Փաստերի ստուգում

ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

44-օրյա պատերազմից հետո «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահասարակական կազմակերպությունն իրականացնում է ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման աշխատանքներ, որոնց նպատակն է ամրապնդել պաշտպանության երկրորդ գիծը։ Ամրաշինական այդ կառույցների ստեղծման համար կազմակերպությունն իրականացնում է հանրային դրամահավաքներ՝ ինչպես բանկային եւ քարտային փոխանցումների, այնպես էլ SMS հաղորդագրությունների միջոցով, որոնց արժեքը 500 դրամ է։ ԳՄԲԵԹ-ների կառուցման թեման ակտիվ քննարկվում է համացանցում. մարդիկ հետաքրքրվում են՝ արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են Պաշտպանության նախարարության հետ, թե ոչ։ Որոշ քաղաքացիներ անձամբ են ՊՆ-ից հետաքրքրվել ՈՄԱ-ի այս նախաձեռնության մասին, եւ, ստանալով տարակուսելի պատասխան, դիմել են «Ինֆոքոմին»։  Մեր ընթերցողները պատմում են, որ ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների վերաբերյալ տեղեկություն ճշտելիս ՊՆ թեժ գծի աշխատակիցը նրանց խորհուրդ է տվել կազմակերպությանը գումար չփոխանցել, քանի որ «ՈՄԱ-ի դեմ քրեական գործ կա հարուցված»։  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ն քննչական մարմին չէ եւ քրեական վարույթների մասին տեղեկություններ հաղորդելը նրա լիազորությունը չէ, «Ինֆոքոմը» որոշեց ստուգել այս տեղեկությունների իսկությունը։  Հոկտեմբերի 5-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունը մեր հարցմանը պատասխանել է միայն հոկտեմբերի 23-ին՝ նշելով. «ՈՄԱ կազմակերպության եւ ԳՄԲԵԹ նախագծի առնչությամբ վարույթների վերաբերյալ տեղեկություն առկա չէ՝ համաձայն Դատախազության ստորաբաժանումներից ստացած տվյալների»։ Ճշգրտելով, որ նախաձեռնված քրեական վարույթ չկա, «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգահարեց ՀՀ ՊՆ կայքում տեղադրված քաղաքային հեռախոսահամարով՝ հնչեցնելով այն նույն հարցերը, որոնք մեզ դիմած քաղաքացիներն էին ուղղել ՊՆ-ին։ Զարմանալիորեն մենք նույնպես ստացանք հետեւյալ պատասխանը. «ՊՆ-ն դրա հետ կապ չունի, ավելին՝ խորհուրդ կտանք գումար չփոխանցել, որովհետեւ գործ կա հարուցված, ավելին ասել չենք կարող»։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձեցինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրեցինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։ Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցադրմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»,- գրված է ՊՆ պատասխանում։  ՊՆ-ից ավելացրել են նաև, որ ՈՄԱ կազմակերպության այդ նախաձեռնության և առհասարակ որեւէ դրամահավաք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված չէ. «Պաշտպանական գերատեսչությունը ՈՄԱ հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել եւ կազմակերպությունը ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է, եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի. ՀՀ պետական բյուջեից պաշտանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- նշված է ՊՆ-ի պատասխանում: Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի։ Այսպիսով, ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։ Մենք խոսեցինք նաև ՈՄԱ կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի հետ, որը ՊՆ թեժ գծի զանգերին պատասխանող աշխատակիցների պնդումները զրպարտություն որակեց՝ նշելով, որ իրենք երբեւէ որեւէ քրեական վարույթի մասին ծանուցում չեն ստացել․ «Մենք 2014թ․-ից բաց ու թափանցիկ աշխատում ենք։ Մինչ օրս մեր վերաբերյալ որեւէ քրեական գործ չի եղել։ Մենք չենք հասկանում՝ ՊՆ թեժ գծի նման աշխատանքը, եթե դա աշխատանք կարելի է համարել, պարզապես զբաղված են կեղծ լուրերի տարածմամբ ու վարկաբեկմամբ՝ առանց փաստի ու հիմքի։ Ինչպես դատախազությունը, այնպես էլ մենք, հերքում ենք, որ մեր վերաբերյալ քրեական գործ կա»,- նշեց Խաչատրյանը։  Չնայած դրան՝ ՈՄԱ հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ այս առնչությամբ իրենք ՊՆ-ից պարզաբանում չեն պահանջել․ «Մենք գործեր ունենք անելու երկրորդ, երրորդ գծերում։ Եվ պետք չէ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ մեր դեմ գործի ջրաղացին ջուր լցնել, ուղղակի պետք է լինել միասնական եւ թիկունք լինել, ինչպես մենք ենք թիկունք, եւ աշխատել ոչ թե մեր դեմ, այլ մեր օգտին»,- ասաց Անգին Խաչատրյանը։ Հարցին, թե ինչ համագործակցություն կա ՈՄԱ-ի եւ ՊՆ-ի միջեւ, Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք ամրաշինական կառույցներ սարքում են պաշտպանական երկրորդ եւ երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաեւ դրամահավաք իրականացնելու համար ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։ Ըստ Խաչատրյանի՝ ՈՄԱ-ն ՊՆ-ի հետ համագործակցում է միայն պատերազմների ժամանակ՝ մասնակցելով զորահավաքին, եւ 25-օրյա հավաքների ժամանակ՝ որպես պահեստազորային։ Լուսանկարը՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից, ԳՄԲԵԹ կրակակետ Հայարփի Բաղդասարյան
17:44 - 02 նոյեմբերի, 2023
Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում է մի լուր, ըստ որի «ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին»։ Կայքերը թարգմանել եւ տարածել են X-ի հաշվում Գյունթեր Ֆելինգերի գրառումը։ Այս լուրը տարածվում է այն համատեքստում, թե Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմում գործող ինչ-որ մարմնի ներկայացուցիչ է։ Մինչդեռ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպությունը կապ չունի ՆԱՏՕ-ի հետ, այն ոչ կառավարական կազմակերպություն է։ Linkedin-ի նրա հաշվում, օրինակ, նշված է «ՆԱՏՕ-ի ընդլայնման ավստրիական կոմիտեի նախագահ, ինքնազբաղ», X-ի հաշվում նա ներկայանում է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե՝ հանուն Կոսովոյի, Ուկրաինայի, Բոսնիայի, Ավստրիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Վրաստանի, Եվրամիության» անունով կազմակերպության նախագահ։ X-ի օգտահաշվում նաեւ նշված է, որ այս կազմակերպությունը ոչ կառավարական եւ ոչ առեւտրային է։ Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպության անվանը․ այն ամենեւին «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտե չէ», այլ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե»․ կոմիտեի անվան ճիշտ շարադասության դեպքում էլ պարզ է դառնում, որ այն ՆԱՏՕ-ի մարմին չէ։ Հյուսիատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում էլ ՆԱՏՕ-ի կառուցվածքի բաժնում որեւէ տեղ չկա նշում, թե դրա կազմում գործում է «ՆԱՏՕ-ի ընլայնման եվրոպական կոմիտե»։ «Վիկիպեդիա»-ի ալբաներեն բաժնում Գյունթեր Ֆելինգերի մասին գրված է, որ վերջինս ավստրիացի տնտեսագետ է, կառավարման եւ զարգացման խորհրդատու, 2005թ․-ից իր ուշադրությունը կենտրոնացրել է անցումային տնտեսությամբ եվրոպական երկրների, մասնավորապես Կոսովոյի, Ալբանիայի, Ուկրաինայի տնտեսական ռեֆորմների, փոքր եւ միջին բիզնեսնի քաղաքականության ուղղությամբ։ Ուստի հայկական մամուլում շրջանառվող լուրերը, թե «ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հայաստանին», «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտեի ղեկավարը դիմել է Հայաստանին» եւ այսպես շարունակ, իրականությանը չեն համապատասխանում․ ՆԱՏՕ-ն նման մարմին չունի, եւ Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ։ Հայարփի Բաղդասարյան
12:59 - 04 սեպտեմբերի, 2023
Թուրքական ակումբի՝ ՀՀ զինանշանի նմանությամբ տարբերանշանի լուրի հետքերով․ ինչ գիտենք այս պահին

Թուրքական ակումբի՝ ՀՀ զինանշանի նմանությամբ տարբերանշանի լուրի հետքերով․ ինչ գիտենք այս պահին

Վերջին օրերին հայկական մեդիայում, սոցցանցերում և սունկ կայքերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ թուրքական ֆուտբոլային ակումբներից մեկի նոր տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին։ Infocom-ը ներկայացնում է, թե ինչպես է սկսել շրջանառվել այս տեղեկությունը, և արդյոք այն հավաստի՞ է։   Ինչ է ասում հայկական մամուլը Այսպիսով, հուլիսի 8-ին vnews.am-ը գրել էր․ «Թուրքիայի ուժեղությամբ երկրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Դիյարբեքիրսպորտը» վերանվանվել է «Մեսոպոտամիյասպոր»: Բացի անունը, փոխվել է նաև ակումբի տարբերանշանը, որը գրեթե նույնությամբ կրկնում է Հայաստանի զինանշանը, հաղորդում է Haber7-ը»։ Նյութում տեղադրված էր նաև զինանշանը, որը վերագրվում է  «Մեսոպոտամիյասպոր» ակումբին (այս նյութը գրելու պահին լուրը հեռացվել է vnews.am-ի կայքից)։ Հաջորդ օրը թեմային անդրադարձավ նաև armsport.am-ը՝ նշելով․ «Թուրքիայի ուժեղագույն երկրորդ լիգայում հանդես եկող «Դիարբեքիրսպոր» ակումբը պատկանում է քրդերին, և նրանք որոշել են ռեբրենդինգ կատարել։ Դեռևս հայտնի չէ՝ սա սեփականատերերի կողմից ժամանակավո՞ր փոփոխություն է, թե՞ լոգոն իսկապես մշտապես այս տեսքը կունենա։ Սակայն նոր լոգոտիպն արդեն պաշտոնապես ներկայացվել է և բազմաթիվ հակասությունների ու զայրույթի պատճառ է դարձել Թուրքիայում»: Այս տեղեկությունը տարածեցին հայկական ևս մի քանի կայքեր (operativ.am, goal24.am)։ Իսկ oragir.news-ը գրեց․ «Թուրքական Դիյարբեքիրսփոր ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը՝ կապված ինչպես ակումբի անվանափոխության, այնպես էլ նոր տարբերանշանի ընդունման հետ։ Ակումբի նախագահ Սերքան Գենչը հայտնել էր, որ ակումբի անվանափոխության մասին լուրերն ու քննարկումները տարածվել են անկախ իրենց կամքից, և ինչպես նախկինում այնպես էլ հիմա, իրենք հպարտորեն կշարունակեն կրել Դիյարբեքիրսփոր անվանումը»։   Ինչ է ասում թուրքական մամուլը Ամեն բան սկսվեց հուլիսի 7-ին, երբ թուրքական մամուլը սկսեց չհաստատված տեղեկություններ տարածել այն մասին, որ «Դիարբեքիրսպոր» ակումբը  դառնում է «Մեսոպոտամիյասպոր» և ունենալու է նոր տարբերանշան (amidahaber.com, rudaw.net): Հաջորդ օրն արդեն թուրքական մամուլն ավելի մանրամասն անդրադարձավ թեմային։ Հուլիսի 8-ին amidahaber.com-ը գրեց. ««Դիարբեքիրսպորը» երեկ հայտարարեց, որ թիմի անունը փոխվել է «Մեսոպոտամյասպոր»։ Հայտնի է դարձել, որ թիմի նոր անվանումը հավանության է արժանացել նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից»։ Կայքը նաև նշեց, որ  նոր տարբերանշանը նման է Հայաստանի զինանշանին, և երբ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտը հաստատի այն, ֆուտբոլային ակումբը հանդես կգա նոր անունով։ Ըստ amidahaber.com-ի՝  սպասվում է, որ «Դիարբեքիրսպորը» պարզաբանմամբ հանդես կգա։ Թուրքական մեկ այլ կայք՝ aydinlik.com.tr-ը, ավելի շատ մանրամասներ ներկայացրեց։ Կայքը, մասնավորապես, նշեց, որ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտում «Մեսոպոտամյասպոր» անունով ֆուտբոլային ակումբ գրանցելու մասին հայտարարություն է հրապարակվել, իսկ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում հայտնվել է նույն անունով ակումբ։  Թուրքիայի արտոնագրության ինստիտուտի կայքում, իսկապես, հայտարարություն կա այն մասին, որ «Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977» անունով արտոնագրային ապրանքանշանի գրանցման հայտ է եղել։ Իսկ ներկայացված տարբերանշանը նույնն է, ինչ տարածվում է հայկական և թուրքական կայքերում, և շատ նման է Հայաստանի զինանշանին։ Ապրանքանշանը ենթադրաբար դեռ գրանցված չէ, քանի որ գրանցման ամսաթիվն ու կոդը բացակայում են։  «Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977» անունով արտոնագրային ապրանքանշանի գրանցման հայտը Ինչ վերաբերում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին, ապա այստեղ ևս կարող ենք գտնել «Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977»-ը։ Այս ակումբը Դիարբեքիր նահանգի սիրողական ակումբների ցանկում է։ Սակայն սա ոչ մի կերպ չի ապացուցում, որ այն հենց փոփոխված անվամբ «Դիարբեքիրսպոր»-ն է։ Վերջին տողում՝ «Մեսոպոտամյասպոր»-ը Բանն այն է, որ «Դիարբեքիրսպոր»-ը կարելի է գտնել Դիարբեքիր նահանգի պրոֆեսիոնալ և ոչ սիրողական ակումբների ցանկում։  Վերջին տողում՝ «Դիարբեքիրսպոր»-ը Ըստ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացայի՝ երկու ակումբներն ունեն տարբեր հասցեներ ու ակումբային համարներ («Դիարբեքիրսպոր», «Մեսոպոտամյասպոր»)։ Սակայն երկուսի նախագահն էլ նշված է նույն անձը՝ Ֆերհատ Ինհանլին։ Ֆեդերացիայի կայքի տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, մի փոքր հին է, քանի որ որ այս տարվա հունվարին «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ է դարձել Սերկան Գենչը, իսկ նախկին նախագահ Ինհանլին վերջին տվյալներով ակումբի փոխնախագահն է։  Երկու ակումբներին միավորում է ևս մի բան․ «Մեսոպոտամյասպոր»-ի անվան մեջ նշվում է 1977 թիվը, իսկ «Դիարբեքիրսպոր»-ը, ըստ թուրքական կայքերի, հիմնադրվել է հենց այդ թվականին։  Իհարկե, սա ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այն, որ խոսքը միևնույն ակումբի մասին է։ «Դիարբեքիրսպոր» ակումբի ղեկավարությունից ևս պաշտոնապես հերքող կամ հաստատող հայտարարություններ առայժմ չկան։ Ըստ թուրքական spor.haber7.com-ի՝  «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ Սերկան Գենչը սոցցանցերում հայտարարել է, որ տեղեկությունը տարածվել է ակումբից անկախ, ու նշել․ «Մեզ համար մեծ պատիվ է կրել Դիարբեքիր անունը։ ․․․․ Մենք նախկինի պես կշարունակենք հպարտորեն կրել Դիարբեքիրսպորի անունը»։ Սակայն «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ Սերկան Գենչի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում նման հայտարարություններ չկան, իսկ նրա ինստագրամյան էջը հասանելի չէ։ Այլ սոցցանցերում նրա էջերը գտնել մեզ չհաջողվեց, հետևաբար չենք կարող պնդել՝ այս տեղեկությունը հավաստի՞ է, թե՞ ոչ։ «Դիարբեքիրսպոր»-ի պաշտոնական կայքը, որը նշված է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում, հասանելի չէ, իսկ ակումբի ոչ պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում տեղեկությունը հերքող կամ հաստատող ոչ մի հայտարարություն չկա, հետևաբար չենք կարող հստակ պնդել՝ այս հերքող հայտարարությունը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ։ Այպիսով, թուրքական կայքերում տարածվել էր տեղեկություն, որ «Դիարբեքիրսպոր» ակումբը շուտով կանվանափոխվի՝ դառնալով «Մեսոպոտամյասպոր», իսկ ակումբի նոր տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին։ Այնուհետև թուրքական մամուլում տարածվեց նաև ակումբի նախագահ Սերկան Գենչի հայտարարությունը, որն ավելի շատ հերքում, քան հաստատում է տեղեկությունը: Սակայն այս հայտարարության սկզբնաղբյուրը գտնել մեզ չհաջողվեց։ Մյուս կողմից էլ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտի կայքում տեսնում ենք, որ «Մեսոպոտամյասպոր» անունով մի ակումբ իր անունն ու տարբերանշանը գրանցելու հայտ է ներկայացրել։ Ներկայացված տարբերանշանն ունի նույն տեսքը, ինչ թուրքական մամուլում տարածվող խնդրահարույց լուսանկարները։ Քանի որ ակումբից հաստատված պաշտոնական մեկնաբանություն չկա, չենք կարող հստակ պնդել՝ տեղեկությունը հավաստի՞ է, թե՞ ոչ։   Գլխավոր լուսանկարը՝ spor.haber7.com-ի  Աննա ՍահակյանԹուրքերենից թարգմանությունները՝ Աննա Պալաքյանի
18:21 - 10 հուլիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է հայտարարության նախնական տարբերակը․ Նաիրի Հոխիկյանը մանիպուլացնում է

