Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը հայ իրավապաշտպան է, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը։ 

Ծնվել է 1955 թվականին՝ Երեւանում: 1972 թվականին ավարտել է Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19-ը (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19) միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականները սովորել է Երեւանի Պետական համալսարանի երկրաբանական  ֆակուլտետի գեոֆիզիկայի բաժնում։

1977-1984 թվականներին աշխատել է Երեւանի «Հայգունմետգիտնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնում՝ սկզբում որպես որպես ինժեներ, ապա՝ ավագ գիտաշխատող, այնուհետեւ պետրոֆիզիկայի ենթաբաժնի վարիչ։

1984-1987 թվականներին կրթությունը շարունակել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի (ՎՍԵԳԵԻ) ասպիրանտուրայում, 1987 թվականին Լենինգրադում պաշտպանել է ատենախոսություն եւ ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Հայաստան վերադառնալուց հետո 1987 թվականին համախոհների հետ հիմնադրել եւ ղեկավարել է կրթական «Մաշտոց» միավորումը:

1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1996 թվականին համախոհների հետ հիմնադրել, այժմ էլ ղեկավարում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Ավետիք Իշխանյանը բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց |tert.am|

Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց |tert.am|

tert.am: Սադրանք է եղել իմ նկատմամբ: Այս մասին Ոստիկանության Կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով բերման էր ենթարկվել Կառավարության շենքի մոտակայքից: «Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, ոստիկանների մեջ կանգնած էր ծանոթներիցս մեկը, որին բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում՝ բնակարանային հարցով. քրեական անցյալ ունեցող մեկն էր: Անցնելիս բավական ագրեսիվ ձևով ասաց՝ «ինչ եղավ իմ գործը»: Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում»,-ասավ Իշխանյանը՝ նշելով, թե դրանից հետո նշված քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել Իշխանյանի ու Ղարաբաղի հասցեին: «Հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ: Այդ ժամանակ եկան քաղաքացիները և ոստիկանները, նրան քաշեցին մի կողմ, և Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց: Հետաքրքիրն այն է, որ բերման ենթարկելու որոշման մեջ գրված էր՝ ծեծի ենթարկելու կասկածանքով. ես ծեծի ենթարկելու կասկածանքով բերման եմ ենթարկվել»,-ասաց իրավապաշտպանը: Նա ընդգծեց՝ ինչ գործ ուներ քրեական անցյալ ունեցող մարդը ոստիկանների մեջ կանգնած. «Դրանից ելնելով՝ ես համարում եմ, որ սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ, և ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, որ պետք է զգույշ լինել, հավանաբար առաջիկայում այդպիսի սադրանքներ էլի կլինեն»,-ասաց նա: Իշխանյանի կարծիքով՝ վարչապետի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել։
16:44 - 25 նոյեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ՄԻՊ-ի և իրավապաշտպանների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ՄԻՊ-ի և իրավապաշտպանների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ի հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Ավետիք Իշխանյանի հետ: Ինչպես տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետները հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ նախագահն ասել է, որ պետք է խոսել ոչ միայն այս պահին առկա խնդիրների և դրանց լուծման, այլև՝ ընդհանրապես ինչպիսի ֆունդամենտալ խնդիրներ կան, որոնք նաև հիմնարար լուծման կարիք ունեն: Զրույցի ընթացքում մասնակիցներն իրենց տեսակետն են ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա խնդիրների մասին: Արձագանքելով նրանց հարցերին ու դիտարկումներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել։ Անձնավորում են սկսած նախագահի ինստիտուտից մինչև քաղաքացի կամ իրավապաշտպան։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլև շատ վտանգավոր։ Սա, իհարկե, նոր երևույթ չէ և միայն հայկական երևույթ չէ: Այդ նույն մեխանիզմները տարբեր երկրներում կիրառվում են։ Սա այսօրվա փոփոխված աշխարհի արդյունքն է, որտեղ մարդկանց մեծ մասը իրենց կյանքի մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում, որտեղ ո՛չ օրենք կա, ո՛չ կարգավորում։ Ցավալի է նաև, որ այս մեխանիզմը մեծ թափով կիրառվում է մեր մոտ։ Այն կիրառվում է վերևից և ներքևից, աջից և ձախից, անձնավորված, թիրախավորված է: Արդյունքում՝ շատ հաճախ հետին պլան է մղվում քննարկման նյութը՝ թեման, արդյունքում՝ մենք այն կորցնում ենք։ Մենք պետք է ելնենք այն միջավայրից և իրականությունից, որտեղ ապրում ենք և գործում, փորձենք մեր հնարավորությունների սահմաններում իրավիճակը փոխել և բարելավել։ Եթե նախագահը սկսի ամեն օր օգտագործել իր ունեցած հիմնական գործիքներից մեկը, որը խոսքն է, ապա այն ժամանակի ընթացքում արժեզրկվելու է: Նախագահը պետք է շատ զուսպ լինի և գործի անհրաժեշտ պահերին: Ոչ թե կետային, այս կամ այն դեպքի առիթով, այլ ավելի ընդհանրացված. մարդկանց հանդուրժողականության կոչ անի, տարբեր գործիքներ օգտագործելով նպաստի իրազեկմանն ու աջակցի հանրային քննարկումներին»: Հանրապետության նախագահն արձագանքել է նաև խորհրդարանական հանրապետությունում նախագահի դերին վերաբերող հարցերին, որոնց մասին նույնպես իրավապաշտպանները խոսել էին: «Անցում է կատարվել նոր փուլի, և մարդկանց մեծ մասն իներցիայով դեռ այնքան էլ չի պատկերացնում, որ Հանրապետության նախագահի լիազորությունները փոխվել են»,- նշել է նախագահը: «Այս ինստիտուտի կարևոր բազմաթիվ խնդիրների շարքում նախ նրա կայանալն է՝ որպես խորհրդարանական երկրում նախագահական ինստիտուտ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Ամենաբարձր մակարդակներից մինչև պարզ քաղաքացիների մեծ մասը հաճախ չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, որ խորհրդարանական երկրում են ապրում։ Սա ստեղծում է անհասկացվածություն, լինում են սխալ մեկնաբանություններ, սպասելիքներ նախագահից, նախագահի ինստիտուտից, որոնք իրատեսական չեն, հետևաբար նախագահը չի կարող իրականացնել»։ Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել Հանրապետության նախագահի հետ, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր մեխանիզմներ օգտագործելով իրազեկելու, հանրային քննարկումներ անցկացնելու և կրթելու անհրաժեշտություն կա, և բոլորս այստեղ անելիք ունենք:
19:05 - 19 հունիսի, 2020