Փաստերի ստուգում

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը, իրականությանը չհամապատասխանող մի քանի պնդում է արել։ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, 2021 թ․ փետրվար ամսվա այդ ձայնագրությունը հրապարակեց օրեր առաջ՝ հունիսի 20-ին՝ հայտարարելով, որ դա ապացույցն է այն բանի, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը եւ քրեական հետապնդումը քաղաքական որոշման հետևանք են։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր այս տարվա մայիս ամսին ԲԴԽ 3 անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի եւ Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ էական կարգապահական խախտման առիթով (որի շրջանակում հունիսի 23-ին ԲԴԽ նրան ենթարկեց կարգապահական պատասխանատվության՝ դադարեցնելով նրա լիազորությունները), իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել դեռ նախորդ տարի՝ 2021 թ․ ապրիլ ամսին Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)։ 2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով բազմաթիվ անձինք են ենթարկվում պատասխանատվության Երեկվա հարցազրույցում ներկայացնելով իր պարզաբանումները՝ Գագիկ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ուզում եմ մենք հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ։ Դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր՝ հունվարի վերջ։ Դուք հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը․․․ Երբ այդ բոլոր մեղադրյաներին տանում էին դատարաններ՝ համապատասխան խափանման միջոց ընտրելու, կարծես բոլոր մեղադրյալները ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին, եւ պատահական չէ, որ մինչ այսօր էլ այդ մասսայական անկարգությունների գործերով ընդամենը մեկ-երկու կամ երեք մարդ է արդեն ենթարկվում կամ ընթացքում է նրանց քրեական պատասխանատվության խնդիրը, որովհետեւ ամբողջը խափանվեց․․․» Ջհանգիրյանը նկատի ունի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած անկարգությունների դեպքերը, սակայն նրա այն պնդումները, թե այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որեւէ մեկի նկատմամբ կալանավորում խափանման միջոց չի ընտրվել կամ որ այսօր էլ «մեկ-երկու կամ երեք» մարդ է ենթարկվում պատասխանատվության, իրականությանը չեն համապատասխանում։  Այսպես․ մայիս ամսին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով հարուցված քրեական գործի ընթացքից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից այդ ժամանակ հայտնել էին, որ քրեական գործով 53 անձի նկատմամբ որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դրանցից 23-ը բավարարվել էր, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, իսկ 33 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:  Ավելի թարմ տվյալների համար դիմեցինք նաեւ ՀՀ դատախազությանը։ Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտնեց, որ նախաքննության փուլում գտնվող տվյալ քրեական գործով ներկայումս 25 անձ, որոնցից մեկը՝ կալանավորված, ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, ԱԺ շենքում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննությունը շարունակվում է, քննություն է կատարվում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով»,- ասաց նա։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կան հիշյալ դեպքերին վերաբերող նախաքննությունն ավարտված եւ դատարան ուղարկված մի շարք քրեական գործեր, որոնցով կայացվել են նաեւ մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ մայր քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ 29 անձից 9-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:  Մեկ այլ գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, եւ ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, քան նախատեսված է այդ հոդվածով, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք:   Կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) 1 անձ դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:  Անջատված գործերից մեկով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մեկ այլ գործով էլ դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման եւ 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման: Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունը դատարանի որոշմամբ կատարված ձայնագրություն չէ Հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը համեմատություն է արել՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ նաեւ հասարակական գործիչ, «5165 շարժման» անդամ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ գաղտնի ձայնագրություն հրապարակվեց, ինչից հետո քրեական գործ հարուցվեց, եւ Չալաբյանը կալանավորվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար)․ «Ինքն էլ կարող է ասել՝ ես կուտ էի տալիս (նման արտահայտություն երեկ Ջհանգիրյանն է արել,-հեղ․), որ հասկանայի՝ ինչ է կատարվում, Ձերը շատ ավելի բազմավեկտոր է, բայց Դուք կալանավորված չեք, մենք խոսում ենք արդարադատության մասին»,- դիմելով Ջհանգիրյանին՝ ասել է Ղազարյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանը նշել է․ «Ես ենթադրում եմ, որ Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է, դա ապացույց է, իսկ սա, կներեք, քեֆի սեղանի շուրջ կատարված խոսակցությունների գաղտնալսում է»։ Ջհանգիրյանի այս ենթադրությունը եւս սխալ է, քանի որ ակնհայտ է, որ Չալաբյանի մասնակցությամբ ձայնագրությունը կատարվել է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, այլ մասնավոր անձի կողմից։ Այն ի սկզբանե հրապարակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքում, եւ անգամ նախաքննական մարմինն էր իր հաղորդագրության մեջ նշել, որ դեպքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը եւ ներքին դիտումը (որը, ի թիվս այլնի, ենթադրում է նաեւ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձայնագրում) կարող են իրականացվել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Արարքը, որի մեջ Չալաբյանին կասկածում, այժմ մեղադրում են, նախատեսված է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են միջին ծանրության հանցագործություններ։ Այսինքն՝ Չալաբյանին մեղսագրվող արարքի շրջանակում նշված ՕՀՄ-ները չէին էլ կարող իրականացվել։ Դատավորի էթիկայի կանոնները միայն ի պաշտոնե գործելու համար չեն նախատեսված Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն հարցին՝ արդյո՞ք իր վարքագծով Ջհանգիրյանը չի խախտել դատավորի համար նախատեսված էթիկայի կանոնները, նա պատասխանել է․ «Ես ընդունում եմ, որ մարդկային էթիկայի կանոն եմ խախտել, բայց դատավորի, որի կարգավիճակը իմ վրա տարածվում է, ոչ մի էթիկայի խախտում չկա, որովհետեւ ես հանրային դաշտում չեմ խոսել, ես խոսել եմ նեղ, ընկերական, տղամարդկանց շրջապատում․․․ Էթիկայի կանոնների խախտումը հրապարակային, հանրային դաշտում կատարած խախտում պիտի լինի․․․ Հո ես իմ ընտանիքում, իմ ընկերների հետ զրույցների ժամանակ պարտադրվա՞ծ չեմ էթիկայի կանոնները պահպանել․․․ Դա գործնական հանդիպում չէր, դա նույն խորհրդակցական մարմնի երեք անդամի ինտիմ զրույց էր»։ Իրականում խախտում կա թե ոչ՝ իրավասու սուբյեկտների որոշելիքն է, բայց նշենք, որ դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոններ նախատեսված են ոչ միայն ի պաշտոնե գործելու համար։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի՝ «Դատավորի էթիկայի կանոնները սահմանելու մասին» 2018 թ․ որոշմամբ այդ կանոնները տարանջատված են երկու տեսակի՝ էթիկայի կանոնները ի պաշտոնե գործելիս եւ ոչ դատական գործառույթների իրականացման ընթացքում, որոնց թվում են, օրինակ, ընտանեկան, հասարակական եւ այլ հարաբերությունների ազդեցությունը իր՝ որպես դատավորի առաքելության վրա թույլ չտալը, կոչմանն անհարիր կապերից խուսափելը եւ այլն։    Միլենա Խաչիկյան
22:45 - 24 հունիսի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Վարդապետյանը, հիշեցնենք, իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն է։ Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է սեպտեմբեր ամսին։ Թերթը, մասնավորապես, գրել է․ «Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»։ Նախ նշենք, որ եթե խոսքը գիտական կոչումների եւ աստիճանների մասին է, ապա Աննա Վարդապետյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն) եւ դոցենտի գիտական կոչում։ Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը պարտադիր պայման չէ դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ նշանակվելու համար։  Գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ, Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածն էլ, որպես լրացուցիչ պահանջներ, սահմանում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին եւ ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։  Սրանից բացի, օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է նաեւ դատախազ նշանակվելու սահմանափակումները, որոնց մեջ եւս դասային աստիճանի բացակայությունը ներառված չէ։ Ավելին, «Դատախազության մասին» օրենքը հստակ սահմանում է Դատախազության դասային աստիճանները, դրանց շնորհման կարգն ու ժամկետները։ Ըստ 46-րդ հոդվածի՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է, որը շնորհվում է դատախազությունում նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ նշանակվելու դեպքերին։ Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս, ըստ նույն հոդվածի, դատախազին շնորհվում է օրենքով տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը, իսկ գլխավոր դատախազի նվազագույն դասային աստիճանը արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է։ Այսինքն՝ թերթի այն ենթադրությունը, թե Վարդապետյանին կընտրեն դատախազ եւ նոր միայն կոչում կտան, բնականոն գործընթաց է։ Թեեւ թերթը մեջբերել է նախկին գլխավոր դատախազների դասային աստիճանները՝ այն համատեքստում, որ նրանք, որպես գլխավոր դատախազ, ունեցել են դրանք, սակայն այդ աստիճանները եւս նրանց շնորհվել են պաշտոնի նշանակվելուց հետո։ Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2013 թ․ հոկտեմբերի 1-ին, իսկ թերթի մեջբերած՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը ստացել է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։ Երկու տարի անց՝ 2015 թ․ դեկտեմբերի 28-ին էլ, նրան շնորհվել է արդեն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Աղվան Հովսեփյանը որպես գլխավոր դատախազ պաշտոնավարել է երկու անգամ՝ 1998-1999թթ եւ 2004-2013թթ։ Պետական խորհրդականի դասային աստիճանը Հովսեփյանին շնորհվել է 1999 թ․ մարտի 23-ին, իսկ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2003 թ․ հուլիսի 1-ին։ Արամ Թամազյանն էլ գլխավոր դատախազ է նշանակվել 2001 թ․ փետրվարի 20-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2004 թթ։ Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան նրան շնորհվել է 2003 թ․ մայիսի 27-ին, իսկ իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2012 թ․ հունիսի 29-ին։ Նշված դասային աստիճաններից առաջ նախկին գլխավոր դատախազները, իհարկե,  ունեցել են  այլ, ավելի ցածր դասային աստիճաններ, սակայն դա պայմանավորված է նրանով, որ նրանք մինչ այդ էլ իրավապահ համակարգում պետական ծառայություն իրականացրել են։ Իսկ Վարդապետյանը, թեպետ դասային աստիճաններ ենթադրող պաշտոններ չի զբաղեցրել, սակայն ունի մասնագիտական՝ օրենքով պահանջվող առնվազն 10 տարվա փորձառությունը։ Այնուհանդերձ նշենք նաեւ, որ Վարդապետյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, եւ շատերը հիշատակել են այն աղմկահարույց դեպքը, երբ նա,  վարչապետի օգնական լինելով, խմբագրումներ էր արել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու քննիչի որոշման տեքստում, ինչի իրավունքը չուներ։ Այդ դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր էին նախապատրաստվել, որից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր։  Մեջբերելով Սահմանադրության հիշյալ 177-րդ հոդվածը՝ թերթը նաեւ գրել է․ «Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»։  Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր խմբակցություն կարող է առաջարկել գլխավոր դատախազի մեկական թեկնածու, հետեւաբար բնական է, որ խմբակցությունը առաջարկել եւ գնահատել է իր թեկնածուի մասնագիտական որակները։ Խմբակցությունների առաջարկած թեկնածուների ցանկից ի վերջո ԱԺ իրավասու հանձնաժողովն է ընտրելու այն անձին, որի թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ-ում։ Իսկ ԱԺ-ն գլխավոր դատախազին ընտրելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ թեկնածու առաջարկելու մասին խմբակցությունների որոշմանը պետք է կցվեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին, իսկ համապատասխանելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:   Լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը   Միլենա Խաչիկյան  
