Գիտություն

«FemInno» կոնֆերանսը լուսանկարներով

«FemInno» կոնֆերանսը լուսանկարներով

Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի ընթացքում ելույթներ ունեցան և պանելային քննարկումների մասնակցեցին ավելի քան 30 խոսնակներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Խոսնակները ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, խոսեցին բիզնեսում, ՏՏ ոլորտում և գիտության մեջ կանանց ներգրավվածության, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև խնդիրների մասին։ Ներկայացնում ենք «FemInno»-ն լուսանկարներով։ «FemInno»-ի հիմնադիրն է Սեդա Պապոյանը։ Կոնֆերանսի գործընկեր կազմակերպությունները մասնակցում էին աշխատանքի տոնավաճառին։ Կոնֆերանսի խոսնակներից էր կանադացի նորարար և գրող Էնն Մակոսինսկին։ Կոնֆերանսի հյուրերն իրենց ուժերն էին փորձում շախմատի չեմպիոն աղջիկների հետ։ Կոնֆերանսը չէր անցնում առանց երաժշտական դադարների։   Լուսնկարները՝ Գարեգին Խարազյանի  
10:32 - 02 օգոստոսի, 2022
«Սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է»․ Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը

«Սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է»․ Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը

«Սա կանանց ակումբ չէ, սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է, որը չի կարող գոյություն ունենալ առանց տղամարդկանց մասնակցության ու որոշումների,- ասում է «FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանը։ Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը, որը միավորել էր ավելի քան 30 խոսնակների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Խոսնակները կոնֆերանսի ընթացքում ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, ինչպես նաև խոսեցին բիզնեսում, ՏՏ ոլորտում և գիտության մեջ կանանց ներգրավվածության, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև խնդիրների մասին։ Սեդա Պապոյանը պատմում է, որ կոնֆերանսի գաղափարը կար դեռ 2020-ին․ «Մենք հինգ տարի շարունակ «Girls in Tech» Հայաստանն ենք ներկայացնում և շատ բան ենք սովորել ու հասկացել Հայաստանում էկոհամակարգի մասին։ Դեռ 2020-ին որոշել էինք, որ ժամանակն է ունենալ  կանանց շուրջ  և նորարարության, տեխնոլոգիաներում նրանց մասնակցության շուրջ միջազգային կոնֆերանս։ Բայց 2020 թ․ իրադարձությունները՝ COVID-ը, հետո պատերազմը, թույլ չտվեցին իրագործել, ու հետաձգվեցին մեր պլանները։ Հիմա վերջապես հասանք դրան»։ Սեդա Պապոյանը Կանադացի նորարար և գրող Էնն Մակոսինսկին (Ann Makosinski) կոնֆերանսի խոսնակներից էր։ Նա իր ելույթում պատմեց, թե ինչպես էր փոքր տարիքում ձեռքն ընկած իրերից խաղալիքներ պատրաստում և ինչպես ավագ դպրոցում ստեղծեց լապտեր, որն աշխատում է՝ օգտագործելով մարդու մարմնի ջերմային էներգիան։ Էնն Մակոսինսկին նշում է՝ ֆենոմենալ է, որ «FemInno»-ի շրջանակում միասին հավաքվել են այդքան երիտասարդ կանայք Հայաստանից և աշխարհից․ ««FemInno»-ն կհամախմբի շատ երիտասարդ կանանց, որոնք հետաքրքրված են գիտությամբ՝ ցույց տալով, որ նրանք մենակ չեն, կան նաև այլ աղջիկներ, որոնք աշխատում են ՏՏ ոլորտում, գիտությամբ են զբաղվում։ Հուսով եմ [կոնֆերանսը] նաև կօգնի կոտրելու գիտությամբ զբաղվող կանանց մասին կարծրատիպերը»։ Էնն Մակոսինսկին Մինչև կոնֆերանսի մեկնարկը հյուրերը հասցրել էին այցելել «PMI Science»-ի գիտահետազոտական կենտրոն և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ «Ես իսկապես տպավորված եմ նրանով, ինչ տեսել եմ Հայաստանում։ Մենք եղանք «Թումոյում»․ ես կցանկանայի փոքր ժամանակ այպիսի ծրագրի մասնակցած լինել։ Ես նաև շատ ոգևորված եմ, որ այստեղ ինձ հանդիպած բազմաթիվ երիտասարդ մարդիկ ցանկանում են մնալ Հայաստանում և դարձնել այն ավելի լավ պետություն»,- նշում է Էնն Մակոսինսկին։ Կոնֆերանսի ընթացքում, բացի հյուրերի ելույթներից և պանելային քննարկումներից, անցկացվում էին դասընթացներ։ Մարզահամերգային համալիրում, որտեղ անցկացվում էր կոնֆերանսը, կարելի էր հանդիպել  շախմատի պատանի չեմպիոն աղջիկների, ինչպես նաև աղջիկ ֆուտբոլիսների, որոնց հետ իրենց ուժերն էին փորձում կոնֆերանսի մասնակցիները։ Կար նաև գիտական անկյուն, որտեղ աղջիկները գիտական փորձեր էին անցկացնում։ «Մենք փորձել ենք ցույց տալ աղջիկների ու կանանց ուժը, ոչ միայն ներուժը։ Այս բոլոր բաղադրիչները գալիս են նորից ցույց տալու, որ ոչինչ սեռերի շուրջ չէ․ խոսքը մասնագիտության և կարողությունների մասին է՝ անկախ սեռից»,- ասում է Սեդա Պապոյանը։ «FemInno»-ին աջակցում են մի շարք կազմակերպություններ, որոնք կոնֆերանսի ընթացքում մասնակցում էին աշխատանքի տոնավաճառին։  «Աշխատանքի տոնավաճառի շուրջ բավական հետաքրքիր նախաձեռնություն ենք սկսել, որը կդառնա օնլայն հարթակ՝ կանանց տարբեր աշխատանքներ առաջարկելու և ոլորտում ներգրավված կանանց գտնելու»,- նշում է Սեդա Պապոյանը։ «FemInno»-ին պիտի մասնակցեր ու ելույթ ունենար նաև Սոնա Մնացականյանը, որն ապրիլին զոհվեց ավտովթարից։ Նրա մահից հետո հարազատները որոշեցին Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ սահմանել։ Կրթաթոշակները տրամադրելու համար դրամահավաք էր կազմակերպվել, որին այժմ էլ հնարավոր է միանալ։ Կոնֆերանսի առաջին օրը Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, հայտարարեց այն տասը աղջիկների անունները, որոնց կրթաթոշակ կտրամադրվի։  «FemInno»-ի շրջանակում նաև ստարտափ մրցույթ էր հայտարարվել։ Մրցույթին կարող էին մասնակցել հայաստանյան և արտասահմանյան այն ստարտափները, որոնց հիմնադիրներից առնվազն մեկն իգական սեռի ներկայացուցիչ է։ Կոնֆերանսի երկրորդ օրը ժյուրին ամփոփեց մրցույթի արդյունքները և հայտարարեց հաղթողների անունները։ «FemInno»-ի խոսնակների թվում էին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Կոնֆերանսին