Նոյեմբերյան

Լարված իրավիճակ Բագրատաշեն տանող ճանապարհին․ կան բերման ենթարկվածներ

Լարված իրավիճակ Բագրատաշեն տանող ճանապարհին․ կան բերման ենթարկվածներ

Երեկոյան 18։00-ից տավուշցիները փակել էին Բագրատաշեն գնացող ճանապարհահատվածը։ Սկզբում ոստիկանները նրանց փողոցի երթևեկելի հատվածից տարան դեպի մայթեզր։ Մոտ մեկ ժամվա ընթացքում ոստիկանության մեծաթիվ ուժեր կուտակվեցին ճանապարհի այդ հատվածում։ Քիչ անց քաղաքացիները մեքենաներով փակեցին Ախթալայից դեպի Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհը։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանները պահանջեցին անհապաղ բացել ճանապարհը։ Ոստիկանությունը, բոլոր ուժերը գործի դնելով, րոպեներ անց սկսեց ճանապարհը բացելու գործողություն։ Վերջիններս ոչ միայն մեքենաներն էին հանում ճանապարհից ,այլ նաեւ բերման ենթարկում ընդդիմացող քաղաքացիներին։ Ճանապարհի մի քանի հարյուր մետր երկարությամբ, տարբեր հատվածներում քաշքշուքներ էին քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։ Ի վերջո, որոշ ժամանակ անց ոստիկանության գործողությունների արդյունքում ճանապարհի երթևեկելի հատվածը բացվեց, երթևեկությունը վերականգնվեց և տեղանքում հավաքված մեքենաները կարողացան շարունակել ճանապարհը։ Իրավիճակը մի պահ հանդարտվեց, սակայն որոշ ժամանակ անց  քաղաքացիները ինքնաբուխ փակեցին ճանապարհի մեկ այլ հատված, և ոստիկանները նրանց շուրջը պատ կազմելով քաղաքացիներին հրեցին դեպի մայթեզր։ Այս ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում էր, մի քանի քաղաքացիներ դարձյալ բերման ենթարկվեցին։ Այժմ իրավիճակը հանդարդ է, քաղաքացիները շարունակում են մնալ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածում, սակայն ոչ երթևեկելի գոտում, տարածքում են նաև ոստիկանության մեծաթիվ ուժեր։
21:04 - 23 ապրիլի, 2024
ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Տավուշի մարզում հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։  Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է դեպքի առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում:Համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:   Հարկ ենք համարում ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ՝ մարզային ստորաբաժանման հետ տեղում աշխատանքներ իրականացնելու համար:   Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել առ այն, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ են տեղափոխվել մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժիններ՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության: Միևնույն ժամանակ, Պաշտպանը հորդորում է բողոքի ակցիայի մասնակիցներին, ոստիկանությանը և հավաքի անցկացման վայրում գտնվող բոլոր անձանց ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Կարևոր է նաև, որպեսզի այս իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող ցանկացած խոսք ու վարքագիծ, այլ նաև հակազդեն դրանց: Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Իսկ այս պահին առավել, քան երբևէ, նման համերաշխ միջավայրի կարիք ունենք:
18:18 - 23 ապրիլի, 2024
Ով կգա ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող, ներդրված մարդ է․ Բագրատ Սրբազան

Ով կգա ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող, ներդրված մարդ է․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործունեություն տեղի չունենա։   «Ով կգա, զգացմունքով, ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող մարդ է, կապ չունի այս շարժման եւ իրադարձությունների հետ, բառիս բուն իմաստով ներդրված մարդիկ են»,- ասաց Սրբազանը։  Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի խոսքի ժամանակ երկու անգամ հայտարարեց, որ քաղաքացիները պետք է բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ուզեն, էդ ժամանակ էլ կգնան. «Ձեր ղեկավարությունն է հասցրել էստեղ»։ Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհահատվածը փակած քաղաքացիների մոտ է նաև Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։ Նա, փոխվարչապետի հետ երեկ կայացած հանդիպմանն անդրադառնալով, ասաց․   «Այն առաջարկները, որոնք ներկայացվել են, համարել ենք, որ սպառնում են Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը եւ ՀՀ-ին։ Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այդ գործընթացին»։  Բագրատ Սրբազանի կոչով ակցիայի մասնակիցները այժմ շարժվում են եկեղեցու բակ՝ քննարկման։ Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքի բնակիչները այսօր առավոտյան փակել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհահատվածը։ Նրանք նույն պահանջներն են հայտարարում, ինչ Ոսկեպարի ու Կիրանցի ճանապարհները փակած քաղաքացիները՝ հակառակորդին չհանձնել տարածքները։ Ավելի վաղ տարածքում ծեծկռտուք էր սկսվել։ 
12:52 - 23 ապրիլի, 2024
Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն

Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն

Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան։ Այս մասին ասված է Նոյեմբերյան համայնքի հայտարարության մեջ․ «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը  համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։ Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան»,- ասված է հայտարարության մեջ։
12:19 - 23 ապրիլի, 2024
Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից

Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով սահմանային մի հողամաս որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն՝ համայնքային սեփականության հողատարածքը դարձել  է պետական սեփականություն։ Խոսքը սահմանամերձ Ոսկեպարի այն տարածքի մասին է, որից գրեթե 1 կմ հեռավորության վրա նախանցյալ տարի՝ 2021 թ․ ամռանը, տեղակայվել էին ռուս սահմանապահները։  Այդ ժամանակ՝ վերջիններիս տեղակայման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարճ հայտարարություն էր տարածել՝ հաստատելով այդ տեղեկությունն ու պարզաբանելով, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակում նշված հատվածում շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ ՊՆ-ն չէր մանրամասնել, թե ինչու եւ իրավական ինչ հիմքով են սահմանապահները այդտեղ տեղակայվել, հետագայում էլ ՊՆ-ին, ԱԱԾ-ին եւ ԱԳՆ-ին ուղղված մեր այդ եւ այլ հարցեր լիարժեք պատասխաններ չէին ստացել։ Նվիրատվության կարգով ՀՀ-ին տրամադրված հողատարածքի կոորդինատները՝ համաձայն ՏԿԵՆ-ից 09․12․22 թ․ ստացված պատասխանի, ռուս սահմանապահների՝ 2021 թ․ տեղակայման կոորդինատները՝ Hetq.am-ի Նվիրատվության որոշումից հետո Infocom-ը մի շարք հարցումներ է հղել պետական կառույցներին եւ ՏԻՄ-ին՝ փորձելով հասկանալ՝ ինչ նպատակով է նման որոշում կայացվել, շինարարական ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով է դա առնչվում ռուս սահմանապահների հետ։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ այդ հատվածում կառուցված կացարանում տեղակայվել են հենց ՌԴ զինված ուժերի ծառայողներ։ Շուրջ կես տարվա գրագրության արդյունքում Նոյեմբերյանի համայնքապետարանը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն ու Կառավարությունը այդպես էլ չեն ցանկացել հստակ պատասխանել մեր այդ հարցերին՝ ամեն կերպ շրջանցելով եւ փորձելով անգամ հերքել շինարարության փաստը, որը, սակայն, հավաստվում է թե՛ արբանյակային, թե՛ մեր հեղինակային լուսանկարներով եւ տեսանյութերով։ Ստորեւ ներկայացնում ենք մեր լուսանկարները, որոնք հնարավոր է սլաքի միջոցով թերթել եւ տեսնել, թե ամիսների ընթացքում ինչ փոփոխության է ենթարվել հիշյալ հողատարածքը։   Ըստ համայնքապետարանի՝ հողամասը նվիրատվության կարգով տրամադրվել է ՀՀ-ին՝ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով Համայնքային հողամասը պետությանը որպես նվիրատվություն տրամադրելու որոշումը կայացրել է Նոյեմբերյան համայնքի ավագանին նախորդ տարվա՝ 2022 թ․ հուլիսի 13-ին հրավիրված արտահերթ նիստում։ Կողմ են քվեարկել ավագանու 14 անդամներ, դեմ եւ ձեռնպահ անձինք չեն եղել։ Ավագանու որոշումից պարզ է դառնում, որ այն 71․33 հա հողամասից առանձնացված 2 հա մակերեսով մի հատված է՝ հարակից H53 մայրուղուն, որի թե՛ նպատակային, թե՛ գործառնական նշանակությունը հատուկ նշանակության է։  ՀՀ Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ հատուկ նշանակության հողեր են համարվում պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը եւ օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:  Նոյեմբերյանի ավագանու որոշումը՝ ըստ համայնքի պաշտոնական կայքի  Որոշման հրապարակումից շաբաթներ անց՝ 2022 թ․ օգոստոսի 8-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ նպատակով է ավագանին նման որոշում կայացրել։ Միաժամանակ հետաքրքրվել ենք, թե երբ եւ ում կողմից են տվյալ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել որպես հատուկ նշանակության։ Առանց օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետ խնդրելու Նոյեմբերյանի համայնքապետարանը հարցմանը պատասխանել է գրեթե մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին՝ տեղեկացնելով, որ ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 71.33 հա մակերեսով հողամասից առանձնացված 2.0 հա մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվել է ՀՀ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով: Ըստ համայնքապետարանի՝ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել են որպես հատուկ նշանակության 07.06.2022թ-ին՝ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։  Նշենք, որ  հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը, ըստ Կառավարության համապատասխան որոշման, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն են։ Այդպիսի հողերում քաղաքաշինական աշխատանքների իրականացումը կարգավորվում է Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված հատուկ կարգով, մյուս դեպքերում, երբ խոսքը համայնքային ոչ հատուկ նշանակության հողերի մասին է՝ վարչական ղեկավարի թույլտվությամբ։ Համայնքապետարանի պատասխանից պարզ է դառնում, որ տվյալ հողամասը դասակարգվել է որպես հատուկ նշանակության այն նվիրատվության կարգով տրամադրելու մասին ավագանու որոշումից ավելի քան 1 ամիս առաջ։ Այնուհանդերձ, նույն հարցմամբ նշել էինք՝ եթե նախքան հատուկ նշանակության հողատարածք դասակարգվելը տվյալ հատվածում իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, ապա խնդրում ենք տրամադրել կառուցապատման նպատակով վարչական ղեկավարի թույլտվությունը (կամ եթե առկա է մերժում, դրա հիմքերը)։ Դրանից բացի, խնդրել ենք տրամադրել ստույգ տեղեկություններ նախատեսվող/իրականացվող շինարարության եւ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին՝ հաշվի առնելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածները։ Վերջիններս սահմանում են, որ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչները, ի թիվս այլնի, իրավունք ունեն ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտեւորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին։  Նոյեմբերյանի համայնքապետարանը հիշյալ հողամասում քաղաքաշինական գործունեության դեպք չի արձանագրել Վերոնշյալ հարցերին ի պատասխան՝ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնել են, որ նախքան հատուկ նշանակության դասակարգվելը եւ նախքան 13.07.222թ-ն այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացվելու դեպք չի արձանագրվել, եւ կառուցապատման թույլտվություն ստանալու համար Նոյեմբերյանի համայնքապետարան ոչ ոք չի դիմել․ «Իսկ նշված մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվելուց հետո ծագած հարցերի վերաբերյալ կարող եք դիմել ՀՀ կառավարություն»,- ասված է պատասխանում։ Չնայած համայնքապետարանի այս պատասխանին՝ Sentinel-hub արբանյակային տվյալների մշակման կայքի միջոցով արված լուսանկարները փաստում են, որ հիշյալ հողատարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացվել է նախքան 13․07․22-ը, այսինքն՝ նախքան համայնքապետարանի կողմից այն պետությանը տրամադրելու որոշումը, ինչը նշանակում է, որ դրա համար պետք է տրված լինի շինթույլտվություն։ Մասնավորապես, առնվազն հուլիսի 7-ից սկսած՝ նշված հատվածում, որը նախորդ ամսվա լուսանկարում ամբողջությամբ կանաչապատ էր, նկատվում են փորված հատվածներ։ Տեղաշարժելով սպիտակ շրջանը՝ հնարավոր է տեսնել այդ տարբերությունը։   Դրանից բացի, հուլիս ամսին մեր նկարահանող խումբը եւս եղել է Ոսկեպարում եւ արձանագրել օրեր շարունակ այնտեղ ընթացող շինարարությունը։ Ստորեւ տեղադրված տեսանյութերը, օրինակ, նկարահանվել է 2022 թ․ հուլիսի 12-ին՝ դարձյալ նախքան ավագանու որոշումը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք լրացուցիչ հարցմամբ դիմել ենք Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ կից ուղարկելով արբանյակային լուսանկարները եւ խնդրելով պարզաբանել նախորդ հարցմանը տրված պատասխանը։ Հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից հայտնել են․ «Նախորդ պատասխանում ոչ թե նշված է, որ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել, այլ նշված է, որ նախքան 13․07․22  այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպք չի արձանագրվել։ Այսինքն՝ եթե անգամ քաղաքաշինական գործունեություն իրականացվել է, դա համայնքապետարանի կողմից չի հայտնաբերվել, թեեւ, ըստ մեր տեղեկությունների, մինչեւ նշված ժամկետն այնտեղ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել»,- ասված է պատասխանում։ Ինչպես արդեն նշեցինք, մի քանի օր Նոյեմբերյան համայնքում գտնվելով՝ մեր նկարահանող խումբն է անգամ այնտեղ արձանագրել քաղաքաշինական գործունեությունը, հետեւաբար տարակուսելի է համայնքապետարանի այն պատասխանը, թե եթե անգամ իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, դա իրենց կողմից չի հայտնաբերվել։ Դրանից բացի, ուշագրավ է, որ տեսանյութում երեւացող տրակտորի վրա առկա է «Նոյեմբերյան համայնք» գրությունը։ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն մեկամսյա ժամկետ են խնդրել՝ հարցմանը չպատասխանելու համար Հաշվի առնելով, որ հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն են՝ հոկտեմբերի 13-ին մենք գրավոր հարցումներով դիմել ենք նաեւ այդ մարմինների ղեկավարներին՝ ի թիվս այլնի, խնդրելով հայտնել, թե ի՞նչ է կառուցվում նշված հողատարածքում, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների գործառույթների հետ։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք պարզաբանել՝ ինչպես է կապված եւ  իրավական ինչ հիմքով։ Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեղեկությունը կտրամադրվի մեկամյսա ժամկետում։ Նոյեմբերի 14-ին ԱԱԾ մամուլի կենտրոնն ուղարկել է գրություն՝ հայտնելով հետեւյալը․ «ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված տեղեկություն ստանալու մասին գրավոր հարցման մեջ նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համայնքի ավագանու կողմից ՀՀ նվիրատվության կարգով հողամաս տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո տվյալ գույքը որպես նվիրատվություն ընդունվում է ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը դեռեւս համապատասխան որոշում չի ընդունել, հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»:  Հատկանշական է, որ ԱԱԾ-ի հատուկ նշանակության հողատարածքների լիազոր մարմին լինելը պայմանավորված չէ Կառավարության կողմից նվիրատվությունն ընդունած լինել-չլինելու հանգամանքով, հետեւաբար անկախ այդ որոշման առկայությունից՝ ԱԱԾ-ն, որպես լիազոր մարմին, տվյալ տեղեկության տնօրինողն է։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, այն եւս պատասխանն ուղարկել է նոյեմբերի 14-ին, թեեւ հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու վերաբերյալ մենք գրավոր չենք ծանուցվել։ Ըստ ստացված պատասխանի՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հողատարածք չի հատկացվել, հետեւաբար, համապատասխան տեղեկություն չի կարող տրամադրվել։  Նկատենք, սակայն, որ ոչ ավագանու որոշման, ոչ էլ մեր հարցման մեջ խոսքը ՊՆ-ի կարիքների համար հատկացված հողատարածքի մասին չէր, ՊՆ-ն, ըստ Կառավարության հիշյալ որոշման, հատուկ նշանակության հողատարածքի լիազոր մարմիներից մեկն է, ինչով պայմանավորված էլ՝ հարցումն ուղղել էինք նաեւ այնտեղ։ Իսկ եթե տվյալ դեպքում որպես լիազոր մարմին ընտրվել է ԱԱԾ-ն, ապա հարկ էր պատասխանում նշել այդ մասին։ Նախքան նվիրատվությունն ընդունելը Կառավարությունը եւս անհնարին է համարել տեղեկության տրամադրումը Նոյեմբերի 16-ին գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ ՀՀ կառավարությանը՝ հետաքրքրվելով՝ կառավարությունն ընդունե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է ընդունել նվիրատվությունը։ Եթե այո, ապա ե՞րբ եւ պետական ո՞ր մարմնի հետ է կնքվել/կնքվելու նվիրատվության պայմանագիրը, իսկ թե առայժմ չի ընդունել, ապա ինչ պատճառաբանությամբ։ Միաժամանակ դարձյալ խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հիշյալ հողատարածքը տրամադրվել ՀՀ-ին, ինչ նպատակով եւ ինչ է կառուցվում այնտեղ, դա որեւէ կերպ կապված է ռուս սահմանապահների գործառույթներին, եթե այո, ապա ինչպես եւ իրավական ինչ հիմքով։ Հարցմանն ի պատասխան՝ նոյեմբերի 24-ին Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ հիշյալ հողամասի նվիրատվությունն ընդունելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնվում է քննության փուլում։ Ըստ պատասխանի՝ որոշումն այդ պահի դրությամբ դեռեւս ընդունված չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ իրավական նախագիծը մինչ ընդունվելն անցնում է նախապատրաստական փուլ։ Դրանով պայմանավորված էլ մյուս հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը Կառավարությունն անհնարին է համարել։ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, Կառավարությունն ընդունել է  նվիրատվությունը Նվիրատվությունից շուրջ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նվիրատվությունն ընդունելու եւ ՀՀ ԱԱԾ-ին ամրացնելու մասին։ Միեւնույն ժամանակ վարչապետը հանձնարարել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում  Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել  նվիրատվության պայմանագրի կնքման եւ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ՀՀ ԱԱԾ միջոցների հաշվին: Հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն մերժել էր տեղեկության տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ նվիրատվությունը դեռ չի ընդունվել, մենք դարձյալ դիմել ենք ԱԱԾ-ին՝ խնդրելով նվիրատվությունն ընդունված լինելու պայմաններում տրամադրել հիշյալ տարածքում շինթույլտվության որոշումը, իսկ դրա անհնարինության դեպքում տրամադրել հայցվող տեղեկությունները։ Մասնավորապես, խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել ՀՀ-ին, ի՞նչ է կառուցվում այնտեղ, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների հետ։ Եթե այո, ապա ինչպե՞ս է կապված եւ իրավական ի՞նչ հիմքով։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կապվա՞ծ է պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ թե՞ ոչ։ Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված՝ նախագծային փաստաթղթերը՝ ճարտարապետաշինարարական լուծումների մասով, կառուցապատողը համաձայնեցնում է նաեւ համայնքի ղեկավարի եւ անհրաժեշտության դեպքում` պաշտպանության ոլորտի լիազորված մարմնի հետ, այսինքն՝ համայնքը, ամեն դեպքում, անմասն չի մնում այդ գործընթացից, իսկ գաղտնի տեղեկությունների բացակայության դեպքում նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը եւ շինարարության թույլտվությունը միայն լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ ԱԱԾ-ի տիրույթում է։ ԱԱԾ-ն դարձյալ մեկամսյա ժամկետ է խնդրել հարցմանը պատասխանելու համար։ Ըստ այդմ, պատասխանն ուղարկել է այս տարի՝ 2023 թ․ հունվարի 27-ին։ Հարցման պատասխանում ԱԱԾ-ն արձանագրել է այն, ինչն առանց դրա էլ պարզ էր․ «Նոյեմբերյան համայնքի ավագանու՝ 13.07.2022 թվականի 118-Ա որոշման մեջ նշված չէ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական սահմաններում գտնվող 2 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ նվիրատվության կարգով հանձնելու նպատակը»։ ԱԱԾ-ն նաեւ հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական-վարչության եւ Նոյեմբերյան համայնքի կողմից նշանակված լիազոր անձի միջև 12.01.2023 թ․-ին Նոյեմբերյանի նոտարական գրասենյակում կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը մուտքագրվել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում եւ 23.01.2023 թ-ին ստացվել անշարժ գույքի վկայական․ «Վերոնշյալ հասցեում ՀՀ ԱԱԾ-ի կողմից քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում»,-ասված է պատասխանում։ Նկատենք, սակայն, որ հարցմամբ չէինք էլ նշել, թե ԱԱԾ-ն է քաղաքաշինական գործունեություն իրականացնողը, այլ հարցերը ուղղել էինք այնտեղ՝ որպես դրա լիազոր մարմին։ Այսպիսով, սահմանամերձ Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը, ըստ Նոյեմբերյանի համայնքապետարանի, արտաքին անվտանգության խնդիրների լուծման նպատակով, սակայն թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, ինչ շինարարություն է այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով դա կապ ունի ռուս զինծառայողների հետ, ամիսներ տեւած գրագրության արդյունքում այդպես էլ մնացին չպարզված՝ պայմանավորված պետական կառույցների խուսափողական պատասխաններով։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Ռոման Աբովյանի
15:31 - 22 մարտի, 2023
Նպատակը թիմեր ձևավորելն է, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն․ Նոյեմբերյանում կանցկացվի «Ապագայի նախատիպը» միջոցառումը

Նպատակը թիմեր ձևավորելն է, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն․ Նոյեմբերյանում կանցկացվի «Ապագայի նախատիպը» միջոցառումը

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում օգոստոսի 20-21-ը տեղի կունենան կոնֆերանսներ, պանելային քննարկումներ ՏՏ ոլորտի, մարզերի համաչափ զարգացման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ «Ապագայի նախատիպը» կոչվող այս միջոցառումը կազմակերպել են «Protolab» ստարտափի պատանիները՝ ստարտափի հիմնադրման մեկ ամյակի առիթով։ «Protolab»-ի համահիմնադիր Արգամ Ամիրաղյանը միջոցառման նպատակը նկարագրում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքերով․ «Աշխարհում հաղթում են թիմերը, իսկ անհատների առաքելությունը թիմեր ստեղծելն է»․ «Մեր գլխավոր նպատակն այն է, որ ձևավորվեն թիմեր, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն։ Ես վստահ եմ, որ միջոցառումը մեր համայնքի համար օգտակար կլինի, որովհետև ես չեմ հիշում, որ Նոյեմբերյանում այսպիսի կոնֆերանսային միջոցառում երկար ժամանակ եղած լինի։ Հույս ունեմ, որ մարդիկ նորից հավատով կլցվեն դեպի Նոյեմբերյան ու ապագա կտեսնեն նաև իրենց համայնքներում»։ Արգամը պատմում է, որ հետաքրքրիր ու խիտ գրաֆիկ են կազմել, որպեսզի երկու օրերը դառնան իսկական գիտելիքի տոն։ Միջոցառման գլխավոր թեմաներն են մարզերի համաչափ զարգացումը, ՏՏ ոլորտը, բիզնեսի զարգացումը, անձնային աճը, մոտիվացիան․ լինելու են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ․ «Առաջին օրը ամբողջ օրակարգը հիմնականում նվիրված է լինելու կոնֆերանսներին, պանելային քննարկումներին,  որից հետո արդեն մեկնելու ենք վրանային գիշերակացի, երեխաները հնարավորություն են ունենալու շփվել միմյանց ու նաև փորձառու մարդկանց հետ։ Հաջորդ օրը կոնֆերանսների քանակն ավելի քիչ կլինի․ տեղի կունենա «Protolab»-ի պաշտոնական շնորհավորումը, ու որոշել ենք գաղափարների մրցույթ իրականացնել, որի մասնակիցները լինելու են Հայաստանի տարբեր մարզերից թիմեր, ու նրանց ծրագրերը պետք է միտված լինեն իրենց համայնքներում որոշ խնդիրներ լուծելուն»։ Արգամն ասում է, որ այս պահին 20 բանախոսներ հաստատել են միջոցառմանը իրենց մասնակցության մասին, որոշների հետ էլ դեռ ճշգրտման փուլում են։ Իսկ համայնքներում խնդիրներ լուծելու համար նախատեսված գաղափարների մրցույթի համար թիմերը պետք է նախապես հայտագրվեն․ Արգամն ասում է, որ այս պահին հայտագրումները քիչ են․ «Սակայն շփվելով մարզեցիների հետ, տեսնում ենք, որ հետաքրքրվածությունը բավական մեծ է, ու լինելու է  գաղափարների իրական մրցակցություն։ Հայտատադիմումները փակվելու են օգոստոսի 10-ին, ու մտածում ենք, որ վերջին 2 օրում կտեսնենք, թե ինչ գաղափարներ կան, որոնք փոփոխություն կբերեն համայնքներում, հետո արդեն՝ մարզերում»։ Նրա խոսքով՝ միջոցառմանը 150 պատանիներ են մասնակցելու, որոնք 15-23 տարեկան են։ Մասնակիցները հիմնականում Տավուշի և Լոռու մարզերից են․ «Միջոցառմանը մասնակցելու հայտադիմումները արդեն փակվել են, ու ընդհանուր առմամբ 190 հոգի են հայտադիմում ներկայացրել, որոնցից 110-ը հաստատ անցել են։ Նրանց կմիանան նաև Նոյեմբերյանի երեխաները, ու մասնակիցների թիվը 150 կլինի»։ Պատանիները միջոցառման կազմակերպման ճանապարհին դժվարությունների հանդիպում են, սակայն հույս ունեն, որ այն հնարավորինս բարձր մակարդակով կանցկացնեն․ «Բացի նրանից, որ մեր փորձը քիչ էր միջոցառումներ կազմակերպելու առումով, նաև սեզոնային իրավիճակով պայմանավորված բավական բարդ էր մարդկանց հետ կապ հաստատելը։ Հյուրերի մեծ մասը, որոնք գաղափարակից են, գտնվում են Հայաստանից դուրս կամ գործի բերումով խիստ զբաղված են լինում։  Խնդիրները շատ են, բայց մենք կարծում ենք, որ պատվով ենք դուրս գալիս, ու քանի որ մեր նպատակը բավականին մեծ է, բարդացումները այդքան էլ չեն խանգարում, թույլ տրված սխալներն էլ մեր կազմակերպած հաջորդ միջոցառման ընթացքում կուղղվեն»։ Նա պատմում է նաև, որ միջոցառումը «Protolab»-ի թիմով են կազմակերպում, սակայն զգում են Նոյեմբերյանում ապրող պատանիների, երիտասարդների, ինչպես նաև համայնքի աջակցությունը։ Իսկ «Ապագայի նախատիպը» «Protolab» ստարտափի կարգախոսն է, հենց այդպես էլ անվանել են սպասվելիք միջոցառումը․ «Մենք նաև այդ օրերին փորձելու ենք կառուցել ապագայի նախատիպը, այսինքն՝ տարբերակներ գտնել, թե ինչպիսին պետք է լինի ապագան Հայաստանում»։   Նանե Ավետիսյան
12:32 - 09 օգոստոսի, 2022
Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

