«Խուռհատ սար»-ի քրեական գործ

Խուռհատ սարի անվանումը ստացած քրեական գործը 44-օրյա պատերազմին առնչվող գործերից է, որի շրջանակում քննվում են 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի մասնակցությամբ Հադրութին հարակից Խուռհատ սարում մարտական օպերացիայի մանրամասները։

Ուսումնական գումարտակի նորակոչիկ անձնակազմը հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սար, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։

Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին այլ սպաների հետ հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ, պատշաճ տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։

Իշխան Վահանյանը մեղադրանքը չի ընդունում։

«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր․ Խուռհատ սարի գործով գրեթե երկու տարվա դատական քննությունից հետո հարցաքննվելու էր Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վահանյանի հարցաքննությունը սկսվեց նշանակված ժամից քիչ ուշ, մինչ այդ զոհված զինծառայողների ծնողներն ու լրագրողները ստիպված էին սպասել դրսում․ կարգադրիչները պահանջեցին լքել դատարանի շենքը՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու պատճառաբանությամբ։ Ավելի ուշ, երբ նիստը սկսվեց, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ներկաներին հորդորեց հարցաքննության ընթացքում պահպանել լռություն, չնայած նրան, որ ամբաստանյալի խոսքերը իրենց գուցե հաճելի չլինեն։ Բացատրեց՝ դա ամբաստանյալի իրավունքն է։ Այնուհանդերձ, երկու ժամ տեւած հարցաքննության ընթացքում իրավիճակը նիստերի դահլիճում պարբերաբար լարվեց, ծնողներից մի քանիսը դահլիճից հեռացվեցին։ Դատարանում ցուցմունք տալով՝ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած ուսումնական, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը։ Վահանյանի համար անհասկանալի է՝ ինչու ուսումնական գումարտակին չցրեցին Իշխան Վահանյանը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է, ինքը զորամասում է եղել, տեսել է՝ ինչպես են մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները պահպանությունից անցել պաշտպանության։ «Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը՝ փոխգնդապետ Ավալյանը, եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] պարոն փոխգնդապետ, բա տենց չի լինի, սա ուսումնական ա, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից։ Վերեւից, դե, զորամասի հրամանատարը (Արթուր Քարամյանն է–հեղ․) պիտի տար, նրան էլ՝ դիվիզիայի հրամանատարը (Կարեն Առստամյանն է,–հեղ․), հասկանում ենք, դրա համար գնացել, նստել ենք պաշտպանություն։ Բայց թե խի չցրեցին էդ անձնակազմը, իմ համար էլ է մինչեւ հիմա անհասկանալի, որովհետեւ մի ամսով արձակուրդ ենք եղել, չէր կարող այդ ընթացքում բան փոխվել, որ միանգամից դառնային «բայեվոյ», որոշակի նախապատրաստական վիճակ պիտի գնար»,– նշեց նա։ Գումարտակի նախկին հրամանատարը, ըստ Վահանյանի, սխալ հրամաններ է տվել Իշխան Վահանյանը խոսեց ոչ միայն Խուռհատ սարին վերաբերելի, այլեւ դրան նախորդած դեպքերից՝ բացատրելով, որ անձնակազմի պառակտումն ու բարոյահոգաբանական վիճակի անկումը ավելի վաղ են սկսվել գումարտակի նախկին հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանից։ Պատճառը, ըստ նրա, Վարդերեսյանի տված սխալ հրամաններն էին․  «Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիր կատարենք, բայց դա հատուկ պատրաստված ստորաբաժանում չէր։ Ինքը գնում էր գրքային բառերով։ Փոքր խմբերով մեծ խնդիր նորակոչիկը չէր կարող կատարել․ էդտեղ աշխատում էին հրետանի, վարձկաններ․․․ Մենք պիտի դեպի ձախ գնայինք, Ֆիզուլիով հետ գայինք, էդ էր ճիշտը, որովհետեւ մեր հետեւում մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի, մենք արդեն այդ հակագրոհին խոչընդոտ ենք հանդիսացել․․․ Ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին, որ սենց խնդիր կա, ինքը շատ արագ եկել է մեր մոտ, ասել՝ չի կարող սենց բան լինել, նորից գնում ենք մեր դիրքերը, մենք պիտի ձախ գնայինք․․․ Ու սկսել ենք անձնակազմին հավաքել․ կեսը՝ ծառի տակ, կեսը արդեն զորամաս էին հասել․․․»– ասաց ամբաստանյալը՝ պնդելով՝ եթե մարտակարգի կոպիտ խախտում ես թույլ տալիս, անձնակազմին համակարգելն այլեւս դժվար է լինում։ Ըստ Վահանյանի՝ ինչքան տեղ եղել է, այդքան վիրավորի հանել է Վահանյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում վիրավորների դրվագին։ Մի շարք վկաներ դատարանում հայտարարել են, որ երբ Վահանյանը շտապօգնության մեքենայով եկել է, անգամ չի բարեհաճել մեքենայից իջնել, մի քանի վիրավորի է վերցրել եւ մյուսներին թողնելով՝ հեռացել։ Վահանյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ այդքանն է ստացվել այդ իրավիճակում․ «Տեղանքում ես եմ եղել, ես գիտեմ՝ կրակների տակ մեքենաները ոնց են մտել․․․ Ինչքան տեղ եղել է, այդքան մարդ նստել է․ ըստ վիրավորման աստիճանի՝ 9 հոգի․․․ Եվ ես իջել եմ մեքենայից, պարտադիր չէ՝ ամեն նստողի հետ իջնես, կարող է մեկի հետ չես իջել, դա էլ ֆիքսել են»,– ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի, որ 7-8 հոգի ստում են, իսկ ինքը ճիշտ է ասում, ամբաստանյալը դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դրսից խոչընդոտում են, նրանք էլ գալիս, սուտ են ասում։ Գումարտակին խնդիր է տրվել սարում ոչ թե մարտի մեջ մտնելու, այլ բնագիծ զբաղեցնելու Հոկտեմբերի 8-ի մոտակայքում, երբ սպայակազմի փոփոխություն է տեղի ունեցել, Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից, Վահանյանը՝ նշանակվել նրա փոխարեն․ «Որ ես նշանակվել եմ, հարցը սենց է եղել․ էդ անձնակազմը չի կարող մտնել մարտի մեջ, դրա համար են ինձ նշանակել, թե չէ էդտեղ ոչ մեկն էլ չէր գա, երկու օրվա համար ոչ մի հրամանատար․․․ Իրականում սպայական անձնակազմ էլ չկար, էդ անձնակազմի հետ չէինք կարող մարտի մտնել, որովհետեւ ունեցել ենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ․․․ Ընդհանուր խնդիրը եղել է բնագծի զբաղեցում, դիրք չի եղել էդտեղ, չէր էլ կարող լինել, որովհետեւ էդտեղ Բալուջայի ռազվետկայի վարժանքների տեղն էր»,– նշեց նա։ Վահանյանը հատուկ ընդգծեց՝ իր ենթակայության տակ ոչ թե 300 անձ է եղել, ինչպես ողջ ընթացքում է նշվել, այլ 90․ «Ես ամբողջ դատավարությունը ուշադիր լսել եւ հետեւել եմ, ասվում է 300-350 հոգի։ Նախ էդքան թիվ չկա, Խուռհատ սար բարձրացել է 90 հոգի․ 4 մեքենա՝ 2 «Ուրալ», 2 «Կամազ»։ «Կամազ»-ների մեջ՝ 25-25, «Ուրալ»–ների մեջ՝ 20-20 հոգի։ Ես մեքենաների ավագներին էլ կարող եմ նշել․․․ Ու ավելացնել, որ վարորդները մեր ստորաբաժանման զինվորները չեն եղել, որովհետեւ մենք ունեինք տեխնիկայի խնդիր՝ շարքից դուրս եկած, Կիրովականի տեխնիկաներից կային՝«Կամազ», «Ուրալ», տարբեր ստորաբաժանումներից կցել էին, որ բարձրացնեին»։ Նրա խոսքով՝ սարում իրենք դիրքավորվել են ձախից, իրենց կողքին եղել է 3-րդ գումարտակը, հետո՝ մեկումեջ հետախուզությունը, ապա՝ Վանաձորի գունդը, ապա՝ Ստեփանակերտի ոստիկանները։ Ըստ նրա՝ այդ բոլորը միասին կարող էին 350, անգամ 400-ի հասնել, բայց այդ բոլորը իր ենթակայության տակ չեն եղել։ Բուն մարտի եւ այդ ընթացքում տված հրամանների մասին ամբաստանյալը մանրամասն ոչինչ չասաց, նշեց միայն՝ այնպիսի հրետակոծության են ենթարկվել, որ ստորաբաժանումը խառնվել է իրար, անկառավարելի  է եղել։ Այդ ժամանակ էլ հենց, իր խոսքով, վիրավորվել է․ «7 հոգու հետ ենք իջել, ինձ օգնել են, նստեցրել են «Կամազ», զինվոր է թեւիցս քաշ տվել, հարցաքննությունների ժամանակ ես շատ բան չասացի, դե, հիմա ես եմ մեղադրյալ, ես եմ փակված, իմ հերթն էլ էր գալու, բայց դե, տենց չի էլի, սուտ ասելով բան չի լինում»,– վրդովված ասաց նա։ Ամբաստանյալը պնդեց՝ նախքան հեռանալը ռադիոկապը փոխանցել է վաշտի հրամանատարներից Հայկազ Գրիգորյանին, վերադասությանն էլ տեղեկացրել է իր վիրավորման մասին։ Խոսելով զենք–զինամթերքի մասին՝ Վահանյանն ասաց՝ հրաձգային ստորաբաժանմանը ինչ հասանելի եղել է, ունեցել են․ «Զորամասի հրամանատարի հետ վերջին կապը եղել է, որ V82 (ռադիոկապի տեսակն է,–հեղ․) տրվել է Հայկազի ձեռքը, ուղղությունն էլ նշվել է։ Որ տենց չլիներ, Հայկազն էնտեղից չէր կարող դուրս գալ։ Ուղղությունը նշվել է, Հայկազը դուրս է եկել։ Հադրութի գլխին՝ գազի զապրավկայի վերեւը, անիվներ են վառվել, որ Հայկազի հետ քայլող անձնակազմը էդ ուղղությամբ դուրս գա, ու տենց էլ դուրս է եկել, V82-ով կապի մեջ է եղել զորամասի հրամանատարի հետ, էդ է եղել ռեալ իրավիճակը»,– պատմեց ամբաստանյալը։ Նա նկարագրեց նաեւ, թե իր տեղեկություններով՝ ինչպես է նահանջելիս զորքը կիսվել։ Այդ տեղեկությունները, նրա խոսքով, իրեն հայտնել են զորամասի հրամանատար Արթուր Քարամյանն ու վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը․ «Որ ինձ հասցնում են հոսպիտալ, Հայկազի հետ կապի եմ դուրս գալիս, ասում է՝ զորամասի հրամանատարի հետ կապի ենք դուրս եկել, ասել է՝ մի խումբ կա, որ ասում է՝ Հադրութով քյասար գնում ենք, մեկ էլ իմացանք, որ էդ խումբն է, գնում, մոլորվում է․․․ էդտեղ տարաձայնություն է եղել, զորամասի հրամանատարն ասում է՝ սենց գնում եք, ուղղությունը մինչեւ մեր դուրս գալն էլ է նշվել, որ գալու են, ծխի մոտով գան, դուրս գան․․․ Հովհաննեսը, պայմանագրային քեռին եւ 3-րդ վաշտի սերժանտը՝ Հարութը․․․ Ասում եմ՝ բա ո՞նց գնացին, ասացին՝ Հարութը պապայի հետ է խոսել, քյասար ճամփով գնում են․․․ Ու ես բառացի ասում եմ՝ Հարութը հոր հետ է խոսում, հերը՝ բա սենց իջնում ես, տեղանքի տղա ես, Հադրութով գալիս, իջնում եք, ձեր հրամանատարների հետեւից չընկնեք, էդտեղ է լինում խնդիրը»,– ասաց Վահանյանը՝ հերքելով դատարանում հնչած այն ցուցմունքները, թե արկ է ընկել, եւ զորքը բաժանվել է երկու մասի կամ մի մասը սպասել է, որպեսզի մյուսները գնան 3-րդ գումարտակին տեսնելու․ «Ես զորամասի հրամանատարին զանգում եմ հոսպիտալից, ասում եմ՝ գիտե՞ս, որ սենց խնդիր կա, ասում է՝ հերն ու Վարդերեսյանը սխալ ուղղություն են տվել, իրենք էլ գնալու են, հանեն»,– նշեց Վահանյանը։ Վերջինիս խոսքով՝ եթե ինքը վատը լիներ՝ չէին նշանակի, վատը լիներ՝ 19 տարվա ծառայության մեջ մի բան եղած կլիներ․  «Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում․․․ Որ հրաման չկատարեիր, ավտոները չհելնեին, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի․․․ Հիմա խնդիրը կատարած է, էլի  դատարանի առաջ եմ կանգնած․․․ է որ լավ լինեի, կմնայի, արահետով դուրս կգայի, էլ փախչելու իմաստը ո՞րն է, փախչելու լինեի՝ հոսպիտալ չէի գնա, փախած մարդը հոսպիտալ չի գնում, ոչ էլ գնում է նախարարություն ներկայանում կամ բարձր պաշտոնյաների հետ նստում, քարտեզի վրա է  աշխատում»։ Ամբաստանյալի կարծիքով՝ փորձագետի եզրակացության մեջ սխալ կա Հարցաքննության ընթացքում քննարկման առարկա դարձավ նաեւ Վահանյանի վիրավորման հանգամանքը։ Վահանյանը հայտնեց, որ ինքն առաջին անգամ վիրավորվել է սեպտեմբերի 29-ին, սակայն այն վիճակում չի եղել, որ հոսպիտալ գնա, երկրորդ վիրավորումն արդեն հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում է ստացել, դա էլ պատճառ է հանդիսացել, որ սարից վիրավորների հետ մեկնի հոսպիտալ․ «Ես հո 18 տարեկան չեմ, որ հելնեմ, սուտ բան խոսեմ»,– ասաց նա։ –Սուտ ես ասում, դու ամսի 10-ին չես վիրավորվել,–լսվեց դահլիճից։ Վահանյանը շարունակեց․ «Ամսի 10-ին ես արդեն շարժվել չէի կարողանում, թուլացած էի, ու դա իմացել է ե՛ւ զորամասի հրամանատարը, եւ դիվիզիայի, դա չես կարող թաքուն պահել, չի լինում տենց բան ո՛չ խաղաղ պայմաններում, ոչ էլ, ձեռ է տալիս՝ ասեն՝ թողեց, գնաց»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեջբերումներ արեց փորձագետի եզրակացությունից․ «Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ձեր մարմնի հետազոտությամբ հայտնաբերվել է սպի 1․5*1  սմ չափերի սպի, որը տեղակայված է եղել աջ ազդրի վերին երրորդական դրսային մակերեսին, սա, Ձեր նշած, հոկտեմբերի 10-ի վիրավորումն է, ինչպես նաեւ նույնանման 2․7*1 սմ չափերով սպի, որը տեղակայված է աջ գոտկային հատվածում, սա՝ սեպտեմբերի 29-ի․․․ Սպիների չափերի վերլուծությունից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 29–ին, երբ մնացել եք դիրքերում եւ շարունակել եք, ստացել եք նույնանման, սակայն ավելի մեծ չափերի վնասվածք, քան Խուռհատ սարում տեղակայված մարտերի ժամանակ»։ Իշխան Վահանյանը, սակայն, չընդունեց սա, նախ ասաց՝ եզրակացության մեջ սխալ է գրված, ապա փորձեց բացատրել՝ առաջին վերքը չափերով երկար էր, բայց Խուռհատ սարի վերքը կլոր եւ խորն է եղել։ Մեղադրողն ընդգծեց՝ ամեն դեպքում, նույնանման են, երկուսն էլ՝ թեթեւ։ Մեղադրողը հիշեցրեց նաեւ, որ Գարիկ Վարդերեսյանը պնդում էր, որ Վահանյանն աջ ազդրի վնասվածքը միանշանակ ստացել է սեպտեմբերի 29-ին՝ հրամանատարական կետում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ, այլ ոչ թե Խուռհատ սարում․ –Ո՞նց կպարզաբանեք,–հարցրեց նա։ –Խի՞ պիտի չասի, մարտակարգի կոպիտ խախտում է թույլ տվել, իր գլխին էլ լիքը բան կա։ –Որ հարցաքննվում էր, ինչո՞ւ այդ ժամանակ չբարձրաձայնեցիք։ –էդ ժամանակն էլ կգա, ինքն էլ կգա, կնստի սենց, կասեմ։ Ես ասում եմ՝ սուտ ասելու ոչ մի բան չունեմ, փակվածը ես եմ։ –Ընդհանուր առմամբ, մեզ մոտ կամ անաչառ այլ դիտորդի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ վտանգ եք ստացել, փորձել եք Ձեր կյանքը հետ պահել։ –Սխալ տպավորություն է ստեղծվում, էդքանը որ ուզենայի անել, էնտեղ չէի հասնի, ոչ էլ արձակուրդից հետ կգայի․․․ Բան կա, որ դատարանում ասում են, բան կա՝ չեն ասում, բան կա՝ ասելու է, բան կա՝ ասելու չէ, մարդիկ պիտի ասեն, որ իրենց վրայից գցեն․․․Ես պարզ ասեմ՝ 2 տարուց ավելի նստած եմ, խոչընդոտող մարդը ամեն տեղից էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ, բայց փակված մարդուն հարյուր տոկոս դա ձեռք չի տալու։ Այսօր դրսից են ավելի խոչընդոտ հանդիսանում, որ մարդը փակի տակ մնա, որովհետեւ որ հելնեմ, գնալու եմ Քննչական՝ ասեմ՝ եկել եմ՝ մի բան էլ ես ասեմ, ու ես կարող եմ դա անել, բայց ոչ էլ այդ ցանկությունը ունեմ, ոչ էլ նպատակը․․․ Այս պատերազմը ոչ Իշխանով է սկսել, ոչ Իշխանով է ավարտվել, եթե դատվեն, պիտի ծայրից ծայր դատվեն, ծնողներին էլ թող պարզ լինի»,– ասաց նա։ Հարցաքննությունը կշարունակվի մայիսի 29-ին։   Լուսանկարները՝ Ինֆոքոմի Միլենա Խաչիկյան
23:55 - 18 ապրիլի, 2024
40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ․ ավարտվեց Խուռհատ սարի գործով դատակոչվածների հարցաքննության փուլը

40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ․ ավարտվեց Խուռհատ սարի գործով դատակոչվածների հարցաքննության փուլը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով գրեթե 2 տարվա ընթացքում հարցաքննվեց 40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր ավարտեց դատակոչի ցուցակում ներառված անձանց հարցաքննության փուլը։ Հիշեցնենք՝ գումարտակի մոտ 400-հոգանոց անձնակազմը Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատակոչված անձանցից մի քանիսը հարցաքննությունների ողջ ընթացքում դատարան այդպես էլ չներկայացան։ Պատճառները տարբեր են։ Ոմանք մահացել են, ոմանք վատառողջ են, ոմանք գտնվում են Հայաստանից դուրս, ոմանց էլ 2023 թ․ սեպտեմբերին Արցախից Հայաստան բռնի տեղահանումից հետո գտնել չի հաջողվել․ նրանք այլեւս չեն բնակվում այն հասցեներում, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է դատարանին տրամադրել, դատարանի կողմից ոստիկանություն ուղարկված գրությունների հիման վրա եւս նրանց հնարավոր չի եղել հայտնաբերել։ Դիմելով դատավարության մասնակիցներին՝ դատավորը հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներ կան այդ անձանց հետ կապված։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց՝ եթե ձեռնարկվել են բոլոր միջոցները նրանց հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ, իր առաջարկն է հրապարակել այդ անձանց նախաքննական ցուցմունքները, որպեսզի ապահովվի գործի քննության ողջամիտ ժամկետը։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյան Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց՝ դեմ չէ հրապարակել այն անձանց ցուցմունքները, որոնք Հայաստանում չեն, սակայն առաջարկեց իրավական լուծման առկայության դեպքում մյուսների որոնումները շարունակել, իսկ մինչ այդ տուժողի իրավահաջորդ ճանաչել եւ հարցաքննել զոհված զինծառայողների այն ծնողներին, որոնք մինչ օրս այդ կարգավիճակը չունեն։ Հիշեցնենք՝ քրեական գործի քննության դեռ ամենասկզբում տուժող կողմը բարձրաձայնել է թերի նախաքննության մասին՝ դժգոհություն հայտնելով, որ մի շարք ծնողներ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել, չեն հարցաքննվել, ինչով պայմանավորված՝ նաեւ դատարանում չեն կարողացել իրացնել իրենց իրավունքները։ Դատարանը որոշել է այդ հարցին անդրադառնալ ապացույցները սահմանված հաջորդականությամբ հետազոտելուց հետո։  Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը դիրքորոշում չհայտնեց, նշեց՝ թողնում է դատարանի հայեցողությանը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց հրապարակել 8 անձի նախաքննական ցուցմունք․ «Ըստ էության, այս վկաները նույնաբովանդակ եւ մեղադրանքի էության համար ոչ այնքան կարեւոր ցուցմունքներ են տվել․․․ Եթե հիմա հրապարակենք, եւ Վահանյանը կամ նրա պաշտպանը ասեն՝ ոչ, մենք ցանկանում ենք օգտվել հակընդդեմ հարցման իրավունքից, կփորձենք այլ միջոցներ ձեռնարկել, ուղղակի այս պահին էլ ոչ մի ձեւ չենք կարող առաջ գնալ»,– պարզաբանեց դատավորը: Տուժող Նիկոլայ Ստեփանյան Տուժող Նիկոլայ Ստեփանյանը մեկն է շրջափակման մեջ մնացած այն 6 տղաներից, որոնք, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղում, 2020 թ․ դեկտեմբերի 20-ին կարողացել են կապի դուրս գալ եւ փրկվել։ Ըստ դատարանի ստացած տեղեկությունների՝ 2024 թ․ հունվարի 25-ին նա լքել է ՀՀ–ն։ Ստեփանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 1-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է նռնականետի օգնական։ Հրապարակելով ցուցմունքի՝ առավելապես Խուռհատ սարին վերաբերելի դրվագները՝  դատավորը ընթերցեց, թե ինչպես է Ստեփանյանը ներկայացրել Վահանյանի գործողությունները․  «Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11–ի սահմաններում, հակառակորդը հարձակում գործեց մեր ուղղությամբ, եւ հիշում եմ, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքեւի հատվածում՝ մեքենաների մոտ։ Ասում էր՝ կրակեք մեկ աջ ուղղությամբ, մեկ՝ ձախ, եւ կոնկրետ հասկանալի էր ինձ համար, որ նա չի տիրապետում իրավիճակին եւ չգիտի՝ ինչ է կատարվում․․․ Այդ ընթացքում, քանի որ հակառակորդի ուժերը շատ էին, մենք հասկանում էինք, որ չէինք կարողանում պաշտպանվել, ունեինք վիրավորներ եւ զոհեր․․․ Մենք սկսեցինք իջնել սարից դեպի մեքենաների կողմ՝ մեզ հետ իջեցնելով վիրավորներին։ Երբ հասանք սարի տակ, վիրավորներին տեղավորում էինք կամազների մեջ, մեքենաների մոտ տեսա Իշխան Վահանյանին եւ Հայկազ Գրիգորյանին։ Վահանյանը Գրիգորյանին ասաց, որ վիրավորների հետ գնում է, քանի որ վիրավորում է ստացել, Գրիգորյանը հարցրեց, թե որտեղից, նա էլ ասաց՝ կողքից․․․ Այդ խոսակցության ժամանակ ես եղել եմ նրանց կողքին, չեմ տեսել՝ Վահանյանը ռադիոկապը հանձնեց Գրիգորյանին, թե ոչ․․․ Վահանյանի վրա որեւէ վիրավորում, վնասվածք կամ արյան հետք չտեսա։ Եթե լիներ, հաստատ կտեսնեի, քանի որ 2–3 մ հեռավորության վրա էի։ Տեսա, որ այդ ամենը լսելուց հետո նա նստեց ավտոմեքենան եւ գնաց՝ զորքին թողնելով առանց հրամանատարի․․․ Այդ ժամանակ հակառակորդը շարունակում էր գրոհել։ Զորքը խուճապահար վիճակում էր։ Վահանյանի այդ պահվածքը ավելի մեծացրեց խուճապը։ Վահանյանը, կարելի է ասել արագ քայլելով, առանց վիրավորում ունեցողի տպավորություն թողնելով, գնաց դեպի մեքենան եւ հեռացավ, որը ինձ համար շատ զարմանալի եւ անսպասելի էր։ Այդ ամենը տեսան նաեւ մեր անձնակազմի տղաները, եւ բոլորիս մոտ մի տեսակ զարմանք եւ հիասթափություն առաջացրեց նրա պահվածքը»,– պատմել է Նիկոլայը։ Նա նաեւ նշել է, որ եթե հստակ հրամաններ լինեին, զորքը, չնայած խուճապին, ի վիճակի էր դրանք կատարել։ Եթե Վահանյանը զորքի մոտ լիներ, դա, ըստ նրա, շատ բան կփոխեր։ Քննիչի հարցին՝ տեղյա՞կ էին, որ գրավված Հադրութի ուղղությամբ են շարժվում, տուժողը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ զորքի մասնատվելուց հետո նույնիսկ հակառակ խոսակցությունն է եղել, թե իբր յուրային զորքեր են Հադրութում։ Փորձագետ Արշակ Ալեքսանյան Հաջորդիվ դատարանը հրապարակեց Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ, դատաբժիշկ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը։ Վերջինս Վահանյանին փորձաքննության է ենթարկել պատերազմից մոտ 5 ամիս անց, եւ տրված եզրակացության վերաբերյալ քննիչը նրան հարցեր է հղել։ Ալեքսանյանը այժմ ՀՀ–ում չէ։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրողը հայտնեց, որ իր ցուցմունքում փորձագետը նշել է, որ Վահանյանը ստացել է մարմնական վնասվածք աջ ազդրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով, որը պատճառվել է պայթյունից առաջացած բեկորի հետեւանքով, առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում, թեթեւ վնաս։ Զննությունից բացի այս եզրահանգման հիմք են հանդիսացել նաեւ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի թվագրմամբ բժշական հետազոտության փաստաթղթերը։ Նշենք, որ Վահանյանն ի սկզբանե ընդունվել եւ բուժզննում է անցել Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Ելնելով վնասվածքի բնույթից՝ փորձագետը նշել է, որ Վահանյանը միանշանակ կարող էր ինքնուրույն գործողություններ կատարել եւ հանգիստ տեղաշարժվել։ Քննիչի հարցին, թե ինչու սեպտեմբերի 29-ի ենթադրյալ վիրավորմանն անդրադարձ չի արվել՝ փորձագետը պատասխանել է, որ այդ մասին Վահանյանը նշել է իր բանավոր խոսքում, սակայն դրանք իր համար հիմք չեն հանդիսացել, քանի բժշկական փաստաթղթեր առկա չեն եղել, իսկ միայն զննության տվյալներով հնարավոր չի եղել եզրակացություն տալ, քանի որ բավականին ժամանակ է անցել, եւ վերքն ունեցել է սպիի տեսք։ Նշենք, որ ըստ որոշ տուժողների՝ Վահանյանն իրականում հոկտեմբերի 10-ից առաջ է վիրավորվել (գուցե հենց սեպտեմբերի 29-ին), սակայն հոկտեմբերի 10-ին իր վերքը քչփորել է, որպեսզի մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի։ Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյան Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանը դատարան չի կարողանում ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Նա շարքային Արտյոմ Մկրտչյանի հայրն է։ Արտյոմը բանակ է զորակոչվել  2020 թ․ հունիսի 27-ին։ Նախաքննության ժամանակ Հակոբ Մկրտչյանը պատմել է, որ պատերազմի ընթացքում կապի մեջ է եղել իր որդու հետ սերժանտ Հարություն Կարախանյանի հեռախոսահամարով։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հոկտեմբերի 14-ին։ Որդին ասել է, որ 20 հոգով են, բայց չի հայտնել, որ շրջափակման մեջ են։ Այդ մասին հայրը հետագայում այլ ծնողների հետ հանդիպումներից եւ զրույցներից է իմացել։ Իմացել է նաեւ, որ նոյեմբերի 23–ին կամ 24–ին տղաները դեռ ողջ են եղել, քանի որ Կարախանյանի համարից զանգ է եղել ԱԻՆ։ «Լսել եմ, որ հոկտեմբերի սկզբին Ջաբրայիլի զորամասի զինվորներին, այդ թվում՝ որդուս, տեղափոխել են Հադրութ, 2–3 օր պահել դպրոցում, ապա տարել դիրքեր, որտեղից նրանց գումարտակի հրամանատար Վահանյանը փախել է՝ տղաներին թողնելով մարտի դաշտում։ Ընդհանուր խոսակցություններից հասկացել եմ, որ իրականում ոչինչ չի արել երեխաներին շրջափակումից հանելու համար»,– ասել է հայրն ու պահանջել, որ Վահանյանը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ։ Արտյոմ Մկրտչյանի դին հայտնաբերվել է 2020 թ․ նոյեմբերի 27-ի առավոտյան։ Թե կոնկրետ որտեղից, հայրը այդպես էլ չի իմացել։  Վկա Վարազդատ Հովհաննիսյան Հաջորդիվ դատարանը հրապարակեց վկա Վարազդատ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս բացակայում է ՀՀ–ից։ Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Հովհաննիսյանը մեկնաբանել է Վահանյանի՝ սարի ներքեւում մնալու հանգամանքը․ «Վահանյանի կողմից մեր թիկուքնում մնալը պայմանավորված է նրանով, որ վերջինս չի ցանկացել առավել վտանգավոր վայր բարձրանալ եւ մեր վիրավոր ընկերներին բերելու համար որոշել է մեզ ուղարկել»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Հովհաննիսյանը պատմել է, որ  երբ արդեն նահանջում էին, ինքը շրջվել է, որ հասկանա՝ ինչ հրաման պետք է ստանան, սակայն տեսել է, թե ինչպես է Վահանյանը վազելով իջնում սարից եւ նստում կանաչ մեքենան․ «Այդ ընթացքում կամավոր Արտյոմը գոռացել է՝ զորքդ մեղկ է, էրեխեքիդ մի կոտորի, սակայն Վահանյանը չի լսել եւ փախել է՝  մեզ թողնելով առանց հրամանատարի, զորքի մոտ առաջացել է խուճապ, քանի որ բոլորս եղել ենք նորակոչիկ եւ չենք հասկացել՝ ինչ գործողություններ պիտի կատարեինք, որպեսզի չզոհվեինք կամ չգերեվարվեինք»,– ասել է Հովհաննիսյանը։ Վկա Վահագն Բարսեղյան Վկա Վահագն Բարսեղյանը մահացել է։ Նա եղել է 2-րդ վաշտի հրամանատարը։ Բարսեղյանի ցուցմունքը վերաբերում էր առավելապես  հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում Իշխան Վահանյանի գործողություններին, որտեղ նա փորձել է շտապօգնության մեքենայով վիրավորներին տեղափոխել, խոստացել վերադառնալ մյուսների հետեւից, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Վահանյանի մեղադրանքը, սակայն, այժմ վերաբերում է միայն Խուռհատ սարի իրադարձություններին։ Դրանց Բարսեղյանը տեղյակ չի եղել, նշել է միայն, որ հոկտեմբերի 11-ից սկսած՝ Վահանյանի հետ չեն կարողացել կապ հաստատել։ Վկա Սերգեյ Առաքելյան Վկա Սերգեյ Առաքելյանը եղել է 2-րդ վաշտի կրտսեր սերժանտ։ Նա ներկայումս ՌԴ–ում է։ Առաքելյանը եւս ցուցմունք է տվել Նյուզգար կոչվող տեղամասում իրադարձությունների մասին, պատմել, որ Իշխան Վահանյանը մեքենայից դուրս չի եկել, խոստացել է, որ կվերադառնա վիրավորների հետեւից, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Վկա Լեւոն Հայրապետյան Նույն դրվագի մասին նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել նաեւ պայմանագրային ծառայող, վարորդ Լեւոն Հայրապետյանը։ Նա նշել, է, որ  այն ճանապարհը, որով Վահանյանը պարտավորվել է վիրավորներին զորամաս տեղափոխելուց հետո վերադառնալ, հակառակորդի հսկողության տակ չի գտնվել։ Թեեւ ռմբակոծվել է, սակայն երթեւեկելը հնարավոր եղել է, եւ ինքը դրանից հետո այդ ճանապարհով մի քանի անգամ երթեւեկել է։  Վկա Դմիտրի Սարգսյան Վկա Դմիտրի Սարգսյանը Արցախի բնակիչ է, ծառայել է 1-ին դասակի 1-ին վաշտի 1-ին ջոկում։ Նախաքննության ժամանակ նա պատմել է, որ Խուռհատ սարում Վահանյանը տվել է դիրքավորվելու հրաման։  Երբ հակառակորդը հարձակվել է, ինքը շրջվել է, որպեսզի հասկանա, թե ինչ հրաման պիտի ստանան, սակայն տեսել է, թե ոնց է Վահանյանը նստում կայանած ավտոմեքենան եւ փախչում այդ վայրից։ Ըստ վկայի՝ սարից իջնելուց հետո կամավորական Արտյոմը կապ է հաստատել Վահանյանի հետ, հարցրել, թե ինչու է փախել, զորքին մենակ թողել, նա էլ պատասխանել է, թե վիրավոր է։ Այս վկայի խոսքով եւս՝ Վահանյանի փախուստից զորքի մոտ խուճապ է առաջացել։ Վկա Արազ Խաչատրյան Արազ Խաչատրյանը եղել է 3-րդ ջոկի զինծառայող։ Նախաքննության ժամանակ խոսելով Խուռհատ սարի դեպքերից՝ նա պատմել է, որ շատ զոհեր եւ վիրավորներ են ունեցել, զորքը խառնված վիճակում է եղել, եւ Վահանյանը մարտի դաշտից փախուստի է դիմել։ Խաչատրյանը նկարագրել է նաեւ, թե ինչպես է Հայկազ Գրիգորյանի ղեկավարած խմբով քայլելով դուրս եկել շրջափակումից։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 18-ին։   Միլենա Խաչիկյան
23:15 - 15 մարտի, 2024
«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Գասպարյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ գումարտակի կազմով մարտական առաջադրանք էր ստացել՝ մեկնելու Հադրութին հարակից Խուռհատ սար՝ պաշտպանության։ Այսօր՝ ավելի քան 3 տարի անց, նա դատարանում ներկայացնում էր սարում տեղի ունեցած դեպքերը։ Գասպարյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակից էր։ Այն նույն գումարտակի, որի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա կալանավորված է։ Հարցաքննության սկզբում Ալբերտն ասաց, որ ծառայությունից ճանաչում է Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին, թե ինչու ինքնակամ չէր ներկայանում դատարան, վկան պատասխանեց, որ չէր հարմարեցնում․ –Չէ՞ որ Ձեզ էլ է վերաբերում այս գործը, Ձեր համածառայակիցներին․․․ Դուք էլ պետք է շահագրգռված լինեք, դա քաղաքացիական պարտք է,– նշեց դատավորը։ Ըստ վկայի՝ զորքը բարձրացել է սարը, Վահանյանը մնացել է դրա ներքեւում Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ վկա Ալբերտ Գասպարյանը պատմեց, որ պատերազմի սկզբում եղել են Ջրականի դիրքերում, այնտեղ մնացել մի քանի օր։ Եղել է հրամանատարական դիտակետ, որից ինքը գտնվել է մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վահանյանին, որն այդ ժամանակ դեռ իրենց շտաբի պետն էր, տեսել է, բայց նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Այդ օրերին տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ զոհվել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը։ Որեւէ այլ սպայի, այդ թվում՝ Վահանյանի վիրավորման մասին վկան չի լսել։  Դրանից օրեր անց նահանջել են Հադրութ, մեկ օր մնացել Հադրութի զորամասում, ապա տեղափոխվել դպրոց։ Դպրոցում եւս, ըստ վկայի, Վահանյանը առաջին հայացքից վիրավորում ստացածի տպավորություն չի թողել։ – Ինչպե՞ս կբնութագրես Վահանյանին,– հարցրեց մեղադրողը։ – Նորմալ,– պատասխանեց վկան։ – Նորմալ հասկացություն ծառայության մեջ չկա, կա պատասխանատու, կա քաջ,–  արձագանքեց դատավորը։ – Քաջը քաջ չէր․․․ –Նրա հրամանները կատարո՞ւմ էիք։ – Մինչեւ սար բարձրանալը կատարում էինք։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցածի մասին՝ վկան պատմեց, որ ինքը տեղակայվել է վիշկայից մոտ 10 մետր վերեւ, իսկ Վահանյանը գտնվել է ներքեւում՝ դեպի սար բարձրացող արահետի սկզբում, որտեղ նաեւ մեքենաներն էին։  Երբ հարձակումը սկսել է, ողջ ընթացքում որեւէ հրաման, այդ թվում՝ Վահանյանից չի լսել։ Նրան հանդիպել է, երբ վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վիրավոր կար, իջեցնում էինք, որ դնեինք մեքենան, տանեին, էդ ժամանակ տեսել եմ Վահանյանին, ավտոմեքենաներից մի քիչ առաջ․․․ Կանգնած էր, ռացիայով խոսում էր, բայց չեմ լսել, ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ էր անում․․․ Արտառոց վարքագիծ չեմ նկատել,  նորմալ էր»,– պատմեց վկան՝ նշելով, որ այլեւս սար չի բարձրացել, որովհետեւ զորքը արդեն նահանջելիս է եղել․ «Վահանյանին տեսանք ՈՒՌԱԼ–ի մեջ նստած, ինքը գնաց, մենք մնացինք մինամյոտի պետի (Հովհաննես Մուրադյան) եւ կապի պետի (Արսեն Ղարիբյան) հետ»,– ասաց վկան։ Վկան չմտաբերեց, թե ներքերում որեւէ մեկը բեկորային վնասվածք ստացած լինի․ ասաց՝ այդ ուղղությամբ կրակում էին, բայց պայթյուններ չեն եղել։ Նշենք, որ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, բեկորային վնասվածք է ունեցել, սակայն դատարանում հարցաքննված անձինք բացառել են այդտեղ բեկորային վնասվածք ստանալու հավանականությունը, ենթադրել, որ Վահանյանն իր ավելի վաղ ստացած վիրավորման պատրվակով է թողել գումարտակին։ – Վահանյանի մեքենա նստելը տեսե՞լ եք։ – Չէ։ – Ի՞նքն էր վարում։ – Չէ, ուրիշ մարդ էր վարում, ինքը կողքը նստած էր, բայց մեր գումարտակի մեքենաներ չէին։ – Իսկ իմացա՞ք՝ ինչի է նստել, չփորձեցի՞ք դուք էլ հետը գնաք։ – Էդ ժամանակ էլ հետաքրքիր չէր, մեր գումարտակի հրամանատարն էր, մեքենայով գնացել է, մենք ոտքով չէինք կարող իր հետեւից գնալ, կամ նստեինք էդ մեքենան։ – Փորձեիք կանգնեցնել մեքենան․․․ – Էդ ժամանակ խառն էր իրավիճակը, ո՞վ կմտածեր կանգնեցնել մեքենան։ Ըստ վկայի՝ զորքի ղեկավարումը որեւէ մեկը չի ստանձնել Վահանյանի հեռանալուց հետո պարտականությունների կամ կապի միջոցի փոխացում, ըստ վկայի չի եղել։ Կոնկրետ որեւէ մեկը չի ստանձնել զորքի ղեկավարումը, իրենց ուղղորդել են կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու ականանետային մարտկոցի հրամանատար Արսեն Ղարիբյանը։ Նահանջի ժամանակ, երբ հակառակորդը դարձյալ կրակ է արձակել զորքի ուղղությամբ, իրենք բաժանվել են․ Ալբերտը մնացել է Հովհաննես Մուրադյանի 100-հոգանոց խմբի հետ։  Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են մի գյուղի ուղղությամբ, որի անունը վկան չմտաբերեց։ Այդտեղ դարձյալ հարձակման են ենթարկվել։ Հովհաննես Մուրադյանը զոհվել է, ինքը՝ ձեռքից վիրավորվել․  «Մենք մտել էինք կիրճը, մեր կեսը դեռ չէր հասել, հարձակումը որ սկսվեց, կեսը հետ գնացին, մենք դիմակայելով իջանք ներքեւ, Մուրադյանը էդտեղ զոհվեց նռնակի եւ դիպուկահարի հարվածից, վիրավորներ կային, գրադ բացեցինք իրենց ուղղությամբ, որ վիրավորներին հանեինք, գնացինք էդ գյուղ, մի տան պադվալ մտանք»։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը Ալբերտի խոսքով՝ տանը մնացել են մեկ օր, առավոտյան 10-ից ավելի հոգով դուրս են եկել․ վիրավորներից երկուսը այդտեղ զոհվել են (մեկը եղել է Տիգրան Ագանեսյանը, մյուսին վկան չէր ճանաչում), հադրութեցի ծառայակցի հուշումով շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Ճանապարհին հանդիպել են 3 պայմանագրայինի, նրանց հետ միասին քայլել, 2-3 ժամ անց հանդիպել «Դուց»–ի զորքին․ ««Դուց»–ի զորքը փրոձել է կապի դուրս գալ մեր հրամանատարների հետ, կապ չլինելու պատճառով մեզ հետ են բերել, իրենք գալիս էին Հայաստան»։ Ըստ վկայի՝ իրենք չեն իմացել, որ գյուղի այլ տներում նույնպես թաքնված զինծառայողներ կային։ Խնձորեսկի զորամասում վկան վիրակապվել է, ապա՝ տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Նկատել է, որ նա ոտքից կաղում է, սակայն այդ թեմայով զրույց, ըստ նրա, չի եղել։ Մեկշաբաթյա մայրական խնամքից հետո վկան վերադարձել է ռազմի դաշտ։ Երկու օր անց պատերազմն ավարտվել է։ Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Հարցաքննության ավարտին հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, որոնք էական հակասություններ ունեին դատաքննական ցուցմունքի հետ։ Մեղադրողը նշեց, որ վկան հարցաքննվել է 2021 թ․ փետրվար ամսին, պատմել, որ 30 զինծառայողների հետ միասին, կատարելով Վահանյանի հրամանը, բարձրացել է սար, սակայն Վահանյանը մնացել է թիկունքում, որտեղից վերեւ բարձրանալու հրամաններ է տվել։ Վերջինիս թիկունքում մնալը վկան այդ ժամանակ պայմանավորել է նրանով, որ  նա չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ եւ ցանկացել է իրենց ուղարկել։ Դատարանում, սակայն, նա ասաց, թե իր կարծիքով՝ նա մնում էր ներքեւում, որպեսզի կարողանար զորքի հրամանատարությունը իրականացնել։ «Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բայց համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Մյուս հակասությունը վերաբերում էր Վահանյանի մեքենան կանգնեցնելու դրվագին։ Նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ մեքենայի շարժվելուց հետո 3 զինծառայող փորձել են այն կանգնեցնել այն, նստել, ինչը, սակայն, դատարանում չնշեց։ Մեքենան, նրա խոսքով, չի կանգնել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց, ասաց՝ եղել է նման բան։ Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր նաեւ, որ տեսել է Վահանյանի մեքենա նստելը․ «Գտնվել եմ Վահանյանից մոտ 10 մետր հեռավորության վրա, այդ ընթացքում տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենայի ղեկին, ապա գործի դրել շարժիչը եւ միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»,– ընթերցեց մեղադրողը։ Ցուցմունքի այս դրվագը, սակայն, Ալբերտ Գասպարյանը չպնդեց․ «Ես չեմ հիշում, որ տենց բան ասած լինեմ, ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմը նստած, վարորդը վարում էր, ինքն էլ կողքին նստած էր»,– ասաց վկան՝ նշելով, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։   Միլենա Խաչիկյան
23:09 - 19 հունվարի, 2024
«Մինչեւ վերջին մարդը զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են»․ շրջափակման մեջ զոհված զինվորի հայրը՝ դատարանում

