Ստյոպա Սաֆարյան

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ։ 

Ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Ոսկևան գյուղում: 1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1997 թ. ավարտել է ՀՀ կառավարման դպրոցի (այժմ՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիա) պետական կառավարում և տեղական ինքնակառավարում ֆակուլտետը: 1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։

Անգլիայի Յորքի համալսարանում ստացել է հակամարտությունների լուծում և քաղաքագիտություն մասնագիտացումը:

1993-1994 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ: 1995-2000 թթ.` ծառայության դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ:

1998-2002 թթ. աշխատել է ՀՀ կառավարման ակադեմիայում՝ իբրև «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ:

2002-2004 թթ. աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ իբրև իրավական և քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005 թթ.` հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ.` հետազոտությունների ղեկավար:

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից։ 2007-2009 թթ.՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար։ 2009-2012 թթ.՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2012 թ. հունիսի 2-ին ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար։ 2013 թ. «Բարև Երևան» խմբակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2014 թ. հիմնադրել և ղեկավարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը: Հարյուրավոր հոդվածների, տասնյակ գրքերի, դասագրքերի հեղինակ (համահեղինակ) է:

2019 թ. մարտի 29-ին ՀՀ վարչապետի առաջարկով ՀՀ կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: 2019 թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի առաջարկով ՀՀ կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ։

Դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600. 000 դրամ

Դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600. 000 դրամ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Զարուհի Նախշքարյանի՝ մասնակի բավարարել է «Live News»-ի լրագրող Թագուհի Ասլանյանի հայցը, որով պարտավորեցրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ներողություն խնդրել լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, եւ վճարել  600.000 դրամ փոխհատուցում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Ասլանյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը։ Դատարանը հայցը բավարարել է մասնակի, որովհետեւ հայցվորը փոխհատուցման պահանջի համար ներկայացրել էր 1.000.000 դրամ, սակայն բավարարվել է 600.000 դրամը: Ըստ փաստաբան Վիրաբյանի՝ դատավորն արդար դատական ակտ է կայացրել։ Դատական վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ նույն ժամկետում էլ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
20:36 - 23 դեկտեմբերի, 2020
ՀԽ նախագահը  գերիների իրավունքների ոտնահարումը կանխելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպաններին

ՀԽ նախագահը գերիների իրավունքների ոտնահարումը կանխելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպաններին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարներին՝ կոչ անելով հատուկ այցելություն կատարել Ադրբեջան՝ կանխելու համար հայ գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` աջակցելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում: Ստյոպա Սաֆարյանի նամակում նշված է. «Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց ղեկավարների մակարդակով խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի գործադրումը, միևնույն ժամանակ ցավում ենք, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիոն պատերազմ նախաձեռնողի անունը մինչ այժմ երբեք չի ցուցանվել: Մինչդեռ Ադրբեջանը, որը 1990թ. ի վեր այդպիսի երրորդ ագրեսիայի նախաձեռնողն է, նույնիսկ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո շարունակում է նոր ռազմական հանցագործությունները՝ անտեսելով բոլոր միջազգային նորմերն ու պարտավորությունները: Սույն թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական ու զոհված անձանց փոխանակմանը: Հիշյալ հայտարարության մեջ մեր հայրենակիցների ապահով փոխանակումն իրականացնելու հստակ ժամկետ նշված չէ: Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի պահանջները, ձգձգում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձն ապահովելու գործընթացը՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով անմարդկային վերաբերմունք: Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել ու ճնշում գործադրել և խնդրին հրատապ լուծում տալ: Հրադադարի ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատեսն է հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող, խտրական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ ու լուսանկարներ: Խստորեն դատապարտելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը՝ պայմանավորված բացառապես նրանց հայկական էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև ադրբեջանական հասարակության կողմից դրա փառաբանումը պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է: Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է խստագույնս դատապարտվեն։ Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործությունները կանխելու՝ միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ստեղծում ադրբեջանական կողմի համար՝ առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները: Խնդրում ենք Ձեզ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղին առնչվող խորհրդաժողովով համանախագահների  համար  հաստատված  մանդատը,  ի  թիվս  այլոց,  նախատեսում է «հակամարտության կողմերի հետ աշխատել վստահության ամրապնդման միջոցների մշակման ուղղությամբ, ի մասնավորի, հումանիտար ոլորտում` դրանք համաժամանցելով քաղաքական գործընթացներին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունեցին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի պայմանները պատշաճ կերպով չեն իրականացվում Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայկական կողմը սահմանած ժամկետներում իր զինված ուժերը դուրս է բերում բոլոր տարածքներից: Իսկ հայ հասարակությունը մտահոգված է, թե ինչու տարածքների հետ կապված պարտավորությունը պետք է կատարվի հստակ ժամկետներում, մինչդեռ մեկ այլ պարտավորություն՝ կապված գերիների և զոհվածների վերադարձման հետ, չպետք է անմիջապես իրականացվի: Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և պատասխանատվությունը դառնում են պարտադիր հանձնառություններ՝ կա՛մ դադարեցնել բոլոր պարտավորությունների կատարումը, կա՛մ նպաստել դրանց համապարփակ ձևով և ժամկետներում իրականացմանը: Հաշվի առնելով այս խնդրի հրատապությունը` կոչ ենք անում նախաձեռնել ու հատուկ այցելություն կատարել Ադրբեջան և վերահսկել իրավիճակը նրանց պահման վայրերում՝ կանխելու գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` աջակցելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում: Մենք ապավինում ենք այս հարցում Ձեր փոխըմբռնմանը։ Ստեղծված իրավիճակում Ձեր առաքելությանը համապատասխան գործելով՝ Դուք կարող եք անմեղ մարդկանց կյանքեր փրկել, քանի որ հայերի և ադրբեջանցիների խաղաղ համագոյակցությունը, ցավոք, այս պայմաններում անհնար է, որովհետև շարունակում ենք տեղեկություններ ստանալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ։ Կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանում հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները և լրացուցիչ երաշխիքների շրջանակներում պաշտպանելու վիրավորների իրավունքները»:
19:16 - 02 դեկտեմբերի, 2020
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ հանրային խորհրդի հետ

