Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: ԱԽ քարտուղարը կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է, տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտգանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ դերը:
15:01 - 28 դեկտեմբերի, 2020
Հին Թաղերը և Խծաբերդն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ այսօր ռուսական խաղաղապահները մուտք են գործել տվյալ հատված, իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ Ն․ Փաշինյան

Հին Թաղերը և Խծաբերդն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ այսօր ռուսական խաղաղապահները մուտք են գործել տվյալ հատված, իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ Ն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,Խորհրդարանական խմբակցությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,Հարգելի՛ գործընկերներ,Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ: Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է: Երեկ՝ արդեն մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա: Մեր առաջ, բնականաբար, խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: Այսինքն, այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, և հետևաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո: Անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են և այսօր Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա: Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել: Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ: Շատ կարևոր է նաև գերիների փոխանակման գործընթացը և այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ: Կցանկանայի նաև Անվտանգության խորհրդին և մեր խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը և առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ ունենք այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար և ինչպիսի վստահություն կա, որ մենք այդ խնդիրները կկարողանանք հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել: Սա է լինելու մեր այսօրվա քննարկումների շրջանակը: Իհարկե երեկվանից և ոչ միայն երեկվանից, արդեն բավականին երկար ժամանակ բնական լարվածությունների և որոշակի զարգացումների ֆոնին շատ մեծ ծավալներով ապատեղեկատվական հոսքեր են առաջանում և սա իրապես սպառնալիք է ազգային անվտանգությանը ու մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են նաև մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձևակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք: Ուզում եմ շեշտել, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև մեր ընդդիմադիր գործընկերներին և ասեմ, որ վաղ առավոտից նաև ընդդիմության ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր և այս կապակցությամբ պետք է շատ կոնկրոտ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ: Ընդհանուր առմանբ, ուզում եմ ասել նաև, որ իրավիճակը, որի մասին ես խոսեցի, համարում եմ կառավարելի, խուճապի մատնվելու կարիք չկա, պարզապես պետք է մենք կայացնենք որոշումներ և իհարկե կկայացնենք այդ որոշումները: Դրանք կարող են լինել հարցեր առաջացնող և մենք իհարկե պատրաստակամ ենք բոլոր հարցերին պատասխանել: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ճիշտ ներկայացնենք հանրությանը, թե որ որոշումն ինչի համար է կայացվում, նաև իրավիճակներն ինչի համար են ծագել: Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»:
18:58 - 13 դեկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և  հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։ Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
14:26 - 30 հոկտեմբերի, 2020
Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Տաթև Անտոնյանի դիմումը՝ 1. Տաթև Անտոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-Ղ1-1)։ 2. Տաթև Անտոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ Նշենք, որ ավելի վաղ Տաթև Անտոնյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։
15:38 - 22 հոկտեմբերի, 2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը: ԱԽ նիստը սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը:
18:04 - 19 հոկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ

ԱԽ քարտուղա Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա նաև Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել եմ ս.թ. սեպտմեբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, մատնանշել եմ տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
18:40 - 29 սեպտեմբերի, 2020
ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Նշել եմ նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
14:59 - 29 սեպտեմբերի, 2020