Սուրեն Նազինյան

Սուրեն Նազինյանը «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրենն է։

2004 թվականին ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, 2005 թվականին՝ կլինիկական օրդինատուրան: Մասնագիտությամբ նարկոլոգ է:

2008-2012 թվականներին աշխատել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում։ 2012 թվականի դեկտեմբերից աշխատել է Առողջապահության ազգային ինստիտուտում՝ որպես թմրամիջոցների եւ կախվածությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար։ 2015 թվականի դեկտեմբերին աշխատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ: 2016 թվականի մարտից մինչեւ 2019 թվականի ապրիլը աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես հիմնարկի նարկոլոգիական բաժանմունքի պետ։

Աշխատել է Առողջապահության ազգային ինստիտուտում: 2010 թվականից անդամակցում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ին: 2019 թվականի հուլիսից նույն ՀԿ-ի կողմից որպես փորձագետ ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում: Եղել է«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է եւ ԱՆ թմրաբանության գծով խորհրդատուն։ 

Մեր հասարակությունում շատ են օգտագործվում  խտրական եզրույթներ թմրամիջոց օգտագործող անձանց նկատմամբ․ Սուրեն Նազինյան

Մեր հասարակությունում շատ են օգտագործվում խտրական եզրույթներ թմրամիջոց օգտագործող անձանց նկատմամբ․ Սուրեն Նազինյան

