Համայնքների խոշորացում

Խոշորացված համայնքներում հիմնականում չկա միջբնակավայրային տրանսպորտ․ ինչպե՞ս են բնակիչները հասնում համայնքային կենտրոն

Խոշորացված համայնքներում հիմնականում չկա միջբնակավայրային տրանսպորտ․ ինչպե՞ս են բնակիչները հասնում համայնքային կենտրոն

Բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ, ինչպես նաև մեկնարկից հետո համայնքների բնակիչներից հնչող հիմնական մտահոգություններից մեկը հետևյալն էր․ «Խոշորացումից հետո մի թղթի համար պիտի գնանք, հասնենք համայնքային կենտրոն»։ ՀՀ կառավարությունն այս մտահգությանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Բացատրությունը հետևյալն է․ բնակիչները փաստաթղթային հարցերի համար կարիք չունեն հասնելու համայնքային կենտրոն, որտեղ համայնքապետարանն է, քանի որ 2015-ին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, և ներդրվել է բնակավայրերի վարչական ներկայացուցիչների ինստիտուտը։ Ըստ այդմ`  խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը, բացի համայնքային կենտրոնից, կարող են ունենալ վարչական ներկայացուցիչներ, և վերջիններս օժտված են գրեթե նույն լիազորություններով, ինչ առաջ համայնքների ղեկավարները։ Այսինքն, վարչական ներկայացուցիչները իրավասություն ունեն բնակիչերին տրամադրելու այն հիմնական փաստաթղթերը, որոնք նախկինում տրամադրում էր համայնքապետարանը, քանի որ վարչական ներկայացուցիչները բնակավայրերում գործում են համայնքի ղեկավարի անունից («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, Հոդված 29․2)։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ բնակիչների այն մտահոգությունը, թե մի փաստաթղթի համար ստիպված են հասնել համայնքային կենտրոն, հիմնավորված չէր:   Ենթակառուցվածքների օպտիմալ բաշխում Չնայած դրան` բնակիչները համայնքային կենտրոն հասնելու այլ պատճառներ ունեն: Միշտ չէ, որ խոշորացված համայնքների բնակավայրերը բոլոր ենթակառուցվածքներով ապահովված են, և  այնտեղ լիարժեք մատուցվում են բնակիչներին անհրաժեշտ հիմնական ծառայությունները։ Խոսելով խոշորացման գործընթացի մասին՝  2011- ին կառավարության՝ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում նշվում էր, որ նոր կազմավորվելիք համայնքները հնարավորության սահմաններում պետք է ապահովված լինեն նվազագույն սոցիալական ենթակառուցվածքներով` բնակչությանը համապատասխան ծառայություններ մատուցելու ունակությամբ:  «Համայնքների միացումը պետք է կատարել այնպես, որ նոր ստեղծված համայնքը ի վիճակի լինի մատուցել ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակում գտնվող համայնքային բոլոր ծառայությունները, ընդ որում, այդ ծառայություններից կարողանան օգտվել համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի բնակիչները»,- նշվում էի հայեցակարգում։ 2013-ին նախկին տարածքային կառավարման նախարարության մշակած աշխատանքային փաստաթղթում կարևորվում էր նաև խոշորացված համայնքների ներսում ենթակառուցվածքների օպտիմալ տեղաբաշխումը։ Սա ենթադրում էր ենթակառուցվածքներն աշխարհագրորեն այնպես տեղակայել, որ հնարավոր լիներ առավելագույնս ապահովել ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը: «Ենթակառուցվածքների օպտիմալ տեղակայման վրա ազդելու են բազմաթիվ գործոններ, մասնավորապես՝ ծառայություն մատուցող ենթակառուցվածքի հզորությունը, ծանրաբեռնվածությունը, սպասարկվող տարածքը, հեռավորությունը և տրանսպորտային մատչելիությունը, ծառայությունից օգտվողների քանակը, ծառայության ինքնարժեքը (մեկ շահառուի հաշվարկով) և այլն»,- ասվում էր տեղեկանքում։ Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Սարգիս Թովմասյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը պետք է իրականացվեր հետևյալ տրամաբանությամբ. խոշորացված համայնքի կենտրոնը, որը նա անվանում է տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոն, պետք է ունենար ենթակառուցվածքներ, որպեսզի այդ ենթակառուցվածքներից կարողանային օգտվել համայնքի մյուս բնակավայրերը։ «Աշխարհի ամենահարուստ երկրներն էլ այդպիսի ճոխություն իրենց թույլ չեն տալիս, որ բոլոր բնակավայրերում բոլոր ծառայությունները մատուցեն՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ավագ դպրոց, գեղարվեստի դպրոց։ Դա անհնարին ու անիմաստ է և՛ տնտեսապես, և՛ բոլոր առումներով։ Դրա համար պետք է մեխերը ճիշտ խփել, այսինքն՝ այն համայնքներն ընտրել որպես կենտրոն, որոնք պոտենցիալ ունեն ծառայություններ մատուցելու, հասանելի են գոնե կես ժամանոց տիրույթում մնացած բնակավայրերի համար»,- նշել է նա մեզ տված հարցազրույցում։ Infocom.am-ն առանձին հոդվածով արդեն անդրադարձել է համայնքնրերում ենթակառուցվածքների և ՏԻՄ-երից մատուցվող ծառայությունների վիճակին։ Մեր ուսումնասիրությունը մի քանի խոշորացված համայնքի օրինակով ցույց էր տվել, որ ծառայությունների մեծ մասը հիմնականում մատուցվում է համայնքային կենտրոններում։ Մյուս բնակավայրերում որոշ ենթակառուցվածքներ խոշորացումից առաջ եղել են, որոշ ենթակառուցվածքներ էլ խոշորացումից հետո են ներդրվել, սակայն դեռ մնում են բնակավայրեր, որտեղ, օրինակ, չկան երաժշտական դպրոցներ, մարզադպրոցներ, գրադարաններ կամ այլ կառույցներ, հետևաբար այդ բնակավայրերում ապրողները տվյալ ծառայություններից օգտվելու համար պետք է հասնեն այն բնակավայրեր, որտեղ դրանք առկա են (հիմնականում՝ համայնքային կենտրոններ)։ Եթե հաշվի առնենք, որ այդ բնակավայրերից համայնքային կենտրոն տանող ճանապահրները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, իսկ միջբնակավայրային հանրային տրանսպորտ ոչ բոլոր խոշորացված համայնքներում է գործում, բնակիչներն իրենց մոտ բացակայող ծառայություններից օգտվելու համար կարող են հանդիպել լրացուցիչ դժվարությունների։ Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ոչ բոլոր խոշորացված համայնքների կենտրոններն են մնացած բնակավայրերի համար հասանելի գոնե կես ժամանոց տիրույթում, ինչպես առաջարկում էր Սարգիս Թովմասյանը: Համայնքային կենտրոնից մեծ հեռավորությունը ևս կարող է որոշ դժվարություններ առաջացնել: Infocom.am-ը փորձել է Տավուշի և Սյունիքի մարզերի 5 համայնքի օրինակով հասկանալ, թե ինչքան է X համայնքի համայնքային կենտրոնում չապրող բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոնից, և որքան գումար կպահանջվի նրանից հանրային տրանսպորտով կամ տաքսիով այնտեղ հասնելու համար։ Այն բնակավայրերը, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, այլ բնակավայրերում գործող տրանսպորտի վարձավճարի օրինակով կատարվել է գնի մոտավոր հաշվարկ։ Բնակչի միջին հեռավորությունը հաշվարկելիս հաշվի են առնվել բնակիչների թիվը, համայնքային կենտրոնից հեռավորությունը։   Կողբ Կողբ խոշորացված համայնքի բնակավայրերն են Կողբը և Զորականը։ Համայնքային կենտրոն Կողբում գործում են գրադարան և երաժշտական դպրոց։ Զորականում նման կառույցներ չկան։ Կողբի և Զորականի ներհամայնքային ճանապարհները խոշորացմանը նախորդող երկու տարիների դրությամբ եղել են վատ վիճակում։ Խոշորացումից հետո՝ 2016-ին, Կողբում ասֆալտապատվել է 3․5 կմ ճանապարհ, Զորականում՝ 1 կմ (հաշվի առնենք, որ Կողբը Զորականից տարածքով ավելի մեծ է)։ Զորականից Կողբ հանրային տրանսպորստ համայնքում չի գործում։  Կողբի դեպքում բնակչի միջին հեռավորություն հաշվելու կարիք չի եղել։ Զորականից համայնքային կենտրոն Կողբ հեռավորությունը 10 կմ է։ Եթե Զորականիից Կողբ հանրային տրանսպորտ գործեր, վճարը կլիներ 200 դրամ, տաքսիով հասնելու դեպքում անհրաժեշտ կլինի 1000 դրամ։   Այրում Այրումի համայնքային կենտրոնում գործում են գրադարան, մանկապարտեզ, երաժշտական դպրոց։ Մյուս բնակավայրերում այս կառույցները կամ կառույցների մի մասը բացակայում են։ Խոշորացմանը նախորդող երկու տարիների դրությամբ նախկին համայնքների ճանապարհների վիճակը եղել է անմխիթար։ Խոշորացումից հետո Այրում համայնքի միջբնակավայրային և ներբնակավայրային ճանապարհների 80%-ը խճապատվել է։ Համայնքում միջբնակավայրային տրանսպորտ չի գործում։ Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Այրումից 10,8 կմ է։ Հանրային տրանսպորտ լինելու դեպքում բնակիչը կվճարեր միջինում 216 դրամ, տաքսիով հասնելու համար անհրաժեշտ կլինի միջինում 1080 դրամ։   Նոյեմբերյան Նոյեմբերյանի համայնքային կենտրոնում գործում են մանկապարտեզ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, գրադարան։ Մնացած 8 բնակայրերում այս կառույցնրը, որոշ դեպքերում՝ դրանցից մեկը կամ երկուսը բացակայում են։ Խոշորացումից առաջ նախկին համայնքներից Կոթիի ճանապարհները եղել են բավարար վիճակում, Բարեկամավանի դեպքում բավարար վիճակում են եղել միայն միջհամայնքային ճանապարհները, իսկ ներհամայնքային ճանապարհները` անմխիթար վիճակում, Բաղանիսի և՛ ներհամայնքային, և՛ միջհամայնքային ճանապարհները եղել են լավ վիճակում, Ջուջևանի միջհամայնքային ճանապարհները եղել են լավ վիճակում, ներհամայնքայինը՝ բավարար, Բերդավանի միջհամայնքային ճանապարհները եղել են մասամբ վերանորոգված, իսկ ներհամայնքայինը՝ անբարեկարգ վիճակում, Ոսկեվանի ճանապարհները եղել են խճապատ, Ոսկեպարի ճանապարհները եղել են բարվոք վիճակում, Դովեղի դեպքում միջհամայնքայինը՝ լավ, ներհամայնքայինը՝ բավարար վիճակում։ Նոյեմբերյանում խոշորացումից հետո կատարվել են ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման և խճապատման աշխատանքներ։ Կոթիի ներբնակավայրային  և միջբնակավայրային ճանապարհները հիմա էլ բավարար վիճակում են, խոշորացումից հետո իրականացվել է ընթացիկ նորոգում: Դեպի համայնքային կենտրոն Նոյեմբերյան Կոթիից գործում է հանրային տրանսպորտ` շաբաթական 6 օր, օրական 1 անգամ հաճախականությամբ, ուղեվարձը 500 դրամ է։ Տրանսպորտը գործել է նաև խոշորացումից առաջ։ Բարեկամավանի միջբնակավայրային ճանապարհները հիմա բարվոք վիճակում են ներբնակավայրայինը՝ վատ։ Դեպի համայնքային կենտրոն հանրային տրանսպորտ չի գործում։ Բաղանիսի ճանապարհներն այժմ էլ են լավ վիճակում, դեպի համայնքային կենտրոն, սակայն, հանրային տրանսպորտ չի գործում։  Ջուջևանի ճանապարհները մասնակի վերանորոգվել են։ Դեպի Նոյեմբերյան-Կոթի երթուղով հանրային տրանսպորտ է գործում օրը մեկ անգամ հաճախականությամբ: Տրանսպորտը նույն երթուղով գործել է նաև խոշորացումից առաջ։  Բերդավանում խոշորացումից հետո միջբնակավայրային ճանապարհներն ասֆալտապատվել են, իսկ ներբնակավայրային ճանապարհներից 2.1 կմ աֆալտապատվում է։ Մնացած հատվածներում  կատարվել են հարթեցումներ։ Դեպի համայնքային կենտրոն հանրային տրանսպորտ չի գործում։  Ոսկեվանում խոշորացումից հետո կատարվել է ներհամայնքային ճանապարհների խճապատում-բարելավում: Հանրային տրանսպորտ չի գործում։  Ոսկեպարի ճանապարհները հիմա էլ են բարվոք վիճակում, խոշորացումից հետո իրականացվել է ներբնակավայրային ճանապարների վերանորոգում: Հանրային տրանսպորտ չի գործում։ Դովեղում ներհամայնքային ճանապարհները մասնակի վերանորոգվել են։ Տրանսպորտ չի գործում։ Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Նոյեմբերյանից 13,6 կմ է, հանրային տրանսպորտ գործելու դեպքում Նոյեմբերյան հասնելու համար բնակիչը կվճարի միջինում 272 դրամ, տաքսիով գնալու դեպքում՝ միջինում 1360 դրամ։ Գորայք Գորայքի համայնքային կենտրոնում գործում է մանկապարտեզ։ Բնակավայրերից երկուսում այդ կառույցը չկա։ Համայնքի բնակավայրերն իրար կապված են մայրուղով։ Մինչ 2019թ․ համայնքի ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհները եղել են անմխիթար վիճակում։ 2019 թվականից համայնքային կենտրոն Գորայքի փողոցները ասֆալտապատվել են  և փոսալցվել, փոսալցվել են նաև մյուս երեք բնակավայրերի ճանապարհները, ասֆալտապատվել են միայն այդ բնակավայրեր տանող գլխավոր ճանապարհները: Գորայք խոշորացված համայնքում միջբնակավայրային հանրային տրանսպորտ  չի գործում : Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Գորայքից 13,5 կմ է, հանրային տրանսպորտ գործելու դեպքում համայքնային կենտրոն հասնելու համար բնակիչը միջինում կվճարեր 270 դրամ, տասքիով հասնելու դեպքում կվճարի 1350 դրամ։   Սիսիան Սիսիանի համայնքային կենտրոնում գործում են երաժշտական դպրոց, մարզադպրոցներ, մանկապարտեզներ։ Այս կառույցների մի մասը մնացած բնակավայրերում չկա։ Խոշորացումից առաջ ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները եղել են բավարար վիճակում: 2018 թվականի վերանորոգվել է Մ2 Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի Շամբ-Շենաթաղ ճանապարհահատվածը, իսկ որոշ ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհներում ժամանակ առ ժամանակ իրականացվում են հարթեցման և փոսալցման աշխատանքներ: Համայնքի ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհները հիմա էլ բավարար վիճակում են:  Դեպի համայնքի կենտրոն գործում է տրանսպորտ 3 երթուղիով՝ շաբաթական 7 օր հաճախականությամբ, 50-500 դրամ ուղևորավարձով (կախված բնակավայրի հեռավորությունից): Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Սիսիանից 14,1 կմ է։ դեպի Սիսիսան բնակավայրերից հանրային տրանսպորտ գործում է, որի համար բնակիչը միջինում վճարում է 275 դրամ։ Տասքիսով համայնքային կենտրոն հասնելու համար պետք կլինի վճարել միջինում 1410 դրամ։ Նկար 1-ում կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների բնակիչների միջին հեռավորությունը համայքնային կենտրոնից, և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ գումարի չափերը։    Նկար 1   Աննա Սահակյան, Կատյա Մամյան
11:30 - 03 մարտի,2021
Խոշորացված համայնքի ղեկավարը կարող է չունենալ նույն սրտացավությունը․ խոշորացումն Արագածոտնում

Խոշորացված համայնքի ղեկավարը կարող է չունենալ նույն սրտացավությունը․ խոշորացումն Արագածոտնում

Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքը ձևավորվել է 2017-ին՝ 4 բնակավայրերի միավորմամբ։ Համայնքի բնակավայրերից է Գետափը։ Գետափի բնակիչ Սմբատ Ավոյանը խոշորացումից գոհ է։ Նա ասում է, որ իրենց գյուղում դրական փոփոխություններ կան․ «Որ բյուջեն մեծացել է, արդեն տեխնիկա կա, որն ավելի էժան գներով է տրամադրվում։ Հույսեր կան, որ ապագայում ավելի լավ բաներ կլինեն։ Խոշորացումից գոհ ենք, դժգոհելու ոչ մի բան դեռևս չկա»։ Գետափի մեկ այլ բնակիչ՝ Կարեն Գևորգյանը, կարծում է, որ իրենց գյուղում խոշորացումից հետո էական փոփոխություններ չկան։ Կարեն Գևորգյանի խոսքով՝ Գետափում խնդիրներ կան, որոնցից ամենակարևորը 12-ամյա դպրոցի բացակայությունն է։ Բնակավայրի դպրոցն 9-ամյա է, և ծնողները ստիպված են իրենց երեխաներին այլ գյուղերի դպրոցներ ուղարկել, որ նրանք ուսումն ավարտեն։ Գետափի վարչական ղեկավար Մուրադ Մանուկյանը նշում է, որ Գետափը նախկինում էլ այլ համայնքների հետ միացված լինելու փորձ ունեցել է, այդ պատճառով էլ մտահոգություն են ունեցել, որ խոշորացումից հետո իրենց գյուղի համար ոչ ամեն ինչ հասանելի կլինի։ Չնայած նախկին մտահոգություններին, Մուրադ Մանուկյանը հիմա խոշորացումից գոհ է։ Գետափը նաև Արագածավանի ավագանու կազմում ներկայացուցիչ ունի։ Բնակավայրի վարչական ղեկավարի կարծիքով, սակայն, խնդիր չէր լինի, եթե իրենք համայնքի ավագանու կազմում ներկայացուցիչ չունենային։ Կառավարությունն առաջարկում է Արագածոտնի մարզում 29 համայնքների միավորմամբ ձևավորել Թալին խոշորացված համայնքը, որի կազմում ընդգրկվելու է Կարմրաշենը։ Կարմրաշենում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, խմելու ջրով ապահովված են, ոռոգման ջուրը հիմնականում հերիքում է։ Բնակիչներին մտահոգող հիմնական հարցն այն է, որ համայնքը գազաֆիկացված չէ։ Կարմրաշենի բնակիչ Մանուկ Թորոսյանը գտնում է, որ խոշորացումը վտանգավոր է։ Նա կարծում է, որ փոքր բնակավայրերը կարող են անտեսվել, քանի որ խոշորացված համայնքի ղեկավարը չի ունենա այն նույն սրտացավությունը, ինչ ունեն առանձին համայնքների ղեկավարները։ Կարմրաշենի համայնքապետ Կորյուն Մարտիրոսյանը հասկանում է բնակիչների այն մտահոգությունները, թե սպասվող խոշորացումից հետո տեղական ինքնակառավարման մարմինները կարող են պակաս սրտացավ լինել բնակչների հանդեպ, բայց խոշորացումից նաև դրական սպասելիքներ ունի։ Արագածոտնի մարզում կա 4 խոշորացված համայնք։ Առաջիկայում, բացի Թալինից, առաջարկվում է ձևավորել ևս մեկը։ Մարզի մնացած 33 համայնքները դեռ չի նախատեսվում խոշորացնել։ Աննա Սահակյան
21:59 - 21 փետրվարի,2021
Համայնքների սեփական եկամուտներն ու պետությունից ստացվող դոտացիաներն աճել են խոշորացումից հետո