ներկա էին նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, իսկ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդես եկավ բացման խոսքով։ Կոնֆերանսի խոսնակներից էր Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը։ «Վերջին տարիներին կանայք շատ ակտիվ ներգրավված են տարբեր ոլորտներում։ Երբ ԱՄՆ-ից, տարբեր երկրներից պրոֆեսորներ են գալիս, շատ հետաքրքրված են, որ բուհերի ինժեներական, գիտական [բաժիններում] շատ կանայք են ներգրավված։ Բայց վերջերս կառավարությունը շեշտը դնում է մարզերի զարգացման վրա, որ մարզերում կանայք ավելի ակտիվ ներգրավված լինեն»,- նշում է նա։ Հայկ Մարգարյանը Հայկ Մարգարյանի խոսքով՝ կառավարությունը պիլոտային ծրագիր է սկսել և դասընթացներ է կամզակերպում Երևանի ու մարզերի կին ձեռներեցների համար։ Այժմ նախագիծն են ամբողջացնում, որ ծրագիրը ավելի լայն մասշտաներով իրականացնեն։ Խոսելով «FemInno» կոնֆերանսի նպատակների մասին՝ Սեդա Պապոյանը նշում է․ «Ուզում ենք ստանալ համերաշխ ու համագործակցային մթնոլորտ, ուզում ենք, որ մարդիկ նորովի սկսեն վերաբերվել կանանց մասնակցությանը ոչ կանացի ոլորտներում, թեև պիտի հպարտությամբ ասեմ, որ Հայաստանում մենք բավական լավ ցուցանիշներ ունենք։ ․․․․ Պարզապես այստեղ մի շատ կարևոր բան կա․ շարունակաբար կանանց նկատմամբ վստահությունը, միևնույնն է, շատ ցածր մակարդակ ունի, շատ դժվար են կանանց տալիս առաջնորդող դերեր, շատ դժվար են թույլ տալիս միանգամից անցնել գործի։ Կանայք ստիպված են լինում ապացուցել շատ բան, որ կարող են, և հետո նոր պիտի անցնեն գործի»։ Նրա խոսքով՝ կոնֆերանսի գլխավոր նպատակներից մեկը ձևավորելն է մի միջավայր, որի շուրջ կարող են հավաքվել տարբեր խաղացողներ՝ կազմակերպություններ, անհատներ, հասարակական նախաձեռնություններ, ինչպես նաև պետությունը․ «Միանգամից ոչինչ չի փոխվում, իհարկե, բայց մենք կոնֆերանսի շուրջ էս բոլոր կողմերին հանդիպելու, իրար հետ խոսելու, թեմաներ քննարկելու հնարավորություն ենք տալիս, ինչը միանշանակ իր արդյունքները տալու է եթե ոչ առաջիկայում, ապա երկարաժամկետ ապագայում»։ «FemInno»-ն դառնալու է ամենամյա կոնֆերանս․ յուրաքանչյուր տարի ամռանը միջազգային կոնֆերանսի շրջանակում հավաքվելու են կանայք, ինչպես նաև տղամարդիկ։ Իսկ մինչև հաջորդ կոնֆերանսը իրականացվելու են տարբեր նախաձեռնություններ, որոնք կկապեն մի կոնֆերանսը մյուսին։ Աննա Սահակյան
11:48 - 01 օգոստոսի, 2022
«FemInno» կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին ստարտափ մրցույթի արդյունքները

«FemInno» կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին ստարտափ մրցույթի արդյունքները

Երկու տարի առաջ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մի քանի ուսանողներ ստեղծեցին «MiCoFe» ստարտափը։ Ստարտափի գաղափարն է սուրճի թափոնների վերամշակումից պարարտանյութ ստանալ։ Այսօր ստարտափը հաղթեց «FemInno» կոնֆերանսի շրջանակում հայտարարված մրցույթում և դրամական պարգև ստացավ։ «FemInno»-ի հիմնադիր Սեդա Պապոյանի խոսքով՝ ստարտափ մրցույթը Հայաստանում անցկացվող միջազգային կոնֆերանսի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Մրցույթը հայտարարվել էր հայաստանյան և արտասահմանյան այն ստարտափների համար, որոնց հիմնադիրներից առնվազն մեկն իգական սեռի ներկայացուցիչ է։ Սեդա Պապոյանը նշում է, որ այդպիսով փորձել են խրախուսել աղջիկների ու կանանց մասնակցությունը։  Այսօր՝ կոնֆերանսի երկրորդ օրը, ժյուրիի անդամներն ընտրեցին հաղթող ստարտափներին՝ «MiCoFe» և «Oqni»։ «MiCoFe» ստարտափի անդամներ Լուսինե Դավթյանը, Հռիփսիմե Պետրոսյանը և Անուշ Բաբայանը նշում են՝ իրենց թիմի բոլոր 6 անդամներն աղջիկներ են, մասնագիտությամբ կենսաքիմիկներ։ Լուսինեն մագիստրատուրայում է սովորում, Անուշն ավարտել է մագիստրատուրան և պատրաստվում է ընդունվել ապիրանտուրա, իսկ Հռիփսիմեն արդեն ասիրանտուրայի ուսանող է։ Լուսինեն, Հռիփսիմեն և Անուշը «Սուրճի  թափոնը մենք վերամշակում ենք, դրան խառնում ենք բույսերի համար օգտակար բակտերիաներ և ստանում ենք կենսապարարտանյութ, որը բույսը և հողը չի վնասում և մարդկանց համար նույնպես անվնաս է։ Մեր ստարտափի նորարարությունն այն է, որ բացի սուրճից՝ օգտագործվում են բակտերիաներ․ դա նախ երկարացնում է թափոնի ազդեցությունը բույսի և հողի վրա և նաև ավելի լավացնում է հողի որակը»,- ասում է Լուսինեն։  Աղջիկները երկու տարվա ընթացքում հասցրել են լաբորատոր հետազոտությունների մի մասը ավարտել և այժմ անցել են ջերմոցային փուլի հետազոտություններին։ «Բաց դաշտում փորձում ենք հասկանալ պարարտանյութի ազդեցությունը, իսկ դրանից հետո արդեն կկարողանանք մտնել շուկա՝ մարդկանց հստակ առաջարկելով մեր արտադրանքը»,- ասում է Լուսինեն։ Հռիփսիմեն ու Անուշը ստարտափի աշխատանքներին զուգահեռ Երևանի պետական համալսարանում ֆունդամենտալ հետազոտություններ են իրականացնում։ Աղջիկները նշում են՝ պատրաստվում են համատեղել ստարտափն ու գիտական գործունեությունը։  Ստարտափի թիմը  թափոնների մշակման շուրջ այլ գաղափարներ ևս ունի, որոնց ուղղությամբ աշխատում է։  «MiCoFe»-ում ներգրավված են նաև ցածր կուրսերի ուսանողներ։ Աղջիկներն ասում են, որ այդպես նրանք ոգեշնչում են ուսանողներին։ Իսկ «FemInno» կոնֆերանսի շրջանակում ստացած դրամական պարգևով «MiCoFe»-ի անդամները որոշել են ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, որոնց շնորհիվ կկարողանան որոշ պարամետրեր չափել հենց ջերմոցում և ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ։ Աննա Սահակյան
22:22 - 31 հուլիսի, 2022
Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ «FemInno» կոնֆերանսի ժամանակ

Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ «FemInno» կոնֆերանսի ժամանակ

