Challenge

“Challenge”-ը Infocom.am-ի նախագիծն է՝ ուղղված քննադատական բովանդակության արտադրությամբ հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեծելուն։

Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, ում համարում է թեմայի արժանի շարունակող։ Մարտահրավերն ընդունողը ևս մարտահրավեր է նետում։

Մարտահրավերը չունի միայն հակադրման նպատակ, և մարտահրավեր ընդունողը կարող է նաև զարգացնել, շարունակել մարտահրավեր նետողի թեզերը, ավելացնել փաստերը, հարստացնել հիմնավորումները։

Նախագծի շրջանակում ներդրվել է նվիրատվությունների համակարգ, որի միջոցով հանրությունը հնարավորություն կունենա  նվիրատվություններ կատարել ոչ թե լրատվամիջոցին, այլ հենց հոդվածագրին։ infocom.am-ը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Հավաքագրված գումարը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային պահումների իրականացումից հետո, որպես հոնորար կփոխանցվի հոդվածագրին։

Հոդվածների հաստատման և  հրապարակման կարգը․

  1. հոդվածագիրը ներկայացնում է հոդվածի թեման և կարճ նկարագիրը։ Խմբագրական խորհուրդը, քննարկելով հայտը, տալիս է նախնական հաստատում կամ մերժում է։
  2. հոդվածագիրը միանգամից ներկայացնում է հոդվածի վերջնական տարբերակը և խմբագրական խորհուրդը ընդունում կամ մերժում է։
  3. խմբագրական խորհուրդը կարող է չմեկնաբանել մերժման պատճառները։
  4. հոդվածները չպետք է պարունակեն իրականությանը չհամապատասխանող փաստեր, մանիպուլյացիաներ, վիրավորանք, այլատյացություն։
Ազգայնականությունը՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական միակ գաղափարախոսություն  [Challenge 13.2 | Հրայր Մանուկյան]

Ազգայնականությունը՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական միակ գաղափարախոսություն [Challenge 13.2 | Հրայր Մանուկյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամրցակցային ու անկանխատեսելի ընտրությունները։ Առաջին անգամ ստեղծվել է իրական հնարավորություն, որ կառավարությունը կարող է փոխվել ընտրություններով, ինչպես որ լինում է լիբերալ-դեմոկրատական երկրներում։ Չնայած այս աննախադեպ մրցակցությանն ու մասնակիցների քանակին (26 քաղաքական ուժ, ներառյալ՝ երեք նախկին նախագահները)՝ քաղաքական բոլոր ուժերի գաղափարական հիմնական հենքը ազգայնականությունն է։ Ժամանակակից հայկական ազգայնականությունը նախևառաջ, իհարկե, Ղարաբաղի ինքնորոշման (մինչև անկախություն) կամ այն Հայաստանին միացնելու մասին է։ Այնուամենայնիվ, ազգայնականությունը անխուսափելիորեն ձևավորել է նաև հայերիս համոզմունքները արդարության, կյանքի իմաստի ու լավ կյանքի մասին։ Այսինքն, ազգայնականությունը համապարփակ (կրոնափիլիսոփայական) դոկտրին է, ինչպես կասեր 20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական փիլիսոփան՝ Ջոն Ռոուլսը։   Հայկական ազգայնականության երկու հիմնական ուղղությունները Հայկական ազգայնականությունը՝ որպես էթնիկ հայերին պատկանող առանձին հայկական պետություն ունենալու իդեալ, եվրոպական ազգայնականությունների նման առաջացել է գերազանցապես 19-րդ դարում։ Սովետական Միության սկզբնական տարիներին հայկական ազգայնականությունը հիմնականում ճնշվում էր։ Այնուամենայնիվ, երբ Թուրքիան 1952-ին միացավ ՆԱՏՕ-ին, և երբ Ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ Երևանում տեղի ունեցան ցույցեր, հայկական ազգայնականության հակաթուրքական դրսևորումները ոչ միայն թույլատրվեցին, այլև ինչ-որ չափով խրախուսվեցին[1]։ ԽՍՀՄ-ի վարած այս քաղաքականության արդյունքում հակաթուրքական տրամադրությունները Ցեղասպանության տրավմաների հետ միասին խորությամբ արմատավորվեցին  բնակչության շրջանում։ Այդ պատճառով ԽՍՀՄ-ից դուրս ու Թուրքիայի հարևանությամբ անկախ հայկական պետություն ունենալու գաղափարը այնքան էլ ընդունելի չէր 1988-ի շարժման սկզբում։ Շարժման ղեկավարները ստիպված էին մեծ ջանքեր գործադրել՝ համոզելու համար հայաստանցիներին, որ կարելի է ունենալ անկախ հայկական պետություն՝ առանց Թուրքիայից երկրորդ անգամ ցեղասպանության ենթարկվելու[2]։ Արդյունքում առաջացավ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու գաղափարը։ Ըստ այդ մոտեցման՝ անկախ Հայաստանը չպետք է Թուրքիայից տարածքներ պահանջեր և չպետք է ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձներ պետական քաղաքականության մաս[3]։ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու մոտեցումը դարձավ ժամանակակից հայկական ազգայնականության երկու հիմնական ուղղություններից մեկը։ Այդ ուղղությունը կարելի է անվանել չափավոր-պրագմատիկ ազգայնականություն, որի կարկառուն ներկայացուցիչը ներկայիս ՀԱԿ (նախկինում ՀՀՇ) կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Այս մոտեցումը նաև ենթադրում է(ր), որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի հետ փոխզիջումներով։   Հայկական ազգայնականության մյուս ուղղությունը կարելի է անվանել հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմ։ Այն ենթադրում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պետական քաղաքականություն և մաքսիմալիստական կեցվածք Ղարաբաղի հարցում։ Այս մոտեցման առավել ծայրահեղ տարբերակները բացառում են (էին) որևէ փոխզիջում Ղարաբաղի հարցում,   ադրբեջանցիներին համարում են թուրք, Թուրքիային (ու Ադրբեջանին) համարում են ի բնե ցեղասպան-մարդասպան պետություն(ներ) և ենթադրում են Թուրքայից տարածքային պահանջներ: Այսպիսով, ժամանակակից հայկական ազգայնականության այս երկրորդ ուղղության առանցքը (ռազմատենչ) հակաթուրքականությունն է։ Այդ հակաթուրքականությունը երբեմն հանդես է գալիս հակառուսականության հետ միասին («Ազգային-ժողովրդավարական  բևեռ», «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» և այլն), իսկ երբեմն էլ՝ հակաարևմտականության հետ միասին («Հայաստան» դաշինք, ՍԻՄ կուսակցություն և այլն)։ Անկախ Հայաստանում հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմի առաջին կրողը «Դաշնակցություն» կուսակցությունն էր։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այս գծի կարկառուն ներկայացուցիչն է։ 1998-ին ազգայնական-մաքսիմալիստական ուժերը կարողացան իշխանությունից հեռացնել Տեր-Պետրոսյանին՝ ձախողելով նրա փորձը՝ Ղարաբաղի հարցը փոխզիջումներով կարգավորելու։ Հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմը այդուհետ դոմինանտ դարձավ Հայաստանի քաղաքական դաշտում։    Քրեաօլիգարխիկ համակարգի հաստատումը    «Պատմական արդարության վերականգնում», «ազգային միասնություն», «ազգային գաղափարախոսություն» և նմանատիպ հասկացությունները 1990-ականների քաղաքական բանավեճերի հիմնական թեման էին։ Ինչպես նկատել է քաղաքագետ  Մանվել Սարգսյանը, այդ ժամանակ «կյանքի իմաստը փնտրվում էր «ոսկեդարի սրբազան տարածքի վերադարձի» մասին բանավեճերի հարթությունում»[4]։ Հայկական քաղաքականությունը հերոսներին, փրկիչներին ու դավաճաններին բացահայտելու մասին էր՝ հաճախ հիմնված էթնոազգայնական առասպելաբանությունների կերպարների հետ ասոցիացիաների վրա։ 2000-ականների սկզբից, սակայն, էթնոազգայնական առասպելաբանության հավատալիքներից ու իդեալներից որոշակի հիասթափություն է նկատվում։ Այդ հիասթափությունը (գոնե մասամբ) պայմանավորված էր 1990-ականներին սեփականության բաշխման ձևերով և քաղաքական խնդիրները բիրտ ուժով (ներառյալ՝ ընտրակեղծիքներով) լուծելու ավանդույթով, ինչը բնակչության մի զգալի մասի մոտ առաջացրել էր անարդարության, օտարման և անզորության խորը զգացում: 2000-ականներին Էթնիկ առասպելների հետ ասոցացվող շատ (ավտորիտար) քաղաքական գործիչներ վարկաբեկվեցին, իսկ նրանց շուրջ կառուցված առասպելները դադարեցին մոբիլիզացնող ազդեցություն ունենալ[5]: Գաղափարական վակուումի այս պայմաններում, երբ շատ էթնոազգայնական առասպելներ դադարեցին մոբիլիզացնող կամ միավորող դեր խաղալ իշխանության համար պայքարում, փողը կամ կապիտալը դարձավ իշխանության կենտրոնական հենարանը: «Ինչպես դա սովորաբար դիտվում է ամենուրեք, ապագաղափարականացված և անկառավարելի միջավայրում միակ արժեքը միշտ դառնում է կապիտալը»,- գրել է Մանվել Սարգսյանը[6]։ Նա նկարագրել է, թե ինչպես գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ տնտեսական ու քաղաքական ոլորտները բաժանելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերեց խոշոր կապիտալ ունեցողների հետ: Այդ համաձայնության արդյունքում, ըստ Սարգսյանի, 1990-ականների  (կիսա)ավտորիտար համակարգը 2000-ականների կեսերին վերափոխվեց քրեաօլիգարխիկ համակարգի։ Քրեաօլիգարխիկ համակարգի դեպքում չկա անառարկելի հեղինակություն ունեցող ավտորիտար ղեկավար, որը միանձնյա քաղաքական ու տնտեսական որոշումներ է կայացնում։ Փոխարենը խոշոր կապիտալ ունեցողների միջև կա պայմանագիր՝ բաշխելու երկրի հարստությունը, տարածքն ու  քաղաքական բոլոր առանցքային պաշտոնները միմյանց միջև։ Քրեաօլիգարխիկ համակարգի դեպքում ևս ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, ինչպես չէր աշխատում (կիսա)ավտորիտար համակարգի դեպքում։ Քրեաօլիգարխիայի պայմաններում, սակայն, ընտրակեղծիքները նախ և առաջ կատարվում են՝ մեծ ֆինանասական միջոցներ ներգրավելով ու ընտրակաշառքներով, որից հետո միայն անհրաժեշտության դեպքում կիրառվում է բիրտ ուժ (ինչպես կիրառվեց 2008-ին)։ Քրեաօլիգարխիկ համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ համակարգը հիմնված է պաշտոնական ձևական-իրավական առաջնամասի և լռելյայն գործող ոչ պաշտոնական մեխանիզմների զուգակցման վրա, ինչպես նկատել է փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը[7]։ «Պաշտոնականի և մասնավորի միջև ահագնացող ճեղքվածքը հանգեցրեց կրկնամտության (doublethink) տարածմանը, խրախուսմանը և պաշտոնականացմանը»,- գրել է Ոսկանյանը։ Նույն կրկնամտությունը գործում էր նաև ԼՂ հարցում: Մասնավորապես՝ իշխանությունները ոչ ֆորմալ եղանակով խրախուսում էին «ոչ մի թիզ հող» և նմանատիպ այլ ազգայնական-մաքսիմալիստական մոտեցումները[8], սակայն նույն իշխանությունները Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում ձևականորեն ընդունում էին Ադրբեջանի ու ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ հարակից շրջանները վերադարձնելու պահանջները։ Ինչպես Քոչարյանը խոստովանեց վերջերս, իր պատկերացրած ճիշտ բանակցություններն այն էին, որ Ադրբեջանին հույս տրվեր, թե ԼՂ հարակից շրջանները վերադարձվելու են, բայց իրականում այդ շրջանները չվերադարձվեին։ Քրեաօլիգարխիայի գոյության ամբողջ ընթացքում (2003-2018թթ) իշխանությունները միշտ փորձել են ձևակերպել ազգայնական համախմբող գաղափարներ։ Օրինակ, 2000-ականների վերջերին Երևանում հայտնվեցին պաստառներ՝ հայտնի մարդկանց նկարներով ու «Իմ զենքը իմ գիչն է», «Իմ զենքը իմ երգն է» և նմանատիպ այլ լոզունգներով։ 2016-ին էլ շրջանառության մեջ դրվեց «ազգ-բանակ» հայեցակարգը, որով դարձյալ փորձ էր արվում հասնել «ազգային միասնության»։ Մյուս կողմից էլ, զանազան արտոնություններ տրվեցին Հայաստանի Առաքելական եկեղեցուն։ Մասնավորապես, 2005-ին փոփոխված Սահմնադրության մեջ ամրագրվեց Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, դպրոցներում մտցվեց «Եկեղեցու պատմություն» առարկան, եկեղեցական բոլոր տոները դարձան ոչ աշխատանքային օրեր, հոգևորականներն օրհնում էին իշխող կուսակցության միջոցառումները, վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009-ին հայտարարեց՝ պետության և եկեղեցու տարանջատման թեզը հնացած է, և այլն[9]։  Եվ թեև այս գաղափարներն ինչ-որ չափով էֆեկտիվ էին թվում, բայց ինչպես ցույց տվեց 2018-ի հեղափոխությունը, դրանք չկարողացան լեգիտիմացնել քրեաօլիգարխիկ համակարգը։ Հեղափոխությունը ապամոնտաժեց այդ համակարգի հիմնասյուները՝ գործի գցելով ընտրության ինստիտուտը, շեշտակի նվազեցնելով համակարգային կառուպցիան ու վերացնելով կրկնամտությունը։   Ազգայնականությունը հեղափոխությունից հետո Եթե Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության գալը կապված էր ԼՂ հարցի հետ (Տեր-Պետրոսյանի դեպքում՝ նաև հեռանալը), ապա Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ընտրակեղծիքներին, կոռուպցիային ու սոցիալական այլ խնդիրներին վերաբերող հարցերը։ Այլ կերպ ասած՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում ձևավորվեց իշխանություն, որի լեգիտիմության գլխավոր աղբյուրը ԼՂ հարցը չէր։ Այս փաստը և՛ Հայաստանի ներսում, և՛ արտաքին աշխարհում ձևավորեց սպասումներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի լուծել ԼՂ հարցը փոխզիջումներով և ԼՂ հարակից շրջանները կվերադարձնի Ադրբեջանին։ Հատկապես որ Փաշինյանը իր քաղաքական կարիերան սկսել էր Տեր-Պետրոսյանի թիմում և 2000-ականներին կողմ էր արտահայտվել փոխզիջումներին։ Ունենալով նման սպասումներ՝ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները միանգամից Փաշինյանին սկսեցին մեղադրել ԼՂ հարակից շրջանները տալու պատրաստակամության, թրքասիրության ու դավաճանության մեջ։ Ակնհայտորեն, նրանք ակնկալում էին, որ Փաշինյանը կփորձի ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել ու կգնա փոխզիջումների։ Դա քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին հնարավորություն կտար հակաթուրքական, ազգայնական-մաքսիմալիստական լոզունգներով ու հավանաբար նաև ուժային կառույցների օժանդակությամբ նորից գալու իշխանության։ Փաշինյանը, սակայն, չարդարացրեց նման սպասումները։ Նա կրկնապատկեց ազգայնական-մաքսիմալիստական հռետորիկան ԼՂ հարցում և նախագահ Արմեն Սարգսյանի հետ արեց հայտարարություններ, որոնք կարող էին մեկնաբանվել որպես Թուրքիայից տարածքային պահանջներ։ Այսինքն, Փաշինյանն իր գլխավորած կուսակցության հետ ևս, ըստ էության, հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմի կրող դարձավ։ Հավանաբար Փաշինյանի գաղափարական այս դիրքորոշումը գոնե մասամբ պայմանավորված էր նրանով, որ հեղափոխությունը, վերացնելով օտարվածության ու անզորության զգացողությունը բնակչության շրջանում, միաժամանակ մինչհեղափոխական շրջանի գաղափարական վակուումը լցրեց մեծամասմաբ (էթնո)ազգայնական խանդավառվածությամբ ու հավատալիքներով։ Ճիշտ է, հեղափոխությունը նախևառաջ արդյունք էր լիբերալ որոշ գաղափարների, մասնավորապես՝ այն համոզմունքի, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը պետք է կարողանա ընտրություններով փոխել կառավարությանը։ Այնուամենայնիվ, լիբերալիզմի մյուս գլխավոր սկզբունքը՝ հավատը հավասար իրավունքների գերակայությանը՝ հատկապես դրա ձախ-լիբերալ (կամ սոցիալ-դեմոկրատական) մեկնաբանությամբ, շատ քիչ տարածում ունի Հայաստանում։ Նույնիսկ վերջերս ստեղծված ՔՈ կուսակցությունը, որի անվան մեջ կա «սոցիալ-դեմոկրատական» բառը, մեկ այլ հակաթուրքական կուսակցություն է, որի ներկայիս ղեկավարները ազգայնական մաքսիմալիստներ են։   Վերջաբան   Այսպիսով, ազգայնականությունը Հայաստանի 30-ամյա անկախության տարիների միակ քաղաքական գաղափարախոսությունն ու համապարփակ դոկտրինն է եղել և շարունակում է պահպանել իր գրեթե մենաշնորհային դիրքը։ Անկախ Հայաստանի 30-ամյա քաղաքական պատմությունը, մեծ հաշվով, (Էթնո)ազգայնական հավատալիքների վերելքի ու դրանցից հիասթափությունների, ինչպես նաև ազգայնական երկու ժամանակակից ուղղությունների՝ չափավոր պրագմատիզմի և հակաթուրքական մաքսիմալիզմի մրցակցության պատմություն է եղել։ Այդ մրցակցությունում հակաթուրքական մաքսիմալիզմը ավելի շատ է հաղթող դուրս եկել, քան չափավոր պրագմատիզմը։   Մյուս կողմից էլ լիբերալիզմը՝ որպես քաղաքական գաղափարախոսություն և համապարփակ դոկտրին, Հայաստանում դեռևս շատ թույլ և մարգինալ վիճակում է։ Այնուամենայնիվ, այն ամրապնդվելու պոտենցիալ ունի։ Այդ պոտենցիալը պայմանավորված է նրանով, որ 2018-ի հեղափոխությամբ Հայաստանում սկսվեց կառուցվել լիբերալ-դեմոկրատական կարգ (լիբերալ-դեմոկրատական կարգը չշփոթել լիբերալիզմի գաղափարախոսության հետ)։ Հունիսի 20-ի ընտրություններում իշխանափոխության իրական հնարավորությունը, ինչն աննախադեպ է Հայաստանի համար, խոսում է հենց լիբերալ-դեմոկրատական կարգի սկզբնավորման մասին։   Լիբերալ-դեմոկրատական կարգի կառուցումը Հայաստանում կշարունակվի, եթե քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում չկարողանան գալ իշխանության։ Եթե նման իշխանափոխություն տեղի չունենա (ինչը ամենահավանական տարբերակն է թվում), կարծում եմ՝ առաջիկա տասնամյակներում լիբերալ գաղափարախոսություն կրող կուսակցություններ կարող են դառնալ հատկապես «Քաղաքացիական Պայմանագիրն» ու «Հայ Ազգային Կոնգրեսը»։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե այս կուսակցությունները կարողանան վերանայել արդարության ու լավ կյանքի մասին իրենց պատկերացումները և հրաժարվեն ազգայնական որոշ համոզմունքներից։ Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներն էլ այս դեպքում կդառնան պահպանողականներ՝ նման ժամանակակից արևմտյան պահպանողականներին։   Հ․Գ․ Մարտահրավերը նետում եմ Աշոտ Ոսկանյանին ու Վարդան Ջալոյանին   [1] Աշոտ Ոսկանյան (2021), «Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ»։ Անկախությունը և ազատական բարեփոխումները, մաս 2, Անտարես, Երևան, էջ 50։ [2] Տես, օրինակ, Վազգեն Մանուկյան (մարտ 1988)․ «Չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական ազգային շահեր» և Լևոն Տեր-Պետրոսյան (հունիս 1989), «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ․․․ սկզբից ի վեր մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու եւ պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը»։ [3] Լևոն Տեր-Պետրոսյան (2012)․ «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել․․․Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց»: [4] Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 13։ [5] Ibid, էջ 49-50։ [6] Ibid, էջ 50։ [7] Աշոտ Ոսկանյան (2021), «Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ»։ Անկախությունը և ազատական բարեփոխումները, մաս 2, Անտարես, Երևան, էջ 62։ [8] Ոչմիթիզհողականության ոչ պաշտոնական խրախուսումը մասամբ պայմանավորված էր Տեր-Պետրոսյանի դեմ իշխանությունների պայքարով, քանի որ Տեր-Պետրոսյանը լուրջ մարտահրավեր նետեց իշխանություններին հատկապես 2008-ին և 2014-2015-ին։ [9] Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 57-58
21:10 - 18 հունիսի,2021
ՀՀ Կառավարությունն ինչպես և ինչ ծավալով է տեսնում իր դերը գիտության զարգացման գործում [Challenge 21.1 | Գեղամ Ջիվանյան]

ՀՀ Կառավարությունն ինչպես և ինչ ծավալով է տեսնում իր դերը գիտության զարգացման գործում [Challenge 21.1 | Գեղամ Ջիվանյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Գիտությունը, գիտության ֆինանսավորումն ու հատկապես պետության վերաբերմունքը գիտությանը անկախ Հայաստանի ամենացավոտ թեմաներից մեկն է։ 44-օրյա պատերազմն էլ իր հերթին ցույց տվեց գիտության անմխիթար վիճակն ու ևս մեկ անգամ ապացուցեց, որ առանց գիտության զարգացման մենք չեն կարող կառուցել մրցունակ և անվտանգ պետություն։ Վերջինս գիտական և գործարար հանրության համար առիթ դարձավ թեման մաքսիմալ հանրայնացնելու՝ կառավարությունից պահանջելով ստանձնել երկարաժամկետ հանձնառություն և փոխել երկրում գիտության նկատմամբ տարբեր իշխանությունների` տարիներով որդեգրած ոչ ռազմավարական մոտեցումները։ Պահանջի շուրջ կոնսոլիդացիայի կենտրոն դարձավ նորաստեղծ «Գիտուժ» նախաձեռնությունը, որի համայնքում արդեն ընդգրկված են մոտ 700 գործարարներ և կազմակերպություններ։ Այս ամենի կոնտեքստում պետք է հիշել փետրվարի 1-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով հանրային լսում-քննարկումը, ինչից հետո կառավարությունը պարբերաբար անդրադարձավ գիտության խնդիրներին ու դրանց լուծումներին։ Սակայն կառավարության գործելաոճը դեռևս նման է, ինչպես ժողովուրդն է ասում, «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»-ին։ Մինչ կառավարության՝ գիտության հանդեպ դրսևորած վերաբերմունքին ու քայլերին անդրադառնալը կատարենք մի փոքրիկ  անդրադարձ գիտության զարգացմանը և դրա մեջ պետությունների դերի կարևորությանը, ֆինանսավորմանը և օգուտներին։     Ինչո՞ւ և ինչպե՞ս է զարգանում գիտությունը Գիտական հետազոտությունները բավարար չեն առաջընթացի համար. անհրաժեշտ է գիտության, քաղաքականության ու տնտեսության գործակցությունը։ Քաղաքական ու տնտեսական ինստիտուտներն ապահովում են ռեսուրսներ, առանց որոնց գիտական հետազոտությունները գործնականում անհնար են։ Գիտական հետազոտություններն, իրենց հերթին, ստանալով անհրաժեշտ ֆինանսավորումը, մարդկության համար բացում են նոր հնարավորություններ, որոնք ճիշտ կիրառելու դեպքում թույլ են տալիս ձեռք բերել նոր ռեսուրսներ, որոնց մի մասը կրկին ներդրվում է գիտության մեջ։ Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում։ Շատերը համոզված են, որ գիտությունն ու տեխնոլոգիան ունեն մեր բոլոր խնդիրների պատասխանները. պարզապես թո՛ւյլ տվեք, որ գիտնականներն ու տեխնիկական մասնագետներն իրենց գործն անեն, և նրանք երկիրը դրախտ կդարձնեն։ Այնինչ, գիտությունն ինչ-որ տեղ` վերևում, ոգու և բարոյականության բարձր մակարդակներում, կատարվող գործ չէ՝ մարդկային մյուս բոլոր ձեռնարկներից վեր կանգնած։ Մեր մշակույթի մյուս բոլոր մասերի նման գիտությունը ևս ձևավորում են տնտեսական ու քաղաքական շահերը։ Ինչպե՞ս պատահեց, որ միլիարդները կառավարությունից ու բիզնեսների դրամատներից սկսեցին հոսել լաբորատորիաներ ու համալսարաններ։ Ակադեմիական շրջանակներում շատերը դեռ պարզամտորեն հավատում են մաքուր գիտությանը։ Նրանք կարծում են, թե կառավարությունն ու բիզնեսները, մարդասիրությունից դրդված, իրենց փող են տալիս, որ հետազոտեն այն, ինչ խելքներին կփչի։ Այս տեսակետից մեր կառավարությունների պատկերացումները առանձնապես չեն տարբերվում ակադեմիական շրջանակների պատկերացումներից։ Բայց գիտության ֆինանսավորման իրականությունն այլ է։ Որպես կանոն, գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են, քանի որ ինչ-որ մեկը վստահ է, որ դրանք կօգնեն հասնել քաղաքական, տնտեսական կամ կրոնական որևէ նպատակի։ Գիտնականներն իրենք միշտ չէ, որ տեղյակ են, թե քաղաքական, տնտեսական ու կրոնական ինչ շահեր են կառավարում փողի հոսքը։ Շատ գիտնականներ, իսկապես, գործում են՝ զուտ ինտելեկտուալ հետաքրքրությունից մղված։ Բայց քիչ է պատահում, որ գիտնականը որոշի գիտության օրակարգը։ Գիտությունը չի կարող սահմանել իր առաջնահերթությունները։ Գիտությունը նաև ի վիճակի չէ որոշել՝ ինչ անել սեփական հայտնագործությունների հետ։ Կարճ ասած, գիտական հետազոտությունը կարող է զարգանալ միայն գաղափարախոսության հետ համատեղ։ Գաղափարախոսությունն է արդարացնում հետազոտության ծախսերը՝ փոխարենն ազդելով գիտության օրակարգի վրա ու որոշելով, թե ինչպես վարվել հետազոտության արդյունքների հետ։ Հարարիի «Sapiens» գրքի տարբեր հատվածներից մեջբերումները, որոնք վերաբերում են  գիտություն-պետություն՝ տարբեր երկրների ու տարբեր ժամանակաշրջանների կապին, չնայած որոշակի կտրուկ կամ կոշտ ձևակերպումների, շատ լավ ցույց են տալիս, որ պետությունը ունի լրջագույն գործառույթ և պատասխանատվություն գիտության զարգացման հարցում։ Պետության դերը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ․ պետությունը պետք է կարողանա մշակել գիտական քաղաքականության և լինել վերջինիս գլխավոր պատասխանատուն, ինչպես նաև ապահովի պետություն-գիտություն  բազմաշերտ կապի բոլոր օղակների անխափան աշխատանքը։   Հետպատերազմյան կառավարությունն ու գիտությունը Վերադառնանք մեր իրականություն։ Նախ՝ մի քանի փաստ ՀՀ-ում գիտության վիճակի մասին։ Գիտության ֆինանսավորումը 26 մլն դրամ է՝ ավելի քիչ, քան մեկ Հերմես ԱԹՍ-ի գինը: Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների՝ 40%-ը, իսկ ղեկավարների 50%-ը կենսաթոշակային տարիքի է։ Այսինքն` նման տեմպերով 2025 թվականին մենք գիտություն այլևս չենք ունենա։ 30 տարվա ընթացքում Հայաստանում գիտաշխատողների քանակը յոթնապատիկ նվազել է՝ 1 մլն բնակչի հաշվով աշխարհի առաջատար ցուցանիշներից հասնելով եվրոպական միջինից 2 անգամ քիչ ցուցանիշի: Գիտությունը ՀՀ֊ում ֆինանսավորվում է ՀՆԱ֊ի 0.25%-ի չափով. այս ցուցանիշով մենք համեմատվում ենք Ուգանդայի ու Բուռունդույի հետ: Սույն տարվա փետրվարի 1֊ին ԱԺ֊ում տեղի ունեցան «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով հանրային լսումներ։ Առաջին անգամ ԱԺ ամբիոնից գործարարը խոսեց գիտության կարևորության և ներկայիս ոչ բավարար վիճակի մասին։ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ առհասարակ չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց գիտական հենքի ապահովել զարգացում, իսկ վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ տարածաշրջանում անվտանգ երկրներից մեկը դառնալու համար մենք ունենք բազմաթիվ անելիքներ։  Բանակի ինտելեկտուալացումը, բանակի ավտոմատացումը այլընտրանք չունեն։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք հենց այս ճանապարհով պիտի շարժվենք առաջ։ Ցավալի է, որ պատերազմը պետք է ցույց տար այն, ինչում վաղուց արդեն կարելի էր համոզված լինել թե՛ սեփական, թե՛ այլոց օրինակներով, և ինչի մասին, արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի անգամ, մենք համոզվում ու արձանագրում ենք նույն բարձրագույն ամբիոնից տարբեր կառավարությունների օրոք։ Հաջորդիվ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոսեց գիտության ու կրթության անբաժան կապից, գիտության դերի կարևորությունից, գիտության վիճակից, գիտնականներից։ Գիտական կադրերից խոսելիս նախարարը նշեց, որ ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանցից շատերը, բարձր գնահատվելով իրենց մասնագիտությամբ, գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում։ Նախարարի՝ առաջին հայացքից անմեղ թվացող հայտարարության մեջ կա մանիպուլյացիա և խնդիրների ռազմավարական լուծումներից խուսափելու հետք, ինչի մասին արդեն խոսել եմ 1in.am֊ին տված հարցազրույցումս։ ԱԺ լսումներից հետո մեդիա դաշտը սկսեց ողողվել գիտության թեմայով։ Տեղի ունեցան բազմաթիվ հանրային քննարկումներ, գրեթե բոլոր հեռուստաալիքների առավոտը սկսվում էր գիտնական հյուրերով։ Անկախ քննարկվող թեմաներից՝ լրագրողները փորձում էին առիթը բաց չթողնել ու խոսել նաև գիտությունից։ 23 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գիտության ոլորտի զարգացման հեռանկարները։ Վարչապետը, անդրադառնալով գիտության հարցին, ասաց․ «Ինչպես գիտեք, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Եվ այս համատեքստում, բնականաբար, պատեհ է քննարկել այն մեխանիզմը, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա առիթ է և ոչ թե պատճառ, որովհետև հիմնարար հարցը միշտ գոյություն է ունեցել: Եվ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես՝ բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Այստեղ, թերևս, մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է․ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք: Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է, և մենք այսօր պիտի փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ ու լսել, թե ինչ պատկերացումներ կան ընդհանրապես նման լուծումների մեխանիզմների և հեռանկարների վերաբերյալ: Մի բան ակնհայտ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է կարողանանք հստակ հասկանալի, ձևակերպելի որոշումներ կայացնել ու համոզված լինել այդ որոշումների հետագա արդյունավետության մեջ»: Վերջում վարչապետը հավելեց․ «Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը»։ Ըստ էության, վարչապետն ասաց ոչինչ, հիմնականում կրկնեց այն, ինչ ասում ու կրկնում էին բոլորը տարիներ շարունակ և մասնավորապես՝ վերջին 22 օրերի ընթացքում։ Երևի թե գիտական հանրությունը սպասում էր ավելի գործնական ու հստակ ուղերձների՝ գիտության կարևորության մասին ճառերի փոխարեն։ 2 օր անց տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձավ «Գիտուժի»՝ բյուջեի 4%-ի չափով գիտության ֆինանսավորման պահանջին` նշելով, որ չնայած այն բանին, որ իրենք կողմ են գիտության ֆինանսավորման ավելացմանը, և այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց կառավարությունը որդեգրել է մոտեցում, որ որևէ բնագավառում օրենքի մակարդակով որևիցե թիվ չֆիքսվի։ Մեթոդաբանության ընտրությունը նախարարը հիմնավորեց նրանով, որ կա պրակտիկա, երբ օրենքում ֆիքսվել են թվեր, և չի կատարվել այդ օրենքը։ Փաստորեն, ըստ նախարարի, եթե չես կարողանում պլաններդ իրագործել, ապա ավելի լավ է ընդհանրապես պլաններ չկազմել։ Մյուս կողմից, պետք է նշել, որ վերջին 20 տարում գիտության դեպքում մեծամասամբ այդ պահանջը կատարվել է։ 2-3 տարիներ են եղել, որ օրենքի այդ կետի խախտում է եղել, բայց դա եղել է հենց խախտում։ Նմանօրինակ մտքերից մեզ ցրելու համար հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախարարին հարցրեց․ «Կարո՞ղ ենք արձանագրել, որ անկախ նրանից՝ ՀՆԱ֊ով կամ բյուջեի ծախսային մասով կընդգծվի՞, կարձանագրվի՞, թե՞ ոչ, գիտության՝ 2022 թվականի բյուջեն լինելու է շատ ավելի մեծ, քան 2021 թվականինը», ինչին նախարարը տվեց դրական պատասխան։ Նիստի վերջում էլ դրական նոտայով ավարտելու համար  Մխիթար Հայրապետյանը երաշխավորեց, որ առաջիկա հարցուպատասխանի ժամանակ մենք պետք է լսենք երաշխիքներ նաև գործադիր ղեկավարի կողմից առ այն, որ մոտեցումը փոխվելու է գիտության նկատմամբ կոնկրետ քայլերով ու գործողությունների պլանով՝  նշված քայլերի ու պլանների մեջ տեսնելով գիտության՝ հաջորդ տարվա բյուջեի առնվազն մի քանի միլիարդ դրամով ավելացումը։ Մխիթար Հայրապետյանի երաշխավորած՝ գործադիրից պահանջվող երաշխիքներ լսելը երկար սպասել չտվեց։ Մեկ շաբաթ անց տեղի ունեցավ հարցուպատասխան կառավարության հետ, որի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ տեր կանգնելով իր գործընկերոջ՝ մեկ շաբաթ առաջ տված երաշխիքին, նշեց, որ կառավարությունը տրամադրված է էականորեն ավելացնել գիտության բյուջեն՝ կրկին առանց որևէ հստակությունների։ Այնուհետև նշեց, որ 2020-ին 1.5 մլրդ դրամով ավելացել է գիտությանը հատկացվող բյուջեն, ինչպես նաև խոստացավ ամրագրման այլ լուծումներ առաջարկել։  Կառավարության տրամադրվածության բարձրաձայնումը շատ կարևոր էր՝ չնայած առանց որևէ հստակ էլեմենտների։ 1.5 մլրդ դրամի մասին լուրն էլ,  իհարկե, ուրախալի էր և ցույց էր տալիս, որ կառավարությունը մինչև պատերազմն ու վերջին ակտիվությունը սկսել էր կարևորել գիտությունն ու քայլեր անել, բայց ուրախությունը լիարժեք դարձնելու համար լավ կլիներ՝ պարոն Ավինյանը նաև նշեր, թե ինչի վրա է ծախսվել այդ 1.5 մլրդ գումարը։ Հարցին պատասխանելու համար փոխվարչապետը կարող էր դիմել «դահլիճի օգնությանը», մասնավորապես՝ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու մասին օրինագծի համահեղինակ Բաբկեն Թունյանին։ Հարցուպատասխանից մեկ շաբաթ անց տեղի ունեցավ հանդիպում «Գիտուժ» նախաձեռնության անդամների և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի, ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և ԲՏԱ փոխնախարար Գոռ Մելիքյանի միջև։ Հանդիպումից ունեցած սխասելիքները առանձնապես չադարացվեցին, ինչին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ ԱԺ մարտի 22֊ի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ կառավարությունն այս տարի մտադիր է գիտության բյուջեն ավելացնել 2.7 մլրդ դրամով։ Իսկ Մխիթար Հայրապետյանը դա համարեց այն կամքի ցուցիչը, որը կառավությունը դրսևորում է գիտության ուղղությամբ։ Խոսք գնաց հաջորդ տարվա բյուջեն 5 մլրդ-ով ավելացնելու մասին, և նշվեց, որ  դա դեռ սահմանը չի։ Անդրադառնալով ավելացվող 2.7 մլրդ դրամին՝ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը Panorama֊ին տրված հարցազրույցում նշեց․ «Գումարի չափը, որի մասին հայտարարեց նախարարը, մեզ չի բավարարել, քանի որ մենք պահանջում ենք այս տարի առնվազն 50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները։ Այս շարժման ողջ իմաստն ավելի շատ գիտությունը զարգացնելու երկարաժամկետ հանձնառություն վերցնելն է»։ Այս գիտական եռուզեռից հետ չմնաց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մարտի 24֊ին  հանդիպելով ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և փոխնախագահ Յուրի Շուքուրյանի հետ։ Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատվեց գիտության կարևորությունը պետության զարգացման և անվտանգության գործում։ ԿԳՄՍ Նախարարի գործունեության 97֊րդ օրը, հավանաբար գիտության հարցի կարևորությունը գնահատելու և հարցին բազմակողմանի նայելու մտադրություններից ելնելով, ինչպես նաև փետրվարի 1֊ին նախարարի հնչեցրած՝ գիտության ու կրթության անբաժան լինելու խոսքից ոգևորված, արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսեց բուհերից ու հատկապես բուհական շենքերից՝ նշելով, որ կա գաղափար՝ բուհական շենքերը վաճառելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու, ու չնայած դա ընդամենը գաղափար էր, ինչը հաստատեց նաև նախարար Դումանյանը 2 օր անց՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետին հաջողվեց  նախարարին իր գործունեության 100 օրը լրանալու կապակցությամբ նվիրել «կես» ասուլիս, իհարկե, նաև իր նախկին գործընկերների շնորհիվ։ Տարված բուհերի շենքերի ճակատագրով՝ լրագրողները մոռացան նախարարին գոնե մեկ հարց տալ գիտության ֆինանսավորման մասին, և նախարարը ստիպված եղավ ինքնուրույն անդրադառնալ այդ հարցին՝ կրկին շեշտելով 2.7 մլրդ ավելացումը և հավելելով, որ միայն ավելացնելը քիչ է, պետք  է լինի հստակ ակնկալիք, որովհետև մենք գումար ենք ներդնում ոլորտ, նաև պետք է վերջնարդյունքի ակնկալիք ունենանք։ Թվում է, թե կառավարությունը վերջապես գիտակցում է իր դերը գիտության հարցում, և որ բացի ֆինանսավորելուց՝ կառավարությունը պետք է ստանձնի նաև գիտության մեջ խնդիրներ ձևակերպողի ու արդյունքներ ակնկալողի դերը։ Ապրիլի 8-ին վերջապես կառավարության նիստում ընդունվեց գիտության բյուջեն 2.7 մլրդ դրամով ավելացնելու որոշումը, և մի փոքր մանրամասնվեց, թե ինչին են ուղղվելու այդ գումարները։ Այսպիսով, վերջին 2 ամիսների իրադարձությունները ամփոփելով, կարող ենք ասել, որ «Գիտուժի» նախաձեռնած արշավը հանրային լայն արձագանք թողեց։ Վերջին երկու ամսվա ընթացքում մեդիայում գիտությունը բավականին մեծ դեր ունի և ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Գրեթե բոլոր  լրագրողները առիթը բաց չեն թողնում խոսելու այդ մասին։ Շուրջ 3 տասնյակ լրատվականներ պարբերաբար անդրադարձ են կատարում թեմային։ Այս ամենը, բնականաբար, անտարբեր չէր կարող թողնել նաև կառավարությանը, ինչում համոզվեցինք՝ անդրադառնալով կառավարության բազմաթիվ արձագանքներին՝ փետրվարից ի վեր։ Չնայած գիտության ֆինանսավորումն այս տարի ավելացավ, եղավ խոստում, որ հաջորդ տարի էլ ավելի շատ է բարձրանալու, ինչին ես անկեղծ հավատում եմ, բայց պետք է կատարենք մի ցավոտ եզրահանգում․ կառավարությունը դեռևս պատրաստ չէ այս հարցում որևէ ռազմավարական լուծման գնալու։  Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Կարապետ Մկրտչյանին։ Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:
19:35 - 08 մայիսի,2021
Կանայք և պատերազմի լեզուն [Challenge 20.2 | Էվիյա Հովհաննիսյան]

