Տեղ համայնք

Տեղը խոշորացված համայնք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2016 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Արավուս,
  • Կոռնիձոր,
  • Քարաշեն,
  • Խնածախ,
  • Վաղատուր,
  • Խոզնավար։

Տեղի համայնքապետը Ներսես Շադունցն է։

Տեղ, որտեղ մինչեւ պատերազմը դուռ-դարպաս բաց էին քնում

Տեղ, որտեղ մինչեւ պատերազմը դուռ-դարպաս բաց էին քնում

«Կարան, չէ՞, էն ձորովը կյան-էթան»,- տան լուսամուտից ձեռքն ուղղելով ադրբեջանական դիրքերի կողմը՝ որդուն հարցնում է Տեղ գյուղի բնակիչ Սուսան Մաթեւոսյանը։ «Հա՜, խե՞ չեն կարա։ [Հայկական կողմի] պոստեր կա ամեն դեպքում, բայց դե․․․»,- ասում է որդին՝ Ռաֆիկ Մկրտչյանը, ու տիկին Սուսանը հույսը մեկ մեր զինվորների, մեկ էլ երկնքի վրա է դնում, թե՝ «պոստեր կան, բայց դե աստված չանի էլի․․․»։ Մկրտչյանների տան պատուհանից երեւում է Թրուսի խութ կոչվող բլուրը, որտեղ պատերազմից հետո տեղակայվել են ադրբեջանցիները։ Տեղ գյուղի տներն էլ, ինչպես Արավուսում, այդ բլրից ամբողջությամբ հակառակորդի դիտակետում են։ «Երեկոյան դռները-բանը փակում ընք, թուրքի պյան ա էլի, մեկ էլ տեսար՝ մի պյան արեցին, վախումըս, էլի՜»,- վառարանի մոտ տաքանալու հրավիրելիս մեր զրույցի ընթացքում ասում է տիկին Սուսանը՝ շեշտելով, որ նախկինում՝ մինչեւ պատերազմը, դուռ-դարպաս բաց էին քնում․ «Հլա անասուններն էլ տյուս չեն եկալ հանդ։ Թե էդ վախտն էլ հինչ կլինի, հիմա գոմումն ենք պահում․․․»,- ասում է տանտիկինն, իսկ որդին շարունակում՝ ամբողջ գյուղում մի ծառ չկա, որ թիրախում չլինի։ Սուսան Մաթեւոսյանը Մկրտչյանների ընտանիքը պատերազմից հետո կորցրել է արտը․ «Մեր հողը ցանած ա մնացել իրանց, չեն թողացալ, որ հնձենք»,- ափսոսանքով ու տխրությամբ ասում է տիկին Սուսանը, որդին՝ շարունակում՝ տարածքների հիմնական մասն անցել է ադրբեջանցիներին, գյուղացու հոգսն ավելի ծանր է դարձել․ «Կոպիտ հաշվարկով՝ երեւի 1000-1500 տոննա բերք [ցորեն, գարի] ա մնացել իրանց տարածքներում, եւ իրանք չեն էլ թույլատրել, որ հունձ կատարվի, խոչընդոտել են ամեն անգամ։ Անձամբ ես ներկա եմ եղել մեր տրակտորիստ տղաների հետ, քանի անգամ ենք փորձել, որ հունձը կատարենք, չեն թողել։ Զինված գալիս, հարձակվում են տրակտորիստի վրա, ի՞նչ անի էդ տրակտորիստը, հո կլուչով կամ քլունգով չի գնալու հելնի ավտոմատավոր մարդկանց դեմը։ Եսիմ»։   Ռաֆիկ Մկրտչյանը մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում․ ասում է՝ գարնանը մարդկանց եթե ոչ տոննաներով, ապա կիլոգրամներով ազոտական պարարտանյութ է պետք լինելու, իսկ պարարտանյութի գինը, գաղտնիք չէ, Հայաստանում թանկացել է․ «Էդքան չարչարանքը, էդքան սերմը հողի մեջ ա, բայց