Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ․ հայտարարություն

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ․ հայտարարություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևան քաղաքում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ։ Այս մասին հայտարարել է ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղրոդագրության մեջ նշվում է․ «Մոտ մեկ ամիս առաջ ստացանք հրավեր Երևանի քաղաքապետարանից, որպեսզի ապահովենք ինստիտուտի մասնագետների մասնակցությունը Երևանի կանաչապատման վերաբերյալ աշխատաժողովին։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվել է Երևանում հիվանդ, դեֆորմացված ծառերի արժեքավոր տեսակներով փոխարինման և ինվազիվ տեսակների հեռացման հարցը, ինչը ողջունվել է մասնագետների կողմից։ Կազմվել է արձանագրություն, որը հրապարակված է։ Մեկ ամիս անց Երևանի կենտրոնում սկսվեցին ծառերի զանգվածային հատումները։ Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հղում են անում գիտական կարծիքի և գիտնականների վրա, ինչը տեղին չէ։  Մեր ինստիտուտի գիտնականները հայտնել են կարծիք ընդհանուր գաղափարի՝ հիվանդ ծառերի փոխարինման վերաբերյալ», - ասաց Արսեն Գասպարյանը։ Նա նշեց, որ նման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար պետք է լինի հստակ մշակված ծրագիր։ «Մեր ինստիտուտը նման ծրագիր չի ստացել, չի քննարկել և չի արձագանքել։  Մենք ունենք պետություն, և պետության մեջ գործում են մասնագիտացված պետական ինստիտուտներ և կառույցներ, որոնց պետք է դիմել, դիտողություններ և առաջարկություններ ստանալ։ Սա շատ կարևոր գործընթաց է, բայց այն տեղի չի ունեցել։ Ցանկացած հատման դեպքում ծառի կենսունակությունը պետք է որոշվի մասնագետների կողմից, ներկայացվի հիմնավորում՝ ինչու է հատվում և ինչ է տնկվելու։ Ըստ էության, մասնագիտացված կառույցներն այս ամենի հետ ոչ մի առնչություն չունեն, և Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի անունը շահարկվում է ըստ կարիքի», - ասաց Արսեն Գասպարյանը։ Ըստ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի՝ այս գործընթացն ունի նաև հանրային բաղադրիչ․ «Իմ կոչն է՝ ներկայացնել, հանրայնացնել ամբողջական ծրագիրը, մասնագիտական հիմքերը յուրաքանչյուր փողոցի, ծառի համար։ Ամբողջ աշխարհում ավելի գերադասում են օգտագործել տեղական տեսակները, որովհետև ավելի կայուն և դիմացկուն են։ Բուսաբանության ինստիտուտը վերջերս իրականացրել է հետազոտություն, ներկայացրել տեսակները Երևանի համար, որոնք նպաստավոր են կլիմայի փոփոխության երկարաժամկետ հեռանկարում։ Քաղաքապետարանը մասնակցել է քննարկումներին և ունի այդ ուղեցույցը։ Խորհուրդ կտամ օգտվել գիտության արդյունքներից»։ Արսեն Գասպարյանն առաջարկում է անհապաղ սկսել քաղաքային բնապահպանական ռազմավարության մշակում։ «Այսօր չկան սահմանված և չափելի ռազմավարական նպատակներ, իսկ քաղաքը մի ամբողջ էկոհամակարգ է։ Եթե մենք չունենք բնապահպանական ռազմավարություն, մանրամասն ներկայացված ոլորտային գործողությունների ծրագիր, ապա արագ կերպով նման ազդեցություն ունեցող որոշումներ կայացնելը տեղին չեմ համարում։ Կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը կասեցվի, ծրագիրը  մանրամասն մշակվի, ներկայացվի հանրային և մասնագիտական լայն քննարկման, ստացվի մասնագիտացված կառույցների արձագանքը, կատարվեն համապատասխան փոփոխություններ և դրա հիման վրա, հանրությանը պատշաճ իրազեկելու պայմաններում, իրականացվեն գործողություններ։ Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ մեր քաղաքի համար լավ լինի», - ասաց Արսեն Գասպարյանը։
10:32 - 28 մարտի, 2023
Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին
 |1lurer.am|

Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Կորեայի ձոր լցվող շինարարական աղբի խնդրին ու նշեց, որ ահազանգեր է ստանում այս կապակցությամբ: «Մենք նախկինում քննարկել ենք Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված աշխատանքները: Գրություն էինք ուղարկել ոստիկանություն, որին շատ արագ արձագանք էր եղել: Բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել»,- ասաց Ավինյանը:   Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց. «Ձեր նամակից հետո ոստիկանությունը, պարեկային ծառայությունը շատ արագ արձագանքեցին: Այստեղ կայացել է խորհրդակցություն, աշխատանքների կազմակերպման սխեման քննարկվել է վարչական շրջանների ղեկավարների հետ: Առաջին ամսում այս աշխատանքներին տրվեց լայն թափ: Շինարարական թույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը: Սակայն Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի (ԳԱՍԿ) թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին զգաստություն, ինչպես եղավ հասարակական կարգի ծառայության ակտիվ գործունեության ընթացքում: Վարչական շրջանների ղեկավարների հետ ունեինք պայմանավորվածություն, որ պարբերաբար պետք է իրականացնեն պարբերաբար հերթապահություն և ռեյդ: Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, բավականին թուլացրել են աշխատանքը վարչական շրջանների ղեկավարները, մարդիկ սկսել են առիթից օգտվել»: Ավինյանի խոսքով՝ սա ամենամեծ խնդիրներից մեկն է, ու անհրաժեշտ է լրջորեն զբաղվել դրա լուծմամբ: «Ստացվում է՝ մենք գիտենք խնդրի մասին ու չենք կարողանում դեմն առնել: Դա ամոթ է, ամոթ է մեզ բոլորիս: Այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի: Վստահ եմ, որ դրա ռեսուրսը մենք ունենք»,- ասաց Ավինյանը:
12:00 - 27 մարտի, 2023
Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան |news.am|

Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան |news.am|

news.am: Գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի սկզբում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ մյուս փոխքաղաքապետերի հետ որոշակի աշխատանքի բաժանում են արել: «Դեռեւս նախորդ տարվանից սկսած Մալբրի համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքը էականորեն բավարարվել է: Մենք անցել ենք հաջորդ փուլին՝ ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ, որը մեզ թույլ է տալու երնածրագրերով, ենթաբաժիններով, ժամկետներով հետեւել ամեն անհատական ծրագրին եւ պարոն Մաչյանը հիմնական պատասխանատուն է լինելու: Եվս մեկ նորամուծություն, որն իրականացնելու ենք, դա լինելու է այն, որ նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: Այն նախագծերը, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին»,-ասաց Ավինյանը: Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետի պարտականություններն այս պահին կատարում է առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:
11:11 - 27 մարտի, 2023
ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի․ Արմեն Բեգոյան |armtimes.com|

ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի․ Արմեն Բեգոյան |armtimes.com|