«Մինչեւ վերջին մարդը զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են»․ շրջափակման մեջ զոհված զինվորի հայրը՝ դատարանում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հարութ Ղարախանյանի հոր՝ Ալեքսանդր Ղարախանյանի վկայությամբ՝ Հայաստանում եւ Արցախում մինչեւ վերջին մարդը զեկուցված է եղել, որ իր որդին ու նրա ծառայակիցները ողջ են եւ կոնկրետ վայրում գտնվում են շրջափակման մեջ, սակայն ոչ մեկը՝ գնդի հրամանատարից մինչեւ վաշտի հրամանատար, ոչինչ չի ձեռնարկել նրանց դուրս բերելու համար։ Հարութ Ղարախանյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի լեյտենանտներից է, որ պատերազմի ժամանակ եղել է մոտ 1․5 տարվա զինծառայող։ Հիշեցնենք՝ դա այն գումարտակն է, որին հրամանատար Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Վահանյանն այժմ մեղադրվում է իշխանության անգործություն դրսեւորելու եւ թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Զորքի մեծ մասին փրկվել չի հաջողվել։  Ըստ Ալեքսանդր Ղարախանյանի՝ հակառակորդի նպատակն է եղել զորքը ցաքուցրիվ անելն ու խումբ–խումբ ոչնչացնելը Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Ղարախանյանը պատմեց, որ իր տեղեկություններով՝ ուսումնական գումարտակին ուղարկել են Խուռհատ սար Հադրութ քաղաքը պաշտպանելու նպատակով․ «Խուռհատ սարն են բարձրացրել, որ պաշտպանեն Հադրութ քաղաքը, էդ միակ ճանապարհն էր, որով Ջաբրայիլից կարողանում ես ուղիղ հասնել Հադրութ քաղաքի վրա, «9–րդ կմ» կոչվող խաչմերուկ կար, էդտեղ մեր զորքը կանգնած էր, լավ պահում էր, իսկ թշնամին մոտիկացել է հենց սարի ուղղությամբ, էրեխեն ամսի 10–ին ասում ա՝ колона է գալիս չեմ կարող ասել՝ իրար հետեւից քանի ավտո, բայց  մի հատ կրակոց չկա, ոչ մի բան չկա, մեր հրետանին չի աշխատում, ասում է՝ տակներս արդեն լցվել են անասելի ձեւով, շատ–շատ են գալիս, կուտակումներ են․․․ Դրանից հետո կապը ընդհատվում է, ես էլ ինչքան փորձում եմ զանգել, զանգ չի գնում»։ Բուն մարտը, ըստ նրա, սկսվել է առավոտյան 09։30-ի մոտակայքում։ Սարում զորքը բավարար չափով զինված է եղել է թե ոչ՝ հայրը չգիտեր, ասաց՝ տեղյակ է, որ մինչ այդ նորմալ զենք–զինամթերք ունեցել են․ «Ինչ վերաբերում է Քարամյան Արթուրի ցուցմունքին (Արցախի ԱԱԾ գնդապետ,-հեղ․), որ սարը խրամատավորված է եղել, դա սուտ է, ես կարամ անձամբ տղուս դիրքը ցույց տամ, որ գնացել եմ, 4 հոգու հանել, էդտեղ խրամատ չի եղել, գնացեք, էդ մարդուն նորից կանչեք սուտ ցուցմունքի համար»,– նշեց նա։ Իշխան Վահանյանը Որ անձամբ Վահանյանն է եղել հրամանատար, հայրը չի իմացել, նրան չի ճանաչել, բայց որդուց լսել է, որ սպաները թողել, փախել են, ու ըստ նրա՝ զորքն այդ պատճառով է ընկել շրջափակման մեջ․ «Ես 1992 թ․–ից համազգեստի մեջ եմ, կա երդում, որը զինվորականը տալիս է, ու մինչեւ վերջին շունչը պիտի դա պարտականություն լինի, դա կյանքից թանկ է, բայց մարդիկ էդ չեն արել, իրենց զինվորին լքելու համար, համաձայն տրիբունալի, իրեն հասնում է растрел»,- ասաց զոհվածի հայրը։ Մարտի ժամանակ Հարութը երկու ոտքից վիրավորվել է։ Թե ով է տվել նահանջի հրամանը, հայրը չգիտեր, լսել էր միայն, որ սարից իջնելուց հետո դարձյալ հարձակման են ենթարկվել, զորքը ցաքուցրիվ անելն ու խումբ–խումբ ոչնչացնելը, ըստ նրա, հակառակորդի պլանն է եղել։ Շրջափակման մեջ մնացածներին հանելու համար խումբ է ձեւավորվել Հարութն ու ծառայակից ընկերները՝ ընդհանուր 14 հոգի, թաքնվել են անտառներում։ Այդ մանրամասները նա հետագայում ծառայակից մի նորակոչիկից է իմացել․ «Ով իրեն քաշել ա անտառ, էդ էրեխան ա ինձ ներկայացրել, երբ գնացել էինք Խնձորեսկի հոսպիտալ, պառկած էր էնտեղ, ասել ա՝ ես եմ քաշել, տղերքն էլ մնացել են մոտը, հնարավորություն եղել ա հելնելու, Հարութն ասել ա՝ ինձ թողեք, հելեք, էրեխեքը չեն թողել, ասել են՝ առանց քեզ չենք հելնելու․ կամ միասին ենք հելնելու, կամ մնում ենք կողքիդ»։ Որդու վիրավորման մասին հայրը նույն օրը երեկոյան է տեղեկացել։ Թույլտվություն է ստացել, մեկ այլ պաշտպանական շրջանից, որտեղ ինքը ծառայում էր որպես պահեստապետ, մեկնել է Հադրութ․ «Հոկտեմբերի 10–ին հասնում եմ Տող գյուղ, գիշերը մնում եմ էնտեղ, ամսի 11–ին գնում եմ Թութակներ կոչվող բարձունքը, ինձ դիմավորում է Դավիդովը, ներկա են լինում Աղաբեկյան Արթուրը, Միրզոյան Սերգոն։ Շտաբի պետը՝ Վարդանյան Կամոն, մոտիկանում, հարցնում է՝ ինչ է եղել, ասում եմ՝ սենց բան կա, եկել եմ՝ հասնեմ էրեխուն»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ղարախանյանի խոսքով՝ դրանից հետո տղաներին դուրս բերելու համար խումբ է ձեւավորվել, որը ղեկավարել է «Մանախ» անունով հայտնի Արթուր Այվազյանը․ «7-8 հոգով իջնում ենք Հադրութ, ու էդտեղ մեր մարտը սկսվում է, հակառակորդը արդեն մտած է քաղաքի մեջ․․․ Հետը կապ եմ հաստատում, շատ ցածր է խոսում, ասում է՝ համ հետեւներս են կանգնած, համ դեմներս, մեզ են ման գալիս, էդ ժամանակ որոշում է կայացվել покрышка վառել, որպեսզի ծխի վրա ասեն՝ ուղղությունը ոնց են տեսնում, մենք էլ վերցնենք կոնկերտ իրենց տեղը գտնելու ուղղությունը․․․  Покрышка-ն գտնում ենք, բերում, որ վառենք, снайпер-ը սկսում է մեր վրա կրակել, ու էդտեղ մարտը սկսվում է»։ Անբավարար միջոցների պատճառով խումբը որոշել է նահանջել․ «էրեխեն էդ ժամանակ դեռ լինում ա Հադրութում, 2 հատ հինգհարկանի շենքեր կան, офицерский շենքեր են ասում, այ դրանից մի 500 մետր բարձր, կապ է տալիս, ասում՝ պապ, բա էդ դո՞ւք եք, ասում եմ՝ հա․․․ Էդ օրը ոչ մի բան չի ստացվում, մյուս օրը զանգում, ասում է, որ Վանք գյուղում են։ Ճանապարհին հանդիպել են իրենց ծառայակիցներին, տեղավորվել 2 տան մեջ․ 14-ը՝ մի տան, 16-ը՝ մյուս»։ Ալեքսանդր Ղարախանյանի տեղեկություններով՝ հոկտեմբերի 10–ին թշնամին դեռ Հադրութի մատույցներում չի եղել, մտել է մոտակա գյուղեր՝ Վանք, Վարդաշատ, Թաղասեր, բայց քաղաք տանող ճանապարհը բաց է եղել, փակվել է միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11–ին։ Նշենք, սակայն, որ մինչ այս հարցաքննված այլ անձինք հայտնել են, որ զորքի մի մասը շրջափակման մեջ է ընկել, որովհետեւ որոշել է գնալ Հադրութի ուղղությամբ, ուր արդեն հակառակորդն է եղել։ Շրջափակումից 1․5 ամիս անց զինծառայողները դեռ օգնության սպասելիս են եղել Հոկտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 23-ը որդու հետ կապը կորել է։ 23-ին, ըստ հոր տեղեկությունների, որդին փորձել է իրեն զանգել, բայց չի հաջողվել, կապ է հաստատել «Ղարաբաղ տելեկոմ»–ի օպերատորի հետ։ Այս դրվագի մասին ավելի վաղ ցուցմունք էր տվել նաեւ տուժողի իրավահաջորդ Ռուստամ Այվազյանը, պատմել՝ Հարութը զանգել է՝ օգնության, ասել՝ ուզում են Շուշիով դուրս գալ, նրան էլ տեղեկացրել են, որ Շուշին գրավված է, պատերազմն էլ՝ ավարտված։ Զանգից մոտ 15 րոպե հետո, ըստ Ալեքսանդր Ղարախանյանի, Կառավարության շենքում գտնվող ծնողներն այդ մասին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են պատմել։ Շրջափակման մեջ գտնվողների վերաբերյալ զեկուցվել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այդ ժամանակ տեղեկություններ են ունեցել ողջ 300 զինծառայողի մասին, Արթուր Աղաբեկյանն էլ ասել է, թե հայրը վրդովված է, չափազանցված թիվ է ասում։ Այդ նույն ընթացքում Ալեքսանդր Ղարախանյանը որդու անունը հոսպիտալում գտնվողների ցանկում է տեսել․ «Ես ու Սերգոն գտնվում էինք Հերհեր գյուղում, շտաբի պետին եմ մոտենում, հարցնում՝ կարա՞ք ասեք՝ Ղարախանյան Հարութը որտեղ ա, բացում են իրենց մատյանը, ասում՝ հոսպիտալ, ասում եմ՝ կարա՞ք ասեք՝ էրեխուս ով ա տարել հոսպիտալ, ճակատը պաչեմ, եթե էդ էրեխեն անտառում է․․․ Դուք ո՞նց եք գրել հոսպիտալ, եթե էդ էրեխան մնացել է Վանք գյուղի մոտքերը»։ Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ դրանից հետո տղաներին փրկելու բոլոր փորձերը ձախողվել են․ «Մենք ամեն օր մարտի էինք բռնվում, մտնում ռազվետկա, հելնում, ու ինչքան փորձում էինք մտնել դեպի գյուղ, մեզ չէին թողնում, էդ ժամանակ ղեկավարը եղել է Մանուկյան Դավիթը, քանի անգամ փորձել ենք մտնել, կես ճանապարհը, կարելի է ասել, մտած՝ հրաման են տվել՝ հետ դարձեք, սպեցնազը մտել ա, ռազվետկեն մտել ա, հենա էրեխեքին հանում են, դուք եկեք, ուրիշ տեղ կուղարկենք»։ Շրջափակման մեջ գտնվող անձանակազմին, սակայն, այդպես էլ դուրս չեն բերել։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Գուրգեն Գրիգորյանը եւ Գայանե Հովակիմյանը Այսօր պետք է հարցաքննվեր նաեւ տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանը, որը, սակայն, պատշաճ ծանուցվել, բայց դատարան չէր ներկայացել։ Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հայտնեց, որ Մկրտչյանը առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող գալ, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, ասաց՝ Մկրտչյանը դատարանին նման տեղեկություն չի հայտնում, այլ խոստանում է գալ եւ չի գալիս։ Այդ վարքագիծը անհարգալից համարելով՝ դատարանը նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ գրություն է ուղարկել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ պարզելու համար Արցախից բռնի տեղահանված այն վկաների եւ տուժողի իրավահաջնորդների՝ Հայաստանում բնակության հասցեն, որոնք պիտի հարցաքննվեն այս գործով։ Գրության պատասխանը դեռ չի ստացվել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին։     Միլենա Խաչիկյան
23:55 - 11 դեկտեմբերի, 2023
«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքը ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։  Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել՝ միայն 5 ամիս անց՝ նույն տարվա հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով։  Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից է, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։ Իրադարձությունների այս շղթայում կոնկրետ երբ, որտեղ եւ ինչպես է զոհվել Վահագնը՝ ընտանիքին առ այսօր հայտնի չէ։ «Վահագնը տան շարժիչ ուժն էր» Վահագն Խաչատրյանը ծնվել է 2001 թ․-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ քաղաքում, 7 տարեկանում ծնողները որոշել են վերադառնալ հայրենիք, որ երկու որդիները այստեղ մեծանան։ Մոր՝ Ալինա Գրիգորյանի խոսքով՝ որդին մաքուր հայերեն գիտեր, քանի որ տանը միշտ հայերեն էին խոսում․ «Շատ խելացի էր, շատ լուսավոր, հոգատար, բարի, էներգիան՝ անսպառ, մեր տան շարժիչ ուժն էր Վահագը, եթե Արթուրը (կրտսեր եղբայրն է,-հեղ․) տանն է, լռություն է, բայց Վահագը՝ ցեց։ Ասում-խոսում էր, կատակներ անում, սեր կար նրա մեջ բոլորի հանդեպ, անսպառ սեր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,- վերհիշում է մայրը։ Վահագնը՝ ծնողների հետ Որդու հետաքրքրություններից մայրը դժվարանում է մեկն առանձնացնել․ սկաուտիզմ, լող, բռնցքամարտ, նետաձգություն, խոհարարություն, ամեն ինչ ուզում էր փորձել, նրա համար անհնարին ոչինչ չկար․ «Միշտ ասում էր՝ գնամ–գամ, որ տան հարցը լուծեմ, հիմա ասում եմ՝ քո տան հարցը լուծեցիր, մերը մնաց։ Բոլորն ասում են՝ Վահագի երազանքը պիտի իրականացնեք․ ամենամեծ բանը իր համար դա էր»,- նշում է մայրը։ Վահագնը սովորում էր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ «Կապեր եւ կոմունիկացիա» բաժնում, չափազանց սիրում էր կարդալ։ Տիկին Ալինան հիշում է՝ վերջին գիրքը, որ որդին կարդում էր, ճապոնացի մտածող, ռազմագետ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» աշխատությունն էր․ «Չգիտեմ էլ՝ հասցրել է ավարտել թե չէ։ Փորձեցի ինքս կարդամ, չկարողացա, մի քիչ բարդ էր ինձ համար, չհասկացա՝ իրեն ինչն էր էդտեղ հետաքրքրում»,- ասում է մայրն ու անկեղծանում, որ իրեն մեկ-մեկ թվում է՝ տղաները կանխազգացել են ամեն ինչ․ «Հեռուստացույցով նայում էր՝ մարդիկ ոնց են անտառներում ողջ մնում, ոնց են դուրս գալիս այդ իրավիճակներից, հարցնում էի՝ ինչի՞ ես նայում, ասում էր՝ դե, հետաքրքիր է․․․ Պատերազմից հետո, երբ իրենից լուր չունեինք, սկզբում ասում էին՝ անտառներում են, մտածում էի՝ երեւի դրա համար էր էդ ամենը պետք, հիմա իրեն անտառներում օգտակար կլինի, դուրս կգա։ Չէինք պատկերացնի, որ նման փաստի առաջ կկանգնեինք, ամենավատ երազում նման բան չէինք տեսնի»,– ասում է մայրը։ «Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ․․․» Վահագն Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 8-ին՝ որպես նռնականետի օգնական։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամսից ավելի Մարտունիում կարանտինի մեջ է եղել, սեպտեմբերի սկզբին՝ տեղափոխվել Ջրական։ Մինչ պատերազմը կրակային պատրաստություն 1-2 անգամ է հասցրել անցնել։ Ծառայության այդ երկու ամիսներին Վահագնը ոչնչից չի դժգոհել, միայն աչքերի խնդիր է ունեցել, բուժզննում անցել, հոսպիտալացվել․ «Պատերազմի նախորդ օրը խոսում էինք, ասաց՝ աչքերս էլի լավ չեն, բորբոքվել են, կամ էլի կպառկեցնեն, կամ գուցե ուղարկեն Ստեփանակերտ կամ Երեւան՝ զննման։ Ու կիրակի պատերազմը սկսվեց, ու ինքը ակնոցը չէր հասցրել վերցնել, էդ բորբոքված աչքերով էլ․․․»,– պատմում է տիկին Ալինան, բայց արցունքները չեն թողնում շարունակել։ Պատերազմի մեկնարկից հետո ընտանիքը որդուց երկու օր լուր չի ունեցել, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը 2-3 օրը մեկ զանգել է, սակայն մանրամասներ չի հայտնել․ «Ինչքան զանգել է, հարցրել ենք՝ որտե՞ղ ես, ասել է՝ տենց հարցեր մի՛ տվեք, իր սիրած բառն էր՝ պա՛պ, սաղ լավ ա, սաղ կայֆոտ ա, մի՛ մտածեք, դուք լավ եղեք»,– հիշում է հայրը՝ Վաչիկ Խաչատրյանը։  «Մենակ վերջին զանգին՝ հոկտեմբերի 8–ին, ասաց՝ մեզ տանում են վերեւ, դե, որ արդեն գիտեինք՝ չի ասելու, թե որտեղ, մայրը հարցրեց՝ Վահա՛գ ջան, վերեւն ապահո՞վ տեղ է, թե՞․․․ Ջղայնացավ, ասաց՝ թե, մա՛մ․․․ Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ»,- պատմում է հայրը։ «Գնացին վերեւ»,– հազիվ լսելի ձայնով շարունակում է տիկին Ալինան ու հիշում, որ Պաշտպանության նախարարությունից իրենց այդ նույն ժամանակ ասում էին, որ նորակոչիկները բունկերներում են, նորակոչիկներն ապահով են․ «Մի օր հեռախոսազրույցը ընդհատեց, գոռաց՝ թո՛ղ, էդ մեր զենքերն են, խոսեցինք, վերջացրինք, նոր սկսեցի մտածել՝ եթե բունկերում են, ի՞նչ զենքից էր խոսում։ Հոկտեմբերի 6-ին էլ ասացի՝ ուր որ է կկանգնի պատերազմը, տղե՛ս, պինդ եղեք, էս մի հատ մեծ փորձություն էր․․․ Ասաց՝ էսքան տեսածից հետո էլ ի՞նչ նեղվենք։ Խոսեցինք, վերջացրինք, նորից մտածում եմ՝ էս էրեխեն ի՞նչ տեսածի մասին է խոսում։ Հիմա գիտեմ՝ ինչ է տեսել, ես էդ ամեն դատին մեռնում եմ, որ լսում եմ՝ ինչերի միջով են անցել»։ Վահագնի հետ վերջին հեռախոսազրույցից հետո ծնողների օրերը սկսել են անցնել նախարարությունների, հոսպիտալների ու զորամասերի առաջ, քանի որդու հրամանատարներից որևէ մեկին չեն ճանաչել, անմիջական կապ որևէ մեկի հետ հաստատել չեն կարողացել։ Այդ ընթացքում Պն–ի հորդորով Վահագնի ծնողները ԴՆԹ են հանձնել՝ հույս ունենալով բացառել զոհվածների հետ համընկնումը։ Բոլոր գերատեսչություններից ծնողներին ասել են, որ իրենք աշխատում են, ամեն ինչ անում են, պետք է սպասել։ ԱԱԾ–ից նրանց հայտնել են, որ որդին անհետ կորածների ցանկում է․ «Պետությանն էինք տվել էրեխուն, գնացել էր պետության համար պարտքը կատարելու, ուրիշ ո՞ւմ հավատայինք»,– ասում է մայրը, բայց եւ նշում՝ պետության ներկայացուցիչներից ոչ ոք իր տուն չեկավ, որդու պարգեւատրումն անգամ մի զինծառայողի միջոցով են ուղարկել։ Արցախի նախագահի հրամանագրով Վահագն Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Վահագնի վերջին լուսանկարը Ջրականում, սեպտեմբերի 29, 2020 թ․ «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց» Աբովյանի դիահերձարանի նկուղում զինծառայողների մարմիններ պահելու դեպքի հայտնի դառնալուց հետո Վահագնի ծնողները որոշել են այլեւս չսպասել, այլ անձամբ հետաքրքրվել իրենց որդու ճակատագրով։ Այդ ժամանակ էլ, ցավոք, պարզել են, որ ԴՆԹ համընկնում կա։  «Քննիչի համարը վերցրի, ասաց՝ ես կնայեմ, կասեմ։ 2-3 օր զանգեցի, չպատասխանեց, ասացի՝ վեր կենամ, գամ, բա չէ, ես կզանգեմ։ Զանգեց, ասաց՝ էս պահի դրությամբ ոչ մի բան չունեք։ Ասացի՝ մի տեսակ լավ չասացիր, ո՞նց էս պահի դրությամբ։ Անջատեցի, տաքսի կանչեցի, գնացի քննչական։ Վայ, բա ինչի՞ եք եկել, ասացի՝ եկել եմ՝ աչքերիս մեջ նայես, նոր ասես։ Ասաց՝ լավ, որ եկել եք, եկեք՝ ասեմ՝ համընկնում ունեք, բայց էնքան քիչ տոկոս է, հերքվող տոկոս։ Երբ դեռ չես խորացել դրա մեջ, լուրջ ես ընդունում, բայց իրականում ԴՆԹ համընկնում կա՛մ ունես, կա՛մ չունես, քիչ տոկոս հասկացություն չկա»,– նշում է տիկին Ալինան։  Դրանից հետո կրկնակի փորձաքննություն են պահանջել, եւ հաստատվել է․ հուլիսի 26-ին հուղարկավորել են որդու մասունքը, որ նոյեմբերի 9-ի հրադադարից 2 ամիս անց էր հայտնաբերվել Հադրութի շրջանի Տյաք գյուղից։ Վահագնի մասունքը այդ օրը նշված վայրից հայտնաբերված միակ մասունքն է եղել, ինչն ավելի է խորացրել ծնողների անորոշությունն ու ավելացրել անպատասխան հարցերը. «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց, ընկավ, ոչ մեկը չօգնեց, խփեցին, կրակեցին, ի՞նչ արեցին, ինչի՞ է առանձին։ Դատերին, որ անդադար ասում էին՝ օդային հարձակում չի եղել, արդեն հասկանում էի, որ դա ԱԹՍ–ից չէ, ուրեմն՝ պիտի լիներ մարմինը, չէր կարող ոչ մի բան չլինել»,– ասում է մայրը։ «Ոչ մի կառույց պատշաճ չի աշխատել» Որդու հուղարկավորությունից հետո՝ 2021 թ․-ի ընթացքում, մեկ-երկու անգամ գնացել են «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ (հայտնի է որպես Հերացի), հետաքրքրվել, հետո մտածել, որ եթե նոր մի բան հայտնաբերվի, իրենց անձամբ կտեղեկացնեն։ Մի օր էլ, երբ իմացել են, որ որդեկորույս մեկ այլ ծնող պատահական զանգահարել է Հերացի եւ պարզել, որ համընկնում կա, որոշել են դարձյալ զանգահարել․   «Զանգեցի Հերացի, ասացին՝ կա, վերեւի հատվածն է՝ կրծքավանդակի, իրենք էլ չգիտեին, հետո որ գնում են Մեծամորից բերելու, նոր տեսնում են, որ ամբողջ մարմինն է։ Իրենք գնացել են փոքր ավտոյով, որ մասունք վերցնեն, մեկ էլ երեկոյան Էլենը (ՊՈԱԿ-ի աշխատակիցն է,-հեղ․) զանգել է, զգում եմ ձայնից, որ չի կարողանում խոսել, ասում է՝ գիտեք, ոնց որ թե ամբողջ մարմինն է, էլի ոնց որ թե․․․ Քննիչի հետ են գնացել, որ բերեն, հետո Արտյոմը (քննիչն է,-հեղ․) ասում է՝ իմ ավտոյով էի գնացել, դե ասում էին՝ մասունք․․․ Որ չբերեցին, ասացի՝ լավ չե՞ք, դե ավտո կանչեք, ծնողին էլ պատասխան կտաք, ես սրա տակ չեմ մտնի, դուք գրել եք մասունք, բերել եք ամբողջական մարմին, ես սրա պատասխանը չեմ կարող տալ»,- պատմում է մայրը։ Պարզվել է՝ 2020 թ․ նոյեմբերի 23-ին Ադրբեջանը 13 մարմին է փոխանակել, այդ թվում՝ Վահագնի մարմինը։ Այն Արցախից տեղափոխել են Կապան, որտեղ, ըստ ծնողների, դատաբժիշկը պատշաճ չի աշխատել, քանի որ ամբողջական մարմինը եւ անձին որոշակիորեն նույնականացնող դաջվածքը նկարելու փոխարեն կրծքավանդակի մի հատվածն է լուսանկարել, այն էլ՝ հագուստով։ Դրանից հետո Վահագնի մարմինն ուղարկել են Գորիս, որտեղ այն մնացել է 2 տարի։ Վահագնի դաջվածքից են նմուշ վերցրել, որով ԴՆԹ համընկնում չի եղել։ Ոտքից վերցված ԴՆԹ նմուշով, սակայն, ինքնությունը հաստատվել է։ 2022 թ․ սեպտեմբերին Վահագնի մարմինը տեղափոխել են Մեծամոր եւ դրանով սահմանափակվել։ «Հերացին ինֆորմացիան փոխանցում է քննչականին, գրում՝ մասունք, քննչականն էլ մտածում է՝ դե, հերթական մասունքն է, կարող է էլի լինի, ծնողներին քիչ–քիչ սթրեսի չենթարկենք։ Քանի որ քննիչը չունի բժշկական կրթություն, չի հասկացել, բայց դե, ում էլ ասես մասունք, կտոր է պատկերացնում։ Ասում են՝ եթե թաթն էլ չլինի, ամբողջ մարմինը գրվում է մասունք, բժշկական տեսանկյունից կարգը էդպես է։ Բայց լավ, փակագծում գոնե գրեք՝ ինչ մասունք Է՝ թեւ է, ոտք է, գլուխ է, մարմին է։ Ուզեիր մտածել, թե ոնց սթրեսի ենթարկեիր, երեւի չկարողանայիր այսպես սթրեսի ենթարկել»,– վրդովված ասում է հայրը։ Վաչիկ Խաչատրյանի համոզմամբ՝ խնդիրը սկսվել է Կապանից, սակայն դրանից հետո որ կառույցում էլ  եղել է որդու մարմինը, պատշաճ աշխատանք չի կատարվել․ «Իրերը գրպանում էին, հեռախոսը մոտն էր, մի հատ միացնեիք․․․ Թեւին մի ամբողջ նախադասություն էր, փոքր խաչ չէր ծալքերի մեջ, որ ասեինք՝ բոլորի մոտ կլինի, մի ամբողջ նախադասություն էր դաջված, էդ մի նախադասությունով ինչքան շուտ նրան կգտնեինք»,– ասում է նա։ Վահագնի թեւին դաջված էր Esse quam videri լատիներեն արտահայտությունը, որ թարգմանաբար նշանակում է «Լինել, այլ ոչ թվալ»․ «Որ եկավ, ասաց՝ ուզում եմ դաջվածք անել, հարցրի՝ հիմա դու կա՞ս, թե՞ քեզ թվում է, որ կաս։ Ասաց՝ պա՛պ, ես կամ, ասացի՝ դե ուրեմն գնա, արա, բայց պատասխանատու եղիր գրածիդ համար»,– հիշում է հայրը։ Որդու գրպանում հեռախոսի հետ նաեւ լիցքավորիչ է եղել, մկրատ, ծխախոտ, դատարկ նոթատետր, փամփուշտներ և համրիչներ (թզբեխ)։ Դրանք հիմա խնամքով շարված են տանը Վահագնին նվիրված անկյունում՝ նկարների կողքին։ «Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ» Այս տարվա մայիսի 11-ին Վահագնին Եռաբլուրում երկրորդ անգամ են հուղարկավորել․ «Մարմինը որ գտանք, էնքան շոկի մեջ էինք, մի ուրիշ ձեւի ապրումներ էին։ Մինչ էդ էլ նենց չէ, որ մեծ հույսեր ունեի, բայց էն որ ծանր դռներ կան է, որ դրմփում-փակվում են, այդ ձեւի զգացողություն էր, որ վերջնական այդ դուռը փակվեց։ Ավելի ծանր էր, գուցե այն ցավն էր, որ որդիս 2 տարի այդ վիճակում է մնացել»,– հուզվում է տիկին Ալինան։  «Եթե ես չզանգեի, ես ուղղակի զանգել եմ, եթե էդ ուղղակի զանգը չլիներ․․․ Սա հասարակ գողություն չէ, սպանություն չէ, սա դրանցից էն կողմ է, սա անփույթ աշխատանք է․ զոհված զինվորին ուղղակի դրել եք մի կողմ ու ոչ մի աշխատանք չեք արել, ոչ մի ջանք չեք գործադրել, որ գտնեք տիրոջը։ Տերն էլ ցավով տապակվում է, գտել է մի բան, ուրիշների նման երանի է տալիս, ասում՝ լավ է՝ գոնե էս էլ ունենք։ Վերջին հաշվով պատերազմում են զոհվել, կռվել են մինչեւ վերջին շունչը, ուրեմն՝ արժանի են, որ պատվով ճանապարհեք, ոչ թե թողնեք սառնարաններում, ասեք՝ գերի են, գալու են»,- ասում է նա։ Ալինա Գրիգորյանի համար ամենացավալին այն է, որ մեղավորները չեն պատժվում։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատարին քանի տարով էլ դատապարտեն, իրեն դա ոչինչ չի տա, բայց սպասում է, որ ամենախիստ ձեւով պատժեն՝ գոնե թե այն հույսով, որ դա դաս լինի մյուս հրամանատարներին․ «էս էրեխեքը մնացին անտեր, դրա համար տուն չեկան։ Եթե լիներ խելացի հրամանատար, թեկուզ այդ սարն էլ բարձրանային, ամեն ձեւի նահանջ էլ կանեին։ Մարդիկ կան՝ ասում են՝ հոկտեմբերի 25–ին դուրս ենք եկել Հադրութից, իրենք 25-ին կարողացան դուրս գալ, էրեխեքը հոկտեմբերի 10-ին մի հատ սարից չկարողացա՞ն նահանջ անել։ Որովհետեւ մենակ էին, ի՞նչ պիտի իմանային 2 ամսվա զինծառայողները»,- ասում է տիկին Ալինան։ Այսօր Արցախի կորուստը մայրն իր անձնական կորուստն է համարում․ «Եթե այն ժամանակ ես մտքերով մենակ Հադրութում էի փնտրում որդուս մարմինը, ասում՝ ոտքս Արցախ ընկնի, հիմա, երբ Արցախն էլ մերը չէ, ես կխելագարվեի, [եթե նրան գտած չլինեի]։ Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ, էլ ի՞նչ արժեք ունի այս մեդալը»,– ասում է Ալինա Գրիգորյանը՝ հայացքն ուղղելով որդու նկարին։    Միլենա Խաչիկյան
22:15 - 02 նոյեմբերի, 2023
«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ շտապօգնության մեքենան եկել է՝ վիրավորներին տանելու, սակայն Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, իր վերքը պոկելով, անձամբ է նստել մեքենան եւ հեռացել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ասաց Սուսաննա Համբարձումյանը, որը նույն գումարտակի՝ այդ ժամանակ ժամկետային զինծառայող Էրիկ Մարտիրոսյանի տատն է։  Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, սակայն հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։ Սուսաննա Համբարձումյանի թոռը՝ Էրիկ Մարտիրոսյանը, Վանք գյուղի տներից մեկում թաքնված, պատերազմի ավարտից հետո հայտնաբերված եւ սպանված զինծառայողներից է։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Համբարձումյանը, որ դատարան էր ներկայացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքից, Վահանյանին տեսնելով, հուզվեց․ – Ինչի՞ էս լավ մարդկանց մեջ հանդիպեցի, նրանց խաթր չեմ կարողանում քեզ արժանի բառեր գտնել,– արտասվելով ասաց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց հանգստացնել տուժողի իրավահաջորդին, բացատրել, որ դահլիճում գտնվող բոլոր ծնողներն էլ իրենց վիշտն ունեն․ – Մարդ կա՝ երկու որդի է կորցրել, պատկերացրեք՝ իր վիշտը ինչքան է։ – Ես էլ 6-ն եմ կորցրել,– ասաց Համբարձումյանը՝ նկատի ունենալով իր թոռանն ու նրա հետ շրջափակման մեջ զոհված 5 տղաներին։ Սուսաննա Համբարձումյանը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը Սուսաննա Համբարձումյանը պատմեց, որ իր թոռը Ջրական է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 20-ին, սակայն կարանտինով պայմանավորված՝ սկզբում Մարտունիում է եղել․ «Իմ էրեխեն սկզբում հեռախոս չուներ, զանգեց ուրիշի համարից, թե լավ է, կնքվեցինք, տատի՛ ջան, սաղ ասավ՝ գումարտակի հրամանատար, սերժանտներ․․․ Հրամանատարը՝ Վազգեն Վարդանյանը (վաշտի հրամանատարն է,–հեղ․), էն ինչ մի բարի անձնավորություն էր, որ մեռնեմ էլ, սրտումս դաջվածք կանեմ էդ անունը, իր հեռախոսով զանգեց, ինքն էլ խոսաց, ասաց՝ տա՛տ ջան, ան, թոռիդ հետ խոսի, ասաց՝ կորոնայի ժամանակ որ գաք, կպատժվեք․․․ Իրիկունն էլ զանգում էր, թոռնիկիդ հետ խոսի, էդ ինչ յուրահատուկ մատուցում էր անում, թոռանս անունը «Խելոք» էր դրել, ասում էր ՝ Խելո՛ք, արի՛, ասում էի՝ խի՞ ես Խելոք ասում, ասում էր՝ էնքան խելոք ա, Խելոք ջան եմ ասում, ասեցի՝ ես էլ քեզ ջան կասեմ, Վազգեն ջան»։ Համբարձումյանը հայտնեց՝ հոկտեմբեր ամսին, երբ իր թոռն արդեն Հադրութում է եղել, հոսպիտալում տեսակցել է Վարդանյանին․ «Ասաց՝ ինձ գտաք, Էրոյին գտե՞լ եք, ասեցի՝ Վազգեն ջան, որտե՞ղ գտնեմ, դու էիր մեզ միջնորդը, ասաց՝ երնեկ ման գաք, գտնեք Խելոքիս»։ Դահլիճում գտնվող այլ ծնողներ, սակայն, հայտնեցին, որ Վազգեն Վարդանյանը վիրավորում չի ստացել։ Նշենք, որ նա նահանջի ժամանակ զորքի մի մասի հետ ճիշտ ուղղությամբ գնացած եւ փրկված սպաներից է։ Դատաքննության սկզբում Վարդանյանը ներկայացել է դատարան եւ պատմել նահանջի եւ դրան նախորդած իրադարձությունների մասին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Համբարձումյանի խոսքով՝ ինքը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը, օրական 3-4 անգամ խոսել են․ «Որ հարցրի՝ ինչի՞ եք անտառներում քայքայված․․․ Որովհետեւ․․․ [Վահանյանը] իջել է ներքեւ, որ սկոռուն բերի, վիրավոր տանի, սկոռին եկել է, թե չէ, վերքը պոկել է, նստել, գնացել է․․․ Ադոյան Դավիթին պիտի էդ սկոռին տաներ, ինքն է նստել, փախել, իմ բալեն է ասել»։ Դրա պատճառով, ըստ տիկին Սուսաննայի, զորքը ընկել է շրջափակման մեջ։ Իր թոռն ու համածառայակիցները, չցանկանալով լքել իրենց վիրավոր ընկերոջը, ողջ ընթացքում նրան իրենց հետ տեղափոխել են, մինչեւ վերջին րոպեն կողքին եղել։ Համբարձումյանն էլ այդ օրերին հեռախոսով կապի մեջ է եղել․ «Միամիտ էրեխեք էին՝ 2-3 ամսվա զինծառայող, մի ամիս հույս էինք տալիս, լույս էինք տալիս, մթնեց․․․ Ամբողջ գիշեր ես հեռախոսակապով էդ էրեխի (նկատի ունի՝ Դավիթ Ադոյանին,–հեղ․) տնքոցը լսեի, չքնեի․․․» Այդ գիշերը, ըստ տիկին Սուսաննայի, Ադոյանի վերջին գիշերն է եղել (նրա մոր հարցաքննությունը՝ այստեղ), 5 ծառայակիցները նրան հուղարկավորել են, դրանից հետո իրենք են հայտնաբերվել թշնամու կողմից․ «Իմ էրեխեն ասավ՝ տատ, [կամ] 6-ս պիտի ապրենք, [կամ] 6-ս պիտի մեռնենք»,– թոռան խոսքերը հիշելով՝ հուզված պատմեց Համբարձումյանը։ Ըստ Արմեն Ագանեսյանի՝ նորակոչիկներին առաջնագիծ տանող բոլոր պատասխանատուներն էլ մեղավոր են Այսօր հարցաքննված մյուս վկան Արմեն Ագանեսյանն էր՝ զոհված Հայկ Ագանեսյանի հայրը։ Վերջինս չէր ճանաչում Իշխան Վահանյանին, կատարվածի մասին շատ տեղեկություններ չուներ․ «էրեխուն մի ամիս չկար՝ ուղարկել էինք, չկա էրեխեն, վերջ, ես էլ ի՞նչ պատմեմ, ի՞նչ ասեմ, ասում են՝ հրամանատարները լրիվ էրեխեքին առաջին գծում թողել են, իրենք փախել են, էդքան բան գիտեմ ես»,– ասաց նա։                                                   Ագանեսյանի որդին եւս Ջրականում է ծառայել, սակայն կարանտինով պայմանավորված՝ ծնողները նրան չեն կարողացել այցելել, հստակ չգիտեն էլ՝ զինվորական երդում տվել է թե չէ։ Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժողի իրավահաջորդ Արմեն Ագանեսյանը Պատերազմի մեկնարկից հետո որդու հետ հեռախոսակապի մեջ են եղել, թե մինչեւ երբ, հայրը դժվարացավ հիշել․ «Խոսացել ենք մի քանի անգամ․․․ Ջաբրայիլը որ գմփացրին, իմացանք ստեղից–էնտեղից, որ էրեխեքին տարել են Հադրութ՝ բունկեր․․․ Բայց ոչ մի բունկեր էլ չեն տարել, գիտեմ, որ ինչ–որ դպրոց են եղել, էնտեղից էլ հանել, տարել են դիրքեր․․․ Ինքը մեզ ասել է՝ բունկերում ենք, պապ ջան, արխային եղի, ի՞նչ բունկեր, առաջին գիծ են եղել, սաղ սուտ էր․․․ Սպաներից մեկը վիրավորվել է թե խփել են, ուրիշ սպա են բան արել էդ ժամանակ, դա էրեխեքին թողել, փախել է, գնացել, կորել են, մտել են մի տուն, տան մեջ մնացել, ես այլ մանրամասներ չգիտեմ»։ Կատարվածի համար հայրը բոլոր պատասխանատուներին է մեղավոր համարում․ «Սաղ թողել, փախել են, ով կա–չկա, սաղ էլ մեղավոր են, որ էդ էրեխեն ավտոմատ բռնել չգիտեր, բայց գնացել է պոստ, կրակել գիտե՞ր էդ էրեխեն, որ տարել են պոստ, բոլորը մեղավոր են, բոլորը՝ Փաշինյանից բռնած»,– ասաց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Սուսաննա Համբարձումյանը Միլենա Խաչիկյան
22:56 - 22 սեպտեմբերի, 2023
«Սպաների կողմից դավաճանություն էր»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