«Վայ ինձ մի ջրեք, էլի, ես լրագրող եմ»-ը բերդավանցիների մոտ Վարդավառի օրը «եղանակ փոխող» արտահայտություն չէ։ Եթե գալիս ես նրանց հետ սարում Ջանգյուլում ու Վարդավառ տոնելու, ապա պիտի քեզ իսկական բերդավանցի զգաս, իսկ եթե բարբառային բառեր էլ գիտես, ապա նրանք էլ քեզ իրենցից մեկը կհամարեն։ Իմ բախտն այս հարցում բերել է, ես Բերդավանի բարբառը մեծ հաշվով հասկանում եմ, հետն էլ՝ քիչ-միչ խոսում, ու դրա արդյունքը, թույլ տվեք ասել, տեսա այսօր, երբ այս գյուղից իմ զրուցակիցներից մեկն ինձ տեսնելիս հեռվից կանչեց՝ «վի՜, էս մեր Հայարփին չի՞, արի աղջիկ ջե՜ն»։ Բերդավանցիները հուլիսի 23-24-ին Ջանգյուլում փառատոնն էին կազմակերպել։ Այս տարի տոնը համընկել էր եկեղեցական Համբարձման տոնի հետ, բայց Շահրիգյոլ (Գուսանահովիտ) կոչվող չքնաղ հովտում ինձ տոնը, մեկ է, հեթանոսական սիրուն ծես էր հիշեցնում։ Ընդարձակ դաշտում մարդիկ, որոնց մի մասը մենակ էր եկել, ինչպես ես, մի մասը՝ ընտանիքներով, հարմար տեղավորվում էին, ամեն մեկն իր անկյունը գտնում։ Ոմանք միանգամից իրենց համար վրաններ էին ընտրում, որոնք նախապես սիրուն բացազատել էին «Բերդավան» հիմնադրամի աշխատակիցները։ Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերն իրենց զբաղմունքները գտել էին միանգամից։ Մի խումբ բատմինտոն էր խաղում, մյուսը՝ վոլեյբոլ, երեխաները վազվզում էին դաշտում, ուրիշները՝ ուղղակի վայելում արեւը։  Հետո արդեն միջոցառումը սկսվեց՝ ազգագրական երգ ու պարով՝ «Սասնա ծռեր» համույթի կատարմամբ։ Նրանք պարի ու երաժշտության հնչյուններին, տեսնեմ, չդիմացան ոչ միայն Երեւանից եկած հյուրերը, այլեւ մի չին երիտասարդ՝ Բեյը, որի ակտիվությունը նկատելով՝ նրա ձեռքերից բռնեցին բերդավանցիները ու մի քանի շարժում սովորեցնելով՝ սկսեցին միասին պարել։  Բեյը ճանապարհորդ է, նրա ընկերները գնացել են Իրան ու Վրաստան, բայց ինքը նախընտրել է գալ Հայաստան, քանի որ այստեղի մշակույթը հոգեհարազատ է համարում։ Նա գիտի, որ Հայաստանը համարվում է քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը, ինքն էլ քրիստոնյա է, ու շատ է հետաքրքրված մեր պատմամշակութային կոթողներով։ Բեյը մեր զրույցում ասաց, որ անհամբեր սպասում է դեպի Մշկավանք քայլարշավին, որ ավելի ուշ կազմակերպվելու էր միջոցառման շրջանակում։ Քիչ անց աչքիս ընկավ, որ Բեյն արդեն ինքն է նախաձեռնում պարը՝ արագ սերտելով շարժումները։ Բեյը Խոտի տուկերով օղակ սարքած՝ մարդիկ նստած լսում էին օրվա խորհրդի վերաբերյալ պատմություններ, նայում փոքրիկ ներկայացումներ, երգում երգեր ու խաղիկներ կարդում։  Համբարձման տոնը ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ որպես վիճակ։ Իսկ տոնի էությունն այն է, որ Համբարձման տոնից մեկ օր առաջ աղջիկները  յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար են հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ քաղում եւ փնջեր կապում: Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ են լցնում, յուրաքանչյուրը մի իր է գցում դրա մեջ, հետո կուլան ծաղկեփնջերի հետ թաքցնում են, որ տղաները չգողանան: Հետո վիճակով հարս են ընտրում, իսկ տղաները պիտի մինչեւ լուսաբաց գտնեն՝ թե ով է նա։ Հարսն, ի դեպ, իրավունք չունի խոսել տղաների հետ։ Ասում են՝ եթե տղաները մինչեւ հաջորդ օրը հարսին բացահայտում են, գյուլումը վատ է գնում։ Տարբեր շրջաններում այս տոնը տարբեր կերպ են նշում։ Ջանգյուլում փառատոնի ժամանակ, ուրեմն, աղջիկները գնացին դաշտերից ծաղիկներ հավաքելու, տղաները աղբյուրներից ջուր բերելու։ Ընտրեցին հարսիկին, ընկերուհիներին էլ հրահանգեցին՝ չխոսկան լինել, տղաների հարցերին չպատասխանել, որ նրանք խառնվեն, հանկարծ ու հեշտ չգտնեն հարսիկին։  Մինչ ամեն մեկն իր փունջն էր սարքում, աղբրից ջուր բերում, ես զրուցեցի բերդավանցի մի տիկնոջ՝ Նվարդ Չիլինգարյանի հետ, որն ամենայն մանրամասնությամբ ու զգայականությամբ պատմեց՝ ինչպես էին նշում Ջանգյուլումն այն ժամանակ, երբ ինքը դեռ փոքրիկ աղջնակ էր։ Նվարդ Չիլինգարյանը Ջանգյուլումը միշտ նշում էին սարում։ Երեխաները հավաքվում, գնում էին տատ ու պապերի մոտ՝ սար, ու այնտեղ լուրջ ջանասիրությամբ պատրաստվում միջոցառմանը։ Ջանգյուլումն ու Վարդավառը  այս կողմերում նույնիսկ Ամանորից մեծ շուքով են նշվում։ Այդ օրը գյուղացիները պարտադիր սար էին բարձրանում։ Երեխաները հավաքվում, ընկնում էին դաշտերով, աստղածաղիկներ հավաքում, որ հետո թաթախեն յոթ աղբյուրներից հավաքած ջրի մեջ ու հաջորդ առավոտյան դրանցով «ծեծեն» դագաներում՝ հյուղակներում քնած հյուրերին ու արթնացնեն։ Ասում են՝ ծաղիկներով այդ «ծեծը» մարդկանց սարին սովորեցնելու մի հետաքրքիր արարողություն էր։ Տիկին Նվարդն ասաց՝ այդ յոթ թիվն, իհարկե, խորհրդանշական է եղել․ «Օրհնանքների ու անեծքների մեջ յոթը շատ է, չէ՞, հանդիպում․ յոթ պորտով չորանաս կամ յոթ զավակ ունենաս, դրա համար յոթ տեսակ ծաղիկ, յոթ աղբյուրից ջուր, մի հարս՝ վեց ընկերուհիներով»,- պատմեց զրուցակիցս։ Հետո արդեն կժերի մեջ ջահելներն իրենց իրերն էին լցնում, որ հարսին տղաների չգտնելուց հետո վիճակ անեն, տեսնեն՝ որ իրի տիրոջն ինչ գյուլում է ընկնում։ Առաջին գյուլումն ում ընկնում էր, ինքն այդ տարի բախտավորվում էր․ «Լամփի շուշի ծլնգոցը,գլորվիմ, ընկնիմ յարիս ծոցը»,- պատմելու ընթացքում այսպես մի խաղիկ կարդաց Նվարդը՝ նկատելով, որ սարերում օգտագործվող այդ հին լամպերից ընդհանրապես ծնգոց-զնգոց չի գալիս, բայց խաղիկ ստեղծողները հանգեր բռնելու համար այդպես են գրել։  Հետո, երբ տղաները հարսին ու կուժը չէին գտնում, առավոտյան գյուլումի արարողության ժամանակ հարսն ինքը բացահայտվում էր։ Այդպես եղավ նաեւ երեկ Բերդավանում։ Գիշերը վրանում շատ ցուրտ էր, քնել չէր լինում, դրա համար որոշեցի գնալ խարույկի մոտ հավաքված մարդկանց մոտ, որոնց խոսակցությունը քամու հետ գալիս էր դեպի իմ վրան։ Մի բաժակ թեյով նստեցի խոտերին՝ լսելու՝ ինչ են խոսում։ Պարզվեց՝ արթունները դեռ քննարկում են՝ տեսնես ով կլինի հարսը։ Ու ժամը չորսի կողմերը մի տղա մոտեցավ ու բարձր ասաց՝ «հարսին պալիտ եմ արել»։ Չգիտես ինչու՝ մի տեսակ այլայլվեցի, թե՝ գյուլումը թարս չգնա։ Հարցրի՝ բայց ի՞նչ իմացար՝ հարսն ինքն է։ Երիտասարդ այս տղան շատ ինքնավստահ ասաց, թե՝ հարց տվի, չպատասխանեց․ «Հարցրի՝ սուրճ կխմե՞ք, ձեն չհանեց, սենց մի տեսակ գլուխը կախեց, հաստատ ինքն ա»։ Կողքից մի տղամարդ, թե՝ ես էլ եմ մտածում՝ ինքն ա։ Այդպես մինչեւ առավոտ նստեցին, նայեցին այդ աղջնակին, որ խարույկի կողքին ննջել էր։ Իսկ առավոտյան, երբ արդեն բոլորն արթնացել էին ու սկսել գյուլումի արարողությունը, հարսը բացահայտվեց․ ուրիշ մի աղջիկ էր՝ Ժաննան։  «Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին»։ Այսպես, խաղիկ-տաղիկներով հարսիկը հերթով հանեց ջահելների իրերն ու գյուլումները։ Հենց առաջին գյուլումն էլ իր ընկերուհուն ընկավ, մեկն էլ՝ ինձ։ Լրագրողական իմ բեյջի հետ դուրս եկավ սա․ «Թուր ու թվանք թամքումը Ջուխտ աղունակ վանքումը, Մեռնեմ սիրածս յարին, Ինքը քաղքի ճամփումը»։ Երգ ու պարից, խորովածի հյուրասիրւթյունից հետո էլ եկավ ամենասպասված պահը՝ վարդավառյան ջրոցին։ Ջրով բեռնված մեծ մեքենան եկավ կանգնեց հովտում՝ ծառի տակ, ու բոլորը դույլերով, շշերով վազեցին այդ կողմ։ Բոլորն իրար ջրեցին, ով ջուր չուներ, մյուսն իր դույլից կիսեց, այդպես ուրախ, երգ ու պարով անցավ բերդավանյան Ջանգյուլումը։ Իսկ միջոցառումից գոյացած ողջ գումարը «Բերդավան» հիմնադրամը կուղղի գյուղի միջնակարգ դպրոցի միջանցքների վերանորոգմանը։ Հայարփի Բաղդասարյան
15:46 - 27 հուլիսի, 2022
Բարեկամավան. սահմանամերձի սահմանամերձ գյուղը՝ համարյա երկրագնդի եզրագծին [մարzoom]