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է հայտարարության նախնական տարբերակը․ Նաիրի Հոխիկյանը մանիպուլացնում է

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Վերջինս իր ծավալուն ելույթում խոսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին, ներկայացրել այդ ընթացքում եղած շփումները տարբեր կողմերի հետ, անդրադարձել հրադադարի վերաբերյալ քննարկված բոլոր համաձայնագրերին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին։ Լրագրող Նաիրի Հոխիկյանը, անդրադառնալով Փաշինյանի ելույթին, տելեգրամյան իր ալիքում մանիպուլյատիվ է ներկայացրել վերջինիս խոսքի այն հատվածը, որը վերաբերել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Մասնավորապես, Հոխիկյանը գրել է, թե Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի առավոտյան, այնինչ այն հրապարակվել է երեկոյան․ «Նիկոլը քիչ առաջ հայտնեց, որ 2020 թվականի խայտառակ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի առավոտյան, թեև փաստաթուղթը հրապարակվել է միայն երեկոյան։ Այսինքն այն պահին, երբ հայկական բանակը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս Շուշիի համար, երբ տասնյակ հայեր էին զոհվում առաջնագծում, երբ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարում էր, որ Շուշին մերը չի, իսկ Նիկոլն էլ արձագանքում էր, թե "Շուշիի համար մարտերը շարունակվում են", այդ ժամանակ Նիկոլն արդեն իսկ հանձնել էր ամեն ինչ ու ստում էր, որ ավելի շատ զոհեր ունենանք, որ թշնամին ավելի շատ տարածք կարողանա ստանալ»,- գրել է Հոխիկյանը։ Նիկոլ Փաշինյանը ելույթում իսկապես ասել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է փաստաթուղթ, սակայն, նշել է, որ այդ փաստաթուղթը եղել է եռակողմ հայտարարության նախնական տարբերակը միայն, որտեղ խոսք չի եղել Շուշիի հանձնման, Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվել է միայն ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների տեղակայման մասին։ Ըստ Փաշինյանի՝ ինքը ստորագրել է այդ տարբերակը, սակայն Ադրբեջանը դրանում փոփոխություններ է առաջարկել, որոնք արդեն հայկական կողմի համար են անընդունելի եղել։ Ի վերջո առավոտյան Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն ուժը կորցրել է առաջարկված փոփոխությունների շուրջ անհամաձայնության բերումով, և միայն երեկոյան նոր տարբերակն է դրվել սեղանին, որն էլ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները․ այդ փաստաթուղթն էլ հրապարակվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։  Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի ելույթի այդ հատվածն ամբողջությամբ և առանց խմբագրման, որպեսզի տեսանելի լինի ամբողջ համատեքստը․ «Ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարծքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ուշադրություն դարձրեք, ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի, լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Այնուամենայնիվ պարզվեց, որ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում։ Այսինքն, օրվա ընթացքում անընդհատ էդ ստորագրված տեքստը ոնց որ շրջանառությունից դուրս եկավ, օրվա ընթացքում տարբեր քննարկումներ, տարբեր համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում է, որ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը ասաց, որ Ադրբեջանը առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ՝ կեսգիշերին մոտ, սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկությունը հրապարակվել է այդ փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց, և որ հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին։ Այսպիսով, Նաիրի Հոխիկյանի հայտարարությունը մանիպուլյատիվ է և ապակողմնորոշող։ Փաշինյանն իսկապես ասել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է փաստաթուղթ, բայց դա եռակողմ հայտարարության միայն նախնական տարբերակն է եղել, որին ադրբեջանական կողմը համաձայնություն չի տվել՝ առաջարկելով նոր փոփոխություններ՝ այս անգամ անընդունելի հայկական կողմի համար։ Ջուլիետտա Հովհաննիսյան
15:08 - 20 հունիսի, 2023
Չավուշօղլուն խոսել է «Նեմեսիսի» արձանը հանելու մասին. Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Չավուշօղլուն խոսել է «Նեմեսիսի» արձանը հանելու մասին. Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Ազգային ժողովում խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցի ժամին լրագրողը հիշեցրեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել էր, որ Թուրքիայի օդային սահմանը Հայաստանից թռիչքների համար փակվել է «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման պատճառով․ «Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիայի օդային սահմանը փակվել է, քանի որ տեղադրվել է Նեմեսիսի արձանը, ու սպառնաց՝ եթե չապամոնտաժվի, այլ քայլեր կհետեւեն սրան,- պատգամավորներ Սարգիս Խանդանյանից ու Վահան Ալեքսանյանից հետաքրքրվեց լրագրողը՝ հարցնելով,- «Ի՞նչ է պատրաստվում Հայաստանի կառավարությունն անել, արդյոք հնարավո՞ր է՝ ապամոնտաժվի արձանը»։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցի այսպիսի ձեւակերպումը զարմացրեց, նա այսպես պատասխանեց․ «Նախ՝ արձանները ՀՀ կառավարության տիրույթում չեն, այլ Երեւանի քաղաքապետարանի տիրույթում են, բայց Ձեր հարցի մեջ սխալ կա, որովհետեւ նման բան, որ «եթե չապամոնտաժվի», նման արտահայտություն առնվազն չկար Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքում, այլ կար, կարծեմ, եթե չեմ սխալվում, «եթե նման քայլերը շարունակական լինեն», էս կոնտեքստում էր, բայց ձեր ասածի նման արտահայտություն չկար»։ Վահագն Ալեքսանյանը, սակայն, սխալվում է, քանի որ Չավուշօղլուն երեկ ոչ միայն ասել է «նման քայլերի» շարունակականության մասին, այլ նաեւ արձանի հեռացման իրենց ակնկալիքի։ Մասնավորապես, երեկ՝ մայիսի 3-ին, NTV հեռուստաալիքի եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքով թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։ Արտգործնախարարը նշել է, թե «հուշարձանը տեղադրվել է թուրք դիվանագետներին, քաղաքացիներին, ինչպես նաև ադրբեջանցիների սպանած ահաբեկիչներին փառաբանելու համար»․ «Ես՝ որպես նախարարության ղեկավար, որի ներկայացուցիչներն ուժային կառույցների ներկայացուցիչներից հետո ամենաշատը տուժել են տեռորից, չեմ կարող դա ընդունել․․․ Նրանք ցույց են տալիս, որ դրական մտադրությամբ չեն արել, իսկ ես ձեռքներս ծալած չէի կարող նստել, դրա համար էլ որոշում կայացվեց փակել մեր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։ Իսկ եթե շարունակեն, ուրեմն մենք այլ միջոցներ կձեռնարկենք, թող չնեղանան»,- ասել է Չավուշօղլուն։ Ապա լրագրողի ճշտող հարցին՝ օդային տարածքը փակելու մասին որոշումը նո՞ր է, Չավուշօղլուն դրական պատասխան է տվել՝ նշելով, որ միայն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է թույլատրվել թռչել Թուրքիա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Չավուշօղլուն նշել է, որ դրանից զատ VIP թռիչքները չեն թույլատրվի, եւ շարունակել է․ «Եթե շարունակեն, եթե դա չհանեն, այլ միջոջներ կձեռնարկենք։ Անհնար է, որ մենք դրա հետ համակերպվենք, դա դրական մտադրությամբ չանելն էլ արդեն տեսել ենք»։ Այսպիսով, Չավուշօղլուն իսկապես արձանի հեռացման «պայմանի» մասին խոսել է, ուստի Վահագն Ալեքսանյանը սխալվում է։ Ի հիշեցում՝ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Այս մասին հայտնել էր Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ Աննա Պալաքյան
14:44 - 04 մայիսի, 2023
Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան

Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում այս տարվա ապրիլի 1-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցում էր 44-օրյա պատերազմին զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին նվիրված հիշատակի արարողությանը։ Հակոբյանն այդ միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ, որի ժամանակ հայտարարեց, թե «44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։ [․․․] 11 հազար զինվորական, կամավոր, սպա եւ այլն։ 11 հազարը պատկերացնում ենք, չէ՞, ինչ թիվ ա»։ Հնչեցված այս թիվը որոշակի տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում, որովհետեւ մինչ այդ պահը պաշտոնական աղբյուրներով այդպիսի մեծ թիվ չէր հրապարակվել, բացի դրանից՝ Հակոբյանի հայտարարությունից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել։ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել Infocom-ը գրավոր հարցումով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նախ ճշտելու ուսումնասիրվե՞լ է արդյոք Աննա Հակոբյանի հայտարարությունը։ Մասնավորապես, ապրիլի 4-ին ՀՀ դատախազությունից հարցրել ենք՝ Աննա Հակոբյանի՝ վերը հիշատակված հայտարարությունը ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է եւ ի՞նչ հոդվածով։ Իսկ եթե վարույթ չի նախաձեռնվել, հարցրել ենք՝ քննիչի կողմից որոշում կայացվե՞լ է վարույթ չնախաձեռնելու մասին, եթե այո, ապա հսկող դատախազը հաստատե՞լ է այդ որոշման օրինականությունը։ Գլխավոր դատախազությունն այս հարցմանը պատասխանելու համար ապրիլի 10-ին՝ օրենքով սահմանված ժամկետից հետո, գրավոր ծանուցել է 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է պահանջվում, եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Դատախազությունը ապրիլի 25-ին հարցմանն ի պատասխան հաղորդել է միայն այն, որ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել, իսկ մնացյալ հարցերը թողել է անպատասխան։ Ուստի ապրիլի 26-ին դարձյալ նույն հարցադրումներով գրություն ենք ուղարկել գերատեսչություն՝ խնդրելով ըստ էության պատասխանել հարցման մեջ նշված բոլոր հարցերին։ Այնինչ Դատախազությունը դարձյալ խուսափել է պատասխանել մյուս հարցերին՝ նշելով միայն, որ պատասխան արդեն տրվել է։ Դասալքության, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածներով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդամենը 756 անձ Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո դրան առնչվող բազմաթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ թվում ծառայության վայրն ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդված), ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարված դասալքության (ՀՀ նախկին ՔՕ 362-րդ հոդվածի 3-րդ կետ), զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին  ՔՕ 364-րդ հոդվածի 3-րդ մաս) հոդվածներով։ Ինֆոքոմը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտեին, օրեր անց նաեւ Գլխավոր դատախազությանը՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով այդ գործերի մասին։ Քննչական կոմիտեն ապրիլի 4-ին ուղարկած մեր հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է խնդրել։ Կոմիտեի պատասխանը դեռեւս չենք ստացել։ Ապրիլի 13-ին հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցնելով՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության դեպքի առթիվ մինչ օրս քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել, դրանցից քանի՞սն է նախաքննության փուլում, քանի՞սն է ուղարկվել դատարան, քանի՞սն է կասեցվել եւ ի՞նչ հիմքով, քանի՞սն է կարճվել եւ ի՞նչ հիմքով։ Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք նաեւ, թե նախաքննության փուլում գտնվող եւ արդեն դատարան ուղարկված քրեական վարույթներով ընդհանուր առմամբ քանի՞ անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ որ հոդվածների որ մասերով են առաջադրվել մեղադրանքները՝ ըստ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքերի։ Դատախազությունը, խախտելով օրենքով սահմանված ժամկետը, միայն ապրիլի 25-ին է պատասխանել այս հարցմանը։ Ստորեւ ներկայացնում ենք դատախազության պատասխանը, ապա թե այդ պատասխանից ինչ նոր հարցեր են ծագել։ Այսպես, պատասխանում նշված է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ: Նախաքննության ընթացքում հիշյալ 1786 քրեական վարույթների միացման արդյունքում ներկայում քննվող քրեական վարույթների թիվը 226 է: Ըստ Դատախազության՝ վերը նշյալ հոդվածներով հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ: Այդ 118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ դասալքության հոդվածով եւ 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով: Դատախազությունը հաղորդել է, որ դատարան ուղարկված այդ 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում: Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով կարճվել է 209 քրեական վարույթ, դասալքության հոդվածով՝ 31 քրեական վարույթ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 40 քրեական վարույթ: Իսկ ընդհանուր կարճված 280 քրեական վարույթներից 278-ը կարճվել են արդարացնող հիմքով, միայն 2-ը՝ ոչ արդարացնող: Դատախազության պատասխանում նշված է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության հոդվածով՝ 132 անձ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 444 անձ, ընդհանուր՝ 756 անձ: Դատախազության պատասխանը նոր հարցեր է առաջացնումՆախ նշենք, որ «անձի վերաբերյալ հարուցված քրեական վարույթ» իրավական ձեւակերպում գոյություն չունի, եւ առնվազն անհասականալի է, թե 10687 անձինք հարուցված քրեական վարույթներում ինչ կարգավիճակ են ունեցել, ինչ կարգավիճակ ունեն հիմա, կամ արդյոք բոլորն են, որ ունեն կամ երբեւէ ունեցել են կարգավիճակ։ Այս հարցը ծագում է այն պատճառով, որ, ըստ Դատախազության, երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը ընդամենը 756 է։ Ընդ որում, դարձյալ անհասկանալի է, թե նշված թվում Դատախազությունը նկատի է ունենում միայն որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձա՞նց, թե նաեւ նրանց, որոնց արդեն առաջադրվել է մեղադրանք (ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն՝ նախ որոշում է կայացվում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ապա նրա ներկայությամբ նրան առաջադրվում է մեղադրանք, իսկ եթե անձի գտնվելու վայրը հայտնի չէ, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումից հետո նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում եւ կամ միջազգային հետախուզում)։  Բացի դրանից՝ Դատախազությունը չի հաղորդել նաեւ, թե արդարացնող հիմքով կարճված 278 վարույթներից յուրաքանչյուրով քանի անձ է ունեցել մեղադրյալի կարգավիճակ, եւ, որ ամենակարեւորն է, արդյոք այդ արդարացված անձանց թիվը ներառված է 10687 թվի մեջ։ Պարզաբանման կարիք ունեցող այս հարցերին Դատախազությունից հրաժարվեցին բանավոր պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։ Սակայն գրավոր ուղարկված երկրորդ հարցմանը նույնպես որեւէ պարզաբանում չտրվեց։ Այսպես, ապրիլի 26-ին ուղարկած նոր հարցմամբ գերատեսչությունից, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ինչ է ենթադրում հարցման պատասխանում նշված «10687 անձի վերաբերյալ» ձեւակերպումը։ Արդյո՞ք նշյալ 10687 անձինք մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք են։ Եթե ոչ, ապա խնդրել էինք նշել այդ 10687 անձանցից փաստացի մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ առանձին-առանձին, իսկ եթե կան անձինք, որոնք այս երեք, պայմանական ասած, կարգավիճակներից դուրս են, ապա ինչպե՞ս է դրսեւորվում նրանց վերաբերելիությունը քրեական վարույթներին։ Հարցրել էինք նաեւ, թե վերը նշված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված 756 անձինք արդյոք ներառվա՞ծ են 10687 թվի մեջ, եւ նրանցից քանիսի՞ն է փաստացի մեղադրանք առաջադրված, քանի՞սն է հետախուզման մեջ։ Խնդրել էինք տրամադրել նաեւ այն անձանց թիվը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, եւ որոնց նկատմամբ՝ ոչ արդարացնող։ Այս համատեքստում խնդրել էինք հստակեցնել՝ անձինք, որոնց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, ներառվա՞ծ են որպես մեղադրյալ ներգրավված 756 անձանց թվում, թե որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ի սկզբանե ավելին է եղել, այսինքն՝ այս 756 թիվը ներառում է միայն այս պահին որպես մեղադրյալ ներգրավված անձանց։ Ինչպես նաեւ տեղեկություն էինք խնդրել, թե դատաքննությունն ավարտված վարույթներով անցնած 64 անձանցից քանիսի՞ վերաբերյալ է կայացվել արդարացման, քանիսի՞ վերաբերյալ՝ մեղադրական դատական ակտ։ Դատախազությունը հենց այսօր այս անբովանդակ պատասխանն ուղարկեց․ «Ապրիլի 25-ին արդեն իսկ տրվել է պատասխան։ Հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է»։ Անհասկանալի է՝ եթե, ըստ Դատախազության, հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է, ապա էլ ինչու մեզ հորդորեցին դարձյալ գրավոր հարցում ուղարկել։ Այսպիսով, վերը նշված հարցերի պատասխանները չստանալով՝ դժվար է հստակ արձանագրել, թե, ի վերջո, այս պահի դրությամբ դասալքության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթներով կոնկրետ քանի անձի է փաստացի առաջադրվել մեղադրանք։ Եթե անգամ համարենք, որ վերը հիշատակված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը փաստացի մեղադրյալների թիվն է, պետք է չմոռանալ, որ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ, եւ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ 64 անձանց վերաբերյալ կայացված դատավճիռների բնույթն էլ, ինչպես նշեցինք, Դատախազությունը չի տրամադրել:  Եւ, այդուհանդերձ, տրամադրված պատասխաններից կարող ենք եզրահանգել, որ 11 հազար դասալիքի մասին հայտարարությունը մանիպուլյատիվ է, եւ, ըստ ամենայնի, Դատախազությունը դրան մոտ մի ընդհանրական թիվ է ներկայացրել, որպեսզի պատճառաբանվի նաեւ, թե ինչու քրեական վարույթ չի նախաձեռնվել Աննա Հակոբյանի հայտարարության հիմքով։  Թեմայի շարունակությունը՝ «Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ» վերտառությամբ հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
23:05 - 27 ապրիլի, 2023
Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից

Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով սահմանային մի հողամաս որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն՝ համայնքային սեփականության հողատարածքը դարձել  է պետական սեփականություն։ Խոսքը սահմանամերձ Ոսկեպարի այն տարածքի մասին է, որից գրեթե 1 կմ հեռավորության վրա նախանցյալ տարի՝ 2021 թ․ ամռանը, տեղակայվել էին ռուս սահմանապահները։  Այդ ժամանակ՝ վերջիններիս տեղակայման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարճ հայտարարություն էր տարածել՝ հաստատելով այդ տեղեկությունն ու պարզաբանելով, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակում նշված հատվածում շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ ՊՆ-ն չէր մանրամասնել, թե ինչու եւ իրավական ինչ հիմքով են սահմանապահները այդտեղ տեղակայվել, հետագայում էլ ՊՆ-ին, ԱԱԾ-ին եւ ԱԳՆ-ին ուղղված մեր այդ եւ այլ հարցեր լիարժեք պատասխաններ չէին ստացել։ Նվիրատվության կարգով ՀՀ-ին տրամադրված հողատարածքի կոորդինատները՝ համաձայն ՏԿԵՆ-ից 09․12․22 թ․ ստացված պատասխանի, ռուս սահմանապահների՝ 2021 թ․ տեղակայման կոորդինատները՝ Hetq.am-ի Նվիրատվության որոշումից հետո Infocom-ը մի շարք հարցումներ է հղել պետական կառույցներին եւ ՏԻՄ-ին՝ փորձելով հասկանալ՝ ինչ նպատակով է նման որոշում կայացվել, շինարարական ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով է դա առնչվում ռուս սահմանապահների հետ։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ այդ հատվածում կառուցված կացարանում տեղակայվել են հենց ՌԴ զինված ուժերի ծառայողներ։ Շուրջ կես տարվա գրագրության արդյունքում Նոյեմբերյանի համայնքապետարանը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն ու Կառավարությունը այդպես էլ չեն ցանկացել հստակ պատասխանել մեր այդ հարցերին՝ ամեն կերպ շրջանցելով եւ փորձելով անգամ հերքել շինարարության փաստը, որը, սակայն, հավաստվում է թե՛ արբանյակային, թե՛ մեր հեղինակային լուսանկարներով եւ տեսանյութերով։ Ստորեւ ներկայացնում ենք մեր լուսանկարները, որոնք հնարավոր է սլաքի միջոցով թերթել եւ տեսնել, թե ամիսների ընթացքում ինչ փոփոխության է ենթարվել հիշյալ հողատարածքը։   Ըստ համայնքապետարանի՝ հողամասը նվիրատվության կարգով տրամադրվել է ՀՀ-ին՝ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով Համայնքային հողամասը պետությանը որպես նվիրատվություն տրամադրելու որոշումը կայացրել է Նոյեմբերյան համայնքի ավագանին նախորդ տարվա՝ 2022 թ․ հուլիսի 13-ին հրավիրված արտահերթ նիստում։ Կողմ են քվեարկել ավագանու 14 անդամներ, դեմ եւ ձեռնպահ անձինք չեն եղել։ Ավագանու որոշումից պարզ է դառնում, որ այն 71․33 հա հողամասից առանձնացված 2 հա մակերեսով մի հատված է՝ հարակից H53 մայրուղուն, որի թե՛ նպատակային, թե՛ գործառնական նշանակությունը հատուկ նշանակության է։  ՀՀ Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ հատուկ նշանակության հողեր են համարվում պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը եւ օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:  Նոյեմբերյանի ավագանու որոշումը՝ ըստ համայնքի պաշտոնական կայքի  Որոշման հրապարակումից շաբաթներ անց՝ 2022 թ․ օգոստոսի 8-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ նպատակով է ավագանին նման որոշում կայացրել։ Միաժամանակ հետաքրքրվել ենք, թե երբ եւ ում կողմից են տվյալ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել որպես հատուկ նշանակության։ Առանց օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետ խնդրելու Նոյեմբերյանի համայնքապետարանը հարցմանը պատասխանել է գրեթե մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին՝ տեղեկացնելով, որ ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 71.33 հա մակերեսով հողամասից առանձնացված 2.0 հա մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվել է ՀՀ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով: Ըստ համայնքապետարանի՝ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել են որպես հատուկ նշանակության 07.06.2022թ-ին՝ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։  Նշենք, որ  հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը, ըստ Կառավարության համապատասխան որոշման, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն են։ Այդպիսի հողերում քաղաքաշինական աշխատանքների իրականացումը կարգավորվում է Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված հատուկ կարգով, մյուս դեպքերում, երբ խոսքը համայնքային ոչ հատուկ նշանակության հողերի մասին է՝ վարչական ղեկավարի թույլտվությամբ։ Համայնքապետարանի պատասխանից պարզ է դառնում, որ տվյալ հողամասը դասակարգվել է որպես հատուկ նշանակության այն նվիրատվության կարգով տրամադրելու մասին ավագանու որոշումից ավելի քան 1 ամիս առաջ։ Այնուհանդերձ, նույն հարցմամբ նշել էինք՝ եթե նախքան հատուկ նշանակության հողատարածք դասակարգվելը տվյալ հատվածում իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, ապա խնդրում ենք տրամադրել կառուցապատման նպատակով վարչական ղեկավարի թույլտվությունը (կամ եթե առկա է մերժում, դրա հիմքերը)։ Դրանից բացի, խնդրել ենք տրամադրել ստույգ տեղեկություններ նախատեսվող/իրականացվող շինարարության եւ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին՝ հաշվի առնելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածները։ Վերջիններս սահմանում են, որ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչները, ի թիվս այլնի, իրավունք ունեն ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտեւորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին։  Նոյեմբերյանի համայնքապետարանը հիշյալ հողամասում քաղաքաշինական գործունեության դեպք չի արձանագրել Վերոնշյալ հարցերին ի պատասխան՝ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնել են, որ նախքան հատուկ նշանակության դասակարգվելը եւ նախքան 13.07.222թ-ն այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացվելու դեպք չի արձանագրվել, եւ կառուցապատման թույլտվություն ստանալու համար Նոյեմբերյանի համայնքապետարան ոչ ոք չի դիմել․ «Իսկ նշված մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվելուց հետո ծագած հարցերի վերաբերյալ կարող եք դիմել ՀՀ կառավարություն»,- ասված է պատասխանում։ Չնայած համայնքապետարանի այս պատասխանին՝ Sentinel-hub արբանյակային տվյալների մշակման կայքի միջոցով արված լուսանկարները փաստում են, որ հիշյալ հողատարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացվել է նախքան 13․07․22-ը, այսինքն՝ նախքան համայնքապետարանի կողմից այն պետությանը տրամադրելու որոշումը, ինչը նշանակում է, որ դրա համար պետք է տրված լինի շինթույլտվություն։ Մասնավորապես, առնվազն հուլիսի 7-ից սկսած՝ նշված հատվածում, որը նախորդ ամսվա լուսանկարում ամբողջությամբ կանաչապատ էր, նկատվում են փորված հատվածներ։ Տեղաշարժելով սպիտակ շրջանը՝ հնարավոր է տեսնել այդ տարբերությունը։   Դրանից բացի, հուլիս ամսին մեր նկարահանող խումբը եւս եղել է Ոսկեպարում եւ արձանագրել օրեր շարունակ այնտեղ ընթացող շինարարությունը։ Ստորեւ տեղադրված տեսանյութերը, օրինակ, նկարահանվել է 2022 թ․ հուլիսի 12-ին՝ դարձյալ նախքան ավագանու որոշումը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք լրացուցիչ հարցմամբ դիմել ենք Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ կից ուղարկելով արբանյակային լուսանկարները եւ խնդրելով պարզաբանել նախորդ հարցմանը տրված պատասխանը։ Հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից հայտնել են․ «Նախորդ պատասխանում ոչ թե նշված է, որ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել, այլ նշված է, որ նախքան 13․07․22  այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպք չի արձանագրվել։ Այսինքն՝ եթե անգամ քաղաքաշինական գործունեություն իրականացվել է, դա համայնքապետարանի կողմից չի հայտնաբերվել, թեեւ, ըստ մեր տեղեկությունների, մինչեւ նշված ժամկետն այնտեղ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել»,- ասված է պատասխանում։ Ինչպես արդեն նշեցինք, մի քանի օր Նոյեմբերյան համայնքում գտնվելով՝ մեր նկարահանող խումբն է անգամ այնտեղ արձանագրել քաղաքաշինական գործունեությունը, հետեւաբար տարակուսելի է համայնքապետարանի այն պատասխանը, թե եթե անգամ իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, դա իրենց կողմից չի հայտնաբերվել։ Դրանից բացի, ուշագրավ է, որ տեսանյութում երեւացող տրակտորի վրա առկա է «Նոյեմբերյան համայնք» գրությունը։ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն մեկամսյա ժամկետ են խնդրել՝ հարցմանը չպատասխանելու համար Հաշվի առնելով, որ հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն են՝ հոկտեմբերի 13-ին մենք գրավոր հարցումներով դիմել ենք նաեւ այդ մարմինների ղեկավարներին՝ ի թիվս այլնի, խնդրելով հայտնել, թե ի՞նչ է կառուցվում նշված հողատարածքում, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների գործառույթների հետ։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք պարզաբանել՝ ինչպես է կապված եւ  իրավական ինչ հիմքով։ Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեղեկությունը կտրամադրվի մեկամյսա ժամկետում։ Նոյեմբերի 14-ին ԱԱԾ մամուլի կենտրոնն ուղարկել է գրություն՝ հայտնելով հետեւյալը․ «ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված տեղեկություն ստանալու մասին գրավոր հարցման մեջ նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համայնքի ավագանու կողմից ՀՀ նվիրատվության կարգով հողամաս տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո տվյալ գույքը որպես նվիրատվություն ընդունվում է ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը դեռեւս համապատասխան որոշում չի ընդունել, հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»:  Հատկանշական է, որ ԱԱԾ-ի հատուկ նշանակության հողատարածքների լիազոր մարմին լինելը պայմանավորված չէ Կառավարության կողմից նվիրատվությունն ընդունած լինել-չլինելու հանգամանքով, հետեւաբար անկախ այդ որոշման առկայությունից՝ ԱԱԾ-ն, որպես լիազոր մարմին, տվյալ տեղեկության տնօրինողն է։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, այն եւս պատասխանն ուղարկել է նոյեմբերի 14-ին, թեեւ հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու վերաբերյալ մենք գրավոր չենք ծանուցվել։ Ըստ ստացված պատասխանի՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հողատարածք չի հատկացվել, հետեւաբար, համապատասխան տեղեկություն չի կարող տրամադրվել։  Նկատենք, սակայն, որ ոչ ավագանու որոշման, ոչ էլ մեր հարցման մեջ խոսքը ՊՆ-ի կարիքների համար հատկացված հողատարածքի մասին չէր, ՊՆ-ն, ըստ Կառավարության հիշյալ որոշման, հատուկ նշանակության հողատարածքի լիազոր մարմիներից մեկն է, ինչով պայմանավորված էլ՝ հարցումն ուղղել էինք նաեւ այնտեղ։ Իսկ եթե տվյալ դեպքում որպես լիազոր մարմին ընտրվել է ԱԱԾ-ն, ապա հարկ էր պատասխանում նշել այդ մասին։ Նախքան նվիրատվությունն ընդունելը Կառավարությունը եւս անհնարին է համարել տեղեկության տրամադրումը Նոյեմբերի 16-ին գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ ՀՀ կառավարությանը՝ հետաքրքրվելով՝ կառավարությունն ընդունե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է ընդունել նվիրատվությունը։ Եթե այո, ապա ե՞րբ եւ պետական ո՞ր մարմնի հետ է կնքվել/կնքվելու նվիրատվության պայմանագիրը, իսկ թե առայժմ չի ընդունել, ապա ինչ պատճառաբանությամբ։ Միաժամանակ դարձյալ խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հիշյալ հողատարածքը տրամադրվել ՀՀ-ին, ինչ նպատակով եւ ինչ է կառուցվում այնտեղ, դա որեւէ կերպ կապված է ռուս սահմանապահների գործառույթներին, եթե այո, ապա ինչպես եւ իրավական ինչ հիմքով։ Հարցմանն ի պատասխան՝ նոյեմբերի 24-ին Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ հիշյալ հողամասի նվիրատվությունն ընդունելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնվում է քննության փուլում։ Ըստ պատասխանի՝ որոշումն այդ պահի դրությամբ դեռեւս ընդունված չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ իրավական նախագիծը մինչ ընդունվելն անցնում է նախապատրաստական փուլ։ Դրանով պայմանավորված էլ մյուս հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը Կառավարությունն անհնարին է համարել։ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, Կառավարությունն ընդունել է  նվիրատվությունը Նվիրատվությունից շուրջ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նվիրատվությունն ընդունելու եւ ՀՀ ԱԱԾ-ին ամրացնելու մասին։ Միեւնույն ժամանակ վարչապետը հանձնարարել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում  Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել  նվիրատվության պայմանագրի կնքման եւ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ՀՀ ԱԱԾ միջոցների հաշվին: Հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն մերժել էր տեղեկության տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ նվիրատվությունը դեռ չի ընդունվել, մենք դարձյալ դիմել ենք ԱԱԾ-ին՝ խնդրելով նվիրատվությունն ընդունված լինելու պայմաններում տրամադրել հիշյալ տարածքում շինթույլտվության որոշումը, իսկ դրա անհնարինության դեպքում տրամադրել հայցվող տեղեկությունները։ Մասնավորապես, խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել ՀՀ-ին, ի՞նչ է կառուցվում այնտեղ, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների հետ։ Եթե այո, ապա ինչպե՞ս է կապված եւ իրավական ի՞նչ հիմքով։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կապվա՞ծ է պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ թե՞ ոչ։ Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված՝ նախագծային փաստաթղթերը՝ ճարտարապետաշինարարական լուծումների մասով, կառուցապատողը համաձայնեցնում է նաեւ համայնքի ղեկավարի եւ անհրաժեշտության դեպքում` պաշտպանության ոլորտի լիազորված մարմնի հետ, այսինքն՝ համայնքը, ամեն դեպքում, անմասն չի մնում այդ գործընթացից, իսկ գաղտնի տեղեկությունների բացակայության դեպքում նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը եւ շինարարության թույլտվությունը միայն լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ ԱԱԾ-ի տիրույթում է։ ԱԱԾ-ն դարձյալ մեկամսյա ժամկետ է խնդրել հարցմանը պատասխանելու համար։ Ըստ այդմ, պատասխանն ուղարկել է այս տարի՝ 2023 թ․ հունվարի 27-ին։ Հարցման պատասխանում ԱԱԾ-ն արձանագրել է այն, ինչն առանց դրա էլ պարզ էր․ «Նոյեմբերյան համայնքի ավագանու՝ 13.07.2022 թվականի 118-Ա որոշման մեջ նշված չէ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական սահմաններում գտնվող 2 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ նվիրատվության կարգով հանձնելու նպատակը»։ ԱԱԾ-ն նաեւ հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական-վարչության եւ Նոյեմբերյան համայնքի կողմից նշանակված լիազոր անձի միջև 12.01.2023 թ․-ին Նոյեմբերյանի նոտարական գրասենյակում կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը մուտքագրվել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում եւ 23.01.2023 թ-ին ստացվել անշարժ գույքի վկայական․ «Վերոնշյալ հասցեում ՀՀ ԱԱԾ-ի կողմից քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում»,-ասված է պատասխանում։ Նկատենք, սակայն, որ հարցմամբ չէինք էլ նշել, թե ԱԱԾ-ն է քաղաքաշինական գործունեություն իրականացնողը, այլ հարցերը ուղղել էինք այնտեղ՝ որպես դրա լիազոր մարմին։ Այսպիսով, սահմանամերձ Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը, ըստ Նոյեմբերյանի համայնքապետարանի, արտաքին անվտանգության խնդիրների լուծման նպատակով, սակայն թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, ինչ շինարարություն է այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով դա կապ ունի ռուս զինծառայողների հետ, ամիսներ տեւած գրագրության արդյունքում այդպես էլ մնացին չպարզված՝ պայմանավորված պետական կառույցների խուսափողական պատասխաններով։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Ռոման Աբովյանի
15:31 - 22 մարտի, 2023
Ինչու պետք չէ Freedom House-ի զեկույցում հնչող մտահոգություններին պատասխանել ԱլԳ զեկույցով

