Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:  Այս մասին նշվում է «Հայոց ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից անդրադարձ է կատարվել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Պարոն Ռոնան Լը Գլյոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Ֆրանսիական պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար պարոն Ռոնան Լը Գլյոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հասմիկ Մարտիրոսյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
16:45 - 02 մայիսի, 2024
Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան

Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բանախոսի կարգավիճակով մասնակցեց Ֆրանսիայի ազգային ժողովում «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիր կրող համաժողովին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային կրթության հարցերով նախկին նախարար, «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի նախագահ Ժան-Միշել Բլանքերը, Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Սարահ Թանզիլին, Ֆրանսիա-Իսրայել բարեկամության խմբի նախագահ Մաթյո Լըֆեվրը, Իսրայելում Ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Դանոնը, գրող և աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը, գրող, տարածաշրջանի հարցերով փորձագետ Պատրիս Ֆրանչեսկին և լրագրող, Հետախուզական հետազոտություն ֆրանսիական կենտրոնի փորձագետ Տիգրան Եգավյանը։ Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Բլանքերին Ֆրանսիայի Ազգային ժողովում Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ժողովրդավարությանը նվիրված համաժողովի կազմակերպման համար։ Խոսելով Հայաստանի շուրջ տեղ գտած աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից՝ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ աջակցելով ժողովրդավար Հայաստանին ընդդեմ ավտոկրատական երկրների դաշինքների՝ Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև՝ իր շահերը։ Այս համատեքստում, դեսպան Տոլմաջյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության առաջմղման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը։ Համաժողովին ներկա էին Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, լրագրողներ, ուսանողներ, գիտական և փորձագիտական շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
22:07 - 01 մայիսի, 2024
Պարույր Հովհաննիսյանն ու Ֆրանսիայի Սենատի անդամն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Պարույր Հովհաննիսյանն ու Ֆրանսիայի Սենատի անդամն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին: Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
13:43 - 30 ապրիլի, 2024
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանուշյանի անունը կրող հրապարակ

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանուշյանի անունը կրող հրապարակ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետներ, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:   «Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը՝ շեշտելով, որ այդ ոճրագործությունն իրագործողների անպատժելիության հետևանքն է մեկ դար անց հայ ժողովրդի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը։ Նշվեց Ֆրանսիայի կարևոր դերակատարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան և նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի անգնահատելի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջմղման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում։   Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։
19:55 - 25 ապրիլի, 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի հետագա փորձերը կանխելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչ անելու և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխավորումը պահանջելու վերաբերյալ» բազմակուսակցական բանաձևի՝ բացարձակ մեծամասնությամբ ընդունման համար: Սա շատ կարևոր քայլ է հայ ժողովրդի համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Ըստ աղբյուրի՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում` ընդգծելով համագործակցությունը կրթության, մշակույթի, անվտանգության և այլ ոլորտներում: Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Անդրադառնալով անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ իրականացրած աշխատանքները, շնորհակալություն հայտնել  էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց հումանիտար օգնություն տրամադրելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի պաշտպանողական կարողությունների զարգացման, անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
18:53 - 25 ապրիլի, 2024
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
 |armenpress.am|

Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։    Ատալը միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով, որի տեսագրությունը հրապարակել է X-ի իր էջում։ «Այս հիշարժան պահին, երբ երբեմն ամեն ինչ մեզ դրդում է դադարել հավատալ, ես ուզում եմ հույս տեսնել: Հույս, որովհետև Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան: Խաղաղության և համերաշխության հույս եմ ուզում հայտնել, որովհետև մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում: Հույս, որ ժողովրդավարության, հանդուրժողականության և ազատության մեր ընդհանուր արժեքները կհաղթեն: Հայաստանը վերապրել է դրամաներ, արցունքներ, հարձակումներ»,- իր ելույթում նշել է նա և հավելել, որ ապրիլի 24-ին Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում խոշտանգված ժողովրդին։    Տեսանյութին կից արված գրառմամբ՝ Ատալը նշել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին խաղաղության և իր սահմանների նկատմամբ հարգանքի համար մղվող պայքարում։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ևս միջոցառման մասին հաղորդագրություն է տարածել։ «Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։ Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։ Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայում գործող հայկական և ազգային այլ համայնքներ ներկայացանող բազմաթիվ կազմակերպությունների անունից։ Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի համանախագահները, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։ Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ռեգիոների և դեպարտամենտների նախագահներ, քաղաքապետեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ։ Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
15:53 - 25 ապրիլի, 2024
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
17:34 - 24 ապրիլի, 2024
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր |armenpress.am|

Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին առավել քան նշանակալից է համարում  Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը Եվրոպայում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վշտի ու մեծ անհանգստությունների պահին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ ԵՄ-ն չափից շատ լուռ մնաց, երբ իր դռան մոտ տեղի ունեցավ էթնիկ զտում։ «Ես անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն։  Երբեք չեմ հուսահատվի դա անելուց, որպեսզի ցեղասպանության ժխտումը երբեք չհանգեցնի դրա վերսկսմանը», - ասել է ֆրանսիացի պատգամավորը։ Ֆրանսուա Գզավիյե Բելյամին հիշեցնում է՝ հայերն ավել ոչինչ չեն ուզում, քան խաղաղ ապրելը հողում, որը նշանավորել են իրենց մշակույթով, աշխատանքով և հիշողությամբ։ «Ալիևի բռնությունները ոչինչ չեն կարող անել այդ իրողությունը փոխելու համար։ Եվրոպան պետք է օգնի Հայաստանին և Արցախի փախստականներին, և մեր երկրները պետք է անմիջապես դադարեցնեն Եվրոպական հանձնաժողովի գազային պայմանագիրը Բաքվի հետ»,-եզրափակել է Բելյամին։     
11:41 - 24 ապրիլի, 2024
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և Fastex-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասիին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը: Նշվում է, որ Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձի ու զարգացումների, ինչպես նաև առկա խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների շուրջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:Տեղեկացվում է, որ զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է Ֆրանսահայերի խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեության կարևորությունը, որը միտված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև համահունչ է երկու պետությունների միջև համագործակցության հիմնարար սկզբունքներին:
19:22 - 23 ապրիլի, 2024