Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի առաջին հատակագիծը։ Մակերեսը՝ 32 քառ․կմ, բնակչության  թիվը, ըստ 2019 թվականի տվյալների, 78․400 մարդ։

«Վանաձոր» ՔԿՀ-ում 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել
 |hetq.am|

«Վանաձոր» ՔԿՀ-ում 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել |hetq.am|

hetq.am: Երեկվանից՝ փետրվարի 27-ից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառ նշվում է՝ պահման պայմանների ոչ բարվոք վիճակը: Դատապարտյալներն այդ քայլով պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց տարրական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հացադուլի շարժառիթներն այլ են: «Իրականում պահանջներն անօրինական են՝ բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը»,- ասում է Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը: Նշենք, որ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները 10 օր առաջ ևս հացադուլ էին հայտարարել: Ազատությունից զրկված անձինք դարձյալ դժգոհել են խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլ բաների վերաբերյալ: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
18:07 - 28 փետրվարի, 2024
Դատարանը ներգրավվել է իշխանության զավթմանը տեղական մակարդակում․ հայտարարություն

Դատարանը ներգրավվել է իշխանության զավթմանը տեղական մակարդակում․ հայտարարություն

Անկախ դիտորդ դաշինքը հանձինս՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի, Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ-ի, Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ-ի, Կանանց իրավունքների տուն ՀԿ-ի, տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․ «2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո արդեն գրեթե երկու տարի Վանաձոր համայնքը փաստացի չունի համայնքի ղեկավար, չնայած ունի ընտրված ավագանի: Պատճառն այն է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր վիճահարույց բողոքի քննությանը զուգահեռ, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից պահանջել էր արգելել Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու նպատակով նիստ գումարել, ինչը կատարվել է վարչական դատարանի որոշմամբ (ՎԴ/13416/05/21): Անկախ դիտորդն արդեն քանիցս արձանագրել է, որ այս հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման կոլեգիալ մարմնի գործունեությանը։ Ի դեպ, այս գործով դատավարությունը, որն ուղղակիորեն վերաբերում է ընտրություններին, դատավոր Հ․ Այվազյանը քննում էր ընտրական գործերի համար նախատեսված սեղմ ժամկետներում։ Նրա ինքնաբացարկ ներկայացնելուց հետո՝ գործը փոխանցվեց դատավոր Ա․ Ղազարյանին, ով այն քննում է սովորական ընթացակարգով՝ փաստացի անարդյունավետության հասցնելով ընտրական վեճի լուծումը։  2023թ․ սեպտեմբերի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության բողոքը, որով վիճարկվում էր Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կուսակցության հայցի մերժումը։ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի մերժման արդյունքում վերջնականապես ու անբեկանելիորեն ուժի մեջ են մտնում 2021թ․ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները:  ցՀՀ Վարչական դատարանը կիրառել էր վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցի ապահովման համակցված միջոց՝  որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը և դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը։ Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով, անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել: Այսպիսով՝ որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանման հայցի ապահովումը գործում է մինչև այդ ժամկետի լրանալը, որը կարող է որոշվել որևէ իրադարձության մատնանշմամբ, ինչն էլ անխուսափելիորեն վրա է հասնելու։ Այդ իրադարձության վրա հասնելու պարագայում հայցի ապահովումը վերանում է՝ առանց դրա վերաբերյալ դատարանի կողմից որոշման ընդունման։ Հակառակ տրամաբանությամբ՝ ժամանակավոր եզրույթը կիմաստազրկվեր, և դատարանի կողմից կիրառված ցանկացած հայցի ապահովում կվերանար միայն դատարանի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշման ընդունմամբ։ Ըստ այդմ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով ավագանու նիստերի նկատմամբ արգելանքը, որը հայցի ապահովման միջոց էր