Կանայք և պատերազմի լեզուն [Challenge 20.2 | Էվիյա Հովհաննիսյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։ «Ռազմականացված մասկուլինության և ապակոնտեքստուալացված ռացիոնալության գերիշխող ձայնը այնքան բարձր է հնչում մեր մշակույթում, որ որևէ այլ ձայն դժվար լսելի լինի մինչև այն պահը․․․ երբ այդ ձայնը ապալեգիտիմացվի»։ Քերոլ Քոն[1]   Այս վերլուծությունը միտված է վեր հանելու այն սոցիալ-լեզվաբանական առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են պատերազմով։ Տեքստը չունի խորքային հետազոտության հավակնություն, ավելի շուտ նպատակ ունի ցույց տալու, թե ինչ կապ կա պատերազմի, լեզվի և գենդերային ինքնության միջև, և ինչ հավելյալ շերտեր կան նշված թեմայի հետագա ուսումնասիրման համար։ Հայտնի է, որ ռազմական հռետորաբանությունը հիմնված է բռնության լեզվի վրա[2], իսկ բռնությունը սերտորեն փոխկապակցված է գենդերային ինքնության հետ։ Լեզուն դիտարկվում է որպես բռնությունը, այդ թվում և պատերազմը ռացիոնալացնելու և արդարացնելու գործիք, եթե անգամ այդ պատերազմը անցանկալի է հանրության լայն շերտերի համար։ Այս փոխկապակցվածությունը պայմանավորված է կոնկրետ լեզվամտածողությամբ, տվյալ հասարակությունում անձի վարքագծի, հայացքների և զգացմունքների նկատմամբ առկա վերահսկողությամբ, հարաբերությունների և սոցիալական կապերի բարդ համախմբերով, ազգային գաղափարախոսությամբ, մարդկային հարաբերությունների վրա հիմնված սոցիալական կառույցներով, որոնք անընդհատ դինամիկ փոփոխության մեջ են։ Ղարաբաղյան առաջին պատերազմում (1992-1994 թթ․) հայկական կողմի «հաղթանակը» առկա բոլոր քաղաքական և հասարակական ինստիտուտների միջոցով ռոմանտիզացվեց, և պատերազմի ու դրան սպասարկող բոլոր օղակների քննադատությունը տաբուացվեց։ Պատերազմի խոսույթը դարձավ տղամարդկանց մենաշնորհը, իսկ կանայք, որոնք կրել էին պատերազմի տնտեսական ու սոցիալական հիմնական բեռը, մնացին անտեսանելի ու լռեցված[3]։ Արդյո՞ք վերջին պատերազմը փոխեց այս իրավիճակը, արդյո՞ք պարտությունը հնարավորություն է տալիս վերաձևակերպելու հայրիշխանական պատերազմական լեզուն և վերադիրքավորվելու։   Մեդիան, խոսույթը և լռությունը Մեդիան/սոցիալական մեդիան նպաստել է, որ կանանց ձայնը վերջին տարիներին և, մասնավորապես, վերջին պատերազմի ժամանակ ավելի լսելի դառնա, եթե անգամ այդ ձայնը հնչում է հայրիշխանական դիրքերից։ Պատերազմի օրերին շատ քիչ էին մարդիկ, որոնք հակապատերազմական մտքեր էին արտահայտում, կոչերով հանդես գալիս կամ գրառումներ անում հանրային տարածքում, ու, որպես կանոն, դրանք կանայք էին։ Ավելի հաճախ նման քննարկումները տեղի էին ունենում նեղ վստահելիության և համախոհության շրջանակներում։  Եթե փորձենք որոշակիորեն համակարգել այն տեքստերը, որոնք տարածվում էին պատերազմի օրերին, ապա կարելի է առանձնացնել հանրային և ոչ հանրային տեքստեր, դիրքորոշում արտահայտող և զգայական/զգացմունքային տեքստեր։ Զարմանալի չէ, որ կանանց խոսույթում վերջին տիպի տեքստերը գերակայում էին։ Այն կանայք, որոնց որդիները, ամուսինները կամ եղբայրները ռազմի դաշտում էին, մասնավոր տարածքում միանշանակ քննադատում էին պատերազմը և ուզում էին, որ այն հնարավորինս շուտ ավարտվի։ Այս քննադատությունները, սակայն, գրեթե կամ երբեք չէին հնչում հանրային տարածքում։ Պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու հանրային պահանջը լսելի չէր,  իսկ տարածաշրջանային և ներհայաստանյան անվտանգության հարցերի չլուծվածությունը նպաստում էր լռության ամրապնդմանը։ Հանրային տարածքում չխոսելու վախը/տաբուն նախ և առաջ պայմանավորված էր կանացի որոշակի սոլիդարությամբ, որը ենթադրում էր, որ պատերազմի ավարտից հետո կլինեն բազմաթիվ մայրեր, որոնց որդիները և մյուս հարազատները զոհվել են կամ վիրավորվել, և նրանք ապրիորի կփորձեն հիմնավորել, որ այդ մահերը անիմաստ չեն եղել, ու, հետևաբար, պատերազմն էլ անիմաստ չէր։ Ընդհակառակը, «եթե որդին չի զոհվել պատերազմում, իրավունք չունի խոսելու»․ գոյություն ուներ հստակ լռեցվածություն հայրիշխանական մեր հասարակությունում։ Այս մտայնությունը նպաստեց ավելի ռազմատենչ պատերազմական և որդեծնության կոչերի ակտիվ տարածմանը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո[4]։ Արդյո՞ք նման կոչերով հանդես եկող մարդիկ պատրաստ էին զոհաբերել իրենց երեխաներին/հարազատներին «պատերազմի աստծուն», թե՞ նման խոսույթը գիտակցված չէր, ուներ մանիպուլյատիվ բնույթ և կոչված էր սպասարկելու պետության ռազմականացված քաղաքականությանը։ Բոլոր դեպքերում մենք բախվում ենք դասական հայրիշխանական մոտեցմանը, համաձայն որի՝ կինը երեխա/զինվոր ծնող/արտադրող մեքենա է, իսկ կնոջ՝ երեխա ունենալ-չունենալու որոշումը՝ պետության մենաշնորհը։ Սոցիալական մեդիան նպաստեց նաև նրան, որ հայհոյանքը դարձավ «նորմավորված» լեզու հայ հասարակության համար։ Պատերազմի ժամանակ և դրանից հետո ագրեսիվ, հայհոյանքներով հարուստ տեքստերը դարձան համատարած ու անցան կանանց խոսույթի դաշտ։ Վերջիններս ևս սկսեցին լայնորեն օգտագործել բռնության և հայհոյանքի լեզուն, ինչն առավել ակնհայտ արտահայտվեց քաղաքական գործիչների մեդիա հրապարակումների ներքո և ադրբեջանական համացանցային գրառումների տակ։ Այս պատերազմը որոշակիորեն ցույց տվեց, որ տեղի է ունեցել կանանց լեզվի ապանորմատիվացում։ Թվում է, որ նման փոփոխությունը տանում է կանանց ազատականացման, սակայն, մյուս կողմից, երևույթն ունի ագրեսիվության զգալի լիցք և հասարակության մեջ խորացնում է մասկուլին խոսույթը։   Սիմվոլիզմի լեզուն և կնոջ ապրանքայնացումը Վիզուալ սիմվոլիզմը` որպես լեզու, շատ հաճախ օգտագործվում է ընդհանուր հռետորաբանությանը զուգահեռ քաղաքական և հասարակական գործիչների իմիջը կերտելու և ուղերձը ավելի թիրախային դարձնելու համար։ 2018 թ․-ի հեղափոխությունից հետո Աննա Հակոբյանը հանդես եկավ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությամբ[5], որի շրջանակներում կազմակերպվեցին տարատեսակ քննարկումներ, մարտավարական հիմունքների դասընթացներ և հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում վերջինս ներկայացավ զինվորական համազգեստով և ծաղիկներով։ Այս ոչ միանշանակ ուղերձը նախապես ուներ խաղաղարարական ենթատեքստ, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ ստացավ արտահայտված միլիտարիստական ձևակերպում։ Թեման մեծապես շահարկվեց մեդիայի կողմից և լայն քննադատության արժանացավ այն բանից հետո, երբ պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը Արցախի ԶՈՒ-ի բունկերում է։ Հասարակության զգալի մասն այս քայլը դիտարկեց որպես «վտանգավոր շոու», և դրա հիմնավորումը եղավ այն, որ կինը/վարչապետի տիկինը իրավունք չունի գտնվելու ստրատեգիկ անվտանգային օբյեկտում։ Մյուս կողմից երևույթը բացասաբար ընկալվեց հակամիլիտարիստ քաղհասարակության կողմից, որն Աննա Հակոբյանի նման արարքը որակեց որպես ռազմական գործողությունների մեջ ընդգրկվելու սիմվոլիկ կոչ` ուղղված հայ կանանց։ Այս վիզուալ ուղերձը գուցե նախապես միտված էր խաղաղարարությանը, բայց բովանդակային առումով հստակորեն պաշտպանում էր նույն հայրիշխանական գիծը և ուներ պատերազմը ռոմանտիզացնելու աղերս։ Սիմվոլիզմի տեսանկյունից հետաքրքիր և դրական ուղերձի փորձ էր Շուշան Ստեփանյանի նշանակվելը որպես պաշտպանության նախարարության խոսնակ։ Սակայն սա ևս միանշանակ չընկալվեց հայ հասարակության կողմից, քանի որ պատերազմի օրերին նրա անգամ շատ ավելի հավասարակշռված և ինֆորմատիվ հաղորդագրությունները նույն ազդեցությունը չէին գործում հանրության վրա, ինչ տղամարդ խոսնակի՝ պաթետիկ և ստահոդ հաղորդագրությունները։ Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ պաշտպանության նախարարությունը ռազմականացումը ձևակերպող և դրան սպասարկող հիմնական կառույցն է, որում անգամ կին կադրերի ընդլայնումը չի տանում երկրի և հասարակության ապամիլիտարիզացիայի։ Կանանց ներգրավվածությունն այս պատերազմում անհամեմատ ավելի մեծ էր, քան նախկինում։ Վերոնշյալ երևույթի թվացյալ ազատականացնող բաղադրիչն իրականում ուներ այլ տրիքստերային կողմ․ ներգրավվելով պատերազմի մեջ՝ կանայք դառնում էին միլիտարիստական խոսույթի կրողը և բազմապատկողը։ Բացի դրանից՝ այս պատերազմի ամենատարբեր մակարդակներում իրենց մասնակցությամբ կանայք նաև նպաստեցին դրա կոմերցիալացմանը՝ չկարողանալով հորինել այլ բան, քան իրենց, պատերազմին մասնակցելու դիմաց, որպես պարգև առաջարկելը։ Պատերազմի դաշտ ուղարկվող շոկոլադների՝ «Սնիկերսների» վրա փակցված էին գրություններ՝ «Շուտ արի, որ Մոսկվայից գամ, քո պես սիրուն տղա ունենանք», «Արի՛, որ երեխեքս քեզ պապա ասեն[6]», որոնք իռացիոնալ էին, ոչ միշտ ռեֆլեքսիայի ենթարկված, և որոնք անմիջապես որսացին խոշոր ձեռնարկատերերը՝ օգտագործելով այս հանգամանքը շոկոլադի վաճառքն ընդլայնելու համար։ Հայ կանանց այս թվացյալ անմեղ, արմատաբուխ նախաձեռնությունը և նմանօրինակ այլ նախաձեռնություններ կոչվեցին սպասարկելու պատերազմի կապիտալիզմին։   *** Այսպիսով, եթե ամփոփենք այս համառոտ ակնարկը, միանշանակ կարող ենք պնդել, որ թվացյալ ազատականացնող մի շարք երևույթներ՝ լեզվի ապանորմատիվացումը, կանանց ներգրավվածության ընդլայնումը պատերազմում, ՊՆ կին խոսնակի նշանակումը, իրենց բնույթով խորացնում են հայրիշխանական, միլիտարիստական մշակույթը հայ հասարակությունում։ Խաղաղության մասին խոսելը մեզանում դիտարկվում է որպես թուլություն/դավաճանություն և ռեցեսիվ խոսույթ, այդ իսկ պատճառով այն հաճախ վերագրվում է կանանց։ Ցավոք սրտի, այս պատերազմի ընթացքում անգամ կանանց շրջանակում այն չդարձավ գերակա և հանրայնորեն լսելի։ Տվյալ վերլուծական տեքստի ձևակերպման և դրա շուրջ մտափոխանակման համար շնորհակալ եմ Սոնա Մանուսյանին, Լուսինե Խառատյանին, Գայանե Այվազյանին, Ռիմա Գրիգորյանին և Համլետ Մելքումյանին։ Թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Ղազարյանին և Սոնա Մանուսյանին:   [1] Carol Cohn. Sex and Death in the Rational World of Defense Intellectuals. Signs: Journal of Women in Culture and Society 12 (1987): 687-718. [2] Բռնության մշակույթը Հայաստանում, խմբ․՝ Գ․ Տեր-Գաբրիելյան, Երևան. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 2020:  [3] Մարտիրոսյան Ա․, Գալֆայան Ա․, Շահնազարյան Ա․, Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն, հրապարակման ամսաթիվ՝ 25.02.2021, URL: https://epress.am/2021/02/25/radical_choice_statement_1226.html : [4] Ավետյան Ա․, Վերականգնել կորուստները՝ թեկուզ օրենքը խախտելով, հրապարակման ամսաթիվ՝ 09.02.2021, URL: https://www.aliqmedia.am/2021/02/09/6009/?fbclid=IwAR3ALQGcTZH7pyup6z1I3x7GOS4dUBVBoXVjk1PUyEvJ_RoQZ0HSjY5ucyc: [5]«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնություն (մեկնարկել է՝ 24․07.2018), URL: https://bit.ly/3styVGJ : [6] Պողոսյան Ժ․, «Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին, հրապարակման ամսաթիվ՝ 02.10.2020, URL: https://m.armeniasputnik.am/society/20210401/27018427/odanavakayan-taqsi-spitak-meqena-mec-gumar.html ; «Շուտ արի, որ Մոսկվայից գամ, քո պես սիրուն տղա ունենանք». շարունակում են զինվորներին «Սնիկերսներ» ուղարկել, հրապարակման ամսաթիվ՝ 13․10․2020, URL: https://www.aysor.am/am/news/2020/10/13/%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A5%D6%80%D5%BD-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80/1756403:
20:14 - 21 ապրիլի,2021
Կարծրատիպերն ու գենդերային դերերը [Challenge 20.1 | Շուշան Ղազարյան]

Կարծրատիպերն ու գենդերային դերերը [Challenge 20.1 | Շուշան Ղազարյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատելի աճել են գենդերային հավասարությանն ուղղված քննարկումներն ու դիտարկումները, քանի որ այն դարձել է ցանկացած հասարակությունում, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական օրինաչափ արժեքները զարգացնելու հիմքերից մեկը: Գենդերային ոլորտի՝ 2010 թ. ընդունված կարևորագույն փաստաթղթերից «Գենդերային քաղաքականության հայեցակարգը» ևս մատնանշում է այն գաղափարի կարևորությունը, որ ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ձևավորման նախադրյալը գենդերային հավասարությունն է՝ որպես ժողովրդավարական գերակա արժեք, մարդու հիմնարար իրավունքներից մեկը և սոցիալական արդարության հասնելու նախապայման: Սակայն ինչպես բոլոր հայրիշխանական, կարծրատիպային և կոլեկտիվ մշակույթներում, այնպես էլ Հայաստանում գենդերային քննարկումները լայն լսարան չեն գտնում: Կարծրատիպերն առաջնային խոչընդոտներ են, և վերջիններիս հաղթահարմանն ուղղված միջոցները միայն կարող են նպաստել  հասարակությունում  նմանօրինակ քննարկումների ծավալմանը: Այս գործընթացում շատ կարևոր է նաև գենդերային իրազեկվածության աստիճանի բարձրացումը, քանի որ հաճախ նման քննարկումները որակավորվում են որպես «Արևմուտքից ներմուծված», «մեր ավանդույթները խարխլող» և այլ արժեքներ: Հետաքրքիր է՝ ինչպես են ձևավորվում այս կարծրատիպերը, «կարելիները», «չի կարելիներն» ու ինչպես են կարողանում կառավարել/ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում: Երեխաների մեծ մասն աշխարհում ծնվում է մոտավորապես նույն օժտվածությամբ, և բոլոր երեխաներին անհրաժեշտ է հիմնական խնամքի նույն մակարդակը՝ սնունդ, պաշտպանություն, հարմարավետություն, ֆիզիկական շփում, ուշադրություն և այլն: Այս հիմնական կարիքներն ամրագրված են նաև «Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիայում» (1989թ), սակայն միջմշակութային տարբերություններից ելնելով` երեխաները մեծանում են ընտանեկան տարբեր պայմաններում: Երեխաների մանկությունը որոշվում է նյութական և էկոլոգիական միջավայրով, մշակութային համայնքում գործող արժեքներով, համոզմունքներով: Նրանց կյանքը կառուցվում է այն վարքի ու համոզմունքերի հիման վրա, որոնք կարևոր են համարվում սոցիալական խմբում լիարժեք անդամակցություն ստանալու համար: Երեխայի գենդերային ու սոցիալական դերերի առաջնային պատկերացումները ձևավորվում են ընտանիքում: Ըստ ընդունված կարգի՝ թվում է, թե մեր իրականությունում երեխաների դաստիարակությամբ երկու ծնողներն էլ զբաղվում են հավասարապես, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հայրերը դաստիարակության մեջ ներգրավվում են, երբ կարիք է լինում երեխաներին սաստելու, նկատողություն անելու, կամ կա որևէ խնդիր, որն առնչվում է իր հեղինակությանը[1]:  Բացի նշված առանձնահատկությունից՝ հայկական իրականության մեջ, եթե ընտանիքում կան աղջիկ և տղա, ապա հստակ որոշված են նրանց դաստիարակության կանոներն ու տարբերությունները` պայմանավորված սեռով:  Դեռ փոքր տարիքից սկսած` աղջիկ երեխաների մեջ դրվում են «կնոջը բնորոշ» և «կնոջ համար կարևոր» հատկանիշներ (զբաղվել տնային տնտեսության գործերով, երեխաների, մեծահասակների խնամքով և այլն), իսկ տղաների մոտ` «տղամարդուն բնորոշ» (հայրենիքի/ընտանիքի պաշտպան, քաջություն, սյուն, ժառանգորդ, խելացի և այլն)[2]: Ընդ որում, երեխայի դաստիարակության՝ սեռով պայամանավորված տարբերությունը ծնողները բացատրում են ավանդույթի ուժով և վերահաստատում իրենց ապրելակերպով: Ընտանիքից հետո անձի սոցիալիզացիայի առաջնային օղակներից են համարվում տարրական դպրոցը և այնտեղ ստացած գիտելիքները, որոնք հետագայում կարող են կայունանալ, ամրապնդվել և վերարտադրվել: Ընտանիքում արդեն երեխայի մեջ դրված գենդերային դերերի պատկերացումներն առավել ամրապնդվում են դպրոցում: Տարրական դպրոցի դասագրքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա է գենդերային դերերի ներկայացվածության խիստ անհամաչափություն, ավելին` արական դերերը գերակշռում են իգական դերերի նկատմամբ, որոնք, բացի զուտ պատկերներ և տեքստ ներկայացնելուց, միևնույն ժամանակ ներկայացնում են մասնագիտական, սոցիալական դերեր, հատկանիշներ[3]: Աշակերտը, ամեն օր դասագրքերում տեսնելով նկարներ, որտեղ  հստակ բաժանված են սեռային դերերն ու նրանց գործունեությունը, ընկալում է այդ տեղեկությունը, վերարտադրում և դարձնում իր սեփականությունը: Ավելի բարձր դասարաններում՝ մասնագիտական ընտրության ժամանակ, կրկին առաջնորդվում ենք գենդերային դերերի նկատմամբ մեր ունեցած կարծրատիպային պատկերացումներով: Աղջիկները, ցանկալի է, ընտրեն այնպիսի մասնագիտություն, որը հետագայում չի խանգարի իրականացնել իրենց առաջին և կարևոր սեռային դերակատարմանը: Աղջիկներն իրենց ցանկություններում ու մասնագիտական ընտրություններում պետք է արտացոլեն, բացի մասնագիտական կայացումից, նաև ապագա ընտանիքի և ընտանեկան դերերի վերաբերյալ ակնկալիքները: Այսպիսով, կյանքի սկզբնական փուլից մեր մեջ դրվում են կարծրատիպային պատկերացումներ ու մոտեցումներ՝ մեր իսկ սոցիալական դերակատարման մասին: Հատկապես կանանց մոտ պահպանողական պատկերացումները նպաստում են ունենալ առավել համեստ հավակնություններ, որոնք չեն ենթադրում հասարակական բարձր դիրք կամ մասնագիտական ձեռքբերումներ և այսպես նպաստում են ընտանիքներում առկա գենդերային անհավասար կարգավիճակների ամրապնդմանը: Գենդերային դերերի նկատմամբ կարծրատիպային պատկերացումները, որոնք գոյություն ունեն կրթական համակարգում, իրենց հերթին չեն կարող նպաստել հանդուրժող հասարակական մշակույթի ձևավորմանը, ավելին՝ նպաստում են մասկուլին հասարակության վերարտադրմանն ու ամրապնդմանը, ինչն էլ բազմաթիվ խոչընդոտներ է առաջացնում սեռերի հավասար հնարավորությունների և իրավունքների հարթությունում: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Էվիյա Հովհաննիսյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   [1] «Առօրյայի անտեսանելի կողմը, գենդերային կարծրատիպերը կենցաղում», World Vision, 2018 [2] Նույն տեղում:   [3] Ռուզաննա Ծատուրյան, «Գենդերային դերերը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում»: Մշակութաբան
13:19 - 17 ապրիլի,2021
Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]

Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Ծաղիկներն արդեն հասցրել են թոշնել,  փուչիկները` թսկել, առաջին օրերի ոգևորությունը կարծես չի էլ եղել, իսկ դու մենակ ես քո փոքրիկ մարդուկի հետ, որի նկատմամբ ունես անսահման մեծ պատասխանատվության զգացում: Դու հավանաբար նոր ես մայրացել, ու այդ կարգավիճակն իր հետ բերել է տագնապ, անորոշություն, վախ: Կյանքն իր հունով շարունակվում է, ամեն մեկն իր գործին է․ ժամանակը ոնց որ քեզ համար է  կանգ առել ու առաջ չի գնում: Թվում էր, թե պետք է ճախրեիր ուրախությունից, հեշտությամբ տրվեիր բալիկի խնամքին առնչվող բոլոր հարցերին, բայց արի ու տես, որ գլխիդ մեջ քաոս է, խորհուրդներն՝ անսահման շատ ու հակասական: Իսկ դու կանգնած ես հայելու առաջ՝ կիսաքնած, ավելորդ քաշով, ցավող կրծքով ու հյուծված: - Հետծննդաբերական դեպրեսիա ա մոտը,- ասում է ոմն մեկը՝ ընդգծված խելացի լինելու համար: Իսկ ի՞նչ է դա: Ինչպե՞ս կարող է թեթևացնել իմ հոգսը, իմ սարսափելի վախը, տագնապն ու անորոշությունը, ծանրակշիռ բեռն իմ ուսերի վրայից... Երևի թե ոչ մի կերպ, քանի որ այն հերթական տերմիններից մեկն է, որն իբր բացատրում է իրավիճակը` ոչ մի արժեքավոր լուծում չառաջարկելով: Իսկ դու շարունակում ես մնալ չքնած, քարացած, վատ տրամադրությամբ, դատարկված, գերհուզական... Բայց, այնուամենայնիվ, եկեք հասկանանք` ինչ է դա, ինչու է առաջանում այդ վիճակը, որը կոչում ենք հետծննդաբերական դեպրեսիա կամ չհասկացվածություն, էմպատիայի բացակայություն, խորհուրդների փոթորիկ, ըմբոստություն, լաց... Այո՛, այն առաջանում է ծննդաբերությունից հետո սոցիալական, հոգեբանական, ինչպես նաև կնոջ օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական փոփոխությունների արդյունքում: Իսկ ո՞ր գործոններն են հրահրում. հոգեհուզական, ֆիզիոլոգիական հյուծվածությունը, քնի դեպրիվացիան, որը բերում է գերգրգռված ու նյարդային վիճակի, որոշ դեպքերում՝ նաև ագրեսիայի, շրջապատի գրագետ աջակցության պակասը: Մանավանդ առաջին շաբաթներին մայրիկն ամբողջությամբ տրվում է երեխայի խնամքին` լակտացիայի կարգավորում, լողացնել, շորերը փոխել, ժամանակին քնեցնել, կերակրել... Եվ գրեթե մոռանում է իր գոյության մասին: Հյուծվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Կարծես ժամանակը կանգ է առնում չորս պատերի մեջ: Ստերեոտիպ կրկնվող գործողություններ` կերակրել, տակը փոխել, քնեցնել, լողացնել, նորից կերակրել, տան գործեր, ճաշ, արդուկ, երբեմն` զբոսանք: Բոլորը միաբերան հարցնում են. «Կաթդ հերիքու՞մ ա», «Խելոք ա՞ էրեխեն», «Կարու՞մ ես կերակրես», «Կեսարյա՞ն, թե՞ քո ուժերով», «Քաշ հավաքում ա՞», «Հասցնու՞մ ես բա», «Լավ լցվել ես․ փորդ ոնց որ իջած չլինի»... Հարցեր, հարցեր՝ դատարկ բաների մասին․․․ Եվ հանգստանալու, մաքուր օդ շնչելու փոխարեն կարծես էլ ավելի ես անհանգստանում ու գալիս տուն, եթե, իհարկե, պատասխաններդ ականջ շոյող չեն եղել: Գալով տուն` ցիկլը սկսվում է նորից: Ու ամենասարսափելին այն է, որ պահի տակ ուզում ես քնել ու աչքերդ բացել այլ իրականության մեջ, որտեղ դու էլի քո ազատ ժամանակի տերն ես, ազատ տեղաշարժվում ես, ուր որ  ուզում ես, կամ մասնագիտական ակտիվ գործունեությամբ ես զբաղված: Բալիկդ միգուցե արդեն շատ ավելի մեծ է ու ինքնասպասարկվող: Բայց հասկանում ես, որ դու այստեղ ես, ժամանակի տվյալ միավորում, ու փոքրիկ մարդուկն ամբողջությամբ քեզնից է կախված, քո անծայրածիր խնամքի կարիքն ունի:    Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]   Իսկ դու շարունակում ես մնալ չքնած, ավելորդ քաշով, հոգնած, նյարդային ու տրամադրության ընդգծված տատանումներով: Իսկ խորհուրդների տորնադոն շարունակվում է. «Շատ ես գրկում, էդքան մի՛ գրկի, երեք ժամը մեկ կերակրի՛, ջո՛ւր տուր, արհեստակա՛ն տուր, սոված ա մնում, փոքր քաշով է ծնվել, գիշերը լողացրո՛ւ շատ տաք ջրով, որ հոգնի, քնի»․․․ Ու ոչ ոքի մտքով չի էլ անցնում, որ քո ռեսուրսներն այս փուլում խիստ սակավ են, դու էներգիա չունես բանավիճելու, ստուգելու իրենց խորհուրդների հավաստիությունը, որևէ բան ապացուցելու կամ հերքելու... Դու ընդամենը ուզում ես, որ բալիկը քնի, իսկ դու հարմար տեղավորվես իր տաքուկ գրկում ու աչքերդ փակես: Երևի հենց այդ դեպքում ժամանակը մի փոքր ավելի արագ կշարժվի, դու քեզ մի փոքր ավելի ներդաշնակ կզգաս, բայց... Զաաաանգ. ինչ-որ մեկը եկել է փոքրիկին տեսնելու: Դռան զանգ.․․ Ակնկալում են, որ հիմա դուռը բացելու է կենսուրախ, աշխարհի ամենաերջանիկ մամաներից մեկը, որը մի լավ սեղան կգցի, կնստենք, հա՛մ փոքրիկին կսիրենք, կվայելենք, կխոսենք, հա՛մ էլ սուրճը կխմենք: Ի՞նչ ունես տխրելու. բալիկդ՝ առողջ, տունը ունես, տեղը ունես, ամուսինդ՝ գործի... Բայդ այդ փաստացի երջանկահատիկները, կարծես, չեն սփոփում այս պահին, և ունենում ես մեղքի խոր զգացում․ կարծես ամեն ինչ ունես, բայց չի ստացվում լիաթոք ուրախանալ... -Վա՜յ, չէէ, բան պետք չի, մենք եկել ենք պուճուրին տեսնենք ու գնանք: Իսկ դու... Դու էլ ունես խնամքի, հոգատարության, ուշադրության կարիք, քանի որ ամբողջ մարմնովդ զգում ես տագնապ, վախ` ուղղված վաղվան: Իսկ վաղը ո՞նց կքնի, ո՞նց կուտի, իսկ գիշե՞րը, իսկ ճաքե՞րը... Ու այս բոլոր հարցերը կոկորդումդ սեղմած՝ աշխատում ես ժպիտով պատասխանել բալիկիդ մասին և ո´չ քո ինքնազգացողությանն ու հույզերին ուղղված հարցերի։ -Բա դու, դու ո՞նց ես, կարերդ լավացա՞ն: Այս հարցը, թերևս, նորից իմ մասին չէ: Ախր իմ հոգսը դրանից չթեթևացավ: Ոչինչ: Նայում եմ փոքրիկիս մեծամեծ աչուկներին, վայելում հոտը, սիրում փոքրիկագույն մատիկները, սեղմում կրծքիս, իսկ արցունքները լուռ գլորվում են` օգնելով չխեղդվել անզորության ու անպաշտպանության զգացումից: Իսկ ովքե՞ր են ռիսկային խմբում: Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մայրիկը երիտասարդ է, այնքան մեծ է հետծննդաբերական դեպրեսիա ունենալու հավանականությունը: Որքան շատ են երեխաները, այնքան դեպրեսիայի մակարդակն աճում է ամեն բալիկից հետո: Եվ երևի երբեք էլ վերջնական չի անցնում, ինչ-որ մաս շարունակում է մնալ ու ժամանակ առ ժամանակ իր մասին հիշել է տալիս, նույնիսկ երբ դու էլ ավելորդ քաշով չես, չքնած չես ու վերադարձել ես աշխատանքի: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Քրիստինա Կարապետյանին և Վարդուհի Մարգարյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:
15:34 - 03 ապրիլի,2021
Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել  [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Հայաստանի մշակութային պոտենցիալը (ազատ ստեղծագործողների հսկայական բանակ, միջազգային հարթակներում լուրջ հաջողությունների հասած հարյուրավոր հայկական անուններ, խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած հրաշալի թատերահամերգային հարթակներ և ցուցասրահներ) պետք է որ թույլ տար մշակույթի ոլորտին զարգացման և ինքնաբավության ուրույն մոդել ձևավորել, ինչին դեռևս ականատես չենք լինում: Այս հոդվածը նպատակ ունի վերհանելու մշակույթի ոլորտի խորքային խնդիրները և դրանց լուծման փորձված ուղիներ առաջարկելու: Շատ կարևոր է հասկանալ ոլորտի ամենախորքային խնդիրը՝ պետության չափազանցված միջամտությունը ոլորտի կառավարմանը: Մշակույթի ոլորտը մեծամասամբ կազմակերպված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների տրամաբանությամբ և կարգավորվում է համապատասխան օրենսդրությամբ, ինչը ժամանակակից շուկայական հարաբերությունների համատեքստում ավելի շատ խոչընդոտներ է ստեղծում, քան զարգացման հնարավորություններ: Փաստորեն, պետությունը ոլորտի գլխավոր ներդրողն է, իսկ երբ պետության գործերը լավ չեն, դա հանգեցնում է մշակույթի բյուջեի էական կրճատման (ինչին ականատես ենք լինում 2021 թվականին), հետևաբար, ոլորտային խնդիրներն օրեցօր սրվելու են: Վերը նշված խնդրից հնարավոր կլիներ խուսափել, եթե ոլորտում ներդրողների բազմազանություն լիներ: Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած թատերահամերգային հարթակները սպասարկման, երբեմն նույնիսկ կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այդ ամենը միայն պետության կամ բարերարների ուսերին թողնելը փակուղային լուծում է: Հետևաբար, յուրաքանչյուր ՊՈԱԿ պետք է իր զարգացման ծրագրով և ներդրողին առաջարկելիք բիզնես մոդելով հանդես գալու հնարավորություն և ազատություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն ՊՈԱԿ-ային օրենսդրության ռադիկալ փոփոխությունների և մշակույթի ոլորտի ազատականացման միջոցով: Եվս մեկ կարևոր խնդիր է այն, որ ոլորտի կազմակերպությունները ֆինանսական տեսանկյունից գրավիչ չեն կառավարիչների համար, այնինչ դրանց զարգացման նոր տեսլական ու ռազմավարություն մշակելը, կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը հենց կառավարիչների անելիքներն են: Այստեղ ընթերցողին կարող է թվալ, որ փակուղային վիճակ ունենք․ զարգացման համար ծրագրեր են պետք, իսկ ծրագրերը պետք է մշակեն կառավարիչները, որոնց վճարելու հնարավորություն ՊՈԱԿ-ները չունեն: Այստեղ ևս պետությունն անհրաժեշտ ճկունություն պետք է դրսևորի՝ հրավիրվելիք կառավարիչներին և նրանց թիմերին առաջարկելով ներդրողի կարգավիճակ՝ ստեղծվելիք երկարաժամկետ արդյունքներից օգտվելու հնարավորությամբ: Բնականաբար, գործող օրենսդրության պարագայում նման իրավիճակ պատկերացնելն իսկ դժվար է, բայց նժարին դրված է ոլորտը կոլափսից փրկելու խնդիրը (այն, որ երկրի տնտեսական խնդիրներն առաջիկա մեկ-երկու տարում է՛լ ավելի են սրվելու, իսկ բյուջեն շարունակաբար կրճատվելու է, դժվար չէ կռահել), հետևաբար, օրենսդրական փոփոխություններն այն նվազագույն քայլերն են, որոնք պետությունը պետք է նախաձեռնի՝ ներդրողների համար ոլորտը գրավիչ դարձնելու համար: Եվս մեկ խնդիր, որի գիտակցումն առաջնահերթ է ինչպես մշակույթի, այնպես էլ այլ ոլորտների զարգացման համար՝ պետության վարքագծային մոդելը: Նախ, պետությունը պետք է տարանջատի սուբսիդավորողի և կառավարչի գործառույթները: Չպետք է մոռանալ, որ մշակույթի սուբսիդավորումը պետության սոցիալական պատասխանատվության (իր քաղաքացիներին կրթելու) անհրաժեշտ բաղադրիչ և անխուսափելի պարտավորություն է: Պետության առանցքային անելիքն այս ոլորտում օրենսդրական նպաստավոր պայմանների ապահովումն է՝ ազատ ստեղծագործողների կարգավիճակին առնչվող օրենսդրական բացը լրացնելը, մշակութային ՊՈԱԿ-ներին ձեռնարկատիրական գործունեության ավելի լայն ազատությունների տրամադրումը, մեկենասության մասին օրենքի ընդունումը և այլն: Այս ամենի հիմքում, բնականաբար, պետք է լինի պետության վարքագծային մոդելի վերանայումը՝ ոլորտի պրոֆեսիոնալներին լսելու, դաշտն ազատականացնելու, կառավարումն ապակենտրոնացնելու: Վերոնշյալը թույլ կտա բազմապատկել ինչպես մշակութային արդյունաբերության տեսակարար կշիռը, այնպես էլ, այդ աճով պայմանավորված, պետության հավաքագրելիք հարկերը: Իսկ նպաստավոր օրենսդրությունն իր հերթին հնարավոր կդարձնի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրագործումը: Վերջում ավելացնեմ, որ վերնագիրն ընտրվել է առանց ավելորդ չափազանցության, քանի որ Հայաստանն առաջին հերթին իր մշակութային պոտենցիալով է հայտնի, և եթե այդ պոտենցիալն իրացնելու ճանապարհային քարտեզ և կառավարման կենսունակ մոդելներ ունենանք, իսկ պետությունն անհրաժեշտ ճկունություն դրսևորի ՊՈԱԿ-ային և մշակութային օրենսդրությունը հանուն զարգացման վերանայելու, ապա բոլորս ականատես կլինենք այն հրաշքին, ինչը թույլ կտա բանաձևել ամբողջ երկրի զարգացման մոդելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Վահան Արծրունուն: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   Օպերային երգիչ, ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն
21:25 - 27 մարտի,2021
Գրագողություն․ կարճաժամկետ խա՞յպ, թե իրական բարեփոխումներ [Challenge 18.2 | Զարուհի Սիմոնյան]

Գրագողություն․ կարճաժամկետ խա՞յպ, թե իրական բարեփոխումներ [Challenge 18.2 | Զարուհի Սիմոնյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Վերջին երկու տարում գրագողության մասին սկսեցին խոսել բոլորը, սակայն ինչպես իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, նպատակը ոչ թե գրագողության դեմ համակարգային պայքարն էր, այլ պայքարի իմիտացիան։ Հենց պայքարի իմիտացիայի արդյունքում է, որ հեղափոխությունից երեք տարի անց չկա օրենսդրական որևէ բարեփոխում, և փոխարենը կան անցյալի վերաբերյալ հակասական գնահատականներ տալու չարդարացված փորձեր։ Գրագողության սահմանումը Մինչ  գրագողությունից խոսելը եկեք պարզենք, թե ըստ ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի՝ ինչ է գրագողությունը։ Որքան էլ տարօրինակ չթվա, կանոնակարգում գրագողության մասին գրված է ընդամենը մեկ նախադասություն․ «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։  Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում՝ բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը (ածանցները, բառակազմական կաղապարները և այլն)։ Փաստորեն փախառությունը բառացիորեն նույն մտքի կրկնությունն է, որը նույնալեզու աշխատանքների դեպքում հնարավոր է լինում համակարգչային ծրագրերի միջոցով բացահայտել։ Սակայն կարելի է ենթադրել, որ կանոնակարգում, փոխառված դրույթ կամ նյութ ասելով, նկատի են ունեցել  մտքերի վերաձևակերպումը (paraphrasing) և թարգմանությունը։ Շարունակենք կարդալ կանոնակարգը։ Այստեղ ասվում է, որ եթե առանց սկզբնաղբյուրները նշելու՝ այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ատենախոսությունը հանում է պաշտպանությունից՝ առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի, և իր որոշումը սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին ուղարկում է ԲՈԿ:  Քանի որ թարգմանությունը կամ մտքերի վերաձևակերպումը ըստ էության ուղղակի պարզ copy-paste չէ, ըստ կանոնակարգի՝ վերջիններիս քննությունը դրված է մասնագիտական խորհրդի վրա, որպեսզի վերջինս մասնագիտորեն գնահատի՝ արդյոք առկա՞ է գրագողություն, թե՞ ոչ։ Թարգմանության և մտքերի վերաձևակերպման դեպքերը մասնագիտական խորհրդի գնահատման տիրույթում են, որպեսզի վերջիններս հասկանան՝ գործ ունեն գիտական նորույթների թարգմանությա՞ն, թե՞ տեսական ճշմարտությունների վերաձևակերպման հետ, որը էական ազդեցություն չունի արդյունքների վրա։  Ամփոփելով միտքը՝ ստացվում է, որ թարգմանության և մտքերի վերաձևակերպման դեպքերում, ըստ գործող կարգավորումների, չկա հիմք պնդելու, թե ինչ աստիճանի մտքի համընկնումն է պարտադիր դարձնում հղում տալը, իսկ կարգավորումը միայն փոխառության դեպքերի մասին է, որն էլ, ըստ նույն կանոնակարգի, պետք է արձանագրվի համակարգչային ծրագրի միջոցով։ Այսինքն, եթե համակարգչային ծրագիրը փոխառություն չի արձանագրել, իսկ մասնագիտական խորհուրդն իր հերթին չի արձանագրել, որ թարգմանված հատվածներում կարիք կար հղումներ տալու, ապա գրագողության մասին չենք կարող խոսել։ Ի՞նչ ունենք Ինչպես նշեցի հոդվածի սկզբում, երեք տարվա ընթացքում օրենսդրական որևէ փոփոխություն չի իրականացվել, չեն հստակեցվել գիտական աշխատանքների պահանջները և գնահատման չափորոշիչները։ Այժմ գործող կանոնակարգը հստակ ցույց է տալիս, որ ցանկության դեպքում «գրագող» կարելի է պիտակել ցանկացած գիտնականի․ չէ՞ որ միշտ կարելի է գտնել ինչ-որ մեկի, ով կարող է պնդել, որ համաձայն չէ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, և, իր կարծիքով, թարգմանության այդ հատվածին պետք էր հղում դնել։ Նման սուբյեկտիվ պնդումները, ըստ էության, դատապարտված են հերքվելու՝ հետագայում դատական որոշումներով առոչինչ դառնալով, այնպես, ինչպես տեղի ունեցավ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դեպքում։ Հիմա պետք է կողմնորոշվել՝ մենք ցանկանում ենք իսկապես գրագողության դեմ պայքարե՞լ, թե՞ ցանականում ենք պայքարի իմիտացիա ստեղծել։   Ի՞նչ անել անցյալի և ապագայի հետ Հարցի լուծումը առաջարկել է Ռուբեն Հայրապետյանը, որի հիմնական առաջարկներով կիսվում եմ ստորև։ Անցյալի հետ՝ վերացնել գիտական աստիճանի ուռճացված նորմատիվ իրավական առավելությունները, քանի որ անցյալում գիտական աստիճաններ ձեռք են բերվել թերի համակարգում (անորոշ, սխալ կամ նույնիսկ բացակայող պահանջներով), իսկ հաճախ շատ հեղինակներ նույնիսկ սեփական ատենախոսությունը ամբողջությամբ չեն հեղինակել։ Այս մոտեցմամբ կապահովվի հավասար մոտեցումը անցյալում գիտական կոչում ստացած բոլոր հեղինակների նկատմամբ, և անհարկի առանձին անհատներ չեն թիրախավորվի։ Ներկայի և ապագայի համար՝ վերացնել նախկին համակարգի ծայրահեղ սխալ ու հակասական պահանջները, դրանց փոխարեն մշակել հստակ չափանիշներ, որոնց հիման վրա միայն կարելի է գիտական հետազոտությունների որակ պահանջել և վերահսկել, նյութապես խթանել և մասնագիտական փոքր թիմերով վերապատրաստել հետազոտողներին՝ ազդեցության գործոնով միջազգային պարբերականներում տպագրվելու համար, որոշ ժամանակ անց այն դարձնել պարտադիր պահանջ գիտական աստիճաններ ստանալու համար: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Լուսինե Մամիկոնյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   սոցիոլոգ
22:26 - 22 մարտի,2021
Գրագողություն․ ինչպե՞ս «պատվով» առերեսվենք դրան [Challenge 18.1 | Քրիստինե Գորոյան]

Գրագողություն․ ինչպե՞ս «պատվով» առերեսվենք դրան [Challenge 18.1 | Քրիստինե Գորոյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Այլ հեղինակի օգտագործած բառերի, մտքերի, գաղափարների կամ արտահայտությունների օգտագործումը՝ որպես քո սեփականը․․․ Մոտավորապես այսպես են սահմանում գրագողությունը։ Գրագողություն բառը վերջերս շատ ենք հանդիպում հանրային դիսկուրսում, ուշիուշով հետևում ենք Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին և ներկա ռեկտորների շուրջ ծավալվող զարգացումներին։ Այստեղ, թերևս, արժե արձանագրել, որ որպես հասարակություն զուտ հետևում էինք, այլ ոչ թե մասնակցում։ Ինչո՞ւ։ Միգուցե որովհետև դա մեզ համար ինչ-որ վերացական, հեղհեղուկ եզրույթ է, մի երևույթ, որից մեր հոգեբանական պաշտպանական մեխանիզմները մեզ հնարավորինս հեռու են պահում: Այստեղ երևի արժե հիշել հայտնի սկանդալը, երբ 2011թ․ Գերմանիայի Պաշտպանության նախարարը հրաժարական տվեց իր ատենախոսության մեջ հայտնաբերված գրագողության դեպքերի պատճառով։ Գիտեմ՝ շատերդ հիմա մտքում ասում եք՝ «դրանք ուրիշ դարդ ու ցավ չունե՞ն»։ Ես որ հաստատ այն ժամանակ այդպես եմ մտածել։ Իսկ հիմա ինձ ամենաշատը հետաքրքրում է, թե ինչու եմ ես այդպես մտածել Հայաստանում, ու ինչու է Գերմանիայում երևույթի նկատմամբ այլ ընկալում եղել։ Եվ այստեղ եկեք շատ զգուշորեն և վերապահումներով մեղադրական աթոռին նստեցնենք «մշակույթին» և տեսնենք, թե արդյոք այն կկարողանա՞ դիմակայել իր մեղավորությունը մատնանշող փաստարկներին։ Հարցն այսպես ձևակերպենք․ արդյո՞ք գրագողության նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է մշակութային տարբերություններով։ Արդյոք մենք այդ հղացքը իրապես ըմբռնո՞ւմ ենք, իրապես անընդունելի՞ ենք համարում։ Արդյո՞ք մենք ուրիշի սեփականությունը հարգող ազգ ենք։ Ի վերջո, միգուցե մենք համապատասխան աշխատանքը ոչ էլ ուրիշի սեփականություն ենք համարում, որ մի հատ էլ ընդունենք կամ չընդունենք, որ «մեղսագործել» ենք։ Արձանագրենք, որ մտավոր սեփականության պաշտպանության հին ավանդույթներ և այդ ավանդույթներով պայմանավորված խիստ օրենսդրություն ունեցող երկրներում գրագողությունը արժանանում է համանման վերաբերմունքի և անողոք պատժի։ Թերևս դա է պատճառը, որ գրագողության դեմ անհանդուրժողականության առաջամարտիկ համարվում է Արևմտյան մշակույթը կամ քաղաքակրթությունը (քաղաքակրթություն բառը վերջերս այդքան սիրված չէ)։ Ասում են՝ հասարակության ունեցած յուրաքանչյուր արժեք արմատավորված է իր մշակութային անցյալում: Այս ինքնահռչակ «արդար» խորհրդածության շրջանակներում երևի ընդունենք, որ մտավոր սեփականության նկատմամբ հարգանքը դժվար կլինի դասել մեր անկյունաքարային արժեքների շարքին։ 2015 թվականին համակուրսեցիներիս հետ մի ուսանողական հետազոտություն էինք իրականացրել ակադեմիական անազնվության, մասնավորապես ակադեմիական աշխատանքները գումարով գնելու պրակտիկայի, դրա միտումների և պատճառների վերաբերյալ։ Արդյունքների վերլուծության մեջ կարմիր թելով անցնում էր այդ խնդրում պատմական և սոցիալական գործոնների ներգործության արդյունքում ձևավորված մշակույթի ունեցած մեղքի բաժնի քողարկված գիտակցումը։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ արական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են դիմում գրագողության այս տեսակին, քան իգական սեռի ներկայացուցիչները։ Արդյոք սա ինձ իրավունք չի՞ տալիս եզրակացնել, որ դա կարող է պայմանավորված լինել հայ ընտանիքներում տղաների դաստիարակության մեթոդներով, երբ տղայի փոխարեն ամեն ինչ անում են, աղջկա փոխարեն էլ՝ համարյա ամեն ինչ։ Արդյոք մենք դատապարտելի՞ ենք համարում ծնողի կողմից երեխայի փոխարեն շարադրություն գրելը կամ տնային այլ աշխատանք անելը։ Կհարցնեք, թե ինչ կապ ունի սա գրագողության հետ։ Չէ՞ որ մենք նման քայլերով փոքր տարիքից երեխայի մեջ սերմանում ենք ակադեմիական անազնվությունը ոչ միայն չհանդուրժելը, այլ շատ ավելի վտանգավոր բան, այն է՝ նույնիսկ չընկալելը, որ նրանք անազնիվ, դատապարտելի արարքի են դիմում։ Ես համոզված եմ, որ Դիանա Գալոյանը և Ռուբեն Հայրապետյանը (ՀՊՏՀ ներկայիս և նախկին ռեկտորները), իսկապես կարծում են, որ իրենք գրագողության չեն դիմել։ Եթե ուշադիր հետևենք ԲՈԿ նախագահի և ներկայիս և նախկին ռեկտորների շուրջ իրադարձությունների՝ ԶԼՄ-ների լուսաբանմանը, կտեսնենք, որ որոշ լրատվամիջոցներ ամեն ինչ արել են խնդիրն արհեստականորեն անձերի դաշտ տեղափոխելու համար, մինչդեռ համոզված եմ, որ Սմբատ Գոգյանի (ԲՈԿ նախկին նախագահ) համար տարբերություն չկար՝ այդ ատենախոսությունը գրել է Դիանա Գալոյա՞նը, թե՞ Պողոս Պողոսյանը։ Նույնիսկ գիտական համայնքի որոշ շրջանակների կողմից հստակ դիմադրություն կա համակարգային փոփոխություններին (մեծահոգաբար ներեք այս ծամված արտհայտությունն օգտագործելու համար), քանի որ նման փոփոխությունները միշտ ենթադրում են հարմարավետության գոտու խաթարում, երկրաշարժ, որի արդյունքում քեզանից կարող է պահանջվել որոշակի զոհերի գնալ ընդհանուր բարիքի համար։ Որպես գրագողության դիմելու գլխավոր պատճառ՝ ուսանողները նշել էին նաև բարձր գնահատական ստանալու ձգտումը։ Նորից այնքան հանդուգն կգտնվեմ, որ սա էլ առնվազն մասամբ կպայմանավորեմ Հայաստանում ձևավորված կրթական մշակույթով։ Եկեք փորձենք օտարի հայացքով նայել նրան, թե կրթական միջավայրում մենք ինչն ենք հրամցնում որպես արժեք։ Մենք արդեն վաղուց և շատ ոլորտներում ձևը նախընտրում ենք բովանդակությունից, և գնահատականներին այդքան կշիռ տալն ընդամենը հավաստում է մեր կատարած ընտրությունը։ Քանի՞ առաջադրանք անելիս է աշակերտը կամ ուսանողը զգում, որ ինչ-որ օգտակար աշխատանք է արել, որ այդ աշխատանքը մի տեղ կիրառվելու է, որ զուտ անելու համար չի անում։ Մենք ավելի շատ արտագրողից պետք է վերածվենք ավելի շատ քննադատորեն մտածողի և անկախ միտք գեներացնողի։ Քավ լիցի, նկատի չունեմ, որ անկախ միտք գեներացնելը պիտի այնպիսի գերնպատակ դարձնենք, որ մոռանանք, որ միտքը միշտ էլ կառուցվում է այլ մտքերի ամուր հենքի վրա (այդ մտքերին պատշաճ հղում տալով)։ Լա՛վ, ի՞նչ անել։ Մտավոր սեփականությանը և գրագողությանը վերաբերող ներկայիս գաղափարները և պրակտիկան սոցիալական կառուցարկներ են։ Հետևաբար, դրանք կարող են փոփոխվել, եթե փոխվի սոցիալական համատեքստը։ Ամենակարևոր խնդիրներից է հնարավորինս հստակ ձևակերպել, թե որ գործողություններն են համարվում գրագողություն։ Հակառակ դեպքում անընդհատ մնալու ենք «երդվում եմ, որ գրագողություն արել ես-երդվում եմ, որ չեմ արել» դիսկուրսի ճիրաններում։ Այդ սահմանումները կարող են տրվել կամ հստակեցվել դպրոցների և համալսարանների ակադեմիական ազնվության հայեցակարգերում, որակավորման հանձնաժողովների պահանջներում, և այլն։ Այստեղ, թերևս, կարևոր է, որ գրագողության վերաբերյալ կանոնները չափազանց չպարզեցնենք։ Հետազոտողները և դասավանդողները պետք է մշակեն շրջանակ, որի սահմաններում կքննարկեն գրագողությունը և կմշակեն մեթոդաբանություն՝ այդ կանոնները, գրագողության նրբությունները և հակասությունները ուսանողների հետ քննարկելու համար։ Դպրոցներում պետք է համապատասխան հիմք դրվի, իսկ ուսանողի՝ համալսարան ոտք դնելուն պես նրան պիտի ուղարկենք ակադեմիական աշխատանքներ գրելու հմտությունների դասընթացի անցկացման լսարան։ Այնտեղ ուսանողի հետ կքննարկենք և կսահմանենք ակադեմիական անազնվությունը, գրագողությունը, պատշաճ հղումներ կատարելու, ուրիշի խոսքը փոխադրելու հմտությունները։ Թե չէ երևի համաձայնեք, որ արդար չէ ուսանողին առանց լողալ սովորեցնելու նետել օվկիանոսը, մի հատ էլ պահանջել, որ ձուկ բռնած դուրս գա այնտեղից։ Համալսարաններում հետազոտական բաղադրիչի ցուցիչի բարձրացումն ինքնին խթան կհանդիսանա գրագողության դեմ միջոցների մշակման համար։ Այստեղ հարց է ծագում՝ արդյոք «վերևից ներքև» մոտեցումը կարո՞ղ է արդյունավետ լինել։  Մի քիչ դժվար կլինի հավատալ, որ 18-րդ դարում ծնված ֆրանսիացին մեզանից շատ կարևորություն էր տալիս մտավոր սեփականության պաշտպանությանը։ Սկզբում ստիպեցին, հետո դարձավ իր մշակութային ինքնության մաս։ Եթե պարտադրես հստակ կանոններ, որոնք իրենց էությամբ ավելի դրական են, քան նախկինները, դրանք մեծ հավանականությամբ կարժեզրկեն նախկին կանոնները։ Ներկայումս արևմտյան ավանդույթներով համալսարան ընդունվելիս ուսանողը չունի ընտրություն։ Կամ համաձայնում է համալասարանի՝ գրագողությանն առնչվող կանոններին, կամ նրան ցտեսություն են ասում։ Նույնը կարող է արվել Հայաստանի համալսարաններում՝ հատկապես հաշվի առնելով, որ համապատասխան օրենսդրությունը գնալով ավելի կիրարկելի է դառնում, այսինքն՝ «մշակույթը փոխելու» գործընթացն այլևս մեկնարկել է։ Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Զարուհի Սիմոնյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   Լեզվաբան
20:16 - 16 մարտի,2021
Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ «Վայ, էս աղջիկը մինչև քստքստալով տեղ հասնի, մենք կծերանանք։ Թե ասա, մի քիչ արագ շարժվի, էլի, սենց ինչքա՞ն պիտի սպասենք, քար ե՞ս քաշել, տնաշե՛ն»։ Այս խոսքերն ուղղված էին մեկ օր առաջ երեխա ունեցած ընկերուհուս, որն իր առաջին հղիության 8-րդ ամսում ապագա զավակին կորցնելուց մոտ մի տարի անց նորից ծննդաբերում էր նույն հաստատությունում, որի բուժաշխատողները՝ ներառյալ այդ անկրկնելի բառամթերքը շռայլողները, քաջ տեղյակ էին, թե ինչ դժոխքի ու վախերի միջով է անցել «քստքստալով» քայլող երիտասարդ մայրիկը ոչ վաղ անցյալում։  Եթե մի քանի տարի առաջ ինձ ինչ-որ մեկը երրորդ դեմքով պատմեր նրա պատմությունն ու ասեր, որ ծննդատան աշխատակիցները, նրա հղիության նախապատմությունն իմանալով, «պատիվ են արել» իրենց հեգնանքով ու ամենահայկական մուննաթով, ես, հավանաբար, չէի հավատա։  Բայց ժամանակի հետ ինքս էլ համոզվեցի, որ Հայաստանում մայրերը, որոնց սակրալ առաքելության մասին թնդում են ճառերն ամենաբարձր ամբիոններից, ու որոնց «սուրբ» կենացները խմվում են ցանկացած առիթի ժամանակ, ամենակարևոր օղակներում հաճախ անտեսված են, չհարգված, ճնշված, չհասկացված, մենակ ու անաջակից։  Պատկերացնելու համար, թե ինչ խոր անդունդ է բաժանում Հայաստանին ու իրապես գիտակից, կրթվող, զարգացող և մարդակենտրոն հասարակությանը, կարելի է պարզապես հպանցիկ թերթել ֆեյսբուքյան մեծ լսարան ունեցող խմբերը, որտեղ քննարկվում են հղիության, ծննդօգնության, երեխայի խնամքի, կերակրման ու առողջության վերաբերյալ հարցերը։  Խառնաշփոթը սկսվում է դեռ ծննդատներից, որտեղ շատ հաճախ ապագա մայրերը հանդիպում են անփույթ, անուշադիր, կոպիտ վերաբերմունքի, որը ոչ միայն ազդում է նրանց հոգեհուզական վիճակի վրա, այլև իր հետքն է թողնում նաև ֆիզիկական մակարդակում՝ նպաստելով լարված, բացասական ծննդաբերական փորձառություն ունենալուն։  Կանայք ստիպված են լինում գրեթե ամեն րոպե կռիվ տալ ծննդաբերության պրոցեսն առանց իրենց իմացության արագ «հորով-մորով» անելու համար օգտագործվող տարբեր բժշկական միջամտությունների, արհեստական կաթնախառնուրդ «նաղդող» բուժքույրերի ու կրծքով կերակրման պրոցեսում կրթության և ճիշտ ուղղորդման կատարյալ բացակայության, շատ դեպքերում՝ բժշկական հիմնավոր ցուցում չունեցող «արագ և ապահով» կեսարյան հատումների հետ։  Եթե ինչ-որ մեկը վստահ չէ, թե այս երևույթներն ինչպես են կոչվում, ես կհուշեմ․ վերը թվարկվածները բռնության տեսակներ են՝ ֆիզիկականից մինչև հոգեբանական։  Կանայք՝ ապագա մայրերը, Հայաստնում ենթարկվում են բռնության, և այս գործընթացն իրականացվում է շարունակաբար և բացեիբաց՝ առանց կոծկելու փորձ անգամ անելու։    Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]   Պետությունն ու հանրային լայն շրջանակները, որ առավոտից երեկո խոսում են ծնելիության խթանման, ազգային գենոֆոնդը մեծացնելու կարևորության մասին, տեղյա՞կ են, որ Հայաստանում չկա համակարգային մոտեցում՝ կանանց, մանկահասակ երեխաների առողջության և ծնողավարության բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում։  Պետությունն ու հանրությունն առհասարակ ցանկանու՞մ են իսկապես աջակցել առողջ սերնդի ձևավորման գործընթացին, թե՞ մենք ամեն դեպքում որոշել ենք որպես ուղենիշ վերցնել «մեր տատերն ու պապերը պակա՞ս սերունդ են մեծացրել» իմպոտենտ կարգախոսը։  Համաձայն համաշխարհային վիճակագրության՝ մայրերի 97%-ը կարո՛ղ է կերակրել իր երեխային, եթե ստանա  անհրաժեշտ գիտելիք և աջակցություն, սակայն, սրան զուգահեռ, արհեստական կաթնախառնուրդով կերակրվող երեխաների տոկոսը Հայաստնում ամեն տարի գնալով աճում է՝ հասնելով մինչև 40% և ավելիի։ Այստեղ հարց է առաջանում. մայրերը չե՞ն ցանկանում ստանալ գիտելիք, թե՞ նրանց որևէ մեկը չի էլ տալիս այն:  Մի՞թե այստեղ չկա անելիք, մի՞թե առողջ սերունդ մեծացնելն այսքան ոչ առաջնահերթ է մեր պետության և հասարակության համար։ Մի՞թե այդքան անկարող ենք, որ երազանք է թվում այն օրը, երբ Հայաստանի յուրաքանչյուր ծննդատուն կունենա գոնե 1 արդի գիտելիքներով կերակրման մասնագետ, որն ապագա ու նոր մայրերին բավականաչափ գիտելիք կփոխանցի ու օգնություն ցույց կտա, որ մայրերը հույսները չդնեն ֆեյսբուքյան խմբերում խորհրդատվություն ստանալու վրա։ Նշեմ, որ ներկայումս մեր բուժհաստատություններում բացակայում են կրծքով կերակրման սրետիֆիկացված մասնագետները․ այս կարևոր առաքելությունը բաժան-բաժան է արված տեղի բուժքույրերի ու մանկաբույժների միջև։   Մի՞թե պոպուլիզմի ճիրաններում տառապող կառավարությունները չեն ուզում այս խիստ պոպուլիստական քայլն անել՝ գոնե այս դեպքում մի շոշափելի օգուտ բերելով հանրային առողջությանը։  Իսկ ի՞նչն է խանգարում, որ ամեն քայլափոխի հանդիպող Աստվածաշնչյան մեջբերումներով պաստառների կողքին հայտնվի նաև տեղեկատվություն մոր և մանկան առողջության պահպանման մասին։ Շարունակ խոսվում է կրծքագեղձի քաղցկեղի սարսափելի վիճակագրության մասին, բայց ես չեմ հանդիպել գեթ մեկ ինստիտուցիոնալ քարոզչություն այն մասին, որ այդ քաղցկեղի ռիսկը էականորեն նվազում է կրծքով կերակրման շնորհիվ։ Մեր ազգային բնութագրի մա՞սն է դարձել պատճառը գտնելու փոխարեն միայն հետևանքը վերացնել փորձելը։  Շատերը, ամեն դեպքում, գուցե այդպես էլ չպատկերացնեն, թե մեր հասարակությունում ինչքան են ատում մայրերին։ Այո՛, ատում են․ եթե չատեին, հենց կանայք, որոնցից շատերը անցել են այս շրջափուլի միջով, այգում կամ հանրային վայրում կերակրող կամ մանկահասակ երեխայի հետ սրճարան այցելող մորը ամոթանք տալով չէին թիրախավորի ու հորդորի «մնալ տանը, մինչև երեխան մեծանա»։  Ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունը պատրաստ չեն ընդունել ու սատարել մայրերին, իսկ քանի դեռ այսպես է, պիտի մայրերի ամեն օրը դառնա հասկացված, ընդունված ու կարևորված լինելուն ուղղված պայքար։ Այնպես որ, սիրելի՛ կանայք, խորը և դանդաղ շո՛ւնչ քաշեք և էլ ավելի դանդաղ արտաշնչե՛ք. այս կատարյալ քաոսից դուրս գալու միակ ելքը մնացել է մեր ինքնահզորացումն ու այս խնդիրների մասին հնարավորինս շատ բարձրաձայնելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Աբրահամյանին և Էմմա Արզիևային: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:  Հղիների յոգայի ուսուցիչ, ծննդաբերության դուլա (օգնական)
17:04 - 08 մարտի,2021
Հայաստանի տնտեսական մոդելը. #ԿերտելովԱպագան [Challenge 16.1 | Սամվել Գևորգյան]

