Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Դատապարտյալների հիվանդանոցում օտարերկրացի կալանավորը մեկուսի է պահվել, իր կամքին հակառակ բուժում է ստացել. ՀՀ ՄԻՊ

Դատապարտյալների հիվանդանոցում օտարերկրացի կալանավորը մեկուսի է պահվել, իր կամքին հակառակ բուժում է ստացել. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ իրականացրած արագ արձագանքման այցի ընթացքում արձանագրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձը փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։ Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Քրեակատարողական հիմնարկներում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, ոչ հոժարակամ հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ տրամադրում, անձի համար մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում, ինչի հետևանքով խախտվել են անձի առողջության պահպանման, անձնական անձեռնմխելիության, արտաքին աշխարհի հետ կապի պահպանման, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է, որ կալանավորված անձի նկատմամբ առանց իր համաձայնության և այլ անհրաժեշտ իրավական հիմքերի, հարկադրաբար իրականացվել է հոսպիտալացում, իր կամքին հակառակ, առանց պատշաճ հիմնավորման, կիրառվել են բժշկական միջամտություններ՝ մեկուսացման և հանդարտեցման դեղորայքային միջոցներ: Արդյունքում, կալանավորված անձը զրկված է եղել սեփական մարմնի նկատմամբ իրականացվող բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել են վերջինիս ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և առողջության պահպանման իրավունքները: ՄԻՊ-ի բնորոշմամբ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի նկատմամբ հոգեբուժական բաժանմունքում ինչպես հոսպիտալացումը, այնպես էլ փաստացի ոչ հոժարակամ բուժումն իրականացվել են օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, ինչն էլ հանգեցրել է նաև անձի՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման: Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։ Բժշկական անձնակազմի կողմից չի գնահատվել անձի ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը: Ավելին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հոսպիտալացվելու կապակցությամբ՝ չի գնահատվել կալանավորված անձից բխող ենթադրյալ վտանգը (ներառյալ՝ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար), ինչպես նաև առանց հոսպիտալացման անձի բուժումն արդյունավետ չկազմակերպելու հետևանքները, հոգեբուժական օգնությունն ուշացնելու և անձի կյանքին, առողջությանը կամ շրջապատին վտանգ ներկայացնելու հանգամանքները: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ստացիոնար ընդունվելիս կալանավորված անձի համաձայնության բացակայության պարագայում վերջինս 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողովային զննության չի ենթարկվել և ոչ հոժարակամ բուժում սկսելու գործընթաց նախաձեռնված չի եղել: Հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, առկա չի եղել հոգեբուժական հանձնաժողովի կամ բժիշկ-հոգեբույժի կողմից համապատասխան և պատճառաբանված որոշումը: Խախտման որոշմամբ արձանագրվել է, որ Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ կալանավորված անձին՝ փակ ռեժիմային գոտու հիվանդախցում միայնակ պահելու մասին, որը եղել է առանց բավարար հիմքերի: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ օտարերկրացի կալանավորված անձին հասկանալի լեզվով, համապատասխան թարգմանչի միջոցով չեն իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ: Քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում չի ապահովվել օտարերկրացի կալանավորված անձի հաղորդակցությունը հարազատների հետ, ինչի հետևանքով խախտվել է նաև վերջինիս արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքը: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում չի ապահովվել պահման պատշաճ պայմաններ՝ չի տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Միայն Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ են կալանավորված անձին տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ նմանատիպ դեպքերը գործնականում ունեն տարածում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք անձանց հոսպիտալացնելու, ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերը չպահպանելու, անձի մոտ առկա վնասվածքները չարձանագրելու, անձին մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, արտաքին աշխարհի հետ կապ և պահման պատշաճ պայմաններ չապահովելու, դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակի, ինչպես նաև նշվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ խախտում է արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց գործողություններում միաժամանակ: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկվել է. 1) կալանավորված անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով, 2) բացառել ազատությունից զրկված անձին առանց գրավոր համաձայնության, ինչպես նաև համապատասխան հիմքերի բացակայության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան, 3) բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ համապատասխան հիմքերի առկայության պարագայում օրենքով նախատեսված ոչ հոժարակամ բուժմանն առնչվող ընթացակարգերի խախտումները, 4)«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու բժշկական անձնակազմերին իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ զսպման միջոցների կիրառման հիմքերի, ընթացակարգերի, տևողության, հիմնավորման կարևորության մասին, 5) պարբերաբար իրականացնել քրեակատարողական հիմնարկների վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց համար հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրականացման իրավական հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ և պարբերաբար վերապատրաստման դասընթացներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերոշարադրյալ խախտումների դեպքերը բացառելու նպատակով, 6) քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելու վերաբերյալ որոշումներ կայացնել բացառապես դրանց բավարար և անհրաժեշտ հիմքերի առկայության պարագայում, 7) քրեակատարողական հիմնարկներում միջադեպերից և ինքնասպանության փորձերից հետո ազատությունից զրկված անձանց նկատմամբ իրականացնել պատշաճ բժշկական հսկողություն, այդ թվում՝ բժշկական զննություն, պատշաճ արձանագրել ազատությունից զրկված անձանց ստացած վնասվածքները, ցուցաբերել անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն, 8) քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացումը, հատկապես՝ բժշկական օգնությունն ու սպասարկումը, իրենց հասկանալի լեզվով համապատասխան թարգմանչի ներգրավվածությամբ կազմակերպելու ուղղությամբ, 9) խիստ հսկողություն սահմանել ազատությունից զրկված անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անկողնային պարագաներով և սպասքով ապահովելու նկատմամբ: Որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն՝ ի գիտություն:
15:44 - 04 հուլիսի, 2022
ՄԻՊ-ը խորհրդարանական մոդելի մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ է տեսնում

