Գրիշա Թամրազյան

Գրիշա Թամրազյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալն է։ Ծնվել է 1985թ. հուլիսի 23-ին Երեւանում։

2009-2012 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել պետական եւ մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ, մագիստրոսի որակավորում։ 2002-2006 թթ. սովորել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրա եւ սպորտի ֆակուլտետում՝ ստանալով մարզիչ-մանկավարժի որակավորում։

2019 թ. փետրվարի 5-ին նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ, 2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ, 2008_2019թթ. եղել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր, 2017-2018 թթ.՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի խորհրդական
2014-2015 թթ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եղել է վարչատնտեսական գծով պրոռեկտոր, 2010–2011 թթ. եղել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փոխտնօրեն։

Իմ տեսակը հանձնվողներից չէ․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ հրաժարականի պատճառների մասին

Իմ տեսակը հանձնվողներից չէ․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ հրաժարականի պատճառների մասին

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հրաժարականի պատճառներին: «Հարգելի՜ հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն: Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում՝ ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018 թ.-ից: Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պրոֆեսիոնալներին ում հետ բախտ ունեցա աշխատել վերջին երկու տարիների ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, բուհերի ռեկտորներին, կրթության բոլոր շահառուներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին և իմ շատ սիրելի սպորտսմեններին: Բոլորին ցանկանում են քաջ առողջություն և բեղմնավոր աշխատանք հանուն մեր պետության ապագայի և քաղաքացիների արժանապատիվ կյանքի»,-գրել է նախկին փոխնախարարը: Հիշեցնենք, որ երեկ Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, այն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել էր:
15:39 - 25 սեպտեմբերի, 2020
Հեռակայի ընդունելությունը ևս կանցկացվի մեկ քննությամբ․ դրական միավորներ ստացած դիմորդները կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու. Գ․ Թամրազյան
 |tert.am|

Հեռակայի ընդունելությունը ևս կանցկացվի մեկ քննությամբ․ դրական միավորներ ստացած դիմորդները կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու. Գ․ Թամրազյան |tert.am|

tert.am: Ինչ վերաբերում է նրան, որ ընդունելության կարգը փոփոխվել է, քննությունների ժամանակ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդ փոփոխությունը տեղի է ունեցել հայտագրումից առաջ, և գերակայությունը տրվել է առաջին հայտին: Երբ դիմորդը կայքում ցանկացել է գրանցվել, կայքում նշվել է՝ ծանո՞թ եք կարգին, այսինքն դիմորդը, երբ ցանկացել է դիմել, տեղեկացված է եղել, քանի որ կայքում նշված է եղել այդ մասին․ այս մասին նշեց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը՝  բուհ չընդունված դիմորդների և ծնողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում և ուղիղ եթերում տեղեկացրել է կարգի փոփոխման մասին, Կառավարության նիստում ևս մանրամասն ներկայացվել է նոր կարգի մասին. «Այս կարգը ընդունվել  է արտակարգ ռեժիմի պայմաններոմ և չեմ պատկերացնում, որ 15000 դիմորդներին պետք է ծանուցեինք, որ առաջին հայտի գերակայություն է լինելու: Երկրորդ, երրորդ կամ ութերորդ հայտերի դեպքում նախորդ տարիներին նույն կարգն է գործել՝ փոփոխություն չի կատարվել: 739 դիմորդ բավարար գնահատական են ստացել և չեն ընդունվել, բայց ունենք թափուր տեղեր: Ես հանդիպումից առաջ տեղեկացա, որ արդեն շուրջ 550 դիմորդ դիմել է թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է նրան, որ փորձում ենք խոչընդոտներ ստեղծել, ես նշեցի, որ 13000 մարդ է մասնակցել միասնական քննություններին, որի արդյունքում 739 մասնակից մրցույթի արդյունքում դուրս է մնացել, որը քիչ տոկոս է կազմում: 13000-ից 2200 ստացել է անբավարար, իսկ 739-ից եթե 550-ը  դիմել է թափուր տեղերի համար, պարզ է դառնում, որ 200 մարդ դեռ չի դիմել, բայց ժամանակ ունեն գրանցվելու համար»,- նշեց փոխնախարարը: Գրիշա Թամրազյանը տեղեկացրեց, որ դրական միավորներ ստացած դիմորդները հետաքրքրվում են հեռակա ընդունելության քննություներին մասնակցելու համար: Այդ պատճառով  նախարարության հետ քննարկվել է, որ հեռակայի ընդունելությունը նույնպես կանցկացվի մեկ քննության միջոցով, և այն դիմորդները, որ ստացել են դրական միավորներ, կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու:Ավելին՝ tert.am-ում։
19:45 - 22 հուլիսի, 2020
ՀՔԾ-ն ԿԳՄՍ նախարարի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