Ինչու պետք չէ Freedom House-ի զեկույցում հնչող մտահոգություններին պատասխանել ԱլԳ զեկույցով

Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ համեմատել է Freedom House-ի և Արևելյան գործընկերության (ԱլԳ) զեկույցները՝ նշելով, որ ըստ ԱլԳ զեկույցի՝ Հայաստանը մի քանի ուղղություններում գործընկերության երկրների շարքում բացարձակ առաջատար է։ Այս երկու զեկույցները, սակայն, ունեն մեթոդաբանական, ժամանակագրական և այլ տարբերություններ, և դրանց համեմատությունը մանիպուլյատիվ է։   Ինչ է ասել Փաշինյանը Մարտի 14-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը։ Լրագրողներից մեկն ասուլիսի ընթացքում մեջբերումներ արեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություն վերջին զեկույցից։ Նա, մասնավորապես, նշեց կառույցի արձանագրած մտահոգություններն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը կարող է լրտեսական ծրագրեր օգտագործած լինել լրագրողներին, այլախոհներին գաղտնալսելու համար, ինչպես նաև զեկույցից մեջբերեց այլ հատվածներ` դատական համակարգի, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու և այլնի մասին։  Իր պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ԱլԳ զեկույցին, նշեց․ «Ես էլ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ Արևելյան գործընկերության զեկույցների համաձայն՝ Հայաստանը բացարձակ առաջատար է ԱլԳ երկրների շարքում անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, և այդպես շարունակ»։   Ինչպես են ստեղծվում նշված զեկույցները Նախ, հասկանանք, թե ինչ զեկույցների մասին է խոսքը, ինչ պարբերականությամբ են դրանք հրապարակվում, և ինչ մեթոդաբանությամբ է երկրների վարկանիշավորումն իրականացվում։ Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցը հրապարակվում է ամեն տարի։ Զեկույցով վարկանիշավորվում են և՛ պետությունները, և՛ առանձին տարածքներ։ Ամեն երկիր կամ տարածք յուրաքանչյուր ցուցանիշի համար ստանում է միավորներ՝ 0-4 բալային համակարգով։ Ցուցանիշներից 10-ը վերաբերում են քաղաքական իրավունքներին, 15-ը՝ քաղաքացիական ազատություններին։ Freedom House-ը նշում է, որ նախորդ տարվա զեկույցի միավորներն օգտագործվում են որպես ընթացիկ տարվա համար հիմք, և միավորները փոխվում են միայն այնպիսի զարգացումների դեպքում, որոնց արդյունքում տվյալ ոլորտում զգալի բարելավում կամ անկում է գրանցվել: Օրինակ՝ որևէ երկրում առաջին անգամ ազատ և արդար ընտրություններ են տեղի ունեցել, ինչը համարվում է բարելավում։ Արևելյան գործընկերության (ԱլԳ) զեկույցը հրապարակվում է մի քանի տարին մեկ։ Վերջին զեկույցն անդրադառնում է  2020-ից 2021-ի կեսերն ընկած ժամանակահատվածին։ ԱլԳ նախորդ զեկույցը հրապարակվել էր 2017-ին։  ԱլԳ-ն վարկանիշավորում իրականացվում է ըստ երեք հիմնական կատեգորիաների՝  Ժողովրդավարություն և լավ կառավարում, Քաղաքականության կոնվերգենցիա Եվրամիության հետ, Կայուն զարգացում։ Ստացվում է, որ բացի ժողովրդավարական զարգացումից՝ ԱլԳ-ն հաշվի է առնում նաև երկրների եվրոպական ինտեգրման գործընթացը։ Իսկ տարբեր կատեգորիաների համար երկրները գնահատվում են 0-1 բալային համակարգով (գնահատականները կարող են լինել, օրինակ, 0․20, 0․50 ևն)։   Ինչ են ասում զեկույցները Freedom House-ն իր զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նախ ներկայացնում է 2022-ի ամենակարևոր իրադարձությունները։ Դրանցից մեկը 2022-ին Ադրբեջանի հարձակումն է ՀՀ սուվերեն տարածքի վրա, մյուսը՝ լրտեսական ծրագրերի մասին հայտարարությունները։ Freedom House-ի գնահատման արդյունքներով Հայաստանն այս տարի հնարավոր 100-ից ստացել է 54 միավոր՝ նախորդ տարվա համեմատ 1 միավորով նահանջելով։ Այս 1 միավորը մեր երկիրը կորցրել է ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում, իսկ պատճառը 2022 թ․ սեպտեմբերյան պատերազմն է։ Այս միավորներով Հայաստանը շարունակում է համարվել մասամբ ազատ երկիր։ ԱլԳ զեկույցում նախ խոսվում է այն մասին, որ վերջին զեկույցը հրապարակվել էր 4 տարի առաջ, և դրանից հետո բավականին շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հաայստանի մասով նշվում է, որ մեր երկիրը գլխավորում է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը, ինչպես նաև հինգ  ասպեկտներով առաջատարն է (բոլոր կատեգորիաների գնահատականներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ)։ Քանի որ երկու կառույցների զեկույցներում էլ շատ են այն բաժինները կամ կատեգորիաները, որոնց համար երկրները գնահատվում են, անդրադառնանք միայն նրանց, որոնց մասին Փաշինյանը հիշատակեց իր խոսքում։   Խոսքի և կարծիքի ազատություն Freedom House-ի զեկույցի՝ կարծիք հայտնելու ազատությանը վերաբերող բաժնում Հայաստանը 4-ից 3 միավոր է ստացել։ Այս բաժնում կրկին հիշատակվում են Meta-ի և Citizen Lab-ի՝ 2021-ի վերջին, ինչպես նաև Google-ի՝ 2022-ին հրապարակած զեկույցները, որտեղ կասկածներ են հնչել, թե Հայաստանում այլախոհները գաղտնալսվում են: Իսկ որպես դրական փոփոխություն է նշվում Քրեական նոր օրենսգրքում ծանր վիրավորանքի մասին հոդվածը չներառելը։ ԱլԳ զեկույցում Հայաստանը «Կարծիքի և արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատություն» բաժնում 6 երկրներից առաջատարն է (0.84 միավոր)։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱլԳ զեկույցը վերաբերում է մինչև 2021-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածին, իսկ Freedom House-ի զեկույցում հիշատակվող հրապարակումները, որոնց վերաբերում են լրտեսական ծրագրերին, արվել են 2021-ի վերջին և 2022-ին։ Դրանք, փաստորեն, չէին կարող ազդել ԱլԳ վարկանիշավորման վրա։ Ժամանակային այս տարբերությունը վերաբերելի է նաև հաջորդիվ ներկայացվող կատեգորիաներին։ Կարևոր է նաև նշել, որ հավաքների ազատության համար  Freedom House-ն առանձին բաժին ունի, որտեղ Հայաստանը ստացել է 3 միավոր։ Այս բաժնում հիշատակվում է Անկախության օրվա միջոցառման ժամանակ տեղի ունեցած ակցիան, երբ ոստիկանությունը զոհված զինծառայողների հարազատներին բռնի բերման էր ենթարկել։   Դատական անկախ համակարգ Դատական անկախ համակարգի բաժնում Freedom House-ը Հայաստանին 1 միավոր է տվել։ Զեկույցում նշվում է, որ դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով․ «Հաղորդումներ կան այն մասին, որ դատավորները ստիպված են համագործակցել դատախազների հետ՝ դատավճիռ կայացնելու համար, իսկ արդարացման դատավճիռները չափազանց փոքր թիվ են կազմում: Կառավարությունը 2019-ին հրապարակել է դատաիրավական համակարգի բարեփոխումների հնգամյա ռազմավարությունը, բարեփոխումները շարունակվել են իրականացվել 2022 թ․, թեև առաջընթացը դանդաղ է»։ Զեկույցում նաև հիշատակվում են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը և Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամների։ Նրանց թվում էր արդարադատության նախկին նախարարը, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում։ ԱլԳ զեկույցում Հայաստանը կրկին առաջատար է այս կատեգորայիում  (0.71 միավոր)։ «Դատական որոշումները մնում են խոցելի ներքին և արտաքին քաղաքական ճնշումների նկատմամբ ԱլԳ անդամ բոլոր երկրներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքականապես զգայուն և հնչեղ գործերին»,- գրել են զեկույցի հեղինակները՝ մատնանշելով, որ ի թիվս ԱլԳ մի շարք երկրների՝ Հայաստանում նույնպես արժանահավատ հաղորդումներ են եղել դատական համակարգում կոռուպցիայի մասին»։ Կոռուպցիայի դեմ պայքար Freedom House-ի զեկույցի այս բաժնում Հայաստանը ստացել է 2 միավոր։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում քաղաքական գործիչների, պետական ծառայողների և գործարարների միջև փոխհարաբերությունները պատմականորեն ազդել են քաղաքականության վրա և նպաստել օրենքի ընտրովի կիրառմանը․ «Բարձրաստիճան պետական պաշտոնյաների նկատմամբ հազվադեպ է հետաքննություն իրականացվում՝ չնայած նրանց պաշտոնը չարաշահելու ակնհայտ ապացույցներին: Թեև կառավարությունը հեղափոխությունից հետո փորձեց հետաքննել անցյալի սխալ արարքները և ուժեղացնել հակակոռուպցիոն մեխանիզմները, այդ միջոցառումներին զգալիորեն խանգարեցին 2020 թ․ պատերազմից հետո անվտանգային մարտահրավերները»։ Զեկույցում նաև հիշատակվում են Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելուց հետո հնչած մտահոգությունները, ինչպես նաև այն, որ Մարտիրոսյանի՝ «քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով» մի քանի վճիռներ չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ ԱլԳ զեկույցում Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում Հայաստանը կրկին առաջին տեղում է (0.88 միավոր)։ Զեկույցում, սակայն նշվում է․ «Չնայած Հայաստանն ամենաբարձր միավորն է ստացել, պետության հակակոռուպցիոն ջանքերում բացեր կան, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պրոֆեսիոնալ կադրերի պակասը։ Պարզվել է նաև, որ կառավարության՝ ակտիվները վերականգնելու և ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու փորձերը չեն արդարացրել հանրության սպասելիքները»:    Մարդու իրավունքների պաշտպանություն Այս մասով Freedom House-ի և ԱլԳ զեկույցները համեմատելի չեն, քանի որ Freedom House-ը չունի նման առանձին կատեգորիա․ այնտեղ բաժիններ կան ազգային, կրոնական փոխքարամասնությունների, կանանց, LGBT+ համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին։ Իսկ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, թե ըստ ԱլԳ զեկույցի՝ Հայաստանն այս ոլորտում առաջատարն է։ Զեկույցի «Մարդու իրավունքներ և խոշտանգումից պաշտպանության» կատեգորիայում Հայաստանը երրորդն է (0.82 միավոր) և զիջում է Ուկրաինային ու Մոլդովային։ Իհարկե, զեկույցում շեշտվում է, որ Հայաստանը 2017-ի համեմատ մեծ առաջընթաց է գրանցել այս մասով։ Նշվում է նաև, որ Բելառուսում և Ադրբեջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների որոշումները չեն իրականացվում, և ակնհայտ խնդիրներ կան Հայաստանում ու Վրաստանում ևս։ Օրինակ, Հայաստանում, Բելառուսում և Վրասանում, ըստ զեկույցի, Մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին զեկուցելու հարցում ձգձգումներ են գրանցվել։   Զեկույցները համեմատելի չեն Ամփոփելով նշենք, որ այս երկու զեկույցները համեմատեը մանիպուլյատիվ է մի քանի պատճառներով․ Freedom House-ի զեկույցն ամփոփում է 2022 թվականը, և այնտեղ տեղ են գտել մի շարք իրադարձություններ, որոնք օբյեկտիվորեն չէին կարող հիշատակվել ԱլԳ զեկույցում, որը ներկայացնում է իրավիճակը՝ 2020-ից մինչև 2021-ի կեսեր։ ԱլԳ նախավերջին զեկույցը հրապարակվել էր 2017-ին՝ իշխանափոխությունից առաջ, և տրամաբանական է, որ 2021-ի դրությամբ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի կամ խոսքի ազատության ոլորտներում պիտի առաջընթաց ունենար, մինչդեռ Freedom House-ի զեկույցը տարեկան է և ներկայացնում է, թե ինչպես է փոխվել իրավիճակը նախորդ տարվա համեմատ։   Աննա Սահակյան
17:16 - 20 մարտի, 2023
Ի՞նչ փուլում են անհետ կորածների որոնողական աշխատանքները․ Փաշինյանի եւ Թովմասյանի հայտարարությունների հետքերով

Ի՞նչ փուլում են անհետ կորածների որոնողական աշխատանքները․ Փաշինյանի եւ Թովմասյանի հայտարարությունների հետքերով

