Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նախագահի տեղակալն է «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Խորհրդարանը մարտի 19-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Թեկնածուի կենսագրությունն ու մասնագիտական գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածու Ծովինար Վարդանյանը նախ շնորհակալություն է հայտնել խմբակցությանը նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա մանրամասնել հանձնաժողովի գործունեության իր տեսլականը: Նրա գնահատմամբ հանձնաժողովն առանցքային դերակատարում ունի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների փոխգործակցության համատեքստում, մասնավորապես այն առումով, որ գործ ունենք երկրի թիվ մեկ քաղաքական փաստաթղթի հետ: Թեկնածուի կարծիքով խորհրդարանական երկրում այս հանձնաժողովի դերակատարությունն առավելապես կարեւոր է օրենսդիր մարմնի փոխզսպումների եւ հակակշիռների մեխանիզմի գործառույթների իրականացման համատեքստում: Նա խոսել է բյուջեի կատարողականի եւ նախագծի հաստատման շրջանում այս եւ խորհրդարանական մյուս հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին, կարեւորել ամենամյա բյուջեի մեկնարկի եւ ամփոփման միջեւ ընկած ժամանակահատվածում կատարվածը: Որպես կարեւոր ուղղություն` Ծովինար Վարդանյանը մատնանշել է ֆինանսական ոլորտը, նշել, որ հանձնաժողովը մշակում եւ հաստատում է բանկային համակարգի օրենսդրությունը` սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ: «Կարեւոր է ֆինանսական կայունության պահպանման ծրագրերի ու բարեփոխումների իրականացման ճանապարհին մշտական ուշադրության տակ պահել քաղաքացիների շահերը եւ ապահովել հավասարակշռված լուծումներ: Այս առումով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն իր առանձնահատուկ դերն ունի խորհրդարանում: Սպառողների իրավունքների տեսանկյունից էական նշանակություն ունի բանկային համակարգի եւ պետական կառույցների բալանսավորված աշխատանքը, մասնավորապես, այնպիսի բարեփոխումների համատեքստում, ինչպիսիք են` կանխիկի սահմանափակումը կամ եկամուտների հայտարարագրումը»,- ընդգծել է թեկնածուն: Օրենսդրական աշխատանքի համատեքստում պատգամավորն ընդգծել է հետօրենսդրական վերահսկողության գործիքի ակտիվ կիրառումը, հանձնաժողովի սերտ աշխատանքն ԱԺ բյուջետային գրասենյակի եւ Հաշվեքննիչ պալատի հետ: Շնորհավորելով հանձնաժողովի նախկին նախագահ Գեւորգ Պապոյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ծովինար Վարդանյանը երախտագիտություն է հայտնել նրան եւ հանձնաժողովի մյուս անդամներին մինչ այս պահը կատարած աշխատանքների համար: Թեկնածուն հանձնաժողովի աշխատանքներում ընդգծել է ներառականության ապահովման սկզբունքը, ժողովրդավարության հաստատման ճանապարհին կարեւորել ընդդիմության հետ կառուցողական աշխատաոճը, մասնագիտական քննադատությանն ականջալուր լինելն ու դրանց արդյունքում օրենքների փոփոխությունները բովանդակային առումով սրբագրված վիճակում հանրությանը ներկայացնելը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն`  մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 60-ը: 59 կողմ ձայնով Ծովինար Վարդանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
17:31 - 19 մարտի, 2024
«Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ». Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էնոկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին |news.am|

«Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ». Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էնոկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին |news.am|