ՀՔԾ-ն ԿԳՄՍ նախարարի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում։ Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցում արված հայտարարության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին։ Գոգյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ ԲՈԿ նախագահի, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։ Իսկ եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։
15:19 - 04 հունիսի, 2020
Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամարզյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում
 |armtimes.com|

Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամարզյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը թերություններ է տեսնում ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը համակարգող Գրիշա Թամրազյանի աշխատանքում: Երեկ՝ մայիսի 25-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդիպում է տեղի ունեցել Թամրազյանի հետ, սակայն թեման հիմնականում վերաբերել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին ու նրա հայտարարություններին, եւ այդ պատճառով Ջուլֆալակյանի մոտ բաց հարցեր են մնացել: ՀԺ-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ կլինի եւս մեկ հանդիպում, որին ներկա կլինի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, եւ ինքը կկարողանա նրան ներակայացնել սպորտի խնդիրները: «Թե ինչ խնդիրներ կան մարզաշխարհում առհասարակ, ոչ թե COVID-ով պայմանավորված այլ ընդհանրապես (կան համակարգային լրջագույն խնդիրներ, որոնց ուղղությամբ առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լուրջ տեղաշարժ չեմ տեսել), չեմ ուզենա հարցազրույցով բարձրաձայնել, քանի որ կարծում եմ՝ առաջիկա օրերին կլինի եւս մեկ քննարկում՝ հուսամ՝ արդեն նախարարի մասնակցությամբ, եւ ուզում եմ հենց տեղում բարձրաձայնել այդ հարցերը: Այս պահին առնվազն 15 շատ կարեւոր կետ եմ առանձնացրել, որոնք ուզում եմ ուղղել հենց պարոն նախարարին, որպեսզի նախարարի մոտ հստակ լինի, թե ինչ կետերով է փոխնախարարը ձախողել իր աշխատանքը»,- ասաց Ջուլֆալակյանը: Թեեւ երեկվա նիստը նվիրված է եղել Գոգյանի ու Թամրազյանի շուրջ բարձրացած աղմուկին, սպորտի մասին խոսակցություն եղել է: Ինչպես Ջուլֆալակյանն է նշում, Թամրազյանն ասել է, որ մարզաշխարհում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են: Ջուլֆալակյանը հայտարարությանն արձագանքել է՝ ասելով, որ ընդամենը օրեր առաջ, մի շարք մարզադպրոցների տնօրեններ այլ կարծիք են հայտնել: «Հակադարձեցի, որ դեռեւս ուրբաթ օրը քննարկում է եղել մարզադպրոցների տնօրենների եւ մարզաշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում նրանք COVID-ով պայմանավորված բազմաթիվ հարցեր են բարձրացրել, եւ նշեցի, որ ձեր կարգավորումները կամ սխալ են եւ տեղին չեն, կամ էլ դուք չեք տիրապետում իրավիճակին՝ դատելով Ձեր հայտարարությունից»,- ասաց Ջուլֆալակյանը՝ նշելով, որ բարձրաձայնված խնդիրներն արդեն ուղարկել է պարետատուն, ԿԳՄՍՆ, Երեւանի քաղաքապետարան եւ պատրաստ է մասնագետների հետ աշխատել լուծման տարբերակների վրա: Պատգամավորի խոսքով՝ Թամրազյանը նաեւ շեշտել է, որ ինքը միշտ թափանցիկ է աշխատել ու հասանելի է եղել: Այդ պնդման վերաբերյալ Ջուլֆալակյանը եւս դիտարկում է ունեցել: Ասել է, որ լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներից հակառակի մասին է լսել: «Նշել եմ, որ մոտ 1 տարի է՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում, ինչը բացաձակ հակառակի մասին է խոսում՝ ոչ թե հաշվետվողականության, այլ 0 հաշվետվողականության: Նշել եմ, որ բազմաթիվ սպորտային լրագրողներ առնվազն, բայց վստահ եմ՝ նաեւ ոչ սպորտային լրագրողներ ակնկալում են տարբեր հարցերի պատասխաններ ստանալ նրանից, ինչը դեռ չկա, եւ դա շատ բացասական է: Անհատների հետ աշխատանքը եւս բացասական եմ համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում, ոչ թե անհատական: Երբ անհատական մոտեցում ես դրսեւորում, նշանակում է՝ դու առաջնորդվում ես անձնական ինչ-ինչ շահերով, այսինքն՝ կոպիտ ասած, ճաշակի հարց է դառնում՝ ում խնդիրը լուծել, ումը ոչ»,- ասաց նա:Ավելին՝ Armtimes.com-ում։
22:10 - 26 մայիսի, 2020
Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

«Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռևս չի ստորագրվել վարչապետի կողմից, և հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հնարավոր հովանավորչության հետ»,- այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նշենք, որ նիստին ներկա էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։«Մենք՝ որպես ոլորտում խորհրդարանական վերահոսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել, որ այդ քննարկումը բերենք պառլամենտ, այտեղ լսենք բոլոր շահագրգիռ կողներին»,- ասաց Հայրապետյանը։ Նա նշեց, որ ապագայում չի բացառվում՝ էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետև կարծում է՝ ոչ բոլոր հարցերը հասցրին սպառել այսօր։«Այսօրվա քննարկումը որոշվեց դռնփակ ձևաչափով անցկացնել, որպեսզի հնարավորինս անկաշկանդ, անկեղծ ու բաց միջավայր ապահովվեր բանախոսների համար։ Թե՛ փոխնախարարը, թե՛ ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի մասն իրենց քննադատություններն ու մեղադրանքները, մյուս կողմը՝ հակափաստարկները։ Այս փուլի համար բավական հաջող աշխատանք իրականացրինք»,- պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը։Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սմբատ Գոգյանը հետ վերցնի ազատման դիմումը, Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին ասել չի կարող։ «Դռնփակ ձևաչափը ենթադրում է, որ այս փուլում չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո՛ այդ հարցին երկար անդրադարձ եղավ այսօրվա մեր նիստում, լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ պատգամավորները որ չափով բավարարվեցին, հիմա զերծ կմնամ ասելուց»- եզրափակեց նա՝ պատասխանելով հնարավոր հովանավորչություններին վերաբերող հարցին։
23:05 - 25 մայիսի, 2020
Սմբատ Գոգյանի հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին․ Արայիկ Հարությունյան

Սմբատ Գոգյանի հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։ Հետևաբար, խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։ Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»։
12:40 - 25 մայիսի, 2020
Կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ԲՈԿ նախագահի հրաժարականը

Կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ԲՈԿ նախագահի հրաժարականը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով: Հարկ եմ համարում նշել, որ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը»:
09:28 - 22 մայիսի, 2020
Փոխնախարարը հերքում է իր առնչությունը ԱՕԿՍ-ն օֆշորային ընկերության վաճառելու քրեական գործին

Փոխնախարարը հերքում է իր առնչությունը ԱՕԿՍ-ն օֆշորային ընկերության վաճառելու քրեական գործին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը վստահեցնում է, որ առնչություն չունի ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Գրիշա Թամրազյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են իմ անունը կապել ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Հայտարարում եմ, որ նշված գործընթացի հետ ես որևէ առնչություն չունեմ: Նույն շինության մեջ, բայց առանձին հասցեում իմ ունեցած սեփականությունը հայտարարագրել եմ դեռևս 2018 թվականին, երբ «Իմ քայլ» դաշինքի կողմից առաջադրվել էի որպես պատգամավորության թեկնածու: Դրա մասին հայտարարագիր եմ ներկայացրել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնն ստանձնելուց առաջ: Խոսքը խորհրդային տարիներից հայտնի «Թիֆլիս» ռեստորանի տարածքի մասին է, որը սեփականաշնորհվել է   դեռևս 1996 թվականին և առնչություն չունի «ԱՕԿՍ» ՀԿ-ի հետ: Այդ տարածքը ձեռք  բերելու ժամանակ ես որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, բացի այդ, մինչ իմ կողմից նշված սեփականության ձեռքբերումը այն մի քանի անգամ արդեն վերավաճառվել էր, և գնումն իրականացվել է սեփականաշնորհումից 21 տարի անց` 2017 թվականին: Խնդրում  եմ այսուհետ այս թեմայով հրապարակումների ժամանակ առաջնորդվել բացառապես վերոգրյալ փաստերով»:
16:42 - 02 մարտի, 2020