Այսօր Երևանում սկսվեց տեխնոլոգիական ոլորտում, գիտության մեջ և բիզնեսում կանանց դերին և ներգրավվածությանը նվիրված «FemInno» կոնֆերանսը։ «FemInno»-ի հիմնադիր Սեդա Պապոյանը պատմում է, որ կոնեֆրանսին պիտի ներկա լիներ և ելույթ ունենար Սոնա Մնացականյանը։ Սոնան, սակայն, այս ապրիլին զոհվեց ավտովթարից․ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենաներից մեկը  վրաերթի էր ենթարկել նրան։ Սեդա Պապոյանը Դժբախտ պատահարից հետո Սեդա Պապոյանը, Սոնայի քույրը, ամուսինը և այլք որոշեցին, որ պիտի Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ տրամադրեն այն կանանց և աղջիկներին, որոնք ներգրավված են հետևյալ ոլորտներում՝ տեխնոլոգիաներ, գիտություն, կանաչ էներգիա։ Կրթաթոշակները տրամադրելու համար դրամահավաք կազամակերպվեց, որը դեռ շարունակվում է։ Կրթաթոշակի համար դիմած 40 հոգուց ընտրվեցին 10-ը, որոնց անունները հայտարարվեցին այսօր՝ կոնֆերանսի առաջին օրը։  Սոնայի փոխարեն ելույթ ունեցավ նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը։ «Իմաստուններն ասում են՝ մենք ապրում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հիշում են, և քանի դեռ մեր առաքելությունը շարունակվում է։ Ես ու էլի մի քանի հոգի որոշեցինք, որ Սոնային և նրա տեսլականը կենդանի պահելու լավագույն ճանապարհներից մեկը օգնելն է այլոց հասնելու այն նպատակներին, որոնց ձգտում են»,- նշեց նա իր ելությում։ Աշոտ Վարդանյանը Աշոտ Վարդայանի խոսքով՝ 21-րդ դարում բազմաթիվ խնդիրներ պետք է լուծվեն՝ սկսած սովից մինչև գլոբալ տաքացում, և այդ խնդիրները լուծող մարդկանց կարիք կա․ «Ես հավատում եմ, որ այդ նորարարություններից շատերի հեղինակները կլինեն ոչ թե տղամարդիկ, այլ կանայք։ Գուցե այդ կանացից ոմանք արդեն այստեղ են»։ Կոնֆերանսին ներկա էր նաև Սոնա Մնացականյանի մայրը, որը մրցանակակիրներին հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը։ Ամերկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Նազելի Տեր-Պետրոսյանը մեկն է այն աղջիկներից, որոնք այսօր  Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ ստացան։ Նազելին պատմում է, որ պլանավորում էր սովորելուն զուգահեռ աշխատել, որպեսզի կարողանար ուսման համար վճարել։ Երբ նա իմացավ կրթաթոշակի մասին, դիմեց։ Այժմ Նազելիի ուսման վարձը կփոխհատուցվի, և նա կկարողանա ողջ ժամանակը տրամադրել ուսմանն ու նոր նախագծերին։ Նազելի Տեր-Պետրոսյանը Նազելին սովորում է համակարգչային գիտություններ բաժնում, դպրոցական տարիներին ռոբոտաշինության խմբակ է այցելել, հասցրել իր դպրոցում ռոբոտաշինություն դասավանդել ընկերներին։ Նա պլանավորում է ուսումն ավարտին հասցնել և գիտությամբ զբաղվել։ Անի Մելիքյանը ևս այսօր իմացավ, որ Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ է ստացել։ Անին նոր է ավարտել դպրոցն ու ընդունվել Ամերիկյան համալսարան։ Նա նպատակ ունի ինժեներ դառնալու և իր սեփական ընկերությունը ստեղծելու։ Անի Մելիքյանը «Հույս ունենք, որ կրթաթոշակի միջոցով Սոնայի կիսատ մնացած գործն առաջ ենք տանելու այն մարդկանց շնորհիվ, որոնց մենք ընտրել ենք որպես Սոնայի անվան կրթաթոշակի մրցանակակիր»,- ասում է «FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանը։ Աննա Սահակյան
23:04 - 30 հուլիսի, 2022
Ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ․ «FemInno» կոնֆերանսի հիմնադիր

Ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ․ «FemInno» կոնֆերանսի հիմնադիր

Լեհական «Perspektywy» կրթական հիմնադրամի տնօրեն Բիանկա Շիվինսկան (Bianka Siwińska) արդեն երկրորդ անգամ է Հայաստանում։ Առաջին անգամ նա Հայաստան է եկել 2020-ին, իսկ այս օրերին նա մեր երկրում է՝ մասնակցելու «FemInno» կոնֆերանսին։ Լուսանկարում՝ Բիանկա Շիվինսկան Տեխնոլոգիական ոլորտում, գիտության մեջ և բիզնեսում կանանց դերին և ներգրավվածությանը նվիրված «FemInno» կոնֆերանսը, որին մասնակցում են ավելի քան 30 բանախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից, տեղի կունենա հուլիսի 30-ին և 31-ին։  Բիանկա Շիվինսկայի ընկերությունն աջակցում է ՏՏ ոլորտում աշխատող և գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկներին։ «Ես այստեղ եմ՝ կիսվելու ՏՏ ոլորտի կանանց համար նախատեսված նախագծերի իմ փորձով։ Ինձ նաև շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում այստեղ, ՏՏ ոլորտի կանայք ինչ կարիքներ ունեն»,- նշում է նա։ Բիանկա Շիվինսկան և կոնֆերանսի այլ հյուրեր այսօր շրջայց կատարեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացան կենտրոնի պատմությանը, կրթական մոդելին։ Բիանկա Շիվինսկան պատմում է, որ «Թումոյի» մասին լսել էր դեռ 2020-ին, երբ առաջին անգամ էր Հայաստանում, իսկ այսօր առիթ եղավ այստեղ գալու։ ««Թումոն» հրաշալի է, ես նման բան երբեք չեմ տեսել ամբողջ աշխարհում, իսկ ես շատ եմ ճանապարհորդում։ Այդ պատճառով ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես է այն աշխատում, ինչպես է ֆինանսավորվում, և ինչպես են հայ մարդիկ անում սա»,- նշում է նա։ «FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանի խոսքով՝ իրենք, բացի լավ կոնֆերանս կազմակերպելուց, նպատակ ունեն նաև աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած հյուրերի համար նոր տեսանկյունից բացահայտելու մեր երկիրը։ «[Կոնֆերանսի] հյուրերը երեկ եղել են «PMI Science»-ի գիտահետազոտական կենտրոնում, որտեղ շատ հիացել էին լաբորատոր հնարավորություններով։ Հիմա եկել ենք «Թումո»։ Ընդամենը երկու օր ունենք, բայց էդ երկու օրում առավելագույնն ենք փորձում անել, որպեսզի կարողանանք մեր էկոհամակարգը ցույց տալ։ Եվ շատ ուրախ եմ, որ արդեն մեր մասնավոր զրույցներում լսում ենք արձագանքներ՝ առաջին հերթին հիացմունքի, մի քիչ էլ զարմանքի, որ այսքան փոքր երկրում այսքան բան է կատարվում»,- նշում է նա։ Սեդա Պապոյանի խոսքով՝ կոնֆերանսի մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում և այստեղ նաև ծանոթանում են մեր ՏՏ համակարգին․ «Մենք իսկապես ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ մեր հյուրերի համար և հյուրերի միջոցով՝ բոլոր այն մարդկանց համար, որոնց հետ նրանք կշարունակեն աշխատել»։ Սեդա Պապոյանը նշում է՝  կոնֆերանսի հյուրերին զարմացրել է, որ Հայաստանն այն քիչ փոքր երկրներից է, որտեղ unicorn (միաեղջյուր) կազմակերպություն կա։  «Հիմա, երբ մենք մտանք «Թումո», իրենք (կոնֆերանսի հյուրերը- խմբ․) ասում են՝ մենք հասկանում ենք՝ ինչու Հայաստանում կարող է լինել unicorn»,- պատմում է կոնֆերանսի կազմակերպիչը։ Բիանկա Շիվինսկան էլ, խոսելով կայանալիք կոնֆերանսի մասին, նշում է․ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ կանայք հավաքվում են միասին, և նրանց համար նոր հարթակ է ձևավորվում, որտեղ ավելի քիչ փորձառություն ունեցող կանայք կարող են սովորել ավելի փորձառու կանանցից»։ Աննա Սահակյան
18:50 - 29 հուլիսի, 2022
Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի կարծիքով՝ Հայաստանում շատ պետական խնդիրներ կան, և դրանց լուծման համար կարևոր է նորարարական մեթոդների կիրառումը․ «Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում դրանք հիմնված են Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) տարբեր տեսակի աշխատանքների, պատվերի վրա։ Այդ մասով մեզ մոտ շատ մեծ բաց կա։ Մենք պատվերը ֆորմալ  առումով ունենք՝ պաշտպանական ԳՀՓԿ-ն, բայց դա անընդատ կրճատվում է։ Մյուս հարցերում ընդհանրապես չկա որևէ ԳՀՓԿ բյուջե, որը միտված է հենց այդ տեսակ խնդիրները լուծելուն։ Ամենապարզ օրինակը․ անընդհատ խոսում են արտադրողականության բարձրացման մասին։ Մեր տնտեսության մեջ ամենամեծ տեղը հատկացվում է գյուղատնտեսությանը, բայց չկա նպատակային ԳՀՓԿ բյուջե, որը ծախսվում է, օրինակ, ագրոտեխնոլոգիաների մեջ, ագրոտեխնոլոգիաների զարգացմանը միտված ԳՀՓԿ-ի համար։ Բոլոր նախարարություններում կարելի է այդպիսի խնդիրներ առանձնացնել, որոնց լուծման գործիք է անհրաժեշտ դիտարկել ԳՀՓԿ աշխատանքների մեխանիզմը»։ Տիգրան Շահվերդյանն ընդգծում է՝  «Գիտուժ» համայնքի պահանջն ուղղված է եղել ԳՀՓԿ բոլոր շղթաների զարգացմանը։ Այս պահին Գիտության կոմիտեի շատ ծրագրեր ուղղված են հիմնարար հետազոտություններին, որոնք, սակայն, ԳՀՓԿ ընդանուր շղթայի մի մասն են․«Մենք միշտ խոսել ենք ոչ միայն գիտության, այլև ընդանուր ԳՀՓԿ շղթայի զարգացման մասին՝ այսինքն հիմնարար հետազոտություններից մինչև կիրառական հետազոտություններ, կիրառական հետազոտություններից մինչև փորձարարական մշակումներ։ Եթե խոսքը  հիմնարար հետազոտությունների մասին է, այո, հայտարարել են, տեսնում ենք բյուջեի ավելացումը, բայց չենք տեսնում, թե առաջնահերթությունները ինչպես կարող են ձևավորվել, չենք տեսնում, թե ինչ թվային նպատակներ են դրվում։ Այն, ինչ արվում է, չի կանգնեցնում գիտական համայնքի կործանումը։ Զուտ թվերով եթե նայում ենք, մեր գնաահատակններով ունենք տարեկան 200 մարդու կորուստ, բայց պետական պատվերի շրջանակում ունենք 200 ասպիրանտական տեղ։ Ակնհայտ է, որ դրանց շատ չնչին տոկոսն է գնում գիտություն, ներքին ռեսուրսներով մեր գիտական համայնքը չի վերականգնվում։ Չնայած ասում ենք, որ առաջնահերթություն է դրվել, բացարձակ բյուջեի տեսքով երևում է, բայց արդյունքից չի երևում, որ դա իսկապես առաջնահերթություն է»։ Նրա խոսքով՝ կառավարությունը մասնակի քայլեր է անում, որոնք խնդրին համակարգային լուծում չեն տալիս․ «Պետք է համակարգային մոտեցում, բոլոր մասերն էլ պետք է արվեն, չենք կարող ասել՝ այս մի կտորում մի փոքր առաջընթաց ապահովեցինք, ինչ լավ է, եկեք ուրախանանք։ Մենք գիտական պոտենցիալը չենք զարգացնում, որ աշխարհին միայն գիտելիք տանք։ Էլի տանք, դեմ չեմ, բայց պետք է նաև մեր նպատակներին ծառայի ու պետք է մեր նպատակներին ծառայեցնելով զարգացնենք։ Միջազգային ամսագրերում տպագրվելը, փորձաքննություն անցնելը շատ կարևոր է, որովհետև դրանով կարողանում ենք գնահատել, թե ինչ որակի աշխատանքներ են կատարվում, ինչ որակի գիտական կապիտալ ունենք, բայց մեր նպատակը դա չի: Պետք է ի վերջո հնարավորություն տալ այդ մարդկանց օգտագործել գիտելիքը մեր երկրի և հասարակության  կարիքները հոգալու համար. սա անելու համար նշածս ամբողջ շղթայով պետք է  համակարգային գործ անել»։ Նա ընդգծում է, որ պաշտպանական ԳՀՓԿ  աշխատանքների վրա նույնիսկ պլանավորվող գումարները չեն ծախսվում․ «Ինչպես ենք փորձում աշխարհում մեր հարևանների համեմատ ունենալ մրցունակ բանակ, անվտանգային  համակարգ, եթե նորարարական լուծումների վրա չենք ծախսում նույնիսկ այն չնչին գումարը, որը հատկացնում ենք։ Հիմնարար  հետազոտությունների վրա հատկացվում է 25 միլիարդ, պաշտպանականի համար՝ 5 միլիարդ դրամ։ Ստացվում է 5 անգամ ավելի քիչ, ու դա էլ չենք կարողանում արդյունավետ յուրացնել»։ Նշենք, որ 2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։ «Գիտուժ» նախաձեռնության  անդամը հավելում  է՝ խնդիրն այն չէ, որ հիմնարար հետազոտությունների վրա շատ գումար է ծախսվում, այլ այն, որ պաշտպանականի համար է շատ քիչ նախատեսվում․ «Համեմատությունը, որ անում եմ, չի նշանակում, որ պետք է այնտեղ քչացնեն, այստեղ ավելացնեն։ Պարզապես պաշտպանականի վրա  ավելի շատ է պետք հատկացնել և երբ հարց է բարձրացվում, որ համակարգը չի կարող ընդունել, պետք է զբաղվել նրանով, որ համակարգը կարողանա դա ընդունել։ Իսկ համակարգը կկարողանա դա անել, միայն այն դեպքում, երբ դու սկսես այն համալրել մի կողմից տաղանդներով, մյուս կողմից նպատակներդ  հստակեցնես և ծրագրերդ ի վերջո հստակ մշակես՝ հրաժարվելով իներցիոն կամ տեղային լուծումներից։ Հակառակ դեպքում անհամապատասխանություն է․  մի կողմից 2050 թ․-ի նպատակների ցանկում ունես մեկ շնչի  հաշվով ամենամարտունակ բանակը, բայց մյուս կողմից