ՀՀ հանրային ռադիո

Հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանը: Հիմնվել և առաջին հեռարձակումն ունեցել է 1926 թվականի սեպտեմբերի 1-ին։ Անկախության հռչակումից (1991թ․) հետո հանրապետական ռադիոն վերակառուցվել է Ագգային ռադիոյի։ 2001 թվականին Հայաստանի ագգային ռադիոն վերանվանվել է Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ)։ Հանրային ռադիոն դարձավ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ։ Ներկայումս ՀՀՌ-ն իրականացնում է 14 լեզվով, օրական 50 ժ տևողությամբ հաղորդումներ՝ համաշխարհային սփռումով։

Միակ պետական ռադիոն է, որ ունի քրդական հաղորդում։ Ունի նաև միջազգային համացանցային էջ՝ 8 լեզվով։ 2019 թվականի ապրիլի 3-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Գարեգին Խումարյանը։

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածում էթիկայի խախտում չկա. հրապարակվել է փորձագիտական կարծիքը

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածում էթիկայի խախտում չկա. հրապարակվել է փորձագիտական կարծիքը

Էթիկայի Դիտորդ մարմինը Հանրային հեռարձակողի դիմումի հիման վրա փորձագիտական վերլուծության է ենթարկել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածը ռադիոյի տաղավարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ եւ արձանագրել, որ Խումարյանի հոդվածում լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա, իսկ ՀՀՌ հայտարարության մեջ առկա «որոշ բնորոշումներ համարժեք չեն իրավիճակին եւ չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը»։  Ինչ վերաբերում է իր աշխատակից լրագրողի մասին Խումարյանի քննադատական գնահատականին, թե «վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել», ըստ ԴՄ կարծիքի՝ ցանկալի կիներ, որ այն մնար ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային հեռարձակողի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր։ Էթիկայի Դիտորդ մարմնի ամբողջական դիրքորոշումը՝ հղումով։
13:32 - 22 մարտի, 2024
Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու, հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին․ Գարեգին Խումարյան

Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու, հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին․ Գարեգին Խումարյան

Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Խոսք շնորհակալության և բացարձակ երջանկության։ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության փառապանծ կոլեկտիվն է: Այնքան շատ ենք, որ Ընկերության շենքի դահլիճներից, ստուդիաներից, փորձասրահներից և ոչ մեկում չենք տեղավորվում և ստիպված շենքից դուրս ենք դահլիճ վերցրել:   Մի ամսից պայմանագիրս ավարտվում է, ու, թեև մամուլի մեր գործընկերներին մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կուզեի մնալ, անկեղծ ասած, ապագաս ինձ համար փոքր-ինչ մշուշոտ էր: Հատկապես վերջին շրջանում հաճախ եմ լսում «բա հետո ի՞նչ ես անելու» հարցը:   Այսօր այդ հարցի պատասխանը վերջնականապես և անտարընթերցելիորեն ստացել եմ գործընկերներիցս: Փակ գաղտնի քվեարկությամբ «փրայմերիզի» պես մի բան էինք արել, որի ընթացքում ընկերության աշխատակիցների 99,3%-ն ասել է «պիտի մասնակցես և հաղթես» հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար շուտով հայտարարվելիք մրցույթում:   Ձայների հաշվարկը Ընկերության ամենաջահել աշխատակիցներն էին անում: Հարցնում եմ՝ գործընկերներ, հաշվապահությունից մարդ կա՝ էրեխեքին օգնի տոկոս հաշվեն: Պատասխանում են՝ ոնց որ թե կարիք չկա: Երկու ձայն կա միայն «դեմ»: Եվ այսպես՝ Ընկերությունում շուրջ 340 մարդ է աշխատում: Քվեարկությանը մասնակցել է 297-ը` աշխատակիցների 87%-ը: Թեև ժողովը ժամը վեցից հետո էինք արել, ռադիոն շուրջօրյա ռեժիմով է աշխատում, ու մարդկանց մի մասը պիտի տեղերում մնար: Վերջը՝ ստացել եմ 295 ձայն:   Պիտի շատ անկեղծ ասեմ. ներքին որոշում ունեի ութսուն տոկոսից ցածր աջակցություն ստանալու դեպքում նույնիսկ չփորձել ու գնալ նոր աշխատանք փնտրելու: Այն էլ 99,3: Էլի շատ անկեղծ՝ այնպես չի, որ ես չեմ ուզում, և գործընկերներիս սրտով եմ գնում: Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա: Կարյերայի առումով չկա որևէ բան, որ ավելի շատ կուզեի անել, քան այս Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելը: Ռադիոյի սիրելի մարդիկ, շնորհակալ եմ, որ այն եք՝ ինչ եք: Երբեք չփոխվեք: Երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ:   Սույնով պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի շուտով հայտարարվելիք մրցույթին մասնկացնելու, այդ մրցույթում հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին»:
21:54 - 07 մարտի, 2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հարցով