ՄԻՊ-ը խորհրդարանական մոդելի մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ է տեսնում

Կառավարման խորհրդարանական մոդելն անհրաժեշտ է զարգացնել, քանի որ  այն իր մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ ունի: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը թեմայով քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Խորհրդարանական մոդելի զարգացման և հետագա կայացման համար մենք ճանապարհ ունենք անցնելու»,- ասաց նա: Նրա խոսքով` Սահմանադրության փոփոխությունը կառավարության ծրագրից բխող նպատակ է, որի համար կան հստակ ժամկետներ: «Ես կարծում եմ, որ մենք օրացույցի հետևից չպետք է գնանք: Մեզ համար կարևոր է, որ այդ գործընթացը մարդկանց համար ընկալելի լինի, որ իրապես Սահմանադրությունը մարդունը դառնա, այլ ոչ անհասկանալի մի փաստաթուղթ»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Սահմանադրությունից իրավունքների մի տպավորիչ ցանկ դուրս է մնացել: «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը հստակորեն պետք է արձանագրվի Սահմանադրությամբ, որ անձը կարող է միայն մեկ անգամ ընտրվել այդ պաշտոնում: Սա ուղղակիորեն միտված է այս հաստատության անկախության էլ ավելի ամրապնդմանը»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը:  
13:42 - 04 հուլիսի, 2022
ՄԻՊ գրասենյակում անցկացվել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում

ՄԻՊ գրասենյակում անցկացվել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում

ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նշել, որ քննարկման առաջին մասում առաջարկում է կենտրոնանալ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգման դեպքերին, դրանց միջազգային իրավական գործընթացներին և կարևորապես խոշտանգում վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցերին։ Պաշտպանը շեշտել է, որ խոշտանգման զոհերին ու նրանց ընտանիքի անդամներին տրվող պետական աջակցությունը հիմնականում արձագանքող ու ինտուտիվ է՝ հիմնված չէ յուրաքանչյուրի խնդիրների ու կարիքների օբյեկտիվ ու մասնագիտական գնահատման վրա։ Նշված թեմայի շրջանակներում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, որը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի թույլ տրված խոշտանգումների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում մոնիթորինգի, փաստահավաք աշխատանքի արդյունքում արձանագրված դեպքերը և հետևությունները։ Ներկայացվել են նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ու շարունակվող խոշտանգումների, նվաստացումների, էթնիկ ու կրոնական հիմքով ատելությամբ պայմանավորված վատ վերաբերմունքի մասին հավաքագրված տվյալները։ Ներկայացվել են միջազգային հարթակներում Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքի ընթացքն ու խնդիրները։ Զեկույցով հանդես են եկել նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մանրամասնել են իրենց կազմակերպությունների կողմից կատարվող և կատարված աշխատանքները։ Քննարկվել է նաև գերությունից վերադարձող զինծառայողներին առանց հիմնավոր մասնագիտական գնահատականների ծառայության ներգրավման, ինչպես նաև որոշ անձանց դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրը։ Քննարկման երկրորդ փուլում թեման վերաբերել է ՀՀ-ում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի քննության և զոհերի աջակցության հետ կապված խնդիրներին: Այս թեմայով մանրամասն զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, որը ներկայացրել է ՄԻՊ հաստատության հետևությունները, որոնք հիմնված են մշտադիտարկման արդյունքների վրա։ Առանձին զեկույցով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Խոշտանգում վերապրած անձանց հայկական վերականգնողական կենտրոնի ծրագրի ղեկավար Իզաբել Լևոնյանը: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները և Պաշտպանի աշխատակազմի մասնագիտական վարչության հետ համագործակցության առաջարկ ներկայացրել։ Մասնակիցներն ընդունել են, որ ներպետական մակարդակում խոշտանգման զոհերի աջակցության իրականացումը պետության դրական պարտավորությունն է, և որ ներկայում անկատար են ինստիտուցիոնալ արձագանքման մեխանիզմները։ Ամփոփելով՝ տարբեր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի միջև համատեղ գործողությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
17:35 - 27 հունիսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը

ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը

Հունիսի 22-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի (ս․թ․ հունիսի 13 – հուլիսի 8 ) շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու և ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը: Պաշտպանը անդրադարձ է կատարել 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի և ռազմագերիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, արտադատական​​ և ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին և նշել, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է մեղմ ասած անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական ​​և կամայական մահապատիժների գործելակերպերրի համար:  Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանն ընդգծել է Հատուկ զեկուցողի կողմից տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։ Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է Հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին»,- ասված է հաղորդագրությունում։ 
18:37 - 23 հունիսի, 2022
Ընդհանուր առմամբ, հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

Ընդհանուր առմամբ, հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ իր ուղերձում պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչպես նաև 2020թ. պատերազմի, հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով առաջացած իրավունքներին և ազատություններին ուղղված եզակի մարտահրավերներին: Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է, որ չնայած հետպատերազմյան տրավմատիկ մթնոլորտը քաղաքական և ոչ քաղաքական հավաքների համար ստեղծել է հատուկ միջավայր՝ հանրային խոսույթում ատելության խոսքի և բևեռացման ցայտուն գերակայությամբ՝ ընդհանուր առմամբ, հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր։ Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ պաշտպանը նշել է, որ աշխատակազմը շարունակում է իրականացնել բոլոր ցույցերի և հավաքների մշտադիտարկում, արագ արձագանքման խմբերը մասնավոր հարցազրույցներ են անցկացնում բերման ենթարկվածների հետ, իրականացվում է զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկում, ինչպես նաև շուրջօրյա՝ 24/7 թեժ գիծը տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն։ Աշխատակազմը արձանագրում է խախտումները, բացահայտում իրավապահների վարքագծի բացերը, պահանջում տրամադրել պարզաբանումներ և ներկայացնում է առաջարկություններ։ Եզրափակելով ելույթը՝ պաշտպանն անդրադարձել է արդի մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ամբոխի կառավարման համար նախատեսված դասընթացների բացակայությունը, ոստիկանության համար անբավարար ուղղորդումը և ոչ հստակ ստանդարտ օպերատիվ ընթացակարգերը, այդ թվում՝ ուժի համաչափ կիրառման և երկխոսության վերաբերյալ, կին ոստիկանների գրեթե բացակայությունը, հասարակության անդամների կողմից կիրառվող ատելության հռետորաբանությունը, ինչպես նաև  հավաքների կազմակերպիչների մոտ ժողովրդավարական խաղի կանոնների ընկալման բացերը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:16 - 20 հունիսի, 2022
Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED) ներկայացուցիչների հետ Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչների և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեմիոն Ուիլսոնի հետ։ Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնցով Պաշտպանի հաստատությունն աշխատում է։ Դեմիոն Ուիլսոնը հետաքրքրվել է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի ու դրանց մարտահրավերների վերաբերյալ Պաշտպանի կարծիքով։ Ուիլսոնը շեշտել է, որ տպավորված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու Հայաստանի հետևողականությունից՝ չնայած, որ երկիրն անցել է պատերազմի ու այլ դժվարություններով։ Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը մանրամասնել է հումանիտար հարցերով, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու անկախ կյանքի ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղություններով ՄԻՊ հաստատության կողմից կատարվող աշխատանքները։ Զրուցակիցները հետաքրքրվել են նշված ուղղություններով առկա հիմնական մարտահրավերներից, հաստատության ռեսուրսների առկայությունից։ Քրիստիննե Գրիգորյանը գոհունակությամբ նշել է խնդրահարույց ուղղություններով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ պատասխանատու մեդիայի գործընկերների հետ համագործակցության որակի մասին։ Կողմերը նախանշել են կոնկրետ խնդիրներ, որոնց ուղղությամբ ամերիկյան գործընկերներն իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել՝ ներառյալ ընթացիկ ու նոր մեկնարկող ծրագրերի շրջանակներում։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:45 - 18 հունիսի, 2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Հունիսի 16-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքում կայացել է հանդիպում-քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների միջև։ Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։ Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը՝ կենտրոնանալով Պաշտպանի հաստատության առաջնահերթությունների վրա։ Պաշտպանը կոնգրեսականներին է ներկայացրել ՄԻՊ հաստատության կողմից ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ընտանիքների հետ կատարվող աշխատանքները, ներկայացրել ընտանիքներին հուզող ամենակարևոր՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, ինչն Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն է։ Հումանիտար հարցերի շարքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների և տեղահանված անձանց խնդիրները։ Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանեկան բռնության, դրա դեմ պայքարի խնդիրներն ու հաստատության հետևությունները, ինչպես նաև կառավարությանն ու Ազգային ժողովին ներկայացված առաջարկությունները։ Կողմերը քննարկել են նաև հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերին առնչվող հարցեր՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վրա։ Կոնգրեսականները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կարևոր հարցերով հետևողական աշխատանքի համար և խնդիրների լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել Ատլանտյան Խորհուրդ միջազգային վերլուծական կենտրոնում։ Քննարկման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական քաղաքական ղեկավարության կողմից էթնիկ ու կրոնական հիմքով ատելության խրախուսման ու տարածման քաղաքականությունը, որն ուղղակի հակասում է այդ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին ու միջազգային իրավունքի նորմերին։ Զրուցակիցները հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող հավաքների ընթացքից, որին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից կատարվող աշխատանքներն ու իրադարձություններին տրված գնահատականները։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական իրավակարգը սպասարկող պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ ունենալու գրավական։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:16 - 17 հունիսի, 2022
ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների նստաշրջանին

ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների նստաշրջանին

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարի 15-րդ նստաշրջանին։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։ Լիագումար նիստի ընթացքում ելույթով Պաշտպանը ներկայացրել է Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության ապահովման հարցում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և կատարվող աշխատանքները՝ թե՛ իրավիճակի մշտադիտարկման, և թե՛ անհատական դիմում բողոքների քննության արդյունքում։  Գրիգորյանը շեշտել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեին անցյալ տարի Պաշտպանի հաստատության կողմից ներկայացված հատուկ զեկույցի կարևորությունը, որտեղ համակարգային խնդիրները ներկայացնելուց զատ, ընդգրկվել էին կոնկրետ առաջարկություններ լուծումների վերաբերյալ։ Պաշտպանը համագումարի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է համավարակի ընթացքում արտակարգ դրության և պատերազմական գործողությունների ժամանակ հայտարարված ռազմական դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար առաջացող լրացուցիչ խոչընդոտների ու դրանց հասցեագրման անհրաժեշտության վրա։ Ինչպես նշված է հաղորդագրությունում, կարևորելով պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը որպես շարունակվող մարտահրավերներ, ի թիվս այլնի նշել է խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենսդրության բացակայությունը, որով հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հարմարություններ տրամադրելուց հրաժարումը կսահմանվի որպես խտրականության տեսակ։ Պաշտպան Գրիգորյանը նաև շեշտել է, որ դեռևս հաղթահարված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստիտուցիոնալացման, խնամատարության շրջանակների ընդլայնման, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման բավարար պայմանների երաշխավորման ու ապահովման մարտահրավերները, մասնավորապես՝ քաղաքաշինության, տրանսպորտի, տեղեկատվության ու հաղորդակցության, սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային ու սպորտային ծառայությունների բավարար հասանելիությունը։ Պաշտպանը նաև շեշտել է Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վավերացման կարևորությունը։
10:47 - 15 հունիսի, 2022
Պատերազմից հետո անհետ կորած անձանց ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող անձանց ընտանիքների համար արդարադատությունը դեռ չի կայացել. ՀՀ ՄԻՊ