Համայնքների սեփական եկամուտներն ու պետությունից ստացվող դոտացիաներն աճել են խոշորացումից հետո

Համայնքների խոշորացման գործընթացից առաջ շատ էր խոսվում այն մասին, թե խոշորացումից հետո համայնքների բյուջեները ոչ թե ավելանալու են, այլ պարզապես գումարվելու են իրար։ Կառավարությունից վստահեցնում էին, որ համայնքների բյուջետային եկամուտները որոշ չափով ավելանալու են, քանի որ նախատեսվում էին օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց՝ մեծանում էր խոշորացված համայնքների՝ պետությունից դոտացիաներ ստանալու հնարավորությունը։   Ֆինանսական համահարթեցման հասկացությունը  Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու, ինչպես նաև բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցումն է։ Ավելի պարզ ասած՝ ֆինանսական համահարթեցման սկզբունքը գործում է հետևյալ կերպ․ պետությունը յուրաքանչյուր տարի համայնքներին անհատույց դրամական միջոցներ` դոտացիաներ է տրամադրում նրանց ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափությունը մեղմելու համար։ Համայնքներն իրենք են որոշում, թե ինչ ուղղությամբ պետք է ծախսեն պետությունից որպես դոտացիա ստացած դրամական միջոցները։ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ առաջին օրենքն ընդունվել է 1998 թվականին։ Այդ օրենքով սահմանվում էր, որ դոտացիա ստացող համայնքները բաժանվում են երկու խմբի՝ 300-ից պակաս բնակիչ ունեցող և 300-ից ավելի բնակիչ ունեցող։ Մինչև 300 բնակիչ ունեցող համայնքներին տրվում էին հավասար չափով դոտացիաներ։ 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների դոտացիաների չափը հաշվարկելիս հաշվի էին առնվում տարբեր գործոններ, ինչպիսիք են համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային մակարդակը, համայնքի բնակչության թիվը։   «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքը «Համայնքների բյուջեների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեծամասնություն կազմող համայնքների բյուջեների եկամուտների զգալի մասը ձևավորվում է պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտների, իսկ հիմնականում` ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվին: Ասվածը նշանակում է, որ համայնքների խոշորացման հարցը քննարկելիս պետք չէ անտեսել խոշորացման արդյունքում պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հնարավոր փոփոխությունները»,- 2011-ին նշվում էր կառավարության մշակած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ում։ Փաստաթղթում կարևորվում էր «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: 2016-ին ներկայացված օրենքի այս  նախագծի հիմնավորման մեջ, խոսելով 1998 թվականին ընդունված և այդ պահի դրությամ գործող օրենքում դոտացիայի բաշխման մեխանիզմների  թերություններից, նշվում էր․ «Շատ ընդհանրացված ձևով հաշվի առնելով համայնքների ֆինանսական կարողությունը՝ հաշվի չեն առնվում նրանց ֆինանսական կարիքները և դրանց տարբերությունները: Բանաձևի (համայնքներին տրվող դոտացիաների հաշվարկման բանաձևի- խմբ․) մեջ ներառված չեն համայնքների իրական պահաջներն արտացոլող բաղադրամասերը և ծախսային յուրահատկությունները: Անկախ կարիքավորության աստիճանից՝ դոտացիա են ստանում բոլոր համայնքները»։ Նախագծով առաջարկվում էր համայնքներին հատկացվող դոտացիաների հաշվարկման համար հիմք ընդունել համայնքի եկամտային ունակությունները և պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները։  Դոտացիաները հատկացվելու էին «ա» և «բ» մասերով։ Առաջարկվում էր «ա» մասով դոտացիա տրամադրել մինչև 3500 բնակիչ ունեցող համայնքներին։  Իսկ «բ» մասով դոտացիա տրամադրելիս հաշվի էին առնվելու համայնքի եկամտային ունակությունը և համայնքի ծախսային կարիքները։ Ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը հաշվարկելիս հաշվի էին առնվելու այնպիսի  գործոններ, ինչպիսիք են տրանսպորտային մատչելիությունը, համայնքի բարձրադիրությունը, բնակչության տարիքային կառուցվածքը, համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից, համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակը։ Սա նշանակում է, որ «բ» մասով  դոտացիա ստանալու դեպքում խոշորացված համայնքների դոտացիայի չափը կարող էր ավելանալ՝ կախված նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի թվից։ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքն ընդունվեց 2016-ի դեկտեմբերին։ Սակայն մինչև 2020 թվականն անցումային շրջան նախանշվեց։  Անցումային դրույթներով սահմանվում էր, որ 2017, 2018 և 2019 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին տրվող դոտացիաները հատկացվում են տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով, իսկ 2016-2019 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների հանրագումարին: Անցումային դրույթները, փաստորեն, հնարավորություն էին տալիս, որ 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հատկացվեին ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները, մինչև օրենքն ամբողջությամբ կմտներ ուժի մեջ: 2016-2018 թվականներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Լոքյանը 2017-ին իր տված հարցազրույցներից մեկում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք խոշորացված համայնքի բյուջեն պարզապես նրա կազմում ընգրկված բոլոր համայնքների բյուջեների գումարն է, նշել էր, թե խոշորացված համայնքների համար լրացուցիչ դոտացիա է ապահովվելու։ Համայնքներին տրվող դոտացիաների և սեփական եկամուտների փոփոխությունները խոշորացումից հետո Infocom.am-ը Ջերմուկ (Վայոց ձոր), Բերդ (Տավուշ), Ապարան (Արագածոտն), Կապան (Սյունիք), Գլաձոր (Վայոց ձոր) խոշորացված համայնքների օրինակով փորձել է հասկանալ, թե արդյոք համայնքներին տրվող դոտացիաները խոշորացմանը հաջորդող տարիներին ավելացել են։ Բացի դոտացիաներից՝ համեմատվել են նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտները` հասկանալու համար, թե արդյոք խոշորացմանը հաջորդող տարիներին համայնքների սեփական եկամուտները փոփոխվել են: Համայնքներն ընտրվել են հետևյալ տրամաբանությամբ․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Տավուշի մարզի Բերդ համայնքները խոշորացվել են համապատասխանաբար 2016 և 2017 թվականներին, Արագածոտնի մարզի Ապարան  համայնքը համեմատաբար մոտ է մայրաքաղաք Երևանին, Սյունիքի մարզի  Կապան համայնքն ամենախոշորն է` համայնքի կազմում միավորված բնակավայրերի թվով, իսկ Վայոց Ձորի Գլաձոր համայնքում ընդգրկված է երեք բնակավայր, ինչն անհամեմատ ավելի քիչ է: Այսինքն, վերցվել են և՛ շատ, և՛ քիչ բնակավայրեր ընդգրկող, և՛ մայրաքաղաքին մոտ, և՛ մայրաքաղաքից հեռու, ինչպես նաև տարբեր տարիներին խոշորացված համայնքներ: Համեմատությունը կատարվել  է հետևյալ կերպ․ վերցվել են յուրաքանչյուր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի, այսինքն՝ նախկին համայնքների՝ խոշորացման նախորդ տարվա բյուջեների սեփական եկամուտների և պետությունից ստացված դոտացիների գումարային թվերը: Այս թվերը համեմատվել են արդեն խոշորացված համայնքի սեփական եկամուտների և դոտացիների հետ՝ մինչև 2019 թվականը ներառյալ։ Համեմատությունը կատարելիս հաշվի է առնվել համեմատվող տարիների գնաճը:  Սլայդը թերթելով՝ կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների փոփոխությունները (սեփական եկամուտների և դոտացիաների վերաբերյալ թվերը, որոնք ներկայացված են սլայդում, ներառում են գնաճը)։ Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների փոփոխությունները։ Գրաֆիկ 1 Աննա Սահակյան, Կատյա Մամյան  
22:36 - 20 փետրվարի,2021
Աղբահանությունն Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում

Աղբահանությունն Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում

Հայաստանում կան համայնքներ, որտեղ աղբահանություն չի իրականացվում։ Այդպիսի համայնքներում բնակիչները սովորաբար աղբն առանձնացնում են․ սննդի մնացորդներն օգտագրծում են որպես անասնակեր, աղբի մնացած մասն այրում են։ Համայնքներ էլ կան, որտեղ աղբահանություն իրականացվում է, սակայն փողոցներում աղբամաններ տեղադրված չեն։ Կան այնպիսի համայնքներ, որտեղ աղբամաններ մի ժամանակ տեղադրված են եղել, բայց հետո հանվել են երկու հիմնական պատճառով․ այդ համայնքներում շատ են փողոցային շները, որոնք թափում են աղբամանների աղբը, աղբահանությունն իրականացվում է, օրինակ, շաբաթը մեկ անգամ կամ ավելի փոքր հաճախականությամբ, և շոգ եղանակին աղբամաններում մնացած աղբից տհաճ հոտ է գալիս։ Infocom-ը որոշել է ներկայացնել, թե Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի որ համայնքներն ունեն աղբավայրեր, որտեղ է իրականացվում աղբահանություն, որտեղ՝ ոչ։ Աղբահանության վերաբերյալ տվյալները ստացվել են համայնքապետարաններից։ Այն դեպքերում, երբ հնարավոր չի եղել համայնքապետարանների հետ կապ հաստատել (մեր հարցումներն անպատասխան են մնացել, զանգերին չեն պատասխանել, կամ պարզապես բացակայել են համայնքապետարանների կոնտակտային տվյալները), անհրաժեշտ տեղեկությունները ստացել ենք հենց բնակիչներից։   Վայոց ձոր Այսպիսով, Վայոց ձորում կա 8 համայնք, որոնցից 6-ը խոշորացված են, 2-ը՝ ոչ։ Մարզի  համայնքներից միայն Եղեգիսը և Մալիշկան չունեն աղբավայր, մնացած համայնքներում (խոշորացված համայնքների դեպքում՝ բնակավայրերից մեկում կամ մի քանիսում) կան աղբավայրեր կամ աղբը թափելու համար առանձնացված տարածքներ։ Աղբահանություն իրականացվում է Վայոց ձորի բոլոր համայնքներում։ Խոշորացված համայնքների դեպքում աղբահանությունն իրականացվում է բոլոր բնակավայրերում՝ բացի Արենի խոշորացված համայնքից, որտեղ 9 բնակավայրերից մեկում աղբահանություն չի իրականացվում։ Արենիի աղբավայրերը փաստաթղթավորված չեն, այժմ աշխատանքներ են տարվում համայնքում միասնական աղբավայր կառուցելու համար։ Աղբամաններ տեղադրված են մարզի բոլոր համայնքներում. տեղադրված չեն միայն Վայք խոշորացված համայքի 5 բնակավայրերից 1-ում և Ջերմուկ խոշորացված համայնքի 5 բնակավայրերից 2-ում։ Քարտեզ 1-ում ներկայացված է, թե Վայոց ձորի որ համայնքներում կան աղբավայրեր, որտեղ են տեղադրված աղբամաններ, և որտեղ է իրականացվում աղբահանություն։ Քարտեզի վրա կամիրով ներկայացված են աղբավայրերը, կապույտով՝ աղբամանները, կանաչով՝ աղբահանությունը։ Եթե որևէ գույնով տեսնեք Χ նշանը, ուրեմն տվյալ համայնքում աղբավայր կամ աղբամաններ չկան, կամ էլ աղբահանություն չի իրականացվում։ Քարտեզ 1 Արագածոտն Արագածոտնում կա 72 համայնք, որից 4-ը խոշորացված է։ Մեզ հաջողվել է ստանալ տվյալներ 59 համայնքի վերաբերյալ։ Այս 59 համայնքներից 18-ում կա աղբավայր կամ աղբը թափելու համար առանձնացված հողատարածք  (խոշորացված համայնքների դեպքում՝ բնակավայրերից մեկում կամ մի քանիսում)։ Մնացած 41 համայնքում աղբավայր չկա։ 18 համայնքներից Աշնակի աղբավայրը վատ վիճակում է, ցանկապատ չունի։ 59 համայնքներից 21-ում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում։ Ընդ որում, այս 20 համայնքներից 2-ում՝ Սուսերում և Սորիկում, կա աղբավայր. Սուսերի դեպքում մարդիկ հիմնականում չեն օգտվում աղբավայրից, Սորիկի դեպքում բնակիչներն իրենք են աղբը տանում, թափում։ Իսկ Ակունքում, որտեղ ո՛չ աղբավայր կա, ո՛չ աղբահանություն է իրականացվում, մարդիկ անհրաժեշտության դեպքում աղբն իրենց միջոցներով տանում են Թալինի աղբավայր։ Շղարշիկում, որտեղ ո՛չ աղբավայր կա, ո՛չ աղբահանություն է իրականացվում, մարդիկ աղբը լցնում են գյուղի մոտակայքի ձորը, և ձորի մոտ ապրող բնակիչները բողոքում են այնտեղից եկող գարշահոտից։ Արագածոտնի խոշորացված համայնքներից Ապարանում աղբահանություն իրականացվում է 21 բնակավայրերից 20-ում, Արագածավանում՝ 4 բնակավայրերից 3-ում, իսկ Ծաղկահովիտում և Ալագյազում աղբահանություն իրականացվում է բոլոր բնակավայրերում։ Ալագյազում, որտեղ աղբը թափելու համար օգտագործվում են դեռ խորհրդային ժամանակներից եղած փոսերը, հողատարածք է հատկացված նոր աղբավայր կառուցելու համար, որը, համայնքապետի խոսքով, պատրաստ կլինի մինչև այս ամառ։ Արագածոտնի համայնքներից միայն 14-ում են տեղադրված աղբամաններ։ Խոշորացված համայնքներից միայն Ալագյազում աղբամաններ տեղադրված չեն։ Ապարան խոշորացված համայնքի 21 բնակավայրերից 6-ում են տեղադրված աղբամաններ, Ծաղկահովիտի 10 բնակավայրերից 3-ում են տեղադրված աղբամաններ, Արագածավանի՝ 4 բնակավայրերից 2-ում։ Քարտեզ 2-ում ներկայացված է, թե Արագածոտնի որ համայնքներում կան աղբավայրեր, որտեղ են տեղադրված աղբամաններ, և որտեղ է իրականացվում աղբահանություն։ Քարտեզ 2 Աննա Սահակյան
18:13 - 18 փետրվարի,2021
26 համայնք ինչպե՞ս է մի հոգին ղեկավարելու․ համայնքների խոշորացումը Արմավիրի մարզում

26 համայնք ինչպե՞ս է մի հոգին ղեկավարելու․ համայնքների խոշորացումը Արմավիրի մարզում