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հարցով

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։ «Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կառավարման ներքո գտնվող հեռարձակող ընկերություններն անդամակցում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնությանը, դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով Խորհուրդն իրավասու է ինքնուրույն գնահատելու Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին, սակայն հաշվի առնելով միջադեպի հետ կապված հանրային լայն արձագանքը, Խորհուրդը հայցում է համապատասխան մանդատ և փորձառություն ունեցող մարմնի կարծիքը»- ասվում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
17:01 - 09 փետրվարի, 2024
Գարեգին Խումարյան. «Ես կատարել եմ մասնագիտական պարտքս»
 |azatutyun.am|

Գարեգին Խումարյան. «Ես կատարել եմ մասնագիտական պարտքս» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը համաձայն չէ Հանրային հեռարձակողի պնդման հետ, թե Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները վիճարկող իր հոդվածով՝ չարաշահել է լիազորությունները և պաշտոնը: Խումարյանն այդ մասին ասաց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ Խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո: Գարեգին Խումարյանի հետ հարցազրույցի տեքստը՝ ստորև. «Ազատություն». - Պարոն Խումարյան, ինչպե՞ս եք նախ գնահատում Հանրային հեռարձակողի խորհրդի այսօրվա հայտարարությունը, Դուք համաձա՞յն եք, որ չարաշահել եք Ձեր լիազորությունները և պաշտոնը: Գարեգին Խումարյան. - Ներկայում ես միջանկյալ տեսակետ եմ հայտնում, զուտ ինտուիտիվ, որովհետև խորհրդի մեր հարգելի գործընկերների հրապարակած փաստաթուղթը այս պահին ուսումնասիրում են Հանրային ռադիոընկերության իրավաբանները: Զուտ ինտուիտիվ, զուտ մասնավոր՝ ես դրա հետ համաձայն չեմ, սպասում եմ՝ ինչ կասեն մեր ընկերության իրավաբանները: Ինչ վերաբերում է Հանրային ռադիոընկերության կայքը օգտագործելուն, ապա ես մեծ լրագրողական կոլեկտիվի մաս եմ, ես էլ այստեղ աշխատող լրագրողներից մեկն եմ, պարբերաբար գրում եմ ինչ-որ թեմաներով: Ես քիչ առաջ նայեցի՝ ես մոտ 10 հրապարակում ունեմ իմ սյունակի տակ, համենայնդեպս, մինչ այս որևէ խնդիր երբեք չի եղել: «Ազատություն». - Խորհուրդը նշում է, որ «առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրենի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին», այսինքն՝ դա դեռ որոշված չէ: Կա՞ն որոշակի էթիկական և իրավական նորմեր, որոնք Ձեզ արգելում են Հանրային ռադիոյի կայքում արտահայտել Ձեր մտքերը: Խումարյան. - Կրկին՝ միջանկյալ և շատ ինտուիտիվ: Ես ևս մեկ անգամ անցել եմ Հանրային ռադիոընկերության կողմից որդեգրված էթիկական կանոնագրքով և որևէ խնդիր այդտեղ չեմ տեսել: Բայց սպասենք խորհրդի եզրակացությանը, որով զբաղվելու են ընկերության իրավաբանները: «Ազատություն». - Դուք այստեղ տեսնո՞ւմ եք ճնշում այս հայտարարությամբ Ձեր նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Դուք քննադատության էիք ենթարկել Փաշինյանի հայտարարությունները: Խումարյան. - Ես չգիտեմ՝ քննադատության ենթարկել եմ, թե՝ ոչ, ես կատարել եմ մասնագիտական պարտքս: Մենք ակնհայտորեն թույլ պրոդուկտ ենք հեռարձակել՝ օրինակ, համեմատած ձեր հարգելի ընկերության վերջին հարցազրույցի հետ՝ վարչապետի հետ, ու ես արել եմ այն, ինչ որ պետք է անեմ՝ ես, այո, ներողություն եմ խնդրել խնդրահարույց հաղորդման համար, որը ակնհայտորեն ավելի թույլ էր, քան կարող էր լինել: Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։   
00:04 - 07 փետրվարի, 2024
Գարեգին Խումարյանը չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը․ ՀՀԽ

