Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Երբ Հայաստանի համար հնարավոր կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը․ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

Երբ Հայաստանի համար հնարավոր կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը․ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

tert.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա: Այցի նախօրեին նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչ պայմաններում է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:Անդրադառնալով այն հարցին, թե տեսանելի ապագայում Հայաստանը կարո՞ղ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել, անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է.Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստանալու օբյեկտիվ փաստը, այլև ամեն կերպ փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարների պուրակը», զառանցական հայտարարություններ է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն առաջին Ղարաբաղյան պատերազմի զինվորների գերեզմանները, այլ նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին:Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»:
16:11 - 23 ապրիլի, 2021
Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի Դաշնություն և Տաջիկստանի Հանրապետություն գործուղելու մասին: ՌԴ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, իսկ Տաջիկստանում պատվիրակությունը մասնակցելու է ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), իսկ ապրիլի 28-29-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի, Արմեն Աբրահամյանի՝ Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի (Ա. Գրիգորյանի Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսերը բիզնես դասի), օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Ընդունել ի գիտություն, որ՝ 1) Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արամ Թարվերդյանի գիշերավարձը հոգում է ընդունող կողմը. 2) ապրիլի 28-ին պատվիրակության մեկնումը Մոսկվայից Դուշանբե և ապրիլի 29-ին Դուշանբեից Մոսկվա վերադարձն իրականացվելու են ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը. 3) պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը (բոլոր ծախսերը հոգում է ինքնուրույն), ով միանալու է պատվիրակությանը Մոսկվայում: 4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ապահովել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
15:11 - 20 ապրիլի, 2021
Հրապարակվել է սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն

Հրապարակվել է սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն

ՀՀ Անվտանգության խորհուրդը հրապարակել է 2020 թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Այս հայտարարության առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այդ կետը` 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս հայտարարությունից հետո Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր, ինչից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին՝ անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։   
11:47 - 20 ապրիլի, 2021
ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ |factor.am|

ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ |factor.am|

factor.am:  Հարցազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ -Պարո՛ն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել։ Ինչո՞ւ հենց հիմա հրապարակեցիք, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։ -Նախ՝ պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։ -Ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում եք տեխնիկական խնդիր էր առաջանալու։ -Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Բայց այստեղ ամենակարևորն ուրիշ հարց է՝ ներքաղաքական իրավիճակն էր, և մենք գտնում էինք, որ ամեն դեպքում՝ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու և կարող ենք մի քիչ էլ համբերել, երբ ժամանակը գա՝ սրա մասին ավելի կոնկրետ կխոսենք։ Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու։ -Այսպիսի հակադարձում կա․ իշխանությունները Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունները որոշեցին հերքել, երբ նա սկսեց պահանջել վարչապետի հրաժարականը, այսինքն՝ նրան լռեցնելու նպատակ ունեք։ Փաստ է, որ մինչ այդ չեք հերքել Շտաբի պետին, ինչպե՞ս կպատասխանեք այս մեղադրանքին։ -Այս արձանագրությունները հրապարակում ենք ո՛չ թե, որ Օնիկ Գասպարյանը սկսել է մեզ քննադատել կամ հրաժարական պահանջել․ Օնիկ Գասպարյանն առաջին քայլը կատարեց փետրվարի 25-ին, դրա նախերգանքը եղել է նոյեմբերի 17-ին։ Այսինքն՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը փետրվարի 25-ի՝ Օնիկ Գասպարյանի և մնացած գեներալների նախերգանքն էր, և մենք այդ ժամանակ չենք պատասխանել։ Ամբողջ խնդիրները լուծվել են, այսպես ասած՝ ռազմական հեղաշրջումը կասեցվել է և գիտեք, որ այս պահին ռազմական հեղաշրջման արդյունքները վիճարկվում են Վարչական դատարանում։ Նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ արել է Օնիկ Գասպարյանը, կարելի է ասել՝ ամբողջովին իրականությունից կտրված է, ես այսպես կձևակերպեի՝ քանի որ անցյալում տարբեր բաներ է խոսել, ինձ մոտ տպավորություն կար՝ ինքը փորձում է անցյալը խմբագրել, որովհետև այդ հայտարարությունում արված մտքերի գրեթե մեծամասնությունը հակասում է իրականությանը։ -Օնիկ Գասպարյանին քաղաքական իշխանությունը մեղադրել է Սերժ Սարգսյանի հրահանգով ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Ըստ վարչապետի՝ 2020-ի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, նախագահի հետ հանդիպումից հետո հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Եթե կան ապացույցներ, եթե կա ձայնագրություն, ինչո՞ւ չի հրապարակվում։ -Նախ՝ մի բան պետք է հաշվի առնել՝ այն, ինչ մենք ենք ասում, հիմնավորված է տարբեր ձևերով։ Այստեղ մի կարևոր բան էլ կա Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ կապված․ ես մի հետաքրքիր դետալ ասեմ, որը շատ յուրահատուկ է, և կարիք կա այս առումով պատասխանելու ավելի լայն կոնտեքստում։  Օնիկ Գասպարյանը մասնակցել է Հայաստանի կարևոր գործընթացներին, ես նկատի ունեմ նոյեմբերի 10-ից հետո, բայց որևէ անգամ հանրությունը նրան չի տեսել։ Չկա մի դեպք, որ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ խոսացած լինի, հանրությունը տեսնի նրան։ Օնիկ Գասպարյանը պարզաբանումներ է տարածել,  բայց երբեք նրա խոսքը չենք լսել։ Եվ երբ փորձում ենք այս փաստերը վերլուծել, շատ հակասող բաներ կան․ օրինակ ասում է՝ նշանակումից մի քանի օր հետո կայացած անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, բայց ինքը այդտեղ զեկույց չի ունեցել, ասում է, որ չորրորդ օրն ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել, իր զեկույցը հրապարակում ենք, տեսնում ենք, որ սխալ է ասել։ Ասում է, թե ինքն այն ժամանակ ասել է՝ դիվանագիտական քայլեր է պետք ձեռնարկել, իր զեկույցը ստուգում ենք՝ որևէ բառ չկա դիվանագիտության մասին, սկսում ենք մտածել՝ կարո՞ղ է ինչ-որ մեկն է այս հայտարարություններով զբաղվում, որը պատասխանատվություն չի կրում և ուղիղ չէ։ Եվ ֆեյսբուքում ֆեյք է լինում, նա անպատասխանատու է չէ՞ գործում, էս դեպքում էլ այն մարդիկ, որ կանգնած են հետևում, պատասխանատվություն չեն զգում՝ ինչ է կատարվել, որովհետև ասում եմ՝ փաստերը մենք հրապարակել ենք։ Հստակ ապացույցներ կան, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը մեծ մասով իրականության հետ որևէ աղերս չունի։ Եվ այս առումով՝ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ չի խոսում։ Եվ երբ մենք ինչ-որ բան ենք ասում, դրա հիմքում կան լայն ապացույցներ։ –Այսինքն՝ 20 օրից ավելի պատերազմը շարունակվում էր՝ մենք մտադիր չէի՞նք կանգնեցնել պատերազմը։ -Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի օրինակ է բերել, բոքսի օրինակ է բերել և ասել է, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով։ Շարունակությունը՝ տեսանյութում
17:13 - 16 ապրիլի, 2021
Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

