Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Ն. Փաշինյանը մասնակցել է ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին

Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Ն. Փաշինյանը մասնակցել է ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերաներ, հայտնի շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ծնողները: Վարչապետը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առիթով և նշել. «Մենք գտնվում ենք մի բուհում, որը, ըստ էության, կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը բառիս բուն իմաստով: Ի՞նչ նկատի ունեմ. երբ Հայաստանի երկրորդ հանրապետությունում սկսվեց ինդուստրալիզացիայի պրոցեսը, ամեն տարի այս բուհից դուրս էին գալիս հազարավոր ինժեներներ, ճարտարագետներ, որոնք ամեն օր վերափոխում էին, վերակառուցում էին Հայաստանը: Այն, ինչ այսօր մենք ունենք, սկսած՝ էներգետիկայի ոլորտից, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, հաղորդակցության, տրանսպորտային համակարգերի ոլորտներով, դրանց մեծ մասը սաղմնավորվել է այս պատերի ներսում: Սա շատ կարևոր է արձանագրել »: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիայի զարգացումը հանրապետությունում. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ, կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերգտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել է այս համալսարանը և ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը: Կարծում եմ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ Հայաստանը մեր բուհական համակարգի միջոցով պիտի օր առաջ դառնա առավել մրցունակ հենց տեխնոլոգիական ոլորտում: Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու: Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում մենք տեսնում ենք անսպասելի միտումներ, երբ տեխնոլոգիայի դարում մարդը փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել բնությանը, ավելի ու ավելի մոտիկ լինել իր ծագմանը և ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել շրջակա միջավայրը պահպանելու, պաշտպանելու, բայց մյուս կողմից՝ շրջակա միջավայրը մարդուն, հասարակությանը, պետությանը, երկրին ծառայեցնելու: Հարգելի շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս: Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ընտանիքի անդամներին, ձեր ուսուցիչներին, ձեր դասախոսներին և ձեզ համար կյանքի ճանապարհ բացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Շնորհավորում եմ, ի վերջո, մեզ բոլորիս, որ մեր երկիրը զարգացման ճանապարհին ահա այսպիսի նոր ներուժ, նոր ավյուն և նոր ոգևորություն պիտի ստանա»,- ասել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը ՀԱՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀԱՊՀ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանը, ՀԱՊՀ ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սերգեյի Ավետիսյանը, ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը, ՀԱՊՀ էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Վիրաբի Բարեղամյանը: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Մարտին Ցոլակի Այվազյանը, ՀԱՊՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Արամի Վարդանյանը, ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյանը: Վարչապետը նաև ներկա է գտնվել շրջանավարտների ավարտական հագուստների, բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստների ցուցադրմանը, որոնք մոդելավորվել և մշակվել են Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:
09:21 - 04 հուլիսի, 2022
Արգավանդ-Շիրակ կամուրջը հանձնվում է շահագործման. Տիգրան Ավինյան

Արգավանդ-Շիրակ կամուրջը հանձնվում է շահագործման. Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «2019 թ. սեպտեմբերին Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի հիմնարկեքի արարողությամբ ազդարարեցինք Երևանի նոր ճանապարհային կարևոր հանգույցի շինարարության մեկնարկը։ Այն «Հյուսիս-հարավ» ծրագրի բաղադրիչներից է, որի կառուցման հարցերը բազմիցս քննարկել ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստերում և այդ ժամանակ էլ հաստատել այն։ Այսօր եկել է պահը` տեսնելու մեր որոշումների արդյունքները. շինարարությունը հաջողությամբ ավարտված է, իսկ կամուրջը հանձնվում է շահագործման։ Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար։ Լինելով Հրազդան գետի վրա կառուցված 5-րդ կամուրջը` այն էականորեն նպաստելու է նաև մայրաքաղաքում երթևեկության թեթևացմանը։ Մեծ ծրագրերը դեռ առջևում են»։
11:46 - 04 հունիսի, 2022
«Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ մետրոյի միջանկյալ կայարան կկառուցվի. Տիգրան Ավինյան

«Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ մետրոյի միջանկյալ կայարան կկառուցվի. Տիգրան Ավինյան

Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը: «Այս ծրագրերն էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։ Երեկ, ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։ Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ:
16:12 - 11 մայիսի, 2022
Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
 |azatutyun.am|