news.am: Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ: Այսպես արձագանքեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին խոսակցությունների վերաբերյալ: «Այս պահին նման որոշում, գոնե ես գիտեմ, որ չկա. կուսակցությունում չենք էլ քննարկել, բայց կքննարկենք»,-ասաց Պապոյանը: Նա նշեց, որ ինքը նախարար նշանակվելու առաջարկ չի ստացել. «Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ, հանձնաժողովի նիստի ենք: ԱԺ հանձնաժողովի նախագահի աշխատանքը, վստահաբար, պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը: Եվ նույնիսկ ինձ ինչ-որ տեղ զարմացնում են այդ հարցադրումները: Իմկարծիքով դրանք նույն կարգի պատասխանատու եւ կարեւոր աշխատանքներ են»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: Նշենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որի հետո նրան մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա«տնային կալանք»; Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։ Հիշեցնենք նաև, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։ Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։ Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
13:31 - 19 փետրվարի, 2024
«Եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի»․ Պապոյան |aravot.am|

«Եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի»․ Պապոյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ, փաթեթի համահեղինակ Գեւորգ Պապոյանն ասաց, որ փոփոխությունների նպատակը հանրային սեփականության կառավարումը բարելավելն է։ «Հիմնական շեշտադրումները, որոնք արել ենք, հետեւյալն են՝ առաջինը, Հաշվեքննիչ պալատի անկախությունը որեւէ կերպ կասկածի տակ չդնել, երկրորդ, հստակեցնենք իր մանդատը, գործունեության շրջանակը, դրանով նաեւ Հաշվեքննիչ պալատին օժտենք անհրաժեշտ մարդկային ռեսուրսներով»,- ասաց նա։ Ըստ Պապոյանի՝ փաթեթի հեղինակները կարծում են, որ հանրային միջոցների օգտագործման ժամանակ պետությունն իրավունք ունի տեղեկատվության հասանելիություն ունենալ։ «Ինչի՞ մասին է խոսքը։ Ենթադրենք՝ պետությունն առողջապահության մեջ ծախսեր է կատարում, եթե քաղաքացին դա կատարում է իր գրպանից, բնականաբար, այս տվյալներին որեւէ կերպ հասանելիություն ունենալ հնարավոր չէ եւ դա մեզ հետաքրքիր էլ չէ, որովհետեւ այդտեղ հանրային միջոցներ չեն օգտագործվում։ Մոդելը հետեւյալն է՝  եթե կա որեւէ ծավալի տեղեկատվություն, որը հանդիսանում է պաշտպանված տեղեկատվություն, բայց հասանելի է սահմանափակ քանակով պետական մարմնում աշխատող մարդկանց, ապա նույն տրամաբանությամբ պետք է հասանել լինի Հաշվեքննիչ պալատի այն հաշվեքննողներին, որոնք այդ տեղեկատվության հետ գործ ունեն»,- ասաց նա։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշեց, որ գաղտնիք համարվող տեղեկությունների վերաբերյալ տվյալների հասանելիությունը միշտ բարձրաձայնվում է բոլոր վերահսկողական ու իրավապահ մարմինների կողմից։ «Երբ ես նայում էի՝ ձեր առաջարկվող փոփոխությունները, դուք ասում եք՝ այն մարմինների շարքում, որոնք նախատեսված են, որ պետք է ունենան հասանելիություն բժշկական գաղտնիքի նկատմամբ, պետք է լինի նաեւ Հաշվեքննիչ պալատը՝ հաշվեքննություն, ստուգում իրականացնելիս։ Դա ենթադրում է անսահմանափակ հասանելիություն հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդկանց բժշկական գաղտնիքներին, ի տարբերություն մնացած շատ դեպքերի, երբ քննչական մարմիններին, դատարանին տրվում է հասանելիություն շատ կոնկրետ՝ մեկ, երկու կամ այդ գործով անցնող սահմանափակ թվով մարդկանց բժշկական գաղտնիքին։ Կարծում եմ՝ այս քայլը կարող է նախադեպ հանդիսանալ, որ նաեւ օրինակ բերելով այս նորմը, օրինակ, վաղը Պետական վերահսկողական ծառայություն ուզենա հասանելիություն, ՊԵԿ-ն ուզենա հասանելիություն եւ բազմաթիվ այլ մարմիններ։ Եվ ի վերջո կհանգենք մի իրավիճակի, որ չկա բժշկական գաղտնիք, որովհետեւ այնքան շատ մարդիկ ու գերատեսչություններ ունեն հասանելիություն, որ աբսուրդ է այլեւս դա անվանել գաղտնիք։ Արդյոք