15:55 - 17 հունիսի, 2022
Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր անցկացվում էր «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ՀՀ դատական իշխանության եւ միջազգային կառույցների բազում ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում ընդդիմադիր մի շարք գործիչներ եւ ցուցարարներ, որոնք ցանկանում էին ներկա գտնվել ժողովին՝ իրենց խոսքով՝ ՀՀ-ում դատական իշխանության իրական վիճակը ցույց տալու նպատակով, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չէր տալիս։ Ցուցարարների թվում էր ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որը, զավեշտ որակելով ոստիկանության գործողությունները, առանձին անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին՝ ասելով․ «Այս կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից մեկը ՍԴ-ն է, եւ զեկուցողներից մեկը ՍԴ նախագահ կոչվածն է, ես ուզում եմ իմանալ՝ ԵԽ կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ է, երբ նման որոշում գոյություն չունի, ՀՀ պատմության մեջ կա ընդամենը երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյանը եւ Հրայր Թովմասյանը, որոնց ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում, Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի, հիմա նրան որ դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ նա նախագահ է, եթե նման որոշում գոյություն չունի»։ Էդգար Ղազարյանի այս հայտարարությունը, սակայն, մանիպուլատիվ է եւ խնդրահարույց, քանի որ Արման Դիլանյանը ոչ միայն սահմանված կարգով ընտրվել է ՍԴ նախագահ, այլ նաեւ այդ ժամանակ դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավար լինելով՝ Ղազարյանն անձամբ է այդ մասին հայտարարել, եւ լրատվամիջոցները, օրինակ՝ news.am-ը, armtimes.com-ը, armeniatoday.news-ը, նրա ֆեյսբուքյան գրառմանը հղում կատարելով են հայտնել այդ լուրը՝ կից տեղադրելով նաեւ Ղազարյանի գրառումը։ Վերջինս, սակայն, այս պահին հասանելի չէ․ ֆեյսբուքյան կարգավորումներից պարզ է դառնում, որ հեղինակը կա՛մ դրա տեսանելիությունը փակել է, կա՛մ այն ջնջել է առհասարակ։ Ինչ վերաբերում է ընտրության ընթացակարգին, ինչպես նաեւ Ղազարյանի հայտարարության այն հատվածին, որ գոյություն ունի ՍԴ երկու նախագահ, որոնց ընտրության վերաբերյալ ԱԺ-ն որոշումներ է կայացրել, իսկ Դիլանյանի ընտրության վերաբերյալ որոշում չկա, ապա դա սոսկ սահմանադրական փոփոխությունների արդյունք է։ Բանն այն է, որ թե՛ 1995 թվականի, թե՛ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ ՍԴ նախագահին ընտրում էր Ազգային ժողովը։ Մասնավորապես, ըստ 1995 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի՝ ԱԺ նախագահի առաջարկությամբ ԱԺ-ն, ի թիվս այլնի, նշանակում էր ՍԴ անդամներ եւ ՍԴ կազմից` ՍԴ նախագահ, իսկ 2005 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, ԱԺ նախագահի առաջարկությամբ խորհրդարանը ՍԴ կազմից նշանակում էր ՍԴ նախագահ։ Համապատասխան կարգավորումներ եղել են նաեւ այդ ժամանակ գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով։ Սրանով է պայմանավորված, որ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ են ընտրվել ԱԺ որոշմամբ, որի ժամանակ եւս կազմակերպվել է գաղտնի քվեարկություն։ 2015թ․-ին տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնցով արդեն ՍԴ նախագահի ընտրության լիազորությունը տրվել է հենց ՍԴ-ին։ Ըստ այդմ, գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ-ն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Համապատասխանաբար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 2020 թ․ հոկտեմբերի 12-ին հրավիրված աշխատակարգային նիստում Արման Դիլանյանը եղել է ՍԴ նախագահի միակ թեկնածուն, նա ինքնառաջադրվել է եւ ձայների մեծամասնությամբ ընտրվել ՍԴ նախագահ։ Ընտրության արդյունքները, սակայն, չեն հրապարակվել, քանի որ դրանք գաղտնի են։ Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարցերը, ինչպես նաեւ ՍԴ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներքին ընթացակարգերը կարգավորելու նպատակով 2018 թ․ հուլիսի 9-ին ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունվել է ՍԴ աշխատակարգը, որի 11-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` ՍԴ աշխատակարգային նիստում։ Նախկինում աշխատակարգային այդ որոշումները հրապարակվում էին, ինչպես հրապարակվել է, օրինակ, 2018 թ․ ապրիլի 10-ին ՍԴ փոխնախագահ ընտրելու վերաբերյալ որոշումը, սակայն դրանից հետո ընդունված հիշյալ Աշխատակարգի 22-րդ հոդվածը սահմանում է միայն, որ քվեարկության արդյունքները արձանագրվում են։ Հետեւաբար, 2018 թ․ ապրիլի 10-ից հետո առանձին արձանագրային որոշում չի կայացվել եւ չի հրապարակվել ինչպես Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու, այնպես էլ Ալվինա Գյուլումյանի, հետագայում նաեւ՝ Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրվելու վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայիս ղեկավար Սամվել Առաքելյանից, որը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ նախագահի ընտրության գործընթացը ամբողջությամբ տեղի է ունեցել Աշխատակարգին  համապատասխան․ «Քանի որ ՍԴ աշխատակարգի 11-րդ կետի հիման վրա ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, իսկ 22-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքները արձանագրվում են, ապա այս դեպքում, քվեարկությունը գաղտնի կազմակերպվել է, արդյունքները ամփոփվել են եւ արձանագրվել են, դա էլ հանդիսանում է ՍԴ որոշումը, որից հետո որեւէ անհրաժեշտություն չկա, նույնիսկ անտրամաբանական է, եւ իրավաբանության տեսանկյունից անհեթեթություն կլինի ընդունել մեկ այլ որոշում, որով կհաստատվի, որ այդ քվեարկությամբ ՍԴ նախագահի ընտրությունը ՍԴ կողմից կատարվել է»,- նշեց Առաքելյանը։   Միլենա Խաչիկյան
20:36 - 08 հունիսի, 2022
Հայաստանն ինչպե՞ս է դիմել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին․ Բաբայան - Քոչինյան բանավեճի հետքերով

Հայաստանն ինչպե՞ս է դիմել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին․ Բաբայան - Քոչինյան բանավեճի հետքերով

Մայիսի 23-ին՝ Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, խոսելով պատերազմի հնարավոր սպառնալիքի մասին, հայտարարեց․ «Երբ որ Ալիևը և այս իշխանությունը խոսում են պատերազմից, սիրելի՛ ժողովուրդ, փորձում են բոլորին ցույց տալ, թե այլընտրանքը պատերազմն է, ես հարց եմ հնչեցնում․ ո՞ւմ դեմ պատերազմ։ ․․․․ էդ ո՞ւմ դեմ է պատերազմելու, օրինակ, Ադրբեջանը։ Ո՞ւմ դեմ․ Ռուսաստանի՞, որը ռազմական պայմանագրով պարտավորություն ունի ապահովելու մեր անվտանգությունը, ՀԱՊԿ անդամ պետությունների՞, որոնք Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակվելու դեպքում պարտավոր են անմիջապես լինել Հայաստանում»։ Բաբայանը նշեց, որ հավատում է այդ պայմանագրերին։ Նրան հակադարձեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նշելով․ «Հավատալուն զուգահեռ՝ հարգելի բանախոսը (Արսեն Բաբայանը- խմբ․) իր խոսքում նշեց, որ կան Հայաստանի օկուպացված տարածքներ»։ Բաբայանն արձագանքեց․  - Եվ չգիտեիք, հա՞, նոր իմացա՞ք դրա մասին»։ - Չէ, նոր չիմացանք, ոնց որ Դուք չգիտեք, որ»․․․ - Չի դիմում, իշխանությունը չի դիմում․․․  Բանավեճի ընթացքում լսվեց Բաբայանի խոսքը․ «Խորհրդակցական դիմում եք գրել»․․․ Նա խոսքը չավարտեց։ Քոչինյանը նշեց․ - Արգումնետը էն է, որ մենք գրավոր տեսքով չենք դիմել Ռուսաստանին, այ դրա համար չեն եկել։ Բաբայանը պատասխանեց․ -  Այն հոդվածը, որով․․․ Այստեղ Բաբայանի խսքն ընդհատվում է, սակայն համատեքստից պարզ է, որ նա ցանկանում էր հիշեցնել, թե որ հոդվածով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին։ Բանախոսները միմյանց մեղադրեցին սուտ խոսելու մեջ։ Բաբայանըը ևս մի անգամ փորձեց հիմնավորել իր խոսքը․ «Իշխանությունը չի դիմել, որպեսզի գան»։ Փորձենք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, արդյո՞ք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին, և ինչ իրադարձությունների համատեքստում է այդ ամենը տեղի ունեցել։   Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք․ Հայաստանը որոշում է դիմել ՀԱՊԿ-ին Անցյալ տարվա մայիսին Ադրբեջանը Սյունիքում ու Գեղարքունիքում հատեց Հայաստանի պետական սահմանն ու օկուպացրեց հայկական դիրքեր։ Մայիսի 13-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը»։ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է․ «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և քայլեր են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար, որ վերացնեն ծագած սպառնալիքը» (թարգմանությունը ոչ պաշտոնական է)։ Այս հայտարարությունից հետո խոսակցություններ կային, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով, որը սահմանում է․ «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ: Անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած անդամ պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը»: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով այս խոսակցությունները, նշել էր․ «Հոդվածների մեջ խորանալ պետք չէ: ․․․․ Սպառնալիք է ստեղծվել անվտանգության, և այն չեզոքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»։ Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին։ Նույն օրը Տաջիկստանի ԱԳ նախարարն Արա Այվազյանին հայտնեց, որ Տաջիկստանի նախագահն արդեն տվել է համապատասխան կարգադրություններ։ ՀԱՊԿ մամուլի քարտուղարը «ՏԱՍՍ»-ին հայտնեց, որ Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարները նախորդ օրը քննարկել են Հայաստանի խնդրանքը՝ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։   Իրադարձությունների հետագա ընթացը Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց․ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։ Այս հայտարարությանն արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը․ «ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ, այսպես ասած, ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին»: Ռուբինյանը նաև հիշեցրեց, որ հայկական կողմը զոհ ունի։ ՀՀ ԱԽ քարտուղարն էլ համոզմունք հայտնեց, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ։ Երկու օր անց էլ նա նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։ 2021-ի նոյեմբերին՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, Էդուրադ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանը հանդես էր եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ, բայց նախաձեռնությունը կյանքի չի կոչվել։    Սահմանային իրավիճակի սրումը և ՌԴ-ին դիմելու հարցը Նոյեմբերի 16-ին իրավիճակը հայ-ադբեջանական սահմանին սրվեց, ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց տեղային մարտերի մասին։ ՀԱՊԿ խոսնակը հայտնեց՝ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել Ադրբեջանի հետ սահմանին սրման հետ կապված աջակցության համար։  Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց․ «Քանի որ [Ադրբեջանի] հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»։ Լրագրողը հարցրեց՝ դա բանավոր դիմո՞ւմ է, թե՞ համապատասխան ընթացակարգ կա։ Գրիգորյանը պատասխանեց․ «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու»։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում չհաստատեց, որ ՌԴ-ին պաշտոնական դիմում է եղել․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է [խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի], ապա դեռ չեմ կարող հաստատել»։ Նոյեմբերի 23-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի՝ ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերկալ հարցին, հայտարարեց․ «Մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։ Դիտարկմանը, թե հարցը հավանաբար նոյեմբերի 16-ի իրադարձություննների մասին է, Փաշինյանը պատասխանեց․ «Նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»։ «Infocom»-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու՝ Հայաստանն, ի վերջո, գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ՌԴ-ին, թե՞ ոչ։ ԱԳՆ-ից մեր հարցին ուղիղ պատասխան չէին տվել՝ նշելով միայն երկու կողմերի միջև հեռախոսազրույցների և քննարկումների մասին։ Դեկտեմբերին, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղել է նոյեմբերի 16-ի սահմանային սրումից հետո, ԱԽ քարտուղարը նշեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, և «դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է»։ Ճշտող հարցին, թե երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի՞ դիմումը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաև մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»։   Հայաստանը դժգոհ է Ադրբեջանական զինվորները մինչև օրս շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություննեից դատելով՝ ՀԱՊԿ մեխանիզմներն այդպես էլ գործի չեն դրվել հարցը լուծելու համար։ Մասնավորապես, այս տարվա ապրիլին Փաշինյանը հայտարարեց, որ այն, թե ինչպես ՀՀ սահմանին տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, «ձախողում էր կազմակերպության համար»․ «Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»։ Իսկ մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ, Փաշինյանն ասաց․ «Ինչպես գիտեք, անցած տարի՝ հենց այս օրերին, Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թ․ դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր ՀՀ-ն: Այսպիսով, թե ով է ճիշտ Բաբայան - Քոչինյան բանավեճում, չենք կարող ասել։ Փաստացի, Հայաստանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիմել է՝ Հավաքական անվտանգության համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն։ Իսկ ՌԴ-ին դիմելու մասին ձևակերպումները լղոզված են, և որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, որ ՀՀ-ն գրավոր ընթացակարգով դիմել է ՌԴ-ին։ Նոյեմբերին Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ ասվում էր միայն, որ այդ դիմումը բանավոր է և գրավոր ընթացակարգ կստանա։   Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների վերջին հանդիպումից Աննա Սահակյան
10:58 - 25 մայիսի, 2022
Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Մայիսի 10-ին Արդբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել սահմանազատման հանձնաժողով ստեղծվելու պայմանավորվածություն։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հանձնաժողովի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն հանձնաժողովի կազմը պարզ չէ։ Դեռ մի տարի առաջ Հայաստանը նախապայմաններ էր առաջ քաշել այս գործընթացի մեկնարկի համար, սակայն դատելով վերջին հայտարարություններից՝ կառավարությունը փոխել է դիրքորոշումը՝ հետ կանգնելով իր իսկ առաջ քաշած նախապայմաններից։ Այսպիսով, մայիսի 16-ին Մարիա Կարապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը։ Խոսակցությունը Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի և հայկական կողմի առաջարկների շուրջ էր։ Հիշեցնենք՝ մարտի 14-ին պարզ դարձավ, որ Ադբեջանը Հայաստանին փոխանցել է 5 կետանոց առաջարկ, որտեղ խոսվում է նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և պետական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Հետագայում հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է 6 կետանոց պատասխան առաջարկ, որի բովանդակությունը համընկնում է ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնած դիրքորոշմանը։ Իսկ մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջապես հրապարակեց հայկական կողմի 6 կետերը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը Մարիա Կարապետյանին հարց տվեց այն մասին, թե ինչու հայկական կողմի պատասխան առաջարկներում ոչինչ չի նշվում այն մասին, որ Ադրբեջանը նախևառաջ պետք է իր զինված ուժերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, հետո քննարկվեն մյուս հարցերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 12-ից ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատել են ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։ Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էն տրամաբանությունը, որ մեր մի փոքր շահը, իսկ, եկեք ընդունենք, որ, առհասարակ, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ավելի մեծ շահ է, քան ներխուժման վերացումը․․․ Բոլորս ընդունում ենք, չէ՞, որ ամենամեծ, գլոբալ խնդիրը ԼՂ ժողովրդի իրավունքների, ազատությունների, անվտանգության պաշտպանումն է, ՀՀ ինքնիշխանության, սուվերենության պաշտպանումը ևս։ Մենք մեր մի փոքր շահը չենք կարող որպես նախապայման դնել մնացած բոլոր մեր շահերի սպասարկման համար։ ․․․․ Կարծես ասել, որ երակներս կկտրեմ, եթե այսինչ բանը չանեք․․․ Է, կտրի»․․․ Մարիա Կարապետյանի այս միտքը հակասում է Հայաստանի Հանրապետության՝ նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումներին և Կարապետյանի թիմակիցների հայտարարություններին։ Նախ՝ կառավարող ուժի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումն ու Արցախի խնդրի կարգավորումը միմյանցից տարբեր հարցեր են։ Երկրորդ՝ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ Անդրադառնանք այս երկու կետերին առանձին-առանձին։   Սահմանազատում և Արցախի հարց 2021-ի մայիսի 21-ին ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: Հետագայում, սակայն, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսի 29-ին՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Արցախի հարցը տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից․ «Շատ կարևոր է ընդգծել, և այդ ընդգծումը կա նաև մեր միջզգային գործընկերրների հետ․ Ղարաբաղի հարցի կագավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ»։  Նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը․ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է»։ Նոյեմբերի 17-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Մարիա Կարապետյանի հարցին, ասաց․ «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերը իրար հետ փոխկապակցված չեն, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա և ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Դրանք տարբեր հարցեր են, և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ, իհարկե, այդ հարցերը իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»։ Այսպիսով, ըստ կառավարող ուժի՝ նախկինում արած հայտարարությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը կապ չունի Արցախի հարցի կարգավորման հետ։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման համարվել Արցախի խնդրի կարգավորման հարցում, եթե այդ գործընթանցները միմյանցից անկախ են։   ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման է սահմանազատում սկսելու համար Երբ Ադրբեջանը հատեց պետական սահմանն ու օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը, Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։ Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքներից հետո ՀՀ պաշտոնատար անձինք բազմաթիվ հայտարարություններ են արել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացի մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ 2021-ի մայիսի 17-ին՝ Հանրայինի հարցազրույցում, Արմեն Գրիգորյանը, խոսելով Արդբեջանի ներխուժման մասին, հայտարարեց․ «Էս գործընթացը մարտահրավեր է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը։ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր ելման կետ, և մենք կշարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը։ Բայց էն, որ Ադբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը և վրադառնա ելման կետ, հստակ է, և բանակցությունները միայն դրա շուրջ են։ Այս բանակցությունները միայն այս խնդրի մասին են, չեն կարող այս բանակցությունները փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ։ Դա կլինի Ղարաբաղ, դա կլինի ապաշրջափակում․ ցանկացած այլ հարցի հետ սա չի կարող կապ ունենալ։ Սա խնդիր է առանձին, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»։  Մայիսի 19-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Ի պատասխան՝ Հայաստանն «ընդգծեց նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար»: Հաջորդ օրը՝ խոսելով սահմանազատման հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի մասին, Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը․ «Փաստաթուղթը պատրաստ ենք քննարկել, եթե Ադրբեջանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս է բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Մինչև դա չի կատարվել, այս փաստաթղթի քննարկումը որևէ իմաստ չունի»։  ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով փաստաթուղթը, նշեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար» Մայիսի 21-ին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր․ «Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար»: Մայիսի 26-ին ԱԺ-ում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով սահմանների հստակեցման գործընթացից, նշեց․ «Դե ֆակտո խորհրդային սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետերը, մինչև Ադբեջանական կողմից նախաձեռնած գործողությունները էդ սկսբունքն էր գործում փաստացի, և էդ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը։ ․․․ Քանի դեռ մենք տվյալ հատվածներում՝ և՛ Սև լճի հատվածում, և՛ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է պատկերացնել բանակցային ավելի հանգիստ և տրամաբանական գործընթաց»։ Հունիսի 22-ին՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:  