Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Գերիների հարազատները դադարեցրեցին նստացույցը. Կառավարությունից խոստացել են վարչապետի հետ հանդիպում կազմակերպել
 |news.am|

Գերիների հարազատները դադարեցրեցին նստացույցը. Կառավարությունից խոստացել են վարչապետի հետ հանդիպում կազմակերպել |news.am|

news.am: Շիրակցի գերիների հարազատները քիչ առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, որ նստացույցը դադարեցնեն։ «Մեզ խոստացան վաղը զանգահարել եւ տեղեկացնել վարչապետի հետ հանիդպման օրվա եւ ժամի մասին։ Այս պահին մենք վերադառնում  ենք Շիրակի մարզ»,- ասաց գերիներից մեկի հարազատը։ Հիշեցնենք, որ շիրակցի գերիների հարազատները երեկ առավոտից նստացույց էին սկսել եւ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ վարչապետի աշխատակազմից լսել էին նրանց պահանջը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց չէին տեղեկացրել հանդիպումը կկայանա՞, թե՝ ոչ։ Գերիների հարազատները շարունակել էին իրենց նստացույցը եւ գիշերել Կառավարության շենքի դիմաց։ Առավոտյան արդեն գերիների հարազատներին վարչապետի աշխատակազմից խոստացել են հանդիպում կազմակերպել վարչապետի հետ եւ նրանք դադարեցրել են նստացույցը։
Այսօր 11:38
Մենք շատ ծրագրեր ունենք, երբ շարժում ապահովում ենք, ընթացք՝ ոչ, ի՞նչն է պատճառը, որովհետև մենք ձիու, լծափայտի և կառքի հարցը չենք լուծել․ Նիկոլ Փաշինյանը՝ Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Մենք շատ ծրագրեր ունենք, երբ շարժում ապահովում ենք, ընթացք՝ ոչ, ի՞նչն է պատճառը, որովհետև մենք ձիու, լծափայտի և կառքի հարցը չենք լուծել․ Նիկոլ Փաշինյանը՝ Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 7-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Նիստի երկրորդ օրը քննարկվել են գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացմանը, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավմանը վերաբերող հարցեր։ Զեկույցներով է հանդես եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։   Փոխնախարարն անդրադարձել է պարենային համակարգի կայուն զարգացման Կառավարության տեսլականին, որը միտված է բարձրարժեք արտադրանք ստեղծող գյուղատնտեսության զարգացմանը. ներկայացվել են ռազմավարական նպատակները, առաջնահերթությունները, մարտահրավերներն ու ընթացիկ ծրագրերը։ Նա նշել է, որ 2021թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 933 մլն ՀՀ դրամ, արձանագրվել է աճ։ Ընդգծվել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական ծրագրի արդյունավետությունը, որի շրջանակում տարեկան 2 տոկոսով սարքավորումների թարմացում է իրականացվում. այսօր ՀՀ-ում առկա է ավելի քան 26000 միավոր գյուղտեխնիկա, և նաև այս ծրագրի հաջող ընթացքով է պայմանավորված որոշ ուղղություններով արտադրողականության բարձրացումը, օրինակ՝ պտուղ-բանջարեղենային պահածոների արտահանման գծով։ Նշվել է նաև ինտենսիվ այգիների հիմնման և գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագրերի արդյունավետությունը։ Քննարկում է ծավալվել Կառավարության գյուղատնտեսական բարեփոխումների և արտադրողականությունը խթանող գործիքակազմի շուրջ։ Արծարծվել են պարենամթերքի նկատմամբ կիրառվող հարկային դրույքաչափերին առնչվող հարցեր, ներկայացվել են դիտարկումներ ու առաջարկություններ։ Մեկ այլ հարցով ներկայացվել է հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավման հայեցակարգը։ Նշվել է, որ այն միտված է հողերի կտրտվածության, ոռոգման ջրի և ֆինանսական ռեսուրսների ցածր հասանելիության, ենթակառուցվածքների թույլ զարգացվածության, սեփականության փոխանցման գործընթացի բարդության խնդիրների հաղթահարմանը։ Այդ նպատակով արդեն իսկ գործում են պետական աջակցության ծրագրեր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում, գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում և այլն։ Նախատեսվում է նաև իրականացնել փորձնական ծրագիր 4 բնակավայրում՝ հողերի կոնսոլիդացիայի, առցանց հարթակի միջոցով իրավական փաստաթղթավորման գործընթացներին աջակցելու և այլ գործիքների կիրառմամբ։ Վարչապետը նկատել է, որ հողերի չօգտագործման առաջնահերթ պատճառը հողերի շուկայի բացակայությունն է, և հողային բարեփոխումը պետք է միտված լինի նախևառաջ դրա ձևավորմանը։ Ներկայացված հայեցակարգի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն։ Քննարկվել են ոռոգման ենթակառուցվածքների զարգացման, գյուղտնտեսությունների արտադրողականության բարձրացման, հողերի օգտագործելիության մակարդակի ավելացման ուղղությամբ հնարավոր միջոցառումներն ու առկա խնդիրների լուծման տարբերակները։ Օրակարգով նախատեսված հարցերի քննարկումից հետո ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստն ավարտվել է։ Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, Մեծարգո պարոն նախագահ, Մենք պիտի ամփոփենք մեր աշխատանքները, և ես նախ ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար: Սա, ըստ էության, մեր Տնտեսական քաղաքականության խորհրդի նախնական նիստն է, որի արդյունքում պետք է կողմնորոշվեինք, առաջին հերթին, այս ձևաչափով մեր աշխատանքների հետագա ընթացքի մասով: Մենք այս կարգի քննարկումներ իրականում շատ հաճախ ենք ունենում, և ո՞րն է նոր բաղադրիչն այս ձևաչափի համար: Առաջինը՝ ֆորմալացումը և անվանման հաստատումը և երկրորդը՝ մեր հրավիրված փորձագետների մասնակցությունն այս աշխատանքին: Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել նրանց՝ ոչ միայն այս, այլև հետագայում աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար: Այսօր առավոտյան կարճ աշխատանքային քննարկում ունեցանք, և մեր հիմնական ցանկությունն է, որ լինի անկախ փորձագետների խումբ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ այլ կապով կապված չլինի Կառավարության կամ իշխանության հետ, և որը որպես անկախ և անաչառ մարմին կուղեկցի Կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը:  Սա առաջինը: Եվ երկրորդը՝ ինչ-որ առումով կամուրջ դառնա Կառավարության բարեփոխումների օրակարգի և, եթե պատկերավոր ասենք, միջազգային փորձագիտական հանրության հետ, որովհետև որոշ սպեցիֆիկ թեմաների շուրջ մենք կարող ենք փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտություն ունենալ, և Տնտեսական քաղաքականության խորհրդի անդամները մեզ կօգնեն գտնել այն փորձագետներին, որոնք այդ ոլորտում կարող են լավագույն խորհրդատվությունն ապահովել Հայաստանի կառավարության համար: Պայմանավորվել ենք, որ «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամը՝ պարոն Ջավադյանի գլխավորությամբ, կկազմակերպի, կազմակերպչական դերակատարում կվերցնի այս խորհրդի աշխատանքը և հաղորդակցությունն իրականացնելու համար, ինչը շատ կարևոր է: Այս քննարկումներից արդյոք ինքս ինձ համար որոշակի աշխատանքային եզրակացություն կոնկրետ արեցի՞, թե՞ չարեցի: Պիտի ասեմ՝ երբ մտածում էի, թե որն է կոնկրետ աշխատանքային եզրակացությունը մեր քննարկումներից, կրկին ուզում եմ վերադառնալ երեկ օրվա վերջում մեր ունեցած քննարկմանը, որը բացվեց առաջնահերթությունների հետ կապված, բայց մի փոքր կվերաձևակերպեմ: Քննարկումների արդյունքում եկա այսպիսի եզրակացության՝ մեր բոլոր ոլորտային ծրագրերն իրականում բազմաբովանդակ են, կազմված են բազմաթիվ տողերից: Շատ կարևոր է, որպեսզի մենք զուտ կառավարման առումով կարողանանք տեղորոշել այն տողերը, որոնք պետք է մեր ավելի մեծ ուշադրության արժանանան, որովհետև ունեն լոկոմոտիվի նշանակություն: Թե ի՞նչ պատկերավոր օրինակով կարող եմ դա ցույց տալ՝ մոտավորապես մտածեցի, որ եթե ձիերը, լծափայտը և կառքը, պատկերավոր ասած, տեղադրված են մեկ մեծ ծրագրի տարբեր տողերում, ինչ-որ շարժում կարող են, իհարկե, ապահովել, բայց ընթացք ապահովել չեն կարող: Դրա համար շատ կարևոր է, որ ձիերը, լծափայտը և կառքը ճիշտ դասավորությամբ դասավորված լինեն՝ ընթացքն ապահովելու համար: Մենք, օրինակ, շատ ծրագրեր ունենք, երբ ինչ-որ շարժում ապահովում ենք, բայց ընթացքը չենք ապահովում: Եվ չեմ ամաչի խոստովանել, որ այդպիսի ամենավառ օրինակը թվայնացման օրակարգն է Հայաստանի Հանրապետությունում, երբ մենք արձանագրեցինք, որ իրականում շատ մեծ ջանք է ներդրվում թվայնացման ոլորտում, վերջին 20 տարում հսկայական ռեսուրսներ են ծախսվել, և աշխատանք է կատարվել, բայց թվայնացման առումով ոչ մի բան տեղի չի ունեցել: Մենք ուզում ենք հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ այսքան ռեսուրս է ծախսվել, բայց թվայնացման ոլորտում Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, շատ նախնական իրավիճակում է: Պարզվեց՝ նույն խնդիրն է, որովհետև մենք ձիու, լծափայտի և կառքի հարցը չենք լուծել: Որոշեցինք հենց փորձագիտական օգնության դիմել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է շարժումն այդ ոլորտում վերափոխել ընթացքի: Եվ երբ փորձագետները եկան, մեզ կարողացան օգնել՝ հասկանալ, որ, այսպես ասած, գործընթացի առաջնորդող կետեր կամ շարժիչներ կան, և պետք է այդ շարժիչների վրա առավել մեծ ուշադրություն դարձնել, որը հետագա ընթացքն արդեն կապահովի։ Նույնիսկ շատ ավելի փոքր ջանքերով, ավելի քիչ ռեսուրս ծախսելով, ճիշտ կազմակերպման արդյունքում՝ մենք կարող ենք արագ ընթացք ապահովել: Այս քննարկման արդյունքում ես, օրինակ, Կառավարության և պետական կառավարման մարմիններին հենց այս հանձնարարականը կտայի, որպեսզի մենք ևս մեկ անգամ դիտարկենք մեր ծրագրերը և տեսնենք, թե դրանց որ տողերը լրացուցիչ կանոնավորման