հանդիսանում, կորցնում է իր հիմքը և դադարում է գործել:  Սա նշանակում է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պիտի հրավիրեր ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով:   Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Հոդված 64-ի մաս 1.1-ի համաձայն՝ ավագանու նիստը օրենքի ուժով պիտի գումարվեր դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը: Համաձայն 69-րդ հոդվածի 2-րդ մասի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե Ընտրական օրենսգրքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում: Չնայած այս հոդվածը չի կարգավորում այն դեպքը, երբ ոչ թե ավագանու նիստի արդյունքում չի ընտրվում համայնքի ղեկավարը, այլ չի կայանում նիստը, կառավարությունը պետք է առաջնորդվեր այս հոդվածի կարգավորումներով՝ ելնելով անալոգիայի կիրառման սկզբունքից, որը բխում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասից: Չնայած վճռաբեկ դատարանի որոշումը կողմերին ուղարկվել է 2023թ. սեպտեմբերի 6-ին, ավագանու նիստը չի հրավիրվել, համայնքի ղեկավար չի ընտրվել, իսկ կառավարությունը վաղաժամկետ չի դադարեցրել ավագանու լիազորությունները և չի նշանակել նոր արտահերթ ընտրություններ:  Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ․ հոկտեմբերի 24-ին հարցում է ուղարկել ՀՀ Վարչապետին՝ պարզելու, թե ինչու ավագանու լիազորությունների դադարեցման գործընթացը չի մեկնարկել և ինչ է նախատեսվում իրականացնել։ ՀՀ Վարչապետին ուղարկված հարցումը վերահասցեագրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն իր հերթին  մեջբերում է Լոռու մարզպետարանի պատասխանը, որը նշում է, որ «գրությունը քննարկվել է Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ» և տեղեկացնում, որ «Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից բարձրացված հարցով հերթական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 30-ին»։  Այս մասին համայնքապետարանի աշխատակազմին նոյեմբերի 1-ին գրավոր տեղեկացրել է նաև Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Ուղղակի Ժողովրդավարություն կազմակերպությունը և  նոյեմբերի 28-ին ստացել պատասխան՝ նիստի հետաձգման մասին։ Ակնհայտ է, որ այդ նիստն անհրաժեշտ չէ ավագանու նիստերի արգելքի պահպանման կամ վերացման համար, քանի որ արգելքը վերացել է օրենքի ուժով։  Եթե անգամ ընդունենք արգելանքի ուժի մեջ լինելու մասին Վանաձորի համայնքապետարանի պատասխանի տրամաբանությունը, ապա համայնքի աշխատակազմը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այնուամենայնիվ պարտավոր էին միջոցներ ձեռնարկեին արգելանքի վերացման վերաբերյալ հստակ որոշումը ստանալու ուղղությամբ, ինչը ուղղակիորեն բխում է հանրային ծառայողի բարեխղճության սկզբունքից:   Ավելին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը ներկայացվել է 2023թ․ նոեմբերի 13-ին։ Հենց այդ նույն օրն էլ դատարանը որոշում է կայացրել, որ դատավորի «հերթական սեմինարների օրվա հետ» համընկնելու պատճառով 2023թ․ նոյեմբերի 30-ին նշանակված նիստը հետաձգվում է մինչև 2024թ․ ապրիլի 17-ը։ Վերոշարադրյալը հաշվի առնելով, հարկ է արձանագրել, որ մենք ականատես ենք դառնում ոչ թե ուղղակի անիրազեկվածության, այլ ակնհայտ, համակարգված անգործության, որի արդյունքում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարումը փաստացի զավթված է և դատական իշխանությունն անմիջական հանցակից է դրան։ Ավագանու կազմում ներկայացված խմբակցություններից յուրաքանչյուրը, որպես դատավարությունում ներգրավված երրորդ կողմ, հնարավորություն է ունեցել նախաձեռնել գործընթաց, որը կհանգեցներ նիստի կայանալուն և օրինականության վերականգմանը: Խմբակցությունները, ըստ ամենայնի, ավագանու նիստի անցկացումը  դիտարկում են միայն սեփական իրավունքի և ոչ թե համայնքի, ընտրողների առջև պարտականության իրացման տեսանկյունից։ Մինչդեռ տեղական ինքնակառավարման ձևավորումը և գործունեությունն առաջին հերթին համայնքի բնակիչների իրավունքն է և այս պահին այդ իրավունքը կոպտորեն ոտնահարվում է իրենց շահերից ելնելով անգործություն ցուցաբերող քաղաքական ուժերի և համայնքապետարանի կողմից»։
16:46 - 05 դեկտեմբերի, 2023
Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, ուղևորության տևողությունը՝ 1 ժամ 32 րոպե

Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը, ուղևորության տևողությունը՝ 1 ժամ 32 րոպե