Նախընտարական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ վերահաստատեց այս դիրքորոշումը (1, 2): Հուլիսի 14-ին Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Վաղ թե ուշ՝ ինչ-որ մի օր, անպայմանորեն սահմանագծում և սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում՝ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների անարդյունավետ ճանապարհ է։ ․․․․ Այո՛, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»։ Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սահմանազատման գործընթացի մասին․ «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։ Նոյեմբերին Սոչիում Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիմանը Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի ներխուժման հարցը։ Իսկ այս տարվա հունվարին Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը սահմանազատման վերաբերյալ․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։   Նախապայմանից հրաժարում Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուլսեում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Բրյուսելից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից․ «Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո, ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն»:  Ինչպես տեսնում ենք, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանազատման մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ Ըստ ամենայնի՝ սահմանազատման գործընթացը շուտով կմեկնարկի։ Իսկ դատելով Մարիա Կարապետյանի հայտարարությունից, որով նա ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալը համարում է «ավելի փոքր շահ»՝ Հայաստանը հրաժարվել է նաև այդ նախապայմանից։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններում կառավարությունը միանշանակ չէ․ սկզբում նշվում էր,  թե այդ գործընթացը պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմի, հետո ասվում էր, որ այդ երկու գործընթացները միմյանցից անջատ են, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, իսկ այժմ ոչ միան այդ նախապայմանի մասին չի խոսվում, այլև այն համարվում է «ավելի փոքր շահ»։ Մեր նախորդ հոդվածներից մեկում էլ անդրադարձել էինք այն հարցին, թե ինչպես է մեկուկես տարվա ընթացքում փոխվել կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Աննա Սահակյան
18:05 - 18 մայիսի, 2022
Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Ընդդիմության՝ մայիսի 15-ի հանրահավաքի ընթացքում Սերժ Սրապիոնյանն իր ելույթում հայտարարեց, թե մի նախագիծ է շրջանառվում, ըստ որի, իբր, մարդը կարող է որոշել իր սեռը փոխել, և պետությունն այդ վիրահատության համար նրան տրամադրելու է 25 հազար դոլար․ «Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնան, և դա գրանցվելու է պետականորեն գրանցման սեղաններում։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել, և պետությունը այդ վիրահատության համար տալու է 25 հազար դոլար, որպեսզի մարդը փոխի իր սեռը։ Թույլ են տալու, որ այդ մարդը այդ դեղերը ընդունի և ստանա 2 մլն դրամ դրա համար»։ Նրա ելույթը տարածել են 24․news.am, mediahub.am, bavnews.am, zham.am և այլ կայքեր (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։ Սերժ Սրապիոնյանի տեղեկության աղբյուրը yerevan.today կայքն է։ Սակայն կայքի տարածած տեղեկությունները պաշտոնապես հերքվել են։ Այսպիսով, կայքը մայիսի 11-ին գրել է․ «Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում հստակ, սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է  նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ սեռափոխության անվճար վիրահատություն, հետևաբար ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել» (արխիվացված հղումը)։ Ըստ Yerevan.Today-ի տեղեկությունների՝ փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ․ «Նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»: Ինչպես տեսնում ենք, Yerevan.Today-ի հրապարակման մեջ ոչինչ չկա «25 հազար դոլար վճարելու» մասին, չնայած Սերժ Սրապիոնյանն իր ելույթում նշում է այդ թիվը։ Առողջապահության նախարարությունը դեռ մայիսի 12-ին հերքել էր լուրը, թե Արդարադատության, Առողջապահության նախարարությունների և ՄԻՊ գրասենյակի հետ «փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծը»։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակից հայտնել են, որ գրասենյակը նման որևէ նախագծի կամ նախաձեռնության քննարկմանը ներգրավված չէ։ Արդարադատության նախարարի խոսնակն էլ, մեկնաբանելով նախագծի մասին տեղեկությունը, նշեց, որ այն «բացարձակ սուտ է»։ Այսպիսով, լրատվամիջոցները տարածում են Սերժ Սրապիոնյանի հայտարարությունը՝ հիմնված Yerevan.Today-ի հրապարակման վրա, որը պաշտոնապես հերքում են Առողջապահության և Արդարադատության նախարարություններն ու ՄԻՊ գրասենյակը։ Աննա Սահակյան
13:24 - 17 մայիսի, 2022
Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված  հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

«Հայաստան» խմբակցության քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը Tert.am-ին տված հարցազրույցում օրերս ոչ ճշգրիտ պնդումներ է արել։ Մասնավորապես, խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջերս տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ ՀՅԴ-ն Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել՝ ասել է․ «Իրավական տեսակետից անթույլատրելի է, երբ դու, օրինակ, հավաքների հրահրման, նյութական շահագրգռվածության հոդվածով փորձում ես իբր գործընթաց իրականացնել, բայց հետո մի հատ այլ գործ ես սկսում, որտեղ հիմքը, որն ինքնին արդեն ապօրինի է, չի կարող հիմք դառնալ երկրորդ գործողության համար»։  Արծվիկ Մինասյանը, ըստ ամենայնի, նկատի ունի երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով մայիսի 6-ին Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը, որի շրջանակում խուզարկություն է իրանացվել գործով մեղադրյալ ներգրավված անձանց բնակարաններում, ինչի արդյունքում հայտնաբերվել են ձեռագիր նշումներով նոթատետրեր։ Դրանց վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերված նոթատետրերը բովանդակում են 2021 թ․ տեղի ունեցած ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ․ «Ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Այսինքն՝ Մինասյանը, հավաքներին առնչվող քրեական գործը (եւ/կամ իրականացված խուզարկությունը) որակելով ապօրինի, ասում է, թե իրավական տեսանկյունից անթույլատրելի է դրա շրջանակում երկրորդ գործողությունն իրականացնել (երկրորդ քրեական գործը հարուցել)։ Իրականում, սակայն, դա այդպես չէ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու առիթները։ Ըստ այդ հոդվածի 3-րդ մասի՝ քրեական գործ հարուցելու առիթ է իր լիազորություններն իրականացնելիս քննիչի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետևանքների հայտնաբերումը։ Այսինքն՝ բոլոր այդ դեպքերում, երբ իր լիազորություններն իրականացնելով՝ քննիչը հայտնաբերում է որեւէ հետք կամ տվյալ, որն առերեւույթ վկայում է նոր հանցագործության մասին, ապա դա առիթ է նոր քրեական գործ հարուցելու համար։ Ավելին, նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ դա քննիչի պարտականությունն է։ Մասնավորապես, ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Իսկ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ոչ թե Քննչական կոմիտեի քննիչն է հարուցել նոր քրեական գործը, այլ հայտնաբերված նյութերը փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղ էլ այն հարուցվել է, պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի դեպքերին առնչվող գործերի քննությունը, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի, իրականացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։ Հետեւաբար, անկախ այն հանգամանքից, որ պայմանականորեն ասած, առաջին քրեական գործը պատգամավորը համարում է ապօրինի, իրավական տեսանկյունից թույլատրելի է դրա շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդ քրեական գործը հարուցել։ Ինչ վերաբերում է խուզարկության օրինականությանը, Քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանի խուզարկությունն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տվյալ դեպքում դատարանի թույլտվությունն առկա է եղել, եւ խուզարկությունն իրականացվել է դրա հիման վրա։ Նույն հարցազրույցում խոսելով «Դիմադրություն» շարժման նկատմամբ իշխանությանը սատարող որոշ շրջանակների դրսեւորած վերաբերմունքից՝ Արծվիկ Մինասյանն ասում է․ «Փորձում են կուրորեն ցեխհարձակումներ իրականացնել «Դիմադրություն» շարժման կամ դրա ներկայացուցիչների նկատմամբ, էն երիտասարդ գործիչների, որոնք այս օրերին «Դիմադրություն» շարժման շրջանակում ներկայանում են հանրությանը, ասենք, չգիտեմ, կարող են վերցնել Իշխան Սաղաթելյանին, Աննա Գրիգորյանին, Արամ Վարդեւանյանին եւ պիտակավորել նախկիններ, արտահայտությունը անհասկանալի է, Աննա Գրիգորյանի կամ Արամ Վարդեւանյանի նախկինը ո՞րն է, երբ այդ մարդիկ որեւէ պետական պաշտոն անգամ չեն ունեցել»։ Մինչդեռ Արամ Վարդեւանյանի կենսագրությունն ուսունասիրելով՝ պարզ է դառնում, որ նա տարիներ շարունակ աշխատել է պետական համակարգում՝ զբաղեցնելով նաեւ պետական պաշտոններ։ Մասնավորապես, 2011-2012 թվականներին Վարդեւանյանը եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, 2012 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ, 2012-2014 թթ.՝ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ եւ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2014-2016 թթ. Վարդեւանյանը եղել է ՀՀ ՍԴ նախագահի խորհրդական, 2016-2017 թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական, իսկ  2017- 2018 թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: Այդ ժամանակ գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի օգնականի պաշտոնները ներառված են պետական հայեցողական պաշտոնների շարքում։ Նշենք նաեւ, որ գործող օրենքի համաձայն էլ, ի թիվս այլնի, դրանց շարքում են ներառվել նաեւ ՍԴ նախագահի խորհրդականի, ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի պաշտոնները։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանի այդ պնդումը եւս, թե Արամ Վարդեւանյանը նախկինում որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, իրականությանը չի համապատասխանում։   Միլենա Խաչիկյան
18:24 - 12 մայիսի, 2022
ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

