ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և նախատեսվող հոբելյանական միջոցառումներն իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Հանճարեղ կինոռեժիսորի և շանսոնիեի հոբելյանները կարևորվում են նրանց արվեստի արժևորման, միջազգայնացման և ուրույն ստեղծագործական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից: Սերգեյ Փարաջանովը թողել է բացառիկ ժառանգություն, որն այսօր մեծ հետաքրքրություն ունի աշխարհում, սակայն մինչ օրս մնում է չուսումնասիրված: Հոբելյանական տարվա համատեքստում բազմաթիվ օտարերկրյա կինոկազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված մեծ վարպետին, և դրանց մի մասն ընդգրկվել է հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախատեսվում են երկու տասնյակից ավելի տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են բացահայտելու Փարաջանով արվեստագետին, ուսումնասիրելու նրա արվեստն ու յուրօրինակ կինոժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հոբելյանական միջոցառման շրջանակում ներկայացվելու են լուսանկարչական ցուցահանդես, «Նռան գույնը» ֆիլմը և ֆիլմի հատվածների ինստալյացիոն ցուցադրություն: Հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված են նաև գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հրատարակչական, մարզային և կրթական ծրագրեր, Հայաստանում և արտերկրում ֆիլմերի ցուցադրություններ, տեսալսողական արտադրանք՝ ֆիլմ և ֆիլմաշար, հեռուստահաղորդում, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիական երգարվեստի ամենաազդեցիկ ու նշանավոր հայազգի երաժիշտներից մեկին: Նախատեսված է իրականացնել 16 տարաբնույթ միջոցառում, որոնք միտված են հանրահռչակելու նրա ժառանգությունը: Լեգենդար արտիստի և մեծ հայի 100-ամյակի շրջանակում պատրաստվել է տոնակատարությունների ընդգրկուն ծրագիր. միջոցառումներ տեղի կունենան Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Նախատեսված են համերգներ արտերկրում, Երևանում և ՀՀ մարզերում, ցուցահանդեսներ, հրատարակչական ծրագրեր, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում:
16:12 - 28 մարտի, 2024
2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում: Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: «Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում՝ 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա: 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թ. համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205 992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով: Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. պետբյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։ Քանի որ 2024թ. դեկտեմբերի մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի մինչև 2025թ. հունվարի 15-ը, հետևաբար, 2024 թ. դեկտեմբերի համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծում»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:46 - 28 մարտի, 2024
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
 |azatutyun.am|

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար․ որոշումն այսօր կառավարության նիստում հաստատվեց։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Օգնությունը հիմնականում ներառում է մթերք և դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 19 մլն դրամ, մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրեց ներգին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։
12:49 - 28 մարտի, 2024
Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը։ Վերջինս Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ «Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։ ՀՀ-ում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որ պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա, առանց անուններ նշելու, ասել է, թե նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են․ «Եվ տեսել ենք՝ ինչ են արել այդ հնարավորության հետ»։ «Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք; Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- եզրափակել է Փաշինյանը։
12:22 - 28 մարտի, 2024
Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ
 |armenpress.am|

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Նախագծով պահպանվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները։  Ընդլայնում ենք նաև շահառուների շրջանակը։ Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաև շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ մինչև 18 բոլոր տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»,- ասաց Մկրտչյանը։ Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչև ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն և կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։
12:16 - 28 մարտի, 2024
«Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ |pastinfo.am|

«Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ |pastinfo.am|

pastinfo.am: «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվում է Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի տեղափոխման հարցը, եթե այո, քանի կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքան ժամանակ կպահանջվի դրա համար, որքան կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը, արդյոք ընկերությունն այսօր հնարավոր է համարում ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։ Ի պատասխան՝ գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։ «Ի պատասխան Ձեր գրավոր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է Գաբրիելյանը։ Նա ավելացրել է. «Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»։
13:25 - 27 մարտի, 2024
Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն


 |factor.am|

Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն |factor.am|

factor.am: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ապրող Արծվաշենի 600 բնակիչ ստորագրահավաք է կազմակերպել և փոխհատուցման պահանջով դիմել կառավարություն։ Արծվաշենցիները Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ոչ միայն ցանկանում են Արծվաշենում թողած սեփականության փոխհատուցման պատասխանը ստանալ, այլև իմանալ, թե անկալվների հարցի շուրջ համաձայնության դեպքում ինչ է սպասվում իրենց գյուղին։ Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն ակնկալում է, որ անկալվների փոխանակման դեպքում գյուղը դարձյալ հայկական վերահսկողության տակ հայտնվի։ Համայնքի ղեկավարի կարծիքով՝ 1992 թվականին օկուպացված Արծվաշենի վերադարձն իրատեսական է։ «Իրենք այնտեղ ոչ մի շինարարություն չեն արել. ադրբեջանցիները զգուշավորություն են ցուցաբերում նման հարցերում։ Եթե նրանք կադաստրի վկայական չունենան, ոչինչ չեն կառուցում։ Google որոնողական համակարգում էլ, որ մեր գյուղի մասին տեղեկություն ես փնտրում, գրվում է՝ ՀՀ, գ․ Արծվաշեն։ Գյուղը դե ֆակտո է իրենցը, դե յուրե՝ մեր երկրինն է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:16 - 26 մարտի, 2024
Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել
 |armenpress.am|

Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա հիշեցրեց, որ 2023 թվականին Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ են կատարել, որոնք միտված էին շրջանառության հարկի համակարգում փաստաթղթավորման պահանջները ներդնելուն և ստվերի կրճատմանը։ «Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ վճարողներն ազատված են գործակալի պարտականությունից, երբ շուկայի ձեռքբերում են անում ֆիզիկական անձանցից և չեն պահում եկամտային հարկը։ Դա բազմաթիվ չարաշահումների առիթ էր տվել և ստվերային շրջանառությունն այդ հարկման համակարգում տարիներով մեծացել է։ Եվ մենք ներդրեցինք մի կարգավորում, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողներն այսուհետ կունենան հարկային գործակալի պարտականություն, այսինքն՝ պարտավոր կլինեն ֆիզիկական անձանցից գնումների դեպքում սահմանված դրույքաչափով հաշվարկել և պահել եկամտային հարկը։ Եվ հիմա կառավարության այս որոշմամբ ներդնում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ»,- ասաց Բադասյանը։ Նախագծով առաջարկվում է կարգավորել նշված փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի փաստաթուղթը։ «Ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում ձեռք բերվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքի ընդունման պահին հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով։ Փաստաթղթում պարտադիր ներառվում են դրա վավերապայմանները, ապրանքի անվանացանկն ու քանակը, միավորի գինը, ընդհանուր արժեքը, ֆիզիկական անձի, ինչպես նաև ձեռք բերող հարկ վճարողի տվյալները։ Փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման և ֆիզիկական անձի կողմից կանոնադրական կապիտալում գույքի ներդրման դեպքում։ Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Ընդ որում, հաշվառվում են դուրս գրված բոլոր փաստաթղթերը։   Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում, և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի համակարգ: Համալիր հարկային ստուգմամբ կամ չափագրմամբ ստուգված կամ ուսումնասիրված ժամանակաշրջաններին վերաբերող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթուղթ չի կարող դուրս գրվել։ Այսինքն, այս նախագծով կկարգավորենք և կներդնենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձանցից ձեռքբերումները հնարավոր կլինի հաշվառել էլեկտրոնային եղանակով, և հետագա հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց ձեռքբերումները հիմնավորել այս էլեկտրոնային համակարգի միջոցով»,- եզրափակեց Բադասյանը։ Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։
12:29 - 21 մարտի, 2024
Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին
 |1lurer.am|

Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին |1lurer.am|

1lurer.am: Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 1-ից գործարկվող էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համակարգի առնչությամբ դժգոհություններին: «Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և մենք այս շաբաթ նկատել ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է գործում ամեն ինչ»,- ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է համակարգի ներդրման պատճառով դեղերի գները բարձրանան, Ավանեսյանը պատասխանեց. «Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որևէ ծախս չի իրականացնում, այլ հակառակը՝ այն 8 դրամը, որ միջինում ծախսվում էր թուղթը տպելու վրա, այդ 8 դրամն էլ չի ծախսվում, այսինքն՝ մենք ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում»: Ինչ վերաբերում է դեղերի ստվերային վաճառքի հավանականությանը, Անահիտ Ավանեսյանը դրա մասով ռիսկ չի տեսնում, իսկ ծանոթ դեղավաճառի միջոցով առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելն իրավախախտում է համարում:
12:09 - 21 մարտի, 2024
Չենք կարողանում աշխատել. քիմիկոսները բողոքում են կենտրոնի մոտ ընթացող շինարարությունից |armeniasputnik.am|