Բարեկամավան. սահմանամերձի սահմանամերձ գյուղը՝ համարյա երկրագնդի եզրագծին [մարzoom]

«Ի՞նչ կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ Բարեկամավանի դպրոցականներին: «Որ շատ մարդ լիներ»,- միաձայն հնչում է նույն պատասխանը: Բարեկամավանը հայ-ադրբեջանական սահմանին է՝ անդունդի եզրին, որտեղից այն կողմ այլ իրականություն է: Բարեկամավանը պարզապես սահամանամերձ գյուղ չէ, այն սահմանամերձի սահմանամերձն է, որտեղ հայտնվելիս թվում է` հայտնվել ես երկրագնդի եզրագծին: Երբեմնի մեծ ու շեն Դոստլու գյուղից (գյուղի հին անվանումը) այսօր Բարեկամավանում (գյուղի նոր անվանումը) ապրում է 140 հոգի: Գյուղի կենտրոնով քայլելիս մարդ չկա, փակ են նաև գյուղի 2 խանութները: Դրանցից մեկի վրա հեռախոսահամար է փակցված, որ զանգի դեպքում կբացվի: Այստեղ փակցված է Նոյեմբերյան-Բարեկմավան հանրային տրանսպորտի ժամանակացույցը, սակայն, տեղացիների խոսքով, «օրա լինում՝ մարդ էլ չի գնում»: Խանութը Դատարկ փողոցների ու տների արանքից մարդկանց փոխարեն «ձեռքով են անում» վառ կարմիր նռենիներն ու «ողջունում են» բերքաշատ ծառերը: Տեղի կլիման բարենպաստ է ամենատարբեր մրգերի ու բանջարեղենի աճեցման համար: Խանութը՝ կոտրված ապակու միջից Ահա և ինձ ընդառաջ են գալիս ընկերուհիներ Դիանան, Անահիտը և Անահիտի կրտսեր քույր Մանեն: Այսօր Բարեկամավանն իրենք են ներկայացնելու: Անցնող ուսումնական տարում տեղի դպրոցում սովորել է 13 աշակերտ, դպրոցն ունեցել է 1 շրջանավարտ: Երկու տարի առաջին դասարանցի չունենալուց հետո սեպտեմբերին դպրոցն ընդունելու է 3 առաջին դասարանցիների: Դիանան, Անահիտը և Մանեն Դիանան և Անահիտը փոխադրվել են 11-րդ դասարան, Մանեն՝ 8-րդ: Դիանան որոշել է դառանալ իրավաբան, «որ մարդկանց շահերը պաշտպանի»: Անահիտն ընտրել է ծրագրավորողի մասանգիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո նրանք տեղափոխվելու են Երևան: Դասերից դուրս ազատ ժամանակն աղջիկները զբաղվում են ընթերցանությամբ, հավաքվում են գյուղի կենտրոնում՝ եկեղեցու բակում, կամ էլ, ինչպես իրենք են ասում, «ես իրանց տուն եմ գնում, հետո ինքը՝ մեր»: Բացի դասերից ու ընթերացանությունից՝ այստեղ օրն ունի իր կարևոր առաքելությունը. աղջիկները մյուս տեղացիների նման ամեն օր խմելու ջուր են բերում մոտակա աղբյուրներից, քանի որ տներում առկա է միայն տեխնիկական ջուր: «Ի՞նչը կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ աղջիկներին աղբյուր տանող ճանապարհին: «Որ շատ մարդ լիներ, շատ լավ կլիներ»,- գրեթե միաբերան պատասխանում են նրանք: «Իսկ գյուղում շատ մարդ կա՞, որ մենակ ա ապրում»: «Հա՜, շատ»,- միանգամից հնչում է պատասխանը: «Մի տատիկ էլ կա, ինքը բանաստեղծություններ ա գրում»: Եվ մենք մոտենում ենք այդ տան դարպասին:  «Անգրագետ կնիկը բանաստեղծ կըլի՞», - իր մասին մուտքի մոտ շտապում է ասել Անիչկա Միքայելյանը, որին գյուղում բոլորը Անիկ տատ են ասում: «Նախդի հըմի կոֆե էփե»,- դիմում է նա աղջիկներից մեկին, - «խմենք, ծերգին (նախ և առաջ) էդ, ըժու (հետո) ինչ որ ցանկանաք, այն էլ կասեմ: Ափսուս գրագետ չեմ, որ բնական խոսքերը ասեմ, բայց ինչքան որ հիշեմ, էնքանը կասեմ: Ես կլինեմ բոլորիդ տատը, ամուր լինի մեր կապը»: Անիկ տատը Անիկ տատը շտապում է մեզ սուրճ հյուրասիրել, որից հետո միայն սկսում է պատմել իր մասին: Իր ամբողջ խոսքը նա կազմում է հանգերով: «Ասածներս իմացեք, իմ խոսքերին դիմացեք», - սկսում է նա: «Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի Անիչկա Միքայելյանս ծնվել եմ 1934 թ.-ի նոյեմբերի 17-ին: Ես ծերության սիրել եմ ամեն աշխատանք էլ անեմ, սրտանց ցանկանում եմ բնական խոսքերով սրտիս փափագը հանել»: Դիանան սուրճ է պատրաստում Անիկ տատի տանը Անիկ տատը 2 տարի է դպրոց գնացել, բայց սիրել է ամբողջ կյանքը գրել ու ստեղծագործել, որոշ գործեր նաև տպագրել է: «Ի՜, ցավդ տանիմ, ոչ ջնջել եմ, ոչ գրել եմ, խոսքեր ա, որ գալիս ա», - ասում է նա:  «Ես չեմ տեսել գիր ու գրիչը, ա՜խ, ինձնից է ամեն ինչը: Ցերեկները հողն եմ փնտրել, գիշերները խոսքն եմ ընտրել, հերիք ինչքան, որ գիշեր ու ցերեկ ես մնացի արթուն, խելքս ու խոսքս մնաց թաքուն»: Անիկ տատի ամուսինը 8 տարի առաջ է մահացել, այդ օրվանից նա մենակ է ապրում: Նրա երեխաները, թոռներն ու ծոռները ապրում են տարբեր երկրներում ու քաղաքներում, որտեղ Անիկ տատը տեղափոխվել չի ցանկանում: «Ոչ մի տեղ էլ ա հնարավոր չի, որ ես կենամ աղջիկ ջեն»,- ասում է նա: «Ըստի (այստեղ) ծնվել եմ, ըստի սնվել եմ, էս մի պուճուր բուդկեն (ցույց է տալիս սենյակը, որտեղ նստած ենք) որ կա է, Ռուսաստան էլ ա, Հունաստան էլ ա, Կիրովական էլ ա (այստեղ են ապրում իր երեխաները): Սա ինձ հմար շատ քաղցր հող ա: Ես չեմ սիրում դրսի փողը, սիրում եմ իմ հայրական ու մայրական հողը»: 22 տարի Անիկ տատը աշխատել է որպես կթվորուհի, այնուհետև 20 տարի թութուն է հավաքել: Ասում է, որ 42 տարվա աշխատանքային փորձով այսօր ստանում է 54.000 դրամ: Բայց հիմա էլ շարունակում է աշխատել իր տանը: Նա արդեն հասցրել է մշակել ու ցանել իր տնամերձ այգին, որը լի է տարատեսակ ծառերով ու պտուղներով: Անիկ տատն աղջիկների հետ «Պըտիտ չեմ գալի է՜, 50 տարեկանի գործ եմ անում»,- ասում է նա,- «փորում եմ, ցանում եմ, վարում եմ, կարտոլ եմ ցանում: Լա էս դուռը (ցույց է տալիս այգին) մատեն տեղ չկա, մտիկ արա: Լրիվ փորել եմ, ցանել եմ, վարունգ ա, պոմիդոր ա, ծառերը լավ բռնած են, թութը վաքել եմ, արաղը քաշել եմ, կյանքս մաշել եմ: Ջահելի նման պըտիտ եմ գալիս, զբաղվում եմ, օրս անց եմ կացնում»: Ու դեռ երկար Անիկ տատը վերհիշում է իր գրած բանաստեղծություններն ու տողերը, որոնք ընթացքում վերափոխվում են իր հեղինակային երգերի: «Ոչ մի երիտասարդ չմնացին իրենց տանը, Լրիվ գնացին Ռուսաստանը, ուզում են հանգիստ մնալ իրենց տանը: Մե՛ք մոռանալ Հայաստանը, հետ գալիս եք դուք ձեր տանը: Շատ մի սիրեք ռսի փողը, եկեք պաշտապանեք մեր պապական քաղցր հողը: Հենց այդ հողն է ձեր ծնողներին պահողը: *** Շատ եմ խնդրում խաղաղություն ձեռք բերեք, Դրսում ապրողներին հետ բերեք, Մենք էլ ենք սիրում մեր հողը, Գրպանումս չկա ոչ մի տեսակ փողը, Բա ինչո՞վ սնվեմ, որ պաշտպանեմ ես իմ հողը: Աշխարհս արյունոտ ծով է, հայոց ազգը ոտից գլուխ սով է, Բայց ոչ մեկս չգիտի, թե արդյոք մեղավորը ով է»: Անիկ տատի տնից հետո մեզ իրենց տուն է հրավիրում Սյուզի Ղարաքեշիշյանը: Սյուզին եղել է Բարեկամավանի 2020թ.-ի միակ շրջանավարտը: Նրանից հետո գյուղում առաջին դասարանցի չի եղել: Այժմ Սյուզին սովորում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում: Մեծ երազանք ուներ մասնագիտական կարիերան սկսել իր գյուղի դպրոցից, սակայն «օրենքը թույլ չէր տվել առանց ավարտելու աշխատանքի անցնել դպրոցում»: Սյուզին՝ ապագա ամուսնու հետ Այսօր նրանց տանը մեծ իրարանցում է. Սյուզին պատրաստվում է ամուսնանալ և իր սահմանամերձ գյուղից տեղափոխվել համայնքի մյուս սահմանամերձ՝ Բերդավան գյուղ: Ծերացող գյուղում կրկին հնչելու է հարսանեկան ուրախ երգն ու երաժշտությունը, ամբողջ գյուղը սպասման մեջ է: Այսպես են պահում սահմանամերձ համայնքներն այստեղ՝ սահմանի մոտ՝ անդունդի եզրին: Սահմանամերձի սահմանամերձով սիրով շրջեց Մերի Մամյանը
15:04 - 19 հուլիսի, 2022
Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձագույն, արեւապաչ դաշտերի հեռվում մի խորդուբորդ կատարով, միայնակ սար է երեւում։ Դրա փեշերին փռված է Դեղձավան գյուղը, փոքրիկ այնքան, որ շոգ ժամին հեռվից նայելիս թվում է՝ արեւի ջերմությունից լղոզվում է հողին, համարյա չի երեւում՝ մինչեւ չմոտենաս։ Դեղձավանցիները սարը Օձասար են կոչում։ Հեռվում՝ Օձասարն ու Դեղձավանը Գյուղացիներն անասուններին արոտ են տարել, իրենք էլ տապից պատսպարվել տներում։ Առաջին երկու տների բակերում մարդ-մուրդ չկա, միայն ծտերի ծլվլոց ու դարպասների հետեւից ուղիղ դեմքիս սլացող ճանճեր։ Բայց մի բակում ընկուզենու հովին վերնաշապկի կոճակերն արձակած նստած է մի մորուքավոր տղամարդ։ «Չե՞մ խանգարի»,- հարցնում եմ ցանցի հետեւից։ Զարմացած ինձ է նայում, հետո առանց երկմտանքի ասում՝ «արի՛, աղջիկ ջան»։ Ռոմիկն է, օրվա շոգ ժամերին ամեն օր գալիս, նստում է այս ծառի տակ։ Ասում է՝ ընկուզենու շուրջ մոծակներ չեն հավաքվում։ Բայց երբեմն ձանձրանում է Ռոմիկը, ասում է՝ կուզեր գյուղում մշակույթի տուն լիներ, միջոցառումներ կազմակերպեին, որ գյուղացիները զբաղվեին, կուզեր նաեւ մի տեղ լիներ՝ շախմատ-շաշկի խաղար։ Ուրիշ բանից նա չի բողոքում։ Պատմում է, որ գործի բերումով շատ տեղեր է գնացել, շատ բաներ է տեսել, հիմա էլ աշխատանքից չի նեղվում, ընդհակառակը՝ նեղվում է, եթե աշխատանք չի լինում։ 60-ամյա Ռոմիկը, չնայած սրտի խնդիրներին, այժմ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, համ իր այգին է մշակում, համ էլ որոշակի վարձատրության դիմաց գյուղացիների արտերում է աշխատում։  Ռոմիկը Երբ Ռոմիկն իր երեխաներից, թոռներից է խոսում, ու ես արձանագրում եմ՝ թոռատեր մարդ է, բայց լավ էլ ջահել, ասում է՝ «բա ջահել եմ, ես իմ տարիքի կամ ինձնից մեծ մարդկանց հետ չեմ շփվում, իմ շրջապատում ջահելներ են, ջահելը հեշտ ա հասկանում, տարեցի հետ մի քիչ բարդ ա»։ Ռոմիկը մի քանի անգամ ներս է հրավիրում, որ տիկնոջ հետ ծանոթացնի, թոռներին ներկայացնի, բայց խոսքով ենք ընկնում, դեռ էլի մնում այգում՝ խունացած մետաղե խողովակին նստած։ Զրուցակիցս ասում է՝ համեմատած այլ գյուղերի՝ Դեղձավանի մարդիկ շատ հյուրընկալ են, շատ բարի են, միմյանց հասնող։ Դեղձավանի բնակիչներից շատերը եկել են Վրաստանի Ծալկայի շրջանից։ Ռոմիկն ինքն էլ այդ շրջանի հայաբնակ Խաչգյուղից է։ Եկել է Հայաստան, աշխատել, հետո ամուսնացել ու հաստատվել այստեղ։ Մինչ կգնանք ներս ու իր տիկինը՝ Էլմիրան էլ կմիանա մեր զրույցին․ Ռոմիկն իր այգին է ցույց տալիս ինձ։ Նա ծառից քաղում է հասած, արեւագույն դեղձերը, հետո քայլելով գնում ենք դեպի տուն, որին կապող նեղ ու կարճ արահետի երկու կողմերում հետաքրքիր դրվագները քիչ չեն․ ամեն տեսակի ծառեր՝ նռենուց մինչեւ ձիթենի, մեծ տարայով տարատեսակ մրգեր, որ օղի դառնալու ճանապարհին են, վառարան, որտեղ հաց են թխում օրը մեջ։ Ընդ որում, ինչպես ասում է Ռոմիկը, գյուղում ով ուզում է՝ հանգիստ գալիս, իրենց տանը հաց է թխում։ Միայն ափսոս, որ իմ այստեղ գալուց քիչ առաջ այդ արարողությունն արդեն ավարտել են․ երբ Ռոմիկը վառարանի դուռը բացում է, տաք մետաղի ջերմությունը երեսիս է խփում։ Ի դեպ, Ռոմիկը գյուղի խոհարարն է․ ուրախության կամ տխրության արարողությունների ժամանակ հիմնական ուտեստներն ինքն է սարքում։ «Էլմիրա՜»,- դռան մոտից ձայն է տալիս տիկնոջը ու մինչ արձագանք կստանա, ինձ պատմում է, որ դռան կողքին դրված ծաղիկները կինն է խնամում․ «Շատ ա սիրում։ Հլը էս ի՜նչ ա, կեսն էլ չորացավ, թե ջրից, թե ինչից»,- ասում է Ռոմիկը ու նորից կանչում՝ «Էլմիրա՜, բաբուլյա՜», հետո դիմում թոռներին, որ տատին կանչեն։  Բաց դռան վերին փեղկից կախված վարագույրը մի կողմ է տանում տիկին Էլմիրան․ «Աստծու բարին, աղջիկ ջան»,- ողջույնիս միանգամից պատասխանում է նա ու ասում՝ «արի տեսնենք՝ մեր քովն ի՞նչ կա»։ Էլմիրան էլ է Վրաստանից այստեղ տեղափոխվել․ «Ես անձամբ Վրաստան