Այս տարվա հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ անհետ կորած անձանց վերաբերյալ հարցին, ասաց․ «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում իրականում․․․ Այո, ոչ բոլոր նահատակների մարմիններն են հայտնաբերվել, բայց նաեւ ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձվել են Հայաստան, եւ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել․․․ Իմիջիայլոց, ասեմ՝ անհետ կորածներ միայն սեպտեմբերից չունենք (նկատի ունի՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացված ռազմական ագրեսիան), ցավոք սրտի, 44-օրյայից էլ շուրջ 200 անհետ կորածներ ունենք, եւ հիմա Գերիների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, էսպես ասած, վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, եւ աշխատում են»։ Ասուլիսի հաջորդ օրը Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին․ «Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի եւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարեւոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաեւ տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների եւ կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով: Առ այսօր որեւէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»,- ասված է գրառման մեջ։ Infocom-ը փորձել է հասկանալ, թե պաշտոնատար անձանցից ով է ճիշտ, եւ իրականում ինչ փուլում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց վերաբերյալ որոնողական աշխատանքները։ Հարցումներ ՀՀ ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ՔԿ-ին, Արցախի ԱԻՊԾ-ին Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236- Ա որոշման հավելված 2-ի 5-րդ մասը, համաձայն որի՝ Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ նաեւ Հանձնաժողով) նախագահը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն է՝ հունվարի 13-ին գրավոր հարցմամբ դիմել ենք ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդրելով հայտնել, թե ինչ փուլում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները։ Եթե դրանք դադարեցվել են, ապա խնդրել ենք հայտնել, թե երբ, ինչ պատճառաբանությամբ եւ ինչ ժամկետով (եթե սահմանվել է այդպիսի ժամկետ)։ Ի հավելումն՝ խնդրել ենք հայտնել, թե վերջին տվյալներով 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերյան ագրեսիայի մասնակից քանի անձ է համարվում անհայտ կորած, քանիսը՝ գերեվարված։  Նույնաբովանդակ հարցումներ հունվարի 13-ին ուղարկել ենք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը (Արցախի ԱԻՊԾ-ին՝ 44-օրյա պատերազմի մասով միայն), ավելի ուշ՝ նաեւ ՀՀ քննչական կոմիտեին։ ՊՆ-ն հորդորում է դիմել Գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովին, Հանձնաժողովը՝ ՔԿ-ին Հունվարի 17-ին Պաշտպանության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացել է, որ հայցվող տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ «Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասված է գրության մեջ: Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված է, որ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում, բացառությամբ եթե կա լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն։ Այդ դեպքում էլ, ըստ օրենքի, տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ դարձյալ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ ՊՆ-ն, սակայն, իր սովորության համաձայն, վերջնական որեւէ ժամկետ չի նշել։ Նույն օրը Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Գ․ Գասպարյանը, հարցմանն ի պատասխան, մեջբերել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ նշելով․ «Եթե տեղեկության տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաեւ այդ տեղեկությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը: Նկատի ունենալով, որ պահանջվող տեղեկությանը տնօրինում է նախաքննական մարմինը՝ անհրաժեշտ է հարցումը հասցեագրել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է պատասխանում։ Հաջորդ օրը՝ հունվարի 18-ին, ՀՀ ՊՆ-ն, որն ընդամենը մեկ օր առաջ լրացուցիչ ժամանակ էր խնդրել, նախարարի քարտուղար Հ․ Բատիկյանի կողմից ուղարկել է գրություն՝ հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր հարցման առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի 20.10.2022թ.-ի N11236-Ա որոշմամբ ստեղծվել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է Ձեր կողմից առաջադրված հարցերով»։ Այսինքն՝ ՊՆ-ն հորդորում է դիմել այն նույն Հանձնաժողովին, որը մեկ օր առաջ արդեն իսկ խուսափել է մեզ բովանդակային պատասխան տալ՝ իր հերթին հորդորելով դիմել Քննչական կոմիտեին։ Թեեւ տարակուսելի է, թե ոլորտի պատասխանատու գերատեսչությունը եւ իրավասու Հանձնաժողովը ինչպես կարող են չտիրապետել այդ տեղեկություններին, հատկապես, որ Հանձնաժողովը ստեղծվել է հենց այդ անձանց առնչվող հարցերով զբաղվելու համար, այնուհանդերձ, հունվարի 18-ին դիմել ենք նաեւ Քննչական կոմիտեին՝ տեղեկացնելով Հանձնաժողովի գրության մասին եւ խնդրելով պատասխանել վերոնշյալ հարցերին։  ՀՀ քննչական կոմիտեն հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ ՔԿ ԶՔԳՎ) հունվարի 18-ին ուղարկված գրավոր հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ՝ փետրվարի 28-ին միայն։ Ինչպես արդեն նշեցինք, օրենքով սահմանված առավելագույն ժամկետը մեկ ամիսն է, որի անհրաժեշտության դեպքում պետական կառույցը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին՝ նշելով պատասխանն ուղարկելու վերջնական ժամկետը։ Մենք, սակայն, անգամ այդ մեկամսյա ժամկետի մասին չենք ծանուցվել։ Ընդ որում, ուշացման հանգամանքը, ըստ ամենայնի, քողարկելու համար ՔԿ-ն հարցման պատասխանը մակագրել է հունվարի 23-ով, մինչդեռ օրենքով սահմանված նվազագույն՝ հնգօրյա ժամկետի ավարտից հետո, երբ պատասխան չենք ստացել, հունվարի 26-ին կապ ենք հաստատել ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, որը տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը, որ պետք է պատասխանի հարցմանը, վատառողջ է, աշխատանքի չի գալիս, ուստի իրավիճակից բխող լուծում կընտրվի։ Այսինքն՝ հունվարի 23-ին այդ պատասխանը չէր էլ կարող մեզ ուղարկված լինել։ Հետագայում Աբրահամյանը ուշացումը պայմանավորել է տեխնիկական խնդրով։ Հարցման պատասխանում ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը տեղեկացրել է, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցադրումները դուրս են ՔԿ իրավասության շրջանակներից։ Վարդանյանը տրամադրել է ՔԿ-ի՝ որպես նախաքննական մարմնի տիրույթում գտնվող տեղեկությունները, որոնք կներկայացնենք հաջորդիվ։ Երկրորդ հարցումից հետո Հանձնաժողովը, այնուհանդերձ, որոշ տեղեկություններ տրամադրել է Հաշվի առնելով վերոգրյալը՝ մարտի 1-ին երկրորդ հարցումն ենք ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հայտնելով ՔԿ-ից եւ ՊՆ-ից ստացված պատասխանները եւ եւս մեկ անգամ խնդրելով որպես իրավասու Հանձնաժողովի ղեկավար տրամադրել տեղեկություններ որոնողական աշխատանքների ընթացքի մասին։ Այս անգամ պատասխանը ստացել ենք ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Ն․ Մարգարյանից, որը նշել է, որ Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հայցվող տեղեկության տնօրինող չի համարվում․ «Այդ պատճառով տրամադրվում է որոնողական աշխատանքների վերաբերյալ ԱԱԾ տեղեկատվությունը»,- ասված է պատասխանում։ Ըստ այդ պատասխանի՝ 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների արդյունքում ՀՀ վերադարձվել են 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք), որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ։ Անդրադառնալով 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողություններին՝ ԱԱԾ-ից հայտնել են, որ դրանց հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խոր թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա եւ 1 ժամկետային զինծառայող։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 2 զինծառայողների դիերի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նշենք, որ անհասկանալի է, թե  Հանձնաժողովը, որ գործում է նույն ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ եւ զբաղվում նույն անհայտ կորած անձանց հարցերով, ինչպես կարող էր այս տեղեկության տնօրինողը չլինել եւ առաջին հարցման ժամանակ չտրամադրել այն։  Արցախի ԱԻՊԾ-ն անպատասխան է թողել մեր հարցումը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հարցումն ուղարկելուց հինգ օր անց պատասխան չստանալով՝ հունվարի 23-ին կապ ենք հաստատել Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանի հետ, որը տեղեկացրել է, որ հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ հունվարի 23-ին, այն երկրորդ անգամ ենք ուղարկել՝ հավաստիանալով, որ ստացել են։ Չնայած այդ հանգամանքին՝ մենք ո՛չ ծանուցվել ենք հարցմանը օրենքով սահմանված առավելագույն ժամկետում պատասխանելու մասին, ո՛չ էլ այդ ընթացքում կամ դրանից հետո պաշտոնական պատասխան ենք ստացել։ Փաստացի, Արցախի ԱԻՊԾ-ն անպատասխան է թողել մեր հարցումը՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները (ՀՀ-ի եւ Արցախի օրենքները նույնն են)։ Ինչ է հայտնի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների մասին Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պաշտոնական հաղորդագրությունների՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներ սկսել են իրականացվել նույն թվականի նոյեմբերի 13-ից։ Այդ օրվանից սկսած՝ ԱԻՊԾ-ն պարբերաբար հաղորդում էր, թե տվյալ օրը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած որ շրջաններում են իրականացվել որոնողական աշխատանքներ, եւ դրանց արդյունքում քանի աճյուն է հայտնաբերվել։ Մանրամասն ուսումնասիրելով ԱԻՊԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջը (որում տեղադրվում են պաշտոնական կայքի հայտարարությունները)՝ կարող ենք փաստել, որ ըստ դրա՝ վերջին անգամ որոնողական աշխատանքների իրականացման մասին հաղորդվել է 2022 թ․ փետրվարի 23-ին, որի արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն։ Ըստ նույն հաղորդագրության՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ 2022 թ․ փետրվարի 23-ը որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն: Նույն հաղորդագրությամբ ԱԻՊԾ-ն նշել է, որ որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Դրանից հետո, սակայն, որեւէ տեղեկություն այլեւս չի տրամադրվել։ Ընդ որում, մինչ այդ վերջին հաղորդագրությունը՝ 2022 թ․ տարեսկզբին, ԱԻՊԾ–ն բազմաթիվ անգամներ հայտնել է, որ իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել (1, 2, 3, 4, 5)։ Հավելենք, որ որոնողական աշխատանքների արդյունքում նաեւ ողջ քաղաքացիներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ։ Նրանք այժմ տուժող են Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործով։ Մեկ օր անց՝ դեկտեմբերի 21-ին էլ հայտնաբերվել են 61 օր անհայտության մեջ գտնվող 2 քաղաքացի՝ հայր եւ որդի։ 2022 թ․ նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի անհետ կորածների թիվը 203 է։ Քննչական կոմիտեից 2023 թ․ փետրվարի 28-ին մեր ստացած պատասխանի համաձայն՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 196 անձի գտնվելու վայրը, որոնցից 176-ը զինծառայող են, 20-ը՝ քաղաքացիական անձ։ Ինչ է հայտնի 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհետ կորած անձանց մասին 2022 թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով անհետ կորած է համարվում 29 մարդ։ Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը հայտնել էր, որ այդ պահի դրությամբ՝ հայկական կողմը ունի 25 անհետ կորած (այս թիվը ենթակա էր նվազման՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող ԴՆԹ փորձաքննությունները)․ «Ադրբեջանական կողմը դեռեւս համապատասխան թույլտվություն, որպեսզի մեր համապատասխան ստորաբաժանումները մտնեն եւ որոնեն դիերի գտնվելու վայրերը․․․ Չկա այդպիսի թույլտվություն, իսկ ինչ վերաբերում է, որ դիտարկվում է, այո, փաստը կա, եղել է այդպիսի դեպք, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք դիտարկվող մեկ դիակ, մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում, եւ այդտեղ մտնելու թույլտվություն դեռեւս չունենք»,– նշել էր Ասրյանը։ Նոյեմբերի 10-ի դրությամբ, ըստ Փաշինյանի, անհետ կորածների թիվը հասել է 16-ի․ «Եվ այդ տղաների մարմինները գտնվում են Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան»,– ասել էր վարչապետը։ Քննչական կոմիտեից 2023 թ․ փետրվարի 28-ին մեր ստացած պատասխանի համաձայն՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայր։ Ենթադրվում է, որ խոսքը ԱԱԾ-ի հայտնած նույն 2 զինծառայողների մասին է։ Ի հավելումն նշենք, որ գերությունում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատված թիվը, ըստ ՔԿ-ի, 33 է։ Այսպիսով, բաց աղբյուրներում եղած պաշտոնական տեղեկությունների հիման վրա կարող ենք փաստել, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները առնվազն մինչ 2022 թ․ փետրվարը իրականացվել են (Թագուհի Թովմասյանը նշել էր 2022 թ․ հունվարը)։ Փաստերի համադրումից կարող ենք ենթադրել, որ դրանից հետո այդ աշխատանքները դադարեցվել են, սակայն չենք կարող պնդել՝ Ադրբեջանի խոչընդոտմա՞ն թե՞ հայկական կողմի որոշման արդյունքում, քանի որ այդ մասին ո՛չ պաշտոնական հաղորդագրություն է եղել, ո՛չ մեր հարցմանն է պատասխան տրվել։ Ինչ վերաբերում է 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած համարվող 2 զինծառայողներին, ապա, ըստ ԱԱԾ-ի, նրանց դիերի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հետեւաբար, ԱԱԾ-ի պատասխանը հիմք ընդունելու դեպքում Փաշինյանի հայտարարությունը կարող ենք համարել իրականությանը համապատասխանող միայն այն դեպքում, եթե նա, «շարունակվում են» ասելով, նկատի է ունեցել միայն սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները։    Միլենա Խաչիկյան
16:39 - 17 մարտի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի գործերը մինչ օրս «Դատալեքս»-ում հասանելի չեն․ խախտվում է հրապարակայնության սկզբունքը

Հակակոռուպցիոն դատարանի գործերը մինչ օրս «Դատալեքս»-ում հասանելի չեն․ խախտվում է հրապարակայնության սկզբունքը