Արմավիրը Հայաստանի միակ մարզն է, որտեղ համայնքների խոշորացման գործընթաը դեռ չի մեկնարկել։ Կառավարությունն առաջիկայում նախատեսում է մարզում 26 համայնքների միավորմամբ ձևավորել խոշորացված առաջին համայնքը, որի կենտրոնը լինելու է Մեծամորը։ Զարթոնքը մեկն է այն համայնքներից, որոնք ընդգրկվելու են Մեծամորի կամզում։ Զարթոնքի դպրոցի ուսուցչուհի տիկին Սուսաննան դեմ է համայնքների խոշորացմանը «Այստեղ կլինի ներկայացուցիչ, բայց այնտեղ (համայնքային կենտրոնում- խմբ․) նստողն այստեղի հարցերը դժվարութամբ կլուծի։ Հիմնական օրենդրական հարցերը լուծվելու են այնտեղ, ոչ այստեղ, իսկ իսկ եթե ինչ-որ խնդիր կա, ավելի շատ իրենք իրենց հարցերը կլուծեն, քան այս գյուղի հարցերը»։ Տիկին Սուսաննան նաև կարծում է, որ ձևավորվող Մեծամորում չպետք է այդքան շատ համայնքներ միավորվեն․ «Քսանվեց համայնքը ո՞նց է մի հոգին ղեկավարելու։ Ո՞նց է հնարավոր այդքանի հարցերը լուծել»։ Մեկ տարի է, ինչ Սամվել Աղաջանյանն ընտրվել է Զարթոնքի համայնքապետ։ Նա ասում է, որ այդ ընթացքում որևէ տեղեկություն չի ստացել այն մասին, թե երբ է խոշորացվելու Զարթոնքը կամ ինչ փնջում է ներառվելու․ «Հնարավոր էր բրոշյուրներով կամ գրություններով տեղեկացնել։ Ես չեմ պատկերացրել, որ այսքան շատ գյուղեր միանալու են մի փնջի մեջ։ Ինֆորմացիան քիչ է, չենք կարողանում հասկանալ քայլերը, հետևանքները»։ Համայնքները կարող են խոշորացումից առաջ տեղական հանրաքվե նախաձեռնել և խոշորացման վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտել։ Սամվել Աղաջանյանը հնարավոր համարում է, որ Զարթոնքի բնակիչները կուզենան հանավքե կազմակերպել, չնայած այն միայն խորհրդատվական բնույթ ունի։ Մեծամոր խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելու է նաև Ծաղկունքը։ Գյուղի բնակիչ Անդրանիկ Հարությունյանը դեմ է խոշորացմանը․ «Ասում էին՝ 8-10 գյուղ պետք է միանա, բայց դրան էլ համաձայն չէր ժոովուրդը: Կարող եմ ասել, որ ժոովրդի 99 տոկոսը համաձայն չէ»։ Ծաղկունքի‌ ‌համայնքապետի‌ ‌տեղակալ‌ ‌Ռաֆիկ‌ ‌Սարգսյանն‌ ‌ասում‌ ‌է՝‌ ‌երբ‌ ‌բնակիչներին‌ ‌տեղեկացրել‌ ‌են‌ ‌խոշորացման‌ ‌մասին,‌ ‌նրանք‌ ‌հիմնականում‌ ‌դեմ‌ ‌են‌ ‌եղել։‌ ‌Պարոն‌ ‌Սարգսյանն‌ ‌էլ‌ ‌խոշորացումից‌ ‌բացասական‌ ‌սպասելիքներ‌ ‌ունի․ «Մեր‌ ‌համայնքում‌ ‌մեր‌ ‌ժողովրդին‌ ‌ճանաչում‌ ‌ենք,‌ ‌մեր‌ ‌հարկ‌ ‌ու‌ ‌տուրքերը‌ ‌հավաքում‌ ‌ենք,‌ ‌մեր‌ ‌միջոցները‌ ‌ներդնում‌ ‌ենք‌ ‌համայնքի‌ ‌զարգացման‌ ‌համար։ Մեր‌ ‌բյուջեն‌ ‌գիտենք՝‌ ‌որտեղ‌ ‌պիտի‌ ‌ծախսենք,‌ ‌հիմա‌ ‌այդ‌ ‌26‌ ‌գյուղը‌ ‌պիտի‌ ‌որոշեն, որ‌ ‌էս ‌համայնքում‌ ‌էս ‌տարի‌ ‌էս ‌գործը‌ ‌պիտի‌ ‌արվի,‌ ‌էն ‌համայնքում էն ‌գործը‌ ‌պիտի‌ ‌արվի»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վստահեցնում է, որ համայնքային նոր փնջերը որոշելուց առաջ քննարկումներ է անցկացրել համայնքների թե՛ ղեկավարների, թե՛ բնակիչների հետ։ Սակայն Զարթոնքում և Ծաղկունքում գյուղացիների հետ զրուցելիս նկատեցինք, որ նրանք այնքան էլ լավ տեղեկացված չեն իրենց համայնքների խոշորացման գործընթացից, շատ գյուղացիներ նույնիսկ զարմացան՝ իմանալով, որ Մեծամորի կազմում 26 համայնք է ներառվելու։ Բացի այդ՝ համայնքների բնակիչները երբեմն լավ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու խոշորացումից հետո․ շատերը բողոքում են, որ մի փաստաթղթի կամ փոքր հարցի համար պիտի գնան, հասնեն համայնքային կենտրոն, մինչդեռ խոշորացումից հետո նրանք ունենալու են վարչական ղեկավար, որն իրավասու է լինելու բնակիչներին փաստաթղթեր տրամադրել և համայքնապետարանում բնակավայրի խնդիրները բարձրաձայնել։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ համայնքների խոշորացման վերաբերյալ մարդկանց բացասական կարծիք ունենալու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք բավարար չափով իրազեկված չեն։ Աննա Սահակյան
14:53 - 17 փետրվարի,2021
Խոշորացված և խոշորացվող համայնքներ․ ինչպե՞ս է փոփոխվել ՀՀ համայնքային քարտեզը

Խոշորացված և խոշորացվող համայնքներ․ ինչպե՞ս է փոփոխվել ՀՀ համայնքային քարտեզը

Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից ի վեր՝ Հայաստանի 9 մարզում ձևավորվել է 54 խոշորացված համայնք՝ 486 համայնքների միավորմամբ։ Կառավարությունն առաջարկում է ՀՀ 6 մարզում ձևավորել ևս 11 խոշորացված համայնք՝ 186 համայնքների միավորմամբ։ Հասկանալու համար, թե խոշորացման գործընթացի արդյունքում ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել ՀՀ համայնքային բաժանումը, կարող եք ուսումնասիրել Infocom-ի պատրաստած քարտեզը, որում արտացոլված են ՀՀ բոլոր մարզերի արդեն խոշորացված, խոշորացվելիք, ինչպես նաև չխոշորացված համայնքները։ Քարտեզը Google Earth-ի միջոցով բացելու համար սեղմել այստեղ։ Դեղին գույնով եզրագծված են խոշորացված համայնքները, որոնց ներսում դեղինով նշված են բնակավայրերի անունները, իսկ նարնջագույնով՝ խոշորացված համայնքի անունը։ Կապույտով եզրագծված են խոշորացված, բայց առանձին գործող համայնքները, որոնց ներսում բաց կապույտով նշված են բնակավայրերի անունները, մուգ կապույտով՝ համայնքի անունը։ Կարմիրով եզրագծված են ձևավորվելիք խոշորացված համայնքները, որոնց ներսում կարմիրով նշված են բնակավայրերի անունները, մանուշակագույնով՝ համայնքի անունը։ Եթե կարմիրով եզրագծված համայնքի ներսում կա դեղինով եզրագծված համայնք, նշանակում է, որ արդեն խոշորացված համայնքը ներառվելու է համայնքային նոր փնջում։ Կանաչ գույնով նշված են այն համայնքները, որոնք խոշորացված չեն և առաջիկայում չեն խոշորացվելու։ Խոշորացումից հետո մարզերում պատկերն այսպիսին է․ Սյունիքի մարզում կա 8 համայնք, բոլորն էլ խոշորացված են։ Տավուշի մարզում կա 5 խոշորացված համայնք։ Մնացած համայքները 2020-ի տարեսկզբի օրենսդրական փոփոխություններով միավորվել են Իջևան խոշորացված համայնքի կազմում, բայց շարունակում են գործել առանձին, քանի որ Իջևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ դեռ տեղի չեն ունեցել։ Արագածոտնում կա 4 խոշորացված համայնք, ևս 2-ը նախատեսվում է ձևավորել։ Մարզում կա ևս 33 չխոշորացված համայնք։ Դրանք առաջիկայում չի նախատեսվում խոշորացնել։ Վայոց ձորում կա 8 համայնք․ 6-ը խոշորացված են, 2-ը՝ ոչ։ Լոռիում կա 12 խոշորացված համայնք։ Դրանցից Լերմոնտովոն Իջևանի հետ խոշորացել է 2020-ին։ Լերմոնտովոյի կամզում միավորված համայնքները ևս գործում են առանձին, մինչև կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Լոռիում նախատեսվում է ձավորել ևս 2 խոշորացված համայնք։ Ձևավորվելիք համայնքներից մեկի կազմում ներառվելու է արդեն խոշորացված Թումանյանը։ Մարզում կա ևս 17 համայնք։ Այդ համայնքները խոշորացնել դեռևս չի նախատեսվում։ Կոտայքում կա 6 խոշորացված համայնք, նախատեսվում է ձևավորել ևս 3-ը։ Ձևավորվելիք երեք համայնքների կազմում էլ ներառվելու են արդեն խոշորացված համայնքներ․ Եղվարդն ընդգրկվելու է ձևավորվելիք Նաիրի խոշորացված համայնքի կազմում, Մեղրաձորը՝ Ծաղկաձորի, Ակունքը՝ Աբովյանի։ Մարզում կա ևս 13 չխոշորացված համայնք։ Դրանք առաջիկայում խոշորացնել չի նախատեսվում։ Շիրակում կա 7 խոշորացված համայնք, նախատեսվում է ձևավորել ևս 1-ը։ Մարզում կա ևս 11 չխոշորացված համայնք։ Դրանք առաջիկայում չեն խոշորացվելու։ Գեղարքունիքում կա 4 խոշորացված և 53 չխոշորացված համայնք։ Մարզում առաջիկայում նոր խոշորացումներ չեն սպասվում։  Արարատում կա 1 խոշորացված համայնք, առաջիկայում նախատեսվում է ձևավորել ևս 2-ը։ Մարզում կա ևս 43 համայնք։ Այդ համայնքները խոշորացնել դեռ չի նախատեսվում։ Արմավիրում չկան խոշորացված համայնքներ, առաջիկայում նախատեսվում է ձևավորել 1-ը։ Մարզում դեռ կմնա 71 չխոշորացված համայնք։ Աննա Սահակյան
19:36 - 14 փետրվարի,2021
Համայնքները մեծ ծրագրեր են իրականացնում, բայց կառավարումը միջնորդավորված է․ խոշորացումը Տավուշում

Համայնքները մեծ ծրագրեր են իրականացնում, բայց կառավարումը միջնորդավորված է․ խոշորացումը Տավուշում

ՀՀ Տավուշի մարզում բոլոր համայնքները խոշորացված են։ Մարզի առաջին խոշորացված համայնքը՝ Դիլիջանը, պիլոտային ծրագրով ձևավորվել է դեռևս 2015-ին։ Վերջին խոշորացումը Տավուշում իրականացվեց անցած տարվա գարնանը. ձևավորվեց Իջևանը, որի կազմում միավորված համայնքները գործում են առանձին, մինչև կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նոյեմբերյանը մեկն է մարզի խոշորացված համայնքներից, ձևավորվել է 2016-ին՝ 9 բնակավայրերի միավորմամբ։ Նոյեմբերյանցի Լևոն Սարուխանյանը դժգոհ է համայնքների խոշորացումից, ասում է՝ իրենց բնակավայրում խոշորացումից հետո ոչինչ չի փոխվել։ Նոյեմբերյանի մեկ այլ բնակիչ՝ Հայկազ Բուդաղյանը, համայնքների խոշորացումից գոհ է։ Նրա կարծիքով Նոյեմբերյանում և համայնքի մյուս բնակավայրերում  խոշորացումից հետո փոփոխություններ եղել են․ «Ասֆալտապատում է եղել, դպրոց գնացող աստիճանները կարգավորվել են, սահմանամերձ Դովեղում մանկապարտեզ է բացվել, Ոսկեվանում, Բաղանիսում շինարարություններ են եղել, Բարեկամավանում կապի բաժանմունք են շինել»։ Infocom-ն արդեն անդրադարձել է խոշորացումից հետո բնակավայրերում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխություններին։ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրական փոփոխություններ կան․ համայնքի բնակավայրերում փողոցային լուսավորության, խմելու ջրի ցանցի ներդրման, գազաֆիկացման աշխատանքներ են տարվել։ Սակայն համայնքի բնակավայրերից Բարեկամավանում, օրինակ, խոշորացումից հետո էական փոփոխություններ չկան (Նկար 1)։ Նկար 1 Համայնքների խոշորացումից հետո կրճատվեցին նախկին համայնքապետարանների աշխատակազմերը։ Դեռ խոշորացումից առաջ նշվում էր, որ ախատակազմերի կրճատումից խնայված դրամական միջոցները կարող են ուղղվել համայնքների զարգացմանը։ Մեր ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Տավուշի մարզի խոշորացված գրեթե բոլոր համայնքներում, այդ թվում՝ Նոյեմբերյանում, քչացել են համայնքապետարանների հաստիքները և աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերը (Գրաֆիկ 1)։   Գրաֆիկ 1 Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանը կարծում է, որ խոշորացումից հետո իրենց համայնքապետարանի աշխատանքը շատացել է, իսկ աշխատակազմը նույնն է մնացել․ «Հատկապես քաղաքաշինության, գյուղբաժնի բնագավառներում մենք մնացել ենք քաղաքի հաստիքների մակարդակին, բայց աշխատում ենք համայնքի խնդիրները սպասարկելու համար։ Այսինքն՝ եթե մենք քաղաքաշինության երկու մասնագետներ ունինք, որոնք աշխատում էին քաղաքում, այսօր էլ է այդ երկու մարդն են աշխատում, բայց արդեն համայնքի խնդիրներով են զբաղված»։  Խոշորացված համայնքի բնակավայրերից է Բերդավանը։ Բերդավանցի Սերյոժա Ազատյանը համայնքների խոշորացումից, ընդհանուր առմամբ, գոհ է, սակայն դժգոհություններ ևս ունի. «Կուզենայինք, որ Բերդավանն ինքնուրույն լինի, քանի որ բավականին մեծ է և՛ բնակչությամբ, և՛ տարածությամբ։ Մենք տնօրինենք մեր բյուջեին։ Հիմա մեր նախագահը (նկատի ունի՝ վարչական ղեկավարը- խմբ․), փաստորեն, կախման մեջ է, խնդրողի դերում է․ պետք է գնա Նոյեմբերյան, ղեկավարին խնդրի, ասի՝ բյուջեից հատկացրե՛ք նաև մեզ ճանապարհաշինարարության կամ ջուր անցկացնելու համար»։ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանն ասում է, որ Նոյեմբերյանի ներսում բնակավայրերը շատ լավ հարաբերություններ ունեն։ Ըստ նրա, սակայն, խոշորացման դրական կամ բացասական լինելը կախված է մարդականցից, իսկ երբ մարդկանցից  շատ բան է կախված լինում, կարող են խնդիրներ առաջանալ․ «Գյուղը չի կորցրել իր ինքնուրույնությունը, երբեք համայնքը չի ասել՝ դուք մեր ենթակայության տակ եք, այսպես պիտի լինի։ Մենք աշխատել ենք այլ սկզբունքով․ հավասարությունը պահվել է գյուղերի մեջ։ Բայց սա հետագայում խնդիր է ստեղծելու, որովհետև կարող են տարբեր մարդիկ սկսել աշխատել, որոնք որոնք իրար չկարողանան հասկանալ»։ Տավուշի մարզի մեկ այլ բնակավայր՝ Հաղարծինը, ընդգրկված է Դիլիջան խոշորացված համայնքի կազմում։ Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանի խոսքով՝ խոշորացումն ունեցել է և՛ դրական, և՛ բացասական արդյունքներ․ «Դրական կողմը միանշանակ այն է, որ դրամաշնորհների միջոցներով Դիլիջան համայնքին տրամադրվեց մեծ քանակությամբ շինարարական տեխնիկա, որը մինչ այդ մենք չենք ունեցել։ Փոքր գյուղերը, չունենալով բավականին ֆինանսական միջոցներ, շատ ժամանակ չէին կարողանում լուրջ ծրագրեր իրականացնել, քանի որ ներդրման հնարավորություն չունեին, իսկ Դիլիջանի հետ միանալով՝ այդ հարցը որոշակի չափով լուծվել է»։  Գևորգ Թամրազյանի կարծիքով՝ խոշորացման բացասական հետևանքներից մեկն այն է, որ բնակավայրերում տեղական ինքնակառավարումն իրականացվում է միջնորդավորված, քանի որ վարչական ղեկավարի պաշտոնը նշանակովի է։ Բացի այդ, ըստ նրա, լավ կլիներ, որ վարչական ղեկավարներն ունենային ֆինանսական կամ վարչական որոշ լծակներ․ «Թեկուզ ամենափոքրիկ հարցով բնակիչը եկել և ֆինանսական օգնության հարց է բարձրացնում, մենք դա որոշելու իրավասություն չունենք, պետք է դիմում վերցնենք, ուղարկենք համայնքապետարան, այնտեղ քննարկենք, որոշենք։ Բնակիչն այն ժամանակ խնդրի լուծմանը սպասում էր մեկ կամ երկու օր, հիմա բավականին երկար գործընթաց է, մինչև լուծվում է»։ Աննա Սահակյան
20:49 - 13 փետրվարի,2021
Համայնքների խոշորացման ազդեցությունը համայնքային ծառայությունների հասանելիության և ենթակառուցվածքների զարգացման վրա

Համայնքների խոշորացման ազդեցությունը համայնքային ծառայությունների հասանելիության և ենթակառուցվածքների զարգացման վրա