եմ ամուսնացել, բայց վերադարձել ենք ստեղ, աշխատում, ապրում ենք։ Տուն ու տեղ ենք դրել, ընտանիք ենք ստեղծել, չորս երեխա ունինք, ութ թոռնիկ, սպասում ենք իններորդի ծնվելուն։ Թոռներիցս յոթը տղա են։ Էդպես, աղջիկ ջան, աշխատեցինք, ստեղծեցինք, մի օր՝ վատ, մի օր՝ լավ, մի օր մարդ ու կնիկ յոլա գնացինք, մի օր կռվեցինք»,- ասում է տիկին Էլմիրան, ամուսինն էլ շարունակում՝ առանց վեճի ընտանիք չկա։ Բայց երկուսով էլ հաստատում են՝ ոչ մի օր մտքներով չի անցել լքել Հայաստանը․ «Ամենակարեւորը՝ խաղաղություն լինի աշխարհում, մնացած ամեն ինչն էլ մարդու համար է»,- ասում է Էլմիրան, որի որդիները ծառայել են հայկական բանակում։  Տիկին Էլմիրան՝ թոռան հետ Տիկին Էլմիրան գյուղի խնդիրներից ու առավելություններից շատ օբյեկտիվ է խոսում։ Ասում է՝ գյուղի դպրոցը հիմնական է, աշակերտներն իններորդից հետո գնում են հարեւան Պտղավան գյուղի դպրոց, բայց գյուղապետարանը տրանսպորտ է հատկացրել, գնալ-գալը հեշտացել է։ Ասում են՝ այստեղ՝ Դեղձավանում, բնակիչներն իրար թիկունքի կանգնած են, ուրախության առիթ լինի, թե տխրության։ Հիշում են՝ Ռոմիկի երկու եղբայրներն անցած տարի մահացան, իրենց ընտանիքը ոչ մի հարցով չզբաղվեց այդ տխրության ծանր օրերին․ «Բառիս բուն իմաստով ոչ մի բանի չենք խառնվել, մենք մենակ առեւտուր ենք արել, մեր հարեւաններն են մնացած հարցերը լուծել, ժողովրդին ընդունել, ճամփու դրել»։  Բացի մշակույթի տան բացակայությունից՝ դեղձավանցիներին մտահոգում է մանկապարտեզ չունենալու հարցը․ «Ես, օրինակ, թոռներ չունեմ մոտս, բայց կուզենայի՝ մանկապարտեզ լիներ, որ հարեւանի երեխեքը զբաղվելու, խաղալու տեղ ունենային»,- ասում է տիկին Էլմիրան, - «արեւի տակ, էս շոգին, կրակին մնում են դրսերը երեխեքը։ Երիտասարդներն էլ զբաղվելու բան չունեն, մի ժամանցի տեղ չկա»։ Խաղահրապարակ էլ չկա, ֆուտբոլի դաշտն էլ մի սովորական փոքրիկ դաշտ է, լրիվ սարքած չէ, անասուններին էլ ֆուտբոլրի դաշտից են հանդ տանում, ուրիշ տեղ չկա։ Իսկ ահա ճանապարհները, ասում է, բարեկարգ են, շատ լավ սարքած։ Տրանսպորտ էլ կա, երկուշաբթիից ուրբաթ 200 դրամով աշխատում է, մեքենան շրջում է Նոյեմբերյանի բնակավայրերով։ Կոմունալ խնդիրները մեծ մասամբ լուծված են, միայն թե կան որոշ թաղամասեր, որտեղ կոյուղագիծ չկա, ինչպես շատ այլ գյուղերում։ Տարիներ շարունակ դեղձավանցիները խմելու ջուրը գնել են տարաներով, հիմա այդ հարցը եւս լուծվել է։ Ռոմիկն էլ հավելում է՝ ոռոգման ջուր էլ կա, բայց խողովակներն են հին։  Մեր զրույցի ընթացքում Ռոմիկը գնում է «կովերը բաց թողնելու»։ Կովերն արոտում են, բայց այնտեղ անասուններին ջուր տալու հարմարություն չկա, դրա համար Ռոմիկն օրը երկու անգամ կովերին բերում է ջուր խմելու, նորից ուղարկում արոտ։ Ես նրա հետ դուրս եմ գալիս, գնում գյուղապետարան։ Դեղձավանի վարչական ղեկավարը՝ Յուրիկ Հովհաննեսյանը, հեռու չի ապրում աշխատավայրից։ Մինչ նա կգա, գյուղապետարանի զրուցարանում նստում եմ այնտեղ հավաքված երեխաների մոտ։ Սուրենը, Ռաֆայելը, Ժորան, երեքն էլ ֆուտբոլ խաղալ շատ են սիրում։ Ռաֆայելն ու Ժորան Սուրենն ու Ժորան ուզում են ֆուտբոլիստ դառնալ, Ռաֆայելը՝ ոստիկան։ Վստահեցնում են՝ դպրոցում լավ են սովորում, Սուրենն ասում է՝ շախմատի դասերին միշտ իրենց են կանչում գրատախտակի մոտ։ Մինչեւ հովը կընկնի ու ֆուտբոլի հավեսը կբացվի, նրանք բլոտ են խաղում։ Ես բլոտ խաղալ չգիտեմ, կուզեի՝ շախմատի տախտակ լիներ սեղանին, մի երկու քայլ էլ ես անեի, բայց այս անգամ նրանց թուղթ ու գրիչ եմ տալիս, որ իրենց խաղի հաշվարկն օդի մեջ չանեն։  Ֆուտբոլի դաշտը Վարչական ղեկավարը գալիս է, նա, ի դեպ, Ռաֆայելի հայրն է։ Զրույցի սկզբում Հովհաննեսյանն ասում է՝ Դեղձավանն աշխարհի կենտրոնն է։ Այդպես է այստեղ ապրող ամեն մեկի համար, ինչպես մյուս գյուղերում՝ տեղացիների։ Դեղձավանը հիմնվել է 1973-ին։ Վարչական ղեկավարն ասում է՝ կզարմանաք, բայց այստեղից արտագաղթողներ չկան։ Կարող է՝ մի քանիսը մեկնեն արտագնա աշխատանքի, բայց գյուղն, ամեն դեպքում, չեն լքում։  Հովհաննեսյանը կոյուղու խնդրի մասին, իհարկե, տեղյակ է, բայց դրա լուծումը մեծ փողերի հետ է կապված, բացի դրանից՝ տեղանքի ռելիեֆը տարբեր է, ճանապարհներն էլ ասֆալտապատված են, նախքան աշխատանքներ սկսելն ուսումնասիրություն պիտի անեն, հետո ասֆալտը քանդեն։ Համայնքապետարանում էլ են տեղյակ այս հարցից, բայց կարծես այս պահին միայն հուսալն է մնում, որ հարցը մի օր լուծում կստանա։  Մշակույթի տուն ժամանակին եղել է գյուղում, հետո զորամաս է դարձել, հետո, երբ գյուղից դուրս զորամաս է կառուցվել, այդ շենքը դարձել է «հացատուն», հիմա՝ տարբեր առիթների, հանդիսությունների սրահ։ Իսկ մանկապարտեզի նախագծա-նախահաշվային պլաններն արդեն արված են, մնում է Ճապոնիայի դեսպանատունը հաստատի ծրագիրը, ու կսկսեն կառուցման աշխատանքները, եթե ոչ այս տարի, ապա եկող։ Յուրիկ Հովհաննեսյանը Դեղձավանն, ինչպես ասացի, փոքր գյուղ է։ Այստեղ տնտեսությունների թիվը հարյուրի էլ չի հասնում, բնակիչներն էլ մոտ երեք հարյուրն են։ Հովհաննեսյանը շեշտում է՝ գյուղում դատարկ բնակարան չկա։ Ինքն էլ փորձում է առկա խնդիրները լուծել՝ մարդկանց կյանքը ավելի հեշտ դարձնելու համար։ Ապագայում մտադրված են խաղահրապարակ էլ կառուցել։ Գյուղում նաեւ նախակրթարան է գործում, որտեղ վեց երեխա է հաճախում, իսկ դպրոցում հիսունին մոտ աշակերտ կա։ Մի քանի առարկաների ուսուցիչներ կողքի գյուղերից են գալիս դասավանդելու, օրինակ՝ ռուսերեն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա։ Իսկ մեծերի զբաղմունքն էլ հիմնականում այգեգործությունն է, անասունները քիչ են, խոշոր եղջերավորները՝ ընդամենը 118-ը։  Քանի որ արդեն կովերին նորից արոտ են ուղարկել, սպասում են՝ հետ բերելուն, դուրս եմ գալիս գյուղամեջ՝ կարծելով՝ հաստատ մարդ-մուրդ կլինի։ Պատի տակ նստած են չորս գյուղացիներ, նրանցից մեկը Ռոմիկն է։ Կողքին Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին են։ Հարցուփորձ եմ անում, ասում են՝ «գրի, որ էս գյուղից ավելի լավ տեղ չկա, ամեն ինչ ունենք՝ դպրոցը կա, խանութները կան, վարսավիրանոց կա, փողոցային լուսավորություն ունենք, ի՞նչ ա պետք մարդուն, ամեն ինչ կա, մենակ մանկապարտեզի հարցն ա, երանի Հայաստանի բոլոր գյուղերն այ սենց լինեին»։ Ռոմիկը, Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին Լսել եմ, որ Դեղձավանում մի երիտասարդ կին կոմպոտների բիզնեսով է զբաղվում։ Առանց հարց ու փորձի եմ ուզում գտնել նրա տունը։ Մի քիչ քայլում եմ, ու Ռոմիկի տնից քիչ հեռու տեսնում մի տուն, որի տանիքին արեւային պանելներ կան։ Մտքովս անցնում է, որ ճիշտ եմ եկել։ «Էս Արուսանց տունն ա՞»,- հարցնում եմ բակում կանգնած աղջնակին։ Ասում է հա ու կանչում՝ «մա՜մ, քեզ են հարցնում»։ Արուսին պատմում եմ իմ մասին, մեր «մարzoom» նախագծի մասին, ու միասին գնում ենք նրանց փոքրիկ արտադրամաս։ Արուսը 2019 թվականին Արուս Ղազարյանը որոշում է բիզնես սկսել, ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ հենց այդ տարի էլ սկսում է։ Սկզբում վերանորոգում է հին ավտոտնակը, որն այժմ իրենց արտադրամասն է։ «Ի սկզբանե բիզնես ծրագիրը գրելիս նախատեսել էի օշարականեր պատրաստել, բայց հետո հասկացա, որ մաքուր օշարակաները կամ պիտի շատ թանկ վաճառեմ, կամ չեմ կարող այդքան հաճախորդ ունենալ թանկով, մարդիկ ավելի էժան օշարակներից են օգտվում»,- պատմում է Արուսն ու շարունակում,- «չընկճվեցի, ու արդեն 2020 թվին անմիջապես միտք եկավ, որ ես պետք ա կոմպոտ անեմ, համ գյուղին օգտակար կլինեմ, համ իմ բիզնեսը կանեմ։ Ես միշտ ասում եմ՝ մրգի առումով էս գյուղն աշխարհի կենտրոնն ա, որովհետեւ ամենահամով ու ամենահյութալի մրգերը մեզ մոտ են լինում»։  Այսպես, Արուսը հիմնում է «Հայք ֆուդ» ընկերությունը ու հիմա զբաղվում է կոմպոտների, մուրաբաների, պահածոների արտադրությաբ։ 2020թ․ համավարակի, պատերազմի ծանր շրջանում Արուսի բիզնեսը շարունակել է աշխատել։ Նա պատմում է, որ զինվորներին պատերազմի օրերին միշտ կոմպոտ ու մուրաբա են ուղարկել․ «Ամուսինս տանում, գյուղապետի հետ բաժանում էին կոմպոտները։ Որ ամեն շաբաթ Յուրան (գյուղապետը) պիտի տաներ պոստ, զանգում էր ինձ, ասում էի՝ ինչքան կոմպոտ ա պետք, ինքն ասում էր՝ էսքան շիշ, խնդիր չկա, դնում, ուղարկում էինք»։  Այդ տարվա ամբողջ արտադրանքն էլ վաճառել են միջնորդին, հաջողությամբ շարունակել աշխատել, սկսել է նոր սարքավորումներ ձեռք բերել։ Արուսը շատ ոգեւորված է իր աշխատանքով, դժվարություններից էլ չի վախենում․ «Էն մի փոքրիկ գումարն էլ, որ մեր տուն ա մտնում, արդեն տեղավորված ա, որովհետեւ ուզում ենք նենց բան ստեղծենք, որ համ արտադրական տարածքն իր հիգիենիկ վիճակով ոչ մի պրոբլեմ չունենա, համ մեր ապրանքը գրագետ տեսք ունենա, հաճախորդը գա, մտնի մեր արտադրամաս, ինքը դրանից լավ զգա»,- կոմպոտների շշերը դասավորելով՝ ասում է Արուսը։ Հետո ինձ հարցնում՝ ես որի՞ց եմ սիրում, ես էլ, դե, ինչ մեղքս թաքցնեմ, բալի կոմպոտ շատ եմ սիրում։ Եւ դուք միայն փորձեք, թե ինչ համով է Արուսի սարքած բալի կոմպոտը։ Արուսի արտադրամասում սարքավորումները նոր են, մեկը՝ պահածոների շշերն է փակում, մեկը եփում է, մեկը պիտակ է փակցնում։ Բայց պատրաստվում են ինքնակպչուն պիտակներ էլ ձեռք բերել, այդպես կհեշտանա աշխատանքը։ Դրան օգնում են նաեւ արեւային պանելները։ Արուսն ասում է՝ հենց մեծացնի արտադրամասը, պանելներն էլ կավելացնի։ Իսկ այս գյուղում արեւն այնքան մոտ է թվում, որ հյուրընկալս հաստատ էներգիայի պակաս չի ունենա։ Զրուցակցիս արտադրամասում գյուղի չորս-հինգ կանայք էլ են աշխատում․ «Ես իրենց ինձանից չեմ տարբերում, աշխատում ենք բոլորով, ես իրենցից մեկն եմ»,- վստահեցնում է Արուսը ու ասում։  Ի դեպ, Արուսի արտադրանքը կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն հավելվածներով, ինչպիսին է, օրինակ, «Կորիզը»։ Դեղձավանում, ինչպես ասացի, նաեւ ձիթապտուղ է աճում։ Արուսն էլ առիթը բաց չի թողել եւ փորձել է նաեւ ձիթապտուղ փակել։ Ասում է՝ շատ հավանել են, հիմա էլ, երբ ձիթենին պտուղներ տա, նորից կպահածոյացնի։ Անցած անգամ ողջ արտադրանքը վաճառել է։  Արուսենց բակը, որտեղ ապագայում մեծ արտադրամասը կլինի Բայց այս բիզնեսում նաեւ դժվարություններն են շատ, գնորդները տարբեր մարդիկ են՝ տարբեր բարեխղճության, հետո պետք է շատ հաշվարկել, շատ աշխատել, գնած ապրանքը կարողանալ իրացնել։ Արուսին իր աշխատանքում ողջ ընտանիքն է աջակցում։ Ասում է՝ գյուղացիներն էլ ամեն տեղ իր արտադրանքը գովազդում են, գովում։ Զրուցակիցս նույն խանդավառությամբ պատրաստվում է տան բակում ավելի բարեկարգ արտադրամաս հիմնել, ավելի լավ պայմաններով, ընտիր սարքերով, մի խոսքով՝ իր ներուժն է դնում լավագույն որակ ստանալու համար։ Արուսն ինձ ճանապարհելիս հետս կոմպոտ է դնում։ Ես որոշում եմ Նոյեմբերյան հասնել ավտոստոպով, ու ինձ տեղ հասցրած վարորդին պատմում եմ այս գյուղի, այնտեղ ապրող ջերմ մարդկանց, Արուսի ու իր բիզնեսի մասին, կոմպոտն էլ նվիրում նրան, որ անունը հանկարծ չմոռանա։ Հայարփի Բաղդասարյան
13:47 - 19 հուլիսի, 2022
Բերդավան․ սահմանը հսկող հավերժական ամրոցի ու անսահման բարեսիրտ մարդկանց գյուղը [մարzoom]