էսօր ազոտական պարարտանյութի մի մեշոկը քսան հազար են սարքել, գյուղացին ո՞նց անի, որ քսանով պարարտանյութ առնի, 8-9 հազարով դիզվառելիք առնի, տրակտորիստի ծախս, էս մեկ, էն մեկ, ո՞նց ապրի գյուղացին, կարող ա մինուսով էլ գնա, եթե տենց հաշվում ես, էդ ա նշանակում»։  Զրուցակիցս հույս ունի՝ այս հարցով պետության աջակցությունը կունենան։ Հիշեցնում է՝ մարդկանց աշնանը սերմեր բաժանել են, մի տանը՝ հեկտարի համար մոտ 300կգ․ դա մարդկանց շատ է օգնել, բայց այլ խնդիրներ են լինելու ապագայում, գյուղացին միայնակ չի կարողանա լուծել դրանք։ Խոսքի մեջ պարզվում է՝ այս տարեսկզբին Տեղ գյուղից գերեվարված հովիվը՝ Սուրիկ Մաթեւոսյանը, Ռաֆիկի մոր՝ տիկին Սուսանի հորեղբոր որդին է․ «Անասուններին արոտ ա տարալ, մի քանի օր առաջ եկալ են, զրուց են արալ, ասալ են՝ մեր սահմանը չբերես։ Բայց տեղ չկա, պյան չկա գծած, էլի տարել ա արածացնելու։ Դե՜, մարդ ա էլի, ախար սոված անասունն աչքին ցավ ա տված, ասալ ա՝ խոտ ա էլի, թո ուտեն։ Էտա կյան, իրան միանգամից վիրունեն, տանեն»,- պատմում է նա։ Հովվին ռուս խաղաղապահների միջնորդությամբ են վերադարձրել, բայց անասուններին մինչեւ հիմա չեն տվել՝ ինչպես ասում է տիկին Սուսանը․ «Տանն էլ ինչքան գառներ կային, լրիվ սատկալ են, էդ երեք հարյուր հատն էլ մնացել ա իրանց»։ Արտ ու արոտները կորցնելու պատճառով գյուղում շատ մարդիկ իրենց անասունների մի մասը վաճառել են կամ մորթել, այդ թվում՝ Մկրտչյանները։ Տիկին Սուսանն ասում է՝ ընդամենը մի խոշոր եղջերավոր են պահել, մնացածը՝ ծախել, որդին էլ հավելում է՝ խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվելն այլեւս ձեռնտու չէ գյուղացու համար նաեւ այն պատճառով, որ այսօր անասնապահության համար խոտի մեկ տուկը 2 հազար դրամ արժե․ «Մսի կիլոն, որ համեմատում ես, մարդիկ 0-0 են ապրում անասնապահությամբ»։ Տեղ համայնքի Տեղ գյուղում այսօր 518 տնտեսություն կա, 2154 բնակիչ։ Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ են իրենց ապրուստը վաստակել, իրենց սարերի հովին ապրել խաղաղ, մինչեւ վերջերս, մինչեւ պատերազմը, երբ մի կողմից մտածում ես ընտանիքիդ ֆիզիկական անվտանգության մասին, մյուս կողմից՝ ապրուստի։ Թվերը, որ կներկայացնենք ստորեւ, առավել խոսուն ցույց կտան պատկերը պատերազմից հետո այս գյուղում, քան որեւէ այլ մեկնաբանություն։  2020-ին գյուղում 4517 խոշոր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 2593, 2022-ին՝ 1776։  2020-ին գյուղում 27392 մանր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 12650, 2022-ին՝ 6510։ Հայարփի Բաղդասարյան
13:59 - 08 փետրվարի, 2022
Ադրբեջանցիները վերադարձրել են Տեղ համայնքի գերեվարված բնակչին