«Սպաների կողմից դավաճանություն էր»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ Էրիկ Գասպարյանն ու Արայիկ Գալստյանը։ Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Իշխան Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին Էրիկ Գասպարյանը միայն լսել է Էրիկ Գասպարյանը պատմեց, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 17-ին, պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող, որը կրակային պարապմունքներ գրեթե չէր անցել։ Սեպտեմբերի 27-ից Էրիկը եղել է Ջրականում, հոկտեմբերի սկզբներին՝ նահանջից հետո՝ տեղափոխվել նախ Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Խոսելով Խուռհատ սարում մարտական առաջադրանքի մասին՝ Էրիկն ասաց՝ սար բարձրանալու հրամանն իրենց փոխանցել է իրենց վաշտի հրամանատար, կապիտան Վազգեն Վարդանյանը, որը ողջ ընթացքում հիմնականում իրենց հետ է եղել (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․)։ Տուժողներ Էրիկ Գասպարյանը, Արայիկ Գալստյանը Իշխան Վահանյանին Էրիկը սարը բարձրանալիս է տեսել, դրանից հետո` մեկ էլ մի անգամ, երբ իջել են՝ սարի ներքեւից սնունդ վերցնելու․ «Հաց բերելիս ինքը մի քանի հոգու հետ կանգնած էր, ծառերով ծածուկ, ավելի հով տեղ էր, չեմ կարող ասել՝ թաքստոց էր թե զուտ հով էր, դրա համար էին էդտեղ նստել, համարյա սարի տակ էր, լանջերին, դրանից հետո իրեն չեմ տեսել, լիքը բաներ են խոսել իր հետ կապված, որ փախել է․․․ Ես դրանք չեմ տեսել, չեմ կարող ասել, իմ իմացածն էն է, որ ինքը էդտեղ էր, հետո էլ էդտեղ չէր, թե ոնց է գնացել, արդեն չգիտեմ»։ Վահանյանի ենթադրյալ վիրավորման մասին էլ Էրիկը ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է։ Տուժողի խոսքով՝ երբ բարձրացել են սարը, ինքը մի քանի նորակոչիկների հետ տեղակայվել է ձախակողմյան հատվածում․ «Մեր կողքը արդեն ձոր էր, մեր հետեւը՝ անտառ, ձախակողմյա հատվածում այլ ստորաբաժանում չի եղել, միայն կողքի թմբի վրա ինչ–որ խումբ կար, դա մի քիչ հեռու էր, ոնց որ մեր սարը ավարտվեր, դա սկսվեր, չէինք իմանում՝ ովքեր են, նույնիսկ մեր կապիտանը սնայպեր էր վերցրել, որ ստուգեր՝ մերոնցական են թե չէ, հետո, որ սկսեցին կրակել, հասկացանք, որ ադրբեջանցիք են»։ Մարտի ժամանակ Էրիկը ռադիոկապ չի տեսել, հրամանները կամ վաշտի հրամանատարից՝ Վազգենը Վարդանյանից է լսել, կամ զինվորներն են իրար փոխանցել․ «Երբ բոյը սկսեց, խուճապահար սաղ փախնում էին, մեկս մեկիս պահելով՝ իջնում էինք սարի տակ․․․ Իրենք արդեն անտառից էին մոտենում մեզ, սարով ֆռացել էին, անտառից էին մոտիկանում՝ թիկունքից, կարելի է ասել․․․ Իջնում ենք, սպասում՝ վաշտը հավաքվի՝ իրար հետ քայլենք, էդ ժամանակ Վազգեն եկավ, ասաց՝ եկեք արագ քայլենք, ո՞ւմ եք սպասում, խառնված էր մի քիչ, էդ եղել է առաջին անգամ, երբ ես իրեն տեսել եմ խառնված, ինքը միշտ եղել է, հա, էլի սթրեսի մեջ, բայց ավելի հանգիստ վիճակում»։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Էրիկի խոսքով՝ դրանից հետո բարձրացել են մեկ այլ սար՝ Զանգելանի ուղղությամբ, որտեղ 3-րդ գումարտակն է մարտի եղել, բարձրացել են դադարներով, քանի որ բարձր սար է եղել, իսկ իրենք՝ հոգնած, նստել են, հանգստացել, շարունակել ճանապարհը․ «Ասացին՝ սարի վերեւը 3-րդ գումարտակը  բոյ է տալիս, չենք իմանում՝ որ կողմը ինչ է, մի հելեք վերեւ, էնտեղ տեղ չկա թաքնվելու, մենք սարի ներքեւից սպասում էինք, հետո չգիտեմ, թե ով ասաց՝ հետ ենք իջնում, նույն ճանապարհով իջանք, մի հատ ստարշ կար մեր հետ, հետո իմացել եմ, որ Գյումրիից էր, անունն էլ՝ Արտյոմ (խոսքն այն կամավորական քեռու մասին է, որին հիշատակում են գրեթե բոլոր հարցաքննվողները,–հեղ․), ինքն ասաց՝ համբերեք, տեսնենք՝ քանի հոգի ենք, Հարութը (խոսքը սերժանտ Հարութ Ղարախանյանի մասին է, որը զոհվել է,–հեղ․) հաշվեց, 90 եւ ավելի էինք, ստարշը զանգեց Վահանյանին, ասաց՝ զորքդ՝ 100 հոգի նորեկ, էստեղ է, ի՞նչ ես կարողանում անել, նա էլ ասաց՝ չեմ կարող օգնել, ինչ ուզում եք, արեք, ես հոսպիտալում եմ»։ Դրանից հետո, ըստ Էրիկի, այդ կամավորական Արտյոմն իրենց ասել է՝ կա՛մ պիտի այդ 100 հոգով գնան դեպի Հադրութ՝ այնտեղ գտնվող հայերին օգնության, կա՛մ ով ինչ ուզում էր, պիտի աներ։ Զորքը ընտրել է միասին լինելը, ուստի սկսել են շարժվել Հադրութի ուղղությամբ։ Եվ քանի որ թշնամին արդեն այնտեղ է եղել, ճանապարհին նկատել է նրանց, մարտի բռնվել։ Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու այդ կամավորականը զոհվել են։ Թե կոնկրետ ով է եղել այդ կամավորականը, առ այսօր պարզված չէ։ Էրիկը մինչ օրս չգիտի՝ նահանջի ժամանակ բարձրացած սարը հետ իջնելու հրամանն ով է տվել Զորքի կիսվելու այս դրվագի վերաբերյալ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր տվեց տուժողին․ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը – Դու ունես վաշտի հրամանատար, որի հետ բարձրացել ես սարը․․․ – Իր հետ չենք բարձրացել, ինքը ուղղակի ասաց՝ բարձրացեք սենց, ու ինքը արագ–արագ քայլեց, որ  տեսնի՝ դիմացը ինչ է, մեզ ուղղղորդի, հետո արդեն թե ինքը որ մասում է եղել, ես չգիտեմ։ – Դուք ի վիճակի չե՞ք եղել հետեւել նրան։ – Ինքը ասում էր՝ մի հելեք էստեղ, ապասնի է, չգիտենք՝ 3-րդ գումարտակի կողքերը ինչ կա–ինչ չկա, դրա համար ասաց՝ սարի տակի վրա սպասեք, մենք էլ ահագին զորքով՝ 50 եւ ավելի, սպասում էինք։ – Եվ ճշտե՞ց։ – Հետո արդեն չգիտեմ՝ ինչ եղավ, զինվորները, մեզ փոխանցելով, ասացին՝ հետ իջեք։ – Իսկ հետագայում չե՞ս փորձել տեղեկանալ՝ ոնց եղավ, որ Վազգենը զորքի մի մասի հետ գնաց այդ ուղղությամբ, դուք՝ չէ։ – Դե, որ ասում են՝ հետ եք իջնում, ինձ թվում է՝ սպա կա, որ ասում է՝ էսինչ հրամանը կատարեք, զինվորներն էլ անում են, ես չէի ասի, թե ինչ–որ զինվոր ուղղակի կասեր՝ տղերք, եկեք իջնենք, ու բոլորով հետ իջնեինք․․․ Բայց մինչեւ հիմա էլ ես չեմ իմանանում՝ դա զինվո՞ր է որոշել, շուխուռ գցել, թե՞ ստարշն է ասել․․․ Զինվորներն ասում էին՝ վռոձի Վազգենն է ասել՝ հետ ենք գնում, բայց ես չգիտեմ էլ՝ ինքն է ասել թե ոչ, ինքը հելավ սարի վերեւը ու վերջ, ես իրեն էլ չեմ տեսել․․․  Հիմա որ նայում ենք ավելի սառը, եթե մենք էդ ճամփով փախել, հելել էինք, հետո խի՞ էինք նույն ձեւով հետ իջնում, միտք չկա էդտեղ, ուղղակի էդ ժամանակ խուճապահար ասում են՝ իջնում ենք, ուրեմն՝ ճիշտը էդ է․․․ Էս ամենը հասկանում ես, երբ գալիս ես, խաղաղ ժամանակ է, հանգստանում ես․․․ Հասկանում ես, թե ոնց է եղել, ճիշտը ոնց պիտի լիներ, ու խի տենց չի եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, Գայանե Հովակիմյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց՝ որոշ սպաներ ասում էին՝ այդ հատվածում հրետակոծություն է եղել, դրա համար իրենք չեն կարողացել հետ գալ սպասող անձնակազմի մոտ։ Էրիկը, սակայն, ասաց՝ ինքը նման բան չի տեսել, չի լսել։ Հարցին՝ հիմա, երբ ամեն ինչ ավարտվել է, ինքը կարո՞ղ է ասել՝ ցանկության կամ հրամանատարական նորմալ կազմի դեպքում հնարավոր էր արդյոք պաշտպանությունն ավելի ճիշտ կազմակերպել, նա դրական պատասխան տվեց։ Վերլուծելով կատարվածը՝ Էրիկն ասաց՝ ճիշտ ուղուց շեղվելու, Հադրութ շարժվելու եւ հակառակորդին բախվելու պատճառը եղել է նախեւառաջ սպաների ոչ ճիշտ հրամաններ տալը, հրամաններ չտալը ընդհանրապես եւ խուճապահար վիճակը։ Պատերազմում երկու որդիներին կորցրած Գեղամ Ղազարյանը խնդրեց հայտնել՝ ընդհանուր առմամբ կատարվածը ի՞նչ էր, իրենք ինչի՞ զոհ են ի վերջո․ «Ընդհանուր սպաների կողմից դավաճանություն էր, որ իրենք թողեցին, փախան առանց մեզ հրաման տալու կամ ինչ–որ բան ասելու, առավել եւս, եթե ստարշը ճիշտ է ասել, որ զանգել է Վահանյանին, նա ասել է՝ ինչ ուզում եք, արեք, էդտեղից սկսած՝ մենք կամբատ չենք ունեցել»։ Սխալ ուղղությամբ այդ նահանջի ժամանակ մարտի բռնվելով թշնամու հետ՝ անձնակազմն արդեն ցրվել է։ Էրիկի խոսքով՝ Վանք գյուղի տներում ի սկզբանե 21 հոգով են մնացել, հետագայում՝ բաժանվել 3 խմբի։ Ինքը 8-հոգանոց խմբում է եղել՝ սերժանտ Հարութ Ղարախանյանի գլխավորությամբ, պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 12-ին գերեվարվել է, 2021 թ․ հունիսին՝ վերադարձել հայրենիք։ Արայիկ Գալստյանի խոսքով՝ շրջափակման միջից իրենք զանգել են օգնության, սակայն ոչ ոք այդպես էլ չի եկել Հարցաքննված մյուս տուժողն Արայիկ Գալստյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 3 ամսվա զինծառայող։ Արայիկը դժվարացավ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, մեծամասամբ նշեց, որ չի հիշում։ Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին եւս նա ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է, որ վիրավորվել է, նստել մեքենան ու գնացել։ Արայիկը չգիտեր նաեւ, թե նահանջի հրամանն ով է տվել։  Արայիկ Գալստյանը Դատավարության մասնակիցները նրանից եւս փորձեցին տեղեկանալ, թե ինչպես է ստացել, որ զորքը կիսվել է․ – Կեսը վերեւ էին հելնում, կեսը ներքեւ, ես ներքեւ իջա։ –  Դա ո՞նց որոշվեց։ –  էդ չեմ հիշում, առանձնացան, ես էլ ներքեւ գնացի։ –  Իսկ որ իջնում էիր, գիտեի՞ր, թե որ ուղղությամբ ես գնում։ –  Չէ։ –  Գիտեի՞ր, որ էդ կողմը հակառակորդն է։ –  Չէ, ես տարածքին ծանոթ չեմ եղել։ –  Իսկ կամավորականը կամ Հովհաննես Մուրադյանը, ըստ քեզ, գիտեի՞ն։ –  Չեմ կարող ասել։ –  Դու ի վիճակի եղե՞լ ես լսելու, ընկալելու հրամանները։ –  Այո։ Հարցաքննության ավարտին իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց․ ծնողներին նյարդայնացրեց Վահանյանի՝ նրանց խոսքով արհամարհական հայացքը, նրանք սկսեցին վիրավորել Վահանյանին՝ բղավելով, որ վերջինիս պատճառով ուռուցք են ձեռք բերել, գերեզմաններում գիշերել․․․ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հոկտեմբերի 10-ին Արայիկը վիրավորվել է, շրջափակման մեջ մնացած անձնակազմի հետ մնացել Վանք գյուղի տներում, հետագայում՝ գերեվարվել։ Նրա խոսքով՝ տանից զանգել են իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, վերջինս ասել է՝ սպասեք, կգանք, բայց ոչ ոք այդպես էլ չի եկել։ Գործով վկա Արսեն Ղուկասյանը  (նրա եղբայրը զոհվել է, եղբորորդին անհետ կորած է մինչ օրս) հայտարարությամբ հանդես եկավ՝ դատարանին տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստից հետո ինքը խոսել է Գարիկ Վարդերեսյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, տղաների շրջափակման մասին իմանալով, ի՞նչ է արել․ «Բա ես ամսի 11–ին գնացել եմ Թութակներ, տեսել եմ գեներալ Աղաբեկյան Արթուրին եւ Մանուկյան Դավիթին, որոնց տեղեկացրել եմ, որ անտառում ունեմ զինվորներ, որոնց օգնություն է պետք, էնտեղից իրեն ասել են՝ մենք հատուկ օպերացիա ենք պատրաստում, մեզ մի խանգարեք, լքեք տարածքը»,– ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ Վարդերեսյանը պատրաստ է կրկին դատարան ներկայանալ եւ հաստատել իր այս խոսքերը (Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ)։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 29-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:48 - 17 օգոստոսի, 2023
«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ, ավագ հրաձիգ Արթուր Հարությունյանն ու գնդացրորդ Կարեն Մանուկյանը։ Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ Հադրութում արդեն հակառակորդն է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել․ Արթուրն ու ծառայակից 5 ընկերները 70 օր թաքնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղի տներում եւ անտառներում եւ դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ հրաշքով փրկվել, իսկ Կարենը, որ Վանք գյուղի այլ տան մեջ է եղել, իր 4 զինծառայակիցների հետ նոյեմբերին գերեվարվել է, ամիսներ անց՝ վերադարձել հայրենիք: Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Ըստ Արթուր Հարությունյանի՝ Ջրականից Հադրութ նահանջի հրամանը Հայկազ Գրիգորյանը վերադասության հետ չի համաձայնեցրել Արթուր Հարությունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 6-ին, մինչ պատերազմը 2 անգամ է կրակայինի մասնակցել, ավելի շատ բան, ըստ իրեն, պատերազմի ընթացքում է սովորել։  Արթուրը պատմեց, որ պատերազմի առաջին իսկ օրից իրենք ներգրավված են եղել մարտական գործողությունների մեջ սկզբում Ջրականի, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութի տարածքում։ Խոսելով այդ, պայմանական ասած, առաջին նահանջի մասին՝ Արթուրը բացատրեց՝ իրենց վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը տեսել է, որ իրենց ահռելի զորք է մոտենում՝ ահռելի սպառազինությամբ, եւ կարծելով, որ իրենք չեն կարողանա դիմակայել՝ նահանջի հրաման է տվել․ – Այսինքն՝ անմիջապես հարձակում տեղի ունեցա՞վ թե՞ կարծեցիք, որ հնարավոր է՝ նման հարձակում լինի,–հարցրեց մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը։ – Երկրորդը,– պատասխանեց տուժողը։ – Իսկ վերադաս հրամանատարությունը տեղյա՞կ էր նահանջի մասին։ – Եթե ճիշտ եմ հիշում, փորձել էր ռացիայով կապ հաստատել, բայց չէր ստացվել ,– պատասխանեց տուժողը՝ մանրամասնելով, որ իրենցից առաջ՝ առաջին գծում, եղել են հայկական ստորաբաժանումներ, որոնք հենց կռվի մեջ են եղել թշնամու հետ, բայց ընթացքում հարվածներ նաեւ իրենց ուղղությամբ են եղել, ընդհուպ մինչեւ զոհ են ունեցել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ իրենք պատկերացում ունեի՞ն, որ իրենց դուրս գալով՝ ճեղքում է առաջանում, եւ դիրքերը բացվում են թշնամու առաջ, ինչին ի պատասխան՝ տուժողն ասաց՝ իրենց հրաման է տրվել, իրենք այն կատարել են։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը – Եթե ձեզնից առաջ գտնվող մեր ստորաբաժանումները դեռ չեն ոչնչացվել, ձեզ մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչու եք դուք նահանջում, – հետաքրքրվեց դատավոր Ջոն Հայրապետյանը։ – Հարց առաջացավ, – պատասխանեց տուժողը։  – Հայկազ Գրիգորյանը ինչի՞ց եզրակացրեց, որ դուք այդ դիրքը պետք է թողնեք։ – Ինձ թվում է՝ ավելի լավ է Հայկազ Գրիգորյանին նման հարցեր տաք, – պատասխանեց նա։ Նշենք, որ Հայկազ Գրիգորյանն արդեն իսկ հարցաքննվել է դատարանում եւ այս դրվագի մասին խոսելիս ասել է, որ շրջափակման մեջ են եղել, բայց թե ում հրամանով են նահանջել, չի կարողացել նշել։ Տուժողի խոսքով՝ Վահանյանն իրենց հավասար նահանջելիս է եղել, մեկ էլ հանկարծ ասել է, որ վիրավոր է ու սկսել կաղալ Դրանից հետո զորքը գնացել է Հադրութի զորամաս, հաջորդ օրը՝ դպրոց, որտեղ էլ Արթուրն առաջին անգամ տեսել է Վահանյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահանյանն այդ ժամանակ ոտքից վիրավոր է եղել, սակայն թե՛ Արթուրը, թե՛ նախկինում հարցաքննված բազում զինծառայողներ նրա քայլքի մեջ փոփոխություն, որեւէ վերք չեն նկատել․ «Որոշ ժամանակ դպրոցում մնալուց հետո ասացին, որ գնում ենք մարտական դիրքեր, մեր ստորաբաժանումը բաժանվեց մասերի, երկու մասով գնացինք, սարի վրա զուտ դիրքավորված սպասում էինք մարտական հրամանների, բայց երբ սկսեցին կրակոցներ, տարբեր ուղղություններով խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց», – պատմեց տուժողը՝ նշելով, որ դիրքավորվելու հրամանը Վահանյանն է տվել, այլ կոնկրետ հրամաններ չեն եղել։ Նա հիշեց՝ մինչեւ մարտը սկսվելը Վահանյանը սարի երկայնքով գնում–գալիս էր, սկսվելու պահին որտեղ է եղել՝ չի տեսել, մեկ էլ նահանջի ժամանակ է նրան հանդիպել։ Ձախից՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը – Ո՞ւմ հրամանով է նահանջը տրվել, – հարցրեց մեղադրողը։ – Եթե ճիշտ եմ հիշում, Վահանյանի, բայց վստահ չեմ։ – Իսկ կոնկրետ ասել է՝ ո՞ւր նահանջեք։ – Ավելի շուտ ցույց տալով․․․ Սկզբում մեր հետ էր քայլում, բայց հետո ասաց՝ վիրավոր եմ, չեմ կարող քայլել, եւ մեքենայով գնաց, ես էդ ժամանակ իրեն շատ մոտ էի, մոտավորապես 2 մետր, եւ հենց էդ ընթացքում ասաց, որ վիրավոր է։ – Իսկ այդ ընթացքում ձեր ուղղությամբ կրակ նկատե՞լ եք։ – Այո։ – Ի՞նչ տեսակի զենքից՝ հրաձգայի՞ն թե՞ հրետանային։ – Հրաձգային, – ասաց տուժողը՝ ենթադրելով, որ եթե իրենց ուղղությամբ հրետանային կրակ լիներ, հնարավոր չէր, որ Վահանյանը բեկորային վիրավորում ստանար, իսկ ինքը՝ ոչ։ – Ըստ քրեական գործի՝ Վահանյանի վիրավորումը բեկորային է, այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ այդ վիրավորումը կարող էր ստանալ այդ պայմաններում։ – Այն ընթացքում, որ ես իրեն մոտ էի, բացառում եմ, բայց դրանից առաջ եղել է թե ոչ, չեմ կարող ասել։ – Բայց ինքը ասաց, որ այդ պահի՞ն է վիրավորում ստացել։ – Ինքը ասաց՝ վիրավոր եմ, պետք է գնամ։ – Բայց մինչ այդ վիրավորման մասին որեւէ հայտարարություն չէ՞ր հնչել։ – Ոչ․․․ Կամ ես չեմ լսել։ – Այդ ընթացքում նրա մարմնի վրա որեւէ վիրավորում, արյան հետք նկատե՞լ եք։ – Քայլքի փոփոխություն նկատել եմ, կաղալ եմ նկատել,  բայց վիրավորում, արյուն ընդհանրապես չեմ նկատել ,– ասաց տուժողը՝ ընդգծելով, որ կաղալը սկսվել է վիրավոր լինելու հայտարարությունից հետո։ – Այսինքն՝ մինչ էդ ձեզ հետ հավասար նահանջում էր մոտ 2 մ հեռավորության վրա, հայտարարությունից հետո սկսեց կաղա՞լ։ – Այո, – պնդեց տուժողը։ – Եվ ի՞նչ գործողություն կատարեց։ – Ասաց՝ վիրավոր եմ–վիրավոր եմ, մեքենա նստեց, որը չեմ տեսել, մարդիկ շատ էին, ու նենց չի, որ իրեն էի հետեւում, եւ հիշում եմ, որ իր հետ այլ վիրավոր զինծառայող նստեց (ըստ տուժողի՝ Արտակ Արսենյանը,–հեղ․), ու գնացին, – պատասխանեց Հարությունյանը՝ հավելելով, որ կապի միջոցը կամ պարտականությունները այլ սպայի փոխանցելու դրվագ ինքը չի նկատել։ Տուժողը աբսուրդ որակեց սպաների խոսքերը, թե զինծառայողները հրամանները ընկալելուն ունակ չեն եղել Արթուր Հարությունյանի խոսքով՝ դրանից հետո շարունակել են նահանջել դեպի մեկ այլ սար, բայց ընթացքում բաժանվել են երկու մասի․ մի մասը արագ էր քայլում եւ հասցրեց անցնել սարի մյուս կողմ, իսկ իրենք կամավորական քեռու եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ մոտ 90 հոգով հետ մնացին։  Արթուրի հիշելով՝ հետ մնացած անձնակազմով նահանջելիս են եղել Հադրութից հարավ, բայց Հովհաննես Մուրադյանը հեռախոսակապով խոսել է ինչ–որ մեկի հետ, որը ասել է, որ նահանջեն դեպի Հադրութ, որովհետեւ այնտեղ զինվորներ կան, թեեւ չգիտեն՝ հայ թե ադրբեջանցի։ Այդ նահանջի ընթացքում էլ արդեն ադրբեջանցիները մոտեցել են իրենց, եւ հարձակում է սկսվել։  Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժող Արթուր Հարությունյանը Ինչպես հայտնի է, հարձակման ընթացքում նորակոչիկների անձնակազմի հետ մնացած միակ սպա Հովհաննես Մուրադյանը, նաեւ՝ այդ կամավորական քեռին, զոհվել են։ Դրանից հետո ողջ մնացած անձնակազմը՝ մոտ 21 հոգի, թաքնվել է գյուղի տներում, կապ հաստատել զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հետ․ «Ասաց՝ ինչ–որ ձեւ գտեք, դուրս եկեք, ասում էինք՝ վիրավորներ ունենք, ասում էր՝ ծանր է, հասկանում եմ, բայց ձեւ գտեք, այսինքն՝ չի ասել, որ մեր հետեւից գալու են կամ ճանապարհ ցույց չի տվել»,– հայտնեց Արթուրը։ Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը խնդրեց արձանագրել, որ Քարամյանը, փաստորեն, իրենց խաբել է՝ ասելով, թե տղաներին ճանապարհ է ցույց տվել։ Նշենք, որ այս դրվագի շուրջ հարցաքննվելիս Արթուր Քարամյանը դատարանում հայտնել է, որ մեկ անգամ խոսել է շրջափակման մեջ գտնվող զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Դրանից հետո, ըստ Քարամյանի ցուցմունքի, տղաների մասին տեղեկացրել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողին տեղեկացրեց, որ հրամանատարական կազմը նշել է, թե զորքը գտնվել է այնպիսի խուճապային վիճակում, որ արդյունավետ չէր հրամաններ տալը, որովհետեւ, մեկ է, ի վիճակի չէին ընկալելու․ «Իմ համար դա ուղղակի աբսուրդ է, նույնիսկ եթե էդպես է, հրամանատարները պատասխանատու են զորքի համար եւ պարտավոր են մինչեւ վերջին պահը կազմակերպել այնպես, որ զորքը չմնա առանց սպայի եւ չզոհվի»,– ասաց Հարությունյանը։ Կարեն Մանուկյանի տեղեկություններով՝ Վահանյանն անձամբ է ինքն իրեն վիրավորել Հարցաքննված մյուս տուժողը՝ Կարեն Մանուկյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հունիսի 14-ին, նույն հետագիծն է անցել․ սկզբում եղել է Ջրականում, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութում։ Մանուկյանը, սակայն, Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտում չի եղել, այլ Վահագ Բարսեղյանի, եւ Գրիգորյանենց հետ չի նահանջել։ Ավելին, նա կարծիք հայտնեց, որ հենց այդ առաջին նահանջի հետեւանքով է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իրենք թշնամու հետ մարտի են բռնվել, թեեւ իրենցից առաջ դեռ յուրային ստորաբաժանումներ են եղել․ ենթադրեց՝ այդ հատվածն է բացվել, թշնամին ներթափանցել է։ Իրենց վաշտի հրամանատարն էլ, ըստ տուժողի, լիարժեք չի տիրապետել տեղանքին․ «Վաշտիս հրամանատարը եղել է Բարսեղյան Վահագը, բայց պատերազմի ընթացքում, որպես էդպիսին, ենթարկվել եմ Սեւան Ղազարյանի հրամաններին, նենց չի, որ Վահագը հրաման տար, չէի անելու, ուղղակի ես իրեն չէի ճանաչում որպես նորմալ սպա, տենց դեպքեր եղել են․․․ Հոկտեմբերի 5–ին անձրեւոտ իրիկուն էր, զորքը նահանջ էր տվել, մենք մնացել էինք շրջափակման մեջ, Վահագը տարածքին ծանոթ չէր, մենք ենք տրամաբանորեն գտել դեպի «9–րդ կմ» գնացող ճանապարհը, էն ճանապարհով, որով մեզ սնունդ է եկել, գնացել ենք, հասել մեր զորքին»։ Կարեն Մանուկյանը Մանուկյանը եւս Վահանյանին Հադրութի դպրոցում է հանդիպել, քայլքի փոփոխություն չի նկատել։ Նրա խոսքով՝ դպրոցում զինծառայողների եւ սպաների միջեւ վիճաբանություն է եղել, զինծառայողները համապատասխան սպառազինություն են պահանջել․ «Հադրութը, ուր պիտի բարձրանայինք, անտառային տարածք էր, իսկ մեզ մոտ համապատասխան սպառազինություն չկար, էդ պահին Բադալյան Մանուկին եմ հիշում, Վահանյանին, Գարիկին (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանն է), ասում էին՝ կլինի, ոչինչ, բարձրանանք, կերեւա, իսկ մենք ուզում էին՝ զենքը լիներ, նոր բարձրանայինք, ոչ թե բարձրանայինք, սպասեինք»։ Ի վերջո, ըստ տուժողի, առանց համապատասխան զենքերի են բարձրացել, միայն հագուստն են փոխել։ Խոսելով արդեն Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձություններից՝ տուժողը ասաց՝ անձամբ չի տեսել, բայց լսել է Վահանյանի փախուստի մասին․ «Պատերազմը սկսելու օրվանից Իշխան Վահանյանի գործողություններին ծանոթ չեմ եղել, կոնկրետ տեսել եմ Հադրութում էն ժամանակ, երբ բարձրացել ենք սարը, դիրքավորվել ենք, դրանից հետո ուղղակի լսել եմ, որ ինքը իրեն ոտքից անձամբ վիրավորել է ու փախուստի դիմել»։ Տուժողը նաեւ տրամաբանական չհամարեց այդտեղ բեկորային վիրավորում ստանալը։ Նաեւ նշեց՝ հրամանները իրար փոխանցելով էին ստանում։ Թե ենթադրյալ փախուստից հետո ինչպես է զորքը կիսվել, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել․ «Չեմ կարող կոնկրետ ասել, խառնաշփոթ էր տեղի ունենում, որովհետեւ հակառակորդը խաչաձեւ կրակ էր բաց թողնում, տարբեր ուղղություններից կրակում էր, ու ստորաբաժանումը չէր հասկանում՝ ով որտեղից ոնց արժե նահանջ տալ, ու դրա պատճառով տարբեր ուղղությամբ են նահանջել, տարբեր տղերքի բախտ տարբեր ձեւ է եղել»,– ասաց Կարենը՝ հավելելով, որ ինքն իրենից կախված ամեն ինչ արել է․ «Ֆիզիկապես ունակ եղել եմ, բարոյահոգեբանորեն՝ առավել եւս»։ Ըստ նրա՝ Հադրութ գնալու խորհուրդը տվել է այլ ստորաբաժանման մի ծառայող, որի հետ բջջայինով են կապ հաստատել։ Կարենը շրջափակման մեջ մնացած 21 հոգու կազմում է եղել․ «Սկզբում տան մեջ 20–ից ավելի էինք, բայց մնացածը, որ վիրավորում չունեին, ասացինք՝ գնացեք, հրամանատարներին ասեք, որ մենք էստեղ ենք, մնացինք 9 հոգով․․․ Հետո մենք էլ անձամբ զանգեցինք Գարիկին, ինքն էլ ասաց՝ մի երկու ժամից էդտեղ կլինեմ, տեղներդ չփոխեք, բայց տենց էլ չեկավ․․․ Պիտի Վահանյան Իշխանը տեղում լիներ, որ բանը չհասներ նրան, որ մենք շրջափակման մեջ ընկնեինք», – ասաց նա՝ հավելելով, որ կատարվածը դավաճանություն է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:55 - 11 օգոստոսի, 2023
«Մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում»․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննությունը

«Մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում»․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննությունը

«Շրջափակման մեջ գտնվելու ժամանակ մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում, ես, որ այսօր ողջ եմ, Աստծո ձեռքի գործն է»։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Նարեկ Սիրունյանի խոսքերն են։ Նարեկը մեկն է գումարտակի այն զինծառայողներից, որոնց հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Նարեկը 6 զինծառայողների հետ միասին (որոնցից վիրավոր 2-ը այդ ընթացքում զոհվել են) 44 օր շարունակ թաքնվել է Վանք գյուղի տներից մեկում, պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 21-ին, հայտնաբերվել ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ գերեվարվել։ 8 ամիս անց՝ 2021 թ․ ամռանը, Նարեկը վերադարձվել է հայրենիք։ Ավելի քան մեկ տարի է՝ դատարանում քննվում է Խուռհատ սարի վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակում մեղադրյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Նարեկ Սիրունյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 31-ին, երեկ ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու։ Ըստ տուժողի՝ պատերազմի ժամանակ իրենց մեկ գիշեր թողել են բաց երկնքի տակ մեքենաների մեջ Նախքան Խուռհատ սարի իրադարձությունները ներկայացնելը տուժողը պատմեց, որ սկզբնապես մարտական գործողությունների մասնակցել է Ջրականի տարածքում, ներկայացրեց դրա վերաբերյալ որոշ դրվագներ․ «Հոկտեմբերի 5-ի կամ 6-ի մոտակայքում՝ երեկոյան կողմ, անձրեւոտ եղանակ էր, դրանից առաջ լավ թրջվել էիք, համազգեստ բերեցին, տվեցին, դիրքավորվեցինք, դրանից հետո նահանջ հրաման եկավ դեպի «9–րդ կմ» կոչվող տարածք, որտեղից [խոստացվել է, որ] կտանեն ապահով տեղ, պատերազմը դադարում է, ամեն ինչ նորմալ է, դուք մալադոյ եք, ձեզ չեն տանում դիրքեր [եւ այլն, եւ այլն]»: Այդպես զորքը միատողան նահանջել է Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Լուսանկարում՝ Հրանտիկ Հարությունյանը Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ պրիսյագ ընդունե՞լ է, քանի՞ օրվա ծառայող է եղել այդ ժամանակ, ինչին դրական պատասխանելով՝ Նարեկն ասաց՝ 5 օրվա․ «Հարգելի՛ դատարան, խնդրում եմ արձանագրեք, որ հանցավոր ճանապարհով ստիպել են երդում ընդունել, թեկուզ իմ էրեխեն՝ 2 ամսվա ծառայող է եղել, հրամանատարն անձամբ ինձ է ասել՝ կրակել չի իմացել, առանց կրակելու տարել, երդում են տվել, որ մենք էսօր չկարողանանք ապացուցել, որ մեր էրեխեքին իրավունք չունեին տանել մարտի դաշտ»,– ասաց ծնողը։ Ոչ մինչեւ դպրոց հասնելը, ոչ էլ դպրոցում Նարեկը Իշխան Վահանյանին չի տեսել, չի ճանաչել։ Նրա՝ հոկտեմբերի սկզբի ենթադրյալ վիրավորման մասին ոչինչ չի լսել, բայց հետագայում քայլքի մեջ դա վկայող որեւէ բան չի էլ տեսել։ Հոկտեմբերի 9-ին արդեն զորքը նորանշանակ հրամանատար Վահանյանի գլխավորությամբ բարձրացել է Խուռհատ սար․ «Ասացին՝ նոր հրամանատար ունենք, ու պիտի շարժվենք էդ Վիշկա կոչված տեղը, երեկոյան բարձրացել, նստել ենք էդ զիլ–կամազ–ուրալները, զորքի կեսը շարժվել է, մենք մինչեւ լուսաբաց մնացել ենք դրանց մեջ, հետո մեզ իջեցրել են, ասել են՝ զենք, ով ինչ ունի պակաս, վերցրեք բարձրանում ենք, բարձրացել ենք, դիրքավորվել ենք ու էդ ժամանակ արդեն տեսել եմ իրեն»։ – Մեքենաների մե՞ջ եք մնացել,– վկայի խոսքից զարմացած՝ հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Զարմանքը պայմանավորված էր նրանով, որ մինչ այդ դպրոցի վրա արդեն արկ էր ընկել, ուստի ենթադրելի էր, որ տեղն այլեւս ապահով չէ։ – Հա, հենց մեքենաների մեջ։ – Հարգելի՛ դատարան, ես ձեր եւ մեղադրողի ուշադրությունն եմ հրավիրում, որովհետեւ այս փաստը հաղորդում է հանցագործության վերաբերյալ․․․ Էդքան կամիկաձե վերեւում․․․ Էդ զինվորներին նստեցրել ու մեքենաներով․․․ Ու հարուցված քրեական գործ չկա․․․ Հետեւությունները թողնում եմ ձեզ։ Կամավոր քեռին Նարեկ Սիրունյանին փոքր–ինչ տարօրինակ է թվացել Շարունակելով ցուցմունքը՝ Նարեկը պատմեց՝ սարում Վահանյանն է իրենց դիմավորել։ Անձամբ իրեն, որպես նռնականետի, դիրքավորել են ճանապարհի վրա, այսինքն՝ սարի վրա գտնվող զորքի ու ներքեւի հրամանատարական դիտակետի մեջտեղում։ Այդ օրը հակառակորդի շարժ է նկատվել, որը հարեւան ստորաբաժանումները ճնշել են, գիշերը անցել է հանգիստ։ Ներկա է եղել այն կամավոր քեռին, որի մասին բոլոր վկաները հիշատակում են՝ ասելով, որ նա, որպես տարեց մարդ, իրենց առաջնորդել է, ցուցում տվել  շարժվել Հադրութի ուղղությամբ․ «Մենք որ բարձրացել ենք, քեռին էդտեղ է եղել, ասում էր՝ ես կամավոր եմ, բոլորը փախել են, ես մնացել եմ զորքի հետ, հրամանատարներն էլ ասում էին՝ մենք որ էստեղ չլինենք, իրեն լսեք»։ Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը – Քեռու գործողությունների մեջ արտառոց բան նկատե՞լ եք,– հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։ – Իմ տպավորությամբ՝ ոնց որ գլխից մի քիչ վերցրած լիներ, թաթալաբազ լեննականցի էր, կարողա բաներ աներ, որ համազգեստ հագնողին հարիր չէին։ – Այսի՞նքն։ – Դե, գիշերը ճամփի մեջտեղ պառկել էր, ասում էր՝ ես սենց քնում եմ, ասում էի՝ գնա մեզնից հեռու, որովհետեւ խռռացնում էր․ գիշերվա մենակության մեջ էդ ձայնից  մարդ վեր է թռնում, երբ շուրջբոլորդ՝ մութ, նայում ես՝ մարդ չկա, դա ազդում է, անձամբ ես լսել, վախեցել եմ, ասել եմ՝ զարթնի կամ գնա ուրիշ տեղ քնի։ – Քեռու ներկայությունը զեկուցվե՞լ է,– հետաքրքրվեց փաստաբանը։ – Ո՞ւմ։ – Զորամիավորում է, անծանոթ մարդ, ում ներկայությունը, ոնց հասկանում եմ, հետագայում մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ գործողության վրա, հրամկազմից որեւէ մեկը չի՞ եկել, հարցներ՝ ո՞վ ես, մի գործողություն եղե՞լ է թե՞ չէ։ – Չի եղել, ավելին ասեմ, խոզեր կային էդտեղ, էդ հոպարը տղերքից մեկից սնայպեր վերցրեց, սկսեց կրակել։ – Առանց մարտի՞։ – Հա, առանց մարտի, եկել էին, որ լցվեին պոստ։ – Բա առանց հրաման կրակոցնե՞ր․․․ – Այ էդ հարցը կար էլի, ո՞նց է՝ ինքը կրակում է, մենք՝ չէ․․․ – Ես արդեն տրամաբանում եմ՝ ինչի էր կրակում, բա ձեր հրամկազմը, բա մեկը չէ՞ր գալիս, ասում՝ տեղանքն ես ցույց տալիս, զորքի դիրքավորումն ես ցույց տալիս,– հարցրեց Գրիգորյանը։ Ձեռքով թկթկացնելով սեղանին՝ տուժողը պատասխանեց․ – Էս էր, ձայն չկար, ոչ մի բան չի եղել։ Մարտական գործողությունների ընթացքում տուժողը մեղադրյալին որեւէ անգամ չի տեսել Հաջորդ օրն առավոտյան կռիվը սկսվել է․ «Առավոտյան սնունդ եկավ, հավաքվեցինք, որ ուտենք, էդ ընթացքում արդեն կրակոցներ սկսվեցին, ամեն մեկը իր զենքը վերցրեց, տեղավորվեց, ու արդեն վիրավոր, զոհ․․․ Էդ ժամանակ գումարտակի հրամանատարին չեմ տեսել, իմ կողքին են եղել Հովոն, Ղարիբյանը, Վարդանյանը (խոսքը սպաներ Հովհաննես Մուրադյանի, Արսեն Ղարիբյանի, Վազգեն Վարդանյանի մասին է,–հեղ․), հետո որ տակից էլ սկսեցին կրակել, Մուրադյանն ասաց՝ մերոնց կեսը անտառի մեջ է, չկրակեք, ու մի հատ պտույտ, արդեն մեզ էլ էին սկսում կրակել»։ Ողջ ընթացքում, ըստ Նարեկի, թշնամին միայն հրաձգային զինատեսակներ է կիրառել, հետեւաբար Վահանյանը, նրա խոսքով, չէր կարող այդտեղ բեկորային վնասվածք ստանալ։ Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Նարեկի խոսքով՝ իջնելիս ինքն ընկել է, ոտքը վնասել, Հովհաննես Մուրադյանի օգնությամբ վիրակապել են, շարունակել, մինչեւ դուրս են եկել ճանապարհի վրա, զորքն արդեն առաջ գնացած է եղել, փորձել են գնալ նրանց հետեւից, բայց շուտով կրակահերթ է սկսվել, նստել են ջրի ափին, փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում։ Այդպես մոտ 100 հոգով անջատվել են զորքից․ ով ի վիճակի էր, մյուս սպաների հետ արագ–արագ առաջ է անցել, ով վիրավոր էր, թույլ, Հովհաննես Մուրադյանի հետ է եղել։ – Չփորձեցի՞ն ձեզ սպասել։ – Ոչ մեկն էլ չի սպասել էդ իրավիճակում, մի հատ Մուրադյան Հովհաննես է եղել, որ առաջին օրից մինչեւ վերջին օրը կանգնել է մեր կողքին, ու եթե մի բան էլ չենք կողմնորոշվել, ձեռքներս բռնել է, ասել է՝ սա սենց պիտի արվի, ուրիշ մարդ ես չեմ տեսել, որ կանգներ մեր կողքին, ասեր՝ էս ուղղությամբ գնա կամ սենց արա։ Ըստ Նարեկ Սիրունյանի՝ իրենք տեղյակ էին, որ Հադրութը օղակի մեջ է Նարեկ Սիրունյանը հերքեց մինչ այս հնչած այն ցուցմունքները, թե պայմանավորվել են սպասել, մինչեւ սպաները բարձրանան հարակից սարի վրա գտնվող 3-րդ գումարտակի մոտ՝ նրանց միանալու հավանականությունը հասկանալու համար, ասաց՝ այդ հարցը քննարկվել է դեռ մարտի ընթացքում, բայց վերջնական որոշում, հրաման եթե լիներ, բոլորով գնացած կլինեին։ Մի շարք վկաներ այդ դրվագով են բացատրել զորքի մասնատումը՝ ասելով, որ 3-րդ գումարտակի մոտ գնացած անձնակազմը մնացել է վերեւում, մյուս մասը՝ ներքեւում, քանի որ թշնամին սկսել է թիրախավորել իրենց, առաջանալ այլեւս չեն կարողացել։ Նարեկը հերքեց նաեւ այն ցուցմունքները, թե դրանից հետո Հովհաննես Մուրադյանի եւ քեռու գլխավորությամբ որոշվել է գնալ գրավված Հադրութի ուղղությամբ․ «Երբ հավաքվեցինք, Հովոյին հարցրի՝ բա էս ո՞ւր են, ո՞ւր գնացին, ի՞նչ պիտի անենք, ասաց՝ պիտի կամաց դուրս գանք, բաժանվենք մասերի, խումբ–խումբ անցնենք․․․ Կապվել են Վահանյանի հետ, Հովոն թե հոպարը՝ կդժվարանամ ասել, էդտեղից հայհոյանքներ է լսվել, լսվել է, որ Վահանյանը չկա, զորքին թողել, թռել է, ո՞վ պիտի զորքին տիրություն անի․․․ Պատճառաբանությունը եղել է այն, որ ծանր վիրավոր է եղել, իրեն շուտ իջեցրել են։ Ու մեզ արդեն ասվել է, որ Հադրութը վերցված է օղակի մեջ, պիտի արանք գտնենք, էստեղից դուրս գանք»։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ըստ Նարեկի՝ Հովհաննես Մուրադյանն առաջարկել է Հադրութի տակով դուրս գալ։ – Չի՞ եղել խոսակցություն, որ պիտի գնաք Հադրութ՝ զորքին փրկելու։ – Զորքը հաստատ չէր մտնի Հադրութ բոյ տալու, որովհետեւ չի կարող 100 հոգին 1000-ի դեմ․․․ Ոնց որ քեզ գցեն առյուծների վանդակ, դա հնարավոր չէր։ – Ինչո՞վ կբացատրեք, որ մի քանի հոգի, այդ թվում՝ ձեզ հետ եղած անձինք, հայտնում են՝ քեռին ասել է՝ գնում ենք Հադրութ, որ օգնենք մեր տղաներին դուրս գալու։ – Հադրութում մնացած են եղել չակերտավոր կամավորականներ, որոնք ամսի 9–ին պիտի մեզ հետ բարձրանային դիրքեր, բայց չգիտես ոնց, չեն բարձրանում, հետո, չգիտես ոնց, անհետանում են, իրե՞նց պիտի օգնեինք։ – Չգիտեմ։ – Զորքից Հադրութում մարդ չի մնացել․․․ Ես կդժվարանամ բացատրել, եթե մի բան չգիտեմ, չգիտեմ, բայց եթե տենց հրաման լիներ, մեկը ես էդ հրամանը չէի կատարի, որովհետեւ էդ պահին, երբ մեզ պետք է էդ մարդիկ հանեին, գազի վրա կոֆե էին եփում, հաց էին ուտում, էս է եղել պատերազմը, այ սենց պատերազմ էինք տանում մենք,– ասաց տուժողը։ Լուսանկարում՝ տուժող Նարեկ Սիրունյանը Սիրունյանը հերքեց նաեւ սպաների այն խոսքերը, թե զորքը բարոյահոգեբանական այն վիճակում է եղել, որ ի վիճակի չի եղել հրաման կատարել․ «էդ նյութերը ով տվել է, իրենք ի վիճակի չեն եղել հրաման տալու, որ զորքն էլ դա կատարեր, երբ իրենք լինեին լավ հրամանատարներ․․․ Ես ինքս մի քանի անգամ կատարել եմ հրաման, որ ինձ տրվել է, եղել եմ ֆիզիկական լավ վիճակում, էդ ո՞նց եղավ, որ ես ի վիճակի էի, մնացածը՝ չէ, եթե լինեին ճիշտ, հստակ հրամաններ, բոլորն էլ ի վիճակի էին, բոլորն էլ եղել են հասուն մարդիկ, մանավանդ էդ 10 օրվա ընթացքում էնքան էին կոփվել, վիրավոր էլ է եղել, որ հրաման է կատարել․․․ Զորքին տալիս էին հրաման մի գիշերում երկու մետր խրամատ փորել, փորում էինք, առավոտյան նվեր էին տալիս թուրքին, մեզ տալիս էին նահանջ,– նկարագրեց նա։ Շրջափակման մեջ մնացած անձնակազմը դիտարկվել է հակառակորդի կողմից, հայկական համազգեստներով ադրբեջանցիներ են նրանց փորձել մոլորեցնել, մարտ է սկսվել, որի ժամանակ էլ Նարեկը 5 տեղից վիրավորվել է, գիտակցությունը կորցրել․ «Լացի, գոռոցի վրա եմ աչքերս բացել, արնաքամ լինելով՝ ջուր են տվել, կապել են, որ արյունը կանգնի, գցել են թեւերից, ընկել եմ ցած, գիտակցությունս էլի գնացել է, պառկեցրել են, ինչով հնարավոր է, փորձել են կապել, գիշերը եկել, ասել՝ մի բան կանենք, ձեզ չենք թողնի էստեղ, տարել են էդ տուն»,– պատմեց Նարեկը։ Նույն մարտի ժամանակ զոհվել է Հովհաննես Մուրադյանը․ «Ես մոշի թփի մեջ եմ ընկնում, ինձ ասում է՝ ի՞նչ եղավ, ու էդ պահին ինքն էլ է ընկնում, էդ հայացքը մինչեւ հիմա իմ աչքի առաջ է, ես էդ հայացքը չեմ կարող մոռանալ, իր խոսքերը չեմ կարող մոռանալ»։ Ըստ որոշ վկաների խոսքերի՝ կամավոր քեռին նույնպես այդտեղ զոհվել է։ Ըստ տուժողի ցուցմունքի՝ իրենց մասին տեղյակ են եղել, բայց օգնության այդպես էլ չեն եկել Տանը հեռախոս են գտել, փորձել կապ հաստատել պատկան մարմինների՝ ՊՆ–ի, ոստիկանության, 911-ի հետ, սակայն որեւէ տեղից չեն պատասխանել։ Նարեկը հոր հետ է խոսել, բացատրել իրենց տեղը, օգնություն խնդրել։ Դրանից հետո հայրը հնարավոր բոլոր դռները թակել է, բայց՝ ապարդյուն։ Թե հատկապես ինչ են նրան ասել, տուժողը դժվարացավ պատասխանել, ասաց՝ իրենց տանը մի թեմա կա, որ փակ է, ու դա պատերազմն է։ Նույն պահին զանգել են նաեւ իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին․ «Տեղանքն ենք բացատրել, բա մինչեւ 6-ը պրոբլեմ չկա, դուրս եք գալիս,  ժամը 6-ն ա, մարդ չկա, 10-11–ն ա, մարդ չկա, ուզում ենք զանգել, մարտկոցը նստում է․․․ 10 օր անցավ, 20 օր անցավ, 40 օր անցավ»։ Այդ ժամանակ թուրքերը արդեն սկսել էին գյուղի տները փորփրել։ 44-րդ օրը հասել են իրենց տանը․․․ – Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ ձեր հարակից տներում էլի հայեր կային։ – Իմացել ենք, որովհետեւ վիրավորներին աղմուկով բերեցին։ Նույնիսկ ուզել ենք միանալ նրանց, բայց որ էնտեղ դուռ–մուռ չի եղել․․․ – էդ օրը 31 հոգի դուրս է եկել, միացել Կիրովականի չաստին, 500 մ քայլել, հասել են, ալարել են էս տղերքին ասել,– վրդովված հայտնեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, որ Սիրունյանի 7-հոգանոց խմբի կազմում զոհված Նարեկ Ղազարյանի հայրն է։ Կազմից զոհված մյուս զինվորը Տիգրան Համբարձումյանն է։ Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ 5-ով են մնացել այդ տանը․ – Զորքը ո՞ւր է եղել։ – Զորքը գնացել էր՝ օգնություն բերելու, մեջները ղարաբաղցի կար, իբր պիտի ուղղորդեր տեղանքում, բայց արդյունքում ստացվեց այնպես, որ մենք մնացինք էդտեղ․․․ – Իսկ այդ տղերքին պատերազմից հետո չե՞ք հարցրել, գուցե  զանգել են օգնության, չեն եկել․․․ – Ես իրենցից ոչ մեկի հետ առնչություն չունեմ, նպատակ էլ չկա, որովհետեւ երբ պատասխանը լսես, կամ շատ  վատ ես զգալու, կամ նեղանալու ես, կամ վիրավորվելու ես․․․ – Էդ ամբողջից հետո ոնց էլ չլինի հանդիպած կլինեք ձեր մարտական ընկերներին, կա՞ ինֆորմացիա, որ կցանկանաք հայտնել դատարանին։ – Պարո՛ն դատավոր, ես որ եկել եմ, երկար ժամանակ հոսպիտալում եմ եղել, վիրահատություններ եմ տարել, լիքը մարդ եմ տեսել, երբ իրենք գլուխները թեքել են, ես ավելի շատ եմ թեքել, էսօր ես ներել եմ բոլորին, Աստված ասում է՝ ներիր մարդուն, որ դու էլ ներվես, ես ներել եմ, թող Աստված իրենց հետ լինի։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
11:04 - 22 հուլիսի, 2023
«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողները՝ մարտի ժամանակ Իշխան Վահանյանի մասին

«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողները՝ մարտի ժամանակ Իշխան Վահանյանի մասին