Մայիսի 3-ին oragir.news կայքում հրապարակվել է «ԵՊՀ-ն նոր ձև է գտել ուսանողներին ցույցերից հեռու պահելու համար․ ռեկտորի ապօրինի «հրամանը»» վերտառությամբ հոդված (արխիվացված հղումը)։ Հոդվածում նշվում է, որ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին դեկանատներից հաղորդագրություններ են ստացել, որ ռեկտորի որոշման համաձայն՝ նրանց չի թույլատրվում մասնակցել թեզի պաշտպանությանը, քանի որ չեն վճարել ուսման վարձը։  «Ուսանողները տարակուսանքի մեջ են։ Բանն այն է, որ ռեկտորի համապատասխան հրամանը պետք է հրապարակված լինի ԵՊՀ-ի կայքում, այնինչ այդ մասին որևէ գրառում չկա։ Նկատենք նաև, որ դեկանատներից ուսանողներին ուղարկված հաղորդագրության մեջ ևս չի նշվում հիշատակված հրամանի համարը։ Ակնհայտ է, որ ԵՊՀ ռեկտորը նոր ձև է գտել ուսանողությանը բողոքի ակցիաներից հեռու պահելու համար, քանի որ նախորդ օրերին ԵՊՀ-ում դասապրոցեսը խաթարվել է։ Նշենք, որ ԵՊՀ-ում ուսանողները կարող են ուսման վարձը վճարել մաս-մաս, իսկ մագիստրատուրայի ավարտական կուրսում՝ ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը»,- նշվում է հոդվածում։ ԵՊՀ-ից, «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են հետևյալը․ «Համաձայն Երևանի պետական համալսարանի և մագիստրանտի միջև 2020թ. կնքված «Առկա ուսուցման ձևով մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ» պայմանագրի 3.2.7 կետի՝ ավարտական կուրսի ուսանողը պարտավոր է ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարն ամբողջությամբ վճարել մինչև մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը: Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից»:  Oragir.news-ը նաև պնդում է, թե ուսանողներին ուղարկված նամակում նշված հրամանը պետք է հրապարակված լինի համալսարանի կայքում, բայց «այդ մասին որևէ գրառում չկա»։ Խոսքը վերաբերում է ԵՊՀ ռեկտորի՝ «Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգը սահմանելու մասին» հրամանին, որը հրապարակված է Պետհամալսարանի փաստաթղթերի համար նախատեսված կայքում։ Այս հրամանով սահմանվում է, որ ուսանողները և՛ առաջին, և՛ երկրորդ կիսամյակում կարող են ուսման վարձը բաժանել 4 մասի՝ ամեն ամիս վճարելով դրա մի մասը։ Սակայն ավարտական կուսերի ուսանողները պարտավոր են ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարը վճարել մինչև ավարտական աշխատանքի կամ մաիգիստրոսական թեզի նախապաշտպանությունը։ ԵՊՀ-ին նաև խնդրել էինք հայտնել, թե ուսանողներն ինչ ընթացակարգով են տեղեկանում այն մասին, որ վարձը չվճարած կամ թերի վճարած լինելու դեպքում չեն կարող մասնակցել թեզի պաշտպանությանը։ Պետհամալսարանից մեզ հայտնել են, որ ուսանողներն ուսումնառության վերաբերյալ տեղեկությունները կարող են ստանալ համալսարանի պաշտոնական կայքից, իսկ անհատապես նրանց վերաբերող տեղեկությունը ֆակուլտետների դեկանատներն ուղարկում են համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեներին։ Այսպիսով, oragir.news-ի պնդումը, թե ԵՊՀ մագիստրատուրայի ավարտական կուրսում ուսանողները կարող են ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը, կեղծ է, քանի որ ըստ ռեկտորի հրամանի և ուսանողների հետ կնքված պայմանագրի՝ ուսանողները վարձը պետք է մուծեն մինչև թեզի նախապաշտպանությունը։ Աննա Սահակյան
21:38 - 05 մայիսի, 2022
Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Ապրիլի 29-ին՝ Սարդարապատից  քայլերթով Երեւան եկող խմբի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ անվտանգային մի շարք հարցերի։ Խոսելով, մասնավորապես, բանակի մասին՝ նա ասաց․ «Սկսել են այդ քայքայիչ, ավերիչ գործունեությունը 2018 թվականից հետո, տռուսիկ, մայկա, ելակ, տուշոնկա եւ այլն, եւ այլն, եւ ստացանք այն, ինչ օրինաչափ ձեւով նման քաղաքականության պարագայում պետք է ստանայինք։ Իմ հաշվարկով՝ առնվազն 3 տարի պետք է բանակի վերականգնման համար, եթե վատ աշխատես՝ 3-5 տարի, այդ 3 տարուց 1․5 տարին արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ 3 տարում, այո, ի վիճակի ենք բավականին լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Նայեք, այս վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց գործակալների, ադրբեջանական, սենց ասենք, շպիոնների առկայությունը ինչի՞ մասին է խոսում։ Բարոյահոգեբանական վիճակը բանակում այնպիսինն է, որ այդ երեւույթը․․․ Ուղղակի չկային այդպիսի բաներ»։ Քոչարյանը, ըստ ամենայնի, նկատի ունի  Ազգային անվտանգության ծառայության կողմից ապրիլի  20-ին բացահայտված դեպքը, ըստ որի՝ Զինված ուժերի կոչումով սպա զինծառայող ՀՀ քաղաքացին, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, վարձատրության դիմաց (ընդ որում՝ ոչ թե 300-400, այլ ընդհանուր 1400 ԱՄՆ դոլարի) նրանց է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող մի շարք տեղեկություններ։  Ամեն դեպքում, վերջերս բացահայտված որ դեպքն էլ նկատի ունեցած լինի նա, ինքնին պնդումը, թե նախկինում «այդպիսի բաներ» բանակում չկային, սխալ է։ Դա են վկայում ինչպես մեր հարցմանն ի պատասխան ոստիկանության վերջերս հայտնած տեղեկությունները, այնպես էլ մամուլի մի շարք հրապարակումներ ու Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Մասնավորապես, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից նախորդ ամիս հայտնել են, որ 2009, 2011, 2015 թվականներին ՀՀ-ում արձանագրվել են լրտեսության 1-ական դեպքեր, իսկ 2009, 2013, 2014, 2015 թվականներին՝ պետական դավաճանության 1-ական դեպքեր։ Պետական դավաճանության 2 դեպք էլ արձանագրվել է 2011 թվականին։ Այսինքն՝ մինչեւ 2018 թվականը հիշյալ տարիներին արձանագրվել է լրտեսության եւ պետական դավաճանության ընդհանուր առմամբ 9 դեպք։ Քանի որ այս դեպքերի վերաբերյալ նույնականացնող բավարար տվյալներ Ոստիկանությունը չի հայտնել, իսկ Դատալեքսում տեսանելի այդ թվականների գործերը մեծամասամբ փակ են, հնարավոր չէ այսքանով միայն պնդել, թե այդ բոլորը կատարվել են ԶՈՒ ծառայողների կողմից կամ վերաբերել են հենց բանակին կամ որ այդ բոլորով հանցագործություններն ի վերջո հաստատված են համարվել։ Սակայն մամուլում եւ Դատալեքսում առկա են նաեւ մի շարք բաց տեղեկություններ՝ ՀՀ եւ ԼՂ քաղաքացիների, այդ թվում՝ ԶՈՒ ծառայողների մասնակցությամբ լրտեսության եւ լրտեսության ձեւով պետական դավաճանության իրականացման, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ այդ գործերով կայացված դատավճիռների վերաբերյալ։ Օրինակ՝ 2013 թ․-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի 31-ամյա բնակչուհի Մանե Մովսիսյանը, որը հետագայում մեղավոր է ճանաչվել: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կայացրած դատավճռի՝ զորամասում աշխատելու ընթացքում Մովսիսյանը համացանցի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցներին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաեւ՝ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել ՀՀ-ն եւ ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Ըստ Դատալեքսի՝ Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դարձյալ 2013 թ․-ին լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր են ճանաչվել ԼՂ երկու քաղաքացիներ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը։ Վերջինս հանդիսացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող։ Ըստ մեղադրանքի՝ ծանոթանալով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բնակվող, սփյուռքահայ կազմակերպության անդամ ներկայացած ոմն Սամվել Ազատյանի հետ՝ ԼՂ քաղաքացիները իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով նրան են փոխանցել արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների եւ վիրավորվածների, բժշկական սպասարկման, սննդի, շինությունների վիճակի եւ ՊԲ-ի մասին մի շարք այլ տեղեկություններ, ինչի դիմաց վարձատրվել են գումարով ու նվերներով։ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը դատապարտվել են համապատասխանաբար 10 եւ 11 տարի ազատազրկման։ Ժամանակին այդ գործով պաշտպանություն իրականացրած փաստաբան Էրիկ Բեգլարյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ, ապա նաեւ՝ Գերագույն դատարան, սակայն արդյունքում, մնացել է անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։ 2015 թ․-ին հայտնի է դարձել վարձատրության դիմաց պետական դավաճանության մեկ այլ դեպք, ըստ որի՝ պահեստզորի մայոր Գարիկ Մարությանը, 1997-2014 թթ. զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի միջոցով հայտնվել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, ինչպես նաեւ՝ ծանոթ զինծառայողներից հայթայթած, այդ թվում եւ գաղտնի տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ։ Մարությանի վերաբերյալ գործը Դատալեքսում փակ է, այդ իսկ պատճառով կապ հաստատեցինք այդ ժամանակ նրա պաշտպանությունն իրականացրած, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ, որը մեր զրույցում տեղեկացրեց, որ Մարությանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 14 տարի ազատազրկման։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ դատարանը այն թողել է անփոփոխ։ Մեկ այլ օրինակ է պահեստազորի փոխգնդապետ, նախկին զինծառայող Գեւորգ Հայրապետյանին եւ նրա ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապն ապահոված Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերինի վերաբերյալ 2009 թ․-ին հարուցված քրեական գործը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մարտիրոս Կարապետյանի կայացրած դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 10 տարի ազատազրկման։ Այդ տարիներին Հայրապետյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում հայտնեց, որ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն առհասարակ վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում այն մտել է օրինական ուժի մեջ։ Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ Հայրապետյանի գործով 2011 թ․ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը նախորդ տարի՝ 2021 թ․-ի դեկտեմբերին ճանաչել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ ընդգծելով հատկապես այն, որ դռնփակ դատաքննությունը հիմնավոր չի եղել։ Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումից հետո Հայրապետյանը առողջական խնդիրների եւ դատական համակարգի բարեփոխված չլինելու պատճառներով չի ցանկացել վերաբացման վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, այսինքն՝ ներպետական ատյաններում նրա դատավճիռը այդպես էլ չի բեկանվել։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացուն, նրա մասով դատավճիռը եւս մնացել է ուժի մեջ։ Նշենք նաեւ, որ բանակի մասին տեղեկությունների փոխանցման գործընթացում միշտ չէ, որ անձամբ ԶՈՒ ներկայացուցիչներ կամ զինծառայողներն են ներգրավված եղել։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հասանելի է, օրինակ, 2011 թ․-ի մի գործ, որի շրջանակում քաղաքացիներ Կարեն Մեհրաբյանը եւ Ռոմիկ Ավետիսյանը դատապարտվել են գումարի դիմաց լրտեսության տեսքով դավաճանություն կատարելու, իսկ Աշոտ Չրտկյանը՝ նրանց օժանդակելու մեջ։ Այս դեպքի շրջանակում քաղաքացիները, ի թիվս այլնի, փորձել են ծանոթների, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ ԼՂ քաղաքացիների ներգրավմամբ Ադրբեջանին փոխանցել բանակի անձնակազմի, զենք-զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի եւ ՊԲ-ին վերաբերող այլ տեղեկություններ։ Բողոքարկման արդյունքում դատավճիռը մնացել է անփոփոխ։ 2014 թ․-ին բացահայտված պետական դավաճանության մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճում է եղել ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013թ․-ին սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 11 տարի ազատազրկան։ Դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Իսկ 2016թ․-ին պետական դավաճանության մեկ այլ գործով էլ մեղավոր են ճանաչվել քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը։ Ըստ դատավճռի՝ նրանք, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի թիվս այլնի, համոզել են իրենց որդիներին փոխանցել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Բողոքարկման արդյունքում նրանց դատավճիռը եւս մնացել է օրինական ուժի մեջ։ Այսպիսով, մամուլում եւ Դատալեքսում առկա բաց տեղեկությունների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ 2018 թ․-ին նախորդած տարիներին կատարվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության առնվազն 7 դեպք, ուստի Քոչարյանի պնդումը, թե «այդպիսի բաներ» բանակում չկային, իրականությանը չի համապատասխանում։ Նշենք նաեւ, որ որոնում իրականացնելիս ակնհայտ է դառնում, որ Դատալեքսում ոչ բոլոր գործերն են առհասարակ տեսանելի, քանի որ տեսանալի (այդ թվում՝ ե՛ւ բաց, ե՛ւ փակ) գործերի թիվը պակաս է Ոստիկանության հայտնած դատարան ուղարկված գործերի թվից։ Ամեն դեպքում, հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է այնքան քրեական գործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում։   Միլենա Խաչիկյան