չե՞ք կարծում, որ առնվազն պետք է ապանձնավորված տեղեկատվությանը հասանելիություն տալ եւ ոչ թե շտեմարաններին»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Գեւորգ Պապոյանը նշեց, որ առողջապահությունից ավելի շատ են խոսում, քանի որ այս ոլորտին ամեն տարի ավելի շատ փող է հատկացվում, բայց հայտնի չէ՝ դրանից ավելի առողջ դառնում ենք, թե չէ։ «Ես կարծում եմ, որ այդտեղ անհրաժեշտ է որոշակի ֆինանսական վերահսկողություն իրականացնել։ Բժշկական գաղտնիքի մասին՝ երբ որ քաղաքացին իր գրպանից վճարում է, դա սուրբ գաղտնիք է, դրան պետք չէ կպնել, որովհետեւ մարդն իր աշխատած գումարով գնացել է, բժշկական ծառայություն է ստացել։ Բայց, ներողություն, երբ հանրությունը 100 մլրդ դրամ եւ ավելի գումար է տալիս առողջապահությանը, իրավունք չունի՞ իմանալու, թե այդ փողերը ո՞նց են ծախսվել։ Կարող է որեւէ գյուղական ամբուլատորիայի բժիշկ այդ գյուղում չապրող մարդկանց վրա փողեր է դուրս գրում, դեղեր է դուրս գրում, եսիմ ինչեր է անում, եւ պարզում ենք, որ այդ մարդն ընդհանրապես Հայաստանում չէ։ Բա եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի։ Արդյունքում՝ այն մարդը, որն այս բժշկական օգնության կարիքն ուներ, չի ստանա բժշկական օգնություն, կասեն՝ պրծել է առողջապահական փաթեթը։ Ես կարծում եմ, որ մենք բավարար շատ փող ենք տալիս առողջապահությանը, որը կարող է բավարարել շատ ավելի շատ մարդկանց անհրաժեշտ բուժօգնությանը, բայց հենց տեղերում այդպիսի մարդկանց պատճառով եւ այս հաշվեքննությունների բացակայության պատճառով այդ մարդիկ հնարավորություն ունեն պետական բյուջեի միջոցները գողանալ։ Կան այդպիսի ողջամիտ կասկածներ։ Եվ այդ կասկածները կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողացել այդպես ուղիղ գնալ այդ փողերի հետեւից»,- հավելեց Պապոյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:36 - 11 հունվարի, 2024
Պետբյուջեի եկամուտներն աճել են 13,8 տոկոսով, ծախսերը՝ թերակատարվել
 |civilnet.am|

Պետբյուջեի եկամուտներն աճել են 13,8 տոկոսով, ծախսերը՝ թերակատարվել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն այս տարվա ինն ամիսներին աճել են 13,8 տոկոսով։ Այս մասին նոյեմբերի 27-ին ԱԺ-ում 2023-ի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանն ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ «Պետական բյուջեի եկամուտները ծրագրի նկատմամբ գերակատարվել են: Եկամուտները 2023-ի ինն ամիսների համար կազմել են 1,708 տրլն դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13,8 տոկոսով»,- նշեց նա։ Ըստ նրա՝ պետական բյուջեի հարկային եկամուտների աճը պայմանավորված հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, ինչպես նաև հարկային վարչարարության ջանքերով: 2023-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել է 9,7 տնտեսական ակտիվության աճ, որն էլ Սիրունյանի խոսքով՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ոլորտի աճով։ Նույն ժամանակահատվածում պետբյուջեի ծախսերը թեև նախորդ տարվա համեմատ աճել են 12,7 տոկոսով՝ կազմելով 1,633 տրլն դրամ, բայց թերակատարվել են։ Փոխնախարարը հայտնեց, որ բյուջեի կատարողականը կազմել է 84,6 տոկոս։ Բյուջեի հավելուրդը կազմել է 74,6 մլրդ դրամ՝ պլանավորված 248,4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Վահան Սիրունյանը նկատեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան: «2023-ի ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, նպաստել է շուրջ 80,6 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- ասաց նա։ 2023-ի ինն ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 48,4 տոկոսով, որին ամենամեծ նպաստումն ունեցել են Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկները՝ 29,1 տոկոսը: Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,839 մլն:
12:47 - 27 նոյեմբերի, 2023
«ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է, վերաարտահանման ծավալներն աճել են 80,6 տոկոսով»․ փոխնախարար
 |aravot.am|

«ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է, վերաարտահանման ծավալներն աճել են 80,6 տոկոսով»․ փոխնախարար |aravot.am|

aravot.am: Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Ըստ փոխնախարարի՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա 9 ամիսներին աճել է 48,4 տոկոսով, այդ թվում՝ աճի վրա ամենամեծ ազդեցությունը՝ 29,1 տոկոս, ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները։ 9 ամիսներին ՀՀ զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 23,1 տոկոսով։ Այդ թվում՝ Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումներն աճել են 27,4 տոկոսով, այլ երկրներից փոխանցումները նվազել են 50,5 տոկոսով։ «2023 թվականի 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը։ Նպաստել է շուրջ 80,6 տոկոսային կետով։ Մինչդեռ, հայկական ծագման ապրանքների արտահանումը աճին նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- ասաց Վահան Սիրունյանը։ Արտահանման ծավալներն, ընդհանուր առմամբ, աճել են 44,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 46,4 տոկոսով։ «Արտահանման աճի դանդաղումը, ի համեմատ նախորդ ամիսների, հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազային էֆեկտով, ինչպես նաեւ պղնձի միջազգային գների նվազմամբ եւ ՌԴ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի արժեւորման տեմպերի արագացմամբ։ Արտաքին առեւտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ խորացել է 48,9 տոկոսով եւ կազմել է -3 մլրդ 367 մլն դոլար»,- հավելեց փոխնախարարը։
10:59 - 27 նոյեմբերի, 2023
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին
 |aysor.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին: «Այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը և ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,- ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ: «Բայց, հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը և ակնկալվող ծրագրերը, մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը՝ 144 մլրդ դրամը դեֆիցիտից կբարձրանա վերև և կհայտնվի մեր ծախսերի մեջ՝ որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,-նշեց նա՝ վստահեցնելով, որ դա ֆիսկալ վիճակի վրա էական ազդեցություն չի ունենա: Գումարները, որոնք նախկինում տրամադրում էին որպես վարկային միջոցներ, հիմա կտրամադրեն որպես ծախս, այդ ծախսն արդեն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը: Հարկային եկամուտները 2024թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվում են 2 տրլն 566 մլրդ դրամի չափով: Նախարարը հավանական համարեց, որ այդ գումարը կավելանա: Նպատակ ունեն հիփոթեքային վարկերի գծով տրամադրվող հետվերադարձն արտացոլել բյուջեում: Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն 321 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 710 մլրդ դրամ:
12:15 - 08 նոյեմբերի, 2023
ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը |armeniasputnik.am|

ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Շահումով խաղերի խաղադրույքների ծավալի մեջ կա վիճակագրական խնդիր, որը բացառելու համար ՀՀ–ում կներդրվի օպերատորի գաղափարը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Ըստ նրա` խաղադրույքների մեջ կրկնակի հաշվարկների խնդիր կա, ավելին` խաղացողի ստացած բոնուսները ևս հաշվվում են որպես խաղադրույք։ «Ոլորտի ամբողջական թափանցիկությունը խնդիր է, իսկ ծրագրային աուդիտը բավականին թանկ է, սակայն դրա փոխարեն այլ լուծում մենք ունենք։ ՊԵԿ-ի և ֆիննախի հետ համատեղ օպերատորի գաղափարն ենք առաջարկում։ Ցանկացած ինտերնետ շահումով խաղ լինելու է օպերատորի սերվերի վրա, ու պետությունն այդպիսով տեսնելու է խաղադրույք անելու փաստը։ Դրանից հետո հույս ունենք, որ վիճակագրական խնդիր այլևս չի առաջանա»,- նշեց փոխնախարարը։ Հանձնաժողովի նիստում քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրացված և փոփոխված տարբերակը 2–րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Ավագ Ավետիսյանի խոսքով` ՀՀ ՊԵԿ–ը եռամսյակը կամ կիսամյակը մեկ ստուգումներ անում է, սակայն առցանց անընդհատ ստուգումն ուղղակի անհնարին է։ Փոխնախարարը ներկայացրեց վիճակագրական տվյալներ ևս, ըստ որոնց` երեք տարվա կտրվածքով երևում է շահումով խաղերի գրեթե կրկնակի, եռակի աճը։ 2020 թ. միայն խաղադրույքների մասով այդ թիվը կազմել է 2 տրլ դրամ, 2021 թ.` 3.9 տրլ, 2022 թ.` 5.8 տրլ։ 2023 թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն ակնկալում ենք, որ մեր կողմից օրենսդրական կոնկրետ սահմանափակումների շնորհիվ արդեն իսկ ունենք ցուցանիշի նվազում»,– ասաց Ավանեսյանը։ Ըստ նրա` այս ոլորտի համաշխարհային աճը շատ ավելի ցածր է եղել, քան ՀՀ–ում արձանագրված ցուցանիշը։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակեց շահումով խաղերի ոլորտը կարգավորող և սահմանափակումներ առաջարկող նոր մեխանիզմներ։ Ի դեպ, օրենսդրական այս փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թ. ապրիլի 1–ից։
12:57 - 16 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն 2.8 մլրդ եվրո չի տրամադրել, ասել են՝ կարող է տրամադրվել, եթե լինեն ծրագրեր. ֆինանսների նախարար
 |news.am|

ԵՄ-ն 2.8 մլրդ եվրո չի տրամադրել, ասել են՝ կարող է տրամադրվել, եթե լինեն ծրագրեր. ֆինանսների նախարար |news.am|

news.am: Հայաստանը Եվրոպական միության հետ համաձայնություն ունի 2.8 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ, բայց ասել են` կարող է տրամադրվել, եթե լինեն համապատասխան ծրագրեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Եվրոպական ինտեգրման հարցերի եւ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատես նիստում 2022 թվականի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «ԵՄ–ի հետ համաձայնություն ունենք։ Նպատակ է դրվել ձևավորվել այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է ֆինանսավորվեն։ 1 օրում, 1 ամսում կամ 1 տարում հնարավոր չէ 2.8 մլրդ եվրոյի ծրագիր նախագծել։ Շարունակական աշխատանք է տարվում, և, որտեղ կա պատրաստի ծրագիր, ֆինանսավորվում է»,– ասաց Հովհաննիսյանը։ Նա նաև ներկայացրեց ԵՄ–ից ստացած վարկային և դրամաշնորհային ծրագրերի ցուցանիշները։ Նախորդ տարի Հայաստանը ԵՄ–ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ։ Սրանցից նպատակային դրամաշնորհ է եղել մոտ 2 մլրդ 980 մլն դրամը, իսկ ոչ նպատակային` 5 մլրդ 895 մլն դրամը։ Խոսելով ծախսերի մասին` նախարարը շեշտեց, որ արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարվող ծախսերն առանց համաֆինանսավորման կազմում են 57 մլրդ դրամ։ ԵՄ–ից ստացված վարկերը կազմել են 10 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհները` 2.568 մլրդ դրամ։
15:37 - 05 հունիսի, 2023
Նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն

Նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք), որի ընդհանուր արժեքը գնահատվում է 236.681.000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի կողմի 150.