Բերդավան․ սահմանը հսկող հավերժական ամրոցի ու անսահման բարեսիրտ մարդկանց գյուղը [մարzoom]

Հուլիսյան ալարկոտ մի կիրակի շարժվում եմ դեպի Բերդավան (հին անունը Ղալաչա, տեղացիների խոսքով՝ Ղլաչա)։ Այստեղ կյանքը կարծես ենթարկվում է արեւին․ մարդիկ առավոտյան մտնում են այգիներ, կեսօրին, երբ արեւը զենիթում է, թաքնվում տներում, ու այդ ժամերին միայն բերդն է դիմանում շոգին՝ միշտ կանգուն, միշտ ձիգ։ Իսկ երեկոյան մարդիկ հերթով դուրս են գալիս տներից, նստում հովին, նայում անցող-դարձողին, զրուցում կամ լռում իրար հետ։  Դեպի Ղալինջաքար ամրոց տանող ճամփան Բերդավանում շրջելը սկսում եմ հենց Ղալինջաքար ամրոցից՝ որպես ծիսակարգ, որպես այստեղ այցերի անդավաճան արարողություն։ Սահմանին շատ մոտ այս ամրոցի գլխին հայկական դրոշն է ծածանվում։ Որոշ հիշատակումներում Ղալինջաքար ամրոցը թվագրվում է 12-րդ դարին, բայց որոշ աղբյուրներ էլ նշում են 17-րդ դար։ Մինչեւ կիջնեմ գյուղ ու կպատմեմ բերդավանցիների մասին, գրեմ, որ բերդի տարածքում պահպանվել են տարբեր գերեզմանաքարեր ու խաչքարեր, որոնց թվում թեեւրը բաց կանգնած է նաեւ մի խաչքար։ Որքանով հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու՝ թեւավոր քարակերտ խաչքարերը հիմնականում տարածում են ունեցել 5-7-րդ դարերում, դրանցից քչերն են պահպանվել։ Թեւավոր խաչքար Ուրեմն, ժամանակին հին գյուղատեղին ամրոցին ավելի մոտ է եղել, բայց հետո մարդիկ իրենց տները տեղափոխել են քիչ հեռու, այնտեղ, որտեղ գյուղը հիմա է՝ ավելի հարմար դիրքով ու պայմաններով։ Գյուղը շատ մոտ է հայ-ադրբեջանական սահմանին, շատ հողեր հակառակորդի ուղիղ դիտակետում են, եւ արոտներ, եւ այգիներ։ Բերդավանում հիմա 730 փաստացի տնտեսություն կա, մոտ 3000 բնակիչ։ Բերդավանի գյուղապետարանի աշխատակից Անահիտ Աբրահամյանն ինձ մի քանի տվյալներ էլ է հայտնում, օրինակ՝ 1100 խոշոր եղջերավոր անասուն են պահում գյուղացիները, 700 գլուխ էլ՝ մանր։ Բերդավանում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, պտղատու այգիներ մշակում։ Բերդավանը Գյուղամիջի տներից մեկում աշխատանքային ակտիվ շարժ է։ Գյուղի դպրոցի մաթեմատիկայի նախկին ուսուցչուհու՝ տիկին Օֆելյայենց տունն է։ Նրանց այգիների մի մասն էլ է դիտարկվում, այնտեղից բերք հավաքելը ռիսկային է։ 77-ամյա Օֆելյա Գիշյանն ինձ պատմում է, որ մի օր որդին տուն է եկել ոտքից գլուխ ցեխ․ խաղողը պառկած էին քաղել․ «Ասի՝ բրախեցեք․․․ Դե՜, ժամանակին զոհեր էլ են եղել»,- ասում է տիկին Օֆելյան՝ հիշելով անցած տարիները, երբ նույնիսկ այգիներում հակառակորդի կրակոցներից զոհեր էին լինում։  Տիկին Օֆելյան Տիկին Օֆելյայից հետաքրքրվում եմ՝ լա՞վ գյուղ է, արժե՞ գալ այստեղ ապրել։ Նա, իհարկե, չգովել չի կարող, բայց զգացվում է, որ ամեն բառն անկեղծ է՝ ձեռքով կրծքավանդակից բառեր է հանում․ «Ազնիվ մարդիկ են էստեղ, աշխատասեր։ Դե, գյուղ չի լինում, որ, ասում ա, շուն չունենա, բայց լավ մարդիկ են, մշակութային մարդիկ են»,- ասում է հյուրընկալս՝ շեշտելով, որ ցանկացած բերդավանցու նպատակն իր երեխային որակյալ կրթության հնարավորություն տալն է․ «Կրթությունն էս ժողովրդի համար առաջնային ա։ Տհենց երեխա չկա, որ փող տա ավարտելու համա»։  Գալ հասնել Բերդավան եւ տեղացիներին Կողբի հետ իրենց բարդ հարաբերություններից չհարցնել չեմ կարող։ Տիկին Օֆելյան ծիծաղում է ու հիշում, որ երբ ուսանող էին, գնում-գալիս էին քաղաք, այնտեղ թե մեկին նեղող լիներ, մյուսն անպայման թեւութիկունք էր լինում, կողբացին՝ բերդավանցուն, բերդավանցին՝ կողբացուն։ Բայց թե հարցն այս երկուսի մեջ է, իրար օգնել չկա․ «Տհենց բան չկար, որ չվիճեին, դա հնարավոր չի, որ Բերդավանն ու Կողբը իրար հետ չվիճեն, տհենց ա։ Թե դա որդեղից ա եկել, չգիտեմ, ես երեխա եմ եղել, էդ եղել ա, հմի էլ կա ու կա»։ Իսկ տիկին Օֆելյայի հարսը՝ Արեւը, հավելում է, որ համ էլ լավ բարեկամություն են անում, հենց այսօր էլ Բերդավանից Կողբ հարս են ճամփել։  Տիկին Օֆելյան մի պահ հայացքը ծաղիկներին է գցում ու մտքերով ընկնում” թոռանը բանակ են ճանապարհել, ինքը շատ է կարոտում, անհամբեր զանգին է սպասում։ Հյուրընկալներիս համբերությունը չեմ չարաշահում ու նրանց հրաժեշտ եմ տալիս՝ այլ որոնումներով գնալու մտքով։ Մի խանութ եմ մտնում՝ ջուր առնելու, որովհետեւ ծորակի ջրերն այս շոգին տաք են լինում։ Աշխատող տիկնոջն ասում եմ՝ «որտեղի՞ց ա գալիս էս կողմի ջուրը, մի տեսակ ուրիշ համ ունի, Ստեփանավանից ա՞»։ Կինն ասում է, թե Ստեփանավանի ջուրը պիտի որ լավ էլ համով լինի, ու հոնքերը մի տեսակ կիտելով՝ հավելում, թե՝ «էդ վատ համով ջուրն աչքիս Կողբից ա գալիս»։ Ծիծաղս զսպել չեմ կարող, նա էլ ինձ հետ է ծիծաղում։  Բերդավանցի պապիկները Գյուղամիջի զրուցարանում հավաքված պապիկների հետ մի քիչ զրուցելուց հետո էլ գնում եմ այն ճանապարհով, որի վերջում բացվում է փարթամ անտառով ծածկված Գոնչուտը։ Գոնչուտը 93-ամյա Սոնյա տատի «կուշտն եմ եկել»։ Նրա այգում խնամված, արդեն ճութ տված խաղողն է հով անում, տատն էլ բակում կատուներին կեր է տալիս, զբոսնում, ներս գնում։ Սոնյա տատը կարդալ շատ է սիրում։ Նրա սենյակում պատուհանագոգին տարբեր գրքեր են դրված ու օրացույց, որի էջերն ամեն օր պոկում է տատը։ Գիրքը, որ հիմա կարդում է Սոնյան Նա մտահոգվում է, որ այս տարվա օրացույցում սխալ կա։ Սոնյա տատը ցույց է տալիս, որ էջերի վրա գրված է «ցերեկվա տեւողությունը»․ «Արդյո՞ք ճիշտ ա օրվա տեւողությունը, օրը 24 ժամ ա, չէ՞, իսկ ստեղ օրվայա գրված, բայց ցերեկվա մասին ա»,- ասում է նա։  Տատը հիշում է՝ եկող շաբաթ Բերդավանում վարդավառ են նշում՝ Ջանգյուլում։ Պատմում է՝ ոնց էին ժամանակին խաղում, ասում է՝ հարս են ընտրում, ու հարսը մինչեւ եկող առավոտ պետք է չխոսի, եթե խոսեց, «գյուլումը» վատ է գնում։ Հարցնում եմ՝ դու խաղացել ե՞ս ջահել վախտդ, երազկոտ, երկարացնելով ասում է՝ «շա՜տ-շա՜տ-շա՜տ-շա՜տ», բայց հարս չի եղել՝ «անխոս կարեցել չեմ կենամ»։ Հետո տատը հնձանն է ցույց տալիս, որտեղ խաղողից գինի են ստանում։ Այս հնձանը նաեւ ապաստարան է ծառայում․ կրակոցների ժամանակ այդտեղ են պատսպարվում։ Սոնյա տատը Սոնյայի հետ զբոսնում ենք, խոսքի մեջ ասում է, որ իրեն մի հարց է շատ հետաքրքրում․ ո՞նց է, որ ռուսները շաբաթը понедельник-ից են հաշվում, իսկ մենք՝ երկուշաբթիից։ Ասում եմ՝ դե նույնը չի՞, понедельник-երկուշաբթի․ «Ո՞նց ա երկուշաբթի, էդ вторник-ն ա»։ Տատին խոստանում եմ, որ հենց իմանամ հարցի պատասխանը, իրեն էլ կասեմ։  Իմ զբոսանքի ընթացքում մի տուն տանող արանքում տեսնում եմ խոտի տուկերի մոտ նստած տղամարդկանց։ Նրանք Չարդախլուից՝ Զորական գյուղից են եկել, խոտ են բերել այստեղ, սպասում են՝ տան տերը գա։ Մի քիչ զրուցում ենք դեսից-դենից, գյուղից, կյանքից, ու նրանք թողնում եմ հանգիստ՝ հովն ու պաղպաղակը վայելեն։ Իսկ Չարդախլուից մեր պատմությունը կարող եք կարդալ այստեղ։ Զորականցի Մաքսը, Հովհաննեսը, գլխահակ նստած Անդրանիկը՝ Սպիտակից, եւ զորականցի Ալբերտը Քիչ հեռու տներից մեկի բացում խաղ անող երեխաների ձայներ են լսվում։ Դարպասի մոտից աղջնակը տեսնում է ինձ ու ներս կանչում։ Տասնամյա Մանեն է, մայրիկին էլ ձայն է տալիս, ինձ տուն են հրավիրում։ Մի բաժակ սուրճի շուրջ շատ խոսակցություններ են լինում ամենատարբեր թեմաներից։ Բայց ինձ անչափ գրավում է երեխաների հավես չարաճճիությունը։ Մանեն Մանեին հարցնում եմ՝ ի՞նչ երազանքներ ունի, ասում է՝ քույր կամ եղբայր է ուզում ու առողջանալ։ Աղջնակը հոդերի խնդիրներ ունի, շատ ցավեր է հաղթահարել, հիմա ավելի լավ է ու խոստանում է՝ արագ կլավանա մինչեւ վերջ։ Նա ուզում է մատնահարդար դառնալ, իր եղունգներն էլ հենց ինքն է ներկել։ Համ էլ լավ նկարում է ու ոգեւորված ինձ ցույց է տալիս իր նկարները։ Իսկ իր զարմիկը՝ յոթամյա Արմենը, որ ցնցող դիմախաղ ունի, ուզում է օդաչու դառնալ։ Ո՞նց է այդ միտքը ծագել, հարցնում եմ, պատասխանում է, որ իր փոքրիկ եղբայրը՝ արդեն մեկ տարեկան Լեոն, ատամհատիկին քաշել է օդաչու գրությամբ թղթիկը, ինքն էլ որոշել է՝ երկուսով կթռչեն։ Տղաներն ընտանիքի հետ Ռուսաստանում են ապրում, ամռան ամիսներին գալիս են գյուղ։  Լեոն եւ Արմենը Մանեն սիրում է իր գյուղը, ինքը գնալ չի ուզում։ Նրա մայրը՝ Սաթինեն էլ, ասում է Բերդավանն իրեն շատ հոգեհարազատ է։ Ամուսինն էլ զինծառայող է, նաեւ այդ հանգամանքի բերումով իրենց մտքով անգամ չի անցնում գյուղից հեռանալը։ Աշխատում են, ապրում, ապագայի պլաններ ունեն, վերանորոգել տունը, շենացնել, մի խոսքով՝ սիրելով ապրելով։ Բերդավանից գնալիս մեկ էլ մսագործ Արայիկի խանութ եմ գնում։ Նա քչախոս մարդ է, լուռ իր գործն է անում։ Առեւտրից չի բողոքում, ասում է՝ նորմալ է։ Մսի սառնարանի ապակու վրա թղթով կպցրած է՝ «նիսյա չկա»։ Հարցնում եմ՝ բայց չեք տալի՞ս «նիսյա»։ Ժպտում է, թե՝ «տալիս եմ, որ ուզում են, ո՞նց չտաս»։ Արայիկը՝ խանութում Մաքուր, կոկիկ խանութ է, առաջին հայացքից չես էլ հասկանա՝ միս են ծախում։ Միսն էլ մաքուր, կոկիկ շարված ամանների մեջ, իսկը՝ բուսակերների դժոխք ու մսակերների դրախտ՝ ինքս ինձ ասում եմ, երբ Արայիկը սուր դանակով կտրում է պատառը, ավելորդ, բայց երեւի թե համեղ մասերն էլ տալիս իր շանը՝ Գեցոյին։  Արայիկը Իսկ ինձ գյուղից դուրս է ուղեկցում թաղերով հեծանիվ քշող 11-ամյա Հենրին։ Ասում է՝ «ուղիղ գնա ասֆալտ, դուրս ես գալու Նոյեմբերյան գնացող  ճամփա»։ Մինչ ես կհասնեմ «ասֆալտին»՝ գլխավոր ճանապարհին, Հենրիին հարցուփորձ եմ անում։ Նա արդեն վեցերորդ դասարան է փոխադրվել, ամենից շատ ֆիզկուլտուրան է սիրում եւ ուզում է զինվորական ու փրկարար դառնալ։ Ինչո՞ւ, հարցնում եմ․ «Որ մեր հայրենիքը պաշտպանեմ»,- ասում է Հենրին, որ ամռան արեւից մգացած համաչափ դեմք ու լուրջ աչքեր ունի։ Հենրին Հենրին երեւի այնքան է սիրում իր գյուղը, որ հենց ինձ հասցնում է «ասֆալտի» պռնկին, անմիջապես հետ է դառնում․ «Դե հաջող»,- հեռվից ձայնում է,- «զգույշ կլնես»։ Հաջող եմ անում Հենրիին, բայց մտքով, որ հուլիսի 23-24-ին էլի այստեղ եմ լինելու, որովհետեւ Բերդավանն այդ օրերին մեծ փառատոն է անցկացնելու, Սոնյա տատի հիշատակած «ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄ»-ը։ Փառատոնին, ուրեմն, հագեցած հանգիստ է կազմակերպվելու բնության գրկում՝ վրանային գիշերակացով, լինելու է առողջ նախաճաշի, անուշեղենների ու տոնական խորովածի հյուրասիրություն, իսկ ժամանցային-խաղային հագեցած ծրագրերը՝ անպակաս։ Ինձ ամենից շատ դուր է գալիս այն գաղափարը, որ տեղի է ունենալու նաեւ քայլարշավ՝ դեպի անտառի խորքում կառուցված միջնադարյան եկեղեցի՝ Մշկավանք, հետո արդեն մեծ խարույկ՝ կիթառային երգերի ուղեկցությամբ ու, իհարկե, Վարդավառյան ջրոցի եւ ավանդական Ջանգյուլում խաղ։ Տեղացիներն ինձ պատմում են, որ նաեւ ձիարշավ է լինելու, իսկ փառատոնին ներկա է լինելու «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։ Մնում է միայն գրանցվել մասնակցելու համար՝ անցնելով այս հղմամբ։ Փառատոնից գոյացած գումարով Բերդավանի միջնակարգ դպրոցի միջանցքներն են վերանորոգվում, իսկ այդ աշխատանքներն արդեն իսկ սկսված են։ Հայարփի Բաղդասարյան
22:25 - 18 հուլիսի, 2022
Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