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասաց. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։
17:12 - 31 մարտի, 2022
Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքէջից: Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։ Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։ Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
15:36 - 21 հունվարի, 2022
Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Քննարկվում է այդ հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվելո՞ւ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն:  «Քննարկվում է այդ հարցը, որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- նշեց Հարությունյանը: Թարմացում․ ՀՀ կառավարությունը պարզաբանում է տարածել, որ քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է կառավարությանը։ Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։ Կառավարությունը գաղտնի է պահում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։  
11:39 - 03 նոյեմբերի, 2021
Որոշումս պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով․ Տիգրան Ավինյանը պարզաբանել է նախընտրական պայքարին չմասնակցելը

Որոշումս պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով․ Տիգրան Ավինյանը պարզաբանել է նախընտրական պայքարին չմասնակցելը

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախընտրական պայքարին չմասնակցելու իր որոշման պատճառներին ու տեղեկացրել, որ շարունակելու է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Գրառումը՝ ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով: Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից: Այնուհանդերձ, համոզված եմ, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարավոր ռիսկերը կառավարվելու են: Ինքս մնալու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ամեն կերպ աջակցելու եմ, որպեսզի 2018թ. սկսած մեր բոլոր բարեփոխումները շարունակվեն: Թողնելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ մեր երեք տարիների աշխատանքը գնահատում եմ արդյունավետ և իմ կողմից համակարգված ոլորտներում համոզված կերպով կարող եմ խոսել առաջընթացի մասին: Նախ, կորոնավիրուսի համավարակի և պատերազմի փուլերում մենք կարողացանք կանխել տնտեսության հնարավոր փլուզումը: Ավելին՝ տնտեսական հակաճգնաժամային և զարգացման ծրագրերով սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության և այլ ոլորտներում թույլ չտվեցինք իրավիճակի վատթարացում՝ միաժամանակ ապահովելով զարգացման իրական նախադրյալներ: Կարևորում եմ նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության մշակումը և թվայնացման ոլորտում առկա ձեռքբերումները: Այս ամենը հրաշալի հիմք են ստեղծում մեր երազած պետության կառուցման համար: Երախտագիտություն եմ հայտնում ժողովրդին՝ մեր թիմին ցուցաբերած աջակցության համար, ՀՀ վարչապետին ու մեր քաղաքական թիմին՝ նման պատասխանատու աշխատանք ինձ վստահելու համար, ինչպես նաև օրենսդիրի, գործադիրի ու միջազգային գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Համոզված եմ, որ նախորդ երեք տարիների աշխատանքն իր առարկայական ազդեցությունն է ունենալու Հայաստանը բարեկեցիկ, մրցունակ և ինստիտուցիոնալ պետություն դարձնելու գործում: Հաջողություն եմ մաղթում նորընտիր Ազգային ժողովին և նոր ձևավորվող կառավարությանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»:
20:33 - 02 օգոստոսի, 2021
Ավինյանն առաջնահերթ է համարում Արցախի կարգավիճակի հարցի լուծումը

 |armenpress.am|

Ավինյանն առաջնահերթ է համարում Արցախի կարգավիճակի հարցի լուծումը |armenpress.am|

armenpress.am: Արցախի կարգավիճակի հարցն այս պահին հայկական կողմի համար բանակցային առաջնահերթությունների շարքում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, ընդհանուր այլ լուծումների և մոտեցումների մասին դժվար կլինի խոսել: «Մենք շատ կարևորում ենք բանակցային գործընթացը, ինչպես նաև այն որոշակի դրական տեղաշաժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայց և այնպես վերջնական բոլոր հանգուցալուծումները խաղաղության համաձայնագրերը և պայմանագրերը, դելիմիտացիան և դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում: Առաջին ամենակարևոր խնդիրն Արցախի և Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է»,- ասաց Ավինյանը՝ նկատելով, որ ապաշրջափակման հարցով բանակցային փուլում որոշակի առաջխաղացում եղել է, կան դրական միտումներ: «Հուսով եմ՝ որոշակի պայմանավորվածությունների կկարողանանք գալ»,- նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը: Անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապված հարցին՝ Ավինյանը նկատեց, որ երբեք հակված չի եղել այս հարցով նախօրոք որևէ տեղեկատվություն տրամադրել, քանի որ բոլոր նմանատիպ լուրերը, որոնք, մասնավորապես, շրջանառվում են պաշտոնական օղակներով մինչև գերիների վերադարձը, միայն վնասում են այդ գործընթացին:    
18:58 - 14 հուլիսի, 2021
Բանակցությունների սեղանի շուրջ առաջնահերթ պետք է քննարկվի ադրբեջանական ուժերի հեռացումը ՀՀ սահմաններից. Ավինյան