Գարեգին Խումարյանը չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը․ ՀՀԽ

Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․ «2024թ. փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը լրատվամիջոցի կայքում հրապարակել է իր հոդվածը, որով վիճարկում է օրեր առաջ «Անվտանգային միջավայր» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները։ Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը։ Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։ Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու և ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է։ Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում  քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին»։
19:36 - 06 փետրվարի, 2024
Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան

Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հանդես է եկել հայտարարությամբ․ « Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը՝ վստահ էի, որ կբացվի ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։ Վարչապետի մասնակցությամբ՝ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է։ Հազիվ եմ համոզել, որ աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնի։ «Անվտանգային միջավայր» հաղորդումը հետայսու այլ մարդ կվարի։ Դեռ չգիտեմ՝ ով։ Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։ Հիմա բուն տեղի ունեցածի մասին։ Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։  Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։ Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը: Տրամաբանական մտավարժանքի տեսանկյունից երկու եզրահանգումներն էլ անխոցելի են ու հավասարապես ճիշտ։ Բայց սա շտեմարանային խնդիր չէ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։ Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։   Նույն հաջողությամբ, օրինակ, սովի պայմաններում կարելի է մարդկանց առաջարկել դադարել լինել մարդ։ Առնվազն խորհել սովի պայմաններում մարդակերության նպատակահարմարության շուրջ։ Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանևր ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման, 2021-ին Իշխանասարում, 2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում, 2023-ին Արցախում զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։ Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան: Հնդկական ու ֆրանսիական զենքի մատակարարումները, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիան, «Պաշտպան հայրենյացը», վարժական հավաքները որպես այդպիսին, իրենք իրենցով, կոնտեքստից ու ժամկետներից դուրս բացարձակապես գերազանց են ու անվերապահորեն շլացուցիչ։ Իսկ կոնտեքստի ու ժամկետների մե՞ջ։ Որքանո՞վ է այդ ամենը լուծում վաղը կամ գուցե կես ժամից երկու ճակատով ներխուժման խնդիրը։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր հնարավոր 92-94 թվականներին երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ ոչ մի բանից բանակ ստանալ։ Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ 0 էինք, ինչպես 91-92-ին։ Վերացականանք աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Խոսքը զուտ բանակաշինության ու ավելի լայն իմաստով պետականաշինության տեմպերի ու, որ ամենակարևորն է, փիլիսոփայության մասին է։ Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու մեր հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ մենք չենք կարող լինել սովորական երկիր, իսկ մեր իշխանությունը սովորական երկրի իշխանություն է, ու գուցե նույնիսկ հաջողեր Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրներից որևէ մեկում, որի գոյության իրավունքը որևէ մեկի կողմից երբեք չի վիճարկվել ու հիմա էլ չի վիճարկվում։  Մեր դեպքն այլ է, ու մեր զինանշանը, օրհներգը, հռչակագիրը․․․ մեր ինքնությունը կրում են այդ այլությունը և ձևակերպում այլևս երբեք ցեղասպանված չլինելու մեր միակ պետական նպատակը։ Մնացածն ածանցյալ է, ու պետք չէ պատճառներն ու հետևանքները տեղերով փոխել։ Հայաստանը չի կարող լինել սովորական երկիր, որի հերոսը լինելու համար հերիք է բարեխիղճ հարկատու լինել։ Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» բառի հեղինակը, իր առաջարկած եզրույթը հետևյալ կերպ է սահմանում․ «Ցեղասպանությունը տարաբնույթ գործողությունների ներդաշնակված ծրագիր է՝ ուղղված ազգային խմբերի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքերի ոչնչացմանը և այդ խմբերի ոչնչացմանը որպես այդպիսին»։ Արդյո՞ք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքեր չեն Հռչակագրի, Զինանշանի, Օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։ Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետևից, միևնույն է, գալու են։ Ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետևից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել։ Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հաղորդման համար, որն անկասկած պիտի ավելի որակյալ լիներ։ Կջանանք դառնալ ավելի լավը»։
18:20 - 05 փետրվարի, 2024
Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից․ տնօրենը հաստատում է, բայց նշում՝ ռադիոյի աշխատակազմը չի արել