Չենք կարողանում աշխատել. քիմիկոսները բողոքում են կենտրոնի մոտ ընթացող շինարարությունից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորվում է 3 կառույց՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ «Հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, ցնցումներ են լինում, աղմուկ ու փոշի, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում մեր գիտական գործունեությունը ծավալել։ Անհամատեղելի է այդ ամենը»,- նշեց ինստիտուտի աշխատակիցներից մեկը։ Շեշտեց, որ բազմիցս դիմել են կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, որպեսզի այդ շենքը կառուցելու համար այլ տարածք տրամադրեն կառուցապատողին։ Քիմիկոսներն ու ինստիտուտի մյուս աշխատակիցները նաև առաջարկում են, որպեսզի շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն ու վերսկսվեն այն ժամանակ, երբ իրենց կտեղափոխեն Ակադեմիական քաղաք։ Նա ընդգծեց, որ այսօր էլ եկել են կառավարության մոտ, ուզում են՝ որևէ մեկն իրենց լսի և իրենց պատասխան տա, թե ինչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում։ Չէ որ իրենց ինստիտուտում բազմաթիվ թանկարժեք սարքեր կան, որոնք նման պայմաններում չեն կարող լիարժեք աշխատել։ Բողոքի ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի 2 քիմիկոս ու կենտրոնի փաստաբան Տիգրան Նաղդալյանը մտան կառավարության շենք։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր դեղամիջոցներ են արտադրվում, դրանք Ուկրաինա և Բելառուս են արտահանվում։ Այնտեղի սարքերի միջոցով նաև գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարածաշրջանի համար։
11:29 - 21 մարտի, 2024
Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 |1lurer.am|

Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: 2021, 2022, 2023 թվականին իրականացված ծրագրերի համար Կառավարության կողմից հատկացում պետք է իրականացնենք. հատկացվող գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքի թվով 27 սուբվենցիոն ծրագրերի։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, կլինի, որ այս տարի ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 մլն դրամ»,- նշեց նախարարը։ Սանոսյանը ներկայացրեց ըստ մարզերի բաշխվածությունը, որը հետևյալն է. Արագածոտն՝ 1 ծրագրի համար 230 մլն դրամ, Արարատ՝ 3 ծրագրի համար 170 մլն դրամ, Արմավիր՝ 3 ծրագիր՝ 185 մլն դրամ, Գեղարքունիք՝ 1 ծրագիր՝ 26 մլն դրամ, Լոռի՝ 8 ծրագիր՝ 441 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագիր՝ 53 մլն, Շիրակ՝ 6 ծրագիր, 342 մլն դրամ, Վայոց ձոր՝ 3 ծրագիր՝ 293 մլն դրամ և Տավուշ՝ 2 ծրագիր՝ 115 մլն դրամ։
11:28 - 21 մարտի, 2024
Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է
 |armenpress.am|

Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է |armenpress.am|

armenpress.am: Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության  դեպքերի թիվը նվազել է:  Այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Եթե հունվար-փետրվար ամիսներին իսկապես մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակների մասով, ապա վերջին երկու շաբաթում նկատելի է թվերի նվազումը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման առումով»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդությունների տարածմանը չնպաստելուն, Անահիտ Ավանեսյանը՝ որպես վարակիչ հիվանդությունների տարածման դեմ լավագույն միջոց հորդորեց պատվաստվել և հետևել հիգիենային, հիվանդ վիճակում տանից դուրս չգալ և այլն։ «Բոլոր այն վարակիչ հիվանդությունները, որոնք շատ ծանր ընթացք ունեն և վտանգավոր են, դրանց հիմնական մասը կանխարգելելի են, եթե քաղաքացին պատվաստված է»,- ասաց նա։ Ավանեսյանը նշեց, որ 2024 թվականից մեկնարկում է նաև ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։
20:41 - 20 մարտի, 2024