armtimes.com: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այսօր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց Երևանում փոխարինվող ծառերի աշխատանքների  ընթացքից՝ նախ ճապոներենով ողջունելով նրան. «Կոնիչիուա՛ պարոն Բեգոյան»,- ասաց Ավինյանը: Խոսելով կենսունակությունից զրկված ծառերի փոխարինման աշխատանքների մասին, Բեգոյանը հայտնեց, որ ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի, այնուհետ համատեղ են ընտրվել բուսա և ծառատեսակները, որոնք տնկվելու են Երևանում՝ փոխարինելով կենսունակությունը կորցրած ծառերին: Բեգոյանը հավելեց, որ առաջին փուլով ընտրվել է Մոսկովյան փողոցը, որովհետև նախապես որոշված ծրագրով այնտեղ պետք է տնկվեին ճապոնական սակուրաները, որոնք այժմ նախածաղկման փուլում են: «Պետք է նշեմ, որ սակուրաներն ընդհանուր՝ Երևանի քաղաքապետարանի կողմից գնված  ծառատեսակների մոտ 4-5 տոկոսն են կազմում: Այլ հատվածներում պետք է տնկվեն ավելի մեծ սաղարթով ծառեր, ամենամեծ չափաթքանակով ծառատեսակները հենց մեծ սաղարթով ծառերն են՝ սոսին, կաղնին և այլն»,- ասաց Բագոյանը՝ նշելով, որ սակուրաների տնկման շուրջ շատ անհասկանալի աղմուկ է բարձրացել և ստեղծվել է տպավորություն, թե ամբողջ Երևանում սակուրաներ են տնկվելու: Իրականում, ըստ կազմակերպության ղեկավարի, 150 հատ սակուրա է ձեռք բերվել՝ ընդհանուր  փոխարինվող 2500 ծառատեսակից: Բեգոյանը նաև մանրամասնեց, թե ինչու և ինչպես սկսվեց ծառերի շուրջ աղմուկը: «8-10 հոգի, կազմակերպված, ուղղորդված, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի կողմից ու նրանց շրջանաը ներառող անձանց ու լրատվամիջոցների սոցիալական էջերով հրապարակեցին ինֆորմացիա,թե հասեք-փրկեք, Երևանի քաղաքապետարանը տապալում է հասուն ծառեր: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, և սա շատ կարևոր է, որ նույն տիկին Վարդանյանը հետո հայտարարեց, թե այո, այդ ծառերը ենթակա էին հատման և փոխարինման: Այնուհետ խնդիր բարձրացավ, որ նա ուղղակի համաձայն չէ ընտրված ծառատեսակների հետ: Նախ՝ ինչու ընտրվեցին սակուրաներ հենց այդ հատվածի համար.  մայթն այդտեղ 1 մետր է, շատ նեղ է, մենք այդտեղ գիտակցված ընտրել ենք ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ: Մեծ սաղարթով ծառերը, որ առաջարկում էին աղմուկ բարձրացրած 7-8 անձը, մի քանի տարի հետո քանդելու էր մայթը և փակելու էր բնակիչների լույսը»,- պարզաբանեց Բեգոյանը:
10:54 - 27 մարտի, 2023
Երբ կավարտվեն «Հաղթանակ» կամրջի հիմնանորոգման աշխատանքներն, ու ինչ փուլում է ընթացքը |armtimes.com|

Երբ կավարտվեն «Հաղթանակ» կամրջի հիմնանորոգման աշխատանքներն, ու ինչ փուլում է ընթացքը |armtimes.com|

armtimes.com: Երևանի «Հաղթանակ» կամրջի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:  Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ձախ կողմում սալիկապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, աջ կողմում դեռևս  խնդիր կա, որի կարգավորմանն են սպասում: «Աջ կողմով խողովակաշարեր են անցնում, «Վեոլիա ջրի» հետ միասին պետք է հասկանանք՝ եթե այդ խողովակաշարերը փոխվելու են, փոխվեն, նոր շարունակենք աշխատանքը, որովհետև այդ հատվածում խնդիր կա»,-նշեց Գասպարյանը: Նա նաև ավելացրեց, որ կփորձեն այս շաբաթվա ընթացքում ավարտել անվահեծերի փոխման աշխատանքները, որպեսզի ճանապարհը հնարավոր լինի երթևեկելի դարձնել: Երևանի փոխքաղաքապետ Տիհրան Ավինյանի հարցին, թե ե՞րբ վերջնականապես կավարտվեն աշխատանքները՝ չհաշված լուսավորության աշխատանքները, Գրիգորյանը պատասխանեց. «Ամենաուշը հունիսի կես՝ ամենավատ սցենարի դեպքում»:  
10:44 - 27 մարտի, 2023
Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով
 |hetq.am|

Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով |hetq.am|

hetq.am: Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։ Աշխատանքները մեկնարկել են Կասկադից, և այնտեղ հաստաբուն ծառերի հատումը քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Կասկադում հատված ծառերի փոխարեն տնկելու է սակուրա տեսակի ծառեր։ «Հետքը» պարզել է, թե քաղաքապետարանը որ ընկերությունից և որքան գումարով է ձեռք բերել այդ ծառատեսակի տնկիները։  Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2023 թվականի փետրվարի 14-ին ՀՈԱԿ-ը գնման պայմանագիր է կնքել «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է այդ գումարի դիմաց մատակարարել ընդհանուր 150 հատ սակուրա ծառատեսակի տնկի։  Ըստ պայմանագրի հավելվածի՝ ՀՈԱԿ-ը ձեռք է բերել 100 հատ «սակուրա ճապոնական ռոյալ բուրգունդի» տեսակի տնկի՝ մեկ հատը 72 490 դրամով, 30 հատ «սակուրա ճապոնական սերուի աթա ամանոգավա» տնկի՝ մեկ հատը 62 490 դրամով, 20 հատ «սակուրա ճապոնական սերիուաթա կիկու շիդարու» տեսակի տնկի՝ մեկ հատը 65 490 դրամով։  Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը 150 սակուրայի համար պետք է վճարեր 10 մլն 433 հազ․ 500 դրամ։ Սակայն փետրվարի 27-ին ՀՈԱԿ-ի և «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որով 150-ի փոխարեն մատակարարվելու է 70 սակուրա․ 50 հատ՝ յուրաքանչյուրը 72 490 դրամով և 20 հատ՝ յուրաքանչյուրը 65 490 դրամով։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 934 հազ․ դրամ։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տյալներով՝ «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ն 2012 թվականի փետրվարին հիմնադրել է Բալաբեկ Քոչարյանը՝ Կոտայքի մարզի Նոր գյուղ բնակավայրում։ 2021 թվականից ընկերությունը ղեկավարում է նրա եղբայրը՝ Նարեկ Քոչարյանը։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։  Լուսանկարը՝ «Արմենպրեսս»-ի։   
19:51 - 24 մարտի, 2023
Կասկադի հարակից տարածքում հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա |armenpress.am|

Կասկադի հարակից տարածքում հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա |armenpress.am|

armenpress.am: Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքում (Կասկադ) հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա։ Այս մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ «Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ շնչին ընկնող հաշվարկով և եղած ծառերի գրեթե կեսը կորցրել են կամ կորցնում են իրենց կենսունակությունը և եթե անհապաղ միջոցներ չձեռնակեինք նոր ծառերի տնկման, ապա մի քանի տարի անց Երևանը կվերածվի կիսանապատի։ Սրանով է պայմանավորված ծառերի փոխարինումը»,- ասաց Բեգոյանը։ Նրա խոսքով՝ տեղանքը, ճարտարապետությունը, մայթերի լայնությունը հուշել է, որ այստեղ հնարավոր չէ տեղադրել մեծ սաղարթ ունեցող ծառեր։ «Եթե մենք պայմանական այստեղ տնկենք սոսիներ, ապա մի քանի տարի հետո այս սոսիների ճյուղերը կմտնեն շենքի բնակիչների պատուհաններից ներս։ Դրա համար այստեղ որոշված է համեմատաբար փոքր սաղարթով սակուրաներ տնկել։ Նաև նպատակահարմար է, որ ծառերը մեծ սաղարթ չունենան և չփակեն շենքերի գեղագիտական տեսքը։ Այս սակուրաներն ունեն իրենց հատուկ ձևը՝ ինչպես  նախատեսված է, այդպես էլ աճելու են, նրանց ձևավորելու անհրաժեշտություն չի լինելի »,- նշեց Բեգոյանը։
12:17 - 24 մարտի, 2023
Հաշվի առնելով ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ ՀՈԱԿ-ի տնօրենը տարածքում է՝ պատասխանելու քաղաքացիների հարցերին

Հաշվի առնելով ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ ՀՈԱԿ-ի տնօրենը տարածքում է՝ պատասխանելու քաղաքացիների հարցերին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով:  Քաղաքացիները սոցիալական ցանցերում ծառերի հատման գործընթացից լուսանկարներ էին հրապարակել՝ այսպիսով բողոքելով քաղաքապետարանի իրականացրած աշխատանքներից։ Օգտատերերից ոմանք իրենց հրապարակած լուսանկարներից կից նշել էին, որ որոշ ծառեր «առողջ են»։ Քաղաքապետարանից նշում են, որ հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է՝ հետևելու գործընթացին և պատասխանելու քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին:
17:07 - 23 մարտի, 2023
Ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը

Ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝  «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ  կազմակերպվելու է նոր,  ժամանակավոր երթևեկություն: Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի հունիդի 1-ին:
16:15 - 23 մարտի, 2023
Երևան քաղաքը միայն կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ․ Երվանդ Թարվերդյան