 |armenpress.am|

Բանակցությունների սեղանի շուրջ առաջնահերթ պետք է քննարկվի ադրբեջանական ուժերի հեռացումը ՀՀ սահմաններից. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այլ տեղերում մեղավորների փնտրտուքը շատ սխալ տեղ է տանում մեզ: «Ես արձանագրում եմ, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք սա, ընդունենք և համոզենք մեր միջազգային գործընկերներին»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝  հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, սահմանապահ զորքերի պարտականությունն է: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը՝ Ավինյանը նկատեց. «Վաղ, թե ուշ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան բոլոր հարևանների հետ: Բայց մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ  շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ: Նմանատիպ մոտեցումը, շանտաժի մեթոդը Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել: Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության սահմաններից»: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այժմ առաջնահերթ կարևորություն է արհեստականորեն ստեղծված խնդիրները հանգուցալուծումը, որից հետո արդեն քննարկում կսկսվի ֆունդամենտալ հարցերի շուրջ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս հարցը դիվանագիտական լուծում կունենա:
18:43 - 14 հուլիսի, 2021
Տիգրան Ավինյանն ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրենին

Տիգրան Ավինյանն ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրենին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 14-ին ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը «Covid-19»-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից է: Ըստ նրա՝ պատվաստանյութերի առկայությամբ, սակայն, իրավիճակը բարելավվելու է, և երկրների միջև օդային հաղորդակցությունն արագորեն վերականգնվելու է: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների ծավալների ավելացումը նպաստելու է տնտեսական ակտիվությանը և զբոսաշրջության աճին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը արտահայտել է կառավարության պատրաստակամությունը՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով թռիչքների նոր ուղղությունների բացումը:
16:43 - 14 հուլիսի, 2021
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Այս մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի գրասենյակը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: Մասնավորապես այն, որ ավարտվել են 13 լոտերի նախագծման աշխատանքները, ընդ որում՝ 8-ի դեպքում՝ ամբողջությամբ: Նշվում է, որ 7 լոտ դիմել է համալիր փորձաքննության, 1 լոտ ստացել է շինարարական թույլտվություն:  Գույքերի իրացման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է պայմանագրեր կնքել շուրջ 50 ընտանիքի հետ՝ այսպիսով ավարտելով իրացման աշխատանքները:  Գույքերի փոխհատուցման գումարը 1 քառակուսի մետրի համար 600-700 ԱՄՆ դոլարից դարձել է 1700-2000 ԱՄՆ դոլար:  5 լոտերի մասով հավանական ներդրողների հետ ընթանում են բանակցություններ, որոնք պիտի ավարտին հասցվեն առաջիկա ամիսներին: Բոլոր լոտերի մասով արդեն տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն: Կառուցապատման տարածքում առկա բոլոր հուշարձանների մասով ներկայացվել են նախագծային առաջադրանքներ, որոնք կառուցապատողների համար հիմք կհանդիսանան հուշարձանների բակային տարածքները բարեկարգելիս: Ընդ որում՝ թաղամասի հուշարձանները պահպանվելու են, ինչպես նաև ապահովվելու են ՀՀ Կառավարության կողմից նախկինում հայտարարված պայմանները: Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցումը կառավարության առաջնային նշանակության հարցերից է: Ըստ նրա՝ թեպետ պրոցեսը բարդ է ու ժառանգված, սակայն պետք է հասցվի տրամաբանական հանգրվանին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասը մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունի ինչպես պատմական, այնպես էլ քաղաքային առողջ ու հարմարավետ միջավայրի կառուցման տեսանկյունից: Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ընթացիկ հարցերին, որոնց թվում՝ համալիր փորձաքննություններ, քանդման ենթակա գույքերի ցանկ ու քանդման թույլտվություններ, մի քանի լոտերի նախագծերի ու շինարարության մեկնարկի հարցեր: Նիստի երկրորդ մասում աշխատանքային խմբի քննարկումներին միացել են նաև 33-րդ թաղամասի կառուցապատողների ներկայացուցիչները:  Առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ:
17:16 - 09 հուլիսի, 2021