Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:    Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։   Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը:
18:01 - 02 մայիսի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զ րուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման ընթացքին, այնպես դրանից անդին՝ նոր ուղղություններով, փոխգործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել համաձայնեցման փուլում գտնվող հարցերի և առկա հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը և Հայաստանի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ գործընկերների հետ շարունակական համագործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ծրագրերի: Հարավային Կովկասում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ ընդգծելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ այդ հարցում ընձեռնվող հնարավորությունները։ ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
18:59 - 30 ապրիլի, 2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։  Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող հարցերի։  Ստորև հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։  Հարց․ Անմիջապես անդրադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին: Ի՞նչ վիճակում են դրանք հիմա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից հետո: Պատասխան․  Գիտեք, որ մենք սկսել ենք խաղաղության գործընթաց ադրբեջանական կողմի հետ, և հայկական կողմը իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչումը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հավաստել են, և մենք մի քանի անգամ հաստատել ենք, որ երկրների միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պետք է տեղի ունենա և սահմանի հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի  հիման վրա: Սա փաստաթուղթ է, որը ստորագրվել է նախկին Խորհրդային Միության տասնմեկ Սոցիալիստական Հանրապետությունների կողմից 1991 թվականին, և այս փաստաթղթում այդ հանրապետություններն արձանագրել են, որ Սոցիալիստական Հանրապետությունների միջև նախկին վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես արդեն անկախ պետությունների միջև միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Ըստ էության, մենք ունենք սահման, փոխադարձորեն ճանաչված տարածքային ամբողջականություն և սահմանազատում հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա. սա նշանակում է, որ 1991 թվականին եղած սահմանները պետք է ներկայում վերարտադրվեն: Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում նույնպես պետք է հղում արվի Ալմա-Աթայի հռչակագրին: Սա սկզբունքներից մեկն է, և եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը։ Հարց․ Արդյո՞ք կա որևէ խոչընդոտ սահմանների սահմանազատման և պայմանավորված այլ սկզբունքների իրագործման համար: Արդյո՞ք կա խոչընդոտ այս պայմանավորվածությունների ամբողջացման համար՝ Բաքվի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը հասնելու նպատակով: Պատասխան․ Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որի մասին ես հենց նոր խոսեցի, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է,  հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։ Այսպիսով, ինչպես նշեցի, այն ժամանակ, երբ մենք համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը: Եվս մի քանի խնդիր կա, օրինակ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը նույնպես քննարկման առարկա է: Այս համատեքստում կարևոր է իմանալ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս, այդ իսկ պատճառով մեր կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. մենք կարծում ենք, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն։ Այսպիսով, մենք պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։ Եթե դա իրականացվի, դա կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաև՝ համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։ Հարց․ Երևանն այս փուլում վերանայու՞մ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին: Արդյո՞ք Հայաստանի օրակարգում է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Պատասխան․ Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա։ Հարց․ Հետևաբար, արդյո՞ք դա ենթադրում է այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Պատասխան․ Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և այո մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ: Դրանց մեջ կան հարցեր որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան: Զուգահեռ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի երկանքով կայունության ապահովման հարցերում մենք խորացնում ենք մեր հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում և այլն: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն այս իրավիճակի էական նպաստող գործոններից է։ Հարց․ Պարո’ն Միրզոյան, իսրայելական պատերազմը Գազայի հատվածում ընթանում է մոտ վեց ամիս: Ինչպե՞ս է Երևանը հետևում այս պատերազմին, որո՞նք են դրա հետևանքները: Պատասխան․ Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավմանը. մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100,000 հայեր ստպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Այսպիսով, մենք դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք, որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում: Ընդհանրապես, մենք միշտ աջակցել ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։ Բացի այդ, մենք պատրաստ ենք աջակցել մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը. մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի։ Հարց․ Պարոն Միրզոյան, դուք մարդասիրական օգնություն ուղարկեցիք Գազայի հատված, սակայն ի՞նչ կասեք ընթացող պատերազմը դադարեցնելու և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու՝ Երևանի մոտեցումների մասին, և արդյո՞ք դուք դա քննարկում եք միջազգային որոշակի շրջանակներում: Պատասխան․ Մենք ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և ռազմական գործողություններն ավարտվեն, և եթե պաշտոնական Երևանը կարող է օգնել այս համատեքստում, մենք ավելի քան պատրաստ ենք։