Երևան քաղաքը միայն կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ․ Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը գրում է․ «Վերջին մի քանի տասնամյակներում Երևանի զարգացումը, ենթակառուցվածքները, հանրային կյանքն ու ակտիվությունը գրեթե բոլոր ոլորտներում գերկենտրոնացել են հիմնականում Կենտրոն վարչական շրջանում, մասնակիորեն՝ մեկ-երկու հարակից թաղային համայնքներում, օրինակ՝ Արաբկիրում։ Վարչական կառույցները, սպասարկման ոլորտը, զբոսաշրջությունը, «էլիտար» կրթությունն ու առողջապահությունը տեղաբաշխված են գլխավորապես Կենտրոնում, ինչն առանց այդ էլ գերբեռնված այդ թաղամասում լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Ես և մեր քաղաքական թիմը մշակել ենք Երևան քաղաքի տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների հավասարաչափ բաշխվածության, ինչպես նաև 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրի՝ Երևանի քաղաքային կյանքում խիստ առանձնահատուկ դերակատարման հատուկ նախագիծ, որը պատշաճ ժամկետներում կներկայացնենք երևանաբնակներին և մեր ողջ հանրությանը։ Ի մասնավորի, նուբարաշենցին և ավանցին, կենտրոնցին և քանաքեռցին որևէ տարբերություն չպետք է զգան, թե քաղաքի որ հատվածում են բնակվում։ Երևանցիների սոցիալական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, նվազագույն կենսապահովման, բնակարանային և կոմունալ ծառայությունների հասանելիության, տրանսպորտի, ճանապարհների, խմելու ջրի, էլէներգիայի, գազի, հաղորդակցուղիների, այլ ենթակառուցվածքների հասանելիությունը պետք է լինի բացարձակ և չպետք է տարբերվի վարչական շրջանների միջև։ Եթե անգամ Երևանի ամենահեռավոր, ծայրամասային մեկ շենքում ապահովված չէ շուրջօրյա ջրամատակարարումը (այդպիսի շենքեր կան, օրինակ, Սիլիկյան թաղամասում), նշանակում է՝ Երևանում շուրջօրյա ջրամատակարարման մասին խոսելն ավելորդ է և անիմաստ։ Որպես «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ՝ հանրության հետ շփումներում Երևանի առաջնային խնդիրների շարքում մշտապես կարևորում եմ տարածքային համաչափ զարգացումը, վարչական շրջանների աշխատակազմերի և բնակչության սերտ, ամենօրյա կապը, շենքի մենեջերների ինստիտուտի ներդնումը՝ որպես այլընտրանք կամ լրացուցիչ խթան համատիրություններին։ Առաջիկայում այս ծրագրի մասին կխոսեմ առավել հանգամանորեն»։
14:01 - 21 մարտի, 2023
Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի |armenpress.am|

Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավագանու առաջիկա նիստում նոր քաղաքապետ ընտրելու, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն նշեց, որ առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու և քննարկելու են առաջ շարժվելու ճանապարհները։ «Ավագանու առաջիկա նիստը կգումարվի մեկ ամսվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով: Արտահերթ ընտրություններ անցկացնելու, ավագանու նիստում նոր քաղաքապետ ընտրելու վերաբերյալ որոշում դեռևս չունենք, բայց խմբակցության անդամներով առաջիկայում հանդիպելու ենք, խոսելու և քննարկելու, թե ինչպե՞ս ենք առաջ շարժվելու»,-ասաց Գալջյանը: Մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ  նիստի ընթացքում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականի աշնանը։
14:05 - 20 մարտի, 2023
Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․ Դավիթ Խաժակյան |tert.am|

Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․ Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը պարտադիր չէ, այդ ընթացակարգի մասին հավելյալ պարզաբանումներ կարող են լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ «Արձանագրենք մի բան, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով գործադիրում ճգնաժամ չի առաջանում, որովհետև քաղապետի պարտականություններն իր բացակայության ժամանակ, այդ թվում և այս պահին, կատարում է իր առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով, կարծում եմ, ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, և կառավարչական բաց, որպես այդպիսին, առաջանալ չի կարող», - ասաց Խաժակյանը։
20:10 - 17 մարտի, 2023