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցները և ՀՀ համաֆինանսավորումը՝ մոտ 86,7 մլն դոլարի չափով: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանասավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին: Ըստ փոխնախարարի՝ ծրագրի նպատակն է վերոնշյալ ճանապարհահատվածի թողունակության բարձրացումն ու վթարայնության նվազեցումը: Քրիստինե Ղալեչյանի հավաստմամբ լրացուցիչ համաձայնագրով նախատեսվում է վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգում և Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար ֆինանսական միջոցների ավելացում: Փոխնախարարը փաստել է, որ այս տարի կսկսվեն շինարարական աշխատանքները: Ըստ նրա՝ երեք տարի է նախատեսված շինաշխատանքների համար: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ Կառավարության քաղաքականությունը և մեր երկրի նպատակադրումը՝ դառնալ Հյուսիս-հարավ միջանցքի մաս, Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան մեծ առևտրային ուղու մաս դառնալու համար անհրաժեշտություն է ունենալ ժամանակակից, զարգացած ենթակառուցվածքներ, ինչի իրականացմանն ուղղված են համաձայնագրով նախատեսված լրացուցիչ ծախսերը: Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
12:06 - 25 ապրիլի, 2023
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը


 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Տարեկան հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Հաշվետվությունը նախքան այս հանձնաժողովում քննարկումը քննարկվել է համատեղ հանձնաժողովների համատեղ նիստում: «2021-ը մենք բնորոշել ենք որպես շատ բարդ մարտահրավերների տարի, քանի որ անհրաժեշտ էր արձագանքել թե՛ կորոնավիրուսի համավարակի, թե՛ 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքներին, և ապահովել մակրոտնտեսական կայունություն, որը չափազանց կարևոր խնդիր էր: Համարում ենք, որ ընդհանուր առմամբ դա իրականացվել է շատ մեծ հաջողությամբ, որովհետև պետական եկամուտներն ավելացել են թե՛ բացարձակ, թե՛ հարաբերական ցուցանիշներով, ծրագրված ծախսերը կատարվել են ամբողջ ծավալով, չի եղել որևէ ծախս, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով հետաձգած լինենք: Պարտքի կառավարումն էլ դարձել է ավելի հուսալի»,-ասաց Խաչատրյանը: Տարվա ընթացքում զարգացումները եղել են կանխատեսվածից փաստացիորեն ավելի բարենպաստ. սկզբնապես նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն տարվա փաստացի տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս: Նախորդ տարում հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 587 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.7 տոկոսը, դրանք 2020 թվականի նկատմամբ բարելավված էին 0.3 տոկոսային կետով, 2021-ին այն 147 մլրդ դրամով ավելին էր, քան սկզբնապես պլանավորվել էր: 2021-ին եղել է 2 տրլն 4 մլրդ դրամ փաստացի ծախս, որից ընթացիկ մասը՝ 1 տրլն 786 մլրդ, կապիտալ մասը՝ 218 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ, կատարողականը շատ մոտ է 100 տոկոսին, իսկ կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը եղել է 92.3 տոկոս ճշտված պլանի նկատմամբ: Ըստ նախարարի՝ դա վերջին 4-5 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Իսկ ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Խաչատրյանն ասաց. «2021 թվականը նպատակ ուներ բարելավել պարտքի հարաբերական ցուցանիշը, որովհետև 2020-ին շատ բարձր աճ էինք արձանագրել, Կառավարության պարտքը 2019-ի նկատմամբ աճել էր 13.4 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 63.5 տոկոսին: Մենք կարողացել ենք 2021-ի ընթացքում այդ ցուցանիշը նվազեցնել, այն կազմել է ՀՆԱ-ի 60.3 տոկոսը: Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ մի կողմից ծրագրված և փաստացի իրականացված տնտեսական աճն է եղել ավելի բարձր, քան կարող էր գնահատվել սկզբնապես, մյուս կողմից՝ ծախսերը որոշակի իմաստով զսպվել են»: Պետբյուջեի դեֆիցիտը 2021-ին կազմել է 4.6 տոկոս, որը ՀՆԱ-ի նկատմամբ 0.8 տոկոսային կետով պակաս է, քան դրան նախորդող տարվա ընթացքում: Քվեարկությամբ՝ տարեկան հաշվետվությունը 5 կողմ ձայնով ստացավ դրական եզրակացություն: Այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:  
12:56 - 13 հունիսի, 2022
Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
 |1lurer.am|

Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանում ապրանքների գնաճին: «Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության ու մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պիտի հասկանանք, որ 9 տոկոս գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,- ասաց ԿԲ նախագահը: Գալստյանը նշեց՝ այս փուլում, երբ փոխարժեքն արժևորվել է,  զուգահեռաբար ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են: «Դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով: Օրինակ՝ ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար ունենք միջազգային գների շատ մեծ աճ:  Բացի դրանից՝ արտահանողների հետ մեր շփումներում շատ հաճախ լսում ենք տրանսպորտային մեր խնդիրների մասին: Երբ խոսում ենք, փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, առաջնային է Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը: Ունենք արտահանողներ, որ ժամանակին արտահանում էին Ռուսաստան Լարսով, ու արտահանված ապրանքի փոխարեն նույն բեռնափոխադրող մեքենայով ներմուծում էին իրականացնում: Հիմա նույն արտահանողը կորցնում է ապրանքի մի մասը, որովհետև ապրանքը փչանում է  ճանապարհին, վերադարձի ժամանակ ներմուծվող ապրանք չի բերում, որովհետև դա տևում է 15 օր, եթե դատարկ է վերադառնում, դա տևում է 3 օր: Այսինքն՝ այդ ընկերությունների ծախսային կոմպոնենտներն էապես աճել են: Պատկան մարմինները պետք է համադրեն, թե ծախսերի աճն ու փոխարժեքի ազդեցությունն ինչքան է եղել, նոր որոշակի դատողություններ անենք՝ գները ճշգրտվել են թե ոչ»,- ասաց նա:
12:37 - 13 հունիսի, 2022
Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
 |hetq.am|

Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Փոփոխություններով առաջարկվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ում խոսքով նախագիծն ամբողջովին բխում է կառավարության ծրագրից, նաև՝ իշխող քաղաքական ուժի նախընտրական խոստումներից՝ որքան հնարավոր է սահմանափակել կամ դժվարացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների` դրանց հասանելիությունը: «Բազմաթիվ դեպքեր են մեզ հայտնի դարձել, որ այդ «թակարդի» մեջ են հայտնվում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ: Սոցիալապես ապահով մարդու խաղալը մեզ համար խնդրահարույց չէ, որովհետև կարող է իր ժամանցի համար իր իսկ ստացած գումարների մի մասը ծախսել, մենք էդտեղ խնդիր չենք տեսնում, բայց եթե քաղաքացին օրինակ սոցիալապես անապահով է, պետությունից նպաստ է ստանում, նվազագույն աշխատավարձ, ու միևնույն ժամանակ իր ստացած եկամուտների մեծ մասն ուղղում է բուքմեյքերական գրասենյակներում խաղալուն, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանի համոզմամբ` պետությունը որոշակի գործիքակազմ կիրառելով պետք է միջամտի, և այդ տրամաբանության շրջանակում է նախագիծը կազմվել: Ըստ նրա` փոփոխությունները նպատակ ունեն ավելի թափանցիկ դարձնել ոլորտը, այսինքն, որպեսզի տեսանելի լինի` ով է խաղում, որքան է խաղում, ինչը հնարավորություն է տալու հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնել: «Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները, կարող է ստացվել դեպք, որ էդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնա ու ամբողջ գումարը պարտվի բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի, իսկ իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է` չի կարողանալու խաղալ. արդեն իսկ մեծ խնդիր լուծում է»,- ասաց Գևորգ Պապոյանը: Նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ում խոսքով գործադիրի մոտեցումները համահունչ են առաջարկվող կարգավորումներին: Փոխնախարարը հիշեցրեց, որ անկանխիկ գործառնությունների մասին օրենքը նախորդ տարի է