12:32 - 05 մայիսի, 2022
Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Կառավարող ուժի քարոզչամեքենայի մաս կազմող FreeNews.am լրատվականը, որն ունի վերգետնյա հեռարձակման իրավունք, այսօր հրապարակել է «Վանեցյանը հանրահավաքին՝ Քոչարյանի միլիոնների մասին» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում են ընդդիմադիրների վերջին հանրահավաքներից տարբեր կադրեր, ֆոնին էլ հնչում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը։  Տեսանյութում, մասնավորապես, ցուցադրվում է ընդդիմադիրների հանրահավաքներից մեկին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ապա Արթուր Վանեցյանի մասնակցության դրվագը, իսկ կադրում զուգահեռաբար վերջինիս հայտարարությունն է լսվում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին․ «Ունենք ցուցմունք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով, փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել, ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, եւ մնացած այլ-այլ ունեցվածքները։ Մի խոսքով՝ ունենք՝ սխեման ոնց ա գալիս եւ հասնում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, եւ ունենք էդ գումարը ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին, խոսքը գնում ա հարյուրմիլիոնավոր դոլարների մասին, մի մասը՝ դրսի բանկերում, մի մասը՝ ստեղի բանկերում»։  Վանեցյանը, սակայն, այս հայտարարությունը չի արել ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, ինչպես փորձ է արել ներկայացնել լրատվականը։ Այն, իրականում, գրեթե չորս տարվա վաղեմություն ունի․ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Վանեցյանը դեռ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, Քոչարյանի ունեցվածքին վերաբերող այդ տեղեկությունները հրապարակեց իր ու այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից (որի ժամանակ վերջիններս «Մարտի 1»-ի գործն էին քննարկում) հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ FreeNews-ը Վանեցյանի այդ հայտարարությունից վերցրել է ձայնն ու փորձել սինխրոնացնել հանրահավքներից մեկի ժամանակ ելույթ ունեցող Վանեցյանի շուրթերի շարժումներին, սակայ տեսանյութը փոքր-ինչ ուշադիր նայելիս ակնհայտ է դառնում, որ նրա արտաբերած բառերն ու հնչող ձայնը համապատասխան չեն։ Կադրը, որտեղ Վանեցյանն, իբր, Քոչարյանի ունեցվածքի մասին է խոսել, մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից է, որտեղ Վանեցյանը լրիվ այլ բանի մասին է խոսում, իսկ ավելի կոնկրետ՝ օրվա կառավարող ուժին կոչ է անում հեռանալ՝ պնդելով, որ վերջինս ձախողել է բոլոր ուղղություններով։ Իսկ մյուս կադրը, որտեղ Քոչարյանն է երեւում՝ հայացքը ուղղված Ֆրանսիայի հրապարակում տեղադրված բեմահարթակին, դարձյալ նույն օրվա հանրահավաքից է, սակայն այդ դրվագի ժամանակ ելույթ էր ունենում ոչ թե Վանեցյանը, այլ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, եւ Քոչարյանի հայացքը ուղղված էր նրան։  Այսպիսով, FreeNews լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը եւ տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչող հայտարարությունը, թեեւ իրականությանը համապատասխանում է, սակայն այն ժամանակագրական կեղծիք է պարունակում․ Արթուր Վանեցյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել։ Այդ հայտարարությունն արվել է, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Հայարփի Բաղդասարյան
16:04 - 04 մայիսի, 2022
Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ «Ազատությանը» տված հարցազրույցում, հայտարարեց, որ իրենք նախընտրական ծրագրում չեն գրել, թե դեօկուպացնելու են Արցախի տարածքները։ «Այնտեղ [նախընտրական ծրագրում] գրված չի եղել, որ մենք դեօկուպացնելու ենք Շուշին և Հադրութը, գրված է եղել՝ այդ հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ստեղ նյուանս կա, տարբերություն կա։ Ես հասկանում եմ, որ բառի գործածությունը  ավելի ցայտուն է թվում․ օգտագործվա՞ծ է բառը, թե՞ ոչ։ Բայց ձևակերպման տարբերություն կա»,- նշեց պատգամավորը։ Մարիա Կարապետյանը, սակայն, սխալ է ներկայացնում ՔՊ նախընտրական ծրագրում դեօպուկացիայի մասին ձևակերպումը․ այնտեղ գրված չէր, որ Արցախի տարածքների հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ծրագրում նշվում էր հետևյալը․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»: Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին՝ Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:  Մարիա Կարապետյանը, փաստորեն, սխալվում է․ ՔՊ նախընտրական ծրագրում Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը նշում էր որպես բանակցային գործընթացի առաջնահերթություններից մեկը, իսկ նախընտրական քարոզարշավից առաջ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօպուպացիայի խնդիրը պետք է և ոչ թե կարող է դրվել որպես բանակցային հարց։ Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման մասին ինչ էր նշված ՔՊ նախընտրական և 2021-ին ձևավորված կառավարության ծրագրերում, և ինչ են այժմ փաստացի հայտարարում կառավարող ուժի ներկայացուցիչները։ Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ կայքից Աննա Սահակյան
19:11 - 27 ապրիլի, 2022
Գեղամ Նազարյանը «հրաշքով» չէր հայտնվել Երեւանում, նա զոհվածների ծնողների ակցիային մասնակցելու համար էր եկել․ Չախոյանը մանիպուլացնում է

Գեղամ Նազարյանը «հրաշքով» չէր հայտնվել Երեւանում, նա զոհվածների ծնողների ակցիային մասնակցելու համար էր եկել․ Չախոյանը մանիպուլացնում է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երեկ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ դարձյալ մանիպուլյատիվ պնդում է արել։ Նա, մասնավորապես, տեղադրելով խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի լուսանկարը զոհված զինծառայողների ծնողների՝ երեկ կազմակերպած ակցիայից, ի թիվս այլնի՝ գրել է, որ «Իջևանից երեկ (երկուշաբթի,- հեղ․) քայլերթ սկսած պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր հրաշքով հայտնվել է Երևանի կենտրոնում, մասնակցում է բողոքի ակցիաներին»։ Չախոյանը մեկնաբանել է, թե «ընդդիմադիրներն անգամ պատասխանատվություն չունեն իրենց իսկ հայտարարությունների հանդեպ, էլ ուր մնաց մնացածի»։ Թե ինչու է Գեղամ Նազարյանը երեկ Երեւանում եղել, դրա մեկնաբանությունն անձամբ պատգամավորը հնչեցրել է ֆեյսբուքյան իր կարճատեւ ուղիղ եթերի ժամանակ։ Բանն այն է, որ երեկ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության մոտ, ապա հավաք՝ Շարլ Ազնավուրի հրապարակում։ Նազարյանը հենց այդ առիթով էր ժամանել Երեւան՝ ծնողների հետ մասնակցելու այդ ակցիային․ Գեղամ Նազարյանի որդին եւս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ․ «Ես գիշերը վերադարձել եմ Երեւան, որ այսօր ժամը 14-ին մասնակցեմ մեր հերոս նահատակ տղերքի ծնողների հետ միասին մեր հանրահավաքին, հիմա շարժվում եմ դեպի Ազնավուրի հրապարակ, որտեղ հավաք-հանրահավաք կունենանք եւ կներկայացնենք մեր վճռական պահանջը»,- ասել էր Նազարյանը՝ շեշտելով, որ այդ հավաքն իր համար շատ կարեւոր էր։  Բացի դրանից՝ ուղիղ եթերում, որտեղ նա ասում էր Երեւան գալու նպատակը եւ քաղաքացիներին կոչ անում միանալ ակցիային, Նազարյանը շեշտել է նաեւ, որ քայլերթի մասնակից իր ընկերները շարունակում են քայլել Տավուշից դեպի Երեւան։ Ի հավելումն՝ հիշեցնենք, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, երբ «Իմ քայլը» շարժման մասնակիցները ոտքով Երեւան էին գալիս, ապրիլի 10-ին շարժման մասնակիցներից Արայիկ Հարությունյանը, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, Երեւան էր եկել՝ ուսանողների հետ հանդիպում-քննարկման։ Այդ հանդիպումը լուսաբանված չէ, ուստի հղում ներկայացնել չենք կարող։  Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի բնորոշումը, թե Գեղամ Նազարյանը «հրաշքով հայտնվել է Երեւանում», մանիպուլյատիվ է, քանի որ Գեղամ Նազարյանը ինքն էլ հայտնել է Երեւան գալու եւ դրա պատճառի մասին, իսկ Իջեւանից մեկնարկած քայլերթը շարունակվում է։  Հայարփի Բաղդասարյան
15:42 - 27 ապրիլի, 2022
Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ դրա անհրաժեշտության մասին բանաձեւ ընդունել

Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ դրա անհրաժեշտության մասին բանաձեւ ընդունել

Պետությունների ճանաչման վերաբերյալ հասարակության մեջ որոշակի թյուրընկալումներ կան։ Իշխանության որեւէ օղակի կամ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով արված հայտարարություններին երբեմն ավելի մեծ նշանակություն է հաղորդվում, քան դրանք ունեն իրականում։ Այդ թյուրընկալումներն ակնառու են դառնում հատկապես Արցախի ճանաչման թեմայի համատեքստում։ Նմանօրինակ մի դեպք տեղի ունեցավ նաեւ վերջերս։ Եվրոպական կուսակցության փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում ոչ ճշգրիտ հայտարարություն արեց։ Խոսելով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ միջազգային դիրքորոշումների մասին՝ նա նշեց, թե Ֆրանսիայի սենատը անցյալ տարի ճանաչել է Արցախի անկախությունը։ Այդպիսի ձեւակերպումներով հրապարակումներ, ի դեպ, առկա են նաեւ մամուլում, մասնավորապես՝ Irates.am, pastinfo.am, arcakh24.info եւ այլ կայքերում։  Իրականում, սակայն, Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ, եւ ոչ թե անցյալ տարի, այլ  2020 թվականին։  Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր բանաձեւ, որով Կառավարությանն առաջարկում էր ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այն նաեւ դատապարտում էր Թուրքիայի եւ օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան, պահանջում ադրբեջանական զորքերը դուրս բերել սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից եւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար։ Դրանից մեկ շաբաթ անց էլ՝ դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր մեկ այլ բանաձեւ, որում հաստատում էր հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, այդ թվում՝ ԼՂ ճանաչման գործընթացի իրականացման միջոցով։ Դրանում խոսվում էր նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման մասին։ Բանաձեւերի մեջ Սենատը հղում էր կատարել Սահմանադրության 34-1-րդ հոդվածին, ըստ որի՝ Խորհրդարանի պալատները իրավունք ունեն ընդունել բանաձեւեր, սակայն անթույլատրելի են այն բանաձեւերի օրակարգ ներառումը, որոնք Կաառավարության համար վստահության խնդիր կառաջացնեն կամ կպարունակեն Կառավարությանն ուղղված որեւէ հրաման։ Ըստ էության, բանաձեւերը անթույլատրելի չեն որակվել եւ ներառվել են օրակարգում, որից հետո դրանց վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։ Նոյեմբերի 25-ին՝ առաջին բանաձեւի քննարկման ժամանակ, սակայն, Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այն մասին, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախութունը՝ նշելով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայի պարտավորությունն է աշխատել ԼՂ հակամարտության բանակցված լուծումը գտնելու ուղղությամբ, հատկապես՝ կարգավիճակի հարցում, եւ այդ բանակցությունների վերջնարդյունքը չի կարող որոշվել