհում նշվում է որպես քաղցկեղը վերապրածների օր: Թեմայի շրջանակում խոսել ենք Աստղիկ Զաքարյանի հետ, ով հաջողությամբ հաղթահարել է մի քանի տարի առաջ ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայում պարբերաբար ստուգումներ անցնող Աստղիկը խոսել է հիվանդության և դրա դեմ պայքարի` իր հաջողության պատմության մասին: -Ախտորոշումն իմանալուց հետո որքա՞ն տևեց շոկն, ու ո՞րն էր առաջին որոշումը: -Անկեղծ ասած՝ ինձ թվում է՝ ես դեռ շոկի մեջ եմ. նոր եմ սկսում հասկանալ՝ իրականում ինչի միջով եմ անցել: Նախ նշեմ, որ իմանալուց հետո շոկը միանգամից չէր: Մեր՝ հայերիս մեջ, սովորություն կա, որ ինչ-որ ախտորոշում իմանալուց հետո չենք հավատում, մտածում ենք՝ սուտ է, չի կարող մեզ հետ լինել նման բան, ու դրա համար իմ դեպքում էլ, երբ սկզբում կասկածեցին, մտածում էի՝ դե մի բան սխալ է, սպասում էի վերջնական հաստատմանը: Ինձ մոտ հայտնաբերվեց ուռուցքի զարգացող տեսակը, նրա տարածվելու հավանականությունը բարձր էր: Դա նշանակում էր, որ պետք էր ամեն ինչ շատ արագ անել, անցնել բուժման, ուստի  ինձ մոտ ախտորոշումն իմանալուց հետո շոկային շրջան չի հասցրել լինել: -Ինչի՞ կամ ո՞ւմ մասին եք առաջինը մտածել ախտորոշումն իմանալուց հետո: -Ես ունեմ 2 երեխա: Բոլորը կարծում էին, թե այդ դժվարին ճանապարհն անցնելու համար ինձ փրկել է նրանց լինելու միտքը: Բայց, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, իմ ուշադրության կենտրոնում իմ ծնողներն էին: Ինքս, լինելով ծնող, շատ լավ հասկանում էի, թե ինչի միջով են անցնում նրանք: Գիտեի, թե որքան սարսափելի է սեփական երեխային վտանգի առջև կանգնած տեսնելը: Միտքը, թե ինչ են զգում իմ ծնողները, ավելի մեծ շոկ էր, քան իմ հիվանդությունը: Ուստի հիվանդության դեմ պայքարելու հենց ամենասկզբում ես ամեն ինչ արել եմ, որ իրենք չմտածեն, որ ես անհույս եմ, իրենք չմտածեն, որ ամեն ինչ վատ է: Ու դա նաև ինձ շատ օգնեց: -Եղե՞լ են հիասթափության պահեր, եղե՞լ է միտք՝ հանձնվելու, չպայքարելու: -Նման պահեր չեն եղել, ասեմ՝ ինչու: Շատ կարևոր էր, որ հիվադությունը հայտնաբերվեց սկզբնական փուլում: Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ, ծանոթանալ ու հասկանացա, որ նախ՝ քաղցկեղը դատավճիռ չէ, և հետո Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժումը բավականին մեծ առաջընթաց ունի: Այն կարողանում են բուժել մեր երկրում, հատկապես, երբ հայտնաբերվել է սկզբնական փուլում: Դա ինձ բավականին հույս տվեց, և հասկացա, որ պետք է պայքարել և չհանձնվել: -Մի քիչ կպատմե՞ք բուժման ընթացքի մասին՝ զգացողությունների մակարդակով: -Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր տեսել են բուժմանս ընթացքը, փաստում են, որ ես շատ -շատ ուժեղ եմ եղել, շատ թեթև եմ տարել դա: Իրականում իրոք այդպես է եղել: Բնավորությամբ եմ ադպիսին, հասկանում էի, որ ավելորդ մտքերը ինձ միայն խանգարելու են: Սկզբից բավականին հեշտ է եղել: Գնում էի քիմիաթերապիաների, ապա գալիս աշխատանքի: Ինձ օգնեց նաև այն, որ այդ շրջանում լույս տեսավ իմ հեղինակած «Խաղալիքը» գիրքը: Դա օգնեց շեղվել: Վերջում, երբ ավելի ծանր դեղորայք էի ստանում, երբ եղավ մազաթափությունը (գլխի մազեր, հոնքեր, ամբողջը թափվել էին), ես արտաքնապես շատ փոխվեցի, ֆիզիկապես ծանր շրջան եղավ, անգամ այդ ժամանակ չէի