Հայաստան

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
 |news.am|

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը |news.am|

news.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Նա այս մասին գրել է X-ում: «Անցյալ տարվա իմ այցից (Հայաստան) հետո (Կանադա) վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը։ Մենք ողջունում ենք Ալեքսանդր Գրուշևսկու, որպես Կանադայի առաջին փորձագետ, միացումը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը», - գրել է Ժոլին:\ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։ «Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին EUMA-ում։ Կանադան առաջին երրորդ երկիրն է, որն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը»,- ասվում է առաքելության X-ի էջում արված գրառման մեջ։ Նշենք, որ Կանադան ԵՄ-ից կազմից դուրս առաջին երկիրն է, որ միացել է դիտորդական առաքելությանը։
Այսօր 11:54
ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|

ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|

1lurer.am: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ռուսական հեռուստաընկերությունները Հայաստանի տարածքում արգելափակելու հնարավորությանը: «Մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ հեռուստաալիքներ փակելը»,- ասել է նախարարը: Ըստ նրա՝ Հայաստանը ռուսական կողմին տեղեկացրել է, որ հայ-ռուսական միջպետական համաձայնագրի կոնկրետ ծավալով ու բովանդակությամբ խախտումներ են արձանագրել՝ ակնկալելով լուծում: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագրում տեղ գտած դրույթները չեն աշխատում, և հարց է առաջանում՝ արդյոք համաձայնագրի խմբագրման անհրաժեշտություն չկա: «Սա մի փաստաթուղթ է, որտեղ շարադրված են խաղի կանոններ, սակայն որպես այդպիսին խաղի կանոնները չպահպանելու համար սանկցիայի որևէ հստակ մեխանիզմ գոյություն չունի: Մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը, ակնկալելով, որ այնտեղ զետեղված կետը, որ առկա խնդիրները կկարգավորվեն կոնսուլտացիաների միջոցով, ամբողջությամբ կփակեն բոլոր անհանգստությունները, ժամանակի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ, ցավոք սրտի, կոնսուլտացիաների միջոցով ի հայտ են գալիս տարակարծություններ կամ սանկցիաների տարընկալումներ, կամ արդյոք այս կամ այն հայտարարությունը խոսքի ազատության դրսևորո՞ւմ է, թե՞ խախտում»,- ասել է Հայրապետյանը:
19:01 - 15 ապրիլի, 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Մենք ունենք ընդհանուր պատմություն, և նաև այսօրվա ժամանակակից պատմությունը, որն առանձնանում է նրանով, որ այս բարդ ժամանակներում մենք խորացնում ենք մեր հարաբերությունները բոլոր բնագավառներում: Ուզում եմ նշել, որ այս ժամանակաշրջանում, հատկապես՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում, Ղազախստանն արձանագրել է զգալի հաջողություններ տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում:Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և, իհարկե, մաղթում Ձեզ և ղազախ ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ»: Ղազախստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի Վահագն Գառնիկի, որպես Ղազախստանի նախագահ առաջին անգամ եմ այցելում Հայաստան պաշտոնական այցով: Այդ պատճառով է, որ այս այցն ինձ համար շատ կարևոր է և ունի հատուկ նշանակություն: Մենք բանակցություններ ենք ունեցել մեծարգո պարոն վարչապետի հետ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում: Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հիմնական և կարևոր գործընկերներից մեկը: Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան, երկիր՝ հարուստ պատմությամբ, մշակույթով, որտեղ սկիզբ է առել հին քաղաքակրթությունը: Այսօրվա հանդիպումը համընկել է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակի հետ: Սա խորհրդանշական է: Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական: Այս պաշտոնական այցն անցավ ինչպես ծրագրված էր, և ես հույս ունեմ, որ այն կմնա երկու երկրների պատմության մեջ»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է համատեղ տնտեսական, մշակութային, սպորտային և այլ նախաձեռնությունների անցկացումը՝ օրերս կայացած հայ-ղազախական գործարար համաժողովի և ընթացիկ տարում Ղազախստանում նախատեսված «Հայկական մշակութային օրերի» օրինակներով: Երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից, կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական փոխայցելություններն ու մշակութային, տնտեսական, գործարար օղակների միջև շարունակական շփումները: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը, ինչը բխում է բոլոր գործընկեր պետությունների շահերից: Հանդիպման ավարտին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան:
15:57 - 15 ապրիլի, 2024
Times. Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ |news.am|