նախապես եւ միակողմանիորեն։ Նա հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը չի ճանաչել որեէ պետություն, այդ թվում եւ՝ Հայաստանը․ «Երեկ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն էր, եւ Հայաստանը վերահաստատեց, որ ցանկանում է, որ Մինսկի խումբը շարունակի ներգրավված մնալ այս հարցի կարգավորման մեջ, ուստի ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին, ոչ Հայաստանին, ոչ ԼՂ ժողովորդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս անդամներին, սա մեր քաղաքականությունը չէ»,- ասել է նա։ Օրեր անց էլ զանգվածային լրատվության միջոցների հարցերին ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն էր հաղորդագրությամբ վերահաստատել Լեմուանի խոսքերը։ Ըստ էության, ընդունված բանաձեւերը որպես բանաձեւեր էլ մնացել են, իսկ դրանց ընդունման փաստն ինքնին բավարար չէ՝ ասելու, որ Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Այդ բանաձեւերը իրավաբանական ուժ չունեն, դրանցով ընդամենը առաջարկ է արվել երկրի գործադիր իշխանությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությանը, ինչը, փաստացի, չի արվել։ Ուստի Զեյնալվանդյանի եւ որոշ կայքերում տեղ գտած ձեւակերպումները իրավական առումով սխալ են եւ իրականությունը չեն արտացոլում։  Ի՞նչ է ենթադրում պետությունների ճանաչումն առհասարակ Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ  միջազգային իրավական ճանաչումը պետության միակողմանի, կամավոր ակտն է, որոշումը, որով տվյալ պետությունը ցանկություն է հայտնում իրավաբանական հարաբերությունների մեջ գտնվել ճանաչվող կողմի հետ, եւ դա օգնում է պետությունների միջեւ փոխադարձ լավ հարաբերությունների զարգացմանը, ինչը ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավաբանական նշանակություն․ «Եթե օրինակ, չճանաչված պետությունը իրավաբանական հարաբերությունների մեջ չի գտնվում, եւ մեկուսացված է, ապա ճանաչման գործընթացի միջոցով ապամեկուսանում է, եւ կարողանում է զարգացնել իր քաղաքական, տնտեսական, առեւտրային, ռազմական եւ այլ հարաբերությունները այլ սուբյեկտների հետ»։ Ըստ Սահակյանի՝ ճանաչումը լինում է պետության կողմից, եւ ներպետական օրենսդրությունը, որպես կանոն, կարգավորում է, թե որոնք են իրավասու ատյանները, որ նման լիազորությամբ են օժտված։ Դրանք հիմնականում կարող են լինել Կառավարությունը եւ Պառլամենտը․ «Արտաքին քաղաքականությունը, դասական առումով, գործադիր իշխանության ֆունկցիա է, ուստի այդ տրամաբանությամբ ճանաչման լիազորությունը գործադիր թեւին է պատկանում, քանի դեռ չկա հատուկ պատվիրակում այն մասին, որ այս տեսակի ակտերի համար անհրաժեշտ է պառլամենտի վավերացումը, այսինքն՝ եթե հատուկ նորմը բացակայում է, ուրեմն՝ դասական առումով սա գործադիր իշխանության ֆունկցիա է՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող, եւ պետք է իրացվի Կառավարության կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելի ցածր մակարդակի ճանաչումները չեն համարվում պետության անունից ճանաչում։ Այդպիսի ճանաչման օրինակ է հենց Ֆրանսիայի որոշ քաղաքների՝ Փարիզի, Մարսելի, Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդների կողմից Արցախի ճանաչումը։  Միեւնույն ժամանակ Սահակյանն ընդգծեց, որ ճանաչումը պետության որոշելիքն է, եւ ինքը չի կիսում այն տեսակետը, թե դա պետք է համաձայնեցվեր Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ․ «Քանի որ Ֆրանսիան համանախագահ երկիր է, միգուցե դա կարող էր վտանգել Մինսկի խմբի կենսունակությունը եւ սպառնալիքի տակ դնել Ֆրանսիայի ներգրավվածությունը վեճի քաղաքական լուծման գործընթացում, բայց դա բացառապես քաղաքական նպատակահարարության հարց է, իրավական տեսանկյունից ճանաչող պետությունը որեւէ կոնսուլտացիա, որեւէ համաձայնեցում չպետք է իրականացնի»։  Միջազգային իրավունքի տեսության մեջ որպես միջազգային ճանաչման ձեւեր առանձնացվում է փաստացի (de facto) ճանաչումը եւ իրավապես (de jure) ճանաչումը։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Ֆրանսիայի դեպքում, երբ Կառավարությունը ճանաչման մասին իրավաբանական ուժ ունեցող ակտ չընդունեց, Սենատի կողմից այդպիսի բանաձեւի ընդունումն ինքնին չի կարող մեկնաբանվել նաեւ որպես փաստացի ճանաչում․ «Փաստացի ճանաչման պարագայում պետք է իրավական հետեւանքներ առաջանան ճանաչող եւ ճանաչվող պետությունների միջեւ, եւ դրա ուժով պետք է ձեւավորվեն հարաբերություններ, այսինքն՝ մենք տնտեսական, առեւտրային, դիվանագիտական, քաղաքական, ռազմական եւ այլ հարաբերություններում պետք է տարբերություն տեսնեինք, եւ եթե այդ հարաբերությունները ձեւավորված չեն Սենատի բանաձեւի հիման վրա, այսինքն՝ փաստացի գործողություններ չկան, չենք կարող ասել, որ տեղի է ունեցել փաստացի ճանաչում»,- նշեց նա։ Տվյալ դեպքում բանաձեւերի ընդունմանը պիտի հաջորդեր կամ Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչման վերաբերյալ ակտի ընդունումը, կամ Ֆրանսիան առնվազն պետք է վերանայեր Արցախի Հանրապետության հետ իր հարաբերությունները եւ փոփոխեր դրանց ծավալը, որպեսզի գոնե փաստացի ճանաչման մասին կարելի լիներ խոսել․ «Շատ տարածական եւ ուռճացված է մեկնաբանությունը, որ եթե կոչ է արել, ուրեմն ճանաչել է, պետք է նկատի ունենալ, որ ճանաչման իրավասությունը պատկանում է գործադիր իշխանությանը, իսկ եթե Սենատը պետք է ազդեցություն ունենար փաստացի ճանաչման տեսքով, ապա այս առումով եւս դրական տեղաշարժ չկա, քանի որ իրավաբանական հարաբերությունների ծավալը Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ Սենատի բանաձեւից հետո չի փոփոխվել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաձեռնությունն ինքնին, իհարկե, դրական է, հանրային քննարկումը եւ խնդրի միջազգայնացումը եւս չափացանզ կարեւոր քայլեր են, պարզապես դա չի կարող հավասարեցվել Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչման հետ։ Իրավաբանն ընդգծեց նաեւ, որ միջազգայնորեն չճանաչվելը որեւէ կերպ չի խոչընդոտում ինքնիշխանությանը, այսինքն՝ ինքնիշխան պետության կայացումը կարող է լինել իրողություն, եւ եթե անգամ չկա միջազգային ճանաչում կամ այն հապաղում է, դա որեւէ կերպ կասկածի տակ չի դնում պետության ինքնիշխանությունը․ «Իսկ այն դեպքերի համար, երբ որեւէ պետության անկախության հռչակումը հակասում է միջազգային իրավունքին, հատուկ գործիք է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունը։ Մասնավորապես, Անվտանգության խորհուրդը կոլեկտիվ չճանաչման պահանջ է ներկայացնում (collective non-recognition), որից հետո որեւէ պետություն չի կարող միակողմանի ճանաչման ակտ ընդունել, որովհետեւ դա կհակասի ԱԽ բանաձեւին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սրա նպատակը միջազգային իրավունքը խախտող գործողությունները արգելափակելն է»,- ասաց նա՝ հիշեցնելով Օդեսիայի, Հյուսիսային Կիպրոսի միջադեպերը, երբ ՄԱԿ-ը արգելափակեց ճանաչման քաղաքական գործընթացը․ «Բարեբախտաբար, Արցախի կոնտեքստում նման բան չի եղել, ինչը հավելյալ ապացույց է, որ Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը կայացված փաստ է, եւ պարզապես մնում է քաղաքական, դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հասնել նաեւ միջազգային ճանաչման»։   Միլենա Խաչիկյան
15:02 - 27 ապրիլի, 2022
Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով հարցազրուցավարի դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են իրավական եւ քաղաքական գնահատական տալ անցյալին, ինչն այդպես էլ չի տրվել մինչ օրս, հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական․  «Ի՞նչ ա նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական։ Ես, անկեղծ ասած, ապշում եմ, արդեն չորս տարի ա՝ լսում եմ էդ բառակապակցությունները՝ իրավական եւ քաղաքական գնահատական։ Ի՞նչ ա, օրենք ընդունենք ինչի՞ մասին, որ ՀՀ-ում օրենքները մինչեւ էդ խախտվել են, որ ժողովրդավարությունը մինչեւ էդ լավ չի եղել, որ ընտրությունները կեղծվել ե՞ն։ Դրա լավագույն գնահատականը եղել ա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը՝ դրան հաջորդող ընտրական ազատ եւ արդար պրոցեսներով, առնվազն երկու [խորհրդարանական] ընտրություն ենք ունեցել 2018, 2021թթ․, եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, երբ նույնիսկ մեր ընդդիմադիրները հաղթել են մեզ, եւ մենք ճանաչել ենք այդ արդյունքները, որովհետեւ այդ արժեքները մեզ համար առավել կարեւոր են, քան իշխանությունն ինքնին։ Ես կարծում եմ, որ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենան, թե էսօր կոնկրետ ինչ պրոբլեմ ունենք եւ ինչպես դա կարելի ա լուծել»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 2018թ․ ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո մի տեւական ընթացք ամենօրյա ռեժիմով խոսվում էր տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին։ Մատնացույց էին արվում իրավական, դատական համակարգերում, պետական կառավարման ապարատում առկա խնդիրները, որոնք խորն էին այնքան, որ հաճախ էր հնչում միտքը, որ մեկ-երկու տարում դրանք հիմնովին լուծելը շատ բարդ է։ Բարեփոխումների մասին խոսելուն, դրանց վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկելուն զուգընթաց քննարկվում էր նաեւ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության հարցը։ Դրա մասին խոսում էին ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ իրավապաշտպան կառույցները՝ շեշտելով, որ այդ գնահատականը կարեւոր է հատկապես ապագայի համար, որ այլեւս չլինի մի իշխանություն, որը մտքի ծայրով կանցկացնի ապօրինություններ անել, իրավունքներ եւ օրենքներ ոտնահարել։ Ընդ որում՝ այդ օրակարգը սկզնաբական շրջանում խորթ չէր նաեւ կառավարող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ նրա տարբեր ներկայացուցիչներ մասնակի կամ ամբողջական անդրադարձեր ունեցել են այդ հարցին, մենք այս հոդվածում մի քանի օրինակներ կներկայացնենք։  Ինչպե՞ս գնահատական տալ անցյալին․ անվերջ քննարկումներ Այսպես, անդրադառնալով նախկինում հնչած տեսակետներին․ 2019 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կազմակերպվեցին։ Միրզոյանն այս թեմայով իր ծավալուն ելույթում, խոսելով հանրային համերաշխության մասին, ասել էր․ «Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»:  Իսկ մասնավորապես անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի առնչությամբ Միրզոյանը հարց էր հնչեցրել․ «Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի»: Քննարկում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ 2019 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկվում էր նախկին իրավաքաղաքական համակարգին գնահատական տալու հարցը։ Այդ հաղորդմանը մասնակցում էր նաեւ այդ ժամանակ արդարադատության փոխնախարար, այժմ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Այդ քննարկումը նույնիսկ տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ «Հանրային քննարկում. ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին» վերնագրով։ Հաղորդման ժամանակ քննարկվում էին դատաիրավական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, դրանց գնահատական տալու հարցը, եւ այլն։ Նույն այդ ամսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որպես պետություն անցյալին քաղաքական գնահատական տալու հարցը քննարկման փուլում է․ «Երբ այդ քննարկումները կավարտվեն եւ դրանց արդյունքում կհանգենք, որ մենք ունենք մի տեքստ, որի շուրջ ունենք կոնսենսուս թե՛ խմբակցության ներսում, թե՛ մյուս խմբակցությունների հետ, արդեն ավելի հրապարակային ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին»,- մասնավորապես նշել էր Ջուլհակյանը՝ իր կարծիքը հայտնելով, որ նախկինում մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ։Պատգամավորը կարծում էր՝ «պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը» Մեկ այլ հարցազրույցում Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ իրենց խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Փաշինյանը այդ քաղաքական գնահատականը բազմիցս տվել են, այդ թվում՝ Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ խմբակցության տարածած հայտարարություն մեջ․ «Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամիսների քննարկումների արդյունքում եկել էին այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։ Այդ հանձնաժողովի մասին դեռ կհիշատակենք։ Փաշինյանի հրապարակած «հանրաքվեի հռչակագիրը», որով պետք է քաղաքական գնահատական տրվեր անցյալին 2020թ․ մարտին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ բացի բուն հանրաքվեի դրվող տեքստից՝ նկարագրեն նաեւ տեղի ունեցող գործընթացի քաղաքական կոնտեքստը։ Այդ առիթով ստեղծել էին 2020թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխություն տեղի կունենար, այլեւ կտրվեր, Փաշինյանի խոսքով, «նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին», փորձ կարվեր ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնար համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։  Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ հռչակագրի նախագծի տեքստը, որտեղ, ի թիվս այլնի, արձանագրված էր, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն, եւ այլն։  Հանրաքվեն, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, իսկ քաղաքական գնահատական չտրվեց, համենայն դեպս, հռչակագրի նախագծից անդին։ Փաստահավաք հանձնաժողովի մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ի մայիսին, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերով սահմանվում էին 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները։  Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում․ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու [միջոցով], որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- շեշտված էր նախագծում: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել էր անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք, ըստ նախարարության, հենց Փաստահավաք հանձնաժողովն էր՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաեւ՝ հաշտեցման հանձնաժողովը (այս հոդվածում չենք անդրադառնա, թե ինչպես մոռացության մատնվեցին նաեւ ի սկզբանե նախանշված անցումային արդարադատությունը եւ հեղափոխական օրակարագի մյուս կարեւոր հարցերը)։ Թեեւ անցումային արդարադատության շրջանակներում այս հանձնաժողովը պիտի որ անկյունաքարային նշանակություն ունենար, սակայն դրա կյանքի կոչումը մինչ օրս չի եղել, իսկ դրա շրջանակներում, բնականաբար, քաղաքական գնահատական էլ չի տրվել։ Իրավապաշտպանները պնդում էին անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին Արդեն 2020թ․ հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրանք նշել էին, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է կարճաժամկետ քայլերի վրա՝ ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող էր վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։  Միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները չէ, որ խոսում էին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Նրանց թվում էին նաեւ հանրային ու քաղաքական այլ գործիչներ։  Այսպիսով, Արսեն Թորոսյանը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարության անդամ էր՝ առողջապահության նախարարը, այդ իրադարձություններից տարիներ անց հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավաքաղաքական գնահատական, օրե՞նք պիտի ընդունվի, ինչի՞ մասին։ Սա այն պարագայում, երբ այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն է ինքը, առնվազն նախաձեռնել է գործընթացներ, որոնք ենթադրել են նաեւ անցյալին քաղաքական գնահատական տալ հստակ եղանակով, եւ ոչ միայն առանձին հայտարարությունների տեսքով։ Ընդ որում՝ այդ նախաձեռնությունները չեն եղել, օրինակ, անհատ պատգամավորների մակարդակով, այլ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի։ Որքան էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց տարբեր ելույթներում գնահատականներ հնչեցրել են անցյալի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ շատ հաճախ բավականին սուր ձեւակերպումներով, այդուհանդերձ ինչ-որ փուլում կարեւորվել է հենց քաղաքական ավելի ծանրակշիռ հայտարարության ընդունումը՝ խորհրդարանի մակարդակով։ Այլ են հարցերը, թե ինչու այդ գործընթացը տրամաբանական կետին չհասավ, կամ արդյոք հիմա ժամանակավրեպ չէ այս խոսակցությունը, սակայն հարկ է նկատել, որ Արսեն Թորոսյանի համար անհասկանալի է մի գործընթաց, որի կարեւորությունը ժամանակին շեշտել են իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները։ Լուսանկարը՝ parliamentmonitoring.am կայքից Հայարփի Բաղդասարյան
12:30 - 27 ապրիլի, 2022
Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանի միջեւ հեռահար բանավեճը, օրերս թյուրըմբռնման տեղիք տվող մի հայտարարություն է արել։ Նախկին եւ ներկա պաշտոնյաների բանավեճը վերաբերում է ՀՀ զինված ուժերի սպառազինության վիճակին։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա։ Մինչդեռ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, հակադարձելով Փաշինյանի այս հայտարարությանը, ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Անդրադառնալով այս թեմային՝ ժամեր անց «Հրապարակ»-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը, ի թիվս այլնի, ասաց, որ ե՛ւ Փաշինյանը, եւ՛ Տոնոյանը ստում են․ «Տոնոյանը՝ որպես պաշտպանության նախարար, պիտի հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ»։ Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մեջ խոսում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, իսկ Մովես Հակոբյանը պարզապես նշում է զարգացման պլան։ Այս հանգամանքը կարեւոր է այնքանով, որ զարգացման որոշ պլաններ Անվտանգության խորհրդի լիազորությունների տիրույթում են, սակայն կոնկրետ Տոնոյանի կողմից մատնանշված զարգացման ծրագիրը դրանց թվում չէ։ Մասնավորապես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ԱԽ-ն, ի թիվս այլնի, հաստատում է զինված ուժերի զարգացման պլանը, այլ զորքերի զարգացման պլանը եւ այլ պլաններ։ Մինչդեռ նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության լիազորությունների ցանկում է։ Ավելին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Կառավարության՝ այդ տարի հաստատված ծրագրի «Զինված ուժերը» ենթաբաժնում նշված է, որ քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը եւ ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։  Այսինքն՝ իշխանափոխությունից հետո Կառավարությունը իսկապես մտադրված է եղել վերանայել եւ/կամ վերահաստատել «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը»։ Այնուհանդերձ, հնարավոր չէ ասել, թե ինչ փոփոխություններով եւ երբ է այն ի վերջո վերահաստատվել, քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ առկա չեն։ Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է ոլորտի գաղտնիությամբ։ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի, մարտական կիրառության հնարավորությունների եւ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ կարող են դասվել պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի՝ «ՀՀ ՊՆ համակարգի գաղտագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» հրամանով էլ՝  այդ տեղեկությունները դասվել են պետական գաղտնիքի շարքին։ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի» վերանայման մասին Տոնոյանը խոսել է նաեւ պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարի 25-ին՝ Մեդիամաքսին տված իր հարցազրույցում։ Նա, մասնավորապես, ասել է հետեւյալը․ «․․․ Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։  Տոնոյանի այս խոսքից էլ պարզ է դառնում, որ ԶՈՒ զարգացման պլանը խմբագրվել եւ ընդունվել է ԱԽ-ի կողմից, այնինչ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» այդ պահի դրությամբ Կառավարության կողմից վերանայման փուլում է եղել։ Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատելու լիազորությունը Կառավարությունից փոխանցել Անվտանգության խորհրդին։ Սակայն սա ընդամենը նախագիծ է, եւ առայժմ իրավական որեւէ ուժ չունի։ Ազգային ժողովի պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում այն ներառված չէ ո՛չ ամբողջությամբ ընդունվածների, ո՛չ օրակարգում ընդունված նախագծերի, ո՛չ էլ դեռեւս չընդունվածների ցանկում։ Հրապարակված օրակարգերի համաձայն՝ այն դեռեւս չի քննարկվել նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում եւ Կառավարության նիստերում։ Այսպիսով, Մովսես Հակոբյանի այն հայտարարությունը, թե Դավիթ Տոնոյանը պետք է իմանար, որ զարգացման պլանը հաստատում է ոչ թե Կառավարությունը, այլ ՊՆ-ն, միանշանակ չէ։ Եթե Հակոբյանը նկատի է ունեցել հենց «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», որի մասին խոսում էր Տոնոյանը, ապա նա սխալ է, որովհետեւ այդ ծրագիրը օրենսդրական գործող կարգավորումների շրջանակում իսկապես Կառավարությունն է հաստատում։ Իսկ եթե Հակոբյանը նկատի է ունեցել ԶՈՒ զարգացման պլանը, ապա նա ճիշտ է, որ դա հաստատում է ԱԽ-ն։ Սակայն այդ պարագայում էլ ճիշտ չէ պնդել, թե Տոնոյանը ստում է, որովհետեւ Տոնոյանը այդ պլանի մասին չէր խոսել։   Միլենա Խաչիկյան
12:30 - 26 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին այցելել է․ «Հրապարակի» զրուցակիցը սխալվում է

Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին այցելել է․ «Հրապարակի» զրուցակիցը սխալվում է

«Հրապարակ» օրաթերթը ապրիլի 24-ին հրապարակել է «Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը ոչ մի անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ չի բարձրացել» վերտառությամբ հոդված (արխիվացված հղումը)։ Այս տեղեկությունը «Հրապարակին» հայտնել է անանուն զրուցակիցը, որն, օրաթերթի պնդմամբ,  երկար տարիներ ճանաչել է Փաշինյանին, վերջինիս ուսանողական տարիներին զուգահեռ սովորել է համալսարանում։  «Մինչեւ 2018 թիվը ոչ մի անգամ Ցեղասպանության համալիր չի գնացել, ծաղիկ չի դրել, այդ օրերին, եթե հանգստյան օրեր էին, անպայման գնում էին քաղաքից դուրս՝ պիկնիկի, եթե օրերը տաք էին լինում։ Իսկ 18-ից հետո, պարզ է, որ ի պաշտոնե է գնում՝ որպես վարչապետ չի կարող չգնալ»,- մեջբերում է «Հրապարակն» իր զրուցակցի խոսքերը։ Այս տեղեկությունը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ն էլ այցելել է Ծիծեռնակաբերդ։ 2017-ի ապրիլի 24-ին, օրինակ, դեռ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշիյանն այցելել էր Եղեռնի զոհերի հուշահամալիր, նաև լրագրողներին մեկնաբանություն էր տվել հայ-թուրքական հարաբերությունների մասին։ 2016-ի ապրիլի 24-ին ևս մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդ։ Shamshyan.com-ը այդ լուրի հետ նաև լուսանկարներ է հրապարակել (արխիվացված հղումը)։ Այպիսով, «Հրապարակ» օրաթերթի զրուցակցի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը չի այցելել Ծիծեռնակաբերդ, չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանն առնվազն 2016-ին ու 2017-ին՝ ապրիլի 24-ին, եղել է Ծիեծռնակաբերդում։ Աննա Սահակյան
14:06 - 25 ապրիլի, 2022