2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանում հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը, որով սահմանվեց, որ նորաստեղծ մասնագիտացված դատարանի կողմից ենթակա են քննության Քրեական դատավարության օրենսգրքով Հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված վարույթները (տես՝ Քրեական օրենսգրքի հավելված N 1), ինչպես նաեւ դատախազի կողմից հարուցված՝ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ 2022 թ․ օգոստոսի 20-ից Հակակոռուպցիոն դատարանը սկսեց իր գործունեությունը։ Նորաստեղծ դատարանի աշխատանքի մեկնարկին, սակայն, եւ մինչ օրս՝ դրանից ավելի քան կես տարի անց էլ դատարանի վարույթում գտնվող գործերի հրապարակայնությունը դեռեւս լիարժեք չի ապահովվում։ Տեխնիկական համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում խախտվում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի եւ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաեւ ԲԴԽ) համապատասխան որոշման դրույթները։ Ի՞նչ է սահմանում օրենքը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Դատական վարույթի հրապարակայնությունը» վերտառությամբ 11-րդ հոդվածը սահմանում է, որ դատական նիստերը դռնբաց են (բացառությամբ դռնփակ դատական նիստ անելու օրենքով սահմանված հիմքերի)։ Նույն հոդվածի համաձայն՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են գործի եւ դրա ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, որոնց ցանկը եւ հրապարակման կարգը սահմանում է ԲԴԽ–ն։ Դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը, օրենքով կամ ԲԴԽ որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը եւս ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում։  Օրենքի այս դրույթն ապահովելու համար 2021 թվականի փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի՝ ԲԴԽ-9-Ո-13 որոշմամբ սահմանվել է քաղաքացիական, սնանկության, վարչական, քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ կայացված դատական ակտերի, այդ թվում՝ եզրափակիչ դատական ակտերի հրապարակման կարգը։ ԲԴԽ նույն որոշմամբ սահմանվել է նաեւ, որ Դատական ավտոմատացված համակարգում լրացված հիշյալ տեղեկությունները յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում համապատասխան ծրագրի միջոցով ավտոմատացված եղանակով տեղափոխվում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ՝ datalex.am: Հակակոռուպցիոն դատարանի գործերը «Դատալեքս»-ում հասանելի չեն Դատական իշխանության պաշտոնական կայքի «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հնարավոր է գտնել դատարան ուղարկված քաղաքացիական, քրեական, վարչական, սնանկության եւ վճարման կարգադրություններով գործերի վերաբերյալ օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները։  Հակակոռուպցիոն դատարանի գործերը, սակայն, համակարգում մինչ օրս հասանելի չեն, ուստի հանրությունը, հասարակական կազմակերպություններն ու զանգվածային լրատվության միջոցները հնարավորություն չունեն հետեւել այդ դատարանի վարույթում գտնվող գործերի ընթացքին, ծանոթանալ դրանց վերաբերյալ իրենց անհրաժեշտ տեղեկությանը կամ կայացված դատական ակտերին։  Նշենք, որ այդ տեղեկությունները ՀԿ-ներին կամ ԶԼՄ-ներին անհրաժեշտ են լինում իրենց մասնագիտական աշխատանքի ընթացքում, եւ որպես կանոն, հասանելի են դառնում հենց «Դատալեքս»-ի միջոցով։ Լրագրողները, օրինակ, «Դատալեքս»-ով են տեղեկանում կոնկրետ գործերով նշանակված դատական նիստերի օրվա եւ ժամի, դրանց հետաձգման պատճառների մասին, «Դատալեքս»-ի միջոցով են ծանոթանում կայացված դատական ակտերի ամբողջական տարբերակին, հետեւում դրանց դեմ ներկայացվող բողոքների ընթացքին, հրապարակումներ անում այդ եւ այլ թեմաների մասին։  Հետեւաբար տեխնիկական համապատասխան կարգավորումների բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում նաեւ վերջիններիս աշխատանքի համար։ Ինչ քայլեր է ԲԴԽ-ն ձեռնարկում խնդրին լուծում տալու համար  Բարձրագույն դատական խորհուրդն այս խնդրին առաջին անգամ անդրադարձել է 2022 հոկտեմբեր ամսին՝ հայտնելով, որ նախքան դրա ամբողջական լուծումը դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում, կհրապարակվի Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող գործերի ժամանակացույցը (հայտարարությունը այժմ հեռացված է)։ Ըստ այդմ, հոկտեմբեր ամսից սկսած ԲԴԽ-ն շաբաթական մեկ անգամ հրապարակում է այդ ժամանակացույցը (օրինակը՝ այստեղ), որը ներառում է հետեւյալ տեղեկությունները․ քրեական գործերով՝ գործի համարը, այն քննող դատավորի անուն–ազգանունը, մեղադրյալի/մեղադրյալների անուն–ազգանունը, հերթական դատական նիստի օրը, ժամը, նիստերի դահլիճի համարը, քննության դռնբաց կամ դռնփակ ռեժիմը, իսկ քաղաքացիական գործերով՝ նաեւ հայցի պահանջն ու կողմերի անունները։ Հասկանալի է, որ ԲԴԽ այս քայլը իրավիճակային է եւ հրապարակման ենթակա՝ օրենքով սահմանված տեղեկությունների չնչին մասն է ապահովում միայն։ Բովանդակային եւ ընթացակարգային բազմաթիվ տեղեկություններ, կայացված դատական ակտեր շարունակում են մնալ անհասանելի։ Դրանից բացի, ինչպես նշեցինք, այս ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ՝ հիմնականում շաբաթվա վերջ կամ սկիզբ, հետեւաբար դրանից հետո նշանակված նիստերի օրվա կամ ժամի փոփոխությունները այլեւս առանձին չեն հրապարակվում եւ ժամանակին հանրությանը հասանելի չեն դառնում։ Պետական գնումների armeps.am կայքում առկա տեղեկությունների հիման վրա կարող ենք փաստել, որ Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից ամիսներ առաջ՝ 2022 թ․ ապրիլի 15-ին, եւ մեկնարկից օրեր անց՝ օգոստոսի 29-ին, ԲԴԽ աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, պայմանագրեր է կնքել համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ, որոնցով նախատեսվել է, ի թիվս այլնի, Հակակոռուպցիոն դատարանում ներդնել բաշխման եւ վերաբաշխման ենթահամակարգեր՝ ըստ գործերի տեսակների (Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորների միջեւ գործերի բաշխումը, վերաբաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի՝ պատահական ընտրության միջոցով), ինչպես նաեւ ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այն դատարաններում գործավարությունն էլեկտրոնային եղանակով իրականացնելու ծրագիրն է) լիարժեք շահագործումը։ Պայմանագրերից ոչ մեկով, սակայն, չեն սահմանվել դրույթներ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի Հակակոռուպցիոն դատարանի բաժնի եւ դատական տեղեկատվական համակարգի միջեւ կապի հաստատման, էլեկտրոնային գործավարության արդյունքում ստեղծված ինֆորմացիոն բազան «Դատալեքս»-ում հասանելի դարձնելու ուղղությամբ նախատեսվող աշխատանքների վերաբերյալ (Դեպարտամենտից հավաստիացել ենք, որ 2022 թ․ հիշյալ պայմանագրերից բացի Հակակոռուպցիոն դատարանին առնչվող այլ պայմանագիր չի կնքվել)։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ Infocom-ը գրավոր հարցումներ է ուղարկել ԲԴԽ-ին՝ ի թիվս այլնի հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների եւ դատական ակտերի ամբողջական ցանկը հանրությանը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրել են․ «Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները Datalex դատական տեղեկատվական համակարգում հասանելի դարձնելու նպատակով իրականացվում են լրացուցիչ աշխատանքներ»։ Չբավարարվելով այս անորոշ պատասխանով՝ երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ խնդրելով մանրամասնել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել, թե ինչ պատճառով Հակակոռուպցիոն դատարանին վերաբերելի՝ մինչ օրս կնքված պայմանագրերում չեն նախատեսվել դրույթներ վերջինիս վարույթում գտնվող գործերը եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները «DataLex»–ում հասանելի դարձնելու նպատակով ծրագրային աշխատանքներ իրականացնելու մասին, որպեսզի դատարանի աշխատանքի մեկնարկին կամ գոնե դրանից կարճ ժամանակ անց այդ աշխատանքներն ավարտված լինեին։ Խնդրել ենք հայտնել նաեւ՝ Դատական դեպարտամենտը ծրագրում է արդյոք «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ կնքել նոր պայմանագիր, որով կնախատեսվեն իրականացնել ծրագրային հիշյալ աշխատանքները։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել հնարավոր ժամկետները։ Ի պատասխան այս հարցմանը՝ Դեպարտամենտից տեղեկացրել են. «ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները «DataLex» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ Համակարգ) հասանելի դարձնելու նպատակով ներկայում իրականացվում են ծրագրային եւ տեխնիկական աշխատանքներ, որոնք իրենցից ենթադրում են Համակարգում համապատասխան միջոցների (գործիքակազմի) նախատեսում, Դատարանի քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, եւ որոնցով Դատարանում քննվող գործերի ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում (CAST) (այսուհետ՝ Ծրագիր) առկա տեղեկությունները կլինեն հասանելի»:  Անդրադառնալով այդ աշխատանքները ավելի վաղ սկսելու հնարավորության հարցին՝ Դեպարտամենտից նշել են․ «Դատական դեպարտամենտի եւ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաեւ Ընկերություն) միջեւ 2022 թ․ ընթացքում կնքված պայմանագրերը վերաբերել են Ծրագրի միայն սպասարկման ծառայությունների մատուցմանը, որոնցով հնարավոր չէր նախատեսել Համակարգում ծրագրային եւ տեխնիկական աշխատանքների իրականացման պայմաններ»: Թե ինչու այդ պարագայում ծրագրային եւ տեխնիկական աշխատանքների իրականացման առանձին պայմանագիր չի կնքվել, Դեպարտամենտից չեն պարզաբանել։ Ինչ վերաբերում է հնարավոր ժամկետներին, ստացված պատասխանի համաձայն՝ ծրագրային եւ տեխնիկական հիշյալ աշխատանքների իրականացման արդյունքում միայն հնարավոր կլինի քննարկել Համակարգում համապատասխան միջոցների (գործիքակազմի) ներդրման մասին պայմանագրի կնքման հնարավորության հարցը: Հավելենք, որ վերոնշյալ պայմանագրերով սահմանված բաշխման եւ ենթաբաշխման համակարգերի ներդման աշխատանքները, ըստ Դեպարտամենտից ստացված պատասխանի, ամբողջությամբ կատարվել են, եւ Հակակոռուպցիոն դատարանում այժմ գործում են բաշխման եւ վերաբաշխման ենթահամակարգերը։ Միեւնույն ժամանակ դրանց կատարելագործման ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կողմերի միջեւ կնքվել է նոր պայմանագիր։ «Դատալեքս»-ը սպասարկող ընկերության տնօրենը տեղյակ չէր խնդրի մասին «Դատալեքս»-ը սպասարկող «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանին ուղղված մեր գրավոր հարցումն անպատասխան է մնացել։ Մենք կապ ենք հաստատել Արմեն Մանուկյանի հետ, որը կարծիք է հայտնել, որ իրենք, չհանդիսանալով պետական մարմին, պարտավոր չեն պատասխանել գրավոր հարցումներին։ Նշենք, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեղեկության տնօրինող են համարվում ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները։ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ն կատարված ծառայությունների դիմաց վարձատրվում է Դատական դեպարտամենտից, որի բյուջեն էլ հանդիսանում է պետական բյուջեի մաս, հետեւաբար «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը տարածվում է նաեւ նրանց վրա։ Այնուհանդերձ, Մանուկյանը համաձայնել է բանավոր պատասխանել մեր հարցերին։ Մեր զրույցում նա նշել է, որ կնքված պայմանագրերով սահմանված աշխատանքների հիմնական մասը կատարվել է, որոշակի գործառույթների հետ կապված ճշտումների կարիք է եղել․  «Երբ մոդելավորում ես, կարող է մի դեպք դուրս գա, բացեն, ասեն՝ բա էդ դեպքում ինչ ենք անում, գնում են, վերլուծեն, որ երբ հասկանան, էդ ժամանակ մասնագետները վերջնական մոդելավորեն, ավտոմատացնեն, միացնեն, այսինքն՝ աշխատանքային ընթացիկ իրավիճակ է»։ Մանուկյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու են մեզ հուզում այդ հարցերը, եւ դրանք քննարկելով՝ մենք ինչ բարիք ենք ստեղծում հանրության համար․ «Մեր բոլորիս խնդիրն է մեր տեղերում ծառայել ժողովրդին, հիմա ես չեմ հակսանում՝ ուզում եք մի հատ նեգատիվ ինֆորմացիա գցե՞լ»։ Լսելով Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող գործերի՝  «Դատալեքս»-ում հասանելի չլինելու խնդրի մասին՝ Մանուկյանը նախ զարմացել է, ապա՝ շնորհակալություն հայտնել․ «Եթե հիմա «Դատալեքս»-ում չեն հայտնվում, ապա կհայտնվեն, ընդհանուր սպասարկման հետ կապված խնդիրներ կան, պրոյեկտ մենեջեր կա, ամբողջ օրը թիմը աշխատում է էդ թեմաների վրա, եթե չի հայտնվում, շնորհակալություն, այ դա բարիք է արդեն, նշանակում է՝ մեր սխալն է, հազար ներողություն կամ էլ տեխնիկական խնդիրներ են, մենք մաքսիմալը փորձում ենք անել, ես ավելի ուշադիր կլինեմ»,- ասել է նա՝ դժվարանալով հստակ ժամկետներ նշել։ Հավելենք, որ 2024 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում սկսելու է գործել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը (այժմ գործող Վերաքննիչ քրեական դատարանում առանձին դատավորներ են քննում հակակոռուպցիոն գործերը, իսկ Վճռաբեկ դատարանում գործում է Հակակոռուպցիոն պալատը), ուստի ծրագրային եւ տեխնիկական համապատասխան կարգավորումների անհրաժեշտությունն առաջանալու է նաեւ այնտեղ։    Միլենա Խաչիկյան
17:15 - 16 մարտի, 2023
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը մարտի 6-ին 168.am-ի տաղավարում, խոսելով միջազգային հանրությունից Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու ակնկալիքների մասին, ասում է․ «Սա մոտավորապես նմանվում է ՀԱՊԿ-ին դիմելուն, որ գա ՀՀ տարածքը պաշտպանելու, շատ եմ նմանեցնում դրան, երբ որ կոնկրետ, այսինքն, դրույթով չեն դիմում, բայց պահանջում են, որ ՀԱՊԿ-ն իր լիազորությունները կատարի, հիմա նույնը միջազգային հանրությունից է․․․»։ Կոստանյանը սխալվում է՝ ասելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել կոնկրետ դրույթով։  Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում դիմել է երկու անգամ՝ 2021թ․ մայիսին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, եւ 2022թ․ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ։ Մասնավորապես, 2021-ի մայիսի 12-ին հակառակորդը մի քանի ուղղությամբ ներխուժեց մեր պետության տարածք, հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ․ դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:  Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածում ասված է, որ անդամ պետություններից որեւէ մեկի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ու կայունության վտանգման դեպքում անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու ու առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, ինչպես նաեւ նախատեսվում է տվյալ երկրին օգնություն տրամադրելու միջոցների ձեռնարկում եւ զարգացում: Արդեն մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Նույն օրը ՏԱՍՍ–ի հետ զրույցում ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանոթացել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմումին, եւ որ Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Մայիսի 19-ին Դուշանբեում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց հարցը, թեեւ մանրամասներ հայտնի չդարձան, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումը տեւական ժամանակ թողեց անարձագանք, իսկ հետագայում՝ հուլիսի 3-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ադրբեջանական ագրեսիան որակեց պարզապես «սահմանային միջադեպ»՝ ասելով, որ իրավիճակը «չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում, այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ»:  Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով Անցյալ տարի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը սկսեց ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ ու անօդաչուներ։  Նույն օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:  Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արմենպրեսը, հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմին, հաղորդեց, որ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Նույն օրը հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ Վիկտոր Բիյագովը նշեց, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Փաշինյանն ասաց, որ «ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, այդ թվում՝ ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապաովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաեւ նախորդ տարվա ներխուժումը»։ ԱԺ-ում Փաշինյանը նաեւ ասաց, որ նախորդ օրը ՀԱՊԿ խորհրդի նիստի կայանալը գոհացուցիչ փաստ է, տեղի է ունեցել անկեղծ ու բաց քննարկում, եւ որ կայացված որոշումները իրավիճակի գնահատման առումով նվազագույն են այդ փուլի համար։ Նույն օրը երեկոյան ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաղորդեց, որ ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ Հայաստան կժամանի հաջորդ օրը, իսկ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում կլինի հաջորդ շաբաթ։ Սեպտեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման եւ դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ համայնքները, եւ դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։ Չնայած բազմաթիվ հայտարարություններին, Հայաստանի սպասելիքներին, ՀԱՊԿ անդամ պետությունների ստանձնած պարտավորություններին, չնայած իրավիճակի լրջությանը՝ ՀԱՊԿ-ն այդպես էլ շոշափելի օգնություն չտրամադրեց Հայաստանին, ինչը բազմաթիվ քննադատությունների արժանացավ եւ արժանանում է։  ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը 2022թ․ հոկտեմբերի 28-ին Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ընդգծվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին եւ դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձեւավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվեց որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական: Մոտ մեկ ամիս անց՝ 2022թ․ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի է ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այդ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ «տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, եւ առավել եւս, որ, ըստ էության, մինչեւ այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ»։  Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս։ Նա այդ իրավիճակը համարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։  Խոսելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի մասին՝ Փաշինյանի նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ այն հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլեւ զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերման․  «Ադրբեջանական հերթական ագրեսիան, եւ մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարեւոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։ [․․․] Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձեւակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը եւ ապա հայտարարեց, որ ինքը պատրաստ չէ ստորագրել այն փաստաթուղթը, որն այդ օրը ներկայացված էր, քանի որ այդ՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ Կարճ ասած՝ այդ փաստաթղթի բովանդակությունն այն չէր, ինչ ակնկալում էր Հայաստանը։ Այն քաղաքական գնահատականը, որը Հայաստանն ակնկալում էր ՀԱՊԿ-ից, այդպես էլ չի հնչել։ Այսպիսով, Աննա Կոստանյանի պնդումը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է լիազորությունների կատարում այն պարագայում, երբ Կազմակերպությանը չի դիմել հստակ դրույթով, իրականությանը չի համապատասխանում ե՛ւ մայիսյան ներխուժման, ե՛ւ սեպտեմբերյան պատերազմի համատեքստում։ Հայարփի Բաղդասարյան
19:46 - 07 մարտի, 2023
Արցախի ոստիկանության ծառայողների վրա դիվերսիոն հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

Արցախի ոստիկանության ծառայողների վրա դիվերսիոն հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

Մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող։ Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը ներկայացրեց ադրբեջանական հարձակման տեսանյութը, իսկ Ներքին գործերի նախարարությունը հրապարակեց տեսանյութ, որում երևում էր Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղին՝ մեկնարկային կետից մինչև ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման վայր։ Երեկ Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանն այս թեմայով հարցազրույց անցկացրեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Հարցարույցի ընթացքում Պետրոս Ղազարայանը Արցախի պետնախարարին այսպիսի հարց ուղղեց․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, պարո՛ն Ներսիսյան, որ դեպքը չի եղել ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածքում, այլ եղել է շփման գծում»։ Գուրգեն Ներսիսյանը պատախանեց․ «Դեպքը եղել է շփման գծի մոտ, այո՛, և այն Ստեփանակերտից ընդամենը 6-7 կմ հեռավորության վրա է։ Եվ եթե խոսքը վերաբերում է միջանցքին, ապա այն միջանցքի հետ որևէ առնչություն չունի․ այն մինչև միջանցքին հասնելը գտնվող հատվածում է»։ Միջանցք ասելով՝ Արցախի պետնախարարը նկատի ունի Լաչինի միջանցքը։ Իսկ հարցին, թե ով է կրակել ադրբեջանցի դիվերսանտների վրա, պետնախարարը պատասխանեց․ «Այդ հատվածը, ես ինչպես նշեցի, Ստեփանակերտին մոտ գտնվող հատված է և գտնվում է մեր վերահսկողության տակ, այնտեղ մեր քաղաքացիական բնակչությունը կարող է հայտնվել, մարդիկ կան այնտեղ, անասնապահությամբ են զբաղվում, և մոտակայքում կան արցախցիների անվտանգությունն ապահովող անձինք, ովքեր, բնականաբար, ապահովում են մեր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը և հնարավորությունը։ Եվ երբ տեղի ունեցավ այդ հարձակումը և դիվերսիոն փորձը, որը կարող էր նաև այլ հետևանքներ ունենալ (մենք, բնականաբար, Ադրբեջանի բոլոր ծրագրերի մասին չգիտենք), բնականաբար, իրենք, այո՛, սկսեցին ինքնապաշտպանություն ապահովել»։ Արցախի պետնախարարի պատասխանից կարող է տպավորություն ստեղծվել, թե ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին այդ հատվածում միայն Լաչինի միջանցքն է, իսկ ընդհանուր խոսակցությունից տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս։ Սակայն դա այդպես չէ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում պարբերաբար թարամցվող քարտեզ է հրապարակված, որտեղ երևում են ինչպես Արցախում խաղաղապահների դիտակետերը, այնպես էլ խաղաղապահների պատասխանատվության գոտին։ Քարտեզի վրա նշված է, որ կապույտ գծից ներս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Ռուսաստանի ՊՆ կայքում հրապարակված քարտեզը «Հետք»-ը երեկ, հիմնվելով Արցախի ոստիկանության և ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութերի վրա, տեղորոշել էր դիվերսիոն խմբի հարձակման վայրը։ Ստորև կարող եք տեսնել դեպք վայրը, Շուշիից Լիսագոր հատվածը, և այդ հատվածով անցնող ճանապարհը (ճանապարհը քարտեզի վրա դեղին գույնով է)։ Նայելով խաղաղապահ զորախմբի հրապարակած քարտեզին՝ պարզ է դառնում, որ Շուշիից Լիսագոր հատվածի ճանապարհը (քարտեզի վրա կրկին նշված է դեղին գույնով) կապույտ գծից ներս է, իսկ դեպքի վայրն ավելի խորքում է, քան ճանապարհը։ Սա նշանակում է, որ  դեպքը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ամեն օր տեղեկագիր է հրապարակում՝ ներկայացնելով Արցախում իրավիճակը և կատարվող աշխատանքները։ Մարտի 5-ի տեղեկագրում միջադեպի մասին ոչինչ չկար, իսկ մարտի 6-ի տեղեկագրում նշվում էր հետևյալը․ «Մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքյանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմն ունեցել է հետևյալ կորուստները՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»։ Հետաքրքիր է, որ անդրադառնալով կատարվածին՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունն արձանագրել է, որ ոստիկաններին տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Այսպիսով, Պետրոս Ղազարյանի և Գուրգեն Ներսիսյանի հարցուպատասխանից կարող է տպավորություն ստեղծվել, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս, սակայն իրականում դեպքը տեղի է ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտում։   Գլխավոր լուսանկարում՝ ոստիկանության ծառայողների մեքենան Աննա Սահակյան, Ռոման Աբովյան
15:58 - 07 մարտի, 2023
Հայերը չեն խոչընդոտել միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը ԼՂ․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան սխալվում է