ՀՀ անվտանգության խորհուրդն անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարությանը՝ հրապարակելով սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի արձանագրությունից քաղվածքներ: «Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր: Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները»: Սակայն Օնիկ Գասպարյանի նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին պարոն Գասպարյանը զեկուցողների ցանկում չի եղել (նիստում երկու զեկուցող է եղել), ինչը հավաստում է ԱԽ-ի նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 1) : Հաջորդիվ պարոն Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»: Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » հավելելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: Սույն պարզաբանման համատեքստում հարկ ենք համարում նաև ներկայացնել ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 3), որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « ... Արևելյան օպերացիոն ուղղությունում ..... և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, ... » հավելելով, որ՝  « ... Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում ... »: Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ»,- նշված է ԱԽ հայտարարության մեջ:
17:31 - 15 ապրիլի, 2021
Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգությանխորհրդի հերթական նիստը: Վարչապետի ելույթը ԱԽ նիստի մեկնարկին․ «Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Անվտանգության խորհրդի հերթական նիստի աշխատանքները։ Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրը էական փոփոխություններ է կրել Հայաստանի եւ Արցախի շուրջ, եւ մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերները եւ հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում։ Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը եւ մոտեցումը նոր մարտահրավերներին, ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, եւ ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի եւ Արցախի կայուն եւ բնականոն զարգացման համար։ Իհարկե Հայաստանի տեւական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից, եւ մենք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ, ունենք, որը ունի սեզոնային բնույթ եւ մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ անվտանգային։ Մենք պետք է այս նոր իրավիճակում կարողանանք գնահատել այն հնարավորությունները, որ կա Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Ընդհակառակը, մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պահպանել եւ պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաեւ պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության։ Ընդհանրապես կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարեւորագույն թեմաներից է լինելու։  Հարցը էական է եւ ուշագրավ, բայց ինքնին ունի բազմաթիվ նրբություններ, եւ այդ բոլոր նրբությունները մենք պետք է հաշվի առնենք։ Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն երկարատեւ կայուն զարգացումը Հայաստանի Հանրապետության, եւ նաեւ ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատեւ եւ կայուն զարգացումը եւս մեր պատասխանատվության ոլորտում է։ Այնպես որ, ես այսօր մեզ հաջող եւ արդյունավետ քննարկում եմ մաղթում»։
21:58 - 30 մարտի, 2021
ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:   Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Այս շաբաթ արդեն երկրորդ օրը մենք աշխատում և քննարկումներ ենք իրականացնում Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել, որի արդյունքներով որոշվել է հանդես գալ այսպիսի առաջարկությամբ՝ Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում առաջարկը հետևյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ: Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը: Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով ըստ էության ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր: Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար: Այսօր մենք քննարկումներ ենք ունենալու Անվտանգության խորհուրդների կազմերով, քննարկելու ենք անվտանգային միջավայրին և ապագայի շուրջ մեր ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր: Համոզված եմ, որ այսօրվա որոշումները նույնպես կարևոր դեր պետք է խաղան մեր հետագա անելիքների և դրանց իրագործման առումով»: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ մարտի 25-ին կայացած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում: «Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը:
12:01 - 26 մարտի, 2021
«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ների հետ կապված, չենք ունեցել․ ԱԽ քարտուղար |tert.am|