դու այսօր քայլեր ես անում, որոնք հակասում են այդ նպատակին։ Դու պաշտպանականը կրճատում ես, ինչպե՞ս ես ունենալու մեկ շնչի հաշվով ամենամարտունակ բանակը, թե՞ դա կարելի է մտածել 2040-ին։ Հենց այսօրվանից է պետք մտածել, որ 2050 թ․-ին ունենանք դա»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ պատասխանատու պաշտոնյաների համար կոնկրետ ժամկետներ սահմանվեն․ «Պետք է առաջինը դրվի նպատակը, պետք է հայտարարվեն այդ ժամկետները։ Ես վստահ եմ, որ շատ հարցերում  պետական համակարգում կա այդ ռազմավարությունները մշակելու ներուժը։ Օրինակ, ունենք Ռազմարդյունաբերության կոմիտե։ Ես գիտեմ, որ մասնավոր հատվածում կան կազմակերպություններ, որոնք ռազմավարությունների նախագծեր են իրականացնում։ Պետք է նստել, միասին այդ սևագրերը նայել, եթե պետք է լրացնել կամ եթե լրիվ հիմարություն է գրած, ապա նորից անել, բայց միասին աշխատելով դա բերել վերջնական արդյունքի»։ Տիգրան Շահվերդյանը մի օրինակ է բերում, պատմում է, որ  տիեզերական գործունեության ռազմավարության հետ կապված նույնպես աշխատանքներ են տարվել, բաց կոնկրետ վերջնաժամկետներ չեն սահմանվել․ «Ես անձամբ եմ մասնակցել այդ աշխատանքային խմբին, որ մշակում է ռազմավարությունը։ Արդեն կես տարի է այդ աշխատանքային խումբը չի հանդիպել, չնայած այդ ռազմավարության սևագիրը ունեինք։ Եթե մեխանիզմ է ստեղծվում այդպիսի գործեր անելու,  պետական մարմինները հետևողական չեն լինում, որ աշխատանքը ճիշտ տարվի»։ Նրա կարծիքով՝ Հայաստանում կա ռազմարդյունաբերության զարգացման պոտենցիալ, այլ հարց է, թե ինչ մեթոդներով է փորձ արվում այդ պոտենցիալը զարգացնել, ինչ խոչընդոտներ կան պետություն-մասնավոր համագործակցության համար և արդյոք լուծումներ տրվում են այդ խոչընդոտներին․ «Ամենամեծ խոչընդոտներից մեկը, որ լսել ենք, ընդհանուր ԳՀՓԿ աշխատանքների հանդեպ կարծրացած վերաբերմունքի հարց կա։ Հաճախ սպասումը այն է, որ պատրաստի նմուշ է ստացվելու։ Այո, ի սկզբանե նպատակը այդպիսին պետք է լինի, բայց պետք է հասկանալ, որ գործ ունես ամբողջությամբ ոչ միանշանակ գործընթացի հետ, որոնք իրենց մեջ ի սկզբանե ունեն ռիսկային էլեմենտներ։ Զարգացվածության տարբեր աստիճաններում այդ ռիսկերը տարբեր են։ Եթե նույնիսկ չի ստացվել այն, ինչ նախատեսվում էր, չի նշանակում, որ ամբողջ աշխատանքը ջուրն է ընկել ու պետք է գնաս, մարդուն դատի տաս։ Հնարավոր է, որ աշխատանքնը իսկապես բարեխղճորեն արվել է, բայց գործի բնույթի հետ կապված եղել են խնդիրներ։ Դա պետք է հաշվի առնել և վերջում ոչ թե ըստ արդյունքի առկայության կամ բացակայության փաստով որոշվի, այլ արդյոք աշխատանքը նորմալ կատարվել է, թե ոչ, և նույնիսկ բացասական արդյունքն էլ տվյալ դեպքում պետք է արդյունք համարվի»։   Նանե Ավետիսյան
20:32 - 24 մայիսի, 2022
Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը․ «Գիտուժ» նախաձեռնություն

Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը․ «Գիտուժ» նախաձեռնություն

Երեկ՝ մայիսի 10-ին տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության մամուլի ասուլիսը՝ «Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը» թեմայով։ Նախաձեռնության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։ «Կարճ քննարկման ընթացքում ներկայացրած մտքերը։ Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների բյուջեն ամբողջությամբ չի յուրացվում՝ անգամ պատերազմից հետո Կառավարությունն ու ԱԺ-ն շարունակում են չգնահատել Հայաստանին ուղղված մարտահրավերների հաղթահարման և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների զարգացման միջև եղած ուղղակի կապը: Ցավոք սրտի, 44 օրյա պատերազմից հետո այդ վերաբերմունքը չի փոխվել։ Նման վերաբերմունքը կարող է ունենալ երկու պատճառ. առաջինը պաշտպանական կարողությունները զարգացնելու ցանկության բացակայությունն է, երկրորդը՝ դա անելու անունակությունը, երբ չես կարողանում նպատակներ ձևակերպել և դրանք իրականացնելու համար կադրեր գտնել։ Երկու մոտեցումն էլ մեր դեպքում անընդունելի է, քանի որ Հայաստանն այսօր կանգնած է բազմաշերտ գոյաբանական մարտահրավերների առջև. Գիտուժի անդամ, «EarlyOne» ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյան։ Ըստ Գիտուժի անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի՝ պետական տարբեր ատյաններում շատ է խոսվում այն մասին, որ «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների» համար Կառավարությունը բյուջեով գումարներ հատկացնում է, սակայն մարդիկ չեն դիմում, նախագծեր չեն ներկայացնում։ «Պատկերացնում եք՝ ինչ կլիներ ԱՄՆ-ի զինված ուժերի հետ, եթե այդ պետության կողմից ստեղծված Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA) չկատարեր իր գործառույթը՝ հետազոտություններ չաներ, ընկերությունների առջև նպատակներ չդներ՝ խնդիրներ իջեցնելով, պատվեր չձևակերպեր։ ԱՄՆ-ում կլիներ նույն վիճակը, ինչ մեզ մոտ է. պետությունը կհատկացներ գումարներ, և դրանք չէին յուրացվի, քանի որ ոչ մի առանձին ընկերություն ունակ չի լիովին մարսել առկա խնդրիրների ամբողջականությունը, դա պետության գործառույթն է։ Այդ նպատակով է ստեղծվել DARPA-ն՝ մասնագետներով հագեցված այն գաղափարական կենտրոնը, որը հետազոտություններ է անում, ուրվագծում է պետության համար առաջնահերթությունները, ֆինանսավորում է պաշտպանական բնագավառում արդիական և կարևոր գիտական ուղղությունները և այլն»։ Գրեթե նույն գործառույթը կատարելու համար է Հայաստանում ստեղծվել ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ), բայց երկու տարի է՝ այն նախագահ չուներ, և հատկացված բյուջեներն անդընդհատ կրճատվում են։ Հիմա նախագահ նշանակել են, բայց չկա ռազմավարություն և այդ ռազմավարությանը համապատասխանող ծրագրեր։ Պարզաբանում։ 2021թ. պետական բյուջեից ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։ 