Այսօրվանից գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզի աշխատակազմից: Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, պաշտոնատար այլ անձինք։ «Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո համատեղ քննարկումներից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն, կարծում եմ՝ կարևոր է թե՛ Շիրակի, թե՛ Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։ Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է: Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:
12:33 - 01 սեպտեմբերի, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։ Այս մասին ասվում է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, որում նաև նշվում է, որ մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, ընդգծում են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։ «Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել այն մասին, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն արգելվել է՝ պատճառաբանելով, որ «կխանգարեն մյուսների հանգիստը»։  Ավելի ուշ քաղաքացին ուղղեց գրառումը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «Ջրաշխարհում», այլ «Ակվատեկում»։  ՄԻՊ-ը հայտնեց, որ Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար: Նշենք նաև, որ մինչ քաղաքացու՝ գրառումը ուղղելը, «Ջրաշխարհը» դեպքի վերաբերյալ պարզաբանում էր տարածել։ 
13:18 - 07 օգոստոսի, 2023
Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը արգելվել էր Ակվատեկում․ քաղաքացին ուղղել է իր գրառումը

Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը արգելվել էր Ակվատեկում․ քաղաքացին ուղղել է իր գրառումը

Ոչ թե «Ջրաշխարհում», այլ «Ակվատեկում» է արգելվել Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը։ Լուրը տարածած քաղաքացին ուղղել է իր գրառումը՝ նշելով՝ չի իմացել, որ դրանք տարբեր են։  Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել այն մասին, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն արգելվել է՝ պատճառաբանելով, որ «կխանգարեն մյուսների հանգիստը»։  Ավելի ուշ ՄԻՊ-ը հայտնեց, որ Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար: Նշենք նաև, որ մինչ քաղաքացու՝ գրառումը ուղղելը, «Ջրաշխարհը» դեպքի վերաբերյալ պարզաբանում էր տարածել։ 
12:13 - 07 օգոստոսի, 2023
Վանաձորում առկա է քաղաքական և կառավարչական ճգնաժամ. ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավարը առաջարկում է անցկացնել նոր ընտրություններ

Վանաձորում առկա է քաղաքական և կառավարչական ճգնաժամ. ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավարը առաջարկում է անցկացնել նոր ընտրություններ

Արդեն շուրջ մեկ տարի է ինչ Վանաձոր համայնքը չունի ձևավորված տեղական ինքնառավարական մարմին, քանի որ վանաձորցիների կողմից ամենաշատ ձայներ ստացած խմբակցության ղեկավարը քաղաքական հետապնդման հետևանքով անազատության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը: «Սա անհանդուրժելի հարձակում է բոլոր վանաձորցիների ազատ կամքի և առհասարակ ժողովրդավարության նկատմամբ։ Այս ապօրինության հետևանքով տևական ժամանակ է, ինչ Վանաձորում առկա է քաղաքական և կառավարչական ճգնաժամ։ Հարցը հասել է նրան, որ Վանաձորն այսօր կանգնած է համայնքի բյուջեն հաստատելու խնդրի առաջ, որպեսզի հնարավոր լինի կատարել համայնքի բնակիչների կենցաղի սպասարկման հետ կապված տարրական ծախսեր և ընդհանուր առմամբ՝ ապահովել համայնքի բնականոն կենսագործունեությունը։ Մյուս կողմից, այս ճգնաժամից դուրս գալու գինը չի կարող լինել վանաձորցիների կողմից չընտրված քաղաքապետի պաշտոնավարումը։ Նման օրենսդրական հնարավորությունը առհասարակ պետք է բացառվի։ Բոլորը պետք է հասկանան և իրենց ականջին օղ անեն. վանաձորցու քվեն և վստահությունը սակարկման ենթակա չեն։ Միայն Վանաձոր համայնքի բնակիչը կարող է որոշել, թե ով պետք է կառավարի մեր սիրելի համայնքը հաջորդ 5 տարիների ընթացքում։ Հարց է առաջանում, թե ինչ կարելի է անել այսպիսի անելաների թվացող իրավիճակում, երբ մի կողմից խնդիր ունենք փրկել համայնքը կաթվածահար լինելուց, իսկ մյուս կողմից՝ թույլ չտալ, որ վանաձորցու քվեն գողացվի, իսկ քաղաքապետի պաշտոնը դառնա նշանակովի։ Մշտապես վանաձորցու նկատմամբ լինելով ազնիվ և նպատակ ունենալով արդարացնել «Հայրենիք» խմբակցությանը և անձամբ ինձ ընտրողների տված վստահությունը՝ գտնում ենք, որ անգամ այսպիսի դժվարին իրավիճակում քաղաքական ուժը պարտավոր է առաջարկել հստակ լուծումներ։ Այսպիսով, որպես գերակայություն ընդունելով վանաձորցու ազատ կամքի արտահայտման իրավունքը և իր քվեով համայնքային իշխանություն ձևավորելու իրական հնարավորությունը, ինչպես նաև արժևորելով Վանաձոր համայնքի յուրաքանչյուր բնակչի արժանապատիվ կենցաղը ապահովելու անհրաժեշտությունը՝ Վանաձոր համայնքի խմբակցություններին և ավագանու յուրաքանչյուր անդամի առաջարկում ենք՝ - առաջին քայլով ընդունել համատեղ որոշում օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին, որը հրապարակելուց հետո - երկրորդ քայլով համատեղ քվեարկել Վանաձոր համայնքի բյուջեն հաստատելու օգտին»,- գրել է նա:
11:22 - 09 դեկտեմբերի, 2022
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա

Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի մոտ 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1947 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկնելով երկաթգծի վրա՝ բախվել բեռնատար գնացքին: Դեպքի վայրում հայտնաբերվել են վարորդի և երեք կնոջ դիերը (ինքնությունը չի հաջողվել պարզել)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոմեքենայի մասնատման աշխատանքներ, դուրս բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
10:53 - 19 նոյեմբերի, 2022
Շմոլ գազից թունավորմամբ Վանաձորի բժշկական կենտրոն են ընդունվել 1 և 2,5 տարեկան երեխաներ. վիճակները բարելավվել է

Շմոլ գազից թունավորմամբ Վանաձորի բժշկական կենտրոն են ընդունվել 1 և 2,5 տարեկան երեխաներ. վիճակները բարելավվել է

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 22:40-ին շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն ընտանիքի 2 երեխաներ՝ 1 եւ 2.5 տարեկան՝ շմոլ գազից թունավորմամբ: Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընդունելու պահին ամենափոքրի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Վանաձորի բժշկական կենտրոնում՝ մարզի գլխավոր մանկաբույժ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Իշխան Անտոնյանի կողմից կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտություններ, փոքրիկների վիճակը բարելավվել է: Այսօր առավոտյան երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից: Պարզվել է՝ երեխաները թունավորվել են տանը, շմոլ գազից: ԲԿ-ն մեկ անգամ եւս հորդորում է ազգաբնակչությանը՝ տարվա հատկապես այս շրջանում խստորեն պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները:
13:52 - 09 նոյեմբերի, 2022
Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված հողամասի նկատմամբ

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված հողամասի նկատմամբ

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության  հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք։ Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։  «Ս. Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:   Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ համայնքի ղեկավար Ս. Դարբինյանը, անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) սահմանող Հողային օրենսգրքի ցանկը և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։ Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ղեկավարը  ստորագրությամբ վավերացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված պաշտոնական, բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթը, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, որի հիման վրա 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը: Այնուհետև, ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը,  առանց լիազոր մարմնի համաձայնության, փոխելու հանգամանքը, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս. Վարդերեսյանը: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է  համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա հողամասը 403.770 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Վարդերեսյանին, և գրանցվել սեփականության իրավունքը: Այսպիսով, Վանաձոր համայնքին պատճառվել է էական վնաս, ամայնքը զրկվել է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:   Նշված արարքները կատարելու համար Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիման վրա Ս.Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և  պաշտոնեական կեղծիք կատարելու համար (գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մաս):  Նկատի ունենալով, որ վերը նշված հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքն առաջացել է հանցագործության կատարման արդյունքում՝ գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:28 - 24 սեպտեմբերի, 2022
Գյուղացիները փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը, վարչապետը հանձնարարեց կարգավորել հուզող հարցերը
 |azatutyun.am|