Հայերը չեն խոչընդոտել միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը ԼՂ․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան սխալվում է

Փետրվարի 8-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության` միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն «այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար՝ նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով»: Infocom-ն այս հայտարարությունից հետո հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին։  Արդյո՞ք ՀՀ-ն արգելել է ՄԱԿ-ի որևէ գործակալության, կառույցի, ծրագրի (կլինեն դրանք հումանիտար կամ այլ բնույթի) մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Եթե այո, ապա ՄԱԿ-ի ո՞ր կառույցի, գործակալության և կամ ծրագրի մասին է խոսքը, ինչպես նաև ո՞րն է եղել ԼՂ դրա մուտքը թույլ չտալու պատճառը։ Եթե ոչ, ինչո՞ւ նման կառույցները կամ գործակալությունները մուտք չունեն ԼՂ։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի հումանիտար կառույցների, գործակալությունների, ծրագրերի՝ ԼՂ մուտք գործելու վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ-ն այս բոլոր հարցերին պատասխանել է մեկ պարբերությամբ՝ հերքելով, որ ՀՀ կողմից որևէ նման արգելք եղել է․ «Հայաստանը չի խոչընդոտել միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Ընդհակառակը, Հայաստանը մշտապես հայտարարել է Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքի և անարգել գործունեության անհրաժեշտության մասին՝ տեղում իրավիճակը գնահատելու և համապատասխան գործողություններ իրականացնելու համար»: Մենք ԱԳՆ-ից նաև հետաքրքրվել էինq, թե արդյո՞ք ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին կամ ՄԱԿ-ի հումանիտար որևէ այլ կառույցի, գործակալության՝ ԼՂ այցելելու խնդրանքով։  ԱԳՆ-ն այս հարցին տվել է նույն պատասխանը, ինչ մեկ ամիս առաջ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը․ «Ինչպես հետպատերազմյան շրջանում, այնպես էլ 2022 թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են եղել միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ»։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը հերքում է, որ խոչընդոտել է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Իսկ այն, որ Ադրբեջանն է նման խոչընդոտներ ստեղծել, հայտնի փաստ է․ այդ մասին խոսել են ինչպես հայկական կողմը, այնպես էլ ՄԱԿ-ը։ Մասնավորապես, 2021-ի գարնանը Հայաստանի այն ժամանակվա ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր․ «Հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում»:  Իսկ ՄԱԿ հայաստանյան գրասենյակը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցին, թե  ինչ քայլեր են իրականացվում Արցախի տարածքում մարդասիրական գործունեություն ծավալելու համար, նշել էր․ «Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ ՄԱԿ-ը կարող է մտնել միայն այն տարածքներ, որոնք թույլատրել են ճանաչված կառավարությունները: Այս մուտքն ապահովելու աշխատանքն ինտենսիվորեն իրականացվում է»։ Ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը նշել էր, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծել էր, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով: 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հրապարակում էր արել այն մասին, որ նպատակ ունի աջակցություն տրամադրելու նաև «Ադրբեջանի Հանրապետությունում պատերազմից տուժած բնակիչներին»։ Կառույցը նկատի ուներ Արցախի Հանրապետության բնակիչներին։ Իր 2020-ի հրապարակման մեջ ՊՀԾ-ն նշել էր, որ «ՄԱԿ-ը մանդատ չունի տուժած տարածաշրջանում, սակայն համակարգում է գործընկերների հետ աշխատանքը՝ գնահատելու կարիքները և աջակցելու պատերազմից տուժած տարածքներ ցանկացած կամավոր վերադարձի գործընթացին»։ «[ՄԱԿ-ի] Արտակարգ իրավիճակների օգնության համակարգողը նոտա է հղել ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչին՝ խնդրելով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ ՄԱԿ-ի կողմից տուժած տարածքի գնահատում իրականացնելու համար»,- նշել էր ՊՀԾ-ն: Կառույցը նաև հայտնել էր, որ տուժած տարածքների բնակչությանը հասանելիություն ունենալու ուղղությամբ աշխատելու է Ադրբեջանի կառավարության հետ։ Սակայն ՊՀԾ-ի կայքում հրապարակումներ չկան այն մասին, թե արդյո՞ք այդ օգնությունն ի վերջո հասել է Արցախի բնակիչներին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի պնդումը ճիշտ չէր լինի նաև այն դեպքում, եթե նա, «հայեր» ասելով, նկաատի ունեցած լիներ Արցախի Հանրապետության հայերին։ Այս տարվա հունվարի 19-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Բանաձևով կոչ էր արվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել ԼՂ՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: Ի պատասխան բանաձևի՝ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր․ «Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին»։ Այսօր փաստացի տեսնում ենք, որ ՄԱԿ-ի հումաիտար կառույցներն այդպես էլ մուտք չեն ունեցել Արցախ, և այդ մուտքն արգելողը ոչ թե «հայերն ու ադրբեջանցիներն» են, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, այլ բացառապես ադրբեջանական կողմը։    Աննա Սահակյան
17:29 - 15 փետրվարի, 2023
Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես

Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես

Շաբաթներ առաջ 168․am կայքը մի հրապարակում արեց այն մասին, որ իր տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը այդ պաշտոնում ընտրվելուց հետո՝ 2022 թ․ դեկտեմբերի 28-ին, որպես փաստաբան բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի իրավունքը, ըստ օրենքի, չուներ։ Ըստ 168.am-ի՝ Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության հենց այն պատճառով, որ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, չէր կարող իր անունից բողոք ներկայացնել։ Ավելի ուշ թերթը եւ մի քանի փաստաբաններ հրապարակեցին բողոքի եզրափակիչ մասից մի լուսանկար, որից պարզ դարձավ, որ Սաֆարյանը դեկտեմբերի 28-ից առաջ բողոք է ներկայացրած եղել, սակայն դատարանը այն վերադարձնելու որոշում է կայացրել (Քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է՝ համապատասխան թերությունները մատնանշելով եւ 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 5-10 օր ժամանակ տալով), եւ վերադարձի որոշումը Սաֆարյանը ստացել է դեկտեմբերի 23-ին, որից հետո էլ՝ արդեն դեկտեմբերի 28-ին, լրամշակված տարբերակն է ներկայացրել։ Օրեր անց՝ հանրային խորհրդի նախկին նախագահ, Սեդա Սաֆարյանի եղբայր Ստյոպա Սաֆարյանը ծավալուն գրառմամբ անդրադարձավ թերթի հրապարակմանը՝ ի թիվս այլնի, նաեւ նշելով, որ Սաֆարյանը բողոքն ի սկզբանե դեկտեմբերի 5-ին է ներկայացրել, երբ դեռ փաստաբան էր, իսկ այն լրամշակման համար վերադարձնելու եւ վերստին ներկայացնելու դեպքում, ըստ Սաֆարյանի, բողոքի՝ դատարան մուտք լինելու ժամկետ է համարվում առաջին անգամ բողոքը ներկայացնելու օրը։ Այս քննարկումը լայն տարածում ստացավ եւ շարունակվեց մի շարք այլ ԶԼՄ-ների եւ իրավաբանների շրջանում։ Infocom-ն ամփոփել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը, եւ դրա ինչ նորմեր են խախտվել։ Ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը․ դատավորի վարքագծի կանոնները ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  օրենքի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները» վերտառությամբ 14 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում ՍԴ դատավորը պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով (բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց): Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ, իսկ ՍԴ դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում՝ այդ դատավորի լիազորությունների դադարման օրը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, ի թիվս այլնի, նաեւ այն դեպքում, եթե փաստաբանը անցել է հանրային ծառայության։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այդ հիմքի ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, փաստաբանը պարտավոր է տեղյակ պահել Փաստաբանների պալատի խորհրդին: Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, փաստաբանների պալատի խորհուրդը ծանուցում է արտոնագրի գործողությունը կասեցված փաստաբանին: Ինչ է տեղի ունեցել իրականում Փաստաբան Սեդա Սաֆարյանը Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Դեկտեմբերի 10-ին լրացել է ՍԴ դատավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման 12 տարին։ Քանի որ Սեդա Սաֆարյանը դատավորի պաշտոնում ընտրվել էր Պետրոսյանի եւ Խաչատրյանի լիազորությունների ավարտին նախորդած 6 ամսվա ընթացքում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի ուժով նա հենց այդ օրվանից՝ դեկտեմբերի 10-ից սկսած համարվել է պաշտոնը ստանձնած (թեեւ ԱԺ-ում երդվել է դեկտեմբերի 16-ին)։ Այսինքն՝ օրենքի տրամաբանությունն այն է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ դատավորը համարվում է պաշտոնը ստանձնած երդում տալուց հետո անհապաղ, իսկ այն դեպքերում, երբ լրացել է որեւէ դատավորի լիազորությունների ժամկետը, եւ նոր դատավորն արդեն իսկ ընտրվել է, համարվում է ստանձնած հենց այդ օրը, որպեսզի դատավորի պաշտոնը որեւէ օր թափուր չմնա։ 2023 թ․ հունվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանից մեր հարցին ի պատասխան հաստատել են տեղեկությունը, որ 2022 թ․ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանի կողմից բողոք է մուտք եղել դատարան, որը դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ թողնվել է առանց քննության։  Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, ի թիվս այլնի, նաեւ այն դեպքում, երբ բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը։ Iravaban.net-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը, մեկնաբանելով կատարվածը, ասել է, որ այդ հարցով ՍԴ-ում քննարկում եղել է, եւ ինքը չի կարծում, թե դա կարող է բնորոշվել որպես «ներկայացուցչության իրականացում»։ Դրա հետ մեկտեղ Սաֆարյանը նշել է, որ Փաստաբանների պալատը իր փաստաբանական գործունեությունը դադարեցրել է դեկտեմբերի 15-ին։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս տարվա փետրվարի 8-ին Փաստաբանների պալատը տեղեկացրել է, որ Սեդա Սաֆարյանը 2022 թ․ նոյեմբերի 30-ին դիմել է Պալատին՝ իր՝ փաստաբանական գործունեության թիվ 116 արտոնագիրը կասեցնելու մասին. «Որպես հիմք կցվել է ՀՀ Կառավարության` 30.06.2022թ. թիվ 963-Ա որոշումը` Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին, հայտարարության պատճենը, որով տվել է իր համաձայնությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ և ՀՀ ազգային ժողովի`  15.09.2022թ. թիվ ԱԺՌ-45-Ա որոշումը` Սեդա Սաֆարյանին 12 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու մասին»։ Ըստ հարցման պատասխանի՝ Պալատի խորհուրդը Սաֆարյանի դիմումը քննության է առել 2022 թ․ դեկտեմբերի 15-ին եւ հիմք ընդունելով դիմումին կից ներկայացրված ԱԺ հիշյալ որոշումը՝ որոշել է բավարարել այն եւ կասեցնել արտոնագրի գործողությունը դիմումը ներկայացնելու օրվանից, այսինքն՝ նոյեմբերի 30-ից․ «22.12.2022թ. Սեդա Սաֆարյանը էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաեւ թղթային տարբերակով ստացել է կասեցման որոշումը»,- ասված է պատասխանում։  Օրենքի վերլուծությունից հետեւում է, որ Սեդա Սաֆարյանը պետք է Փաստաբանների պալատին դիմում ներկայացներ, ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածն է սահմանում, համապատասխան հիմքի ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, իսկ համապատասխան հիմքը, համաձայն նույն օրենքի, հանրային ծառայության անցնելն է։ Սեդա Սաֆարյանը օրենքի ուժով հանրային ծառայության անցած է համարվել դեկտեմբերի 10-ից, հետեւաբար պետք է դիմեր այդ օրվանից սկսած 10-օրյա ժամկետում։ Թե ինչու է Սաֆարյանը շատ ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին ներկայացրել դիմումը, դժվար է ասել։ Եթե այդ դիմումից հետո նա այլեւս փաստաբանական գործունեությամբ զբաղված չլիներ, կարելի էր ենթադրել, որ նրա սուբյեկտիվ ընկալմամբ՝ դեկտեմբերի 10-ից առաջ էլ Պալատին դիմելու՝ օրենքով սահմանված հիմքը առկա է եղել, սակայն փաստացի, նա դրանից հետո շարունակել է իր փաստաբանական գործունեությունը։ Ամեն դեպքում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը (եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ): Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ անհատական իրավական ակտ է, սակայն նկատենք, որ Պալատը այն կայացնելուց հետո սահմանված 3-օրյա ժամկետում չի ուղարկել Սաֆարյանին, այլ դրանից մեկ շաբաթ հետո միայն։ Ուստի հիմք ընդունելով Պալատի այն պատասխանը, որ դրա մասին Սաֆարյանը պատշաճ ծանուցված է եղել դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ կարող ենք եզրակացնել, որ Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է դեկտեմբերի 23-ին («Փաստաբանության մասին» օրենքով այլ բան նախատեսված չէ)։ Սա, իհարկե, չի նշանակում, թե նա մինչ դեկտեմբերի 23-ը կարող էր զբաղվել փաստաբանությամբ։ Ինչպես արդեն նշեցինք, Սաֆարյանը դատավորի պաշտոնը ստանձնած է համարվել դեկտեմբերի 10-ին, հետեւաբար, չնայած նրան, որ ֆորմալ առումով Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է դեկտեմբերի 23-ին, նա, որպես պաշտոնը ստանձնած ՍԴ դատավոր, դեկտեմբերի 10-ից սկսած այլեւս չէր կարող զբաղվել փաստաբանությամբ։ Ընդ որում, նոյեմբերի 30-ին համապատասխան դիմում ներկայացնելը վկայում է, որ նա գիտակցել է իր՝ որպես փաստաբանի անհամատեղելիությունը դատավորի պաշտոնին։ Հետեւաբար դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը առերեւույթ խախտել է ՍԴ դատավորի վարքագծի կանոնը։ Ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը․ անհամատեղելիության պահանջները Ինչպես արդեն նշեցինք, Սահմանադրության 164-րդ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է նաեւ, որ դատավորը  չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ «Անհամատեղելիության պահանջները» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասը նույնպես սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ 1 ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում, ի թիվս այլնի, նաեւ անհատ ձեռնարկատեր լինելը։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն էլ՝ ՍԴ դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները: Վերոնշյալ նորմերի տառացի մեկնաբանման դեպքում կարելի է ասել, որ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելուց, այսինքն՝ սեպտեմբերի 15-ից սկսած մեկամսյա ժամկետում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր անհատ ձեռնարկատեր կարգավիճակը (որովհետեւ օրենքը սահմանում է «նշանակվել է» կամ «ընտրվել է» ձեւակերպումը), իսկ եթե տառացի չմեկնաբանենք եւ որպես ելակետ ընդունենք նրա՝ ոչ թե ընտրվելու, այլ հանրային ծառայության անցնելու օրը, ապա կստացվի, որ նա ԱՁ կարգավիճակը պետք է դադարեցներ դեկտեմբերի 10-ից սկսած մեկամսյա ժամկետում։ Ինչ է տեղի ունեցել իրականում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա է ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ինֆորմացիոն բազան։ Փետրվարի 10-ից ռեգիստրից ստացված տեղեկության համաձայն՝ Սաֆարյանը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվել է 1994 թ․ օգոստոսի 11-ին, իսկ հաշվառումից հանվել՝ 2023 թ․ հունվարի 27-ին։  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը (կամ նրա լիազորած ներկայացուցիչը) գործակալություն է ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, իսկ 31-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացնելու պահից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը համարվում է պետական հաշվառումից հանված: Սրանից հետեւում է, որ Սեդա Սաֆարյանը հաշվառումից հանելու դիմումը ներկայացրել է հենց 2023 թ․ հունվարի 27-ին, ինչը, միեւնույն է, սահմանված մեկամսյա ժամկետում չէ հաշվարկը թե՛ սեպտեմբերի 15-ից, թե՛ անգամ դեկտեմբերի 10-ից սկսելու պարագայում։ Ստացվում է, որ դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը գործել է անհատ ձեռնարկատեր կարգավիճակի ներքո, ինչով առերեւույթ խախտվել է նաեւ դատավորի անհամատեղելիության պահանջը։ Ինչ պատասխանատվություն են ենթադրում այս խախտումները ՍԴ դատավորի` օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 13-րդ հոդվածի, ՍԴ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է (բացառությամբ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման)։ Նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՍԴ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում կարող է ներկայացնել ՍԴ առնվազն 3 դատավոր (բացառությամբ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման, որի պարագայում դիմում կարող է ներկայացնել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ՝ սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով): Նույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ՍԴ դատավորի վարքագծի կանոնները սահմանող հիշյալ 10-րդ կետը չի համարվում էական կարգապահական խախտում։ Վերոնշյալ նորմերից հետեւում է, որ ՍԴ դատավոր լինելով՝ որպես փաստաբան ներկայացուցչությամբ զբաղվելու կանոնի խախտման համար ՍԴ դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության ՍԴ առնվազն 3 դատավորի դիմումի առկայության դեպքում միայն։ Կարգապահական պատասխանատվության արդյունքում կիրառվող տույժերն են նախազգուշացումը, նկատողությունը, խիստ նկատողությունը։ Հաշվի առնելով սա՝ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Սահմանադրական դատարանի նախագահին եւ անհատապես բոլոր դատավորներին, այդ թվում՝ Սեդա Սաֆարյանին՝ խնդրելով հայտնել՝ համարո՞ւմ են արդյոք, որ նկարագրված իրադարձությունների հետեւանքով խախտվել է դատավորի՝ օրենքով սահմանված վարքագծի կանոնը։ Եթե այո, պատրաստվո՞ւմ են արդյոք համապատասխան դիմում ներկայացնել, եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ։ Փետրվարի 10-ին ՍԴ լրատվական ծառայությունից ստացված պատասխանում ասված է հետեւյալը․ «Ինչպես Սահմանադրական դատարանի դատավորները, այնպես էլ Սահմանադրական դատարանի նախագահը, իրավասու չեն անձնական կարծիք, վերաբերմունք կամ դիրքորոշում արտահայտել՝ առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված վարքագծի կանոններով»։ ՍԴ նախագահին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել նաեւ, թե ս․թ․ հունվարի 10-ին ՍԴ աշխատակարգային նիստի արդյունքում այս հարցի վերաբերյալ ինչ որոշում է կայացվել (եթե կայացվել է)․ «Ս․թ․ հունվարի 10-ին ՍԴ առաջին աշխատակարգային նիստում Սեդա Սաֆարյանը գործընկերներին տեղեկացրել է Ձեր կողմից նշված հարցի մասին։ Նշված հարցը կարգավորվում է ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի 1-ին  մասի շրջանակներում (խոսքը ՍԴ առնվազն 3 դատավորի կողմից դիմում ներկայացնելու նորմի մասին է,–հեղ․)։ Վերոնշյալ օրենսդրական ակտով սահմանված կամ նշված հարցին առնչվող այլ գործընթացների մասին հրապարակման ենթակա տեղեկություններ այս պահին առկա չեն»,- ասված է պատասխանում։ Ինչ վերաբերում է հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջի խախտմանը, հարկ է նշել, որ Սահմանադրության 164-րդ, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 12-րդ եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածների համաձայն՝ այն դատավորի լիազորությունների դադարեցման հիմք է: ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվում են ՍԴ որոշմամբ։ Այդ նպատակով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 83-րդ հոդվածի համաձայն, ՍԴ կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն ենթադրյալ խախտման՝ օրենքով սահմանված հիմքերը։ Ինչում է սխալվում Ստյոպա Սաֆարյանը Ինչպես վերը նշեցինք, Ստյոպա Սաֆարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով թեմային, պարզաբանել էր, որ Սեդա Սաֆարյանը բողոքն ի սկզբանե դեկտեմբերի 5-ին է ներկայացրել, երբ դեռ փաստաբան էր, իսկ այն լրամշակման համար վերադարձնելու եւ վերստին ներկայացնելու դեպքում, ըստ Սաֆարյանի, բողոքի՝ դատարան մուտք լինելու ժամկետ է համարվում առաջին անգամ բողոքը ներկայացնելու օրը։ «Ժողովուրդ» օրաթերթն էլ այսօր հրապարակել է ՍԴ աշխատակարգային նիստի աձանագրության մի հատված, որից պարզ է դառնում, որ Սեդա Սաֆարյանն էլ է ՍԴ–ում այն դիրքորոշումը հայտնել, թե ինքը համարել է, որ նախկին բողոքի ուղղումն է կատարում։ Նորմը, որ մեջբերել է Ստյոպա Սաֆարյանը, Քրեական դատավարության նախկին՝ 1998 թ․ օրենսգրքի 381-րդ հոդվածից է, որի 2․3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Այս Օրենսգիրքը, սակայն, ուժը կորցրել է, եւ 2022 թ․ հուլիսի 1-ից սկսած՝ գործում է նոր՝ 2021 թ․ ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը։ Ավելին, նոր օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանվել է, որ հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում վարույթի նյութերը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկը սկսվում է վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու օրվանից։ Իրականում այդ ժամկետների հաշվարկը որեւէ կերպ չի փոխում պատկերը, որովհետեւ բողոքը լրամշակելը, թերությունները շտկելը եւ այն վերստին ներկայացնելը նույնպես փաստաբանի (ներկայացուցչի) կարգավիճակից բխող գործողություններ են, իսկ Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 10-ից սկսած՝ դրանցով զբաղվելու իրավասություն չուներ։ Ինչում է սխալվում Արսեն Բաբայանը Փետրվարի 3-ին փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան մի գրառում արեց՝ նշելով, որ հրապարակում է եւս մեկ միջնորդություն, որը փաստում է, որ Սեդա Սաֆարյանը դատավոր լինելով, փաստաբանությամբ է զբաղվել։ Միջնորդությունը, ըստ հրապարակված լուսանկարի, 2022 թ․ հոկտեմբերի 3-ի ամսաթվով է։ Գրառման մեջ ասված է հետեւյալը․ «ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակը ձեռք է բերել դեռևս սեպեմբերի 15-ին՝ ԱԺ-ում ընտրվելով որպես ՍԴ դատավոր: Այդ օրվանից սկսած բոլորը գիտակցել են, որ Սեդա Սաֆարյան անուն ազգանունն ունեցողն այլևս դատավոր է: Մնացածը տեխնիկայի հարց էր... Պարզվում է այդ դատավորը իր կարգավիճակից բացի զուգահեռ մշտական հիմունքներով  զբաղվում է փաստաբանությամբ (ներկայացուցչություն): Խնդրեմ, հրապարակում եմ ևս մեկ միջնորդություն, որն ապացուցում է ասվածը: Համոզմունք ունեմ, որ այդ այդ չթույլատրված աշխատանքը նա կատարել է վարձատրության դիմաց»։ Արդեն իսկ նկարագրված պատճառաբանությունների հիման վրա կարող ենք պնդել, որ հոկտեմբերի 3-ին, պաշտոնը դեռեւս ստանձնած չլինելով եւ ուժի մեջ գտնվող արտոնագիր ունենալով, Սաֆարյանն իրավասու էր որպես ներկայացուցիչ միջնորդություն ներկայացնել դատարան։ Այսպիսով, 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված, իսկ դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը, դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով, առերեւույթ խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14–րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, եւ սահմանված ժամկետում իր ԱՁ-ն հաշվառումից հանած չլինելով՝ գործել է անհատ ձեռնարկատեր կարգավիճակի ներքո՝ այդպիսով առերեւույթ խախտելով նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված դատավորի անհամատեղելիության պահանջները։    Միլենա Խաչիկյան
15:02 - 11 փետրվարի, 2023
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերքում է Սերգեյ Լավրովի պնդումը․ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների բնույթի մասին պայմանավորվածություն չկա