2021 թվականի վերջին Կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարային կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ (~56%): Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունենում նաև սույն թվականի ապրիլի 7-ին՝ այս անգամ 295 մլն դրամ։ Ըստ Գիտուժի անդամ, «Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանի՝ բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև կանգնած Հայաստանում այս մոտեցումն անընդունելի է, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Չի կարելի նստել և սպասել, որ տարբեր ընկերություններ ձեզ մոտ կգան իրենց նախագծերով և քանի որ իրենք չեն գալիս կրճատել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն։ Ռազմարդյունաբերական հետազոտությունների պատվերը պետք է ակտիվորեն ձևավորվի եւ բխի զինված ուժերի տեխնոլոգիական վերազինման կարիքներից, վերջինս էլ զինված ուժերի համապարփակ վերափոխման կարիքներից։ Շարունակելով թեման՝ Մանուկ Հերգնյանը նշում է, որ խնդիրը խորանում է նաև այս բնագավառում պատվերների ձևավորման մոտեցման հետևանքով, որն ավելի շատ պատրաստի ապրանքի գնման տրամաբանությամբ է կառուցված՝ ներառելով նաև պատժի մեխանիզմներ։ Բացակայում է ռիսկի որոշակի մակարդակի թույլտվությունը, իսկ ինովացիան առանց ռիսկի չի լինում։ Հարկավոր է ոլորտում վստահության որոշակի դաշտ ստեղծել, որպեսզի այն զարգանա։ Հայաստանում գիտություն զարգացնելու համար պետք է ռեսուրսների գնահատում, նպատակների հստակեցում, հավակնոտ ռազմավարությունների մշակում և իրագործում Ըստ «Գիտուժի» անդամ, «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի՝ Հայաստանում գիտության և ԳՀՓԿ աշխատանքների զարգացման համար հարկավոր են բնագավառային ռազմավարություններ՝ գերակա գիտական ուղղություններում։ Օրինակ՝ արհեստական բանականության (AI) բնագավառում Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ, և այն նպատակային զարգացնելու դեպքում՝ մենք կարճ ժամանակում կարող ենք գրանցել լուրջ և շոշափելի արդյունքեր, այդ թվում՝ նաև պաշտպանական բնագավառներում։ Զուգահեռ պետք է իրականացվեն գիտական համայնքի ծերացումը կանխող մասշտաբային ծրագրեր։ «Հայաստանում գիտաշխատողների քանակի շարունակվող նվազումն աղետալի չափերի է հասնում, և դրա դեմն առնող ծրագրերն իրենց մասշտաբներով անհամատեղելի են։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է նման ահազանգող թվերով գիտական համայնքի ծերացումը տեսնել և պետական պատվերով ասպիրանտական տեղերի թիվը տարիներով 200 թողել կամ ֆունդամենտալ գիտության համար հատկացրած այս տարվա բյուջեից (25 մլրդ դրամ) միայն 1 մլրդ դրամ հատկացնել նոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են գիտության երիտասարդացմանը, արտասահմանցի գիտնականների ներգրավմանը»,- նշում է Արտավազդ Մինասյանը։ Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ։ Իսկ գիտության հարկավոր է «նոր արյուն»՝ երիտասարդ գիտնականների ներհոսք և արտասահամանցի գիտնականների ներգրավում 2021թ. Կառավարության որոշումներով գումարային 2 մլրդ դրամով ավելացվում են գիտության համար հատկացումները, իսկ 2022-ի բյուջեում նախատեսվում է հավելյալ մոտ 10 մլրդի ավելացում։ Սա, չափազանց կարևոր քայլ լինելով հանդերձ, ոչ համակարգային տեղային լուծում է։ «Հայաստանում գիտությունը վերակենդանացման բաժնում է, մահի վտանգը շատ բարձր է, մեր իշխանություններն էլ որոշել են, որ վերջ, ամեն ինչ լավ է, բարձրացրինք ֆինանսավորումը, «հիվանդին» տեղավորեցինք հիվանդանոց», գիտության հարցը լուծված է։ Իրենք չեն գիտակցում, որ, եթե գիտությունը վտանգված է, վտանգված է նաև Հայաստանը, քանի որ Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ, սա պետք է հստակ հասկանալ։ Միայն մեր երկրի գիտական ներուժը զարգացնելով՝ մենք կկարողանանք լուծել մեր առջև ծառացած մարտահրավերները։ Իսկ զարգացում հնարավոր է միայն խնդրին համապարփակ և ամբողջական լուծում տալով՝ երկարաժամկետ հեռանկարի մասին մտածելով»,-ասուլիսի ժամանակ նշում է Արամ Փախչանյանը։ Հայաստանում գիտությունը միջազգայնորեն մրցունակ դարձնելու համար պետք է օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը։ «Ես անձամբ ճանաչում եմ բազմաթիվ տաղանդավոր գիտնականների, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գիտության զարգացման մեջ, տեղափոխվել Հայաստան։ Սակայն իրենք չեն գա, որովհետև չեն տեսնում, որ պետությունը վերցնում է հանձնառություն երկար տարիներ զարգացնել գիտությունը։ Երբ «Գիտուժ» նախաձեռնությունը ստեղծվեց, առաջին օրից առաջարկում ենք գիտության և ԳՀՓԿ համար հատկացումների չափն (ՀՆԱ-ի առնվազն 1%) ամրագրել ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում, սական բոլոր կողմերից ստանում ենք ուժեղ դիմադրություն։ Ամեն բան ուզում են անել, որ դա չլինի։ Եթե դու չունես ռազմավարական հորիզոն, չես մտածում ապագայի մասին, կենտրոնանում ես առօրյա կամ խիստ կարճաժամկետ խնդիրների լուծումների վրա», - նշեց Արամ Փախչանյանը։  Հայաստանում գիտությունը «հիվանդի» կարգավիճակից հանելու համար պետք է բնագավառի թռիչքային և շարունակական զարգացումն ապահովող համակարգ ստեղծել Ֆունդամենտալ գիտության համար հատկացումը 10 մլրդ ավելացնելուց հետո Կառավարությունը կարծում է, որ «գնդակը գիտնականների դաշտում է»։ Տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունը մտածում է աննախադեպ ավելացում են արել հիմա պետք է սպասեն տեսնեն՝ ինչ կլինի։ Սա անլուրջ մոտեցում է։ Մեզ պետք է գիտության շարունակական զարգացման համակարգ կառուցելու, երբ պետությունն իր ողջ ներուժով, նախարարություններով և գերատեսչություններով լծված է երկիրը գիտահենք դարձնելու նպատակի իրականցմանը։ Այսօրվա մոտեցմամբ՝ տեղային լուծումներով և կիսաքայլերով նման համակարգ չես