Հայաստանի տնտեսական մոդելը. #ԿերտելովԱպագան [Challenge 16.1 | Սամվել Գևորգյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Երբ խոսում են խնդիրների մասին, ես փնտրում եմ լուծումներ: Երբ խոսում են անցյալի մասին, ես քաղում եմ դասեր: Երբ խոսում են 2020-ի մասին, ես նայում եմ ապագային: 2020 թվականը դարձավ անկյունաքարային տարի․ մի կողմից՝ համավարակը և դրա բացասական հետևանքները երկրի ու տնտեսության համար, մյուս կողմից էլ Արցախյան երկրորդ պատերազմը մեզ կանգնեցրել են կարևոր ընտրության առջև։ Եվ այդ կետում մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք շարունակելու գործել, ինչպես ենք արձագանքելու գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչ ուղով ենք շարունակելու առաջ շարժվել։ Բոլորն էլ գիտակցում են, որ մեր երկիրը, տնտեսությունը  պետք է հզորանան, զարգանան, ընդ որում՝ շատ արագ ու մեծ տեմպերով, բայց պատկերացումներ չկան, թե ինչպես է հնարավոր անել դա։  Ավելին՝ մեծ է նոր և հավակնոտ գաղափարներին դիմադրելու գաղթակղությունը: Այս համատեքստում կանդրադառնամ Հայաստանի ապագայի տնտեսական տեսլականին, Հայաստանի տնտեսական մոդելի վերաբերյալ իմ պատկերացումերին։   Դասեր, որոնք չսովորեցինք Սկսեմ նրանից, որ երբ խոսում են 10-12% աճի մասին, ոչինչ չի փոխվում․ դա ընդամենը շոու է, PR քայլ։ Հայաստանի բոլոր կառավարությունները (ներկայիս կառավարությունը բացառություն չէ) օգտագործել են այդ հնարքը` աճի և զարգացման պատրանքներ գեներացնելու նպատակով: Իհարկե, որպես հակափաստարկ՝ մեծ է գայթակղությունն ասելու, թե Հայաստանի շուկան փոքր է, մեր երկիրը մշտական վտանգների և սպառնալիքների ներքո է, լոգիստիկ լուրջ խնդիրներ ունենք և հազար ու մի այլ պատճառ․․․ Այս ամենը փաստ է: Սակայն փաստերի հետ համակերպվելով՝ առաջ չենք շարժվի: Փաստերը պետք է վերլուծել և գտնել հնարավորություններ: Իմ նոր՝ «1 րոպե անց» գրքում մեջբերված է հետևյալ արտահայտությունը. «Ոչ ոք չգիտի՝ ինչի է ընդունակ, քանի դեռ չի նախաձեռնել որևէ մեծ գործ»: Հայաստան երկրի պարագայում էլ է այդպես: 2020-ը մեզ կարծես ոչինչ չսովորեցրեց. կառավարությունը գործում է  նույն անարդյունավետ ոճով` թանկ ռեսուրսները ծախսելով արդարացումների վրա, հանրությունը ցավագին հարվածներից դեռ չի սթափվել, տնտեսության մեծ մասը սպասողական կեցվածք է ընդունել: Կարծես աշխարհը տնտեսական զարգացման մի ուղղությամբ է շարժվում, իսկ Հայաստանը՝ բացարձակ այլ: Ասեմ ավելին, աշխարհն ու Հայաստանն ասես տարբեր հարթությունների վրա լինեն. հատման կետ չկա: Գլոբալ միտումները հասկանալու համար պարզապես պետք է վերլուծել  և գիտակցել, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ իր սեփական տնտեսական մոդելը, որտեղ հաշվի է առնված միջազգային փորձը, բայց շեշտը դրված է հայկական առանձնահատկությունների ու յուրահատկությունների վրա։ Իրականում, աճի պոտենցիալն անհամեմատ ավել մեծ է։   Ինչո՞ւ եմ վստահ, որ կարող ենք Ո՞րն է ամբողջ գաղափարը, և ինչո՞ւ եմ կարծում, որ մենք այդ մոդելը պետք է ունենանք և կարող ենք ունենալ․․․ Այստեղ պետք է մի փոքրիկ պատմական անդրադարձ կատարել:  Հայ վաճառականները, արհեստագործները հայտնի են եղել միշտ՝ սկսած ուրարտական ժամանակներից։ Դարեր շարունակ չունենալով պետականություն՝ հայերն իրենց գործարար ջիղը ներդրել են տարբեր երկրներում և կայսրություններում` բազմիցս ապացուցելով իրենց արհեստավարժությունը, մեծ համբավ են վայելել ամենուր և  ստացել են տարատեսակ արտոնություններ։ Նման օրինակները շատ են. հիշենք հայ վաճառականներին՝ Լեհաստանում, Պարսկաստանում, Հնդակաստանում, արհեստավորներին` Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում ու Ցարական Ռուսաստանում, գործարարներին` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, եվրոպական շատ կենտրոններում․․․ Հայ գործարարն ամենուր հաջողությունների է հասել: Լվովի հայերը 15-18-րդ դարերում լիովին վերահսկում էին Կարպատներում ոսկու  և արծաթի արդյունահանումը: 16-րդ դարում Լվովի 38 առևտրական ընկերություններից 22-ը պատկանում էին հայերին, իսկ 17-րդ դարում՝ արդեն գրեթե բոլոր ընկերությունները՝ բացառությամբ երկուսի: Այդ ընկերություններն, իհարկե, համաշխարհային ցանցի մաս էին կազմում: Նման օրինակներից են նաև Նոր Ջուղայի հայերի հաջողությունները․ նրանք կարողացան Մեծ աքսորից հետո ստեղծել ժամանակի ամենախոշոր առևտրային ցանցը: Այն ներառում էր երեք մահմեդական կայսրություններ՝ Օսմանյան, Սեֆևիդյան և Մեծ մոնղոլների, ինչպես նաև Մոսկովյան թագավորությունը, Չինաստանը և եվրոպական հիմնական ծովային տերությունները՝ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Պորտուգալիան և Իսպանիան: Միջին դարերում արևելք ներթափանցած եվրոպացի վաճառականները հայտնաբերեցին, որ հայերը ստեղծել են  միջազգային առևտրի՝ հաջողությամբ գործող ցանց, որն ընդգրկում էր ժամանակակիցներին հայտնի գրեթե ողջ աշխարհը («Ճամփաբաժան» Ռուբեն Վարդանյան, Նունե Ալեքյան)։ Հայերը սկսեցին աշխատել այլոց մոդելների ներքո՝ բյուզանդական, պարսկական, արաբական, մոնղոլ-թաթարական, հետո՝ օսմանյան, ցարական Ռուսաստանի և, վերջապես, ԽՍՀՄ-ի մոդելներով։ Վերջին 30 տարվա ընթացքում մեզանում գործող մոդելն այդ ամենի խառնուրդն է՝ համեմված կապիտալիզմով և ժամանակակից որոշ միտումներով: Այս խառնուրդի լավագույն ապացույցը Հայաստանի տնտեսական օրենսդրությունն է: Վերցնենք կամայական օրենք ու պարզվում է՝ սա՝ շվեդական, սա՝ անգլո-սաքսոնական, մյուսը՝ ամերիկյան մոդելի օրենքներ են։ Փաստ է, որ մեր տնտեսության մեջ գործում են տարբեր երկրներից բերված և միախառնված մոդելներ ու կարգ-կանոններ՝ առանց հաշվի առնելու մեր մտածելակերպն ու վարքագիծը, մեր ունակություններն ու կարողությունները, մեր ռեսուրսներն ու հնարավորությունները, ինչը ստեղծել է խառը, անհասկանալի ու անընկալելի պատկեր։ Իսկապես, ուշադրության է արժանի, որ հայկական պետության մեջ հայերը դժվարությունների են հանդիպում, սակայն դրսում հաջողում են: Պատճառը մեկն է․ դրսում գործող մոդելներում կան հստակ կանոնակարգեր, որոնց պետք է հետևել, և դրանք պահպանվում, գործում են, իսկ մեզ մոտ այդ ամենը բացակայում է։ Խնդիրների հիմնական աղբյուրը սեփական տնտեսական մոդել չունենալն է։   Ուրույն տնտեսական մոդել Ուստի պետք է, մեր բոլոր առանձնահատկությունները, յուրահատկությունները, արժեքներն ու մտածելակերպը, վարքագծային լավագույն որակները հիմք ընդունելով, ստեղծենք հայկական տնտեսական մոդել։ Ինչպես նշել եմ իմ վերջին՝ «1 րոպե անց» գրքում. «Եթե դու նման ես ուրիշներին, ապա դու նման չես ինքդ քեզ»։ Իսկ դա նշանակում է, որ ինչ մոդել էլ փորձենք ներդնել Հայաստանում՝ անգամ աշխարհի լավագույնը, այն չի կարող տալ այնպիսի էական արդյունքներ, ինչպիսին կտա սեփական, ուրույն տնտեսական մոդելը, որը գտնելը դժվար չէ, պարզապես դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը հասկանալ և այն փնտրել է պետք։ Հայաստանին անհրաժեշտ է թռիչքաձև տնտեսական աճ, իսկ դրան, իմ համոզմամբ, կարելի է հասնել մեր սեփական, յուրահատուկ տնտեսական մոդելի միջոցով։ Երբ նշում եմ թռիչքաձև աճ, պատկերացնում եմ, որ 7-10 տարի պետք է պատրաստվենք դրան, և ապագային ուղղված մոդել ընտրելու և կիրառելու դեպքում մենք կարող ենք տարեկան  50-70% տնտեսական աճ ունենալ։ Իհարկե, կգտնվեն մարդիկ, մասնագետներ և «մասնագետներ», որոնք կասեն՝ այդ ի՞նչ թվերի մասին եք խոսում, դա հնարավոր չէ, նման աճ ապահովել չենք կարող։ Ես ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք լրջագույն հաջողություններ ունենալ, քանի որ եթե վերջին 30 տարիների ընթացքում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, ագրեսիվ, անկանոն, անորոշ բիզնես միջավայրոմ, որ մենք ունենք՝  մշտական փոփոխվող օրենսդրական դաշտով, կանոններով, հարաբերություններով, հայ ձեռներեցը հաջողում է, և հաջողության բազմաթիվ պատմություններ գիտենք, ինչը նույնպես փաստ է, ապա հաստատ կարող ենք հաջողել ճիշտ մոդելի պարագայում։ Այդ համոզմունքը հաստատելու են գալիս հայկական բիզնեսի 200 հաջողված պատմությունները, որոնք բերված են «Քո սեփական բիզնեսը Հայաստնում» գրքում: Լավագույն  ապացույցն է նաև հայկական Krisp-ի օրինակը․ երեք տարի առաջ այն գնահատված էր ոչ ավելի, քան 1 միլիոն դոլար, իսկ այսօր արդեն 120 միլիոն դոլար արժեք ունի, այսինքն՝ 120+ անգամ աճել է, ու հիմնադիրները համոզված են, որ 3 տարի անց 1 միլիարդի են հասնելու։ Այնտեղ ընդամենը 96 հոգի է աշխատում։ Ու այդ 96 հոգին գտել է գլոբալ խնդիր և հայկական մտքի, հայկական աշխատանքի, հայկական կրթության հիման վրա գտել է այդ խնդրի լուծումը և հասել է լուրջ հաջողության։ Սա իմ պատկերացրած հայկական մոդելի մի օրինակ է, բայց շատ լավ բնորոշում է, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական, բիզնես մոդելը։   Հայաստանի ապագա տնտեսության կառուցվածքը Ես մեր մոդելը պատկերացնում եմ մի քանի ուղղությունների և գործոնների համադրության տեսքով։ Այսպես՝ այդ մոդելում մի կողմից տեխնոլոգիական ուղղվածության ընդգծումն է, մյուս կողմից՝ սպասարկումը և տուրիզմը: Երրորդ՝ Հայաստանին առանձնահատուկ, յուրահատուկ ապրանքների արտադրությունը։ Վերջապես, լոգիստիկ գլոբալ կենտրոնի և լոկալ ցանցի առկայությունը: Յուրաքանչյուրին անդրադառնամ ավելի հանգամանալից։ Մեր տնտեսությունը պետք է տեխնոլոգիական լինի։ Ընդ որում, այստեղ մի նրբություն կա․ տեխնոլոգիական ասելով՝ ամենևին նկատի չունեմ միայն ՏՏ ոլորտը։ ՏՏ-ն գործիք է, լուծում, ճյուղերից մեկն է։ Նկատի ունեմ, որ մեր տնտեսությունը պետք է լինի նորարար, որտեղ կիրառվում են ՏՏ գործիքները: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող է մրցակցել, ասենք, Չինաստանի կամ մնացած խոշոր դերակատարների հետ լայն սպառման ապրանքների արտադրության ոլորտում։ Ուստի, ես մոդելը պատկերացնում եմ այսպես․ մենք պետք է արտադրենք ոչ թե լայն սպառման ապրանքներ, այլ այդ ապրանքների արտադրության տեխնոլոգիաներ՝ աշխարհում արդեն գոյություն ունեցող խոշոր և միջին արտադրությունների համար։ Այսինքն՝ այդ ուղղությամբ Հայաստանի բիզնես մոդելի այս բաղադրիչը դառնում է B2B․ մենք ստեղծում ենք տեխնոլոգիաներ ու վաճառում արդյունաբերական բոլոր ընկերություններին։ Ընդ որում, վաճառում ենք ոչ միայն միտքը, այլ նաև սպասարկումը։ Այդ տեխնոլոգիաների սպասարկումը, արդիականացումը, վերանորոգումը երկարաժամկետ համագործակցության հորիզոն ունեն, և մենք կարող ենք  մշտապես ապահովել կապը տեխնոլոգիան ստեղծողի և այն կիրառողի միջև։ Այսինքն՝ ստացվում է B2B տոխնոլոգիական մոդել՝ գումարած անժամկետ սպասարկում, իսկ դրանք լուրջ գումարներ են։  Դա կարևոր գործոն է, ու այդտեղ մենք կարող ենք լուրջ մրցունակություն ունենալ ամբողջ աշխարհում։ Մեր հաճախորդները լինում են բիզնեսները, կառավարությունները, միջազգային կազմակերպությունները: Այս ամենը հնարավոր է ապահովել՝ համաշխարհային մասշտաբի նորարարական ստարտափ-հաբեր ստեղծելով: Պատկերացնենք, որ 10 տարի հետո 5 ահռելի մեծ ստարտափ-հաբեր կան Հայաստանում՝ օրինակ՝ Սյունիքի, Վայոց ձորի, երեքն էլ հյուսիային մարզերում՝ Արարատյան դաշտից դուրս։ Ու այնտեղ կամպուսներ են, բազմաթիվ ընկերություններ են գործում՝ ամբողջ աշխարհից։ Հիմա պատկերացրե՛ք․ այն երկրները, որոնց պատկանում են այստեղ գործող արտասահմանյան ընկերությունները, կսկսեն բոլոր հարթակներում ամեն կերպ  պաշտպանել Հայաստանի շահերը։ Իսկ հիմա դա չեն անում, քանի որ Հայաստանին աջակցելը կարծես միջազգային հարաբերություններում PR անելու ձև լինի․ ոչ մի տնտեսական, քաղաքական, սոցիալական, առողջապահական շահ չունեն մեր երկրից՝ բացի պահից բխող շահից։ Այս մոդելը պատկերացնում եմ այնպես, որ Հայաստանը կարող է լինել աշխարհի համար կարևոր տնտեսական երկիր, օջախ, այսինքն՝ ժամանակակից աշխարհի տնտեսական քարտեզը անհնար լինի պատկերցնել առանց Հայաստանի։ Երկրորդ ուղղությունը՝ տուրիզմ և սպասարկում: Հայաստանի յուրահատկությունները՝ աշխարհագրական դիրքը, քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվելը, հարուստ հոգևոր-մշակութային ժառանգություն ունենալը և այլն, զարգացման լուրջ նախադրյալներ ու հնարավորություններ են ստեղծում։ Մենք միշտ ասել ենք, որ խաչմերուկում գտնվելը խնդիր է, բայց հիմա դա պետք է դիտարկենք որպես առավելություն՝ առավել ևս, հաշվի առնելով, որ, խաչմերուկում գտնվելով, մնացել ենք ունիկալ, պահպանել մեր լեզուն, մշակույթը, ազգային առանձնահատկությունները։ Այսինքն՝ քաղաքակրթությունների խաչմերուկում լինելը նշանակում է նաև հետաքրքրությունների խաչմերուկում լինել թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի, թե՛ հյուսիսի և թե՛ հարավի համար։ Ուղղակի մնում է՝ ոլորտը համակարգ դառնա ու դրվի ճիշտ ուղու վրա։ Այս առումով տուրիզմը դիտարկում եմ ոչ ՀՆԱ-ի մեջ խոշոր ու կարևոր չափաբաժին ունենալու ենթատեքստում․ իհարկե կարող է իր մասնաբաժինն ունենալ, բայց տուրիզմը կարևոր ու էական նշանակություն պետք է ունենա Հայաստանի միջազգային ճանաչելիության և հեղինակության  բարձրացման հարցերում, Հայաստանի մասին տեղեկատվության ու մեր երկրի համբավը բարձրացնելու միջոց պետք է լինի։ Երրորրդ  ուղղությունը բացառապես Հայաստանին բնորոշ, յուրօրինակ ապրանքների արտադրությունն է։  Հայաստանի համար յուրահատուկ ապրանքներ ասելիս խոսքը արդյունաբերական գյուղտնտեսության մասին է` իր արտադրական հզորություններով՝ թարմ միրգ և բանջարեղեն և դրանցով պատրաստված պահածոներ, գինիների տեսականի, այլ մրգային ալկոհոլային խմիչքներ և այլն: Օրինակ՝  Հայաստանն արևային օրերի քանակով մոտավորապես կրկնակի գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը։ Հայաստանի նախալեռնային ու լեռնային գոտիներով անցնելիս տեսնում ենք, որ ամբողջը բաց, ազատ, չմշակվող և արդյունաբերական նշանակություն չունեցող հողատարածքներ են։ Իսկ ի՞նչն է խանգարում դրանք օգտագործել խոշոր  ջերմոցային տնտեսություններ կառուցելու նպատակով։ Ընդ որում, արևային օրերի առկայությունը նվազեցնում է ջերմատներում էներգիայի ծախսը, հետևաբար՝ նաև ստեղծվող ապրանքների ու մթերքների ինքնարժեքը։ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնում «Ջերմատնային ասոցիացիայի» հետ մշակել էինք ու կառավարությանն էինք ներկայացրել «Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ռազմավարությունը», որը լուրջ ուշադրության չարժանացավ: Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից մեկը գնահատել էր Տավուշի և  Լոռու մարզերի անտառներում առկա, տարեկան 300 միլիոն եվրոյին համարժեք և ուղղակի փչացող հատապտուղների ծավալները: Դրանց մոտ կեսը հասանելի է մարդու համար, մյուս կեսը հասանելի չէ բարդ ռելիեֆի, անտառների, բարդ տեղանքի պատճառով: Պատկերացնենք, որ այդ 150 միլիոն եվրոյի հատապտուղները հավաքում ենք, մշակում ու վերամշակում ենք, արժեք ենք ավելացնում․ որքա՛ն մարդիկ են ներգրավվում, որքա՛ն աշխատատեղեր են բացվում․․․ Մի խոսքով, դա կարող է վերածվել մոտ կես միլիարդ դոլարի տնտեսության։ Դա միայն այդ երկու մարզերի դեպքում։ Իսկ եթե հաշվի առնենք, օրինակ, համատարած ուրցի, սարերի թեյերի, խոտաբույսերի հնարավորությունները, որոնք կետային են օգտագորվում, ամբողջ պոտենցիալը չի իրացվում․․․ Կցանկանայի առանձին կանգ առնել Հայաստանի՝ միջազգային լոգիստիկ կենտրոն դառնալու նախադրյալի վրա։ Այստեղ պետք է կենտրոնանալ այն ապրանքների վրա, որոնք պետք է շատ արագ տեղափոխվեն, այսինքն՝ պահանջվում է օդանավով տեղափոխում․ օրինակ՝ արագ փչացող սնունդ, ապրանքներ, որոնք չեն կարող շաբաթներով կամ ամիսներով նավերով, ավտոտրանսպորտով կամ երկաթուղով տեղափոխվել։ Եթե կենտրոնանում ես այդ ամենի վրա, հարցը լուծվում է: Մյուս կողմից՝ պետք է լինի ներքին լոգիստիկ ցանց՝ տեղական հայկական տնտեսությանն օգնող, աջակցող կառուցվածքի տեսքով։ Պատկերացնում եմ մեր յուրաքանչյուր մարզում այդպիսի մի լոգիստիկ կենտրոն, որը հավաքագրում է այդ մարզի համար յուրահատուկ ապրանքները, կլինեն դրանք թեյեր, կլինի թարմ միրգ-բանջարեղեն, կլինեն կլաստերներ, օրինակ՝ հուշանվերներ կամ այլ ապրանքներ։ Այդ ամբողջը մեկ միասնական բրենդի ներքո սորտավորվում, տեսակավորվում, փաթեթավորվում ու ներկայացվում է մեկ գլոբալ վաճառողի, քանի որ, օրինակ, հազար փոքր թեյ արտադրողները հնարավորություն չունեն Հայաստանի շուկայից դուրս ներկայանալու, իսկ 3-4 խոշորները ունեն այդ շանսը, որովհետև մեծ առևտրային ցանցերը մեծ քանակություններ են ուզում։ Հիմա միջազգային առևտրի ընդհանուր միտումն այն է, որ առաջին հերթին հարցնում են՝ քանակ կա՞, թե՞ ոչ, հետո նոր միայն սկսում են հետաքրքրվել՝ որակ, գին, տեսականի․․․ Եթե քանակություն չի ապահովվում, արդեն չեն էլ շարունակում։ Իսկ այդ քանակը հնարավոր է ապահովել՝ լոկալ լոգիստիկ կենտրոններ ստեղծելով՝ յուրաքանչյուր մարզում գոնե մեկը։ Իհարկե, այստեղ կան նաև ռիսկի, անվտանգության, կոմունիկացիաների առկայության խնդիրները, որոնք տարիներ ի վեր մատնանշվել են։ Բայց այդ ռիսկերն ու գործոնները կարելի է չեզոքացնել հենց սեփական մոդելի կիրառման շնորհիվ, որովհետև երբ դու դառնում ես համաշխարհային տնտեսության մեջ կարևոր հանգույց, արդեն վերածվում ես գործոնի, և քեզ սկսում են, այսպես ասած, տեր կանգնել աշխարհի ուժեղները։ Հիմա պատկերացնենք, երազենք, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանից օդանավով տեղափոխվող, արագ տեղափոխման կարիք ունեցող ապրանքների կարգո կենտրոն ունենք այստեղ․ ո՞վ կթողներ, որ Երևանը վտանգի ենթարկվեր։ Իսկ 30-50 տարի հետո այդպիսի կենտրոնի վերածվելու հնարավորություն կա։ Եկեք նայենք քարտեզին․ մենք աշխարհի կենտրոնում ենք, ու մեր դիրքը շատ նպաստավոր է։ Հիմա երազենք, պատկերացնենք, որ Երևանի շրջակայքում լինեն 5-10 թռիչքուղիներ՝ աշխարհի ամենահզոր կարգոների համար, լինեն հարյուրավոր պահեստներ, ենթակառուցվածքներ, ազատ տնտեսական գոտիներ և այլն․ ենթադրենք, մի քանի հարյուր միլիոն դոլար ենք ներդնում ու այդ ամենը կառուցում, ստեղծում։ Մոտ 2-3 տարի հետո արդեն շարժը սկսվելու է։   1 որոշում, և սկսվում է շարժ Ուզում եմ շեշտադրել այն փաստը, որ Հայաստանի ապագա տնտեսական մոդելը անհնար է պատկերացնել առանց մարզերի կայուն և համաչափ զարգացման: Ավելին, այս մոդելի ներքո մարզերի բնակչության կյանքի որակը պետք է համեմատելի լինի (եթե ոչ ավելի լավը) Երևանի բնակչության հետ: Ես 2019թ. ընթացքում «Բի Էս Սի» ընկերության հիմնադրման 25-ամյակի առթիվ banks.am-ում հեղինակային հոդվածաշար հրապարկեցի, որը կոչվում էր «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը»: Առանձին-առանձին անդրադարձ եմ կատարել Հայաստանի տասը մարզերում տնտեսության և բիզնեսի զարգացման հնարավորություններին` հիմնվելով յուրաքանչյուր մարզի մրցակցային առավելությունների վրա: Ներկայացված մոդելը ստանալու համար առաջին հերթին մի քանի խնդիրներ պետք է լուծվեն․ օրինակ՝ կրթությունը և գիտությունը պետք է ինտեգրված լինեն տնտեսության մեջ, քաղաքական կառուցվածքը, պետության քաղաքականությունը պետք է ինտեգրված լինեն տնտեսության մեջ։ Օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք պատկերացնում քաղաքականություն, դրա ներքո՝ տնտեսություն։ Իսկ միգուցե փորձենք՝ տնտեսություն ու դրա ներքո՞ ներդրված պետական քաղաքականություն։ Որովհետև երբ ուշադիր հետևում ենք աշխարհի տնտեսական-քաղաքական մոդելին, տեսնում ենք, որ պետությունները  գործում են տնտեսության թելադրած կանոնների ներքո, տնտեսության ներքո են աշխատում ինստիտուտները, կրթական ու գիտական ենթակառուցվածքները և այլն։ Այդ տեսակետից շատ ավելի տրամաբանական լուծումների կարող ենք հանգել։ Իսկ լուծումները պետք է լինեն համակարգային․ եղած օրենքները փոփոխելով, կարկատելով՝ ոչնչի չենք հասնի։ Պետք է սահմանել անցումային փուլ՝ 1-2 տարի, որի ընթացքում կմշակվի բացարձակ նոր օրենսդրական դաշտ, որը ոչ թե կբխի առօրյա խնդիրներ լուծելու այսրոպեական նպատակահարմարությունից, այլ կլինի ապագային միտված։ Այս պահին, երբ պետական կառույցների արդյունավետությունը բավականին ցածր է, ավելի ակտիվ դեր են իրենց վրա վերցնում անհատ գործարարները, միությունները, ինչպես նաև հասարակական տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցները: Այստեղ է պատասխանը, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանը, դարեր շարունակ կանգնած լինելով խնդիրների առջև, դուրս է գալիս դժվարագույն իրավիճակներից ու շարունակում գործել․ հանրությունը համախմբվում է և ներկայանում է տարբեր նախաձեռնություններով: Մնում է միավորվել և ունենալ մեկ միասնական գաղափարական մոտեցում՝ Հայաստանն աշխարհի համար կարևորագույն երկիր դարձնելու  ճանապարհին: Իսկ ինչո՞ւ չփորձենք․․․ Հոդվածս կցանկանայի ավարտել «1 րոպե անց» գրքի վերջում ներառված գաղափարով՝  «փորձում եմ, ու հաջողվում է»։    Հետգրություն․ թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Տիգրան Ջրբաշյանին և Հայկազ Ֆանյանին։ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն
17:42 - 17 փետրվարի,2021
 Ինչու (չ)են պետությունները ֆինանսավորում գիտությունը. Հայաստանի դեպքը [Challenge 15.1 | Մուշեղ Ղահրիյան]