Times. Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ |news.am|

news.am: Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։ Պարբերականի տվյալների համաձայն, հենց այս չորս երկրի հետ է Լոնդոնն ակնկալում կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի անալոգը։ Բարձրացվել է նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի և Էկվադորի հետ հնարավոր համագործակցության հարցը, սակայն Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ այդ երկրների իշխանություններին դա առանձնապես չի հետաքրքրի։ Գոյություն ունի աֆրիկյան պետությունների պահուստային ցուցակ, որի կազմում են  Անգոլան, Կաբո Վերդեն, Տանզանիան, Տոգոն, Սենեգալը և Սիերա Լեոնեն, որոնց հետ բրիտանական կողմը կարող է երկխոսություն սկսել։ Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան և Թունիսը հրաժարվել են քննարկել այդ հարցը։   Պարբերականը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Երկրի վարչապետ Ռիշի Սունակը հույս ուներ համապատասխան համաձայնագրեր կնքել անցած աշնանը, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ բրիտանական իշխանություններին դեռևս չի հաջողվել ոչ մի անօրինական ներգաղթյալ ուղարկել Ռուանդա։ Ինչպես ընդգծում է թերթը, Լոնդոնը տեխնիկական բանակցություններ է սկսել Երևանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին։ Հաղորդվում է, որ Հայաստանի իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը քվեարկեց նոր օրենքի օգտին: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալները կկարողանան դրա համար դիմել Ռուանդայում, ինչպես նաև ենթադրում է ներգաղթյալների արտաքսման հնարավորության բացառումը իրենց հայրենի երկրներ, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ: ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ում հայտնված հրապարակմանը, որտեղ տվյալների արտահոսք է եղել Հայաստան ներգաղթյալներ ուղարկելու շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունների վերաբերյալ   «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քաղաքական երկխոսության լայն օրակարգ ունեն։ Բայց բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի շուրջ (The Times) չեն եղել\, - @ArmeniaSputnik -ին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
12:26 - 15 ապրիլի, 2024
Ղազախստանի նախագահը Հայաստանին առաջարկել է ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնել |armenpress.am|

Ղազախստանի նախագահը Հայաստանին առաջարկել է ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ «Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին։ Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում։ Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխօժանդակության վրա։ Երկկողմ կապերի ակտիվացումը մեր համատեղ նպատակն է։ Մեր նպատակները և շահերը ռեգիոնալ և միջազգային խաղաղության ու անվտանգության տեսանկյունից համընկնում են։ Մենք հետաքրքրված ենք  Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, և դրա համար այսօրվա այցը ինձ համար հատուկ նշանակություն ունի»,- ասել է Ղազախստանի նախագահը։  ժ Նա հավելեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են այն, որ երկկողմ շահագրգռվածություն կա  գործընկերությունն ամենաբարձր մակարդակում պահպանելու ուղղությամբ։ Տոկաևը նշել է, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են բազմաթիվ ակտուալ օրակարգային հարցեր, հասել կոնկրետ պայմանավորվածությունների։ «Հատուկ ուշադրություն ենք դարձրել առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց ողջ ներուժը լիաթոք կերպով չի օգտագործվել։ Հենց այդ պատճառով մենք նպատակահարմար ենք համարում փոխանակումների տեմպերն ավելացնել, պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր իմպուլս կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք արտահանման և ներմուծման ապրանքների ցանկն ավելացնելու համար։ Դրա համար առավելագույնս էֆեկտիվ պետք է օգտագործվեն գոյություն ունեցող հնարավորությունները։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանման ծավալը հասցնել 350 միլիոն դոլարի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ պետք է ակտիվացնել  հարաբերություններն արդյունաբերության, ֆինանսների, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ «Ես Հայաստանին առաջարկել եմ իրականացնել մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր։ Սա, մասնավորապես, ակտուալ  է այսօրվա դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս ուղղությամբ աշխատանքները միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են»,- հավելել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը նաև շեշտել է, որ հարկավոր է ակտիվացնել նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները, ինչը թույլ կտա բարելավել ներդրումային հարաբերությունները։
12:23 - 15 ապրիլի, 2024
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաև |civilnet.am|