ընդունվել, հետևաբար, տնտեսությունը պետք է գնա այն ճանապարհով, որ քիչ կանխիկով ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն, ուստի նախագիծը համահունչ է այդ ընթացքին: «Մենք չէին գնա այս ճանապարհով, եթե ֆինանսապես գրագետ լինեին ու խաղային էն մարդիկ, ովքեր հասկանում են, որ պարտվելու համար են խաղում, բայց ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, որ ամբողջ գովազդային դաշտը հաղթելու, մեծ շահումներ տանելու մասին է, իսկ խաղացողները խաղում են վատ օրից, դրան հասնելու նպատակով: Հետևաբար, բանկային համակարգ տեղափոխելը կբերի նրան, որ իրենք արդեն ֆինանսապես ավելի գրագետ կլինեն և կհասկանան բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր է՝ ֆինանսապես կրեն»,- ասաց ֆինանսների փոխնախարարը: Հայրապետյանը կարևորեց նախագծով առաջարկվող փոփոխությունները փողերի լվացման տեսանկյունից, ըստ նրա, եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն,  հավանականությունը փոքր է, որ փողերի լվացման ռիսկեր կպարունակեն իրենց մեջ: «Միակ բացառությունը, որ կարելի է թույլատրել, կենդանի խաղի ժամանակ ոչ ռեզիդենտների կողմից խաղատանը խաղադրույքների գնման դեպքերը պետք է լինեն, մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»,- ասաց նա: Փոխնախարարն ուշադրություն հրավիրեց գովազդային դաշտին, գովազդում են մեքենաներ, բարձր շահումային ֆոնդեր, այսինքն՝ ոգևորում են շահումը, սակայն, ըստ միջազգային ուսումնասիրությունների, խաղի մեջ երկար ժամանակ մնացողը պարտված է: «Հավանականությունը, որ երկար խաղի մեջ մնաս, շահած դուրս կգաս, չկա, կարող է՝ մի անգամ խաղաս, շահես, բայց էդ պահին պետք է դուրս գաս, շահողին պետք է շուտ հանել համակարգից»,-ե զրափակեց  փոխնախարարը: Նախագիծը դրվեց քվեարկության` ստանալով դրական եզրակացություն:
14:30 - 11 ապրիլի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում սահմանված «Հատուկ քննչական ծառայություն»-ը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտե»-ով: «Բոլորս տեղյակ ենք, որ դադարեցվել են Հատուկ քննչական ծառայության լիազորությունները, և այժմ գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեի համար մատչելի դարձվեն կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի վերաբերյալ ծառայությունները: Ընդ որում՝ այս ծառայությունն ուներ Հատուկ քննչական ծառայությունը, որը հիմա փոխանցվում է Հակակոռուպցիոն կոմիտեին»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Ըստ փոխնախարարի՝ այսկերպ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:
11:40 - 14 մարտի, 2022
Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը |1lurer.am|

Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: Ջանջուղազյանի թեկնածության հարցը քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:  Ջանջուղազյանն իր խոսքում խոսեց հաշվեքննիչ մարմինների գործառույթների և առաքելության մասին:  «Հանրային հարստության, ունեցվածքի կառավարման գործընթացի նկատմամբ պահանջարկը ծագել է այն ժամանակ, երբ հանրությունը հայտարարել է իր մտադրությունը՝ ինքնիշխան ու ժողովրդավարական հիմքով ունենալ պետություն, այդ թվում նաև Հայաստանը բացառություն չէ: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ, եկել են բավարարելու այս պահանջարկը»,- ասաց Ջանջուղազյանը:  Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատում ներքին հսկողության համակարգ պետք է գործի՝ հակակշիռների և զսպումների մեխանիզմ:   «Այն դեպքում, երբ պետական ծառայողը, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը կունենա այնպիսի գիտակցություն, որ բացառիկ շահը հանրային պետական շահն է, կունենա բավարար կարողություն և ցանկություն՝ ծառայելու այդ շահին, վստահաբար կունենանք հաջողություն»,- ասաց Ջանջուղազյանը:
12:56 - 14 փետրվարի, 2022