 |factor.am|

Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից․ տնօրենը հաստատում է, բայց նշում՝ ռադիոյի աշխատակազմը չի արել |factor.am|

factor.am: Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են  Արցախի դրոշը։ Տեղեկացանք, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն  դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է։ Այս միջադեպի վերաբերյալ Factor.am-ը զրուցեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Նա  Factor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ դրոշը մի քանի ժամով  հեռացվել է։ -Պարոն Խումարյան, ճի՞շտ է, որ Փաշինյանի այցից առաջ Արցախի դրոշը հեռացվել է։ -Հիմա դրոշը տեղում է, կարող եք գալ տեսնել։ -Խնդրում եմ ասել՝ Փաշինյանի այցից առաջ հանվե՞լ է, թե՞՝ոչ։ -Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ։ -Իսկ Փաշինյանը ժամը քանիսի՞ն էր եկել։ -Առավոտյան։ -Ստացվում է՝ Փաշինյանի այցից առա՞ջ է հանվել։ -Ես արձանագրում եմ փաստը, որ ամիս 31-ին մի քանի ժամ Արցախի դրոշը, ցավոք սրտի, այդտեղ չի եղել։ Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։ -Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։  -Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։ -Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները հանած լինեն։ -Դժվարանում եմ ասել, հստակ տվյալներ չունեմ։ Եկեք փաստերով խոսենք, այո, ես հաստատում եմ, որ ձեր մատնանշած օրը դրոշը մի քանի ժամով այնտեղ չի եղել։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:01 - 05 փետրվարի, 2024
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների օրերը հայտնի են. ՀՌՀ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների օրերը հայտնի են. ՀՌՀ

Այսօր՝ հունվարի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանելու և Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության վերաբերյալ հարցերը: Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ անդամները առաջնորդվելով  «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր են սահմանել. 2021 հունվարի 14-ը՝ մարզային սփռման մրցույթների համար, իսկ հունվարի 15-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների  համար: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, փոփոխություն է կատարվել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթում սլոթերի քանակների հետ, քանի որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5, նախկին 6-ի, իսկ մայրաքաղաքային սփռման մրցույթում՝ 7, նախկինում հաստատված 9-ի փոխարեն:
21:18 - 08 հունվարի, 2021
Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին` բարձրաձայնելով դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19-ի տարածման հնարավոր վտանգի մասին

Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին` բարձրաձայնելով դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19-ի տարածման հնարավոր վտանգի մասին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որում բարձրաձայնել է հանրապետության դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19 համավարակի տարածման հնարավոր վտանգի մասին: Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ և նախարար, Որպես Հանրային խորհրդի նախագահի՝ ինձ են դիմել մի քանի ծնողներ, ըստ որում՝ մասնագիտությամբ բժիշկներ, որոնք երեխաներ ունեն հանրակրթական դպրոցներում։ Նրանք հայտնել են, որ իրենց երեխաների դպրոցներից (կամ միգուցե բոլոր դպրոցներից) խնդրել են, որպեսզի վաղվանից ծնողները ներկայանան՝ աշակերտների դասագրքերի հանձնման նպատակով: Հաշվի առնելով COVID-19 համավարակը և նրա տարածման տեմպերը վերջին շրջանում՝ ծնողները, որոնցից ոմանք մասնագիտությամբ բժիշկներ են, խնդրում և հորդորում են ինձ օգտագործել իմ բոլոր կապերը և հնարավորությունները՝ տեղեկացնելու համար, որ դա կարող է լինել վարակը տարածելու ևս մեկ ճանապարհ։ Ծնողները կարծում են, որ դպրոցներում դասագրքերի հանձնման պրոցեսը կարող է կատարվել, օրինակ, մեկ ամսից կամ օգոստոսին, երբ իրավիճակը չի լինի մտահոգիչ կամ վերահսկելի կլինի: Գրությունս ավարտում եմ նամակներից մեկից մեջբերմամբ․ «Նորից խնդրում եմ՝ որպես բժիշկ, ով անմիջապես մասնակցում է COVID-19-ով հիվանդների բուժմանը. ջուրը մի գցեք մեր ջանքերը՝ թեկուզև մեկ վարակակիր ավելացնելով: Ենթադրում եմ՝ դա թյուրիմացություն է, որը միգուցե Ձեր մասնակցությամբ կանխվի, քանի դեռ ուշ չէ»: Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ճշգրտել, թե որքան համատարած է նման խնդիրը։ Իսկ ընդհանուր վերցրած՝ վերին աստիճանի ցանկալի կլինի, որպեսզի բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների համակարգման ոլորտում մարդկային շփումներ ենթադրող միջոցառման կամ միջոցառումների թույլատրումը լինի միջգերատեսչական մակարդակում ծայրահեղ համակարգվածության ներքո, որպեսզի կոնկրետ նախարարության կամ գերատեսչության իրավասության ներքո գտնվող բնագավառում տեղի չունենան միջոցառումներ, որոնք հակասում են ընդհանուր հակաճգնաժամային ռազմավարությանը և կարող են ռիսկեր ստեղծել։ Հարգանոք՝Ստյոպա ՍաֆարյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ»:
13:57 - 26 մայիսի, 2020
Հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը օտարվել է խախտումներով. հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

Հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը օտարվել է խախտումներով. հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում գտնվող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեի շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման գործընթացը: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությունից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 23.10.2016թ. հունվարի 29-ի որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և գնահատված արժեքով ներդրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում:Ընդ որում՝ ՀՀ սեփականություն հանդիսացող նշված տարածքը անհատույց սեփականության իրավունքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին հանձնելը դեռևս 2015թ. օգոստոսի 27-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԽ) նախագահի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ուղղված դիմումով պատճառաբանվել է Հանրային ռադիոընկերության գործունեության ապահովման համար լրացուցիչ տարածքների կարիք առաջանալու անհրաժեշտությամբ:Հետագայում, սակայն, 2016թ. մարտի 30-ի որոշմամբ ՀՀ ՀՀՌԽ-ն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին թույլատրել է իրականացնել նշված հասցեում գտնվող 1.167.9 քմ շենքի և 0.10014 հա հողատարածքի, 198.6քմ տարածքի և 0.0195 հա հողատարածքի դասական աճուրդային եղանակով օտարումը՝ առաջին ինը աճուրդների համար մեկնարկային գին սահմանելով 720.000.000 ՀՀ դրամը: Այդ որոշման մեջ նշվել է, որ գույքը չվաճառելու դեպքում տասներորդ աճուրդից սկսած կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ հինգերորդ աճուրդի մեկնարկային գինը նվազեցնելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնի 4 տոկոսի չափով՝ նվազագույն ընդհանուր գին սահմանելով 480.000.000 ՀՀ դրամը:Աճուրդային վաճառքը կազմակերպելու նպատակով 2016թ. մարտի 31-ին Ընկերության, աճուրդի տուն ՍՊԸ-ի և ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր:Ուսումնասիրությամբ պարզվել է սակայն, որ ՀՀ ՀՀՌԽ-ն մեկ այլ՝ 2016թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ փոփոխել է աճուրդի նախնական պայմանները՝ թույլատրելով Գույքի մեկնարկային գինը սահմանել 650.000.000 ՀՀ դրամ, իսկ չվաճառելու դեպքում կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գին սահմանելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնից 35.000.000 դրամով պակաս, նվազագույն ընդհանուր գին սահմանելով 300.000.000 ՀՀ դրամը:Պարզվել է, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցումները կատարվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հրապարակային ծանուցումների պարտադիր պայմանների խախտումով: Արդյունքում խաթարվել է հրապարակային սակարկությունների բուն էությունը և բացառվել է պայմանագրի կնքման գործընթացում օրենքի պայմաններին բավարարող անորոշ շրջանակի անձանց կողմից աճուրդին մասնակցությունը: Պարզվել է նաև, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի խնդրանքով Գույքի արժեքը նվազեցվել է յուրաքանչյուր օր 35.000.000 դրամով, ինչի արդյունքում պետական բաժնեմասով նշված անշարժ գույքը, որպես բորսային ապրանք, իրացվել է 300.000.000 ՀՀ դրամով: Ընդ որում, միայն դեկտեմբեր ամսին գույքի արժեքը նվազեցվել է 350.000.000 դրամի չափով:Մինչդեռ, «Ապրանքային բորսաների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն «Բորսային ապրանք չեն կարող լինել անշարժ գույքը, մտավոր սեփականության օբյեկտները, հեղինակային իրավունքը, արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց շրջանառությունը (վաճառքը) արգելված է ՀՀ օրենսդրությամբ»:Փաստորեն, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջոցով իրացվել է բորսային ապրանք չհանդիսացող անշարժ գույքը: Վերջինս առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև, աճուրդի կազմակերպիչների կողմից խախտվել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, որի հետևանքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 350.000.000 դրամի վնաս:Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու և հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 196-րդ հոդվածով:
12:50 - 16 մայիսի, 2019
Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունը մասնակիցների մեծ թվի պատճառով կերկարաձգվի եւս 20 օրով |armtimes.com|

Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունը մասնակիցների մեծ թվի պատճառով կերկարաձգվի եւս 20 օրով |armtimes.com|

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվել է: Մրցույթում հաղթողի անունը պետք է հայտարարվեր այսօր՝ մարտի 11-ին, սակայն Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթողի որոշման կայացման ժամկետը երկարացնել եւս 20 աշխատանքային օրով: Նման որոշման պատճառը թերեւս մրցույթի մասնակիցների մեծ թիվն է (30 անձ): Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանը: ՀՌՀ քարտուղարի փոխանցմամբ՝ վաղը՝ մարտի 12-ին, ժամը 11:00-ին մրցույթի մասնակիցները հերթով կհրավիրվեն հանձնաժողովի անդամների մոտ, ընդհանուր կզրուցեն, ավելի մանրամասն կծանոթանան յուրաքանչյուրի ներկայացրած ծրագրին, որպեսզի կարողանան ավելի հստակ պատկերացում կազմել: Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը մարտի 4-ն էր: Հիշեցնենք, որ ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակվոր հանձնաժողովի նախագահն է կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Հանձնաժողովի կազմում են՝ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ ու ասմունքող Սարգիս Նաջարյանը եւ Հ1-ի ծրագրերի նախկին տնօրեն Մարատ Օրդյանը: armtimes.com
11:42 - 11 մարտի, 2019