Բժշկական մարիխուանայի, դրա կիրառության, իրավական կարգավորումների մասին զրուցել ենք «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանի հետ։ - Ինչպես գիտենք՝ մի շարք երկրներում, ինչպիսին են՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Գերմանիան ևն, կիրառում են բժշկական մարիխուանա՝ որոշակի հիվանդությունների բուժման նպատակով։ Որպես ոլորտի մասնագետ և ոլորտային քաղաքականության մշակող ի՞նչ կարծիքի եք նշված պրակտիկայի կիրառման մասին։ - Այո, որոշ երկրներում բժշկական պրակտիկայում կիրառվում են կանեփից ստացվող դեղամիջոցներ, սակայն հարկ է նշել, որ կանեփում պարունակվում են տարբեր ազդեցության կանաբիոիդներ։ Մասնավորապես, հոգեներգործուն ազդեցություն և կախվածություն առաջացնելու պոտենցիալ ունեցող տետրահիդրոկանաբինոլ կամ, ինչպես ասում են, THC և հոգեներգործուն ազդեցություն չունեցող կանաբիդիոլ՝ CBD։ Հարկ է հատուկ ընգծել նաև, որ տետրահիդրոկանաբինոլն ու կանաբիդիոլն օգտագործվում են տարբեր երկրներում։ Բայց, ցավոք, առհասարակ կանեփից ստացվող նյութերի բուժիչ հատկությունները հաճախ չափազանցված և խեղաթյուրված են ներկայացվում հասարակությանը։ Մասնավորապես, կանեփից ստացվող կանաբիդիոլը, համաձայն ԱՄՆ «Սննդի և դեղերի գործակալության»,կիրառվում է միայն խիստ հազվադեպ հանդիպող երկու հիվանդությունների դեպքում։ Դրանցից մեկը հազվադեպ հանդիպող մանկական էպիլեպսիայի տեսակ է, մյուսը՝ էլի հազվադեպ հանդիպող հիվանդություն։ Ինչ վերաբերում է տետրահիդրոկանաբինոլին, ապա պետք է փաստել, որ վերջինս էլ է կիրառվում սահմանափակ թվով հիվանդությունների և համախտանիշների դեպքում։ Մասնավորապես, այն կիրառվում է ծանր անորեքսիայով, այսինքն՝ ախորժակի բացակայությամբ կամ ծանր ցավային համախտանիշով ուղեկցվող որոշ հիվանդությունների բուժման ժամանակ, կամ, օրինակ, ցրված սկլերոզի, սպատիկ, նևրոպաթիկ ցավերի ժամանակ։ Համենայն դեպս պետք է փաստել նաև, որ կանեփից ստացվող դեղամիջոցները համաշխարհային նարկոլոգիական պրակտիկայում, այսինքն՝ մեր թմրաբանական պրակտիկայում կիրառություն չունեն։ Այսինքն՝ կախվածությունների բուժման ժամանակ ներկայումս այդ նյութերը որևէ կիրառություն չունեն։ Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ ՄԱԿ-ի 1961 և 1971 թվականների «Թմրամիջոցների մասին միասնական» և «Հոգեմեդ նյութերի մասին» կոնվենցիաներով մարիխուանան և մարիխուանայում պարունակվող տետրահիդրոկանաբիոլն ընդգրկված են համապատասխան ցանկերում, որոնց նկատմամբ իրականացվում է միջազգային խիստ վերահսկողություն։ Նշեմ նաև, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների 10-րդ վերանայման դասակարգչի, ի թիվս այլ հոգեներգործուն նյութերի, նաև կանաբինոիդներից, այս դեպքում նաև՝ մարիխուանայից կախվածությունը դասակարգվում է որպես հիվանդություն (առաջին հերթին տետրահիդրոկանաբինոլի հաշվին, քանի որ տետրահիդրոկանաբինոլն ունի հոգեներգործուն ազդեցություն և կախվածության համախտանիշ առաջացնելու պոտենցիալ)։ - Ի՞նչ տարբերություն բժշկական և ոչ բժշկական մարիխուանայի միջև։ Ներկայացրե՛ք նաև, կանաբիոլների և օփիատների դասերը, դրական ու բացասական ազդեցությունները։ - Իրականում, ես արդեն նշեցի, որ բժշկական պրակտիկայում կիրառվում են տետրահիդրոկանաբինոլ և կանաբիդիոլ։ Տետրահիդրոկանաբինոլը հանդիսանում է հոգեներգործուն և կախվածություն առաջացնող նյութ՝ ի տարբերություն կանաբիդիոլի, բայց, էլի կրկնում եմ, որ այս նյութերը շատ սահմանափակ են կիրառվում բժշկության մեջ՝ սահմանափակ թվով և հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեպքում։ Ընդ որում՝ շատ ավելի շատ, այսպես ասած, սիմպտոմատիկ բուժման նպատակով են կիրառվում՝ ցավային համախտանիշի հետ կապված, ծանր անորեքսիայով հիվանդությունների դեպքում։ Ինչ վերաբերում է օփիոիդներին, ապա դրանք նույնպես բժշկական պրակտիկայում կիրառվում են։ Ընդ որում՝ օփիոիդները՝ ի տարբերություն կանաբիոիդների բժշկական պրակտիկայում շատ ավելի լայնորեն են կիրառվում ու շատ ավելի նշանակալի են, այսինքն՝ շատ ավելի կարևոր դերակատարում ունեն ընդհանրապես առողջապահությունում, քանի որ բժշկական օփիոիդները ցուցված են հատկապես ծանր ցավային համախտանիշով ուղեկցվող հիվանդությունների և վնասվածքների բուժման ժամանակ։ Այս դեպքերում բժշկական օփիոիդներն ուղղակի անփոխարինելի են։ Օրինակ՝ մորֆինը օգտագործվում է ծանր ցավային համախտանիշի դեպքում, հետվիրահատական շրջանում կամ ծանր տրավմայի դեպքում։ Չարորակ նորագոյացությունների ժամանակ՝ երբ շատ ուժեղ արտահայտված ցավային սինդրոմ է լինում, օփիոիդներն անփոխարինելի են։ Բայց պետք է մշտապես հիշենք, որ մարիխուանան, այսինքն՝ թե՛ կանաբինոիդները, թե՛ օփիոիդները հանդիսանում են հոգեներգործուն նյութեր, ունեն կախվածություն առաջացնելու պոտենցիալ և հիշենք նաև, որ դրանք, ինչպես արդեն ասացի, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով՝ վերահսկվող նյութերի ցանկերում են գտնվում։ Բացի օրենսդրական արգելքը, որը կա, պետք է նաև հիշենք, որ թմրամիջոցները իզուր չեն համարվում թմրամիջոց, և այդ նույն ՄԱԿ-ի կոնվենցիաներով իրենք արգելված են։ Թմրամիջոցները ներառված են ԱՀԿ հիվանդությունների միջազգային դասակարգիչում՝ որպես կախվածություն առաջացնելու պոտենցիալ ունեցող նյութեր։ Մենք պետք է հիշենք անպայման, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցների գործածումը առողջության համար խիստ վնասակար է և պետք է զերծ մնալ ցանկացած