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերքում է Սերգեյ Լավրովի պնդումը․ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների բնույթի մասին պայմանավորվածություն չկա

Ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ կա առանձին պայմանավորվածություն այն մասին, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, սակայն, հերքում են նման պայմանավորվածության գոյությունը։ 2023-ի հունվարի 18-ի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր հետևյաը. «Երեկ խոսում էի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Լաչինի միջանցքը, համաձայն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել երեք երկրների առաջնորդների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին, պետք է բաց լինի երկու ուղղություններով բեռների, քաղաքացիական անձանց և տրասնպորտային միջոցների տեղափոխման համար։ Պարզ է, որ այնտեղ առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ մի զինվորական բեռ այդ ճանապարհով չպետք է անցնի»։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, սակայն, զինվորական բեռների մասին ոչինչ չկա։ Հայտարարության 6-րդ կետում նշվում է միայն հետևյալը․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Հաշվի առնելով այս փաստը՝ մենք հարցում էինք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․  Արդյո՞ք Հայաստանը Ադրբեջանի և կամ որևէ այլ պետության հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն: Եթե այո, այդ պայմանավորվածությունը ո՞ր պետության/պետությունների հետ է ձեռք բերվել։ Եթե պայմանավորվածությունը գրավոր է, ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվել։ Վարչապետի աշխատակազմից, մեր հարցմանն ի պատասխան, նշել են․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը ամբողջությամբ հրապարակված է, Լաչինի միջանցքի ռեժիմը կարգավորվում է՝ Հայտարարության 6-րդ կետի համաձայն: Լաչինի միջանցքի վերաբերյալ այլ պայմանավորվածություն առկա չէ»: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը պնդում է՝ ձեռք չի բերվել այնպիսի պայմանավորվածություն, ըստ որի՝ Լաչինի միջանցքով  ոչ մի զինվորական բեռ չպետք է տեղափոխվի։ Մի քանի օր առաջ էլ Արցախի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, որտեղ նշվում էր․ «Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում՝ ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը»։ Արցախի ԱԳՆ-ն նաև շեշտել էր, որ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները հաճախ են կամայական մեկնաբանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետը։ Հիշեցնենք՝ նույն ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարել էր՝ ադրբեջանցիները տվյալներ են փոխանցել իրենց, թե հայկական կողմը ականներ է տեղափոխել Լաչինի միջանցքով, և հետո դրանք օգտագործվել են ականապատելու ադրբեջանական դիրքերի մոտ գտնվող հատվածները։ Այս տվյալները, ըստ Լավրովի, ռուսական կողմը ստուգում է։ Ավելի վաղ ադրբեջանական կողմից մեղադրանքներ էին հնչել Հայաստանի հասցեին, թե «Հայաստանն օգտագործում է Լաչինի միջանցքը ոչ հումանիտար նպատակներով, ինչն արգելված է»։ Ադրբեջանն, իբր, իր տարածքում Հայաստանում 2021-ին արտադրված ականներ էր հայտնաբերել։ Այս հայտարարությանը պատասխանել էր ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, որ այդ ականներն Ադրբեջանի մոտ են հայտնվել Հայաստանի տարածքներից, որոնք օկուպացվել են 2021-2022թթ. ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով։ Այսպիսով, Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն «ականներ է տեղափոխել Լաչինի միջանցքով, օգտագործել այն ոչ հումանիտար նպատակներով, ինչն արգելվում է»։ Սերգեյ Լավրովը պնդում է՝ կա պայմանավորվածություն, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը հերքում է, որ նման պայմանավորվածություն կա, և հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Իսկ այս հայտարարության մեջ, հիշեցնենք, տեղափոխվող բեռների բնույթի մասին ոչինչ նշված չէ։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելուն, այն ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկություն է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել է այդ լուրը։ Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի (2021) Աննա Սահակյան
15:45 - 07 փետրվարի, 2023
«Լաչինի դիմաց Զանգեզուրի միջանցք» տարբերակ բանակցային գործընթացում չի առաջարկվել, խաղաղապահներն էլ ոչ ամեն ինչի մանդատ ունեն․ ԱԳՆ-ն հերքում է Գագիկ Մելքոնյանի պնդումները

«Լաչինի դիմաց Զանգեզուրի միջանցք» տարբերակ բանակցային գործընթացում չի առաջարկվել, խաղաղապահներն էլ ոչ ամեն ինչի մանդատ ունեն․ ԱԳՆ-ն հերքում է Գագիկ Մելքոնյանի պնդումները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի մասին հայտարարություններ է արել, որոնք ՀՀ ԱԳՆ-ն հերքում է։ Մեկ ամիս առաջ Գագիկ Մելքոնյանը 24TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր․ «Լավրովի պլանով, ես ինչքան գիտեմ, նախատեսված էր, որպեսզի էս Լաչինի միջանցքը մնա, Լաչինի միջանցքով Ղարաբաղը միանա Հայաստանին, դրա դիմաց իրանք (Ադրբեջանը,- խմբ․) կունենան արդեն Զանգեզուրի միջանցք։ Էդ ժամանակ մենք կորցնելու ենք երկու տարածք․ առաջինը՝ իրանք ձեռք են բերելու էդ միջանցքը և հետագայում արդեն կամաց-կամաց Ղարաբաղն էլ կդատարկեն, այ էս կարգով [ճանապարհը] կփակեն, կբացեն, գազը կփակեն, ամեն ինչ կանեն, Արցախն էլ կհայաթափեն, ու ամեն ինչ էլ կավարտվի՝ ըստ Լավրովի պլանի»։ Նշենք, որ Լավրովի պլան են համարվում Արցախյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացում 2016-2020 թթ․ քննարկված առաջարկները։ Նույն հարցազրույցի ընթացքում Գագիկ Մելքոնյանն անդրադարձել էր նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին․ «Չէ՞ որ պայմանագրով նոյեմբերի 9-ի ռուսական զորքը պետք է լինի պաշտպան Արցախին, լիազորված է, էդ պարտականություններն անվտանգային դրված է ռուսական զորքի վրա։ Եվ էնտեղ կետով, որ Հայաստանը չպետք է զորք ունենա Արցախում, դա հենց նրանով ա պայմանավորված, որ ռուսական զորքը պիտի մնա էնտեղ, ռուսական զորքը պիտի պաշտպանի։  Ու ես չեմ կարծում, որ ասենք, հանկարծակի Ռուսաստանը ցանկություն ունենա էդ վայրի խուժաններին (Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներին,- խմբ․) էնտեղից քշելու ու չկարողանա քշի»։ Լրագրողի դիտարկմանը, թե ասում են, որ ռուս խաղաղապահները կրակելու մանդատ չունեն, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Իրանք ամեն ինչի մանդատ էլ ունեն․ եթե ցանկություն ունենան, ամեն ինչի մանդատ էլ ունեն»։ Մենք հարցում էինք ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն (ԱԳՆ)՝ հասկանալու, թե արդյո՞ք ճիշտ են Գագիկ Մելքոնյանի պնդումները՝ բանակցային գործընթացի և խաղաղապահների մանդատի մասին։ Հարցման առաջին մասում ԱԳՆ-ին խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին․ 2015-2020 թթ․ ընթացքում Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկված փուլային կամ այլ տարբերակներով փաստաթղթերում եղե՞լ է որևէ կետ կամ առաջարկ այն մասին, որ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանն Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի տրամադրում է միջանցք իր սուվերեն տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի կամ Վայոց ձորի մարզում։ Եթե այո, ո՞ր թվականին է եղել նման առաջարկ, փաստաթուղթ կամ փաստաթղթի կետ, ո՞ր պետությունը կամ միջազգային կառույցն է այդպիսի առաջարկ արել։ ԱԳՆ-ից պատասխանել են հետևյալը․ «Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկված փուլային կամ այլ տարբերակներով փաստաթղթերում չի եղել այնպիսի կետ կամ առաջարկ, որի համաձայն՝ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի կտրամադրի միջանցք իր սուվերեն տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի կամ Վայու ձորի մարզում»: Այսպիսով, Գագիկ Մելքոնյանի առաջին պնդումը սխալ է․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է, որ փուլային, փաթեթային կամ այլ տարբերակներով փաստաթղթերում եղել է Լաչինի դիմաց ՀՀ սուվերեն տարածքում որևէ պետության միջանցք տրամադրելու առաջարկ։ ԱԳՆ-ից նաև հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն իր առաքելությունն իրականացնելիս ռազմական ուժ կիրառելու մանդատ ունի, եթե այո, ապա ի՞նչ պայմանագրով կամ իրավական այլ ակտով է սահմանված այդ մանդատը։ ԱԳՆ-ից, ի պատասխան, նշել են․ «ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ գործողության իրականացման մանդատի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում էր եռակողմ ձևաչափով (ՀՀ, ՌԴ և ԱՀ): Նշված փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից, սակայն մերժվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որի հետևանքով սույն փաստաթուղթն ուժի մեջ չի մտել, և խաղաղապահ զորախումբը մինչ օրս օժտված չէ համապատասխան մանդատով ու լիազորություններով»: Այսինքն, Գագիկ Մելքոնյանի երկրորդ պնդումը ևս սխալ է․ ռուսական խաղաղապահ զորախումբը, դատելով ԱԳՆ-ի պատասխանից, «ոչ ամեն ինչի մանդատ ունի», քանի որ նրա մանդատն ու լիազորությունները սահմանող փաստաթուղթն ուժի մեջ չի մտել։ Այսպիսով կառավարող ուժը ներկայացնող պատգամավորը մեկ հարցազրույցի ընթացքում երկու սխալ պնդում է արել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ռուս խաղաղապահների մանդատի մասին։   Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
13:43 - 07 փետրվարի, 2023