17:18 - 30 ապրիլի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։ «Մեր երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, և այդ ճանապարհին խորհրդարանական կապերն իրենց յուրովի դերն ունեն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հավելել է, որ երկու խորհրդարաններում արդեն ձևավորվել են բարեկամական խմբեր։ ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահը շեշտել են, որ երկու երկրների միջև, ինչպես նաև ավելի լայն՝ Հայաստանի ու արաբական աշխարհի երկրների միջև հարաբերությունները հիմնված են պատմականորեն երկու ժողովուրդների միջև ձևավորված կապերի, փոխադարձ համակրանքի վրա, իսկ զարգացման տեսլականն ու հեռանկարները՝ տնտեսական զարգացման ու բարգավաճման ձգտումների վրա։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ 2019 թ. Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության և 2023թ. Հայաստանում Կատարի ռեզիդենտ դեսպանության բացումը ևս դրա վկայությունն է, միաժամանակ հանձնառություն՝ ձեռնարկել համատեղ կոնկրետ ջանքեր՝ զարգացնելու թե’ երկկողմ, թե’ Ծոցի համագործակցության խորհրդի հարթակում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը հիշատակել է ՀՀ կառավարության կողմից Գազայից տեղահանված փախստականներին մարդասիրական աջակցության տրամադրումը՝ որպես քաղաքացիական բնակչության վիճակը մեղմելուն ուղղված ջանքերի մաս։ Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Ընդգծվել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Խոսելով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմաներից՝ նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես կայուն զարգացման առհավատչյա։
13:11 - 29 ապրիլի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարարը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։ Ընդգծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ․ Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման և նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով հարաբերությունների ընդլայնմանը լրացուցիչ խթան հաղորդելու կարևորությունը։ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ոլորտներում կապերի հետագա զարգացումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է 2023 թ. Կատարի կողմից կայացված որոշումը ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում, որը հաջորդեց Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման վերաբերյալ որոշմանը։ Արարատ Միրզոյանի և շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները՝ որպես Ծոցի երկրների և Սև ծովի միջև ենթակառուցվածքների զարգացման լավ հնարավորություն։ Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառության վկայությունն է՝ միտված Հարավային Կովկասում տնտեսական զարգացման միջոցով կայուն խաղաղության հասնելուն։ Շարունակելով տարածաշրջանային անվտանգության թեման՝ Արարատ Միրզոյանը շեյխ Մուհամմադ Ալ Թանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի համաձայնեցման և սահմանազատման գործընթացում առաջ ընթանալու կարևորությունը։
15:55 - 28 ապրիլի, 2024
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին շնորհավորել է Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդեռլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդեռլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-նշված է նախարարի գրառման մեջ։ X-ի մեկ այլ գրառմամբ Նիդեռլանդների Թագավորությանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Նիդեռլանդների կառավարությանն ու ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա առթիվ։ Հայաստանը գնահատում է ամուր քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը Նիդեռլանդների Թագավորության հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հավատարիմ է ավելի խորացնելու հարաբերությունները նաև Եվրոպական միության միջոցով»,-նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։  
15:45 - 27 ապրիլի, 2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ միտված քաղաքական երկխոսության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է այդ նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունը:
19:10 - 25 ապրիլի, 2024
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը

ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն է: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներում փոխգործակցության զարգացումը խթանելու, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու և համապատասխան իրավապայմանագրային բազա ձևավորելու պատրաստակամությունը: ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին: Ընդգծվել է պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը, որոնք նպաստում են նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի խթանմանը։ Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ World Expo 2030-ի անցկացման համատեքստում: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, որի դրսևորումն էր նախորդ տարի առաջին անգամ մասնակցությունն Արաբական լիգայի նախարարական հանդիպմանը: «Շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը»: Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ու առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է լոգիստիկ փոխկապակցվածության ավելացմամբ, ինչը նշանակում է թե՛ տնտեսական շահ, թե՛ կայունություն: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
18:55 - 17 ապրիլի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ձևավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերն ընդլայնելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների, երիտասարդության ներուժի արդյունավետ կիրառման միջոցով ոլորտի՝ ժամանակակից պահանջներին համահունչ զարգացումն ապահովելու կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձևավորված միջազգային համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երևանի և Ռիյադի միջև շփումները՝ կրթության տարբեր մակարդակներում փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման իրականացման, ինչպես նաև կրթաթոշակների ու մարդկային ռեսուրսի մեծ ներուժի փոխշահավետ իրացման նպատակով։
14:11 - 17 ապրիլի, 2024