Արտաշատ

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։

Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ցանկանում ենք փոխել քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակը. Նիկոլ Փաշինյան

Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ցանկանում ենք փոխել քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հույս հայտնել, որ ծառայության աշխատանքին զուգընթաց նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան։ «Ուզում եմ շեշտել, որ Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանվածության ավելի մեծ զգացումով օժտելն է։ Ընդ որում, Պարեկային ոստիկանության մինչև այս պահի ծառայությունն այդ հետևությանն է մեզ բերում, որ իսկապես սա կարգախոս չէ, որովհետև Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ մենք քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակն ենք նաև ցանկանում փոխել։ Եվ ուզում եմ ընդգծել բարեվարքության կարևորությունը։ Շատ կարևոր է, որ պարեկային նոր ծառայողներն արդեն իսկ ձևավորված իմիջը որևէ կերպ չխաթարեն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ամրապնդեն օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության զգացողությունը, որովհետև սրա վրա է կառուցվում պետությունը և պետականությունը։ Եվ մենք սրա մասին որևէ պահ չպետք է մոռանանք։ Ես ուզում եմ արձանագրենք նաև մեր ամենօրյա աշխատանքում Պետություն-Հայրենիք հասկացությունների նոր ընկալումը, որովհետև մեր ընկալմամբ Պետությունը Հայրենիքն է, Հայրենիքը` Պետությունը։ Եվ եթե որևէ մեկը սիրում է իր Հայրենիքը, ուրեմն Հայրենիքը սիրելու իր զգացումը պետք է արտահայտվի Պետությունն ուժեղացնելով, պետական ինստիտուտներն ուժեղացնելով։ Մենք Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ահա շատ կարևոր մի ինստիտուտ ենք ներդնում, որով ամրապնդում ենք մեր Պետությունը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Պետությունը միայն պաշտոնյան չէ, պետությունը քաղաքացին է, իրավակարգը, մարդկանց իրավունքները, անվտանգությունը, սեփականությունը, արժանապատվությունը պաշտպանելու այդ գործիքակազմի ամբողջությունն է։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Պարեկային ոստիկանության հիմնադրման հարցում Կառավարությանն աջակցելու համար։ «Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց և ողջունել նրանց ներկայությունն ու մասնակցությունը։ Մենք բոլորս, իհարկե, հասկանում ենք, որ թե սովորականից ավելի ինչպիսի խոչընդոտներ են նրանք հաղթահարել և հաղթահարում։ Ենթադրում եմ` այս թեմայով բարդ խոսակցություն են ունեցել իրենց ընտանիքի անդամների հետ, միջավայրի բարդություններն են հաղթահարել և հաղթահարում, բայց ուզում եմ իմանաք, որ մենք ձեզ քաջալերում և ողջունում ենք: Շնորհակալ ենք, որ այդ պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա»,- ասել է վարչապետը` տեղեկացնելով, որ առաջիկայում Պարեկային ոստիկանությունում նոր ընդունելություն է կազմակերպվելու` 300 նոր ծառայողով համալրվելու համար: Այդ 300 ծառայողների շուրջ 80 տոկոսը լինելու են կանայք։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանայք իրենց անձնվեր աշխատանքով, օրինակով կքաջալերեն նաև մյուսներին, որովհետև, նրա խոսքով, կարևոր է, որպեսզի ընդհանրապես Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը մեծանա։ «Հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին Պարեկային ոստիկանության մեր ծառայողներին, մաղթում եմ հաջողություն, աշխատանքի մեջ նախանձախնդիր, հետևողական և սկզբունքային լինելու պատասխանատվություն։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև այստեղ, ի վերջո, ծառայության են անցել այն մարդիկ, ովքեր անցել են համապատասխան պատրաստություն։ Նրանց պատրաստության մակարդակը ստուգվել է, և քննությունների արդյունքներով նրանք ծառայության են անցել Պարեկային ոստիկանությունում։ Շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ եմ մաղթում հանուն Հայաստանի Հանրապետության»:
12:55 - 28 հոկտեմբերի, 2023
Արտաշատի քաղաքապետը հեռացել է պաշտոնից

Արտաշատի քաղաքապետը հեռացել է պաշտոնից

Կարեն Բենիամինյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․ «Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում:  Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով  և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր  ծրագրեր՝ մեր սիրելի  համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում  լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային  առաջնահերթ խնդիրներ:  Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես  շարունակելու եմ  ողջ ներուժը ծառայեցնել  մեր բոլորի  սիրելի Արտաշատի  զարգացմանն ու հզորացմանը»:
12:51 - 01 հոկտեմբերի, 2021
Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս են գրվել կորոնավիրուսից ապաքինված 3 պացիենտ

Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս են գրվել կորոնավիրուսից ապաքինված 3 պացիենտ

Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած 1 պացիենտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը եւ կից տեսանյութ հրապարակել: Նա մասնավորապես նշել է. «Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում: Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն եվս դուրս են գրվել այսօր Կենտրոնից: Բոլոր պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած: Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ»:
10:08 - 25 ապրիլի, 2020
Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն

Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երեկ այցելել էինք Արտաշատի բժշկական կենտրոն, որն, ինչպես հայտնի է, օրեր առաջ վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտներին: Նախարարի հետ ծանոթացել ենք ծառայությունների մատուցման ընթացքին։ Նշեմ, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները, նախարարի գնահատմամբ էլ՝ այն լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին։ Նշեմ նաև, որ Կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական և հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ: Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոս բուժաշխատողներին՝ ամենաօրյա սրտացավ աշխատանքի համար։ Սիրելի քաղաքացիներ, հիշեք՝ նրանք օր ու գիշեր աշխատում են հանուն ձեր առողջության։ Դուք էլ մնացեք տանը հանուն նրանց»,- գրել  է նա։
10:34 - 05 ապրիլի, 2020
Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է |hetq.am|

Պատմական հողի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի․ փոխնախարարը մանրամասնում է |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը վստահեցնում է, որ քայլեր են ձեռնարկվում Արտաշատի պատմական հողերի կատեգորիայի փոփոխման որոշումը վերանայելու ուղղությամբ։ «Դիմելու ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն՝ չեղարկելու Լուսառատի տարածքում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մեր նախորդ գրությունը»,– պարզաբանման մեջ ասաց փոխնախարարը։ Նախորդ շաբաթ հրապարակվել էր, որ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող պատմական հողերի նշանակությունը փոխվել էր՝ դառնալով հասարակական կառուցապատման կատեգորիայի։ Լուսառատի բնակիչները մեզ տեղեկացրել էին, որ Արտաշատ քաղաքատեղիի բլուրներից երկուսի տարածքում Արարատի մարզպետի համագյուղացին ծրագրել է «Նոյան տապանի» տեսքով հյուրանոց կառուցել։  Մշակութային ոլորտը համակարգող փոխնախարար Խաչատուրյանը հայտնեց, որ տարածքում սկսվել է հնագիտական նոր գործընթաց, ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք, հնարավոր է, փոխեն նախագծի ընթացքը: Նա ասաց, որ նոր տեխնոլոգիաների միջոցով տեսել են, որ ընդերքում բավական հարուստ քաղաքաշինություն կա։ «Հանդիպել ենք նաև հնագետների հետ, նրանք մեզ կուղարկեն համապատասխան հիմնավորող փաստաթուղթ, ըստ որի՝ հողի ընդերքում պատմամշակութային կոթողներ կան»,- ասաց փոխնախարարը: Կիրականացվի նաև Լուսառատի տարածքի նոր քարտեզագրում: Ավելին՝ hetq.am-ում
15:30 - 12 մարտի, 2020
Արտաշատի թատրոնում բացակայում են նվազագույն պայմանները. մարզպետը խոստացել է վերանորոգել |armtimes.com|

Արտաշատի թատրոնում բացակայում են նվազագույն պայմանները. մարզպետը խոստացել է վերանորոգել |armtimes.com|

armtimes.com: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն ու 13 հոգանոց ստեղծագործական անձնակազմը մշտական բնակություն ունեն Երեւանում, որոնք գրեթե ամեն օր ստիպված են լինում մոտ 2 ժամվա ճանապարհ կտրել եւ հասնել Արտաշատ՝ աշխատանքի: Թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը հայտնեց, որ այն ավտոբուսները կամ փոքր մեքենաները, որոնք իրենց երթեւեկությունն են ապահովել ժամանակին՝ տարիների ընթացքում մաշվել են: «Խորհրդային տարիներին լավ բան կար, դերասաններին ուղարկում էին շրջանային թատրոններ, շրջաններում նրանց բնակարաններով էին ապահովում, հետագայում այդ մարդիկ մշտական բնակություն էին հաստատում տվյալ մարզում կամ քաղաքում: Հիմա նման բան չկա, եղած ֆոնդերն էլ վաղուց կա՛մ վաճառվել են, կա՛մ սեփականաշնորհվել»,-նկատեց Ռոստոմյանը: Գագիկ Ռոստոմյանը 2017 թվականից զբաղեցնում է Արտաշատի թատրոնի տնօրենի պաշտոնը: Թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի: «Փորձում ենք ինքներս լուծել երթեւեկության հարցերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ գալ»,-ասաց Ռոստոմյանը: Տնօրենը դժվարացավ պատասխանել, թե դերասաններն ինչքան աշխատավարձ են ստանում, կամ թե պետությունն իրենց ինչքան գումարով է ֆինանսավորում: Հայտնեց, որ պետությունն իրենց միայն աշխատավարձ եւ ջեռուցման գումար է տրամադրում:Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի շենքը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է: Տնօրենը նշեց, որ բեմ չունեն, լուսավորություն՝ եւս, անցած տարի վերանորոգում է իրականացվել, սակայն կիսատ է թողնվել եւ ավելի վատ վիճակում է հիմա: Շենքի վերանորոգման համար մշակույթի նախարարություն են դիմել: Դիմել են նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, վերջինս խոստացել է այս տարի անպայման աջակցել: «Նախարարություն էլ չենք դիմում, որովհետեւ այնտեղ եւս անորոշ վիճակ է, չգիտենք՝ փոխնախարարները մնալու են, չեն մնալու, դեռեւս այդ հարցով չենք էլ անհանգստացրել»,-ասաց Ռոստոմյանը: Չնայած այդ բոլոր անհարմարություններին, թատրոնը տարեկան 4-ից 5 պրեմիերա է ներկայացնում, 80-ից ավելի ներկայացումներ են խաղում: Այս տարի դեռեւս մեկ պրեմիերա են ունեցել, Արշակ Սեմիջյանի «Դարպասները բացվում են» պիեսի հիման վրա համանուն ներկայացումը:
11:28 - 26 ապրիլի, 2019