անհրաժեշտություն ունեն, և որոնք մենք պետք է բարձրացնենք օրակարգի ավելի բարձր տողեր՝ նրանց շարժումն ապահովելու և դրա արդյունքում և՛ ոլորտային ծրագրերի, և՛ ընդհանուր կառավարման ծրագրի իրագործման ընթացքն ապահովելու համար: Մեծարգո պարոն նախագահ, կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև առանձնահատուկ Ձեզ՝ Ձեր մասնակցության համար։ Մենք պայմանավորվեցինք, որ այդ տրամադրությամբ էլ կշարունակենք քննարկումները: Կրկին ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հրավիրված փորձագետներին՝ շատ կարևոր աշխատանքի համար: Ես համոզված եմ, այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք: Ընդ որում՝ ուզում եմ ասել, որ փորձագիտական այս խնդրի շուրջ էլ ենք նույն տրամաբանությամբ շատ երկար մտածել, բայց անընդհատ տեսել ենք, որ ինչ-որ բան չի ստացվում բազմաթիվ պատճառներով՝ սկսած նրանից, որ երբեմն քաղաքականացվածությունից հնարավոր չի լինում դուրս գալ, որը, ի սկզբանե, շատ լուրջ պրոբլեմ է ստեղծում, և մենք հույս ունենք, որ ինչ-որ մոդել գտել ենք, որ մեր հարցերի պատասխանը տալիս է: Կրկին շնորհակալություն եմ հայտնում, հաջորդ հանդիպման և ընդհանրապես աշխատանքի գրաֆիկի մասին կպայմանավորվենք աշխատանքային կարգով։ Հաջողություն եմ մաղթում բոլորիս»։  
16:16 - 07 օգոստոսի, 2022
Դիլիջանում սկսվել են վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները

Դիլիջանում սկսվել են վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի բաժնից։ «Նիստին մասնակցում են Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները, Էկոնոմիկայի, Ֆինանսների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների տեղակալները, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Նախ ուզում եմ ողջունել մեր փորձագետներին՝ Վարչապետին կից տնտեսական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել այս ձևաչափով աշխատելու համաձայնության համար: Այս դահլիճում ամենատարբեր ֆորմատներով շատ ենք քննարկել Հայաստանում տնտեսական հնարավոր ուղղությունները, զարգացումները, և այդ քննարկումների մի մասն այս ընթացքում արդեն կյանքի է կոչվել: Ես հիշում եմ, երբ 2018 թվականին այստեղ քննարկում էինք համահարթ եկամտային հարկ ունենալու հարցը, և դա շատ լուրջ բանավեճ էր, կային շատ մեծ կասկածներ, դեմ և կողմ կարծիքներ: Ի վերջո, քաղաքական որոշում կայացվեց, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և համահարթ եկամտահարկ կսահմանենք՝ մի քանի տարվա ընթացքում հասնելով 20 տոկոսի: Այն ժամանակ երկու ակնկալիք ունեինք այդ որոշումից. առաջինը՝ ակնկալում էինք, որ աշխատատեղերը ստվերից դուրս կգան, և երկրորդը՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովենք եկամտային հարկի գծով: Այդ կանխատեսումները, ըստ էության, այսօր իրականություն են դարձել. մենք շարունակական վճարվող և գրանցված աշխատատեղերի աճ ենք ունենում, եկամտային հարկի առումով՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկեր ենք հավաքում, և այդ պրոցեսը շարունակական է: Սա ընդամենը մեկ օրինակ է։ Սա ինչի՞ համար եմ ասում: Անկեղծ ասած, ես շատ գոհ եմ, որ մենք այդ որոշումը կայացրել ենք, որովհետև քաղաքական իշխանությունը կամ գոնե ես, որ մասնագիտությամբ տնտեսագետ չեմ, լսում եմ տնտեսագետներին և փորձում եմ որևէ եզրակացության գալ՝ իհարկե, Կառավարության ձևաչափով, խորհրդարանական մեծամասնության հետ համատեղ: Հույս ունեմ՝ որոշ ժամանակ անց կհիշենք այսպիսի քննարկման արդյունքում կայացված որոշումները, որոնց առնչությամբ գոհունակություն կհայտնենք: Կրկին ողջունում եմ բոլորին և շնորհակալ եմ մասնակցության համար»: Նիստի օրակարգի շրջանակում քննարկման առարկա են ՀՀ տնտեսական քաղաքականությանը՝ ընթացիկ իրավիճակին և կանխատեսվող զարգացումներին վերաբերող հարցեր: Նախատեսված են քննարկումներ ՀՀ կառավարության ծրագրի, մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գյուղատնտեսության մրցունակության բարելավման, պարենային համակարգի զարգացման, և այլ թեմաների շուրջ: Զեկույցներով են հանդես եկել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։ Ֆինանսների նախարարն իր զեկույցում անդրադարձել է 2017-2021թթ. տնտեսական զարգացումներին, միջնաժամկետում բարձր տնտեսական աճի ապահովման համար հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, Կառավարության ծրագրով պլանավորված մակրոտնտեսական ցուցանիշներին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին և մի շարք այլ հարցերի։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ամփոփ զեկույց ՀՀ կառավարության տնտեսական ծրագրի կատարման ընթացքի, տնտեսության և արտահանման վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ։ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն իր զեկույցում անդրադարձել է դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումներին, համավարակով և պատերազմով պայմանավորված անորոշություններին ու կանխատեսումներին։ Նիստի մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով, ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցներում արծարծված հարցերի, տնտեսության միտումների ու զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է արվել նաև միջազգային իրավիճակով պայմանավորված տնտեսական մարտահրավերներին։ «Վարչապետը նշել է, որ Կառավարության առաջնահերթ նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է, և այդ նպատակով արմատական բարեփոխումներ են իրականացվում կրթության ոլորտում։ Այս համատեքստում անդրադարձ է եղել Կառավարության՝ տնտեսության արտադրողականության բարձրացմանն ու տնտեսության մեջ գիտելիքի ձևավորմանն ուղղված ծրագրերին։ Վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 7-ին»,-նշված է հաղորդագրությունում։
16:27 - 06 օգոստոսի, 2022
Շարլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
 |azatutyun.am|

Շարլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցած մի քանի միջադեպերի հետևանքով կողմերը կորուստներ են կրել: Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը:
18:43 - 04 օգոստոսի, 2022
Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
 |tert.am|

Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա Կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ:Սրան ի պատասխան Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ տարբեր մակարդակներով Հայաստանի հետ սերտ շփումները հնարավորություն կտան պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են: Գլխավորն այն է, որ բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այս փաստաթղթերի շրջանակում, կատարվեն: Եթե հարցեր կան, ապա, իհարկե, դրանց պետք է պատասխանել: Միաժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել եղած հարցերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
15:43 - 04 օգոստոսի, 2022
Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և Ադրբեջանը դա նույնպես պետք է կատարի։ Եթե ոչ, մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։  «Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Ընդգծեմ, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով ՀՀ-ն կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- նշեց նա։  Փաշինյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը ապահովելու պայմանավորվածությանը․ «Մենք ամեն օր պատրաստ ենք այդ կապը ապահովել, Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Մենք այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան։ Հենց այսօր։ Նախորդ տարվանից ունենք ՀՀ մաքսային ծառայության կետ և սահմանապահ ծառայության կետ․ և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի, ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ։ Ընդ որում՝ ինչ վերաբերվում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ, և մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը, առաջինը՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո»,- ասաց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը․ «Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է հենց մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե բառացի և տառացի, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք ապահովում ենք երթևեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միայն Ղազախով չէ, Ղախազ-Իջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, մենք դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ մենք վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, և մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել»,- եզրափակեց Փաշինյանը։  Փաշինյանը ընդգծեց՝ բոլոր գործողությունները ուղղված են խաղաղության օրակարգի դեմ։ 
12:16 - 04 օգոստոսի, 2022
Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Որքան էլ քննադատվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։  «Նախ ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչ մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե ԼՂ գույություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, և երրորդը Լաչինի միջացնք, որը ապահովում է ԼՂ կապը ՀՀ հետ։ Ըստ էության այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն  չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- նշեց Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը այսօր անընդհատ խոսում է ԼՂ ՊԲ-ի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։  Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ զինծառայող չկա։  «Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանում Զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց նա։  «Ընթացիկ էսկալացիայի համար որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թ․-ի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են և ահա թե ինչու։ Նշված հայտարարության վեցերերորդ կետում ասվում է․ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։Այս պահի դրությամբ ՌԴ, ՀՀ-ի Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։ Այս պահի դրությամբ մենք որևէ պլանի համաձայնություն չենք տվել, քանի որ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, չնայած պիտի ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձեր-Տեղ Մ-12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Խոսքը այստեղ, այսինքն՝ եռակողմ հայտարարության միայն ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- նշեց վարչապետը։  Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից. «Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային դեռևս 2022 թ․-ի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում և ավելին Ադրբեջանը ԼՂ-ում սրման գնաց այն օրերին, երբ  Կոռնիձոր-Տեղ Մ-12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգեր տեղի էին ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։ Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի․ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի․ վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
11:47 - 04 օգոստոսի, 2022
Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։  Նիտի սկզբում կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։ «Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցաքային գործոն են արցախահայության անվտանգության ապահավոման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։ 2020 թ․-ի նոյեմբերից ի վեր՝ ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։  2020 թ․-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թ․-ի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։  Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թ․-ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։ Բացի այդ գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր։ Մասնավորապես, 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղպահները։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։ Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թ․-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»։ 
11:21 - 04 օգոստոսի, 2022
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
 |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշակի գործնական ասպեկտներ։ Ըստ հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։ Հեռախոսազրույցի մասին հայկական կողմը դեռ չի հաղորդում: Այսօր՝ ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ևս քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, միջազգային օրակարգի այլ հարցեր:
17:38 - 02 օգոստոսի, 2022
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան

 |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ է արտգործնախարարների, երկրների ղեկավարների հանդիպում: «Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում՝ այդ թվում ԱԺ-ի, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում: Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև»,-ասաց Աղաջանյանը: Նա հանդիպման հստակ ժամկետներ, սակայն, չնշեց:
12:33 - 26 հուլիսի, 2022
Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններ, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց է կայացել

Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններ, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց է կայացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների առիթով և պայմանավորվել շարունակել երկխոսությունը:
09:01 - 26 հուլիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ Հեղափոխության 70-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում ասված է. «Մեծարգո նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հեղափոխության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք հայ- եգիպտական հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչության դեմ պայքարում։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
10:42 - 23 հուլիսի, 2022