Ինչու (չ)են պետությունները ֆինանսավորում գիտությունը. Հայաստանի դեպքը [Challenge 15.1 | Մուշեղ Ղահրիյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Փետրվարի 1-ին Ազգային ժողովում կայացան գիտության վերաբերյալ հերթական լսումները։ Ելույթների մեծամասնությունում կարմիր թելով անցնում էր պատշաճ ֆինանսավորման խնդիրը, որն այդպես էլ լուծում չի ստանում։ Խնդիրը քաղաքական է, և, դատելով նաև տարբեր տարիներին քաղաքական գործիչների ելույթներից, պատկերացումը գիտության և նրա դերի մասին բավական խեղաթյուրված է։ Տարբեր հարթակներից հաճախ կարծիքներ են հնչում գիտության և ռազմարդյունաբերության, գիտության և դրա արդյունքների առևտրայնացման, գիտնականների անելիքի վերաբերյալ, որոնք հաճախ, մեղմ ասած, աղավաղում են պատկերը։ Այս հոդվածով փորձենք պատասխանել, թե ինչու է անհրաժեշտ գիտությունը, ինչու պետք է այն պատշաճ ֆինանսավորել, ինչու Հայաստանում չի ստանում բավարար ֆինանսավորում, արդյոք գիտությունը կարող է օգնել Հայաստանին ունենալու հարվածային անօդաչու սարք կամ հրանոթի արկ։ Ինչու է մարդը զբաղվում գիտությամբ, ու ով է գիտնականը Մարդն ի բնե հետաքրքրասեր է։ Միևնույն ժամանակ, նա խոցելի է բնության մեջ. մարդը ոչ արագաշարժ է, ոչ ֆիզիկապես բավարար ուժեղ, ոչ զարգացած դիմածնոտային համակարգ ունի, ցրտադիմացկուն չէ, ծնողի խնամքից կախված է բավական երկար։ Այդ հետաքրքրասիրությունը և անբարենպաստ մեկնարկային պայմանները նրան դրդեցին ուսումնասիրելու շրջապատող աշխարհը։ Մարդը դատապարտված էր կործանման, եթե չձևավորեր մյուս տեսակների համեմատ զարգացած ուղեղ։ Բնության հետ անընդհատ պայքարում մարդը ստիպված էր մտածել ինչպես գոյատևել։ Շրջապատող միջավայրից ու փորձից ժամանակի ընթացքում կուտակվել է մեծ ծավալի գիտելիք։ Այդ մեծածավալ գիտելիքին ծանոթանալու, յուրացնելու, մշակելու, դասակարգելու համար անհրաժեշտ է լինում կիրառել որոշակի գործիքակազմ՝ մեթոդ։ Կիրառելով մեթոդը՝ հետազոտողը չափման, փորձի, համեմատության, ընդհանրացման և բազմաթիվ այլ գործիքներով ստեղծում է գիտելիք։ Այդպես ծնվում է նոր գիտելիքը, իսկ մեթոդի կիրառմամբ գիտելիք ստեղծող անձը կոչվում է գիտնական։ Գիտնականն զբաղվում է նոր գիտելիք ստեղծելով։ Այդ նոր գիտելիքը պետք է լինի չափելի, ապացուցելի, հեշտ ստուգելի, ինչը նշանակում է, որ նույն արդյունքը պետք է ստացվի տարբեր մարդկանց կամ խմբերի փորձի արդյունքում։ Գիտնականը նոր գիտելիք ստեղծելու համար ուսումնասիրում է նախկինում ստեղծված գիտելիքը, որն ամեն օր ավելանում է ահռելի ծավալներով։ Ինչու են պետությունները ֆինանսավորում գիտությունը Ժամանակակից աշխարհում նյութական ապրանքներն էժանանում են արտադրական գործընթացի ավտոմատացման ու օպիտմալացման շնորհիվ, մինչդեռ ծառայությունները, որոնք մատուցում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, անընդհատ թանկանում են։ Նույնը վերաբերում է գիտությանը և գիտնականին։ Ստեղծված յուրաքանչյուր հաջորդ գիտելիքը ձեռք է բերվում ավելի թանկ ու ավելի մեծ ջանքերով։  Մարդը բնության դժվարությունների դեմ անհավասար պայքարում գիտելիքով է կարողացել գոյատևել ու զարգանալ։ Մարդն անընդհատ պայքարի մեջ է տարերային աղետների, վիրուսների, բակտերիաների, այլ կենդանատեսակների ու մարդկանց հետ։ Ընդ որում, որքան ավելանում են մարդկության հնարավորությունները, նույնքան ավելանում են մարտահրավերները։ Դրա պարզ օրինակներից մեկն է մարդու և նրա համար վտանգավոր բակտերիաների պայքարը։ Բակտերիաներն ավելի արագ են մուտացվում և հարմարվում իրենց դեմ պայքարի միջոցներին, քան մարդիկ ստեղծում հակաբիոտիկներ։ Այս պայքարում մարդկությունը սկսում է զգալի հետ մնալ, և իրական է վտանգը, որ մոտ ապագայում մարդկությունը կարող է հետ շպրտվել միջնադար ու զրկվել արդյունքներից, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ փրկվել են հակաբիոտիկների ստեղծման շնորհիվ։ Հարցն այն է՝ արդյոք պետությունը, հանրությունը մասնակցո՞ւմ են նոր գիտելիքի ստեղծմանը, ապագայի կերտմանը, թե՞ պարզապես սպառող են։ Ըստ այդմ էլ որոշվում է մնացած աշխարհի վերաբերմունքը այդ երկրի հանդեպ՝ դու կամ գիտելիք, անվտանգություն, բարեկեցություն ստեղծողների թվում ես, կամ էլ քո ռեսուրսները՝ հատկապես մարդկային, տանելու են, և վերածվելու ես գյուղատնտեսական ու հանքահումքային կցորդի՝ համապատասխան հետևանքներով։ Գիտությունը, կրթությունը հստակ բաժանարար գիծ են, թե պետությունը որ կողմում է հայտնվում։ Կրթությունը և գիտությունը նաև միջավայր են, այդ միջավայրը ներգրավում է ավելի շատ բարձր որակավորում ունեցող մարդկանց, բարձր որակավորում ունեցող մարդիկ բերում են ավելի շատ ֆինանսներ ու տեխնոլոգիաներ, նոր ֆինանսներն ու տեխնոլոգիաները ստեղծում են ավելի շատ բարեկեցություն ու հնարավորություններ, այդ բարեկեցությունն ու հնարավորությունները կառուցում են ավելի ամուր անվտանգություն։ Այդ միջավայրը, որը ձևավորող անձինք միայն գիտնականները չեն, գիտական հանրույթն է: Գիտնականները մեկուսացած չեն միմյանցից և արտաքին աշխարհից: Մշտական քննարկումները՝ երբեմն սուրճ խմելով, բանավեճերը, դիտարկումները, քննադատությունը գիտական գործընթացի անբաժան մասն են:  Պետությունը ներդրում է անում գիտելիքի, համբավի, հեղինակության ստեղծման մեջ, իսկ ինչ-որ պահից սկսած՝ այդ գիտելիքը բերում է ավելի շատ գիտելիք, հեղինակությունը՝ ավելի մեծ հեղինակություն, գումարը՝ ավելի մեծ գումար։ Գիտությունը սերտորեն կապված է պետության անվտանգության և անհրաժեշտ ինքնաբավության հետ։ Եթե պետության նախաձեռնությամբ չեն ուսումնասիրվում սեփական պատմությունը (պատմագիտություն), մշակույթը (մշակութաբանություն), ավանդույթները (ազգագրություն), ինստիտուտները (քաղաքագիտություն), հասարակական հարաբերությունները (սոցիոլոգիա) և այլ ոլորտներ, դա անում են ուրիշները, նրանց ֆիլտրերով է այդ երկիրը ներկայանում աշխարհին։ Եթե տվյալ երկրում չկան գիտնականներ, որոնք ուսումնասիրում են բնական ռեսուրսները, բուսական և կենդանական աշխարհը, մթնոլորտը, առողջապահական իրադրությունը, մարդկանց խնդիրները, տնտեսությունը և տասնյակ այլ ասպարեզներ, պետությունները ստիպված են լինում դիմել այլ երկրների ու կազմակերպությունների՝ թույլ տալով նաև հավաքել մեծածավալ տեղեկություն իրենց մասին, որը հետո կարող է օգտագործվել երրորդ կողմից։ Գիտությունը, արդյունքը և բիզնեսը Երբ գիտնականն սկսում է օբյեկտիվ ու անաչառ հետազոտություն, նա չգիտի՝ ինչ արդյունք կունենա, կհաստատվի՞, թե՞ կհերքվի հիպոթեզը, սակայն բացասական արդյունքը ևս գիտելիք է։ Գիտնականի, գիտության առաջ չի կարելի դնել ծախսի ետբերման կամ գռեհիկ առուծախի ոճով դրամայնացման պահանջ։ Գիտելիքի հիման վրա արդյունք ստանալու գործը պետությանն է, գործարարներինը, արտադրողներինը։ «Մեր օրերում այլևս ոչ ոք չի համարձակվի պնդել, թե հետազոտության արժեքը ամեն ինչում և ամեն ինչի համար չափվում է գործադրման պիտանիությամբ», - գրում էր պատմագետ Մարկ Բլոկը դեռ անցյալ դարի առաջին կեսին: Աշխարհը դեռ չի հայտնաբերել պեղումների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կճուճի բեկորի կամ որևէ երկրի պատմության 15-րդ դարի մի անցքի լուսաբանման ուղղակի դրամայնացման եղանակ։ Բայց «ինչպես փորձն է սովորեցրել, անկարելի է կանխավ որոշել, թե արտաքուստ ամենից անշահախնդիր մտահայեցողությունները օրերից մի օր չեն դառնա զարմանալիորեն օգտակար՝ գործնականում», - բացատրում է Բլոկը: Հայաստանի դեպքում գիտության զարգացման համար անփոխարինելի դեր ունի պետությունը, քանի որ ապաարդյունաբերականացված երկրում քիչ են այն հզորությունները, արտադրությունները, ընկերությունները, որոնք կարող են պատվեր իջեցնել։ Ներկա իրողություններում մասնավոր սեկտորը պարզապես ի վիճակի չէ ստանձնելու լոկոմոտիվի պարտականությունները։ Գիտությունը և ռազմարդյունաբերությունը Գիտության զարգացման մասին քննարկումները հաճախակիացել են 2020 թվականի պատերազմում գրանցված արդյունքների հետևանքով։ Ռազմարդյունաբերության, ժամանակակից զինատեսակներ ունենալու հրատապ խնդիրը, սակայն, գիտության լուծելիքը չէ։ Առհասարակ, ռազմարդյունաբերությունը պահանջում է ահռելի ֆինանսական, քաղաքական, տեխնոլոգիական, մարդկային, նաև տարածքային ռեսուրսներ։ Քչերը կարող են իրենց թույլ տալ կործանիչ ինքնաթիռ արտադրել, որովհետև անհրաժեշտ են այդ ինքնաթիռի հազարավոր բաղադրիչներն արտադրող մատակարարներ։ Տարածքով և բնակչությամբ փոքր երկրները ֆիզիկապես չեն կարող դա թույլ տալ իրենց։ Նույնը վերաբերում է հարվածային անօդաչու սարքերին։ Դրանք բաղկացած են ծրագրից և ֆիզիկական մասերից, որոնք արտադրվում են աշխարհի տարբեր կետերում։ Անօդաչու սարք ունենալու համար կարելի է գնել այն, ինչպես արել է Ադրբեջանը, և մասնագետներ պատրաստել՝ դրանք շահագործելու համար։ Սեփականն ունենալու համար պետք է պայմանագրեր կնքել բաղադրիչներ մատակարարող ընկերությունների հետ, պատրաստել կամ աշխատանքի վերցնել համապատասխան մասնագետների, ինժեներների, որոնք միմյանց կմիացնեն այդ բաղադրիչները և ծրագիրը, որը գործի կդնի ողջ համակարգը։ Կարճ ասած՝ համեմատաբար կարճ ժամանակում անօդաչու թռչող սարք ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում և ֆինանսավորում։ Հայաստանի դեպքում կարճաժամկետ հեռանկարում գիտությունը քիչ անելիք ունի։ Իհարկե, գիտնականների ուսումնասիրությունների արդյունքների շնորհիվ կարող են բարելավվել զինատեսակի ֆիզիկական, քիմիական հատկանիշները, բայց միայն դրանով հայրենական ռազմարդյունաբերությունը չի կայանա։ Այս դեպքում փամփուշտ, արկ, նռնակ կամ անօդաչու թռչող սարք արտադրելու հարցում գիտությունն առանձնապես անելիք չունի։ Տեխնոլոգիան վաղուց արդեն հայտնի է, մնում է ֆինանսավորել, գտնել արտադրության կազմակերպիչների, որոնք կարող են լինել նաև գիտնականներ, բերել հոսքագծեր և թողարկել արտադրանքը։ Դա պետության գործն է։ Ինչու Հայաստանում պատշաճ չի ֆինանսավորվում գիտությունը Պատճառը քաղաքական է՝ գիտության մեջ ներդրված գումարը երկարաժամկետ է, արդյունքները երբեմն տեսանելի չեն լայն հանրությանը։ Քաղաքական գործիչը կամ կուսակցությունը կարծում է, որ մեկ ընտրական ցիկլի ժամանակահատվածում տրամադրած ֆինանսավորումն ընտրության ժամանակ չի կերպափոխվի ձայների։ Նրանք գերադասում են գիտության համար անհրաժեշտ գումարը ծախսել սոցիալական մեկանգամյա միջոցառումների, պարտավորությունների ներման, ասֆալտապատման և այլ առավել նյութական ու տեսանելի խնդիրների լուծման ուղղությամբ։ Բացի այդ՝ վարչարարի գնահատմամբ քիչ հավանական է, որ գիտնականները կազմակերպված կներկայացնեն իրենց պահանջները և հրապարակային բողոքի գործողություններ կիրականացնեն։ Բացի դրանից՝ Հայաստանում բուհական և գիտական բարձրաստիճան պաշտոնատար անձինք երբեք չեն գլխավորել պահանջների ներկայացումը։   Հետգրություն․ թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Գոռ Մարգարյանին։   Արաբագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
12:44 - 11 փետրվարի,2021
Մեզ տեսած պահենք. ճամփորդություն և տեսողական գրագիտություն [Challenge 3.6 | Նանե Խաչատրյան]

