ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարարը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարարը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։ Ընդգծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ․ Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման և նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով հարաբերությունների ընդլայնմանը լրացուցիչ խթան հաղորդելու կարևորությունը։ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ոլորտներում կապերի հետագա զարգացումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է 2023 թ. Կատարի կողմից կայացված որոշումը ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում, որը հաջորդեց Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման վերաբերյալ որոշմանը։ Արարատ Միրզոյանի և շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները՝ որպես Ծոցի երկրների և Սև ծովի միջև ենթակառուցվածքների զարգացման լավ հնարավորություն։ Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառության վկայությունն է՝ միտված Հարավային Կովկասում տնտեսական զարգացման միջոցով կայուն խաղաղության հասնելուն։ Շարունակելով տարածաշրջանային անվտանգության թեման՝ Արարատ Միրզոյանը շեյխ Մուհամմադ Ալ Թանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի համաձայնեցման և սահմանազատման գործընթացում առաջ ընթանալու կարևորությունը։
15:55 - 28 ապրիլի, 2024
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին շնորհավորել է Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդեռլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդեռլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-նշված է նախարարի գրառման մեջ։ X-ի մեկ այլ գրառմամբ Նիդեռլանդների Թագավորությանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Նիդեռլանդների կառավարությանն ու ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա առթիվ։ Հայաստանը գնահատում է ամուր քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը Նիդեռլանդների Թագավորության հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հավատարիմ է ավելի խորացնելու հարաբերությունները նաև Եվրոպական միության միջոցով»,-նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։  
15:45 - 27 ապրիլի, 2024
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Ապրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման, Սև ծովը Ծոցի համագործակցության երկրներին կապելու համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
19:42 - 26 ապրիլի, 2024
Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի շուրջ

Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի շուրջ

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և՛ երկկողմ և՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված հայ և սիրիացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Այս համատեքստում ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանման կարևորությունը:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նախորդ տարվա սեպտեմբերին Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Սիրիա կատարած այցին և Հայաստանի կողմից սիրիացի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում անվտանգային իրավիճակի շուրջ` նշելով, որ երկու տարածաշրջաններում կայունության հաստատումը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Սիրիա փոխգործակցության ընդլայնման համար:
17:30 - 26 ապրիլի, 2024
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. Անի Բադալյան
 |1lurer.am|

Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. Անի Բադալյան |1lurer.am|

1lurer.am: Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին: Այդ մասին «Լուրերին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: «Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»,- նշել է նա:
10:39 - 26 ապրիլի, 2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ միտված քաղաքական երկխոսության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է այդ նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունը:
19:10 - 25 ապրիլի, 2024
21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.   «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև:   1915 թվականից սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:   Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։   Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023 թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։   Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»:
10:45 - 24 ապրիլի, 2024
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան Արաբիա այցը

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան Արաբիա այցը

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը: «Ամփոփելով ապրիլի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն՝ նշենք, որ այցը պատմական էր՝ կայանալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, իսկ օրակարգը հագեցած էր ոլորտային տարբեր ուղղություններով հանգամանալից քննարկումներով. կայացել են նախարար Միրզոյանի հանդիպումները Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի, էկոնոմիկայի և պլանավորման, ինչպես նաև կրթության նախարարի հետ, փոխնախարար Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել զարգացնել ՀՀ-ի և ՍԱ-ի միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և մեծ ներուժ ունեցող ոլորտներում՝ հիմնվելով հարաբերությունների զարգացման յուրովի ճանապարհային քարտեզի վրա:   Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին, այդ նպատակով ներդրումների ապահովմանը՝ որպես տնտեսական զարգացման ու կայունության ապահովման կարևոր գործոն:   Ընդգծվել է նաև բոլոր արաբական երկրների հետ ՀՀ խորացող համագործակցությունը՝ հիմնված հայ և արաբ ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, փոխադարձ համակրանքի և ընդհանուր առանահերթությունների վրա:   Այցի ավարտին նախարար Միրզոյանը նաև հարցազրույց է տվել տեղի առաջատար պարբերականի, որը կներկայացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։  
18:43 - 19 ապրիլի, 2024
ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։  Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված: Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին): Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: 
17:25 - 19 ապրիլի, 2024
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած թուղթին, որն իբր, ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին: Նշենք, որ ադրեբջանական լրատվամիջոցներում տարածված փաստաթղթում կային կետեր, որոնք վերաբերում էին պաշտպանության և անվտանգության ոլորտներում ԱՄՆ ու ԵՄ կողմից ՀՀ-ին աջակցությանը։
18:01 - 18 ապրիլի, 2024
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ապրիլի 17-ին Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում «խոսում են նույն լեզվով»՝ կիսում են նույն առաջնահերթությունները՝ զրուցակիցները նախանշել են փոխգործակցության հիմնական ուղղություններն ու պայմանավորվել նպաստել համապատասխան կառույցների միջև կապերի զարգացմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը և մինչ օրս գրանցված հաջողությունները՝ ընդգծելով ընդհանուր տնտեսության մեջ ոլորտի զբաղեցրած էական մասնաբաժինը: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ոլորտի զարգացման գործում կանանց ներգրավվածության բարձր ցուցանիշները, ինչպես նաև կրթության մեջ նորարար լուծումներին հատկացվող ուշադրությունը՝ այս համատեքստում անդրադառնալով «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռվող հնարավորություններին: Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման ուղղությամբ սաուդյան կողմի հաջողությունները՝ զրուցակիցները պայմանավորվել են իրականացնել ձևավորված փորձի փոխանակում և խթանել կապերը ոլորտի առաջատար ընկերությունների միջև։
13:31 - 18 ապրիլի, 2024