Դատարանում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Երեկվա նիստը նշանակվածից ավելի քան երկու ժամ անց սկսվեց։ Դատավոր Ջոն Հայրապետյանի աշխատակազմից մեկ ժամ հետաձգումից հետո տեղեկացրին, որ մեղադրյալ Վահանյանին դատարան բերելու հետ կապված տեխնիկական խնդիրներ են եղել, պատճառը ուղեկցողների մեքենայի անսարքությունն է։ Այս հանգամանքն, իհարկե, առաջացրեց զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը․ նրանցից ոմանք՝ դատարանի ներսում, իսկ մյուսներն էլ հունիսյան տապին դատարանի բակում հավաքված ժամերով սպասում էին նիստին։ Նրանց հետ էին նաեւ պատերազմի մասնակից այն տղաները, որոնք այս գործով տուժող են ճանաչվել եւ պետք է հարցաքննվեին։ Երեկ նիտին դատակոչվել էին վեց տուժողներ։ Նրանցից մեկը չէր ներկայացել, իսկ ոմանց դեռ նախորդ նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացվել։ Դատարանում տուժողներից մեկը բարձրաձայնեց, որ ինքը չի ստացել փոստային եղանակով իրեն առաքված ծանուցագիրը՝ դատարան ներկայանալու մասին, ու դատական նիստի օրվա մասին տեղեկացել է դատարանից ստացած զանգի միջոցով։   Դատական նիստին ներկա էին պատերազմի ժամանակ Վահանյանի հրամանատարության տակ գտնվող Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի զինծառայողներ Ալբերտ Գրիգորյանը, Էրիկ Խաչատրյանը, Արայիկ Գալստյանը, Նարեկ Սիրունյանը, Ռոբերտ Վարդանյանը։ Ջրականից նահանջի ժամանակ զինծառայողը սպայակազմից որեւէ մեկին չի տեսել Առաջինը հարցաքննվեց Ալբերտ Գրիգորյանը։ Նա բանակ է զորակչվել 2020թ․ հուլիսին, եղել է շարքային, ծառայել է Ջրականի զորամասում։ Գրիգորյանն ասաց, որ Վահանյանին ճանաչում է, նրանց հարաբերությունները միայն ծառայողական բնույթի են եղել։  Վերհիշելով պատերազմի օրերը, որոնցով ինքն անցել է, Գրիգորյանը նախ ասաց, որ Վահանյանը Խուռհատ սարքում իրենց հետ չի եղել, հետո արդեն սկսեց պատմել հերթականությամբ՝ պատերազմի սկզբից վերարտադրելով տարբեր դրվագներ։  Գրիգորյանն ու մյուս զինծառայողները պատերազմը սկսվելիս եղել են Ջրականում, այնտեղ տեղափոխվել են այլ մարտական դիրքեր, բայց քանի որ երկու ամսվա զինծառայող է եղել, տեղանքները լավ չի մտաբերում։ Վերջինս, որ հակատանկային դասակից է եղել, նշում է, որ չեն ունեցել վաշտի հրամանատար, դասակի հրամանատար, հիշում է, որ Իշխան Վահանյանը մինչեւ պատերազմը եղել է շտաբի պետ, վերադաս հրամանատարությունից դժվարությամբ մտաբերում է նաեւ այլ անուններ՝ Արտյոմ, Սամվել, Պողոսյան։ Ի սկզբանե՝ Խուռհատի դեպքերից առաջ, ինչպես պատմում է տուժողը, իրենք եղել են հրամանատարական դիտակետի մոտ, հետո տեղափոխվել են այլ վայր։ Իր տեղեկություններով՝ գումարտակի հրամանատարը զոհվել է դիտակետի մոտ, լսել է, որ նա հրթիռի պայթյունից է զոհվել։ Այդ տարածքում Իշխան Վահանյանին չի հանդիպել, ոչ էլ տեղեկություն է ունեցել նրա վիրավորվելու մասին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողից հետաքրքրվեց, թե ինչպես է եղել իրենց տեղափոխությունը Ջրականից, ինչպես է եղել նահանջը դեպի Հադրութ։ Գրիգորյանի հիշելով՝ նահանջի հրաման է եղել․ «Հրաման եղել ա, Գարիկն ա եղել մեր հետ [նկատի ունի գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին,-խմբ․], եղել ա Ղարիբյանը։ [․․․] Ջաբրայիլի պոստում ենք եղել, դրանից հետո եկան, ասեցին նահանջ ա՝ նահանջենք Հադրութ, ոտով դաշտով վազելով գնացել ենք, էդ ժամանակ բոյեր էր բլիժնի, հետեւներիցս խփում էին, վազելով էթում էինք։ Սաղ զորքը ոնց վազում էր, սաղ վազում էինք, ոչ մեկս տարածքին ծանոթ չենք եղել»,- պատմեց տուժողը, եւ, ի պատասխան մեղադրողի հարցին, նշեց, որ այդ պահին ինքը սպայակազմից որեւէ մեկին չի տեսել։ Ալբերտ Գրիգորյանի խոսքով՝ այդպես վազելով իրենք հասել են մի ինչ-որ տեղ, որը կոնկրետ չի հիշում, այնտեղ մեքենաներ են եկել՝ «Կամազ», այդտեղից մի ուրիշ տեղ են գնացել, մի գիշեր մնացել փակ այդ տեղում, իսկ լուսաբացին գնացել Հադրութի զորամաս, այնտեղ մնացել մի քանի ժամ, սնվել, այնուհետեւ գնացել են Հադրութի դպրոց, մնացել այնտեղ, հետո բարձրացել «Վիշկա» կոչվող հատվածի դիրքեր՝ Խուռհատ սար, որտեղ սկսել է մարտ ընթանալ։ Տուժողը հիշում է, որ Հադրութի զորամասում արդեն հանդիպել է Իշխան Վահանյանին, բայց չի նկատել, թե նրա վրա վիրակապ լինի կամ դժվարությամբ քայլի․ «Զենք-մենք էինք ստանում, էդ մի պահն եմ տեսել, դրանից հետո նենց չի, որ միշտ աչքիս առաջ ա եղել»,- նշեց հարցաքննվողը։ Նա հիշում է, որ դպրոցում իրենց հետ եղել է նաեւ Գարիկ Վարդերեսյանը։ Հետո, երբ հակառակորդը սկսել է հարվածներ տեղալ դպրոցի վրա, զորքն այդտեղից դուրս է եկել ու գնացել «Վիշկի» պոստ։  Գրիգորյանը հիշում է, որ իրենց հետ սերժանտ է եղել, Սերգո են ասել նրան։ Մեղադրողի ճշտող հարցին՝ ըստ էության այդ սերժա՞նտն է հանդիսացել վերադասը, Գրիգորյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ իրենց սարում պահել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը [գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ]։  - Ո՞ւմ հրամանով է զորքը բարձրացել «Վիշկա» կոչվող տեղանք,- հետաքրքրվեց Գեւորգ Ավետիսյանը։ - էդ ժամանակ, ինչքան հիշում եմ, Գարիկը արդեն պերեվոդ էր եղել, երեւի Իշխանն ա էլի արդեն եղել։ Ասել են՝ բարձրանում ենք, բարձրացել ենք, Գարիկին չեմ տեսել էդ ժամանակ, իմացել եմ, որ պերեվոդ ա եղել։ - Ի՞նչ հանձնարարություն են տվել։ - Բարձրացել ենք սարի վրա, վերեւի պոստը, դիրքավորվել, բոյ ա գնացել։ - Այսինքն անցել եք պաշտպանության։ - Այո։ Թե կոնկրետ որ հատվածում են իրենք դիրքավորվել, որտեղ են եղել հարեւան ստորաբաժանումները, ով է եղել իրենց հետ վերադաս հրամանատարությունից, Գրիգորյանը լավ չի մտաբերում։ Նա նկարագրեց, որ կոնկրետ այն հատվածը, որտեղ իրենց զորքն է եղել, սարի վրա է եղել, դրանից հետո փոս է եղել, հետո բաց դաշտ։ Նա չհիշեց, թե ովքեր են տեղակայված եղել կողային հատվածներում․ «Ընթացքում տեսել ենք [սպաների], եկել-գնացել են՝ տեսել ենք, հանդիպել ենք էդ ընթացքում, «Վիշկի» մասին ա խոսքը։ Արդեն բլիժնի բոյ էր սկսել, հրաման էր տված կրակեինք, անտառի նման տեղ էր մեր հետեւում, հետո հրաման տվին՝ մի կրակեք, մերոնք են, հետո հրաման տվին աջ կողմ կրակենք, իրանք էլ էին կրակում։ Վիրավոր ունեցանք, հետո վիրավորների էինք իջացնում ներքեւ, ավտո էր եկել, որ իրանց տանեին էլի»,- պատմեց Գրիգորյանը։ Նա, սակայն, չի հիշում, թե կոնկրետ ով է այդ հրամաններն արձակել։ «Ընդհանուր էին գոռում «նահանջ»»․ տուժողը չի մտաբերում՝ ով է Խուռհատից նահանջի հրաման արձակել Գրիգորյանը պատմում է, որ այդ տեղանքում փոխհրաձգությունն այնքան է շարունակվել, մինչեւ դարձյալ «նահանջ» հրահանգ է լսվել, ու բոլորով սկսել են հետ քաշվել։ Բայց թե ով է նահանջի հրամանը տվել, նորից անուններ չհնչեցին։ Տուժողը հիշում է, որ ընդհանուր էին գոռում, այն «հրամանը» փոխանցումներով էր հասնում մեկը մյուսին։ Ու այդպես սկսել են կրակելով հետ վազել՝ փորձելով օգնել նաեւ վիրավորներին։ Նրանցից մեկն էլ դատարանում Գրիգորյանի կողքին նստած Ռոբերտ Վարդանյանն է եղել, որի հարցաքննությունը եւս կներկայացնենք այս նյութում։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ո՞վ էր համակարգում այդ գործողությունները։ Գրիգորյանի խոսքով՝ որքանով ինքը տեղյակ է եղել՝ այդ ժամանակ տարածքում եղել է Իշխան Վահանյանը, բայց կոնկրետ իր կողքին չի տեսել։ Մինչեւ վիրավորներին մեքենաների մոտ հասցնելը՝ Գրիգորյանը սպաներից որեւէ մեկին չի տեսել։ Տուժողը հիշում է, որ իրենց հետ է եղել մի կամավոր քեռի, անունը՝ Արտյոմ, որի ցուցումներին իրենք հետեւել են։ Մասնավորապես, ինչպես հիշում է Գրիգորյանը, քեռին ասել է՝ բարձրանան սարը, իրենք բարձրացել են։ Այդ ժամանակ իրենց հետ է եղել սպաներից նաեւ Հովհաննես Մուրադյանը։ [Կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ]։ Տուժողի խոսքով՝ Մուրադյանն իր հեռախոսով կապ է հաստատել ու ճշտել, որ երրորդ վաշտն իրենցից ավելի վերեւ է։ Իրենք գնացել են այդ ուղղությամբ, հետո իրենց ասել են, որ բարձրանալ պետք չէ, պետք է հետ գնալ։ Հետ գալու ճանապարհին, ըստ տուժողի, հակառակորդը սկսել է բոլոր կողմերից կրակել, ու իրենք այդպես ընկել են շրջափակման մեջ։ «Սպասել ենք մի քիչ, Մուրադյան Հովոն էր ուզում էլի կապի դուրս գալ, մի քիչ առանձնացել ա, էդ պահը չգիտեմ՝ ուր ա գնացել, դրանից հետո չեմ տեսել, դրանից հետո մենակ էդ հոպարն ա եղել՝ Արտյոմը։ Դրանից հետո չեմ տեսել Հովոյին, Արտյոմը անտառի մեջ հետներս ա եղել, մութը ընկնում էր արդեն, մեր վերեւով ադրբեջանցիների զորքը գնում էր, մեր հրետանին կրակում էր, մենք լսում էինք, բայց իրանք մեզ անցնում էին, մենք մնացինք ըտեղ, որտեղ մնացել էինք, հարմար տեղ էր, չէինք երեւում։ Առաջ էին գնացել, էդ ձեները, բան, կտրվեց, արդեն լույսը ուզում էր բացվել, որոշեցինք անտառով էթանք, տենանք ուր ենք դուրս գալիս, դուրս ենք եկել, արդեն էդ գյուղ ենք մտել, Վանք գյուղն ա եղել։ Հլը չէինք հասել Վանք գյուղ, էլի վերեւից կրակում էին, թմբի վերեւից մեզ էին կրակում, գռանատը շպրտում էին մեր կողմ, դաժե հայերեն խոսում էին՝ «դուրս եկեք», մենք հասկանում էինք, էլի, որ կարան իրանցից լինեն, սպասում էինք, էդ պահին չէինք կրակում, որ չերեւանք՝ որտեղ ենք։ Որ գռանատը շպրտեցին, վիրավոր ունեցանք, ինձնից մի քիչ էս կողմ ա գռանատն ընկել։ Արտյոմը ասեց, ճամփա էր անտառից հետո, հետո նորից մտնում էր անտառ, ասեցինք վազենք էդ կողմ, որ կրակում էին, կտրենք անցնենք շոշը դեպի անտառի մյուս կողմը։ Զորքից մի քանի հոգի վազեց, էդ ընթացքում խփեցին, վիրավորներ ունեցանք, մահացան կեսը, կոնկրետ Արտյոմին էլ են ըտեղ խփել, մահացել ա։ Վազելով, վիրավորներին բռնած անցել ենք էդ հատվածը՝ դեպի անտառ, քցվել ենք անտառի մեջ, հետո տուն կար, տրակտոր, բան էր կանգնած, մտել ենք էդ տուն, վիրավորներին տնից ինչով կարացել ենք, պերեվյազկա ենք արել, օգնել ենք ու մնացել ենք ըտեղ»,- մանրամասն պատմեց Գրիգորյանը։  Այդ տնից փորձել են կապի դուրս գալ։ Բայց իրենց մոտ եղած կապի միջոցը չի աշխատել։ Կապ են ունեցել միայն հեռախոսով, բայց մարտկոցները նստած են եղել, չեն ունեցել լիցքավորման սարք։ Բայց, բարեբախտաբար, այդ տան բակում մարտկոց է եղել, տղաներից մեկը կարողացել է դրանով լիցքավորել հեռախոսը ու կապ հաստատել․ «Զանգել ենք, մեզ ասել են, որ տարածքը մերը չի, ու պետք ա սպասենք էնքան, մինչեւ օգնություն գա։ Մեր սերժանտն ա խոսացել, սերժանտներից, ասել են, որ սպասեք, մինչեւ տենանք՝ ինչ ա լինում, մնացել ենք մի քանի օր ըտեղ․․․»։ Վանք գյուղ գնալու գաղափարը կամավորական քեռիինն է եղել Գրիգորյանը նորից նշեց, որ դեպի Վանք գյուղ գնալու գաղափարը կամավորական այդ քեռի Արտյոմինն է եղել։ Մեղադրողի հարցին՝ Արտյոմը կամ սպաներից Հովհաննես Մուրադյանը հակառակորդից ի՞նչ տեղեկություն ունեին իր տպավորությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ, ըստ իրեն, Արտյոմը չի տիրապետել՝ որ կողմ կարող են գնալ։ Նա նշեց, որ եթե իմանային, որ Վանք գյուղում հակառակորդն է, ու շրջափակման մեջ են ընկնելու, այդ ուղղությամբ, բնականաբար, չէին գնա․ «Պետք ա լիներ նենց մարդ, որ ճիշտ հրաման տար, մենք էլ կատարեինք»,- ասաց տուժողը։ Նա նշեց, որ Արտյոմի ասածներին անսացել են, որովհետեւ մտածել են՝ տարիքով մարդ է, գուցե ինքն ավելի լավ իմանա։ Մեղադրողը պարբերաբար հարցերով փորձում էր հասկանալ՝ ի վերջո զորքին չէ՞ր հետաքրքրում՝ ուր են սպաները, չե՞ն փորձել ճշտել։ Գրիգորյանն արձագանքեց, որ այնքան խառը վիճակ էր, շրջափակման մեջ էին, որ անգամ եթե շատ ուզենային, չէին կարող իմանալ՝ ուր են։ Տուժողը չհիշեց նաեւ, որ կապի դուրս եկած լինեն Իշխան Վահանյանի հետ, կամ որ կամավորական քեռին զանգած լինի նրան․ «Ես ըտեղ չեմ եղել, հետագայում էլ չեմ իմացել, մենակ էն ենք իմացել, որ պետք ա ստեղ լիներ [Վահանյանը] ու ստեղ չի»,- ասաց տուժողը՝ նշելով, որ պատերազմից վերադառնալուց հետո է իմացել, որ Վահանյանը լքել է մարտի դաշտը․ «Փախել ա, էլի, որ ըտեղ լիներ, ճիշտ հրաման տար, մենք էլ կանեինք, չէինք հայտնվի էդ վիճակում, չէինք ունենա էդքան զոհ․․․ Ու էլի հաստատ լավ կլիներ»։ «Վիշկայի» մոտ, ինչպես հիշում է տուժողը, հակառակորդը սկզբում հրետանիով է կրակել, իրենք նկատել են նաեւ ադրբեջանական տանկեր։ Բայց իրենց վիրավորումները հրազենային են եղել։ Մեղադրողի հարցին՝ նահանջի ժամանակ հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, տուժողը նշեց, որ այդ պահին ավտոմատների կրակ էր․ «Դաժե տեսնում էինք, որ պուլեքը կպնում էին գետնին»։ Այդուհանդերձ, Գրիգորյանը նշում է, որ եթե իրենք նորմալ հրամաններ ստանային, ապա ունակ էին դրանք կատարելու։ Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն իր հարցերը սկսեց ժամանակագրական հակառակ հաջորդականությամբ՝ Խուռհատից մինչեւ պատերազմի սկիզբ։ Անդրադառնալով նախորդիվ հարցաքննված անձանց ցուցմունքներին, հետաքրքրվեց՝ նահանջի ժամանակ եղե՞լ է դեպք, որ հրամանատարներ Հովհաննես Մուրադյանը, Հայկազ Գրիգորյանը, Վազգեն Վարդանյանը նահանջող զորքը հավաքեն մի տեղ, ապա քննարկեն իրենց անելիքները։ - Ցուցմունք ունենք, որ քննարկում ա եղել, Հայկազ Գրիգորյանը զինվորների հետ չորս սպաներով բարձրացել են դեպի երրորդ գումարտակի ուղղությամբ, Հովիկ Մուրադյանը ձեր մյուս տղաներով մնացել եք տեղում, սպասել, որ ճշտեն՝ վերեւում ոնց են առաջ գնալու, եղել ա հրետանու կրակ, եւ չեն կարողացել միավորվել։ - Հրետանու կրակ եղել ա, բայց կոնկրետ․․․ - Էդ նահանջի ժամանակ, նահանջից հետո․․․ արդեն Խուռհատ սարից իջել եք։ Սպաները ցուցմունք են տալիս, ասում են, որ իջել ենք, Հովիկ Մուրադյանը տղաներով մեր հետ ա եղել, իջել ենք մի հատված, որտեղ նստել են, քննարկել իրենց անելիքները։ Չորս սպաները՝ Հայկազ Գրիգորյանի գլխավորությամբ, առաջ են գնացել դեպի երրորդ գումարտակի ուղղությամբ, Հովիկը Մուրադյան մնացել ա էդտեղ։ -  Հայկազ Գրիգորյանի բարձրանալը ես չեմ հիշում, կարող ա առաջ են ընկել, չեմ տեսել։ Քննարկելը չեմ տեսել։ - Հնարավո՞ր էր մի բան կատարվեր էդտեղ՝ կես ժամ, մի ժամ, տասնհինգ րոպե [Գուրգեն Գրիգորյանը նկատի ունի քննարկում,- խմբ․], դուք չտեսնեիք։ - Կտենայինք հաստատ։ Կոնկրետ հավաքված ես չեմ տեսել։ - Իսկ առաջխաղացման մասին ասացիք՝ չեք իմանում, հա՞՝ Հայկազ Գրիգորյանի գլխավորությամբ սպաները որ ուղղությամբ են շարժվել։ - Չէ, չեմ իմացել։ - Իսկ խոսակցություն տղաների մեջ, որ նման բան ա եղել։ - Չէ, էդ պահին ես մենակ որ հիշում եմ՝ իմացել եմ, որ երրորդ վաշտը վերեւում ա եղել, բայց հետո, որ Հովիկն ուզեցել ա կապ հաստատի․․․ - Վերեւում՝ որտե՞ղ։ - Սարի [խոսքը Խուռհատին հարակից այլ սարի մասին է,-խմբ․] ավելի բարձր տեղում, մեզանից լավ առաջ են եղել։ - Այսինքն՝ դուք իրենց ընդհանրապես մոտ չեք գնացել։ - Չէ, երրորդ վաշտի մոտ մենք չենք հասել։ - Չեք հասել։ - Չէ․․․ Իսկ թե ինչու են սպաները նմանատիպ ցուցմունք տվել, Գրիգորյանը չկարողացավ ասել․  - Ինչ իմանամ․․․ - Դա էլ ա պատասխան,- արձանագրեց տուժողների ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է Խուռհատ սարի վրա տեղակայվելուն, տուժողը պատմեց, որ սարի վրա ոչ խրամատ է եղել, ոչ կահավորում, ոչ էլ խրամատ փորելու ու դիրքավորվելու հրաման են ստացել։ Եթե Վահանյանը հրաման տված լիներ, կարվե՞ր այդ հրամանը՝ հետաքրքրվեց Գուրգեն Գրիգորյանը, տուժողը հաստատական պատասխան տվեց։  Վերադառնալով կամավորական քեռու՝ իրենց զորքի հետ լինելու հանգամանքին, Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց տուժողից՝ արդյոք խոսակցություն եղե՞լ է, որ Հադրութի զորամասում տղաներ են մնացել, ու իրենք պիտի գնան նրանց ազատագրելու։ Տուժողը, սակայն, նման դրվագ չէր հիշում։ Թե քեռուն ով էր ճանաչում, որտեղից նրա հանդեպ այդ վստահությունը, տուժողը չկարողացավ ասել։ Ուրիշ կամավորականների Հադրութում, Խուռհատում չեն տեսել․ Գրիգորյանը հիշում է, որ սարը բարձրանալիս քեռին իրենց զորքի հետ է եղել։ Ոչ միայն չի տեսել, այլ նաեւ չի էլ լսել այդ տարածքում այլ կամավորականների մասին։ Բայց այդ պահին իրենց մոտ այդ հարցը չի առաջացել, որովհետեւ շատ խառը վիճակ է եղել։ - Ձեր հրամանատար Մուրադյան Հովիկը պրոֆեսիոնալ սպա ա,- ասաց Գուրգեն Գրիգորյանը,- պրոֆեսիոնալ սպան, սերժանտներ, զինվորներ վստահում են իրենց ճակատագիրը մարդու, որին չեն ճանաչում, այն էլ ոչ զինվորականի։ - Իսկ ո՞ւմ վստահեին։ Ջրականում ԱԹՍ-ն խոցել է զենք-զինամթերքով բեռնված մեքենան, զինվորները հասցրել են պատսպարվել Ալբերտ Գրիգորյանի հարցաքննությունը հասավ մինչեւ պատերազմի առաջին օրերը․ նա պատմեց, որ իրենց դասակն ունեցել է AK74 ինքնաձիգներ, հակատանկային զենք, որը առաջին օրերին բարձրացրել են Ջրականի դիրքեր, նույնիսկ կրակել են «Ֆագոտով»։ Տեղափոխվելիս զենքերը ու արկերը եղել են մեքենաների մեջ, երբ հասել են մի կոնկրետ տեղ, այդ ժամանակ արդեն իրենց ուղղությամբ հարվածներ են սկսվել, զինվորները թաքնվել են, իսկ զինամթերքով բեռնված մեքենան թիրախ է դարձել․ «Ծառ կար մի հատ, փչակի պես էր, մտել էինք մեջը, որ դռոնը գնա, նոր դուրս գանք։ Մեքենան էլ մի քիչ հեռու էր։ Էդ կամիկաձեն [ԱԹՍ,- խմբ․] ուղիղ խփեց մեքենային մեր, էդ սնարյադները բան սաղ մեջն ա եղել, ձենից դուրս ենք եկել, տեսել ենք․․․»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ այդ պահին այդտեղ զորքն է եղել, ու մի պահ Ղարիբյանն է եկել մի վիրավորի հետ, հետո այդ տեղանքից գնացել են։ Իսկ ո՞վ էր կազմակերպում հետնահանջը Ջրականից․ տուժողը դարձյալ կոնկրետ անուն չի նշում, հիշում է միայն, որ դարձյալ ընդհանուր բղավոցներ են եղել, բայց այդ ժամանակ գումարտակի հրամանատար է եղել Գարիկ Վարդերեսյանը․ «Պոստում ենք եղել, գոռացվել ա նահանջ, ընդհանուր ա գոռացվել, որ պետք ա նահանջել դեպի Հադրութ, զորքը ոնց վազել ա, սաղս հելել ենք, տենց վազելով գնացել ենք»։ Գուրգեն Գրիգորյանը հստակեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Ջաբրայիլից սկսյալ՝ զորքի կարգուկանոնը ճիշտ չի եղել։ Դատավոր Ջոն Հայրապետյանն առավել ուղիղ հարցրեց՝ հրամանատարների՞ց եք ստացել հրամանները, թե ինչ գոռոց ստացել եք, այդ ուղղությամբ գնացել եք։ Տուժողը նշեց, որ այդ պահին ինքը հրամանատար չի տեսել․ - Դասակ ունեք, չէ՞, պետք է ենթարկվեք դասակի հրամանատարին,- ասաց դատավորը։ - Կոնկրետ մեր դասակում եղել ա սերժանտ, դաժե մինչեւ կռիվը մենք դասակի հրամանատար չենք ունեցել, բայց նենց չի, որ էդ պահին սերժանտը մեր կողն ա եղել, կարող ա էն կողմ ա եղել։ Ջոն Հայրապետյանը զարմանք արտահայտեց նաեւ այն հանգամանքից, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած անձնակազմին որպես հրամանատարներ ողջ դատաքննության ընթացքում միայն մի քանի հոգու անուն է հնչում, այնինչ, նրա կարծիքով, տասնյակից ավելի սպաներ պետք է լինեին գումարտակի հետ։ Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գեղամը, հարցաքննության վերջում Գրիգորյանին հարց ուղղեց․  - Ձեր կարգավիճակում, որ հայտնվել եք, դժոխքով անցել, եկել եք տուն, ո՞ւմ եք մեղավոր ճանաչում էս ամեն ինչի մեջ։ - Բնականաբար հրամանատարին։ - Իշխան Վահանյանի՞ն նկատի ունեք,- ճշտեց դատավորը։ - Ինքն ա եղել մեր հրամանատարը։ - Այլ հրամանատարներ կա՞ն, որ դուք գտնում եք՝ իրենց պարտականությունները չեն կատարել ձեր ստորաբաժանման հետ կապված։ - Կոնկրետ ով որ պետք ա գլխավոր հրաման տար, էդ եղել ա Իշխանը, որին չենք տեսել։ Ավելի ցածր օղակից չեմ էլ տեսել։ «Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողը հիշում է՝ Վահանյանը մարտի ժամանակ թիկունքում էր Մյուս հարցաքննվողը Ռոբերտ Վարդանյանն էր, դարձյալ նույն շրջանում բանակ զորակոչված։ Իշխան Վահանյանին ճանաչում է, հարաբերությունները՝ ծառայողական։  Մեծավ մասամբ նա համաձայնում էր իր զինակցի պատմածների հետ․ առաջին օրվանից մինչեւ վերջ միասին են եղել։ Միայն թե նա հիշեց, որ հագուստի հետ էլ է խնդիր եղել․ մի քանի չափս փոքր հագուստ են տվել իրենց, իրենք էլ Հադրութում շորի խանութից համազգեստ են վերցրել, հետո, երբ Գարիկ Վարդերեսյանը ժողով անելիս է եղել, հրամանատարներից Մանուկ Բադալյանը այդ շորերից մի օրինակ վերցրել ու իրենց սպառնացել է, որ պատերազմը վերջանա, Ռազմական ոստիկանություն է դիմելու։ Վարդանյանն էլ է նշում, որ շատ անկազմակերպ վիճակ է եղել։ Նա պատմում է, որ գնացել են սար, հետո եղել է նահանջ, իջնելիս Վահանյանը հարցրել է՝ ո՞վ է ասել նահանջեն, ոչ մի նահանջ, ու իրենք մնացել են սարի լանջին, գիշերը լուսացրել այդտեղ․ «Վրա են տվել [հակառակորդը,-խմբ․], հետ ենք հելել էլի էդ սար։ Իմ տեսածով՝ Ղարիբյանն ա սաղ կազմակերպած արել, Ղարիբյանն էր հրամաններ տալիս, դիրքավորում»։  Մարտի ժամանակ նա այլեւս Վահանյանին չի տեսել, տեսել է ներքեւում՝ իրենց թիկունքում։ Ասում է՝ վերջինիս լայն ժպիտն է իր մոտ լավ տպավորվել․ «Ներքեւը ռացիայով բաներ էր խոսում։ Բայց լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․ Որ կողով գլուխը տրաքած զինվոր էին տանում․․․»։ Այս պահին զոհերի ծնողները վրդովվեցին ու վիրավորական բառեր հնչեցրին Վահանյանի հասցեին։ Նրան մի պահ դուրս հանեցին դահլիճից, մինչեւ իրավիճակը հանդարտվեր։  Վարդանյանը հիշեց, որ դպրոցից դուրս գալիս օդում անօդաչուներ կային, այդ ժամանակ իրենց հրահանգել են նստել մեքենաները ու գնալ, իբրեւ դրանից վտանգ չկար․ «Էդ էլ կարար անփութություն լիներ, զոհեր լինեին»,- ասաց տուժողը։ Սպաները, որոնք մարտ էին վարում, Վարդանյանի խոսքով՝ վերեւում էին՝ սարի վրա․ «Ղարիբյանն ա մեջս շատ տպավորվել, Մուրադյան Հովիկը, մեկ էլ հոպարը, էլի, Արտյոմը։ [Վահանյանը] «Վիշկայի» դեմերն էր, ճանապարհից 30-40մ դեպի «Վիշկա», մեր թիկունքում։ Մենք որ նահանջել ենք, էդ վախտ եմ ես իրան տեսել։ Նահանջել ենք, լավ չեմ հիշում, աղոտ եմ հիշում, հետո տեսա ձեռը դրել ա հետեւը, էթում էր նստեր «Ուազիկը», էդ «Ուազիկի» բագաժնիկում, տո լի հետեւը վիրավոր զինվոր կար, ինքն էլ նստեց, ու գնացել ա, բան չի ասել, գլորվելով էթում էր, լավ չէր քայլում ոնց որ»։ Տուժողը տեղեկություն չուներ՝ Վահանյանը հեռանալիս արդյոք իր պարտականությունները փոխանցել էր այլ անձի, թե ոչ։ - Կներեք, բայց մենք լուրջ չէինք վերաբերվում իրան, լուրջ չէինք ընդունում, որ փախներ՝  հուսալքվեինք,- ասաց տուժողը։ - Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր վերաբերմունքը,- հետաքրքրվեց մեղադրողը։ - Լավ սպան, ինձ չի թվում, զորքին կշարի, կհելնի կկանգնի դեմը, կասի՝ ես մասիվցի տղա եմ, լավ տղա եմ, սաղիդ հերերից լավ ավտո եմ քշում, սաղիդ հերերից շատ փող ունեմ։  Վահանյանն այս խոսքերի ժամանակ քմծիծաղ էր տալիս, ինչը դարձյալ վրդովեցրեց ծնողներին։  Վարդանյանը չէր տեսել Վահանյանի վիրավորվելու պահը։ Բայց, ասում է, չի էլ պատկերացնում, թե ոնց կարող էր բեկորային վնասվածք ստացած լինել, եթե այդ տարածքում հրթիռ չի ընկել, ոչ էլ ԱԹՍ է հարվածել։ Տուժողն ասաց, որ եթե Գարիկ Վարդերեսյանը լիներ, կկարողանար կարգավորել իրավիճակը։ Նա հիշում է, որ կապի միջոցի խնդիր կար, բայց չի մտաբերում՝ Վահանյանն իր մոտի միջոցը իր հետ տարել է, թե ոչ։ Վարդանյանն ասում է, որ վիրավորները սկսել էին դանդաղ քայլել։ Ինքը, կամավորական քեռին։ Հետո պատմում է՝ Հովհաննես Մուրադյանի հետ նստել են, որ կողմնորոշվեն՝ որ կողմ են գնում։ Ասում է՝ հեռախոսով կապ հաստատեցին 911, հետո Արսենի հետ, որը ԱԱԾ համար է տվել, զանգել են, զանգել են նաեւ Վարդերեսյան Գարիկին, ու եկել են այն եզրահանգման, որ պետք է իջնեն ներքեւ։ Իրեն ու վիրավորներին մյուսները քաշելով տարել են Հադրութի այն տունը, որտեղ մնացել են քառասունից ավելի օր։  Մեղադրողը հարց հնչեցրեց՝ ինչ հոգեվիճակում էին սարի վրա, կարո՞ղ էին կատարել հրամանները, եթե դրանք հնչեին։ Վարդանյանն ասում է, որ եղած հրամանները կատարում էին։  «Թուրքերը գերեզմանների կողմից են լցվել Հադրութ» Հրամանատարական կետի մոտ, հիշում է տուժողը, տեսել է մի քանի սպաների․ Վահագ Բաղդասարյանը՝ երկրորդ վաշտի կապիտանը, Վազգեն Վարդանյանը․․․։ Խուռհատից իջնելուց հետո տեսել է Ղարիբյանին, Վազգեն Վարդանյանին, Հայկազ Գրիգորյանին․ «Ղարիբյանը ահագին հետ ընկավ։ Սարի համարյա կեսը մեր հետ եղավ, հետո Արտյոմն էր ասեց՝ գնա տղերքի հետ եղի, թե ինչ, ինքը սկսեց արագ-արագ քայլելը, որ հասցնենք հելնենք։ Ղարիբյանը դաժե մի ձեռով ՊԿ-ն [գնդացիր] էր բռնում, մի ձեռով՝ իրա զենքը, կրակելով իջնում էր»։ Տեղանքում Վարդանյանն այլ սպաների էլ է նկատել, հիշում է․ «ԱԳՍ-ի Հովոն էր, մինամյոտի Ղարիբյանն էր, երկրորդ վաշտի Վահագն էր, մի հոգի էլ փոխգնդապետ, թե գնդապետ կար։ Բայց էդ մարդը, բոյը հենց սկսավ, մի կես ժամ չտեւեց, զոհվավ։ Էդ մարդը դիրքավորելով հելնում էր վերեւ՝ բոյ անելու, դիրքավորում էր՝ ոնց ճիշտ նստենք»։ Հետո մի այլ դրվագ էլ է պատմում տուժողը․ ասում է՝ իրենց առաջ տեսանելի հատվածում հակառակորդի մեքենաներ եկան, հետեւակն իջավ, ապա հայկական կողմից խոցեցին հակառակորդի մի տանկը, տեղանքում, նրա խոսքով, հայ պահեստազորայիններ կային, որոնք փախան․ «Թուրքեր բերին լցրին, հրաման չտվին, որ կրակենք։ Տանկ բերին կանգնացրին դեմներս, մենակ էդ տանկին խփին, տանկը տրաքավ, ու ֆսյո, երեք-չորս «Կամազ» թուրքի զորք բերին լցրին մեջներս։ Ներքեւից գերեզմաններ ա լինում, մեր առաջին վաշտն ա ոնց որ լինում, մեր առաջին վաշտը իջնում ա ներքեւ՝ էդ գերեզմանների մոտ, թուրքը վրա ա տալի, բոյ ա տալի, հետո արդեն ջոկում ա, որ չէ, չի կարում, հետ ա գալի։ Էդ գերեզմանների կողմից ա, ասում են, բացված, թուրքերը արդեն ըտեղից են լցվել Հադրութ։ Սաղ անտառների մեջ թուրք էր»։ Հրամանատարների մասին խոսելիս՝ տուժողն ասաց, որ հրամանատար երկու-երեք հոգի լիներ, թե չէ։ Ըստ նրա՝ իրենց առաջին հրամանատարը Գարիկ Վարդերեսյանն է եղել, որը, նրա պատմելով, Հադրութի դիրքերից մեկում զորքին նահանջ է տվել՝ տեսնելով մոտեցող հակառակորդին, ՊԿ-ով ու նռնակով մնացել է, ողջ գիշեր պահել պոստը։ Կամավորական քեռին առաջարկել է իջնել զորամաս, հանել այնտեղ մնացած տղաներին Վարդանյանը, ի տարբերություն իր զինակցի, հիշում էր, որ կամավորական քեռին առաջարկել է իջնել զորամաս, հանել այնտեղ մնացած տղաներին։ Նախ, Վարդանյանն ասում է, որ իրենց ասել են, թե բոլոր կամավորականները փախել են, մնացել է միայն Արտյոմը․ «Պետք ա իջնեինք չաստ, տղերք կային, հանեինք, բայց հետո հասկացանք, որ մենք չէինք կարում դուրս գայինք շրջափակումից, որ մի հատ էլ իջնեինք էդ չաստից տղերքին հանենք։ Մենք իրան որպես հրամանատար էինք ընդունում, հրաման էր տալիս, ընդունում էինք»։ Տուժողը պատմեց նաեւ, որ Մուրադյանն ու քեռին տարբեր զանգեր էին անում, բայց այլ մանրամասներ չմտաբերեց։ Ասում է՝ երբ ինքը վիրավորվել-ընկել է, իրեն սկսել են քաշել-հանել այդտեղից, ու ինքը ճանապարհին տեսել է նախ կամավորականի դիակը, մի քիչ այն կողմ՝ հրամանատար Մուրադյանի։ Ինչ վերաբերում է մյուս հրամանատարներին՝ Վարդանյանը հիշեց, որ Հայկազն իրենցից առաջ է ընկել, որ «գնա հասնի իր վաշտին»․ - Բա դո՞ւք,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։ - Մենք արդեն հոպարի հետ էինք, Մուրադյանի հետ էինք։ Մենք հետ ընկանք։ - Դուք էլ էիք իրա հրամանատարության տակ։ - Դե ասում էր արագ քայլեք, բայց որ չէինք կարում․․․ Հետո Հայկազենց այլեւս չեն հանդիպել։ Երբ հետ են ընկել, մի քանի անգամ կանգ են առել, հանգստացել։ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ ընթացքում եղե՞լ է հրետակոծություն, որ, այսպես ասած, կտրի իրենց ու առաջ ընկածների ճանապարհը, ու չկարողանան այլեւս միավորվել [նախկինում այդպիսի բան է հնչել դատարանում]։ Վարդանյանը չհիշեց նման դեպք։  Տուժողի զինակիցն էլ է հիշում՝ «Իշխան Վահանյանը կանգնած՝ խնդալով ռացիայով խոսում էր» Հարցաքննված մյուս տուժողը Էրիկ Խաչատարյանն էր։ Նա հայտնեց, որ ճանաչում է Վահանյանին, ծառայողական հարաբերություններ ունի։  Խաչատրյանը հենց սկզբից անդրադարձավ իր զինակից ընկեր Վարդանյանի հիշած այն դրվագին, երբ Վահանյանը այդ սարսափելի իրավիճակում ժպիտով է եղել․  «Սարից իջնելիս «Վիշկի» ժամանակ վիրավորներին իջացնելիս հասանք կետի, որ մեքենա կար, մոտ քսան վիրավոր տարավ, որ Հադրութում օգնություն ցույց տային։ Հասանք էդ կետին, որ Իշխան Վահանյանը կանգնած, խնդալով ռացիայով խոսում էր։ Մենակ էն եմ հիշում, որ ես ահավոր նեռվայնացած էի իրա արարքի վրա, որ խնդում էր էն ժամանակ, երբ զոհեր ունեինք ու ահավոր վիրավորներ, որ չէինք կարում դաժե վերեւից իջացնեինք։ Իսկ Ղարիբյանը վերեւը բոյ էր տալիս, որ կարանանք վիրավորներին իջացնենք սարից մոտավորապես 1 կմ ներքեւ։ Ինքը չէր կարա վիրավորում ստանար, որտեւ որտեղ որ կանգնած ա եղել, ըտեղ պատրոն չի հասել, վերեւն ա եղել կրակոցները։ Իրա գնալուց հետո ա ըտեղ սկսել կրակոցները։ Ինքը, ձեռը դրած հետեւը, վազում էր։ Նստավ «Վիլիսի» դեմը, հետեւից էլ երկու թե երեք հոգի վիրավոր ունեինք, նստցրեցին ու գնացին»,- պատմեց Խաչատրյանը։ Մեղադրողը հետաքրքրվեց՝ երբ «Վիշկայի» մոտ մարտը սկսվեց, ո՞վ էր ղեկավարում այդ գործողությունը։ Խաչատրյանը դժվարությամբ մտաբերեց, որ սկզբից գնդապետ էր կամ փոխգնդապետ, որը Վահանյանի հետ բարձրացավ վերեւ, տեղավորեցին, դիրքավորեցին, իջան ներքեւ, բայց այդ մյուս սպան նորից բարձրացավ վերեւ ու զոհվեց․ «Էդ ժամանակվանից հետո ես Վահանյանին չեմ տեսել, որ ինքը բարձրանա վերեւ, մեզ դիրքավորի, զենքերը տա, կամ պատրոններ․․․։ Պատրոն էինք ուզում, ասում էին՝ պետքա դիմանաք, վերջացել ա, ինչքան ունեք, էդքանով կրակեք․․․։ Մեկ էլ Ղարիբյանին եմ տեսել, որ ուղղություն տա՝ ուր կրակենք»։ Խաչատրյանը հստակեցրեց, որ Վահանյանին, երբ տեսել են ներքեւում, ոչ մի հրաման չի տվել, ոչ մի այլ գործողություն չի արել։ Նա կարծում է, որ եթե վիրավորված լիներ, չէր կարողանա այդպես քայլել։ Ինքը՝ Խաչատրյանը, վիրավորված է եղել գոտկային հատվածում, եւ, ասում է՝ մոտ մի ժամ չի կարողացել շարժվել, պառկած է եղել ծառերի տակ․ «Չի կարա վիրավորում ստանա ու հելնի վազի»։ Նա հիշում է, որ սերժանտները վիրավոր են եղել, եւ նրանց մեքենան տարել է։ Մյուսները՝ մոտ 100-200 հոգի, որոնք չէին կարողանում արագ քայլել, հետ են մնացել նահանջի ժամանակ, մնացել են Հովհաննես Մուրադյանի հետ, իսկ մյուս զորքը մյուս սպաների հետ գնացել է։ Հանրային մեղադրողը հիշեցրեց, որ Խաչատրյանը նախաքննության ընթացքում տված ցուցմունքում հիշատակել է կամավորականի ու Վահանյանի հեռախոսազանգի մասին։ Տուժողը հիշեց այդ խոսակցությունը՝ ասելով, որ կամավորականը զանգել է Վահանյանին, բարձրախոսով խոսել, հարցրել՝ ինչու է զորքը թողել, փախել, Վահանյանն անհասկանալի պատասխան է տվել, իսկ կամավորականը «ահավոր վատ բառեր» է ասել ու անջատել հեռախոսը։ Այլ կապի միջոցներ տուժողը չի նկատել։  Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին։ Լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հայարփի Բաղդասարյան
19:50 - 01 հուլիսի, 2023
Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

2020 թվականին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են սպաներ, որոնց վարքը՝ սկսած անգամ խոսքից, անմարդկային է եղել, որոշներն էլ իսկապես փորձել են իրենց օգնել։ Արսենը այն գումարտակի զինծառայողներից է, որին հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Արսենն ու ծառայակից 5 ընկերները, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերում, ի վերջո կարողացել են կապի դուրս գալ եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկվել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արսեն Այվազյանն այսօր հարցաքննվեց Խուռհատ սարի գործով, որի շրջանակում ամբաստանյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Արսեն Այվազյանի կարծիքով՝ Վահանյանն այն աստիճանի վիրավոր չի եղել, որ չկարողանար իրենց կողքին լինել։ Ըստ Արսեն Այվազյանի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու Ինչպես դատարանում հարցաքննված մի շարք այլ զինծառայողներ, Արսեն Այվազյանը եւս հայտնեց, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին մարտական տագնապ է հնչել, որից րոպեներ անց ասել են, թե պատահական է եղել։ Սակայն հաջորդ օրվանից սկսած նոր ժիլետներ, զենքեր են բերել, եւ ըստ Արսենի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու։ Արսեն Այվազյանը գումարտակի առանձին դասակի կազմից է եղել՝ Ռաֆայել Խալաֆյանի հրամանատարությամբ։ Վերջինիս վիրավորվելուց հետո դասակը սերժանտներն են ղեկավարել, նոր հրամանատար այդպես էլ չի նշանակվել։ Արսենը սկզբում Ջրականում է եղել, որտեղից նահանջից հետո տեղափոխվել է Հադրութ։ Իշխան Վահանյանին առաջին անգամ այնտեղ՝ Հադրութի դպրոցում է հանդիպել։ Ըստ նրա՝ քայլքի մեջ որեւէ փոփոխություն չի եղել, այսինքն՝ Վահանյանի՝ այդ փուլում ենթադրյալ վիրավորման մասին վկայող ոչինչ տուժողը չի տեսել։  Դպրոցում են եղել նաեւ մի շարք այլ հրամանատարներ, որոնք, ըստ տուժողի, իրենց փորձում էին ինչ–որ բաներ բացատրել, որոնք, սակայն, իր գնահատմամբ, որեւէ կերպ օգտակար չէին լինելու, օրինակ՝ ասում էին, որ տանկերի դիմաց ավտոմատով կրակեն։ Այդ ժամանակ է, որ տուժողը լսել է, թե ինչպես է գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը արդեն նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանին ասել՝ ով նահանջի, մեջքից կխփես․ «Գարիկ Վարդերեսյանը մինչեւ պատերազմը՝ հեռախոսով խոսելիս, ասել է նաեւ՝ բոլորը մեռնելու են, ինքը ողջ է մնալու, գնալու եք մեռնեք, տենց բան եմ հիշում, դա անմարդկային էր»,– պատմեց տուժողը (Վարդերեսյանի հարցաքննությունը՝ այստեղ)։ Հադրութի դպրոցը եւս հրետանու հարվածի տակ է ընկել․ նորակոչիկների գումարտակին ուղարկել են Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Թե ով է տվել այդ հրամանը, Արսենը հստակ չգիտեր․ ասաց՝ կամ Վարդերեսյանը, կամ Վահանյանը։ Սարում հարձակումից հետո տուժողը որեւէ հրահանգ չի լսել Արսեն Այվազյանի խոսքով՝ թեեւ սարում սպաներ եղել են, սակայն բուն մարտի պահին ինքը նրանցից ոչ մեկին չի տեսել, դիրքավորման մասին հրամանները զինվորներն իրար խոսքով են փոխանցել․ «Գիշերը հրետանու հարվածներ են եղել, առավոտյան արդեն անտառից լսեցինք կրակոցներ, ինչքանով հասկացա, երկու կողմից հարձակվեցին մեր վրա, այսինքն՝ ճակատային հատվածից եւ վերեւի սարից շրջափակեցին, ես մեջտեղի հատվածում էի, դիմացս անտառ էր, հենց անտառից էին կրակոցները՝ հրաձգային տեսակի զենքերից»։ Հարձակումից հետո, ըստ Արսենի, ինքը որեւէ հրահանգ չի լսել, անցել են պաշտպանության, բայց խուճապային իրավիճակ է եղել․ «Քանի որ բոլորս 2-3 ամսվա զինծառայողներ էինք, զինվորական փորձ չունեինք, բնականաբար, շատ դժվար էր, հստակ չգիտեինք՝ ինչ անել, որն է ճիշտ, որը՝ սխալ, ու խուճապը իրոք շատ էր, բայց եթե հրաման լիներ, դա կառավարելի կլիներ»։ Փոխհրաձգությունը, ըստ նրա, տեւել է մի քանի րոպե, որից հետո սկսել են վիրավորներին իջեցնել։ Այդ ժամանակ եւս հրամանատարական կետի մոտ ոչ մեկին տուժողը չի տեսել։ Առհասարակ, Իշխան Վահանյանի ենթադրյալ վիրավորման եւ փախուստի մասին նա միայն լսել էր, անձամբ չէր տեսել։ Հաշվի առնելով, որ ըստ բժշկական թղթերի՝ Վահանյանը սարում բեկորային վնասվածք է ստացել, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ սարում հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, եթե, ըստ տուժողի, հրաձգային զինատեսակներից էին կրակում։ Դա Այվազյանը քիչ հավանական համարեց՝ նշելով, որ խիտ անտառ էր, ծառերը կխոչընդոտեին։ Վիրավորներին իջեցնելուց հետո նա այլեւս հետ չի բարձրացել, որովհետեւ զորքն արդեն նահանջելիս է եղել։ Հավաքվել են, սկսել քայլել այն ճանապարհով, որով կամազները վիրավորներին են տարել․ «Մենք ճանապարհով իջնում էինք ներքեւ, հետո հրաման եկավ, որ էդտեղ վտանգավոր է, պետք է բարձրանանք Սարիշենի կողմ․ էնտեղ մերոնք են»։ Թե ով էր այդ հրամանը տվել, Արսենը չգիտեր։ Այդ ընթացքում է, որ զորքը բաժանվել է երկու մասի․ ըստ Արսենի՝ քանի որ անձրեւ էր եկել, բարձրանալը դժվար էր, ոտքերը սահում էին։ Այդպես հետ են ընկել զորքից, հայտնվել շրջափակման մեջ․ «Հովհաննես Մուրադյանը զանգեց Արսեն Ղարիբյանին, ասաց, որ շրջափակման մեջ ենք, նա էլ ասաց՝ եթե չեք հասցրել հասնել Սարիշեն, իջեք ներքեւ»։ Դրանից հետո Մուրադյանը, ըստ տուժողի, եւս մի զանգ է կատարել ԱԱԾ, հետաքրքրվել՝ արդյո՞ք Հադրութի զորամասում հայեր են, ինչին ի պատասխան՝ ստացել է տեղեկություն, որ հայկական համազգեստով են, բայց հայ թե ադրբեջանցի՝ պարզ չէ։ Մի կամավոր քեռի ասել է, թե հայեր են, որոնք շրջափակման մեջ են, ուստի որոշվել է գնալ նրանց օգնության։ Բայց ինչպես հայտնի է, Հադրութում այդ ժամանակ արդեն հակառակորդն է եղել, եւ նահանջող 98 հոգանոց անձնակազմը այնտեղ չի էլ հասել․ ճանապարհին զոհվել է միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանը, զոհվել է նաեւ այդ կամավոր քեռին։ Հիշեցնենք, որ կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ՝ ասելով, որ նրա հորդորով են շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ հավելյալ տեղեկություն չի իմացել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը մեղադրողից հետաքրքրվեց՝ քեռուց որեւէ լուսանկար կամ ֆոտոռոբոտ կա՞, ինչին մեղադրողը բացասական պատասխան տվեց․ «Փորձել ենք օպերատիվ–հետախուզական ճանապարհով ճշտել, բայց դրական արդյունք չի եղել, գիտենք միայն, որ անունը Արտյոմ է»։ Մնալով մոտ 25 հոգով՝ 2-3 ամսվա զինծառայողները թաքնվել են գյուղի տներում, հեռախոսով կապ հաստատել հիշյալ Գարիկ Վարդերեսյանի հետ։ Վերջինս, ըստ տուժողի, ասել է՝ նորմալ է, գալիս ենք ձեր հետեւից, դուք դուխով ենք, սակայն ոչ ոք այդպես էլ օգնության չի հասել։ Փոխարենը հակառակորդն է նկատել իրենց․ «Որոշ ժամանակ հետո մեզ տեսան, ռուսերենով գոռացին՝ դուրս եկեք, շրջափակման մեջ եք, բայց այդպես էլ տուն չեկան, հաջորդ օրը պաշտոնով մեկն եկավ, իջավ տան մոտ, մեր տղաներից մեկը պատուհանից իրեն սպանեց ու մենք իջանք անտառ․․․ Անտառում ահագին ժամանակ սպասեցինք, երբ արդեն ցրտում էր, որոշվեց, որ առանձնանանք, քանի որ տարբեր կերպ էինք տեսնում դուրս գալու ելքը»։  Այդպես 6 ընկերներով բաժանվել են, անցել գյուղից գյուղ, տնից տուն․  «Դեկտեմբերի 17-ի կողմն էր, արդեն ջուրն ու ուտելիքը վերջանում էր, տղաներից 2–ը գնում են՝ տեսնեն ջուր կա՞, մտնում ենք մի գյուղ, Ջաբրայիլի կողմերն էինք, հասկանում ենք, որ կապ կա, զանգ ենք կատարում, հարցեր տալիս՝ ո՞նց կողմնացույց սարքենք, ո՞նց գնանք Պարսկաստան, պատերազմը ո՞նց է վերջացել․․․ Ամսի 18-ին ասում են՝ բացատրեք ձեր տեղը, Արմանն է բացատրում՝ ոնց ենք եկել, գաղտնաբառ ենք որոշում՝ «Հոկտեմբերի 22»՝ Արմանի ծնունդի օրը․․․ Դեկտեմբերի 20-ին արդեն լսում ենք՝ «Հոկտեմբերի 22»․․․ Կարմիր Խաչն էր, խաղաղապահները, մի քանի ադրբեջանցի ու հայեր»։ Իշխան Վահանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդություն ներկայացվեց Տուժողի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին։ Միջնորդությամբ Վահանյանը նշել էր, որ շուրջ 2 տարի է, ինչ կալանքի տակ է, եւ այս ընթացքում հարցաքննվել են դատակոչված վկաների եւ տուժողների մեծ մասը, ինչով պայմանավորված՝ նա այն կարծիքին է, որ առկա են բավարար հիմքեր իր նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը վերացնելու համար․ «Ապացույցների մեծ մասը արդեն իսկ հետազոտվել է, ես օբյեկտիվորեն չեմ կարող ազդել վկաների կամ տուժողների վրա, չեմ կարող խոչընդոտել գործի քննությանը եւ ոչ մի մտադրություն չունեմ, ես պատրաստ եմ անկեղծ ցուցմունք տալ եւ ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունը, ունեմ 20 տարվա զինվորական կենսագրություն, 2 անչափահաս երեխա, հայրս ունի շատ լուրջ առողջական խնդիրներ»,– նշել էր ամբաստանյալը՝ հավելելով, որ եթե դատարանը նպատակահարմար կգտնի, ինքը պատրաստ է նաեւ հնարավորության սահմաններում գրավ վճարել։ Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող եւ տուժող կողմերը։ Մասնավորապես, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ չբերվեց որեւէ օբյեկտիվ պատճառաբանություն, ըստ որի՝ կալանավորումը պետք է փոխվի ավելի մեղմ խափանման միջոցով։ Ըստ մեղադրողի՝ մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով՝ Իշխան Վահանյանը ազդեցություն կգործադրի դատակոչի ցուցակում ներառված անձանց վրա կամ կխոչընդոտի գործի քննությանը․«Թեեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նշվում է, որ վերահաս պատժի ծանրությունը չի կարող կանխորոշիչ նշանակություն ունենալ, այնուամենայնիվ, ամբաստանյալին մեղսագրվում է երկու առանձնապես ծանր հարցագործություն, որոնց համար նախատեսվող պատիժը առավել քան մեծ է, ուստի այս պայմաններում, հաշվի առնելով նաեւ իմ կողմից մատնանշածը՝  մեծանում է հավանականությունը, որ նա կարող է փորձել ազդեցություն գործադրել վկաների կամ տուժողների վրա»։ Տուժողների ներկայայցուցիչ Գուրգեն Գրիգորյանը, միանալով մեղադրողի առարկությանը, նշեց, որ միջնորդությունն անհիմն է՝ ընդգծելով, որ իրենց կողմից ներկայացվել են նոր հաղորդումներ, նախաձեռնվել նոր վարույթներ, ուստի չի բացառվում, որ Վահանյանին նոր մեղադրանք ներկայացվի։ Գրիգորյանի այս դիտարկումը Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը անմեղության կանխավարկածի խախտում որակեց։ Նա նաեւ ընդգծեց՝ մեղադրողը իրավացիորեն նշեց, որ արարքի ծանրությունը եւ սպասվելիք պատժի խստությունը խոչընդոտող հանգամանք չեն կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու համար։  Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հեռացավ առանձին սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 7-ին։   Միլենա Խաչիկյան
23:34 - 25 մայիսի, 2023
«Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու»․ 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի հարցաքննությունը

«Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու»․ 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նախկին ժամկետային զինծառայող Ռուսլան Թումանյանի խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու. քաոսային վիճակը, հրամանների անկազմակերպ լինելը, զորքի բարոյահոգեբանական վիճակը, զորքի եւ հրամանատարության միջեւ կապը․․․ Դրա համար, ըստ նրա, մի շարք գործոններ կային։ Ռուսլան Թումանյանը մեկն է գումարտակի այն տղաներից, որոնք սարից նահանջի ընթացքում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել են մնացած անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է սարում մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Ռուսլանը՝ իր 5 ծառայակից ընկերների հետ միասին, 70 օր շարունակ թաքնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղի տներում եւ անտառներում։ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդել է, որ  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով 6 տղաները վերադարձվել են հայրենիք։ Ռուսլանը եւ մյուսները Խուռհատ սարի գործով ճանաչվել են տուժող։ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին մարտական տագնապ է հնչել, որը որոշակի խուճապ է առաջացրել զինծառայողների շրջանում Ռուսլան Թումանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիս ամսին, մինչ պատերազմը հասցրել է զինվորական երդում տալ։ Ընդգրկված է եղել 5-րդ գումարտակի Նռնականետային դասակում (հրամանատարը՝ Ռաֆայել Խալաֆյան)։ Հարցաքննության սկզբում Ռուսլանը հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է ամբաստանյալ Իշխան Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Խուռհատ սարի դեպքերից բացի նա պատմեց պատերազմին նախորդած, իր գնահատմամբ՝ էական նշանակություն ունեցող մի շարք այլ դրվագներ։ Լուսանկարում՝տուժող Ռուսլան Թումանյանը Ըստ այդմ, Ռուսլանի խոսքով՝ պատերազմից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան, մարտական տագնապ է հնչել․ «Ճաշարանի դիմաց կանգնած էինք, սկսեցինք վազել մեր զորանոց, որ մտնենք նկուղ, թաքնվենք, բայց երբ հավաքվեցինք զորանոցում, տեսանք, որ նկուղի դուռը չի բացվում, իսկ բանալին, որ պիտի լիներ օրապահի մոտ, նրա մոտ չէր, հետագայում իմացել եմ, որ գումարտակի թիկունքի պետի մոտ է եղել․․․ Ոտքով ջարդել ենք դուռը, բայց մինչեւ հասցրինք մտնել, կարելի է ասել, չեղարկեցին տագնապը՝ որեւէ կերպ չպարզաբանելով»։ Այդ տագնապից հետո, ըստ Ռուսլանի, զինծառայողների շրջանում որոշակի խուճապ է առաջացել․ «Սկսեցին վախեր հայտնվել, չէին հավատում, որ սխալմամբ է այդ կոճակը սեղմվել, մտածում էին՝ ինչ–որ բան կա, տղաներ կային, որ դիրքերում գտնվող տղաների հետ էին խոսում, նրանք էլ ասում էին, որ ինչ–որ բան պատրաստվում է, բոլորը ինչ–որ բանի սպասում էին՝ միաժամանակ այն հույսով, որ չէր լինի»։ Այդ օրվանից հետո զինծառայողները, փաստացի, պատրաստվել են պատերազմի․ պայուսակները, որ պատերազմ սկսվելու դեպքում պետք է իրենց մոտ լիներ, հավաքել, քնելիս մահճակալի մոտ են դրել։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, իրենց զորամասը սպառազինությամբ է համալրվել, զինծառայողները դրա դասավորմամբ են զբաղված եղել․ «Դրանից բացի պատերազմը, որ սկսում է, ըստ կանոնակարգի, մեզ պիտի բարձրացնեն նստեցման գոտի, որ մեքենաները գան, մեզ էդ թաքնված տեղից վերցնեն, տանեն դիրքեր․․․ Մենք էդ փոսից չենք ունեցել, ամսի 26-ի ժամը 3-ից մինչ գիշերվա քնելը փորմամբ ենք զբաղված եղել, բայց էլի լրիվ չենք հասցրել ավարտել,- ասաց Ռուսլանը՝ հավելելով, որ այդ հրամանը տվել է գումարտակի հրամանատարի՝ այդ ժամանակվա տեղակալ Գարիկ Վարդերեսյանը։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ պատերազմը սկսվել է, զինծառայողները զորանոցի մոտ շարված են եղել․ «Տղաներից ոմանք սկսեցին ձայն լսել, երկնքում օբյեկտ էինք նկատել, չէինք հասկանում՝ ինչ է, հասկանում էինք, որ դռոն է, թռչող բան, բայց զարմանալին այն էր, որ շտաբից պատասխան չէր գալիս, 1-1․5 րոպե հետո մեկը դուրս եկավ, գոռաց հրամանատարներին, որ զորքին մտցնեն զորանոց»,-պատմեց Ռուսլանը՝ ընդգծելով․ «Նկուղ չէ, զորանոց»։ Զորանոցում գտնվելու ընթացքում, ըստ Ռուսլանի, կամիկաձե տեսակի անօդաչու թռչող սարք է ընկել մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող պահեստի վրա, որտեղ ռազմական ոստիկանության միավորում էլ կար։ Դրանից հետո իջել են նկուղ, հետո՝ ըստ դասակների բարձրացել, զենքեր ստացել, գնացել նստեցման գոտի, այնտեղից էլ՝ «Չռիկներ» կոչվող տեղանք։ Տեղակայվել են, ըստ Ռուսլանի, 2-րդ գծում, որը շուտով ճեղքվել է։ Կահավորում չի եղել, զինծառայողներն են գիշերները խրամատներ փորել․ «Մեր դասակը բաժանվում է երկու պրոֆիլի՝ հակատանկային` СПГ տեսակի զենքերի եւ հետեւակային զորքերի դեմ գործելու՝ АКС տեսակի զենքերի, СПГ-ն չէինք բարձրացրել մեզ հետ, որովհետեւ մեկը չէր աշխատում, մյուսը չգիտեմ, ուղղակի չենք հասցրել, իսկ АКС-ին մենք չէինք տիրապետում, որովհետեւ դեռ չէինք սովորել, դրանով պաշտպանություն իրականացնում էին միայն մեր դասակի ու ջոկի հրամանատարները»։ Մոտ 4-5 օր անց զորքը «Չռիկներ»-ից նահանջել է դեպի «9-րդ կմ» կոչվող տարածք, այնտեղից էլ՝ Հադրութ։ Ռուսլանի խոսքով՝ դպրոցի վրա, որում տեղակայված էին, ռումբ է ընկել  Նահանջած անձնակազմը տեղակայվել է Հադրութի զորամասում, ապա՝ տեղափոխվել դպրոց։ Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, դպրոցի վրա ռումբ է ընկել․ «Մենք երկրորդ հարկում էինք տեղակայված՝ անկյունային դասարանում, երբ խփեց, պիտի աստիճաններով իջնեինք, ու հիշում եմ՝ աստիճանների կեսը փլված էր»։ Նույն շրջանում գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը (հրամանատար Սամվել Սահակյանը զոհվել էր) փորձել է զրուցել զինծառայողների հետ․  «Մենք զալում նստած էինք, ինքը խոսում էր բեմից, բայց բարոյահոգեբանական վիճակի մի քիչ տարօրինակ բարձրացում էր տեղի ունենում, այսինքն՝ հակառակը, էդ ամենից հետո մարդիկ ավելի խառը էմոցիաներ սկսեցին ապրել, ավելի անհասկանալի դարձավ ամեն ինչ»,- ասաց Ռուսլանը՝ չմանրամասելով, թե հատկապես ինչն է տարօրինակ եղել։ Ինչպես հայտնի է, դպրոցում հրամանատարական կազմի փոփոխություն է տեղի ունեցել․ Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնից, եւ նրա փոխարեն նշանակվել է Իշխան Վահանյանը։ Վերջինս մինչ այդ եղել է նույն գումարտակի շտաբի պետը։ Թե ինչ պատճառով են այդ փոփոխությունները եղել, Ռուսլանը հստակ չգիտեր, ենթադրում էր, որ պատճառներից մեկը անձնակազմի կորուստներն էին։ Իրենց դասակի հրամանատարը եւս վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Նրան փոխարինել է СПГ ջոկի հրամանատար Դավիթը (ազգանունը չէր հիշում)։ Շատ այլ զինծառայողներ էլ, ըստ նրա, կոչումի բարձրացում են ստացել, որ կարողանան պաշտոններ ստանձնել։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե Խուռհատ սարը բարձրանալն ում հրամանն է եղել, ինչին Ռուսլան Թումանյանը պատասխանեց՝ եթե չեմ սխալվում, Մանուկ Բադալյանի։ Վերջինս դիվիզիայի հրամանատարի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալն էր։ Առաջադրանքը եղել է դիրքավորվելն ու պաշտպանվելը։ Ռուսլանի տպավորությամբ՝ հրամանատարները սարում քաոսային վիճակում էին, չէին հասկանում՝ ինչ անել  Ռուսլան Թումանյանը պատմեց, որ հոկտեմբերի 9-ին գումարտակին Խուռհատ սար են բարձրացրել  КАМАЗ-ներով։ Սարում երկու-երկու բացազատվել են իրարից տասը մետր հեռավորության վրա, իրենց դասակի հրամանատարի հետ նույն խրամատում են եղել։ Վերջինս իրեն հրամայել է իջնել, սպառազինությունը բերել։ Հենց այդ ժամանակ է Ռուսլանը նկատել, որ Իշխան Վահանյանը տեղակայվել է «վիշկա»-յի մոտ․ դա, ըստ նրա, սարի ամենաներքեւում էր՝ ավելի ապահով հատվածում։ Հոկտեմբերի 10-ի կեսօրին՝ 12։30-ից 13։00-ն ընկած հատվածում, հակառակորդը հարձակման է անցել․ սկզբում հրաձգային, ապա՝ ականանետային ու նռնականետային կրակ են վարել։ - Ի՞նչ հրամաններ են արձակվել այդ ժամանակ,- հարցրեց մեղադրողը։ - Հրամաններ եղել են, բայց խնդիրն այն է, որ դրանք եղել են խառը, ոչ համակարգված, հրամայում էին՝ կրակեք էստեղ, կրակեք էնտեղ․․․ - Ինչո՞վ էր պայմանավորված այդ խառը վիճակը։ - Պայմանավորված էր նրանով, որ, ենթադրում եմ, հրամանատարները իրենք էլ քաոսային վիճակում էին, չէին հասկանում՝ ինչ անել։ - Ովքե՞ր էին այդ հրաման տվողները։ - Եթե ճիշտ եմ հիշում, Ղարիբյան Արսենից եմ լսել հրաման (ականանետային մարտկոցի հրամանատարն է եղել, նրա ցուցմունքը՝ այստեղ,-հեղ․), բայց շատերն են տվել։ Ամենաթեժ մարտը, ըստ Ռուսլան Թումանյանի, սարի վերեւի հատվածում էր, այսինքն՝ «վիշկա»-յի հակառակ կողմում․ «էդտեղից տղերքը վիրավորներ, դիակներ էին իջեցնում, իսկ մենք շարունակում էինք մարտը․․․ Հետո իմ դասակի տղերքից մեկը վիրավորվեց՝ Ռազմիկը, ու ես սկսեցի օգնել, որովհետեւ գոռում էր ցավից, գրկեցի, իջեցրինք․․․ Երբ ուզում էի բարձրանալ իմ տեղը, հասկացա, որ հետ ենք սեղմվել, այսինքն՝ բարձրանալու տեղ էլ չկար, բոլորը արդեն հետ էին իջել, Վահանյանին այդտեղ եմ հանդիպել, հրամաններ էր տալիս, եթե ճիշտ եմ հիշում, ուղղակի հրամանների բովանդակությունը չեմ հիշում, հնարավոր է՝ ասում էր, որ կրակենք, տենց ինչ–որ բաներ»,- պատմեց Ռուսլանը՝ ենթադրելով, որ թիկունքից հրամաններ տալը արդյունավետ չէր կարող լինել։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը - Այդ ընթացքում, երբ հանդիպեցիք Վահանյանին, վիրավորում ունե՞ր։ - Տեսանելի տրավմա, կաղել կամ նման բան չեմ տեսել։ - Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ նա չփորձեց բարձրանալ ձեզ հետ, գալ օգնության։ - Չգիտեմ, իրականում բավականին դաժան իրավիճակ էր, վայրկյանը մեկ վիրավորներ, զոհեր էին իջեցնում, հնարավոր է՝ ցանկության բացակայությամբ է պայմանավորված։ Դրանից հետո՝ բուն նահանջի ընթացքում արդեն, Ռուսլանը Վահանյանին չի տեսել․ «Շատ խառն էր իրավիճակը, չորս կողմից գնդակներ էին թռնում, ոչ մի բան չէինք հասկանում, էդ վիճակում չէի կարող դեմքեր նկատել»,- ասաց նա՝ հավելելով, որ հետագայում զինծառայողներից է լսել, թե նա իբր վիրավորվել եւ հեռացել է։  - Դուք անձամբ ականատես եղե՞լ եք դրան,- հետաքրքրվեց մեղադրողը։ - Ոչ։ - Թեկուզ հեռանալուն, ոչ վիրավորվելուն։ - Ոչ,- պատասխանեց տուժողը։ Հադրութի ուղղությամբ նահանջելիս, ըստ Ռուսլանի, տեղյակ եղել են, որ հակառակորդը այնտեղ է Ռուսլան Թումանյանի խոսքով՝ նահանջից հետո դուրս են եկել ճանապարհի վրա, սկսել քայլել։ Այդ պահին կոնկրետ որեւէ որոշում կայացված չի եղել, Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո մնացած սպաներից ոչ ոք իր վրա չի վերցրել հրամանատարությունը։ Ռադիոկապ եղել է թե ոչ՝ չգիտեր, ասաց՝ ուշադրություն չի դարձրել, բայց բջջային կապ ունեցել են, օրինակ՝ Հովհաննես Մուրադյանի մոտ հեռախոս եղել է։ - Գիտեի՞ք՝ ուր էիք գնում,- հետաքրքրվեց Գեւորգ Ավետիսյանը։ - Ոչ, ուղղակի հետեւում էինք հրամանատարներին, ես պոստ ֆակտում իմացել եմ, որ դեպի Վանք գյուղ քայլելիս ենք եղել, մեր նպատակը նահանջելն էր դեպի ավելի ապահով տեղ, բայց Վանք գյուղը էդքան էլ ապահով չէր, մենք ուզում էինք էդ սարը կտրել, դեպի Սարուշեն, Թութակներ, էդ էր նպատակը, բայց վերջում էնպես ստացվեց, որ բաժանվեցինք, եւ մենք նահանջեցինք Վանք գյուղի ուղղությամբ։ - Ինչպե՞ս ստացվեց, որ բաժանվեցիք․ դա շատ կարեւոր է։ - Բաժանումը նույնպես կանոնակարգված չէր, ոչ ոք չբռնեց, ասեց՝ եկեք բաժանվենք․․․ Էդ սարը բարձրանալը բավականին դժվար էր երկու օր չքնելուց հետո, բոլորը հոգնած էին, դրա համար մարդիկ կային՝ դանդաղ էին բարձրանում, հետ էին ընկնում, ու ասենք, 5 րոպեն մեկ կանգնում էինք, հանգստանում․․․ Եթե ճիշտ եմ հիշում, առջեւից գնացող խումբը չէր կանգնել հանգստանալու, իսկ հետեւինը կանգնել էր, ու այդպես կտրվել էր թելը․․․ Հետո հաշվել էինք, որ մենք մնացել ենք մոտ 100 հոգով, մեզ հետ հրամանատար միայն Հովհաննես Մուրադյանն էր, մեկ էլ վստահում էինք մի կամավոր քեռու՝ որպես հասուն, ավագ մարդու (նահանջի ընթացքում թե՛ Մուրադյանը, թե՛ կամավորը զոհվել են,-հեղ․)։ Մինչ այս հարցաքննված այլ վկաներ ասել էին, որ նահանջի ընթացքում զորքի ուղղությամբ արկ է ընկել, եւ այդ պատճառով է այն երկու մասի բաժանվել։ Ռուսլան Թումանյանը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել։ - Ինչպե՞ս որոշվեց գնալ Վանք գյուղի ուղղությամբ։ - Ըստ քեռու խոսքերի՝ Հադրութի զորամասում շրջափակման մեջ մնացած զինծառայակիցներ կային, պիտի գնայինք, իրենց օգնեինք դուրս գալ շրջափակումից։ Քեռու ուղիղ խոսքերն եմ ասում։ - Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ - Դրանից 1-2 րոպե հետո սարի բարձունքից հրազենային կրակ սկսեցին մեզ վրա ու նռնակներ նետեցին, որը ամենածանր վնասը տվեց, ու եթե ճիշտ է եղել իմ պատկերացումը, էդ 100 հոգուց ողջ է մնացել մոտ 50 հոգի, ու էլի քաոսային էր, կրակում էին, մարդիկ վիրավորվում էին, օգնում էինք անցկացնել ձորը, որ փրկվի․․․ Ու որ արդեն բոլոր վիրավորներին հանեցինք, մենք էլ մտանք ձորը, էդ ժամանակ արդեն 21 հոգով ենք եղել, ունեցել ենք 4 վիրավոր, 2 օր ձորում ենք մնացել, հետո իջել ենք Վանք գյուղ, հետո արդեն շրջափակման ամբողջ պատմությունն է։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը - Երբ նահանջում էիք, տեղյա՞կ էիք, որ հակառակորդը Հադրութում է,– հետաքրքրվեց մեղադրողը։ - Այո, սարի երկայնքով, որ նահանջում էինք, սարից լավ երեւում էր՝ ադրբեջանական տանկերը ոնց էին մտնում քաղաք, ոնց էր քաղաքը վառվում,– պատասխանեց տուժողը։ - Դուք վստա՞հ եք, որ դրանք հակառակորդի տանկերն էին։ - Ես էդպես եմ հասկացել, այդ ուղղությունից էին գալիս։ - Մինչ այս հարցաքննված մի շարք վկաներ, այդ թվում՝ սպայակազմից, նշել են, որ սկզբնական օրերին Հադրութում եղել են դիվերսիոն–հետախուզական խմբեր, այս պայմաններում անհասկանալի է Ձեր պատասխանը, որ տանկեր եք տեսել։ –  Վիզուալ 4-5 տանկեր շատ լավ հիշողությանս մեջ պահպանվել են։ - Զորամասը գտնվում էր Հադրութ քաղաքում, ճի՞շտ է, եւ Ձեր ցուցմունքից հետեւում է, որ տանկերն էլ մտել են Հադրութ քաղաք, այսինքն՝ դուք տանկերի՞ դեմ պիտի մարտնչեիք։ - Հետեւաբար՝ հա, տանկերի հետ մարտնչելով՝ մի ձեւ պիտի գնայինք զորամաս ու դուրս բերեինք․․․ էդպես է ստացվել, ամեն ինչ չէ պատերազմի ժամանակ, որ տրամաբանական է, հակառակը, տարօրինակ էր ու ոչ ռացիոնալ։ - Դուք ո՞նց էիք պատկերացնում այդ բարոյահոգեբանական վիճակով, հակատանկային միջոցներ չունենալու պայմաններում իջնել քաղաք, մարտնչել տանկերի դեմ։ - Ես հասկանում եմ, որ օբյեկտիվորեն այդպիսի պաշտպանություն անհնար է իրականացնել, բայց էդ դեպքում առաջին հերթին առնվազն հայրենասիրական նկատառումներով ես․․․ Ես հասկանում եմ, որ սխալ է առանց պատշաճ սպառազինության հակառակորդի հետ մարտնչելը։ - Քեռին փորձե՞լ է կապ հաստատել զորամասի հետ։ - Զանգել է Վահանյանին, հարցրել է՝ որտեղ է, բայց պատասխանը չգիտեմ։ - Հնարավո՞ր է՝ այդ ընթացքում Վահանյանն է փորձել ուղղություն տալ եւ դրանից հետո է քեռու որոշումը փոխվել։ - Ինձ չի թվում, ի սկզբանե էլ քեռին նախատեսել էր դա՝ տեղյակ լինելով այդ զորամասի վիճակից։ Հիշեցնենք՝ քեռու եւ Վահանյանի այդ հեռախոսազանգի մասին իր ցուցմունքում նշել է նաեւ վկա Սամվել Հովասյանը՝ ասելով, որ քեռին  զանգել է Իշխան Վահանյանին, բարձրախոսով խոսել, հարցրել՝ ո՞ւր ես, զորքդ շրջափակման մեջ է, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, առանց որեւէ ուղղություն հուշելու, ասել է․ «Ես վիրավոր եմ, իջնում եմ ներքեւ»։ Հարցին՝ դրան պատասխան չհնչե՞ց, վկան պատասխանել էր․ «Հնչեց, բայց ցենզուրայից դուրս է»։ - Քեռուն որքա՞ն ժամանակ էինք ճանաչում եւ որպես վերադաս ի՞նչ էր հանդիսանում։ - Ես այդ մի օրն եմ ճանաչել նրան։ - Եվ նա այն պատշաճ անձն էր, ում պիտի լսեի՞ք։ - էդ դեպքում՝ հա, որովհետեւ նա միակ անձն էր, որ կարողանում էր էդ իրավիճակում իր վրա պատասխանատվություն վերցնել։ Տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքում էական հակասություններ կային Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ այն 2 դրվագով հակասում էր դատաքննական ցուցմունքին։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը միջնորդությունը բավարարեց։ Ավետիսյանը նշեց, որ նախաքննության փուլում Թումանյանը ասել է, որ տեսել է Վահանյանի հեռանալը, իսկ դատարանում ասաց, որ չի տեսել։ Թումանյանը ենթադրեց՝ գուցե քննիչի մոտ նկատի է ունեցել, որ տեսել է Վահանյանի՝ մեքենայի մոտ գնալը։ Մեղադրողը ուղիղ մեջբերեց ցուցմունքի այդ հատվածը․ «Այդ ընթացքում նա, կարելի է ասել, արագ քայլելով, առանց որեւէ վիրավորում ունեցողի տպավորություն թողնելու գնաց դեպքի մեքենան ու հեռացավ, որը ինձ համար անսպասելի եւ զարմանալի էր, եւ այդ ամենը տեսան մեր անձնակազմի տղաներից, ու բոլորիս մոտ մի տեսակ զարմանք եւ հիասթափություն առաջացավ»,- նախաքննության ժամանակ ասել է Թումանյանը։ Լսելով ցուցմունքը՝ նա կարծիք հայտնեց, որ կամ շփոթմունք է եղել, կամ ինքն այդ դրվագը հետագայում մոռացել է, որովհետեւ հիմա որեւէ կերպ չի կարողանում հիշել։ Հարցին, թե որ պատասխանը հիմք ընդունեն, Թումանյանը պատասխանեց՝ դատարանում հայտնածը, քանի որ հիմա այդպես է հիշում։ Մյուս հակասությունը վերաբերում էր դեպի Հադրութ նահանջելու դրվագին․ դատախազի խոսքով՝ նախաքննության ժամանակ Թումանյանն ասել է, որ չեն իմացել, որ հակառակորդն այնտեղ է, մինչդեռ դատարանում ասաց, որ նախապես տեղյակ էին, քանի որ սարից տանկեր էին տեսել․  - Անտրամաբանական կլիներ ասելը՝ հակառակորդ չկա, եթե գնում էինք ինչ–որ մարդկանց շրջափակումից հանելու, նկատի եմ ունեցել՝ էդքան շատ չկա,-պարզաբանեց տուժողը։ - Բայց նախաքննական ցուցմունքում շրջափակման մեջ ընկածների մասին չեք նշել։ - Ուրեմն՝ չեմ հիշել, նոր եմ վերհիշել։ Կներեք, պատերազմը նենց բան է, որ որոշ դրվագներ․․․ Ենթագիտակցական վիճակում ես ու չես հիշում․․․ Զորքի հետ մնացած սպաները, Ռուսլանի գնահատմամբ, կոմպետենտ չեն եղել Դատարանում հարցաքննված մի քանի վկաներ պատմել են, որ նահանջի ընթացքում, երբ հարակից սարի վրա տեսել են հակառակորդի հետ մարտնչող մեկ այլ՝ 3-րդ գումարտակին, ցանկացել են գնալ, միանալ նրանց, բայց քանի որ հակառակորդը ռումբ է նետել իրենց ուղղությամբ, եւ զորքը կիսվել է, դա այդպես էլ չի իրականացվել։ Ռուսլանը ոչ միայն հերքեց իրենց ուղղությամբ ռումբ ընկնելու հանգամանքը, այլեւ ասաց՝ 3-րդ գումարտակը այնպիսի հեռավորության վրա էր, որ բացականչելով կարող էին իրար լսել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Գուրգեն Գրիգորյանը եւ Գայանե Հովակիմյանը -Այսինքն՝ եթե ձայն տայիք, կարող էին ճանաչել, ուղղություն տալ, որ միանայիք իրենց,– հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ -Ենթադրում եմ, որ այո։ -Ձեր տպավորությամբ՝ ինչու՞ դա չարվեց Հայկազի, Վազգենի, մյուսների կողմից (խոսքը վերաբերում է նահանջող անձնակազմի հետ մնացած սպաներին, նրանցից ոմանց ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ-հեղ․), ինչո՞ւ չգնալ այնտեղ, որտեղ ավելի ապահով է, դիրքեր են, գումարտակ է նստած, քան գնալ չգիտեմ ուր։ -Ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այսինքն՝ բացառելով տենց է ստացվում․ ես չեմ մտածում, որ իրենք դիտավորությամբ են արել, որ մեր դեմ ինչ–որ բան անեն, չեմ մտածում, որ էն իրավիճակը չի եղել, որ դա չանեինք, ուղղակի էդ եզրակացությանը չեն եկել էդ պահին։ -Չեք մտածե՞լ, որ ձեզ կարող էին թողնել, որ իրենք հնարավորություն ու ժամանակ ունենային դուրս գալու։ -Չեմ մտածել։ Էսպես ասեմ․ այդ 4 սպաները նահանջի ժամանակ այդ լիդերի ոգին չունեին, որ սպասեին՝,մինչեւ վերջին զինվորը անցնի, իրենք էլ ոգեշնչեին․․․ - Իրենք ավելի՞ արագ էին փախնում,- լսվեց դահլիճից։ - Հնարավոր է,-պատասխանեց Ռուսլանը։ - Ճիշտ հասկացա՞նք, որ հրամանատարությունը, մեղմ ասած, իր զինվորական եւ կազմակերպչական գիտելիքներով չէր փայլում, եւ եթե լիներ նորմալ կազմակերպվածություն, ապա ե՛ւ սարի օպերացիայի, ե՛ւ զոհված տղաների, ե՛ւ ձեր ճակատագիրը կարող էր այլ կերպ վերջանալ,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։ -Կարծում եմ՝ այո,- պատասխանեց Ռուսլան Թումանյանը։ Ողջ մնացած անձնակազմը նոյեմբերի 6-ին 3 խմբի է բաժանվել Հիշյալ քեռու եւ միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանի զոհվելուց հետո 21-հոգանոց անձնակազմը մնացել է միակ սերժանտ Հարութ Կարախանյանի հետ, որը վիրավոր է եղել։ Ռուսլանի խոսքով՝ Հարութը խումբ է ստեղծել, ասել՝ 7 հոգի իր հետ վերցնում է, որ շարժվի Ստեփանակերտի կողմ։  Նոյեմբերի 6-ին էլ մնացած 13-հոգանոց անձնակազմն է բաժանվել․ իրենց 6-հոգանոց խումբը գլխավորել է տարիքով ավելի մեծ Արման Արմաղանյանը․ «Բայց ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ բաժանումը բավականին ընկերական պայմաններում է եղել, նույնիսկ գրկախառնությամբ»։  Երկուսուկես ամիս շարունակ 6 տղաները թաքնվել են Վանք գյուղի անտառներում եւ տներում, գյուղացիների կոմպոտներով ու պահածոներով սնվել։ Դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ նրանց ի վերջո հաջողվել է փրկվել։ Վրույր Խեչումյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն ասել է՝ առավոտյան էրեխեքը տանը կլինեն Երեկ դատարանում հարցաքննվեց նաեւ զոհված զինծառայող Սուրեն Խեչումյանի հայրը՝ Վրույր Խեչումյանը։ Վերջինս որդու մարտական ուղու մասին մանրամասներ չգիտեր, ասաց՝ պատերազմի ժամանակ 3-4 անգամ է զանգել, ասել, որ բունկերում են կամ անտառներում, չանհանգստանան։  Լուսանկարում՝ Վրույր Խեչումյանը Վահանյանի անուն ազգանունը Խեչումյանը չի իմացել, բայց այլ զինծառայողներից լսել է, որ ասել են՝ գումարտակի հրամանատարը վիրավորվել, թողել փախել է։  Խեչումյանը որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 16-ին է խոսել։ Հոր տեղեկություններով՝ հետագայում, երբ Վանք գյուղից դուրս են եկել, անտառով շարժվել են, ընկել փոխհրաձգության մեջ․ «Նոյեմբերի 14-ին գնացել ենք ԼՂ, իմացել ենք շրջափակման մասին, ԳՇ ենք մտել, ՊՆ․․․ Նոյեմբերի 20-ին Ադոյան Արկադին (զոհված Դավիթ Ադոյանի հայրն է, նրա եւ նրա կնոջ ցուցմունքը՝ այստեղ-հեղ․) մտավ Օնիկի մոտ, դուրս եկավ, ասաց՝ էրեխեքը էսօր զանգել են, ողջ են, օգնություն են խնդրում, Օնիկն էլ ասել էր՝ արխային գնացեք, առավոտը էրեխեքը տունն են»։ Սուրեն Խեչումյանը, սակայն, տուն չի վերադարձել։ Զոհվել է պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին։   Միլենա Խաչիկյան
20:59 - 21 մարտի, 2023
«Մինչեւ դեկտեմբերի 27–ը մեր էրեխեքը մնացին շրջափակման մեջ, ոչ մեկը չգնաց օգնության». զոհված զինծառայողի հայրը՝ դատարանում

«Մինչեւ դեկտեմբերի 27–ը մեր էրեխեքը մնացին շրջափակման մեջ, ոչ մեկը չգնաց օգնության». զոհված զինծառայողի հայրը՝ դատարանում