Մեզ տեսած պահենք. ճամփորդություն և տեսողական գրագիտություն [Challenge 3.6 | Նանե Խաչատրյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Նանե Խաչատրյանը, ընդունելով Հայարփի Օհանյանի՝ «Տուրիզմն ու ժամանակը [Challenge 3.5]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։   Մի շատ տաղանդավոր կին դեռ տարիներ առաջ ասել է․ «Հավաքել լուսանկարներ, նշանակում է հավաքել աշխարհը»։ Սյուզան Զոնթագը մեկն էր այն անհատներից, որոնք լուսանկարչությունն ու ճամփորդությունը դիտարկեցին մեկ ամբողջության մեջ՝ լուսանկարի լույսը սփռելով նաև ճանապարհորդելու պատճառների վրա։ Իհարկե մինչև լուսանկարչության գյուտն էլ (1839թ.) են մարդիկ գրանցել  իրենց ճամփորդությունը ձեռակերտ նկարների միջոցով։ Ինչպե՞ս եղավ, որ բացի անմիջական միջավայրն ու գործունեությունը պատկերելուց, ինչը կարող ենք տեսնել դեռևս ժայռապատկերների մեջ, մարդիկ սկսեցին ճամփորդել իրենց տներից հեռու և վավերացնել նոր բացահայտած վայրերը։ Պարզվում է՝ Վերածննդի շրջանը բեկումնային էր ոչ միայն գիտության և արվեստի համար, այլև ճամփորդության՝ այն վերածելով առևտրի, միսիոներության, տարբեր գործունեությամբ կամ առաքելությամբ պայմանավորված ուղևորությունից դեպի մշակութային կարևոր պրոդուկտի։ Վերածնունդն իր գիտական առաջընթացով մի շարք հարցեր բարձրացրեց, որոնք իրենց հերթին մարդկանց մեջ ստեղծեցին դատարկության և անորոշության զգացում։ Սրանով պայմանավորված ընկճվածությունը հաղթահարելու համար ի հայտ եկած ինքնաբացահայտման անհրաժեշտությունը մի ուրույն աղբյուր դարձավ դինամիզմի (շարժում, ճամփորդություն) և ստեղծարարության (պատկերի ստեղծում, պատմողականություն) համար։ Ասես, նոր վայրերը պատկերելու միջոցով մարդիկ կարող էին հստակություն և իմաստ հաղորդել այդ դատարկությանը՝ դրանք դարձնելով ավելի հեշտ յուրացվող։ Այս տեսանկյունից հետաքրքիր է հետևել տրանսպորտային միջոցների և (լուսա)նկարչական սարքավորումների զուգահեռ զարգացմանը․ կենդանիներով ուղևորություններից մինչև օդանավ, փայտափորագրությունից մինչև սմարթ լուսանկարչություն։ Տարբեր ուղղությունների հասանելի դառնալը և տեսողական սարքերի աստիճանական զարգացումը հնարավոր դարձրեց աշխարհը ներկայացնել որպես նկար: Մարդու կողմից աշխարհի նման վերամարմնավորումը թույլ տվեց Հայդեգերին այն անվանել արդիության հիմնադրման ակտ, կամ «աշխարհը որպես պատկեր դարաշրջանի» սկիզբ։ Մենք պատկերահենք հասարակություն ենք, մենք ընկել ենք մի հորձանուտի մեջ, որտեղ մեր աչքերը աշխարհը տեսնում են, որպես պատկեր․ «Ի՜նչ գեղեցիկ է, ասես կտավ լինի», «Աղջիկը, ասես, նկարած մարմին ունենա», «Ափսոս խցիկս հետս չէր․ իսկական նկարելու տեսարան էր», «Տեսեք ինչպիսի կոմպոզիցիա է», «Երկինքն ասես հոլանդական գունապնակ լինի», «Էլեկտրական լարերը փչացնում են ողջ տեսարանը, պետք է ֆոտոշոփել» (իդեալականացնել իրականությունը), և այլն։ Այսինքն՝ լուսանկարչությունը այնքան է հաջողել աշխարհը վերարտադրելու իր գործում, որ հենց պատկերն էլ դարձել է գեղեցիկի չափանիշը։ Պատկերները պատճեններ են իրականության, լոկ միմեզիս՝ կրկնօրինակում այն աշխարհի, որը մենք փոխարինել ենք ոչ բնօրինակով։ Բառախա՞ղ է, արդյոք, պատկեր բառը․ պատ-կեր՝ կեր պատերը, պատկերացնել՝ կերած, ավիրված, առանց պատերի մտածել, այսինքն՝ իրականության մեր ըմբռնումը ավելին է, քան շրջանակի մեջ զետեղված խորանարդիկները։ Ինչո՞ւ են հիմա մարդիկ մշակում և ֆիլտրեր ավելացնում իրենց հարթ պատկերներին` (image)․ որովհետև մեր երևակայության (imagination) մեջ այդ տեսիլքը ավելին է, քան կապույտ երկինքն ու գունավոր դաշտերը։ Բայց որքա՞ն հաճախ ենք մենք դրա մասին հիշում։ Իսկ գուցե պետք չէ վերլուծել սա, քանի որ լուսանկարը ընդամենը մի փաստաթուղթ է, որին նայելով մենք վերապրում ենք այն զգացողությունները, որոնք այդ նկարելու ակնթարթին ունեինք։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս  նայենք ուրիշների արած պատկերներին, ինչպե՞ս կարդանք դրանք։ Պատկերը ինքնին մի բարդ նշանային համակարգ է։ Ձեռքով արված նկարները իրենց նշանային կառուցվածքով տարբերվում են լուսանկարներից։ Պատկերացրեք հին օրերի ճամփորդներին․ մի կապոց-բեքփեքով, կաշվից կոպիտ կոշիկներով, լայն հագուստով, արևահարված կամ ցրտահարված, մի չորքոտանու հեծնած կամ իր դողդոջուն ոտքերով մի կետից դանդաղ գնում է դեպի մյուսը, իսկ ընթացքում փորձում է մատիտով թղթին փոխանցել իր համար արժեքավոր օբյեկտները։ Ահա մեզ մի բանալի բառ դիմացինի միտումները հասկանալու համար՝ արժևորում։ Նայելը մեխանիկական գործողություն է, տեսնելը՝ ընտրություն, իսկ պատկերելը՝ գնահատում։ Պատկերը մեր վերաբերմունքի արտացոլումն է։ Թե ինչու մեր հեռավոր ճամփորդը որոշեց կանգ առնել կոնկրետ այդ տեսարանի առջև, ինչպես փոխանցեց թղթին տեսածը, ինչը խմբագրեց միտումնավոր, իսկ ինչը փոխանցեց իրականությանը առավելագույնս մոտ, ինքնին մշակութայնորեն կառուցված կոդեր են՝ կցված այդ տեսողական նյութին։ Ի տարբերություն ձեռակերտ պատկերին, լուսանկարը մարդկանց ավելի մեծ վստահություն է ներշնչում իր՝ բնօրինակը առավել ճշգրտորեն փոխանցելու կամ իրականությանը նվազագույնս միջամտելու հատկությամբ։ Բայց չարժե մոռանալ, որ լուսանկարը նույնպես սոցիալ-մշակութային հայացքի արդյունք է՝ ստեղծելով նշանային իր ուրույն համակարգը: Նշանները կարելի է խուզարկել հենց այդ հայացքի մեջ։ Տեսողական մշակույթը տուրիզմի սոցիոլոգիայի հետ մեկտեղեց Ջոն Ուրրին, 1990 թվականին իր հայտնի «տուրիստային հայացք» (Tourist Gaze) գաղափարով։ Համաձայն այդ գաղափարի, ճամփորդությունը գերազանցապես տեսողական պրակտիկա է։ Հայերենում մի լավ արտահայտություն ունենք՝ «աշխարհ տեսած մարդ», կամ եթե ուզում ենք քաղաքակիրթ ձևանալ, ասում ենք՝ «քեզ տեսած պահի»։ Ներկայիս զբոսաշրջային ինդուստրիան մեծ շեշտ է դնում փորձառությունների վրա՝ մարդկանց ներգրավելով տարբեր միջոցառումների մեջ, որտեղ նրանք կարող են ստեղծել, շարժվել, գործի դնել իրենց տարբեր զգայարաններն ու ֆիզիկական մարմինը։ Բայց անգամ այս փորձառությունը իմաստավորվում է, երբ մարդիկ այն հավերժացնում են իրենց խցիկներով, այլապես՝ ինչպե՞ս ապացուցես հետո, որ դա քեզ հետ տեղի է ունեցել։ Այստեղ լուսանկարը դառնում է ծանրակշիռ փաստաթուղթ, ալիբի, պատմական վկայություն։ Լուսանկարն ունի իր նշանները, որոնք շատ լավ հասկանում է տուրիստական շուկան և այդ նշանները գործի դնում ի նպաստ իրեն։ Ամեն քայլը նոր տուր-առաջարկներում ունի լուսանկար դառնալու անմիջական միտում։ Տուրիստային հայացքը բուն սոցիալական կոնստրուկտ է, որը փոխվում է պատմության ընթացքում՝ կախված տուրիստական պահանջարկից, գլոբալիզացիայի և ստանդարտիզացիայի ընթացքում ձևավորված նոր պրակտիկաներից։ Պատկերի վերարտադրման հեշտացումը նույնպես այս չափորոշիչների մասն է կազմում։ Հիմա ամեն ոք լուսանկարիչ է, եթե ընդամենը ձեռքին ունի միջին և բարձր որակի հեռախոս։ Եթե նկարելու համար մենք պետք է համապատասխան հմտություններ սովորենք, ապա լուսանկարչությունը թույլ է տալիս բոլորին «բռնել» տեսածը և մեկնաբանել ցանկացած ձևով։ Ժամանակակից լուսանկարչությունը հասել է մի կետի, երբ այն այլևս ոչ թե բացահայտում է, այլ հաստատում տեսածը։ Պարզաբանեմ։ Աշխարհը որպես պատկեր այժմ այնքան է մաշվել, որ մեր տեսածը նախապայմանավորված է նախկինում արված նկարներով։ Այս գործընթացը կոչվում է հերմենևտիկ շրջան, երբ դու քո լուսանկարով հաստատում ես այն իրականությունը, որը իր հերթին տեսանելի էր դարձել անցյալում արված պատկերներով։ Բայց մարդիկ ուզում են տեսնել իրականը, այն միակ բնօրինակը, որպեսզի համոզվեն և վերահաստատեն դրա գոյությունը։ Հերմենևտիկ շրջանի ստեղծած տենդը մի հաղթող խաղաքարտ է տուրիստական շուկայի ձեռքում։ Մի պահ կտրվեք այս տեքստից, մտածեք․ եթե մի օր հայտնվեք Էյֆելյան աշտարակի, Կոլիզեյի, Գիզայի բուրգերի, Նիագարա ջրվեժի, Մաչուպիկչուի, Չինական մեծ պարսպի կամ Թաջ Մահալի մոտ, ինչո՞ւ կարևոր կհամարեք այնտեղ լուսանկարվելը։ Մի դիմադրեք, մենք բոլորս ենք մկան պես վազում հերմենևտիկ շրջանի մեջ։ Եկեք մի փոքր էլ թափ տամ մեր անմեղ պատկերացումները ճամփորդելու և (լուսա)նկարելու մասին։ Դեռևս միջնադարից սկսած և առավել ևս 16-րդ դարից հետո, տարբեր նպատակներով ճամփա ելած մարդիկ իրենց անցածն ու տեսածը արձանագրել են, պատմել ու նկարել՝ իրենց «պատվիրատու երկրին» իրազեկելով օտար աշխարհների բնական ու պատմական պաշարների մասին։ Եթե գաղութացում բառը ձեր մտքում կապվում է հասարակաքաղաքական կարգերի հետ, ապա դրա առաջին քայլերում դրեք աշխարհը բացահայտելու դուրս եկած ճամփորդ-նկարիչ-լրտեսներին, որոնք նոր հողերը հասանելի էին դարձնում իրենց տերերին։ Ովքե՞ր էին այդ շրջանի գաղութարարները․ եվրոպական «քաղաքակիրթ» երկրները։ Հետևաբար, առաջին մեծ անուն հանած ճանապարհորդները նույնպես եվրոպացիներն են։ Լույսը ծագում է արևելքից, արևմուտքի ճամփորդների հայացքը թեքվում է դեպի արևը, նրանց ոտքերը ուղղվում են դեպի հեռավոր հողեր և Միջագետք։ Ահա այստեղ էլ Հայաստանը ստանում է իրեն մեկնաբանող, գնահատական տվող, սկզբում բացահայտող, իսկ հետո արդեն վերահաստատող հայացքները։ Հայաստանը սկսում է ձևավորել իր մասին պատկերագրությունը օտարների հայացքի ներքո։ 1․ Մեթյու Փերիս (1200-1259). Սուրբ Երկրի քարտեզը, որտեղ Հայաստանը նշված է Արարատի և Նոյյան տապանի պատկերով։ Ի՞նչ հիմնական պատկեր ենք մենք հիմա տեսնում Հայաստանի գովազդի վրա։ Այո, Արարատ լեռը։ Թե ինչպես Արարատը դարձավ մեր երկրի այցեքարտը, ցույց է տալիս վերոնշյալ հերմենևտիկ շրջանի ամբողջ ուժն ու էությունը։ Մեր «եդեմական այգին» առաջին անգամ 13-րդ դարի սկզբին մի փոքրիկ պատկերային մեջբերումով տեղ է գտել վանական Մեթյու Փերիսի Սուրբ Հողի քարտեզում, որը նա գծագրել է՝ հիմնվելով ճամփորդների նկարագրությունների վրա, առանց ինքը այդ ամենը փորձառելու (իսկ մեզ թվում է, թե վիրտուալ տուրերը նորություն են)։ Բոլոր հին ուղեգրություններում՝ այն օրերի բլոգերում, Արարատը ներկայացվում է, որպես աստվածաշնչյան մի լեռ Նոյյան տապանի պատմությամբ, բարձրադիր և անհաս գագաթով․ իսկը չարենցյան նկարագրությամբ։ Ինչպես և հիմա, հնում ճամփորդները կարդացել են միմյանց օրագրերը, դրա վրա հիմնվելով կազմել իրենց ուղղությունները, առանձնացրել այն վայրերը, որոնք արժե տեսնել։ Արարատը այն կարմիր, թեժ կետն է, որը գտնում ենք բոլոր ճամփորդների նոթերում կամ ալբոմներում։ Հայաստանի մասին պատմությունները Փերիսի քարտեզում ամփոփվել են Արարատի պայմանական գծապատկերով, որը դարձել է Հայաստանը աշխարհի քարտեզի վրա տեղակայելու փարոսը։ Յուրաքանչյուր նոր պատմությամբ ու նկարով, Հայաստանի պատկերագրությունը հարստացել է՝ ազդելով մյուս ճամփորդների ընկալման և հայացքի վրա։ Ի սկզբանե Հայաստանը ներկայացնելով որպես վեհ բնապատկերների երկիր, ճամփորդների շրջանում ձևավորվում է այսպես կոչված ռոմանտիկ հայացքը, որտեղ մարդ մեկուսի և ինքն իր հետ է ամենազոր բնության գրկում։ 17-րդ դարից առավել ակնհայտ դարձան նաև պատկերման սկզբունքները՝ հորինվածքը, հեռանկարը, կարևոր տարրերը։ Այս զարգացման մեջ կարևոր է նկատել, թե ինչպես է ձեռակերտ պատկերով աշխարհին հասանելի դարձած Արարատի վերարտադրությունը փոխում իր մեդիան և վերածվում լուսանկարի՝ այնուամենայնիվ պահպանելով հորինվածքային նույն համակարգը։ Ստորև բերված շարքը Արարատ-Հայաստանի պատկերային կյանքն է ըստ ժամանակագրական աճի, որտեղ տեսնում ենք հերմենևտիկ շրջանի մեջ պտտվող տարբեր ճամփորդների։ 2․ Ժոզեֆ Պիտոն դը Տուրնեֆոր, Արարատի տեսարանը երեք եկեղեցիներով․ Թագավորի հրամանով դեպի Լևանտ կատարած ուղևորության զեկույց, 1717, Փարիզ։ 3․ Ռոբերտ Քեր Փորթեր, տեսարան Երևանի բերդին և Արարատին․ Ճամփորդություն դեպի Վրաստան, Պարսկաստան, Հայաստան, Հին Բաբելոն 1817, 1818, 1819 և 1820թ․ ընթացքում, 1821, Լոնդոն։ 4․ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերո, տեսարան Արարատին․ Ճամփորդություն դեպի Կովկաս, 1843, Փարիզ։ 5․ Ռոբերտ Կուրզոն, Արարատը հարթավայրից․ Հայաստան․ մեկ տարի Էրզրումում, և Ռուսաստանի, Թուրքիայի ու Պարսկաստանի սահմանին, 1854, Լոնդոն։ 6․ Հենրի Լինչ, Արարատը Էջմիածնի լճից․ Հայաստան․ ճամփորդություններ և ուսումնասիրություններ․ Ռուսաստանի շրջաններ, 1901, Լոնդոն։ Նույն սկզբունքը գործում է նաև պատմամշակութային վայրերի համար, որի շնորհիվ էլ Հայաստանին սկսում են նայել պատմական հայացքով։ Ո՞ր սրբատեղին է հատկապես կարևոր նշանակություն ունեցել հայոց ինքնության համար 16-րդ դարից հետո․ Էջմիածնի մայր տաճարը։ Հետևաբար ճամփորդի համար կարևոր է եղել պատշաճ կերպով պատկերել այն կառույցը, որը ներկայացրել է տվյալ ազգի արժեքները։ Չէ՞ որ, պատկերումը ինքնին արժևորման փաստ է։ Էջմիածին են այցելել տարբեր դարաշրջաններում այս ափերում ճամփորդող օտարազգիները։ Լիներ միսիոներ, առևտրական, դիվանագետ թե ճարտարապետ, նրանց առաքելությունն այս կամ այն կերպ կապված է եղել այս կարևոր կենտրոնի հետ։ Էջմիածնի պատկերային հերմենևտիկ շրջանը հենց այս բարձր իմաստային նշանակության վավերագրումն է։ 7․ Ժան Շարդեն, Էջմիածնի մայր տաճարը հարավ-արևմուտքից, Շեվալյե Շարդենի դեպի Պարսկաստան, Արևելյան Հնդկաստան, Սև Ծով և Կոլխիդա կատարած շրջագայության ուղեգրություն, 1686, Փարիզ։ 8․ Էջմիածնի մասին վերջին հրատարակության գրքույկից հատվածներ։ 9. Դյուբուա դը Մոնպերո, Էջմիածնի վանքը․ Ճամփորդություն դեպի Կովկաս, 1843, Փարիզ։ 10. Հենրի Լինչ, Էջմիածին, մեծ բակը և վանքը․ Հայաստան․ ճամփորդություններ և ուսումնասիրություններ․ Ռուսաստանի շրջաններ, 1901, Լոնդոն։ Վերջին երկու պատկերներն արվել են կես դար տարբերությամբ․ մեկը փորագրանկար Դյուբուայի կատարմամբ, մյուսը՝ լուսանկար Լինչի հեղինակմամբ։ Հայաստանի վերարտադրությունը լուսանկարչության միջոցով օտար հանդիսատեսին հասանելի դարձավ Հենրի Լինչի շնորհիվ, ով իր երկար ճամփորդությունները պատկերավոր էր դարձրել ոչ միայն բնության տեսարաններով և հուշարձաններով, այլև տեղացիների դիմանկարներով և կենցաղային թեմաներով։ Սակայն Էջմիածնի մայր տաճարի դեպքում Լինչը հավատարիմ է մնացել հին պատկերագրությանը՝ կառույցը լուսանկարելով հարավ-արևմտյան անկյունից։ Նույն սկզբունքը տեսնում ենք Անիի մայր տաճարի պարագայում, որտեղ Լինչը շարունակում է ֆրանսիացի ճանապարհորդ Տեքսիեյի բացած հերմենևտիկ շրջանը։ Տպավորություն է՝ եթե այլ դիրքից պատկերես հայտնի օբյեկտները, դրանք չեն ապացուցի իրենց գոյությունը։ Հերմենևտիկ շրջանի մեջ ընկած պատկերման օբյեկտը ասես դառնում է իր շտրիխ կոդը, որով միայն կարող ես հաստատել իր ինքնությունը։ 11. Շարլ Ֆելիքս Մարի Տեքսիե, Անիի մայր տաճար, տեսարան հարավ-արևելքից, Նկարագրություններ Հայաստանից, Պարսկաստանից և Միջագետքից, 1842, Փարիզ։ 12. Հենրի Լինչ, Անի, մայր տաճարը հարավ-արևելքից․ Հայաստան․ ճամփորդություններ և ուսումնասիրություններ․ Ռուսաստանի շրջաններ, 1901, Լոնդոն։ 20-րդ դարը փոխեց Հայաստան ազատ ճամփորդելու պայմանները։ Խորհրդային կարգերի համար պատկերը դարձավ իրենց քարոզչամեքենայի կարևոր գործիքներից մեկը։ Պատահական չէ, որ խորհրդային շրջանի պլակատային արվեստը մինչ օրս հետաքրքրության առարկա է տարբեր շրջանակներում։ Հայտնի «Ինտուրիստի»  համար կարևոր էր մասնակիորեն ակտիվացնել զբոսաշրջային ոլորտը ոչ միայն խորհրդային փակ երկրների ներսում, այլև կապիտալիստական արևմուտքի հյուրերի համար։ Հիմնական նպատակներից էր արտարժույթի շրջանառություն ապահովելը։ Սոցռեալիստական պատկերները համոզիչ չէին արևմտյան շուկայի համար, ուստի «Ինտուրիստի»  զբոսաշրջային լավագույն պլակատները արվել են արտ-դեկոյի ոճում։ Հայաստանին բաժին է հասել մեկ հայտնի պլակատ՝ Սերգեյ Իգումնովի հեղինակությամբ, 1936թ․։ Խորհրդային կարգերը գովաբանող նշանների՝ երկաթգծի, ԽՍՀՄ առաջին արտադրության մեքենայի՝ NAMI-1, հողագործությանը հղում տվող գյուղական տների ու դեզերի հետևում ասես բանտարկված է Արարատի արևավառ պատկերը։ Ինչ շերտեր էլ, որ ավելանում են Հայաստանի պատմաքաղաքական և պատկերային կյանքում, բոլորի հիմքում տեսնում ենք Արարատը։ Քրիստոնեական նշանակությունը, չնայած, խմբագրվեց Խորհրդային Հայաստանի համար, սակայն հնում շրջանառված տեսարանները շարունակեցին ներկայացնել երկիրը։ Այս շրջանում արդեն կարելի է տեսնել այն բեկումը, երբ տվյալ օբյեկտի իմաստային նշանակությունը փոխարինվեց դրա զուտ տեսողական փաթեթավորմամբ։ 13. Սերգեյ Իգումնով, Խորհրդային Հայաստան, Ինտուրիստի զբոսաշրջային պլակատների շարք, 1936թ.։ Բացեմ փակագծերը։ Վերոնշյալ միտումը ավելի ընդգծվեց նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Թվային լուսանկարչությունը անսահմանափակ պատկերներ ստեղծելու հնարավորություն տվեց՝ միաժամանակ մեզ զրկելով մտահայեցումից։ Մենք մոռացանք ընկալել տեսարանի իմաստը, փոխարենը սկսեցինք միայն գնահատել գեղագիտականը։ Իմաստը փոխարինվեց տեսքով, միտքը ճնշվեց տեսողականով։ Նման իրավիճակին դիպուկ ձևակերպում է տվել Վալտեր Բենյամինը՝ նշելով, որ պատկերի վերարտադրողական (այնժամ՝ մեխանիկական, այժմ՝ թվային) տեխնիկան զրկում է (արվեստի) գործը իր ոգուց։ Հերմենևտիկ շրջանը, ասես, մեր պատկերային ընկալման համար լվացքի մեքենա լինի, որը լվանում-տանում է օբյեկտի բնօրինակի շոշափելիությունը։ Եթե երկու հարյուր տարի առաջ օտար ճամփորդի համար կարևոր էր գնալ և տեսնել Էջմիածնի մայր տաճարը, ապա մեր օրերում ավելի կարևոր է տեսնել Խոր Վիրապը։ Ինչու՞․ տեսարանի համար։ Էջմիածնի վանքը հարթ տարածության վրա տեղակայված, առանց հեռանկարի հնարավորության լոկ մի շինություն է ժամանակակից զբոսաշրջիկի համար։ Որքան էլ զբոսավարները նշեն վանքի մեծ նշանակության մասին, դա չես կարող փաթեթավորել մի այնպիսի պանորամիկ տեսարանով, որ անգամ ամենա «աշխարհ տեսած աչքը» բավարարվի։ Վերջին տարիներին Հայաստան այցելած բլոգերների ու լուսանկարիչների կայքերում Հայաստանը ամփոփող հիմնանկարը բնանկարներ են՝ Արարատի գլխավորությամբ։ 14. www.mywanderlust.pl 15․ www.thecommonwanderer.com 16․ odysseemit73ps.wordpress.com Սրան նաև նպաստում է տեղական զբոսաշրջային շուկայավարման կազմակերպությունների (DMO) վարած գովազդը, որտեղ հիմնական պատկերներն են Խոր Վիրապը, Զվարթնոցի տաճարը կամ Երևանը՝ Արարատի ֆոնին, Տաթևի վանքը՝ Որոտանի կիրճով կամ որևէ այլ վանքի պատկեր՝ բնանկարի հետ մեկտեղված։ Սակայն ինչպես արդեն համոզվեցիք, այս պատկերային ավանդույթը չի ծագել հայերի կամ Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից։ Այդ պատկերները ի սկզբանե տուրիստային հայացքի և դրա հետ բերած հերմենևտիկ շրջանի պտուղն են։ Եթե ձեզ թվում էր, թե Արարատի բրենդավորումը արվել է ներսից-դուրս, հուսամ, որ հիմա խիստ կասկածում եք դրա մասին։ 17․ Տեղական շուկայի ներկայացրած վերջին տարիների պատկերային գովազդը գրքույկների շապիկներին։ Տուրիստային հայացքի այս երկկողմանի զարգացման մեջ ընդհանուր գծերը եղել և մնում են Հայաստանի լեռնային բնապատկերները ու հին, հաճախ ավիրված հուշարձանների պատկերները։ Սրանք այն հայտնի երկու տիպի՝ ռոմանտիկ և պատմական հայացքների մեկտեղումն են։ Բնապատկերների ընդարձակությունը, բարձր լեռների վեհությունը, մարդկային միայնությունը տալիս են այն հին, ռոմանտիզմի շրջանի զգացողությունը, որը Հայաստանի պատկերային կյանքում մեծ տեղ է զբաղեցնում։ Սա մեկտեղված է պատմական հայացքի հետ, երբ ավերակներին ուշադրություն դարձնելը նույնպես հղում է անցյալի ու կորուստի գաղափարներին։ Եթե թերթեք Հայաստանը ներկայացնող ցանկացած ուղեցույց, կհանդիպեք այս վսեմ բնանկարները, հին, կիսավեր հուշարձանները, գյուղացի տատիկ-պապիկների դիմանկարները, որոնք բոլորը նպաստում են Հայաստանի նկատմամբ երազկոտ, հովվերգական, տաքուկ, բայց միաժամանակ հնաբույր և գրքային զգացողության ձևավորմանը։ Վերջին երեսուն տարիների ընթացքում այս ընդհանուր պատկերը էլ ավելի է արմատացել։ Սակայն զուգահեռաբար, մասամբ նաև օտարի հայացքի ներքո Հայաստանը սկսում է ներկայացվել որպես երիտասարդների համար էսկապիզմի մի դրախտային վայր։ 18. Ձախից՝ Կասպար Դավիդ Ֆրեդերիկ, «Մշուշի ծովի վրայով թափառողը», 1818թ., ռոմանտիզմի շարժում։ Աջից՝ ժամանակակից բլոգային գրառումից պատկեր։ www.lostwithpurpose.com Հետևելով տուրիստային հայացքի վերափոխումներին, հնարավոր է նաև հասկանալ, թե ինչպես կուզեինք և ինչպես չէինք ուզենա երևար մեր երկիրը, ինչի վրա արժե լույս սփռել, իսկ ինչը տանել հետին պլան։ Եվ այդ ամենը անել ոչ թե արդեն պատկերային մակարդակում, այլ երկրի կայուն զարգացման քայլերը կատարելիս։ Նոր սերունդների համար լուսանկարելու արժանի են դառնում նաև շրջաններում լքված խորհրդային հուշարձանները, որոնք մենք պետականորեն թողել ենք բարձիթողի վիճակում, առանց գիտակցելու դրանց պատկերային, ինչպես նաև իմաստային մեծ կշիռը, որը իր հերթին նոր տուրիստական առաջարկների մեծ ներուժ ունի։ Հետևաբար, տուրիստային հայացքի միջոցով ստեղծված պատկերները պետք է դիտարկել որպես մեր ուժեղ ու թույլ կողմերի գնահատման փաստաթուղթ, դրանցից օգուտներ քաղել՝ զարգացնելով կամ վերափոխելով Հայաստանի տարբեր ոլորտների վիճակը և ըստ այդմ՝ պատկերային շրջանը։ Հետգրություն․ թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Անահիտ Ախոյանին։
18:33 - 28 հունվարի,2021
Կեղծ «ապաքաղաքականի» տեղապտույտը Սահմանադրական դատարանի օրինակով [Challenge 14.1 | Նժդեհ Հովսեփյան]

Կեղծ «ապաքաղաքականի» տեղապտույտը Սահմանադրական դատարանի օրինակով [Challenge 14.1 | Նժդեհ Հովսեփյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Պետական-քաղաքական-հանրային կյանքի արմատական վերանայումների շուրջ 2018թ. մեկնարկած դիսկուրսում ցայսօր առանցքային է Սահմանադրական դատարանի հարցը։ Բարձր դատարանի լեգիտիմության ու լեգալության կատեգորիաների շարքում բանավեճը հանգում է նաև «քաղաքականի» հարցին. ՍԴ դատավորը արդյոք պե՞տք է լինի քաղաքական։ ՍԴ դատավորի պաշտոնում քաղաքական կեցվածք ունեցող մարդու ընտրության հարցին, որ օրակարգայնացավ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմամբ, ածանցվում էր նաև մեկ այլ համատեքստ՝ Բարձր դատարանն արդյոք ապաքաղաքական մարմի՞ն է։ Մինչ այդ, սակայն, հարկ է արձանագրել, որ պետությունն ինքնին քաղաքական ֆենոմեն է՝ ստեղծված Արիստոտելի ձևակերպած քաղաքական կենդանիների՝ մարդկանց քաղաքական միավորման շնորհիվ, տնօրինում է հանրային կյանքի ոլորտներն ու կոնկրետ պատասխանատվություն կրում դրանց (ինքնա)կազմակերպման համար։ Վերջինս իրականացվում է պետական իշխանության երեք ճյուղերի և դրանցից բխող ենթաճյուղերի միջոցով։ Հետևաբար՝ պետականին վերաբերող ցանկացած հարց ինքնին պոտենցիալ քաղաքական է, որովհետև, ինչպես Կարլ Շմիթթն է բանաձևում, պետությունը հենվում է իր քաղաքական բնույթի վրա։ Անգամ բառիմաստային նշանակությամբ կիրառելիս հաճախ են հնչում «տնտեսական քաղաքականություն», «սոցիալական քաղաքականություն» և այլ արտահայտություններ, որտեղ «քաղաքական» եզրն առկա է ինքնին։ Գալով ՍԴ-ի քաղաքական կամ ապաքաղաքական կերպի հարցին՝ նկատենք, որ դրա գոյությունն ինքնին քաղաքական համաձայնության հետևանք է. այն սպասարկում է կոնկրետ ոլորտի «քաղաքականություն» և հանդիսանում է քաղաքական ֆենոմենի ճյուղերից մեկի բարձրագույն ատյանը։ Միաժամանակ՝ «քաղաքականի» այս բնորոշումն աղերս չունի կուսակցականության, նեղ-կլանային (թեկուզև՝ քաղաքական իմաստով) պատկանելության, ինչ-որ խմբերի կամ անհատների շահերի սպասարկման հետ, այլ ընդամենը ենթադրում է կողմնորոշում ունենալ, հայացքներ ու կեցվածք ունենալ և, վերջապես, լինել հանրային։ Ավելին՝ ՍԴ-ի հիմնական գործառույթն իշխանության ճյուղերի միջև իրավարար լինելն է, իշխանության ճյուղերին որոշումներ պարտադրելն է, հետևապես՝ ինչպե՞ս կարող է մի մարմին բնույթով քաղաքական չլինել, նրա ղեկավարներն ու անդամները ապաքաղաքական լինեն, բայց պետության հիմնական քաղաքական մարմիններին որոշումներ պարտադրվեն նրանց կողմից։ ՍԴ-ի վճիռներն իրենց տեսակով անբեկանելի են, չեն կարող բողոքարկվել և պարտադիր են կատարման համար։ Աստ, ինչպե՞ս կարող է քաղաքական ֆենոմեն հանդիսացող պետության, ըստ էության, բարձրագույն իշխանությունը (նկատի ունենալով ժողովրդից ծագող իշխանության ինստիտուցիոնալ մակարդակում) լինել ապաքաղաքական։   Համակարգերի պետության օրինակը Բարձր դատարանի «քաղաքական» կերպի հարցի քննության համար իդեալական է ԱՄՆ-ի օրինակը, որը թերևս ամբողջ աշխարհում է համարվում համակարգային պետությունների մեջ լավագույններից մեկը։ ԱՄՆ-ում Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունն առաջադրում է նախագահը, իսկ վավերացնում է Սենատը։ Այնտեղ յուրաքանչյուր նախագահ նախընտրում է Գերագույն դատարանի դատավոր նշանակել իր քաղաքական հայացքներին համամիտ (ազատական, պահպանողական և այլն) գործչի։ Եվ ոչ ոքի մտքով չի անցնում այդ թեկնածուին մեղադրել ազատական կամ պահպանողական հայացքներ ունենալու, քաղաքական տեսության որևէ ճյուղի հարելու մեջ։ Ավելին՝ մամուլի և հանրության ուշադրությունը Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի հանդեպ գերազանցապես ուղղված է նրա հանրային ու բարոյական կերպարին՝ ինչպիսի՞ ներդրում է նա ունեցել հանրային կյանքի որակի բարելավման գործում և իր բարոյական նկարագրով արդյոք համապատասխանո՞ւմ է այդ բարձր դիրքին։ Մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվում թեկնածուի ունեցվածքը, սոցիալական կապերը, նախկին գործունեությունը, հայտարարությունները, ընտանիքը, շահերի նախկին ու հնարավոր բախումները։ Այսինքն՝ հանրությունը փորձում է պարզել, թե առաջադրված թեկնածուն իր արժեհամակարգով արդյոք ունա՞կ է պետության ճակատագիրը որոշող վճիռներ կայացնել, թե՞ ոչ։ Ի դեպ, բարձր դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման-հաստատման հարցն էլ է հաճախ վերածվում քաղաքական ձեռնամարտի, ինչպես տեղի ունեցավ Օբամայի կողմից Գերալդի, Թրամփի կողմից՝ Քավանոյի թեկնածությունների առաջադրման ժամանակ։ Ավելին՝ 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ բանավեճի առանցքային հարցերից մեկը Գերագույն դատարանի կազմի համալրումն էր, քանի որ դրանով պիտի էականորեն ուրվագծվեր պետության իրավաքաղաքական ապագան։ Վերջապես, երբ ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլյամ Հովարդ Թաֆթն իր նախագահությունից հետո ընտրվեց Գերագույն դատարանի նախագահ, դրանով ամենևին չխորտակեց ԱՄՆ-ի իրավական համակարգը՝ այդպիսով նաև ի ցույց դնելով այդ ատյանի իրական քաղաքական կշիռը։   Հայկական փորձը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական կամ ապաքաղաքական մարմին լինելու հարցի համատեքստում շեշտելի է դրա՝ որպես պետական ինստիտուտի կարևորագույն դերակատարությունը պետական-հանրային կյանքում և վերջինիս դրական կամ բացասական հաշվեկշիռը։ Ըստ այդմ՝ ինչպիսի՞ն է եղել Հայաստանի Հանրապետության  Սահմանադրական դատարանի հանրային դերակատարությունը նախորդ ավելի քան 25 տարիների ընթացքում, այն արդյոք ծառայե՞լ է հանրային շահին և, վերջապես, ինչպե՞ս է ստացվել, որ նախորդ տարիներին ՍԴ-ը մշտապես կայացրել է կոնկրետ մի նեղ խմբին հաճո որոշումներ։ Այս հարցերի պատասխանները արդյոք կհամոզե՞ն, որ այս ողջ ընթացքում ՍԴ-ն ցուցաբերել է քաղաքական կողմնակալություն՝ դիրքավորվելով հանրությանը հակառակ բարիկադում։ Արդյոք դա էլ կարո՞ղ է հանգեցնել այն մտքին, որ քաղաքականության ապաքաղաքականացման, անբարոյականացման, արժեզրկման այդ «երանելի ժամանակներում» ՍԴ-ն նույնպես կորցրել է «քաղաքականի» իր կերպը, տեղավորվել նեղ-կլանային, ընտանեկան-սոցիալական հարաբերություններում, հափշտակվել «հացի հարց լուծողի» կամ «ընտանիք պահողի» որկորով։ Տարիների հետևողականությամբ քաղաքական դաշտի ամայացման, քաղաքական գործիչների առքուվաճառքի, քաղաքական հարաբերությունների վարկաբեկման ողջ ընթացքում ՍԴ-ն ոչ միայն տարրալուծվել է գործընթացին, այլև դարձել է դրա հիմքերից մեկը։ Այլապես ինչպե՞ս բացատրել ՍԴ արդեն նախկին անդամ Ֆ. Թոխյանի ձևակերպումը, թե՝ «աշխարհում չկա մի սահմանադրական դատարան, որտեղ իշխանության հարց է լուծվել, ոչ մի տեղ չկա եւ չի էլ լինի։ Հարցը լուծվում է փողոցում, նոր միայն ՍԴ-ում, եթե լուծվում է»։ Ինչպե՞ս կարող է պետության բարձրագույն ատյանի անդամը նման պատկերացում ունենալ իշխանության ձևավորման մասին։ Եթե իշխանության հարցը որոշվում է փողոցում, այդ դեպքում՝ ո՞ւմ է պետք Բարձր դատարանն իր արբիտրային գոյաբանական իմաստով։ Այդ ինչքա՞ն ծանծաղ գիտելիքներ ունեին ամերիկյան քաղաքական գործիչները, պետական ինստիտուտները, Գերագույն դատարանն ու հանրությունը 2000թ., երբ ընտրական վեճը հասցրել էին Բարձր դատարան, որն էլ որոշեց Սպիտակ տունն ի պահ տալ ոչ թե Ալ Գորին, այլ Ջորջ Բուշին։ Բայց չէ՞ որ Սահմանադրությամբ ընտրությունների վիճարկման հարցում անբեկանելի վճռի իրավունքը պատկանում է ՍԴ-ին, իսկ ընտրությունները «չարագուշակ» մի պատահականությամբ և այդ նույն Սահմանադրությամբ, իշխանության հարցի որոշման միակ տարբերակն են, մինչդեռ փողոցը ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ նման մարմին՝ առնվազն Բարձր դատարանի անդամի պատկերացումներում։ Արդ, Թոխյանի ձևակերպումը ամենևին էլ վրիպում կամ մեկ անձի ընկալման արտահայտություն չէր, այլ մարմնավորումն էր Հայաստանում տասնամյակներով հաստատված այն մտայնության, որ իշխանության ճյուղերը, փոխզսպումների ու հավասարակշռման մեխանիզմները, իրավական պետությունը և նմանօրինակ այլ երևույթները սոսկ կեղծ կատեգորիաների շարքից են։ Հետևաբար, Բարձր դատարանի անդամի  կամա-ակամա ձևավորված այդօրինակ ընկալումն էլ գալիս է փաստելու, թե «ապաքաղաքական» հորջորջանքն իր բուն էությամբ որքան ապապետական է, նեղ խմբային ու նեղ անձնական։ Թվում էր՝ 2018 թվականը քանդեց «քաղաքականի» արժեզրկման արատավոր պրակտիկան, սակայն ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումն ու նրա հայտարարությունները, դրանց շուրջ ծավալված դիսկուրսը ցույց տվեցին, որ հայ հանրային-քաղաքական, թերևս նաև պետական միտքը շարունակում է չմարսել «քաղաքականի» ֆենոմենը։ Նախկինում հստակ հաշվարկով մեկնարկած, տարիների հետևողականությամբ հյուսված սարդոստայնը՝ հանրության մեջ քաղաքականության հանդեպ անտարբերություն սերմանելու, ապաև այն ատելության վերածելու և ի վերջո՝ պետությունից օտարելու մատրիցայով, ոչ միայն չի կոտրվել, այլև պահպանում է տիրակայողի իր կարգավիճակը։ Որո՞նք են այս ամենի պատճառները, ինչպե՞ս լուծել «քաղաքականից» չվախենալու և կեղծ ապաքաղաքականացման տեղապտույտից խուսափելու խնդիրը։ Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով մարտահրավեր եմ նետում Աղասի Մարգարյանին։
19:35 - 18 օգոստոսի,2020
Տուրիզմն ու ժամանակը [Challenge 3.5 | Հայարփի Օհանյան]

