ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին գրեթե բոլոր լրատվամիջոցներից զանգեր եմ ստացել, մեկնաբանության խնդրանքով... Այս պահին կարող ենք կիսվել հետևյալ տեղեկատվությամբ. «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հիվանդանոցի առօրյա աշխատանքը ոչ մի րոպե չի խափանվել և շարունակում է ընթանալ իր բնականոն հունով։ Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը: Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք զգուշորեն և մասնագիտական էթիկային և ՀՀ օրենքին համապատասխան լուսաբանեցին իրավիճակը»:  Նշենք, որ այսօր ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ «Ուիգմոր»-ից ավելի ուշ հաստատել էին, որ խոսքը իրենց ԲԿ-ի մասին է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։
15:41 - 19 ապրիլի, 2024
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են մամուլում տարածվող տեղեկությունները, թե «հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են»: «Կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման օֆերտայի սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը («Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» և «Վերականգնողական բժշկական օգնություն-1327»), համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի, սույն թվականի ապրիլի 17-ից սկսած՝ իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ նույն հավելվածով սահմանված կարգով և առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։ Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառումներով շարունակում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։ Ըստ աղբյուրի՝ ահազանգողները պնդում են, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները և հորդորում սպասել։
14:53 - 19 ապրիլի, 2024
ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ խոսնակ |factor.am|

ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ խոսնակ |factor.am|

factor.am: ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով, որի շրջանակներում երեք օր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ելնելով նախաքննության շահերից և չվնասելու համար քննությանը՝ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Այդուհանդերձ ներկա պահին նշված վարույթի շրջանակներում դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- հավելել է խոսնակը։ Թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում, երեք օր անց էլ ո՛չ ՔԿ-ն, ո՛չ Առողջապահության նախարարությունը փակագծեր չեն բացում։ Ավելին, այդ օրը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, թե տեղյակ չէ, որ իր ղեկավարած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։ Ապրիլի 16-ին, երբ խուզարկություն իրականացնելու մասին լուրեր տարածվեին, մամուլում հրապարակումներ եղան, որ քննչական գործողություններ կատարվում են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում։ Ավելի ուշ հիվանդանոցը պարզաբանում տարածեց՝ հաստատելով, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում կատարվել են քննչական գործողություններ: «Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի»,- պարզաբանել էին «Ուիգմոր»-ից։ Մինչ պատկան մարմինները լռում են, մամուլը հնարավոր պատճառների մասին է ենթադրություններ անում, թե խուզարկությունների առիթը պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումների, անհավասար բաշխման մասին տեղեկություններն են։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։ Ըստ աղբյուրի՝ ահազանգողները պնդում են, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները և հորդորում սպասել։ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է՝ պնդելով, որ նման բան չկա։Մանրամասները՝ Factor.am-ում
14:19 - 19 ապրիլի, 2024
Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից: «Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։  Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմիա և լյարդի սալջարդ։ Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բժիշկների վերահսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
15:34 - 15 ապրիլի, 2024
Առողջապահության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին` ի դեմս ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի:   Քննարկվել են Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Խոսելով ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման մասին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է ՀՀ ազգային օրենսդրության՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքը, ինչը վկայում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառության մասին: Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը նշել է, որ առողջապահության ոլորտում գնահատելի է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության դինամիկան և Հայաստանի փորձառությունը ԵԽ անդամ երկրների համար: Անդրադարձ է եղել հոգեկան առողջության պահպանմանը, ինչպես նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:
18:36 - 11 ապրիլի, 2024
«Ի վերջո կա՞ն ցուցանիշներ՝ կորոնավիրուսի հետեւանքով ինչքա՞ն մահացություն է եղել Հայաստանում»․ Անահիտ Ավանեսյանը թվեր չհնչեցրեց
 |aravot.am|