«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ների հետ կապված, չենք ունեցել․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Լ րագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արմեն Գրիգորյանը անդրադարձավ Սյունիքում առկա անվտանգային խնդիրներին։ Գրիգորյանը պատասխանեց․ «Որևիցէ հանրությունում չկա անվտանգության որևիցէ մակարդակ, որ գոհացուցիչ կլինի։ Նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ մենք բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակում բարձր լինի»։ ԱԽ քարտուղարը անդրադարձավ նաև «ՍՈՒ-30»-ների մասին Փաշինյանի հայտարարություններին և այն հարցին, թե ինչու չկիրառվեցին զինանոցում առկա  հրթիռները։ «ՍՈՒ-30»-ներ գնելու գործընթացը դիտարկվել է որպես երկար ժամանակի գործընթաց։ Ըստ պլանավորման՝ «ՍՈՒ-30»-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես  երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր։ Որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ի հետ կապված, մենք չենք ունեցել։ Կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել»,-նշեց ԱԽ քարտուղարը։
13:09 - 25 մարտի, 2021
Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարն անդրադարձավ ԳՇ պետի մասին իր հայտարարությանը |1lurer.am|

Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարն անդրադարձավ ԳՇ պետի մասին իր հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: «Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա: Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա: Պատմության տեսանկյունից, կարծում եմ, որ եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են բոլոր թեզերը, որոնք ես ասել եմ»,- հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հարցազրույցներից մեկում հնչեցրած պնդմանը, թե գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին ռազմական գործողությունների չորրորդ օրը չի ասել, այլ ավելի շուտ: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում: «Այդ նիստում է հնչել միտքը, թե մեր կարողությունները 2-3 օրվա մեջ չեն ձգելու: Ի դեպ, այդ նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,- նշեց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով՝ սլաքները դեպի զինված ուժեր ուղղելու որևէ նպատակ չկա, զինված ուժերը նույնիսկ պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: «Եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի զինված ուժեր: Որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա: Մեղավորներ եկեք չփնտրենք: Անհրաժեշտ է, որ զինված ուժերը պատրաստեն համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,- նշեց Գրիգորյանը: Իսկ թե ինչու իշխանություններն ուշ արձագանքեցին գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին և ուշ հերքեցին նրա խոսքերը, թե իբր ռազմական գործողությունների չորրորդ օրն է առաջարկել դադարեցնել պատերազմը, Գրիգորյանը մեկնաբանեց. «Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակի բարեփոխումների վրա, քան այդ հարցերի: Քանի որ այս պահին այդ հայտարարությունը որևէ ձևով բանակի բարեփոխումների վրա չի ազդելու, և մենք անվտանգային մեր աշխատանքը կատարելու ենք, նոր փորձել ենք պարզաբանումներ մտցնել: Սա, ի դեպ, հանրային մակարդակում ամենաշահարկված թեման է. չկա մեկ քաղաքական գործիչ, որ այդ մասին խոսած չլինի, ինչ-որ ձևով շահարկած չլինի, դրա համար անհրաժեշտություն կար պարզաբանում մտցնելու»:
12:48 - 25 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Աբրահամյանի դիմումը՝ 1. Արմեն Բաբկենի Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-30.1-Ղ3-1)։ 2. Արմեն Բաբկենի Աբրահամյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ:
13:54 - 22 մարտի, 2021
Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսուքյան իր էջում ներկայացրել է ԱԽ հայտարարությունը․ «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:
13:31 - 01 մարտի, 2021
Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: «Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է խորհրդակցությանն Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում:
11:21 - 22 հունվարի, 2021