ստեղծի։ Ըստ Արամ Ջիվանյանի՝ երբ «Գիտուժը» Կառավարությունից պահանջում է ռազմավարություն չի ուզում տեսնել հերթական բազմաթիվ էջեր ունեցող և մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ պահարաններում փոշոտվող փաստաթուղթ։ Ռազմավարությունը պետք է բխի երկրի նպատակներից, հստակ ձևակերպված կարիքներից։ Այն պետք է գրվի ռեսուրսների գույքագրում անելուց հետո՝ իրագործման հստակ քայլերով և ժամանակացույցով։ Հայաստանում բոլոր նախարարությունները պետք է ունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) բաժին՝ համապատասխան բյուջեով Արամ Փախչանյանը հավելում է, որ Հայաստանում բոլոր նախարարությունները պետք է ունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) բաժին՝ համապատասխան բյուջեով։ Ընդ որում՝ նախարարությունները պետք է այդ բյուջեներն ամբողջությամբ իրացնելու կարողություն ունենան, այլ ոչ թե գումարի չափը հաստատվեն, բայց տարվա վերջում կրճատեն կամ պահեն պահուստային ֆոնդում, որից էլ վերջում պարգևավճարներ կտրվեն։ Նրա խոսքով՝ նախարարները պիտի զեկուցեն, թե ինչ բարձր մակարդակի՝ համաշխարհային չափանիշերին համապատասխան նոր հետազոտություններ են նախաձեռնել, ինչ արդյունքներ ունեն, եթե արդյունքներ չկան, նրանք այդտեղ անելիք չունեն։ Այլ կերպ հնարավոր չի ամրապնդել անվտանգություն, տնտեսություն զարգացնել, ունենալ մրցունակ գյուղատնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, գրանցել բարձր տեխնոլոգիական ոլորտի աճ կամ հեռանկարային զարգացման այլ խնդիրներ լուծել»։
12:54 - 11 մայիսի, 2022
Նախատեսվում է հստակեցնել տարկետում ստանալու համար գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը

Նախատեսվում է հստակեցնել տարկետում ստանալու համար գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացներում մի շարք փոփոխություններ կկատարվեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց համապատասխան նախագիծը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ կառավարության՝ 2018 թ․ 451-Ն որոշմամբ քաղաքացիներին տարկետում տրամադրվել է կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճումների համար՝ սահմանված հաշվարկի մեթոդաբանության համապատասխան: 2018 թ․ հաշվարկի մեթոդաբանությամբ միավոր է նախատեսված եղել նաև հարցազրույցի համար։ Նախատեսվել է, որ սահմանափակ թվով և բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիները ստանան տարկետում։ Այդ նպատակով գործել է նաև հանձնաժողով, որում ընդգրկված անդամները կիրականացնեն բացառիկ նվաճումների գնահատումը և հարցազրույցը:  «Սակայն, 2018 թվականից սկսած, կարգի մեջ տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հարցազրույցի փուլ այլևս նախատեսված չէ, իսկ իրավակիրառ պրակտիկայում կիրառված մոտեցումները հանգեցրել են նրան, որ տարկետումից օգտվում են ոչ թե բացառիկ նվաճումներ ունեցող եզակի քաղաքացիներ, այլ հարյուրավոր ուսանողներ, որոնք պահանջվող նվաճումները ձեռք են բերում՝ շատ ժամանակ նաև ոչ գնահատելի և չափելի կրթա-գիտական գործունեության շնորհիվ: Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կոնկրետացնել նվաճումները և դրանք համարժեք գնահատականի արժանացնել: Այդ իսկ պատճառով էլ նախատեսվում է նվաճումների շրջանակը հստակեցնել, իսկ գնահատումը դարձնել հստակ և տեսանելի»,- նշվում է հիմնավորման մեջ։ Նախագծով առաջարկվում է նաև, որ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանության օրը նշանակված է հայտարարված զորակոչի ընթացքում, կամ նրանք չեն ստացել գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը, զինվորական ծառայության կզորակչովնեն հաջորդ զորակոչի ընթացքում:  «Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է ընդունելի վարկանիշավորման ցանկերի շրջանակը որպեսզի դիմող քաղաքացիների համար հստակ լինի, ինչպես նաև հետագայում այլ վարկանիշավորման ցանկեր ևս ավելանալու դեպքում տարընկալման խնդիր չառաջանա»,- նշում է կառավարությունը։: Որոշման նախագծով սահմանված է, որ նախատեսվող փոփոխությունների մի մասը ուժի մեջ են մտնելու 2023 թվականի մարտի 1-ից, որ քաղաքացիները հնարավորություն և ժամանակ ունենան ուսումնառության ընթացքում ձեռք բերելու փոփոխություններով պահանջվող նվաճումները։
16:09 - 22 ապրիլի, 2022
Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում  COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Հունվարի 2-ին medmedia.am կայքում հրապարակվել է «Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է, որ Պիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Կայքը նշում է, որ ամերիկացի գիտնականների հետազոտության մասնակիցներից նրանք, ովքեր շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19 առաջացնող վիրուսով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, ովքեր վարակվել են, գրեթե չեն խմել։ «Նաև, ըստ գիտական ​​ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը»,- ասվում է medmedia.am-ի նյութում, սակայն նշված չէ, թե ովքեր են մեջբերվող հետազոտության հեղինակները, որ ամսագրում է հրապարակված գիտական հոդվածը։ Medmedia.am-ի սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, iz.ru կայքն է, քանի որ medmedia.am-ի հոդվածի տեքստը համընկնում է iz.ru-ում դեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածի տեքստին։ Ռուսական կայքի վերնագրում, սակայն, պնդում չի արվում այն մասին, որ ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-ով վարակվելու ռիսկը։ Medmedia.am-ը ոչ միայն փոխել է նյութի վերնագիրը, այլև թարգմանելիս բաց է թողել որոշ հատվածներ։ Iz.ru-ն ավելի շատ մանրամասներ է ներկայացրել ամերիկացի գիտնականների հոդվածի վերաբերյալ՝ նշելով, թե տարիքային որ խմբում է իրականացվել հետազոտությունը, քանի հոգի է