Պատերազմից հետո անհետ կորած անձանց ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող անձանց ընտանիքների համար արդարադատությունը դեռ չի կայացել. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Freedom House-ի կազմակերպած՝ «Ժողովրդավարության կոնսոլիդացման ու մարդու իրավունքների ջատագովությունը Հայաստանում» խորագրով Ժողովրդավարության հայկական ֆորումին։ Պաշտպանը որպես բանախոս հանդես է եկել  «Ժողովրդավարության կոնսոլիդացման ու մարդու իրավունքների ջատագովությունը Հայաստանում» պանելային քննարկմանը: Իր ելույթի ժամանակ Պաշտպանը մասնավորապես նշել է․ «Ժողովրդավարությունն ընտրություն է, որին պետք է հաջորդի ամենօրյա աշխատանքը՝ ավելի լավ, ավելի հաշվետու, ավելի թափանցիկ կառավարում, իրավունքների առավել լավ պաշտպանվածություն ապահովելու ուղղությամբ։ Հայաստանը կատարել է այդ ընտրությունը վաղուց և առաջ է գնում։ Ժողովրդավարությունը նպատակ չէ, ու այդ գործընթացում ամեն օր նոր մարտահրավերներ կան։   44-օրյա պատերազմից հետո հայ հասարակության շատ լայն շրջանակներ, այդ թվում նաև ինտելեկտուալներ, ակտիվորեն կասկածի տակ էին դնում ժողովրդավարության օգտին մեր երկրի կատարած ընտրությունը։ Այդ մարդիկ ասում էին, որ եթե նման պատերազմի ընթացքում և հետո ժողովրդավարությունն անհամեմատ ավելի բարձր պատասխանատվություն ու ավելի մեծ ռիսկ է ստեղծում ավտորիտար հարևանների հետ գործ ունենալիս, ուրեմն պետք է նորից մտածենք, արդյոք պետք է մեզ այդ ժողովրդավարությունը, որը պատերազմի ժամանակ ու հետո դարձել էր մի ծանր բեռ, որը մեզ որպես հասարակություն թույլ չէր տալիս ավելի արագ վազել այդ կյանքի ու մահվան մարաթոնում։ Անկախ իրավիճակներից ու ժամանակներից, որևէ ժողովրդավարությունում արդարադատության պակասը կամ բացակայությունը դեֆորմացնում ու թուլացնում է ժողովրդավարության իմունային համակարգը։ Պատերազմից հետո անհետ կորած անձանց ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող անձանց ընտանիքների համար արդարադատությունը դեռ չի կայացել, նրանք պահանջում ու սպասում են։ Վերադարձած ռազմագերիների ու նրանց ընտանիքների վերքերը դեռ պետք է բուժել երկար ժամանակ։ Պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքները սգում են ու փնտրում մխիթարություն։ Իրենց տունն ու նորմալ կյանքը կորցրած բազմաթիվ տեղահանվածներ փնտրում են սոցիալական արդարություն ու սովորում լինել ավելի դիմակայուն՝ ներսում հույս պահելով, որ միգուցե մի օր պիտի վերադառնան իրենց տները։ Այս բոլոր խումբ մարդիկ հասարակության մասն են կազմում, և այդ մարդկանց տրավման դեռ հաղթահարված չէ, ուրեմն մեր հասարակության տրավման ևս հաղթահարված չէ։ Պաշտպանի մանդատի շրջանակներում ես հանդիպում եմ այս մարդկանց գրեթե ամեն օր, նրանց խնդիրները շատ են, բայց ամենամեծ խնդիրը արդարադատության այդ սպասումն է։ Հետպատերազմյան այս տրավման իր հետ բերել է նոր մարտահրավերներ թե՛ ժողովրդավարական գործընթացների, թե՛ մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության առումով։ Ծայրահեղ բեևեռացված հանրային խոսույթն ու ատելության խոսքը թերևս կոլեկտիվ այդ տրավմայի ամենավառ դրսևորումն ու հետևանքն են։ Ես գիտեմ, որ ատելության խոսքը մի մարտահրավեր է, որը առկա է շատ երկրներում, որտեղ պատերազմներ չեն եղել, բայց Հայաստանի դեպքում պատերազմն ու դրա հետևանքներն առավել լարված ու «սադրիչ» միջավայր են ստեղծում այդ խոսքի տարածման համար։ Իհարկե, Հայաստանը զերծ չէ նաև գլոբալ հակաժողովրդավարական տենդենցներից, մեզանում ևս իրավապաշտպանները թիրախավորվում են այն խմբերի կողմից, որոնք ժողովրդավարության ընտրության մասին տարբերվող կամ հակադիր հայացքներ ունեն։ Օրինակ՝ մեզանում էլ կան իրավաբաններ, ովքեր