«Անտառնի՜ն»,- ամեն կողբացի այսպես ձգելով պատասխանում է այն հարցին, թե ինչն է ամենից լավը իրենց բնակավայրում։ Անտառներից հետո, իհարկե, թվարկումը երկար է ձգվում․ «Մեր հողը, ջուրը, մեր տեսարժան վայրերը, մեր մարդիկ․․․»,- ասում են ինձ պատահած անցորդները, որոնք, պարզվում է, մեկը մյուսից ինքնամփոփ են ու այնքան էլ նկարվել չեն սիրում։ Պատրաստ են օգնել ինչով կարող են, բայց հրապարակային խոսելն իրենց սրտով չէ։ Կողբ այցիս առաջին ժամերին մտածում եմ՝ դեռ կոթեցիներին են ասում բարդ հասարակություն, աչքիս՝ Կողբում չեն եղել։ Բայց, ինչպես այս կյանքում շատ այլ բաներ, այնպես էլ տարածաշրջանում ապրողների բնավորությունները միանշանակ ու նույնատիպ չեն, մարդիկ տարբեր են՝ ինչքան էլ տարիներով իրար հետ ապրելով բնավորության նմանություններ ունենան։  Կողբը Նոյեմբերյանի ամենաակտիվ բնակավայրերից է։ Եւ թեեւ ես նախկինում այս գյուղում չեմ եղել, բայց ինչ-որ արտասովոր աշխուժություն եմ զգում գյուղամիջում, որին գյուղամեջ ասելն այնքան էլ չի ստացվում, այլ ավելի նման է փոքրիկ քաղաքային հրապարակի։ Բնակավայրի կենտրոնական փողոցում նստարանին նստած է Մարտուն պապը։ Հարցնում եմ՝ մի՞շտ է գյուղն այսքան ակտիվ շարժի մեջ, պապն ասում է՝ սա կապված է վաղվա միջոցառման հետ, վաղը Կողբում մեծ վարդավառ են նշում։ Բայց Կողբում վարդավառը, պարզվում է, միայն վաղը չեն նշում, մի անգամ էլ հուլիսի 24-ին են տոնելու, բայց արդեն ամեն մեկն իր ընտանիքի հետ, ոչ թե այսպես՝ ամբողջ գյուղով ու հյուրերով։ Մարտուն պապն ասում է՝ վաղը տարբեր միջոցառումներ են լինելու, համերգ, եւ այլն․ «Ի՞նչ թվարկեմ, քյանդրբազ էլ ա լինելու, քյանդրբազը գիտե՞ս որն ա»,- հարցնում է ինձ, ճշտում եմ՝ կարող է՞ լարախաղացն է, ու ճիշտ էլ գուշակում եմ։  Մարտուն պապին հարցնում եմ՝ Կողբը լա՞վ տեղ է, ապրելո՞ւ տեղ է, նա միանշանակ այո է պատասխանում․ «Բա իհարկե լավ տեղ ա, իրա ապրելաձեւով, դրվածքով, կողբացիք շատ խելացի մարդիկ են։ Ի՞նչ ա նշանակում Կ․Ո․Ղ․Բ․»,- հարցնում է ինձ, իսկ ես զարմանում եմ, որովհետեւ առաջին անգամ եմ լսում, որ Կողբ անունը հապավում է։ Պապը դասատուի հայացքով բացատրում է․ «Ուրեմն՝ կադրեր, որոնք ղեկավարում են բոլորին»։ 1941-45թթ․ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Ծիծաղելով հաջողություն եմ մաղթում պապին ու գնում դեպի փողոցի մյուս ծայրը, որտեղ տաքսի ծառայություն է։ Տիկնայք, որոնք այստեղ աշխատում են, շատ համեստն են ու նրանցից եւս մի կադր պոկել չի հաջողվում, բայց զրույցներից որոշ հատվածներ գրի կառնեմ այստեղ։  Տիկնայք սիրում են իրենց գյուղը, դժգոհ չեն, միայն թե մտահոգություններ կան, որ ոչ բոլոր թաղամասերում կա ոռոգման ջուր, կոյուղու ցանց։ Ջրատարեր կան, որոնք կոյուղաջրերը դուրս են հանում ու լցնում Կողբաչայ կոչվող գետը, որը ամռան ամիսներին գրեթե ցամաքում է։ Միեւնույն ժամանակ, զրուցակիցներս չեն մոռանում շեշտել, որ կողբացիք խելացի, աշխատասեր մարդիկ են։ Ես, իհարկե, առիթը բաց չեմ թողնում հարցնել Կողբ-Բերդավան «հակամարտության» մասին։ Տիկնայք ծիծաղում են, ասում՝ դա արդեն լրիվ հումորի դաշտում է, ու երբ պետք լինի՝ կողբացին բերդավանցու կողքին կկանգնի, ու հակառակը։ Բայց այդ դեպքերը, ինչպես ես հասկացա, լրջագույն դեպքեր պիտի լինեն, ինչպես, օրինակ, եթե նոյեմբերյանցին փորձի նեղը գցել նրանցից որեւէ մեկին, մյուսն անպայման թիկունքին կկանգնի։ Համ էլ հիմա շատ-շատ բերդավանցիներ ու կողբացիներ են իրար խնամություն անում, ու թշնամանքի մասին խոսելն ուղղակի աբսուրդ կհնչի։ Ես էլ այս «կոնֆլիկտը չսրելու» համար իմ նյութերում ձեզ չեմ պատմի այն հումորները, որ իրար մասին հորինել են մեր հայրենակից հարեւանները։ Զանգ է գալիս տաքսի ծառայության հեռախոսին․ «- Տաքսի ծառայություն։ - ․․․։ - Հա։ - ․․․։ - Գալիս ա։ - ․․․։ - Սերվիսը։ - ․․․։ - Ո՞ւր տի գալ (ծիծաղում է), կարող ա՞ Լոնդոն։ - ․․․։ - Քեզ ո՞ւր ա պետք, Ղլաչե՞ն (Բերդավանը), թե՞ ձեր տուն։ - ․․․։ - Կացի լա տենամ ո՞վ գիդե Աղունանց տան տեղը։ Հա, Սաշիկն եկավ, նա կգիդենա»,- այսպես պատվիրատուի հետ խոսակցությունն ավարտում է ծառայության աշխատակիցն ու վարորդ Սաշիկին ուղարկում ճշտած ուղղությամբ պատվերը կատարելու։ Իսկ ես շարունակում եմ քայլել գյուղի փողոցներով, որոնցով անընդհատ մեքենաներ են գնում-գալիս։ Բայց պատահում են նաեւ երիտասարդներ, որոնք զբոսնում են։ Ինձ ընդառաջ են գալիս երկու ընկերուհիներ՝ Թամարան ու Աշան, որոնք տուն են գնում Կողբի մշակույթի տնից, որտեղ պատրաստվում էին վաղվա միջոցառումներին։ ։ Թամարան եւ Աշան Թամարա Գալստյանը 11-րդ դասարան է փոխադրվել։ Նա ուզում է լեզուների մասնագետ դառնալ, այս պահին ամենից շատ անգլերենն է սիրում, հետո պատրաստվում է եւս մեկ լեզու սովորել։ Իսկ Աշա Եղիազարյանը 12-րդ դասարանում է սովորում։ Սկզբում նա ուզել է լուսանկարիչ դառնալ, իսկ հիմա մտափոխվել է, ուզում է հագուստի մոդելավորող դառնալ։  Ճամփեզրին մի տղամարդ միրգ ու բանջարեղեն է վաճառում։ Վարուժն է, նա քչախոս մարդ է։ Ասում է առեւտուրը վատ չէ, միայն եթե «նիսյա» չլիներ, ավելի լավ կլիներ։ Սակավախոս զրուցակիցս կարճ ու կոնկրետ ասում է՝ Կողբը լավ տեղ է, մարդն իր գյուղը ո՞նց չի սիրի։ Վարուժը Իսկ նրանից քիչ հեռու խելոք նստած են իր թոռնիկները՝ ութամյա Մարին, որն ուզում է բժշկուհի դառնալ, որ իր մյուս պապիկին բուժի, եւ երկուամյա Լյուսին, որը նոր-նոր պատրաստվում է մանկապարտեզ գնալ։ Ինչ հարց տաս՝ ասում է «հա», պապն էլ կողքից կատակում է՝ ինչ ուզես իմանալ, երեխեքից կիմանաս։ Մարին եւ Լյուսին Բայց քանի որ երեխեքը հիմա դժվար թե գյուղի նիստ ու կացից շատ պատմեն, ես շարունակում եմ իմ զբոսանքը։ Գյուղամեջից մի քիչ այն կողմ եռուզեռ համարյա թե չկա։ Բակերում ոչ մեկը չի երեւում, ես էլ սկսում եմ նկարել շուրջս, ու մի մեքենա է գալիս-կանգնում իմ կողքի դարպասի մոտ։ Մի քանի վայրկյան ինչ-որ բան են խոսում վարորդն ու կողքին նստած կինը ու բացում դուռը։ «Բարեւ ձեզ»,- ասում եմ,- «չե՞մ խանգարի, եթե մի քիչ ժամանակ խլեմ ձեզնից»։ Միաձայն ասում են՝ «չէ, աղջիկ ջեն, ի՞նչ խանգարել, արի ներս գնանք»։ Ամուսիններ են՝ տիկին Օֆիկն ու պարոն Ալբերտը։ Արդեն 45 տարի է՝ միասին են։ Նրանց գործողությունները համաչափ են, սինխրոն։ Տիկին Օֆիկն ինձ առաջարկում է զբոսնել իրենց այգում, մինչեւ արագ վերջացնեն գործերը, գան զրուցենք։ Բայց ես մի ընթացք չեմ կտրվում նրանց շարժումներից, որ լրացնում են մեկը մյուսին։ Առանց իրար որեւէ բառ ասելու՝ մեկը մի գործ է անում, մյուսը՝ ուրիշ․ տոպրակով հացը բերում է կինը, ձմերուկները ձեռքերին՝ ամուսինը, լիմոնադը, մրգոտ մի ճյուղ։ Պարոն Ալբերտը Բերում դասավորում են, ու տիկին Օֆիկը ձայնում է պատշգամբից՝ տեսա՞ր՝ ինչ մրգեր ունենք։ Գլուխս բարձրացնում եմ, տեսնեմ՝ բանանի ծառ, մյուս կողմս՝ կիվի։ Ամուսինները երկար են մշակել այս այգին, տուն ու տեղ են դրել։ Նոր էլ իրենց մեղուների մոտից են գալիս․ 23-24 փեթակ ունեն։ Տիկին Օֆիկն իր սկեսրոջից է սովորել մեղու պահելը։ Նա ձմերուկ է կտրատում, գալիս նստում զրուցարանում․ «Կողբը շատ լավ տեղ ա, տեսարժան վայրերը՝ շատ, բնությունը՝ լավը, լիքը աղբյուրներով, ման գալու տեղեր։ Սրբասար ունինք՝ մի արտակարգ տեղ ա»,- հավեսով գովում է տիկին Օֆիկը։ Ասում է՝ աշխատանք լինի, ամեն ինչ էլ լավ կլինի․ «Ով աշխատում ա, նա գտնում ա, աշխատողը երբեք չի սովում»։ Այս ընթացքում պարոն Ալբերտը լիմոնադ է բերում։ Նա գալիս է խոսակցության այն պահին, երբ ես էլի Բերդավան-Կողբ թեման եմ բացել։ Տիկին Օֆիկը շեշտում է՝ Կողբում հարսին շատ են տեղ տալիս։ «Հա՞»,- զարմացած հարցնում եմ, ու պարոն Ալբերտը միանգամից դիմում է տիկնոջը, թե՝ «դու որ հմի չասես՝ հա, չի՞ տեսնում՝ ոնց ես դու նստած զրից անում, ես էլ սեղան եմ դնում»։ Ծիծաղում են ամուսինները ու ուրախանում նաեւ, որ ես լա՜վ տեղյակ եմ հարեւան բնակավայրերի կատակներից։  Բայց խոսում ենք նաեւ Կողբի խնդիրներից։ Կոյուղու ցանց չլինելու մասին եմ հարցնում։ Հյուրընկալներս ասում են՝ նման խնդիր կա, բայց որոշ թաղամասերում հարցը լուծված է։ Սա, իհարկե, դժվարացնում է կյանքը, բայց հույս ունեն՝ ամեն տեղ կլուծվի խնդիրը։ Ոռոգման ջրից նրանք դժգոհություն չունեն․ իրենց այգին ոռոգում են Բերթաղ սարի տակից եկող աղբյուրի ջրով․ այգում հոր ունեն, ջուրը այդ հորում է հավաքվում։ Սառնորակ ու համեղ ջուր է։ Մեզ է միանում տիկին Օֆիկի հարեւանուհին՝ Վալյան։ Ասում են՝ ամեն օր անպայման միասին մի բաժակ սուրճ պիտի խմեն։ Վալյան էլ բուժքույր է աշխատում, ինքն է տնտեսությամբ զբաղվող Օֆիկին պատմում դրսի անցուդարձը։  Տիկին Օֆիկը, պարոն Ալբերտն ու տիկին Վալյան Հետո Վալյան առաջարկում է մի հատ էլ իրենց տունը նկարեմ, պարզվում է՝ ես այն անցնելիս արդեն նկարել եմ։ Օֆիկին էլ ասում է՝ գնա, տեսնի՝ ոնց են սարքում իրենց բակը ինքն ու ամուսինը՝ Սարիբեկը։  Օֆիկն ինքնըստինքյան բռնում է Վալյայի ձեռքը ու նրանք միասին քայլում են կողքի տուն։ Ալբերտն էլ իրենց դարպասի մոտից ինձ հաջող է անում։ Հայարփի Բաղդասարյան
00:51 - 16 հուլիսի, 2022