Հայֆիլմ

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա, գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա Երևանում։ 2006 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է 1923 թվականին հիմնված կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը և գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում։ Տնօրենն է դերասան, պրոդյուսեր Գևորգ Գևորգյանը։ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը մասնակցում է կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացմանը։

Ֆրանսահայ մշակութային միությունը Հայաստանին կվերադարձնի «Հայֆիլմ»-ի արտադրության 64 ֆիլմերի պոզիտիվ ժապավենները

Ֆրանսահայ մշակութային միությունը Հայաստանին կվերադարձնի «Հայֆիլմ»-ի արտադրության 64 ֆիլմերի պոզիտիվ ժապավենները

Ֆրանսահայ մշակութային միությունը (UCFAF) ցանկություն է հայտնել Հայաստանին վերադարձնել 40 տարի առաջ` Խորհրդային Հայաստանից ստացած թվով 64 գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի պոզիտիվ ժապավենները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ներկայացնելով այս հարցի նախապատմությունը: Ֆրանսահայ մշակութային միությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերին դիմել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը՝ ճշտելու համար, թե անհարաժե՞շտ են այդ ֆիլմերը Հայաստանին։ Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին այդ մասին գրություն է ուղղել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն էլ սկսել է զբաղվել հարցով: Կինոկենտրոնը կապ է հաստատել Ֆրանսիահայ մշակութային միության նախագահ Էդմոն Յանիկյանի հետ և պարզել, որ այդ ֆիլմերը տարիներ շարունակ ցուցադրվել են ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ հայկական համայնքի համար: Վերջին անգամ դրանք օգտագործվել են 25 տարի առաջ և պահեստավորված են միության նկուղային հարկում։ «2017թ-ի հունվարից այս ֆիլմերի վերադարձը կազմակերպելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսեց բանակցել ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ Վահե Վահրամյանի հետ, որի հավաստմամբ այն ժամանակ դեսպանությունը չուներ բավականաչափ միջոցներ ամբողջ հավաքածուն Հայաստան տեղափոխելու համար: Հետևաբար, այդ ահռելի կինոժառանգությունից 2017թ․ մարտի 9-ին Հայաստան բերվեց ընդամենը 6 ֆիլմ․ կինոնկարներից երկուսը՝ «Կարինեն» և «Տղամարդիկը» նշված էին որպես ֆրանսերեն ենթագրերով ֆիլմեր և մյուս չորսն էլ ՝ («Լեռնային լճի գաղտնիքը», «Յոթ երգ», «Անահիտ», «Մի կաթիլ մեղր») պոզիտիվ կինոժապավեններ էին»,- հայտնում է Կինոկենտրոնը։ Ֆիլմերը սև/սպիտակ և գունավոր են, մեծ մասամբ հայերեն լեզվով, դրանցից մի քանիսը ֆրանսերեն ենթագրեր ունեն և հիմնականում 35 կամ 16մմ ժապավենային կրիչներով են։ Դրանց մեջ կան նաև մի շարք փաստագրական ֆիլմեր: «Ֆիլմացանկի ուսումնասիրությունից պարզվել է, որ այնտեղ են նաև մեր ազգային կինոժառանգության լավագույն նմուշները․ օրինակ՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմերից՝ «Քաոսը», «Կամոն», «Ժայռը», «Մսյո Ժակը և ուրիշները», «Բարև, ես եմ»-ը, հայ մեծերին նվիրված կարճամետրաժ կինոֆիլմեր, այդ թվում՝ «Մեսրոպ Մաշտոց», «Հրաչյա Ներսեսյան», «Ավետիք Իսահակյան», «Մարտիրոս Սարյան», ինչպես նաև երաժշտական ֆիլմեր՝ «Գոհար Գասպարյան», «Կարինե», անիմացիոն՝ «Արևի հարսնացուն», «Մի կաթիլ մեղրը» և այլն: 2018 թվականին հայկական կինոյի հարուստ ժառանգությունը՝ կինոֆոնդը, հանձնվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որից հետո անիջապես սկսվեցին հայկական կինոժառանգության թվայնացման աշխատանքները։ hetq.am
09:21 - 12 մարտի, 2019