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ հանրային խորհրդի հետ

 ՀՀ հանրային խորհուրդը սեպտեմբերի 29-ին  հյուրընկալել էր ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ում ուղեկցում էր նրա նորանշանակ խորհրդական Դմիտրի Կազմինը: Ինչպես տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդի քարտուղարությունից, իր բացման խոսքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն ու գոհունակություն է հայտնել դեսպանին անդրանիկ հանդիպման ու ծանոթության համար` նախևառաջ խոսելով իր պաշտոնավարման ամիսներին ՌԴ Հանրային պալատի հետ ունեցած սերտ համագործակցության մասին, որը մոտ ապագայում կամփոփվի նաև նախապատրաստվող երկկողմ հուշագրի ստորագրմամբ: Կարևորելով պարբերական հաղորդակցությունը երկու երկրների հանրային տարբեր օղակների միջև` ՌԴ դեսպան Կոպիրկինը վստահություն է հայտնել, որ իրենց կողմից ամեն ջանք կգործադրվի այդ հարաբերությունները խորացնելուն միտված արդյունավետ համագործակցության համար, որը կարևորվել է երկարաժամկետ և ռազմավարական առումով, քանի որ երկկողմ հետաքրքրություններն ընդհանուր են՝ անկախ բազմաթիվ հանգամանքներից: Համագործակցությանն ու փոխօգնությանն առնչվող մի քանի հարցերի հակիրճ անդրադարձից հետո կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային բարդացող իրավիճակի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի շուրջ։ Սաֆարյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրել է, որ ի թիվս այլ գործընկեր կառույցների` ՀԽ անունից նամակներ են ուղարկվելու նաև Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատին, որում ռուս գործընկերներին հանգամանորեն կներկայացվի իրավիճակն ու կտրամադրվի դրա հետ կապված օբյեկտիվ տեղեկատվություն։
01:48 - 30 սեպտեմբերի, 2020
Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին` բարձրաձայնելով դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19-ի տարածման հնարավոր վտանգի մասին

Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին` բարձրաձայնելով դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19-ի տարածման հնարավոր վտանգի մասին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որում բարձրաձայնել է հանրապետության դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19 համավարակի տարածման հնարավոր վտանգի մասին: Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ և նախարար, Որպես Հանրային խորհրդի նախագահի՝ ինձ են դիմել մի քանի ծնողներ, ըստ որում՝ մասնագիտությամբ բժիշկներ, որոնք երեխաներ ունեն հանրակրթական դպրոցներում։ Նրանք հայտնել են, որ իրենց երեխաների դպրոցներից (կամ միգուցե բոլոր դպրոցներից) խնդրել են, որպեսզի վաղվանից ծնողները ներկայանան՝ աշակերտների դասագրքերի հանձնման նպատակով: Հաշվի առնելով COVID-19 համավարակը և նրա տարածման տեմպերը վերջին շրջանում՝ ծնողները, որոնցից ոմանք մասնագիտությամբ բժիշկներ են, խնդրում և հորդորում են ինձ օգտագործել իմ բոլոր կապերը և հնարավորությունները՝ տեղեկացնելու համար, որ դա կարող է լինել վարակը տարածելու ևս մեկ ճանապարհ։ Ծնողները կարծում են, որ դպրոցներում դասագրքերի հանձնման պրոցեսը կարող է կատարվել, օրինակ, մեկ ամսից կամ օգոստոսին, երբ իրավիճակը չի լինի մտահոգիչ կամ վերահսկելի կլինի: Գրությունս ավարտում եմ նամակներից մեկից մեջբերմամբ․ «Նորից խնդրում եմ՝ որպես բժիշկ, ով անմիջապես մասնակցում է COVID-19-ով հիվանդների բուժմանը. ջուրը մի գցեք մեր ջանքերը՝ թեկուզև մեկ վարակակիր ավելացնելով: Ենթադրում եմ՝ դա թյուրիմացություն է, որը միգուցե Ձեր մասնակցությամբ կանխվի, քանի դեռ ուշ չէ»: Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ճշգրտել, թե որքան համատարած է նման խնդիրը։ Իսկ ընդհանուր վերցրած՝ վերին աստիճանի ցանկալի կլինի, որպեսզի բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների համակարգման ոլորտում մարդկային շփումներ ենթադրող միջոցառման կամ միջոցառումների թույլատրումը լինի միջգերատեսչական մակարդակում ծայրահեղ համակարգվածության ներքո, որպեսզի կոնկրետ նախարարության կամ գերատեսչության իրավասության ներքո գտնվող բնագավառում տեղի չունենան միջոցառումներ, որոնք հակասում են ընդհանուր հակաճգնաժամային ռազմավարությանը և կարող են ռիսկեր ստեղծել։ Հարգանոք՝Ստյոպա ՍաֆարյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ»:
13:57 - 26 մայիսի, 2020
ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից. հայտարարություն

ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից. հայտարարություն

ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակն ու ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը վաղ առավոտից ստանում են հարցումներ՝ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանի` ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ: Հանրային խորհուրդը դատապարտում է բռնությունն արդարացնող կոչերը և պաշտոնապես հայտնում, որ ՀԽ անդամների և/կամ հանձնաժողովների անդամների որևէ հայտարարություն, կոչ, ուղերձ, գրառում կամ կարծիք չի կարող վերագրվել Հանրային խորհրդին, քանի դեռ տվյալ հայտարարությունը չի հաստատվել խորհրդի կամ հանձնաժողովի նիստում և չի արտահայտում բացարձակ մեծամասնության կարծիքն ու մոտեցումները: Այնուհանդերձ, ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից և հաշվի առնելով Ա. Միրզոյանի՝ որպես ՀԽ անդամակցող անձի՝ իրավական նորմերին և էթիկական մի շարք սկզբունքներին հակասող հանրային անընդունելի վարքի դրսևորումը, ՀԽ առաջիկա նիստում պարտադիր քննարկման կդրվի հանձնաժողովում նրա հետագա անդամակցության հարցը: Լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք համագործակցություն՝ ՀԽ անդամների և ՀԽ հանձնաժողովների և ենթահանձնաժողովների մի քանի հարյուր անդամների անձնական կարծիքները ներկայացնելիս ՀՀ Հանրային խորհուրդը վկայակոչելուց զերծ մնալու հարցում: Որևէ իրադարձության, խնդրի, հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում կարող է հրապարակվել բացառապես պաշտոնական աղբյուրներով՝ publiccouncil.am կայք և ՀԽ ֆեյսբուքյան էջ: ՀԽ գրասենյակը մշտապես հասանելի է բաց աղբյուրներով հրապարակված կապի բոլոր միջոցներով և պատրաստակամ է հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել լրագրողների հարցերին, ըստ անհրաժեշտության՝ տալ մեկնաբանություններ:
15:37 - 10 մարտի, 2020