տեսակի հոգեներգործուն նյութեր չարաշահելուց, այդ թվում՝ թմրամիջոցներ։ - Որպես «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար՝  ինչպես ե՞ք գնահատում Հայաստանում մարիխուանա օգտագործողների նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ Կխնդրեմ ներկայացնել նաև վերաբերմունքը Նարկոլոգիական կլինիկայում, քանի որ նոր եք պաշտոնը ստանձնել։ Ի՞նչ էական փոփոխություններ եք նախատեսում։ - Նախ ասեմ, որ մեր հասարակությունում առհասարակ թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Մեր հասարակությունում շատ են օգտագործվում խարան արտահայտող և խտրական եզրույթներ, ինչպիսիք են օրինակ՝ շատ վաղուց արդեն միջազգային բժշկության մեջ չօգտագործվող՝ նարկոմանը, նարկոմանիան, թմրամոլը, թմրամոլությունը, ինչը, իհարկե, ճիշտ չէ։ Երբ մենք խտրական վերաբերմունք ենք ցուցաբերում փաստացի խրոնիկական հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ, այն չի նպաստում, նույնիսկ խոչընդոտում է այդ մարդկանց բուժման դիմելուն, հետագայում, իհարկե, ռեաբիլիտացիային և հասարակությունում վերաինտեգրմանը։ Խոսքը միայն մարիխուանա օգտագործողների մասին չէ, այլ ընդհանրապես, կարող են լինել ալկոհոլ չարաշահող մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում ձեռք են բերել կախվածություն ալկոհոլից կամ այլ թմրամիջոցներ օգտագործող անձինք, երբ կախվածության համախտանիշ է ձևավորվում։ Ես միշտ շեշտել եմ, որ այս մարդկանց դեպքում նվաստացնող, խարան ու խտրական իմաստ ունեցող բառեր և բառակապակցություններ կիրառելը որևէ կերպ չի նպաստում նրանց բուժմանը։ Ինչ վերաբերում է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում վերաբերմունքին, մեր կենտրոնում մեր պաշտոնական փաստաթղթերում և պացիենտների հետ շփման ժամանակ բժիշկները չեն կիրառում խարան արտահայտող եզրույթները։ Իհարկե, սա առաջին հերթին նպաստում է, որ պացիենտը գիտակցի, որ ինքը ոչ թե վատ մարդ է կամ վատ վարքի տեր, այլ՝ հիվանդություն ունեցող մարդ է, իսկ այդ հիվանդությունը հնարավոր է բուժել։ Այդ իսկ պատճառով մենք մեր շփումներում նույնիսկ՝ հիվանդների մասին խոսելիս, օգտագործում ենք կախվածության համախտանիշ եզրույթը՝ կոնկրետ նյութից կախվածության համախտանիշ, կամ մենք նշում ենք, որ ունի հոգեկան և վարքային խանգարում տվյալ պացիենտը՝ այսինչ հոգեներգործուն նյութի չարաշահման հետևանքով։ Այսինքն՝ խտրական եզրույթներ մեզ մոտ չեն կիրառվում։ Ինչ վերաբերում է Նարկոլոգիական կենտրոնում նախատեսվող փոփոխություններին․ իհարկե, մենք անելու ենք փոփոխություններ։ Առաջին հերթին Նարկոլոգիական կենտրոնում ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացման, նաև մեր ծառայությունների մատչելության բարձրացման առումով։ Նաև ուզում եմ ասել, որ մենք նախապատրաստում ենք մեր ուժերով, այսինքն՝ մեր կադրային ռեսուրսներով ուղեցույցներ մշակել, որովհետև մեր նարկոլոգիական հիվանդությունների վերաբերյալ ներկայումս ուղեցույցներ գոյություն չունեն: Հիմա մենք արդեն սկսել ենք դրանք մշակել և հետագայում կներկայացնենք Առողջապահության նախարարություն՝ հաստատման և շրջանառության։ - Որոշ քաղաքացիներ, ովքեր գտնվել են նարկոլոգիական կենտրոնում՝ մարիխուանայից կախվածութան ախտորոշում ունենալու պատճառով, պնդում են, որ տվյալ ախտորոշման համար կլինիկայում իրենց նշանակել և տվել են թմրանյութային անալգետիկները, ինչպիսին է օրինակ՝ «Պրոմեդոլը», որն օփիատների դասին է պատկանում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նմանատիպ նշանակումը։ - Նախ ուզում եմ ասել, որ կանաբինոիդային կախվածության դեպքում օփիոիդային անալգետիկ չի նշանակվում, ուղղակի ցուցված չէ, դրա անհրաժեշտությունը չի լինում։ Օփիոդիային դեղերն առհասարակ նարկոլոգիական պրակտիկայում և, մասնավորապես Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում նշանակվում են միայն օփիոիդային կախվածության դեպքում։ Խոսքը գնում է գիտականորեն հիմնավորված և բարձր արդյունավետություն ունեցող, միջազգայնորեն ընդունված օփիոիդային կախվածության բուժման մեթոդի՝ փոխարինող բուժման մասին։ Փոխարինող բուժման ժամանակ է տրամադրվում օփիոիդ հանդիսացող նյութ։ Այս դեպքում է միայն, որ կիրառվում է օփիոիդային խմբի դեղամիջոց։ Այլ հոգեներգործուն նյութերից կախվածությունների դեպքում, կլինի այն ալկոհոլից , կանաբինոիդներից, մետամֆետամինից, կոկաինից, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում օփիոիդ չի նշանակվում։ Ընդհանրապես աշխարհում օփիոիդ այս դեպքում չի նշանակվում, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա, ցուցված չէ։ Ինչ վերաբերում է «Պրոմեդոլ» նշանակելուն։ Իհարկե, «Պրոմեդոլը» հանդիսանում է օփիոիդային անալգետիկ, բայց ուզում եմ ասել, որ այս առումով Ձեր տեղեկություններն իրականության չեն համապատասխանում։ Այս մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ «Պրոմեդոլ» անալգետիկ Նարկոլոգիական կենտրոնն իր ողջ պատմության ընթացքում չի ստացել։ Ենթադրում եմ, որ խոսքը գնում է «Մեթադոն» օփիոիդային անալգետիկի մասին, որը երկարատև ազդեցության օփիոիդային անալգետիկ է, տրվում է օփիոիդային կախվածությամբ պացիենտներին։ Այսօր Նարկոլոգիական կենտրոնում գտնվող օփիոիդային կախվածություն ունեցող 302 պացիենտ ստանում է մեթադոնային փոխարինող բուժում։ «Պրոմեդոլ» մեր կենտրոնում ընդհանրապես չի տրվել՝ իր պատմության ողջ ընթացքում։ Արփի Ավետիսյան
15:53 - 11 նոյեմբերի, 2019