«Ի վերջո կա՞ն ցուցանիշներ՝ կորոնավիրուսի հետեւանքով ինչքա՞ն մահացություն է եղել Հայաստանում»․ Անահիտ Ավանեսյանը թվեր չհնչեցրեց |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․ «Արդեն 4 տարուց ավելի է, երբ կորոնավիրուսը որպես համաշխարհային ճգնաժամ սկսեց ունենալ իր ազդեցությունը։ Հիշում եք երեւի, որ Հայաստանում որոշվել էր սկզբում շան տեղ չդնել, հետո որոշվեց տնական օղիով ու պինցետով բուժման մեթոդներ կիրառել, բայց հետո տեսանք, թե ինչ հետեւանքներ ունեցանք։ Արդյոք ունե՞ք ցուցանիշներ, թե ի վերջո կորոնավիրուսի հետեւանքով ինչքան մահացություն է եղել, եւ ինչքա՞ն անուղղակի հետեւանքներ են եղել նոր հիվանդությունների սրացման ուղղությամբ»։ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վերլուծել են կովիդի ընդհանուր հետեւանքները մեր բնակչության առողջության վրա։ «Մահացության ցուցանիշներն առաջին իսկ օրվանից հրապարակային կերպով անընդհատ ներկայացրել ենք, եւ այդ թվերը հրապարակվել են։ Հայաստանի արձագանքը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, բուժման առումով եղել է տեղին, ժամանակին եւ տվյալ պահին առկա ինֆորմացիային, գիտական մոտեցումներին համարժեք, սա նաեւ միջազգային գործընկերների գնահատականն է։ Պետությունը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի կանխարգելի եւ ապահովի բուժօգնությունը, որպեսզի մեր բժիշկներն ապահովված լինեն դիմակներով եւ մնացած բոլոր պարագաներով։ Մյուս կողմից, առողջապահական համակարգը համալրվել է նոր սարքավորումներով, իրականացվել են արագ վերանորոգման, հզորությունների մեծացման աշխատանքներ։ Բայց սրա հետ մեկտեղ` կառավարությունը կարողացել է կառավարել թե հիվանդացության տարածումը, թե դրա հետեւանքների վերացումը, բայց նաեւ երեխաները չեն զրկվել դպրոց հաճախելուց։ Այսօր գնահատվում են հետեւանքները, եւ կան երկրներ, որտեղ երկու տարի երեխաները դպրոց չն հաճախել, եւ այսօր են երեւում նրանց կրթական բացթողումների հետեւանքները»,- ասաց Ավանեսյանը։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր գնահատականներ կան, եւ ինքը չի կիսում Անահիտ Ավանեսյանի լավատեսությունը։ Նա հորդորեց, որ նախարարը ներկայացնի կորոնավիրուսից մահացության թվերը։ Անահիտ Ավանեսյանն այդպես էլ թվեր չհնչեցրեց։
11:37 - 11 ապրիլի, 2024
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ այս տարի արդեն 100-ից ավել երեխա է ծնվել |armenpress.am|

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ այս տարի արդեն 100-ից ավել երեխա է ծնվել |armenpress.am|

armenpress.am: Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրի շրջանակում 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ «Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողների շահառուների ցանկը։ 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում, ինչի արդյունքում գրանցվել է 736 հղիություն, ծնվել է 159 երեխա։ Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք արդեն 100-ից ավել ծնված բալիկներ ունենք»,- ասաց Ավանեսյանը։ Նա նշեց, որ 2023 թվականին ծնվել է 35 հազար 854 երեխա՝ 2022 թվականի 35 հազար 649-ի համեմատ։    
11:06 - 11 ապրիլի, 2024
Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են |hetq.am|

Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են |hetq.am|

hetq.am: Հետքը գրում է՝ 2020 թվականին Մարինե Սիմոնյանի (անուն-ազգանունը փոխված է) ամուսնու մոտ քաղցկեղ ախտորոշվեց։ «Հազով սկսվեց ամեն ինչը։ Սկզբից գնաց բժշկի, թույլ դեղեր նշանակեցին, չէր օգնում ընդհանրապես։ Հետո գնաց թոքերի ռենտգենի, պարզվեց՝ խնդիր ունի, դիագնոզը դրվեց՝ թոքի քաղցկեղ»,- պատմում է Մարինեն։ Հիվանդությունը 4-րդ փուլում էր հայտնաբերվել, լիարժեք բուժել հնարավոր չէր։ Ասում է՝ ամենաբարդը դեղորայք հայթայթելն էր։ Փորձել են ծանոթների միջոցով այլ երկրներից դեղեր բերել, որ մատչելի լինի։ Այլընտրանքային տարբերակներ փնտրել են նաև Հայաստանում։ «Դեղ կար, որ արժեր 7000 դոլար։ Գնելուց, երբ հարմար չէր էդ տարբերակը, առաջարկում էին այլընտրանքներ՝ ուրիշ երկրի արտադրանք։ Դե, ստիպված դա էինք վերցնում։ Հնդկական տարբերակը մոտ տասն անգամ ավելի էժան էր գալիս»,- ասում է Մարինեն։ Դեղերը դժվարությամբ էին գտնում։ Մարինեն հստակ չգիտի՝ դրանք Հայաստանում գրանցված դեղեր են եղել, թե ոչ, բայց սովորական դեղատներից գնել չեն կարողացել։ Ձեռք են բերել հիմանակնում անհատ ձեռնարկատերերի պատկանող դեղատներից։ Բացատրում է՝ այլ տարբերակ չունեին․ այդ դեղերի շնորհիվ ամուսնու կյանքը մեկ տարի ութ ամսով երկարել է, եթե չընդուներ դրանք, երկու շաբաթ կապրեր։  «Էդ դեղերը գնելուց մենք ոչ մի օրինական քայլի ինքներս էլ չենք դիմել, որովհետև մեզ էլ շահավետ չէր դա։ Հիմա դա ճիշտ ա, թե սխալ ա, էդ ա։ Ոչ մեզանով ա պայմանավորված, ոչ էդ վաճառողով։ Թող հստակ օրենք դրվի, ստուգում լինի, որ բոլորին հասանելի լինի էդ դեղը գնել։ Կարող ա մի փոքր մեր հնարավորությունը ներում էր, մենք կարողանում էինք, մեծ դժվարությամբ թեկուզ, էդ մատչելի տարբերակը գտնել, բայց մարդ կա էդ մատչելի տարբերակը ևս իր համար անհասանելի էր»,- ասում է Մարինեն։ Բուժումը շարունակելու նպատակով Մարինեի ամուսինը Գերմանիա էր գնացել, այնտեղ նույն բանն էին ասել՝ հիվանդությունը վերջին փուլում է, վերջնական բուժումը՝ անհնար։ Գերմանիայում Մարինեի ամուսինը քիմիաթերապիայի դեղեր էր ստացել, որն իր հետ Հայաստան էր բերել։ Երբ այդ դեղերն արդեն չէին օգնում, դեղատներից մեկում այն փոխել էին երկու ներերակային ներարկման դեղի հետ, որն այդ պահին անհրաժեշտ էր բուժման համար։ Մարինեի նման շատերն են հայտնվել այս իրավիճակում. բուժման համար բժիշկը նշանակում է դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն: «Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Փորձել են պարզել՝ որքանով են սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգ, ինչպես են բուժառուները դրանք ձեռք բերում, ու ինչու Հայաստանը չի գրանցում այդքան անհրաժեշտ դեղերը։ Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազում է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում 3332 անուն դեղ կա: Սրանք այն դեղերն են, որոնք մեր երկիր ներմուծվում են օրինական ճանապարհով կամ արտադրվում են Հայաստանում։ Վրաստանում, օրինակ, գրանցված դեղերի թիվը հասնում է 8000-ի։ Ռուսաստանի Դաշնությունում նախորդ տարեվերջին գրանցված դեղերի թիվը 18 500 էր, որից 12 100-ը՝ տեղական արտադրության։ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը նշում է, որ Հայաստանի դեղագործական շուկան բավականին փոքր է, գրանցված և գրանցվող դեղերի քանակը նվազել է, չգրանցված դեղերի և դրանց ներկրման խնդիր կա։ Եթե որևէ դեղագործական կազմակերպություն ցանկանում է Հայաստանում դեղորայք գրանցել, դիմում է Առողջապահության նախարարություն, անցնում համապատասխան ստուգումները, դրա հիման վրա դեղը Հայաստանում գրանցվում է 5 տարի ժամկետով։ Սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգության ոչ մի երաշխիք չունեն Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոլոգիայի ծառայության ղեկավար Լևոն Բադալյանը բացատրում է՝ բժիշկները նշանակումներն անում են ըստ միջազգային ուղեցույցների։ Միջազգայնորեն սահմանված է, թե քաղցկեղի որ տեսակի համար ինչ դեղանյութ պետք է նշանակել։ Սակայն նոր սերնդի դեղերը, որոնք բավականին թանկ են, բժշկի խոսքով, կա՛մ Հայաստանում գրանցված չեն, կա՛մ էլ եթե գրանցված են, այնքան թանկ են, որ բուժառուների մեծ մասին հասանելի չեն։ «Եթե այդ դեղը իրենց հասանելի չէ կամ Հայաստանում պարզապես չկա, պացիենտները հիմնականում կա՛մ փորձում են հարևան երկրներից, Եվրոպայից բերել, կա՛մ Հայաստանում գտնում են անհատ դեղատներ, որոնք մասնագիտացած են և բերում են նման դեղամիջոցներ»,- բացատրում է ուռուցքաբանը։ Բադալյանը Հայաստանում վաճառվող չգրանցված դեղերը բաժանում է երկու խմբի։ Մի խմբում այն դեղերն են, որոնք Հայաստան են բերվել անօրինական ճանապարհով, սակայն օրիգինալ դեղեր են։ Ուռուցքաբանի խոսքով՝ քանի որ հակաուռուցքային դեղերը հեշտ փչանալու հատկություն ունեն, այս դեպքում խնդիր կարող է առաջանալ, եթե պահման հատուկ պայմանները խախտվեն։ Երբ դեղը Հայաստան է ներմուծվում օրինական ճանապարհով, ջերմային ռեժիմը խիստ հսկվում է ամբողջ ընթացքում՝ Եվրոպա-ինքնաթիռ-մաքսատուն-դեղատուն-կլինիկա ջերմային շղթայի յուրաքանչյուր օղակում, ու բժիշկները վստահ են լինում, որ դեղորայքը ոչ մի կերպ չի վնասվել։ Դեղատներում վաճառվում է ամեն ինչ Փետրվարի 22-ին և 23-ին «Հետքն» այցելեց Երևանի մի քանի դեղատներ և ձեռք բերեց չգրանցված դեղեր։ «Սաս-գրուպ» ՍՊԸ-ի գրեթե բոլոր սուպերմարկետներում «Ֆարմա լայք» դեղատնային ցանցը դեղատուն ունի։ Իսահակյան 35 հասցեի «Սաս» սուպերմարկետի դեղատնից գնել ենք 20 կապսուլ «Ռեդուկսին» դեղահաբը, որն օգտագործվում է ավելորդ քաշը կարգավորելու համար։  20 դեղապատիճի համար վճարել ենք 30 հազար դրամ։ Այս դեղամիջոցը դեղերի պետական գրանցամատյանում գրանցված չէ, այսինքն՝ օրինական ճանապարհով չէր կարող ներկրվել Հայաստան, սակայն ուներ ակցիզային դրոշմապիտակ։ Ստուգելով գրանցման կոդը՝ տեսանք, որ այն գրանցված է որպես վիտամին՝ չնայած քաշի նվազեցման համար նախատեսված դեղամիջոց է՝ բազմաթիվ կողմնակի ազդեցություններով։ Դեղատան աշխատակցին խնդրեցինք տրամադրել կտրոնը, դրա վրա նշված չէր դեղամիջոցի անվանումը։ Շարունակությունը՝ սկբզնաղբյուր կայքում  
19:13 - 06 ապրիլի, 2024
Անհաս նորածինների բժշկական սպասարկումն իրականացնելու համար պացիենտներին անվճար դեղ կտրամադրվի. ԱՆ