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաև |civilnet.am|

civilnet.am: Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ Այդ մասին ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն, իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- նշել է Տոկաևը։ Ղազախստանի նախագահը ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Նա բարձր է գնահատել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը վերականգնելու Հայաստանի ձգտումը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ Հարավային Կովկասում Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար։ «Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխաջակցության վրա։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ գործընկերությունը զարգացնելու հարցում, դրա համար այսօրվա այցն ինձ համար հատուկ նշանակություն ունի։ Բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ ապացուցում են, որ մենք հետաքրքրված ենք մեր գործընկերությունը պահպանել ամենաբարձր մակարդակում։ Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր, հասանք կոնկրետ պայմանավորվածությունների։ Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կոնտակտների ընդլայնմանը»,- ասել է Ղազախստանի ղեկավարը։ Նա նշել է, որ վերջին հինգ տարիներին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, բայց երկու երկրների «հարաբերությունների զարգացման ներուժը մինչ օրս ամբոջությամբ չի օգտագործվել»։
11:59 - 15 ապրիլի, 2024
Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հարցազրույցը |armenpress.am|

Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ - Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ, այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ղազախական հարաբերությունների զարգացման ներկայի դինամիկան։ - Այս տարին հիրավի առանձնահատուկ ու խորհրդանշական է երկկողմ հարաբերությունների համար՝ թե՛ նշանակալից ամսաթվերով, թե՛ իմաստալից բնույթով։ Ղազախստանի և Հայաստանի կողմից 1999 թվականին ընդունված հիմնարար միջպետական ​​փաստաթուղթը՝ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, հուսալի հիմք դրեց ղազախ-հայկական բազմակողմ հարաբերությունների համար։ Այս տարիների ընթացքում մենք խստորեն պահպանել ենք դրա դրույթները՝ ամեն կերպ ընդլայնելով ու խորացնելով կապերը մեր երկրների ու ժողովուրդների միջև։ Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։ Մեր երկրները միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս՝ մեր նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությանը։ Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։ Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր։ Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հիմքը առևտրատնտեսական համագործակցությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով։ Իհարկե, առևտրի ծավալները չեն համապատասխանում մեր ներուժին, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին։ Դրա բացահայտ վկայությունն էր վերջերս Երևանում Ղազախստանի և Հայաստանի ձեռներեցների մասնակցությամբ կայացած բիզնես ֆորումը։ Միջպետական ​​փոխգործակցության առանցքային ինստիտուտն Առևտատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն է: Ի դեպ, դրա ստեղծման օրվանից ևս անցել է 25 տարի։ Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։ Վստահ եմ, որ կապերի ընդլայնմանը կնպաստեն նաև Աստանայի և Երևանի, ինչպես նաև այլ քաղաքների միջև քույր-քաղաքի կարգավիճակի ստեղծման ծրագրերը։ Գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթների բացումը։ Միաժամանակ, ծառայողական այցերի և գործուղումների ավելացման մեր ծրագրերը պահանջում են ուղիղ չվերթների հաստատում երկու մայրաքաղաքների միջև։ Գործնական բնույթ ունի նաև մշակութային և հումանիտար ոլորտը, որն ընդգրկում է արվեստը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը, առողջապահությունը և շատ ավելին։ Ընդհանուր առմամբ, բարեկամության, վստահության և փոխըմբռնման վրա խարսխված ղազախ-հայկական հարաբերությունների մակարդակը համընկնում է երկու ժողովուրդների շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ողջ շրջանակին։ - Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, հայ-ղազախական համագործակցության ապագան: Փոխգործակցության գերակա ո՞ր ոլորտները կառանձնացնեք և ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես, տնտեսական հարաբերությունները։ - Ինչպես արդեն նշել եմ, առկա է տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման մեծ ներուժ: Ուրախալի են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հաջողությունները։ Ձեր երկիրն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։ Այս առումով մենք չափազանց կարևորում ենք տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։ Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։ Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։ Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։ Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։ Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի։ Տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է մեր երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։ Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։ Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ։ - Վերջին 15 տարում Ղազախստանը տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար ներդրել է մոտ 35 մլրդ դոլար: Դուք իրականացնում եք տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման և ձեր երկրի տարանցիկ ներուժի ավելացման կուրսը։ Միաժամանակ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է միասնական տարածաշրջանային երկաթուղային ցանցին և Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք մայրուղիներին միացնել Պարսից և Օմանի ծոցերը, Սև, Կասպից և Միջերկրական ծովերը: Ձեր կարծիքով, ի՞նչ մուլտիպլիկատիվ էֆեկտի կարող է հանգեցնել այս երկու նախագծերի կապակցումը։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: - Դուք իրավացի եք, վերջին 15 տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել իր տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում՝ դառնալով Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր տարանցիկ հանգույցներից մեկը։ Ղազախստանի տարածքով անցնում է 13 տրանսպորտային միջանցք, այդ թվում ՝ 5 երկաթուղային և 8 ավտոմոբիլային։ Ընդհանուր առմամբ, մեր երկրի տրանսպորտային և լոգիստիկ համալիրի և տարանցիկ ներուժի զարգացման գործում ներդրվել է ավելի քան 10 տրիլիոն տենգե (մոտ 35 միլիարդ դոլար): Կառուցվել և արդիականացվել են հանրապետական նշանակության ավելի քան 13 հազար կմ ավտոճանապարհներ և կառուցվել են 2,5 հազար կմ նոր երկաթուղային գծեր։ Ղազախստանի տարածքով բեռների տարանցման ծավալը 2023 թվականին հասել է 32,3 մլն տոննայի՝ ավելանալով 21 տոկոսով։ Անցած տարի շինարարական աշխատանքներն ընդգրկել են 10,7 հազար կմ ճանապարհ, այդ թվում՝ հանրապետական ​​նշանակության 6,5 հազար կմ ճանապարհ։ Երկաթուղային տրանսպորտի ոլորտում բեռնափոխադրումների ծավալն աճել է 3 տոկոսով՝ հասնելով 297 մլն տոննայի։ Մենք պարբերաբար թարմացնում ենք շարժակազմը, ներառյալ՝ լոկոմոտիվները, բեռնատար և մարդատար վագոնները։ Ծովային տրանսպորտի ոլորտում 2023 թվականին մեր նավահանգիստներով փոխադրումների ծավալը կազմել է 7,2 մլն տոննա, ինչը 11 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։ Տերմինալային հզորություններն ընդլայնվում են: Այսպիսով, Կուրիկ ծովային նավահանգստում մասնավոր ներդրումների մասնակցությամբ անցյալ տարի կառուցվել է 1 միլիոն տոննա հզորությամբ հացահատիկի նոր տերմինալ և ձեռք են բերվել 2 նավթատար: Հեռանկարային տրանսպորտային նախագծերից է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (ՏՄՏԵ)։ Եվրասիայի կենտրոնում իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ Ղազախստանը կարևոր օղակ է մայրցամաքային տրանսպորտային ճարտարապետության մեջ: 2023 թվականին ՏՄՏԵ-ով բեռների փոխադրումն աճել է 65 տոկոսով՝ հասնելով 2,8 միլիոն տոննայի, այդ թվում ՝ 2,5 անգամ ավելացել է ղազախական արտադրանքի արտահանումը։ Արտահանման հետ մեկտեղ նկատվում է նաև ներմուծման աճ։ Դա իր հերթին ցույց է տալիս եվրոպական ընկերությունների հետաքրքրությունը Տրանսկասպյան երթուղու նկատմամբ։ Անցյալ տարի Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային անդմինիստրացիաները «մեկ պատուհանի» սկզբունքով լոգիստիկ ծառայությունների կարգավորման, սակագնային քաղաքականության միասնականացման և ՏՄՏԵ-ով փոխադրումների կայունության ապահովման նպատակով ստեղծեցին Middle Corridor Multimodal Ltd համատեղ ձեռնարկությունը: Ներկայում եվրոպական մի շարք երկրներ ցանկություն են հայտնել միանալ այս երթուղուն, իսկ որոշներն արդեն աշխատանքներ են իրականացնում։ Այս առումով զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում։ Ուստի հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։ Նախագծերի արդյունավետ առաջխաղացման համար գլխավորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը փոխընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերեն տարածաշրջանում հաղորդակցությունների հետագա ապաշրջափակման վերաբերյալ։ Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարևոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համակցումը կարող է զգալի մուլտիպլիկատիվ էֆեկտի հանգեցնել ինչպես տարածաշրջանային առումով ՝ միավորելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը, այնպես էլ առանձին երկրների համար: Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն առաջին հերթին ներդրում է, և դրանք նոր տեխնոլոգիաներ են, աշխատատեղեր, սարքավորումների և հումքի մատակարարում, արտադրություն, արտահանման-ներմուծման գործառնություններ, բանկերի աշխատանք: Այսպիսով, կգործարկվեն տնտեսության բոլոր ոլորտները։ Դա դրական ազդեցություն կունենա նաև տարանցիկ միջանցքների երկայնքով շրջանների բարեկեցության վրա։ Ուզում եմ նշել, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները։ Այս առումով տարածաշրջանում նոր երթուղիների առաջխաղացումն, անկասկած, կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:46 - 13 ապրիլի, 2024
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին

Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին:Վարչապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ հայ գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն, և համոզմունք հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Ռատի Բրեգաձեն ընդգծել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:
17:56 - 12 ապրիլի, 2024
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները․ Լավրով
 |azatutyun.am|

Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ բոլոր պատվիրակությունները, որոնք մասնակցել են Մինսկում արտգործնախարարների ժողովին, գիտակցել են, որ Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ ընդհանուր տարածքի բոլոր շրջաններ, այսօր հավաքին հաջորդած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, ասելով, թե Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները փորձում են խարխլել այնտեղ իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: «Նրանք չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի աջակցությամբ: Նրանք նաև շատ ակտիվ փորձում են ներթափանցել Կենտրոնական Ասիա, ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ: Հրապարակավ ասում են, թե պետք է ապահովեն երկրների իրական ինքնիշխանությունը հետխորհրդային տարածքում, որպեսզի դրանք դուրս գան Ռուսաստանի Դաշնության ստվերից, նույն գործելակերպն է Մոլդովայի և շատ այլ շրջանների վերաբերյալ», - ասել է Լավրովը: Միաժամանակ, նա նշել է, թե Ռուսաստանի գործընկերները հավատարիմ են համագործակցության սկզբունքներին։ «Արևմուտքի հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները, մեր ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր առանցքային սկզբունքներին, որոնց վրա հիմնված է փոխգործակցությունն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, Համագործակցության շանհայան կազմակերպության շրջանակներում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, թե ռազմավարական առումով «այդ արևմտյան գիծը դատապարտված է ձախողման»: Հայաստանից Մինսկի հավաքին մասնակցում էր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
17:54 - 12 ապրիլի, 2024
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։ Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար: Նախարարն ընդգծել է՝ Արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակող միջազգային պայմանագիր, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր, որոնց գործնական կիրառությունն արտացոլվում է համատեղ իրականացվող աշխատանքում: Գրիգոր Մինասյանը առանձնահատուկ կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, նշել, որ այն նոր նշաձող է սահմանել նաև արդարադատության ոլորտում գործակցությունն էլ ավելի խորացնելու համար: Հայաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Ռատի Բրեգաձեին՝ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Վրաստանի Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին ջերմ ընդունելության համար: Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի գերատեսչությունների համատեղ նպատակը պետք է լինի Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների իրավական անվտանգության ապահովումը: Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները հույս են հայտնել, որ Երևանում ընթացող Հայ-վրացական իրավական ֆորումը նոր հնարավորություններ կստեղծի փորձի փոխանակման և բարեփոխումների տեղայնացման համար:
14:47 - 12 ապրիլի, 2024
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
 |news.am|

Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստըում հավանություն տվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելուն: 2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի նոյեմբերի 25-ին: 2016թ. նոյեմբերի 25-ին ուժի մեջ մտած՝ վերոնշյալ համաձայնագրի ժամկետը յոթ տարով  երկարաձգելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքված Համաձայնության ժամկետը ավարտվում է 2023 թվականի նոյեմբերի 25-ին:      Համաձայնությամբ Համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է. - առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից. - ազատել ԱՄՆ-ի կառավարությունը, բացառությամբ համապատասխան պայմանագրերով նախատեսված հայցերի, դատական պատասխանատվությունից և հայցերից` համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում որևէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար, և չպահանջել ԱՄՆ-ի կառավարությունից, նրա աշխատակիցներից, կապալառուներից և նրանց ծառայողներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում: Ըստ համաձայնագրի` ԱՄՆ-ի կառավարությունը և նրա աշխատակիցները, կապալառուներն ու կապալառուների աշխատակիցները սույն համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ տարածքում ազատվում են հարկեր, մաքսային և այլ տուրքեր վճարելուց, իսկ ԱՄՆ-ի ռազմական կամ քաղաքացիական անձնակազմերը, որոնք սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում գտնվում են ՀՀ տարածքում, օգտվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով վարչական և տեխնիկական անձնակազմերի համար նախատեսված անձեռնմխելիությունից ու արտոնություններից:
10:57 - 12 ապրիլի, 2024