Գյուղացիները փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը, վարչապետը հանձնարարեց կարգավորել հուզող հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր բեռնատար ունեցող գյուղացիները Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհն էին փակել։ Ցորենը դաշտում է մնացել ու գազալցակայաններում հրաժարվում են լիցքավորել իրենց բեռնատարները, թե գազաբալոններն ստուգված լինելու մասին վկայագիր չունեք։ «Էստեղ անվտանգության խնդիրը չի գնում, մենք վաղուց համոզվել ենք, որ ոչ մեկ մեր ժողովրդի անվտանգության համար չի մտածում, դա ժողովրդին տուպիկ տալու ձև ա, մեկը բալոն ա ներկրել, էդ բալոնները պիտի փոխեն: Ոչ մեկը չի հարցնում՝ խոտը դաշտում ա մնացել», - ասաց հավաքվածներից մեկը: Գյուղացիները նշում են, որ բեռնատարների վրա երեք և ավելի գազաբալոն են տեղադրում, որոնք հիմնականում հին արտադրության են։ Հունձի սեզոնին մինչև կես միլիոն դրամի ծախսի տակ են ընկնում բոլոր այդ բալոնները փոխելու համար։ Ավելին, լիցենզավորման կայաններում հրաժարվում են նույնիսկ ստուգել՝ իրենց արդեն ժամկետանց բալոնները օգտագործելի՞ են, թե՞ ոչ։ Այս տարվա փետրվարին ընդունված օրենքով այսօրվանից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։ Նաև գազաբալոնների արտադրության ժամկետների սահմանափակումներ կան։ Վարորդները դժգոհում են լիցենզավորման կայանների երկար հերթերից։ Լոռու մարզի միակ կայանը Սպիտակ քաղաքում է։ Ամբողջ մարզի գազով լիցքավորվող մեքենաներն ստիպված են այս միակ կայանում ստուգում անցնել։ Ընդ որում, դրանից օգտվելով կայանները բարձրացնում են գները։ Վարորդներն օրինակ են բերում՝ Գյումրիում գազաբալոն ստուգելն արժե 9000 դրամ, Սպիտակում՝ 15-18000 դրամ։ «Տվյալ պահին մարդիկ մինչև դեկտեմբերի քանիսը գրանցման մեջ են, հերթի մեջ», - նշեց հավաքվածներից մեկը: Քիչ անց բողոքի դուրս եկած գյուղացիները լուր ստացան, որ վարչապետ Փաշինյանն անցնելու է իրենց փակած ճանապարհով։ Համաձայնեցին բացել ճանապարհը՝ պայմանով, որ երկրի ղեկավարը հանդիպի իրենց, անձամբ լսի դժգոհություններն ու լուծում տա դրանց։ Վարչապետը եկավ, լսեց ու հենց տեղից զանգեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին։ Հանձնարարեց՝ ժամկետանց գազաբալոնները թույլատրել ստուգում անցկացնել, եթե դրանք ի վիճակի են շահագործման, վկայագիր տալ։ Խոստացավ միջոցներ ձեռնարկել ավելացնելու լիցենզավորման կայաններն ու հնարավորություն ստեղծել օնլայն հարթակում հերթագրվել ու սպասել հերթի։ Վարչապետը նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ զարմացավ, որ մինչև հիմա չկա նման հնարավորություն և վարորդներն ստիպված են հերթագրվելու համար հասնել իրենցից բավականաչափ հեռու գտնվող կայաններ։ «Էլեկտրոնայինի ամբողջ իմաստն այն է, որ որտեղից ուզում է, թող մտնի հերթագրվի: Ապահովեք, թող մարդիկ առանց ֆիզիկապես գնալու հերթագրվեն, էլեկտրոնային շտեմարաններում իրանց տվյալները լինի, գնան լիցքավորվեն իրենց գործ անեն, մինչև իրանց հերթը կգա», - ասաց վարչապետը:
16:50 - 01 օգոստոսի, 2022
Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են բժշկական կենտրոն

Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են բժշկական կենտրոն

Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Հիշեցնենք, որ Ասլանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին, այնուհետև՝ կալանավորվել:  Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 309-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին), 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
13:52 - 27 հուլիսի, 2022
Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ
 |hetq.am|