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ ժամեր շարունակ հարցաքննվեցին նույն գումարտակի զոհված զինծառայողների ծնողները։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։  Նա մեղադրանքը չի ընդունում։ Վարդուհի Մանուկյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանն է հրամայել նորակոչիկներին հանել Խուռհատ սարը Տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը պատմեց, որ իր որդին՝ Ռաֆայել Սահակյանը, բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 1-ին։ Սեպտեմբերի 18-ից Մանուկյանը 4 օր շարունակ եղել է զորամասում, տեսակցել որդուն, զինվորների խոսակցություններից լսել, որ Իշխան Վահանյանի հետ կապված խնդիրներ կան․ զինվորներին նեղացնում է։ Պատերազի մեկնարկից հետո Մանուկյանը որդու հետ կապի մեջ է եղել մինչեւ հոկտեմբերի 12-ը․  «Շատ լավ հիշում եմ մի դրվագ․ ասաց՝ որ ասում էին՝ ապահով տեղում ենք եղել, չի եղել տենց բան, երկրորդ–երրորդ գիծ չի եղել, սաղ առաջին գիծ է եղել նահանջի պայմաններում, խրամատը ծնկներից հետ էր, երբ դիվերսիան ներս էր մտնում, էրեխեքը խուճապար իրար վրա էին կրակում․․․ Ռաֆիս հետ խոսելիս մի անգամ ասաց՝ Խըդըրը տրաքեց, ու էս չակերտավորը (ցույց է տալիս Իշխան Վահանյանին,–հեղ․) էրեխեքին ասել է՝ եթե մեկդ գնացիք, սաղիդ լեշ եմ սարքելու, էդ լեշը մեզ պետք չի, ու Խըդըրին թողել են էդտեղ, էրեխեքին չի թույլատրել՝ գնան, հանեն, հետո մի կամավորական է նրան հանել»։ Լուսանկարում՝ Վարդուհի Մանուկյանը Մանուկյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-30–ի սահմաններում Արա լեռի տարածքում են եղել, մարտ վարել, որից հետո մոտ 60 հոգով, առանց սպայակազմի, միայն մի սերժանտի հետ շարժվել են Հադրութ․ «Ասում եմ՝ ճանապարհի տակի հատվածով արի, որ գերի չընկնես, ասում է՝ ավելի լավ է կանգնած մեռնեմ, քան ծնկաչոք ապրեմ»։ Մոր խոսքով՝ հոկտեմբերի 3-ին տղաները եղել են Հադրութում․ «Ամսի 8-ին դպրոցը թիրախավորվում է, ունենում են վիրավորներ, Ջալալի հրամանով այդ օրը սա էլ է էդտեղ լինում (ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․), ու խնդիր է դրվում, որ էրեխեքին հանեն դիրքեր, տղաս ասում է՝ պիտի բարձրանանք, ասում եմ՝ դուք անփորձ եք, ո՞նց են թույլ տալիս․․․ Ռաֆոն ասում էր՝ էդ դիրքերը էլ չունենք, Ջալալն էլ ասել է՝ ինձ չի հետաքրքրում, հանում եք բոլորին»։ Վարդուհի Մանուկյանը նշեց նաեւ՝ դպրոցում խոսակցություն է եղել, որ նորակոչիկների բարոյահոգեբանական վիճակը բավականին ծանր է, պատրաստ չեն մարտի, սակայն հրամանատարությունն ասել է՝ պիտի հանենք դիրքեր, Վահանյանին են հարցրել՝ արդյո՞ք կարող է տանել, նա էլ դրական է պատասխանել։ Հոկտեմբերի 10-ի Խուռհատ սարի դեպքերից հետո Ռաֆայել Սահակյանն ընկնել է շրջափակման մեջ․ «Հոկտեմբերի 11-ին ես խոսել եմ 9-րդ եւ 1-ին ՊՇ հրամանատարների հետ, խոսել եմ Արցախի ԱԻՊԾ–ի պետի հետ, որ մարդ ուղարկեն, էրեխեքին շրջափակումից դուրս բերեն, Արցախի ԱԻՆ–ը 2 ուղղությամբ գնում է․ մեկը՝ «9 կմ» կոչվող տարածք, մյուսը՝ Խուռհատ սարի տարածք, առաջին ուղղությամբ որ գնում են, դիվերսիա է լինում, երկրորդով էլ չեն գնում»։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան, Ռաֆայելը զանգել է մորը, ասել, որ նույն տեղում շրջափակման մեջ են, իր հետ կան տասնյակից ավելի զինվորներ, որից 7-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Դա եղել է վերջին խոսակցությունը․ «Դրանից հետո ես խոսեցի Գարիկ Վարդերեսյանի հետ, ասաց, որ էլ կապ չունի այդ գումարտակի հետ, Հայրիյան Արոյի հետ խոսեցի, ասաց՝ ես նոր եմ նշանակվել, որեւէ բան չգիտեմ, սրա մոտ էլ է եղել հեռախոս (դարձյալ ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․), կապի մեջ եղել է ու շատ լավ իմացել է՝ էրեխեքին ուր է տանում»։ Նոյեմբերի 11-ից Վարդուհի Մանուկյանը եղել է Արցախի Հերհեր գյուղում, զինծառայողներից հետաքրքրվել իր որդու մասին․ «Հադրութի ու Ջրականի էրեխեքն էին հավաքվել, խոսել եմ իրենց հետ, չեմ ասել, որ Ռաֆոյի մայրն եմ, ասել եմ, որ բարեկամն եմ, որ կարողանամ ինֆորմացիա ստանալ․․․ Վահանյանից էին շատ խոսում, ասում, որ թիվ մեկ մեղավորը ինքն է, իր վիրավորումը ոչ մեկը չի տեսել, ինքը թողեց, փախավ, բայց նաեւ ասում էին՝ արել է էն, ինչ հրամայել են»։ Բենիկ Գալստյանի խոսքով՝ իր որդու դին 6-7 ամիս եղել է Կապանի դիահերձարանում, մինչդեռ նրա զինգրքույկը Խոջալուից է հայտնաբերվել Բենիկ Գաբրիելյանը զոհված Արման Գաբրիելյանի հայրն է։ Վերջինս պատերազմի ժամանակ եղել է 2 ամիս 10 օրվա զինծառայող։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 3-ին է հնարավորություն ունեցել խոսել որդու հետ, որի ժամանակ որդին ասել է՝ նահանջ տալով՝ մեզ բերում են մեր սպաները։ Լուսանկարում՝ Բենիկ Գալստյանը Հոկտեմբերի 5-ից հետո կապը կորել է․ «Թալինցի մի տղա կար՝ Աշոտ անունով, նրան բերել էին Մուրացանի հոսպիտալ, նա է ասել, որ իմ տղան է իրեն վիրավոր հանել․․․ Ասել է, որ Հադրութի դպրոցից իրենց տարել են դիրքերը քանդած տեղը՝ այդ սարը, դիրքավորվել են, մեր էրեխեքը վիրավոր են մնացել թե զոհվել են՝ չգիտեմ, իրենց հետի տղերքը՝ շարքայինից մինչեւ գեներալ, փախել են, մեր էրեխեքին չեն օգնել, բոլորը պիտի պատասխան տան, միայն ինքը չէ (ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․)․․․ Դրանից հետո Հայկազի հետ եմ մի քանի անգամ խոսել, ասաց՝ տղերքը մնացել են շրջափակման մեջ, ի՞նչ անեմ, քաշեմ գրանատը, ինձ պայթացնե՞մ, որ ծնողներից պրծնեմ․․․ Բոլորը պիտի պատասխան տան, դատարանին խնդրում եմ»։ Գալստայնը հայտնեց, որ իր որդու զինվորական գրքույկը գտել է Խոջալուից, մինչդեռ նրա մարմինը 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում․ «Խի՞ պիտի մնար, թող մի հատ թուղթ գրեին, թողնեին վրան, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»,– հուզված ասաց ծնողը։ –Իսկ տեղյա՞կ եք՝ ինչ է տեղի ունեցել, որ Ձեր որդին․․․,– փորձեց հետաքրքրվել հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ –Պատերազմ է տեղի ունեցել, եսիմ․․․ Սարից թողել, փախել են, էդ էրեխեքը մնացել են մենակ․․․«Շուշին գրավված է, պատերազմն էլ ավարտված է» Հարցաքննված մյուս իրավահաջորդը Ռուստամ Այվազյանն էր՝ զոհված Արտաշես Այվազյանի հայրը։ Նա պատմեց, որ պատերազմի լուրն իմանալով՝ արտերկրից շտապել է Հայաստան, խոսել որդու հետ։ Ամեն զանգի ժամանակ որդին ասել է՝ ամեն ինչ նորմալ է, շատ բան չի հայտնել։  Լուսանկարում՝ Ռուստամ Այվազյանը Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել է հոկտեմբերի 16-ին․ «Մի րոպե երեւի չենք խոսել, ասաց՝ 6 օր ա՝ ոչ մեկը չի եկել, մենք շրջափակման մեջ ենք, չի ասել՝ որտեղ, հարցրել եմ՝ որտեղ ես, գանք, ասել է՝ չէ, դու դժվար էլ հասնես էստեղ։ Հարցրել եմ՝ քանի՞ հոգի եք, ասել է՝ մոտ 20 հոգի, հարցրել եմ՝ սպա կա՞, ասել է՝ չէ, ունենք մի վիրավոր սերժանտ՝ Հարութը»։ Այվազյանը ցավով հայտնեց, որ իրենք վստահ էին մեր սպաների վրա եւ չէին կարծում, թե նորակոչիկներին կթողնեն բախտի քմահաճույքին․ «Զանգել եմ Քարամյան Արթուրին, ինձ ասել է՝ հարցեր մի տվեք, ես չգիտեմ, զանգեք Հայրիյան Արայիկին, զանգել եմ նրան, չի պատասխանել, հետո զանգել եմ փոխգնդապետ Մկրտչյան Աշոտին, հետո գնացել եմ Հերհեր գյուղ․․․ Ասել են՝ որդիդ անհայտների մեջ է, բայց երկու հոգի դուրս է եկել, հեսա էլի դուրս են գալու, տենց հեքիաթներ․․․»։ Ծնողի խոսքով՝ նոյեմբերի 23-ին Հարութ Կարախանյանը զանգել է «Ղարաբաղ տելեկոմ», ասել, որ օգնություն է պետք, շրջափակման մեջ են, հաջորդ օրը զանգել է իր բարեկամի տուն, ընկերոջն է հարցրել, ասել են՝ ընկերը զոհված է, Հարութն ասել է՝ ուզում ենք Շուշիով դուրս գալ, ասել են՝ Շուշին գրավված է, պատերազմն էլ ավարտված է»։ Նոյեմբերի 27-ի առավոտյան Ռուստամ Այվազյանը գնացել է Արցախ, վերադարձված դիակների մեջ ճանաչել իր որդուն։ Դավիթ Ներսեսյանի խոսքով՝ սպաները զինվորներին ասել են՝ ձեզ տանում ենք կայֆոտ տեղ Հարցաքննված մյուս իրավահաջորդը Դավիթ Ներսեսյանն է՝ զոհված Կարեն Ներսեսյանի հայրը․ «Իմ միակ տղան էր, դպրոցն ավարտեց, ընդունվեց համալսարան, ես գրագետ զինվոր ուղարկեցի բանակ, վերջում ապացուցեցին, որ ոչ միայն գրագետ էին, այլեւ հերոսներ են»։ Լուսանկարում՝ Դավիթ Ներսեսյանը Ներսեսյանը որդու հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 15-ը, երբ որդին արդեն Հադրութի Վանք գյուղում է եղել՝ շրջափակման մեջ․ «Որ չէին զանգում, մեզ ասում էին՝ էրեխեքին պահել են բունկերում, մալադոյներին չեն տանում պատերազմ, նույնիսկ սպաներն ասել են՝ ձեզ տանում ենք կայֆոտ տեղ․․․ Մինչեւ դեկտեմբերի 27–ը մեր էրեխեքը մնացին շրջափակման մեջ, ոչ մեկը չգնաց օգնության, բա թե ես տեղյակ չէի, այնինչ բոլոր ծնողները տեղյակ էին, խոսում էին, որ անտառներում զինվորներ կան»։ Ծնողի խոսքով՝ եթե Վահանյանը կարողացել է փրկվել, ապա կարող էր նաեւ զինվորներին փրկել․ «Բայց մենակ ինքը չէր կարող մեղավոր լիներ, դժվար թե էսքան զորք իրեն ենթարկվեր»։ Նա դատարանին խնդրեց Վահանյանին դատապարտել կամ ցմահ ազատազրկման, կամ գնդակահարության։   Հարցաքննված մյուս ծնողների ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ Գլխավոր լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Միլենա Խաչիկյան
16:47 - 10 մարտի, 2023
«Խոստացան զինվորներին հանել շրջափակումից, բայց բոլորը խաբեցին»․ զոհված Դավիթ Ադոյանի մայրը հարցաքննվեց դատարանում

«Խոստացան զինվորներին հանել շրջափակումից, բայց բոլորը խաբեցին»․ զոհված Դավիթ Ադոյանի մայրը հարցաքննվեց դատարանում

Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ Արկադի Ադոյանի խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որ տեղյակ են եղել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի՝ շրջափակման մեջ ընկնելու հանգամանքին, զինծառայողների ծնողներին սին հույսեր տալով եւ խաբելով՝ չեն կարողացել եւ չեն ցանկացել որեւէ բան անել նրանց փրկելու համար։ Արկադի Ադոյանը 5-րդ գումարտակի շարքային զինծառայող, զոհված Դավիթ Ադոյանի հայրն է, որը նման ցուցմունք է տվել 2021 թ․–ին՝ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ հիշատակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, ՊԲ եւ ՊՆ միջին եւ բարձրագույն սպայակազմի, մի շարք այլ պաշտոնյաների անուններ։ 2021 թ․ սեպտեմբերի 7-ին Արկադի Ադոյանը մահացել է։  Այժմ նրա կինը՝ Լիլյա Սարգսյանն է հանդիսանում որդու՝ Դավիթ Ադոյանի իրավահաջորդը։ Սարգսյանը երեկ հարցաքննվեց Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ հրապարակելով ամուսնու ցուցմունքն ու պատմելով որդու եւ նրա ծառայից ընկերների մարտական պատմությունը։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո նորակոչիկների անձնակազմը մի քանի սպաների հետ չկանոնակարգված նահանջ է իրականացրել, ինչի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ հաջողվել է թաքնվել անտառներում, հարակից գյուղերի տներում, բայց ցավոք՝ ժամանակավորապես։ Դավիթ Ադոյանը Վանք գյուղի տներից մեկում թաքնված խմբի զինծառայողներից է եղել։  Լիլյա Սարգսյանը դատարանում պատմեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 17–ին, ծառայությունից երբեք չի բողոքել․ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 6։41–ին, ես խոսել եմ հետը, եւ մտքովս անգամ չի անցել, որ դրանից 20-30 րոպե հետո պատերազմ է սկսվելու»։ Այդ օրը որդուն որքան զանգել են, անհասանելի է եղել, հաջորդ օրը նա է զանգահարել այլ համարով, բացատրել՝ իր հեռախոսը դրել է լիքցավորման եւ այդպես էլ չի վերցրել․ «Օրը մեկ անգամ զանգել է ինձ, եղբայրներին, հորը, ասել՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է, չանհանգստանաք, բայց մարտական ուղու մասին ընդհանրապես ոչինչ չենք իմացել»։ Լիլյա Սարգսյանի խոսքով՝ երբ հոկտեմբերի 8-ին որդին հերթական անգամ զանգահարել է, հեռախոսի էկրանին գրվել է Հադրութ․ այդպես են իմացել նրա Հադրութ տեղափոխվելու մասին․ «Այսինքն՝ դա բջջային հեռախոսի համար չէր, Հադրութի դպրոցի համարն էր, հարցրի՝ Հադրութո՞ւմ ես, ասաց՝ քեզ ո՞վ է ասել, ասացի՝ գրել է հեռախոսիս վրա»։ Դրանից հետո մինչ հոկտեմբերի 13-ը մայրն անհանգիստ է եղել․ որդու հետ կապը դարձյալ կորել է։ Հետագայում պարզվել է, որ այդ ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին է Դավիթը վիրավորվել, ծառայակից ընկերների հավաստմամբ՝ այդպես դիմանալով մոտ 18 օր․ «Վերջին անգամ ես իր հետ խոսել եմ հոկտեմբերի 13-ին, ասացի՝ վիրավո՞ր ես, ասաց՝ չէ, բայց ես ձայնը չէի ճանաչում, ոնց որ խոսեի ոչ թե 18 տարեկան, այլ 40 տարեկան մեծ տղամարդու հետ»։ Լիլյա Սարգսյանը դատարանում ընթերցեց իր ամուսնու ցուցմունքը (այսուհետ՝ շեղատառերով գրվածը)` հրապարակելով բոլոր այն պաշտոնատար անձանց անուններն ու հեռախոսահամարները, որոնք ծնողներին ասել են, թե զբաղվում են շրջափակումից զինվորներին դուրս բերելով․ «Որդիս ծառայել է Ջրականի զորամասում, կորոնավիրուսի պատճառով չեմ կարողացել մեկնել նրա երդման արարողությանը, հեռախոսակապով կապի մեջ էի, սեպտեմբերի 27–ի առավոտյան զանգել եմ, անհասանելի էր, կապվել եմ Գարիկ Վարդերեսյանի հետ, որը հանդիսանում է 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը (պատերազմի ժամանակ նշանակվել է հիշյալ գումարտակի հրամանատար, նույն ընթացքում ազատվել այդ պաշտոնից,–հեղ․), Գարոն ասաց՝ ապահով տեղում են, չանհանգստանաք, հենց հնարավոր եղավ, կզանգեն․․․ Հոկտեմբերի 1-ին դարձյալ կապվել եմ Գարոյի հետ, ասաց՝ ցրված են, բայց չանհանգստանաք, հավաքում ենք ինչ–որ տեղ․․․ Հոկտեմբերի 12-ի երեկոյան տղաս զանգեց շատ կոշտ, մրսած ձայնով, չհասկացա, որ իմ տղան է, հեռախոսը անջատեցի, նորից զանգեց, ասաց՝ պա՛պ, ես եմ, հարցրի՝ ի՞նչ է եղել ձայնիդ, ասաց՝ շրջափակման մեջ են, անտառում են, ինքը եւ իր 4 ընկերները վիրավոր են, ասաց՝ հորդորել են առողջ ընկերներին, որ իրենց թողնեն, գնան, չեն համաձայնել, ասաց նաեւ՝ կապվել են հրամանատարների, գեներալների հետ, բոլորը խոստացել են գալ եւ օգնել,  բայց արդեն չեն հավատում, արդեն երկրորդ օրն է՝ ոչինչ չեն անում, ասաց՝ եթե կարող եմ, կապվեմ, որ ինչ–որ բան անեն։ Խառնված զանգել եմ Վարդերեսյան Գարիկին, անհասանելի էր, հաջորդ օրը հավաքել եմ այն համարը, որով զանգել էր տղաս, կեսօրին կապի է դուրս եկել մի տղա եւ ասել, որ անունը Հարութ է, սերժանտ Հարութ Կարախանյանն է եղել (այն սերժանտն է, որը Վանք գյուղ գնացած խմբի հետ է եղել, եւ որի միջոցով են շատ ծնողներ կապի մեջ եղել իրենց որդիների հետ, հետագայում նա նույնպես զոհվել է,–հեղ․), խնդրել եմ հեռախոսը փոխանցի որդուս․․․ Տունը, որտեղ մնացել են, եղել է  երկհարկանի, ծանր վիրավորներին պահել են նկուղում, իսկ ոչ վիրավոր տղաները անընդհատ հսկողություն են սահմանել երկրորդ հարկում, որ հակառակորդը չմոտենա․․․ Սերժանտը փոխանցել է որդուս, որդիս ասել է՝ ամեն բան կարգին է, եկել ենք Վանք գյուղ, կապվել հրամանատարների հետ, գաղտնաբառ փոխանցել, խոստացել են գալ, փրկել, բայց․․․»  Լուսանկարում՝ Լիլյա Սարգսյանը, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Ընդհատելով ցուցմունքը՝ Լիլյա Սարգսյանն իր կողմից ավելացումներ արեց․ –էրեխեքը շատ վիրավորված էին անգամ մեզնից, որովհետեւ․․․ Ես հիշում եմ՝ էրեխես ասաց՝ գեներալներին ասում ենք, ասում են՝ ոչինչ չենք կարող անել, դիմեք Կարմիր Խաչին։ Ես չգիտեի, որ հայկական բանակում նման կիրթ գեներալներ ունենք, որ պատերազմի ժամանակ պետք է դիմեինք Կարմիր Խաչին, որ գային, զինվորներին հանեին։ Անընդհատ խաբել են․․․ Երբ ամուսինս հոկտեմբերի 16-ին զանգել է, Հարութը կոպիտ է խոսել, ասել է՝ չեմ փոխանցի, ամուսինս մտածել է՝ Դավոն չկա, նա էլ ասել է՝ որ չլիներ, կասեի։ Էրեխեքն էլ են էդ օրերին ինչ ապրումներ ասես, տեսել, վիրավորված, նեղացած են եղել, իմ որդին, որ կյանքում հոր մոտ հայհոյանք չի տվել, հայհոյանքով ասել է՝ ամեն օր մեզ խաբում են, – հուզված ձայնով պատմեց տիկին Լիլյան, ապա շարունակեց ընթերցել ամուսնու խոսքերը․ «Ռազվետկայից ոմն Էրիկ ասել է, որ իր կարծիքով՝ էրեխեքը թուրքի ձեռքն են եւ խոսում են նրանց հրահանգով, չեմ հավատացել, քանի որ մեկ օր առաջ խոսել եմ որդուս հետ, եւ ամեն ինչ կարգին էր։ Գարիկի ասելով՝ ինքը իբր երեք օր կռվել է հրամանատարության հետ, եւ եթե թույլ տան ու խումբ տրամադրեն, ինքը 100 տոկոսով կհանի էրեխեքին։ Ես, քույրս եւ իմ փեսան գնացել ենք ՊՆ, ԳՇ, որտեղ հանդիպել ենք Ալիկ Բաբայանին, փոխգնդապետ Սլավիկին, նրանք վերցրել են տվյալները, ասել են կկապվեն Գարիկի հետ եւ հետախույզ տղաներ կուղարկեն, որ հարցը լուծեն։ Կես ժամ անց զանգել է Գարիկը, ասել է, որ ԳՇ–ից իրեն զանգել են, եւ էդ հարցը կլուծվի, էրեխեքը դուրս կբերվեն։ Վերջին խոսակցությունը որդուս հետ եղել է հոկտեմբերի 16–ին՝ ժամը 12։30–ին, ասել է՝ լույս է վառվելու, եւ սպասեն լավ բանի»։ Տիկին Լիլյան դարձյալ ընդհատեց ցուցմունքը, շարունակեց պատմել․   –Ոչ մի լուր չունենալով՝ հաջորդ օրը ամուսինս նորից զանգել է Գարիկին, նա էլ ասել է, թե Հարութը կապի է դուրս եկել, ասել՝ հակառակորդի շարժ են նկատել, տներից դուրս եկել, Գարիկը իբր հարցրել է՝ վիրավորներին իրենց հետ հանե՞լ են թե՞ թողել, Հարութն ասել է, որ վերջից ինքն է գնացել, այսինքն՝ էրեխեքը չեն թողել իրենց վիրավոր ընկերներին, էրեխեքը ավելի հայրենասեր են եղել, քան որոշ սպաներ, որ 200 էրեխու թողնում են, իրենք փրկվում․․․ Ես չգիտեի, որ պատերազմում էրեխեքն են ուղեկցում իրենց սպաներին․․․,– վրդովված ասաց մայրն ու շարունակեց կարդալ․ «․․․Հարութը Գարիկին ասել է, որ հրամանատար է ուզել, որպեսզի ուղղություն ցույց տան, հորդորեն գնալ հայկական մոտակա դիրքերը, Գարիկը տվել է Էրիկի համարը, Էրիկը ասել է, թե որ ուղղությամբ գնան, իրենց մարդ է սպասելու անտառում, ասել է՝ դա մի երկու օր կտեւի, քանի որ վիրավորներ կան, կրկին հավատացել եմ, սպասել եմ մինչեւ հոկտեմբերի 19-ը։ Այդքան ժամանակ Գարիկը ինձ չի ասել, որ իրեն ազատել են այդ գումարտակի հրամանատարի պաշտոնից, միայն այդ օրն է ասել, բայց ասել է՝ եթե իրեն հրահանգեն, ինքը կգնա, դուրս կբերի էրեխեքին։ Այդ օրվանից խոսել եմ Հայկազ Գրիգորյանի, Արսեն Ղարիբյանի (նահանջած եւ փրկված սպաներից են,–հեղ․), Նորայր Միրզոյանի հետ (զոհվել է,–հեղ․), վերջինս տվել է Արցախի ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Բեջայանի հեռախոսահամարը, հայտնել եմ խնդրի մասին, ասել է՝ տեղյակ են, ում պետք է, կփոխանցի։ Խոսել եմ նաեւ Վահանյան Իշխանի հետ, ով նույնպես ասել է, որ տեղյակ է, գաղտնաբառը փոխանցված է, կատարվում են գործողություններ էրեխեքին փրկելու համար։  Խոսել եմ Արծրուն Հովհաննիսյանի հետ (Պն նախկին խոսնակն է,–հեղ․), ասել եմ, որ էրեխեքը էս վիճակում են, Ձեզ լուրերով տեսնում ենք, հավատում ենք ձեր խոսքին։ Ասել է, որ էրեխեքը ապահով տեղում են, չանհանգստանանք։ Խոսել ենք Կարեն Առստամյանի հետ (դիվիզիայի հրամանատարն էր,–հեղ․), ասել է՝ ամեն ինչից տեղյակ է, դրանով զբաղվում են։ Խոսել ենք նաեւ հարավային կողմի գեներալ Դավիթ Մանուկյանի հետ, որը նույնպես վստահեցրել է, որ տեղյակ է, խումբը կազմված է, ամեն ինչ անելու են, որ էրեխեքին հանեն, բայց բոլորն էլ խաբեցին։ Այդքանից հետո նոյեմբերի 23–ին գնացել եմ ԳՇ, հանդիպել Օնիկ Գասպարյանին, խնդրել եմ կապվի Մուրադովի հետ (Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին ղեկավարն է,–հեղ․), որ նա միջանցք բացի, էրեխեքին հանեն, քանի որ բացի մեր էրեխեքից կային նաեւ այլ զինվորներ։ Կապվել է, ասել այդ մասին, Մուրադովն էլ ասել է՝ ինքը նման իրավունք չունի, պետք է մեր առաջինը, այսինքն՝ վարչապետը, դիմի իրենց առաջինին՝ Պուտինին, որն էլ հրաման տա, որ կարողանան այդ գործողությունը կատարել»։  –Դե երեխա էին էլի, թող զոհվեին,– ասաց ծնողը՝ նկատի ունենալով, որ երեւի այդպես են մտածել պատասխանատուները,– Մեզ էդքան ասում էին՝ մի՛ կապվեք, ես էլ էի մտածում՝ էդ զանգով գուցե հրամանատարներին վնաս տամ, էրեխեքին վնաս տամ, որ հանկարծ էդ տեղանքը հակառակորդը չիմանար, շատ չէինք զանգում՝ հավատալով, որ հեսա հանում են։  «Նոյեմբերի 25–ի լույս 26–ի գիշերը ծնողների հետ գնացել ենք Արցախ, տեսել ենք Սաշային՝ Հարութի հորը, որը պետք է ներգրավվեր որոնողական աշխատանքներում։ 27-ի առավոյան, երբ պետք է շորեր ստանայինք, ԱԻՆ աշխատակիցները մեզ ասացին՝ դիակներ են բերել Ստեփանակերտի մորգ, գնանք, տեսնենք՝ մեր էրեխեքն են թե ոչ։ Գնացինք, տեսանք՝ դիակներից 2-ը թարմ խփված, մյուսները կլինեին 20-25 օրվա, սկզբից նայեցինք, չճանաչեցինք, դուրս եկանք։ Ռուստամն ասաց (զոհված Արտաշես Ռուստամյանի հայրն է,–հեղ․)՝ սպասեմ՝ ծխի, նոր գնանք, 20 րոպե սպասեցի, տեսնելով, որ չի գալիս՝ հետ գնացի, տեսա՝ առաջին դիակը շրջել են, հարցրի՝ այս ի՞նչ եք անում, քննիչներն ասացին՝ Ռուստամը ճանաչել է որդու դիակը։ Երկրորդ զոհվածը ալավերդցի Լուսինե Համբարձումյանի որդին էր։ –Պատերազմից հետո խփված դիակներն են, պարո՛ն դատավոր,– ընդգծեց Լիլյա Սարգսյանը։ «Ռուստամը որդու դիակի հետ եկավ Երեւան։ Ուշանալով որոնողական աշխատանքներից եւ անիմաստ համարելով՝ երեկոյան վերադարձել եմ ՀՀ, ցանկացել հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն չի ստացվել, եւ միայն դեկտեմբերի 20–ին եմ հանդիպել, որի ժամանակ նա ասել է՝ ամեն ինչ անում են այդ ուղղությամբ»։ –Ամուսինս չի ասել, ես ասեմ՝ նոյեմբերի 23-ին, երբ նա Օնիկի մոտ է լինում, դուրս գալիս ասում է՝ սպասի–սպասի, էդ պահին զանգ է տալիս, էրեխեքը զանգել են Ղարաբաղ տելեկոմ, ասել՝ մենք կանք, ամուսինս եկավ, մենք էլ ոգեւորված, որ էրեխեքը կան, հույս ունենք, որ պիտի փրկվեն, բայց․․․ էնքան մարդու ենք զանգել, պարո՛ն դատավոր, ես դեռ շատ քչերի անուններն եմ ասում, ես անգամ Վահանյանի հետ եմ խոսել, երբ նա իբր վիրավոր էր, ում զանգում էինք, մեզ թվում էր՝ մեր աստվածներն են, ասաց՝ ես լավ չեմ, բայց ձայնը լավ էլ առույգ էր, կուլտուրայից ելնելով՝ նույնիսկ ասացի՝ հարգելի՛ պարոն սպա, ձեզ առողջություն, մտածում էի՝ մարդը իսկապես հայրենիքի համար վիրավորվել է, պիտի գնա, հասնի էրեխեքին․․․ Ինքը ասաց՝ էրեխեքը շրջափակումից դուրս են եկել, բայց տեղս չասեք, ինքը չի կարող դա հերքել, ասաց՝ որ ծնողներն իմանան տեղս, գլուխս կջարդեն, ի՞նչի է դա ասել, եթե էդքան հայրենասեր, չփախած տղա է, հիմա էլ․․․ Քոռանամ ես, քոռանա ինքը, սենց նստած է, անմեղ տեղը դատում են․․․– ասաց հուզված ծնողը,– Խոսել ենք նաեւ Ջալալ Հարությունյանի հետ, Պարգեւ Սրբազանի հետ, խոսել ենք Հայաստանի եւ Արցախի բոլոր բարձր պաշտոնյաների հետ, բոլորն ասում էին՝ տեղյակ ենք, հանելու ենք, բայց արդյունքում, էրեխեքին ասում են՝ վիրավորներին գլխից խփեք, գնացեք (թե կոնկրետ ով է նման բան ասել, ծնողը չգիտեր,–հեղ․), իսկ երբ ամուսնուս երկու հետախույզ հեռախոսով ասել են, որ Դավիթս վիրավոր է, մտնենք հանենք, ամուսնուս պատասխանը եղել է՝ կամ բոլորին, կամ ոչ մեկին։ «Նոյեմբերի 13-ին գնացել եմ Արցախ՝ էդ հավատով, որ էրեխեն կա, հանել են, հասել ենք Հերհեր, մեր էրեխեքին տեսել, կապ չունի՝ իմ էրեխեն մեջն էր թե չէ, մեր էրեխեքն էին․․․ Էնտեղ տեսանք, որ Դավիթս անհայտների ցուցակում էր»։ –Այնինչ Վահանյանի ասելով՝ շրջափակումից դուրս են եկել։ Ես իմ մեծ տղայի հետ էի, բա որ հանկարծ էդ էրեխես էլ․․․ Մի ժամ առաջ Գիշի գյուղի մոտ գերի էր վերցրել հակառակորդը, հիմա անընդհատ փառք եմ տալիս, ասում եմ՝ երեւի էդ պահին գոնե Աստված մեր կողմն էր»։ –Երբ այդ 6 էրեխեքը դուրս են եկել շրջափակումից (այդ մասին Արցախի ԱԻՊԾ–ն հայտնել է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին), ամուսինս մեկնել է Ստեփանակերտ, իրենք են Դավիթի մարմնի տեղն ասել․․․ Ողջ ընթացքում Դավիթը չի կարողացել շարժվել, Արսեն Ղարիբյանը, որ նրա անմիջական հրամանատարն էր, ասում էր՝ հրետանի է խփել, ի՞նչ հրետանի, բժշկական թղթերի մեջ կա, որ նռնակից ձախ ոտքը փշրվել է (արյան վարակ է ստացել, ինչից էլ մահացել է–հեղ․), ընկերները ադյալով են տեղաշարժել, ու որ մնացածը փախել են դեպի նեքեւ, որդուս ընկերները՝ Արտաշը, Սուրենը, Կարենը, էն էրեխեքը, որ էդ խմբում եղել են, քաշել են վիրավորներին անտառ, այսինքն՝ չեն թողել վիրավորներին, փախել, ու տենց էդ էրեխեքն էլ մահացան, կարող էին փրկվել, փախչել ոմանց նման, բայց գերադասել են իրենց ընկերների կողքին մնալ ու անընդհատ պահել․․․ Ցավս էն է, պարո՛ն դատավոր ջան, որ եթե էս էրեխեքի գլխին լինեին իրական սպաներ, մենք էդ հողերն էլ չէինք տա, էդքան զոհ էլ չէինք ունենա, ստեղից–էնտեղից, պատի ծակից ընկածները գնացել են ու սահման են պահել, ու մենք մեր էրեխեքին երկու տարով․․․ Հարգելի՛ պետություն, ես իմ էրեխուն քեզ եմ վստահում, եւ թույլ չեք տալիս ծնողը խառնվի․․․ Վստահել եմ քեզ, ու՞ր է էրեխես,– դիմելով Վահանյանին՝ հուզված ասաց ծնողը։  Վահանյանը որեւէ կերպ չարձագանքեց, անգամ հայացքը չբարձրացրեց փաստաթղթերից, որոնք լուռ թերթում էր ողջ հարցաքննության ընթացքում։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը «․․․Ես եղել եմ նաեւ Ստեփանակերտում եւ լսել եմ, որ երբ Սաշան Արայիկ Հարությունյանին (Արցախի նախագահ,–հեղ․) ասել է, որ անտառում կա 300 զինվոր, Աղաբեկյան Արթուրը (Արցախի նախագահի գլխավոր խորհրդականն է եղել,–հեղ․) ասել է, որ խոսքը ընդամենը 60 զինվորի մասին է, ինչ եք խառնվել իրար, եղածը 60 զինվոր է, ով զոհվել, զոհվել է, ով էլ ողջ է, կհանենք, կարծես մեր էրեխեքի կյանքը ոչինչ չարժեր նրա համար, եւ երբ ծնողները փորձել են բացատրություն ստանալ այդ խոսքերի համար, նա փախել է։ Այս ամենը հետեւանք էր նրա, որ այսքան գեներալներ, հրամատարներ, պաշտոնյաներ, ԳՇ պաշտոնյաներ, մեկը մյուսին խաբելով, հեռախոսի միջոցով հարցեր էին լուծում, հույս էին տալիս ինձ եւ ինձ նման ծնողներին․․․ Եթե չէին անելու, թող ասեին՝ պատերազմ է, խառն ենք, ձեր գլխի ճարը տեսեք, մենք էլ գիտեինք՝ ինչ կանեինք․․․․ Մեր էրեխեքը տվեցին իրենց ամենաթանկը, կյանքը, բայց մեր պետական պաշտոնյաները եւ պատկան մարմինները, պատասխանատուները ոչինչ չկարողացան եւ չցանկացան անել մեր էրեխեքին հանելու համար, այլ իրենց անպատասխանատու եւ անգրագետ քայլերով մեր երեխաների ճակատագիրը որոշեցին»։ 2020 թ․ դեկտեմբերի 25-ին շրջափակումից փրկված սպա Վազգեն Վարդանյանը ռուս եւ ադրբեջանցի զինծառայողների ուղեկցությամբ դուրս է բերել Դավիթ Ադոյանի դին։ Նա հուղարկավորվել է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին․ –Ես չեմ ամաչում ասել՝ ամենամեծ մեղավորը մենք ենք՝ ծնողներս, որ իմ էրեխուն ուղարկել եմ բանակ։ Լիլյա Սարգսյանը դատավորին խնդրեց որպես ՀՀ ազնիվ քաղաքացի Իշխան Վահանյանին դատել «ամենաբարձր ձեւով»։   Հարցաքննված մյուս ծնողների ցուցմունքները՝ այստեղ Միլենա Խաչիկյան
13:06 - 10 մարտի, 2023
«Մեր տղաներին տարել են մսաղացի»․ Խուռհատ սարի գործով սկսվեց տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը

«Մեր տղաներին տարել են մսաղացի»․ Խուռհատ սարի գործով սկսվեց տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ ժամեր շարունակ հարցաքննվեցին նույն գումարտակի զոհված զինծառայողների ծնողները։ Թեեւ վկաների հարցաքննության փուլը դեռ չի ավարտվել, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը որոշել է փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը, քանի որ մնացած վկաները Արցախի Հանրապետությունում են եւ փակ ճանապարհի պատճառով դատարան ներկայանալու հնարավորություն առայժմ չունեն։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է սարում մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Հարցաքննվող ծնողները մեղադրանքի դրվագի մասին տեղեկություններ գրեթե չունեին, նույնիսկ նշեցին՝ պատերազմի օրերին չեն էլ իմացել, որ Վահանյանն է գումարտակի հրամանատար նշանակվել։ Փոխարենը նրանք պատմեցին, թե ինչ հանգամանքներում են իրենց նորակոչիկ, անգամ զինվորական երդում չտված որդիները հայտնվել Հադրութում, ընկել շրջափակման մեջ, ապա՝ զոհվել։  Գեղամ Ղազարյանի խոսքով՝ հին զինծառայողները բարձր հրամանատարությանը փորձել են համոզել, որ նորակոչիկներին Խուռհատ չտանեն Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանի երկու որդիները մասնակցել են պատերազմին։ Մեծ որդին՝ Սամվել Ղազարյանը, մեկուկես տարվա զինծառայող է եղել, փոքրը՝ Նարեկ Ղազարյանը՝ երկու ամսվա։  Գեղամ Ղազարյանը պատմեց, որ հոկտեմբերի սկզբին եղբայրները Հադրութում հանդիպել են իրար, զանգել տուն, ասել՝ մամ ջան, մենք գտանք իրար, սակայն դա նրանց վերջին հանդիպումն է եղել․ «Իմ մեծ տղան մոտեցել է Գարիկ Վարդերեսյանին (Վահանյանից առաջ նա է եղել գումարտակի հրամանատարը,–հեղ․), ասել՝ իմ ախպերը նորակոչիկ է, կամ գալիս է իմ հետ, եթե զոհվելու ենք, իրար հետ զոհվենք, կամ մեկնումեկս պիտի գնա, հասնի մեր հորն ու մորը։ Գարիկն ու նույն այս սրիկան (ձեռքով ցույց է տալիս Իշխան Վահանյանին,–հեղ․) ասել են՝ չէ, դու գնա, մենք նորակոչիկներին տանում ենք ապահով տեղ, բայց խաբում են․․․ Իմ տղան էդ օրն ասաց՝ պա՛պ, եթե իմ ախպերը տուն չեկավ, ես էս երկուսին էլ գյուլլելու եմ․․․ Եթե ես իմանայի․․․ Հենց էդ օրն էլ կասեի՝ գյուլլի»։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը Ղազարյանի խոսքով՝ հին զինծառայողները բարձր հրամանատարությանն էլ են փորձել համոզել, որ նորակոչիկներին առաջնագիծ չտանեն․ «Ասել են՝ ավելի լավ է՝ մենք գնանք դիրքեր, քան նորակոչիկները, որովհետեւ իրենք զենք–զինամթերքի չեն տիրապետում, բայց վերնախավն ասել է՝ տանում ենք ապահով տեղ, հեսա տեխնիկա էլ են բերելու, այնինչ խաբել են, ամսի 9–ին նստեցրել են ավտոները, տարել են սարը, ու գիտեք՝ ինչ է կատարվել»։ Հետագայում Ղազարյանին պատմել են, որ այդ օրը մեծ որդին տեսել է, որ դպրոցին հարակից խանութի պատուհանները ՄՈԲ–ի անձնակազմը ջարդել է, ինչ ուզում, վերցնում է, եւ քանի որ զինծառայողները, մեկ այլ մարտադաշտից վերադարձած, արդեն մաշված հագուստով են եղել, մոտեցել, հարցրել են՝ կարո՞ղ են իրենք էլ զինվորական համազգեստներ վերցնել․ «ՄՈԲ–ն ասում է՝ բա դուք պետք է էս լավ ֆորմեքը հագնեք, տղերք ջան, էրեխեքը իրենց շորերը հանում են, նոր ֆորմաները հագնում, մի քանիսն էլ վերցնում, որ տանեն, տան տղերքին․․․ Էդտեղ գալիս է զամպալիտ Մանուկ Բադալյանը, զանգում է Գայի (Ճանապարհային ոստիկանություն–հեղ․), ասում՝ եկեք զինվորները խանութը թալանում են․․․ Ոստիկանությունը գալիս է, էրեխեքին շորերը հետ հանել է տալիս․․․ Մինչեւ էսօր ես իմ Սամոյի զինվորական գրքույկը գտնել չեմ կարողանում, որովհետեւ էդ նոր շորի գրպանն է դրած լինում․․․ Մանուկն ասում է՝ համբերեք, պատերազմը պրծնի, տեսեք՝ ձեզ ոնց եմ դատելու»,– հուզված պատմում է հայրը։ Փոքր որդու հետ Ղազարյանը վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է խոսել, Նարեկն ասել է՝ մեզ տանում են Սամոյենց մոտ։ Իրականում սակայն, եղբայրներն այդ օրը բաժանվել են․ Սամվելը մեկնել է Ջրական, Նարեկը՝ Խուռհատ սար։  Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, սարից նահանջ իրականացնելիս Նարեկը վիրավորվել է․ «էրեխեքը ուժեղ մարտ են վարել, մեկը մյուսի թիկունքը պաշտպանելով՝ իջել են, նահանջել դեպի Վանք գյուղ, երբ թշնամին նորից կրակել է, ինքն էլ է կրակել, ուզել է թռնել ձորը, չի հասցրել, փամփուշտը որովայնի հատվածում ծակել, դուրս է եկել․․․ 12 ժամ այդպես ապրել է»։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Նահանջած եւ առանց հրամանատար մնացած նորակոչիկները բաժանվել են խմբերի եւ տեղակայվել գյուղի տարբեր տներում։ Նախորդ դատական նիստի ժամանակ հարցաքննված վկա Կարեն Աբրահամյանը պատմեց՝ Նարեկն այդ տներից մեկում իր ձեռքերում է զոհվել։ Ծառայակից ընկերները մատնանշել են, թե որտեղ են թաղել նրան։ Պատերազմից հետո որոնողական աշխատանքներին միացած Գեղամ Ղազարյանը դեկտեմբերի 7-ին որդու մարմինը հանել է Վանք գյուղից։ Հոկտեմբերի 12-ին զոհվել է նաեւ Գեղամի մեծ որդին։ Ամիսներ շարունակ նրան Արցախում որոնող հայրն ի վերջո Աբովյանի դիահերձարանից է որդուն գտել․ ԴՆԹ համընկնում է եղել․ «Հերացու տնօերնն ասում էր՝ վախենում էինք քեզ ասել, քոնն երկու հատ էր․․․Եթե երկու եղբայր գտնվում են ռազմական գործողությունների մեջ, նրանցից մեկը պետք է գտնվի 100 կմ հեռու, այսինքն՝ մեկը պիտի գտնվեր մոտավորապես Գորիսում, ոչ թե առաջնագծում․․․ Բոլորը մեզ խաբեցին, փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ»,– վրդովվեց Ղազարյանը։ Հարցաքննության ավարտին զոհված զինծառայողների հայրը դատարանին խնդրեց՝ Իշխան Վահանյանին կամ դատապարտել ցմահ ազատազրկման, կամ ազատ արձակել․ «Ես իմ վրեժը իրենից պիտի լուծեմ, միայն իրենից չէ, իր պես փախած սրիկաներից», –ասաց նա։ Հրանտիկ Հարությունյանի խոսքով՝ իր որդին ոչ թե պատերազմի ժամանակ, այլ դրանից հետո է զոհվել Տուժողի իրավահաջորդ Հրանտիկ Հարությունյանը զոհված Հայկ Հարությունյանի հայրն է։ Հայկը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 22-ին, սկզբում ծառայել է «Մարտունի 2»-ում, հետո տեղափոխվել է Ջրական։ Պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 6-ը ընտանիքը տեղեկություն չի ունեցել որդուց, դիմել է հնարավոր բոլոր կառույցներին, բայց ոչ ոք ոչինչ չի ասել։ Հոկտեմբերի 6-ին Հայկը կապի է դուրս եկել, ասել, թե ամեն ինչ նորմալ է, իրենց ապահով տեղ են տարել․ թե որտեղ, չի նշել։ Հոկտեմբերի 8-ից կապը դարձյալ կորել է․ «Նորից դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, մինչեւ անգամ նախարարություն, ոչ մի օգնություն, մարդիկ չէին ցանկանում օգնել, մի բան գիտեին, թե կապ չկա ու վերջ, բայց թե ծնողները ոնց էին գտնում, կապ հաստատում․․․ Զարմանալու բան է․․․ Երեւի մտածված էին անում»։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Հրանտիկ Հարությունյանը Երբ կապը դարձյալ կորել է, Հրանտ Հարությունյանը ծանոթ մարդկանց միջոցով գտել է սպա Գարիկ Վարդերեսյանի հեռախոսահամարը։ Վերջինս էլ նրան է փոխանցել սերժանտ Հարութ Կարախանյանի հեռախոսահամարը։ Կարախանյանը այն սերժանտն է, որն այդ օրերին շրջափակման մեջ մնացած խմբերից մեկի հետ է եղել, եւ շատ ծնողներ նրա միջոցով են կապ պահել որդիների հետ։ Հետագայում Կարախանյանը նույնպես զոհվել է․ «Հոկտեմբերի 16-ին ես գնացի Գորիս, զանգեցի Հարութին, հարցրի՝ Հարությունյան Հայկը քո հե՞տ է, շշուկով ճշտեց, ասաց՝ հա, ասացի՝ ի՞նչ կլինի, տուր, խոսենք հետը, հեռախոսը անջատեց, չխոսեցինք էրեխու հետ»։ Դրանից հետո դարձյալ Գարիկ Վարդերեսյանից ծնողն իմացել է, որ որդին Վանք գյուղի տարածքում շրջափակման մեջ է։ Հարցրել են, թե իրենք ծնողներով ինչ կարող են անել, որ օգնեն տղաներին փրկել, ասել են, թե ամեն ինչ նորմալ է, իրենք զբաղվում են․ «Այդպես՝ մինչեւ հոկտեմբերի 19-ը․ էդ օրը ասացին՝ էրեխեքը զանգել են, ճանապարհ ենք ցույց տվել, որ դուրս գան, ընկել են հրետակոծության տակ․․․ Դե ծնող ես, դիմացիր»։ Ծնողներով հավաքվել են, նորից գնացել Պաշտպանության նախարարություն, որտեղ նրանց դիմավորել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, առաջարկել գրավոր ներկայացնել այն տեղեկությունները, որ ունեն իրենց որդիների մասին․ «Մենք էլ հավատացինք, մի շաբաթ էդպես տարան–բերեցին, ծնողները սկսեցին տվյալները տալ, բայց․․․ Մարդիկ ոչ մի բան չարեցին․․․Մեր էրեխեքին փրկելը խաղ ու պար էր»։ Հարությունյանի խոսքով՝ այդ ընթացքում՝ նոյեմբերի 23-ին եւ 24-ին, հիշյալ սերժանտ Հարութը զանգել է իր հորը, որ օգնություն խնդրի, հայրը տանը չի եղել, «Ղարաբաղ տելեկոմ»–ի օպերատորի հետ է խոսել․ «Ասել է՝ 15 հոգով մի տեղ ենք, 5 հոգով՝ մի տեղ, շուտ հասեք օգնության, պիտի հասնեին, փրկեին, բայց ոչ մի բան չարեցին, մատը մատին չտվեցին, հարգելի՛ դատարան, ոնց որ էդ զինվորները իրենց պետք չլինեին․․․ Հիմա ասում են՝ կապի միջոց չկար․․․ Կապի միջոցն ի՞նչ կապ ուներ, մարդը կապի է դուրս եկել, ինչի՞ չարեցիք ոչ մի բան»։ Դեկտեմբերի 27-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներն են տեղեկություն տարածել, թե իբր Հայաստանից ահաբեկիչներ են մտել Ադրբեջանի տարածք։ Կից հրապարակված լուսանկարներում Հարությունյանը ճանաչել է իր որդուն, դիմել Արցախի անվտանգության խորհրդի՝ այդ ժամանակվա քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Ի վերջո, 2021 թ․ հունվարի 3-ին այլ զինվորների մարմինների հետ որդու մարմինը վերադարձվել է հայկական կողմին։ Սարուբեկ Պետրոսյանի խոսքով՝ իր որդին իրեն ասել է, որ հրամանատարները թողել, փախել են Հարցաքննված մյուս ծնողը Սարուբեկ Պետրոսյանն էր՝ Սասուն Պետրոսյանի հայրը։ Սասունը Ջրական է զորակոչվել 2020 թ․ հուլիս ամսին։ Հոր խոսքով՝ նա սրտի առիթմիա ուներ, ինչով պայմանավորված՝ պետք է սահմանափակ ծառայություն անցներ։ Պետրոսյանը սեպտեմբերի 27-ին խոսել է որդու հետ, բայց մանրամասն չի իմացել, թե որտեղ են եւ ինչ են անում։ Օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, Հարություն Կարախանյանն է զանգել, փոխանցել որդուն․  «Ասաց՝ պապ ջան, մտել ենք շրջափակման մեջ, հարցրի՝ բա սպա չկա՞ ձեր մոտ, ասաց՝ չէ, բոլորը թողել, փախել են»։ Պետրոսյանի խոսքով՝ կոնկրետ Վահանյանի փախուստի մասին որդին նշել է, Հարութ Կարախանյանն էլ ասել է, թե նրա վիրավորման մասին լուրը սուտ է, որովհետեւ նա ավելի վաղ՝ «9–րդ կմ» կոչվող տարածքում է թեթեւ քերծվածք ստացել․ «Էրեխեն ասաց՝ կածանով իջել ենք ձորը, հիմա չգիտենք՝ դիմացից է թշնամի, թեւերից թե թիկունքից․․․ ՄՈԲ–ը թողել, հեռացել է, երբ իմացել է, որ Հադրութը թուրքերի ձեռքն է եղել, նույնն էլ Հադրութի սպեցնազը․ հրամանատարի հետ փախել է, մեր էրեխեքը մնացել են շրջափակման մեջ»։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Սարուբեկ Պետրոսյանը Պետրոսյանի խոսքով՝ Կարախանյանն իրեն պատմել է, որ երբ հավաքվել են Հադրութի դպրոցում, զորքն արդեն հոգնած, տանջված եւ հոգեբանորեն ընկճված է եղել, եւ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանը բարձր ղեկավարությանը, այդ թվում՝ դիվիզիայի հրամանատարին, ներկայացրել է, որ իր զորքը պատրաստ չէ, որ նորակոչիկներ են, որոնց պետք է ապահով տեղ տանել։ Այդ քայլը, ըստ ծնողի, մեկնաբանել են՝ ասելով, թե Վարդերեսյանը զինվորներին հրահրում է առաջնագիծ չգնալ, եւ նաեւ դրանով պայմանավորված են Վարդերեսյանին հեռացրել այդ պաշտոնին՝ փոխարենը նշանակելով Իշխան Վահանյանին։ Նրա տեղեկություններով՝ դպրոցում անգամ վիճաբանություն է եղել, զենք եք քաշել տղաների վրա, ասել՝ ով չգնա առաջնագիծ, ազգի դավաճան է․ «Աղաբեկյան Արթուրն էլ ասել է՝ գառներին տարեք․․․ Մենք ոչխար էինք, մեր 18 տարեկան ոսկե սերունդն էլ՝ գառներ»,– վրդովվեց ծնողը։ Հիշեցնենք՝ դատարանում ցուցմունք տալիս Գարիկ Վարդերեսյանը իր ազատումը պայմանավորել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հետ ունեցած խնդրով, ասել է՝ Առստամյանը նշել է, որ ինքն ի վիճակի չէ խնդիր կատարելու։ Կարեն Առստամյանը դա պայմանավորել է նրանով, որ հոկտեմբերի 3-ին եւ 4-ին Վարդերեսյանի հրամանատարությամբ առանց թույլտվության նահանջ է իրականացվել։ Դատարանում ծնողները, նաեւ սպա Ռյուրիկ Սեմյոնովը կարծիք են հայտնել, որ այդ նահանջը ճիշտ որոշում է եղել։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Շարունակելով իր ցուցմունքը՝ Սարուբեկ Պետրոսյանը նշեց՝ հեռախոսազանգի ընթացքում ինքն աշխատել է հանգստացնել տղաներին, հուշել, թե ինչպես պաշտպանվեն, ապա փորձել ՊՆ–ի եւ ԱԱԾ–ի միջոցով օգնություն ուղարկել․ «Գնացել եմ Գորիսի զինկոմիսարիատ, որտեղ գնդապետ Հովսեփյանին նկարագրել եմ տեղը, տվել էրեխեքի կոորդինատները, համարները, նա կապվել է ոմն Կոմիտաս Մուրադյանի հետ, սա էլ ասել է՝ բա ես հեսա կկապվեմ, մի քանի ժամից կհանենք էրեխեքին»։ Պետրոսյանը կապ է հաստատել նաեւ Հադրութի քաղաքապետի հետ, նա էլ է խոստացել՝ մի բան անել․ «Հաջորդ օրը ժամը 12-ին էրեխեն զանգեց, ասեց՝ գիշերը քաղաքապետը կապվել, ուղղություն է տվել, դուրս ենք եկել Վանք գյուղ, բայց պարզվել է՝ էդտեղ ոչ մեկը չկա, կողքի գյուղերում էլ թշնամին է»։ Սարուբեկ Պետրոսյանը որդու հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 14-ը։ Ասաց՝ վերջին զրույցի ժամանակ որդին բարկացած էր, ասում էր՝ բարձրաստիճան մի սպա ասել է՝ ձեր գլխի ճարը տեսեք, այ լակոտներ, վիրավորներին գլխից խփեք, թռեք։ Հարցին, թե ում էին մեղադրում զինվորները, Պետրոսյանը պատասխանեց՝ բոլորին՝ Իշխան Վահանյանից, վաշտի հրամանատարներից սկսած մինչեւ դիվիզիայի եւ ՊԲ հրամանատար․ «Ինչքան դռներ ծեծեցինք, ոչ մեկը ոչ մի բան, խաբեցին, ես այն եզրահանգման եմ եկել, որ սրա նման դավաճանները եւ հանձին իրեն մեր երեխաներին տարել են մսաղացի, դա դավաճանություն է եղել»։ Դեկտեմբերի 27-ին ադրբեջանական ալիքներում տարածված լուսանկարներից Պետրոսյանը ճանաչել է իր սպանված որդուն։ Նրա մարմինը նույնպես հունվարի 3-ին փոխանցվել է հայկական կողմին։ Օրեր առաջ ճողվածքի վիրահատություն տարած Ալբերտ Ստեփանյանին ուղարկել են մարտական առաջադրանքի Տուժողի իրավահաջորդ Գագիկ Ստեփանյանը զոհված Ալբերտ Ստեփանյանի հայրն է։ Ալբերտը պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ճողվածքի վիրահատության է ենթարկվել, գտնվել Ջրականի հոսպիտալում։ Հայրը կամավորագրվել, Ջրական է գնացել, մեկ ամսից ավելի ինքն էլ է մասնակցել պատերազմին․ «Ամսի 28-ին զանգեցի իրեն, Ջրական էի գնում, ասաց՝ ինձ բերել են Հադրութ, հարցրի՝ էդ վիճակում ո՞նց են բերել, տեղդ ասա, չասաց, ասացի՝ տեղդ ասա, որ քեզ գտնեմ հետո, ասաց՝ Տող գյուղում ենք, հոսպիտալի պես մի տեղ։ Ամսի 29-ին ես հասա Հադրութ, երեկոյան ինձ զանգեց, ասաց՝ մեզ տարան Ստեփանակերտ, ես էլ մտածեցի՝ տարել են թիկունք, ես կմնամ, կկռվեմ։ Մի գիշեր Ստեփանակերտում մնալուց հետո տեղափոխել են Խոջալուի հոսպիտալ, երկու օրից նորից բերել Տող գյուղ, ես էդ ժամանակ արդեն դիրքեր բարձրացած եմ եղել»։ Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել է հոկտեմբերի 6-ին, երբ նա դեռ Տող գյուղում էր։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 8-ին, թարախակալած վերքով Ալբերտին տարել են Հադրութ․ մորն է զանգել, այդ մասին ասել․ «Ամսի 12-ին էլ զանգել է Հարութի համարով, ասել՝ Վանք գյուղում ենք, շրջափակման մեջ, ամսի 15-ին նորից զանգել ենք, Հարութն ասել է՝ էլ էս համարին չզանգեք․․․ Մարդ եմ ճարել, որ կապվի Հարութի հետ, ասել են՝ շրջափակման մեջ են, բայց ամեն ինչ լավ է, էդ է եղել վերջին խոսակցությունը»։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Գագիկ Ստեփանյանը Դրանից հետո՝ նոյեմբերի 2-ին, հայրը վերադարձել է ՀՀ, ընկել նախարարությունների դռները, հիվանդանոցներով ու դիահերձարաններով անցել, որդուն չի գտել։ Դեկտեմբերի 10-ին վերադարձել է Արցախ, ընդգրկվել որոնողական աշխատանքներում․  «65-70 մարմին իմ ձեռքերով հանել եմ, բոլորն անճանաչելի էին, նույնիսկ 2 ողջ մարդ ենք հանել․․․ Դեկտեմբերի 27-ին ես ԼՂ–ում էի, ինձ զանգեցին, հարցրին՝ էդ ի՞նչ կրակոցներ են Հադրութում։ Ասեցի՝ ես Ղարաբաղ եմ, տենց բան չկա։ Սպայակազմին հարցրի, ասեցին՝ թուրքերն են խմել, ուրախությունից կրակել, բայց փաստորեն, ամսի 25–26–27-ին էրեխեքը մարտի են բռնվել, մենք թուրքական կայքերից ենք իմացել․․․ Անտառներով քիչ–քիչ նահանջել են Հադրութի Հակակու գյուղ․․․ Տան մեջ սնայպերով խփել են էրեխուն, բեկորային վնասվածքներ էլ կային, բայց հիմնականում սնայպերի խփած էր»։ 2021 թ․ հունվարի 3-ին Ալբերտի մարմինը նույնպես փոխանցել են հայկական կողմին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 9-ին։   Գլխավոր լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Միլենա Խաչիկյան
17:57 - 03 մարտի, 2023
«Հոսպիտալում Վահանյանը եկավ, պառկեց կողքիս կոյկին»․ Խուռհատ սարի գործով վկան մանրամասներ պատմեց

«Հոսպիտալում Վահանյանը եկավ, պառկեց կողքիս կոյկին»․ Խուռհատ սարի գործով վկան մանրամասներ պատմեց

#Կարճ_ասած Խուռհատ սարի գործով երեկ դատարան էր բերման ենթարկվել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի զինծառայող Մոնթե Պողոսյանը։ Նա միակն էր մինչ օրս հարցաքննված վկաներից, որը, մարտի ընթացքում վիրավորների հետ տեղափոխվելով Խնձորեսկի հոսպիտալ, նույն օրը այնտեղ հանդիպել է իրենց գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանին։ Վկան պատմեց, որ ի սկզբանե Վահանյանին չի մոտեցել, իսկ հաջորդ օրը, երբ նա տեղափոխվել է՝ իր կողքի մահճակալին պառկելու, շփվել են, նույնիսկ միասին ճաշարան գնացել, սակայն, ըստ վկայի, բուն պատերազմի մասին չեն խոսել, իրար չեն հարցրել, թե ինչ է պատահել, ինչպես են այդտեղ հայտնվել, ինչ բուժօգնություն են ստացել։ Չնայած դատավարության մասնակիցների հորդորներին՝ նա այդպես էլ չկարողացավ հիշել, թե այդ դեպքում ինչի մասին են խոսել, եւ ինչպես է դա հնարավոր։ Նա նաեւ նշեց, որ սարից իջնելիս վիրավորներին տեղափոխող ուրալի մեջ ոչ մի սպա, այդ թվում՝ Վահանյանը, չի եղել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, սակայն, հայտնեց, որ քրեական գործում տեղեկություններ կան, որ  նույն մեքենայով սարից իջել է նաեւ Վահանյանը։ Վկան պարզաբանեց, որ այդ հատվածում 3-4 ուրալ է եղել․ 1-ինը զինվորներին տեղափոխել է, ինքը 2-րդով է տեղափոխվել, եւ թեեւ տեղեկություն չուներ՝ արդյո՞ք մյուսներն էլ միայն զինվորների են տեղափոխել, այնուհանդերձ, ասաց՝ դրանք հիմնականում զինվորների համար էին։ #Մանրամասն  Խուռհատ սարի գործով երեկ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր բերման ենթարկվել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի զինծառայող Մոնթե Պողոսյանը։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ նշանակված էր նույն գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստը։ Պողոսյանը այն վկաներից էր, որոնք մի քանի անգամ պատշաճ ծանուցվել, սակայն նախորդ նիստերին այդպես էլ չէին ներկայացել, ինչից հետո դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Իշխան Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է, եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մոնթե Պողոսյանը հաստատեց զոհված զինծառայողի հոր այն տեղեկությունը, որ Ջրականի ավելի վաղ զորակոչված ծառայողները ընդվզել են նորակոչիկներին Խուռհատ սար տանելու որոշման դեմ Վկա Մոնթե Պողոսյանը դատարանին պատմեց, որ սեպտեմբերի 27-ին ինքը եղել է մոտ 2 ամսվա զինծառայող, գնդացրորդի օգնական։ Երբ պատերազմը սկսվել է, բարձրացել են Ջրականի դիրքեր, որտեղ մնացել են մինչեւ հոկտեմբերի 6-ը: Այդ օրը Ջրականից նահանջել են դեպի «9–րդ կմ» կոչվող տարածք, որտեղից էլ գնացել են Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Ըստ Պողոսյանի՝ մինչեւ Հադրութ հասնելը ինքը Վահանյանին չի տեսել, նրա ենթադրյալ վիրավորման մասին տեղեկություն չունի․ «Միայն գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանի զոհվելու մասին եմ լսել»,– ասաց նա։ Հադրութի դպրոցում, ըստ վկայի, մնացել են մեկ օր, որից հետո՝ հոկտեմբերի 9-ին, նրանց տարել են Խուռհատ սար՝ ասելով, թե այնտեղ ավելի ապահով է։ Տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ պայմանավորված են շեշտել, որ այնտեղ ավելի ապահով է, ի վերջո, պատերազմ էր, եւ հրամանը մնում էր հրաման՝ անկախ նրանից՝ ապահով էր թե չէ։ Վկան, սակայն, դժվարացավ կոնկրետ պատասխան տալ այդ հարցին։ –Հնարավո՞ր է, որ զինվորները չէին վստահում Վահանյանին, նա էլ փորձում էր այնպես անել, որ բարձրանան,– հարցրեց Գրիգորյանը։ –Նման միջադեպ չեմ հիշում, –պատասխանեց վկան։ Ավելի ուշ, սակայն, երբ այս դրվագի վերաբերյալ վկային հարցեր հղեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, վկան սկսեց որոշ բաներ մտաբերել․ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը –Հադրութում վիճաբանություն եղե՞լ է սպաների եւ զինծառայողների միջեւ, երբ սպայակազմը զորքին նորից ուզել է դիրքեր հանել, զինվորները ասե՞լ են՝ չենք գնա,– հարցրեց զոհված զինծառայողի հայրը։ –Դպրոցում մեծ դահլիճ կար, էնտեղ էին հավաքել բոլորին․․․ Շարվել էինք, որ նորից պիտի գնայիք, էդ ժամանակ մեծ վեճ չեմ հիշում, չեմ կարող ասել․․․ –Չէ, Ջաբրայիլի հին ծառայողները (նկատի ունի ավելի վաղ զորակոչվածներին,-հեղ) սպաներից պահանջել են՝ նորմալ զենք–զինամթերք, բահեր տան, նոր գնան, եղե՞լ է նման բան։ –Եղել է,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ ներկա սպաների մեջ էին Գարիկ Վարդերեսյանը, Հայկազ Գրիգորյանը, թիկունքի պետը, որի անունը չի հիշում,– ասացին՝ ով զենք չունի, նրան կտան, բահերի մասով բան չեմ լսել։  – Էդ ժամանակ են սպաներն ասել՝ նորակոչիկներին տանում ենք ապահով տեղ, չմտածեք, ճի՞շտ է։ –Այո։ –Բայց ձեզ խաբեցին, չէ՞։ –Դե, մեզ ասել են ապահով տեղ, բայց․․․ Երեւի հին ծառայողներն էլ չգիտեին՝ կոնկրետ որտեղ ենք լինելու։ –Խաբեցին, չէ՞։ Ծնողի հարցը մնաց անպատասխան։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հարցրեց, թե որպես սպա՝ ինչպե՞ս կբնութագրի Իշխան Վահանյանին, սակայն մեղադրողի հարցին նույնպես լռություն հաջորդեց։ Վկայի խոսքով՝ վիրավորներին տեղափոխող մեքենայի մեջ ոչ մի սպա, այդ թվում՝ Վահանյանը, չի եղել Շարունակելով ցուցմունքը՝ վկա Մոնթե Պողոսյանը  պատմեց, որ սարը բարձրանալով՝ հրաման են ստացել իրարից տասը մետր հեռավորության վրա երեք-երեք դիրքավորվել։ Թե ինչու իրեն գնդացրորդի կողքին չեն դիրքավորել, որպեսզի օգնի վերջինիս, Պողոսյանը չգիտեր, ասաց՝ որտեղ հրամայել են, այդտեղ էլ կանգնել է։ Քանի որ խրամատներ չեն եղել, թաքնվել են թմբերի ետեւում․ «Հոկտեմբերի 10-ին իջել էինք՝ սնունդ վերցնելու, կարծեմ Հայկազը (նկատի ունի սպա Հայկազ Գրիգորյանին,-հեղ․) ասաց՝ բարձրանանք, սարի վրա դիրքավորվենք, բարձրացել ենք, ու երեւի մի ժամ չանցած՝ հարձակումը սկսվել է»։ Ըստ Պողոսյանի՝ կողմերի միջեւ փոխհրաձգություն է սկսվել, իր ներկայությամբ հրետանի, օդուժ չի աշխատել, ուստի նա չի կարող ասել՝ Վահանյանը հաստատապես կարո՞ղ էր սարում բեկորային վնասվածք ստանալ թե ոչ։ Թշնամու թիվը, ըստ նրա, հարյուրից ավելի է եղել։ Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Մարտը սկսվելուց մոտ մեկ-մեկուկես ժամ անց Պողոսյանը վիրավորվել է, իր խոսքով՝ գլխից․ -Դա ի՞նչ վիրավորում էր, քերծվա՞ծք էր թե՞ արնահոսում էր,-հետաքրքրվեց դատավորը։ -Սաղավարտը խփեց, գցեց, հետո փամփուշտը քերծեց ճակատային մասս, արնահոսում էր, ոչ տեսնում էի, ոչ լսում․․․ -Ուշագնաց եղա՞ք։ -Պառկել եմ սարի վրա՝ համարյա ուշագնաց եղած, հետո գիտակցության եկա, վաշտի տղաներն ինձ օգնեցին, իջա ներքեւ՝ խաչմերուկի մոտ, որտեղ կամազներ կային, առաջին բուժօգնություն ցույց տվեցին, հետո նստեցրին մեզ։ Վկայի խոսքով՝ իջնելիս Վահանյանին տեսել է, բայց թե նա ինչ վիճակում էր, դժվարացավ ասել․ «Երեւի նորմալ, ես վիրավոր էի, շատ բան չէի կարողանում նկատել»։ Ըստ վկայի՝ 8 վիրավորներով նստել են կամազի թափքի մեջ, սպա չի եղել, իսկ վարորդը իրենց պես 2 ամսվա զինծառայող էր։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը -Քրեական գործում տեղեկություններ կան, որ սարից իջնելիս ձեզ հետ նույն ավտոմեքենայով իջել է նաեւ Վահանյանը,- ասաց մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ -Ոչ, մեզ հետ ոչ մի սպա չի եղել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ճշգրտող հարց տվեց՝ հնարավո՞ր է, որ Վահանյանը խցիկում նստած լինի, եւ վկան նրան տեսած չլինի, ինչը վկան բացառեց՝ ասելով, որ խցիկում նույնպես զինվորներ էին։ -Այլ տեղեկությունների համաձայն՝ երբ ճանապարհին կրակել են, դուք, այդ թվում՝ Վահանյանը, իջել եք, սպասել՝ շտապօգնության մեքենային, ապա բոլորով շարժվել եք հոսպիտալ։ -Տենց բան չի եղել։ Ավելի ուշ վկան հայտնեց, որ այդ հատվածում մոտ 3-4 ուրալ է եղել, 1-ին ուրալը զինվորների է տեղափոխել, 2-րդը՝ վիրավորների իրենց խմբին։ Մյուս ուրալների մասին տեղեկություն չուներ, բայց ասաց՝ դրանք հիմնականում զինվորների համար էին։ -Իսկ տեղյա՞կ եք՝ ձեր հեռանալուց հետո սարում գտնվող զինծառայողներն ինչ ճակատագրի են արժանացել։ -Ճիշտն ասած՝ կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ են արել, մանրամասն չեմ հետաքրքրվել, մենակ լսել եմ, որ շրջափակման մեջ են ընկել, մնացածը չգիտեմ։ Մոնթե Պողոսյանի խոսքով՝ ճանապարհին իրենց վրա կողքի սարից սկսել են կրակել, թուրքերը թե յուրային զորքերը՝ նա չգիտեր․ «Խուճապահար իջել, մտել ենք կողքի գյուղ, վիրավորներից մարդ կար՝ արդեն արնաքամ էր լինում, մի կամավոր եկավ, ասաց՝ ինքն իր մեքենայով (Opel մակնիշի) մեզ կհասցնի հոսպիտալ»։ Այդ ժամանակ արդեն 5 հոգով են եղել, ըստ նրա՝ կրակելու պահին ամեն մեկը տարբեր կողմեր է գնացել։ Խնձորեսկի հոսպիտալում Պողոսյանն ու Վահանյանը հանդիպել են, պառկել կողք կողքի գտնվող մահճակալներին Վկա Մոնթե Պողոսյանի խոսքով՝ հոսպիտալ հասնելուց մոտ մեկ ժամ անց ինքը այնտեղ հանդիպել է Իշխան Վահանյանին։ Նույն հոսպիտալում հանդիպել է նաեւ իրենց գումարտակի մի երկու զինվորի, որոնցից մեկի անունը Արման էր, եւ մի սպայի, որի ազգանունը Քոչարյան էր։ -Ռենտգեն էի անցնում, այդ կաբինետում տեսա Վահանյանին, հիշում եմ՝ ասում էր, որ բեկորային վնասվածք է ստացել կոնքի հատվածում, ուրիշ բան չենք խոսել,- ասաց վկան։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վահանյանը աջ ազդոսկրի վնասվածքը ստացել է հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում, դրանից առաջ վիրավորում ստանալ-չստանալու վերաբերյալ տեղեկություններ չեն պարզվել։ Տուժող կողմը, սակայն, այն համոզմանն է, որ նա շատ ավելի վաղ է վիրավորվել, իսկ հոկտեմբերի 10-ին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելու համար։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին վիրավորվելու հանգամանքը հաստատվել է դատարանում հնչած ցուցմունքներով, մինչդեռ Վահանյանը հայտարարել է, որ ինքը երկու անգամ է վիրավորվել։ -Իսկ Դուք հոսպիտալում նկատե՞լ եք այդ վիրավորումը,- հարցրեց մեղադրողը։ -Ոչ,-պատասխանեց վկան՝ հավելելով, որ նա ինքնուրույն, բայց փոքր-ինչ կաղալով էր քայլում։ -Փորձե՞լ եք հետաքրքրվել՝ ինչ պայմաններում է հայտնվել հոսպիտալում։ -Չէ, չեմ տվել այդ հարցը։ -Իսկ հակառակ հարցադրում եղե՞լ է, թե դուք ինչ պայմաններում եք հայտնվել։ -Ոչ, չի հարցրել։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Վկայի այս պատասխանները զարմացրին դատավարության մասնակիցներին, եւ նախագահող դատավորը փորձեց հասկանալ՝ ինչպես է դա հնարավոր․ -Որ հանդիպեցիք, չասեցի՞ք՝ վա՜յ, հրամանատար, ես ձեր գումարտակից եմ․․․ -Որ տեսա, արդեն ճանաչեցի, հիշեցի իրեն․․․ -Չմոտեցա՞ք։ - Էդ ժամանակ չեմ մոտեցել, գնացել, պառկել եմ, մյուս օրը ինքը եկավ, իմ կողքի կոյկին պառկեց, իրար կողք ենք եղել, բայց չեմ հարցրել՝ ինչ է եղել։ -Ամսի 10-ին էլ է ձեր կողքին եղե՞լ։ -Չէ, բայց կազարմայում է եղել։ -Բա ինչո՞ւ է եկել Ձեր կողքին։ -Չեմ կարող ասել,- նշեց վկան՝ հավելելով, որ երկու օրից էլ տեղափոխվել է այլ մահճակալի՝ հիշյալ սպա Քոչարյանի մոտ։ -Չհարցրի՞ք՝ պարոն մայոր, ի՞նչ է պատահել։ -Ասում էր՝ որ վիրավորում է ստացել, ես էլ մտածեցի, որ վիրավոր իջել է, շատ հարցեր չեմ տվել։ -Բաներ եք ասում, որ մի քիչ հավանական չեն․ երբ հիվանդանոցում երկու անծանոթ մարդ մի սենյակում պառկում են, շփվում են, իրարից որպիսություն հարցնում․․․ Դու պատերազմական իրավիճակում հոսպիտալում քո գումարտակի հրամանատարի կողքին գտնվես եւ չխոսե՞ս, դա ո՞նց է հնարավոր,- հարցրեց դատավորը։ -Խոսելը էլի խոսել ենք, բայց կոնկրետ հարցեր, որ ասում եք․․․ Ճաշարան էլ ենք գնացել։ -Ինչի՞ց եք խոսել։ -Դե, խառը, տենց․․․ Չեմ կարող հիշել։ Լուսանկարում՝ վկա Մոնթե Պողոսյանը -Մոնթե՛, երբ մենք քեզ կանչում էինք դատարան՝ հարցաքննելու, դու անընդհատ խուսափում էիր, իմ աշխատակազմին գրում էիր, որ երկրի համար շատ բան ես արել, ինչի են քեզ հիմա հետապնդում, անընդհատ փորձում էիր իմ օգնականներին մոլորության մեջ գցել, խուսափել գալուց, մինչեւ որ ոստիկանները եկել են ձեր տուն, ու ստիպված ես եղել գալ։ Սրանից ինձ մոտ ենթադրություն է ստեղծվել, որ դու շփվող անձնավորություն ես, որովհետեւ կազմից զանգում են քեզ, դու սկսում ես կարճ հաղորդագրություններ գրել, ասել՝ ես ձեր երկրի համար այսպիսի բաներ եմ արել․․․ Հիմա առաջարկում եմ լարել հիշողությունդ․․․ Ինչ-որ մեկը քեզ մեղադրե՞լ է, որ շուտ ես իջել դիրքերից։ -Ոչ։ -Դու մեղադրե՞լ ես Վահանյանին, որ թողել է զորքին։ -Ես այդ ժամանակ չեմ իմացել տենց բան։ -Բա էն երկու տղե՞րքը (նկատի ունի իրենց գումարտակի՝ հոսպիտալում գտնվող զինվորներին,-հեղ․) -Իրենց հետ չեմ խոսել էդ մասին։ -Բա ինչի՞ մասին ես խոսել։ -Հարցնում էինք՝ ոնց ենք վիրավորվել։ -Իսկ Վահանյանին ո՞նց էին վերաբերվում։ -Չեմ կարող ասել, շփում չկար հետը։ -Իսկ սպա Քոչարյա՞նը։ -Նա մոտ էր Վահանյանի հետ, շփվում էր։ -Ի՞նչ վիրավորում է ունեցել նա։ -Ասում էր՝ աղիքների հետ է խնդիր ունեցել։ Վկայի այս պատասխանից դահլիճում գտնվողները տխուր քմծիծաղ տվեցին։ Մոնթե Պողոսյանը հոսպիտալում մնացել է 6 օր, որից հետո ուղեւորվել է մայրական խնամքի, ապա՝ վերադարձել մարտի դաշտ՝ Սարուշեն։ Նրա խոսքով՝ հոսպիտալը լքելիս Իշխան Վահանյանը դեռ այնտեղ է եղել։ Հիշեցնենք, որ դատաքննության սկզբնական փուլում Իշխան Վահանյանը հայտարարել է, որ ի սկզբանե շտապօգնությունը իրենց տարել է Տող գյուղ, ապա՝ Ստեփանակերտ, որից հետո՝ Խնձորեսկի հոսպիտալ, որից հետո էլ՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Առաջին անգամ դատարան էր ներկայացել ուսումնական գումարտակի նախկին հրամանատար Սամվել Սահակյանի հայրը Երեկվա նիստին առաջին անգամ ներկա էր նաեւ ուսումնական գումարտակի նախկին հրամանատար Սամվել Սահակյանի հայրը՝ Սուրեն Սահակյանը։ Նշենք, որ Սամվել Սահակյանը զոհվել է սեպտեմբերի 29-ին, նրանից հետո գումարտակի հրամանատար է նշանակվել Գարիկ Վարդերեսյանը, որից հետո՝ Իշխան Վահանյանը։ Լուսանկարում՝ Սուրեն Սահակյանը –Ինչի՞ց է զոհվել Սամվելը, – Սուրեն Սահակյանը հարցրեց վկային։ –Լսել եմ, որ սնարյադից։ –Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են,– արձագանքեց Սահակյանը։ Նա հայտարարեց, որ դատական նիստերի ժամանակ  պարբերաբար ասում են, թե Սամվել Սահակյանը բեկորային վնասվածքներից է զոհվել, սակայն դատաբժշկական եզրակացության համաձայն՝ նրա վրա բեկորային վնասվածք չի հայտնաբերվել․ «Դատական բժիշկն ասում է՝ եթե ամբողջ Հանրապետության իրավապահ մարմինները իմ դեմ դուրս գան, ես կասեմ՝ Սամվելին ոչ մի բեկոր վնաս չի տվել, Սամվելը զոհվել է գնդակային վիրավորումից․․․ Ես Վարդերեսյան Գարիկին հարցնում եմ՝ ո՞նց է սպանվել իմ որդին, ասում է՝ սնարյադը պայթեց, հրամանատարը զոհվեց, հարցնում եմ՝ բա դուք որտե՞ղ էիք, ասում է՝ մոտերքն էինք, այսինքն՝ պայթեց, իրենց ոչինչ չեղա՞վ․․․ Մեկ էլ ասում է՝ երեւի դիվերսիան է եկել, խփել, ասում եմ՝ ուրեմն հատուկ հանձնարարությունով եկավ, կամբատին խփեց, տեղակալները կողքին կանգնած՝ ձեզ չխփե՞ց․․․ Այ էդ ընթացքում է Իշխանը վիրավորվել, եթե վիրավորվել է, էդ էլ թեթեւ քերծվածքային վիրավորում էր, միակ վիրավորումը, ինչքան ես լսել եմ»։ Նշենք, որ Գարիկ Վարդերեսյանը դատարանում հայտնել է, որ իրենք հրամանատարական դիտակետում են եղել, երբ հրետակոծությունը սկսվել է հենց դիտակետի վրա․ «Վահանյանը կանգնած է եղել գումարտակի հրամանատարի հետեւում, եւ վերջինիս ոտքերի մոտ ընկած արկից երկուսն էլ վիրավորվել են․ հրամանատարը հոսպիտալի ճանապարհին մահացել է, իսկ Վահանյանին, որը բեկորային վնասվածք է ստացել, բուժակը՝ Կարեն Հովհաննիսյանը (նա եւս հետագայում զոհվել է,– հեղ․), բուժօգնություն է ցուցաբերել, վիրակապ դրել, եւ նա շարունակել է ծառայությունը»,-իր ցուցմունքում ասել է Վարդերեսյանը։ Դատավորը Սուրեն Սահակյանին տեղեկացրեց, որ նրա որդու մահվան հանգամանքները այս գործի հետ առնչություն չունեն, դրանք քննության առարկա են դարձվել, ինչպես հանրային մեղադրողն է հաստատում, այլ գործի շրջանակում, որը դեռեւս նախաքննության փուլում է։ Սուրեն Սահակյանը նաեւ հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին իր որդին արձակուրդում է եղել, երբ Վահանյանը զանգել, ասել է՝ պատերազմ է սկսվել․ «Իմ տղան էլ զանգեց ինձ, ասաց՝ զորքս անտեր է, ես գնում եմ, հասնեմ զորքիս, ասացի՝ տղա՛ ջան, 5 տեղակալ ունես, ինչո՞ւ է անտեր, ասաց՝ դրանք մարդ չեն, զորքին թողնելու են, փախչեն․․․ Եթե իմ տղան չզոհվեր, այս ծնողների տղերքի 40 տոկոսը ողջ էր լինելու»։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 2-ին։   Միլենա Խաչիկյան
20:55 - 17 փետրվարի, 2023