Ենթակառուցվածքներն ու ծառայությունները համայնքներում․ մասշտաբի էֆեկտ Համայնքների խոշորացման գործընթացից ակնկալվող օգուտներից մեկն այն էր, որ կբարելավվի համայնքներին մատուցվող ծառայությունների որակը, և համայնքներն ավելի շատ ապահովված կլինեն ենթակառուցվածքներով։ «Գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում է: Դա բերում է գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի: Հատկանշական է, որ պետությունն ու միջազգային դոնոր կազմակերպություններն իրականացնում են մի շարք ծրագրեր` ուղղված ինչպես ենթակառուցվածքների վերականգնմանը, այնպես էլ ձեռնարկատիրության ներգրավմանը: Սակայն այդ ծրագրերը զգալի ազդեցություն չունեն, քանզի այստեղ մենք գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ, երբ տարբեր տեսակի ներարկումները չեն տալիս համապատասխան արդյունք նրանց հետագա շահագործման ու պահպանման գործում համայնքների անկարողության պատճառով»,-  2011-ին ասվում էր կառավարության մշակած` «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում։ Այս խնդրից լուծման երկու տարբերակ էր առաջարկվում՝ համայնքների խոշորացումը և միջհամայնքային միավորումնեի ձևավորումը։ Կառավարությունը հետագայում լուծման տարբերակ ընտրեց համայնքների խոշորացումը, ինչը, սակայն, չի բացառում միջհամայնքային միավորումների ձևավորումը (համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակության մասին առավել մանրամասն՝ այստեղ)։ Համայնքների խոշորացումը ծառայությունների և ենթակառուցվածնքների հասանելիության վրա ազդելու էր՝ համաձայն մասշտաբի էֆեկտի. «Ինչքան մեծանում են ծառայությունների մատուցման ծավալները, այնքան փոքրանում է միավոր ծառայության մատուցման ինքնարժեքը: Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել «մասշտաբի էֆեկտ», որը համայնքների խոշորացման տարբերակում նշանակում է՝ ինչքան մեծ են համայնքները, այնքան էժան կարող են լինել համայնքի կողմից մատուցվող ծառայությունները» (տես՝ «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց», ՏԿՆ, 2013թ․)։ Այսինքն, մասշտաբի էֆեկտը խոշորացված համայնքների դեպքում ենթադրում էր հետևյալը․ որքան մեծանում է ծառայություններից օգտվողների թիվը, այնքան ավելի էժան է դառնում այդ ծառայության մատուցումը։ Օրինակ, եթե առաջ աղբահանության համակարգը գործում էր մի գյուղում, աղբատար  մեքենան սպասարկում էր այդ գյուղին, ապա համայնքների խոշորացման դեպքում այդ նույն աղբատար մեքենան աշխատելու էր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի համար, միջհամայնքային համագործակցության դեպքում էլ մի քանի համայնքներ միանալու էին և միասնական կերպով էին իրականացնելու աղբահանության գործընթացը։ Սրանից կարելի է ենթադրել, որ խոշորացումը կարող էր հնարավորություն տալ ավելի շատ բնակավայրերի համար հասանելի դարձնել համայնքի մատուցած ծառայությունները։ «Հայաստանում համայնքների խոշորացման դեպքում մասշտաբի էֆեկտն անժխտելիորեն կարտահայտվի վարչական ծախսերի կրճատմամբ և գուցե որոշ չափով` ծառայությունների մասով»,- ասվում էր «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում։ Infocom.am-ը նաև առանձին հոդվածով անդրադարձել է խոշորացման արդյունքում նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայված դրամական միջոցների թեմային։ Մեր ուսումնասիրությունը երկու մարզի օրինակով ցույց է տվել, որ համայնքների մեծ մասում աշխատակազմերի կրճատման հետևանքով դրամական միջոցներ են խնայվել, իսկ կառավարությունը դեռ խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ վստահեցնում էր, որ այդ խնայողությունների շնորհիվ կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական հնարավոր միջոցների չափերը։ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Վահան Մովսիսյանը նշում է, որ համայանքների համաչափ զարգացման համար առաջին քայլը մոտավորապես նույն ունակություններով համայնքների ձևավորումն է, և այստեղ խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև ենթակառուցվածքային և այլ ունակությունների մասին է։  «Հավասարաչափ զարգացման մի գործոնը կառավարությունն արդեն անում է կարծես․ սուբվենցիան ծրագրերով փորձում են ենթակառուցվածքներ ստեղծել այն համայնքներում, որտեղ ինչ-որ ենթակառուցվածքներ բացակայում են»,- ասել է նա մեզ տված հարցազրույցում։ Վահան Մովսիսյանի խոսքով՝ համայնքների խոշորացումից հետո ենթակառուցվածքների ու ծառայությունների մասով դրական փոփոխություններ եղել են․ «Եթե մենք խոսենք ամենաառաջին խոշորացումից, երբ ձևավորվեցին Դիլիջանը, Թումանյանը, Տաթևը, և դրան գումարենք հաջորդ 15-ը, ապա բոլոր համայնքներում առնվազն 200-ից 500 հազար դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվել տեխնիկայի գծով, ինչը ենթադրում է, որ, օրինակ, ձեռք բերված գրեյդերը չի աշխատելու միայն համայնքային կենտրոնում, այլև մնացած բնակավայրերում, խոսքը նաև աղբատար մեքենաների, ինքնաթափ մեքենաների, կոմբայնի մասին է։ Առանձին փոքր համայնքների դեպքում դա անել անհնարին էր։ Մասշտաբի էֆեկտը հնարավորություն ստեղծեց, որ այդ համայնքային փունջն ունենա մեկ միասնական տեխնիկական բազա, որը ձևակերպվեց որպես ՀՈԱԿ և հիմա սպասարկում է ոչ միայն այն բնակավայրին, որտեղ գտնվում է, այլև համայնքի բոլոր բնակավայրերին»։ Infocom.am-ը փորձել է Տավուշի և  Սյունիքի մարզերի 5 համայնքի օրինակով հասկանալ, թե ենթակառուցվածքները և բնակիչներին մատուցվող ծառայություններն ինչ վիճակում են եղել խոշորացուցմից առաջ, և արդյո՞ք խոշորացումից հետո ենթակառուցվածքներն ու ծառայությունները հասանելի են խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կամ դրանց մեծ մասի համար։ Համեմատությունը կատարվել է հետևյալ կերպ․ վերցվել են խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերում (նախկին համայնքներում) խոշորացմանը նախորդող երկու տարիներին հիմնական ենթակառուցվածքների և համայնքի մատուցած ծառայությունների մասին տվյալները, որոնք համեմատվել են այս պահին առկա տվյալների հետ։ Տվյալները ստացվել են համայնքապետարաններից։ Ուսումնասիրութան համար վերցվել են Տավուշի մարզի Կողբ, Այրում, Նոյեմբերյան և Սյունիքի մարզի Գորայք, Սիսիան համայնքները։   Կողբ Կողբ խոշորացված համայնքը ձևավորվել է 2016-ին՝ Կողբի և  Զորականի միավորմամբ։ Այն Հայաստանի՝ ամենաքիչ թվով բնակավայրեր ընդգրկող համայնքներից մեկն է։ Մինչև խոշորացումը Կողբում գործել են երկու գրադարան, երկու մանկապարտեզ և մեկ երաժշտական դպրոց, որոնք շարունակում են գործել  նաև հիմա (մանկապարտեզները խոշորացումից հետո վերանորոգվել են)։ Զորականում նման կառույցներ չեն գործել, խոշորացումից հետո բացվել է մանկապարտեզ։ Խոշորացումից առաջ Կողբը 50%-ով է ապահովված եղել խմելու ջրով, Զորականը՝ 40%-ով։ Խոշորացումից հետո Կողբի 70%-ն է ապահովված խմելու ջրով, Զորականի՝ 80%-ը։ Խոշորացումից առաջ Կողբը գազաֆիկացված է եղել 95%-ով, Զորականը՝ 70%-ով։ Խոշորացումից հետո Կողբը գազաֆիկացված է 96%-ով, Զորականը՝ 75%-ով։  Աղբահանության համակարգ երկու համայնքում էլ խոշորացումից առաջ գործում էր և խոշորացումից հետո էլ շարունակում է գործել, սակայն խոշորացումից հետո մեծացել է հաճախականությունը․ Կողբում աղբահանություն իրականացվում է 5 օրը մեկ (նախկինում ՝ 10 օրը մեկ), Զորականում՝ 10 օրը մեկ (նախկինում՝ 15 օրը մեկ)։ Խոշորացումից առաջ երկու համայնքում էլ եղել է փողոցային լուսավորություն, Կողբում՝ 1,2 կմ, Զորականում՝ 200 մ: Այժմ Կողբում փողոցային լուսավորությունը 3,5 կմ է, Զորականում՝ 500 մ (այստեղ պետք է հաշվի առնել, որ Կողբը տարածքով ավելի մեծ է, քան Զորականը)։ Նկար 1-ում կարող եք տեսնել Կողբ համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 1 Այրում Այրում խոշորացված համայնքի (ձևավորվել է 2016-ին) կազմում ընդգրկված նախկին 8 համայնքներից գրադարաններ գործել են 2-ում։ Խոշորացումից հետո Արճիս բնակավայրի գրադարանը փակվել է, և այս պահին միայն համայնքային կենտրոն Այրումում է գործում գրադարան։ Նախադպրոցական կրթական հաստատություններ մինչև խոշորացումը գործել է նախկին համայնքներից 5-ում, խոշորացումից հետո պատկերը չի փոխվել, միայն գործող մանկապարտեզներից 4-ը վերանորոգվել են։ Երաժշտական դպրոցներ գործել են 2 բնակավայրում, այժմ էլ գործում են։ Այրումում նաև գործել և գործում է մշակույթի կենտրոն, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այլ կառույցների մասին տեղեկություններ Այրումի համայնքապետարանը չի տրամադրել։ Նախկին համայնքները ապահովված չեն եղել խմելու մշտական ջրով, խոշորացումից հետո 6 բնակավայր 90%-ով ապահովվել է։ Մինչև խոշորացումիը նախկին համայնքներից 4-ը մոտ 80%-ով գազաֆիկացված է եղել, խոշորացումից հետո համայնքի բոլոր բնակավայրերն են մոտ 80%-ով գազաֆիկացված։ Մինչև խոշորացումը բոլոր նախկին համայնքներում գործել է աղբահանության համակարգ, խոշորացումից հետո էլ շարունակում է գործել։ Փողոցային լուսավորությամբ ապահովված են եղել բոլոր բնակավայրերը՝ մոտ 55%-ով, խոշորացումից հետո փողոցային լուսավորություն ունեն կրկին բոլոր բնակավայրերը՝ գրեթե 90%-ով։ Նկար 2-ում կարող եք տեսնել Այրում համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 2 Նոյեմբերյան Նոյեմբերյան խոշորացված համայնքը ձևավորվել է 2016-ին։ Նոյեմբերյանի կազմում ընդգրկված նախկին 9 համայնքներից 6-ում խոշորացմանը նախորդող երկու տարիներին գործել են գրադարաններ։ Խոշորացումից հետո՝ 2020-ին, գրադարան է բացվել նաև Ջուջևան բնակավայրում։ Բացի Բարեկամավանից՝  մյուս բնակավայրերում խոշորացումից առաջ գործել են մանկապարտեզներ կամ նախակրթարաններ։ Խոշորացումից հետո Ջուջևանի և Դովեղի նախակրթանները չեն գործում։ Նոյեմբերյանում մինչև խոշորացումը գործել են երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց և մարզադպրոց, խոշորացումից հետո գեղարվեստի դպրոցը չի գործում։ Բերդավանում գործել են երաժշտական դպրոց և մշակույթի տուն, որոնք շարունակում են գործել խոշորացումից հետո, երաժշտական դպրցը նաև վերանորոգվել է։ Ոսկեվանում գործել և շարունակում է գործել մարզադպրոց, խոշորացումից հետո բացվել է նաև գեղարվեստի դպրոց և պարի խմբակ։ Մնացած 6 բնակավայրերում նման կառույցներ մինչև խոշորացումը չեն գործել, խոշորացումից հետո էլ պատկերը չի փոխվել։ Մինչև խոշորացումը նախկին համայնքներից 4-ն ապահովված են եղել խմելու ջրով, Բարեկամավանը՝ 20%-ով է ապահովված եղել, Դովեղում խմելու ջուրը ժամային գրաֆիկով է գործել։ Խոշորացումից հետո Ջուջևանը, որը մինչ այդ ապահովված չէր խմելու մշտական ջրով, 90%-ով ապահովվել է,  մնացած բնակավայրերում իրավիճակը նույնն է։ Մինչ խոշորացումը Նոյեմբերյանը գազաֆիկացված է եղել 90%-ով, Կոթին՝ 70%-ով, Դովեղը՝ 98%-ով, Բաղանիսը և Բերդավանը՝ 100%-ով, մնացած 4-ը գազաֆիկացված չեն եղել։ Ջուջևանը, որը մինչ խոշորացումը գազաֆիկացված չէր, խոշորացումից հետո գազաֆիկացվել է 90%-ով։ Ոսկեվանը, որը նույնպես խոշորացումից առաջ գազաֆիկացված չէր, խոշորացումից հետո մասամբ գազաֆիկացվել է։ Ոսկեպարն էլ գազաֆիկացված չի եղել, իսկ խոշորացումից հետո գազաֆիկացվել է 100%-ով։ Այսինքն, համայնքի բնակավայրերից միայն Բարեկամավանը գազաֆիկացված չի եղել և շարունակում է չլինել։ Աղբահանության համակարգ մինչև խոշորացումը գործել է  բոլոր բնակավայրերում՝ բացի Բարեկամավանից։ Խոշորացումից հետո պատկերը հիմնականում մնացել է նույնը, միայն գործող համակարգերը  բարելավվել են․ Կոթիում աղբահանություն իրականացվում է շաբաթական 1 անգամ, նախկին ամսական 2 անգամի փոխարեն, Ջուջևանում՝ ամիսը 4 անգամ, նախկին ամսական 1 անգամի փոխարեն։ Փողոցային լուսավորություն խոշորացումից առաջ ունեցել են Նոյեմբերյանը, Ոսկեվանը, Կոթին լուսավորված է եղել 10%-ով, Բաղանիսը՝ 90%-վ, Բերդավանը՝ 50%-ով, Ոսկեպարը՝ 25%-ով, Դովեղը՝ 40%-ով։ Խոշորացումից հետո Կոթին լուսավորված է 30%-ով, Ջուջևանը, որ լուսավորված չէր, խոշորացումից հետո լուսավորվել 80%-ով, Բերադավանն այս պահին լուսավորված է ավելի քան 70%-ով, Ոսկեպարի 85%-ն է դարձել լուսավորված, Դովեղը դարձել է 100%-ով լուսավորված։ Նկար 3-ում կարող եք տեսնել Նոյեմբերյան համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 3 Գորայք Գորայքը ձևավորվել է 2016-ին։ Գորայքի կազմում ըվդգրկված նախկին բոլոր 4 համայնքներն ունեցել են գրադարաններ, որոնք հիմա էլ շարունակում են գործել։ Նախադպրոցական կրթական հաստատություն ունեցել են 2 նախկին համայնքներ, խոշորացումից հետո պատկերը չի փոխվել։ Այլ կառույցներ չեն եղել, այժմ էլ չկան։ Բոլոր նախկին համայնքներն ապահովված են եղել խմելու մշտական ջրով, հիմա էլ ապահովված են, գազաֆիկացված են եղել, այժմ էլ գազաֆիկացված են (յուրաքանչյուր բնակավայր՝ 95%-ով)։ Աղբահանության համակարգ խոշորացումից առաջ գործել է միայն Գորայքում, այժմ աղբահանության համակարգ ոչ մի բնակավայրում չի գործում։ Գորայքում, որի աղբահանության համակարգը դադարել է գործել 2020թ․ մայիսի 1-ից, աղբահանությունն ըստ անհրաժեշտության վճարովի կատարում  է Գորիսի կոմունալ ծառայությունը:  Մինչև խոշորացումը միայն Գորայքը 90%-ով ապահովված է եղել փողոցային լուսավորությամբ, այս պահին բոլոր բնակավայրերը լուսավորված են 100%-ով։ Նկար 4-ում կարող եք տեսնել Գորայք համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 4 Սիսիսան Սիսիսանն իր կազմում ընդգրկված բնակավայրերի թվով ամենամեծ խոշորացված համայնքներից մեկն է, ձևավորվել է 2017-ին։ Խոշորացմանը նախորդող երկու տարիների՝ 2015-2016 թթ․ ընթացքում, նախկին 32 համայնքներից 30-ում գործել են գրադարաններ։ Խոշորացումից հետո բնակավայրերից 14-ի գրադարանները դադարել են գործել։ Սիսիան քաղաքում մինչև խոշորացումը գործել է 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն, ևս 12 նախկին համայնքում գործել են մանկապարտեզներ կամ երեխաների խմբեր: Այդ 12 բնակավայրերի մանկապարտեզները և խմբերը խոշորացումից հետո միացվել են Սիսիան քաղաքի 4 մանկապարտեզներին, և 12 բնակավայրերից միայն Տոլորսի խումբն է 2019-ին դարձել մանկապարտեզ։ Խոշորացումից հետո՝ 2018-ին, ներդրումային ծրագրով նախակրթարաններ են բացվել Ախլաթյան և Իշխանասար բնակավայրերում։ 2019-ին Լոր համայնքում բացվել է խումբ: Սիսիանի համայնքապետարանից հավաստիացնում են, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Վաղատին և Որոտնավան բնակավայրերի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում վերանորոգել խմբասենյակներ։  Հայամայնքային կենտրոն Սիսիան քաղաքում խոշորացումից առաջ գործել են սպորտի դպրոցներ և մշակութային կենտրոններ (արվեստի կենտրոն, մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց, ֆուտբոլի դպրոց, շախմատի դպրոց), որոնք խոշորացումից հետո շարունակում են գործել՝ բացառությամբ ավեստի դպրոցի, որը միավորվել է արվեստի կենտրոնի հետ: Այլ բնակավայրերում այսպիսի կառույցների առկայության մասին տեղեկություններ Սիսիանի համայնքապետարանից չեն տրամադրել։ Մինչ խոշորացումը Սիսիսանի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերն ապահովված են եղել խմելու ջրով, գազաֆիկացված են եղել բնակավայրերից 10-ը, ոչ  մեկում չի գործել աղբահանության համակարգ, լուսավորված են եղել բնակավայրերի փողոցների 40-50%-ը։ 2018-ից  հետո Սիսիանi բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրագծերը, բնակավայրերը չեն գազաֆիկացվել, աղբահանության համակարգ է ներդրվել 13 բնակավայրում՝ շաբաթական մեկ օր հաճախականությամբ։ 7 բնակավայրում իրականացվել են լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ։ Նկար 5-ում կարող եք տեսնել Սիսիան համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 5 … Ամփոփելով ուսումնասիրված համայնքների տվյալները՝ կարող ենք նշել, որ, իրոք, ենթակառուցվածքների և ծառայությունների մասով դրական փոփոխություններ բնակավայրերում կան․ Զորականում, օրինակ, խոշորացումից հետո մանկապարտեզ է բացվել, Այրումի բնակավայրերի մեծ մասն ապահովվել է խմելու ջրով, լուսավորության ցանցն է ընդլայնվել, Նոյեմբերյանում մի բնակավայր ապահովվել է խմելու ջրով, մի քանի բնակավայր գազաֆիկացվել է, փողոցային լուսավորության ցանցն է ընդլայնվել։ Որոշ դեպքերում նկատվել է նաև հակառակ միտումը, երբ խոշորացումից առաջ գործել է որևէ կառույց, սակայն խոշորացումից հետո այդ կառույցը չկա։ Սիսիանում, օրինակ, 14 նախկին համայնքների գրադարանները խոշորացումից հետո դադարել են գործել, մանկապարտեզներ են փակվել, Այրումի բնակավայրերից մեկի գրադարանն է փակվել։ Նկատելի է այն միտումը, երբ հիմնականում համայնքային կենտրոններն ապահովված են գրեթե բոլոր ենթակառուցվածքներով, և այնտեղ մատուցվում է անհրաժեշտ ծառայությունների զգալի մասը, իսկ որոշ բնակավայրերում ինչպես խոշորացումից առաջ, այնպես էլ հիմա այդ ծառայությունները հասանելի չեն։ Նոյեմբերյանում, օրինակ, բացի համայնքային կենտրոնից, միայն երկու համայնքում կա երաժշտական դպրոց կամ մարզադպրոց, մնացած վեցում նման կառույցներ չկան։ Սիսիանի դեպքում միայն համայնքային կենտրոնում են գործում նման կառույցներ։  Կան նաև բնակավայրեր, որոնցում խոշորացումից հետո էական փոփոխություններ չեն եղել, օրինակ՝ Նոյեմբերյանի Բարեկամավանը կամ Գորայքի բնակավայրերը։ Այպիսի կենտրոնացումը բացատրելի է, քանի որ հնարավոր չէ համայնքի բոլոր բնակավայրերում ունենալ բոլոր ենթակառուցվածքները և մատուցել բոլոր ծառայությունները։ Այլ հարց է, թե որքանով են համայնքային կենտրոնների ենթակառուցվածքներն ու մատուցվող ծառայությունները հասանելի բոլոր բնակավայրերին, այսինքն՝ առկա՞ է տրանսպորտ, թե՞ ոչ, համայնքային կենտրոնից հեռավորությունը մե՞ծ է, թե՞ փոքր, ճանապարհները լա՞վ վիճակում են, թե՞ վատ։ Փոքր հեռավորության և հանրային տրանսպորտի առկայության դեպքում բնակավայրերում մարդկանց հասանելի կլինեն ենթակառուցվածքներն ու ծառայությունները, որոնք կենտրոնացած են համայնքային կենտրոնում։ Աննա Սահակյան
20:02 - 07 փետրվարի,2021
Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նոր նախագծով

Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նոր նախագծով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը (ՏԿԵՆ) շրջանառության մեջ է դրել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է վարչատարածքային բարեփոխումներ կատարել և ձևավորել խոշորացված համայնքների նոր փնջեր։   Համայնքների խոշորացման առկա պատկերը, սպասվող փոփոխությունները Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից սկսած՝ ՀՀ տարբեր մարզրերում արդեն ձևավորվել է 54 խոշորացված համայնք՝ 486 բնակավայրերի միավորմամբ։ Վերջին փնջերը ձևավորվեցին  անցյալ տարվա գարնանը։ Խոսքը Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքների մասին է։ Այս միավորված համայնքներում ՏԻՄ նոր ընտրություններ պետք է նշանակվեին դեռ նախորդ տարվա գարնանը, իսկ նոր ՏԻՄ-երի լիազորությունները ստանձնելուց հետո այդ համայնքները պետք է գործեին միասին, սակայն ընտրություններ դեռևս տեղի չեն ունեցել։ Նոր փոփոխություններով առաջարկվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում ձևավորել համայնքային 11 փնջեր՝ 186 համայնքների միավորմամբ։ ՏԿԵՆ-ը վստահեցնում է, որ մինչև նախագիծը կազմելը քննարկումներ են եղել համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ, և նրանց մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Շրջանային մոդելը ենթադրում է, որ համայնքային փնջերը ձևավորվելու են Խորհրդային Հայաստանի ժամանակ եղած շրջանների նմանությամբ՝ ի տարբերություն «փնջային» մոդելի, որի դեպքում համայնքային փնջերը ձևավորվում են ըստ կատարված ուսումնասիրութունների և նպատակահարմարության։ Հայաստանում մինչ այս խոշորացված համայնքներում կան և՛ շրջանային (օրինակ՝ Կապան), և՛ փնջային (օրինակ՝ Կողբ, Գորայք) մոդելով ձևավորված համայնքներ։ Արագածոտնի Դդամասարը և ևս հինգ համայնքներ եզդիաբնակ են և միավորվելու են միմյանց հետ, որ չնվազի այդ համայնքների բնակչության կառուցվածքային կազմը՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների համաձայն։ Կոնվենցիայի 16-րդ հոդվածով սահմանվում է․ «Կողմերը (կոնվենցիան վավերացրած,- խմբ․) պետք է ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով, և նպատակ ունեն սահմանափակելու սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները»։ Նույն տրամաբանությամբ էլ 2017-ին ձևավորվել է նաև Արագածոտնի Ալագյազ խոշորացված համայնքը, որի կազմում ընդգրկված բնակավայրերը խիտ բնակեցված են եզդի համայնքով։   Արդեն խոշորացված համայնքները՝ նոր փնջերում Անցյալ տարի ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ վարչատարածքային բարեփոխումները շարունակական գործընթաց են, հետագայում խոշորացված համայնքները կարող են որոշել և միավորվել ավելի մեծ փնջում։ Հարցին, թե դա նշանակում է, որ արդեն ձևավորված փնջերում կարող են վարչատարածքային նոր փոփոխություննե՞ր լինել, նա պատասխանել էր. «Չեմ բացառում, բայց դա արդեն հաջորդ փուլն է։ Երբ ամբողջը միավորենք, նաև կարող ենք դրան անդրադառնալ, եթե, իհարկե, օրինակ, Գորայքի բնակիչները կամավոր չեն եկել, ասել՝ մենք ուզում ենք Սիսիանի հետ նախկին շրջանի ձևաչափով միանալ։ Եթե կամավորության սկզբունքով գան, կառավարությունը կդիտարկի»։ Գիլոյանը նաև նշել էր, որ կառավարությունն արդեն խոշորացված համայնքներում կնախաձեռնի վարչատարածքային փոփոխություններ, եթե տեսնի, որ այդ համայնքներն իրենց կարողություններով չեն արդարացնում իրենց։ Վարչատարածքային փոփոխություններ առաջարկող օրենսդրական նոր փաթեթում մի քանի դեպքում առաջարկվող համայնքային փնջերում ներառված են արդեն խոշորացված համայնքներ։ Լոռու մարզի Թումանյանը 2015-ին պիլոտային ծրագրով ձևավորված առաջին խոշորացված համայնքներից մեկն է, որի կազմում միավորվել էր յոթ համայնք։ Այս նախագծով առաջարկվում է Թումանյանին միացնել ևս երեք համայնք։ Կոտայքի մարզի Եղվարդը ձևավորվել է 2017-ին, խոշորացված համայնքի կազմում ընդգրկվել է վեց համայնք։ Նոր փոփոխություններով առաջարկվում է Եղվարդի և ևս տասնմեկ համայնքի միավորմամբ ձևավորել Նաիրի խոշորացված համայնքը։ Այսպիսով, փաստորեն, նոր համայնքը ձևավորվում է շրջանային մոդելով՝ ՀԽՍՀ Նաիրիի շրջանի նմանությամբ: Կոտայքի մարզի Մեղրաձորը ձևավորվել է 2017-ին, խոշորացված համայնքի կազմում ընգրկվել է յոթ համայնք։ Այժմ առաջարկվում է միավորել Մեղրաձորը և Ծաղկաձորը։ Կոտայքի մարզի Ակունքը ևս խոշորացվել է 2017-ին՝ ներառելով ութ համայնք։ Առաջարկվում է Ակունքի ու ևս տասնմեկ համայնքի միավորմամբ ձևավորել Աբովյանը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից նշել են, որ արդեն իսկ խոշորացված համայնքները համայնքային նոր փնջերում ներառելու գաղափարը նախարարությանն է, դա համայնքների առաջարկը չի եղել․ «Առաջարկության հիմքում եղել է այն հիմնավորումը, որ այդ համայնքներին միացվող համայնքներով առանձին փնջեր ձևավորելու պարագայում չէր ապահովվի այդ փնջերի ինքնուրույնությունը, և էապես չէր բարձրանա կառավարման արդյունավետությունը: Միավորումը կկրեր ձևական բնույթ` հետագայում խնդիրներ առաջացնելու հեռանկարով: Այդ իսկ պատճառով առաջարկվում է ձևավորել ավելի հզոր և մրցունակ փնջեր` օժտված ֆինանսական, մարդկային, բնական և այլ հզոր ռեսուրսներով»:   ՏԻՄ-երի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումներ Երբ ձևավորվում է որևէ խոշորացված համայնք, կառավարությունը նշանակում է ՏԻՄ ընտրություններ, և երբ Նոր ՏԻՄ-ը ստանձնում է իր լիազորությունները, միավորված համայնքները սկսում են գործել միասին: Աշոտ Գիլոյանը մեր հարցազրույցում նշել էր, որ կառավարությունը վարչատարածքային բարեփոխումներ նախաձեռնում է այն ժամանակ, երբ խոշորացվելիք համայնքների գործող ՏԻՄ-երի լիազորությունների ժամկետը լրանում է, որպեսզի նրանք կարողանան իրենց լիազորությունները բնականոն ավարտել, և նշանակվեն նոր հերթական ընտրություններ։  Սպասվող նոր խոշորացումների դեպքում, սակայն, այս սկզբունքը չի գործելու, լինելու են ՏԻՄ-երի լիազրությունների վաղաժամկետ դադարեցումներ, ինչպես մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՏԿԵՆ-ից։ Վարչատարածքային փոփոխություններին վերաբերող օրենսդրական փաթեթի ընդունումից հետո նոր ձևավորվելիք խոշորացված համայնքների կազմում ներառվող բոլոր համայնքների ՏԻՄ-երի լիազորություններն ավարտվելու են միաժամանակ: Կառավարությունը նախ նշանակելու է ավագանու ընտրություններ: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո միավորվող համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները դադարեցվելու են, և միավորված համայնքների ավագանիները ստանձնելու են իրենց լիազորությունները:  Անցյալ տարի օրենսդրական փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց` բազմաբնակավայր համայնքներում ՏԻՄ ընտրություններն այսուհետ անցկացվելու են համամասնական կարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է համայնքապետին։ Դա է պատճառը, որ վարչատարածքային փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթի ընդունումից հետո նշանակվելու են ավագանու ընտրություններ։ ՏԿԵՆ-ից նաև հայտնել են, որ ավագանու` լիազորությունները վաղաժամկետ դադարեցված անդամների համար փոխհատուցում չի նախատեսվում, քանի որ վերջիններիս աշխատանքը հասարակական հիմունքներով է: Իսկ համայնքների ղեկավարների, ինչպես նաև լուծարվող աշխատակազմերի աշխատողների հետ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կատարվելու է վերջնահաշվարկ:   Այլ փոփոխություններ Նոր փոփոխություններով առաջարկվում է նաև 2017-ին ձևավորված Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնը Սոթքից տեղափոխել Գեղամասար բնակավայր։ Պատճառն, ըստ նախագծի հիմնավորման, համայնքի ավագանու որոշումն է։ Ավագանին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ համայնքային կենտրոնը Սոթք գյուղից Գեղամասար տեղափոխելու առաջարկով:  Ավագանին իր առաջարկի համար հիմք է ընդունել միավորված համայնքների կենտրոնների՝ իրենց մաս կազմող բնակավայրերից առավելագույնը 20-25 կմ հեռավորություն ունենալու հանգամանքը, ինչպես նաև Գեղամասար համայնքում քաղաքացիների սպասարկման գրասենյակ բացելու անհրաժեշտությունը։ Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է Կապանի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանցով։ Ըրկենանցը մինչև Կապան խոշորացված համայնքի ձևավորումը չի գործել որպես առանձին համայնք, այդ պատճառով էլ խոշորացումից հետո չկա համայնքի բնակավայրերի ցանկում։ Առաջարկը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։ Այն փոխանցվել է Կադաստրի կոմիտե և քննարկվել է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ստանալով դրական եզրակացություն: … Արագածոտնում այս պահի դրությամբ կա չորս խոշորացված համայնք, նոր նախագծով առաջարկվում է ձևավորել ևս երկուսը։ Արարատում կա մեկ խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երկուսը։ Արմավիրի մարզում խոշորացման գործընթացը դեռևս չի մեկնարկել, նոր փոփոխություններով առաջարկվում է ձևավորել համայնքային մեկ փունջ։ Լոռու մարզում կա տասներկու խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երկուսը (փնջերից մեկում, հիշեցնենք, ներառվելու է արդեն խոշորացված Թումանյանը)։ Կոտայքի մարզում կա վեց խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս երեքը (բոլոր երեքի կազմում էլ ներառվելու են արդեն խոշորացված Եղվարդը, Մեղրաձորը և Ակունքը)։ Շիրակի մարզում կա յոթ խոշորացված համայնք, առաջարկվում է ձևավորել ևս մեկը։ Գեղարքունիքում կա չորս խոշորացված համայնք, նոր խոշորացումներ այս նախագծով չեն սպասվում։ Այս բոլոր մարզերում էլ առաջարկվող փոփոխություններից հետո կմնան դեռևս չխոշորացված համայնքներ։ Աննա Սահակյան
21:46 - 09 հունվարի,2021
Համայնքների խոշորացման նպատակը ոչ թե գումար տնտեսելն էր, այլ ապակենտրոնացման գործընթացը․ Վահան Մովսիսյան

Համայնքների խոշորացման նպատակը ոչ թե գումար տնտեսելն էր, այլ ապակենտրոնացման գործընթացը․ Վահան Մովսիսյան