կոնկրետ քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ մարդիկ համարում են, որ իրավապաշտպանությունը հենց նման կազմակերպությունների գործունեությունն արգելելն է, և որ իրենք են ազգային ճիշտ արժեքներով իրավապաշտպանները։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերում անգամ Ազգային ժողովում կան որոշում կայացնողներ, ովքեր կարծում են, որ մարդու իրավունքների ունիվերսալության սկզբունքը պետք է հարմարեցնել, այսպես կոչված, «առավել կարևոր» ու «առավել մարգինալ» իրավունքների բաժանմանը։ Բայց ժողովրդավարությունը նաև այն բանի մասին է, որ այս բոլոր խմբերի ձայնը պետք է լսելի լինի, իսկ այդ առումով մեր ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի նրան, որ ժողովրդավարության իմունային համակարգն առողջ պահենք։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ժողովրդավարական ինստիտուտները՝ պետական կառավարման մարմինները, անկախ հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, անկախ ու պրոֆեսիոնալ մեդիան պետք է պաշտպանված լինեն որևէ անհամաչափ հարձակումներից ու վտանգներից, սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները պետք է շարունակենք լավարկել, սա նշանակում է, որ իրավունքի գերակայության սկզբունքը չպետք է ստորադասվի այսպես կոչված «առավել կարևոր հանրային բարիքի»։ Սա նաև նշանակում է, որ բոլոր դժվար հարցերը պետք է սթափ ու բաց քննարկենք, և որ կարևոր հարցերը տասնամյակներով անկյուններում պահելով՝ որևէ լավ տեղ չենք հասնի»: Պանելային քննարկումը ամփոփվեց բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով։
20:12 - 20 մայիսի, 2022
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել․ Հայտարարությունը՝ ստորև․  «Մեր երկու հաստատությունների համատեղ մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։ Ընդ որում, նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց դրսևորումներն են գտնում նաև Արցախում։ Իրենց տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար քաղաքական դերակատարների կողմից մեր հայրենակիցների արցախցի լինելու հանգամանքի միտումնավոր օգտագործումը բևեռացված հանրային խոսույթում «առիթ» է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ վիրավորանքների, անընդունելի բառապաշարի և ատելության խոսքի տարածման համար: Խստորեն դատապարտում ենք նման վնասակար, անհեռատես ու ծայրահեղ վտանգավոր բաժանարար գծերի ստեղծմանը միտված կամ որևէ կերպ դրան նպաստող խոսակցությունները, գործողություններն ու անգործությունը՝ այդ դրսևորումների դատապարտման առումով։ Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներով լի այս պատասխանատու ժամանակահատվածում հատկապես կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրային մեծ լսարան ունեցող բոլոր քաղաքական գործիչներին ու հասարակական դերակատարներին, անկախ քաղաքական նախընտրություններից ու օրակարգերից, սեփական օրինակով կանխելու և դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի», իր էությամբ կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը։ Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, տուրք չտալ ու անհանդուրժող լինել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին խմբերի բաժանելու և ներքին երկպառակտություն սերմանելու բոլոր գործողությունների նկատմամբ։ Դրանք ջլատում են մեր դիմադրողականությունը, քայքայում հանրային ու համազգային համերաշխությունը։ Համազգային միասնությունն ու իմաստնությունը մեր պետությունների առջև ծառացած բոլոր մարտահրավերների լուծման կարևորագույն առհավատչյաներից են»:
19:20 - 20 մայիսի, 2022
Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը

Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը: Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։ Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։ Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։
11:48 - 20 մայիսի, 2022
Ըստ ՄԻՊ-ի՝ երեկ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ

Ըստ ՄԻՊ-ի՝ երեկ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ

Երեկ՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվել է իրականացվել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով, հայտնում են ՄԻՊ-ից։    Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ երեկ հավանքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ։   Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են։ Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե´ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե´ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից։   Այլ կերպ՝ նման փոխգործակացությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում։
11:09 - 20 մայիսի, 2022
ՄԻՊ-ը և Freedom House-ի Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրենը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել

ՄԻՊ-ը և Freedom House-ի Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրենը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։ Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե՛ Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին։ Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացման գործում։ Իր գործունեության նախանշած առաջնահերթությունների շրջանակում Պաշտպան Գրիգորյանը նշել է անվտանգային խնդիրների լուծումներում մարդու իրավունքների պաշտպանության մոտեցումների ընդունումը։ Պաշտպանը ներկայացրել է նաև պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին, հատկապես գերիների ու անհետ կորած անձանց հայրենադարձման ու անհետ կորած անձանց ընտանիքներին օգտակար ու պատասխանատու տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը։ Գործունեության առաջնահերթությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի, խտրականության բոլոր ձևերի բացառման և կանանց իրավունքների պաշտպանության իր նպատակադրմանը։ Մարկ Բեհրենդտի հարցմամբ Պաշտպանն անդրադարձել է նաև այս օրերին հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքի խնդիրներին, մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՄԻՊ աշխատակազմի լիազորություններին, գործիքակազմին և իրականացվող աշխատանքներին։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը Մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել։
18:39 - 19 մայիսի, 2022
Արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք․ ՀՀ ՄԻՊ

Արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մայիսի 18-ին այց են իրականացրել ոստիկանության Երևանի թվով 7 բաժիններ, ինչպես նաև Մասիսի և Վաղարշապատի ոստիկանության բաժիններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ «Արձանագրվել են հետևյալ խախտումները. Արձանագրվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, որի շրջանակում վերջինիս Ոստիկանության ծառայողները փորձել են նստեցնել Ոստիկանության տրանսպորտային միջոց։ Ընդ որում, դա ուղեկցվել է վերջինիս քաշքշելով, հրմշտելով։ Հատկապես դատապարտելի է այն, որ Ոստիկանության ծառայողները ճանաչել են անձին, նրան դիմել անունով և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել։ Պաշտպանը զգուշացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Պաշտպանը նաև ի գիտություն է ընդունել Ոստիկանությունից ստացված տեղեկությունը ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք։ Ոստիկանության բաժնում ֆիզիկական ուժի կիրառումը, անձին հայհոյելը կամ արժանապատվությունն այլ կերպ նվաստացնելուն ուղղված ցանկացած գործողություն ազատությունից զրկված անձի նկատմամբ քրեորեն հետապնդելի արարք է։ Հատկապես անթույլատրելի է նման արարքի կատարումն ակնհայտ անչափահասի նկատմամբ։ Դեպքի առնչությամբ Պաշտպանը հրատապ կապնվել է Ոստիկանության ղեկավարության հետ, Պաշտպանին հավաստիացվել է, որ գործի հանգամանքները մանրամասն ուսումնասիրվում են պատշաճ գնահատական տալու համար։ Բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում անձինք նշել են, որ ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ, ընդ որում, որոշ դեպքերում ուժի կիրառումը դրսևորվել է տարբեր տեսակի հարվածներ հասցնելով, այդ թվում՝ անձանց գլխի հատվածում։ Համատարած բնույթ է կրել քաղաքացիներին մայթերից, ճանապարհին հարող տարածքներից, զբոսայգիներից բերման ենթարկելու դեպքերը։ Որոշ դեպքերում անգամ վարչական ձերբակալման են ենթարկվել ակցիաներին չմասնակցող քաղաքացիները։ Այսինքն՝ բերման ենթարկելը պայմանավորված չի եղել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հանգամանքով։ Այսօրվա մշտադիտարկումը ևս արձանագրել է հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, սպառնալու և սադրիչ այլ գործելակերպեր։ Արձանագրվել են ծառայություն իրականացնող ոստիկանի գործողություններին խոչընդոտելուն, գործողությունների կատարումը խափանելուն միտված դեպքեր։ Առավել մտահոգիչ է, երբ հավաքի ազդեցիկ քաղաքական ղեկավարի կողմից իր մասնագիտական պարտքը կատարող ոստիկանության ծառայողի նկատմամբ շարունակաբար դրսևորվում է հաշվեհարդարի ուղղակի սպառնալիք։ Նման վարքագիծը դատապարտելի է, և որևէ կերպ չի բխում հավաքի խաղաղ բնույթն ապահովելու կազմակերպչի պարտականություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:29 - 18 մայիսի, 2022
Շատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ հրահրել են ոստիկանության ծառայողները․ ՀՀ ՄԻՊ

Շատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ հրահրել են ոստիկանության ծառայողները․ ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այսօր այց են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժիններ։Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Արձանագրվել են հետևյալ խախտումները.  1. Իրականացված այցերի և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ այսօր առավել քան նախորդ օրերին շատ են եղել դեպքերը, երբ ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել է անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպք։Ըստ առանձնազրույցի ընթացքում հայտնված տեղեկությունների՝ ոստիկանների կողմից մարմանական վնասվածք հասցնելը, քաշքշելը իրականացվել է նաև ոստիկանական մեքենայում կամ ոստիկանության բաժնի դիմաց՝ անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, եղել են նաև ոստիկանների կողմից հայհոյելու, անհարկի քաշքշելու, անձանց անպատվելու և անձի ինքնասիրությունը ոտնահարող այլ արարքներ։ Պաշտպանը ոստիկանության ծառայողներին զգուշացնում է ՝ գործել բացառապես օրինականության շրջանակում, պահպանել բերման ենթարկելիս ուժի համաչափության՝ անհրաժեշտ նվազագույնի սկզբունքը, որևէ պարագայում անձի ինքնասիրությունը ոտնահարող կամ նսեմացնող գործողությունների չդիմել, քանի որ դրանք ստանալու են համարժեք իրավական գնահատական։ 2. ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումները բացահայտել են նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ հավաքների մասնակիցների կողմից վիրավորանքի, արժանապատվությունն ու ծառայությունը նսեմացնելուն միտված արարքներ։Մշտադիտարկումն արձանագրել է նաև մի շարք դեպքեր, երբ հավաքին չմասնակցող անձանց հետ հավաքի մասնակիցները ներքաշվել են անպատշաճ ու սադրիչ խոսակցությունների, հայհոյանքների ու վիրավորական գործելակերպի մեջ, կանխամտածված վնասվածքներ են հասցրել հավաքին չմասնակցող անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին։Արձանագրվել են նաև հավաքին չմասնակցող անձանց կողմից անհանդուրժողականության դեպքեր։ Սա ծայրահեղ վտանգավոր ու դատապարտելի գործելակերպ է։ Հավաքի մասնակիցներն ու կազմակերպիչները պարտավոր են առավելագույն ջանքերը ներդնել այլ անձանց իրավունքների իրացման խոչընդոտներն ու առօրյա կյանքին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցնելու և բռնությունը կանխարգելելու համար։ 3. Ոստիկանության Աշտարակի բաժնում լրացված չի եղել «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանը», այսինքն՝ այցի ժամանակ բաժնում գտնվել են թվով 12 անձինք, մինչդեռ՝ վերջիններիս վերաբերյալ որևէ տվյալ այդ մատյանում լրացված չի եղել։ 4. Ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում համատարած բնույթ է կրել ոստիկանի օրինական պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու, ոստիկանության կողմից ընդհանրապես պահանջ ներկայացված չլինելու կամ պահանջը ներկայացնելուց հետո դրա կատարման համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու դեպքերը, որոնք, ի սկզբանե վարչական ձերբակալումը դարձնում են ոչ իրավաչափ, ուստի, նման գործելակերպը անթույլատրելի է։ 5. Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձի լռելու իրավունքից օգտվելու դեպքում ոստիկանության ծառայողների կողմից հնչել է սպառնալիք ոստիկանության բաժնում ավելի քան 24 ժամ պահելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։Նման դեպքերը հատկապես շատ են եղել Ոստիկանության Նոր Նորքի և Մասիս քաղաքի բաժիններում։ Նման արարքը հատկապես անթույլատրելի և դատապարտելի է, երբ իրականացվում է ոստիկանության բաժնի պետի կամ այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ վերջինիս լուռ համաձայնությամբ։ Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել անձի լռելու իրավունքը և որևէ պարագայում այդ իրավունքից հրաժարվելուն պարտադրելը օրինական կամ արդարացված չի կարող լինել։ 6. Ոստիկանության Նոր Նորքի բաժնում արձանագրվել է անձին 3 ժամի փոխարեն ավելի քան 4 ժամ 40 րոպե ապօրինի ազատությունից զրկելու դեպք։ Եվ միայն Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում է անձն անհապաղ ազատ արձակվել։Պաշտպանը կրկին արձանագրում է, վարչական ձերբակալման շրջանակում 3 ժամից ավելի պահման ցանկացած դեպք ապօրինի է, և պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի։ 7. Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, շատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները, ընդ որում նույն խնդիրը բարձրացվել է տարբեր ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիների կողմից։Վերջիններս հատկապես դժգոհել են կարմիր բերետ կրող ոստիկանների գործողությունների ակնհայտ կոպտությունից, կիրառված ուժի անհամաչափությունից, անհարգալից լինելուց։ Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ Ոստիկանության ծառայողը պետք է գործի բացառապես ոտիկանի կարգավիճակից բխող սահմանափակումների շրջանակում, մասնավոր վեճերի կամ իր կարգավիճակից չբխող խոսակցություններ չնախաձեռնի կամ դրանց մասնակից չդառնա։
19:42 - 17 մայիսի, 2022