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ |hetq.am|

hetq.am: Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ, քվորում չապահովվեց: Նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությwun (ՀԱՍԿ) և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: Ներկա էր ավագանու 15 անդամ, քվորումի համար հարկավոր է ավագանու 17 անդամի ներկայություն: Ինչպես նախորդ նիստում, այնպես էլ այսօր օրակարգում ներառված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը: Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ՀԱՍԿ-ի ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանին նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս հայտնի է իր քրեական անցյալով: Ընտրություններին նրա օգտին քվեարկել էր 4809 քաղաքացի: Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն: Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
13:52 - 06 հուլիսի, 2022
Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Հուլիսի 3-ին՝ ժամը 20:04-ին, սնկային թունավորումով «Վանաձորի բժշկական կենտրոն» են տեղափոխվել մարզկենտրոնի թաղամասերից մեկի 5 հոգանոց ընտանիք, որից 3-ը՝ երեխաներ: Ընդունման պահին վիճակները գնահատվել է ծանր: Այս մասին հայտնում են «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հիվանդները անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Հաղորդագրության համաձայն՝ կատարվել է ստամոքսի լվացում, դեզինտոկսիկացիոն անհրաժեշտ միջոցառումներ: Վիճակները ներկայումս գնահատվում է կայուն բավարար, շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում: Տատիկը բժիշկներին հայտնել է, որ ինքն է գնել սունկը շուկայից: Սնկային թունավորման մյուս դեպքը գրանցվել է շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին: Ժամը 18:40-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» տեղափոխված 63-ամյա կինը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: ԲԿ-ն մեկ անգամ ևս  կոչ է անում ազգաբնակչությանը՝ չգնել եւ չօգտագործել անհայտ ծագման սունկ, իսկ ինքազգացողության վատացման առաջին իսկ նշանների դեպքում անմիջապես զանգահարել շտապօգնություն կամ դիմել հիվանդանոց:
12:35 - 04 հուլիսի, 2022
Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել

Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել

Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել շատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակն առաջնորդող Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել։  Հիշեցնենք, որ Ասլանյանը 2021 թ․ դեկտեմբերի 15-ին ձերբակալվել և որպես մեղադրյալ է ներգրավվել, ըստ ՔԿ-ի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար։ Նա կալանավորվել է 2021-ի դեկտեմբերի 16-ին։ Այս տարվա հունիսի 13-ին էլ ՀՀ վարչապետի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը։ ԱԺ ընդունած նոր օրենքով մինչև համայնքի նոր ղեկավար ընտրվելը վարչապետը ավագանու անդամներից կարող է նշանակել պաշտոնակատար: Ըստ ընդդիմադիրների՝ այս օրենքի ընդունումը հենց Վանաձորի նախկին ղեկավարից՝ Մամիկոն Ասլանյանից ձերբազատվելու համար էր: Ասլանյանի հայտարարությունը վերաբերում է հունիսի 23-ին հրավիրված Վանաձորի ավագանու նիստին, որը, սակայն, չէր կայացել քվորման բացակայության պատճառով։  Ասլանյանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ. Համբերությամբ լցված սպասեցինք, որպեսզի որոշակիորեն հանդարտվի նախորդ օրերի 2,5 միլիարդանոց «օճառային օպերան», որ հասկանանք, թե մեղադրող կողմերի դրամատիկ ցինիզմի աստիճանն ինչ չափերի է հասնում: Փորձենք պարզաբանել անպարզաբանելին... Վերջերս, Վանաձորում «համայնքանպաստ» աննախադեպ հռետորաբանությամբ ավագանու նիստի հրավերք էին իրազեկել։ Դա այն դեպքում, երբ նախորդ ողջ ընթացքում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կողմից նախաձեռնած նույնաբովանդակ նիստերի կազմակերպումը մերժվել էր անհասկանալի պարզաբանումներով: Նաև, փաստաթղթային տարբերակով, քաղաքապետարանը «հիմնավորել» էր մերժումը՝ նիստի գումարումը համարելով անօրինական, քանի որ մեր քաղաքին ու Հանրապետությանը հայտնի մի գործչի հատուցանելի (утром жалоба-вечером должность) ծառայությունների դիմաց դատարանը արգելանք էր դրել նիստեր անցկացնելու վրա: Դեռ ավելին, կողպվել էին նիստերի դահլիճի դռները, որպեսզի ավագանու անդամների մուտքը սահմանափակվի։ Եթե նիստերի անցկացումը թույլատրվեր, ապա համայնքը կձևավորվեր, կունենար համայնքի ղեկավար, իսկ բյուջեն կհաստատվեր դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին: Իրավական առումով ոչինչ չի փոխվել, հետևաբար ի՞նչ սկզբունքով կամ ի՞նչ անսկզբունքայնությամբ էր նիստ գումարվելու. առաջին հայացքից հասկանալի չի, մանավանդ, մեծ ծրագրեր պլանավորելու համար արդեն բավականին ուշ է, նույնիսկ իրերի հաջող ընթացքի պարագայում ծրագրերի իրականացումը ֆինանսական և օրացույցային այս տարում բացառված է (ծրագրերի հաստատում, նախագծա-նախահաշվային աշխատանքներ, մրցույթներ, աշխատանքների իրականացում), հետո էլ այդ թմբկահարվող գումարի կեսից ավելին համայնքի ներդրման չափն է: Այդ գումարը համայնքից ոչ ոք չի կարող տանել և այդ գումարը ենթակա է տնօրինման համայնքի կողմից, համայնքի կարիքների համար: Եվ ուրեմն, այդ գումարը ոչ մի տեղ չի կորչում: Ի դեպ՝ այդ գումարն արգասինքն է մեր նախորդ տարիների աշխատանքի, իսկ մյուս մասը կառավարության ենթադրվելիք ներդրման չափն է, որը ևս ցանկության դեպքում չի կորչում։ Սա նիստի չկայացումը (ոչ մեր մեղքով ու պատճառով) որպես մահազդ ներկայացնողների համար։ Նշենք նաև, որ բացի Մամիկոն Ասլանյանին ապօրինաբար կալանքի տակ պահելուց, ավագանու նիստերի վրա ապօրինի (հայտնի գործարքի դիմաց) արգելանքներ դնելուց՝ նախորդ ամիսներին նաև օրենքների մեջ խայտառակ փոփոխություններ են կատարվել, որոնցով, ապօրինաբար, ավագանուն շրջանցելով, ընտրական պրոցեսները ոտնահարելով, իշխանությունները կոպտորեն միջամտել են ՏԻՄ աշխատանքներին և փորձել են ձևավորել անօրինական իշխանություն։ Այս ողջ ընթացքում քաղաքը մատնված էր անտերության և անիշխանության, և հիմա ոմանք հիշել են, որ կա խնդիր, կա ավագանու ինստիտուտ, որ կարևոր գործառույթ ունի իրականացնելու։ Այժմ որոշ հին ու նոր, գունագեղ ու լուսատու «քաղաքասերներ», տարբեր ժամանակաշրջաններում «սատանայի փաստաբանի» դերը ստանձնած, այժմ մարող աստղերի շարքերից դեռևս կենդանության թույլ նշաններ ցույց տվող «ազնվության» դրոշակակիրներ, մի քանի չկողմնորոշվող կոչնակներ ու ուղղակի մոլորյալ քաղաքացիներ հիշել էին, որ քաղաքը սիրել է պետք ու հատուկ հանձնարարությամբ, «մատաղի» տեքստեր բաժանելով, ստանձնել էին համայնքի նկատմամբ սեր ձոնելու անփառունակ «սազանդարությունը» և գավառական շանտաժի դիմելու զավեշտալի գործելաոճը, իսկ մի այլ կացնային (топорный) թևով էլ ավագանու անդամներին էին հրավիրում պետական «դռներ», ահաբեկում ու սպառնում, թե եկեք նիստի, այլապես վատ է լինելու։ Այս նույն մարդիկ ու «մարդուհիները» ամիսներ շարունակ պահպանել են մեռելային լռություն և ականջալուր չեն եղել տեղի ունեցող սանձարձակություններին, ոմանք նաև ակտիվ դերակատարում են ունեցել մարդ «բռնել տալու» ստոր գործի և իշխանազավթման փորձի մեջ։ Այս արարի միակ սփոփիչ բաղադրիչն այն էր, որ Մամիկոն Ասլանյանին չէին սպառնացել, որ եթե նիստի չգա, վատ է լինելու... Ահաբեկիչներին, սպառնացողներին և իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում խելոք մնալ, արտահայտություններում լինել զուսպ, այլապես արտահայտչամիջոցների նկատմամբ հնարավոր են նաև վիրահատական ու գռեհիկ միջամտություններ, իսկ ավելի ցինիկներին հիշեցնենք, որ գանգատուփի մեջ տեղադրված ամեն պարունակություն ուղեղ չէ, իսկ լեզվի ամեն դայլայլ էլ հոդաբաշխ խոսք չէ։ Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, սնվեք, քայլեք, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին։ Փաստորեն, իրենք քաղաքը տանեն կոլապսի, ավագանու նիստերի վրա արգելանք դնեն, մարդ կալանավորեն, պատանդի պես պահեն, հիմա կոկորդ պատռելով այլո՞ց մեղադրեն ապօրինի նիստին չգալու և քաղաքը չշենացնելու մեջ: Մենք մեր քաղաքի ու համայնքի նկատմամբ միշտ եղել ենք պատասխանատու և մեր գործողություններով երբեք քաղաքի շահը չենք ստորադասել ոչ անձնական և, առավել ևս, ոչ էլ քաղաքական շահերին։ Չձևավորված համայնքում ի՞նչ բյուջե էին ընդունում, ի՞նչ համամասնությամբ, ի՞նչ առաջնահերթությամբ, կամ ընդհանրապես ինչպե՞ս է հիմա կոչվում կամ անվանվում գոյություն չունեցող համայնքը։ Կամ բյուջե հաստատելն այս պահին ի՞նչ կապ ուներ ապագայի սուբվենցիոն ծրագրերի հետ։ Մի՞թե կարելի է նման էժանագին մեթոդներով մարդկանց մոլորության մեջ դնել, խաբել, անարցունք լացել` բա էկեք-հասեք, նիստ արեք, այլապես կորած ենք... Այսինքն, սերը համայնքի նկատմամբ ոչ թե նախորդ տարիներին կատարված աշխատանքներն ու բազմաթիվ ծրագրերն են, ոչ թե ժովովրդի տված վստահության քվեն իրացնելն է, այլ մեր ու համայնքի նկատմամբ իրականացվող իրավական ահաբեկչությանը սատարելն ու մեր ձեռքերով մեր համաքաղաքացիների ընտրական իրավունքից բացահայտ զրկելն է։ Եվ որքանո՞վ է բարոյական համայնքի ղեկավարի թեկնածուին ապօրինի կալանավորել, թույլ չտալ նրա ընտրությունը ավագանիում, ավագանու նիստերն ապօրինի արգելել ու նրա թիմակիցներին հրավիրել դե յուրե այդ խայտառակությանը մասնակից դառնալու, դրանով նաև վաստակաշատ մարդկանց, ավագանիներին անվանարկել, պախարակել, պիտակավորել, դեռ ներկայացման անունն էլ դնել «սուբվենցիա՝ հանուն քաղաքի փրկության»: Այս նույն քարոզիչները գուցե հաշվեն, թե անցնող մի քանի ամիսներին համայնքն ի՜նչ վնասներ է կրել, ի՜նչ ծրագրեր չեն իրականացվել, ի՜նչ գումարներ չեն հավաքագրվել, ինչու՞ խոշորացված համայնքը չի ձևավորվել, ինչու՞ համայնքը բյուջե չունի, ինչու՞ են անցյալ տարվանից կիսատ ծրագրեր մնացել, այդ ու՞մ կառավարման ժամանակաշրջանի տնտեսած միջոցներով են այսօր ներդրում անում և ի՞նչ գումարների մասին է խոսքը, որով պիտի ծրագրեր իրականացվեին... Վերջապես, ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու հանրապետության երրորդ քաղաքը անիշխանության մատնելու, խոշորացված համայնքի կայացումը վիժեցնելու համար։ Այս ենթադրյալ նիստի բուն նպատակը անցած ապօրինությունները լեգիտիմացնելն էր ու մնացած ավագանիներին նվաստացնելով ներքաշելը այդ գործընթացների մեջ. այլ պատճառաբանություններն առնվազն անտրամաբանական ու ոչ օրինական են։ Մամիկոն Ասլանյան դաշինքը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ քանի դեռ համայնքում վերականգնված չեն սահմանադրական, իրավական պրոցեսները, քանի դեռ կանգ չի առել Վանաձորի զավթման արշավանքը, Չի՛ մասնակցելու հակաօրինական որևէ միջոցառման, այդ թվում` անհասկանալի նիստերի, անորոշ քննարկումների և ընդամենը ականջին հաճելի բեմականացումների։ Երբ ամեն բան կընթանա օրենքի, ընտրական իրավունքի իրացման տրամաբանության մեջ, դաշինքը ամեն բան կանի համայնքի ներսում համերաշխության, հանդուրժողականության խաթարված մթնոլորտը վերականգնելու համար, ներողամտորեն, հանուն համայնքի, կշարունակի իրականացնել իր կողմից խոստացված ծրագրերը։ Վանաձորում և ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային, իրավապաշտպան, դիվանագիտական կազմակերպություններին և ընդհանրապես օրինապաշտ քաղաքացիներին կոչ ենք անում ցանկացած ձևաչափում բարձրացնել այս աղաղակող երևույթների մասին` հանուն մեր համայնքի և երկրի իրավական անվտանգության, հանուն օրենքի ու սահմանադրականության։ Երկար ստացվեց, բայց ստիպված էինք»։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:02 - 25 հունիսի, 2022