Իրավաբանների հայկական ասոցիացիա - ԻՀԱ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում, որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1995թ. մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսի 23-ին, 1999թ.-ի դեկտեմբերի 14-ին և 2002թ.-ի դեկտեմբերի 27-ին վերագրանցվել է:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջին գործունեությունը նվիրված է եղել Հայաստանի օրենքների պարզաբանումներին և քարոզչությանը, որից հետո կազմակերպությունը իրականացրել է ծրագրեր` ուղղված հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծմանը, ինչպես նաև` հասարակական կազմակերպություններին իրավական աջակցության ցուցաբերմանը: Այնուհետև Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերն ուղղվել են սոցիալապես անապահով բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: 

2000թ.-ից սկսած Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպում է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը: Մրցույթը կազմակերպվում է 1959թ-ից` աշխարհի շուրջ 80 երկրներում` Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի (ILSA) կողմից:

2004թ.-ին հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքը: Այն իր գործունեության շրջանակներում կազմակերպում է մի շարք միջոցառումներ և գիտաժողովներ` իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների զարգացման, նրանց ինքնակազմակերպման ու հետազոտությունների կատարմանը խթանելու նպատակով: 2006թ.-ի հունիսից ԻՀԱ-ն հրատարակում է ամենամսյա Իրավաբանական լրատուն, որը տրամադրվում է իրավաբաններին, փաստաբաններին, դատավորներին և այլ շահագրգիռ կառույցների:

Աշխատողի իրավունքի պաշտպանության համար կստեղծվի նոր հարթակ․ նախագիծն ԱԱՏՄ օրակարգում է

Աշխատողի իրավունքի պաշտպանության համար կստեղծվի նոր հարթակ․ նախագիծն ԱԱՏՄ օրակարգում է

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նախատեսում է ստեղծել աշխատողների իրավունքների պաշտպանության նոր օնլայն հարթակ։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից: Նոր օնլայն հարթակը կունենա որոշակի ընդհանրություններ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործարկած bizprotect.am կայքի հետ, որը նախատեսված է բիզնեսից անանուն ահազանգերի ստացման համար։ ԱԱՏՄ-ն նախատեսում է առաջիկա ամիսներին ՄԱԿ-ի աջակցությամբ եւ Իրավաբանների ասոցիացիայի հետ գործակցությամբ գործարկել իր այս համակարգը, որով կընդունվեն անանուն դիմում-բողոքներ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների մասին։ Տեսչական մարմինը կքննարկի եւ իր լիազորությունների շրջանակում ընթացք կտա դրանց։ Նոր համակարգով բողոքաբերը կարող է մնալ անանուն, չի բացահայտվի նրա համակարգչի IP հասցեն։ Նոր կայքի ստեղծմանը կհաջորդեն հանրության իրազեկման եւ դրանով աշխատելու՝ տեսչական մարմնի աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։Նախաձեռնության նպատակն աշխատանքային իրավունքների վերահսկողության եւ տեսչական մարմնի հանդեպ վստահության բարձրացումն է։ Նախորդիվ թեմային առնչվող հարցեր են քննարկվել հեռավար հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչ Մարինա Մալխասյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ ներկայացուցիչներ եւ այլ գործընկերներ։ Արտակարգ դրության հետեւանքով ստեղծված իրավիճակում կատարված օրենսդրական եւ ԱԱՏՄ կանոնադրության փոփոխություններով ԱԱՏՄ-ն այսուհետ իրավունք ունի գրավոր դիմումի հիմքով քննարկել եւ աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու միջոցներ ձեռնարկել: Սակայն լինում են դեպքեր, երբ աշխատողն իր աշխատանքային խախտված իրավունքները բարձրաձայնելիս նախընտրում է անանուն մնալ։
15:31 - 01 օգոստոսի, 2020
Կիրականացվի իրավագիտության ոլորտում գիտական կոչումների շնորհման գործընթացի մշտադիտարկում․ ԻՀԱ |iravaban.net|

Կիրականացվի իրավագիտության ոլորտում գիտական կոչումների շնորհման գործընթացի մշտադիտարկում․ ԻՀԱ |iravaban.net|

iravaban.net: Հուլիսի 21-ին առցանց եղանակով կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը: Խորհրդի նիստի ընթացքում ԻՀԱ նախագահը ներկայացրեց ԻՀԱ-ի 2020 թ.-ի գործունեության հաշվետվությունը, պատասխանեց խորհրդի անդամների հարցերին և ծավալվեց մտքերի քննարկում, որից հետո խորուհրդը հաստատեց հաշվետվությունը: Այնուհետև, ԻՀԱ խորհրդի միաձայն որոշմամբ իրավաբան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանը անդամագրվեց կազմակերպությանը և համալրեց ԻՀԱ շարքերը: Հաջորդիվ Կարեն Զադոյանը ներկայացրեց ԻՀԱ անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված թեմատիկ դասընթացների առցանց հարցման ացկացման նաախձեռնությունը, դրա գործընթացն ու հարցաթերթիկի բովանդակությունը: Խորհուրդը որոշեց մեկ շաբաթյա ժամկետում ԻՀԱ անդամներից ստանալ մասնագիտական դասընթացների թեմաների ցանկը, հաստատել այն և առաջարկել ԻՀԱ աշխատակազմին կազմակերպել դասընթացները: Խորհրդի նիստի վերջինը հարցը վերաբերում էր ԻՀԱ 2020-2023 թվականների ռազմավարական պլանի իրականացման ընթացքին: ԻՀԱ նախագահի զեկույցից հետո,  ելույթներ ունեցան խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանը, Արփինե Եղիկյանը, Զարուհի Հարությունյանն ու Գոհար Ղազինյանը, որոնք կարևորեցին, որ ԻՀԱ իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ամբողջապես իրականացել այս հավակնոտ ռազմավարական պլանով նախատեսված բոլոր գործողությունները: ԻՀԱ-ի 2020-2023 թվականների ռազմավարական պլանով նախատեսվում է նաև բարձրացնել իրավաբանի մասնագիտության ստանդարտներն ու իրավաբանի մասնագիտության նկատմամբ հանրային վստահությունը, որի շրջանակներում կիրականացվի ՀՀ իրավաբանական բուհերի ուսումնառության ստանդարտների ու կրթական ծրագրերի, ինչպես նաև` ակադեմիական ազնվության ստանդարտների պահպանման տեսանկյունից, վերջին տարիներին ՀՀ-ում իրավագիտության ոլորտում գիտական կոչումների շնորհման գործընթացի ու բովանդակության մշտադիտարկումը և բարեփոխումները: ԻՀԱ-ի խորհրդի նիստին մասնակցում էինք խորհրդի բոլոր 7 անդամները` Կարեն Զադոյանը, Արփինե Եղիկյանը, Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Քարլ Ուլբրխտը, Գոհար Ղազինյանը և Զարուհի Հարությունյանը: Խորհրդի նիստը բաց էր, որին մասնակցում էին ԻՀԱ-ի գործադիր տնօրեն Արտակը Սարիբեկյանն ու ԻՀԱ-ի այլ անդամներ:
13:37 - 22 հուլիսի, 2020