Ադրբեջանցիները վերադարձրել են Տեղ համայնքի գերեվարված բնակչին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի գերեվարված բնակչին ադրբեջանական կողմը երեկ երեկոյան վերադարձրել է։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը։ «Բնակիչը վերադարձվել է ռուսական կողմի միջնորդությամբ և մեր սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից և մեր ջանքերով»։ Համայնքապետի խոսքով՝ բնակչի վրա բռնության հետքեր չեն եղել։ Ըստ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակման՝ ադրբեջանցիները առևանգել էին  բնակչի ոչխարներին․ «Ոչխարները հետ չեն բերվել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ինձ թվում է՝ այսօր, վաղը հետ կբերենք»,-նշեց համայնքապետը։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ահազանգ էր հասցեագրվել այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։ 
13:43 - 14 հունվարի, 2022
ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Դիլիջանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել էր երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 4 197 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 615-ը կամ 62․30%-ը։ Անվավեր է համարվել 49 քվեաթերթիկ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 337 կամ 12․88%«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն - 949 կամ 36.29%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 280 կամ 48.94% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Տաթեւ համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը ՔՊ-ն է։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել էր երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ (Հովսեփյանի հետ զրույցը՝ այստեղ), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվել է հարցազրույց տալ Infocom-ին՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։ Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 3 901 է, մասնակցել է 2 359-ը կամ 60․47%-ը։ Անվավեր է համարվել 51 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․  «Ապրելու երկիր» կուսակցություն - 806 կամ 34.16%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 501 կամ 63․62%։
12:00 - 18 հոկտեմբերի, 2021
Ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ «ՔՊ-ի աջակիցը, գումարը ձեռքին, շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում» վերտառությամբ հոդվածը․ Վահագն Ալեքսանյան

Ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ «ՔՊ-ի աջակիցը, գումարը ձեռքին, շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում» վերտառությամբ հոդվածը․ Վահագն Ալեքսանյան

Քիչ առաջ որոշ լրատվականների կողմից հրապարակված «ՔՊ-ի աջակիցը՝ գումարը ձեռքին շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում» վերտառությամբ հոդվածը ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ, իսկ քաղաքական որոշ ուժերի դրան հաջորդած մեկնաբանությունները մեղմ ասած ծիծաղելի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Կադրում ՔՊ աջակից Էդգար Ավագյանն է, ում ձեռքին էլ 50 000 դրամ գումար է, որով կադրերից րոպեներ անց գնացել է Գորիս և շտաբի աշխատակիցների ու վստահված անձանց հերթափոխի համար ուտելիք գնել, տեղեկությունը, թե գումարը ձեռքին շրջել է ընտրատարածքով բացարձակ անհեթեթություն է։ Սա ստուգելը ընդամենը րոպեների հարց է իրավապահների համար, ինչը և հորդորում ենք անել։ Հանկարծ մտքներովդ չանցնի, թե կարող եք մեզ մեղադրել նրանում, ինչը մենք մերժել ու մերժում ենք մեր էությամբ։ Իսկ ընտրակաշառք բաժանելու տեխնոլոգիաների մասին կարող եք հատուկ մաստեր-կլաս խնդրել ձեր քաղաքական տանիքներից»,- գրել է Ալեքսանյանը։ Նշենք, որ ավելի վաղ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ նշելով այն որպես հանցագործության մասին հաղորդում։
20:11 - 17 հոկտեմբերի, 2021
Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայքնում ընտրախախտումների մասին

Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայքնում ընտրախախտումների մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Սյունիքի մարզի Տեղ համայնքում անկացվող տեղական ինքնակառավարման ընտրություններում տեղի ունեցող ընտրախախտումների մասին․   «Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայցուցիչները`   1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։   2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։   3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։   4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը»,-ասված է գրառման մեջ։   
12:22 - 17 հոկտեմբերի, 2021
Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվեց հարցազրույց տալ՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Արգամ Հովսեփյանը, մեր զրույցում ասաց, որ քարոզարշավը հանդարտ է ընթանում, ինքն այն անցկացնում է բակային հանդիպումների ձեւաչափով՝ զրուցելով Տեղի բնակիչների հետ։ Տեղ համայնքում խնդիրները քիչ չեն․ կա ոռոգման ջրի, խմելու ջրի խնդիր, բնակիչները դժվարությունների են հանդիպում գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցում։ Հովսեփյանը, խոսելով այս խնդիրների մասին, նշեց, որ կուսակցության համահիմնադիրները՝ ի դեմս Մեսրոպ Առաքելյանի, ծանոթ են այս հարցերին, ինքն էլ խնդրել է դրանց լուծում տալու հարցում աջակցել իրեն։ Բանն այն է, որ համայնքային բյուջեն խիստ սահմանափակ է, եւ նման լուրջ խնդիրների լուծման համար այլ միջոցներ են հարկավոր։ Այդ միջոցները հայթայթելու համար Հովսեփյանը պատրաստվում է քննարկումներ ունենալ կառավարության հետ՝ սուբվենցիոն ծրագրեր բերելու մտադրությամբ, գտնել նաեւ բարերաների, որոնք պատրաստ կլինեն աջակցել։ Որպես առաջնային լուծում պահանջող հարց՝ մեր զրուցակիցն ընդգծեց նաեւ ճանապարհների անմխիթար վիճակը․ «Էս հարցն էլ միայն համայնքային բյուջեով հնարավոր չէ լուծել, պետք է բարերների գտնենք»,- ասաց Հովսեփյանը։ Տեղում այսօր սպանդանոց չկա․ սա դժվարացնում է բնակիչների գործը, բայց համայնքապետի թեկնածուն հարցը լուծելի է համարում՝ հավելելով, որ ինքը նաեւ մտադիր է խթանել գյուղացիների արտադրանքի արտահանմանը՝ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում։ Տեղ համայնքի վարելահողերի որոշ մասը պատերազմից հետո հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ․ այս հարցը տեղացիների համար ամենամտահոգիչն է։ Արգամ Հովսեփյանի խոսքով՝ լավ կլիներ, եթե կառավարությունն աջակցեր գյուղացիներին՝ վառելիք եւ սերմացու տրամադրելով․ «Վարած, ցանած հողերը մնացել են Ադրբեջանի հսկողության տակ, էս պահին ես պետությունից խնդրում եմ Տեղ համայնքի, եւ ոչ միայն, մնացած սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնեն սերմացուով, վառելիքով, օգնեն՝ մարդիկ էս տարի ոտքի կանգնեն, հետո իրենց հունով կաշխատեն։ Եթե սերմացուն անվճար տան, էս տարի ժողովուրդը մի քիչ ոտի կկանգնի»,- ասաց Հովսեփյանը՝ նշելով, որ այդպիսի որոշում պետք է շուտափույթ կայացվի, քանի դեռ կարելի է ցանք անել։ Մեր զրուցակիցը խոսեց նաեւ մանկապարտեզների նորոգման անհրաժեշտության մասին, կրթական կենտրոններ ունենալու։ Այս հարցերի լուծման համար եւս Արգամ Հովսեփյանը անհրաժեշտ համարեց համագործակցել կառավարության հետ։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ընտրություններում Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Վերջինս, ինչպես Տեղ համայնքում ՔՊ ցուցակը գլխավորող Դավիթ Ղուլունցը, հրաժարվեց հարցազրույցից՝ դարձյալ զբաղված լինելու պատճառաբանությամբ։ Լուսանկարում՝ Արգամ Հովսեփյանը զրուցում է Տեղի բնակիչների հետ, աղբյուրը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջ Հայարփի Բաղդասարյան
18:49 - 08 հոկտեմբերի, 2021