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Վահան Մովսիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ - Պարո՛ն Մովսիսյան, համայնքների խոշորացումից հետո նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայվեցին դրամական որոշ միջոցներ, հիմա նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքով համայքներին դոտացիաներ տրամադրելիս հաշվի է առնվում բազմաբնակավայրության գործոնը։ Արդյոք այս ամենն էականորեն մեծացրե՞լ է համայնքների բյուջեները, և կարելի՞ է ասել, որ համայնքների խոշորացումը ֆինանսական առումով արդյունավետ էր։ - Իհարկե, բայց մի վերապահումով: Երբ ասում եք՝ կրճատվեցին, ինչի հետևանքով ֆինանսական միջոցներ տնտեսվեցին, ապա պետք է հասկանալ, որ այդ տնտեսվելը հարաբերական հասկացություն է։ Տնտեսվեց ինչի՞ համար, տնտեսվեց աշխատավարձերի ֆոնդո՞վ, թե՞ կառավարչական ծախսերով։ Շատ ու շատ համայնքների օրինակ կարող եմ բերել, երբ այդ կրճատման հաշվին մի ուրիշ գյուղում մանկապարտեզի խմբակ բացվեց, որն այդ պահին ավելի կարևոր էր, քան մի քանի ավելորդ հաստիքների աշխատավարձերը։ Այսինքն, տնտեսում ասվածը դիտարկվում է հետևյալ կերպ․ ավելանում է գումար, որով հետո կարող ես ինչ-որ ներդրումներ անել։ Իհարկե, ներդրումներն էլ են ավելացել, որովհետև հիմա սուբվենցիոն ծրագրերի շահառուները հիմնականում խոշորացված համայքներն են։ Բայց խոշորացման գործընթացի նպատակը չի եղել գումար տնտեսելը․ դա ուղղակի արդյունք է, որը շատ լավ է։ Նպատակն ավելի բարձր է․ նպատակն ապակենտրոնացման գործընթացն է։ - Խոշորացումից առաջ կարևորվում էր համայնքների համաչափ զարգացումը։ Խոշորացված համայնքները կարո՞ղ են համաչափ զարգանալ, եթե հաշվի առնենք, որ դրանք բնակավայերի թվաքանակի առումով շատ տարբեր են․ մի դեպքում միավորվել է երկու բակավայր, մեկ այլ դեպքում՝ երեսուներկու։ - Այո՛, դա թերություններից մեկն է, որովհետև խոշորացումը չի կարող տեղի ունենալ ինքնակամ․ չի կարող մի դեպքում 4 բնակավայրից ձևավորվել Գորայքը, և մյուս դեպքում երեսուներկու բնակավայրից՝ Սիսիանը։ Սրանք հարևան համայնքներ են․ մեկում 35 հազար բնակիչ կա, մյուսում՝ 1600։ Դրանք ապակենտրոնացման գործընթացին խանգարող գործոններն են։ - Այդ դեպքում ի՞նչ է պետք անել, որ համայնքները համաչափ զարգանան։ - Համաչափ զարգացման համար առաջին քայլը մոտավորապես նույն ունակություններով համայնքների ձևավորումն է։ Այս պահին, ունակություն ասելով, մենք պետք է հասկանանք ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլև ենթակառուցվածքային ունակությունները, հողային ռեսուրսները, բնակչության թվաքանակը, որովհետև մասշտաբի էֆեկտի հասկացություն գոյություն ունի․ եթե դու մեծ համայնքներ ես ձևավորում, ավելի էֆեկտիվ է սկսում աշխատել։ Մենք պետք է նաև հասկանանք, որ շատ մեծ համայնքներ ձևավորելու դեպքում մասնակցայնության գործընթացն է սկսում տուժել։ Որպեսզի կարողանանք ապակենտրոնացում իրականացնել, համայնքները պետք է հավասարաչափ զարգանան, իսկ հավասարաչափ զարգացման մի գործոնը կառավարությունն արդեն անում է կարծես․ սուբվենցիան ծրագրերով փորձում են ենթակառուցվածքներ ստեղծել այն համայնքներում, որտեղ ինչ-որ ենթակառուցվածքներ բացակայում են։ - Արդյո՞ք խոշորացված համայնքի կենտրոնը սուբվենցիոն ծրագրեր կիրականացնի հավասարապես բոլոր բնակավայրերում։ Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրում, օրինակ, գյուղամիջյան ճանապարհները շատ վատ վիճակում են, բայց համայնքային կենտրոն Դիլիջանում են սուբվենցիան ծրագրով փողոցներ ասֆալտապատվում։ - Ձեր ասածը պետք է վերլուծել, ոորվհետև եթե մենք վերլուծում ենք միայն այն առումով, որ համայնքային կենտրոն է, սխալվում ենք։ Օրինակ, եթե վերցնենք, որ Դիլիջանը 15 հազարից ավելի բնակիչ ունի, իսկ Աղավնավանքը, որը Դիլիջանի բնակավայրերից է, 220 բնակիչ ունի, ապա ակնհայտ է, որ առաջնահերթ պետք է փորձենք ներդրում անել այնտեղ, որտեղ շահառուների քանակն ավելի շատ է։ Վերանորոգենք մի ճանապար, որով 16 հազար մարդ իրենց մեքենաներով կանցնե՞ն, թե՞ մի ճանապարհ, որից 200 մարդ կօգտվի։ Եվ եթե սկսում ենք առաջնահերթություններով դիտարկել, այս դեպքում հարցը կենտրոնի խնդիրը չէ, այլ ավելի շատ շահառուների քանակի խնդիրն է, ինչն, օրինակ, Մեղրի խոշորացված համայնքի տարբերակում հստակ երևում է։ Մենք այս համայնքում ունենք Մեղրի բնակավայրը, նաև ունենք բնակչության նույն թվով Ագարակ բնակավայրը, և կտեսնենք, որ այնտեղ մոտավորապես հավասար է լինում, որովհետև այդ համայնքների բնակչություններն էլ են հավասար։ Բայց այտեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Բանն այն է, որ քաղաքային համայնքները կամ խոշոր համայնքները, որոնք դարձել են համայնքային կենտրոններ, ենթակառուցվածքներ քիչ թե շատ ունեն, իսկ մնացած բնակավայրերը չունեն։ Սա է պատճառը, որ խոշորացման գործընթացում հաճախ ավելի շատ բողոքում են համայնքային կենտրոնի բնակիչները՝ ասելով, որ իրենց համայնքի բյուջեի գումարները, որոնք առաջ միայն իրենց վրա էին ծախսվում, հիմա ծախսվում են նաև հեռավոր փոքր բնակավայրերի վրա։ Սա ավագանու գործն է, և ավագանին ինքը պետք է որոշի, թե որտեղ է ավելի ճիշտ ներդրումներ անել։ Բայց միշտ հարց կառաջանա․ մի դեպքում կենտրոնը կբողոքի, որ գումարները գնում են ծայրամաս, մյուս դեպքում ծայրամասը կբողոքի, որ ներդրում կենտրոնում են անում։ Սա միշտ լինելու է և ամբողջ աշխարհում գոյություն ունի։ Ամբողջ հարցը հետևյալն է․ այնքան շատ ներդրում է պետք անել, իսկ ֆինանսական միջոցներն այնքան քիչ են, որ միշտ անհամաձայնություն, դժգոհություն է առաջանալու։ - Մասշտաբի էֆեկտը ենթադրում էր, որ բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը պիտի լավանա, ենթակառուցվածքները պիտի շատանան։ Առաջին խոշորացումից բավականին ժամանակ է անցել․ ըստ Ձեզ՝ խոշորացված համայնքներում ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիության առումով դրական փոփոխություններ նկատվո՞ւմ են։ Իհարկե, նկատվում են։ Եթե մենք խոսենք ամենաառաջին խոշորացումից, երբ ձևավորվեցին Դիլիջանը, Թումանյանը, Տաթևը, և դրան գումարենք հաջորդ 15-ը, ապա բոլոր համայնքներում առնվազն 200-ից 500 հազար դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվել տեխնիկայի գծով, ինչը ենթադրում է, որ, օրինակ, ձեռք բերված գրեյդերը չի աշխատելու միայն համայնքային կենտրոնում, այլև մնացած բնակավայրերում, խոսքը նաև աղբատար մեքենաների, ինքնաթափ մեքենաների, կոմբայնի մասին է։ Առանձին փոքր համայնքների դեպքում դա անել անհնարին էր։ Մասշտաբի էֆեկտը հնարավորություն ստեղծեց, որ այդ համայնքային փունջն ունենա մեկ միասնական տեխնիկական բազա, որը ձևակերպվեց որպես ՀՈԱԿ և հիմա սպասարկում է ոչ միայն այն բնակավայրին, որտեղ գտնվում է, այլ համայնքի բոլոր բնակավայրերին։ Եթե Արենի համայնքում տեսնեք նրանց գրեյդերը, որը մնացած բոլոր համայնքների դաշտամիջյան ճանապարհներն է կարգավորում, կհասկանաք, որ Արենի համայնքում առանձին փոքր բնակավայրերը, ինչպիսիք Չիվան և Ռինդն են, միայնակ այդ սաքրից ունենալ չէին կարող։ Սա հենց մասշտաբի էֆեկտն է։  - Կառավարությունը նախատեսում է խոշորացման գործընթացի ավարտից հետո մարզպետարանների որոշ լիազորություններ փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ձեր պատկերացմամբ՝ կոնկրետ ո՞ր լիազորությունները պետք է փոխանցվեն ՏԻՄ-երին, և գործընթացի ավարտից հետո մարզպետարանները ի՞նչ դեր պետք է ունենան։ - Դա քաղաքական որոշում է, և կարող է իրականացնել միայն Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացնելուց հետո։ Իմ անձնական կարծիքը հետևյալն է․ ես կուզենայի, որ, ինչպես ամբողջ աշխարհում, ՏԻՄ-երին փոխանցվեին հանրային ծառայությունների այն տեսակները, որոնք ի վերուստ համայնքային են, տեղական են՝ կրթությունն ամբողջությամբ, առողջապահությունը՝ բացի պրոֆեսիոնալ առողջապահությունից, և սոցիալական ապահովության համակարգը (խոսքը չի վերաբերում թոշակներին)։  Այս երեքը առաջնահերթ փոխանցման անհրաժեշտություն ունեն։ Եվրոպական երկրների մեծամասնությունում դրանք վաղուց ՏԻՄ-երն են իրականացնում։ - Արդյո՞ք մեր ՏԻՄ-երն այնքան կայացած են, որ կարողանան այդ ոլորտների պատասխանատվությունը վերցնել իրենց ուսերին։ - Եթե, կայացած ասելով, նկատի ունեք ֆինանսական մասը, ապա պետք է հաշվի առնել, որ  ապակենտրոնացում նշանակում է տալ լիազորությունը, գումարն էլ հետը։ Այսինքն, միևնույն է, այդ դպրոցը հիմա ինչ-որ տեղից ֆինանսավորում ստանում է, այդ նույնը պետք է փոխարենը ինչ-որ ճանապարհով դառնա համայնքային գումար, և համայնքը ֆինանսավորի։ Սա վերաբերում է ֆինանսական ապակենտրոնացմանը։ Իսկ եթե Դուք նկատի ունեք կառավարումը՝ համապատասխան մասնագետների կամ ունակությունների առկայությունը, ինչը համայնքներում  կարող է չլինել, ապա խոշորացման գործընթացը հենց նրա համար է, որ այդ ունակությունները ձևավորվեն ոչ թե 300, 500 կամ 1000 բնակչության տիրույթում, այլ՝ 15000, 20000։ Այս պայմաններում հաստատ հնարավոր կլինի նման մարդկանց գտնել։ Մարզային աշխատակիցները, որոնք այդ ունակությունն ունեն ու սպասարկում են, մարզպետարաններից այդ լիազորությունները վերցնելուց հետո ազատվելու են, հետևաբար կարող են տեղավոխվել համայնքներ և աշխատել, եթե, իհարկե, տրանսպորտային մատչելիության խնդիրը լուծվի։ Չեմ կարծում, որ Արագածոտնի մարզպետարանից պետք է գնան, ասենք, Ալագյազում աշխատեն, բայց հաստատ Աշտարակ քաղաքի կամ կողքի մյուս համայնքներում այդ խնդիրը կլուծվի, կմնան ավելի հեռու համայնքները, որոնց համար կարելի է կադրեր վերապատրաստել։ Եթե տիրույթը մեծ է, ընտրությունն էլ է ավելի մեծ։ - Համայնքի ավագանին բյուջեի բաշխման գործում մեծ դեր ունի։ Բայց կան բնակավայրեր, որոնք ավագանու կազմում ներկյացուցիչ չունեն։ Սա չի՞ խանգարում, որ բյուջեն բոլոր բնակավայրերի միջև օբյեկտիվորեն բաշխվի։ - Առերևույթ թվում է, թե կարող է խանգարել։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև եթե հարցը ոչ միայն բյուջեի, այլև ներկայացնելու, բնակավայրի խնդիրը ավագանու նիստ բերելու մասին է, ապա պետք է հիշել, որ ավագանու նիստի օրակարգ հարց կարող է բերել ոչ միայն ավագանու անդամը, այլ նաև բնակավայրի վարչական ղեկավարը։ - Բայց չէ՞որ վարչական ղեկավարը քվեարկելու կամ բյուջեն տնօրինելու իրավունք չունի։ - Բայց հարցը  ներկայացնելու իրավունք ունի։ Հաջորդ ընտրություններին ավագանին ձևավորվելու է համամասնական սկզբունքով, ինչը ենթադրում է ունենալ ոչ թե ավագանու անհատ  անդամի դիրքորոշում, այլ այն քաղաքական ուժի դիրքորոշումը, որը մեծամասնություն կկազմի։ - Այսինքն՝ համամասնական ընտրակարգով ձևավորվելու դեպքում ավագանու աշխատանքի որակը կլավանա՞։ - Իհարկե, եթե դառնա քաղաքական պատասխանատվության կրող մարմին, այս դեպքում արդեն չենք ասի՝ Պողոսյան Պողոսը վատ աշխատեց և մեր գյուղում որևէ բան քիչ կատարվեց, այլ կասենք՝ այսինչ կուսակցությունն անտեսեց մեր համայնքը, ինչի պատճառով մենք չունեցանք ոչ մի առաջընթաց։ Սա քաղաքական կուսակցության համար հարվածի առարկա կլինի, և կուսակցությունները կաշխատեն այնպես անել, որ այդպես չլինի, որովհետև հաջորդ ընտրություններ կան, քաղաքական իմիջի խնդիր կա, հանրապետական ընտրություններին մասնակցելու հարց կա։    Աննա Սահակյան
16:32 - 15 դեկտեմբերի,2020
Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում տրամադրել Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերին

Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում տրամադրել Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերին

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ Արցախի Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններն անցնում են Ադրբեջանի հսկողության տակ։ Սյունիքի մարզի Տեղ, Կապան և Գորիս խոշորացված համայնքների մի քանի  բնակավայրեր, որոնք սահմանակից են Արցախին, այդ տարածքների՝ հակառակորդի վերահսկողության տակ անցնելուց հետո դարձան սահմանամերձ։   Տեղի և Կապանի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ․ ի՞նչ խնդիրներ ունեն բնակիչները Տեղ համայնքի յոթ բնակավայրերից սահմանամերձ են դարձել վեցը՝ Տեղը, Արավուսը, Կոռնիձորը, Խնածախը, Վաղատուրը, Խոզնավարը։ Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշեց, որ այս պահին իրենք աշխատում են մեր զինվորականների հետ՝ փորձելով լուծել սահմանների որոշման հարցը։ Լուսանկարում՝ Տեղի և Գորիսի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերը «Եթե փաստաթուղթ ենք ստորագրել, պիտի փաստաթղթին երկու կողմերն էլ հավատարիմ մնան: Որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ կան, որոնց հետ կապված հարցերն ենք ուզում կարգավորել: Կստացվի՝ կանենք, չի ստացվի՝ չենք անի»,- ասաց նա։ Ներսես Շադունցի խոսքով՝ մինչ այս համայնքի բնակիչների գրեթե 70-80 տոկոսը զբաղվում էր անասնապահությամբ։ Անասուններին կերակրելու համար գյուղացիներն օգտվում էին հիմնականում Արցախի տարածքում եղող արոտավայրերից։ Քանի որ արոտավայրերն արդեն Ադրբեջանի կազմում են, բնակիչների մեծ մասը վաճառել է անասունները։ Հարցին, թե արդյո՞ք այլ արոտավայրեր չկան, որոնցից բնակիչները կարող են օգտվել, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Մենք հիմա ձմեռ ենք ապրում, չենք կարող անասունները տանել, Ջերմուկի սարերում պահել: Ամռանը կարող ենք տանել, բայց ձմռանն իջնում են դեպի հարավ»։ Շադունցի խոսքով՝ բնակիչներն արոտավայրերից օգտվում էին գրեթե ողջ տարին, այդ պատճառով էլ քիչ անասնակեր են կուտակել, որոշ բնակիչներ էլ անասնակեր են կուտակել այն տարածքներում, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Դա է պատճառը, որ նրանք չէին կարող կուտակված անասնակերով պահել իրենց անասուններին, մինչև եղանակները կտաքանային, և կլուծեին արոտավայրերի խնդիրը։ «Ովքեր այստեղ քիչ քանակությամբ կուտակել են, իրենց հաշվարկներն արել են, ըստ կուտակած անասնակերի` ինչքան հնարավոր է եղել, պահել են»,- ասաց համայնքի ղեկավարը։ Հարցին, թե այդ դեպքում ինչ են անելու բնակիչները, որոնք այլևս անասնապահությամբ չեն զբաղվում, Շադունցը կատակով պատասխանեց՝ բազմավեկտոր գյուղատնտեսություն պետք է վարեն: Համայնքում այս պահին իրականացվում են դիրքերի ամրացման աշխատանքներ։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արոտավայրերի խնդիրը կա նաև Կապանի բնակավայրերում։ Այստեղի բնակիչները ևս օգտվել են նախկինում Արցախի տարածքում եղած արոտավայրերից, որոնք այժմ հակառակորդի վերահսկողության ներքո են։ Լուսանկարում՝ Կապանի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերը Համայնքապետի խոսքով՝ բնակիչների մի մասը վաճառել է անասունները, մյուս մասը շարունակում է պահել։ Հարցին, թե արդյո՞ք այդ արոտավայրերի համար այլընտրանք Կապանի մոտակայքում չկա, Փարսյանը պատասխանեց՝ Կապանի տարածաշրջանն այնքան էլ հարուստ չէ արոտավայրերով։ Գևորգ Փարսյանի խոսքով՝ այս պահին Կապանի համար աենակարևոր խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է։ Ըստ նրա՝ մեր և հակառակորդի սահմանների միջև պիտի լինի անվտանգության գոտի, որպեսզի բնակիչներն իրենց ապահով զգան։ Դիտարկմանը, թե Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում, համայնքապետը պատասխանեց՝ խոսքը մարզի տարածքների մասին չէ։ «Եթե հանկարծ կառավարությունը այնպիսի լուծում տա, որի արդյունքում մենք պետք է նահանջենք նախկին ԽՍՀՄ-ի սահմաններով, լուրջ վտանգ է: Իսկ այդ լուրջ վտանգը գիտակցելով` խիստ անհրաժեշտ է, որ լինի այդ անվտանգության գոտին: Դրա հետ կապված ոչինչ չի արվում: Մենք Սյունիքի մարզի տարածքներից շատ ավելի առաջ ենք՝ ապահովելով մեր համայնքի անվտանգությունը, և պիտի սահմանազատվի Կապանի վարչական սահմաններից բավականին առաջ, որպեսզի մեր բնակչությունը գիշերը հանգիստ քնի»,- ասաց նա: Գևորգ Փարսյանի խոսքով՝ կառավարությունն այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տանում, և դա է հիմնական պատճառը, որ ինքը միացել է վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին։ Հրաժարականի պահանջին միացել է նաև Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։   Սյունիքի մի շարք բնակավայրեր կրել են նյութական վնասներ․ ի՞նչ է նախատեսում անել կառավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ և Գորիս խոշորացված համայնքի Խնձորեսկ բնակավայրերը հրետակոծության հետևանքով նյութական վնասներ էին կրել։ Կապանի համայնքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համատեղ ուժերով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը տեղում գույքագրումներ ու չափագրումներ էր անում՝ պատճառված վնասը որոշելու համար։ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի ընթացքում որոշվեց դրամական աջակցություն տարամդրել ՀՀ համայնքների այն բնակիչներին, որոնց անշարժ գույքը վնաս է կրել պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով։ «Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- կառավարության նիստի ընթացքում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Այս միջոցառման շահառուներ են Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի, Չայ Զամի տեղամասի և Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի՝ անշարժ գույքի մասով վնաս կրած բնակիչները։ Սակայն Սյունիքի արդեն սահմանամերձ բնակավայրերը կրել էին նաև շարժական գույքի վնաս (մեքենաներ, անասուններ և այլն)։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անշարժ գույքին հասցված վնասի չափը գնահատելը բավականին հեշտ է, իսկ շարժական գույքի դեպքում գործընթացն ավելի բարդ է և ժամանակատար։  «Ենթադրենք, ավտոմեքենա է վնասվել, ավտոմեքենայի վնասվածության աստիճանը կամ հասցված վնասը հաշվարկելը բարդ գործընթաց է։ Այսինքն` ավելի երկար է տևում, քան անշարժ գույքին հասցված վնասը որոշելը։ Այդ աշխատանքները շարունակվում են, ավարտելուց հետո կամփոփենք, տեղեկությունը կփոխանցենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, կառավարության համապատասխան որոշմամբ փոխհատուցում կտրվի»,- նշեց նա։ Իսկ հարցին, թե արդյո՞ք անշարժ գույքի մասով վնաս կրած բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարաններով, Էդգար Մարտիրոսյանը պատասխանեց՝ այս պահին մարզում չկա բնակիչ, որը կացարան չունի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանից տեղեկացանք, որ պատերազմի հետևանքով տուժածների համար աջակցման նոր միջոցառումներ առաջիկայում  նախատեսվում է իրականացնել, սակայն դեռ հայտնի չէ՝ ովքեր են լինելու շահառուները։ Այսինքն՝ հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների համար նոր միջոցառումներ կլինե՞ն, թե՞ ոչ։ ՀՀ սահմանամերձ համայնքները ստանում են սոցիալական աջակցություն։ Այս պահին գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության» մասին ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2014-ին։ Գործում է նաև կառավարության համապատասխան որոշումը, որով սահմանվում են սոցիալական աջակցության կարգը, ծավալները, ինչպես նաև այն սահմանամերձ համայնքների ցանկը, որոնք ստանում են աջակցություն։ Այս ցանկը փոփոխության է ենթարկվում, երբ անհրաժեշտ է լինում նոր համայնքներ ավելացնել։ Վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած  համայնքները ցանկում դեռևս ներառված չեն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ցանկում նոր բնակավայրեր ներառելը միջգերատեսչական հարց է, բացի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ կարծիք պիտի հայտնի նաև պաշտպանության նախարարությունը։ Արմինե Մուրադյանը հայտնեց, որ հարցն այս պահին քննարկման փուլում է, նախագիծը շրջանառվում է գերատեսչություններում։ «Չենք կարող ասել, թե որ բնակավայրերը կներառվեն, որոնք չեն ներառվի, դեռ պետք է ցանկը վերանայվի, հաստատվի, որովհետև ֆինանսական աջակցության չափ կա, եթե նոր բնակավայրեր են ընդգրկվում, բազմաթիվ նրբություններ կան: Վնասները նախ պետք է գույքագրել, հասկանալ վնասների չափը, դրանից հետո արդեն աջակցության մասին հնարավոր կլինի խոսել։ Այդ ամենն ընթացիկ փուլում է»,- ասաց նա։   Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, փոխվարչապետ Տիգրան Ավիվյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրատետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ։ Փոխվարչապետի խոսքով՝ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր են նախապատրաստվում սպասվելիք բանակցությունների համար, որոնք տեղի են ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի։   Աննա Սահակյան  
18:53 - 10 դեկտեմբերի,2020
Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։   - Պարո՛ն Եղիազարյան, որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ՝ նշվում էր, որ նախկին համայնքների աշխատակազմերի կրճատումից կխնայվեն դրամական միջոցներ։ Դուք մի քանի ամիս առաջ հաշվարկներ էիք արել, համաձայն որոնց՝ ընդամենը վեց համայնքում էր գործել այս սկզբունքը։ Այդպիսի մի հաշվարկ երկու մարզի օրինակով նաև մենք ենք արել, սակայն այս դեպքում միայն մի համայնքում աշխատակազմերի կրճատումից բյուջեում դրամական միջոցներ չէին խնայվել։ Ո՞րն է պատճառը, որ մենք տարբեր թվեր ենք ստացել։ - Ինձ հետ կապ հաստատեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և մեկնաբանեցին, որ այն թվերը, որոնք իմ հարցման արդյունքում տրամադրել են՝ վարչական ծախսերը, ընդհանրական թվեր են, որոնք նաև այլ ծախսեր են ներառել, ինչի արդյունքում ինձ մոտ այդ պատկերն է ստացվել։ Ես պարզաբանեցի, որ իմ հարցը հստակ էր, ես ուզում էի հասկանալ՝ վարչական ծախսերը խոշորացումների արդյունքում ինչքանով են կրճատվել, ինչքանով է էֆեկտիվ եղել, և ինձ տվել են վարչական ծախսերի մասով մի այնպիսի թիվ, որն իրականում չի արտացոլում այն, ինչ ես եմ պահանջել։ Փաստացի, ինձ թյուր ինֆորմացիա է տրամադրված եղել։  Ամեն դեպքում, ես դրանից հետո ուսումնասիրություններ եմ արել․ խոշորացումների արդյունքում կառավարման պրոցեսն այդքան էլ էֆեկտիվ չէ։ - Արդյունավետ չէ աշխատակազմերի կրճատումից դրամական միջոցների խնայմա՞ն, թե՞ առհասարակ կառավարման համակարգի առումով։ - Առհասարակ կառավարման համակարգի և ծախսերի օպտիմալ կառավարման իմաստով։ - Ո՞րն է անարդյունավետ լինելու պատճառը։ - Համայնքների խոշորացումը իրականացվեց շտամպային կարգով, բոլորի համար մի ստանդարտով, որն այդքան էլ ճիշտ չէ։ Պետք էր հաշվի առնել համայնքների յուրահատկությունները։ Հայամայնքներ եղան, որտեղ արեցին հանրաքվեներ, հանրաքվեների արդյունքում բնակչությունն արձանագրեց, որ դեմ է խոշորացմանը, և հակառակ բնակչությանը՝ ամեն դեպքում խոշորացումը կատարվեց։  - Հանրաքվեները և՛ այն ժամանակ, և՛ հիմա ունեն խորհրդատվական բնույթ․ պարտադիր չէր դրանց արդյունքները հաշվի առնել։  - Իմաստը ո՞րն է խորհրդատվական բնույթի․ ինձ ոչ ոք չկարողացավ բացատրել՝ խորհուրդը որն է, երբ բնակչությունն ասում է՝ մենք դեմ ենք, սակայն անում են այն, ինչ արդեն նախապես պլանավորված էր։ Եթե հանրաքվե են իրականացնում և ընդհանրապես հաշվի չեն առնում հանրաքվեի արդյունքները, մարդկանց մոտ հակառակ կարծիքն է ձևավորվում, հանրաքվեի ինստիտուտն է թուլացվում, և հանրաքվեների նկատմամբ անվստահությունը մեծանում է․ մարդիկ հասկանում են, որ իրենք մասնակցում են հանրաքվեի, տալիս են կարծիք, բայց իրենց խոսքը տեղ չի հասնում։  Պետք է ուրիշ մեխանիզմ մտածել։ Որովհետև կան համայնքներ, որոնք տարիներ շարունակ իրար հանդեպ ունեն հակակրանք, ու երբ միանում են իրար, և այդ համայնքներից մեկը լինում է գլխավոր համայնքը, խտրականության և այլ դրսևորումներ են լինում։  Այն ծրագրերը, որոնք շատ համայնքներում (ես ուսումնասիրել էի Թումանյան համայնքը) պետք է խոշորացման արդյունքում իրականացվեին, չեն իրականացվել։ Եվ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են ինձ, իրականում իրականացվել են, բայց այդ ծրագրերը չեն եղել խոշորացման արդյունքում խնայված միջոցներից, դրանք եղել են տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների շրջանակում։ Այսինքն՝ այդ ծրագրերով իրականացված գործողությունները չի կարելի համարել խոշորացման արդյունք։ Այստեղ մանիպուլյացիա է իրականացվում, և այս առումով շատ համայնքներում ռեգրես է նկատվում, շատ համայնքներ հետին պլան են մղվում, քանի որ ամեն ինչ կենտրոնանում է հիմնականում խոշորացված համայնքում։  - Չէ՞ որ հիմա հանրաքվեների անցկացումը պարտադիր չէ․ եթե համայնքը չի նախաձեռնում հանրաքվե, այն չի իրականացվում։  - Բայց մենք խոսում ենք արդեն խոշորացված համայնքների մասին։ Որպեսզի գնահատենք, նայում ենք այն համայնքներին, որոնցում արդեն իրականացվել են։ Թե հիմա նոր տարբերակով ինչպես կլինի, դեռ նոր պետք է հասկանանք, նոր պետք է գնաատականներ տրվեն։ Մենք հիմա խոսում ենք նրանց մասին, որտեղ արդեն նախկինում իրականացվել են, և որոշ ժամանակ է անցել, ու մենք հնարավորություն ունենք նայելու՝ ինչպես է համայնքների զարգացումը տեղի ունեցել, արդյոք էֆեկտի՞վ է եղել, թե՞ ոչ։ - ՏԿԵ նախարարությունն անընդհատ խոսում է այն մասին, որ տարբեր խոշորացված համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրակավացվում։ Արդյո՞ք խոշորացված համայնքներն ավելի մեծ հնարավորություններ չունեն այդ ծրագրերից օգտվելու։ - Ունեն, իհարկե, բայց մենք այստեղ պետք է տարանջատենք․ սուբվենցիոն ծրագրերը մեկ այլ հարց են լուծում, իսկ համայնքների բյուջեների ընդհանրացումը, մեկտեղ կուտակումը, բյուջեի գումարներով իրականացվող ծրագրերը լրիվ այլ մոտեցում են։ Սուբվենցիոն ծրագրեր կարող են լինել, բայց դրանք կապ չունեն համայնքի բյուջեի և այն խնայողությունների հետ, որոնք պետք է առաջանային խոշորացված համայնքների բյուջեի էֆեկտիվ կառավարման արդյունքում։  - Փաստորեն, Ձեր կարծիքով, շատ գումար չի խնայվել խոշորացման արդյունքում։  - Կոնկրետ Թումանյան համայնքոմ ես չեմ տեսնում այն ծրագրերը, որոնք պետք է լինեին խոշորացման արդյունքում։ Կա կառավարության ծրագրային քարտեզը, թե ինչեր պետք է իրականացվեին, և այդ ծրագրերից գրեթե ոչ մի բան չի իրականացվել։ Իրականացվածները միջազգային կառույցներն են արել, և, կրկնում եմ, կապ չունեն խոշորացման արդյունքում բյուջեի էֆեկտիվ կառավարման և խնայողությունների հետ։ - Ի՞նչն է պատճառը, որ չի իրականացվել այն, ինչ սպասվում էր խոշորացումից։  - Պարզ պատճառով, որ հնարավոր չէ այդ մոդելով բյուջեն էֆեկտիվ կառավարել։ Եվ նաև միգուցե խնայողություններ չեն առաջանում, կամ առաջացած խնայողությունները համաչափ չեն բաշխվում։  Մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացան մասին։ Հիմա անընդհատ խոսում են, որ ամեն ինչ կենտրոնանում է մեծ համայնքներում։ Ի՞նչ է տեղի ունենում Երևանում․ հիմնականում տնտեսական բոլոր գործարքները և փողը շրջանառվում են Երևանում, և դրա պատճառով հիմնական ներդրումները տրամադրվում են Երևանին։ Երևանը սկսում է էլի աճել, մարդիկ վատ ապրելակերպով փոքր համայնքերից ձգտում են դեպի Երևան, և ամեն ինչ կենտրոնանում է մի տեղ։ Խոշորացման արդյունքում նույնպես խոշորացված համայնքում շատ դեպքերում կենտրոնացում է տեղի ունենում, և համաչափ զարգացման խնդիրը ինչ-որ առումով չի լուծվում։ Շատ համայնքներ կան, որտեղ մարդիկ կարծում են, որ իրենց մոտ բան չի փոխվել։ - Այսինքն՝ Դուք վտանգ եք տեսնում, որ ամեն ինչ կարող է կենտրոնանալ խոշորացված համայնքի համայնքային կենտրոնո՞ւմ։ - Այո՛։ Սա մի մոդել է, որ գրեթե ամենուր է։ Նույնը ես կարող եմ ասել Վանաձորի օրինակով․ Վանաձորի կենտրոնում որոշ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, բայց ծայրամասերում խայտառակ վիճակ է։ Անգամ եթե մի համայնքի օրիանակով ենք վերցնում, տարածքային համաչափ զարգացում տեղի չի ունենում։ Ամեն ինչ կենտրոնացված է կենտրոնական հատվածներում, խոշորացված համայնքների դեպքում՝ կենտրոնական համայնքում, եթե երկրի մասշտաբով ենք ասում՝ Երևանում։ - Ձեզ կարող են հակադարձել, որ խոշորացված համայնքի ՏԻՄ-ը բոլոր բնակավայրերինն է և խնդիրները լուծում է՝ ըստ առաջնահերթությունների, այսինքն՝ եթե հեռավոր փոքր բնակավայրը խնդիր ունի, այդ խնդիրը չի անտեսվում։ - Մենք ունենք ավագանու դերի բարձրացման, ՏԻՄ-երի ինստիտուտի կայացման համար մեծ աշխատանք անելու խնդիր։ Այստեղ մեծ բաց կա, որովհետև ավագանին դեռ այդպես էլ չի գիտակցում իր դերը․ իրենից է կախված ամբողջ բյուջեի կառավարումը։  Հատկապես փոքր համայնքներում ավագանու անդամներն ինչ-որ բարեկամական մակարդակով ընտրված մարդիկ են, որոնք ուղղակիորեն համագործակցում են համայնքապետի հետ, և հիմնականում չկա փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որը պետք է ավագանին իրականացնի և ռեալ որոշումներ կայացնի։ Համայնքապետն ինչպես որոշում է, այդպես էլ իրականացվում է, և այստեղ, ես բազմիցս եմ նշել, իրենց բացասական էֆեկտն են ունենում նաև մարզպետարանները։ Վերջիններս սկսում են համակարգել ավագանուն, համայնքապետերին, ինչը խոչընդոտում է ՏԻՄ-երի ինստիտուտի կայացումը։  - Հիմա համամասնական ընտրակարգ է ներդրվել բազմաբնակավայր համայնքներում։ Կուսակցական ցուցակները Ձեր նշած բարեկամական կապերով ընտրվելու խնդիրը չե՞ն լուծի։  - Այդ խնդիրը կլուծվի, բայց դա 4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում է․ մենք շատ փոքր համայնքներ ունենք, որոնք մինչև 4000 բնակիչ ունեն։ - Մարզպետարանների մասով․ ՏԿԵՆ-ից վստահեցնում են, որ շուտով մարզպետարանների որոշ լիազորություններ վերցվելու և ՏԻՄ-երին են փոխանցվելու։ Երբ մարզպետարաններն ավելի փոքր լինեն, ու նրանց լիազորությունները փոքրանան, ադրյո՞ք մարզպետարանների մասով նշված խնդիրն էլ չի լուծվի։ - Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ արդեն մի քանի տարի է՝ մենք դա բարձրաձայնում ենք։ Մեր մոտեցումն այն է, որ մարզպետարանները պետք է շատ փոքր կառույցներ լինեն, զուտ կառավարության ներկայացուցիչները՝ տվյալ մարզում և որոշակի ստատիստիկ տվյալների համակարգման գործառույթ իրականացնեն։ Լոռու մարզում 180-ի կարգի աշխատակիցներով մարզպետարանի գոյությունը հիմնավորված չէ, և այդպիսի ուռճացված մարզպետարաններ մենք ունենք բոլոր մարզերում։ Պետք է կրճատենք, և միջոցները, որոնք մարզպետարանների վրա են ծախսվում, ուղղվեն ՏԻՄ-երի զարգացմանը։ Մեծ աշխատանք է պետք կատարել, որ ՏԻՄ-երը կայանան և ի վերջո հասկանան, որ իրենք են որոշողը, ոչ թե մարզպետը։  Աննա Սահակյան
21:33 - 18 սեպտեմբերի,2020
Համայնքների խոշորացումը պետք էր կապել բազմակենտրոնության գաղափարի հետ․ եթե չկա տեղային կենտրոն կոչվածը, անիմաստ է խոշորացման գնալ․ Սարգիս Թովմասյան

Համայնքների խոշորացումը պետք էր կապել բազմակենտրոնության գաղափարի հետ․ եթե չկա տեղային կենտրոն կոչվածը, անիմաստ է խոշորացման գնալ․ Սարգիս Թովմասյան

Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Սարգիս Թովմասյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։  - Պարո՛ն Թովմասյան, դեռեւս 2011-ին Ձեր համատեղ հետազոտություններից մեկում («Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացում, համայնքների խոշորացում, միջհամայնքային համագործակցություն»), խոսելով խոշորացվող համայնքների մոդելի մասին, ասում եք, որ խոշորացված համայնքը պետք է տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոն ունենա, այսինքն՝ եթե մի քանի թույլ համայնքներ միացնենք, նրանք զարգացման հեռանկար չունեն, դրա համար պետք է զարգացած կենտրոնի շուրջ միավորեն։ Այս դեպքում խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերրը համաչափ զարգանալու հնարավորություն կունենա՞ն։ - Ամբողջ հանրապետությունում պետք է բնակավայրերի ցանցի բազմակենտրոն մոդելը ձեւավորվի։ Հիմա մենք չունենք այդ մոդելը։ Համաչափ զարգացման ծրագրերը ադյունք չեն տալիս եւ չեն կարող տալ, քանի դեռ մենք չենք անցել բազմակենտրոն համակարգի, որն, իհարկե, տեւական ժամանակ է պահանջում։  Այսօրվա համակարգը ձեւախեղված է։ - Արդյո՞ք խնդիրն այն է, որ խոշորացման ժամանակ միանման մոտեցում չի ցուցաբերվել․ համայնքների մի մասը խոշորացել է փնջային, մի մասը՝ շրջանային սցենարով։ - ժամանակին, երբ կազմում էինք խոշորացման ծրագրերը, ուսումնասիրություններ արեցինք Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի մարզերում, եւ այնտեղ հստակ ֆիքսված էր, թե որտեղ կարելի է հենց հիմա անել խոշորացում, որտեղ՝ տեսանելի ապագայում, որտեղ է պետք ընդհանրապես ձեռնպահ մնալ։ Քանի դեռ տեղային կենտրոնի խնդիրը չենք լուծել, անհնարին եւ անիմաստ է խոշորացման գնալ։  Մենք առաջարկում էինք պիլոտային ծրագրերով անել, ամեն մարզում փնջեր ընտրել, որոնք հնարավորինս լավ արդյունք կարող էին տալ, եւ որոշ ժամանակ հետո, երբ արդյունքները կերեւային, անցնել հաջորդ քայլերին։  - Այդ դեպքում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը շատ չէ՞ր երկարի։ Հիմա ավելի արագ է տեղի ունենում։  - Արագ է, բայց սխալներ են արվում։ Այն, ինչ առաջարկվում էր, ըստ էության, մասամբ է հաշվի առնվել, հաճախ ընդունվել է ավելի շատ քաղաքական որոշում։ Պարզ օրինակ բերեմ․ Շիրակի մարզի խոշորացումները՝ Աշոցքի, Ամասիայի շրջանում։ Այնտեղ ենթակառուցվածք չկա, ոչ մի բան չկա․ ի՞նչ իմաստ ուներ այս պահին խոշորացնել, եթե չէին լուծելու գլոբալ խնդիրը։ Ի վերջո, համայնքը հո համայնքի ղեկավարի պաշտոն ունենալը եւ ընտրություններ ապահովելը կամ տեղեկանք տա՞լը չէ։ Համայնքը ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ այդ փոքր գյուղերում ոչ մի ծառայություն չեն կարող մատուցել․ ո՛չ ենթակառուցվածք ունեն, ո՛չ մարդկային ռեսուրս։  - Ձեր նշած մոդելին չե՞ն համապատասխանում այն համայնքները, որոնցում շատ բնակավայրեր են միավորվել, եւ որոնք համեմատաբար զարգացած կենտրոն ունեն (օրինակ՝ Սիսիանը, Կապանը)։ - Դա չափից դուրս մեծ խոշորացում է։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի արգելոցի տարածքում գյուղեր կան՝ Շիշկերտը, Շիկահողը, Ծավը, որոնք փակուղային դիրք ունեն եւ համայնքի կենտրոնից՝ Կապանից, հեռու են։ Կապանն ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ գյուղերի բնակիչներին․ եթե փորձի էլ մատուցել, շատ թանկ հաճույք կստացվի։  - Խոշորացման սպասվող արդյունքներից մեկն էլ այն էր, որ ծառայություններն ավելի հասանելի կդառնան բնակիչներին։ Գուցե այդ ծառայությունները պետք է հասանելի դարձնել հենց բնակավայրերո՞ւմ։ - Աշխարհի ամենահարուստ երկրներն էլ այդպիսի ճոխություն իրենց թույլ չեն տալիս, որ բոլոր բնակավայրերում բոլոր ծառայությունները մատուցեն՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ավագ դպրոց, գեղարվեստի դպրոց։ Դա անհնարին ու անիմաստ է ե՛ւ տնտեսապես, ե՛ւ բոլոր առումներով։ Դրա համար պետք է մեխերը ճիշտ խփել, այսինքն՝ այն համայնքներն ընտրել որպես կենտրոն, որոնք պոտենցիալ ունեն ծառայություններ մատուցելու, հասանելի են գոնե կես ժամանոց տիրույթում մնացած բնակավայրերի համար։  - Այս համատեսքտում կարեւոր է, որ Ձեր նշած հեռու բնակավայրերը մեծամասամբ չունեն նաեւ նորմալ ճանապարհներ ու տրանսպորտ՝ համայնքային կենտրոն հասնելու համար։ - Այո՛, դրա համար խոշորացումը կարդարացնի, եթե գոնե սահմանափակ բարենպաստ հասանելիության տիրույթում են բնակավայրերը։ Դիլիջանը խոշորացրին, բայց այնտեղ մի քանի գյուղեր կան, որոնք շատ հեռու են քաղաքից․ ի՞նչ իմաստ ուներ դրանք միացնել Դիլիջանին։  - Մենք խոշորացման հաջողված օրինակներ չունե՞նք։ - Օրինակ՝ Մեղրին։ Ժամանակին մենք առաջարկեցինք որպես նախկին փոքր շրջկենտրոնի տարբերակ՝ փորձնական վերցնել Մեղրին։ Չգիտեմ՝ խոշորացումն ինչ արդյունք է տվել այնտեղ, որովհետեւ այնտեղ էլ կան ռիսկային, կտրված փակուղային բնակավայրեր։ Բայց համեմատաբար նորմալ վիճակ է։ Խոշորացման իմաստն այն էր, որ բոլոր համայնքները կարողանան համարժեք ծառայություններ մատուցել բնակչությանը։ - Գուցե կառավարությունը փորձել է պարզապես անհատական մոտեցո՞ւմ ցուցաբերել համայնքները խոշորացնելիս։ - Դա անհատական չէ, դա կոչվում է քաղաքական մոտեցում։ Անհատական մոտեցումը պետք է ինչ-որ հիմնավորում ունենա։ Եթե 50 կամ 100 ճնճղուկ հավաքենք, նրանք արծիվ չեն դառնա։ Եթե չկա տեղային կենտրոն կոչվածը՝ նորմալ բնակավայր՝ գոնե 5000 բնակչությամբ, իր ենթակառուցվածքներով, անիմաստ է խոշորացման գնալ, որովհետեւ բնակիչը դրանից բացարձակ ոչինչ չի ստանա։ Ինչպես ծառայություններ չէր ստանում առաջ, նույն ձեւով էլ չի ստանա հիմա, գուցե ավելի վատ լինի։ Ինչպես ասում են՝ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանում։  - Նշածս հետազոտության մեջ նաեւ ասել եք, որ խոշորացման հետ պետք է հողային օրենսդրության փոփոխություններ լինեն՝ մասնավորապես համայնքների վարչական շրջաններից դուրս գտնվող հողերի եւ աճուրդների մասով։ Այս առումով փոփոխություններ եղե՞լ են։ - Բարդ հարց եք տալիս։ Երբ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը՝ պետական արոտներ, անտառներ  եւ այլն, մտցվեցին համայնքների վարչական սահմաններ, այն ժամանակների համար բավականին շոշափելի լրացուցիչ ռեսուրս էր նրանց բյուջեի եկամտային մասով, բայց այդ հողերի արդյունավետ կառավարման խնդիրները բավականին խնդրահարույց են։ Եթե մարզպետներն առաջ հեռագնա արոտների համար պետք է մրցույթ հայտարարեին, եւ ցանկացած սահմանակից համայնք կարող էր մասնակցել, հիմա ստացվում է, որ այդ հողամասերը՝ խոշոր զանգվածները, հայտնվել են տարբեր համայնքների վարչական սահմաններում, եւ, բնականաբար, այստեղ բաց մրցույթներ անելը կարող է խնդրահարույց լինել հարեւան համայնքների բնակիչների կամ նույն համայնքի բնակիչների համար։ Դրա համար այդ հողերի նկատմամբ լիազորությունների խնդիրները դեռեւս վերջնականապես լուծված չեն։ Հողերի կառավարման հարցը բարձիթողի է։ Նույն արոտազանգվածը կարող է բաժանված լինել մի քանի կտորի եւ հայտնվել տարբեր համայնքների սահմաններում։ Համայնքներ կան, որ սահմանակից չեն այդ հողերին, այդ հողերը բաժանվել են միայն սահմանակից համայնքների մեջ, բայց անասուն պահում են նաեւ այն համայնքների բնակիչները, որոնք սահմանակից չեն հողերին։ Այլ լուծում չկար, պետք է, բնականաբար, սահմանակից համայնքների մեջ մտցվեին այդ հողերը, բայց այստեղ մեխանիզմը չլուծվեց, թե մնացած համայնքների բնակիչներն ինչպես են օգտվելու։ - Պարո՛ն Թովմասյան, երբ սահմանամերձ համայնքներն են խոշորացվում, վտանգ չկա՞, որ բնակիչները կձգտեն սահմանամերձ համայնքներից տեղափոխվել  համայնքային կենտրոններ։ - Այդ գործընթացը հիմա էլ կա։ Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության նվազման ամենացավալի դրսեւորումները հենց սահմանամերձ բնակավայրերում են։ Դա շատ ռիսկային է։ Սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ շատ յուրահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի, պետության համար ոչ ստանդարտ քաղաքականություն՝ սկսած հարկային դաշտից, նույնիսկ արտոնությունների սահմանմամբ։ Հողի հարկ, գույքահարկ, ինչ-որ բաներ փորձել են անել վերջապես, բայց դա շատ քիչ է։ Համայնքների խոշորացումը միայն մի խնդիրն է։  Քաղաքացին ծառայություն պետք է ստանա։ Եթե համայնքի ղեկավարը այնտեղ վարչական ղեկավար նշանակի, գյուղացուն դա ի՞նչ պետք է․ այդ տեղեկանքը նա այսպես թե այնպես կարող է ստանալ։ Պետք է ծառայությունները  հասանելի եւ որակյալ լինեն գյուղերում, որպեսզի մարդը մնա, նրա համար տարբերություն չլինի՝ այստե՞ղ կապրի, թե՞ այնտեղ։ Եթե մենք այդ խնդիրը չենք լուծում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում մարդկանց պահելու առումով կարող ենք ճգնաժամային իրավիճակում հայտնվել․ ազգային անվտանգության խնդիր է դա։ Սյունիքի հարավը, Տավուշի հյուսիսը հիմա լուրջ խնդիրների առաջ են դեմոգրաֆիական առումով․ բնակչության խտությունը ահագին իջել է հատկապես Սյունիքում։   - Հիմա ունե՞նք այն, ինչ ակնկալվում էր խոշորացման արդյունքում։ - Ես խոշորացմանը նույնիսկ տնտեսական արդյունավետության տեսանկյունից չեմ նայում, որովհետեւ դժվար է միանգամից գնահատական տալ արդյունավետությանը։  Ես նայում եմ երկրի տարածքային կազմակերպման, երկրի ողնաշարը կրող կառուցվածքն ամրացնելու եւ բոլոր բնակիչների համար ծառայությունները հասանելի դարձնելու տեսանկյունից։ Խոշորացումը պետք էր միանշանակ կապել բազմակենտրոնության գաղափարի հետ։  Աննորմալ է, որ մեր երկրի բնակչության 30-40%-ը մի բնակավայրում է ապրում՝ գումարած այն, որ Երեւանում՝ իր շրջակայքի ագլոմերացիայով, բնակչության խտությունը շատ ավելի մեծ է, քան, օրինակ, Ճապոնիայի կամ Հնդկաստանի բնակչության խտությունը։ Բայց մենք տեղեր ունենք, որտեղ բնակչության խտությունը 10 մարդուց պակաս է մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Մինչեւ մենք բազմակենտրոնության խնդիրը չլուծենք, մեր երկիրը տարածքային համաչափ զարգացման խնդիրը չի լուծի։  - Կա՞ բնակչության միջին թվաքանակ կամ համայնքում բնակավայրերի միջին թվաքանակ, որի դեպքում ծառայություններն ու ենթակառուցվածքներն ավելի հասանելի կլինեն բնակիչների համար։ - Մենք հետազոտել էինք դա․ իմ գործընկերը նայել էր, թե կախված բնակչության թվից՝ համայնքը ինչքան է կարողանում ծառայություններ մատուցել։ Բայց դա նայված էր զուտ տեղական ինքնակառավարման իրավասությունների շրջանակներում, իսկ մենք ծառայություններ ունենք, որոնք պետության իրավասության ներքո են՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ոստիկանություն եւ այլն։  Իմ բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ համայնքի կենտրոնում 5000 բնակչից պակաս չպետք է լինի։ Մյուս պայմանն այն է, որ համայնքային կենտրոնը պետք է ունենա ենթակառուցվածքներ։ Բոլոր բնակավայրերում մենք սպորտի դպրոց, ավագ դպրոց, երաժշտական դպրոց չենք կարող ունենալ, եւ հնարավոր է՝ շատ գյուղերի բնակիչներ կարող են օգտվել այդ ամենից՝ համայնքային կենտրոնից 30 րոպեանոց հասանելիության տիրույթում։  Աննա Սահակյան
19:25 - 04 սեպտեմբերի,2020
Խոշորացումից առաջ դժվարանում էի ֆինանսավորում գտնել, իսկ hիմա, եթե ծրագիր լինում է, ներդրում արվում է․ Նորաշենի վարչական ղեկավար

Խոշորացումից առաջ դժվարանում էի ֆինանսավորում գտնել, իսկ hիմա, եթե ծրագիր լինում է, ներդրում արվում է․ Նորաշենի վարչական ղեկավար

Բերդ խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանի հետ զրուցել ենք համայնքների խոշորացման թեմայով։ - Պարո՛ն Աբրահամյան, Նորաշենում մարդիկ ինչպե՞ս են վերաբերում խոշորացմանը։ - Ե՛վ դրական, ե՛ւ բացասական։ - Ինչի՞ց են գոհ, եւ ի՞նչ բողոքներ ունեն։ - Խոշորացումից բողոքներ չեմ ստացել։ Թեթեւ, մանր հարցեր կան, որոնց արագ լուծում է պետք: Կարող է դանդաղել լուծումը, դրա համար կարող են բողոքել։ - Հարցերի դանդաղ լուծվելն ինչի՞ հետ է կապված․ գուցե խնդիրն այն է, որ դրանք պետք է համաձայնեցվեն համայնքի ղեկավարի հե՞տ։ - Խոշորացման առավելություններից մեկն այն է, որ մեծ ներդրումների համար գումար կա։ Մի ժամանակ մենք տարբեր կազմակերպությունների էինք դիմում, ամեն մեկից մի քիչ վերցնում էինք, որ ներդում լիներ։  - Հիմա ներդրումները շատացե՞լ են։ - Հիմա Եթե ծրագիրը կա, գումարը կա։ Համայնքապետն էլ այդ գործերից լավ է․ ներդրում անում է, եթե ծրագիրը լինի։ Խոշորացման թերությունն էլ այն է, որ կարող է մի տեղում ջրի 2000 դրամանոց փական փչանալ, եւ պիտի գնանք, դիմենք համայնքապետարան, մի քիչ ձգձգվում է։ Բնակավայրը պետք է ինչ-որ խանութի, կազմակերպության հետ մատակարարման պայմանագիր ունենա։ Այդ առումով խնդրի լուծումը մի քիչ ձգձգվում է։ Ճիշտ կլինի, որ ամեն բնակավայր ինչ-որ սիմվոլիկ գումար ունենա, որ հրատապ հարցերի համար օգտագործի։ - Փաստորեն, խոշորացման հիմնական խնդիրն այն է, որ բյուջետային հարցերով միայն համայնքի ղեկավա՞րն է զբաղվում։ - Այո՛, հիմնական խնդիրը դա է։ Ընդհանուր թերություններ կան։ Գուցե ճիշտ լիներ, որ մի քիչ փոքր լիներ մեր համայնքը․ 17 գյուղը շատ է։ - Համայնքում շատ բնակավայրերի միավորված լինելն ինչո՞վ է խանգարում։ Որեւէ տարբերություն կա՞ փոքր եւ մեծ բնակավայրերի համար։ - Մեր գյուղն էլ է մեծ, 1400 բնակիչ ունենք։ Բոլոր գյուղերում էլ համայնքապետն աշխատում է ծրագրեր անել։ Օրինակ, փողոցների լուսավորություն Բերդում չի արել, բայց մեր գյուղում արել է։ - Այս պահին Նորաշենում ի՞նչ ծրագրեր են իրականացվում։ - Նոր մանկապարտեզի կառուցման ծրագիր ունեինք հաստատված, համայնքը ներդրումը կատարում էր, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն էր՝ 20 տոկոս համաֆինանսավորումով, ուղղակի համավարակի պատճառով ձգձգվեց, ծրագիրը փակվեց։ - Հետո նախատեսվո՞ւմ է իրականացնել ու մանկապարտեզը կառուցել։ - Ծրագիրը փակվել է արդեն, դժվար թե։ Նաեւ փողոցների լուսավորություն ենք անցկացրել մոտ 1,5 կմ։ - Ճանապարհների վիճակը լա՞վ է Նորաշենում։  - Մեզ մոտ ճանապարհները հիմնականում ասֆալտապատ են, գրեյդեր ենք ձեռք բերել, գալիս է մեզ մոտ, աշխատում է՝ ինչքան պետք է։ Ճանապարհները բարեկարգում ենք։ Այս տարի մի անգամ բնակավայրի ներսում է աշխատել, որտեղ անհրաժեշտ է եղել, հետո դաշտամիջյան ճանապարհներն ենք բարեկարգել, որ տեխնիկան նորմալ աշխատի։ Սուբվենցիոն ծրագիր է հաստատված, մշակույթի տան տանիքը, դռներ, պատուհաններ պետք է փոխենք, կոմբայն ենք ձեռք բերել, ներդրումը համայնքն արել է՝ 20 տոկոս։ - Ընդհանուր առմամբ՝ խոշորացումից հետո մի շարք խնդիրների, կարծես, լուծումներ են տրվել։ - Ես առաջ համայնքապետ եմ եղել։ Ներդրումների հետ կապված դժվարանում էի ֆինանսավորում ճարել, որովհետեւ համայնքը չուներ միջոցներ, պետք է դիմեինք տարբեր կազմակերպությունների։ Հիմա որ ծրագիր է լինում, ասում ենք, ներդրումն անում են։ Խնդիրը միայն հրատապ լուծում պահանջող թեթեւ հարցերն են, որոնք պետք է արագ կազմակերպվեն։  - Դուք ավագանու նիտերին մասնակցելու հնարավորություն ունեք։ Այս եւ այլ խնդիրների մասին բարձրաձայնո՞ւմ եք նիտերի ժամանակ։ - Եթե մեր համայնքին վերաբերող հարց է լինում, մասնակցում եմ ու կարծիք եմ հայտնում։ - Դուք այս պահին ունեք գրեթե բոլոր լիազորությունները, ինչ նախկինում ունեիք՝ որպես համայնքապետ։ Բնակիչները փաստաթղթային եւ այլ հարցրերով Ձե՞զ են դիմում ու լուծում ստանում, թե՞ կան հարցեր, որոնք լուծելու համար պետք է հասնեն համայնքային կենտրոն։ - Հիմնականում մեզ մոտ լուծվում են բոլոր հարցերը․ գույքահարկի հետ կապված հարցեր կան միայն, որ պետք է գնան համայնքային կենտրոն, բայց նախկինում էլ էին գնում։ Հիմնականում բոլոր փաստաթղթերը տալիս ենք։ Շատ քիչ հարցեր կան, որոնց համար գնում են համայնքային կենտրոն։  Աննա Սահակյան
21:31 - 28 օգոստոսի,2020