Ալեքսանդր Լապշին

Ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր։ Ծնվել է 1976թ.-ին Սվերդլովսկում։ Համաշխարհային մամուլը սկսել է լայնորեն լուսաբանել նրա գործունեությունը, երբ 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվում և արտահանձնվում է Ադրբեջանի Հանրապետություն: Նրա ձերբակալությունը լարվածություն է ստեղծել հայ-բելառուսական հարաբերություններում, ինչպես նաև դարձել Իսրայելի և Ռուսաստանի արտաքին հարաբերությունների օրակարգի թեմա։

Ալեքսանդր Լապշինը իր ճանապարհորդությունների ընթացքում բազմիցս այցելել է Արցախ, Հայաստան և Ադրբեջան, արտահայտել իր դիրքորոշումը այդ երկրների պատմական, մշակութային հարցերի շուրջ, անդրադարձել հայ-ադրբեջանական հակամարտությանը: Իր միկրոբլոգում քննադատության է ենթարկել Ադրբեջանի վարած քաղաքականությունը, Արցախ այցելելու համար մարդկանց հետապնդելու համար: Բլոգերի անունը արդեն 2011 թվականին Արցախ այցելելու համար հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։

Ադրբեջանական իշխանությունների հետ խնդիրն ավելի սրվեց, երբ 2015 թվականին Լապշինին հաջողվեց ուկրաինական անձնագրով Վրաստանից Ադրբեջան այցելել: Այդ ժամանակ նա չէր ձերբակալվել, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր»։

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինին վճարել 30 հազար եվրո |armenpress.am|

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինին վճարել 30 հազար եվրո |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը: Գործը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության պատճառով ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ 2017 թվականին ադրբեջանական բանտում տեղի ունեցած մի միջադեպի հետ: Ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին, որ տեղի է ունեցել ինքնասպանության փորձ, մինչդեռ Լապշինը պնդում էր, որ բանտում փորձել են սպանել իրեն: Միջադեպի հետևանքով Լապշինը հոսպիտալացվել էր և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի կողմից համաներման արդյունքում նա ազատ էր արձակվել, իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո արտաքսվել Իսրայել: Լապշինը դիմել էր ՄԻԵԴ-ին՝ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք) հոդվածների վրա՝ հայտարարելով, որ բանտում նրա դեմ մահափորձ է արվել և որ տեղի իշխանությունները պատշաճ քննություն չեն իրականացրել: Նա բողոքել էր նաև, որ ադրբեջանական բանտում գտնվելու ժամանակ նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկվել: ՄԻԵԴ դիմումը ներկայացվել էր 2018 թվականի մարտի 7-ին: Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին Լապշինին վճարել 30 հազար եվրո փոխհատուցում:
17:45 - 20 մայիսի, 2021
Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց կոնֆլիկտի մեջ. Ալեքսանդր Լապշին |news.am|

Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց կոնֆլիկտի մեջ. Ալեքսանդր Լապշին |news.am|

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը տուժել էր Ադրբեջանի իշխանությունների հակաիրավական գործունեության հետեւանքով, ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում անցկացված համաժողովում՝ նվիրված հայատյացության խնդրին: Միջոցառումը կազմակերպել էին Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը, Արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան եւ Թուֆենկյան հիմնադրամը: Ալեքսանդր Լապշինը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության հետ կապված անձնական փորձը: «Երբ Բաքվում ինձ դատում էին Ղարաբաղ այցելելու համար, ադրբեջանցի դատախազների գռեհիկ եւ վիրավորական հայտարարություններն ու դիտողությունները, զուգահեռներ էին առաջացնում ֆաշիստական Գերմանիայի եւ ժամանակակից Ադրբեջանի միջեւ եւ այլն»,- նշեց բլոգերը: Նա իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է իրավական օգնության Քիշնեւյան կոնվենցիայի որոշ սողանցքերը: Այս կոնվենցիայով թույլ է տրվում ցանկացած հետախուզվող անձի հանձնում բացառապես հարցում կատարած երկրի դատարանի որոշման հիման վրա: Երկիրը, որին ուղարկվում է կալանավորման եւ հանձնելու մասին հարցումը, մեղադրանքների էությունն անգամ չի ստուգում: «Այս կոնվենցիան նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում վաղուց վերածվել է լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների հետապնդման գործիքի: Անկեղծ ասած՝ ես ոչ մի կապ չունեմ ղարաբաղյան հակամարտության հետ: Ես հայ չեմ, մենք բավականին խնդիրներ ունենք Իսրայելում, որտեղ անցկացրել եմ կյանքիս մեծ մասը: Սակայն, անկախ իմ ցանկությունից, Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց այս կոնֆլիկտի մեջ: Հայկական ծագմամբ մարդկանց հանդեպ ատելության քարոզչությունը, որն այսօր Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն է: Փաստացի հայատյացությունը ադրբեջանական ռեժիմի գոյության եւ գոյատեւման հիմքն է, որը խեղդված է կոռուպցիայի եւ սեփական ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ: Անցած ամսվա ընթացքում ես մի քանի պաշտոնական գրավոր նախազգուշացում եմ ստացել Իսրայելից եւ Ռուսաստանից։ Այնտեղ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անհանգստացած է եւ զայրացած իմ ջանքերով՝ Ադրբեջանում ապօրինությունների հանդեպ ուշադրություն գրավելու առումով։ Նրանք երկու քրեական գործ են հարուցել, այս անգամ «պետության դեմ կոչերի» եւ «նախագահ Ալիեւին անձնապես վիրավորելու» վերաբերյալ։ Մեղադրանքները սարքվել են անհեթեթ ձեւով՝ հաշվի առնելով այն, որ ես ոչ մի ընդհանուր բան չունեմ ոչ Ադրբեջանի, ոչ նրա կառավարության հետ, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չափից ավելի հեռու է ինձանից։ Իմ միակ նպատակը՝ պատժել հանցագործներին, որոնք փորձում էին սպանել ինձ, եւ պայքարել խոսքի ազատության համար։ Ցանկացած պարագայում, այս անգամ Իսրայելը, Ռուսաստանը եւ Եվրոպական միությունը լրիվ իմ կողմից են, եւ Ինտերպոլը նույնպես մատնանշել է, որ Ադրբեջանի ցանկացած փորձ՝ այդ հարգարժան կազմակերպության կողմից իմ հանդեպ հետախուզում հայտարարելու, քննադատաբար կգնահատվի»,- ընդգծել է Ալեքսանդր Լապշինը։ news.am
09:51 - 08 մարտի, 2019