մասնակցել դրան։ Ռուսական կայքը նաև տեղադրել է մեջբերվող հոդվածի հղումը։ Medmedia.am-ի նյութում բացակայում է Iz.ru-ի նյութի առաջին պարբերության հետևյալ նախադասությունը․ «Սակայն ռուս մասնագետները վստահ են, որ այդպիսի կանխարգելումը (ալկոհոլի օգնությամբ- խմբ․) ավելի շատ վնաս կտա, քան օգուտ»։ Ռուսական լրատվամիջոցը, ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացնելուց բացի, հարցազրույցներ է անցկացրել ռուս մասնագետների հետ, որոնք խոսել են ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ «Ես կասկածում եմ, որ ալկոհոլի որևէ տեսակ կարող է լավացնել իմունիտետը։ Այդպիսի հնարավորությունը դեռևս ապացուցված չէ։ Իմ փորձից ելնելով՝ կարող եմ հստակ նշել, որ ալկոհոլն, ընդհակառակը, խաթարում է վարակների դեմ բնական պաշտպանությունը»,- նշել է  Iz.ru-ի զրուցակից բժիշկը։ Ինչ վերաբերում է ամերկացի գիտնականների հետազոտությանը, ապա ո՛չ iz.ru-ն, ո՛չ medmedia.am-ը չեն նշել, որ հետազոտությունը գրախոսված չէ։ Բանն այն է, որ հոդվածը հրապարակված է medrxiv.org հարթակում, որտեղ գիտնականները հրապարակում են իրենց պատրաստի, սակայն չգրախոսված հոդվածները։ Գիտական գրախոսություն անցնելուց հետո միայն հոդվածները հրապարակվում են գիտական ամսագրերում, և կախված նրանից, թե ինչպիսի հեղինակություն ունեցող ամսագրում կհրապարակվի հոդվածը, կարող ենք եզրակացություններ անել այդ հոդվածի հավաստիության վերաբերյալ։ Բայց այդ՝ երբ ոլորտի այլ գիտնականներ գրախոսում են որևէ հոդված, կարող են հեղինակներին փոփոխություններ առաջարկել, այսինքն՝ մեջբերվող հոդվածի վերջնական տարբերակը դեռ առկա չէ։ Դեռևս չգրախոսված այս հոդվածում նշվում է, որ տարեցները COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու տեսանկյունից խոցելի խումբ են, և վարակի վրա ազդող գործոնների, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործման, բացահայտումը կարող է լրացուցիչ միջոցներ տրամադրել այդպիսի անձանց պաշտպանելու համար։  Գիտնականները հետազոտության մասնակիցների հետ 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի նոյեմբերը հարցազրույցներ են անցկացրել, և ի թիվս այլնի՝ հարցրել են, թե արդյո՞ք նրանք օգտագործում են ալկոհոլ։ Հարցազրույցին մասնակցած 90 անձանցից 42-ը եղել են պատվաստված, մասնակիցների 11,1%-ը նշել է, որ վարակված է եղել կոնորավիրուսով։ «Մենք նախնական եզրահանգման ենք եկել, որ COVID-19-ի հաճախականության նվազումը կապված է ալկոհոլի որոշ տեսակների, մասնավորապես՝ սպիրտային խմիչքների օգտագործման հետ։ Սակայն քանակը ոչ մեծ է՝ միջինում օրական մեկ անգամ։ Այս արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են ընդլայնված նմուշներ»,- ասվում է հոդվածի եզրակացության մեջ։ Փաստորեն, հետազոտության ընթացքում գիտնականները հարցարույցներ են անցկացրել 90 մարդու հետ, և նրանցից ստացած պատասխաններից եկել են վերը նշված եզրահանգմանը։ Գիտնականներն իրենք էլ շեշտում են, որ սա նախնական եզրահագնում է։ Ռուսական ria.ru-ն, ի դեպ, նույնպես այս հետազոտության վերաբերյալ նյութ է հրապարակել, սակայն ի տարբերություն նախորդ երկու կայքերի՝ նշել է, որ հոդվածը դեռևս գրախոսված չէ։ Ինչ վերաբերում է medmedia.am-ի պնդմանը, թե ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել COVID-ով վարակվելու ռիսկը, ապա այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Եվրոպայի գրասենյակը դեռևս 2020-ին է հայտարարություն տարածել։ Գրասենյակը խոսել է ալկոհոլի օգտագործման և  COVID-19-ով վարակվելու վերաբերյալ տարածվող միֆերի և այդ միֆերը հերքող փաստերի մասին։ Այստեղ կնշենք գրասենյակի ներկայացրած հիմնական միֆերն ու փաստերը․ ՄԻֆ․ Ալկոհոլի օգտագործումը ոչնչացնում է COVID-19 առաջացնող վիրուսը։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի ոչնչացնում վիրուսը։ Դրա օգտագործումն, ամենայն հավանականությամբ, կարող է մեծացնել առողջական ռիկսերը, եթե վարակվեք վիրուսով։ Ալկոհոլը (առնվազն 60% կոնցենտրացիայով) գործում է որպես ախտահանող միջոց մաշկի վրա, բայց այն նման ազդեցություն չունի օրգանիզմի ներսում։ ՄԻֆ․ Թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործումը ոչնչացնում է վիրուսը օդը ներշնչելիս։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի սպանի վիրուսը օդը ներշնչելիս, այն չի ախտահանի ձեր բերանն ու կոկորդը և ձեզ  չի պաշտպանի COVID-19-ից։ ՄԻֆ․ Ալկոհոլը (գարեջուր, գինի, թորած սպիրտ կամ բուսական սպիրտ) խթանում է իմունիտետը և վիրուսի դեմ դիմադրողականությունը։ՓԱՍՏ․ Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի իմունային համակարգի վրա և չի խթանի իմունիտետն ու վիրուսի դեմ դիմադրողականությունը։ ԱՀԿ-ն, փաստորեն, հերքում է, որ ալկոհոլի օգտագործումը կարող է սպանել կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը կամ խթանել իմունիտետը։ Ամփոփելով վերը նշվածները․ Medmedia.am-ն իր տեքստին հակասող վերնագրով նյութ է հրապարակել, որովհետև ո՛չ այս կայքի, ո՛չ նրա սկզբնաղբյուր կայքի նյութում նշված չէ, որ ակլոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու ռիսկը․ խոսքը ալկոհոլի չափավոր օգտագործման մասին է, սակայն այս պնդումը ևս վիճելի է։ Կայքի նյութում բացակայում են սկզբնաղբյուր հոդվածի այն հատվածները, որտեղ խոսվում է ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ Կայքը հղում է անում չգրախոսված գիտական հոդվածի՝ առանց նշելու այդ մասին։ Մեջբերվող հետազոտության հեղինակներն իրենք էլ նշում են, որ ալկոհոլի օգտագործման և COVID-19-ի հաճախանակության նվազման կապի մասին եզրակացությունը նախնական է։ ԱՀԿ-ն դեռևս 2020-ին է նշել, որ ալկոհոլի օգտագործումը չի սպանում COVID-19 առաջացնող վիրուսը և չի խթանում վիրուսի դեմ դիմադրողականությունը։ Աննա Սահակյան
14:09 - 06 հունվարի, 2022