հուսահատվում, հասկանում էի, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում: -Ի՞նչ խորհուրդ կտաք ախտորոշման մասին նոր իմացող մարդկանց կամ այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ հիվանդության դեմ: -Խորհուրդ կտայի հասկանալ, որ այդ ամենը ժամանակավոր է: Ֆիզիկապես թուլանալը, մազաթափությունը, սրտխառնոցը, բոլոր դժվար պրոցեսները մի շրջան են, ժամանակավոր:  Դա պետք է հասկանալ ամենասկզբում և մտապահել բուժման ողջ ընթացքում: -Ձեր կոչը այն կանանց և աղջիկներին, ովքեր հետևողական չեն իրենց առողջության հանդեպ, չեն ստուգվում, չեն անցնում հետազոտություններ գոնե տարին մեկ անգամ: -Ես իմ փորձով հասկացա, որ ամեն պահի կարող է պատահել ինչ-որ մի բան, որին երբեք չէիր սպասում: Ես ունեմ մեծ ընտանիք, մեծ գերդաստան, բայց ոչ մեկի մոտ չի եղել կրծքագեղձի  քաղցկեղի դեպք: Այսինքն՝ ես չէի սպասում նման հիվանդության առկայություն իմ մոտ: Հայրիկս տարիներ առաջ իմ պատմության նման մի պատմություն էր լսել, ազդվել, այդ իսկ պատճառով մայրիկիս, ինձ, քույրերիս ստիպում էր տարին մեկ անգամ գնալ ու ստուգվել: Միայն այդ դեպքի պատճառով էինք գնում ստուգումների, և միայն այդ դեպքի շնորհիվ իմ հիվանդությունը բացահայտվեց վաղ շրջանում: Ինձ դա փրկեց:  Վաղ հայտնաբերելու շնորհիվ բուժվելու իմ շանսերը մեծացան: Բացի նրանից, որ սկզբնական փուլում շատ ավելի թեթև և արագ է լինում բուժումը, ֆինանսական տեսանկյունից ծախսն է շատ ավելի քիչ լինում: Մինչ ախտորոշումը՝ քաղցկեղի մասին լսել էի շրջապատիս և հատկապես այն հայտարարություններից, որոնց միջոցով հիվանդության դեմ պայքարող մարդիկ գումար են հավաքում բուժման համար: Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ հիվանդությունը բուժելու համար պետք է ունենալ հազարավոր դոլար-եվրոներ: Այո, պետք է, եթե հիվանդությունը հայտնաբերվում է ուշ, բարդ շրջանում (դեղորայքն է ուրիշ՝ ավելի թանկ, բուժման ծավալները, ժամանակը և այլն): Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ՝ պարբերաբար ստուգումները պետք է լինեն պարտադիր, դա ձեռնտու է ինչպես արդյունավետ բուժման տեսանկյունից, այնպես էլ ֆինանսապես: Ես ստացա քիմիայի 18 կուրս, բայց կարող էր լինել շատ ավելին, եթե ուշ շրջանում հայտնաբերվեր հիվանդությունը: Շատերն ասում են՝ խնդիր չունեմ, ինչու ստուգվեմ: Իրականում՝ քաղցկեղը սկբնական շրջանում անցավ է: Այն մեծանում է, նոր դուք դա զգում եք, նոր գնում ստուգվելու: Եթե այն իրեն զգացնել է տալիս, նշանակում է, որ արդեն ուշ շրջան է: Եթե դուք սպասեք մի բան զգալուն, հնարավոր է՝ ուշացնեք: Տարեկան ստուգումը ձեզնից ընդամենը 10 րոպե է պահանջում: Տարվա մեջ սեփական օրգանիզմին տրամադրած այդ 10 րոպեն հնարավոր է փրկի ձեր կյանքը: Մեր երկրում շատերն իրենց հիվանդությունը թաքցնում են, այդ իսկ պատճառով մարդը, ում մոտ նոր է հայտնաբերվում քաղցկեղը, մտածում է, որ ինքը մենակ է, չկա իր նմանը: Սեփական փորձով համոզվեցի՝ մեր երկրում, ցավոք սրտի, ուռուցք ունեն շատ շատերը: Այս չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարում են հազարավորները, և դու, ում մոտ նոր է ախտորոշվել հիվանդությունը, վստահ եղիր՝ միայնակ չես: Շատերն են հաղթում այդ հիվանդությունը: Պետք է հավատալ, պայքարել և լինել ուժեղ:   Մարիամ Տերբալյան
13:50 - 05 հունիսի, 2022