Անհաս նորածինների բժշկական սպասարկումն իրականացնելու համար պացիենտներին անվճար դեղ կտրամադրվի. ԱՆ

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել և պացիենտներին անվճար տրամադրում է «Ալանին, արգինին, ասպարագինաթթու, ցիստեին, գլուտամինաթթու, գլիցին, հիստիդին, իզոլեյցին, լեյցին, լիզին մոնոհիդրատ, մեթիոնին, օրնիթինի հիդրոքլորիդ, ֆենիլալանին, պրոլին, սերին, տաուրին, թրեոնին, տրիպտոֆան, թիրոզին, վալին, կալիումի ացետատ, կալցիումի քլորիդի դիհիդրատ, մագնեզիում ացետատի տետրահիդրատ, նատրիումի գլիցերոֆոսֆատ հիդրատացված, գլյուկոզի մոնոհիդրատ, ձիթապտղի յուղ զտված + սոյայի յուղ զտված 13%»  դեղը: Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, մինչ օրս տվյալ դեղը չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին: Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, որոնցից 153` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ): Դեղի անվճար տրամադրման շնորհիվ` կապահովվի նորածինների շրջանում ապրելիության աճ, հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկի  և ինֆեկցիոն բարդությունների նվազում, հիվանդանոցներում մնալու տևողության կրճատում, թերապիայի արդյունավետության որակական բարձրացում: Դեղով ապահովված են ՀՀ բոլոր ծննդատների և մանկական հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները:
14:37 - 03 ապրիլի, 2024
Առողջապահության նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության օրակարգում առողջ սնունդն է

Առողջապահության նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության օրակարգում առողջ սնունդն է

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյութոնին:  Քննարկվել է համագործակցության արդյունքներին և հաջորդ փուլում` ՊՀԾ ռազմավարական պլանին: Լենա Նանուշյանը ներկայացրել է հանրային առողջապահության ոլորտում ԱՆ նպատակները` շեշտելով կանխարգելիչ ծրագրերն ընդլայնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքներին: Փոխադարձ կարևորվել է առողջ ապրելակերպի ընտրությանն ուղղված արշավների իրականացումը հանրապետության ամբողջ տարածքում՝ ՊՀԾ աջակցությամբ: Քեյթ Նյութոնն ընդգծել է հաջորդիվ բնակչության առողջ սնուցման ուղղությամբ համատեղ կայուն ծրագրերի ներդրումը: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ծրագրի աջակցությունը` նշելով, որ գերատեսչությունը բաց է բնակչության առողջ սնուցմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված նախաձեռնությունների համար։
16:40 - 21 մարտի, 2024