Տուրիզմն ու ժամանակը [Challenge 3.5 | Հայարփի Օհանյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Հայարփի Օհանյանը, ընդունելով Վահագն Վադումյանի՝ «Հայաստանի «զբոսաշրջային ուտոպիան» [Challenge 3.4]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։ Հոդվածում տեղ գտած քննադատական մտքերը նպատակ ունեն ոչ թե նսեմացնելու տուրիզմի՝ կովիդից առաջ գոյություն ունեցող ձևերն ու բնույթը, այլ, հաշվի առնելով անհերքելիորեն փոփոխվող աշխարհի նորացվող և դեռևս շատերիս անհայտ պահանջները, ինչպեսև վաղ թե ուշ կայուն զարգացմանն անցնելու անխուսափելիության իրողությունը, միտված են նոր ձևեր ու ձևաչափեր փնտրելուն: Աշխարհը, կարծում եմ,  այլևս երբեք նույնը չի լինելու,  տուրիզմը՝ նույնպես: Ուրեմն, ժամանակի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է այն դիտարկել անաչառ կողմնակի դիտորդի տեսանկյունից, վերլուծաբար հետ նայել՝ անցյալի «արկղային» սահմանափակող մտակաղապարները դեն նետելու համար: 2018թ. Հոլանդիայում ես և ամուսինս  մասնակցում էինք Spotted by Locals տուրիստական հավելվածի բլոգերների, այսպես ասած, ուիքէնդին՝ որպես հավելվածի Երևան քաղաքի բաժնի բլոգերներ: Ծրագրել էինք հավաքի ավարտից հետո գնացքով մեկնել Գերմանիա, որտեղ երկու շաբաթից ավել ազատ ժամանակ էինք ունենալու: Հոլանդիայից մեկնելու օրը մի ֆրանսիացի, որը սեփական  մեքենայով էր եկել Հոլանդիա և չէր ցանկանում միայնակ վերադառնալ, մեզ առաջարկեց իր հետ մեկնել Փարիզ ու մի գիշեր անցկացնելուց հետո նոր գնալ մեր նախատեսած ուղղությամբ: «70 եվրոյով կարող եք Փարիզի կենտրոնից ոչ հեռու Իբիս հյուրանոցում մի գիշեր մնալ»,- ասաց ֆրանսիացին: Մենք սկսեցինք մտածել այս հնարավորության մասին. մի ճամփորդության ընթացքում կլինեինք 3 երկրում, և ավելին, կտեսնեինք «սիրահարների մայրաքաղաք»  Փարիզը: Իհարկե թարմ սիրահարների համար սա չափազանց գայթակղիչ առաջարկ էր, բայց միայն մի քանի րոպե մնացինք գաղթակղության տիրույթում: Միանգամից հիշեցինք մեր բոլոր զրույցներն այսպես ասած «արագ տուրիզմի» կամ «սպառողական տուրիզմի» մասին, որտեղ միշտ քննադատել ենք իրար հետևից երկրները «սպառող» ժամանակակից տուրիստներին: Մոտավորապես պատկերացրինք, թե ինչ վազք է մեզ սպասում և մերժեցինք մեր ճամփորդությունների ցանկում ևս մի երկիր ավելացնող առաջարկը՝  մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ թեկուզ միայն հանուն ինստագրամյան նկարների՝ արժեր: Որովհետև մի օրով մեգապոլիս կամ որևէ երկիր այցելությունը նման է նրան, որ հայտնվես հյուսիսափայլի մոտ, բայց հորիզոնը կամ երկինքը չտեսած՝ հետ դառնաս: Ժամանակակից տուրիստների մեծամասնությունը, իհարկե, այդպես էլ չի տեսնում «հյուսիսափայլը»: Նրանք ժամանում են մի երկիր, աշխատանքային պարտականության նման արագ-արագ այցելում must-see տեսարժան վայրերը, որպեսզի հասցնեն այցելել հաջորդ երկիրը: Որպես սպառողական հասարակության մեջ ծնված և ձևավորված անհատներ՝ զբոսաշրջիկները դրսևորում են նույն սպառողական վարքն անգամ հուշարձան, սրբավայր այցելելիս: Միջին զբոսաշրջիկի նպատակն է տեսնել հնարավորինս շատ հուշարձաններ ու տեսարժան վայրեր՝ անկախ ստացած ինֆորմացիան ընկալելու, մարսելու կարողությունից (լինի տեսողական, թե լսողական, նույնիսկ՝ զգայական):  Մեկը մյուսի հետևից սպառելով հուշարձանները, նա զրկում է իրեն ամենաթանկից՝ երկար սպասված հանգիստը վայելելուց, որը պիտի ենթադրեր մի վայրում երկար մնալը, երկրի համն առնելն  ու զգալ «այստեղ և հիմա»-ի հմայքը։ Փոխարենը նրանք, ինչպես սև ուրբաթի փակվող սուպերմարկետից մի բան ավել թռցնող հաճախորդներ, ընտրում են «էլ ի՞նչ մնաց ստանալու էս ճամփորդությունիցը»: Արագ ճամփորդելով՝  արագացնում ենք առանց այդ էլ շատ արագացած կյանքը: Միշտ զարմանքով եմ նայել 10 օրում 3 երկիր այցելող տուրիստներին, որոնք, մինչև Հայաստան ժամանելն արդեն Ադրբեջանն ու Վրաստանը մի լավ «սպառած» են լինում ու ծայրաստիճան հոգնած։ Հայաստանում մեքենայի մեջ եղած ժամանակը նրանք հիմնականում քնած են անցկացնում՝ բաց թողնելով իրար հաջորդող ու  այդքան արագ փոփոխվող գեղանկարչական  լանդշաֆտները, որոնց այսպիսի փոքր տարածքում այդօրինակ բազմազանությունը շատ քիչ երկրներում կարելի է տեսնել: Ամեն անգամ նայում եմ քնած տուրիստներին ու անկեղծ կարեկցում: Ինչպե՞ս կարելի է ողջ տարին խնայած գումարը ծախսել, տուրիստական փաթեթ գնել և արձակուրդն անցկացնել  պարտականության վերածվող “to see” ցանկով: Սա շատ նման է առօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությանը նաև այն բանով, որ  ստանդարտ տուրիստների մեծ մասը ժամանակի զգալի հատվածը վատ կազմված կամ սեփական կամքով ընտրված  փաթեթների պատճառով անցկացնում է տրանսպորտի մեջ՝ ինչպես աշխատանքի գնացող մեգապոլիսների բնակիչները: Մի անգամ Հնդկաստանից զբոսաշրջիկներ ունեի, որոնք Վրաստանից գնացքով ժամանեցին Հայաստան: Նրանք ունեին ընդամենը 5 օր՝ այսպես կոչված Անդրկովկասի 3 երկրները տեսնելու համար: Վերջին օրը բաժին էր հասել Հայաստանին: Ժամանելով գիշերային գնացքով՝ նրանք ըստ ծրագրի պիտի նախաճաշեին ու Էջմիածին-Երևան սիթի տուր «անեին»՝ ընթացքում նաև հյուրանոցում չեք-ին լինելով: Թբիլիսի-Երևան գնացքի անհարմարությունը, անքուն գիշերը, հապճեպ ճամփորդության «կողմնակի հետեւանքներն» արդեն հնդիկ ամուսիններին ուժասպառ էին արել: Այդպիսի պայմաններում ընդամենը մեկ օր անցկացնելով Հայաստանում՝ նրանք դժգոհ ու նեղացած հեռացան: Նեղացած, որովհետև, չնայած իրենց հոգնած ու կիսաքուն վիճակին, նրանք այնուամենայնիվ, բավականաչափ ճամփորդած լինելով, գիտեին, որ մայրաքաղաքներն ունենում են պատմական հատված՝  «օլդ թաուն»: Բնականաբար իրենց խոնարհ ծառա զբոսավարը, այսինքն՝ ես, չկարողացավ բավարարել «օլդ թաուն»-ը տեսնելու նրանց պահանջը: Լավագույն դեպքում Կոնդ կամ Ֆիրդուս պիտի ուղեկցեի՝ լավ իմանալով, որ դա այն «օլդ թաունը» չէ, ինչը որ ակնկալում էին տեսնել (վերջապես, նրանք տեսել էին Թիֆլիսի հին քաղաքը, իսկ Բաքվում, անկեղծ ասած չգիտեմ ինչ են հրամցնում որպես հին քաղաք): Աբովյան փողոցի մի քանի պատմական շենք ցույց տալուց հետո ես նրանց ուղեկցեցի հյուրանոց և հրաժեշտ տվեցի՝  հերթական անգամ մտքումս Երևանի բախտը ողբալով: Ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Երևանում, նրանք մեկնեցին՝ ժամանակի սղության, ինչպես նաև եղանակի պատճառով այդպես էլ   չտեսնելով Հայաստանի մայրաքաղաքի  իսկական «հյուսիսափայլը»՝ Արարատը: Փաստորեն ամենաարագ ճամփորդող զբոսաշրջիկներն ակնկալում են տեսնել ամենահիմնական,  ամենամեյնսթրիմ «պրոդուկտները», որոնցից է «հին քաղաք» կոչվածը: Նշանակում է՝ մենք պատրաստ չե՞նք այսքան  «արագ զբոսաշրջիկներին» գոհացնել, քանի որ չունենք «օլդ թաուն»: Իրենց հերթին, նման զբոսաշրջիկները  ո՛չ ժամանակ և հաճախ ո՛չ էլ այնքան աշխարհայացք  ունեն, որ գնահատեն Երևանին հատուկ առավելությունները: Թերևս այդ առավելություններից մնացել է միայն Արարատի պատկառելի տեսարանը, որն  արդեն քաղաքի շատ քիչ վայրերից է լիարժեք երևում: Վերը նկարագրված օրինակը շատ լավ պատկերում է, որ ճամփորդությունը մերօրյա զբոսաշրջիկի համար դարձել է աշխատանքի պես հոգնեցուցիչ մի բան: Չնայած, երբ ծանոթանում ենք «travel» բառի ստուգաբանությանը, ժամանակակից զբոսաշրջիկի ուժասպառ պատկերը մի փոքր ավելի պարզ է դառնում:  Նույնիսկ կարող ենք միստիկա փնտրել ճամփորդության երևույթի և այն բնութագրող բառի, այսինքն՝«travel»-ի  մեջ, որը  սկզբնապես ծագում է «travail» բայից (անգլերենից թարգմանաբար նշանակում է ծանր, տաժանակիր աշխատանք կատարել): Առաջին հայացքից այս բառը կապ չունի ճամփորդության իրական իմաստի  հետ, սակայն եթե հիշենք, թե միջնադարում (travail բառը մեզ հայտնի է 14-րդ դարից)  որքան դժվար էր ճամփորդելը, ամեն ինչ իր տեղն է ընկնում: «Travail»-ը սկզբնապես ուներ բարոյագիտական նպատակ՝ ընդլայնել անձնական փորձառությունը և երևակայությունը: Եթե մերօրյա զբոսաշրջիկների շրջանում (նկատենք, որ հատուկ օգտագործում եմ «զբոսաշրջիկ», այլ ոչ թե «ճամփորդ»  բառը) հարցում կատարենք, թե որն է նրանց ճամփորդության նպատակը, նրանք մեծամասամբ կնշեն, որ, ի թիվս այլ բաների, նաև ցանկանում են հարստացնել անձնական փորձառությունը: Սակայն ի՞նչ փորձառություն կարող են ստանալ ժամանակը տրանսպորտի մեջ անցկացնելով և տեղացիների հետ համարյա չշփվելով: Նրանց փորձառությունն արտահայտվում է, փաստորեն, ոչ թե իրական միջավայրի ու մարդկանց հետ շփումով (որը հենց կլիներ իրական փորձառություն), այլ հիմնականում սահմանափակվում է «տուրիստական ապրանք» փաթեթավորմամբ հրամցված վայրեր շնչակտուր այցելություններով, որոնք հաճախ լի են տեղական պսևդոմշակույթի տարրերով: Հայաստանի դեպքում դրա ամենագլխավոր տարրերից մեկը Թուրքիայում արտադրված հայկական զարդանախշերով կտորների անխնա կիրառությունն է տարբեր վայրերում: Երբ վերոնկարագրյալ զբոսաշրջիկներին հարցնում եք, թե արդյոք նորի՞ց կայցելեն Հայաստան, նրանք, անկախ իրենց գոհ լինելու կամ չլինելու հանգամանքից, պատասխանում են. «Դե աշխարհում դեռ այնքա՜ն երկրներ կան  այցելելու»: Աշխարհի բոլոր երկրներում լինելու մոլուցքը շատ հաճախ ոչ թե բնական հետաքրքրասիրությամբ է պայմանավորված, այլ սոցցանցային մրցակցությամբ: Զբոսաշրջիկներից մեկը վրդովված պատմում էր, որ իր ընկերն ինստագրամում հայտարարել է, թե 150-րդ երկրում է արդեն լինում: «Գիտե՞ս, նա ամեն երկրում մեկ օր է մնում, բայց ախր գոնե 3 օր չանցկացնե՞ս մի երկրում, որ երկրի համը ճաշակես, տեղացիների հետ շփվես ու խոհանոցին ծանոթանաս»: Իր ճամփորդական ոճում  մեկօրյա այցերը բացառելով՝ նա այսպիսով հաջողացրել էր 150-ի փոխարեն 100 երկրում լինել՝ ամեն երկրին գոնե 3 օր նվիրելով: Իսկ թե այդ 3 օրերի ընթացում նրան ինչքանով հաջողվեց ծանոթանալ հայկական 40 շերտանոց փախլավայի պես բազմաշերտ մշակույթին՝ միայն ես կարող եմ ասել՝ որպես մեր մշակույթին ներսից ծանոթ անձնավորություն և զբոսավար: Համաշխարհային կարանտինի ժամանակ համոզվեցինք, որ աշխարհը կարիք ուներ զբոսաշրջիկներից «արձակուրդ վերցնելու»: Կովիդի թելադրանքով մարդկությունը տեսավ զանգվածային տուրիզմի թողած բացասական  ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ արդեն դրա իսպառ բացակայության պայմաններում: Overtourism-ից հանգստացող աշխարհը մտածում է նոր ձևերի մասին, որպեսզի հետկովիդյան զբոսաշրջությունը չկրկնի մինչ համաճարակը գոյություն ունեցած իրադրությունը: Հայաստանում դեռ overtourism չկար, սակայն Հայաստանը փոքր երկիր է,  և տուրիստական երթուղիները տարբեր զբոսաշրջային գործակալությունների առաջարկած փաթեթներում հիմնականում կրկնում են իրար, ինչի հետևանքով որոշ վայրեր անցած տարի արդեն կանգնած էին overtourism-ի փաստի առաջ: Մինչ կվերականգնենք կաթվածահար եղած զբոսաշրջությունը կովիդի ալիքից, անհրաժեշտ է պետական մակարդակով միջոցառումներ ձեռնարկել տուրիստական վայրերում խցանումները բացառելու համար: Ինչքան էլ որ գառնեցին կախված լինի զբոսաշրջիկից, չպետք է թույլ տանք, որ նա տոքսիկ (թունավոր) հարաբերություններ զարգացնի զբոսաշրջիկների հետ, այսինքն՝ առանց նրանց ապրել չկարողանա, բայց և միևնույն ժամանակ անտանելի կյանք ունենա նրանց հետ, ինչպես նաև չպետք է թույլ տանք, որ Գառնու ձորում գտնվող «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանը, որ բնակչությանը հայտնի է «Քարերի սիմֆոնիա» անվամբ, դառնա հյուսիսային պողոտա՝ թեկուզ հենց վերջերս վերանորոգած ճանապարհի պատճառով:  Ինչպես Վահագն Վարդումյանն է նշում իր հոդվածում. «Պատմամշակութային հուշարձանների մասին էլ ոչ ոք չի մոռացել 2027-ին, դեռ ավելին, կարող ես նախապես որոշել, թե դու ո՞ր օրն ու ի՞նչ ժամի ես ուզում այցելել տվյալ ֆիզիկապես գոյություն ունեցող կամ վաղուց քանդված հուշարձանը (այս վերջինն արդեն AR/VR տարբերակով)՝ ելնելով քո ընտրած ժամանակահատվածում տվյալ վայրում այցելուների հնարավոր քանակից»: Այցելուների քանակի կառավարումը շատ կարևոր է նաև հուշարձանների և բնապահպանության տեսանկյունից: Զբոսավարը ոչ հսկիչ է, ոչ դայակ, և ոչ էլ առավել ևս գերմարդ է, որպեսզի կարողանա հսկել հուշարձանը փչացնել փորձող տուրիստներին հատ-հատ, երբ նա ունի 40 հոգուց բաղկացած խումբ և չունի գոնե մեկ օգնական: Մի անգամ ականատես եմ եղել հուշարձանի տարածքում միզել փորձող կորեացի զբոսաշրջիկի և, որպես դեպքի ականատես ու մտահոգ անձ, դիմել եմ համապատասխան մարմնին՝ խնդրանքով, որպեսզի ինչ-որ կանոնադրություն կամ օրենքների համակարգ մշակվի: Մեր երկիր մտնող զբոսաշրջիկը պետք է  նախապես տեղեկացվի հուշարձաններն ու բնությունը պահպանելու նպատակ հետապնդող հատուկ կանոնների մասին, և պետք է գործեն պետական մեխանիզմներ՝ թեկուզեւ տուգանքների տեսքով՝ անցանկալի վարք դրսևորող զբոսաշրջիկներին պատժելու համար, որպեսզի նման բաներն առհասարակ հետագայում կանխվեն:    Հաջորդ կարևոր խնդիրը, որն առաջանում էր մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու հետևանքով, իմ կարծիքով, Հայաստանի պարագայում պլաստիկ շշերի չվերահսկվող քանակով աղբ դառնալու հանգամանքն է: Հայաստանը քաղցրահամ ջրի երկիր է, և ինչպես բոլորս գիտենք, համարյա ամենուր հանգիստ կարող ենք խմել ծորակի ջուրը: Սակայն մենք զբոսաշրջիկներին չենք կարող առաջարկել ունենալ սեփական տարաները  և դրանք վերալցնել   ջրով:  Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունը տարեցներ են, որոնք անպայման ունենում են ստամոքսի հետ կապված խնդիրներ: Այս հանգամանքը սեփական տարաները վերալցնելը գրեթե անհնար է դարձնում, ինչի հետևանքով տուրիզմը դառնում է նաեւ պլաստիկ շշեր «արտադրող» ինդուստրիա: Քանի անգամ ենք զբոսավարներով ականատես եղել տուրիստական տարբեր վայրերին հարակից տարածքներում, իբր «չերևացող վայրում» բնության մեջ հենց ավտոբուսից թափված պլաստիկ շշերի կույտերի: Ճիշտ է, կան վայրեր, օրինակ՝ Նորավանքը,  որտեղ հենց պլաստիկ շշերի համար առանձնացված արկղեր ունենք, սակայն որքանո՞վ ենք վստահ, որ այդ շշերը հասնում են վերամշակողներին: Անցած տարի տուրիստական ընկերություններից մեկը, որի հետ համագործակցում եմ, փորձեց կապ հաստատել տեղական վերամշակող մի ընկերության  հետ՝ պայմանավորվելու համար, որպեսզի օգտագործված պլաստիկ շշերը անմիջապես հանձնեն նրանց, սակայն բազմաթիվ տեխնիկական խնդիրների պատճառով  այդ հրաշալի գաղափարը իրագործել չհաջողվեց, այնինչ դա կարող էր զբոսաշրջիկների համար շատ  գրավիչ մի բան լինել: Վերջերս հոլանդացի տուր-լիդերներից մեկն ինձ ուղարկել է Բոթսվանայում պատրաստված շատ գեղեցիկ ու գունագեղ ականջօղեր՝ պլաստիկ տարաների խցաններից պատրաստված: Այնքան սիրով ու հուզմունքով եմ կրում այդ վերամշակված ու ձեռագործ ականջօղերը, ինչպես օրինակ, պատկերացնում եմ, Հոլլին՝ «Նախաճաշ Թիֆանիի հետ» ֆիլմի հերոսուհին, կկրեր  «Թիֆանի» ֆիրմայի ականջօղերը: Երևակայեք, զբոսաշրջիկը ժամանում է հերթական այցելավայրը,  իջնում է ավտոբուսից և դատարկ պլաստիկ շիշը իր ձեռքերով հանձնում է վերամշակողի ներկայացուցչին ու ինչ-որ տեղ՝ լինի կրպակ թե փոքրիկ  արվեստանոց, տեսնում է շշերից պատրաստված վերամշակված իրերը, որոնց պատրաստման  մեջ հենց տեղացիներն են ներգրավված: Սա ինքնին կդառնա տուրիստական գրավչություն, որովհետև ապագայի զբոսաշրջիկը անպայման հետևելու է, որպեսզի հնարավորինս նվազեցնի իր ճամփորդության հետևանքով առաջացած բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Իսկ պլաստիկը այդ բացասական ազդեցությունների ընդամենը մի փոքրիկ օրինակն է: Հայաստանը որպես պետություն պետք է ամեն ինչ անի, որպեսզի գրավի հենց այս՝ որակապես նոր զբոսաշրջիկներին՝ էթիկական ճամփորդներին: Այսպիսի ճամփորդները չեն ուտում ծովամթերք Երևանում՝ ծով չունեցող երկրի մայրաքաղաքում, չեն փնտրում հավի թևիկներ, կոլա և ֆրի Գառնիում, չեն գայթակղվում Գորիսի շաուրմայով՝ ժենգյալով հացը թողած: Նրանց նպատակն է փորձել տեղականը, սատարել տեղացու փոքր բիզնեսը, ուսումնասիրել միայն տվյալ վայրին հատուկ մշակույթը, ապրել տեղացու իսկական օրով, որը հարմարեցված չէ միջազգային տուրիստական պահանջներին: Նրանք ցանկանում են վստահ լինել, որ իրենց գործողություններով չեն նպաստում կլիմայական փոփոխություններին և աջակցում են կայուն զարգացման ծրագրերին: Նրանք չեն շտապելու տեսնել Հայաստանի բոլոր հնարավոր և անհնար տուրիստական վայրերը, բայց անպայման  տեսնելու են  «հյուսիսափայլը»: Հետգրություն․ թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Նանե Խաչատրյանին։
22:06 - 17 օգոստոսի,2020
Ազգայնականության ծագումը [Challenge 13.1 | Հրայր Մանուկյան]

