ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: «Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետի, նաև գրել են, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայում:
16:01 - 11 օգոստոսի, 2022
Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021թ․ փետրվարին փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ՀՀ ԱԳՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021թ․ փետրվարին փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ՀՀ ԱԳՆ

Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։ Այս մասին՝ ի պատասխան ԶԼՄ-ների գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։  Հիշեցնենք, որ  այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և պատասխանել հարցին, թե արդյոք ՌԴ-ն խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն է տեսնում․  «Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: Կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:
22:39 - 05 օգոստոսի, 2022
 Արարատ Միրզոյանի հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Արարատ Միրզոյանի հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տասնինը զինծառայող վիրավորվել է, երկուսը՝ զոհվել:  ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային նախորդել էր Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայումս գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում, քանի որ հայտարարության 6-րդ կետը հստակ սահմանում է, որ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, մինչդեռ եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ, ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով։ Նա անընդունելի է համարել ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը:  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռևս չլուծված հումանիտար խնդիրներին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը միջազգային հումանիտար իրավունքի դրույթների խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:  Ընդգծվել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:
13:43 - 04 օգոստոսի, 2022
Անթույլատրելի են Ադրբեջանի հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարությամբ սահմանված իրավական ռեժիմը. ՀՀ ԱԳՆ

Անթույլատրելի են Ադրբեջանի հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարությամբ սահմանված իրավական ռեժիմը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են Արցախի ՊԲ զինծառայողներ: «Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը: Հիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի և հրադադարի խախտման դեպքեր են հանդիսանում այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար: Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք կետերի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանություններն են, շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները: Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
19:58 - 03 օգոստոսի, 2022
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը

 |armenpress.am|

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Վերահաստատվել է հանձնառությունը համապարփակ և արդյունավետ կերպով կյանքի կոչելու դրանք, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերում: Երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-հայկական կապերի ներկա վիճակին ու հետագա սերտացման հեռանկարներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում: Գոհունակությամբ ընդգծվել է Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության բարձր մակարդակն ընդհանուր եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակում: Քննարկվել են առաջիկայում կայանալիք երկկողմ միջոցառումների ծրագրերը:  
16:01 - 02 օգոստոսի, 2022
Տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Օգոստոսի 1-ին, Երևանում,  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:  Քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ անցկացնելու պրակտիկան շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը: Խորհրդակցությունների ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։  Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձը օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
17:53 - 01 օգոստոսի, 2022
Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը

Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը

Հուլիսի 29-ին Երևանում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, եգիպտականը՝ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Իհաբ Նասրը։ Կողմերն արձանագրել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունների և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի և բարեկամության վրա։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակին և դրանց առավել ընդլայնման և ամրապնդման համար անհրաժեշտ քայլերին։ Կողմերը շեշտել են Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերին։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում՝ հայկական կողմն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Խորհրդակցությունների ավարտին եգիպտական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները և փոխադարձ այցերը, որոնք նպաստում են բազմաոլորտ երկկողմ համագործակցության ընդլայնմանը և խորացմանը:
18:28 - 29 հուլիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահին հայտնել է հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահին հայտնել է հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hուլիսի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության ԱԳ նախարար Աբդուլա Շահիդի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով գործընկերոջը ՄԱԿ ԳԱ հաջող նախագահության կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի ներդրումը` ներկայիս համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ, որի առանցքում է արդյունավետ բազմակողմանիության գաղափարը: «Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող համագործակցությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրակարգի առաջմղմանը։ Աբդուլա Շահիդը, իր հերթին, բարձր է գնահատել Խորհրդում Հայաստանի ծավալած արդյունավետ գործունեությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, որը ներառում է նաև ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության պաշտպանությունը։ Հավելվել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորում է ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդման և ոճրագործությունների կանխարգելման համապատասխան մեխանիզմների կատարելագործումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը և գոհունակություն հայտնել հուլիսի 24-ը կին դիվանագետների օր ճանաչելու Մալդիվների նախաձեռնության կապակցությամբ, ինչի վերաբերյալ բանաձևի համահեղինակ է Հայաստանը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերի: Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը և շեշտել ՄԱԿ համապատասխան կառույցների՝ տեղում անարգել ներգրավվածության հրամայականը։ «Նախարար Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ նշելով, որ այն միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող են հասցեագրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպմանը հաջորդել է ՀՀ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը, որին ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ ԳԱ նախագահը հանդես են եկել ելույթով: Այցի շրջանակներում Աբդուլա Շահիդը նաև հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ կին դիվանագետների հետ, որի ընթացքում կարևորվել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումը և կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ քայլերի իրականացումը:
20:58 - 28 հուլիսի, 2022
ՀՀ դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր և պատասխանատու. Արարատ Միրզոյանը՝ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին

ՀՀ դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր և պատասխանատու. Արարատ Միրզոյանը՝ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը:  «ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,  Հարգելի՛ դեսպան Գաբրիելյան, Սիրելի՛ շրջանավարտներ, Մինչ ելույթիս հիմնական հատվածին անցնելը՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, պարոն Շահիդ։ Բավականին հագեցած երեք օրերի ընթացքում Դուք նշանակալի հանդիպումներ եք ունեցել ինչպես գործադիր և օրենսդիր մարմինների իմ գործընկերների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Եվ շատ ուրախ եմ, որ ընդունեցիք նաև Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտների վկայականների հանձման արարողությանը  մասնակցելու իմ հրավերը։  Դառնալով օրվա գլխավոր գործող անձանց,  Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Իրապես, Ձեր կյանքում ևս մեկ բարձունք այսօր նվաճեցիք։ Եվ անկախ նրանից, թե ձեզնից ովքեր շուտով կհամալրեն Հայաստանի Հանրապետության  դիվանագետների շարքերը, և ովքեր կշարունակեն իրենց ճանապարհն այլ ուղղություններով՝ իրենց նպաստը բերելով հանրային կյանքի տարբեր ոլորտների առաջմղմանը, այսօր բոլորը հաջողել են։  Ինչո՞ւ։ Որովհետև այն գիտելիքը, փորձը և համախոհների համայնքը, որոնք ձեռք եք բերել Դպրոցի մեկ տարվա ընթացքում ի նպաստ ձեզ է աշխատելու և ձեզ հետ է լինելու ամբողջ հետագա կյանքում։ Որքան էլ որ ներկայիս աշխարհը փոփոխական է և անակնկալներով լի, անփոփոխ է մնում մեկ բան․ ցանկացած նախաձեռնության և գործի հաջողության հիմքում ընկած է առաջատար գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով զինված մարդը։ Եվ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցում դուք հնարավորություն եք ստացել համընթաց շարժվել աշխարհի գիտական մտքի և պրոֆեսիոնալ հմտությունների նվաճումների հետ։ Միջազգային հարաբերությունների տեսությունից մինչև իրական կյանքի բանակցություններ, արտաքին քաղաքականության վերլուծությունից մինչև բարդ իրավիճակում կողմնորոշվելու կարողություն․ այս ամենը ամուր հիմք է ցանկացած բնագավառում հաջողելու համար։  Հարգելի՛ ներկաներ, Հայաստանի դիվանագիտական դպրոցը իր գործունեության 13 տարիների ընթացքում շուրջ երկու հարյուր շրջանավարտ է ունեցել, որոնց զգալի մասը դարձել է դիվանագետ և այսօր մեր արտաքին քաղաքական ծառայության հիմքն է հասցրել դառնալ։ Այստեղ ցանկանում եմ գնահատանքի խոսքեր հայտնել Դիվանագիտական դպրոցի տնօրեն պարոն Գաբրիելյանին՝ դիվանագետների սերնդափոխության գործում ունեցած ներդրումի և դիվանագիտական համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի զարգացմանը նպաստելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ թերևս չկա ավելի լավ ժամանակ դիվանագետ դառնալու համար։ Աշխարհում ընթացող բեկումնային փոփոխությունները, մեր տարածաշրջանում տիրող իրադրությունը, մեծ մարտահրավերներ են առաջ բերում, բայց, միաժամանակ, նաև մեծ հնարավորություններ են ստեղծում ճկուն միտք, նորարարական  մոտեցում և աննկուն կամք ունեցող դիվանագետի համար ինքնադրսևորվելու, իր ոլորտում իրական փոփոխություններ բերելու և իր ժողովուրդի համար լրացուցիչ արժեք ստեղծելու համար։ Այս պայմաններում դիվանագիտական ծառայությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր, շատ ավելի պատասխանատու և շատ ավելի մեծ անձնազոհություն պահանջող։ Եվ չնայած մեծ պահանջներին ու ոչ այդքան մեծ ռեսուրսներին, ես համոզված եմ՝ մենք կընդունենք մարտահրավերը և կիրականացնենք մեր վրա դրված առաքելությունը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և համայն մարդկության առաջխաղացման։ Սիրելի՛ շրջանավարտներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ամենայն հաջողություն մաղթում ձեր հետագա մասնագիտական գործունեության մեջ։ Հուսով եմ, որ շուտով ձեզանից շատերին կհանդիպեմ այստեղ՝ ամենօրյա աշխատանքում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում: 
16:33 - 28 հուլիսի, 2022
Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 27-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա֊Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հայ֊չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակներում քննարկվել են հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
17:17 - 27 հուլիսի, 2022
Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի հետ

Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի հետ

Հուլիսի 26-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։  Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ մղվող բարեփոխումների օրակարգը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։  Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում  ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել  խաղաղության համար։ Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը: Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։
11:03 - 27 հուլիսի, 2022
Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության համար. Արարատ Միրզոյան

Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության համար. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով ելույթ է ունեցել, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: «Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Յան Լիպավսկիին ջերմ ընդունելության համար։ Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել Չեխիային Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Սա իմ առաջին այցն է Չեխիա՝ երկիր, որը պաշտոնապես ստանձնել է Վացլավ Հավելի ժառանգությունն առաջ մղելու ուղին՝ կարևորելով մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ամուր քաղաքացիական հասարակությունը և բազմակողմ համագործակցությունը: Ներկայումս Հայաստանի կառավարությունն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումների և վերափոխումների իր հավակնոտ օրակարգը, և Չեխիան այս առումով մեր վստահելի գործընկերն է։ Մենք մեծապես արժևորում ենք Չեխիայի հետ մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, և պատրաստակամ ենք որակապես նոր մակարդակի հասցնելու հայ-չեխական քաղաքական երկխոսությունը և միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների և միջխորհրդարանական ակտիվ շփումների միջոցով։  Մեր քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերը պայմանավորվել ենք առավելագույն ջանքեր գործադրել տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում ներուժի իրացման, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների և մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ։ Հայաստանն ու Չեխիան փոխշահավետ համագործակցություն ունեն նաև բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։ Սա մեծապես լրացվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությամբ՝ իր հիմնաքարային՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի ակտիվ դերը նաև Արևելյան գործընկերության ձևաչափի խթանման գործում և պատրաստ ենք միավորել ջանքերը համագործակցության այս հարթակը փոխըմբռնման, ներառականության և արժանիքների վրա հիմնված սկզբունքով  պահպանելու համար։ Հարգելի՛ ընկերներ, Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր։ Հարգելի՛ գործընկերներ, Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։ Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, պարո՛ն Լիպավսկի,  Ձեր հյուրընկալության համար, և խնդրում եմ, ընդունեք իմ հրավերը՝ այցելելու Հայաստան»,- իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարարը: Հարց․ Ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները Հայաստանի վրա: Պատասխան. Իհարկե, Ռուսաստանի դեմ  պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու և, հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք  կհաջողենք այս գործընթացում:
20:38 - 26 հուլիսի, 2022