ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը

Ապրիլի 14-ին՝ ժամը 22:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը: Փրկարարներն իրականացրել են դեպքի վայրի և ավտոմեքենայի սրահում հետախուզում․ տուժածներ չեն հայտնաբերվել: Դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա տեղի ուժերով հայտնաբերվել և գետից դուրս է բերվել Յ. Ա.-ն (ծնված 1990 թ.). բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
09:51 - 15 ապրիլի, 2024
Տաթև-Գորիս, Տաթև-Լծեն ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են

Տաթև-Գորիս, Տաթև-Լծեն ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են

Ապրիլի 11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայքում) և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:   Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Գորիս (10-րդ կմ-ին, մոտ 100 խմ) և Տաթև-Լծեն (18-րդ կմ-ին, մոտ 30 խմ) ավտոճանապարհներին, ինչի հետևանքով ավտոճանապարհները երկկողմանի փակ են:   Ժամը 13:25-ի դրությամբ Տաթև-Գորիս, իսկ 16:10-ի դրությամբ Տաթև-Լծեն ավտոճանապարհները դարձել են երկկողմանի երթևեկելի. փրկարարները հատուկ տեխնիկայի և ՃՇՇ աշխատակիցների հետ քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածների երթևեկելի հատվածներից:
19:11 - 11 ապրիլի, 2024
Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Ապրիլի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:31-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 44.06⁰ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: «Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- հայտնում են Փրկարար ծառայությունից։
21:00 - 07 ապրիլի, 2024
Իջևան-Երևան ավտոճանապարհին 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է

Իջևան-Երևան ավտոճանապարհին 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 08։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազատար ավտոմեքենան շրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին Iveco մակնիշի ավտոցիստեռնը՝ բեռնված 20 տոննա հեղուկ գազով (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) կողաշրջվել է, գազի արտահոսք չկա. մեքենայի բաքից առկա է դիզվառելիքի արտահոսք: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, մեքենայի խցիկից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս արձանագրել են վարորդի մահը:   Փրկարարները կատարել են ցիստեռի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացվում է հերթապահություն:
14:04 - 07 ապրիլի, 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:05 - 07 ապրիլի, 2024