Ազգայնականության ծագումը [Challenge 13.1 | Հրայր Մանուկյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Ազգայնականությունը ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գաղափարախոսություններից ու հոսանքներից է։ Այն, լիբերալիզմի նման, առաջացել է  ինքնիշխան (սուվերեն) պետությունների ստեղծման ու բացարձակ միապետության գաղափարական փլուզման հետևանքով։ Ինքնիշխան պետություններն առաջացել են 17-րդ դարի Վեստֆալյան խաղաղության պայմանագրի (1648թ.) կնքմամբ։ Հենց նույն ժամանակ էլ սաղմնավորվել են բացարձակ միապետությունների գաղափարական հենքը խարխլող լիբերալ գաղափարները։ Ազգայնական առաջին հիմնական գաղափարներն ծագել են ավելի ուշ՝ 18-րդ դարի վերջում։                 Այս հոդվածը այն մասին է, թե ինչ է ազգայնականությունը, թե ինչու և ինչպես է այն առաջացել։ Հոդվածի առաջին մասը վերաբերում է այն միջավայրին, որտեղ ծագեցին ազգայնականության գաղափարները։ Երկրորդ մասը այն մասին է, թե ինչ են ազգերն ու ազգայնականությունը։ Երրորդ մասում հակիրճ անդրադառնում եմ ազգայնականության ծագման վերաբերյալ որոշ անհամաձայնությունների։ Վերջում ամփոփում եմ ու նախանշում ազգայնականության մասին հաջորդ հոդվածիս բովանդակությունը։   Սուվերենության հաստատումը, բազմալեզու ու բազմաէթնիկ միջավայրը Միջնադարում տարածված էր այն համոզմունքը, ըստ որի թագավորների իշխանությունը Աստծուց է։ Այդ պատճառով Հռոմի պապն ու հոգևորականները Եվրոպայում, հատկապես 11-15-րդ դարերում, ահռելի քաղաքական իշխանություն ունեին։ Եվրոպան, և հատկապես՝ Հռոմեական Սրբազան Կայսրությունը, բաժանված էր մանր ու մեծ կիսաանկախ և (ժամանակակից ընկալմամբ) կիսապետական միավորների, այնպես, որ գրեթե բոլորի վրա Կաթոլիկ եկեղեցին այս կամ այն չափով իշխանություն ուներ։   16-րդ դարում առաջացան բողոքական կրոնական շարժումներ՝ հակադրվելով կաթոլիկությանը։ Այդ շարժումների ուժեղացումը հանգեցրեց մի շարք կրոնական պատերազմների, որոնց գագաթնակետը 1618-1648թթ. երեսնամյա ավերիչ պատերազմն էր։ Այդ պատերազմը վերջում կորցրեց իր կրոնական բովանդակությունը ու գրեթե կիսով չափ դատարկեց Եվրոպան (ԲունTV 2020)։ Ուժասպառ եղած կողմերը որոշեցին նոր քաղաքական կարգ ստեղծել՝ հիմնված ինքնիշխան պետությունների վրա։ Արձանագրվեց, որ 1) այսուհետ պետությունն ինքն է որոշում, թե իր տարածքի բնակիչներն ինչ կրոն(ներ)ի հետևեն և 2) միայն պետությունն է բնակչության վրա  բացարձակ իշխանություն ունեցողը, այն է՝ ուժ կիրառելու մենաշնորհ ունեցողը։ Եկեղեցին ու կրոնական խմբավորումները, այսպիսով  զրկվեցին ուժ կիրառելու  իրավունքից, հիմք դրվեց նաև կիսաանկախ-կիսապետական միավորների թուլացման ու վերացման համար։ Վեստֆալյան ինքնիշխանություն կոչվող այս նոր քաղաքական աշխարհակարգը, որոշ կարևոր փոփոխություններով, գործում է մինչ օրս։      Վեստֆալյան ինքնիշխանության հաստատմանը զուգահեռ՝ Եվրոպայում շատերը սկսեցին այլևս չհավատալ թագավորների իշխանության աստվածայնության թեզին։ Ծնվեց լիբերալիզմի հիմքում ընկած սկզբունքը, ըստ որի, իշխանությունը ոչ թե Աստծուց է, այլ ժողովրդից է՝ մարդկանցից է։ Հասարակ մարդիկ, որ դարերով արհամարհված ու անտեսված էին փիլիսոփաների ու կրթված էլիտայի կողմից, աստիճանաբար սկսեցին հետաքրքրություն ներկայացնել։ Հետաքրքրություն առաջացավ նրանց լեզվի, ավանդույթների ու առասպելների նկատմամբ։ Պարզվեց, որ պետություններից յուրաքանչյուրում սփռված էին հազարավոր լեզվական ու բարբառային խմբեր, որոնք հաճախ չէին հասկանում միմյանց լեզուն։ Կառավարչական լեզուն այլ էր, հոգևորականներինը՝ այլ, առևտրականներինը՝ այլ, իսկ տարբեր գյուղերում ու քաղաքներում՝ այլ։ Կային նաև հազարավոր էթնիկ խմբեր։ էթնիկ խումբ ասելով նկատի ունեմ համատեղ անցյալի մասին պատկերացումներով միավորված խումբ, որի անդամները երբեմն (բայց՝ ոչ միշտ) ունենում են նաև նույն կրոնը և (կամ) լեզուն և (կամ) մշակույթը։ Պատմաբան Էրիկ Հոբսբաումը փաստագրել է այդ դարերի Եվրոպայում տարածված լեզվական ու էթնիկական խմբերի մասին տվյալներ։ Օրինակ՝ այն խմբերը, որոնց կրթված էլիտան խոսում էր այսօրվա գերմաներենին մոտ լեզվով, սփռված էին ոչ միայն Կենտրոնական Եվրոպայում, այլև ողջ Արևելյան Եվրոպայում՝ մինչև Բալթյան երկրներ (Hobsbawm 1992: 47)։ Է՛լ ավելի մեծ սփռվածություն ունեին իրենց հրեա համարող էթնիկ խմբերը, որոնք, սովորաբար,  խոսում էին ոչ թե հիբրու լեզվով, այլ իրենց բնակության վայրում տարածված լեզուներով։ Հայերս ևս սփռված էինք ոչ միայն Ռուսական ու Օսմանյան կայսրությունների տարածքներում ու Պարսկաստանում, այլև Կալկաթայից մինչև Վիեննա ու Ամստերդամ  ընկած զանազան բնակավայրերում։ Հայ հոգևորականության դասը գրում էր գրաբարով, որը չէին հասկանում հասարակ մարդիկ, որոնք հիմնականում հաղորդակցվում էին իրենց տեղական բարբառներով, երբեմն էլ հայ առևտրականների լեզվով՝ աշխարհաբարով։ Հենց այս բազմալեզու ու բազմաէթնիկ միջավայրում էլ Եվրոպայում տարածվեց իշխանության՝ ժողովրդին պատկանելու թեզը՝ լիբերալիզմի գլխավոր համոզմունքներից մեկը։ Քանի որ յուրաքանչյուր կայսրությունում բնակվում էին բազմաթիվ էթնիկ ու լեզվական խմբեր, ժողովուրդ ասելով առաջին լիբերալ փիլիսոփաները նշանակություն չէին տալիս մարդկանց լեզվական կամ էթնիկ տարբերություններին։ Լիբերալիզմի մյուս գլխավոր համոզմունքը, սակայն, այն էր, որ, ինչպես նշել էի նախորդ հոդվածում,  մարդիկ պայմանավորվում են իրենց իրավունքների ու դրանք պաշտպանող մեխանիզմների շուրջ։ Իսկ որպեսզի գործնականում մարդիկ կարողանան նման պայմանավորվածություններ ձեռք բերել ու իրագործել, նրանք նախ պետք է գոնե հասկանան իրար։ Այդ պատճառով աստիճանաբար տարածվեց նաև այն համոզմունքը, ըստ որի՝ նոր տիպի պետության մեջ բոլորը պետք է խոսեն նույն լեզվով։   Օրինակ՝ 1789 թվականի հեղափոխության ժամանակ «ճիշտ» ֆրանսերենով խոսում էր Ֆրանսիայի բնակչության 12-13%-ը, իսկ մոտ 50%-ը ընդհանրապես չէր հասկանում ֆրանսերեն (Hobsbawm 1992: 60)։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, սակայն, «ճիշտ» ֆրանսերեն սովորելը, լիբերալ պետության սկզբունքները յուրացնելուն զուգահեռ, դարձավ պարտադիր պայման՝ Ֆրանսիայի քաղաքացի դառնալու համար (Hobsbawm 1992: 21)։ Ֆրանսիայի կենտրոնական հատվածում տարածված ու քաղաքական կշիռ ունեցող կրթված խմբերի բարբառը դարձվեց «ճիշտ» կամ գրական ֆրանսերեն ու սկսեց պարտադրվել բնակչությանը՝ վարչական լծակներով և (ավելի ուշ) հանրակրթության միջոցով։ Ստանդարտ լեզվի ու նրա քերականության ստեղծման ու պարտադրման գործընթացներ սկսվեցին գրեթե բոլոր պետություններում։ Այդ գործընթացը տևեց մինչև 20-րդ դարի սկիզբ։ Որպես կանոն, գրական-պաշտոնական լեզու էր դառնում կառավարող էլիտայի լեզուն, երբեմն էլ միասնական լեզուն ստեղծվում էր մի քանի բարբառների միախառնմամբ (Hobsbawm 1992: 54, 62; Miller 1995: 33)[1]։     Ազգերն ու ազգայնականությունը՝ որպես նոր երևույթ Այսպիսով՝ լիբերալիզմը ենթադրում էր, որ պետության բնակիչները պետք է առնվազն լեզվական ընդհանրություն ունենան, որպեսզի կարողանան իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին պայմանավորվեն և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչեն։ Այլ կերպ ասած՝ լիբերալիզմի համար  բնակչության ընդհանրությունը նրա համար էր, որ ծառայի իրավունքների մասին պայմանավորվելուն։ Սկզբունքորեն, եթե հնարավոր լիներ (լինի) պայմանավորվել իրավունքների շուրջ՝ առանց լեզվական կամ այլ ընդհանրության, լիբերալիզմը չէր (չի) կարևորի այդ ընդհանրությունները։ Իսկ ազգայնականությունը կարևորում է բնակչության (լեզվական կամ այլ) ընդհանրության գաղափարը, սակայն, հակառակ լիբերալիզմի, երկրորդական է համարում կամ ամբողջությամբ դեն է նետում իրավունքների շուրջ պայմանավորվելու սկզբունքը։ Մինչ ազգայնականությունը սահմանելը, վերադառնանք 18-19-րդ դարեր։ Ընդհանուր առմամբ, երկու տիպի գործընթաց էր տեղի ունենում։ Առաջին տիպի գործընթացը բնորոշ էր հատկապես ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, երբ բազմաթիվ էթնիկ ու լեզվական խմբեր խառնվեցին իրար՝ մեկ պետության մեջ, որից հետո ձևավորվեցին լեզվական և այլ ընդհանրություններ այդ խմբերի միջև։ Այս դեպքում՝ ազգ կարելի է համարել լեզվական և այլ ընդհանրություն ունեցող այն մարդկանց խումբ, որի անդամները ունեն համատեղ պետություն։ Երկրորդ տիպի գործընթացը բնորոշ էր հիմնականում գերմանացիներին և Արևելյան Եվրոպայի բնակչությանը, ինչպեսև՝ հրեաներին ու հայերիս։ Այս դեպքում լեզվական կամ էթնիկ ընդհանրություն արդեն ունեցողների խումբը պահանջեց ու ստեղծեց իր սեփական պետությունը։ Այս իմաստով՝ ազգ կարելի է համարել լեզվական, էթնիկական կամ այլ ընդհանրություն ունեցող այն խմբին, որը հստակ պահանջ է ձևակերպում՝ ունենալու իր առանձին պետությունը (Miller 1995: 19)։ Միացնելով ազգի վերաբերյալ այս երկու ընկալումները՝ կարելի է ասել, որ ազգը լեզվական կամ էթնիկական և այլ ընդհանրություն ունեցող մարդկանց խումբն է, որը պահանջում է կամ արդեն ունի առանձին պետություն։ Այս սահմանման մեջ ամենակարևորը այն է, որ ազգ հասկացությունը անբաժանելիորեն կապված է պետություն հասկացության հետ։ Ազգը ունի կամ ձգտում է ունենալ առանձին պետություն (կամ գոնե ինքնավարություն), ի տարբերություն լեզվական կամ էթնիկ խմբի։ Լեզվական կամ  էթնիկ խմբերը 18-19-րդ դարերում, ինչպես արդեն նշվեց, հազարներով էին հաշվվում (Gellner 1983: 44-45)։ Նրանցից ոչ բոլորը սեփական պետություն ունենալու պահանջ ներկայացրեցին (Miller 1995: 21)։ Այլ կերպ ասած՝ նրանցից ոչ բոլորը ազգ դարձան։ Իսկ հստակ պահանջ ձևակերպողներից (ազգ դարձածներից) էլ ոչ բոլորը հաջողեցին ստեղծել իրենց առանձին պետությունը։    Ազգայնականությունը ևս, ազգ հասկացության նման, սկզբի համար կարելի է ընկալել երկու իմաստով։ Առաջին՝ ազգայնականությունը պետության բնակիչների համար լեզվական և այլ ընդհանրություն ձևավորող ու պահպանող համոզմունքն ու գործողություններն են։ Այս դեպքում ազգայնականությունը կարծես թե նույնանում է լիբերալիզմի հետ, քանի որ լիբերալիզմը ևս, որպես կանոն, ենթադրում է լեզվական կամ այլ ընդհանրություն։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշել էի, լիբերալիզմի դեպքում այդ ընդհանրությունը ընդամենը միջոց է՝ հասնելու համար գլխավոր նպատակին՝ իրավունքների շուրջ (հեշտ) պայմանավորվելուն։ Իսկ ազգայնականության դեպքում կարևորը կամ նպատակը հենց ընդհանրությունն է։ Երկրորդ իմաստով՝ ազգայնականությունը լեզվական կամ այլ  ընդհանրություն արդեն ունեցողների համար առանձին պետություն (կամ գոնե՝ ինքնավարություն) ստեղծելուն ուղղված համոզմունքն ու գործողություններն են (գերմանացիներ, հրեաներ, հայեր և այլն)։ Շատերը դասական ազգայնականությունը ավելի շատ հենց այս՝ երկրորդ իմաստով են հասկանում (Miscevic 2018: 14-15)։ Միացնելով ազգայնականության այս երկու ընկալումները՝ կարելի է տալ հետևալ սահմանումը։ Ազգայնականությունը այն համոզմունքն ու գործողություններն են, որոնք ուղղված են ազգի համար առանձին պետություն ստեղծելուն, պահպանելուն և ուժեղացնելուն, ինչպես նաև՝ ազգի ներկայացուցիչների համար (լեզվական կամ այլ) ընդհանրություն ստեղծելուն, պահպանելուն ու ուժեղացնելուն։ Բացի այս ընկալումից՝ կան նաև ազգայնականության այլ սահմանումներ, սակայն այս հոդվածի շրջանակներում, կարծում եմ, չարժե դրանց մասին խոսել[2]։   Այսպիսով՝ ինչպես ազգայնականությունը, այնպես էլ ազգերը առաջացել են նոր ժամանակներում՝ հիմնականում 19-րդ դարում։ Դրանից առաջ եղել են ոչ թե ազգեր, այլ էթնիկ ու լեզվական խմբեր, որոնք իրենց էթնիկ կամ լեզվական ընդհանրությունը չեն համարել անկախ պետության ու իշխանության հիմք։ Այդ էթնիկական ու լեզվական խմբերից շատերը միախառնվել են իրար ու դարձել մեկ ազգ՝ արդեն գոյություն ունեցող պետությունում։ Այդ խմբերից շատերն էլ սկզբում դարձել են ազգ՝ պահանջել են պետություն, որից հետո կարողացել են ստեղծել իրենց անկախ պետությունը։   Ազգայնականության ծագման մասին որոշ անհամաձայնություններ Այն մոտեցումը, ըստ որի ազգերն ու ազգայնականությունը նոր ժամանակների երևույթ են, այսօր տիրապետող է ազգայնականության ուսումնասիրություններում,  թեև դպրոցական դասագրքերում սովորաբար այնպես է ներկայացվում, կարծես թե ազգերն ու ազգայնականությունը միշտ կամ ի վերուստ են եղել։ Ազգայնականության մոդեռնիստական (Modernist)  դպրոցը (Էռնեստ Գելլներ, Բենեդիկտ Անդերսոն, Էրիկ Հոբսբաում և այլոք), շեշտելով, որ ազգերն ու ազգայնականությունը նոր երևույթ են, հակված են ազգերի ծագման մեջ էթնիկականության դերը նույնիսկ համարել աննշան։ Նրանք ավելի շատ կարևորում են տնտեսական ու տեխնոլոգիական գործոնները։ Այս առումով, սակայն, ես ավելի շատ համամիտ եմ Էնթնոսիմբոլիզմի (Ethnosymbolism) մոտեցմանը (Անտոնի Սմիթ), որը ընդունում է, որ ազգերն ու ազգայնականությունը նոր երևույթ են, բայց միաժամանակ նաև կարևորում է էթնիկականության դերը՝ (շատ) ազգերի ու ազգայնականության ձևավորման գործում։ Կա նաև մոտեցում, ըստ որի էթնիկական խմբերը միշտ էլ փորձել են ունենալ իրենց առաձին պետական կազմավորումը և այդ հիմքի վրա պայքարել են միմյանց դեմ։ Այս մոտեցմանը համաձայն են Փրիմորդիալիզմ (Primordialism) կամ Փերենիալիզմ (Perennialism) կոչվող դպրոցի որոշ ներկայացուցիչներ (Սթիվեն Գրոսբի, Ավիել Ռոշվոլդ, Ազար Գատ)։ Նրանք ենթադրում են, որ քանզի մարդիկ միշտ էլ համերաշխության (սոլիդարության) զգացողություն են ունեցել իրենց հարազատների ու էթնիկ խմբի ներկայացուցիչների նկատմամբ, հետևաբար նրանք պետք է որ նաև ցանկանային իրենց էթնոսի ներկայացուցիչներին տեսնել պետության ու իշխանության գլուխ և նույնիսկ ունենալ իրենց էթնոսի համար առանձին պետություն (Gat 2013: 382; Grosby 2003: 8)։ Նման մոտեցումը տարածված էր 19-րդ դարի ազգայնական հռետորաբանությունում ու օգտագործվում էր՝ որոշ էթնիկ խմբերի ազգ դարձնելու նպատակով։ Նման ենթադրության համար հիմք է հանդիսանում նաև այն, որ իշխանությունը ժառանգաբար փոխանցվում էր թագավորական ու իշխանական տներին, որոնց կարելի է համարել որևէ էթնիկ խմբի անդամներ և որոնք ունեին իշխանություն և փորձում էին այն պահել ու հզորացնել։ Այս մոտեցումը, սակայն, չի հաստատվում փաստերով, իսկ այն հերքող փաստերը ավելի ծանրակշիռ են։ Անդրադառնամ դրանցից մի քանիսին։ Առաջին, «ազգ» բառը մինչև նոր ժամանակներ չի օգտագործվել ժամանակակից իմաստով, այն է՝ «պետություն» հասկացության հետ փոխկապակցված։ «Ազգ» կամ նմանատիպ իմաստով բառերը (հին ֆրանսերենով՝ nacion, անգլերեն՝ nation, իսպաներեն՝ nación, գերմաներեն՝ volk և nation) օգտագործվել են որևէ ընդհանրություն ունեցող խմբի (այլ ընտանիքի (տոհմի) անդամներ, այլ բնակավայրերի բնակիչներ, քաղաքական խմբեր, ուսանողներ, ազնվականներ և այլն) անվանելու իմաստով (Breuilly 2013: 22; Hobsbawm 1992: 15-17; Miller 1995: 28-30)։ «Պետություն» հասկացության հետ որևէ կապ, սակայն, «ազգ» բառը չի ունեցել՝ մինչև նոր ժամանակներ։ «Ազգայնականություն» բառն էլ ընդհանրապես չի եղել մինչև նոր ժամանակներ, չի եղել նաև դրան համարժեք մեկ այլ հասկացություն (Smith 2010: 5): Երկրորդ, հայտնի է, որ տարբեր ազնվական ընտանիքների միջև ամուսնությունները ու երբեմն նաև՝ պետության ղեկավարության լեզվական կամ էթնիկական կազմի փոփոխությունները տարածված էին մինչև նոր ժամանակներ։ Օրինակ՝ ռուսական ազնվականությունը 18-րդ դարում հիմնականում ֆրանսերենով էր հաղորդակցվում։ Հասարակ քաղաքացիների, կամ թեկուզ՝ ազնվականության շրջանում նման երևույթները լուրջ հակազդեցություն, ինչքանով հայտնի է, չէին առաջացնում։ Եթե էթնիկական համերաշխությունը պետության ղեկավարման հարցում ծանրակշիռ նշանակություն ունեցած լիներ, դժվար թե նման ամուսնությունները, ինչպես նաև ազնվականության ու հասարակություն լեզվական ու էթնիկական տարբերությունները այդքան տարածված լինեին։ Երրորդ, 17-րդ դարի ու 18-րդ դարի սկզբի քաղաքական փիլիսոփաները (ինչպես, օրինակ, Թոմաս Հոբսը (1588-1679) կամ Ջոն Լոկը (1632-1704)) ընդհանրապես չեն անդրադարձել մարդկանց էթնիկական կամ լեզվական տարբերություններին՝ պետության ու իշխանության հարցերի կոնտեքստում։ Իսկ գերմանացի փիլիսոփա Յոհան Գոտֆրիդ Հերդերը (1744-1803) առաջինն է անդրադարձել լեզվական ու էթնիկական հարցերին, չի համարել, որ լեզվական կամ էթնիկական ընդհանրությունը հիմք պետք է դառնա պետության կամ իշխանության համար: Նա բացասական վերաբերմունք է ունեցել պրուսական զինվորականության նկատմամբ ու դրական է վերաբերվել ռուսական ղեկավարմանը (Kohn 1965: 31): էթնիկականությունն ու լեզուն պետության և իշխանության հետ կապող առաջին խոշոր փիլիսոփաները եղել են գերմանացի Յոհան Գոթլիբ Ֆիխտեն (1762-1814) ու Էռնստ Մորից Արնդտը (1769-1860)։ Եթե լեզվական ու էթնիկական հարցերը պետական կամ քաղաքական նշանակություն ունեցած լինեին 17-րդ դարում ու 18-րդ դարի սկզբին, դժվար թե քաղաքական հարցերով զբաղվող խոշորագույն փիլիսոփաները ամբողջությամբ անտեսեին դրանք։ Չորրորդ, մինչև նոր դարաշրջանը ապրած հասարակ մարդկանց մասին մենք շատ բան չգիտենք։ Ինչպես նշել էի հոդվածի սկզբում՝ նրանք ու նրանց կյանքը արհամարհված ու անտեսված էր։ Պարզ չէ, թե էթնիկ ծագումը ու լեզուն ինչ դեր են խաղացել նրանց ինքնության հարցում ու պետական իշխանության մասին պատկերացումներում։ Մեզ հասած գրեթե բոլոր տեքստերը վերաբերում են էլիտաներին։ Այդ պատճառով՝ միջնադարի ու հին աշխարհի հասարակ մարդկանց ազգային ինքնություն վերագրելը ռետրոսպեկտիվ ազգայնականության դրսևորում է։ Հինգերորդ՝ 18-րդ դար հասած էթնիկ խմբերի ճնշող մեծամասնությունը, փաստացի, պետական կազմավորման հայտ չներկայացրեց։ Իսկ շատ էթնիկ խմբերի կողմից նման հայտի ներկայացումը, որպես կանոն, հետևանք էր «ազգային գիտակցություն» ձևավորելուն ուղղված հսկայական ջանքերի։ Եթե էթնիկականությունը ինքնին ենթադրեր առանձին պետական կազմավորման ցանկություն, ապա 19-րդ դարում մենք կտեսնեինք հազարավոր էթնիկ խմբերի պատերազմներ միմյանց դեմ և չէինք տեսնի «ազգային գիտակցություն» ձևավորելուն ուղղված տիտանական ջանքեր՝ գրողների, պոետների ու քաղաքական գործիչների կողմից։   Վերջաբան  Այսպիսով՝ ազգայնականությունը ծագեց այն բանից հետո, երբ ստեղծվեցին  ինքնիշխան պետություններ և երբ «իշխանությունը ժողովրդից է, ոչ թե՝ Աստծուց» սկզբունքը տարածվեց Եվրոպայում։ Ժողովուրդը այդ ժամանակ մասնատված էր բազմաթիվ լեզվական ու էթնիկ խմբերի միջև և որպեսզի այն գործնականում կարողանար դառնալ իշխանության աղբյուր, պետք է միավորվեր։ Դասական ազգայնականությունը կարևոր դեր կատարեց այդ միավորման գործում՝ մի կողմից մեկ ազգի մեջ միախառնելով տարբեր լեզվական ու էթնիկ խմբերի, մյուս կողմից էլ՝ որոշ լեզվական ու էթնիկ խմբերի ազգեր դարձնելով։ Ինքնիշխան պետությունները վերածվեցին ինքնիշխան ազգ-պետությունների[3]։    Ազգայնականությունը, սակայն, չվերացավ ազգերի ու ազգ-պետությունների ստեղծմամբ։ Այն նաև ազգն ու ազգ-պետությունը միջազգային ասպարեզում պահպանելու ու հզորացնելու, այլ ազգ-պետությունների հետ մրցակցելու և այլ ազգ-պետություններից պաշտպանվելու առաքելություն ստանձնեց։ Այդ առաքելության որոշ դրսևորումներ դարձան նաև պետությունների ներքին քաղաքականության մաս՝ հիմք դնելով ազգայնական թեքումով կուսակցությունների ու գաղափարների համար։ Հաջորդ հոդվածում կանդրադառնամ այդ դրսևորումներին, ու հատկապես՝ նրանց, որոնք կոնֆլիկտի մեջ են լիբերալ-դեմոկրատական շատ արժեքների հետ։              Ազգայնականության մասին, ու ընդհանրապես՝ բոլոր վերլուծություններս չեն հավակնում լինել վերջնական ճշմարտություններ և կարող են փոփոխվել։ Վերջին  2-3 տարիների ընթացքում պատկերացումներս զգալիորեն փոխվել են։ Այս հոդվածի բովանդակությունը ամենաշատը ազդված է Մանվել Սարգսյանի, լիբերալ-ազգայնական համարվող Դեյվիդ Միլլերի ու ազգայնականության մոդեռնիստական դպրոցի ներկայացուցիչ Էրիկ Հոբսբամի վերլուծություններից։ Այնուամենայնիվ, որոշ հարցերում ես նրանց բացատրությունների ու սահմանումների հետ համաձայն չեմ և, ընդհանրապես, խիստ ընտրողաբար եմ վերաբերվում բոլոր հետազոտողների տեքստերին՝ վերցնելով միայն այն մտքերը, որոնք, իմ կարծիքով, լավագույնն են բացատրում երևույթներն ու առավելագույս հստակ են։            Մարտահրավերը նետում եմ Վարդան Ջալոյանին։   Գրականության ցանկ ԲունTV (2020, փետրվար 15)։ «14. Միջազգային հարաբերությունների ձևավորման ակունքները․ Մանվել Սարգսյան» [տեսանյութ]։ https://www.youtube.com/watch?v=NgJC4mcoGfg&list=PLmwsBqROifgT82lUJat6W8r824_h7_Ssq&index=14 ։ Breuilly, J. (Ed.). (2013). The Oxford handbook of the history of nationalism. OUP Oxford. Grosby, S. (2003). Religion, ethnicity and nationalism: the uncertain perennialism of Adrian Hastings. Nations and Nationalism, 9(1), 7-13. Gat, A. (2012). Nations: The long history and deep roots of political ethnicity and nationalism. Cambridge University Press. Gellner, E. (1983). Nations and Nationalism. Cornell University Press. Ithaca NY. Hobsbawm, E. (1992). Nations and nationalism since 1780: programme, myth, reality (2nd edition). Kohn, H. (1965). Nationalism: Its Meaning and History. Rev. ed. D. Van Nostrand. Miller, D. (1995). On nationality. Clarendon Press. Miscevic, N. Nationalism (Summer 2018 Edition). The Stanford Encyclopedia of Philosophy https://plato.stanford.edu/archives/sum2018/entries/nationalism/ . Smith, A. (2010). Nationalism (2nd edition).   [1] Որոշ պետություններում, ինչպես օրինակ՝ Շվեյցարիայում, Բելգիայում ու Կանադայում, այդպես էլ չստեղծվեց մեկ-միասնական պետական լեզու։ Այս փաստը կարող է կասկածի տակ դնել այն պնդումը, թե լիբերալ-դեմոկրատական պետությունը անպայման ենթադրում է մեկ-միասնական պետական լեզվի առկայություն։ Այնուամենայնիվ, հստակ է, որ առնվազն մեկ պետական լեզու պետք է լինի լիբերալ-դեմոկրատական պետությունում։ Բացի այդ՝ կարծում եմ, որ լիբերալ պետությունում մի քանի պետական լեզուների առկայությունը լուրջ դժվարությունների ու կոնֆլիկտների աղբյուր է, և կարող է հաղթահարվել միայն բնակիչներին միավորող այլ ուժեղ գործոնների (օրինակ՝ քաղաքական համոզմունքների, մշակույթի) առկայության պարագայում։ Այդ պատճառով էլ նոր տիպի  պետությունների ճնշող մեծամասնությունը գնաց մեկ-միասնական լեզվի ստեղծման ճանապարհով։ [2] Երբ սահմանում ենք ազգայնականությունը որպես համոզմունք ու գործողություններ՝ ուղղված ազգի համար առանձին պետություն ստեղծելուն և ուժեղացնելուն, աշխարհի այսօրվա քաղաքացիների ճնշող մեծամասնությանը կարելի է համարել ազգայնական։ Նմանապես՝ աշխարհի բնակչության մեծամասնությանը (կամ զգալի մասին) կարելի է համարել նաև լիբերալներ, քանի որ վերջիններս ցանկանում են ընտրել իրենց իշխանություններին, որոնք որ կապահովեն իրենց իրավունքների պաշտպանությունը։ Ազգայնականության դեպքում, սակայն, ավելի շատ գործ ունենք պետությունների մակարդակով հարաբերությունների հետ, իսկ լիբերալիզմի դեպքում՝ ներքաղաքական հարաբերությունների հետ։ Այդ պատճառով սովորաբար լարվածություն ու բախում է առաջանում ազգայնականության և լիբերալիզմի միջև, երբ լիբերալիզմը ներթափանցում է միջպետական, իսկ ազգայնականությունը՝ ներքաղաքական հարաբերություններ։ Հաջորդ հոդվածում կքննարկեմ հենց նման դրսևորումներ։ [3] Կարծում եմ՝ հայ էթնոսի ներկայացուցիչների ղեկավարած թագավորությունների մասին շատ պատկերացումներ վերանայման կարիք ունեն՝ նկատի ունենալով այն, որ ազգ-պետությունները նոր երևույթ են։ Օրինակ՝ հավանաբար այն թագավորությունները, որոնք ղեկավարել են հիմնականում էթնիկ ծագումով հայկական խմբերը, ղեկավարել են ոչ այնքան իրենց էթնիկ ծագման բերումով, որքան բոլորովին այլ պատճառների ու գործոնների համակցմամբ (կրոն, իշխանական տների պայմանավորվածություններ և այլն)։ Նրանց դժվար է ժամանակակից իմաստով հայկական պետություններ համարել։ Նույնը վերաբերում է մինչև նոր ժամանակներ եղած բոլոր պետություններին։
21:07 - 14 հուլիսի,2020
«Անտեսանելի» միայնակ մայրերը [Challenge 12.1 | Անի Խաչատրյան]

«Անտեսանելի» միայնակ մայրերը [Challenge 12.1 | Անի Խաչատրյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Մի անգամ բնապահպանական թեմայով ոստիկանական բաժանմունքում էի: Ոստիկանը անձնագրային տվյալներս էր լրացնում: Հարցնում է․ -Ամուսնացա՞ծ եք։ -Ո՛չ։ Տեսնում եմ, որ հաջորդ հարցը երեխա ունենալու մասին է, ու ինքնաբերաբար ուզում է նշել, որ երեխա չունեմ։ Ասում եմ․ -Բայց այսքան տարեկան տղա ունեմ։ -Այսինքն՝ ամուսնացա՞ծ եք։ -Ոչ։ -Ամուսնալուծվա՞ծ։ -Ոչ։ -Բա ո՞նց կլինի։ -Ամուսնալուծված լինելու համար պետք է ամուսնացած լինեի, բայց ես ամուսնացած չեմ եղել։ Ոստիկանն ապշահար նայում է դեմքիս ու չի հասկանում, թե ինչ պետք է գրի։ Սա միակ դեպքը չի եղել իմ կյանքում։ Միայնակ մայրերն այնքան անտեսված են, որ հաճախ անգամ պաշտոնական փաստաթղթերում ընտանեկան կարգավիճակի նման տարբերակ չի դիտարկվում։ Միայնակ մայրերից շատերն ամաչում են խոսել իրենց կարգավիճակի մասին, քանի որ հանրության կողմից ամոթանքի և այլ ճնշումների են ենթարկվում։ Եթե ամուսնալուծված կինն է դեռևս շատերի կողմից «անբարոյական» պիտակը ստանում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչերի միջով է անցնում միայնակ մայրը։  Ինքս էլ, երբ գրում եմ այսպիսի թեմաների մասին, միշտ հայտնվում են մարդիկ, որոնք վիրավորում են ինձ կամ որոնց թվում է, թե փող եմ խնդրում իրենցից կամ պետությունից. շատերը չեն փորձում ավելի խորը նայել իրավիճակին։ Երբ 11 տարի առաջ ծնվեց տղաս, ես իմացա, որ մեր երկրում միայնակ մայրերին ոչ մի աջակցություն չի ցուցաբերվում։ Ժամանակին երեխային ամսական նպաստ էին տալիս, իսկ հետո դա էլ վերացրեցին։ Պատճառաբանությունն այն էր, որ շատ կանայք, լինելով ամուսնացած, գրանցվում էին որպես միայնակ մայր, որպեսզի նպաստ ստանան։ Սակայն իրավիճակը վերահսկելու, կեղծողներին բացահայտելու փոխարեն, որոշեցին բոլորին զրկել պետական սոցիալական աջակցությունից։ Միայնակ մայրերը կարող են նպաստ ստանալ միայն այն դեպքում, եթե համարվեն անապահով, այսինքն՝ սա միայնակ մորը ցուցաբերվող աջակցություն չէ, այլ աղքատության նպաստ է: Դու պետք է պարբերաբար ապացուցես, որ  անապահով ես, չես կարող բարելավել կենցաղային պայմաններդ կամ  աշխատանք ունենալ, անընդհատ վերահսկողության տակ պիտի գտնվես ու մի փոքր ավելի լավ ապրելու դեպքում կզրկվես նպաստից: Միաժամանակ, այդ նպաստը բավարար չէ ապրելու համար, եթե լրացուցիչ եկամուտի աղբյուր չունես։ Ի վերջո, շատերը դուրս են մնում այս ծրագրից, շատերն անգամ չեն էլ դիմում (ինչպես, օրինակ, ես)։ Ես չեմ ուզում անընդհատ ապրել վատ սոցիալական պայմաններում, որպեսզի իմ պետությունը հարկ համարի աջակցել ինձ ու երեխայիս։ Մի պահ պատկերացրեք այն կնոջ վիճակը, որը լրիվ միայնակ է, օգնող չունի և երեխա է ունեցել։ Նա չի կարող աշխատել, որովհետև ծննդաբերությունից հետո դեռ որոշ ժամանակ պետք է վերականգնվի, երեխայի կողքին լինի, խնամի։ Բայց եթե նույնիսկ փորձի աշխատել, դարձյալ խնդրի է բախվելու, քանի որ մեր գործատուների գերակշիռ մեծամասնությունն աշխատանքի չի ընդունում մանկահասակ երեխա ունեցող կնոջը։ Երբ իմանում էին, որ երեխա ունեմ, ասում էին, որ չեն կարող ինձ ընդունել աշխատանքի։ Ասում էի, որ ես երեխայիս պահող ունեմ (իմ բախտը բերել է, որ ընտանիքիս հետ եմ ապրում), ասում էին՝ կապ չունի, երեխաները հաճախ են հիվանդանում։ Ու ոչ մի այլ փաստարկ չէին ընդունում։ Իսկ պատկերացրեք այն կնոջ վիճակը, որն անգամ օգնող էլ չունի, աշխատանք չի կարողանում գտնել, բայց կարիք ունի և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական աջակցության։ Ես երբևէ որևէ աջակցություն չեմ ստացել պետությունից որպես միայնակ մայր, պետությունը երբեք չի հետաքրքրվել, թե ոնց եմ պահում երեխայիս, ինչի կարիք ունենք... բայց փոխարենը, երբ գա տղայիս բանակ տանելու ժամանակը, միանգամից կհիշեն մեր մասին։ Միայնակ մայրերի խնդիրը միայն անձնական հարց չէ: Սա նաև կարևոր սկզբունքային հարց է, համակարգային հարց է, արդարության հարց է։ Միայնակ մայրերն ի սկզբանե ավելի խոցելի են, քան ամուսնական զույգերը, սակայն բոլոր սոցիալական քաղաքականություններում Հայաստանում ավելի շատ առավելություններ տալիս են ամուսնական զույգերին։ Անգամ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով միայնակ մայրերին աջակցություն տալիս էին այն դեպքում, եթե կինն աշխատել է ու կորցրել աշխատանքը, մինչդեռ ամուսնական զույգերի պարագայում միայն մեկ ծնողի՝ աշխատանքը կորցնելու դեպքում տրամադրվում էր աջակցությունը: Այսինքն, դու միայն արտոնված ես չաշխատելու, եթե քո կողքին տղամարդ կա։ Միայն այդ դեպքում ես արժանանում աջակցության։ Շատերը կասեն, եթե չէիր կարողանալու երեխայիդ պահել, ինչո՞ւ ես հղիացել։ Բայց ինչքան տարբեր իրավիճակներ կան, որ կինը կարող է միայնակ հայտնվել նման փաստի առաջ։ Կարող է՝ զուգընկերը մահացել է, կարող է՝ սրիկա է եղել, թողել է, կարող է՝ բռնաբարվել է ու հղիացել, կարող է՝ ուղղակի ուզեցել է մենակ երեխա ունենալ։ Պետության գործառույթն է՝ հոգ տանել իր քաղաքացիների մասին, մանավանդ՝ առավել խոցելիների։ Դրա համար ենք հարկային վճարումներ անում, բոլորիս վճարած հարկերով նպաստներ տալիս միայնակ ծերերին, բազմազավակներին, հաշմանդամություն ունեցողներին: Սոցիալական աջակցություն են ստանում նաև միակողմանի ծնողազուրկ երեխաները: Բոլոր միայնակ մայրերի իրավիճակը շատ նման է. երեխան մեծանում է մեկ ծնողի ջանքերով, և ընտանիքը հանրության հավելյալ աջակցության ու հոգատարության կարիքն ունի: Իսկ ի՞նչ է անում պետությունը․ նա կարծես բարոյական ցենզուրա է անում կանանց, ամեն գնով փորձում է ապահովել տղամարդու ներկայությունը՝ թեկուզ միայն թղթի վրա: ՔԿԱԳ-ում երեխային գրանցելու ժամանակ պահանջվում է երեխայի հոր մասին բաժնում լրացնել թեկուզ կամայական անուն, ու էական չէ, որ այդ բաժնում նշված անունով տղամարդը կարող է երբեք չհայտնվել երեխայի կյանքում, ոչ մի մասնակցություն չունենալ նրա դաստիարակության կամ տարրական ծախսերը հոգալու գործում կամ կարող է ընդհանրապես գոյություն չունենալ, երեխան կարող է արհեստական բեղմնավորմամբ ծնված լինել։ Բայց դու պարտավոր ես նշել որևէ անուն։ Հենց անուն նշելու պատճառով ես մինչև հիմա չեմ կարողանում ստանալ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամական աջակցությունը, քանի որ ինձ ասացին, որ դիմումիս կցված ծննդականի պատճենի մեջ նշված է երեխայի հոր անուն ազգանունը, չնայած ես նշել եմ, որ միայնակ մայր եմ։ Այսինքն՝ պետական համակարգը տեղյակ չէ իր իսկ սահմանած կարգերից ու չգիտի, որ երեխայի հոր անունը ստիպված են գրել բոլորը: Երկու ամսից ավել է՝ նրանք չեն կարողանում գտնել երեխայիս տվյալները, այն դեպքում, երբ նա դպրոցական է, անձնագիր է ունեցել ու երկրից դուրս եկել։ Միայնակ մայրերը շատ դեպքերում բառի բուն իմաստով մենակ են մնում իրենց խնդիրների ու երեխայի հետ։ Շատերը ընտանիք չունեն, որն իրենց կաջակցի, շատերի ընտանիքները հրաժարվում են նրանց օգնել կամ անգամ ապաստան տալ։ Շատ դեպքերում կանայք դիմում են արհեստական վիժեցման, որ խուսափեն այդ խնդիրներից։ Երբեմն հրաժարվում են ծնված երեխայից, հանձնում են նրան մանկատուն կամ անգամ թողնում փողոցում։ Լինում են նաև մանկասպանության դեպքեր, երբ այսքան խնդիրներին բախված կինը, հոգեկան հավասարակշռությունը կորցրած, կարող է դիմել այդ ծայրահեղ քայլին։ Մենք, իհարկե, բոլորս կմեղադրենք նման կանանց, բայց երբ այդ կանայք մեր օգնության կարիքն ունեն, մենք իրենց չենք էլ նկատում, անբարոյական ենք անվանում, անտեսում. հիշում ենք միայն քարկոծելուց, մեղադրելուց։ Բայց չենք փորձում հասկանալ, թե ինչու է կինը դիմել այդ քայլին ու ինչքանով ենք մենք՝ որպես հանրություն, նպաստել դրան կամ փորձել կանխել այդ քայլը, կամ ինչ հոգեկան ապրումներ ունի այդ կինը հիմա կամ ունեցել է։ Շատ են նաև այնպիսի կանայք, որոնք ամուսնացած կնոջ կարգավիճակ ունեն, բայց ամուսինները թողել գնացել են արտասահման ու այդ  կանայք լուր էլ չունեն նրանցից։ Այսինքն, նրանք փաստացի միայնակ են, բայց փաստաթղթերով այլ կարգավիճակ ունեն։ Ու այդ կանայք շատ հարցերում կաշկանդված են: Օրինակ, նրանք չեն կարող իրենց երեխաներին մինչև չափահաս դառնալը  երկրից դուրս տանել առանց հոր թույլտվության, իսկ հայրը կարող է ընդհանրապես չհայտնվել։ Գրանցված միայնակ մայրերն ավելի ազատ են այս հարցում։ Մեկ այլ խնդիր է երեխայի հետ ճամփորդելը։ Արտասահմանում երեխայի հետ գիտաժողովների, վերապատրաստման կամ այլ ծրագրերի մասնակցելը  գրեթե անհնար է, քանի որ անգամ միջազգային կառույցներում հիմնականում չեն նախատեսում երեխայի հետ մասնակցությունը։ Եթե դու ուզում ես քո երեխայի հետ մասնակցել նման միջոցառումների, պիտի ինքդ հոգաս նրա բոլոր ծախսերը։ Իհարկե, կան նաև միայնակ երեխա մեծացնող տղամարդիկ, բայց նրանք շատ ավելի քիչ են, քան կանայք, քանի որ անգամ ամուսնալուծվելուց հետո երեխաների խնամքը հիմնականում կնոջն էլ թողնվում, իսկ տղամարդը կարող է ընդհանրապես չխառնվել կամ էլ ալիմենտով բավարարվել, որը երբեմն շատ փոքր գումար է։ Միայնակ հայրերին հանրությունը հերոսացնում է, ի տարբերություն կանանց, որոնց մեղադրում է ու անբարոյական պիտակում։ Միայնակ հայրերին աշխատանքի ընդունելուց չեն հարցնում երեխայի առկայության մասին ու դա չի խանգարում նրանց։ Միայնակ հայրերին ընտանիքն ու հարազատները երեխայի հետ միասին դուրս չեն հանում տանից, այլ ամեն կերպ աջակցում են։ Իհարկե, իրավիճակները կարող են շատ տարբեր լինել, բայց հիմնականում այս պատկերն է։ Միայնակ մայրերի թեման շատ կարևոր է։ Առաջին անգամ փորձեցի նաև հոդվածի ձևով շարադրել մտքերս՝ որպես ներածություն այս հարցի շուրջ լռությունը խախտելու և քննարկումներ սկսելու համար: Հուսով եմ, որ ավելի շատ կանայք կսկսեն կիսվել իրենց փորձառությամբ ու մտքերով: Թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Աննա Կամային:
20:56 - 09 հուլիսի,2020